Սեղմել Esc փակելու համար:
«ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 43-ՐԴ Հ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 43-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 9-ՐԴ Մ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

    ՀՀ վերաքննիչ քաղաքացիական               Սնանկության գործ

    դատարանի որոշում                        թիվ ԵԱԴԴ/0018/04/16

    Սնանկության գործ թիվ ԵԱԴԴ/0018/04/16    2020 թ.

Նախագահող դատավոր` Գ. Խանդանյան

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

նախագահող և զեկուցող Ռ. Հակոբյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Ե. Խունդկարյան

Գ. Հակոբյան

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

Ն. Տավարացյան

 

2020 թվականի մայիսի 08-ին

գրավոր ընթացակարգով քննելով «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ի (այսուհետ` Բանկ) ներկայացուցիչ Հովհաննես Հարությունյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 19.04.2019 թվականի որոշման դեմ` ըստ Բանկի դիմումի ընդդեմ Ա/Ձ Ղարիբ Հարությունյանի (այսուհետ` Ձեռնարկատեր)` վերջինիս սնանկ ճանաչելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Բանկը պահանջել է Ձեռնարկատիրոջը ճանաչել սնանկ:

Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Գ. Թորոսյան) 02.05.2017 թվականի վճռով դիմումը բավարարվել է, իսկ 06.05.2017 թվականի որոշմամբ սնանկության գործով կառավարիչ է նշանակվել Տիգրան Սահակյանը:

Նույն դատարանի 01.09.2017 թվականի որոշմամբ հաստատվել է պարտատերերի պահանջների վերջնական ցուցակը:

Բանկի ներկայացուցիչը 08.02.2019 թվականին ներկայացրել է գրավի առարկա հանդիսացող գույքը Բանկին ի սեփականություն հանձնելու մասին միջնորդություն:

ՀՀ սնանկության դատարանի (դատավոր` Ա. Չիչոյան) (այսուհետ` Սնանկության դատարան) 18.02.2019 թվականի որոշմամբ թիվ ԵԱԴԴ/0018/04/16 սնանկության գործն ընդունվել է վարույթ:

Սնանկության դատարանի 18.02.2019 թվականի «Գրավի առարկա հանդիսացող գույքը պահանջի դիմաց պարտատիրոջը որպես սեփականություն հանձնելու միջնորդությունը քննության առնելու մասին» որոշմամբ Բանկի միջնորդությունը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 19.04.2019 թվականի որոշմամբ Բանկի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը մերժվել է` Սնանկության դատարանի 18.02.2019 թվականի «Գրավի առարկա հանդիսացող գույքը պահանջի դիմաց պարտատիրոջը որպես սեփականություն հանձնելու միջնորդությունը քննության առնելու մասին» որոշումը թողնվել է օրինական ուժի մեջ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Բանկի ներկայացուցիչը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

i

Վերաքննիչ դատարանը չի կիրառել մինչև 15.04.2020 թվականը գործող խմբագրությամբ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 9-րդ մասը, որը պետք է կիրառեր, խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

i

Ստորադաս դատարանները, մեկնաբանելով մինչև 15.04.2020 թվականը գործող խմբագրությամբ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 9-րդ մասի դրույթները, դուրս են եկել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածով սահմանված իրավակարգավորման շրջանակներից և մեկնաբանել են այն իրենց սուբյեկտիվ հայեցողությամբ: Մինչև 15.04.2020 թվականը գործող խմբագրությամբ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 9-րդ մասով սահմանված` «գրավի առարկայի արժեք» հասկացությունը դրանում պարունակող բառերի և արտահայտությունների տառացի նշանակությամբ մեկնաբանելու արդյունքում հնարավոր չէ եզրակացնել, որ տվյալ դեպքում «գրավի առարկայի արժեք» հասկացությունն օգտագործելով` օրենսդիրը նկատի է ունեցել հենց գրավի առարկայի գնահատված գինը, այլ ոչ թե մեկնարկային գինը: Հնարավոր չէ եզրակացնել նաև, որ կառավարչի վարձատրությունը պետք է հաշվարկել գրավի առարկայի գնահատված գնից և ոչ թե մեկնարկային գնից:

Միաժամանակ, ստորադաս դատարանները պատշաճ գնահատականի չեն արժանացրել գործով ներկայացված գույքի պահպանման և փոխանցման հետ կապված ծախսերը, 40.000 ՀՀ դրամի չափով փոխհատուցելու փաստն ապացուցող վճարման անդորրագիրը և գրավի առարկայի արժեքի հինգ տոկոսի չափով սնանկության կառավարչի վարձատրությունը (226.501 ՀՀ դրամ) վճարելու փաստը հիմնավորող վճարման անդորրագիրը: Դրա հետևանքով թույլ է տրվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի խախտում: Այդ ապացույցների համակցությունն ինքնին բավարար էր հաստատելու համար, որ գրավադրված գույքը Բանկին ի սեփականություն հանձնելու բոլոր նախապայմանները պահպանված են:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 19.04.2019 թվականի որոշումը և կայացնել նոր դատական ակտ` «ՀՀ, ք. Երևան, Մալաթիա-Սեբաստիա համայնք, Հովնաթան փողոց, թիվ 22 հասցեի անշարժ գույքը հանձնել Բանկին ի սեփականություն` Բանկի ունեցած պահանջը 4.530.006 ՀՀ դրամի չափով նվազեցվելով»:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Գ. Թորոսյան) 02.05.2017 թվականի վճռով Ձեռնարկատերը ճանաչվել է սնանկ (գործի հավելված, գ.թ. 2-7).

2) Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Գ. Թորոսյան) 01.09.2017 թվականի որոշմամբ հաստատվել է պարտատերերի պահանջների վերջնական ցուցակը: Բանկի պահանջը` 119.672,26 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի չափով, գրանցվել է որպես ապահովված պահանջ (գործի հավելված, գ.թ. 18).

3) Ձեռնարկատիրոջը սեփականության իրավունքով պատկանող` քաղաք Երևան, Մալաթիա-Սեբաստիա համայնքի Հովնաթան փողոցի թիվ 22 հասցեում գտնվող գրավի առարկա անշարժ գույքը «Բիզնես Էքսպերտ» ՍՊԸ-ի կողմից գնահատվել է 22.000.000 ՀՀ դրամ (գործի հավելված, գ.թ. 19).

4) Կրկնաճուրդի ներկայացված` Ձեռնարկատիրոջը սեփականության իրավունքով պատկանող, քաղաք Երևան, Մալաթիա-Սեբաստիա համայնքի Հովնաթան փողոցի թիվ 22 հասցեում գտնվող, գրավի առարկա անշարժ գույքի մեկնարկային գինը կազմել է 4.530.006 ՀՀ դրամ (գործի հավելված, գ.թ. 19).

5) Բանկի ներկայացուցիչը 08.02.2019 թվականին ներկայացրել է միջնորդություն, որով խնդրել է գրավի առարկա հանդիսացող գույքն ի սեփականություն հանձնել Բանկին (գործի հավելված, գ.թ. 16-17).

6) Բանկը ներկայացրել է 40.000 ՀՀ դրամի` որպես գույքի պահպանման ծախսերի, և 226.501 ՀՀ դրամի` որպես կառավարչի վարձատրության գումարի, վճարման անդորրագրեր (գործի հավելված, գ.թ. 14-15):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

 

i

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության համար և գտնում է, որ տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները` մինչև 15.04.2020 թվականը գործող խմբագրությամբ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 9-րդ մասի վերաբերյալ, կարող են էական նշանակություն ունենալ նմանատիպ գործերով միասնական և կանխատեսելի դատական պրակտիկա ձևավորելու համար:

Սույն վճռաբեկ բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանը, վերահաստատելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները, հարկ է համարում կրկին անդրադառնալ «ապահովված իրավունքի առարկայի մեկնարկային գին» և «գրավի առարկայի արժեք» հասկացությունների բովանդակությանն այն իրավիճակում, երբ պարտատերերի ցուցակում ընդգրկված պարտատերը միջնորդել է դատարանին որպես սեփականություն իր կամ իր նշած անձի օգտին փոխանցել գրավի առարկան:

