Սեղմել Esc փակելու համար:
{09.09.2020 - 04.02.2021} ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

{09.09.2020 - 04.02.2021} ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԸ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ԽՈՐՀՈՒՐԴ Ս ...

Ակտի տվյալ խմբագրությունը գործել է   09.09.2020  -ից մինչեւ   04.02.2021  -ը:     անցնել գործող խմբագրությանը
 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

6 օգոստոսի 2020 թվականի N 903-Ա

 

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԸ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ԽՈՐՀՈՒՐԴ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ԽՈՐՀՐԴԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ԵՎ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԸ, ԽՈՐՀՐԴԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄՈՒՄ ՆԵՐԳՐԱՎՎՈՂ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄՐՑՈՒՅԹԻ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասով`

1. Ստեղծել Ոստիկանության բարեփոխումները համակարգող խորհուրդ:

2. Հաստատել`

1) Ոստիկանության բարեփոխումները համակարգող խորհրդի անհատական կազմը` համաձայն N 1 հավելվածի.

2) Ոստիկանության բարեփոխումները համակարգող խորհրդի աշխատակարգը` համաձայն N 2 հավելվածի.

3) Ոստիկանության բարեփոխումները համակարգող խորհրդի անհատական կազմում ներգրավվող հասարակական կազմակերպությունների մրցույթի կարգը` համաձայն N 3 հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2020 թ. օգոստոսի 6

Երևան

 

Հավելված N 1

i

ՀՀ վարչապետի

2020 թ. օգոստոսի 6-ի

N 903-Ա որոշման

 

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԸ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ԽՈՐՀՐԴԻ

 

    Ն. Փաշինյան        - ՀՀ վարչապետ համակարգող խորհրդի նախագահ)

 

    Մ. Գրիգորյան       - ՀՀ փոխվարչապետ (ռազմավարությունների ոլորտը

                         համակարգող) համակարգող խորհրդի նախագահի տեղակալ)

 

    Ռ. Բադասյան        - ՀՀ արդարադատության նախարար

 

    Ա. Ջանջուղազյան    - ՀՀ ֆինանսների նախարար

 

    Վ. Դումանյան       - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և  սպորտի

                         նախարար

 

    Ս. Պապիկյան        - ՀՀ տարածքային կառավարման և  ենթակառուցվածքների

                         նախարար

 

    Հ. Արշակյան        - ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար

 

    Ա. Փիլոյան         - ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար

 

    Ա. Ավանեսյան       - ՀՀ առողջապահության նախարար

 

Վ. Հարությունյան  - ՀՀ պաշտպանության նախարար

 

    Մ. Առաքելյան       - ՀՀ աշխատանքի և  սոցիալական հարցերի նախարար

 

    Ա. Այվազյան        - ՀՀ արտաքին գործերի նախարար

 

    Ա. Գրիգորյան       - ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար

 

    Ա. Աբազյան         - ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն

 

    Վ. Ղազարյան        - ՀՀ ոստիկանության պետ

 

    Ա. Դավթյան         - ՀՀ գլխավոր դատախազ (համաձայնությամբ)

 

    Ս. Խաչատրյան       - ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ

                         (համաձայնությամբ)

 

    Հ. Գրիգորյան       - ՀՀ քննչական կոմիտեի նախագահ (համաձայնությամբ)

 

    Ա. Թաթոյան         - ՀՀ մարդու իրավունքների պաշտպան (համաձայնությամբ)

 

    Ա. Քոչարյան        - ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, «Իմ քայլը»

                         խմբակցություն (համաձայնությամբ)

 

    Գ. Գորգիսյան       - ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, «Լուսավոր Հայաստան»

                         խմբակցություն (համաձայնությամբ)

 

    Կ. Զադոյան         - «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական

                         կազմակերպության նախագահ (համաձայնությամբ)

 

    Դ. Իոաննիսյան      - «Իրազեկ քաղաքացիների միավորում» խորհրդատվական

                         հասարակական կազմակերպության ծրագրերի համակարգող

                         (համաձայնությամբ)

