Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 119-ՐԴ ԵՎ ...

 

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

    ՀՀ վերաքննիչ քաղաքացիական              Քաղաքացիական գործ

    դատարանի որոշում                       թիվ ՏԴ1/0006/02/18

Քաղաքացիական գործ թիվ ՏԴ1/0006/02/18   2020 թ.

Նախագահող դատավոր` Տ. Նազարյան

    Դատավորներ`        Հ. Ենոքյան

                       Գ. Խանդանյան

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

նախագահող Ռ. Հակոբյան

զեկուցող  Ն. Տավարացյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Ե. Խունդկարյան

Գ. Հակոբյան

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

 

2020 թվականի ապրիլի 30-ին

գրավոր ընթացակարգով քննելով «Քրոսսյան Ինտերպրայզիս» ՍՊԸ-ի ներկայացուցիչ Արմեն Գրիգորյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 19.04.2019 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշման դեմ` ըստ հայցի «Աշտարակ Կաթ» ՓԲԸ-ի սնանկության գործով կառավարիչ Խաչիկ Նազարյանի ընդդեմ «Քրոսսյան Ինտերպրայզիս» ՍՊԸ-ի (այսուհետ` Ընկերություն)` գումարի բռնագանձման պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

i

Դիմելով դատարան` «Աշտարակ Կաթ» ՓԲԸ-ի սնանկության գործով կառավարիչ Խաչիկ Նազարյանը պահանջել է Ընկերությունից բռնագանձել 3.590.833 ՀՀ դրամ` որպես պատշաճ կերպով մատակարարված ապրանքների դիմաց չվճարված գումար, հայցադիմումը ներկայացնելու օրվանից մինչև պարտավորության ամբողջական կատարումը բռնագանձել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված տոկոսները` հաշվարկված հայցադիմումի 1.3-րդ կետով նախատեսված` 3.590.833 ՀՀ դրամ պարտքի չափից, ինչպես նաև բռնագանձել հայցադիմումի 1.3-րդ կետում նշված` 3.590.833 ՀՀ դրամ պարտքի չափի 20 տոկոսի չափով գումար` որպես պարտքի հավաքագրման համար կատարած դատական ծախս` համաձայն «Աշտարակ-Կաթ» ՓԲԸ-ի և «Կոնցեռն-Դիալոգ» ՓԲԸ-ի միջև 08.06.2017 թվականին կնքված պարտքի գումարների հավաքագրման ծառայությունների մատուցման պայմանագրի քաղվածքի:

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Հ. Զարգարյան) (այսուհետ` Դատարան) 07.12.2018 թվականի վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 19.04.2019 թվականի որոշմամբ Ընկերության միջնորդությունը` վերաքննիչ բողոք բերելու ժամկետի բացթողման պատճառները հարգելի համարելու վերաբերյալ և վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվել են:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ընկերության ներկայացուցիչը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

i

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասը, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 119-րդ և 179-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկով.

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ սույն քաղաքացիական գործում առկա չէ Դատարանի 07.12.2018 թվականի վճիռն Ընկերությանը հանձնելու կամ ստանալու փաստը հաստատող ապացույցը, այսինքն` Ընկերությունը մինչ օրս չի ստացել Դատարանի 07.12.2018 թվականի վճիռը:

Ընկերությունը դատական ակտի մասին տեղեկանալուց հետո մեկամսյա ժամկետի պահպանմամբ ներկայացրել է վերաքննիչ բողոք և բաց թողնված դատավարական ժամկետի պատճառը հարգելի համարելու վերաբերյալ միջնորդություն, որը Վերաքննիչ դատարանը մերժել է` սահմանափակելով դատարանի մատչելիության իրավունքը:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է «վերացնել Վերաքննիչ դատարանի 19.04.2019 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը և գործն ուղարկել նոր քննության»:

 

3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքի վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է` առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 119-րդ հոդվածի 4-րդ մասի և 179-րդ հոդվածի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ դատական ակտը դատական իշխանության պաշտոնական կայքում հրապարակելը դատարանի կողմից դատական ակտը գործին մասնակցող անձին հասանելի դարձնելու լիազորության պատշաճ կատարում դիտարկելու հարցին այն պարագայում, երբ դատարանը դատական ակտի օրինակը հրապարակման հաջորդ օրը չի ուղարկել գործին մասնակցող անձին կամ մինչ այդ առձեռն չի հանձնել` վերահաստատելով նախկինում արտահայտած դիրքորոշումները:

i

ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:

i

ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

i

Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքները և պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:

Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի 07.02.1995 թվականի թիվ R(95)5 հանձնարարականի 1-ին հոդվածի (a) կետով նախատեսված սկզբունքի համաձայն` պետք է առկա լինի վերադաս դատարանի (երկրորդ ատյանի դատարան) կողմից ստորադաս դատարանի (առաջին ատյանի դատարան) ցանկացած որոշման վերանայման հնարավորություն:

Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Հայաստանի Հանրապետությունում երաշխավորված են անձի դատական պաշտպանության և արդար դատաքննության հիմնական իրավունքները, որոնց կարևոր բաղադրիչներից մեկը բողոքարկման իրավունքն է: Բողոքարկման ինստիտուտն իրավական միջոց է, որը հնարավորություն է տալիս որոշակի ընթացակարգի միջոցով գործնականում ապահովելու դատական սխալների բացահայտումը և ուղղումը` դրանով իսկ նպաստելով արդարադատության նպատակների գործնականում իրականացմանը: ՈՒղղված լինելով դատական պաշտպանության և արդար դատաքննության հիմնական իրավունքների երաշխավորմանը` այդուհանդերձ, օրենսդրի կողմից սահմանված են բողոքարկման իրավունքի իրացման որոշակի պայմաններ, որոնցից են ժամկետային սահմանափակումները:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (այսուհետ` Եվրոպական դատարան), անդրադառնալով բողոքարկման իրավունքի և դրա իրացման պայմաններին, արձանագրել է, որ պետությունը դատարան դիմելու իրավունքից օգտվելու համար կարող է սահմանել որոշակի պայմաններ, «(...) պարզապես պետության կողմից կիրառված սահմանափակումները չպետք է այն կերպ կամ այն աստիճանի սահմանափակեն անձի դատարանի մատչելիության իրավունքը, որ վնաս հասցվի այդ իրավունքի բուն էությանը: Բացի այդ, սահմանափակումը չի համապատասխանի Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետին, եթե այն չհետապնդի իրավաչափ նպատակ, և եթե կիրառված միջոցների ու հետապնդվող նպատակի միջև չլինի համաչափության ողջամիտ հարաբերակցություն» (տե՛ս, Khalfaoui v. France գործով Եվրոպական դատարանի 14.03.2000 թվականի վճիռը, կետ 36):

Եվրոպական դատարանը մեկ այլ գործով արձանագրել է, որ պետության կողմից սահմանված` բողոք բերելու ժամկետային սահմանափակումների վերաբերյալ կանոններն ուղղված են իրավական որոշակիության երաշխավորմանը: Դատավարության կողմերը պետք է գիտակցեն դատավարական նմանատիպ կանոնների կիրառումն իրենց նկատմամբ: Բայց և այնպես այդ կանոններն ու դրանց կիրառումը չպետք է խոչընդոտեն դատավարության մասնակիցների կողմից պաշտպանության հասանելի միջոցներն օգտագործելուն (տե՛ս, Magomedov and others v Russia գործով Եվրոպական դատարանի 28.06.2017 թվականի վճիռը, կետ 87):

Բացի այդ, Եվրոպական դատարանը փաստել է, որ որպեսզի դատարանի մատչելիության իրավունքը լինի արդյունավետ, անձը պետք է իր իրավունքների իրականացմանը միջամտող իրավական ակտը վիճարկելու հստակ և իրական հնարավորություն ունենա (տե՛ս Bellet v. France, 04.12.1995 թվականի վճիռը, կետ 36, Մամիկոնյանն ընդդեմ Հայաստանի 16.03.2010 թվականի վճիռը, կետ 25):

Եվրոպական դատարանը նաև նշել է, որ (...) կամ բողոք ներկայացնելու իրավունքը պետք է իրացվի այն պահից սկսած, երբ համապատասխան անձը ձեռք է բերել իրական հնարավորություն ծանոթանալու դատարանի որոշման հետ, որը շոշափում է նրա իրավունքները կամ օրինական շահերը, կամ նրա համար առաջացնում է որոշակի հետևանքներ: Հակառակ դեպքում, դատարանները կստանային հնարավորություն դատական ակտերի կայացման մասին անձանց ուշացմամբ ծանուցելով էապես սահմանափակել անձանց կողմից բողոք բերելու իրավունքը, անգամ` բացառել այդ հնարավորությունը: Դատական ծանուցումները համարվում են միջոց դատարանի և դատավարության մասնակիցների միջև փոխազդեցություն ստեղծելու համար և ուղղված են դատավարության մասնակիցներին կայացված ակտերի մասին տեղեկացնելուն, ինչպես նաև նրանց` այդ ակտերը բողոքարկելու հնարավորություն տալուն: Կոնվենցիայի 6-րդ հոդվածը չի սահմանում դատական ակտերի հանձնման կոնկրետ եղանակ, ինչպես, օրինակ, պատվիրված նամակով ուղարկելն է: Սակայն միաժամանակ դատարանի որոշումն անձին պետք է հանձնված լինի այնպիսի եղանակով, որը հնարավորություն կտա ստուգել ինչպես դատական ակտը փոխանցված լինելու հանգամանքը, այնպես էլ այն հանձնելու ստույգ օրը (տե՛ս, Ivanova and Ivashova v. Russia գործով Եվրոպական դատարանի 26.04.2017 թվականի վճիռը, կետեր 41, 45-46):