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 225.1-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` ապահովված իրավունքն օրենքի կամ պայմանագրի ուժով, ի ապահովումն պարտավորության կատարման, գույքի կամ գույքային իրավունքի կամ պարտավորական իրավունքի նկատմամբ պարտատիրոջ իրավունքն է:

«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ապահովված են համարվում ապահովված իրավունքով ծանրաբեռնված պահանջները: Ապահովված պարտատերեր են համարվում ապահովված իրավունք ունեցող անձինք` այդ պահանջների մասով:

i

Մինչև 15.04.2020 թվականը գործող խմբագրությամբ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն` պարտապանին պատկանող գույքի վաճառքն իրականացվում է «Հրապարակային սակարկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

«Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի համաձայն` նույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացություններն ունեն հետևյալ իմաստները`

աճուրդ` սակարկությունների ձև, որի ընթացքում հաղթող է ճանաչվում այն մասնակիցը, որն առաջարկել է առավել բարձր գին.

լոտ` աճուրդով վաճառվող կամ մրցույթով առաջարկվող գույք կամ իրավունք, որն ունի համապատասխան նկարագրություն, նույն օրենքով նախատեսված այլ տվյալներ, իսկ աճուրդի դեպքում` նաև մեկնարկային գին.

մեկնարկային գին` լոտի վաճառքի համար նախատեսված գին, որն աճուրդի սկզբում առաջարկվում է աճուրդի մասնակիցներին:

Նույն օրենքի 15-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` աճուրդը չկայացած համարվելու դեպքում հաջորդ աճուրդի պայմանները, այդ թվում` մեկնարկային գինը, կարող են փոփոխվել:

«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն` կառավարիչը պարտավոր է պարտապանի գույքի կազմում ընդգրկված պահանջի իրավունքների (դեբիտորական պարտքերի, վճարային պահանջի իրավունք վկայող արժեթղթերի) աճուրդները սկսել ոչ ուշ, քան լուծարման որոշումից 2 ամիս հետո և 15-օրյա պարբերականությամբ յուրաքանչյուր հերթական աճուրդը կազմակերպել չկայացած աճուրդի մեկնարկային գնի 10 տոկոս նվազեցմամբ:

Մինչև 15.04.2020 թվականը գործող խմբագրությամբ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն` պարտատերերի ցանկում ընդգրկված ապահովված պարտատերը չի կարող մասնակցել պարտապանին պատկանող իր համապատասխան պարտավորության համար չապահովված իրավունքի առարկայի իրացումից ստացված միջոցների բաշխմանը մինչև ապահովված իրավունքի առարկայի իրացումը, քանի դեռ ապահովված իրավունքի առարկայի արժեքն ավելի կամ հավասար է ապահովված պարտատիրոջ պահանջին, բացառությամբ դատարանի որոշմամբ համարժեք պաշտպանություն տրամադրելու դեպքերի: Եթե ապահովված իրավունքի առարկայի արժեքը (մեկնարկային գինը) հրապարակային սակարկություններով իրացման ընթացքում կամ գույքի կորստի (ոչնչացման, հափշտակության) կամ վնասելու արդյունքում նվազում է ապահովված պահանջի չափից, ապա ապահովված պարտատերը ձեռք է բերում քվեարկության ձայնի իրավունք` ապահովված իրավունքի առարկայի արժեքի նվազած չափով:

Նույն հոդվածի 9-րդ մասի համաձայն` եթե ապահովված իրավունքի առարկայի մեկնարկային գինը հավասար է ապահովված պարտատիրոջ պահանջի գումարին կամ ցածր է դրանից, ապա պարտատերերի ցանկում ընդգրկված պարտատերն իրավունք ունի իր պահանջի կամ դրա մասի չափով դատարանի որոշմամբ որպես սեփականություն իր կամ իր նշած անձի օգտին ստանալու գրավի առարկան` փոխհատուցելով այդ գույքի պահպանման և փոխանցման հետ կապված ծախսերը, ինչպես նաև կառավարչի վարձատրությունը` գրավի առարկայի արժեքի հինգ տոկոսի չափով: Այդ դեպքում տվյալ պարտատիրոջ պահանջի չափը չի նվազեցվում գույքի պահպանման և փոխանցման ծախսերի և կառավարչի վարձատրության համար վճարված գումարի չափով:

Հիմք ընդունելով վկայակոչված նորմերը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ օրենսդիրը սնանկության վարույթում առանձնահատուկ ուշադրության է արժանացրել ապահովված պահանջների և դրանց բավարարման հարցը` առանձին նորմերով նախատեսելով դրանց հետ կապված հարաբերությունների կարգավորումը: Մասնավորապես, վերը թվարկված կարգավորումների ուժով սնանկության վարույթում ապահովված պահանջատերերն օժտված են իրավական հնարավորությամբ` ստանալու գրավի առարկան կա՛մ իրենց նշած անձի օգտին, կա՛մ որպես իրենց սեփականություն: Նման կարգավորումը բխում է ապահովված իրավունքի բնույթից, քանի որ պարտատերը, որը սնանկության վարույթում դարձել է պահանջատեր, պարտապանի հետ որոշակի քաղաքացիաիրավական, մասնավորապես` պարտավորական հարաբերությունների մեջ մտնելիս ձեռնարկել է միջոցներ ապահովելու իր պահանջի կատարումը` հիմնական պարտավորության հետ միասին պարտապանի հետ մտնելով նաև գրավից ծագող հարաբերությունների մեջ: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ արժևորելով այն հանգամանքը, որ պահանջատերը (ապահովված իրավունքով պարտատերը) ի սկզբանե ձեռնամուխ է եղել իր պահանջի կատարումն ամբողջությամբ կամ մասամբ ապահովելու այլ միջոցներով, մասնավորապես` գրավով, օրենսդիրը նրա համար որոշակի գործիքակազմ է սահմանել իր պահանջի բավարարումը հենց այդ ապահովված իրավունքի առարկայի հաշվին ստանալու համար` միաժամանակ նախատեսելով որոշակի պահանջներ այդ իրավունքի իրացման համար:

Անդրադառնալով այդ պահանջներին` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ որպեսզի ապահովված պահանջով պահանջատերն օգտվի վերոնշյալ կարգավորմամբ ամրագրված իր հնարավորությունից, նախ և առաջ հարկավոր է, որ ապահովված իրավունքի առարկայի մեկնարկային գինը հավասար լինի ապահովված պարտատիրոջ պահանջի գումարին կամ ցածր լինի դրանից: Այդ նախապայմանին համապատասխանելու դեպքում արդեն պարտատիրոջ առջև դրվում են հետևյալ պահանջները`

1. փոխհատուցել այդ գույքի պահպանման և փոխանցման հետ կապված ծախսերը,

2. փոխհատուցել կառավարչի վարձատրությունը` գրավի առարկայի արժեքի հինգ տոկոսի չափով:

i

ՀՀ վճռաբեկ դատարանը «Մանտրա Մակինա Լիմիթեդ» ընկերության ընդդեմ «Աշտարակ Կաթ» ՓԲԸ-ի թիվ ԵԱՔԴ/0462/04/16 սնանկության գործով 27.12.2019 թվականի որոշմամբ անդրադարձել է «ապահովված իրավունքի առարկայի մեկնարկային գին» և «գրավի առարկայի արժեք» հասկացությունների բովանդակությանն այն իրավիճակում, երբ պարտատերերի ցուցակում ընդգրկված պարտատերը միջնորդել է դատարանին որպես սեփականություն իր կամ իր նշած անձի օգտին փոխանցել գրավի առարկան:

i

ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ մինչև 15.04.2020 թվականը գործող խմբագրությամբ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 9-րդ մասում տեղ գտած` «գրավի առարկայի արժեքի հինգ տոկոսի չափով կառավարչի վարձատրություն» արտահայտության բովանդակությունը հարկավոր է բացահայտել «Սնանկության մասին» ՀՀ օրենքի մի շարք կարգավորումների լույսի ներքո` հաշվի առնելով նորմատիվ իրավական ակտն ընդունելիս այն ընդունող մարմնի նպատակը:

i

Նույն որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը, համակարգային վերլուծության ենթարկելով մինչև 15.04.2020 թվականը գործող խմբագրությամբ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 6-րդ մասը, 76-րդ հոդվածի 6-րդ և 7-րդ մասերը և «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 3-րդ մասը, գտել է, որ գույքը հրապարակային սակարկություններով վաճառելիս կառավարչի կողմից առաջարկվում է մեկնարկային գին, որը, սակայն, աճուրդը չկայանալու դեպքում փոփոխվում է, այն է` յուրաքանչյուր հերթական աճուրդը կազմակերպվում է չկայացած աճուրդի մեկնարկային գնի 10 տոկոսի նվազեցմամբ: Վերոգրյալից հետևում է, որ մեկնարկային գինը` որպես հրապարակային սակարկության իրականացման համար անհրաժեշտ պայման, հաստատուն չէ և օրենքով նախատեսված դեպքերում ենթակա է փոփոխման:

i

Անդրադառնալով մինչև 15.04.2020 թվականը գործող խմբագրությամբ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 6-րդ մասի կարգավորմանը` ՀՀ վճռաբեկ դատարանը հարկ է համարել ընդգծել այն հանգամանքը, որ վկայակոչված հոդվածում խոսելով գույքի արժեքի նվազումից` օրենսդիրը փաստորեն նկատի է ունեցել գույքի մեկնարկային գնի նվազումը, քանի որ վկայակոչված կարգավորման մեջ նույնացվել են «ապահովված իրավունքի առարկայի արժեք» և «մեկնարկային գին» հասկացությունները: Այլ կերպ ասած` մինչև 15.04.2020 թվականը գործող խմբագրությամբ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 6-րդ մասում օրենսդիրն «ապահովված իրավունքի առարկայի արժեք» հասկացության ներքո նկատի է ունեցել ապահովված իրավունքի առարկայի մեկնարկային գինը:

i

Մինչև 15.04.2020 թվականը գործող խմբագրությամբ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 6-րդ մասի կարգավորման վերլուծության արդյունքում` ՀՀ վճռաբեկ դատարանը հարկ է համարել ընդգծել, որ նախ` հրապարակային սակարկություններով գույքի իրացման ժամանակ գույքի արժեքը կարող է նվազել, և երկրորդ` գույքի արժեքի նվազում ասելով` օրենսդիրը փաստորեն նկատի է ունեցել գույքի մեկնարկային գնի նվազումը, քանի որ վերը վկայակոչված կարգավորման մեջ օրենսդիրը նույնացրել է «ապահովված իրավունքի առարկայի արժեք» և «մեկնարկային գին» հասկացությունները:

i

Մինչև 15.04.2020 թվականը գործող խմբագրությամբ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի մի շարք կարգավորումների բովանդակության լույսի ներքո վերհանելով օրենսդրի կողմից դրանցում ներդրված նպատակը` ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ մինչև 15.04.2020 թվականը գործող խմբագրությամբ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 9-րդ մասում տեղ գտած «գրավի առարկայի արժեքի հինգ տոկոս» արտահայտության ներքո պետք է նկատի ունենալ իրացվող գույքի մեկնարկային գնի հինգ տոկոսը, և հաշվի առնելով այն հանգամանքը, որ յուրաքանչյուր հաջորդ աճուրդի դեպքում մեկնարկային գինը փոփոխվում է` նվազում է 10 տոկոսով, «գրավի առարկայի արժեքի հինգ տոկոս» ներքո պետք է նկատի ունենալ գրավի առարկայի` վերջին չկայացած աճուրդով առաջարկված մեկնարկային գնի հինգ տոկոսը:

i

Վերոնշյալ մեկնաբանությունների համատեքստում ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ մինչև 15.04.2020 թվականը գործող խմբագրությամբ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 9-րդ մասում տրված «մեկնարկային գին» եզրույթը վերաբերում է վերջին չկայացած աճուրդում առաջարկված մեկնարկային գնին, որը, եթե հավասար է ապահովված պարտատիրոջ պահանջի գումարին կամ ցածր է դրանից, ապա հնարավորություն է տալիս պարտատերերի ցանկում ընդգրկված պարտատիրոջն իր պահանջի կամ դրա մասի չափով դատարանի որոշմամբ որպես սեփականություն իր կամ իր նշած անձի օգտին ստանալու գրավի այդ առարկան: Ինչ վերաբերում է նշված իրավունքն իրացնելու համար կառավարչի վարձատրության հարցին, ապա այն պետք է վճարվի գրավի առարկայի` վերջին չկայացած աճուրդով սահմանված «գրավի առարկայի արժեքի» հինգ տոկոսից, որտեղ «գրավի առարկայի արժեք» եզրույթը վերը նշված վերլուծությունների համատեքստում նույնանում է «չկայացած աճուրդում գույքի համար սահմանված մեկնարկային գին» հասկացության հետ, որպիսի մեկնաբանությունը բխում է «Սնանկության մասին» ՀՀ օրենքի ընդհանուր տրամաբանությունից:

i

Միաժամանակ ՀՀ վճռաբեկ դատարանը հարկ է համարել հավելել, որ մինչև 15.04.2020 թվականը գործող խմբագրությամբ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 9-րդ մասում նկարագրված իրավիճակում պարտատիրոջ պահանջը ենթակա է նվազեցման միայն գրավի առարկա հանդիսացող գույքի մեկնարկային գնի չափով, իսկ գույքի պահպանման և փոխանցման ծախսերի և կառավարչի վարձատրության համար վճարված գումարների չափով պահանջի նվազեցում չի իրականացվում: ՀՀ վճռաբեկ դատարանի նման եզրահանգումը բխել է մինչև 15.04.2020 թվականը գործող խմբագրությամբ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 9-րդ մասի այն կարգավորումից, համաձայն որի` (...) այդ դեպքում տվյալ պարտատիրոջ պահանջի չափը չի նվազեցվում գույքի պահպանման և փոխանցման ծախսերի և կառավարչի վարձատրության համար վճարված գումարի չափով:

Ամփոփելով վերոշարադրյալը` ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ պարտատերերի ցուցակում ընդգրկված պարտատերը կարող է իր պահանջի կամ դրա մասի չափով դատարանի որոշմամբ որպես սեփականություն իր կամ իր նշած անձի օգտին ստանալ գրավի առարկա հանդիսացող գույքը` հետևյալ պայմանների առկայության դեպքում.

1. եթե իրացվող գույքի վերջին չկայացած աճուրդի համար առաջարկվող մեկնարկային գինը հավասար է ապահովված պարտատիրոջ պահանջի գումարին կամ ցածր է դրանից,

2. եթե ապահովված պարտատերը փոխհատուցում է այդ գույքի պահպանման և փոխանցման հետ կապված ծախսերը, ինչպես նաև`

i

3. եթե փոխհատուցում է կառավարչի վարձատրությունը` գրավի առարկայի արժեքի, այսինքն` վերջին չկայացած աճուրդի մեկնարկային գնի հինգ տոկոսի չափով (տե՛ս «Մանտրա Մակինա Լիմիթեդ» ընկերության ընդդեմ «Աշտարակ Կաթ» ՓԲԸ-ի թիվ ԵԱՔԴ/0462/04/16 գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.12.2019 թվականի որոշումը):

 

Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Սույն գործի փաստերի համաձայն` Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Գ. Թորոսյան) 02.05.2017 թվականի վճռով Ձեռնարկատերը ճանաչվել է սնանկ: Բանկի պահանջը` 119.672,26 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի չափով, գրանցվել է որպես ապահովված պահանջ: Ձեռնարկատիրոջը սեփականության իրավունքով պատկանող` քաղաք Երևան, Մալաթիա-Սեբաստիա համայնքի Հովնաթան փողոցի թիվ 22 հասցեում գտնվող գրավի առարկա անշարժ գույքը «Բիզնես Էքսպերտ» ՍՊԸ-ի կողմից գնահատվել է 22.000.000 ՀՀ դրամ, իսկ նշված գույքի` կրկնաճուրդին ներկայացվող մեկնարկային գինը կազմել է 4.530.006 ՀՀ դրամ:

Բանկը 08.02.2019 թվականին ներկայացված միջնորդությամբ խնդրել է Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա համայնքի Հովնաթան փողոցի թիվ 22 հասցեի անշարժ գույքը Բանկի ունեցած պահանջից 4.530.006 ՀՀ դրամի չափով նվազեցնելու պայմանով հանձնել Բանկին ի սեփականություն: Միաժամանակ Բանկը միջնորդությանը կից ներկայացրել է գույքի պահպանման ծախսի համար 40.000 ՀՀ դրամի չափով, իսկ կառավարչի վարձատրության գումար` 226.501 ՀՀ դրամի չափով վճարման անդորրագրեր:

i

Սույն գործը «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 166-րդ հոդվածի 23-րդ մասի հիմքով փոխանցվել է ՀՀ սնանկության դատարան և ընդունվել է Սնանկության դատարանի վարույթ:

Սնանկության դատարանը, մերժելով Բանկի միջնորդությունը, պատճառաբանել է, որ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 9-րդ մասը պարտատիրոջը պարտավորեցնում է վճարել կառավարչի վարձատրությունը` գրավի առարկայի արժեքի հինգ տոկոսի չափով, այսինքն` գույքի գնահատման գնի, այլ ոչ թե գույքի աճուրդի պահին եղած մեկնարկային գնի չափով: Դրանից ելնելով` Սնանկության դատարանը գտել է, որ կառավարչի վարձատրությունը պետք է հաշվարկել պարտապանի սեփականությունը հանդիսացող` Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա համայնքի Հովնաթան փողոցի թիվ 22 անշարժ գույքի` «Բիզնես Էքսպերտ» ՍՊԸ-ի կողմից գնահատված 22.000.000 ՀՀ դրամի հինգ տոկոսի չափով (1.100.000 ՀՀ դրամ):

Վերաքննիչ դատարանը, իրավաչափ համարելով և վերահաստատելով Սնանկության դատարանի իրավական դիրքորոշումը, մերժել է Բանկի վերաքննիչ բողոքը` օրինական ուժի մեջ թողնելով Սնանկության դատարանի 18.02.2019 թվականի «Գրավի առարկա հանդիսացող գույքը պահանջի դիմաց պարտատիրոջը որպես սեփականություն հանձնելու միջնորդությունը քննության առնելու մասին» որոշումը:

Վերը շարադրված իրավական դիրքորոշումների լույսի ներքո անդրադառնալով ստորադաս դատարանների եզրահանգումների հիմնավորվածությանը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ստորադաս դատարանների կողմից սխալ է մեկնաբանվել մինչև 15.04.2020 թվականը գործող խմբագրությամբ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 9-րդ մասով ամրագրված կարգավորումը, մասնավորապես` այն մեկնաբանվել է տվյալ նորմի` սույն որոշմամբ արտահայտված մեկնաբանությունից տարբերվող մեկնաբանությամբ, ինչն անդրադարձել է գործի ելքի վրա, ուստի առկա է գրավի առարկա հանդիսացող գույքը պահանջի դիմաց Բանկին որպես սեփականություն հանձնելու միջնորդությունը կրկին քննության առնելու անհրաժեշտություն` «Մանտրա Մակինա Լիմիթեդ» ընկերության ընդդեմ «Աշտարակ Կաթ» ՓԲԸ-ի թիվ ԵԱՔԴ/0462/04/16 գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.12.2019 թվականի որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից արտահայտած իրավական դիրքորոշումների լույսի ներքո:

i

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 2-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի 19.04.2019 թվականի որոշումը բեկանելու և գործը` գրավի առարկա հանդիսացող գույքը Բանկին ի սեփականություն հանձնելու մասին Բանկի միջնորդությունը քննարկելու մասով, նոր քննության ուղարկելու համար:

i

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ և 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակի: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 19.04.2019 թվականի որոշումը և գործը` գրավի առարկա հանդիսացող` Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա համայնքի Հովնաթան փողոցի թիվ 22 հասցեի անշարժ գույքը «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ին ի սեփականություն հանձնելու մասին «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ի միջնորդությունը քննարկելու մասով, ուղարկել ՀՀ սնանկության դատարան` նոր քննության:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող և զեկուցող Ռ. Հակոբյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Ե. Խունդկարյան

Գ. Հակոբյան

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

Ն. Տավարացյան

 

Պաշտոնական հրապարակման օրը` 24 սեպտեմբերի 2020 թվական:

 

 

pin
Վճռաբեկ դատարան
08.05.2020
N ԵԱԴԴ/0018/04/16
Որոշում