Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 379-ՐԴ ՀՈԴ ...

 

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

    ՀՀ վերաքննիչ քաղաքացիական                 Քաղաքացիական գործ

    դատարանի որոշում                          թիվ ԼԴ1/0188/02/16

    Քաղաքացիական գործ թիվ ԼԴ1/0188/02/16      2020 թ.

Նախագահող դատավոր` Կ. Չիլինգարյան

    Դատավորներ`        Ա. Մկրտչյան

                       Մ. Հարթենյան

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

նախագահող Ռ. Հակոբյան

զեկուցող  Է. Սեդրակյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Ե. Խունդկարյան

Գ. Հակոբյան

Տ. Պետրոսյան

Ն. Տավարացյան

 

2020 թվականի մայիսի 05-ին

գրավոր ընթացակարգով քննելով Վարդանուշ Բեժանյանի, Նառա և Նոնա Պարանյանների (այսուհետ` Համահայցվորներ) ներկայացուցիչ Արտակ Ոսկանյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 31.01.2019 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Վարդանուշ Բեժանյանի, Շալիկո, Նառա և Նոնա Պարանյանների ընդդեմ Վաչագան Հակոբյանի` սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Վարդանուշ Բեժանյանը, Շալիկո, Նառա և Նոնա Պարանյանները պահանջել են ճանաչել իրենց սեփականության իրավունքը ՀՀ Լոռու մարզի Աթան համայնքի` 06-011-0005-0012 ծածկագրով հողամասի մեջ հաշվառված 184 քմ մակերեսով հողամասի նկատմամբ:

Գործի քննության ընթացքում Շալիկո Պարանյանը մահացել է, և գործով որպես վերջինիս իրավահաջորդ է ներգրավվել Վարդանուշ Բեժանյանը:

ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Գ. Զաքարյան) 15.12.2016 թվականի վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (նախագահող դատավոր` Ա. Հունանյան, դատավորներ` Կ. Հակոբյան, Ա. Մկրտչյան) 13.04.2017 թվականի որոշմամբ Վաչագան Հակոբյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է` ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի 15.12.2016 թվականի վճիռը բեկանվել է, և գործն ուղարկվել է նոր քննության:

ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Գ. Գագիկյան) (այսուհետ` Դատարան) 31.08.2018 թվականի վճռով հայցը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 31.01.2019 թվականի որոշմամբ Համահայցվորների ներկայացուցչի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 31.08.2018 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է բերել Համահայցվորների ներկայացուցիչը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 61-րդ և 63-րդ հոդվածները, ինչպես նաև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը, դուրս գալով վերաքննիչ բողոքի բոլոր հիմքերի և հիմնավորումների սահմաններից, սեփական նախաձեռնությամբ քննության առարկա է դարձրել պատասխանող Վաչագան Հակոբյանին սույն գործով ներկայացված հայցի շրջանակներում պատշաճ պատասխանող համարելու հարցի իրավաչափությունը, որն արտացոլված չէ վերաքննիչ բողոքի բովանդակությունում: Արդյունքում վերջինիս պատշաճ պատասխանող չդիտարկելու հիմքով Վերաքննիչ դատարանը մերժել է վերաքննիչ բողոքը` առանց անդրադառնալու վերաքննիչ բողոքի հիմքերին և հիմնավորումներին:

Վերաքննիչ դատարանն անտեսել է ոչ լրիվ վերաքննության ինստիտուտի առանձնահատկությունները: Մասնավորապես` Վերաքննիչ դատարանն իրականացրել է լրիվ վերաքննություն, քանի որ վերաքննության օբյեկտ է դիտարկել ոչ թե բողոքարկվող դատական ակտը, այլ գործն ընդհանրապես, և ըստ էության արձանագրել է, որ առկա է դատական սխալ և բողոքարկվող դատական ակտի պատճառաբանություններն օրինական և հիմնավորված չեն, քանի որ հայցը պետք է մերժվեր պատասխանողի ոչ պատշաճ լինելու հիմքով:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 31.01.2019 թվականի որոշումը և գործն ուղարկել նոր քննության:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունի հետևյալ փաստը`

Համահայցվորների ներկայացուցչի կողմից 08.10.2018 թվականին ներկայացված վերաքննիչ բողոքում Դատարանի վճիռը բողոքարկվել է հետևյալ հիմքերի և հիմնավորումների սահմաններում.

- Դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 273-րդ հոդվածը` անտեսելով, որ հայցվորներին սեփականության իրավունքով պատկանող` ՀՀ Լոռու մարզի Աթան համայնքի 005-011 ծածկագրով (ներկայումս` 06-011-0005-0011 ծածկագրով) հողամասը քարտեզագրման ժամանակ գծագրվել է սխալներով, մասնավորապես` հայցվորների կողմից օգտագործվող և ցանկապատված 184 քմ հողատարածքը (այսուհետ նաև` Հողատարածք) քարտեզագրողի կողմից սխալմամբ հաշվառվել է պատասխանող Վաչագան Հակոբյանի անվամբ` ՀՀ Լոռու մարզի Աթան համայնքի 005-012 ծածկագրով (ներկայումս` 06-011-0005-0012 ծածկագրով) հողամասի մեջ: Ընդ որում, վերոհիշյալ Հողատարածքի նկատմամբ Վաչագան Հակոբյանի սեփականության իրավունքի գրանցում կատարված չէ:

- Դատարանը խախտել է ՀՀ հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասը և հաշվի չի առել, որ Հողատարածքի նկատմամբ վերոհիշյալ հոդվածի 2-րդ մասով սահմանված սահմանափակումներից որևէ մեկն առկա չէ, բացի այդ, հայցվորների տնամերձ հողամասի չափը 0,102 հա է, իսկ Հողատարածքինը` 184 քմ, որը նվազ է հայցվորների տնամերձ հողամասի չափի 20 տոկոսից, հետևաբար օրենքի ուժով Հողատարածքի նկատմամբ ծագել է հայցվորների սեփականության իրավունքը: Ընդ որում, այդ Հողատարածքն օգտագործվել և օգտագործվում է հայցվորների կողմից: Դատարանն արձանագրել է, որ ՀՀ հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասը կիրառելի կլիներ համայնքի կամ պետության կողմից անհատույց սեփականության իրավունքով անձին հողամաս օտարելու և այդ օտարման գործարքի առկայության պայմաններում, ինչը տվյալ դեպքում բացակայում է: Մինչդեռ վերոհիշյալ իրավական նորմը սահմանում է ոչ թե համայնքի կամ պետության կողմից անհատույց սեփականության իրավունքով անձին հողամաս օտարելու և այդ օտարման գործարքը կնքելու պայմանները, այլ օրենքի ուժով սեփականության ճանաչման հիմքերը` առանց որևէ օտարման գործարք կնքելու:

- Դատարանը խախտել է «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի 3-րդ և 6-րդ մասերը` անտեսելով, որ Հողատարածքի` պատասխանող Վաչագան Հակոբյանին պատկանող անշարժ գույքի կազմում ներառված լինելը ոչ տեխնիկական բնույթի սխալ է և այդ սխալի ուղղումը կհանգեցնի գույքի նկատմամբ իրավունքների բնույթի, ծավալի և գույքի մակերեսների չափերի փոփոխության, հետևաբար պատասխանող Վաչագան Հակոբյանի համապատասխան համաձայնության բացակայության պայմաններում այդ սխալը կարող է ուղղվել Հողատարածքի նկատմամբ հայցվորների սեփականության իրավունքը ճանաչելու մասին դատական ակտի հիման վրա:

i

- Դատարանը խախտել է իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին կետը, այն է` պատշաճ գնահատման չի արժանացրել գործում առկա ապացույցները` ՀՀ Լոռու մարզի Աթան համայնքի 06-011-0005-0011 ծածկագրով անշարժ գույքի կադաստրային գործի նյութերում առկա` ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Ալավերդու տարածքային ստորաբաժանման 27.06.2011 թվականի թիվ ԴԹ-1296 գրությունը և ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի Լոռու մարզային ստորաբաժանման 06.03.2012 թվականի թիվ ՌՄ-738 տեղեկանքը, ՀՀ Լոռու մարզի Աթան համայնքի 06-011-0005-0012 ծածկագրով անշարժ գույքի կադաստրային գործի նյութերում առկա` ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի 21.06.2011 թվականի թիվ ԴԹ-1299 գրությունը, ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Թումանյանի բաժնի ՊԲ ոստիկանության տեսուչ Հ. Գրիգորյանի` «Նյութերով քրեական գործի հարուցումը մերժելու մասին» 16.06.2012 թվականի որոշումն ու այդ որոշման ընդունման համար հիմք հանդիսացած նախապատրաստված նյութերը, այդ թվում` պատասխանող Վաչագան Հակոբյանի բացատրությունը:

i

- Դատարանը խախտել է իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 52-րդ հոդվածի 2-րդ կետը, այն է` նախադատելի է համարել թիվ ԼԴ/0776/02/11 քաղաքացիական գործով հաստատված և սույն գործի քննության համար նշանակություն ունեցող այն փաստը, որ հանգուցյալ Հերիքնազ Հակոբյանի մահից հետո վերջինիս ժառանգ Վաչագան Հակոբյանն ընդունել է ժառանգությունը, այդ թվում` 005-012 ծածկագրով Հողատարածքը, մինչդեռ թիվ ԼԴ/0776/02/11 քաղաքացիական գործը քննվել է հատուկ վարույթի կարգով, Վաչագան Հակոբյանը հանդիսացել է դիմող, իսկ սույն գործով հայցվորներից որևէ մեկը տվյալ գործին մասնակցող անձ չի հանդիսացել, այսինքն` վեճը նույն անձանց միջև չի եղել, հետևաբար նախադատելիությունը բացառվում էր:

Դատարանի կողմից իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 52-րդ հոդվածի 2-րդ կետի խախտումը դրսևորվել է նաև այն հանգամանքով, որ Դատարանը նախադատելի է համարել թիվ ՎԴ6/0277/05/12 վարչական գործով հաստատված` ՀՀ Լոռու մարզի Աթան համայնքի ղեկավարի 20.04.2012 թվականի N 4 որոշման 1-ին և 2-րդ կետերն անվավեր ճանաչված լինելու հանգամանքները և միաժամանակ արձանագրել է, որ վերոհիշյալ գործի քննության ժամանակ հայցվորների կողմից չի վիճարկվել վարչական ակտի իրավաչափությունը, մինչդեռ անհասկանալի է, թե Դատարանն ինչ վարչական ակտ է նկատի ունեցել, քանի որ հայցվորների համար որևէ միջամտող վարչական ակտ առկա չէ:

- Դատարանն անտեսել է, որ քարտեզագրումը և սխալ գծագրումը «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի իմաստով վարչարարություն չեն հանդիսանում, բայցևայնպես, եթե քարտեզագրումը և սխալ գծագրումը հանդիսանում են վարչարարություն, ապա տվյալ դեպքում վարչական մարմինը` ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն, ընդունել է քարտեզագրման ընթացքում սխալ թույլ տված լինելու հանգամանքը, բայց զրկված է այդ սխալն առանց պատասխանող Վաչագան Հակոբյանի գրավոր համաձայնության կամ առանց դատական ակտի ուղղելու հնարավորությունից, ընդ որում, այդպիսի դատական ակտ կարող է հանդիսանալ քաղաքացիական դատավարության կարգով քննվող սույն գործով կայացվելիք դատական ակտը:

- Դատարանը նաև հաշվի չի առել, որ Հողատարածքի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցում կատարված չէ, այսինքն` առկա չէ որևէ վարչական ակտ, որի իրավաչափությունը չի վիճարկվել հայցվորների կողմից և որի իրավաչափության կանխավարկածը պետք է հիմք ընդուներ Դատարանը (հատոր 4-րդ, գ.թ. 9-17):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.

