Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 114-ՐԴ, 11 ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

    ՀՀ վերաքննիչ քաղաքացիական              Սնանկության գործ

    դատարանի որոշում                       թիվ ՍնԴ/0104/04/19

    Սնանկության գործ թիվ ՍնԴ/0104/04/19    2020 թ.

Նախագահող դատավոր` Ա. Պետրոսյան

    Դատավորներ`        Ա. Սմբատյան

                       Հ. Ենոքյան

 

Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

նախագահող և զեկուցող Ռ. Հակոբյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Ե. Խունդկարյան

Գ. Հակոբյան

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

Ն. Տավարացյան

 

2020 թվականի մայիսի 15-ին

գրավոր ընթացակարգով քննելով ըստ դիմումի ՀՀ պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ` Կոմիտե) դիմումի` Ամալյա Բեգլարյանին սնանկ ճանաչելու պահանջի մասին, սնանկության գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 06.08.2019 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշման դեմ Կոմիտեի ներկայացուցիչ Արման Մնացականյանի բերած վճռաբեկ բողոքը,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Կոմիտեն պահանջել է Ամալյա Բեգլարյանին ճանաչել սնանկ:

ՀՀ սնանկության դատարանի (դատավոր` Ս. Թադևոսյան) (այսուհետ` Դատարան) 05.03.2019 թվականի վճռով դիմումը բավարարվել է:

Դատարանի 26.06.2019 թվականի որոշմամբ հաստատվել է Ամալյա Բեգլարյանի պարտատերերի պահանջների վերջնական ցուցակը:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 06.08.2019 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշմամբ` Դատարանի 26.06.2019 թվականի որոշման դեմ Կոմիտեի ներկայացրած վերաքննիչ բողոքը վերադարձվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Կոմիտեի ներկայացուցիչը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

i

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 1-ին հոդվածի 2-րդ մասը, 114-րդ հոդվածի 1-ին մասը, 115-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը, 116-րդ հոդվածի 4-րդ մասը, մինչև 15.04.2020 թվականը գործող խմբագրությամբ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածը, 20-րդ հոդվածի 5-րդ մասը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար:

i

Վերաքննիչ դատարանը որպես վերաքննիչ բողոքը վերադարձնելու իրավական հիմք հղում է կատարել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 330-րդ հոդվածին, որի արդյունքում եզրահանգել է, որ սնանկության գործերով պարտատերերի պահանջների վերջնական ցուցակը հաստատելու մասին Դատարանի որոշման դեմ Կոմիտեն վերաքննիչ բողոք կարող էր ներկայացնել յոթօրյա ժամկետում, ինչն անհիմն է և հակասում է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 115-րդ հոդվածի 1-ին մասին և մինչև 15.04.2020 թվականը գործող խմբագրությամբ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածին:

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Կոմիտեն վերաքննիչ բողոքը ներկայացրել է Դատարանի որոշման եզրափակիչ մասով նախատեսված և օրենքով սահմանված 15-օրյա ժամկետի պահպանմամբ:

Վերաքննիչ դատարանը որոշման պատճառաբանական մասում սխալ է նշել նաև Դատարանի որոշումը Կոմիտե մուտքագրվելու ամսաթիվը, այն է` 09.07.2019 թվական, մինչդեռ Դատարանի որոշումը մուտքագրվել է Կոմիտե 04.07.2019 թվականին:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է վերացնել Վերաքննիչ դատարանի 06.08.2019 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը:

 

3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.

 

i

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության համար և գտնում է, որ տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները` սնանկության վարույթում կայացվող միջանկյալ դատական ակտերի բողոքարկման և սնանկության վարույթի ընթացքում տարբեր գործողությունների կատարման համար սահմանված ժամկետները հաշվարկելու առանձնահատկությունների վերաբերյալ, կարող են էական նշանակություն ունենալ նմանատիպ գործերով միասնական և կանխատեսելի դատական պրակտիկա ձևավորելու համար:

Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ մինչև 15.04.2020 թվականը գործող խմբագրությամբ «Սնանկության մասին» ՀՀ օրենքով նախատեսված տարբեր գործողությունների կատարման համար սահմանված ժամկետները հաշվարկելու կարգին, ինչպես նաև հարցադրմանն առ այն, թե որ իրավական ակտն է ենթակա կիրառման սնանկության վարույթում կայացվող միջանկյալ դատական ակտերի բողոքարկման ժամկետները հաշվարկելիս:

ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:

ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքները և պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:

Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի 07.02.1995 թվականի թիվ R(95)5 հանձնարարականի 1-ին հոդվածի (a) կետով նախատեսված սկզբունքի համաձայն` պետք է առկա լինի վերադաս դատարանի (երկրորդ ատյանի դատարան) կողմից ստորադաս դատարանի (առաջին ատյանի դատարան) ցանկացած որոշման վերանայման հնարավորություն:

Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Հայաստանի Հանրապետությունում երաշխավորված են անձի դատական պաշտպանության և արդար դատաքննության հիմնական իրավունքները, որոնց կարևոր բաղադրիչներից մեկը բողոքարկման իրավունքն է: Բողոքարկման ինստիտուտն իրավական միջոց է, որը հնարավորություն է տալիս որոշակի ընթացակարգի միջոցով գործնականում ապահովելու դատական սխալների բացահայտումը և ուղղումը` դրանով իսկ նպաստելով արդարադատության նպատակների գործնականում իրականացմանը:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ` Եվրոպական դատարան) նախադեպային իրավունքի համաձայն` բողոքարկման ժամկետներին վերաբերող նորմերն անկասկած սահմանված են արդարադատության պատշաճ իրականացման և իրավական որոշակիության սկզբունքի ապահովման նպատակով, սակայն հիշյալ նորմերը կամ դրանց կիրառումը չպետք է գործին մասնակցող անձին զրկեն իրենց իրավունքի իրականացման հնարավորությունից (տե՛ս, Perez de Rada Cavanilles v. Spain գործով Եվրոպական դատարանի 28.10.1998 թվականի վճիռը, կետ 45): Որպեսզի դատարանի մատչելիության իրավունքը լինի արդյունավետ, անձը պետք է իր իրավունքների իրականացմանը միջամտող իրավական ակտը վիճարկելու հստակ և իրական հնարավորություն ունենա

(տե՛ս, Bellet v. France գործով Եվրոպական դատարանի 04.12.1995 թվականի վճիռը, կետ 36, Մամիկոնյանն ընդդեմ Հայաստանի գործով Եվրոպական դատարանի 16.03.2010 թվականի վճիռը, կետ 25):

Մինչև 15.04.2020 թվականը գործող խմբագրությամբ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասի համաձայն` սնանկության գործերի վարումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով, Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքով և նույն օրենքով սահմանված կարգով:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` եթե նույն օրենքով սահմանված են այլ կանոններ, քան Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով, ապա սնանկության գործի քննությունն իրականացվում է նույն օրենքով սահմանված կանոններով:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 1-ին հոդվածի 2-րդ մասի համաձայն` նույն օրենսգրքով սահմանված կանոնները կիրառելի են (...) սնանկության գործի վարման և դրա շրջանակում առանձին քաղաքացիական գործերի քննության նկատմամբ, եթե այլ բան նախատեսված չէ «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

Վերոգրյալ իրավական նորմերի վերլուծությունից հետևում է, որ մինչև 15.04.2020 թվականը գործող իրավակարգավորման համաձայն` դատարաններում սնանկության գործերի վարումն իրականացվում էր ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով, ՀՀ դատական օրենսգրքով և «Սնանկության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով: Ընդ որում, սնանկության վարույթի նկատմամբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի նորմերը կիրառվում են այնքանով, որքանով «Սնանկության մասին» ՀՀ օրենքի նորմերով այլ կանոններ նախատեսված չեն: Այսինքն` այն պարագայում, երբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի նորմերով նախատեսված է այլ կանոն, սակայն «Սնանկության մասին» ՀՀ օրենքի նորմերը նշված հանգամանքի նկատմամբ սահմանել են այլ մոտեցումներ, ապա պետք է կիրառվի մինչև 15.04.2020 թվականը գործող խմբագրությամբ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի դրույթը: Նշված կանոնը վերաբերում է նաև սնանկության վարույթի շրջանակներում կայացվող դատական ակտերի տեսակները և դրանց բողոքարկման հնարավորությունը որոշելուն:

i

Անդրադառնալով սնանկության վարույթի ընթացքում կայացվող դատական ակտերի առանձնահատկություններին` ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացված որոշումներից մեկում նշել է, որ «Սնանկության մասին» ՀՀ օրենքն ինչպես նախորդ, այնպես էլ գործող քաղաքացիական դատավարության օրենսդրության կարգավորումների պայմաններում չի տարանջատում սնանկության վարույթում կայացվող դատական ակտերի տեսակները, այլ միայն 17.1-րդ հոդվածով սահմանում է, որ դատարանի` սնանկության գործն ըստ էության լուծող դատական ակտերը (որոշումները, վճիռները) օրինական ուժի մեջ են մտնում հրապարակման պահից, ինչպես նաև 20-րդ հոդվածով սահմանում է սնանկության գործի ընթացքում կայացված ակտերի բողոքարկման հետևյալ կարգը.

