Սեղմել Esc փակելու համար:
2020 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 7-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ «...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

2020 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 7-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ «ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹ ...

 

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ

 

i

2020 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 7-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԴԱՇՆԱՅԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Քաղ. Երևան 9 հունիսի 2020 թ.

 

Սահմանադրական դատարանը` կազմով. Հ. Թովմասյանի (նախագահող), Ա. Գյուլումյանի, Ա. Դիլանյանի, Ա. Թունյանի (զեկուցող), Ա. Խաչատրյանի, Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի,

մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)`

Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վ. Սիմոնյանի,

համաձայն Սահմանադրության 168-րդ հոդվածի 3-րդ կետի, 169-րդ հոդվածի 3-րդ մասի, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 23, 40 և 74-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2020 թվականի ապրիլի 7-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջև 2018 թվականի ֆինանսական համագործակցության մասին» համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

i

Հայաստանի Հանրապետության կառավարությունն իր` 2020 թվականի մայիսի 7-ի N 704-Ա որոշմամբ 2020 թվականի ապրիլի 7-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջև 2018 թվականի ֆինանսական համագործակցության մասին» համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու նպատակով դիմել է Սահմանադրական դատարան: Հիշյալ որոշումը Հայաստանի Հանրապետության վարչապետը Սահմանադրական դատարան է ներկայացրել 2020 թվականի մայիսի 13-ին:

Գործի քննության առիթը Հայաստանի Հանրապետության կառավարության` 2020 թվականի մայիսի 13-ին Սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է:

Ուսումնասիրելով սույն գործով Կառավարության ներկայացուցչի գրավոր բացատրությունը, հետազոտելով համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը` Սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

1. «Հայաստանի Հանրապետության կառավարության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջև 2018 թվականի ֆինանսական համագործակցության մասին» համաձայնագիրը (այսուհետ` Համաձայնագիր) ստորագրվել է 2020 թվականի ապրիլի 7-ին Երևանում` գործընկերային ֆինանսական համագործակցության միջոցով առկա բարեկամական հարաբերություններն ամրապնդելու և խորացնելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացմանը նպաստելու նպատակով:

2. Համաձայն Համաձայնագրի` ԳԳՀ Կառավարությունը հնարավորություն է ընձեռում ՀՀ Կառավարությանը Վերականգնման վարկերի բանկից («ՎՎԲ» բանկ) ներգրավելու վարկային միջոցներ և ֆինանսական օժանդակություն հետևյալ ծրագրերի համար.

- «Կենսաբազմազանություն և կայուն տեղական զարգացում - Հայաստան» ծրագրին` մինչև 23 208 483,13 եվրոյի ֆինանսական աջակցություն,

- «Վերականգնվող էներգիայի զարգացում» ծրագրի համար` մինչև 20 000 000 եվրո գումարի չափով տրվող արտոնյալ վարկ, ինչպես նաև մինչև 2 146 727,25 եվրո ֆինանսական օժանդակություն` ծրագրի հարակից միջոցառումների իրականացման համար,

- «Բնակարանային տարածքների ֆինանսավորում V» ծրագրի համար` մինչև 20 000 000 եվրո գումարի չափով տրվող արտոնյալ վարկ, ինչպես նաև մինչև 375 000 եվրո ֆինանսական օժանդակություն` ծրագրի հարակից միջոցառումների իրականացման համար,

- «Առևտրի խթանում Գերմանահայկական ֆոնդի միջոցով» ծրագրի համար` մինչև 25 000 000 եվրո գումարի չափով տրվող արտոնյալ վարկ, ինչպես նաև մինչև 400 000 եվրո ֆինանսական օժանդակություն` ծրագրի հարակից միջոցառումների իրականացման համար:

3. Հայաստանի Հանրապետությունը Համաձայնագրով ստանձնում է, մասնավորապես, հետևյալ պարտավորությունները.

- ապահովել, որ Հայաստանի Հանրապետության Կառավարությունը երաշխավորի Վերականգնման վարկերի բանկի օգտին վճարումները եվրոյով` ի կատարումն Համաձայնագրի 2-րդ հոդվածի 1-ին պարբերության համաձայն կնքվելիք պայմանագրերով ստանձնած պարտավորությունների (Հոդված 2, կետ 3),

- ապահովել, որ Հայաստանի Հանրապետության Կառավարությունը, եթե ֆինանսական օժանդակություններ ստացողն ինքը կամ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը չեն, Վերականգնման վարկերի բանկին տա երաշխիք, որ կկատարվեն պարտքի վերադարձման այն պահանջները, որոնք կարող են բխել Համաձայնագրի 2-րդ հոդվածի 1-ին պարբերության համաձայն կնքվելիք ֆինանսավորման պայմանագրերից (Հոդված 2, կետ 4),

- ապահովել, որ Հայաստանի Հանրապետության Կառավարությունը ստանձնի Վերականգնման վարկերի բանկի կողմից վճարման ենթակա այն հարկերը, որոնք ծագում են Համաձայնագրի 2-րդ հոդվածի 1-ին պարբերությունում նշված պայմանագրերի կնքման և իրականացման արդյունքում: Բացի դրանից, ապահովել, որ Հայաստանի Հանրապետության Կառավարությունը վճարի բոլոր այն պետական տուրքերը, որոնք ենթակա են վճարման Վերականգնման վարկերի բանկի կողմից (Հոդված 3),

- ապահովել, որ Հայաստանի Հանրապետության Կառավարությունը վարկերի և ֆինանսական օժանդակությունների օգտագործումից անհրաժեշտաբար բխող` ծովային, ցամաքային և օդային ճանապարհներով անձերի և գույքի տեղափոխման համար ուղևորներին և առաքողներին տա տրանսպորտային ձեռնարկության ազատ ընտրության հնարավորություն, չձեռնարկի միջոցներ, որոնք կբացառեն կամ կդժվարացնեն Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում գործող տրանսպորտային ձեռնարկությունների իրավահավասար մասնակցությունը, անհրաժեշտության դեպքում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տրամադրել պահանջվող թույլտվություններ տրանսպորտային հիշյալ ձեռնարկությունների մասնակցության համար (Հոդված 4):

i

4. Սահմանադրական դատարանը գտնում է, որ Համաձայնագրով Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունները համահունչ են Սահմանադրության 13-րդ հոդվածով ամրագրված` միջազգային իրավունքի հիման վրա բոլոր պետությունների հետ բարիդրացիական, փոխշահավետ հարաբերությունների հաստատմանն ուղղված` արտաքին քաղաքականության իրականացման նպատակներին:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Սահմանադրության 168-րդ հոդվածի 3-րդ կետով, 170-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 63, 64 և 74-րդ հոդվածներով` Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

1. 2020 թվականի ապրիլի 7-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջև 2018 թվականի ֆինանսական համագործակցության մասին» համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Սահմանադրությանը:

2. Սահմանադրության 170-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

    ՆԱԽԱԳԱՀՈՂ                              Հ. ԹՈՎՄԱՍՅԱՆ

 

9 հունիսի 2020 թվականի

ՍԴՈ-1543

 

Հրապարակվել է պաշտոնական կայքէջում՝ 09 հունիսի 2020 թվական:

pin
ՀՀ Սահմանադրական դատարան
09.06.2020
N ՍԴՈ-1543
Որոշում