 

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ` նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է` առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի խախտման արդյունքում թույլ է տրվել դատական սխալ, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ վերաքննության սահմաններին` վերահաստատելով և զարգացնելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները:

i

ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:

i

ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

i

ՀՀ Սահմանադրության 172-րդ հոդվածի համաձայն` վերաքննիչ դատարաններն առաջին ատյանի դատարանների դատական ակտերն օրենքով սահմանված լիազորությունների շրջանակներում վերանայող դատական ատյան են:

i

«ՀՀ դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վերաքննիչ դատարանն օրենքով սահմանված լիազորությունների սահմաններում վերանայում է առաջին ատյանի դատարանների` բողոքարկման ենթակա դատական ակտերը: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` վերաքննիչ դատարանում գործերի քննության կարգը, ինչպես նաև վերաքննության սահմանները սահմանվում են օրենքով:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վերաքննիչ դատարանը դատական ակտը վերանայում է վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում, բացառությամբ նույն օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքերի:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` վերաքննիչ դատարանը պարտավոր է անդրադառնալ վերաքննիչ բողոքի բոլոր հիմքերին և հիմնավորումներին, բացառությամբ այն դեպքերի, երբ դատական ակտը բեկանում է նույն օրենսգրքի 365-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հիմքերով:

i

Նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն` վերաքննիչ դատարանն անդրադառնում է վերաքննիչ բողոքի հիմքին և դրա հիմնավորումներին, եթե բողոք բերած անձը տվյալ հարցի վերաբերյալ իր դիրքորոշումը հայտնել է առաջին ատյանի դատարանում գործի քննության ժամանակ: Բացառություն է այն դեպքը, երբ բողոք բերող անձը զրկված է եղել այդ հարցի վերաբերյալ առաջին ատյանի դատարանում գործի քննության ժամանակ իր դիրքորոշումը հայտնելու հնարավորությունից:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 381-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետի համաձայն` վճռի դեմ բերված վերաքննիչ բողոքի քննության արդյունքով կայացված որոշման պատճառաբանական մասը պետք է պարունակի եզրահանգում` վերաքննիչ բողոքի յուրաքանչյուր հիմքի վերաբերյալ (...):

Համանման իրավական կարգավորումներ է պարունակել նաև 17.06.1998 թվականին ընդունված, 01.01.1999 թվականին ուժի մեջ մտած և 09.04.2018 թվականին ուժը կորցրած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը (այսուհետ` Նախկին օրենսգիրք): Այսպես.

i

Նախկին օրենսգրքի 219-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` վերաքննիչ դատարանը դատական ակտը վերանայում է վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում:

i

Նախկին օրենսգրքի 220-րդ հոդվածի 5-րդ կետի 2-րդ ենթակետի համաձայն` վճռի դեմ բերված վերաքննիչ բողոքի քննության արդյունքներով կայացված որոշման պատճառաբանական մասը պետք է պարունակի եզրահանգում` բողոքի յուրաքանչյուր հիմքի հիմնավոր լինելու վերաբերյալ:

i

Նախկին օրենսգրքի 208-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն` վերաքննիչ բողոքը (կամ դրա մասը) ենթակա է քննության, եթե բողոք բերող անձը տվյալ հարցի վերաբերյալ բողոքում արտահայտած իր դիրքորոշումը հայտնել է առաջին ատյանի դատարանում գործի քննության ժամանակ: Բացառություն է այն դեպքը, երբ բողոք բերող անձը զրկված է եղել այդ հարցի վերաբերյալ առաջին ատյանի դատարանում գործի քննության ժամանակ իր դիրքորոշումը հայտնելու հնարավորությունից:

i

Նախկինում կայացված իր որոշումներից մեկով անդրադառնալով նախկին օրենսգրքի` վերաքննության սահմանների վերաբերյալ կարգավորումներին` ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ վերաքննիչ դատարանը դատական ակտը վերանայում է և վերաքննիչ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը որոշում է վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում: Նշված նորմը ոչ միայն նշանակում է, որ վերաքննիչ դատարանը կաշկանդված է վերաքննիչ բողոքի հիմքերով, այլ նաև նշանակում է, որ վերաքննիչ դատարանը պարտավոր է քննության առարկա դարձնել վերաքննիչ բողոքում նշված բոլոր հիմքերը` իր դիրքորոշումն ու եզրահանգումներն արտահայտելով ներկայացված յուրաքանչյուր հիմքի վերաբերյալ: Հակառակ դեպքում Նախկին օրենսգրքի 219-րդ հոդվածի 1-ին կետի դրույթը կկրի հռչակագրային բնույթ, եթե դատարանները սահմանափակվեն զուտ այդ դրույթին համահունչ վերաքննիչ բողոքի հիմքերը դատական ակտում շարադրելով և չանդրադառնան այդ հիմքերի հիմնավորվածության հարցին: Հետևաբար բողոքում բարձրացված հիմքերը պարտադիր քննության առարկա պետք է դառնան վերադաս դատական ատյանում, և դատարանի կայացրած որոշումը պետք է պարունակի այդ հիմքերի վերաբերյալ եզրահանգումներ (տե՛ս, Համայակ Ոսկանյանն ընդդեմ Վոլոդյա Հակոբյանի թիվ ԵԷԴ/1643/02/09 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 08.05.2014 թվականի որոշումը):

Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ ոչ լրիվ վերաքննության պարագայում վերաքննության օբյեկտը ստորադաս դատարանի կողմից կայացված դատական ակտն է, այլ ոչ թե` գործն ընդհանրապես, հետևաբար, եթե ստորադաս դատարանը որևէ պահանջով վերջնական եզրահանգում չի կատարել, վերաքննության օբյեկտը բացակայում է (տե՛ս, Գևորգ Ալեքյանն ընդդեմ Վերգուշ, Արայիկ Բոզանյանների, Ջուլիետա Հովհաննիսյանի թիվ ԵԱԴԴ/0976/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 26.12.2014 թվականի որոշումը):

i

Վերահաստատելով և զարգացնելով վերոհիշյալ իրավական դիրքորոշումը` ՀՀ վճռաբեկ դատարանն իր մեկ այլ որոշմամբ արձանագրել է, որ դատական ակտը վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում քննելը մրցակցության սկզբունքի դրսևորում է քաղաքացիական դատավարությունում: Վերաքննիչ դատարանը կաշկանդված է բողոքաբերի կողմից մատնանշված բողոքի հիմքերով և հիմնավորումներով և չի կարող քննության առարկա դարձնել դատարանի թույլ տված նյութական կամ դատավարական իրավունքի այնպիսի խախտումներ, որոնք չեն ներկայացվել վերաքննիչ բողոքում: Ընդ որում, վերաքննության սահմանները նաև ենթադրում են, որ վերաքննիչ դատարանն անդրադառնում է միայն բողոքի այն հիմքերին և հիմնավորումներին, որոնց վերաբերյալ փաստարկները ներկայացվել են առաջին ատյանի դատարանում, բացառությամբ այն դեպքի, երբ բողոքաբերը զրկված է եղել դրանք ներկայացնելու հնարավորությունից (տե՛ս, «Հ.Վ.Մ. Միլի Ֆուդ» ՍՊԸ-ն ընդդեմ «Երևան Ջուր» ՓԲԸ-ի թիվ ԵԿԴ/0219/02/15 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 26.12.2018 թվականի որոշումը):

Այսպիսով, հիմք ընդունելով վերաքննության սահմանների վերաբերյալ ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից նախկինում հայտնած դիրքորոշումները և առաջնորդվելով ՀՀ քաղաքացիական դատավարության գործող օրենսգրքի կարգավորումներով` Վճռաբեկ դատարանը հարկ է համարում ևս մեկ անգամ նշել, որ սահմանափակ վերաքննության պայմաններում վերաքննության փուլում`

1. վերանայման օբյեկտը պետք է լինի ստորադաս դատարանի կողմից կայացված և բողոքարկվող դատական ակտը, այլ ոչ` գործն ընդհանրապես:

2. բողոքարկվող դատական ակտը պետք է վերանայվի վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում:

3. վերաքննիչ դատարանը պարտավոր է անդրադառնալ վերաքննիչ բողոքի բոլոր հիմքերին և դրանց հիմնավորումներին` քննարկման առարկա դարձնելով դրանցից յուրաքանչյուրը և կատարելով եզրահանգում դրանցից յուրաքանչյուրի վերաբերյալ:

Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նաև հավելել, որ վերաքննության սահմանների վերաբերյալ վերը նշված ընդհանուր կանոններին զուգահեռ օրենսդիրը նախատեսել է նաև որոշ բացառություններ: Այսպես.

i

1. ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի 2-րդ մասի և 365-րդ հոդվածի 2-րդ մասի կարգավորումները հիմք ընդունելով` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն դեպքում, երբ վերաքննիչ բողոքում առկա է 365-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված հիմքերից որևէ մեկը, որի հիման վրա վերաքննիչ դատարանը բեկանում է բողոքարկվող դատական ակտը (բացառությամբ նույն հոդվածի 3-րդ մասով սահմանված հիմքերի), վերաքննիչ դատարանը չի առաջնորդվում ընդհանուր կանոնով և վերաքննիչ բողոքի բոլոր հիմքերը չի քննում, այլ անդրադառնում է միայն վերաքննիչ բողոքում տեղ գտած` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված համապատասխան հիմքին, որի հիման վրա բեկանել է դատական ակտը: ՈՒստի, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ նման դեպքերում վերաքննիչ դատարանի կողմից վերաքննիչ բողոքի բոլոր հիմքերին անդրադառնալու ընդհանուր կանոնն այլևս չի գործում:

2. Վճռաբեկ դատարանը փաստում է, որ օրենսդրի կողմից նախատեսվել է մեկ այլ բացառություն ևս, որը բխում է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ և 379-րդ հոդվածի 1-ին մասերի կարգավորումներից: Մասնավորապես` եթե առկա են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 4-րդ, 5-րդ, 7-րդ, 9-րդ և 11-րդ կետերով սահմանված` դատական ակտի անվերապահ բեկանման հիմքերը, ապա վերաքննիչ դատարանը կաշկանդված չէ վերաքննիչ բողոքի հիմքերով և հիմնավորումներով: Այսինքն` անդրադառնալով միայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հիմքին, որի հիման վրա բեկանում է դատական ակտը, վերաքննիչ դատարանը մյուս հիմքերին այլևս չի անդրադառնում: Այսպիսով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վկայակոչված կարգավորման ուժով վերաքննիչ դատարանը ոչ միայն չի անդրադառնում վերաքննիչ բողոքի մյուս հիմքերին և հիմնավորումներին, այլև չի սահմանափակվում բողոքի հիմքերով և հիմնավորումներով, և անկախ այն բանից` բողոքում տեղ է գտել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված հիմքերից որևէ մեկը, թե` ոչ, վերաքննիչ դատարանը բեկանում է բողոքարկվող դատական ակտը:

3. Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ վերաքննիչ դատարանի կողմից բողոքի բոլոր հիմքերին անդրադառնալու կանոնից բացառություն է նաև այն դեպքը, երբ բողոք բերած անձը բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ իր դիրքորոշումը չի հայտնել առաջին ատյանի դատարանում` միաժամանակ զրկված չլինելով նման դիրքորոշում հայտնելու հնարավորությունից: Ուստի, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ նման իրավիճակում վերաքննիչ դատարանը ոչ թե իրավասու է չանդրադառնալու, այլ պարտավոր է չանդրադառնալ վերաքննիչ բողոքի այնպիսի հիմքերի, ի հիմնավորումն որոնց բողոք բերած անձը հայտնում է այնպիսի դիրքորոշում, որը կարող էր հայտնել, սակայն չի հայտնել առաջին ատյանի դատարանում:

Ամփոփելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ եթե առկա չեն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված որոշ բացառություններ, ապա ընդհանուր կանոնի համաձայն` վերաքննիչ դատարանը կաշկանդված է բողոքաբերի կողմից մատնանշված բողոքի հիմքերով և հիմնավորումներով և չի կարող քննության առարկա դարձնել դատարանի թույլ տված նյութական կամ դատավարական իրավունքի այնպիսի խախտումներ, որոնք չեն ներկայացվել վերաքննիչ բողոքում:

Վերը նշված իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով դիմելով դատարան` Համահայցվորները պահանջել են Հողատարածքի նկատմամբ ճանաչել իրենց սեփականության իրավունքը` որպես հայցի փաստական հիմք վկայակոչելով այն հանգամանքը, որ իրենց կողմից օգտագործվող և ցանկապատված 184 քմ մակերեսով հողատարածքը քարտեզագրողի կողմից սխալմամբ հաշվառվել է պատասխանող Վաչագան Հակոբյանի անվամբ Լոռու մարզի Աթան համայնքի 005-012 ծածկագրով (ներկայումս` 06-011-0005-0012 ծածկագրով) հողամասի մեջ: Միաժամանակ որպես հայցի իրավական հիմք վերջիններս մատնանշել են ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 273-րդ հոդվածը, ՀՀ հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասը, «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի 3-րդ և 6-րդ մասերը:

Սույն գործով Դատարանը մերժել է հայցը` պատճառաբանելով, որ Լոռու մարզի Աթան համայնքում գտնվող թիվ 06-011-005-012 կադաստրային ծածկագրի մեջ հաշվառված 184 քմ մակերեսով հողատարածքը սեփականության իրավունքով պատկանում է Վաչագան Հակոբյանին, իսկ գործի նյութերում բացակայում է նշված կադաստրային ծածկագրի մեջ հաշվառված անշարժ գույքից Վաչագան Հակոբյանի մեկուսանալու, հրաժարվելու կամ այդ անշարժ գույքի նկատմամբ հայցվորների սեփականության հիմքերի առաջացման մասին որևէ գրավոր ապացույց: Բացի այդ, Դատարանն արձանագրել է, որ հայցվորները չեն հիմնավորել Լոռու մարզի Աթան համայնքում գտնվող 005-011 ծածկագրով անշարժ գույքը սխալներով գծագրված լինելու, Հողատարածքի չափագրումը, հաշվառումը սխալ վարչական գործողությունների հետևանք և հայցվորների սեփականության իրավունքի ծագման հիմք հանդիսանալու հանգամանքները:

Վերաքննիչ դատարանը մերժել է հայցվորների վերաքննիչ բողոքը հետևյալ պատճառաբանությամբ. «սույն գործով Վաչագան Հակոբյանի դեմ ուղղված և 22.03.2016 թվականին Դատարան ներկայացված հայցի հիմքում հայցվորները դրել են այն փաստը, որ իրենց սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքի քարտեզագրման ժամանակ քարտեզագրողի կողմից թույլ է տրվել սխալ, մասնավորապես` իրենց կողմից օգտագործվող և իրենց ցանկապատած Հողատարածքը հաշվառվել է պատասխանողին սեփականության իրավունքով պատկանող գույքի կազմում` այդ գույքի ծածկագրով, ընդ որում, և՛ հայցադիմումում, և՛ վերաքննիչ բողոքում հայցվորները շարունակաբար ժխտել են Հողատարածքի նկատմամբ պատասխանողի սեփականության իրավունքի առկայությունը, որպիսի փաստը և գործը ներկայացված հայցի շրջանակներում քննելու կանոն սահմանող` 17.06.1998 թվականի ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածը բացառում են Վաչագան Հակոբյանին սույն գործով ներկայացված հայցի շրջանակներում պատշաճ պատասխանող համարելու իրավաչափ հնարավորությունը, ինչն էլ թույլ է տալիս եզրակացնել, որ բողոքի հիմքերն ու հիմնավորումները չեն կարող պայմանավորել գործի քննության այլ ելք, քան ոչ պատշաճ պատասխանողի դեմ հարուցված հայցի մերժումն է, ուստի այդ փաստարկներից յուրաքանչյուրին անդրադառնալու դատավարական անհրաժեշտությունը բացակայում է»: Ամփոփելով ասվածը` Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ այս եզրահանգումն իր հերթին բացառում է բողոքարկված վճիռը բեկանելու վերաբերյալ բողոք բերած անձի պահանջի բավարարումը, ուստի այդ պահանջը ենթակա է մերժման:

Անդրադառնալով Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությանը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով Դատարանի` 31.08.2018 թվականի վճռի դեմ Համահայցվորների ներկայացուցչի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքում առկա չէ որևէ փաստարկ Վաչագան Հակոբյանի պատշաճ պատասխանող լինելու հարցի վերաբերյալ: Նման պայմաններում, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը դուրս է եկել վերաքննիչ բողոքի հիմքերի ու հիմնավորումների շրջանակից` վերաքննության օբյեկտ դարձնելով ոչ թե Դատարանի 31.08.2018 թվականի վճիռը` բողոքի հիմքերի և հիմնավորումների շրջանակում, այլ` գործն ընդհանրապես: Արդյունքում` քննության ենթարկելով միայն Վաչագան Հակոբյանի պատշաճ պատասխանող լինելու հարցը և բացառելով բողոքի պահանջը որևէ կերպ բավարարվելու հնարավորությունը` Վերաքննիչ դատարանի կողմից անտեսվել են ոչ լրիվ վերաքննության ինստիտուտի առանձնահատկությունները:

Ամփոփելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ գնահատելով Վաչագան Հակոբյանի պատշաճ պատասխանող լինելու հանգամանքը` Վերաքննիչ դատարանը դուրս է եկել վերաքննության սահմաններից` նկատի ունենալով, որ Համահայցվորների վերաքննիչ բողոքը բերվել է բոլորովին այլ հիմքերով և հիմնավորումներով, որոնց շարքում առկա չէ Վաչագան Հակոբյանի պատշաճ պատասխանող լինելու հարցի վերաբերյալ որևէ փաստարկ:

Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նաև հավելել, որ Վերաքննիչ դատարանը, դուրս գալով վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններից, միաժամանակ չի անդրադարձել վերաքննիչ բողոքի որևէ հիմքի և հիմնավորման` այդ կերպ զրկելով վերաքննիչ բողոք ներկայացրած անձին բողոքում բարձրացված յուրաքանչյուր հիմքի կապակցությամբ վերադաս դատարանի եզրահանգումը ստանալու իրավունքից` իմաստազրկելով վերաքննության կարգով բողոքարկման ինստիտուտի էությունը:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի և 390-րդ հոդվածի 3-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի 31.01.2019 թվականի որոշումը բեկանելու համար:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտն ամբողջությամբ բեկանելու և գործը նույն դատարան նոր քննության ուղարկելու լիազորությունը` Համահայցվորների ներկայացուցչի վերաքննիչ բողոքում բերված հիմքերը և հիմնավորումները քննելու համար:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ.

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ գլխի կանոններին համապատասխան:

Նկատի ունենալով, որ սույն գործն ուղարկվում է նոր քննության, որպիսի պարագայում դատական ծախսերի բաշխման հարցին հնարավոր չէ անդրադառնալ գործի քննության ներկա փուլում, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դատական ծախսերի բաշխման հարցը ենթակա է լուծման գործի նոր քննության ընթացքում:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ, 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 31.01.2019 թվականի որոշումը և գործն ուղարկել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան` նոր քննության:

2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող Ռ. Հակոբյան

Զեկուցող  Է. Սեդրակյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Ե. Խունդկարյան

Գ. Հակոբյան

Տ. Պետրոսյան

Ն. Տավարացյան

 

Պաշտոնական հրապարակման օրը` 28 հուլիսի 2020 թվական:

 

 

pin
Վճռաբեկ դատարան
05.05.2020
N ԼԴ1/0188/02/16
Որոշում