Սեղմել Esc փակելու համար:
{18.06.2020 - 20.04.2024} «ՍԵՎԱՆ» ԱԶԳ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

{18.06.2020 - 20.04.2024} «ՍԵՎԱՆ» ԱԶԳԱՅԻՆ ՊԱՐԿ» ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԸ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵ ...

Ակտի տվյալ խմբագրությունը գործել է   18.06.2020  -ից մինչեւ   20.04.2024  -ը:     անցնել գործող խմբագրությանը
 

 

040.0927.130702

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«13» հուլիսի 2002 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

30 մայիսի 2002 թվականի N 927-Ն

 

i

«ՍԵՎԱՆ» ԱԶԳԱՅԻՆ ՊԱՐԿ» ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԸ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ, «ՍԵՎԱՆ» ԱԶԳԱՅԻՆ ՊԱՐԿԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(1-ին մաս)

 

i

Ղեկավարվելով «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի «ե» և «զ» կետերի և «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի, 13-րդ հոդվածի 2-րդ մասի «բ» և «գ» կետերի և 3-րդ մասի դրույթներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.».

i

1. «Սևան» ազգային պարկ» պետական հիմնարկը վերակազմակերպել «Սևան» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության:

2. Հաստատել`

i

ա) «Սևան» ազգային պարկի կանոնադրությունը` համաձայն N 1 հավելվածի:

բ) (բ ենթակետն ուժը կորցրել է 09.04.2020 թիվ 521-Ն որոշմում)

գ) (գ ենթակետն ուժը կորցրել է 17.01.2019 թիվ 41-Ն որոշում)

(2-րդ կետը փոփ. 09.09.10 թիվ 1185-Ն, 17.01.2019 թիվ 41-Ն, 09.04.2020 թիվ 521-Ն որոշումներ)

3. Սահմանել, որ

i

ա) «Սևան» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության առարկան և նպատակը «Սևան» ազգային պարկի տարածքի բնական էկոհամակարգերի, լանդշաֆտային և կենսաբանական բազմազանության, բնության ժառանգության գիտական ուսումնասիրության, պաշտպանության, վերականգնման, վերարտադրության, հաշվառման, գույքագրման, դիտանցի, ինչպես նաև պարկի բնական պաշարների կայուն օգտագործման, ազգային պարկի տարածքում գտնվող հանրային լողափերի սպասարկման ապահովումն է.

բ) «Սևան» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպությունն իրականացնում է ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները`

Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կենսառեսուրսների, այդ թվում` բույսերի և կենդանիների տեսակների, անտառային ռեսուրսների վերարտադրություն, օգտագործում և իրացում,

բնափայտի մթերում, վերամշակում և իրացում,

զբոսաշրջության, այդ թվում` էկոզբոսաշրջության կազմակերպում,

երկրորդական անտառանյութի (կոճղերի) մթերում, վերամշակում և իրացում,

կողմնակի անտառօգտագործում (խոտհունձ, անասունների արածեցում, փեթակների և մեղվանոցների տեղադրում, վայրի պտղի, ընկույզի, սնկի, հատապտղի, դեղաբույսերի ու տեխնիկական հումքի հավաքում) և դրա արդյունքում մթերված կենսապաշարների վերամշակում ու իրացում,

գյուղատնտեսական մթերքների արտադրություն, վերամշակում և իրացում,

հանգստի և զբոսաշրջության հետ կապված սպասարկման ծառայությունների մատուցում,

«Սևան» ազգային պարկին վերաբերող գովազդի կազմակերպում,

գիտաճանաչողական գրականության և տեղեկատվական նյութերի պատրաստում ու հրատարակում,

տեղեկատվության տրամադրում և խորհրդատվություն.

i

գ) սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահի դրությամբ «Սևան» ազգային պարկ» պետական հիմնարկի տնօրինության`

պետական սեփականություն հանդիսացող գույքը, համաձայն N 3.1 հավելվածի, բացառությամբ շենքերի և շինությունների, սեփականության իրավունքով հանձնվում է «Սևան» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը.

շենքերը և շինությունները, համաձայն N 4 հավելվածի, ինչպես նաև համապատասխան հողատարածքը` ըստ անտառաշինական նախագծերի, «Սևան» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպությանն ամրացվում են անժամկետ անհատույց օգտագործման իրավունքով.