 

    Ա. Սաքունց         - «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի

                         գրասենյակ» հասարակական կազմակերպության նախագահ

                         (համաձայնությամբ)

 

    Ս. Ղահրամանյան     - «Վարորդի ընկեր» իրավապաշտպան հասարակական

                         կազմակերպության համահիմնադիր (համաձայնությամբ)

 

(1-ին հավելվածը փոփ. 28.08.2020 թիվ 976-Ա, 09.09.2020 թիվ 1024-Ա, 04.02.2021 թիվ 91-Ա որոշումներ)

 

Հավելված N 2

ՀՀ վարչապետի

2020 թ. օգոստոսի 6-ի

N 903-Ա որոշման

 

ԱՇԽԱՏԱԿԱՐԳ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԸ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ԽՈՐՀՐԴԻ

 

1. ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ԽՈՐՀՐԴԻ ՆՊԱՏԱԿԸ ԵՎ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 

1. Ոստիկանության բարեփոխումները համակարգող խորհրդի (այսուհետ` համակարգող խորհուրդ) նպատակն է Հայաստանի Հանրապետության ոստիկանության բարեփոխումների ռազմավարության և դրանից բխող 2020-2022 թվականների գործողությունների ծրագրի (այսուհետ` ռազմավարություն և գործողությունների ծրագիր) լիարժեք և արդյունավետ իրագործման, ինչպես նաև իրավապահ, դատական և այլ ոլորտների զարգացման ծրագրերի հետ փոխգործելիության ապահովումը:

2. Համակարգող խորհուրդն իրականացնում է հետևյալ գործառույթները`

1) համակարգում է ռազմավարության և գործողությունների ծրագրի կատարման ընթացքն ու կայացնում անհրաժեշտ որոշումներ.

2) ուսումնասիրում ու վերլուծում է ռազմավարության և գործողությունների ծրագրով պատասխանատու մարմինների կողմից կատարված աշխատանքների վերաբերյալ կիսամյակային հաշվետվությունները.

3) կիսամյակային հաշվետվությունների հիման վրա մինչև հաջորդ տարվա հունվարի 31-ը հաստատում է ռազմավարության և գործողությունների ծրագրի կատարման վերաբերյալ տարեկան հաշվետվությունը.

4) ուսումնասիրում և վերլուծում է ինչպես համակարգող խորհրդի քարտուղարության, այնպես էլ` քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կողմից իրականացված ռազմավարության և գործողությունների ծրագրի մշտադիտարկման ու գնահատման արդյունքները.

5) յուրաքանչյուր տարվա վերջում` համակարգող խորհրդի քարտուղարության կողմից տարեկան ամփոփ հաշվետվությունն ստանալուց և վերլուծելուց հետո, հիմնվելով մշտադիտարկման արդյունքների ու առաջարկությունների վրա, համապատասխան պատասխանատու մարմինների ներգրավմամբ կարող է առաջարկներ ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարությանը` վերանայելու ռազմավարությունը և գործողությունների ծրագիրը.

6) ռազմավարության և գործողությունների ծրագրի ազդեցության գնահատման նպատակով միջնաժամկետ ու երկարաժամկետ փուլերում տարբեր թիրախային խմբերում կարող է նախաձեռնել հանրային կարծիքի հարցումներ, որոնց արդյունքների հիման վրա չափվում է բարեփոխումների ազդեցությունը հասարակության վրա: Միջնաժամկետ փուլում իրականացված հարցումների արդյունքների գնահատմանը ու վերլուծությամբ կարող է նախաձեռնել ռազմավարության և գործողությունների ծրագրի, ինչպես նաև իրականացման մեթոդների ու մեխանիզմների վերանայման և փոփոխությունների նոր շրջափուլ.

7) քննարկում է բարեփոխումների իրականացման ընթացքում առաջացած խնդիրները և ներկայացնում առաջարկություններ դրանց լուծման ուղղությամբ.

