Սեղմել Esc փակելու համար:
2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-ԻՆ ՍՏՈՐԱԳՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` «ԵՎՐԱՍԻԱ ...

 

 

i

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ

 

2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` «ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Քաղ. Երևան 19 մայիսի 2020 թ.

 

Սահմանադրական դատարանը` կազմով. Հ. Թովմասյանի (նախագահող), Ա. Գյուլումյանի, Ա. Դիլանյանի, Ֆ. Թոխյանի, Ա. Թունյանի, Ա. Խաչատրյանի (զեկուցող), Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի,

մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)`

Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ս. Սաիյանի,

համաձայն Սահմանադրության 168-րդ հոդվածի 3-րդ կետի, 169-րդ հոդվածի 3-րդ մասի, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 23, 40 և 74-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2019 թվականի դեկտեմբերի 20-ին ստորագրված «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների աշխատողների կենսաթոշակային ապահովության մասին» համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Հայաստանի Հանրապետության կառավարությունն իր` 2020 թվականի մարտի 26-ի N 407-Ա որոշմամբ 2019 թվականի դեկտեմբերի 20-ին ստորագրված «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների աշխատողների կենսաթոշակային ապահովության մասին» համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու նպատակով դիմել է Սահմանադրական դատարան: Հիշյալ որոշումը Հայաստանի Հանրապետության վարչապետը Սահմանադրական դատարան է ներկայացրել 2020 թվականի ապրիլի 6-ին:

Գործի քննության առիթը Հայաստանի Հանրապետության կառավարության` 2020 թվականի ապրիլի 6-ին Սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է:

Ուսումնասիրելով սույն գործով Կառավարության ներկայացուցչի գրավոր բացատրությունը, հետազոտելով համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը` Սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

1. «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների աշխատողների կենսաթոշակային ապահովության մասին» համաձայնագիրը (այսուհետ` Համաձայնագիր) ստորագրվել է 2019 թվականի դեկտեմբերի 20-ին Սանկտ Պետերբուրգում` հիմնվելով 2014 թվականի մայիսի 29-ի «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի վրա և ղեկավարվելով կենսաթոշակային ապահովության բնագավառում Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների քաղաքացիների իրավունքներին առնչվող հարաբերությունները կարգավորելու ձգտումով:

2. Համաձայնագիրը կիրառվում է աշխատողների և նրանց ընտանիքի անդամների նկատմամբ և տարածվում է Համաձայնագրի 2-րդ հոդվածի 2-րդ կետում նշված կենսաթոշակների վրա, ընդ որում` պարտադիր կուտակային կենսաթոշակը Հայաստանի Հանրապետությունում նշանակվում և վճարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան (հոդվ. 2, կետեր 1, 2):

Համաձայնագիրը կիրառվում է նաև կենսաթոշակային ապահովության մասին օրենսդրությամբ կարգավորվող հարաբերությունների նկատմամբ, որը փոփոխում և (կամ) լրացնում է Համաձայնագրի 2-րդ հոդվածի 2-րդ կետում նշված դրույթները և չի հակասում Համաձայնագրի նորմերին (հոդվ. 2, կետ 4):

3. Համաձայնագրով նախատեսված է, որ աշխատողների կենսաթոշակային իրավունքների ձևավորումն իրականացվում է կենսաթոշակային վճարների հաշվին` աշխատանքի տեղավորման պետության քաղաքացիների կենսաթոշակային իրավունքների ձևավորման նույն պայմաններով և նույն կարգով (հոդվ. 3, կետ 1):

4. Ըստ Համաձայնագրի` կենսաթոշակի չափերը չեն կարող նվազեցվել, դրանց վճարումը չի կարող կասեցվել կամ դադարեցվել աշխատողի (ընտանիքի անդամի) բնակության վայրը Եվրասիական տնտեսական միության մյուս անդամ պետության տարածքում գտնվելու հիմքով, եթե Համաձայնագրով այլ բան սահմանված չէ (հոդվ. 4, կետ 2):

