Սեղմել Esc փակելու համար:
ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ ԱԼ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ ԱԼԵՔՍԱՆԴՐ ԱԶԱՐՅ ...

 

 

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

    Ք. Երևան                                   ԲԴԽ-30-Ո-Կ-9

09 հուլիսի 2020 թ.

 

ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ ԱԼԵՔՍԱՆԴՐ ԱԶԱՐՅԱՆԻՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

ՀԵՏԵՎՅԱԼ ԿԱԶՄՈՎ`

 

նախագահությամբ`

    Բարձրագույն դատական խորհրդի նախագահի`         Ռ. Վարդազարյանի,

 

    մասնակցությամբ` անդամներ`                     Գ. Բեքմեզյանի,

                                                  Ա. Հայկյանցի,

                                                  Հ. Հովհաննիսյանի,

                                                  Մ. Մակյանի,

                                                  Լ. Մելիքջանյանի,

                                                  Ա. Մխիթարյանի,

                                                  Ս. Չիչոյանի,

                                                  Վ. Քոչարյանի,

 

    Արդարադատության նախարար`                      Ռ. Բադասյանի,

 

    Արդարադատության նախարարի ներկայացուցիչ`       Դ. Գրիգորյանի

 

    Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր`           Ա. Ազարյանի,

                                          

Վերաքննիչ քրեական դատարանի

    դատավորի ներկայացուցիչ`                       Տ. Աթանեսյանի,

 

    քարտուղարությամբ`                             Մ. Թելոյանի,

 

դռնբաց նիստում, քննության առնելով Արդարադատության նախարարի` «ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդությամբ ՀՀ Բարձրագույն դատական խորհրդին դիմելու մասին» 2020 թվականի մայիսի 22-ի թիվ N 55-Ա որոշումը և կից ներկայացված փաստաթղթերը,

 

ՊԱՐԶԵՑ.

 

1. Գործի նախապատմությունը.

Կարգապահական վարույթ հարուցելու առիթ է հանդիսացել Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայության պետի (այսուհետ` Քննչական ծառայություն) 13.03.2020 թվականի Արդարադատության նախարարին ներկայացրած հաղորդումը:

Արդարադատության նախարարի 10.04.2020 թվականի թիվ 44-Ա որոշմամբ Վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ` նաև Դատարան) դատավոր Ալեքսանդր Ազարյանի (այսուհետ` նաև Դատավոր) նկատմամբ հարուցվել է կարգապահական վարույթ:

Արդարադատության նախարարի 22.05.2020 թվականի թիվ N55-Ա որոշմամբ միջնորդություն է ներկայացվել Բարձրագույն դատական խորհրդին` Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ:

 

2. Վարույթ հարուցած մարմնի դիրքորոշումը.

Դիմողը նշել է, որ Քննչական ծառայության վարույթում գտնվող թիվ 58173719 քրեական գործով մեղադրյալին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու մասին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 19.02.2020 թվականի որոշման դեմ ներկայացված վերաքննիչ բողոքի քննության ընթացքում` 05.03.2020 թվականին կայացած դատական նիստին, Քննչական ծառայության ընդհանուր բնույթի հանցագործությունների քննության վարչության ՀԿԳ ավագ քննիչ Հ. Մուշեղյանի (այսուհետ` նաև Քննիչ) կողմից Դատավորին ներկայացվել է ինքնաբացարկի միջնորդություն: Միջնորդության հրապարակումից և դատավարության մասնակիցների կարծիքները լսելուց անմիջապես հետո Դատավորը հեռացել է խորհրդակցական սենյակ, որտեղից վերադառնալով` հրապարակել է ինքնաբացարկի միջնորդությունը մերժելու մասին որոշման եզրափակիչ մասը:

Դատավորը, ազատորեն արտահայտելով իր կարծիքը, քննադատել է այն անձանց մասնագիտական գիտելիքները և գործունեությունը, ում հետ նա առնչություն է ունենում իր պաշտոնեական պարտականությունները կատարելիս, որպիսիք կարող են հանդիսանալ նաև պետության իրավապահ մարմնի ներկայացուցիչներ, ինչն առնվազն անկողմնակալ դիտորդի մոտ ստեղծում է Դատարանի կողմնակալության կամ խտրական վերաբերմունքի տպավորություն:

Մասնավորապես, Դատավորը համոզմունք է հայտնել առ այն, որ Քննչական ծառայությունը վատ է աշխատում: Պետական մարմնի աշխատանքի արդյունքը «վատ» որակելն առնվազն և առաջին հերթին անհարգալից վերաբերմունքի դրսևորում է այդ մարմնի ղեկավարի և համապատասխան աշխատակիցների նկատմամբ, միևնույն ժամանակ անկողմնակալ դիտորդի մոտ ստեղծում է այդ մարմնի նկատմամբ Դատարանի կողմնակալության կամ խտրական վերաբերմունքի տպավորություն:

Դատավորի արտահայտություններն ուղղակիորեն չեն բխում Դատարանի լիազորություններից, հետևաբար անտեղի են, դրա հետ մեկտեղ հանդիսանում են անհարգալից վերաբերմունքի դրսևորում այն անձանց նկատմամբ, ում հետ Դատարանը շփվում է ի պաշտոնե: Նշվածը հիմնավորվում է նաև այն հանգամանքով, որ Դատարանը որոշմամբ հանգամանորեն անդրադառնալով միջնորդության հիմքում դրված` Քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործերով ծառայության դիրքորոշմանը հակառակ որոշումներ կայացված լինելու փաստարկին` հերքել է այն բոլորովին այլ պատճառաբանությամբ: Բացի այդ Դատավորը, հույս հայտնելով, որ Քննիչը չի իջնի Քննչական ծառայության պետի մակարդակին և վիճարկի օրինական ուժի մեջ մտած դատական ակտերի օրինականությունը, կրկին հրապարակայնացրել է իր կարծիքն առ այն, որ Քննչական ծառայության պետի մասնագիտական գիտելիքները ոչ պատշաճ մակարդակի են: Գործի փաստերի համադրումից հետևում է, որ Դատավորը մինչև սույն հայտարարությունն անելն արդեն իսկ Քննչական ծառայության պետի իրավաբանական գիտելիքների մակարդակը համեմատել է իրավաբանական ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանողի գիտելիքների մակարդակի հետ` միաժամանակ համարելով, որ դա հարիր չէ իրավաբանի որակավորում ունեցող անձին: Միաժամանակ Դատարանը, «վազելով գնամ, փոխեմ որոշումը, բերեմ, էդ էլ գրեմ, հեսա գնամ որոշումը փոխեմ, էդ բառերն էլ գրեմ» արտահայտությունը թույլ տալով, անբարեկիրթ վերաբերմունք է դրսևորել դատավարության մասնակցի նկատմամբ, ինչը նաև դատարանի գործառույթներին և դատավորի կարգավիճակին անհարիր վարքագիծ է, որպիսի հանգամանքն ինքնին նսեմացնում է դատարանի հեղինակությունը:

Այսպիսով, Դատավորը թիվ ԵԴ/1296/06/19 դատական գործով 05.03.2020 թվականի և 06.03.2020 թվականի դատական նիստերի ընթացքում «հատուկ քննչական ծառայության վատ աշխատանքի արդյունքն է, (...) հույս ունեմ, որ քննիչը չի իջնի հատուկ քննչական ծառայության պետի մակարդակին և վիճարկի օրինական ուժի մեջ մտած դատական ակտերի օրինականությունը, (...) վազելով գնամ, փոխեմ որոշումը, բերեմ, էդ էլ գրեմ, հեսա գնամ որոշումը փոխեմ, էդ բառերն էլ գրեմ» արտահայտությունները թույլ տալով` դրսևորել է անհարգալից և անբարեկիրթ վերաբերմունք այն անձանց նկատմամբ, ում հետ շփվում է ի պաշտոնե, որի արդյունքում թույլ է տվել «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետում ամրագրված վարքագծի կանոնի խախտում:

Նույն արտահայտությունները թույլ տալով` Դատավորը զերծ չի մնացել իր խոսքով ողջամիտ, անկողմնակալ դիտորդի մոտ կողմնակալության կամ խտրականության տպավորություն ստեղծելուց, քանի որ հանրային իշխանության մարմնի կամ դրա ներկայացուցչի հասցեին անհարգալից դիտողություններ անելը, տվյալ մարմնի աշխատանքի արդյունավետության վերաբերյալ իր լիազորությունների շրջանակից դուրս գնահատականներ տալն ինքնին խաթարում է վստահությունը դատական իշխանության հանդեպ, ինչի արդյունքում Դատարանն այլևս չի ընկալվում որպես անկախ և անաչառ, ինչն էլ իր հերթին խոչընդոտում է արդարադատություն իրականացնող մարմնի նկատմամբ վստահության ձևավորմանը: Արդյունքում, Դատավորը թույլ է տվել «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետում ամրագրված վարքագծի կանոնի խախտում:

Ավելին, Քննչական ծառայությունը և վերջինիս ղեկավարը իրականացնում են հատուկ լիազորություններ և պետք է ունենան հանրային վստահություն, ինչը պահանջում է պաշտպանվածություն վիրավորական արտահայտություններից: Տվյալ դեպքում Դատարանը, գտնվելով հանրության ուշադրության կենտրոնում, հոգ չի տարել լրացուցիչ շրջահայացություն ապահովելու հարցում: Մասնավորապես թույլ է տվել այնպիսի անհարգալից արտահայտություններ և գնահատականներ, որոնցով իր անվստահությունն է հայտնել այդ պետական կառույցի և նրա ղեկավարի նկատմամբ, որը հանգեցրել է վերջինիս հեղինակության նսեմացմանը, միաժամանակ ողջամիտ և անկողմնակալ դիտորդի մոտ ստեղծել է Դատարանի կողմնակալության կամ խտրական վերաբերմունքի տպավորություն:

Դատավորի կողմից վարքագծի կանոնների խախտումը կրում է կոպիտ բնույթ` հաշվի առնելով Դատավորի կողմից թույլ տրված արտահայտությունների բովանդակությունը, քանի որ դրանք լինելով անհարգալից` միաժամանակ ուղղված են անձանց գործունեությանը, մասնագիտական գիտելիքներին, դատավորի կարգավիճակին, որոնք իրենց հերթին հեղինակազրկում են դատական իշխանությունը:

Կարգապահական վարույթի նյութերի ուսումնասիրությունից բխում է, որ վարքագծի կանոնների խախտումը Դատավորի կողմից թույլ է տրվել կոպիտ անփութությամբ, այն է` վերջինս չի գիտակցել իր վարքագծի ոչ իրավաչափ բնույթը, սակայն տվյալ իրադրությունում կարող էր և պարտավոր էր դա անել:

Համադրելով սույն կարգապահական վարույթի շրջանակներում առկա փաստերը` Արդարադատության նախարարը գտել է, որ Դատավորը թույլ է տվել «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 5-րդ կետերով սահմանված դատավորի վարքագծի կանոնի խախտում:

 

3. Դատավորի դիրքորոշումը հարուցված կարգապահական վարույթի վերաբերյալ.

Հարուցված կարգապահական վարույթի շրջանակներում Դատավորի ներկայացուցիչ Տիգրան Աթանեսյանը ներկայացրել է գրավոր պատասխան Բարձրագույն դատական խորհրդին` հայտնելով, որ 05.03.2020 թվականին և 06.03.2020 թվականին հրավիրված դատական նիստերի ընթացքում Դատավորի հնչեցրած արտահայտությունները չեն պարունակում որևէ կարգապահական զանցանքի տարրեր, ուստի միջնորդությունը ենթակա է մերժման:

Դատավորի ներկայացուցիչը նշել է, որ Արդարադատության նախարարի 10.04.2020 թվականի թիվ 44-Ա կարգապահական վարույթ հարուցելու մասին որոշման մեջ բացակայում է նշում կամ նկարագրություն, թե Դատավորի կոնկրետ որ գործողությունն է համարվում զանցանք և դատավորի վարքագծի կանոններից կոնկրետ որն է խախտվել: Նշվածը պարզաբանելու կապակցությամբ Արդարադատության նախարարին ներկայացված միջնորդությանն ի պատասխան ստացված գրության մեջ նշվել է, որ Դատավորն առերևույթ թույլ է տվել «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետի խախտում, սակայն նույն գրության մեջ դարձյալ որևէ անդրադարձ չի կատարվել, թե այդ խախտումը, ըստ նախարարի, Դատավորի որ գործողությամբ է կատարվել: Այսինքն, բացակայել է կարգապահական խախտման նկարագրությունը, որի արդյունքում Դատավորը զրկվել է բացատրություն տալու իր իրավունքից, քանի որ պարզ չի եղել, թե կոնկրետ որ գործողությամբ է նա կատարել ենթադրյալ խախտումը և ինչում է այն կայանում:

Դատավորի ներկայացուցիչը հայտնել է, որ վարույթ հարուցելու հիմք է հանդիսացել Քննչական ծառայության պետ Ս. Խաչատրյանի 12.03.2020 թվականի հաղորդումը: 22.05.2020 թվականի որոշման մեջ Արդարադատության նախարարի կողմից` որպես կարգապահական խախտում դիտվել է 05.03.2020 թվականի և 06.03.2020 թվականի թիվ ԵԴ/1296/06/19 դատական գործով հրավիրված նիստերի ընթացքում հնչեցված արտահայտությունները: 05.03.2020 թվականի դատական նիստին հնչեցված արտահայտությունը ներառված է Քննչական ծառայության պետի հաղորդման մեջ, սակայն 06.03.2020 թվականի նիստի ընթացքում Դատավորի կողմից արված արտահայտության մասին հաղորդման մեջ չկա որևէ ակնարկ:

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 146-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 3-րդ կետերի վկայակոչմամբ Դատավորի ներկայացուցիչը նշել է, որ հարուցված կարգապահական վարույթի շրջանակներում Արդարադատության նախարարն իրավասու չի եղել դուրս գալ հարուցման հիմք հանդիսացող հաղորդման շրջանակներից, ուստի 06.03.2020 թվականի նիստի ընթացքում տեղի ունեցած որևէ իրադարձություն 22.05.2020 թվականի որոշման մեջ չի կարող ներառվել:

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 146-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 3-րդ կետերը չեն կարող միախառնվել իրար, քանի որ առաջանում է իրավական անորոշություն և դատավորի պաշտպանության իրավունքի ոտնահարում. նա պարզապես չգիտի և չի կարող իմանալ թե ինչպիսի «փաստացի մեղադրանքներից» պետք է պաշտպանվի:

Դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու որոշումից հետո ողջ կարգապահական վարույթի իմաստը և նպատակը կայանում են ոչ թե նոր խախտումներ գտնելու մեջ, այլ վարույթ հարուցելու որոշման մեջ նկարագրված սպառիչ կարգապահական զանցանք պարունակող արարքը հիմնավորելու կամ հերքելու մեջ: Որևէ այլ մեկնաբանություն խաթարում է իրավունքի հանրահայտ սկզբունքները:

Բարձրագույն դատական խորհրդում գործի քննության ժամանակ Դատավորը հայտնել է, որ 05.03.2020 թվականի դատական նիստին Քննիչի կողմից ներկայացված ինքնաբացարկի հիմքում դրվել է իր` Քննչական ծառայության նկատմամբ կանխակալ վերաբերմունք ունենալը, քանի որ նախկինում ինքը կայացրել է Քննչական ծառայության դիրքորոշմանը հակառակ թվով 8 դատական ակտ: Նշել է, որ ինքնաբացարկի միջնորդությունը մերժելու մասին որոշման էությունը պարզաբանելու ժամանակ հայտնել է, որ նախկինում կայացրել է նման ակտեր, սակայն դրանք մտել են օրինական ուժի մեջ, ինչը վկայում է ոչ թե Քննչական ծառայության նկատմամբ իր կողմնակալության, այլ կոնկրետ գործերով Քննչական ծառայության ոչ օբյեկտիվ դիրքորոշումների, քննիչների վատ աշխատանքի մասին: Այնուհետև կրկնելով, որ դատական ակտերը մտել են օրինական ուժի մեջ` ասել է, որ հույս ունի, որ Քննիչը չի իջնի Քննչական ծառայության պետի մակարդակին և չի վիճարկի օրինական ուժի մեջ մտած դատական ակտերի օրինականությունը: Բացի այդ, Քննչական ծառայության պետը հրապարակային ելույթի ժամանակ 13.08.2018 թվականին թույլ է տվել գնահատական տալ իր կողմից կայացված և նրա կողմից դեռևս անծանոթ դատական ակտին` այն անվանելով ապօրինի, որն անթույլատրելի է: Նշել է նաև, որ Քննչական ծառայության պետը, լինելով իրավաբան, պաշտոնյա, իր հրապարակային ելույթի ժամանակ փաստացի կասկածի տակ է դրել իր կողմից կայացված դատական ակտերի օրինականությունը, որը դարձյալ անթույլատրելի է: Դատավորը հավելել է, որ 05.03.2020 թվականից մեկ շաբաթ առաջ կայացրել է նույնաբովանդակ ինքնաբացարկի միջնորդությունը նույն հիմքով մերժելու մասին որոշում և արել նույն արտահայտությունները, սակայն, իր համոզմամբ, այդ գործով Քննչական ծառայությունը հաղորդում չի ներկայացրել իր նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու համար, քանի որ տվյալ գործով կայացվել է դատական ակտ` հօգուտ Քննչական ծառայության:

 

4. Հարուցված կարգապահական վարույթի համար էական նշանակություն ունեցող հանգամանքները.

1. Քննչական ծառայության վարույթում գտնվող թիվ 58173719 քրեական գործով Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի մեղադրյալին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու մասին 19.02.2020 թվականի թիվ ԵԴ/1296/06/19 որոշման դեմ պաշտպանական կողմի ներկայացրած վերաքննիչ բողոքը Դատավորի 03.03.2020 թվականի որոշմամբ ընդունվել է վարույթ` դատական նիստ նշանակելով 05.03.2020 թվականին:

2. Թիվ ԵԴ/1296/06/19 դատական գործով վերաքննիչ բողոքի քննության ընթացքում Վերաքննիչ քրեական դատարանը 05.03.2020 թվականին, 10.03.2020 թվականին կայացրել է Քննիչի, իսկ 09.03.2020 թվականին ՀՀ ՀՔԾ մինչդատական վարույթում օրինականության նկատմամբ վերահսկողության վարչության դատախազ Մ. Մարգարյանի կողմից ներկայացված ինքնաբացարկի միջնորդությունները մերժելու մասին որոշումներ:

3. 05.03.2020 թվականին և 06.03.2020 թվականին կայացած դատական նիստերի ընթացքում Դատավորն անդրադարձել է միջնորդության մերժման հիմքերին` մասնավորապես հայտարարելով հետևյալը. «հատուկ քննչական ծառայության վատ աշխատանքի արդյունքն է, (...) հույս ունեմ, որ Քննիչը չի իջնի հատուկ քննչական ծառայության պետի մակարդակին և վիճարկի օրինական ուժի մեջ մտած դատական ակտերի օրինականությունը, (...) վազելով գնամ, փոխեմ որոշումը, բերեմ, էդ էլ գրեմ, հեսա գնամ որոշումը փոխեմ, էդ բառերն էլ գրեմ» արտահայտությունները:

 

5. Բարձրագույն դատական խորհրդի պատճառաբանությունները և եզրահանգումները.

Քննարկելով Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ հարցը, լսելով Արդարադատության նախարարի հաղորդումը, Դատավորի բացատրությունը, ուսումնասիրելով կարգապահական վարույթի նյութերը և հետազոտելով ապացույցները` Բարձրագույն դատական խորհուրդը գտնում է, որ ներկայացված միջնորդությունը ենթակա է մերժման` հետևյալ պատճառաբանությամբ.