դ) մինչև վերակազմակերպումը «Սևան» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը «Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված հատկացումները տրամադրվում են Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության կողմից Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության տեղական գանձապետական բաժանմունք ներկայացված բյուջետային ծախսերի նախահաշիվների հիման վրա` ըստ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածների` դրանց տնտեսագիտական բովանդակությանը համապատասխան:

Նշված հատկացումները ներառվում են վերակազմակերպումից հետո իրավաբանական անձի հետ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կնքված պայմանագրում:

(3-րդ կետը փոփ. 10.07.14 թիվ 683-Ն, 10.03.15 թիվ 301-Ն, 18.04.2024 թիվ 566-Ն որոշումներ)

i

4. «Սևան» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության կառավարման, ինչպես նաև «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ կետի «դ», «ե» և «է» ենթակետերով նախատեսված լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարությանը:

(4-րդ կետը փոփ. 10.10.2019 թիվ 1442-Ն, 09.04.2020 թիվ 521-Ն որոշումներ)

5. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին`

ա) «Սևան» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրության հաստատումից հետո մեկամսյա ժամկետում ապահովել կազմակերպության պետական գրանցումը.

բ) «Սևան» ազգային պարկի անտառաշինական և հողաշինարարական քարտեզների հիման վրա մեկ տարվա ընթացքում` սահմանված կարգով ապահովել «Սևան» ազգային պարկի տարածքի քարտեզագրումը, գոտիավորման սխեմայի կազմումը, պարկի սահմանների ու դրա պահպանական գոտու ճշտումը և, դրանք Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատվելուց հետո, հողամասերի ու ամրացված այլ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցումը:

6. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ`

ա) սահմանված կարգով` Հայաստանի Հանրապետության 1999-2001 թվականների պետական բյուջեների կատարման արդյունքներով «Սևան» ազգային պարկ» պետական հիմնարկի ֆինանսավորման գծով առաջացած պարտքերը մարելու վերաբերյալ.

բ) Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության հայտի հիման վրա` «Սևան» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության ֆինանսավորման վերաբերյալ:

(վերնագիրը փոփ. 09.04.2020 թիվ 521-Ն որոշում)

(նախաբանը փոփ. 18.04.2024 թիվ 566-Ն որոշում)

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 9-ԻՆ

 

Հավելված N 1

i

Հայաստանի Հանրապետության

կառավարության 2002 թվականի

մայիսի 30-ի N 927-Ն որոշման

 

ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ «ՍԵՎԱՆ» ԱԶԳԱՅԻՆ ՊԱՐԿԻ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. «Սևան» ազգային պարկը (այսուհետ` պարկ) ստեղծվել է ՀԿԿ Կենտկոմի և Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդի 1978 թվականի մարտի 14-ի «Սևան» ազգային պարկը ստեղծելու մասին» N 125 որոշմամբ:

2. Պարկը հանրապետական նշանակության` բնության հատուկ պահպանվող տարածք է:

3. Պարկի ստեղծման նպատակներն են`

1) Սևանա լճի ավազանի ջրային ու ցամաքային բնական էկոհամակարգերի զարգացման բնականոն ընթացքի ապահովումը, լանդշաֆտային և կենսաբանական բազմազանության, բնության ու պատմամշակութային հուշարձանների պահպանությունը.

2) Սևանա լճի ավազանին բնորոշ հազվագյուտ և անհետացող վայրի բույսերի ու կենդանիների տեսակների, գենոֆոնդի և դրանց բնակության միջավայրի պահպանությանը.

3) բնական լանդշաֆտների, դրանց առանձին տարրերի, բնական գործընթացների և երևույթների գիտական ուսումնասիրությունը.

4) պարկի տարածքի բնական էկոհամակարգերում ընթացող գործընթացների կանխատեսումն ու գնահատումը.

5) բնական օբյեկտների, այդ թվում` կենսաբանական պաշարների արդյունավետ օգտագործումը, օգտագործման ձևերի ու բնության պահպանության գիտական հիմունքների մշակումը.

