Սեղմել Esc փակելու համար:
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

Ք. Երևան

    06 օգոստոսի 2020 թ.                        ԲԴԽ-44-Ո-Կ-13

 

ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ ՄԵԽԱԿ ԳԵՎՈՐԳՅԱՆԻՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ`

 

ՀԵՏԵՎՅԱԼ ԿԱԶՄՈՎ`

 

նախագահությամբ`

    Բարձրագույն դատական խորհրդի նախագահ           Ռ. Վարդազարյանի,

 

    մասնակցությամբ`                               Գ. Բեքմեզյանի,

    անդամներ                                      Ա. Հայկյանցի,

                                                  Հ. Հովհաննիսյանի,

                                                  Մ. Մակյանի,

                                                  Լ. Մելիքջանյանի,

                                                  Ա. Մխիթարյանի,

                                                  Ս. Չիչոյանի,

                                                  Վ. Քոչարյանի,

 

    Արդարադատության նախարարի առաջին տեղակալ       Ռ. Գրիգորյանի,

 

    Արդարադատության նախարարի ներկայացուցիչ        Դ. Գասպարյանի,

 

    Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր         Մ. Գևորգյանի,

իրավասության դատարանի դատավոր

 

    քարտուղարությամբ`                             Թ. Ղուկասյանի,

 

դռնբաց նիստում, քննության առնելով Արդարադատության նախարարի (այսուհետ` Նախարար)` «ՀՀ Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մեխակ Գևորգյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդությամբ ՀՀ Բարձրագույն դատական խորհրդին դիմելու մասին» 2020 թվականի հուլիսի 07-ի թիվ N 68-Ա որոշումը և կից ներկայացված փաստաթղթերը,

 

ՊԱՐԶԵՑ.

 

1. Գործի նախապատմությունը.

Կարգապահական վարույթ հարուցելու առիթ է հանդիսացել քաղաքացի Վոլոդյա Վարդանյանի կողմից Նախարարին 29.04.2020 թվականին հասցեագրված դիմումը, որի շրջանակներում քաղաքացին դժգոհություն է հայտնել թիվ ԿԴ1/1296/02/14 քաղաքացիական գործով Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` Դատարան) «Կատարողական թերթի կատարումը կասեցնելու մասին» 16.03.2020 թվականի որոշումից (այսուհետ` Որոշում) և Դատարանի դատավոր Մեխակ Գևորգյանի (այսուհետ` Դատավոր) գործողություններից:

Նախարարի 27.05.2020 թվականի թիվ N 56-Ա որոշմամբ Դատավորի նկատմամբ հարուցվել է կարգապահական վարույթ:

Նախարարի 07.07.2020 թվականի թիվ N 68-Ա որոշմամբ միջնորդություն է ներկայացվել Բարձրագույն դատական խորհուրդ` Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ:

 

2. Վարույթ հարուցած մարմնի դիրքորոշումը.

Դիմողը պնդում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 370-րդ հոդվածի 5-րդ մասի, 394-րդ հոդվածի 6-րդ մասի, 424-րդ հոդվածի 3-րդ մասի կարգավորումներից հետևում է, որ դատական ակտի կատարումը (կատարողական թերթի կատարումը) կասեցնելու իրավասություն վերապահված է Վերաքննիչ քաղաքացիական և Վճռաբեկ դատարաններին, բայց ոչ առաջին ատյանի դատարաններին: Բացի այդ, դատական ակտի կատարման հետաձգում կամ տարաժամկետում, դրա կատարման եղանակի ու կարգի փոփոխում հնարավոր է միայն «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված պայմանների միաժամանակյա առկայության դեպքում, այն է` պարտապանը պահանջատիրոջը պատրաստ է տրամադրելու պահանջին համարժեք ապահովում և ակնհայտ է, որ բացակայում է հարկադիր կատարման անհրաժեշտությունը:

Քննարկվող դեպքում թիվ ԿԴ1/1296/02/14 քաղաքացիական գործով Դատարանի 14.06.2019 թվականի վճռի օրինական ուժի մեջ մտնելուց հետո դրա հիման վրա տրված կատարողական թերթը 27.02.2020 թվականին կատարման ուղարկվելուց հետո գործով հակընդդեմ հայցով հայցվորները 10.03.2020 թվականին ներկայացրել են միջնորդություն` մինչև նոր երևան եկած հանգամանքների հիմքով վերանայման բողոքի (այսուհետ` Վերանայման բողոք) կապակցությամբ Վերաքննիչ քաղաքացիական դատարանի կողմից դատական ակտի կայացումը կատարողական թերթի կատարումը կասեցնելու վերաբերյալ: Դատարանը, ղեկավարվելով «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածով, 16.03.2020 թվականին կայացրել է կատարողական թերթի կատարումը մինչև Վերանայման բողոքի հիման վրա Վերաքննիչ քաղաքացիական դատարանի կողմից դատական ակտի կայացումը կասեցնելու մասին որոշում` պատճառաբանելով, որ Վերանայման բողոքի ենթադրյալ բավարարման և կատարողական թերթի պահանջների կատարման պարագայում ենթադրյալ դատական ակտը կարող է դառնալ անհնար:

Այսպիսով, կատարողական թերթի կատարումը կասեցնելու իրավասության բացակայության պայմաններում Դատարանի կողմից Որոշումը կայացվելու արդյունքում խախտվել է Սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին մասով ամրագրված օրինականության սկզբունքը:

Բացի այդ, «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածը, որով ղեկավարվել է Դատարանը Որոշումը կայացնելիս, քննարկվող դեպքում կիրառելի չէ հետևյալ հիմնավորմամբ.

Գործով հակընդդեմ հայցվորները 13.03.2020 թվականին ներկայացրած միջնորդությամբ Դատարանից չեն խնդրել ո՛չ դատական ակտի կատարման հետաձգում կամ տարաժամկետում, ո՛չ էլ դրա կատարման եղանակի ու կարգի փոփոխում, այլ ակնկալել են կատարողական թերթի կատարման կասեցում` մինչև Վերաքննիչ քաղաքացիական դատարանի կողմից Վերանայման բողոքի կապակցությամբ վերջնական ակտի կայացումը:

Դիմողը, անդրադառնալով Դատարանի կողմից 26.06.2020 թվականին (կարգապահական վարույթի հարուցումից հետո) կայացված «Կատարողական թերթի կատարումը կասեցնելու որոշումը վերացնելու մասին» որոշմանը, պնդում է, որ կատարողական թերթի կատարումը կասեցնելու իրավասության բացակայության պայմաններում առկա չէ նաև կատարողական թերթի կատարումը կասեցնելու որոշումը վերացնելու վերաբերյալ որոշում կայացնելու իրավական հիմք:

Դիմողը գտնում է, որ նյութական և դատավարական իրավունքի նորմերի խախտման ակնհայտությունն առկա է, քանի որ կատարողական թերթի կատարումը կասեցնելու իրավասության բացակայության պայմաններում դրա կատարումը կասեցնելու վերաբերյալ որոշում կայացնելու, ինչպես նաև նշված որոշումը կայացնելիս դատական ակտի կատարումը հետաձգելու կամ տարաժամկետելու, դրա կատարման եղանակն ու կարգը փոփոխելու վերաբերյալ քննարկվող իրավահարաբերության նկատմամբ ոչ կիրառելի կարգավորմամբ առաջնորդվելու պայմաններում Սահմանադրությամբ ամրագրված` օրինականության սկզբունքի, ինչպես նաև «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքի 22-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերի պահանջների խախտման առկայությունը չի կարող կասկածի տակ դրվել որևէ ողջամիտ իրավական ենթադրությամբ կամ փաստարկով, որպիսիք չի պարունակում նաև Դատավորի բացատրությունը:

Նյութական և դատավարական նորմերի խախտման կոպտությունն առկա է, քանի որ Դատարանի կողմից Որոշում կայացնելը հանգեցրել է վճռի օրինական ուժի մեջ մտնելուց հետո դատական ակտի կատարում ակնկալող` գործով հայցվորի իրավունքների սահմանափակմանը և որպես հետևանք` դատական իշխանության հեղինակազրկմանը: Մասնավորապես վճռի օրինական ուժի մեջ մտնելուց հետո վրա են հասնում որոշակի իրավական հետևանքներ: Դրանցից մեկը դրա կատարելիությունն է` որպես կատարման ապահովման յուրօրինակ երաշխիք` դատական ակտը կամավոր չկատարելու դեպքում: Դրա ուժով գործի ելքում դատավարական իմաստով պարտված կողմը պետք է միջոցներ ձեռնարկի դատական ակտի կատարումն ապահովելու համար, իսկ այն կամովին չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում դատական ակտը ենթակա է հարկադիր կատարման:

Տվյալ դեպքում գործով վճռի` 15.01.2020 թվականին օրինական ուժի մեջ մտնելուց հետո Դատարանի կողմից 27.02.2020 թվականին Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության Կոտայքի մարզային բաժին (այսուհետ` Ծառայություն) են ուղարկվել կատարողական թերթեր, որոնց հիման վրա Ծառայությունում 03.03.2020 թվականին հարուցվել է թիվ 05958513 կատարողական վարույթը (այսուհետ` Կատարողական վարույթ): Մինչդեռ, Դատարանի 16.03.2020 թվականի Որոշման արդյունքում Կատարողական վարույթը 18.03.2020 թվականի որոշմամբ կասեցվել է մինչև կասեցման հիմքերի վերացումը:

Այսինքն, գործով հայցվորը, ով առնվազն 15.01.2020 թվականից ակնկալում էր դատական ակտի կատարում, Որոշման կայացման և վրա հասած հետևանքի, այն է` Կատարողական վարույթի կասեցման որոշման հետևանքով ստեղծված խոչընդոտների արդյունքում, առնվազն մինչև 29.06.2020 թվականը` Կատարողական վարույթի վերսկսումը, զրկված է եղել հողամասի նկատմամբ իր խախտված սեփականության իրավունքը վերականգնելու` սկզբնական պատասխանողի կողմից կառուցված ապօրինի շինությունները, քարե պարիսպը քանդելու և ամբողջ հողատարածքն իրեն վերադարձնելու հնարավորությունից:

Կարգապահական վարույթի նյութերի ուսումնասիրությունից բխում է, որ նյութական և դատավարական իրավունքի նորմերի ակնհայտ և կոպիտ խախտումները Դատավորի կողմից թույլ են տրվել դիտավորությամբ, քանի որ դատավարական նման լիազորության ակնհայտորեն բացակայության պայմաններում նման որոշում կայացնելու իրավասություն չուներ, կամ առնվազն կոպիտ անփութությամբ, այն է` վերջինս չի գիտակցել իր վարքագծի ոչ իրավաչափ բնույթը, սակայն տվյալ իրադրությունում կարող էր և պարտավոր էր դա անել:

 

3. Դատավորի դիրքորոշումը հարուցված կարգապահական վարույթի վերաբերյալ.

Սույն կարգապահական վարույթի շրջանակներում Դատավորը ներկայացրել է գրավոր բացատրություն Նախարարին և գրավոր պատասխան Բարձրագույն դատական խորհրդին` հայտնելով, որ Նախարարի միջնորդության մեջ տեղ գտած դիտողությունները հիմնավոր են: Իր կողմից թույլ տրված սխալը պայմանավորված է եղել միայն դատավարական ժամկետներով ծայրաստիճան ծանրաբեռնված լինելով, իսկ լրացուցիչ խոչընդոտ է հանդիսացել հանրապետությունում տիրող համաճարակի հետ կապված իրավիճակը:

Դատավորը հավելել է, որ Որոշումը բացասական իրավական հետևանք չի առաջացրել դիմումատուի համար: Վիճելի գույքը Վերաքննիչ քաղաքացիական դատարանում բողոքարկման ողջ ընթացքում մնացել է արգելանքի տակ նաև համաձայն Ծառայությունում հարուցված թիվ 059663/62, 46, 93, 76 կատարողական վարույթի: Բացի այդ, Դատարանի թիվ ԿԴ1/1296/02/14 քաղաքացիական գործով 14.06.2019 թվականի վճռի դեմ հակընդդեմ հայցվորների կողմից ներկայացված Վերանայման բողոքի ընդունումը Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 05.06.2020 թվականի որոշմամբ մերժվել է, որից հետո Դատարանի 16.03.2020 թվականի Որոշումը Դատարանի 26.06.2020 թվականի որոշմամբ վերացվել է:

Ելնելով վերոգրյալից` նշել է, որ խորապես զղջում է կատարած սխալի համար:

Բարձրագույն դատական խորհրդում գործի քննության ժամանակ Դատավորը պնդել է վերը շարադրված դիրքորոշումը:

 

4. Հարուցված կարգապահական վարույթի համար էական նշանակություն ունեցող հանգամանքները.

1. Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը (դատավոր` Մեխակ Գևորգյան), քննելով թիվ ԿԴ1/1296/02/14 քաղաքացիական գործն ըստ հայցի Վոլոդյա Վարդանյանի ընդդեմ Միքայել Հակոբյանի` սեփականության իրավունքի խախտումը վերացնելու պահանջի մասին, և ըստ Միքայել Հակոբյանի իրավահաջորդներ Մարետա Թադևոսյանի, Նարեկ, Արմենուհի, Մարիամ Հակոբյանների հակընդդեմ հայցի ընդդեմ Վոլոդյա Վարդանյանի, երրորդ անձ Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի` ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասին, 14.06.2019 թվականի վճռով սկզբնական հայցը բավարարել է (վճռել է վերականգնել հայցվորի խախտված սեփականության իրավունքը Կոտայքի մարզի Առինջ գյուղի Մաշտոցի 6-րդ փողոցի թիվ 18 հասցեի 90,4 քմ հողամասի նկատմամբ, քանդել հողամասում սկզբնական պատասխանողների կողմից կառուցված 47,0 քմ անօրինական շինությունները, քարե պարիսպը և հողատարածքը վերադարձնել հայցվորին), իսկ հակընդդեմ հայցը` մերժել:

2. Վճռի դեմ հակընդդեմ հայցով հայցվոր Մարետա Թադևոսյանի կողմից ներկայացվել է վերաքննիչ բողոք, որը Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 07.08.2019 թվականի որոշմամբ վերադարձվել է, իսկ 23.09.2019 թվականի որոշմամբ վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվել է:

3. Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 23.09.2019 թվականի որոշման դեմ ներկայացված վճռաբեկ բողոքը Վճռաբեկ դատարանի 06.11.2019 թվականի որոշմամբ վերադարձվել է, իսկ 15.01.2020 թվականի որոշմամբ վճռաբեկ բողոքը մասով թողնվել է առանց քննության, մասով վարույթ ընդունումը մերժվել է:

4. Թիվ ԿԴ1/1296/02/14 քաղաքացիական գործով վճռի օրինական ուժի մեջ մտնելուց հետո դրա հիման վրա Դատարանի կողմից 27.02.2020 թվականին Ծառայություն են ուղարկվել համապատասխան կատարողական թերթեր, որոնց հիման վրա 03.03.2020 թվականին հարուցվել է Կատարողական վարույթ:

5. Գործով հակընդդեմ հայցվորների կողմից 10.03.2020 թվականին միջնորդություն է ներկայացվել Դատարան` նշելով, որ 14.02.2020 թվականին Վերանայման բողոք է ներկայացվել Վերաքննիչ քաղաքացիական դատարան, ինչպես նաև հայցադիմում է ներկայացվել Վարչական դատարան` Վոլոդյա Վարդանյանի սեփականության իրավունքի վկայականը մասնակի անվավեր ճանաչելու պահանջով: Արդյունքում, խնդրել են կասեցնել քննարկվող գործով տրված կատարողական թերթի կատարումը մինչև Վերաքննիչ քաղաքացիական դատարանի և Վարչական դատարանի կողմից դատական ակտերի վերջնական կայացումը:

6. Դատարանը 16.03.2020 թվականին կայացրած որոշմամբ կատարողական թերթի կատարումը կասեցրել է մինչև Վերանայման բողոքի հիման վրա Վերաքննիչ քաղաքացիական դատարանի կողմից վերջնական դատական ակտի կայացումը, իսկ կատարողական թերթի կատարումը մինչև Վարչական դատարանի կողմից դատական ակտի կայացումը կասեցնելու մասով միջնորդությունը մերժել է: Որպես հիմնավորում նշվել է, որ Վերանայման բողոքի ենթադրյալ բավարարման և կատարողական թերթի պահանջների կատարման պարագայում ենթադրյալ դատական ակտը կարող է դառնալ անհնար, հետևաբար կատարողական թերթի կատարումն անհրաժեշտ է կասեցնել մինչև Վերանայման բողոքի հիման վրա վերջնական դատական ակտի կայացումը: Արդյունքում, վկայակոչելով «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին պարբերության կարգավորումը և ղեկավարվելով նշված օրենքի 22-րդ հոդվածով` կատարողական թերթի կատարումը կասեցվել է:

7. Ծառայության 18.03.2020 թվականի որոշմամբ Կատարողական վարույթը կասեցվել է մինչև գործով Վերանայման բողոքի հիման վրա Վերաքննիչ քաղաքացիական դատարանի կողմից վերջնական դատական ակտի կայացումը:

8. Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 05.06.2020 թվականի որոշմամբ Վերանայման բողոքի ընդունումը մերժվել է` բողոք բերելու ժամկետը բողոքաբերների կողմից բաց թողնված լինելու հիմքով:

9. Դատավորի կողմից 26.06.2020 թվականին կայացվել է «Կատարողական թերթի կատարումը կասեցնելու որոշումը վերացնելու մասին» որոշում` հիմքում դնելով այն հանգամանքը, որ Վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշմամբ Վերանայման բողոքի ընդունումը մերժվել է:

10. Ծառայության 29.06.2020 թվականի որոշմամբ 18.03.2020 թվականին կասեցված Կատարողական վարույթը վերսկսվել է` հիմքում դնելով Դատարանի 26.06.2020 թվականի որոշումը` «Կատարողական թերթի կատարումը կասեցնելու որոշումը վերացնելու մասին»:

 

5. Բարձրագույն դատական խորհրդի պատճառաբանությունները և եզրահանգումները.

Քննարկելով Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ հարցը, լսելով Նախարարի ներկայացուցչի հաղորդումը, Դատավորի բացատրությունը, ուսումնասիրելով կարգապահական վարույթի նյութերը և հետազոտելով ապացույցները` Բարձրագույն դատական խորհուրդը գտնում է, որ ներկայացված միջնորդությունը ենթակա է բավարարման` հետևյալ պատճառաբանությամբ.

i

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 142-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերն են արդարադատություն կամ որպես դատարան` օրենքով նախատեսված այլ լիազորություններ իրականացնելիս նյութական կամ դատավարական իրավունքի նորմի խախտումը, որը կատարվել է դիտավորությամբ կամ կոպիտ անփութությամբ: Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն` սույն գլխի իմաստով` արարքը համարվում է դիտավորությամբ կատարված, եթե դատավորը գիտակցել է իր վարքագծի ոչ իրավաչափ բնույթը: Նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն` սույն գլխի իմաստով` արարքը համարվում է կոպիտ անփութությամբ կատարված, եթե դատավորը չի գիտակցել իր վարքագծի ոչ իրավաչափ բնույթը, թեև տվյալ իրադրությունում ակնհայտորեն կարող էր և պարտավոր էր դա անել:

Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ հարցը լուծելու համար Բարձրագույն դատական խորհուրդն էական է համարում հետևյալ հարցադրումները.

1. արդյո՞ք թիվ ԿԴ1/1296/02/14 քաղաքացիական գործի քննության շրջանակներում Դատավորին օրենքով վերապահված էր «Կատարողական թերթի կատարումը կասեցնելու» և «Կատարողական թերթի կատարումը կասեցնելու որոշումը վերացնելու մասին» որոշումներ կայացնելու իրավասություն.

2. արդյո՞ք թիվ ԿԴ1/1296/02/14 քաղաքացիական գործի քննության շրջանակներում «Կատարողական թերթի կատարումը կասեցնելու» և «Կատարողական թերթի կատարումը կասեցնելու որոշումը վերացնելու մասին» որոշումների կայացմամբ Դատավորի կողմից թույլ է տրվել դատավարական նորմի խախտում.