i

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի1 142-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերի համաձայն` դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերն են` դատավորի կողմից սույն օրենսգրքով սահմանված` արդարադատություն կամ որպես դատարան` օրենքով նախատեսված այլ լիազորություններ իրականացնելիս նյութական կամ դատավարական իրավունքի նորմի ակնհայտ և կոպիտ խախտումը, դատավորի վարքագծի կանոնները կոպիտ խախտելը, որը կատարվել է դիտավորությամբ կամ կոպիտ անփութությամբ (...): Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` (...) ակնհայտ է դատավորի կողմից արդարադատություն իրականացնելիս նյութական կամ դատավարական իրավունքի նորմի այն խախտումը, որի առկայությունը չի կարող կասկածի տակ դրվել որևէ ողջամիտ իրավական ենթադրությամբ կամ փաստարկով: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` կոպիտ է դատավորի կողմից արդարադատություն իրականացնելիս նյութական կամ դատավարական նորմի կամ դատավորի վարքագծի կանոնի այն խախտումը, որը հեղինակազրկում է դատական իշխանությունը: Կոպիտ է նաև դատավորի կողմից արդարադատություն իրականացնելիս նյութական կամ դատավարական իրավունքի նորմի կամ դատավորի վարքագծի կանոնի պարբերաբար կատարված այն խախտումը, որը, առանձին վերցրած, կարող է այդպիսին չհամարվել, սակայն իր պարբերականությամբ հեղինակազրկում է դատական իշխանությանը: «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետի համաձայն` դատավորը ի պաշտոնե գործելիս պարտավոր է հարգալից և բարեկիրթ վերաբերմունք ցուցաբերել դատավարության մասնակիցների, դատավորների, դատարանի աշխատակազմի և բոլոր այն անձանց նկատմամբ, որոնց հետ դատավորը շփվում է ի պաշտոնե:

____________________________

1 «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքին հղումները կկատարվեն մինչև ԱԺ կողմից ««ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-197-Ն օրենքի 02.05.2020թ. ուժի մեջ մտնելու խմբագրությամբ:

 

Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ հարցը լուծելու համար Բարձրագույն դատական խորհուրդն էական է համարում հետևյալ հարցադրումները.

1. արդյո՞ք Դատավորը խախտել է ի պաշտոնե գործելիս ողջամիտ, անկողմնակալ դիտորդի մոտ իր կողմնակալության կամ խտրականության տպավորություն ստեղծելուց զերծ մնալու, հարգալից և բարեկիրթ վերաբերմունք ցուցաբերելու վարքագծի կանոնները,

2. արդյո՞ք նշված վարքագծի կանոնների խախտումը կարող է որակվել «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի իմաստով որպես կոպիտ:

i

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 66-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատավորի վարքագծի կանոնները սահմանվում են սույն օրենսգրքով և պարտադիր են բոլոր դատավորների համար: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` դատավորի վարքագծի կանոնների նպատակն է դատավորի և սույն հոդվածի 2-րդ մասում նշված անձանց կողմից վարքագծի կանոնները պահպանելու միջոցով նպաստել դատարանի անկախության ու անաչառության ապահովմանը, ինչպես նաև դատարանի նկատմամբ վստահության և հարգանքի ձևավորմանը:

i

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 67-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը համապատասխանաբար սահմանում են, որ դատավորը պարտավոր է պահպանել սույն օրենսգրքով սահմանված վարքագծի կանոնները: Վարքագծի կանոնները չպահպանելը սույն օրենսգրքով սահմանված դեպքերում և կարգով կարող է հանգեցնել դատավորի կարգապահական պատասխանատվության: Դատավորը պարտավոր է մասնակցել վարքագծի բարձր չափորոշիչների արմատավորմանը` ինչպես անձամբ պահպանելով վարքագծի կանոնները, այնպես էլ հետամուտ լինելով այլ դատավորների և դատարանի աշխատակազմի կողմից դրանց պահպանմանը:

i

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի համաձայն` ի պաշտոնե գործելիս դատավորը պարտավոր է լինել անաչառ և զերծ մնալ իր խոսքով կամ վարքագծով կողմնակալություն կամ խտրականություն դրսևորելուց կամ ողջամիտ, անկողմնակալ դիտորդի մոտ նման տպավորություն ստեղծելուց, նույն մասի 5-րդ կետի համաձայն` հարգալից և բարեկիրթ վերաբերմունք ցուցաբերել դատավարության մասնակիցների, դատավորների, դատարանի աշխատակազմի և բոլոր այն անձանց նկատմամբ, որոնց հետ դատավորը շփվում է ի պաշտոնե:

Անդրադառնալով դատավորի վարքագծի` դատավարության մասնակիցների, դատավորների, դատարանի աշխատակազմի և բոլոր այն անձանց նկատմամբ ի պաշտոնե շփվելիս հարգալից և բարեկիրթ վերաբերմունք ցուցաբերելու կանոնին` Բարձրագույն դատական խորհուրդն ընդգծում է, որ դատավորը, Սահմանադրությամբ օժտված լինելով արդարադատություն իրականացնելու բացառիկ իրավասությամբ, պետք է գիտակցի, որ յուրաքանչյուր դատավոր ներկայացնում է պետության արդարադատությունը, և նրա վարքագծի գործոնն առանցքային է արդարադատության նկատմամբ հասարակության վերաբերմունքի ձևավորման հարցում: Նշվածի գիտակցմամբ դատավորը պարտավոր է դրսևորել վարքագծի ամենաբարձր չափանիշները` ապահովելու համար արդարադատության նկատմամբ հասարակության վստահությունը:

Այդ պատճառով էլ ՀՀ օրենսդրությունը նախատեսում է, որ դատավորներ կարող են լինել մասնագիտական, գործնական և բարոյական բարձր հատկանիշներով օժտված անձինք: Այդ պահանջը բխում է նաև դատավորի կարգավիճակի մասին միջազգային փաստաթղթերի, մասնավորապես` Եվրոպական խարտիայի (1998թ.) դրույթներից, համաձայն որոնց` յուրաքանչյուր ոք դատական մարմիններից և ամեն մի դատավորից իրավաչափորեն ակնկալում է ձեռնհասություն, անկախություն և անկողմնակալություն:

Դատավորի վարքագծի կանոնների պահպանման անհրաժեշտությունը Բարձրագույն դատական խորհուրդը ցանկանում է կարևորել նաև անհատական ընկալման մեջ դատավորի, դատավարության մասնակիցների, և ընդհանրապես դատարանի հետ առնչվող ցանկացած անձի արժանապատվությունը որևէ բացասական անդրադարձով չնսեմացնելու տիրույթում: Արժանապատվությունը` սեփական հատկությունների, կարողությունների, ունակությունների, աշխարհայացքի և հասարակական արժևորումների ընդհանուր ինքնագնահատականն է: Դատավորն ի պաշտոնե շփումներում պետք է դրսևորի ինչպես իր, այնպես էլ այլ անձանց արժանապատվությունը կարևորող վարքագիծ:

Ի պաշտոնե գործելիս դատավորի անաչառ լինելու, իր խոսքով կամ վարքագծով կողմնակալություն կամ խտրականություն դրսևորելուց, կամ ողջամիտ, անկողմնակալ դիտորդի մոտ նման տպավորություն ստեղծելուց զերծ մնալու վարքագծի կանոնն ինքնին թելադրում է, որ իր վարքագծով դատավորը հասարակության մոտ պետք է համոզմունք ձևավորի, որ կողմերը դատարանում հասնելու են արդարության: Դատավորի նաև քաղաքավարի, հարգալից և համբերատար վարքագծով է պայմանավորվում նրա կայացրած որոշման արդարացիության նկատմամբ հակադիր կողմերի վստահության հավանականությունը:

Դատավորը պարտավոր է իր պաշտոնեական լիազորություններն իրականացնել առանց նախապատվության, կողմնակալության կամ խտրականության դրսևորման կամ անգամ այդպիսի պատրանք ստեղծելու: Դատավորը հնարավորինս իրեն պետք է դրսևորի այնպես, որպեսզի նվազագույնի հասցնի դատական նիստը վարելու կամ դատական գործի վերաբերյալ որոշում կայացնելու համար բացարկի հիմք հանդիսացող դեպքերը:

Այսպիսով, արդարադատության իրականացման և, մասնավորապես, դատական իշխանության կայացրած որոշումների նկատմամբ հանրության վստահության ապահովման կարևոր նախապայման է, որ դատավորը ոչ միայն լինի, այլ նաև ընկալվի որպես չեզոք անձ: Այդ իսկ պատճառով դատավարական օրենքներով նախատեսված է գործի քննությունից դատավորի հեռացման պահանջ այն բոլոր դեպքերում, երբ դատավորի անկողմնակալությունը ողջամտորեն կարող է կասկածի տակ դրվել:

Քննարկվող պարագայում, անդրադառնալով Արդարադատության նախարարի` միջնորդությամբ վկայակոչված Դատավորի կողմից 05.03.2020 թվականի և 06.03.2020 թվականի դատական նիստերին արված արտահայտությունների` որպես դատավորի վարքագծի կանոնների խախտման իրավաչափությանը, Բարձրագույն դատական խորհուրդը գտնում է, որ Դատավորի կողմից հնչեցված արտահայտությունները կարող են որակվել որպես «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով սահմանված` դատավորի ի պաշտոնե գործելիս հարգալից և բարեկիրթ վերաբերմունք ցուցաբերելու վարքագծի կանոնի խախտումներ այնքանով, որքանով Դատավորը զերծ չի մնացել Քննչական ծառայության պետի կողմից հնչեցված դատողություններին դատական նիստում արձագանքելուց: Մասնավորապես, Դատավորը «հատուկ քննչական ծառայության վատ աշխատանքի արդյունքն է, (...) հույս ունեմ, որ քննիչը չի իջնի հատուկ քննչական ծառայության պետի մակարդակին և վիճարկի օրինական ուժի մեջ մտած դատական ակտերի օրինականությունը, (...) վազելով գնամ, փոխեմ որոշումը, բերեմ, էդ էլ գրեմ, հեսա գնամ որոշումը փոխեմ, էդ բառերն էլ գրեմ» արտահայտություններով չի ցուցաբերել բավարար հարգալից վերաբերմունք ուղղակի դատավարության մասնակից չհանդիսացող և դատավորի արտահայտությունների հասցեատեր քննչական ծառայության և քննչական ծառայության պետի նկատմամբ, ինչով պայմանավորված անուղղակիորեն նաև այդ կառույցը ներկայացնող և դատավարության մասնակից հանդիսացող քննիչի նկատմամբ:

i

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 142-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն` դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերն են`

1) (...)

2) դատավորի կողմից սույն օրենսգրքով սահմանված` դատավորի վարքագծի կանոնները կոպիտ խախտելը, որը կատարվել է դիտավորությամբ կամ կոպիտ անփութությամբ.

Նույն հոդվածի 3-րդ, 4-րդ և 5-րդ մասերը համապատասխանաբար սահմանում են` 3. կոպիտ է դատավորի կողմից արդարադատություն իրականացնելիս նյութական կամ դատավարական նորմի կամ դատավորի վարքագծի կանոնի այն խախտումը, որը հեղինակազրկում է դատական իշխանությունը: Կոպիտ է նաև դատավորի կողմից արդարադատություն իրականացնելիս նյութական կամ դատավարական իրավունքի նորմի կամ դատավորի վարքագծի կանոնի պարբերաբար կատարված այն խախտումը, որը, առանձին վերցրած, կարող է այդպիսին չհամարվել, սակայն իր պարբերականությամբ հեղինակազրկում է դատական իշխանությանը:

4. Սույն գլխի իմաստով` արարքը համարվում է դիտավորությամբ կատարված, եթե դատավորը գիտակցել է իր վարքագծի ոչ իրավաչափ բնույթը:

5. Սույն գլխի իմաստով` արարքը համարվում է կոպիտ անփութությամբ կատարված, եթե դատավորը չի գիտակցել իր վարքագծի ոչ իրավաչափ բնույթը, թեև տվյալ իրադրությունում կարող էր և պարտավոր էր դա անել:

Վերոնշյալ նորմի վերլուծությունից հետևում է, որ Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմք կարող է հանդիսանալ դատավորի կողմից դատավորի վարքագծի նույն օրենքով սահմանված կանոնները կոպիտ խախտելը, որը կատարվել է դիտավորությամբ կամ կոպիտ անփութությամբ: Այսինքն` օրենսդիրը Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելը հնարավոր է համարել մի քանի վավերապայմանների միաժամանակյա առկայության դեպքում:

Մասնավորապես, Օրենսգրքով սահմանված վարքագծի կանոնի խախտումը կարող է կոպիտ գնահատվել և Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմք հանդիսանալ միայն այն դեպքում, եթե այդ խախտումը հեղինակազրկում է դատական իշխանությունը:

«Դատական իշխանությունը հեղինակազրկել», «դատական իշխանության անկախության և անաչառության վերաբերյալ հանրության վստահությունը նվազեցնել» ձևակերպումները, որոնք ամրագրված են Օրենսգրքով, հստակ չեն բացահայտում կարգապահական պատասխանատվության հիմքերի բովանդակային ծավալները: Եվ օրենսդրությամբ Բարձրագույն դատական խորհրդին է վերապահված դրանց բովանդակային մեկնաբանման իրավասությունը` որպես օրենքը կիրառող մարմնի:

Վերոգրյալի հիման վրա, Բարձրագույն դատական խորհուրդը, հաշվի առնելով ներպետական և եվրոպական իրավունքի հիմնարար սկզբունքները, գտնում է, որ որպես «Դատական իշխանությունը հեղինակազրկող», «դատական իշխանության անկախության և անաչառության վերաբերյալ հանրության վստահությունը նվազեցնող» կարող է գնահատվել դատավորի կողմից դրսևորած այնպիսի վարքագիծը, որը սահմանազանցում է ներպետական և եվրոպական իրավունքի հիմնարար սկզբունքներով թույլատրելի պահանջները, չի հետապնդում իրավաչափ նպատակ, առաջացնում է այնպիսի հետևանքներ, որոնք որևէ ողջամիտ փաստարկով չեն կարող ընդունելի համարվել ժողովրդավարական և իրավական պետությունում:

«Ժողովրդավարություն` իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողով) կողմից ՀՀ Դատական օրենսգրքի փոփոխությունների և որոշ այլ օրենքների վերաբերյալ 2019թ. ընդունված Կարծիք N 963/2019 CDL-AD (2019)024 համաձայն` Վենետիկի հանձնաժողովն արձանագրել է, որ «... Անշուշտ, դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու որոշ հիմքեր ձևակերպված են շատ անորոշ. «դատական իշխանությունը հեղինակազրկել» կամ «դատական իշխանության անկախության և անաչառության վերաբերյալ հանրության վստահությունը նվազեցնել» ձևակերպումները` ամրագրված 69-րդ հոդվածում, դրանց թվին են պատկանում: Այնուհանդերձ, որոշ չափով անխուսափելի է, որ օրենսդիրն օգտագործի անորոշ ձևակերպումներ ապահովելու համար ճկունություն...:

i

Այն դեպքում, երբ օրենսդրի կողմից օգտագործվում են նման ձևակերպումներ, շատ կարևոր է, թե կոնկրետ ինչ մարմին է նշանակված այդ ձևակերպումների մեկնաբանման և կիրառման համար: Հայաստանում այդ խնդիրը դրված է Բարձրագույն դատական խորհրդի վրա, որն ունի բավարար ինստիտուցիոնալ անկախություն և առաջարկում է արդար դատաքննության հիմնարար երաշխիքներ (տես` Դատական օրենսգրքի 14-րդ գլուխը): Կարևոր է նաև այն, որ կարգապահական պատասխանատվությունը կարող է կիրառվել միայն դատավորի վարքագծի կանոնների խախտման համար, այլ ոչ թե ավելի անորոշ ձևակերպման «էթիկայի նորմերի» խախտման համար (տես` Դատական օրենսգրքի 68 (3) հոդվածը): ՈՒստի, հնարավոր է թողնել այդ բաց/անորոշ չափորոշիչների հետագա զարգացումն ու մասնավորեցումը Բարձրագույն դատական խորհրդին` պայմանով, որ այն հետևի իրավունքի այլ պատվիրաններին/սկզբունքներին (դատավորի դիտավորությանը կամ կոպիտ անփութությանն առնչվող, խախտման նյութական հետևանքներին առնչվող և այլն ...)»:

Բարձրագույն դատական խորհուրդը, գնահատելով Դատավորի կողմից թույլ տրված վարքագծի կանոնները խախտող արտահայտությունները, գտնում է, որ դրանք չեն հանդիսանում Օրենսգրքի իմաստով կոպիտ` հետևյալ պատճառաբանությամբ.

Քննվող դեպքում Դատավորը, ըստ էության, արձագանքել է Քննչական ծառայության պետի կողմից օրինական ուժի մեջ մտած դատական ակտը հրապարակային ելույթում անօրինական որակելու փաստին:

Դատարանների կողմից կայացված դատական ակտերի նկատմամբ հանրային վստահության ձևավորման, Դատական իշխանության հեղինակության բարձրացման պատասխանատվությունը, ինչպես նշված է վերը, մեծամասամբ դրված է Դատական իշխանության վրա, սակայն իշխանության մյուս ճյուղերը, պետական մարմինները, դրանց ղեկավարները և ընդհանրապես իրավական հանրությունը, անմասն չպետք է մնան այդ պատասխանատվության մեջ չափաբաժին ունենալու հարցում: Նույնիսկ եթե հանրային ընկալման մեջ այդ պատասխանատվությունն ամբողջությամբ Դատական իշխանությանն է վերապահված, ապա, Խորհուրդը գտնում է, որ դատական իշխանությունը հեղինակազրկող, դատական իշխանության նկատմամբ վստահությունը նվազեցնող դրսևորումները պետք է հանրային ընկալմամբ լինեն անընդունելի և դատապարտելի:

Դատական ակտերի վերաբերյալ գնահատականներում առավել նրբանկատ որակումներ արտահայտելու անհրաժեշտությունը թելադրված է նրանով, որ դատական ակտը վերաբերում է առնվազն դատավարության երկու հակադիր կողմերի շահերին: Դատական ակտի վերաբերյալ հնչեցված ոչ նրբանկատ որակումները դատավարության կողմերի համար դատական ակտի նկատմամբ անհարկի նվազ վստահության ձևավորման վրա ուղղակիորեն ազդեցություն ունեցող գործոն կարող են հանդիսանալ` նրանց մոտ ստեղծելով իրավունքի իրացման, պաշտպանության հարցում պատշաճ բավարարում չունենալու չարդարացված տպավորություն:

Նշվածն առավել կարևորվում է այն պարագայում, երբ դա արվում է օրինական ուժի մեջ մտած դատական ակտերի վերաբերյալ և հատկապես այնպիսի պաշտոնատար անձի կողմից, ում ի պաշտոնե ենթադրող մասնագիտական բարձր պատրաստվածության գործոնը նրա հնչեցրած խոսքը հանրային ընկալման համար դարձնում է օբյեկտիվ իրականության գնահատական պարունակող և ճշմարտություն արտահայտող խոսք:

Եվ բոլոր այն դեպքերում, երբ ի հայտ են գալիս դատական իշխանության նկատմամբ վստահությունը նվազեցնող կամ դատական իշխանությունը հեղինակազրկող դրսևորումներ, ապա դատական իշխանության կրողի կողմից չափավոր և համարժեք հակազդեցությունը չի կարող գնահատվել որպես դատական իշխանությունը հեղինակազրկող վարքագիծ:

Բարձրագույն դատական խորհուրդը միաժամանակ գտնում է, որ չափավորության և համարժեքության գնահատականը պետք է պայմանավորված լինի օրինաչափ նպատակներով ու դատական իշխանությունը չհեղինակազրկող հետևանքներով, իսկ հակազդման ընտրված միջոցները պետք է տեղավորվեն Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների մասին եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածով երաշխավորված ազատորեն արտահայտվելու թույլատրելի սահմաններում:

Նշվածի տրամաբանությունը բխում է նաև Դատավորների միջազգային միության Կենտրոնական խորհրդի կողմից 1999թ.-ի նոյեմբերի 17-ին Թայվանում ընդունված և 2017թ. նոյեմբերի 14-ին Սանտյագոյում (Չիլի) վերանայված` Դատավորի համընդհանուր խարտիայի` Դատավորի պաշտպանությունը և հարգանքը դատական ակտերի հանդեպ վերտառությամբ 2.5-րդ հոդվածի 3-րդ պարբերությունից, որի համաձայն` պետք է խուսափել դատական ակտերի այնպիսի քննադատություններից, որոնք կարող են վարկաբեկել դատական համակարգի անկախությունը, վտանգի ենթարկել հասարակության վստահությունը դատական համակարգի հանդեպ: Նման անհիմն պնդումների պարագայում պետք է գործեն այնպիսի մեխանիզմներ, որոնք հնարավորություն կտան դատական գործեր հարուցել և շահագրգիռ դատավորներին պատշաճ կարգով պաշտպանել:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի հովանու ներքո հրապարակված ««Դատական սեմինար» Վստահության ամրապնդումը դատական համակարգի նկատմամբ» հաշվետվողական փաստաթղթում ամրագրված են եվրոպական չափանիշներով ընդունելի մոտեցումները, մասնավորապես, առ այն, որ դատավորի շրջահայաց լինելու պարտավորությունը հետապնդում է որոշակի նպատակ, այն է` դատավորի խոսքն ի տարբերություն փաստաբանների, ընկալվում է, որպես օբյեկտիվ գնահատականի ընկալում, որը պարտավորեցնում է ոչ միայն դատավորին` որպես առանձին սուբյեկտի, այլ նաև ամբողջ դատական համակարգին: Որպես արդարադատության երաշխավոր, դատարանը պետք է վայելի հանրային վստահություն` հաջողությամբ իր պարտականություններն իրականացնելու համար:

Անհրաժեշտություն կարող է առաջանալ պաշտպանելու դատական համակարգը լուրջ վնաս պատճառող հարձակումներից, որոնք սկզբունքորեն անհիմն են` հաշվի առնելով, որ դատավորների շրջահայացության պարտականությամբ վերջիններս սահմանափակված են դրանց հակազդելու հնարավորությունից (Wingerter v. Germany (dec.), no. 43718/98, 21 March 2002)...:

Եվրոպական դատարանն իր մի շարք որոշումներում իրավական դիրքորոշում է արտահայտել առ այն, որ արդարադատության համակարգի գործունեությանը վերաբերող հարցերը հանդիսանում են հանրային հետաքրքրության հարցեր, որոնց հանրային քննարկումները պաշտպանված են Կոնվենցիայի 10-րդ հոդվածով: Սակայն, Եվրոպական դատարանը բազմաթիվ դեպքերում ընդգծել է հասարակության մեջ դատական իշխանության զբաղեցրած հատուկ դերը, որը, որպես արդարադատության երաշխավոր և իրավական պետության հիմնաքար, պետք է վայելի քաղաքացիների վստահությունը, որպեսզի արդյունավետ իրականացնի իր պարտականությունները: Այդ պատճառով կարող է անհրաժեշտ համարվել պաշտպանել այդ վստահությունը դատական իշխանության նկատմամբ հեղինակազրկող և իրենց բնույթով չհիմնավորված հարձակումներից, հատկապես հաշվի առնելով, որ քննադատության ենթարկվող դատավորները պարտավոր են զսպվածություն ցուցաբերել, ինչը խոչընդոտում է նրանց հակադարձելու հարցում (տես` ՄԻԵԴ Պրագերը և Օբերշլիքն ընդդեմ Ավստրիայի գործով 26.04.1995թ. որոշումը, § 34):

Տվյալ դեպքում վարույթ հարուցող մարմինը որպես դատավորի վարքագծի կոպիտ խախտում է գնահատել այն, որ դատական նիստում ինքնաբացարկի որոշումը հրապարակելուց հետո Դատավորը, ազատորեն արտահայտելով իր կարծիքը, քննադատել է այն անձանց մասնագիտական գիտելիքները և գործունեությունը, ում հետ նա առնչություն է ունենում իր պաշտոնեական պարտականությունները կատարելիս, ինչն առնվազն անկողմնակալ դիտորդի մոտ ստեղծում է Դատարանի կողմնակալության կամ խտրական վերաբերմունքի տպավորություն:

Մասնավորապես, Դատավորը համոզմունք է հայտնել առ այն, որ Քննչական ծառայությունը վատ է աշխատում: Պետական մարմնի աշխատանքի արդյունքը «վատ» որակելն առնվազն և առաջին հերթին անհարգալից վերաբերմունքի դրսևորում է այդ մարմնի ղեկավարի և համապատասխան աշխատակիցների նկատմամբ, միևնույն ժամանակ անկողմնակալ դիտորդի մոտ ստեղծում է այդ մարմնի նկատմամբ Դատարանի կողմնակալության կամ խտրական վերաբերմունքի տպավորություն:

Կիսելով վարույթ հարուցող մարմնի ընդհանրական գնահատականներն ու տպավորությունները Դատավորի կողմից արված արտահայտությունների վերաբերյալ հանրային համապատասխան ընկալում ձևավորելու հնարավորության հարցում, Խորհուրդը միաժամանակ գտնում է, որ պետք է հաշվի առնել այն իրողությունը, որ քննարկվող դեպքում ինքնաբացարկի միջնորդությունը դատավարության մասնակցի կողմից ներկայացվել է Դատավորին նաև այն հիմքով, որ Դատավորն ավելի, քան 8/ութ/ անգամ կայացրել է ՀՔԾ դիրքորոշումներին հակառակ ակտեր /ի դեպ դրանք վերադաս դատական ատյանի կողմից թողնվել են անփոփոխ/, իսկ նիստում Դատավորը հայտնեց, որ իր կողմից կայացվել են նաև ՀՔԾ դիրքորոշումներին համահունչ ակտեր, ուստի Խորհուրդն այդ կապակցությամբ չի բացառում արտահայտությունների հանրային այլ ընկալման հնարավորությունը, մասնավորապես, որ դրանք միտում են ունեցել քննիչի ուշադրությունը հրավիրելու նրա աշխատանքի որակի վրա, այն ավելի բարձրացնելու նպատակով:

Ուստի Խորհուրդը գտնում է, որ հանրային տարընկալման հնարավորության պարագայում Դատավորի կողմից թույլ տրված խախտումը չի կարող գնահատվել որպես միանշանակ դատական իշխանությունը հեղինակազրկող կոպիտ խախտում:

Ինչ վերաբերում է վարույթ հարուցող մարմնի այն փաստարկներին, որ Դատավորը, հույս հայտնելով, որ Քննիչը չի իջնի Քննչական ծառայության պետի մակարդակին և վիճարկի օրինական ուժի մեջ մտած դատական ակտերի օրինականությունը, կրկին հրապարակայնացրել է իր կարծիքն առ այն, որ Քննչական ծառայության պետի մասնագիտական գիտելիքները ոչ պատշաճ մակարդակի են և որ Դատավորը մինչև սույն հայտարարությունն անելն արդեն իսկ Քննչական ծառայության պետի իրավաբանական գիտելիքների մակարդակը համեմատել է իրավաբանական ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանողի գիտելիքների մակարդակի հետ` միաժամանակ համարելով, որ դա հարիր չէ իրավաբանի որակավորում ունեցող անձին, և նման արտահայտությունները թույլ տալով, անբարեկիրթ վերաբերմունք է դրսևորել դատավարության մասնակցի նկատմամբ, որպիսի հանգամանքն ինքնին նսեմացնում է դատարանի հեղինակությունը, ապա Բարձրագույն դատական խորհուրդը, հաշվի առնելով Քննչական ծառայության պետի կողմից արված օրենքից չբխող արտահայտությունները, մասնավորապես, Դատավորի կայացրած և օրինական ուժի մեջ մտած դատական ակտը 13.08.2018թ. հրապարակային ելույթի ժամանակ անօրինական գնահատելու փաստը, գտնում է, որ Դատավորը, հակազդելով օրինական ուժի մեջ մտած դատական ակտի վերաբերյալ արտահայտված գնահատականներին, չի անցել չափավորության և համարժեքության սահմանները` հաշվի առնելով հետապնդվող նպատակը, այն է` դատական իշխանության հեղինակությունը պաշտպանելը և հետևանքները, այն է` դատական իշխանության հեղինակազրկումը կանխելը:

i

Վերոշարադրյալի տրամաբանությունը բխում է նաև ՀՀ օրենսդրական կարգավորումներից: Մասնավորապես, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 404-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Վերաքննիչ դատարանի` գործն ըստ էության լուծող և գործն ըստ էության չլուծող դատական ակտերը, ինչպես նաև վերաքննիչ դատարանի` գործն ըստ էության չլուծող դատական ակտերի վերանայման արդյունքում կայացված որոշումները վճռաբեկ դատարան բողոքարկելու իրավունք ունեն`

1) դատավարության մասնակիցները, բացառությամբ քրեական հետապնդման մարմինների, իսկ օրենքով նախատեսված դեպքերում նաև դիմողները.

2) գլխավոր դատախազը և նրա տեղակալները` օրենքով նախատեսված դեպքերում:

i

«Դատախազության մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` գործին մասնակցող դատախազը պարտավոր է բողոքարկել օրինական ուժի մեջ չմտած այն դատական ակտը, որը, իր կարծիքով, հիմնավոր չէ կամ ապօրինի է:

Այսինքն` օրենքով հստակ սահմանված են ինչպես դատական ակտի օրինականությունը կասկածի տակ դնելու, այնպես էլ դատական ակտի դեմ բողոք բերելու իրավունք ունեցող դատավարական սուբյեկտները, որոնց թվում քրեական հետապնդման մարմինները` տվյալ դեպքում ՀՔԾ-ն ներառված չէ:

Ինչ վերաբերում է դատավորի կողմից արված «... վազելով գնամ, փոխեմ որոշումը, բերեմ, էդ էլ գրեմ, հեսա գնամ որոշումը փոխեմ, էդ բառերն էլ գրեմ...» արտահայտությանը, ապա այն, իրոք, անբարեկիրթ վարքագծի տարր է պարունակում և անհարիր է դատավորի կարգավիճակին, սակայն, ընդհանուրի մեջ գնահատվելու պարագայում այն իր աննշանության ու բովանդակային որևէ բացասական իմաստ չարտահայտելու ուժով չի կարող գնահատվել որպես դատարանի հեղինակությունը նսեմացնող, առավել ևս դատական իշխանությունը հեղինակազրկող արտահայտություն:

Բարձրագույն դատական խորհուրդը, կիսելով նաև վարույթ հարուցող մարմնի մտահոգություններն առ այն, որ Քննչական ծառայությունը և վերջինիս ղեկավարը իրականացնում են հատուկ լիազորություններ և պետք է ունենան հանրային վստահություն, ինչը պահանջում է պաշտպանվածություն վիրավորական արտահայտություններից, միաժամանակ կարևորում է նման մտահոգության դրսևորումը դատական իշխանության նկատմամբ և գտնում է, որ դրա տրամաբանությունը պետք է ելակետային լինի բոլոր պետական մարմինների և պաշտոնատար անձանց համար` դատական իշխանության նկատմամբ դրսևորվելիք վարքագծում:

Ինչ վերաբերում է Արդարադատության նախարարի միջնորդության մեջ նշված Դատավորի կողմից «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի խախտում թույլ տրված լինելու փաստարկին, ապա Դատավորի կողմից արված արտահայտությունները չեն կարող վկայել նրա կողմից կողմնակալության կամ խտրականության դրսևորման, կամ ողջամիտ, անկողմնակալ դիտորդի մոտ նման տպավորության հնարավորություն ստեղծելու մասին, քանի որ Դատավորին նույն այդ հիմքերով ներկայացված ինքնաբացարկի միջնորդությունների քննության արդյունքում կայացված որոշումներից հետո նույն գործերով կայացված և բողոքարկման արդյունքում օրինական ուժ ստացած դատական ակտերով հերքվել են նշված հանգամանքները կամ տպավորությունների հնարավորությունները:

Անդրադառնալով Ա. Ազարյանի ներկայացուցիչ Տ. Աթանեսյանի կողմից ներկայացված փաստարկներին` մասնավորապես, որ վարույթ հարուցելու մասին որոշման մեջ բացակայել է կարգապահական խախտման նկարագրությունը, ինչի արդյունքում Դատավորը զրկվել է բացատրություն տալու իր իրավունքից, ապա Բարձրագույն դատական խորհուրդը գտնում է, որ առնվազն այն պահից, երբ վարույթ հարուցած մարմնի որոշումը Խորհրդի կողմից ուղարկվել է Ա. Ազարյանին, նրան հայտնի են դարձել կարգապահական վարույթի հիմքերը և սահմանները, ու օրենքով նախատեսված կարգով ապահովվել է վերջինիս բացատրություն ներկայացնելու իրավունքի իրացման հնարավորությունը, իսկ ինչ վերաբերում է մյուս փաստարկներին, ապա Խորհրդի գնահատմամբ, դրանք իրենց նվազ կարևորությամբ չեն կարող կանխորոշել վարույթի ելքը, հետևաբար նշանակություն չունեն նաև միջնորդության քննության համար:

Այսպիսով, Բարձրագույն դատական խորհուրդն արձանագրում է, որ չնայած այն հանգամանքին, որ Ալեքսանդր Ազարյանն ի պաշտոնե գործելիս թույլ է տվել վարքագծի կանոնների մասնակի խախտումներ, այնուամենայնիվ դրանք չեն գնահատվում Օրենսգրքի իմաստով կոպիտ:

Վերոգրյալի համատեքստում` Բարձրագույն դատական խորհուրդն արձանագրում է, որ Դատավորի կողմից թույլ չի տրվել դատավորի վարքագծի կանոնների այնպիսի խախտում, որը կհանգեցներ կարգապահական պատասխանատվության:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 6-րդ մասով, 144-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, 154-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով և 155-րդ հոդվածով` Բարձրագույն դատական խորհուրդը

 

ՈՐՈՇԵՑ.

 

1. Արդարադատության նախարարի միջնորդությունը` Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ` մերժել:

2. Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և վերջնական է:

 

Բարձրագույն դատական

    խորհրդի նախագահ        Ռ. Վարդազարյան

 

    Անդամներ`              Մ. Մակյան

                           Ա. Մխիթարյան

                           Ս. Չիչոյան     

 

Հրապարակման օրը` 24 հուլիսի 2020 թվական:

 

 

pin
Բարձրագույն դատական խորհուրդ
09.07.2020
N ԲԴԽ-30-Ո-Կ-9
Որոշում