Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 415-ՐԴ, 41 ...

 

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

    ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական         Քաղաքացիական գործ

    և  վարչական պալատի որոշում               թիվ ԼԴ/0593/02/09

    Քաղաքացիական գործ թիվ ԼԴ/0593/02/09      2020 թ.

 

Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

նախագահող Ռ. Հակոբյան

զեկուցող  Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Ե. Խունդկարյան

Գ. Հակոբյան

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

 

2020 թվականի մարտի 16-ին

գրավոր ընթացակարգով քննելով դատական ակտը վերանայելու վերաբերյալ Ժորա և Արկադի Ռամազյանների ներկայացուցիչ Կարեն Թումանյանի վճռաբեկ բողոքը` «Թեղուտ» ՓԲԸ-ի (այսուհետ` Ընկերություն) ընդդեմ Ժորա, Արկադի Ռամազյանների, Լուսիկ Հարությունյանի` հողամասի օտարման պահանջի մասին, քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 24.03.2010 թվականի «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը նոր հանգամանքի հիմքով վերանայելու վերաբերյալ,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Ընկերությունը պահանջել է ՀՀ Լոռու մարզի Շնող համայնքում սեփականության իրավունքով պատասխանողներին պատկանող թիվ 323-003 ծածկագրով 0,053 հեկտար մակերեսով, թիվ 327-014 ծածկագրով 0,075 հեկտար մակերեսով, թիվ 327-015 ծածկագրով 0,254 հեկտար մակերեսով, թիվ 327-016 ծածկագրով 0,212 հեկտար մակերեսով և թիվ 323-005 ծածկագրով անշարժ գույքի` 0,448 հեկտար մակերեսով հողամասերը (խոտհարք) ու թիվ 322-010 ծածկագրով 0,799 հեկտար մակերեսով հողամասը (բազմամյա տնկարկներ) ՀՀ Լոռու մարզի Թումանյանի տարածքային նոտար Սամվել Հակոբի Մայիլյանի դեպոզիտ հաշվին հանձնված համապատասխանաբար 23.000 ՀՀ դրամի, 32.200 ՀՀ դրամի, 108.100 ՀՀ դրամի, 90.850 ՀՀ դրամի, 244.950 ՀՀ դրամի և 694.650 ՀՀ դրամի չափով փոխհատուցմամբ օտարել Ընկերությանը:

ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ս. Բաղդասարյան) 28.11.2008 թվականի վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (նախագահող դատավոր` Լ. Գրիգորյան, դատավորներ` Գ. Մատինյան, Ն. Տավարացյան) 03.04.2009 թվականի որոշմամբ Ժորա և Արկադի Ռամազյանների ներկայացուցչի վերաքննիչ բողոքը բավարարվել է, և ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի 28.11.2008 թվականի վճիռը բեկանվել և գործն ուղարկվել է նոր քննության:

ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ն. Ավետիսյան) (այսուհետ` Դատարան) 07.10.2009 թվականի վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (նախագահող դատավոր` Ս. Միքայելյան, դատավորներ` Ն. Տավարացյան, Դ. Խաչատրյան) 03.02.2010 թվականի որոշմամբ Ժորա և Արկադի Ռամազյանների ներկայացուցչի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 07.10.2009 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 24.03.2010 թվականի որոշմամբ Ժորա և Արկադի Ռամազյանների ներկայացուցչի բերած վճռաբեկ բողոքը վերադարձվել է:

Սույն գործով նոր հանգամանքի հիմքով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ժորա, Արկադի Ռամազյանների ներկայացուցիչը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Սույն գործով առկա է նոր հանգամանք:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ հիմնավորումներով.