6) էկոլոգիական մոնիթորինգի կազմակերպումը, բնության տարեգրության վարումը և պարկի ու հարակից տարածքների բնության թանգարանի գործունեության կազմակերպումը.

7) ճանաչողական զբոսաշրջության և ռեկրեացիայի զարգացման նախադրյալների ապահովումը.

8) բնակչության էկոլոգիական կրթության ու դաստիարակության և իրազեկման աշխատանքների իրականացման ապահովումը:

4. Պարկի հողերը հատուկ պահպանվող տարածքների հողեր են, որոնք ներառում են բնապահպանական, պատմական ու մշակութային և այլ նշանակության հողեր, որոնց վրա օրենքով սահմանված կարգով արգելվում է պարկի նպատակային նշանակությանը հակասող գործունեություն: Այլ հողատերերի, հողօգտագործողների և հողամասերի սեփականատերերի հողերը, ինչպես նաև ֆիզիկական և իրավաբանական անձանց շենքերն ու կառույցները, որոնք գտնվում են պարկի սահմաններում, օգտագործվում են իրենց նշանակությանը համապատասխան` այդ անձանց կողմից պահպանելով բնապահպանական նորմերը` սահմանված սույն կանոնադրությամբ և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

5. Պարկի անվանումն է`

1) հայերեն լրիվ` «Սևան» ազգային պարկ.

2) հայերեն կրճատ` «Սևան» ԱՊ.

3) ռուսերեն լրիվ` Նացիոնալնիյ պարկ «Սեվան».

4) ռուսերեն կրճատ` ՆՊ «Սեվան».

5) անգլերեն լրիվ` Sevan National Park.

6) անգլերեն կրճատ` Sevan NP:

 

II. ՊԱՐԿԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՊԼԱՆԸ

 

i

6. Պարկի կառավարման պլանը կազմվում է համաձայն «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի:

(6-րդ կետը փոփ. 09.09.10 թիվ 1185-Ն որոշում)

 

III. ՊԱՐԿԻ ՏԱՐԱԾՔԱԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ԳՈՏԻՆԵՐԸ

 

i

7. Պարկի տարածքը, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հունվարի 18-ի N 205-Ն որոշմամբ հաստատված «Սևան» ազգային պարկի 2007-2011 թվականների կառավարման պլանի, բաժանվում է հետևյալ տարածքագործառնական գոտիների`

1) արգելոցային` ընդգրկում է «Արտանիշի», «Նորաշենի», «Լիճք-Արգիչի» և «Գիլլի» արգելոցները.

2) արգելավայրային` ընդգրկում է «Գավառագետի», Գիհի-կաղնուտային ռելիկտային և «Նորաշենի արգելավայրերը.

3) ռեկրեացիոն.

4) տնտեսական:

(7-րդ կետը փոփ. 25.07.2019 թիվ 947-Ն որոշում)

8. Արգելոցային գոտիների ստեղծման նպատակներն են`

1) Արտանիշի թերակղզու մինչսառցային ժամանակաշրջանի բազմազան ռելիկտային բուսականության, գիհու նոսր անտառների և տափաստանների, ինչպես նաև որպես հազվագյուտ կենդանիների (գորշ արջ, այծյամ, վարազ, բեզոարյան այծ, ազնվացեղ եղջերու և այլն) միգրացիայի միջանցքի պահպանության ապահովումը.

2) Նորաշեն համայնքին հարակից կղզիներում թռչունների, մասնավորապես, հայկական արծաթափայլ որորի, որպես Հայաստանում բնադրող միակ էնդեմիկ թռչունի, բնականոն ապրելակերպի ու վերարտադրության ապահովումը.

3) Լիճքի հանքային աղբյուրների, Արգիչի և Լիճք գետերի գետաբերանային հատվածում մնացորդային լճակների ջրաճահճային բուսականության, թռչունների բնադրավայրի պահպանության, ինչպես նաև արժեքավոր և հազվագյուտ ձկնատեսակների` Սևանի իշխանի, Սևանի կողակի և Սևանի բեղլուի բնական ձվադրման ու զարգացման ապահովումը.