8) ապահովում է միջգերատեսչական համագործակցությունը բարեփոխումների իրականացման գործընթացում:

 

2. ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ԽՈՐՀՐԴԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

3. Համակարգող խորհուրդն իր աշխատանքներն իրականացնում է նիստերի միջոցով, որոնք գումարվում են, ըստ անհրաժեշտության, բայց ոչ ուշ, քան վեց ամիսը մեկ անգամ, ինչպես նաև արտահերթ նիստերի միջոցով: Նիստերն անհրաժեշտության դեպքում կարող են անցկացվել նաև առցանց (հեռավար):

4. Համակարգող խորհրդի նիստերը հրավիրում և վարում է համակարգող խորհրդի նախագահը:

5. Համակարգող խորհրդի նախագահի բացակայության դեպքում նիստը վարում է համակարգող խորհրդի նախագահի տեղակալը` համակարգող խորհրդի նախագահի հանձնարարությամբ:

6. Համակարգող խորհրդի յուրաքանչյուր նիստ սկսվում է նիստի օրակարգի հաստատմամբ և նախորդ նիստում ընդունված որոշումների կատարման ընթացքի վերաբերյալ համակարգող խորհրդի նախագահի անդրադարձով:

7. Համակարգող խորհրդի նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում է համակարգող խորհրդի անդամների առնվազն երկու երրորդը:

8. Համակարգող խորհրդի որոշումներն ընդունվում են նիստին ներկա անդամների ձայների պարզ մեծամասնությամբ: Ձայների հավասարության դեպքում նիստը վարողի ձայնը վճռորոշ է:

9. Համակարգող խորհուրդն իր արտահերթ նիստերը գումարում է համակարգող խորհրդի նախագահի նախաձեռնությամբ կամ անդամների առնվազն մեկ երրորդի առաջարկությամբ:

10. Համակարգող խորհրդի անդամները հերթական նիստի անցկացման վայրի, օրվա և ժամի մասին համակարգող խորհրդի քարտուղարության կողմից տեղեկացվում են նիստի անցկացման օրվանից առնվազն 5 օր առաջ, իսկ արտահերթ նիստի մասին` ողջամիտ ժամկետում:

11. Համակարգող խորհրդի անդամի առաջարկությամբ և համակարգող խորհրդի հրավերով նիստերին կարող են մասնակցել շահագրգիռ պետական մարմինների ներկայացուցիչներ, համապատասխան մասնագետներ, այդ թվում` միջազգային փորձագետներ, զանգվածային լրատվության միջոցների, մասնավոր կազմակերպությունների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

12. Համակարգող խորհրդի նախագահի հանձնարարությամբ` նիստի օրակարգի հարցերը նախապատրաստելու նպատակով կարող են կազմակերպվել նախնական քննարկումներ համակարգող խորհրդի անդամների հետ:

 

3. ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ԽՈՐՀՐԴԻ ՔԱՐՏՈՒՂԱՐՈՒԹՅՈԻՆԸ

 

13. Համակարգող խորհրդի քարտուղարության (այսուհետ` քարտուղարություն) գործառույթներն իրականացնում է Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը:

14. Քարտուղարության հիմնական նպատակն է ապահովել համակարգող խորհրդի բնականոն գործունեությունը:

15. Քարտուղարությունը`

1) մինչև յուրաքանչյուր կիսամյակի ավարտին հաջորդող 5-րդ աշխատանքային օրը ռազմավարության և գործողությունների ծրագրի իրականացման համար պատասխանատու մարմիններից ստանալով վերջիններիս կողմից իրականացված աշխատանքների հաշվետվությունները` 2 աշխատանքային օրվա ընթացքում, Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից կատարված աշխատանքների հաշվետվության հետ միասին, ներկայացնում է համակարգող խորհրդի անդամներին.

2) աջակցում է ռազմավարության և գործողությունների ծրագրի կատարման ընթացքի մշտադիտարկմանն ու գնահատմանը` արդյունքները յուրաքանչյուր տարվա վերջում ներկայացնելով համակարգող խորհրդի անդամներին.

