Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 1...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 180-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ...

 

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

    ՀՀ վերաքննիչ վարչական                 Վարչական գործ թիվ ՎԴ/5826/05/15

    դատարանի որոշում                      2020 թ.

Վարչական գործ թիվ ՎԴ/5826/05/15

Նախագահող դատավոր` Ա. Սարգսյան

    Դատավորներ`        Ա. Բաբայան

                       Ա. Պողոսյան

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

նախագահող Ռ. Հակոբյան

զեկուցող  Ն. Տավարացյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Ե. Խունդկարյան

Գ. Հակոբյան

Ս. Միքայելյան

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

 

20 թվականի հունիսի 30-ին

քննելով ըստ հայցի Արա Ավետիսյանի ընդդեմ ՀՀ կառավարության, երրորդ անձ Արայիկ Միրզոյանի` Երևանի քաղաքապետարանի 10.03.2009 թվականի թիվ 1319-Ա որոշումն առ ոչինչ կամ անվավեր ճանաչելու և հետևանքների վերացման ածանցյալ պահանջների մասին, վարչական գործով ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 17.04.2019 թվականի «Նոր երևան եկած հանգամանքներով դատական ակտի վերանայման դիմումը վերադարձնելու մասին» որոշման դեմ Արա Ավետիսյանի ներկայացուցիչ Արտավազդ Պետրոսյանի բերած վճռաբեկ բողոքը,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Արա Ավետիսյանը պահանջել է առ ոչինչ կամ անվավեր ճանաչել Երևանի քաղաքապետարանի 10.03.2009 թվականի թիվ 1319-Ա որոշումը և որպես հետևանք` պարտավորեցնել Երևանի քաղաքապետարանին ուժը կորցրած ճանաչել 26.03.2009 թվականի թիվ 1433-2009 գլխավոր հատակագիծը:

ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Գ. Սոսյան) (այսուհետ` Դատարան) 18.04.2017 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակի` անվավեր է ճանաչվել Երևանի քաղաքապետի 10.03.2009 թվականի թիվ 1319-Ա որոշման 1-ին կետը,

մնացած մասով հայցը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (նախագահող դատավոր` Ա. Առաքելյան, դատավորներ` Ա. Բաբայան, Ա. Թովմասյան) 04.07.2018 թվականի որոշմամբ ՀՀ կառավարության անունից Երևանի քաղաքապետարանի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը բավարարվել է, Դատարանի 18.04.2017 թվականի վճիռը` Երևանի քաղաքապետի 10.03.2009 թվականի թիվ 1319-Ա որոշման 1-ին կետն անվավեր ճանաչելու պահանջը բավարարելու մասով, բեկանվել է, և այդ մասով վարչական գործն ուղարկվել է ՀՀ վարչական դատարան` նոր քննության:

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 05.09.2018 թվականի որոշմամբ ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 04.07.2018 թվականի որոշման դեմ Արա Ավետիսյանի կողմից ներկայացված վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 17.04.2019 թվականի որոշմամբ Դատարանի 18.04.2017 թվականի վճռի` հայցը մերժելու մասի դեմ Արա Ավետիսյանի կողմից նոր երևան եկած հանգամանքներով դատական ակտի վերանայման դիմումը վերադարձվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Արա Ավետիսյանի ներկայացուցիչը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

i

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ Դատարանի 18.04.2017 թվականի վճռի` հայցը մերժելու մասը դատավարության մասնակիցների կողմից չի բողոքարկվել ՀՀ վերաքննիչ վարչական դատարան, հետևաբար այն մտել է օրինական ուժի մեջ, ուստի նշված վճիռն այդ մասով նոր երևան եկած հանգամանքների հիմքով ենթակա է վերանայման միայն վերաքննության կարգով:

Վերաքննիչ դատարանը հայցվորին զրկել է դատական պաշտպանության և դատարանի մատչելիության իրավունքից:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է վերացնել Վերաքննիչ դատարանի 17.04.2019 թվականի «Նոր երևան եկած հանգամանքներով դատական ակտի վերանայման դիմումը վերադարձնելու մասին» որոշումը և կայացնել նոր դատական ակտ:

 

3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.

i

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում` նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այսինքն` Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի խախտման արդյունքում թույլ է տրվել դատական սխալ, որը խաթարել է արդարադատության բուն էությունը:

Սույն վճռաբեկ բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ այն իրավական հարցադրմանը, թե արդյոք վարչական դատավարության մասնակիցը կարող է ներկայացնել վարչական դատարանի` գործն ըստ էության լուծող դատական ակտը նոր երևան եկած հանգամանքներով մասնակիորեն վերանայելու դիմում այն դեպքում, երբ այդ դատական ակտը նախկինում բողոքարկվել և բեկանվել է միայն մասնակիորեն` ներկայացված դիմումում չներառված մասով:

i

ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:

i

ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

i

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները (...) ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք (...):

Այս կապակցությամբ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ` Եվրոպական դատարան) նախադեպային իրավունքի համաձայն` դատարանի մատչելիության իրավունքն արդար դատաքննության իրավունքի բաղկացուցիչ մասն է: Այնուամենայնիվ, այդ իրավունքը բացարձակ չէ և կարող է ենթարկվել սահմանափակումների: Այդ սահմանափակումները թույլատրվում են, քանի որ մատչելիության իրավունքն իր բնույթով պահանջում է պետության կողմից որոշակի կարգավորումներ: Այս առումով պետությունը որոշակի հայեցողական լիազորություն ունի: Դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը պետք է իրականացվի այնպես, որ այն չխախտի կամ զրկի անձին մատչելիության իրավունքից այնպես կամ այն աստիճան, որ խախտվի այդ իրավունքի բուն էությունը: Դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը չի կարող համատեղելի լինել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի հետ, եթե այն իրավաչափ նպատակ չհետապնդի և եթե չլինի ողջամիտ հարաբերակցություն ձեռնարկվող միջոցների և հետապնդվող նպատակների միջև համաչափության առումով (տե՛ս, Ashingdane v. The United Kingdom գործով Եվրոպական դատարանի 28.05.1985 թվականի վճիռը, կետ 57):

Եվրոպական դատարանի կողմից ձևավորված կայուն նախադեպային իրավունքի համաձայն` դատական պաշտպանության իրավունքը, որի մի մասն էլ կազմում է դատարանի մատչելիության իրավունքը, բացարձակ չէ և կարող է ենթարկվել սահմանափակումների: Այդուհանդերձ, կիրառված սահմանափակումները չպետք է այն կերպ կամ այն աստիճանի սահմանափակեն անձի` դատարանի մատչելիության իրավունքը, որ վնաս հասցվի այդ իրավունքի բուն էությանը: Բացի այդ, սահմանափակումը Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետին չի համապատասխանի, եթե այն իրավաչափ նպատակ չի հետապնդում և եթե կիրառված միջոցների և հետապնդվող նպատակի միջև չկա համաչափության ողջամիտ հարաբերակցություն (տե՛ս, օրինակ, Khalfaoui v. France գործով Եվրոպական դատարանի 14.12.1999 թվականի վճիռը, կետեր 35, 36, Papon v. France գործով Եվրոպական դատարանի 25.07.2002 թվականի վճիռը, կետ 90):

i

Հիմք ընդունելով ՀՀ սահմանադրական դատարանի 28.11.2007 թվականի թիվ ՍԴՈ-719, 25.11.2008 թվականի թիվ ՍԴՈ-780, 18.07.2013 թվականի թիվ ՍԴՈ-1037, 15.02.2015 թվականի թիվ ՍԴՈ-1190 որոշումներում արտահայտված իրավական դիրքորոշումները` ՀՀ վճռաբեկ դատարանն իր նախկին որոշումներում բազմիցս ընդգծել է, որ Հայաստանի Հանրապետությունում երաշխավորվում են արդյունավետ իրավական պաշտպանության և արդար դատաքննության հիմնական իրավունքները, որոնց կարևոր բաղադրիչներից մեկը բողոքարկման իրավունքն է (տե՛ս, օրինակ, «Ֆասթ Սփլայ» ՍՊԸ-ն ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Արտաշատի տարածքային հարկային տեսչության թիվ ՎԴ3/0347/05/13 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 04.03.2015 թվականի որոշումը): Հայաստանի Հանրապետությունում սահմանված դատական եռաստիճան համակարգը գործում է դատական ներհամակարգային աստիճանակարգության հիման վրա, ինչը ենթադրում է վերադաս դատական ատյանի կողմից ստորադաս դատական ատյանի բողոքարկման ենթակա դատական ակտերի վերանայման հնարավորություն (տե՛ս, օրինակ, Անահիտ Եփրեմյանն ընդդեմ ՀՀ կառավարության թիվ ՎԴ/6478/05/14 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.07.2015 թվականի որոշումը):