3. արդյո՞ք Դատավորի կողմից թույլ տրված դատավարական նորմի խախտումը կատարվել է դիտավորությամբ կամ կոպիտ անփութությամբ:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 370-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` օրինական ուժի մեջ մտած դատական ակտերի դեմ բերված վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու դեպքում վերաքննիչ դատարանն իր որոշմամբ կարող է ամբողջությամբ կամ մասնակիորեն կասեցնել դատական ակտի կատարումը, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:

i

Նույն օրենսգրքի 394-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն` օրինական ուժի մեջ մտած դատական ակտերի դեմ բերված վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու դեպքում Վճռաբեկ դատարանն իր որոշմամբ կարող է ամբողջությամբ կամ մասնակիորեն կասեցնել դատական ակտի կատարումը, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 424-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` դատական ակտի վերանայման բողոքը վարույթ ընդունելու վերաբերյալ որոշմամբ կամ գործի քննության ընթացքում դատարանը կարող է իր նախաձեռնությամբ կամ գործին մասնակցող անձի միջնորդությամբ կասեցնել դատական ակտի կամ դրա մի մասի կատարումը:

i

Միաժամանակ, «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածով, ի թիվս այլ դեպքերի, նախատեսված է, որ հարկադիր կատարողը պարտավոր է կասեցնել կատարողական վարույթը, եթե դատարանը որոշում է կայացրել կատարողական վարույթը կասեցնելու մասին:

Վերը նշված հոդվածների վերլուծությունից բխում է, որ դատական ակտի կատարումն ամբողջությամբ կամ մասնակիորեն կարող է կասեցվել բացառապես վերաքննիչ և վճռաբեկ դատարանների որոշումներով, այն էլ օրինական ուժի մեջ մտած դատական ակտերի դեմ բերված համապատասխանաբար վերաքննիչ և վճռաբեկ բողոքները, ինչպես նաև դատական ակտի վերանայման բողոքը վարույթ ընդունելու դեպքում: Այսինքն, օրենսդիրն առաջին ատյանի դատարանի համար չի սահմանել դատական ակտի կատարումն ամբողջությամբ կամ մասնակիորեն կասեցնելու լիազորություն:

i

Սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է իշխանության մարմինների ու պաշտոնատար անձանց իրավասությունների իրացման շրջանակը` բացառելու համար իշխանության չարաշահումը կամ իշխանազանցությունը: Մասնավորապես նշված հոդվածի համաձայն` պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով:

i

Սահմանադրությանն ու օրենքներին համապատասխան` պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, պաշտոնատար անձանց գործելու սահմանադրաիրավական պահանջն առանցքային նշանակություն ունի սահմանադրական օրինականության ապահովման խնդրում, առանց որի անհնարին է ժողովրդավարական, իրավական, սոցիալական պետության և քաղաքացիական հասարակության բնականոն զարգացումը: Սահմանադրության 3-րդ հոդվածի երրորդ պարբերությամբ ամրագրված դրույթը, համաձայն որի` «Հանրային իշխանությունը սահմանափակված է մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներով և ազատություններով` որպես անմիջականորեն գործող իրավունք» իր ելակետային բովանդակությամբ բացահայտում է ինչպես իշխանությունների բաժանման և հավասարակշռման սկզբունքի, այնպես էլ իշխանության թույլատրելի շրջանակները:

Բարձրագույն դատական խորհուրդը, հիմք ընդունելով վերոգրյալները, արձանագրում է, որ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանին որևէ նորմատիվ իրավական ակտով վերապահված չէ «Կատարողական թերթի կատարումը կասեցնելու մասին» որոշում կայացնելու լիազորություն: Մինչդեռ, Դատավորը կայացրել է «Կատարողական թերթի կատարումը կասեցնելու մասին» որոշում` հիմքում դնելով «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին պարբերությունն այն դեպքում, երբ նշված հոդվածում խոսքը վերաբերում է կատարողական թերթ տված դատարանի կողմից պահանջատիրոջ կամ պարտապանի դիմումով դատական ակտի կատարումը հետաձգելուն կամ տարաժամկետելուն, դրա կատարման եղանակն ու կարգը փոփոխելուն, իսկ սույն դեպքում հակընդդեմ հայցով հայցվորների կողմից ներկայացված միջնորդությունը և նույնաբովանդակ Որոշումը վերաբերում է կատարողական թերթի կատարումը կասեցնելուն:

Ավելին, որևէ իրավական նորմով առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանին վերապահված չէ «Կատարողական թերթի կատարումը կասեցնելու որոշումը վերացնելու մասին» որոշում կայացնելու լիազորություն:

i

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` օրենքի անալոգիան և իրավունքի անալոգիան կարող են կիրառվել միայն, եթե տվյալ օրենքով չի արգելվում անալոգիայի կիրառումը:

i

Ըստ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 4-րդ հոդվածի 1-ին մասի` վիճելի հարաբերությունը կարգավորող նյութաիրավական օրենքի կամ այլ իրավական ակտի բացակայության դեպքում դատարանը կիրառում է նույնանման հարաբերություններ կարգավորող օրենքի նորմերը (օրենքի անալոգիա): Նման նորմերի բացակայության դեպքում դատարանը վեճը լուծում է` ելնելով իրավունքի ընդհանուր սկզբունքներից (իրավունքի անալոգիա): Դատավարական նորմերն օրենքի անալոգիայով չեն կիրառվում:

Վերը նշված հոդվածների վերլուծությունից բխում է, որ դատավարական նորմերն օրենքի անալոգիայով չեն կիրառվում, ուստի վերաքննիչ և վճռաբեկ դատարաններին վերապահված դատական ակտի կատարումն ամբողջությամբ կամ մասնակիորեն կասեցնելու վերաբերյալ լիազորությունը չի կարող կիրառելի լինել առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի համար:

i

Բարձրագույն դատական խորհուրդը, ամփոփելով վերոշարադրյալը` արձանագրում է, որ տվյալ գործով կատարողական թերթի կատարումը կասեցնելու իրավասության բացակայության պայմաններում դրա կատարումը կասեցնելու վերաբերյալ որոշում կայացնելու, ինչպես նաև նշված որոշումը կայացնելիս դատական ակտի կատարումը հետաձգելու կամ տարաժամկետելու, դրա կատարման եղանակն ու կարգը փոփոխելու վերաբերյալ կանոնները կիրառելու պայմաններում խախտվել է Սահմանադրությամբ ամրագրված` օրինականության սկզբունքը և «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերը:

Բարձրագույն դատական խորհուրդը նաև գտնում է, որ Դատավորի կողմից դատավարական նորմի խախտումը թույլ է տրվել կոպիտ անփութությամբ, քանի որ նա չի գիտակցել իր վարքագծի ոչ իրավաչափ բնույթը, սակայն տվյալ իրադրությունում կարող էր և պարտավոր էր դա անել:

i

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 149-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` դատավորի նկատմամբ կիրառվող կարգապահական տույժը պետք է համաչափ լինի կատարված խախտմանը: Կարգապահական տույժ կիրառելիս Բարձրագույն դատական խորհուրդը հաշվի է առնում խախտման բնույթը և հետևանքները, դիտավորությունը կամ կոպիտ անփութությունը, դատավորի անձը, առկա տույժերը և ուշադրության արժանի այլ հանգամանքներ:

Բարձրագույն դատական խորհուրդն արձանագրում է նաև, որ կարգապահական պատասխանատվության հարցի քննության պահին Դատավորը չի ունեցել կարգապահական տույժ: Ավելին, Նախարարին և Բարձրագույն դատական խորհրդին ներկայացրած համապատասխանաբար գրավոր բացատրությամբ և պատասխանով Դատավորն ընդունել է իր կողմից թույլ տրված խախտումը` հավելելով, որ զղջում է դրա համար:

Վերոգրյալներից ելնելով և ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 175-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 6-րդ մասով, 144-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 149-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, 154-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով և 155-րդ հոդվածով` Բարձրագույն դատական խորհուրդը,

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Արդարադատության նախարարի միջնորդությունը` Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մեխակ Գևորգյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ` բավարարել: Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մեխակ Գևորգյանին հայտարարել նկատողություն:

2. Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և վերջնական է:

 

Բարձրագույն դատական

    խորհրդի նախագահ        Ռ. Վարդազարյան

    Անդամներ`              Գ. Բեքմեզյան

                           Ա. Հայկյանց

                           Հ. Հովհաննիսյան

                           Մ. Մակյան

                           Լ. Մելիքջանյան

                           Ա. Մխիթարյան

                           Ս. Չիչոյան

                           Վ. Քոչարյան

 

Հրապարակման օրը` 17 օգոստոսի 2020 թվական:

 

 

pin
Բարձրագույն դատական խորհուրդ
06.08.2020
N ԲԴԽ-44-Ո-Կ-13
Որոշում