Դատարանի մատչելիության իրավունքի դրսևորումներից է համարվում կայացված որոշումների մասին պատշաճ ծանուցում ստանալու իրավունքը, մասնավորապես այն դեպքերում, երբ բողոք բերելու իրավունքը սահմանափակված է որոշակի ժամկետներով (տե՛ս, Zavodnik v. Slovenie գործով Եվրոպական դատարանի 21.08.2015 թվականի վճիռը, կետ 71):

Կողմերը պետք է ունենան հայց կամ բողոք բերելու հնարավորություն այն պահից սկսած, երբ նրանք արդյունավետ կերպով տեղեկացվել են դատական ակտի մասին, որը նրանց համար առաջացնում է հետևանքներ կամ շոշափում է նրանց իրավունքները կամ օրինական շահերը: Որպես դատարանի և դատավարության կողմի միջև կապի միջոց` ծանուցումները կողմին հաղորդակից են դարձնում դատական ակտին և նրա հիմքերին` դրանով անձին ընձեռելով հնարավորություն ներկայացնելու բողոք, եթե նա անհրաժեշտ կհամարի (տե՛ս, Miragall Escolano and others v. Spain գործով Եվրոպական դատարանի 25.01.2000 թվականի վճիռը, կետ 37):

i

Վերոշարադրյալ դիրքորոշումների լույսի ներքո ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ անձի բողոքարկման իրավունքը, հանդիսանալով դատարանի մատչելիության իրավունքի բաղկացուցիչ տարր, կարող է իրացվել այն դեպքում, երբ անձն իրական հնարավորություն է ձեռք բերել ծանոթանալու դատարանի որոշման հետ: Ներպետական օրենսդրությամբ դատական ակտը հրապարակելու, գործին մասնակցող անձանց հանձնելու և նրանց ուղարկելու ընթացակարգեր սահմանելով` օրենսդիրը նպատակ է հետապնդում այդ միջոցներով ստեղծել բավարար հիմքեր և երաշխիքներ, որպեսզի անձինք կարողանան անխաթար կերպով օգտվելու իրենց դատական պաշտպանության իրավունքից: Ուստի ելնելով այդ նպատակներից` դատավարական նորմերով սահմանված` դատական ակտը հրապարակելու և գործին մասնակցող անձանց հանձնելու կամ նրանց ուղարկելու ընթացակարգերը պետք է ուղղված լինեն պաշտպանության միջոցներն ավելի հասանելի դարձնելուն, այլ ոչ դրանք ոչ իրավաչափորեն սահմանափակելուն: ՀՀ վճռաբեկ դատարանը, ամփոփելով Եվրոպական դատարանի որոշումներում արտահայտված դիրքորոշումները, եզրահանգել է, որ թեև Կոնվենցիայի 6-րդ հոդվածը հստակ չի սահմանում, թե դատարանի կայացրած ակտն ինչ կերպով պետք է հանձնվի անձին, սակայն միանշանակ է այն, որ դատական ակտը պետք է հանձնվի այնպիսի եղանակով, որը հնարավորություն կտա իրապես պարզելու ինչպես դատական ակտի` փոխանցված լինելու հանգամանքը, այնպես էլ այն հանձնելու ստույգ օրը: Դատական ակտի հանձնման կոնկրետ եղանակ չսահմանելով հանդերձ` Կոնվենցիան և դրա կիրառումը պահանջում են, որպեսզի անձի բողոքարկման իրավունքի իրացումը սերտորեն փոխկապակցված լինի դատարանի կայացրած ակտին ծանոթանալու իրական հնարավորության հետ: Այսինքն` դատավարական նորմերը պետք է սահմանվեն այնպես, որպեսզի գործին մասնակցող անձանց համար իրական հնարավորություն ապահովեն տիրապետելու դատական ակտի բովանդակությանը, և չարդարացված կերպով չսահմանափակվի նրանց բողոք բերելու իրավունքը: Դրա հիման վրա ՀՀ վճռաբեկ դատարանը փաստել է, որ հանդիսանալով դատական պաշտպանության և արդար դատաքննության հիմնական իրավունքների բաղադրատարրերից մեկը` բողոքարկման իրավունքը կարող է սահմանափակվել պետության կողմից, սակայն այդ սահմանափակումները` ներառյալ ժամկետայինները, չպետք է խաթարեն այդ իրավունքի բուն էությունը (տե՛ս, «Եղիցի Լույս-ԲՀ» ՍՊԸ-ն ընդդեմ «Արմինե» Ա/Կ-ի թիվ ԿԴ/0412/02/18 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.05.2019 թվականի որոշումը):