3) սույն կետի 1-ին ենթակետով նախատեսված հաշվետվություններն ստանալուց հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում հրապարակում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության պաշտոնական կայքէջում, հրապարակում է մահ համակարգող խորհրդի կողմից ընդունված` ռազմավարության և գործողությունների ծրագրի կատարման տարեկան հաշվետվությունը.

4) նախապատրաստում է համակարգող խորհրդի նիստի օրակարգին վերաբերող համապատասխան նյութերն ու դրանք տրամադրում համակարգող խորհրդի անդամներին.

5) կազմում է համակարգող խորհրդի որոշումները և նիստերի արձանագրությունները.

6) վարում է համակարգող խորհրդի աշխատանքների հետ կապված գործավարությունը.

7) ապահովում է համակարգող խորհրդի որոշումների և նիստերի արձանագրությունների տրամադրումը համակարգող խորհրդի անդամներին:

 

4. ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ԽՈՐՀՐԴԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐՈՒՄԸ

 

16. Համակարգող խորհրդի գործունեությունը դադարում է Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ:

 

Հավելված N 3

ՀՀ վարչապետի

2020 թ. օգոստոսի 6-ի

N 903-Ա որոշման

 

ԿԱՐԳ

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԸ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ԽՈՐՀՐԴԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄՈՒՄ ՆԵՐԳՐԱՎՎՈՂ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄՐՑՈՒՅԹԻ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կարգավորվում են Ոստիկանության բարեփոխումները համակարգող խորհրդի (այսուհետ` համակարգող խորհուրդ) անհատական կազմում հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին ընդգրկելու նպատակով մրցույթ անցկացնելու հետ կապված հարաբերությունները: Մրցույթը կազմակերպվում և անցկացվում է համակարգող խորհրդի քարտուղարության (այսուհետ` քարտուղարություն) կողմից:

i

2. Համակարգող խորհրդի անհատական կազմում ընդգրկվում են արդարադատության, իրավապահ համակարգի զարգացման, մարդու իրավունքների պաշտպանության, ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման և իրավապահ համակարգի կադրերի վերապատրաստման ոլորտներում գործունեություն ծավալող չորս հասարակական կազմակերպության ներկայացուցիչներ:

(2-րդ կետը փոփ. 28.08.2020 թիվ 976-Ա որոշում)

 

2. ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄՈՒՄ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԳՐԱՎՄԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

 

3. Քարտուղարությունը մրցույթն սկսելուց առնվազն 10 օր առաջ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պաշտոնական www.gov.am կայքում, Հայաստանի Հանրապետության ոստիկանության պաշտոնական www.police.am կայքում և զանգվածային լրատվության միջոցներով հրապարակում է հայտարարություն:

4. Հայտարարության մեջ ներառվում են հետևյալ տվյալները`

1) համառոտ տեղեկություններ մրցույթի անցկացման նպատակի ու կարգի մասին.

2) հայտերը ներկայացնելու վայրը, հասցեն, հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն և քարտուղարությունում հայտերն ընդունող պատասխանատու անձի հեռախոսահամարը և էլեկտրոնային փոստի հասցեն.

3) հայտերի` առձեռն հանձնելու դեպքում ընդունման օրերը և ժամերը.

4) հայտեր ներկայացնող հասարակական կազմակերպությանը ներկայացվող պահանջները և հայտին կից ներկայացվող փաստաթղթերի ցանկը.