4) Մասրիկ և Գեղամասար գետերի գետաբերանային հատվածների պահպանության, արժեքավոր և հազվագյուտ ձկնատեսակների` Սևանի իշխանի, Սևանի կողակի և Սևանի բեղլուի բնական ձվադրման և զարգացման համար, ինչպես նաև հարակից ճահճուտների պահպանության, որպես թռչունների բնադրավայր, ապահովումը.

5) արգելոցների տարածքներին բնորոշ բնական լանդշաֆտների պահպանումը.

6) բնական գործընթացները խոչընդոտող մարդածին գործոնների բացահայտումը և դրանց կանխարգելումը.

7) կենսաբազմազանության և լանդշաֆտների պահպանության, վերականգնման և բնականոն զարգացման ապահովումը,

8) մարդածին բացասական ազդեցության կանխարգելումն արգելոցի էկոհամակարգերի և դրանց բաղադրիչների բնականոն զարգացման վրա:

9. Արգելավայրային գոտիների ստեղծման նպատակներն են`

i

1) Գավառագետի գետաբերանային հատվածում մնացորդային լճակների պահպանության և Նորատուս թերակղզու ափամերձ հատվածի թռչունների բնադրավայրերի, ինչպես նաև արժեքավոր և հազվագյուտ ձկնատեսակների ձվադրման ու զարգացման ապահովումը.

2) Սևանա լեռնաշղթայի հարավ-արևմտյան լանջերի վրա տարածվող գիհու և կաղնու ռելիկտային բնական նոսր անտառների պահպանության ապահովումը.

3) արգելավայրերի տարածքներին բնորոշ բնական լանդշաֆտների պահպանումը.

4) բնական գործընթացները խոչընդոտող մարդածին գործոնների բացահայտումը և դրանց կանխարգելումը.

5) կենսաբազմազանության և լանդշաֆտների պահպանության, վերականգնման և բնականոն զարգացման ապահովումը.

6) «Նորաշենի» արգելավայրում չուի ընթացքում պարբերաբար հանդիպող և չվահյուր թռչունների հանգստի և ապրելակերպի բնական պայմանների ապահովումը:

(9-րդ կետը փոփ. 25.07.2019 թիվ 947-Ն որոշում)

10. Ռեկրեացիոն գոտու ստեղծման նպատակներն են`

1) բնական լանդշաֆտների, բուսական ծածկույթի, Սևանա լճի ափամերձ հատվածի բնական և մշակութային ժառանգության բնապատմական և գեղագիտական արժեքների պահպանության ապահովումը` քաղաքացիների հանգստի կազմակերպման համար.

2) ազգային պարկի տարածքի զբոսաշրջային կարողությունների բացահայտումն ու պահպանումը և զբոսաշրջության տարբեր ձևերի, այդ թվում` ճանաչողական զբոսաշրջության զարգացմանը նպաստելը.

3) ռեկրեացիոն գոտու տարածքների նպատակային օգտագործման ապահովումը.

4) ռեակցիոն գոտում առկա պատմամշակութային հուշարձանների և դրանց պահպանման գոտիների պահպանության ապահովումը.

5) ռեկրեացիոն գոտու էկոհամակարգերի բնականոն զարգացման վրա մարդածին բացասական ազդեցության կանխարգելումը:

11. Տնտեսական գոտու ստեղծման նպատակներն են`

i

1) պարկի տնտեսական գոտու տարածքին բնորոշ արժեքավոր բույսերի ու կենդանիների տեսակների պահպանության, վերարտադրության, էկոհամակարգերի, լանդշաֆտային ու կենսաբանական բազմազանության վերականգնման, էկոլոգիապես մաքուր մեթոդներով գյուղատնտեսական մթերքների արտադրության կազմակերպման, բնական պաշարների կայուն օգտագործման, ազգային պարկի տարածքում գտնվող հանրային լողափերի սպասարկման և պարկի ռեժիմով չարգելված այլ տնտեսական գործունեության ծավալման ապահովումը.

2) ընդերքի, ջրային ռեսուրսների, բուսական և կենդանական պաշարների արդյունավետ օգտագործման ապահովումը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան.