5. Համաձայնագրով նախատեսվում է, որ աշխատողի մահվան դեպքում ընտանիքի անդամն ունի կենսաթոշակի իրավունք` Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների օրենսդրության համապատասխան (հոդվ. 5, կետ 1): Միաժամանակ, Համաձայնագրի 5-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանվում է, որ կենսաթոշակի իրավունքը որոշելիս, որի չափը, ըստ կենսաթոշակը նշանակող պետության օրենսդրության, կախված է ընտանիքի անդամների թվից, հաշվի են առնվում ընտանիքի բոլոր անդամները:

6. Ըստ Համաձայնագրի` յուրաքանչյուր անդամ պետություն կենսաթոշակի իրավունքը որոշում է իր օրենսդրության համապատասխան` ելնելով իր տարածքում կուտակած աշխատանքային ստաժից: Ընդ որում` եթե Եվրասիական տնտեսական միության մի անդամ պետության տարածքում կուտակած աշխատանքային ստաժը բավարար չէ կենսաթոշակի իրավունքի ծագման համար, ապա հաշվի է առնվում մյուս անդամ պետությունների տարածքներում այդ անդամ պետությունների օրենսդրության համապատասխան կուտակած աշխատանքային ստաժը, բացառությամբ այն դեպքերի, երբ նման ստաժը ժամանակի առումով համընկնում է (հոդվ. 7, կետեր 1, 2):

7. Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունը` փոխադարձության հիման վրա ստանձնում է հետևյալ պարտավորությունները.

- որպես աշխատանքի տեղավորման պետություն` երաշխավորել, որ աշխատողներին (ընտանիքի անդամներին) կենսաթոշակի նշանակման և վճարման իրավունքի իրացումը կիրականացվի Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար կիրառվող նույն պայմաններով (հոդվ. 3, կետ 2),

- որպես բնակության պետություն կամ աշխատանքի տեղավորման պետություն` երաշխավորել կենսաթոշակի նշանակման և վճարման համար Հայաստանի Հանրապետության իրավասու մարմին դիմելու աշխատողի (ընտանիքի անդամի) իրավունքը (հոդվ. 3, կետ 3, մաս 1),

- երաշխավորել, որ կենսաթոշակային ապահովության նպատակով դիմումը և մյուս փաստաթղթերը Հայաստանի Հանրապետության իրավասու մարմին ներկայացնելու ամսաթիվը համարվի դրանք Եվրասիական տնտեսական միության այլ անդամ պետության իրավասու մարմին ներկայացնելու ամսաթիվ (հոդվ. 3, կետ 3, մաս 2),

- եթե Համաձայնագրով այլ բան սահմանված չէ, ապա աշխատողին (ընտանիքի անդամին) կենսաթոշակ նշանակելը և վճարելը չմերժել` բնակության վայրը մյուս անդամ պետության տարածքում գտնվելու հիմքով (հոդվ. 3, կետ 4),

- ապահովել, որ Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինը կենսաթոշակները վճարի նաև աշխատողի (ընտանիքի անդամի)` Եվրասիական տնտեսական միության այլ անդամ պետության տարածքում բնակվելու դեպքում (հոդվ. 4, կետ 1, մաս 1),

- երաշխավորել աշխատողի (ընտանիքի անդամի) բնակության պետության կամ կենսաթոշակը նշանակած պետության տարածքում կենսաթոշակ ստանալու իրավունքը (հոդվ. 4, կետ 1, մաս 2),

- ապահովել հիմնական կենսաթոշակի` որպես աշխատանքային կենսաթոշակի մաս, և կենսաթոշակներին տրվող հավելումների վճարումը միայն աշխատողի` Հայաստանի Հանրապետության տարածքում բնակվելու դեպքում (հոդվ. 4, կետ 4, ենթակետ 1),

- Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված հավելավճարները և մյուս վճարումները սահմանելիս հաշվի առնել Եվրասիական տնտեսական միության մյուս անդամ պետություններում աշխատողին (ընտանիքի անդամին) նշանակված կենսաթոշակները (հոդվ. 4, կետ 5),

- երաշխավորել աշխատողի մահվան դեպքում ընտանիքի անդամի կենսաթոշակի իրավունքը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան (հոդվ. 5, կետ 1),

- ապահովել, որ աշխատողի (ընտանիքի անդամի) կենսաթոշակի իրավունքի ծագման դեպքում, հաշվի առնելով Համաձայնագրի դրույթները, կենսաթոշակը նշանակի Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինը` Հայաստանի Հանրապետության օրենսդրության համապատասխան, անկախ Եվրասիական տնտեսական միության մյուս անդամ պետության օրենսդրության համաձայն այդ աշխատողի (ընտանիքի անդամի) կենսաթոշակի իրավունքն առաջանալու օրվանից (հոդվ. 6, կետ 2),