5) հայտերը ներկայացնելու վերջնաժամկետը:

5. Հասարակական կազմակերպությունները հայտերը ներկայացնում են քարտուղարություն` հայտարարությունը հրապարակվելու հաջորդ օրվանից սկսած` 10 օրվա ընթացքում:

 

3. ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԵՎ ՀԱՅՏԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

6. Մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետությունում պետական գրանցում ունեցող այն հասարակական կազմակերպությունները, որոնք գործունեություն են ծավալում սույն կարգի 2-րդ կետում նշված ոլորտներում, վերջին հինգ տարվա ընթացքում ունեն ափ ալ ոլորտի առնվազն երեք տարվա գործունեության փորձ և այդ ժամանակահատվածում տվյալ ոլորտում իրականացրել են առնվազն երկու ծրագիր:

i

7. Համակարգող խորհրդի անհատական կազմում ներգրավման գործընթացին մասնակցելու նպատակով ներկայացված հայտում պետք է ներառված լինեն հետևյալ տվյալները`

1) կազմակերպության անվանումը.

2) կազմակերպության գտնվելու վայրը.

3) կազմակերպության ներկայացուցչի անունը, ազգանունը, անձնագրային տվյալները, կոնտակտային տվյալները (հեռախոսահամարը, ֆաքսը, էլեկտրոնային փոստը).

4) կազմակերպության գործունեության բնույթը, նախանշված ոլորտը և տվյալ ոլորտում գործունեություն ծավալելու ժամանակահատվածը:

(7-րդ կետը փոփ. 28.08.2020 թիվ 976-Ա որոշում)

8. Հասարակական կազմակերպությունները հայտերը ներկայացնում են քարտուղարություն` հայտարարության մեջ սահմանված ժամկետներում:

9. Հայտին կից ներկայացվում են հետևյալ փաստաթղթերը`

1) կազմակերպության կանոնադրության և պետական գրանցման վկայականի պատճենները.

2) տեղեկություններ ոլորտում առկա փորձի, դրա տևողության, իրականացրած ծրագրերի և աշխատանքային գործունեության, դատաիրավական համակարգի բարեփոխման, զարգացման, իրավապահ համակարգի կադրերի վերապատրաստման և գործունեության աշխարհագրության, կատարած հետազոտությունների ու պատրաստած զեկույցների վերաբերյալ:

10. Հայտը և կից ներկայացվող փաստաթղթերը (այսուհետ` փաստաթղթեր) քարտուղարություն կարող են հանձնվել առձեռն, ուղարկվել փոստով կամ ներկայացվել հայտարարության մեջ նշված էլեկտրոնային փոստի հասցեին` էլեկտրոնային թվային ստորագրությամբ հաստատված կամ ստորագրված և տեսաներածված:

11. Փոստով և էլեկտրոնային եղանակով ուղարկված փաստաթղթերի ստացման վերաբերյալ հասարակական կազմակերպությունը ծանուցվում է փաստաթղթերը ստանալուն հաջորդող մեկ աշխատանքային օրվա ընթացքում` իր կողմից տրամադրված էլեկտրոնային փոստի հասցեով:

12. Սահմանված ժամկետից ուշ ներկայացված հայտերը չեն ուսումնասիրվում:

13. Փոստով ուղարկված փաստաթղթերը համարվում են ժամկետում ներկայացված, եթե դրանք հանձնվել են փոստ` մինչև սույն կարգի 5-րդ կետում նշված ժամկետի ավարտը:

 

4. ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԳՐԱՎՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

 

14. Հասարակական կազմակերպությունների ներգրավումն անցկացվում է երկու փուլով` փաստաթղթային և ընտրական:

15. Փաստաթղթային փուլում քարտուղարությունը ստուգում է փաստաթղթերի

ամբողջականությունը և համապատասխանությունը սույն կարգի 3-րդ գլխով սահմանված պահանջներին:

16. Փաստաթղթերի թերի լինելու կամ անհրաժեշտ փաստաթղթերի ցանկին չհամապատասխանելու դեպքում հայտ ներկայացնողը դրա մասին ծանուցվում է մեկ աշխատանքային օրվա ընթացքում (հեռախոսով, էլեկտրոնային փոստով կամ գրավոր), և նրան տրամադրվում է երկու աշխատանքային օր` թերությունները շտկելու համար:

17. Սահմանված ժամկետում թերությունները չշտկելու դեպքում հայտին ընթացք չի տրվում:

i

18. Եթե սահմանված չափանիշներին համապատասխանում են առավելագույնը չորս հասարակական կազմակերպություններ, ապա այդ կազմակերպությունները փաստաթղթային փուլի արդյունքների հիման վրա ընդգրկվում են համակարգող խորհրդի կազմում: Եթե սահմանված չափանիշներին համապատասխանում են տվյալ ոլորտում գործող չորսից ավելի հասարակական կազմակերպություններ, ապա այդ կազմակերպությունների մասնակցությամբ անցկացվում է երկրորդ` ընտրական փուլը:

(18-րդ կետը փոփ. 28.08.2020 թիվ 976-Ա որոշում)

19. Սահմանված չափանիշներին համապատասխանող հասարակական կազմակերպություններն ընտրական փուլի անցկացման նպատակով հանդիպման օրվա, ժամի և տեղի մասին ծանուցվում են հեռախոսազանգի միջոցով, էլեկտրոնային փոստով կամ գրավոր` հանդիպումից առնվազն մեկ աշխատանքային օր առաջ, հանդիպումների ժամանակացույցը տեղադրվում է նաև Հայաստանի Հանրապետության ոստիկանության պաշտոնական www.police.am կայքում:

i

20. Ընտրական փուլն անցկացվում է քարտուղարությունում տեղի ունեցող հանդիպման ժամանակ, որտեղ հրավիրվում են բոլոր հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները, որոնք հաղթահարել են փաստաթղթային փուլը: Հանդիպմանը ներկա հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները քննարկումների ճանապարհով ընտրում են այն չորս կազմակերպություններին, որոնք ներգրավվելու են Համակարգող խորհրդի աշխատանքներին, որպես համակարգող խորհրդի անդամ: Հասարակական կազմակերպությունների ընտրության եղանակը` կոնսենսուսային կամ մեծամասնական, ընտրում են ընտրական փուլի մասնակիցները հանդիպման սկզբում:

(20-րդ կետը փոփ. 28.08.2020 թիվ 976-Ա որոշում)

21. Քննարկումների ճանապարհով մասնակիցներից թվով չորս հասարակական կազմակերպություններ չընտրվելու պարագայում հանդիպման վերջում անցկացվում է վիճակահանություն բոլոր մասնակիցների միաժամանակյա մասնակցությամբ` ընտրական փուլն ավարտելու և համակարգող խորհրդի կազմում ներգրավվող չորս հասարակական կազմակերպություններին ընտրելու նպատակով: Վիճակահանության ժամանակ բոլոր մասնակիցների քանակով պետք է առկա լինեն վիճակահանության թերթիկներ, որոնցից միայն երեքում պետք է նշված լինի համակարգող խորհրդի կազմում ներառվելու վերաբերյալ նշում: Մասնակիցներն այբբենական կարգով ընտրում են մեկ վիճակահանության թերթիկ, և արդյունքը հայտարարվում է բոլոր մասնակիցների ներկայությամբ:

(21-րդ կետը փոփ. 28.08.2020 թիվ 976-Ա որոշում)

22. Մրցույթի արդյունքների մասին տեղեկատվությունը քարտուղարությունը մեկ աշխատանքային օրվա ընթացքում տեղադրում է Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պաշտոնական www.gov.am կայքում, Հայաստանի Հանրապետության ոստիկանության պաշտոնական www.police.am կայքում:

23. Եթե համակարգող խորհրդի անհատական կազմում ներգրավված հասարակական կազմակերպությունը հրաժարվում է համակարգող խորհրդի աշխատանքներին մասնակցելուց, կամ նրա գործունեությունը դադարում է օրենքով սահմանված կարգով, ապա սույն կարգով սահմանված ընթացակարգով մեկամսյա ժամկետում կազմակերպվում է նոր մրցույթ:

 

 

pin
ՀՀ Վարչապետ
06.08.2020
N 903-Ա
Որոշում