3) տնտեսական գոտու էկոհամակարգերի բնականոն զարգացման վրա մարդածին բացասական ազդեցության կանխարգելումը:

(11-րդ կետը փոփ. 10.07.14 թիվ 683-Ն որոշում)

 

IV. ՊԱՐԿԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԳՈՏԻՆ

 

12. Պարկի պահպանման գոտու տարածքը Սևանա լճի ջրհավաք ավազանն է: Պահպանման գոտու տարածքում կարող են ընդգրկվել տարբեր սեփականատերերի պատկանող հողամասեր, այդ թվում` համայնքների վարչական տարածքներում ներառվածը: Դրանց օգտագործումը կարգավորվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

13. Պարկի պահպանման գոտու տարածքում թույլատրվում է պարկի էկոլոգիական համակարգերի կայունությանը, բուսական և կենդանական աշխարհի ներկայացուցիչների, գիտական կամ պատմամշակութային արժեք ունեցող օբյեկտների և դրանց պահպանման գոտիների պահպանությանը չվնասող, լիազորված պետական մարմնի հետ համաձայնեցված ցանկացած տնտեսական գործունեություն:

 

V. ՊԱՐԿԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

 

14. Պարկի պահպանությունն իրականացնում է էկոպարեկային ծառայությունը:

i

(14-րդ կետը փոփ. 09.09.10 թիվ 1185-Ն, 18.04.2024 թիվ 566-Ն որոշումներ)

 

VI. ՊԱՐԿԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՌԵԺԻՄԸ

 

15. Պարկի արգելոցային գոտիներում գործում է «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածով սահմանված պահպանության ռեժիմը: Պարկի արգելոցային գոտիների պահպանության ռեժիմի առանձնահատկություններից են`

1) «Արտանիշ» արգելոցում գիհի բազմապտուղ, գիհի գարշահոտ, գիհի կազակական տեսակների բնական միջավայրի և դրա բաղադրիչների, ինչպես նաև կենդանիների` գորշ արջի, այծյամի, վարազի, բեզոարյան այծի, ազնվացեղ եղջերուի միգրացիայի միջանցքի պահպանությունը.

2) «Նորաշենի» արգելոցում Հայկական արծաթափայլ որորի բնակության միջավայրի պայմանների պահպանությունը.

3) «Լիճք-Արգիչի» արգելոցում հանքային աղբյուրների, բարձրակարգ ջրային բուսականության բնական պայմանների, Սևանի իշխանի, Սևանի բեղլուի, Սևանի կողակի էնդեմիկ ձկնատեսակների բնական զարգացումն ու ձվադրումն ապահովող ուղիների պահպանությունը.

4) «Գիլլի» արգելոցում բնական ճահճուտների, բարձրակարգ ջրային բուսականության բնական պայմանների, Սևանի իշխանի, Սևանի բեղլուի, Սևանի կողակի էնդեմիկ ձկնատեսակների բնական զարգացումն ու ձվադրումն ապահովող ուղիների պահպանությունը.

5) թռչուններին աղմուկով (ձայնային ազդանշաններ, կրակոցներ և այլն) չանհանգստացնելը, թռչունների ձվադրավայրերի պահպանությունը.

6) բնության, պատմության և մշակույթի հուշարձանների պահպանությունը.

7) ճանաչողական զբոսաշրջության համար միայն սահմանված երթուղիների օգտագործումը.

8) հրդեհածին գործունեության բացառումը (այդ թվում` խարույկ վառելը).

9) պոմպակայանների կառուցման և շահագործման բացառումը:

i

16. Պարկի արգելավայրային գոտիներում գործում է «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասով սահմանված ռեժիմը: Պարկի արգելավայրային գոտիների պահպանության ռեժիմի առանձնահատկություններից են`

1) «Գավառագետ» արգելավայրում թռչունների ձվադրավայրերի պահպանությունը.

2) «Գիհի-կաղնուտային ռելիկտային» արգելավայրում գիհի բազմապտուղ, գիհի գարշահոտ, գիհի կազակական և կաղնի վրացական տեսակների բնական միջավայրի պահպանությունը.

2.1) «Նորաշենի» արգելավայրում չուի ընթացքում պարբերաբար հանդիպող և չվահյուր թռչունների համար բնական միջավայրի պահպանությունը.