i

ՀՀ սահմանադրական դատարանը, մի շարք որոշումներում (տե՛ս, ՍԴՈ-652, ՍԴՈ-690, ՍԴՈ-719, ՍԴՈ-765, ՍԴՈ-844, ՍԴՈ-873, ՍԴՈ-890, ՍԴՈ-932, ՍԴՈ-942, ՍԴՈ-1037, ՍԴՈ-1052, ՍԴՈ-1115, ՍԴՈ-1127, ՍԴՈ-1190, ՍԴՈ-1192, ՍԴՈ-1196, ՍԴՈ-1197, ՍԴՈ-1220, ՍԴՈ-1222, ՍԴՈ-1257, ՍԴՈ-1289) կարևորելով իրավակարգավորման մի շարք սկզբունքներ, նաև արձանագրել է, որ`

- դատավարական որևէ առանձնահատկություն կամ ընթացակարգ չի կարող խոչընդոտել կամ կանխել դատարան դիմելու իրավունքի արդյունավետ իրացման հնարավորությունը, իմաստազրկել ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված դատական պաշտպանության իրավունքը կամ դրա իրացման արգելք հանդիսանալ,

- ընթացակարգային որևէ առանձնահատկություն չի կարող մեկնաբանվել որպես ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված` դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակման հիմնավորում,

- դատարանի մատչելիությունը կարող է ունենալ այնպիսի սահմանափակումներ, որոնք չեն խաթարում այդ իրավունքի բուն էությունը,

- դատարան դիմելիս անձը չպետք է ծանրաբեռնվի ավելորդ ձևական պահանջներով,

- իրավական որոշակիության ապահովման պահանջից ելնելով` դատարանի մատչելիության իրավունքի իրացման համար անհրաժեշտ որոշակի իմպերատիվ նախապայմանի առկայությունն ինքնին չի կարող դիտվել որպես ՀՀ Սահմանադրությանը հակասող: Այլ հարց է, որ նման նախապայմանը պետք է լինի իրագործելի, ողջամիտ և չհանգեցնի իրավունքի էության խախտման:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վերոնշյալ սկզբունքների լույսի ներքո պետք է մեկնաբանվեն նաև վարչական դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատական ակտերը նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով վերանայելուն առնչվող կարգավորումները: Մասնավորապես`

i

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի համաձայն` կողմերն իրավունք ունեն նույն օրենսգրքով նախատեսված դեպքերում բողոքարկելու դատական ակտերը:

i

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի համաձայն` նույն օրենսգրքով սահմանված կարգով օրինական ուժի մեջ մտած վճիռները և որոշումները կարող են վերանայվել նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով:

i

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 181-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` նոր երևան եկած հանգամանքները հիմք են դատական ակտի վերանայման համար, եթե` բողոք բերած անձն ապացուցում է, որ այդ հանգամանքները գոյություն են ունեցել գործի լուծման պահին, հայտնի չեն եղել և չէին կարող հայտնի լինել բողոք բերած դատավարության մասնակցին ու դատարանին, և այդ հանգամանքները գործի լուծման համար ունեն էական նշանակություն:

i

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 183-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով վարչական դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատական ակտը վերանայում է վերաքննիչ դատարանը, եթե այդ դատական ակտը մինչև օրինական ուժի մեջ մտնելը չի վերանայել վերաքննիչ կամ վճռաբեկ դատարանը:

i

ՀՀ վարչական դատավարության 184-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով դատական ակտի վերանայման դիմում ներկայացնելու իրավունք ունեն` դատավարության մասնակիցները, ինչպես նաև նրանց իրավահաջորդները, եթե վիճելի իրավահարաբերությունը թույլ է տալիս իրավահաջորդություն:

i

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 185-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով դատական ակտի վերանայման դիմումը կարող է ներկայացվել համապատասխան հիմքն ի հայտ գալուց հետո` 3 ամսվա ընթացքում:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ օրենսդիրը սահմանել է նաև վերադաս դատարանի կողմից վարչական դատարանի դատական ակտի արտակարգ, բացառիկ վերանայման հնարավորություն` նոր կամ նոր երևան եկած հանգամանքներով:

Վճռաբեկ դատարանը փաստում է, որ վարչական դատարանի դատական ակտը նոր կամ նոր երևան եկած հանգամանքներով վերանայելու մեխանիզմը կարող է գործադրվել միայն օրինական ուժի մեջ մտած դատական ակտի դեպքում: Բացի դրանից, այն կարող է կիրառվել միայն օրենքով սահմանված խիստ սահմանափակ հիմքերի, այն է` նոր կամ նոր երևան եկած հանգամանքների առկայության դեպքում: Այդպիսի հիմքերից է նաև նոր երևան եկած հանգամանքների առկայությունն այն դեպքում, երբ բողոք բերած անձն ապացուցում է, որ այդ հանգամանքները գոյություն են ունեցել գործի լուծման պահին, հայտնի չեն եղել և չէին կարող հայտնի լինել բողոք բերած դատավարության մասնակցին ու դատարանին, և այդ հանգամանքները գործի լուծման համար ունեն էական նշանակություն:

Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վարչական դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատական ակտը նոր երևան եկած հանգամանքներով վերանայելու դիմումը համապատասխան հիմքն ի հայտ գալուց հետո եռամսյա ժամկետում պետք է ներկայացվի վերաքննիչ դատարան, եթե այդ դատական ակտը մինչև օրինական ուժի մեջ մտնելը չի վերանայել վերաքննիչ կամ վճռաբեկ դատարանը:

Ամփոփելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դատավարության մասնակիցները ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 181-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված նոր երևան եկած հանգամանքի հիմքով դատական ակտի վերանայման դիմում ներկայացնելու իրավունք ունեն, ի թիվս այլնի, հետևյալ պայմանների միաժամանակյա առկայության դեպքում`

- դիմողի նկատմամբ կայացվել է դատական ակտ, որը մտել է օրինական ուժի մեջ,

- առկա են նոր երևան եկած հանգամանքներ, որոնք գոյություն են ունեցել գործի լուծման պահին, հայտնի չեն եղել և չէին կարող հայտնի լինել բողոք բերած դատավարության մասնակցին ու դատարանին, և այդ հանգամանքները գործի լուծման համար ունեն էական նշանակություն,

- համապատասխան հիմքն ի հայտ գալուց հետո նոր երևան եկած հանգամանքներով դատական ակտի վերանայման դիմում ներկայացնելու դրությամբ չի լրացել օրենքով սահմանված եռամսյա ժամկետը:

Սույն գործով Դատարանի 18.04.2017 թվականի վճռով Արա Ավետիսյանի հայցն ընդդեմ ՀՀ կառավարության, երրորդ անձ` Արայիկ Միրզոյանի` Երևանի քաղաքապետարանի 10.03.2009 թվականի թիվ 1319-Ա որոշումն առ ոչինչ կամ անվավեր ճանաչելու և հետևանքների վերացման ածանցյալ պահանջների մասին, բավարարվել է մասնակի` անվավեր է ճանաչվել Երևանի քաղաքապետի 10.03.2009 թվականի թիվ 1319-Ա որոշման 1-ին կետը, մնացած մասով հայցը մերժվել է (հատոր 5-րդ, գ.թ. 64-89):

Նկատի ունենալով, որ բողոքաբերի կողմից բողոքարկվել է միայն վճռի` հայցը բավարարելու մասը, ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 04.07.2018 թվականի որոշմամբ ՀՀ կառավարության անունից Երևանի քաղաքապետարանի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը բավարարվել է, Դատարանի 18.04.2017 թվականի վճիռը` Երևանի քաղաքապետի 10.03.2009 թվականի թիվ 1319-Ա որոշման 1-ին կետն անվավեր ճանաչելու պահանջը բավարարելու մասով, բեկանվել է, և այդ մասով վարչական գործն ուղարկվել է ՀՀ վարչական դատարան` նոր քննության (հատոր 6-րդ, գ.թ. 79-93):

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 05.09.2018 թվականի որոշմամբ ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 04.07.2018 թվականի որոշման դեմ Արա Ավետիսյանի կողմից ներկայացված վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվել է (հատոր 7-րդ, գ.թ. 51-55):

Արա Ավետիսյանի կողմից ներկայացվել է վերաքննիչ բողոք` պահանջելով հայցը մերժելու մասով նոր երևան եկած հանգամանքի հիմքով վերանայել Դատարանի 18.04.2017 թվականի վճիռը (հատոր 8-րդ, գ.թ. 3-24):