i

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վերը նշված սկզբունքների լույսի ներքո անհրաժեշտ է համակցության մեջ մեկնաբանել նաև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 119-րդ հոդվածի 4-րդ մասը և 179-րդ հոդվածը:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` գործին մասնակցող անձինք ունեն առաջին ատյանի դատարանի դատական ակտերի վերաքննության կարգով վերանայման իրավունք` նույն օրենսգրքով նախատեսված դեպքերում և կարգով:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 17-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն` դատարանի` եզրափակիչ, իսկ նույն օրենսգրքով կամ Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ նախատեսված դեպքերում նաև այլ դատական ակտերը հրապարակվում են դատական իշխանության պաշտոնական կայքի միջոցով:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 179-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վճիռը նույն օրենսգրքով սահմանված կարգով հրապարակվում է գործի քննությունն ավարտելուց հետո` 15 օրվա ընթացքում, եթե օրենքով վճռի հրապարակման համար ավելի կարճ ժամկետ սահմանված չէ: Բացառիկ դեպքերում, երբ առկա են դատավորի առողջական վիճակի հետ կապված հարգելի հանգամանքներ, որոնք անհնար են դարձնում հայտարարված ժամկետում վճռի հրապարակումը, դատարանը կարող է մինչև 15 օրով երկարաձգել վճռի հրապարակման ժամանակը` այդ մասին ծանուցելով գործին մասնակցող անձանց:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` վճռի օրինակը ոչ ուշ, քան դրա հրապարակման հաջորդ օրն ուղարկվում է գործին մասնակցող անձանց, եթե մինչ այդ առձեռն նրանց չի հանձնվել:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 362-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վճռի, ինչպես նաև գործի վարույթը կարճելու մասին որոշման դեմ վերաքննիչ բողոք կարող է բերվել այն հրապարակվելու օրվանից մեկամսյա ժամկետում:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 119-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` դատարանը, պարզելով, որ գործին մասնակցող անձը դատավարական ժամկետը բաց է թողել հարգելի պատճառով, որոշում է կայացնում բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդությունը բավարարելու մասին:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 372-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն` վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվում է, եթե` վերաքննիչ բողոքը բերվել է սահմանված ժամկետը լրանալուց հետո, և բաց թողած ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը մերժվել է:

i

ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած որոշմամբ վերլուծելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 17-րդ հոդվածի 7-րդ մասի և 179-րդ հոդվածի իրավանորմերը, արձանագրել է, որ վճիռը հրապարակվում է դատական իշխանության պաշտոնական կայքի միջոցով և վճռի օրինակը ոչ ուշ, քան դրա հրապարակման հաջորդ օրն ուղարկվում է գործին մասնակցող անձանց, եթե մինչ այդ առձեռն նրանց չի հանձնվել: Փաստորեն` եթե վճիռը դատական իշխանության պաշտոնական կայքում հրապարակելուց հետո դրա օրինակը չի հանձնվել անձին, ապա հրապարակման հաջորդ օրն այն պետք է ուղարկվի գործին մասնակցող անձանց: Այսինքն` ՀՀ քաղաքացիական դատավարության գործող օրենսգիրքը որդեգրել է այն մոտեցումը, որի համաձայն` առձեռն հանձնվելու եղանակի իրագործված չլինելու պայմաններում վճռի օրինակն ուղարկելը դիտարկվում է որպես առաջինին համարժեք, դրան փոխարինող միջոց: Միաժամանակ ՀՀ քաղաքացիական դատավարության գործող օրենսգրքի պայմաններում վճռի հրապարակումն իրականացվում է դատական իշխանության պաշտոնական կայքի միջոցով, այսինքն` դատական նիստ հրավիրելու և նիստում դատական ակտի եզրափակիչ մասը հրապարակելու փոխարեն դատական ակտը հրապարակվում է դատական իշխանության պաշտոնական կայքում: Հրապարակման նոր կարգ սահմանելն ուղղված է հանրության ավելի լայն շրջանակներին դատական ակտին հաղորդակից դարձնելուն, ինչպես նաև դատարանների ծանրաբեռնվածության բեռնաթափմանը: Օրենսդիրը ՀՀ քաղաքացիական դատավարության գործող օրենսգրքով սահմանել է նոր կարգ, սակայն դատարաններին չի ազատել դատական ակտի օրինակն անձին առձեռն հանձնելու կամ ուղարկելու պարտականությունից: Օրենսդիրը դատական ակտը դատական իշխանության պաշտոնական կայքում հրապարակելը չի դիտարկել դատական ակտին հաղորդակից դարձնելու դատարանի պարտականության պատշաճ իրականացում, քանի որ հակառակ պարագայում իմաստազուրկ է դառնում հրապարակման այդ կարգին զուգահեռ դատական ակտի հանձնման կամ ուղարկման եղանակների պահպանումը: Այսինքն` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի կարգավորումներից բխող հրապարակման նոր կարգը չի բացառում և չի դադարեցնում դատարանի` վճռի օրինակը ոչ ուշ, քան դրա հրապարակման հաջորդ օրը գործին մասնակցող անձանց ուղարկելու պարտականությունը, եթե մինչ այդ այն առձեռն նրանց չի հանձնվել (տե՛ս, «Եղիցի Լույս-ԲՀ» ՍՊԸ-ն ընդդեմ «Արմինե» Ա/Կ-ի թիվ ԿԴ/0412/02/18 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.05.2019 թվականի որոշումը):