3) թռչուններին աղմուկով (ձայնային ազդանշաններ, կրակոցներ և այլն) չանհանգստացնելը, թռչունների ձվադրավայրերի պահպանությունը.

4) ճանաչողական զբոսաշրջության համար միայն սահմանված երթուղիների օգտագործումը.

5) որսորդության և ձկնորսության բացառումը.

6) կենդանիների և բույսերի նոր տեսակների, կենսատեխնոլոգիաների միջոցով ստացված գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների (տեսակների) ներմուծման և օգտագործման բացառումը.

7) բնության, պատմության և մշակույթի հուշարձանների պահպանությունը.

8) բույսերի պաշտպանության նպատակով թունաքիմիկատների, ինչպես նաև հանքային պարարտանյութերի օգտագործման բացառումը.

9) ռադիոակտիվ նյութերի և թափոնների, ինչպես նաև մարդու առողջության և շրջակա միջավայրի համար վտանգավոր կամ թունավոր այլ նյութերի արտադրության, օգտագործման և պահեստավորման բացառումը.

10) հողային ծածկույթի խախտում առաջացնող երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների, օգտակար հանածոների հանքավայրերի, երևակումների շահագործման, հանքանյութեր վերամշակող օբյեկտների տեղաբաշխման բացառումը,

11) հրդեհածին գործունեության բացառումը (այդ թվում` խարույկ վառելը):

(16-րդ կետը փոփ. 25.07.2019 թիվ 947-Ն որոշում)

17. Պարկի ռեկրեացիոն գոտու տարածքում գործում է «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված ռեժիմը: Պարկի ռեկրեացիոն գոտու պահպանության ռեժիմի առանձնահատկություններից են`

1) կեղտաջրեր առաջացնող օբյեկտների շահագործման բացառումը` առանց կեղտաջրերի մաքրման կայանների տեղադրման.

2) կենցաղային, արդյունաբերական և քիմիական թափոններով տարածքի աղտոտման բացառումը.

3) բնության և պատմամշակութային հուշարձանների պահպանությունը:

18. Պարկի տնտեսական գոտու տարածքում գործում է «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված ռեժիմը: Պարկի տնտեսական գոտու պահպանության ռեժիմի առանձնահատկություններից են`

1) կեղտաջրեր առաջացնող օբյեկտների շահագործման բացառումը` առանց կեղտաջրերի մաքրման կայանների տեղադրման.

2) բնության և պատմամշակութային հուշարձանների պահպանությունը:

 

VII. ՊԱՐԿԻ ԱՐԳԵԼՈՑԱՅԻՆ ԵՎ ԱՐԳԵԼԱՎԱՅՐԱՅԻՆ ԳՈՏԻՆԵՐԻ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ

 

i

19. Պարկի արգելոցային և արգելավայրային գոտիների տարածքներում թույլատրվում են «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 26-րդ հոդվածի առաջին մասով սահմանված օգտագործման ձևերը: Արգելոցային և արգելավայրային գոտիների տարածքներում թույլատրվում են`

1) արգելոցների ճանաչողական զբոսաշրջության երթուղիներում հանգստի տաղավարների և դիտակետերի տեղադրումը.

2) արգելավայրերում էկոհամակարգերի հավասարակշռությունը խախտող երևույթներն ու գործընթացները կանխարգելող, ինչպես նաև խախտված էկոհամակարգերի վերականգնման միջոցառումները, արգելավայրերի տարածքներում էկոհամակարգերի և դրանց բաղադրիչների գույքագրման ու հաշվառման, մոնիթորինգի աշխատանքների իրականացումը, ճանաչողական զբոսաշրջությունը, բնապահպանական և գիտակրթական իրազեկության բարձրացմանն ուղղված միջոցառումների և դրանց հետ կապված հանգստի կազմակերպումը, այդ նպատակներով տաղավարների և դիտակետերի տեղադրումը, որոնք չպետք է հակասեն արգելավայրային գոտիների ստեղծման նպատակներին և պահպանության ռեժիմին.