Վերաքննիչ դատարանի 17.04.2019 թվականի որոշմամբ Դատարանի 18.04.2017 թվականի վճռի դեմ Արա Ավետիսյանի կողմից նոր երևան եկած հանգամանքներով դատական ակտի վերանայման դիմումը վերադարձվել է այն պատճառաբանությամբ, որ որպես վերանայման ենթակա դատական ակտ նշվել է Դատարանի 18.04.2017 թվականի վճիռը, որը չի հանդիսացել օրինական ուժի մեջ մտած, հետևապես` վերանայման ենթակա դատական ակտ (հատոր 8-րդ, գ.թ. 26):

Վերոգրյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո անդրադառնալով Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությանը` Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել հետևյալը.

i

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 188-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` դատարանը վերադարձնում է նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով դատական ակտի վերանայման դիմումը, եթե չեն պահպանվել նույն օրենսգրքի 186-րդ հոդվածի պահանջները:

i

Նույն օրենսգրքի 186-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն` նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով դատական ակտի վերանայման դիմումը կազմվում է գրավոր, որում նշվում են վերանայման ենթակա դատական ակտի կայացման տարին, ամիսը, ամսաթիվը և գործի համարը:

Հաշվի առնելով, որ բողոքարկվող որոշմամբ Վերաքննիչ դատարանը Դատարանի 18.04.2017 թվականի վճռի դեմ Արա Ավետիսյանի կողմից ներկայացված` նոր երևան եկած հանգամանքներով դատական ակտի վերանայման դիմումը վերադարձրել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 188-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված հիմքով` Դատարանի 18.04.2017 թվականի վճիռն օրինական ուժի մեջ մտած չլինելու պատճառաբանությամբ, Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ այն հարցին, թե արդյոք Դատարանի 18.04.2017 թվականի վճիռը մտել է օրինական ուժի մեջ:

i

Այսպես` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 127-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վարչական դատարանի` գործն ըստ էության լուծող դատական ակտերն օրինական ուժի մեջ են մտնում հրապարակման պահից մեկ ամիս հետո, եթե այլ բան նախատեսված չէ նույն օրենսգրքով:

i

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 127-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` նույն օրենսգրքի 145-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված, ինչպես նաև 145-րդ հոդվածի 1-ին մասի 2-4-րդ կետերով նախատեսված` բողոքարկված և չբեկանված մասով դատական ակտը անփոփոխ թողնելու դեպքերում վարչական դատարանի` գործն ըստ էության լուծող դատական ակտն (համապատասխան մասը) օրինական ուժի մեջ է մտնում վերաքննիչ դատարանի` գործն ըստ էության լուծող դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելու պահից:

i

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 145-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն` գործն ըստ էության լուծող դատական ակտի վերաքննության արդյունքում վերաքննիչ դատարանը` ամբողջությամբ կամ մասնակիորեն բավարարում է վերաքննիչ բողոքը` ամբողջությամբ կամ մասնակիորեն բեկանելով վարչական դատարանի դատական ակտը` բեկանված մասով գործն ուղարկելով վարչական դատարան` նոր քննության, և սահմանելով նոր քննության ծավալը, իսկ չբեկանված մասով դատական ակտը թողնելով անփոփոխ:

Վերոգրյալ իրավանորմերի վերլուծությամբ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վարչական դատարանի` գործն ըստ էության լուծող դատական ակտերը, որպես կանոն, օրինական ուժի մեջ են մտնում հրապարակման պահից մեկ ամիս հետո: Այն դեպքում, երբ գործն ըստ էության լուծող դատական ակտի վերաքննության արդյունքում վերաքննիչ դատարանն ամբողջությամբ կամ մասնակիորեն բավարարում է վերաքննիչ բողոքը` ամբողջությամբ կամ մասնակիորեն բեկանում է վարչական դատարանի դատական ակտը` բեկանված մասով գործն ուղարկում է վարչական դատարան` նոր քննության, իսկ չբեկանված մասով դատական ակտը թողնում անփոփոխ, վարչական դատարանի` գործն ըստ էության լուծող, բեկանված դատական ակտը (դատական ակտի բեկանված մասը) օրինական ուժի մեջ չի մտնում: Միևնույն ժամանակ այն դեպքում, երբ վարչական դատարանի` գործն ըստ էության լուծող դատական ակտը բողոքարկվում է մասնակիորեն, չբողոքարկված մասով այն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից մեկ ամիս հետո (եթե ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով այլ բան սահմանված չէ), իսկ բողոքարկված մասով այդ դատական ակտի` օրինական ուժի մեջ մտնելը կախված է բողոքարկման արդյունքից:

Տվյալ պարագայում Դատարանի 18.04.2017 թվականի վճռով Արա Ավետիսյանի հայցն ընդդեմ ՀՀ կառավարության, երրորդ անձ` Արայիկ Միրզոյանի` Երևանի քաղաքապետարանի 10.03.2009 թվականի թիվ 1319-Ա որոշումն առ ոչինչ կամ անվավեր ճանաչելու և հետևանքների վերացման ածանցյալ պահանջների մասին, բավարարվել է մասնակի` անվավեր է ճանաչվել Երևանի քաղաքապետի 10.03.2009 թվականի թիվ 1319-Ա որոշման 1-ին կետը, մնացած մասով հայցը մերժվել է:

Նկատի ունենալով, որ բողոքաբերի` ՀՀ կառավարության կողմից վճիռը բողոքարկվել է միայն հայցը բավարարելու մասով` ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 04.07.2018 թվականի որոշմամբ Դատարանի 18.04.2017 թվականի վճիռը բեկանվել և գործն ուղարկվել է նոր քննության միայն Երևանի քաղաքապետի 10.03.2009 թվականի թիվ 1319-Ա որոշման 1-ին կետն անվավեր ճանաչելու պահանջը բավարարելու մասով:

Վերաքննիչ դատարանի 04.07.2018 թվականի որոշումն օրինական ուժի մեջ է մտել 05.09.2018 թվականին` ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 05.09.2018 թվականի որոշմամբ Արա Ավետիսյանի կողմից ներկայացված վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվելու պահից:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ հայցը մերժելու մասով Դատարանի 18.04.2017 թվականի վճռի դեմ վերաքննիչ բողոք չի ներկայացվել, Վերաքննիչ դատարանն իր 04.07.2018 թվականի որոշմամբ հայցը մերժելու մասով չի անդրադարձել Դատարանի վճռին, ուստի Դատարանի 18.04.2017 թվականի վճիռը հայցը մերժելու մասով 19.05.2017 թվականին մտել է օրինական ուժի մեջ:

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը, 17.04.2019 թվականի որոշմամբ վերադարձնելով Դատարանի 18.04.2017 թվականի վճռի դեմ Արա Ավետիսյանի կողմից ներկայացված` նոր երևան եկած հանգամանքներով դատական ակտի վերանայման դիմումը, անտեսել է, որ Արա Ավետիսյանը խնդրել է նոր երևան եկած հանգամանքի հիմքով վերանայել Դատարանի 17.04.2019 թվականի վճիռը` հայցը մերժելու մասով, որպիսի մասով նշված վճիռը չի բողոքարկվել և մտել է օրինական ուժի մեջ, ուստի Արա Ավետիսյանի կողմից կարող էր ներկայացվել այդ մասով Դատարանի վճիռը նոր երևան եկած հանգամանքի հիմքով վերանայելու դիմում:

Հետևաբար Վերաքննիչ դատարանն իր «Նոր երևան եկած հանգամանքներով դատական ակտի վերանայման դիմումը վերադարձնելու մասին» 17.04.2019 թվականի որոշմամբ ոչ իրավաչափորեն սահմանափակել է բողոք բերած անձի` ՀՀ Սահմանադրությամբ և Կոնվենցիայով երաշխավորված դատական պաշտպանության իրավունքը, ինչը հիմք է Վերաքննիչ դատարանի որոշումը վերացնելու համար:

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 150-րդ, 152-րդ, 163-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը վերացնելու համար:

Հաշվի առնելով վերը շարադրված հիմնավորումները և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 153-րդ, 169-րդ և 171-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Վերացնել ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 17.04.2019 թվականի «Նոր երևան եկած հանգամանքներով դատական ակտի վերանայման դիմումը վերադարձնելու մասին» որոշումը:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:

 

Նախագահող Ռ. Հակոբյան

Զեկուցող  Ն. Տավարացյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Ե. Խունդկարյան

Գ. Հակոբյան

Ս. Միքայելյան

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

 

Պաշտոնական հրապարակման օրը` 28 հուլիսի 2020 թվական:

 

 

pin
Վճռաբեկ դատարան
30.06.2020
N ՎԴ/5826/05/15
Որոշում