Մեկ այլ գործով ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ այն դեպքում, երբ բողոքարկման իրավունքի իրացման ժամկետի բացթողումը պայմանավորված է ստորադաս դատարանի անգործությամբ, բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու հարցը քննարկելիս վերադաս դատարանը պետք է առաջնորդվի անձի` իր իրավունքների պաշտպանության համար դատարան դիմելու և դրա մատչելիության սկզբունքներով (տե՛ս, Ալբերտ Հովհաննիսյանն ընդդեմ Լորիկ Վարդանյանի թիվ ԵՇԴ/0245/02/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 16.03.2016 թվականի որոշումը):

i

Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում ընդգծել, որ այս կապակցությամբ ՀՀ սահմանադրական դատարանն իր 09.02.2016 թվականի թիվ ՍԴՈ-1254 որոշմամբ արձանագրել է, որ օրենսդրորեն պետք է սահմանվեն անհրաժեշտ ու բավարար երաշխիքներ դատական ակտը բողոք բերողի կողմից ամբողջությամբ ու ողջամիտ ժամկետում ստանալու և դատարանի մատչելիության ու արդար դատաքննության իր իրավունքն արդյունավետ իրացնելու համար: Վերը նշվածի հիման վրա ՀՀ սահմանադրական դատարանը գտել է, որ չնայած այն հանգամանքին, որ դատական ակտերի բողոքարկման ժամկետը, որպես կանոն, հաշվարկվում է հրապարակման պահից, այնուամենայնիվ, անհրաժեշտ են օրենսդրական բավարար երաշխիքներ, որոնք կապահովեն անձի` դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքների արդյունավետ իրացումը:

i

Միաժամանակ ՀՀ սահմանադրական դատարանը վերահաստատել է 22.12.2015 թվականի թիվ ՍԴՈ-1249 որոշմամբ արտահայտված այն իրավական դիրքորոշումը, որ երբ վճռաբեկ բողոքը վճռաբեկ դատարան բերելու համար օրենքով սահմանված ժամկետը բաց թողնելու պատճառ է հանդիսանում համապատասխան բողոքարկվող դատական ակտը բողոքաբերից անկախ պատճառներով վերջինիս ուշ հասու լինելու հանգամանքը, ապա բողոքաբերը պետք է ներկայացնի բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին միջնորդություն` կցելով համապատասխան հանգամանքը հավաստող, վկայող ապացույցները, իսկ վճռաբեկ դատարանը` տվյալ հանգամանքի հաշվառմամբ բավարարի ներկայացված միջնորդությունը: Այդ դեպքում բաց թողնված ժամկետը վճռաբեկ դատարանի կողմից վերականգնվում է իրավունքի ուժով (ex jure)` համապատասխան դատական ակտում այդ մասին փաստելով:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ինչպես վերը նշված, այնպես էլ ՀՀ սահմանադրական դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները կիրառելի են նաև վերաքննության կարգով բողոքարկման իրավակարգավորումների նկատմամբ:

i

Միաժամանակ հարկ է նշել, որ 22.12.2015 թվականի թիվ ՍԴՈ-1249 որոշման շրջանակներում ՀՀ սահմանադրական դատարանը վկայակոչելով իր ՍԴՈ-1052 որոշմամբ արտահայտած իրավական դիրքորոշումները եզրահանգել է, որ ստորադաս դատարանի դատական ակտը վերադասության կարգով բողոքարկելու եղանակով անձի դատական պաշտպանության սահմանադրական իրավունքի լիարժեք իրացումը մեծապես կախված է այն հանգամանքից, թե որքանով է բողոքարկվող դատական ակտը հասու շահագրգիռ անձին, ողջամիտ ինչ ժամկետում նա կարող է հիմնավոր բողոք ներկայացնել իր իրավունքների դատական պաշտպանության համար: (...) վերաքննիչ կամ վճռաբեկ բողոքներն օրենքով դրանց ներկայացված պահանջներին համահունչ նախապատրաստելու համար հարկ է, որպեսզի վերաքննիչ կամ վճռաբեկ բողոք ներկայացնող անձն իր տնօրինության ներքո ունենա բողոքարկվող դատական ակտը, որպեսզի կարողանա նշված ակտի ուսումնասիրության հիման վրա իր վերաքննիչ կամ վճռաբեկ բողոքում հիմնավորել, պատճառաբանել ստորադաս դատարանի կողմից նյութական կամ դատավարական իրավունքի նորմերի խախտումը և գործի ելքի վրա դրանց ազդեցությունը, կամ դրանց արդյունքում` ծանր հետևանքներ առաջացած լինելու փաստը կամ առաջացման հնարավորությունը:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ըստ ՀՀ սահմանադրական դատարանի դիրքորոշման` բողոքարկման ժամկետը բաց թողնելու դեպքում բողոքաբերի կողմից ժամկետը վերականգնելու մասին միջնորդություն և համապատասխան ապացույցներ ներկայացնելը, իսկ վերադաս դատարանի կողմից նշված միջնորդության քննարկումը և ապացույցները գնահատելը, պարտադիր է: Այն դեպքում, երբ պատշաճ ապացուցված է բողոքարկվող դատական ակտը բողոք բերած անձի կողմից իր կամքից անկախ պատճառներով ուշ ստանալու հանգամանքը և բողոքը ներկայացվել է դատական ակտը ստանալու օրվանից հաշված օրենքով սահմանված ժամկետում, վերադաս դատարանը բացթողած ժամկետը պետք է վերականգնի իրավունքի ուժով (ex jure):

Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով Դատարանը, 23.11.2018 թվականին ավարտելով գործի քննությունը, վճռի հրապարակման ժամանակ է հայտարարել 07.12.2018 թվականը (հատոր 3-րդ, գ.թ. 97): Դատական ակտը դատական իշխանության պաշտոնական կայքի միջոցով հրապարակվել է 07.12.2018 թվականին (հիմք` «www.datalex.am» տեղեկատվական համակարգը):

Վճռաբեկ դատարանը փաստում է, որ սույն գործում առկա չէ որևէ ապացույց բողոքարկվող վճիռն Ընկերությանն ուղարկելու և այն նրա կողմից ստանալու վերաբերյալ: Տվյալ դեպքում առկա է միայն Դատարանի թիվ ԴԴ-9.1-2385529/18 գրությունը, որի համաձայն` Դատարանի 07.12.2018 թվականի վճիռն Ընկերությանն ուղարկելու համար ելքագրվել է 13.12.2018 թվականին (հատոր 3-րդ, գ.թ. 110), իսկ վճիռը պարունակող ծրարն էլ հետ է վերադարձվել Դատարան` «չպահանջված» նշումով (հատոր 3-րդ, գ.թ. 111):

04.04.2019 թվականին փոստային առաքման միջոցով` (հիմք` փոստային ծրար, հատոր 4-րդ, գ.թ. 8) Ընկերության ներկայացուցչի կողմից ներկայացվել է վերաքննիչ բողոք: Միաժամանակ, ներկայացված վերաքննիչ բողոքով Ընկերության ներկայացուցիչը միջնորդել է հետաձգել պետական տուրքի վճարումը, ինչպես նաև հարգելի համարել վերաքննիչ բողոք բերելու համար սահմանված ժամկետը բաց թողնելու պատճառները և վերականգնել այն, պատճառաբանելով, որ Ընկերությունը Դատարանի վճիռը մինչ օրս չի ստացել (հատոր 4-րդ, գ.թ. 6-7):

Վերաքննիչ դատարանի 19.04.2019 թվականի որոշմամբ Ընկերության վերաքննիչ բողոք բերելու համար բաց թողնված ժամկետը հարգելի համարելու վերաբերյալ միջնորդությունը և վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվել են այն պատճառաբանությամբ, որ վճիռը դատական իշխանության պաշտոնական կայքի միջոցով 07.12.2018 թվականին հրապարակված լինելու պայմաններում, այլ կերպ ասած` վճիռը բողոքաբերին հասու լինելու պայմաններում, բողոքաբերն օբյեկտիվորեն հնարավորություն է ունեցել ծանոթանալ դատական ակտի բովանդակությանը և կարող էր դատական իշխանության պաշտոնական կայքում տեղադրված վճռի հրապարակմանը հաջորդած մեկ ամսյա ժամկետում բողոքարկել այն` անկախ վճռի թղթային օրինակը ստացած չլինելու հանգամանքից:

Վերը նշվածի հիման վրա Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ դատական ակտի բողոքարկման ժամկետը բաց թողնելու պատճառները հարգելի համարելու հիմքեր տվյալ դեպքում առկա չեն:

Հաշվի առնելով վերոգրյալը և սույն գործի փաստերը համադրելով Վերաքննիչ դատարանի իրավական վերլուծությունների հետ` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դրանք անհիմն են հետևյալ պատճառաբանությամբ.