3) տարածքի սանիտարահիգիենիկ և հրդեհային անվտանգության աշխատանքների իրականացումը:

(19-րդ կետը փոփ. 11.06.2020 թիվ 919-Ն որոշում)

i

20. Արգելոցային գոտիների տարածք միաժամանակ կարող են մուտք գործել ոչ ավելի, քան 30 անձ, առավելագույնը` 3 ժամով:,

(20-րդ կետը փոփ. 25.07.2019 թիվ 947-Ն որոշում)

i

21. Արգելոցային և արգելավայրային գոտիներ մուտքը թույլատրվում է շաբաթվա բոլոր օրերին «Սևան» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության կամ լիազորված պետական մարմնի կողմից տրված անցագրերով:

(21-րդ կետը փոփ. 25.07.2019 թիվ 947-Ն, 18.04.2024 թիվ 566-Ն որոշումներ)

 

VIII. ՊԱՐԿԻ ՌԵԿՐԵԱՑԻՈՆ ԳՈՏՈՒ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ

 

i

22. Պարկի ռեկրեացիոն գոտու տարածքում թույլատրվում են «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 26-րդ հոդվածի առաջին մասի 3-րդ կետով սահմանված օգտագործման ձևերը: Պարկի ռեկրեացիոն գոտու տարածքում արգելվում են`

1) ջրային ռեժիմը խախտող ցանկացած գործունեություն.

2) բուսական և կենդանական աշխարհի ներկայացուցիչների բնակության միջավայրի պայմանների խախտումը.

3) անասունների արածեցումը.

4) բույսերի և կենդանիների նոր տեսակների, ինչպես նաև կենսատեխնոլոգիաների միջոցով ստացված` գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների (տեսակների) ներմուծման և կլիմայավարժեցման աշխատանքները.

5) թունաքիմիկատների օգտագործումը` բույսերի պաշտպանության նպատակով, ինչպես նաև հանքային պարարտանյութերի օգտագործումը.

6) էկոլոգիապես վնասակար, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված թույլատրելի նորմերը գերազանցող արտանետումներ և կեղտաջրեր առաջացնող տեխնոլոգիաների օգտագործումը.

7) ռադիոակտիվ նյութերի և թափոնների, ինչպես նաև մարդու առողջության և շրջակա միջավայրի համար վտանգավոր կամ թունավոր այլ նյութերի արտադրությունը, օգտագործումը և պահեստավորումը.

8) երկրաբանական ուսումնասիրության աշխատանքները (հողային ծածկույթի խախտմամբ), օգտակար հանածոների հանքավայրերի, երևակումների շահագործումը, հանքանյութեր վերամշակող օբյեկտների տեղաբաշխումը.

9) անտառահատումները (բացառությամբ սանիտարական և խնամքի հատումների).

10) արդյունագործական նպատակով բուսական և կենդանական աշխարհի օբյեկտների և դրանց արգասիքների օգտագործումը.

11) ընդհանուր օգտագործման ճանապարհներից և ջրային ուղիներից դուրս շարժիչային և թրթուրավոր տրանսպորտային միջոցների երթևեկությունը և կանգառը ճանապարհային ցանցի սահմաններից դուրս կամ դրա համար չնախատեսված վայրերում.

12) վտանգավոր և կենցաղային կոշտ թափոնների մշակումը, վերամշակումը, օգտահանումը, վնասազերծումը և թաղումը.

13) հանքարդյունաբերական գործունեությունը:

(22-րդ կետը փոփ. 09.09.10 թիվ 1185-Ն որոշում)

23. Ռեկրեացիոն գոտու մուտքն ազատ է:

24. Պարկի ռեկրեացիոն գոտու 1905,0 մետր բացարձակ նիշից բարձր տարածքներում հողամասերը վարձակալության կամ կառուցապատման իրավունքով տրամադրվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատված գոտևորման նախագծերին և կառուցապատման էսքիզներին համապատասխան:

25. Ռեկրեացիոն գոտու վարձակալված տարածքներում քաղաքաշինական գործունեությունը թույլատրվում է իրականացնել միայն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` բնապահպանական և քաղաքաշինական փորձաքննության դրական եզրակացության դեպքում:

26. (26-րդ կետն ուժը կորցրել է 09.09.10 թիվ 1185-Ն որոշում)

i

27. (27-րդ կետն ուժը կորցրել է 09.09.10 թիվ 1185-Ն որոշում)

 

IX. ՊԱՐԿԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՏՈՒ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ

 

i

28. Պարկի տնտեսական գոտու տարածքում թույլատրվում են «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 26-րդ հոդվածի առաջին մասի 4-րդ կետով սահմանված օգտագործման ձևերը: Տնտեսական գոտու տարածքներում արգելվում են`

1) ջրային ռեժիմը խախտող ցանկացած գործունեություն.