- եթե Հայաստանի Հանրապետության տարածքում կուտակած աշխատանքային ստաժը բավարար չէ կենսաթոշակի իրավունքի ծագման համար, ապա ապահովել, որ հաշվի առնվի Եվրասիական տնտեսական միության մյուս անդամ պետությունների տարածքներում և այդ պետությունների օրենսդրության համապատասխան կուտակած աշխատանքային ստաժը` բացառությամբ այն դեպքերի, երբ նման ստաժը ժամանակի առումով համընկնում է (հոդվ. 7, կետ 2),

- հաշվարկել կենսաթոշակի չափը` ելնելով Հայաստանի Հանրապետության օրենսդրության համապատասխան ձեռք բերված կենսաթոշակային իրավունքներից և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` հաշվի առնելով Համաձայնագրի դրույթները (հոդվ. 8),

- հաշմանդամություն սահմանելու նպատակով աշխատողի (ընտանիքի անդամի) բժշկական զննումն իրականացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրության համապատասխան, եթե նրա բնակության վայրը Հայաստանի Հանրապետությունն է (հոդվ. 9, կետ 1),

- ապահովել, որ Հայաստանի Հանրապետության լիազորված մարմինը Եվրասիական տնտեսական միության մյուս անդամ պետությունների լիազորված մարմիններին տեղեկացնի Հայաստանի Հանրապետության օրենսդրության մեջ կատարված` Համաձայնագրի կիրառության ոլորտին առնչվող բոլոր փոփոխությունների մասին (հոդվ. 10, կետ 2),

- ապահովել, որ Հայաստանի Հանրապետության լիազորված մարմինը և իրավասու մարմինը անհատույց հիմունքներով փոխգործակցեն Եվրասիական տնտեսական միության մյուս անդամ պետությունների լիազորված մարմինների և իրավասու մարմինների հետ (այդ թվում` Եվրասիական տնտեսական միության ինտեգրված տեղեկատվական համակարգի օգտագործմամբ) Համաձայնագրի իրագործմանն առնչվող հարցերով (հոդվ. 10, կետ 3, մաս 1),

- ապահովել, որ Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինը փոխգործակցի և Եվրասիական տնտեսական միության մյուս անդամ պետությունների իրավասու մարմիններին տեղեկացնի այն հանգամանքների մասին, որոնք հանգեցնում են կենսաթոշակի չափի փոփոխման կամ դրա վճարման դադարեցման (հոդվ. 10, կետ 4),

- երաշխավորել, որ Համաձայնագրի իրագործման շրջանակներում փոխանցված անձնական տվյալները հանդիսանան սահմանափակ տարածման (կոնֆիդենցիալ) տեղեկություններ (հոդվ. 11, մաս 1) և այլ պարտավորություններ:

8. Սահմանադրական դատարանը նաև արձանագրում է, որ Համաձայնագրով Հայաստանի Հանրապետության կողմից ստանձնված պարտավորությունները համահունչ են Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 13-րդ հոդվածով ամրագրված` միջազգային իրավունքի հիման վրա բոլոր պետությունների հետ բարիդրացիական, փոխշահավետ հարաբերությունների հաստատմանն ուղղված Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության իրականացման նպատակներին:

i

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Սահմանադրության 168-րդ հոդվածի 3-րդ կետով, 170-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 63, 64 և 74-րդ հոդվածներով` Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

1. 2019 թվականի դեկտեմբերի 20-ին ստորագրված «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների աշխատողների կենսաթոշակային ապահովության մասին» համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Սահմանադրությանը:

i

2. Սահմանադրության 170-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

    ՆԱԽԱԳԱՀՈՂ                              Հ. ԹՈՎՄԱՍՅԱՆ

 

19 մայիսի 2020 թվականի

ՍԴՈ-1536

 

Հրապարակվել է պաշտոնական կայքէջում՝ 19 մայիսի 2020 թվական:

pin
ՀՀ Սահմանադրական դատարան
19.05.2020
N ՍԴՈ-1536
Որոշում