Նախկինում կայացված իր որոշումներից մեկով ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ վերաքննիչ բողոք բերելու ժամկետի բացթողումը հարգելի համարելու վերաբերյալ միջնորդության քննության համար էական նշանակություն ունեն և՛ գործով կայացված վճիռը դատարանի կողմից հայտարարված օրը դատական իշխանության պաշտոնական կայքում հրապարակելու, և՛ վճիռն օրենքով սահմանված ժամկետում կողմին հանձնված կամ ուղարկված լինելու փաստերը, քանի որ թե՛ վճռի հրապարակումը, թե՛ դրա ուղարկումը կողմին նպատակ են հետապնդում վերջինիս տեղեկացնելու դատարանի կողմից կայացված դատական ակտի մասին, ինչն իր հերթին ուղղված է բողոքարկման իրավունքի իրացումն ապահովելուն: Դատական ակտերի հրապարակման գործող եղանակը, ուղղված լինելով հրապարակայնության սկզբունքի երաշխավորմանը, արդարադատության արդյունավետության բարձրացմանը, առաջնահերթ նպատակաուղղված է բողոքարկման իրավունքի իրականացման համար նախադրյալներ ապահովելուն: Էլեկտրոնային կայքի միջոցով դատական ակտի հրապարակման պայմաններում դատական ակտն անմիջապես հրապարակվելուց հետո կարող է հասանելի լինել գործին մասնակցող անձանց և ապահովել վերջիններիս բողոքարկման իրավունքի իրականացման համար իրական երաշխիքներ: Այդուհանդերձ, օրենսդիրը, հաշվի առնելով էլեկտրոնային ռեսուրսի հասանելիության օբյեկտիվ սահմանափակումները (մասնավորապես` միացնող-անջատող կամ ուղղորդող սարքավորումների և այլ ռեսուրսների անհրաժեշտությունը, էլեկտրոնային հաղորդակցության ծառայության վճարովի բնույթը և այլն), դատական ակտի հրապարակման լիազորությանը զուգահեռ սահմանել է նաև գործին մասնակցող անձանց դատական ակտն առձեռն հանձնելու կամ ուղարկելու դատարանի պարտականությունը: Միայն նշված պարտականությունների միաժամանակյա և օրենքով սահմանված կարգով իրականացման պայմաններում կարող են լիարժեք նախադրյալներ ստեղծվել բողոքարկման իրավունքի իրականացման համար:

i

ՀՀ վճռաբեկ դատարանը, արժևորելով դատական իշխանության պաշտոնական կայքում դատական ակտի հրապարակումը` որպես դատական ակտը գործին մասնակցող անձանց հասանելի դարձնելու միջոց, անհրաժեշտ է համարել ընդգծել, որ բողոքարկման իրավունքի իրականացման լիարժեք նախադրյալներ ստեղծելու տեսանկյունից դատարանի վրա դրված է նաև դատական ակտը գործին մասնակցող անձանց առձեռն հանձնելու կամ ուղարկելու պարտականություն, որպիսի պայմաններում դատական ակտը գործին մասնակցող անձանց հասանելի դարձնելու պարտականության պատշաճ իրականացման մասին կարելի է եզրահանգումներ կատարել միայն այն դեպքում, երբ դատարանը պատշաճ իրագործել է վերոնշյալ երկու պարտականությունները, այն է`

ա) հայտարարված օրը դատական ակտը հրապարակել է դատական իշխանության պաշտոնական կայքում,

բ) դատական ակտի օրինակը ոչ ուշ, քան դրա հրապարակման հաջորդ օրն ուղարկել է գործին մասնակցող անձանց, եթե մինչ այդ այն առձեռն չի հանձնվել նրանց (տե՛ս, «Եղիցի Լույս-ԲՀ» ՍՊԸ-ն ընդդեմ «Արմինե» Ա/Կ-ի թիվ ԿԴ/0412/02/18 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.05.2019 թվականի որոշումը):

Վճռաբեկ դատարանը փաստում է, որ սույն գործում առկա չէ ապացույց այն մասին, թե Դատարանը վճիռը երբ է ուղարկել Ընկերությանը` փոստային ծառայության հանձնելու միջոցով: Տվյալ դեպքում առկա է միայն Դատարանի 13.12.2018 թվականի թիվ ԴԴ-9.1-2385529/18 ուղեկցական գրությունը` վճիռն Ընկերությանն ուղարկելու մասին, իսկ վճիռը պարունակող ծրարն էլ հետ է վերադարձվել Դատարան` «չպահանջված» նշումով: Ավելին, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործի նյութերում առկա չէ նաև որևէ ապացույց, որ Դատարանի 07.12.2018 թվականի վճիռն ի վերջո ուղարկվել է Ընկերությանը և այն նրա կողմից ստացվել է:

Հետագայում, Դատարանի 07.12.2018 թվականի վճռի դեմ Ընկերության ներկայացուցիչը փոստային առաքմամբ` 04.04.2019 թվականին ներկայացրել է վերաքննիչ բողոք, այսինքն` օրենքով սահմանված վերաքննիչ բողոք բերելու ժամկետի ավարտից հետո, միաժամանակ միջնորդելով հարգելի համարել վերաքննիչ բողոք բերելու համար սահմանված ժամկետը բաց թողնելու պատճառը, այն հիմնավորմամբ, որ բողոքարկվող վճիռը մինչ օրս չի ստացել:

Վերը նշված հանգամանքները Վերաքննիչ դատարանի կողմից պատշաճ հետազոտման և համարժեք գնահատման չեն արժանացվել:

Նշվածը հաշվի առնելով` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Դատարանի կողմից վճռի օրինակն Ընկերությանն ուղարկած լինելու, ինչպես նաև այն Ընկերության կողմից ստանալու մասին ապացույցների բացակայության պայմաններում, վերաքննիչ բողոք բերելու համար օրենքով սահմանված ժամկետը բաց թողնելու պատճառները հարգելի համարելու և այն վերականգնելու վերաբերյալ Ընկերության ներկայացուցչի միջնորդությունը ենթակա էր բավարարման:

Վճռաբեկ դատարանի վերը նշված հետևությունը բխում է նաև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի իրավակարգավորումից, ըստ որի` վճռի օրինակը ոչ ուշ, քան դրա հրապարակման հաջորդ օրը գործին մասնակցող անձանց ուղարկելու պարտականության կրողը դատարանն է, ուստի վճռի օրինակը ոչ ուշ, քան դրա հրապարակման հաջորդ օրը բողոքաբերին ուղարկելու և նրա կողմից ստանալու մասին ապացույցները պետք է առկա լինեին գործի նյութերում: Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ այն դեպքում, երբ գործում առկա չեն վճռի օրինակը ոչ ուշ, քան դրա հրապարակման հաջորդ օրը բողոքաբերին ուղարկելու և այն նրա կողմից ստանալու մասին ապացույցները, բողոքաբերը չի կարող կրել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջը Դատարանի կողմից չպահպանելու բացասական հետևանքը:

Ամփոփելով վերոգրյալը Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ սահմանադրական դատարանի և ՀՀ վճռաբեկ դատարանի վերը նշված իրավական դիրքորոշումների համաձայն Ընկերության ներկայացուցչի վերը նշված միջնորդությունը ենթակա էր բավարարման և բաց թողնված ժամկետը Վերաքննիչ դատարանի կողմից պետք է վերականգնվեր իրավունքի ուժով (ex jure), քանի որ առկա է եղել բողոքաբերից անկախ պատճառներով դատական ակտը նրան ուշ հասու լինելու հանգամանքը, ինչն անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից:

Ինչ վերաբերում է Վերաքննիչ դատարանի այն պատճառաբանությանը, որ Դատարանի վճիռը 07.12.2018 թվականին հրապարակվել է դատական իշխանության պաշտոնական կայքի միջոցով, ուստի վերաքննիչ բողոք բերած անձը կարող էր վճռի հրապարակմանը հաջորդած օրենքով սահմանված ժամկետում բողոքարկել այն, ապա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր չէ, քանի որ օրենսդրի կողմից` հրապարակված դատական ակտը ոչ ուշ, քան դրա հրապարակման հաջորդ օրը գործին մասնակցող անձանց ուղարկելու պարտականության սահմանումն ինքնանպատակ չէ, այլ կոչված է ապահովելու բավարար երաշխիքներ անձի դատական ակտը բողոքարկելու իրավունքի իրականացմանը:

Այսպիսով, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը, մերժելով Ընկերության կողմից ներկայացված վերաքննիչ բողոքի ընդունումը, սահմանափակել է վերջինիս` ՀՀ Սահմանադրության 61-րդ, 63-րդ հոդվածներով և Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով երաշխավորված` դատական պաշտպանության իրավունքը:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 119-րդ հոդվածի 4-րդ մասը, 179-րդ հոդվածի 2-րդ մասը, 372-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը, քանի որ անհիմն կերպով մերժել է Ընկերության ներկայացուցչի կողմից ներկայացված վերաքննիչ բողոք բերելու ժամկետի բացթողման պատճառները հարգելի համարելու վերաբերյալ միջնորդությունը և վերաքննիչ բողոքի ընդունումը` վերջինիս զրկելով Դատարանի 07.12.2018 թվականի վճիռը վերաքննության կարգով բողոքարկելու հնարավորությունից:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 1-ին մասի և 390-րդ հոդվածի 3-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի 19.04.2019 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը վերացնելու համար:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ և 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Վերացնել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 19.04.2019 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող Ռ. Հակոբյան

Զեկուցող  Ն. Տավարացյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Ե. Խունդկարյան

Գ. Հակոբյան

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

 

Պաշտոնական հրապարակման օրը` 28 հուլիսի 2020 թվական:

 

 

pin
Վճռաբեկ դատարան
30.04.2020
N ՏԴ1/0006/02/18
Որոշում