i

Ռամազյաններն ընդդեմ Հայաստանի գործով (գանգատ թիվ 54769/10) Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ` Եվրոպական դատարան) 14.02.2019 թվականի վճռով հաստատվել է, որ սույն գործի շրջանակներում տեղի է ունեցել «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) թիվ 1-ին արձանագրության 1-ին հոդվածի խախտում: Եվրոպական դատարանը նշել է, որ «սույն գործում վիճելի չէ այն փաստը, որ տեղի է ունեցել «գույքից զրկում» թիվ 1-ին արձանագրության 1-ին հոդվածի երկրորդ նախադասության իմաստով»: Եվրոպական դատարանն արձանագրել է, որ դիմումատուներն ստիպված են եղել ավելորդ առանձին բեռ կրել:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է նոր հանգամանքի հիմքով բեկանել ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 24.03.2010 թվականի «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը, վարույթ ընդունել Վերաքննիչ դատարանի 03.02.2010 թվականի որոշման դեմ ներկայացված վճռաբեկ բողոքը, բավարարել այն և բեկանել Վերաքննիչ դատարանի 03.02.2010 թվականի որոշումը:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1. Ընկերության հայցն ընդդեմ Ժորա, Արկադի Ռամազյանների և Լուսիկ Հարությունյանի` ՀՀ Լոռու մարզի Շնող համայնքում սեփականության իրավունքով պատասխանողներին պատկանող թիվ 323-003 ծածկագրով 0,053 հեկտար մակերեսով, թիվ 327-014 ծածկագրով 0,075 հեկտար մակերեսով, թիվ 327-015 ծածկագրով 0,254 հեկտար մակերեսով, թիվ 327-016 ծածկագրով 0,212 հեկտար մակերեսով և թիվ 323-005 ծածկագրով անշարժ գույքի` 0,448 հեկտար մակերեսով հողամասերը (խոտհարք) ու թիվ 322-010 ծածկագրով 0,799 հեկտար մակերեսով հողամասը (բազմամյա տնկարկներ) ՀՀ Լոռու մարզի Թումանյանի տարածքային նոտար Սամվել Հակոբի Մայիլյանի դեպոզիտ հաշվին հանձնված համապատասխանաբար 23.000 ՀՀ դրամի, 32.200 ՀՀ դրամի, 108.100 ՀՀ դրամի, 90.850 ՀՀ դրամի, 244.950 ՀՀ դրամի և 694.650 ՀՀ դրամի չափով փոխհատուցմամբ օտարելու պահանջի մասին, Դատարանի 07.10.2009 թվականի վճռով բավարարվել է (հատոր 3-րդ, գ.թ. 135-144):

2. Թիվ ԱԱ094678 մահվան վկայականի համաձայն Լուսիկ Հարությունյանը մահացել է 09.05.2007 թվականին (հատոր 3-րդ, գ.թ. 102):

3. Վերաքննիչ դատարանի 03.02.2010 թվականի որոշմամբ Ժորա, Արկադի Ռամազյանների վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 07.10.2009 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ: (հատոր 4-րդ, գ.թ. 38-40):

4. ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 24.03.2010 թվականի որոշմամբ Վերաքննիչ դատարանի 03.02.2010 թվականի որոշման դեմ Ժորա, Արկադի Ռամազյանների ներկայացուցչի բերած վճռաբեկ բողոքը վերադարձվել է (հատոր 4-րդ, գ.թ 61-65):

i

5. Ժորա, Արկադի Ռամազյանների թիվ 54769/10 գանգատի հիման վրա Եվրոպական դատարանը 14.02.2019 թվականի վճռով հաստատել է, որ տեղի է ունեցել դիմումատուների` Կոնվենցիայի 1-ին արձանագրության 1-ին հոդվածով երաշխավորված իրավունքի խախտում: Եվրոպական դատարանը, մասնավորապես` նշել է, որ «(...) Սույն գործում դիմումատուները նշել են, որ որպես ընտանեկան միավոր` իրենք տնտեսապես կախված են եղել տվյալ հողից, որը եղել է իրենց եկամտի միակ աղբյուրը (...): Այս փաստարկը չի հերքվել պատասխանող Կառավարության կողմից (...): Այս հիմնական հայեցակետը, մասնավորապես այն, որ օտարման հետևանքով դիմումատուները կորցրել են իրենց եկամտի միակ աղբյուրը, հաշվի չի առնվել ներպետական դատարանների կողմից` հատկացվող պատշաճ փոխհատուցման գումարի վերաբերյալ իրենց որոշումներում: Դատարանները որոշել են, որ անկախ հանգամանքներից, դիմումատուներին պետք է տրամադրվի փոխհատուցում, որի չափը որոշվել էր օտարման ենթակա տարածքում գտնվող անշարժ գույքի գների և ակնկալվող եկամուտների հիման վրա: Նրանք չեն դիտարկել այն հարցը, թե արդյոք տրամադրվող փոխհատուցումը կծածկի դիմումատուների` իրենց ապրուստը հոգալու միջոցներից զրկվելու հետ կապված փաստացի կորուստը, կամ արդյոք այն առնվազն բավարար էր, որպեսզի նրանք ձեռք բերեին համարժեք հող այն տարածքում, որտեղ նրանք ապրում էին: Ելնելով վերոնշյալից` Դատարանը գտնում է, որ դիմումատուները ստիպված են եղել ավելորդ առանձին բեռ կրել: Հետևաբար վիճարկվող օտարումն իրականացվել է Կոնվենցիայի թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածի խախտմամբ»: Եվրոպական դատարանը 14.02.2019 թվականի վճռով վճռել է. «Վճռում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածի խախտում.