2) բուսական և կենդանական աշխարհի ներկայացուցիչների բնակության միջավայրի պայմանների խախտումը.

3) անտառահատումները (բացառությամբ սանիտարական և խնամքի հատումների).

4) բույսերի և կենդանիների նոր տեսակների, ինչպես նաև կենսատեխնոլոգիաների միջոցով ստացված` գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների (տեսակների) ներմուծման և կլիմայավարժեցման աշխատանքները.

5) թունաքիմիկատների օգտագործումը բույսերի պաշտպանության նպատակով, ինչպես նաև հանքային պարարտանյութերի օգտագործումը.

6) էկոլոգիապես վնասակար, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված թույլատրելի նորմերը գերազանցող արտանետումներ և կեղտաջրեր առաջացնող տեխնոլոգիաների օգտագործումը.

7) ռադիոակտիվ նյութերի և թափոնների, ինչպես նաև մարդու առողջության և շրջակա միջավայրի համար վտանգավոր կամ թունավոր այլ նյութերի արտադրությունը, օգտագործումը, պահեստավորումը.

8) ընդերքի շահագործումը` պայթեցման միջոցով.

9) հանքանյութեր վերամշակող օբյեկտների տեղաբաշխումը.

10) ընդհանուր օգտագործման ճանապարհներից և ջրային ուղիներից դուրս շարժիչային և թրթուրավոր տրանսպորտային միջոցների երթևեկությունը և կանգառը ճանապարհային ցանցի սահմաններից դուրս կամ դրա համար չնախատեսված վայրերում:

11) վտանգավոր և կենցաղային կոշտ թափոնների մշակումը, վերամշակումը, օգտահանումը, վնասազերծումը և թաղումը:

(28-րդ կետը փոփ. 09.09.10 թիվ 1185-Ն որոշում)

29. Տնտեսական գոտու մուտքն ազատ է:

30. Պարկի տնտեսական գոտու 1905,0 մետր բացարձակ նիշից բարձր տարածքներում հողամասերը վարձակալության կամ կառուցապատման իրավունքով տրամադրվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատված գոտևորման նախագծերին և կառուցապատման էսքիզներին համապատասխան:

31. Տնտեսական գոտու վարձակալված տարածքներում քաղաքաշինական գործունեությունը թույլատրվում է իրականացնել միայն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` բնապահպանական և քաղաքաշինական փորձաքննության դրական եզրակացության դեպքում:

32. (32-րդ կետն ուժը կորցրել է 09.09.10 թիվ 1185-Ն որոշում)

i

33. (33-րդ կետն ուժը կորցրել է 09.09.10 թիվ 1185-Ն որոշում)

(կանոնադրությունը փոփ. 26.06.09 թիվ 772-Ն որոշում)

 

Հավելված N 2

i

Հայաստանի Հանրապետության

կառավարության 2002 թվականի

մայիսի 30-ի N 927-Ն որոշման

 

ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ «ՍԵՎԱՆ» ԱԶԳԱՅԻՆ ՊԱՐԿ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ

(2-րդ հավելվածն ուժը կորցրել է 09.04.2020 թիվ 521-Ն որոշմում)

 

Հավելված N 3

i

ՀՀ կառավարության

2002 թվականի մայիսի 30-ի

N 927-Ն որոշման

 

ԿԱԶՄ

«ՍԵՎԱՆ» ԱԶԳԱՅԻՆ ՊԱՐԿ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ

(3-րդ հավելվածն ուժը կորցրել է 17.01.2019 թիվ 41-Ն որոշում)

(3-րդ հավելվածը լրաց. 09.09.10 թիվ 1185-Ն, 10.03.15 թիվ 301-Ն որոշումներ)

 

--------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում

 

 

pin
ՀՀ կառավարություն
30.05.2002
N 927-Ն
Որոշում