Այսպես, «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատարանի` սնանկության գործն ըստ էության լուծող դատական ակտերը կարող են բողոքարկվել վերաքննության կարգով: Վերաքննիչ բողոք կարող է բերվել այդ ակտի օրինական ուժի մեջ մտնելուց հետո` 15-օրյա ժամկետում, բացառությամբ այն դեպքերի, երբ դատարանը ժամկետի բացթողումը համարում է հարգելի:

Նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն` սնանկության գործի քննության ընթացքում կայացվող որոշումները կարող են բողոքարկվել դրանք կայացվելուց հետո` 15-օրյա ժամկետում, վերաքննության կարգով, բացառությամբ այն դեպքերի, երբ դատարանը ժամկետի բացթողումը համարում է հարգելի:

Նույն հոդվածի 6-րդ մասի համաձայն` պահանջների վերջնական ցուցակը հաստատելու մասին դատարանի որոշումը կարող է բողոքարկվել ամբողջությամբ կամ մասնակիորեն` առանձին պահանջների մասով (...):

Բացի նշված կարգավորումներից, «Սնանկության մասին» ՀՀ օրենքը որոշակի ակտերի դեպքում սահմանում է բողոքարկման այլ ժամկետներ (օրինակ` սնանկության դիմումի ընդունումը մերժելու մասին կամ դիմումը վերադարձնելու մասին որոշումների դեպքում):

i

17.06.1998 թվականին ընդունված, 01.01.1999 թվականին ուժի մեջ մտած և 09.04.2018 թվականին ուժը կորցրած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի (այսուհետ` Նախկին օրենսգիրք) կարգավորման պայմաններում ՀՀ սահմանադրական դատարանը, 11.01.2011 թվականի թիվ ՍԴՈ-932 որոշմամբ կարևորելով «Սնանկության մասին» ՀՀ օրենքում օգտագործված` «սնանկության գործ» հասկացության սահմանադրաիրավական իմաստի բացահայտման, կիրառման պրակտիկայում դրսևորված մոտեցումների գնահատման անհրաժեշտությունը, ինչպես նաև այն, թե որ իրավական ակտով կամ ակտերով սահմանված կանոններն են ենթակա կիրառման սնանկության գործերով դատավարական կարգի նկատմամբ, արձանագրել է, որ Նախկին օրենսգրքի և «Սնանկության մասին» ՀՀ օրենքի` վերը նշված դրույթների համադրված վերլուծությունից բխում է, որ սնանկության գործի քննության ժամանակ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի համապատասխան նորմերը կիրառվում են միայն այն մասով, որով տվյալ դատավարական հարաբերությունը կարգավորված չէ «Սնանկության մասին» ՀՀ օրենքով: ՀՀ սահմանադրական դատարանը միաժամանակ արձանագրել է, որ հաշվի առնելով սնանկության գործի բաղադրատարր հանդիսացող առանձին վարույթների բնույթը, առանձնահատկությունները, սնանկության գործի ընթացքի վրա դրանց ազդեցության աստիճանը` օրենսդիրը նշված վարույթներից առանձնացրել է երկուսը, և միայն այդ վարույթներով կայացված դատական ակտերն է դիտարկել որպես վեճն ըստ էության լուծող դատական ակտեր: Խոսքը վերաբերում է պարտապանին սնանկ ճանաչելու դիմումի հիման վրա հարուցված վարույթին, որի ընթացքում դատարանը կայացնում է պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռ կամ պարտապանին սնանկ ճանաչելու դիմումը մերժելու մասին վճիռ, և սնանկության գործն ավարտելու վերաբերյալ վարույթին: Օրենսդիրը սնանկության գործի բաղադրատարր հանդիսացող մի շարք առանձին վարույթների շարքում իրավաչափորեն առանցքային նշանակություն է վերապահել պարտապանին սնանկ ճանաչելու և սնանկության գործն ավարտելուն ուղղված վարույթներին: Մնացած բոլոր վարույթները, այդ թվում` ժողովի որոշումների և սնանկության գործով կառավարչի գործողությունների բողոքարկման վարույթները, հանդիսանում են պարտապանին սնանկ ճանաչելու մասին օրինական ուժի մեջ մտած դատական ակտի իրավական հետևանքները, որոնք կարող են ծագել պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո մինչև սնանկության գործն ավարտելու մասին վճռի կայացումը:

ՀՀ սահմանադրական դատարանը, անդրադառնալով սնանկության գործի ընթացքում կայացվող միջանկյալ դատական ակտերի բողոքարկելիությանը, նշել է, որ օրենսդիրը, ելնելով սնանկության գործի մաս կազմող առանձին վարույթների բնույթից, առանձնահատկություններից, սնանկության գործի ընթացքի վրա դրանց ազդեցության աստիճանից, սնանկության գործում ներառվող առանձին վարույթներով կայացվող միջանկյալ դատական ակտերի մի մասի համար է սահմանել բողոքարկման հնարավորություն: Այդ ակտերն իրենց բնույթով այնպիսին են, որ կարող են կասեցնել կամ խոչընդոտել պարտապանին սնանկ ճանաչելու պահանջով դատարանի մատչելիության իրավունքի իրացման ընթացքը, սնանկության գործի քննության հնարավորությունը, այն է` դիմումի ընդունումը մերժելու, դիմումը վերադարձնելու, պարտապանի մոտ ստուգման կամ ուսումնասիրության իրականացումը թույլատրելու, պահանջների վերջնական ցուցակը հաստատելու, պահանջի, պահանջի փոփոխության դեմ առարկությունները քննարկելու արդյունքում պահանջի չափը, օրինականությունը, առաջնահերթությունը և ապահովվածությունը որոշելու, սնանկ ճանաչված անձի գույքն օտարելու թույլտվություն տալու, պահանջը սահմանված ժամկետում չներկայացնելու պատճառների հարգելիությունը որոշելու մասին որոշումները:

ՀՀ սահմանադրական դատարանը գտել է, որ օրենսդրի կողմից իրավաչափ մոտեցում է ցուցաբերվել` կապված սնանկության գործում ներառվող առանձին վարույթներով կայացվող միայն որոշակի խումբ միջանկյալ դատական ակտերը բողոքարկելի համարելու հետ:

Անդրադառնալով ՀՀ սահմանադրական դատարանի վերոնշյալ որոշման` գործող քաղաքացիական դատավարության օրենսդրության պայմաններում կիրառելիության հարցին` ՀՀ վճռաբեկ դատարանը հարկ է համարել արձանագրել, որ գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը նախորդից էականորեն տարբերվող կարգավորումներ է նախատեսել ինչպես դատական ակտերի տեսակների, այնպես էլ դրանց բողոքարկման հնարավորությունների վերաբերյալ:

Այսպես, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 5-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` քաղաքացիական գործով դատարանը կայացնում է եզրափակիչ և միջանկյալ դատական ակտեր:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` եզրափակիչ դատական ակտեր են`

1) առաջին ատյանի դատարանի կայացրած`

ա. վճիռը և օրինական ուժի մեջ մտած վճռի ուժ ստացած վճարման կարգադրությունը,

բ. գործի վարույթը կարճելու, հայցը կամ դիմումն առանց քննության թողնելու, արբիտրաժի վճիռը, ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու, արբիտրաժի վճռի, ֆինանսական համակարգի հաշտարարի որոշման հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալու, օտարերկրյա արբիտրաժի վճռի ճանաչման և հարկադիր կատարման, օտարերկրյա դատական ակտը ճանաչելու և կատարման թույլատրելու, կատարողական թերթը կատարման ներկայացնելու բաց թողնված ժամկետը վերականգնելու, դատական ակտի կատարումը հետաձգելու կամ տարաժամկետելու, կատարման եղանակն ու կարգը փոխելու, դատական ակտի կատարման շրջադարձ կատարելու վերաբերյալ դիմումների քննության արդյունքով կայացվող որոշումները.

2) վերաքննիչ դատարանի` առաջին ատյանի դատարանի եզրափակիչ դատական ակտերի դեմ բերված բողոքի քննության արդյունքով կայացրած, ինչպես նաև վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու, վերաքննիչ վարույթը կարճելու մասին որոշումները.

3) Վճռաբեկ դատարանի` վերաքննիչ դատարանի եզրափակիչ դատական ակտերի դեմ բերված բողոքի քննության արդյունքով կայացրած, ինչպես նաև վճռաբեկ բողոքն առանց քննության թողնելու, վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու, վճռաբեկ վարույթը կարճելու մասին որոշումները:

Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` միջանկյալ դատական ակտեր են նույն հոդվածի 2-րդ մասում չնշված որոշումները, որոնք կայացվում են առանձին ակտի ձևով կամ արձանագրային որոշմամբ:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 361-րդ հոդվածի 1-ին մասով թվարկվում են վերաքննության կարգով բողոքարկման ենթակա որոշումները, որոնց ցանկը սպառիչ չէ` նկատի ունենալով, որ նույն հոդվածի 1-ին մասի 15-րդ կետի համաձայն` վերաքննության կարգով բողոքարկման ենթակա են նաև առաջին ատյանի դատարանի այլ որոշումներ` օրենքով սահմանված դեպքերում:

Ինչ վերաբերում է վճռաբեկության կարգով բողոքարկմանը, ապա ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 388-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վճռաբեկ դատարանը վճռաբեկ բողոքի հիման վրա նույն օրենսգրքով նախատեսված դեպքերում և կարգով քննում է վերաքննիչ դատարանի եզրափակիչ և միջանկյալ դատական ակտերի դեմ բերված վճռաբեկ բողոքները:

Այսպիսով, ՀՀ վճռաբեկ դատարանը փաստել է, որ գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի կարգավորումներն էականորեն տարբերվում են նախորդ օրենսգրքի կարգավորումներից, որպիսի պայմաններում ՀՀ սահմանադրական դատարանի վերոգրյալ որոշումը` դատական ակտերի դասակարգմամբ պայմանավորված իրավական հետևանքների առաջացման մասով, ամբողջությամբ կիրառելն արդարացված չի կարող համարվել` նկատի ունենալով, որ այն վերաբերել է գործն ըստ էության լուծող և գործն ըստ էության չլուծող (միջանկյալ) դատական ակտերի բողոքարկմանը, մինչդեռ գործող քաղաքացիական դատավարության օրենսդրությունն օգտագործում է եզրափակիչ և միջանկյալ դատական ակտ եզրույթները: Ընդ որում, ինչպես արդեն նշվեց, «Սնանկության մասին» ՀՀ օրենքը չի տարանջատում սնանկության վարույթում կայացվող դատական ակտերի տեսակները:

Վերոգրյալի հիման վրա ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ սնանկության վարույթի առանձնահատկությունների հաշվառմամբ անհրաժեշտ է սնանկության վարույթում կայացվող դատական ակտերը տարանջատելիս և դրանց բողոքարկման հնարավորությունը որոշելիս հիմք ընդունել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված դատական ակտերի տեսակները` բացառելու համար երկու փոխկապակցված իրավական ակտերի միջև եզրութաբանության օտարացվածությունը:

Հիմք ընդունելով արդեն իսկ 09.04.2018 թվականից գործող քաղաքացիական դատավարության նոր օրենսդրության եզրութաբանությունը` ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ սնանկության վարույթում կայացվող դատական ակտերը ևս պետք է տարանջատել եզրափակիչ և միջանկյալ դատական ակտերի (տե՛ս Հակոբ Մեհրաբյանի ընդդեմ Արտակ Ղուկասյանի թիվ ԿԴ/0023/04/17 գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 04.10.2018 թվականի «Վճռաբեկ բողոքն առանց քննության թողնելու մասին» որոշումը):

Նկատի ունենալով, որ գործող քաղաքացիական դատավարության օրենսդրությունը եզրափակիչ դատական ակտերը սահմանել է սպառիչ ցանկով, իսկ «Սնանկության մասին» ՀՀ օրենքը այդ մասով հատուկ կարգավորում չունի, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով Դատարանի 26.06.2019 թվականի «Պահանջների վերջնական ցուցակը հաստատելու մասին» որոշումը պետք է համարել միջանկյալ դատական ակտ` հաշվի առնելով, որ վերջինս քաղաքացիական դատավարության օրենսդրության համապատասխան նորմերով թվարկված չէ եզրափակիչ դատական ակտերի ցանկում:

Հետևաբար, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ սնանկության գործի քննության ընթացքում կայացվող որոշումների բողոքարկման ժամկետների առանձնահատկություններին: Այսպես.

Մինչև 15.04.2020 թվականը գործող խմբագրությամբ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` սնանկության գործի քննության ընթացքում կայացվող որոշումները կարող են բողոքարկվել դրանք կայացվելուց հետո` 15-օրյա ժամկետում, վերաքննության կարգով, բացառությամբ այն դեպքերի, երբ դատարանը ժամկետի բացթողումը համարում է հարգելի:

«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ պարբերության համաձայն` գույքի անբավարարության հիմքով կատարողական վարույթը կասեցնելու որոշումը 2 աշխատանքային օրվա ընթացքում դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության կողմից հրապարակվում է «Ինտերնետով հրապարակային ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության համապատասխան էլեկտրոնային կայքէջում:

Մինչև 15.04.2020 թվականը գործող խմբագրությամբ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 2.1-րդ մասի «ա» կետի համաձայն` (...) դատարանը ժամանակավոր կառավարչի թեկնածություն ներկայացնելու պահանջագիրը կառավարիչների ինքնակարգավորվող կազմակերպություն է ներկայացնում դիմումը վարույթ ընդունելու մասին որոշում կայացնելուց հետո` մեկ աշխատանքային օրվա ընթացքում:

Մինչև 15.04.2020 թվականը գործող խմբագրությամբ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի համաձայն` պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո դատարանը` անհապաղ նշանակում է պարտատերերի առաջին ժողովի անցկացման ժամանակը և վայրը: Պարտատերերի առաջին ժողովը նշանակվում է սնանկ ճանաչելու վերաբերյալ http://www.azdarar.am հասցեում գտնվող Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում` հրապարակման օրվանից ոչ ուշ, քան 80 օրվա և ոչ շուտ, քան 50 օրվա ընթացքում:

(...):

i

Մինչև 15.04.2020 թվականը գործող խմբագրությամբ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված գործողության կատարման համար նույն իրավանորմով սահմանվել է ժամկետ` պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճռի կայացումից հետո 3 աշխատանքային օր:

i

Մինչև 15.04.2020 թվականը գործող խմբագրությամբ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 25-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված գործողությունը կատարելու համար օրենսդիրը կառավարչի համար սահմանել է մեկ աշխատանքային օր ժամկետ:

Մինչև 15.04.2020 թվականը գործող խմբագրությամբ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի «ժա» կետի 2-րդ ենթակետի համաձայն` սնանկության վերաբերյալ գործով նշանակված կառավարիչը` պարտապանի կամ պարտատերերի կամ պարտապանի ֆինանսական առողջացման ծրագրով ներգրավված ֆինանսավորողի պահանջով վերջիններիս տրամադրում է տեղեկություններ պարտապանի սնանկության վարույթի կամ ֆինանսական առողջացման վերաբերյալ պահանջը գրավոր ստանալուց հետո` առավելագույնը երեք աշխատանքային օրվա ընթացքում:

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` նորմատիվ իրավական ակտի նորմը մեկնաբանվում է` հաշվի առնելով նորմատիվ իրավական ակտն ընդունելիս այն ընդունող մարմնի նպատակը` ելնելով դրանում պարունակվող բառերի և արտահայտությունների տառացի նշանակությունից, ամբողջ հոդվածի, գլխի, բաժնի կարգավորման համատեքստից, այն նորմատիվ իրավական ակտի դրույթներից, ի կատարումն որի ընդունվել է այդ ակտը, տվյալ նորմատիվ իրավական ակտով սահմանված սկզբունքներից, իսկ այդպիսի սկզբունքներ սահմանված չլինելու դեպքում` տվյալ իրավահարաբերությունը կարգավորող իրավունքի ճյուղի սկզբունքներից:

Վճռաբեկ դատարանը, վերլուծելով վերոգրյալ իրավադրույթները և վեր հանելով օրենսդրի նպատակը, արձանագրում է, որ «Սնանկության մասին» ՀՀ օրենքով ամրագրված` տարբեր գործողությունների կատարման համար օրենսդիրը սահմանել է ըստ էության միմյանցից տարբերվող ժամկետներ: Այդ ժամկետները ճիշտ ընկալելու և ճշգրիտ հաշվարկելու համար «Սնանկության մասին» ՀՀ օրենքի որոշ հոդվածներում կատարվել է «աշխատանքային օր» գրառումը, իսկ մյուս դեպքերում նման գրառում առկա չէ:

Ըստ այդմ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ օրենսդիրը, «Սնանկության մասին» ՀՀ օրենքով տարբեր գործողությունների կատարման համար սահմանված ժամկետների հաշվարկը մի դեպքում պայմանավորել է միայն աշխատանքային օրերով, մյուս դեպքում` նաև ոչ աշխատանքային օրերով: Նման կարգավորումը սահմանվել է` հաշվի առնելով սնանկության վարույթի առանձնահատկությունը (սնանկության վարույթը բաղկացած է որոշակի փուլերից և ընթանում է յուրաքանչյուր փուլին համապատասխան օրենքով սահմանված ընթացակարգով) և միտված է այդ վարույթի արդյունավետության ապահովմանն ու սնանկության վարույթի անհարկի ձգձգումները բացառելուն:

i

Վճռաբեկ դատարանի վերը նշված հետևությունը պայմանավորված է նաև այն հանգամանքով, որ հակառակ պարագայում ի հայտ կգար մի իրավիճակ, երբ օրինակ դատարանի որոշմամբ մինչև 15.04.2020 թվականը գործող խմբագրությամբ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի հիմքով պարտատերերի առաջին ժողովը, որը նշանակվում է սնանկ ճանաչելու վերաբերյալ http://www.azdarar.am հասցեում գտնվող Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում` հրապարակման օրվանից ոչ ուշ, քան 80 օրվա և ոչ շուտ, քան 50 օրվա ընթացքում, առանց ոչ աշխատանքային օրերը հաշվարկի մեջ ներառելու` կնշանակվեր անհարկի ուշ ժամանակահատվածում, ինչը Վճռաբեկ դատարանի գնահատմամբ հիմնավոր չէ: Նման դիրքորոշումը պայմանավորված է նաև սնանկության վարույթը ողջամիտ ժամկետներում և հնարավորինս արդյունավետ կազմակերպելու և իրականացնելու անհրաժեշտությամբ:

Ամփոփելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ եթե գործողությունների կատարման համար «Սնանկության մասին» ՀՀ օրենքով սահմանված է որևէ ժամկետ` առանց «աշխատանքային օր» գրառման, ապա այն պետք է հասկանալ և հաշվարկել ոչ աշխատանքային օրերը ներառելով, իսկ այն դեպքում, երբ ժամկետի հաշվարկի վերաբերյալ կարգավորումն ուղղակիորեն պարունակում է «աշխատանքային օր» գրառումը, ապա ժամկետի հաշվարկի մեջ չպետք է ներառել ոչ աշխատանքային օրերը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 7-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ակտն օրինական է, եթե այն կայացվել է Սահմանադրության, սահմանադրական օրենքների, Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերի, այլ օրենքների և ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի պահանջների պահպանմամբ, որոնց նորմերը կիրառելի են տվյալ գործը քննելիս և լուծելիս:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 8-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ակտը հիմնավորված է, եթե դրանում արտացոլված են այն կայացնելու համար անհրաժեշտ և բավարար փաստական և իրավական հիմքերը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 371-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն` վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու հիմքերի բացակայության դեպքում վերաքննիչ բողոքը վերադարձվում է, եթե վերաքննիչ բողոքը բերվել է սահմանված ժամկետը լրանալուց հետո և միջնորդություն չի պարունակում բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին:

Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին որոշման մեջ նշվում են բողոքում թույլ տրված խախտումները:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 371-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` նույն հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ, 4-րդ և 5-րդ կետերով նախատեսված հիմքերով վերաքննիչ բողոքը վերադարձնելուց հետո բողոքում թույլ տրված խախտումները վերացնելու ու որոշումն ստանալուց հետո` վճռի դեմ ներկայացված բողոքով 15-օրյա ժամկետում, իսկ վճարման կարգադրության կամ որոշման դեմ ներկայացված բողոքով եռօրյա ժամկետում սահմանված կարգով կրկին վերաքննիչ բողոք ներկայացնելու դեպքում այն համարվում է վերաքննիչ դատարան ներկայացված սկզբնական ներկայացման օրը: Կրկին ներկայացված վերաքննիչ բողոքում առկա խախտումները վերացնելու համար նոր ժամկետ չի տրվում:

Ելնելով վերոգրյալ իրավանորմերի վերլուծություններից` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ օրենսդիրը, նպատակ ունենալով հնարավորինս ապահովել անձանց դատական պաշտպանության իրավունքը, նախատեսել է վերաքննիչ բողոքը վերադարձնելու ընթացակարգ` վերաքննիչ բողոքում առկա խախտումները շտկելու և օրենքով սահմանված կարգով բողոք ներկայացնելու միջոցով դատական պաշտպանության իրավունքի իրացումը ապահովելու համար: Հարկ է նկատել, որ վերոգրյալը մեծապես պայմանավորված է հենց դատարանի օրինական և պատշաճ գործողություններով, քանի որ հենց դատարանի օրինական գործողությունների արդյունքում անձը հնարավորություն կունենա վերացնել թույլ տրված խախտումները և ակնկալել դատական պաշտպանության միջոցով խախտված իրավունքների վերականգնում:

 

Սույն գործով Դատարանի վճռով Ամալյա Բեգլարյանը ճանաչվել է սնանկ (գործի հավելված, գ.թ. 5-7):

Այնուհետև Դատարանի 26.06.2019 թվականի որոշմամբ հաստատվել է պարտապան Ամալյա Բեգլարյանի պարտատերերի պահանջների վերջնական ցուցակը, որով սահմանվել է վերաքննության կարգով բողոքարկման «Սնանկության մասին» ՀՀ օրենքով սահմանված` որոշման կայացման պահից 15-օրյա ժամկետ, ինչի վերաբերյալ որոշման եզրափակիչ մասում կատարվել է համապատասխան գրառում (գործի հավելված, գ.թ. 24-26):

i

Կոմիտեի կողմից 19.07.2019 թվականին փոստային ծառայության միջոցով ներկայացվել է Դատարանի 26.06.2019 թվականի որոշման դեմ վերաքննիչ բողոք, որը Վերաքննիչ դատարանը 06.08.2019 թվականի որոշմամբ վերադարձրել է` պատճառաբանելով, որ «Դատարանի` 26.06.2019 թվականի որոշման դեմ վերաքննիչ բողոք կարող էր ներկայացվել որոշումը ստանալուց հետո յոթնօրյա ժամկետում: Բողոքաբերը որոշումը ստացել է 09.07.2019 թվականին, այսինքն` վերաքննիչ բողոք կարող էր ներկայացնել մինչև 18.07.2019 թվականը ներառյալ, սակայն ներկայացրել է բողոքարկման համար օրենքով սահմանված ժամկետը լրանալուց հետո` 19.07.2019 թվականին: Միևնույն ժամանակ բողոքաբերը չի ներկայացրել միջնորդություն` օրենքով սահմանված ժամկետը բաց թողնելու պատճառները հարգելի համարելու և վերականգնելու մասին»: Որպես նման եզրահանգման իրավական հիմք Վերաքննիչ դատարանը վկայակոչել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 330-րդ հոդվածի 3-րդ մասը (գործի հավելված, գ.թ. 33-36, 43, 46):

Վերոնշյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո գնահատելով Վերաքննիչ դատարանի վերլուծությունները և դրանք համադրելով սույն գործի փաստերի հետ` Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել հետևյալը.

i

Վճռաբեկ դատարանի գնահատմամբ Դատարանի 26.06.2019 թվականի «Պահանջների վերջնական ցուցակը հաստատելու մասին» որոշումը հանդիսանում է միջանկյալ դատական ակտ, որի բողոքարկման ժամկետի հաշվարկման համար պետք է հիմք ընդունել մինչև 15.04.2020 թվականը գործող խմբագրությամբ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասը, այսինքն` նշված որոշումը կարող էր բողոքարկվել կայացվելուց հետո` 15-օրյա ժամկետում: Մինչդեռ Վերաքննիչ դատարանը, արձանագրելով, որ վերաքննիչ բողոքը բերվել է օրենքով սահմանված 7-օրյա ժամկետի խախտմամբ, վերաքննիչ բողոքի վերադարձման հիմքում դրել է սույն իրավահարաբերությունների հետ առնչություն չունեցող իրավանորմ, այն է` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 330-րդ հոդվածի 3-րդ մասը, որը վերաբերում է օտարերկրյա արբիտրաժի վճռի ճանաչման և հարկադիր կատարման գործով դատարանի որոշումների հրապարակմանը և հրապարակման պահից յոթ օր հետո օրինական ուժի մեջ մտնելուն:

Այսպիսով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի կողմից վկայակոչված վերը նշված իրավանորմը չէր կարող հիմք հանդիսանալ Դատարանի 26.06.2019 թվականի «Պահանջների վերջնական ցուցակը հաստատելու մասին» որոշումը բողոքարկելու ժամկետը հաշվարկելու համար:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Դատարանի` «Պահանջների վերջնական ցուցակը հաստատելու մասին» որոշումը կայացվել է 26.06.2019 թվականին, ուստի Վճռաբեկ դատարանի գնահատմամբ` այն կարող էր բողոքարկվել կայացման պահից 15-օրյա ժամկետում, այսինքն` ներառյալ 11.07.2019 թվականը` հաշվի առնելով սույն որոշմամբ արտահայտած իրավական դիրքորոշումները:

Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Կոմիտեի կողմից վերաքննիչ բողոքը ներկայացվել է նշված ժամկետի խախտմամբ, այն է` 19.07.2019 թվականին և չի ներկայացվել բաց թողնված դատավարական ժամկետը հարգելի համարելու միջնորդություն:

Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ թեև Վերաքննիչ դատարանը «Պահանջների վերջնական ցուցակը հաստատելու մասին» որոշման բողոքարկման ժամկետի հաշվարկի համար հիմք է ընդունել տվյալ իրավահարաբերության հետ որևէ առնչություն չունեցող իրավանորմ` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 330-րդ հոդվածի 3-րդ մասը, այդուհանդերձ Կոմիտեի կողմից բաց է թողնվել նաև նշված որոշման բողոքարկման ժամկետի հաշվարկման համար կիրառելի իրավանորմով, այն է` մինչև 15.04.2020 թվականը գործող խմբագրությամբ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված` որոշման կայացման պահից բողոքարկման 15-օրյա ժամկետը: Հետևաբար դատական պաշտպանություն Կոմիտեին կարող էր տրամադրվել միայն բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու միջնորդություն ներկայացվելու և այն բավարարվելու պարագայում:

Ամփոփելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Կոմիտեի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը ենթակա է եղել վերադարձման, քանի որ վերաքննիչ բողոքը ներկայացվել է օրենքով սահմանված ժամկետի խախտմամբ և չի ներկայացվել միջնորդություն ժամկետի բացթողումը հարգելի համարելու վերաբերյալ:

Այսպիսով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքը հիմքի առկայությունը բավարար չէ Վերաքննիչ դատարանի 06.08.2019 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը վերացնելու համար, քանի որ Կոմիտեն այդուհանդերձ բաց է թողել մինչև 15.04.2020 թվականը գործող խմբագրությամբ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված ժամկետը և չի ներկայացրել միջնորդություն` այդ ժամկետը հարգելի համարելու և վերականգնելու մասին, ուստի Վերաքննիչ դատարանի 06.08.2019 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը պետք է թողնել օրինական ուժի մեջ` սույն որոշման պատճառաբանություններով:

i

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ և 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը մերժել: ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 06.08.2019 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը թողնել օրինական ուժի մեջ` սույն որոշման պատճառաբանություններով:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող և զեկուցող Ռ. Հակոբյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Ե. Խունդկարյան

Գ. Հակոբյան

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

Ն. Տավարացյան

 

Պաշտոնական հրապարակման օրը` 24 սեպտեմբերի 2020 թվական:

 

 

pin
Վճռաբեկ դատարան
15.05.2020
N ՍՆԴ/0104/04/19
Որոշում