i

Վճռում է, որ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի մասով բողոքներն առանձին քննելու անհրաժեշտություն չկա, և գանգատը մնացած մասով հայտարարում է անընդունելի»: (ներկայացված է վճռաբեկ բողոքին կից):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

 

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով և նույն հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում` պայմանավորված նոր հանգամանքի առկայությամբ, որը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

i

Կոնվենցիայի 1-ին հոդվածի համաձայն` Բարձր պայմանավորվող կողմերն իրենց իրավազորության ներքո գտնվող յուրաքանչյուրի համար ապահովում են այն իրավունքներն ու ազատությունները, որոնք սահմանված են Կոնվենցիայի 1-ին բաժնում:

Կոնվենցիայի թիվ 1-ին արձանագրության 1-ին հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձ ունի իր գույքից անարգել օգտվելու իրավունք: Յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձ ունի իր գույքից անարգել օգտվելու իրավունք: Ոչ ոքի չի կարելի զրկել իր գույքից, բացառությամբ ի շահ հանրության և այն պայմաններով, որոնք նախատեսված են օրենքով ու միջազգային իրավունքի ընդհանուր սկզբունքներով:

Նախորդ դրույթները, այնուամենայնիվ, չեն խոչընդոտում պետության` այնպիսի օրենքներ կիրառելու իրավունքին, որոնք նա անհրաժեշտ է համարում ընդհանուր շահերին համապատասխան, սեփականության օգտագործման նկատմամբ վերահսկողություն իրականացնելու կամ հարկերի կամ մյուս գանձումների կամ տուգանքների վճարումն ապահովելու համար:

i

Կոնվենցիայի 41-րդ հոդվածի համաձայն` եթե Դատարանը գտնում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի կամ դրան կից Արձանագրությունների խախտում, իսկ համապատասխան Բարձր պայմանավորվող կողմի ներպետական իրավունքն ընձեռում է միայն մասնակի հատուցման հնարավորություն, ապա Դատարանը որոշում է, անհրաժեշտության դեպքում, տուժած կողմին արդարացի փոխհատուցում տրամադրել:

i

Կոնվենցիայի 46-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` Բարձր պայմանավորվող կողմերը պարտավորվում են կատարել Դատարանի վերջնական վճիռները ցանկացած գործի վերաբերյալ, որում նրանք կողմեր են: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` Դատարանի վերջնական վճիռն ուղարկվում է Նախարարների կոմիտե, որը վերահսկողություն է իրականացնում դրա կատարման նկատմամբ:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 415-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով կարող են վերանայվել առաջին ատյանի դատարանի և վերաքննիչ դատարանի` օրինական ուժի մեջ մտած այն դատական ակտերը, որոնք ենթակա են բողոքարկման, վճարման կարգադրությունները, ինչպես նաև Վճռաբեկ դատարանի` վճռաբեկ բողոքը վերադարձնելու, այն առանց քննության թողնելու, վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին և վճռաբեկ բողոքի քննության արդյունքով կայացված որոշումները:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 416-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով վերաքննիչ և Վճռաբեկ դատարանների` օրինական ուժի մեջ մտած դատական ակտերը վերանայում է Վճռաբեկ դատարանը:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն` նոր հանգամանքները հիմք են դատական ակտի վերանայման համար, եթե Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրի հիման վրա գործող միջազգային դատարանի` ուժի մեջ մտած վճռով կամ որոշմամբ հիմնավորվել է անձի` Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրով նախատեսված իրավունքի խախտման փաստը, (...):

Վճռաբեկ դատարանը սույն գործի շրջանակներում նախ անհրաժեշտ է համարում անդրադառնալ Եվրոպական դատարանի կողմից կայացված վճռով կոնվենցիոն իրավունքի խախտում հայտնաբերելու դեպքում տվյալ գործով կողմ համարվող պետության կողմից վճռի կատարման առնչությամբ ծագող իրավական պարտավորությունների բնույթին ու բովանդակությանը:

i

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Եվրոպական դատարանի վճիռները կատարելու պարտավորությունը, նախ և առաջ, բխում է Կոնվենցիայի 1-ին հոդվածից, որով սահմանվում է իրենց իրավազորության ներքո գտնվող յուրաքանչյուր անձի համար Կոնվենցիայի 1-ին բաժնում սահմանված իրավունքներն ու ազատություններն ապահովելու` Բարձր պայմանավորվող կողմերի պարտականությունը: Բացի այդ, Կոնվենցիան 46-րդ հոդվածով հստակ սահմանել է, որ Կոնվենցիայի անդամ պետությունը պարտավոր է Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի վերահսկողությամբ կատարել Եվրոպական դատարանի այն վճիռները, որոնք կայացվել են տվյալ պետության` որպես կողմ հանդես եկած գործերով: Այնուամենայնիվ, Եվրոպական դատարանի վճռի կատարման հետ կապված պետության կոնկրետ պարտականությունների բովանդակությունը Կոնվենցիայով հստակ ամրագրված չէ. այն բացահայտվել է Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի միջոցով:

Այսպես, Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի համաձայն` վճիռը, որով Եվրոպական դատարանը խախտում է արձանագրում, պատասխանող պետության համար սահմանում է իրավաբանական պարտավորություն, որը ոչ միայն վերաբերում է շահագրգիռ անձանց արդարացի փոխհատուցում վճարելուն, այլ նաև ենթադրում է Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի վերահսկողությամբ ընդհանուր և (կամ), անհրաժեշտության դեպքում, անհատական միջոցների կիրառում, որոնց ձեռնարկումն անհրաժեշտ է ներպետական իրավական համակարգում Եվրոպական դատարանի արձանագրած խախտումները դադարեցնելու և դրանց հետևանքները հնարավորինս վերացնելու համար: Բացի այդ, պետությունն ազատ է Նախարարների կոմիտեի վերահսկողությամբ Կոնվենցիայի 46-րդ հոդվածով ստանձնած իր պարտավորությունների կատարման միջոցների ընտրության հարցում` պայմանով, որ դրանք համատեղելի լինեն Եվրոպական դատարանի վճռի մեջ տեղ գտած եզրակացությունների հետ (տե՛ս, Scozzari and Giunta v. Italy գործով Եվրոպական դատարանի 13.07.2000 թվականի վճիռը, կետ 249):

Եվրոպական դատարանի վճռի կատարմանն ուղղված անհատական միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ Կոնվենցիայի մասնակից պետությունների վրա դրվող միջազգային իրավական պարտավորությունը բովանդակային առումով ունի եռաստիճան կառուցվածք և ներառում է միմյանց հետ փոխկապված հետևյալ երեք իրավական պահանջները.

1. Եվրոպական դատարանի կողմից սահմանված արդարացի փոխհատուցումը վճարելու պարտավորությունը,

2. կոնվենցիոն իրավունքի շարունակվող խախտումը դադարեցնելու պարտավորությունը,

3. restitutio in integrum սկզբունքից բխող` մինչև խախտումը գոյություն ունեցած դրությունը հնարավորինս վերականգնելու պարտավորությունը:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Եվրոպական դատարանի վճռի կատարման նպատակով պետության կողմից ձեռնարկվող անհատական միջոցները հասցեագրված են դիմումատուին, կիրառվում են Կոնվենցիայի խախտման հետևանքով դիմումատուի կրած բացասական հետևանքների վերացման և, վերջին հաշվով, մինչև խախտումը եղած դրության հնարավորինս վերականգնման (միջազգային իրավունքի հանրաճանաչ restitսtiօ in integrսm սկզբունք) նպատակով: Միևնույն ժամանակ restitutio in integrum իրականացնելը կարող է հնարավոր չլինել` ելնելով կոնկրետ գործի հանգամանքներից, որպիսի պարագայում կոնվենցիոն իրավունքի խախտումից տուժած անձի կրած բացասական հետևանքները վերացվում են` հիմնվելով տվյալ խախտումն արձանագրած Եվրոպական դատարանի վճռի և վերջինիս նախադեպային իրավունքի վրա:

Այսպես, Եվրոպական դատարանն իր նախադեպային իրավունքում արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ վճիռը, որով Եվրոպական դատարանն արձանագրել է իրավունքի խախտում, պատասխանող պետությանը պարտավորեցնում է դադարեցնել իրավախախտումը և դրա հետևանքների դիմաց հատուցել այնպես, որ հնարավորինս վերականգնվի մինչև իրավախախտումը գոյություն ունեցած վիճակը: Իսկ այն դեպքում, երբ restitutiօ in integrum սկզբունքի իրականացումը գործնականում հնարավոր չէ, ապա պատասխանող պետությունն ազատ է վճիռը կատարելու միջոցների ընտրության հարցում (տե՛ս, Papamichalopoulos and others v. Greece գործով Եվրոպական դատարանի 31.10.1995 թվականի վճիռը, կետ 34, Selcuk and Asker v. Turkey գործով Եվրոպական դատարանի 24.04.1998 թվականի վճիռը, կետ 125):

Վճռաբեկ դատարանը փաստում է, որ միջազգային իրավական պատասխանատվության առաջնային և հիմնարար restitutio in integrum սկզբունքը ենթադրում է մինչև խախտումը գոյություն ունեցած դրության հնարավորինս վերականգնումը և քննարկվող իրավահարաբերությունների շրջանակում ընդգրկում է, inter alia, հետևյալ միջոցառումները.

- դիմումատուին առնչվող գործի վերաբացում, վերաքննություն,

- Կոնվենցիայի խախտման հանգեցնող որոշման չկատարում,

- Կոնվենցիայի խախտմամբ մերժված իրավական կարգավիճակի տրամադրում և այլն:

Ինչ վերաբերում է Եվրոպական դատարանի վճռով խախտում հայտնաբերվելու դեպքում տվյալ գործով պետության կողմից ձեռնարկվող կոնկրետ միջոցներին, ապա Եվրոպական դատարանի Մեծ պալատի ձևավորած նախադեպային իրավունքի համաձայն` պատասխանատու պետությունից պահանջվող միջոցառումները կախված են կոնկրետ գործի հանգամանքներից և պետք է սահմանվեն գործի վերաբերյալ Եվրոպական դատարանի կայացրած վճռի լույսի ներքո` հաշվի առնելով նաև Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքը (տե՛ս, Ocalan v. Turkey գործով Եվրոպական դատարանի 12.05.2005 թվականի վճիռը, կետ 210):

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ օրենսդրությամբ նախատեսված է Եվրոպական դատարանի կողմից կոնվենցիոն իրավունքի խախտում հայտնաբերվելու դեպքում նոր հանգամանքի հիմքով դատական ակտի վերանայման հնարավորությունը, որը բխում է կոնվենցիոն իրավունքի խախտման դեպքում պետության կողմից անհատական միջոցառումներ ձեռնարկելու միջազգային-իրավական պարտավորությունից: Մասնավորապես` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի ուսումնասիրությունից բխում է, որ անձի` Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրով նախատեսված իրավունքի խախտման փաստը, որը հիմնավորվել է Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ գործող միջազգային դատարանի` ուժի մեջ մտած վճռով կամ որոշմամբ, հիմք է դատական ակտը նոր հանգամանքի հիմքով վերանայելու համար:

i

ՀՀ սահմանադրական դատարանը, 31.05.2013 թվականի թիվ ՍԴՈ-1099 և 18.09.2013 թվականի թիվ ՍԴՈ-1114 որոշումներում անդրադառնալով նոր հանգամանքների հիմքով դատական ակտերի վերանայման ինստիտուտին, արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ տվյալ ինստիտուտի սահմանադրաիրավական բովանդակությունը հանգում է նրան, որ դրա միջոցով ապահովվում է խախտված սահմանադրական և (կամ) կոնվենցիոն իրավունքների վերականգնումը: Վերջինս, իրավական պետության հիմնարար սկզբունքներից ելնելով, պահանջում է խախտման արդյունքում տուժողի համար առաջացած բացասական հետևանքների վերացում, ինչն իր հերթին պահանջում է հնարավորինս վերականգնել մինչև իրավախախտումը գոյություն ունեցած վիճակը (restitutio in integrum): Այն դեպքում, երբ անձի սահմանադրական և (կամ) կոնվենցիոն իրավունքը խախտվել է օրինական ուժի մեջ մտած դատական ակտով, այդ իրավունքի վերականգնման նպատակով մինչև իրավախախտումը գոյություն ունեցած վիճակի վերականգնումը ենթադրում է տվյալ անձի համար այնպիսի վիճակի ստեղծում, որը գոյություն է ունեցել տվյալ դատական ակտի բացակայության պայմաններում: Այսինքն` խնդրո առարկա դեպքում խախտված իրավունքի վերականգնումը հնարավոր է ապահովել համապատասխան դատական ակտի իրավական ուժը կորցնելու պարագայում: Բացի այդ, ՀՀ սահմանադրական դատարանը նշել է նաև, որ նոր հանգամանքի հիմքով դատական ակտի վերանայումն անխուսափելիորեն պետք է ipso facto հանգեցնի հակասահմանադրական նորմ կիրառած դատական ակտի և կոնվենցիոն իրավունքի խախտում թույլ տված դատական ակտի բեկանմանը:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի 19.01.2000 թվականի «Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների հիման վրա ներպետական մակարդակում որոշ գործերի վերաքննության կամ վերաբացման մասին» թիվ R (2000)2 հանձնարարականը, անդրադառնալով restitսtiօ in integrսm սկզբունքի արդյունավետ երաշխավորման միջոցներին, դրանց թվում մատնանշում է գործի վերաքննությունը, նոր քննությունը, իսկ որպես գործի վերաքննության հատուկ միջոց է դիտարկվում գործի նորոգումը, այն է` գործի վարույթի վերաբացումը: Վերոնշյալ հանձնարարականի համաձայն` անհատական միջոցառումների ձեռնարկումը, մասնավորապես` գործի վերաբացումը, անհրաժեշտ է հետևյալ երկու պայմանների միաժամանակյա առկայության պարագայում, ինչի պարագայում գործի վերաբացման անհրաժեշտությունը գերակայում է իրավական որոշակիության սկզբունքի մաս կազմող` դատական ակտերի վերջնական լինելու res judicata սկզբունքի նկատմամբ.

1) նյութական կամ դատավարական իրավունքի խախտումը պետք է իր բնույթով լինի այնպիսին, որ լուրջ կասկած հարուցի ներպետական մարմիններում բողոքարկման առարկա վարույթի ելքի արդյունքների կապակցությամբ,

2) դիմումատուն պետք է շարունակի կրել խնդրո առարկա վարույթի ելքը որոշող դատական ակտի բացասական հետևանքները, որոնք բավարար չափով չեն վերականգնվում արդարացի փոխհատուցմամբ և չեն կարող վերացվել այլ կերպ, քան տվյալ դատական ակտի վերանայմամբ կամ գործի վերաբացմամբ:

Ընդհանրացնելով վերոգրյալ իրավական դիրքորոշումները` Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ խախտված կոնվենցիոն իրավունքների վերականգնման պարտավորությունը, իրավական պետության հիմնարար սկզբունքներից ելնելով, պահանջում է խախտման արդյունքում տուժողի համար առաջացած բացասական հետևանքների վերացում: Ընդ որում, պատասխանատու պետությունից պահանջվող միջոցառումները կախված են կոնկրետ գործի հանգամանքներից և պետք է սահմանվեն տվյալ գործով Եվրոպական դատարանի կայացրած վճռի լույսի ներքո` հաշվի առնելով նաև Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքը:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործը հարուցվել է Ընկերության հայցի հիման վրա, որով վերջինս պահանջել է ՀՀ Լոռու մարզի Շնող համայնքում սեփականության իրավունքով Ժորա, Արկադի Ռամազյաններին, Լուսիկ Հարությունյանին պատկանող թիվ 323-003 ծածկագրով 0,053 հեկտար մակերեսով, թիվ 327-014 ծածկագրով 0,075 հեկտար մակերեսով, թիվ 327-015 ծածկագրով 0,254 հեկտար մակերեսով, թիվ 327-016 ծածկագրով 0,212 հեկտար մակերեսով և թիվ 323-005 ծածկագրով անշարժ գույքի` 0,448 հեկտար մակերեսով հողամասերը (խոտհարք) ու թիվ 322-010 ծածկագրով 0,799 հեկտար մակերեսով հողամասը (բազմամյա տնկարկներ) ՀՀ Լոռու մարզի Թումանյանի տարածքային նոտար Սամվել Հակոբի Մայիլյանի դեպոզիտ հաշվին հանձնված համապատասխանաբար 23.000 ՀՀ դրամի, 32.200 ՀՀ դրամի, 108.100 ՀՀ դրամի, 90.850 ՀՀ դրամի, 244.950 ՀՀ դրամի և 694.650 ՀՀ դրամի չափով փոխհատուցմամբ օտարել Ընկերությանը:

«Օլիվեր Գրուպ» ՍՊԸ-ի ուղղված թիվ ԱԳ-3306, թիվ ԱԳ-3303, թիվ ԱԳ-3304, թիվ ԱԳ-3305, թիվ ԱԳ-3346, թիվ ԱԳ-3370 հաշվետվությունների համաձայն, նշված հողերի համարժեք փոխհատուցման գումարը, ներառյալ 15% հավելում, կազմել է համապատասխանաբար` 327-016 ծածկագրով 0.212 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասի շուկայական արժեքը կազմում է 79.000 ՀՀ դրամ, թիվ 327-015 ծածկագրով 0,254 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասի շուկայական արժեքը կազմում է 94.000 ՀՀ դրամ, թիվ 322-010 ծածկագրով 0,799 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասի շուկայական արժեքը կազմում է 28.000 ՀՀ դրամ, թիվ 323-003 ծածկագրով 0,053 հեկտար մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասի շուկայական արժեքը կազմում է 20.000 ՀՀ դրամ, թիվ 323-005 ծածկագրով անշարժ գույքի` 0,448 հեկտար մակերեսով հողամասերի (խոտհարք) շուկայական արժեքը կազմում է, 212.000 ՀՀ դրամ, թիվ 322-010 ծածկագրով 0,799 հեկտար մակերեսով հողամասը (բազմամյա տնկարկներ) շուկայական արժեքը կազմում է 604.000 ՀՀ դրամ:

Դատարանի 07.10.2009 թվականի վճռով Ընկերության հայցը բավարարվել է` վճռվել է «Ժորա Ռամազյանին, Արտակ Ռամազյանին և Լուսիկ Հարությունյանին Լոռու մարզի Շնող համայնքում սեփականության իրավունքով պատկանող 323-003 ծածկագրով 0,053 հեկտար մակերեսով, 327-014 ծածկագրով 0,075 հեկտար մակերեսով, 327-015 ծածկագրով 0,254 հեկտար մակերեսով, 327-016 ծածկագրով 0,212 հեկտար մակերեսով և 323-005 ծածկագրով անշարժ գույքի` 0,448 հեկտար մակերեսով հողամասերը (խոտհարք) ու 322-010 ծածկագրով 0,799 հեկտար մակերեսով հողամասը (բազմամյա տնկարկներ) Լոռու մարզի Թումանյանի տարածքային նոտար Սամվել Հակոբի Մայիլյանի դեպոզիտ հաշվին հանձնած համապատասխանաբար 23.000 (քսաներեք հազար) դրամ, 32.200 (երեսուներկու հազար երկու հարյուր) դրամ, 108.100 (մեկ հարյուր ութ հազար մեկ հարյուր) դրամ, 90.850 (իննսուն հազար ութ հարյուր հիսուն) դրամ, 244.950 (երկու հարյուր քառասունչորս հազար ինը հարյուր հիսուն) դրամ և 694.650 (վեց հարյուր իննսունչորս հազար վեց հարյուր հիսուն) դրամ գումարի չափով փոխհատուցմամբ օտարել «Թեղուտ» ՓԲ ընկերությանը»:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 03.02.2010 թվականի որոշմամբ Ժորա և Արտակ Ռամազյանների վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 07.10.2009 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 24.03.2010 թվականի որոշմամբ Ժորա և Արտակ Ռամազյանների վճռաբեկ բողոքը վերադարձվել է:

i

Ժորա և Արտակ Ռամազյանների թիվ 54769/10 գանգատի հիման վրա Եվրոպական դատարանը 14.02.2019 թվականի վճռով հաստատել է, որ տեղի է ունեցել դիմումատուների` Կոնվենցիայի 1-ին արձանագրության 1-ին հոդվածի խախտում: Եվրոպական դատարանը, մասնավորապես` նշել է, որ «(...) Սույն գործում դիմումատուները նշել են, որ որպես ընտանեկան միավոր` իրենք տնտեսապես կախված են եղել տվյալ հողից, որը եղել է իրենց եկամտի միակ աղբյուրը (...): Այս փաստարկը չի հերքվել պատասխանող Կառավարության կողմից (...): Այս հիմնական հայեցակետը, մասնավորապես այն, որ օտարման հետևանքով դիմումատուները կորցրել են իրենց եկամտի միակ աղբյուրը, հաշվի չի առնվել ներպետական դատարանների կողմից` հատկացվող պատշաճ փոխհատուցման գումարի վերաբերյալ իրենց որոշումներում: Դատարանները որոշել են, որ անկախ հանգամանքներից, դիմումատուներին պետք է տրամադրվի փոխհատուցում, որի չափը որոշվել էր օտարման ենթակա տարածքում գտնվող անշարժ գույքի գների և ակնկալվող եկամուտների հիման վրա: Նրանք չեն դիտարկել այն հարցը, թե արդյոք տրամադրվող փոխհատուցումը կծածկի դիմումատուների` իրենց ապրուստը հոգալու միջոցներից զրկվելու հետ կապված փաստացի կորուստը, կամ արդյոք այն առնվազն բավարար էր, որպեսզի նրանք ձեռք բերեին համարժեք հող այն տարածքում, որտեղ նրանք ապրում էին: Ելնելով վերոնշյալից` Դատարանը գտնում է, որ դիմումատուները ստիպված են եղել ավելորդ առանձին բեռ կրել: Հետևաբար վիճարկվող օտարումն իրականացվել է Կոնվենցիայի թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածի խախտմամբ»:

Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Եվրոպական դատարանի վճռով արձանագրված կոնվենցիոն իրավունքի խախտումը սույն գործով հանգեցրել է Ժորա և Արտակ Ռամազյանների սեփականության իրավունքի խախտման: Մասնավորապես` դատարանները դիմումատուներին վճարման ենթակա փոխհատուցման գումարի չափը որոշել են` բացառապես հիմնվելով «Օլիվեր գրուպ» ՍՊԸ-ի կողմից կազմված գնահատման եզրակացությունների վրա, որն իր գնահատման մեջ կատարել է փոփոխություններ` վարույթի ընթացքում ներկայացնելով ուղղված եզրակացություններ: Չնայած այն փաստին, որ դիմումատուներն ունեցել են այլընտրանքային գնահատման եզրակացություն ներկայացնելու` օրենքով նախատեսված հնարավորություն, ըստ երևույթին, գործնականում նրանք զրկված են եղել այդ հնարավորությունից, քանի որ լիցենզավորված այլ գնահատողներ հրաժարվել են իրականացնել մեկ այլ գնահատում: Դատարանները չեն իրականացրել փորձաքննություն նշանակելու իրենց հայեցողական լիազորությունը` որոշելու համար դիմումատուների գույքի իրական շուկայական արժեքը, որը, ըստ վերջիններիս պնդման, շատ ցածր էր գնահատվել (տե՛ս, Ռամազյանն ընդդեմ Հայաստանի գործով Եվրոպական դատարանի 14.02.2019 թվականի վճիռը, կետ 55):

Այսպիսով, սահմանափակված լինելով մարդու հիմնարար իրավունքներով և ազատություններով, հաշվի առնելով Ռամազյանն ընդդեմ Հայաստանի գործով Եվրոպական դատարանի 14.02.2019 թվականի վճռում արտահայտված իրավական դիրքորոշումները, հիմք ընդունելով խախտված իրավունքների վերականգնման restitutio in integrum սկզբունքի վերաբերյալ վերը շարադրված վերլուծությունները, միևնույն ժամանակ նպատակ ունենալով վերականգնելու Ժորա և Արտակ Ռամազյանների խախտված կոնվենցիոն իրավունքները` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վերջիններիս` մինչև կոնվենցիոն իրավունքի խախտումը եղած դրությունը կարող է վերականգնվել ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 24.03.2010 թվականի «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը վերանայելու և դրա արդյունքում Վերաքննիչ դատարանի 03.02.2010 թվականի որոշումը բեկանելու և գործը նոր քննության ուղարկելու միջոցով:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիմքով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 24.03.2010 թվականի «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը նոր հանգամանքի հիմքով վերանայելու և Վերաքննիչ դատարանի 03.02.2010 թվականի որոշումը բեկանելու համար:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ, 408-րդ և 427-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Նոր հանգամանքի հիմքով վերանայել ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 24.03.2010 թվականի «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը:

2. Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 03.02.2010 թվականի որոշումը և գործն ուղարկել ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

նախագահող Ռ. Հակոբյան

Զեկուցող  Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Ե. Խունդկարյան

Գ. Հակոբյան

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
16.03.2020
N ԼԴ/0593/02/09
Որոշում