Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

    ՀՀ վերաքննիչ քաղաքացիական              Քաղաքացիական գործ

    դատարանի որոշում                       թիվ ԵԿԴ/1503/17/17

Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/1503/17/17   2020 թ.

Նախագահող դատավոր` Կ. Չիլինգարյան

    Դատավորներ`        Ա. Սմբատյան

                       Մ. Հարթենյան

 

Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

նախագահող Ռ. Հակոբյան

զեկուցող Գ. Հակոբյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Ե. Խունդկարյան

Ս. Միքայելյան

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

Ն. Տավարացյան

 

2020 թվականի հուլիսի 03-ին

գրավոր ընթացակարգով քննելով ըստ «Արդշինբանկ» ՓԲԸ-ի (այսուհետ` Բանկ) դիմումի` վճիռը պարտադիր ճանաչելու և դրա հիման վրա կատարողական թերթ տրամադրելու պահանջի մասին, քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 25.06.2019 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշման դեմ Սարգիս Մարգարյանի ներկայացուցիչ Գայանե Գրիգորյանի վճռաբեկ բողոքը,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Բանկը պահանջել է պարտադիր ճանաչել «Հայաստանի բանկերի միության ֆինանսական արբիտրաժ» հիմնարկի արբիտրաժային տրիբունալի կողմից թիվ 13-1151/11/16 գործով 14.08.2017 թվականին կայացված վճիռը և դրա հիման վրա տրամադրել կատարողական թերթ:

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ա. Մելքումյան) (այսուհետ` Դատարան) 26.09.2017 թվականի որոշմամբ դիմումը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 25.06.2019 թվականի որոշմամբ վերաքննիչ բողոք բերելու համար օրենքով սահմանված ժամկետը վերականգնելու մասին Սարգիս Մարգարյանի միջնորդությունը և վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվել են:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Սարգիս Մարգարյանի ներկայացուցիչը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում.

i

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 5-րդ, 61-րդ և 170-րդ հոդվածները, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ, ՀՀ քաղաքացիական դատավարության 1998 թվականի հունիսի 17-ի օրենսգրքի 78-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 360-րդ, 362-365-րդ, 370-րդ և 380-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված հիմքերի առկայությունը պատճառաբանել է հետևյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Դատարանի կողմից Սարգիս Մարգարյանին չեն ուղարկվել ծանուցումներ, չի ուղարկվել կայացված որոշման օրինակը, որի արդյունքում Սարգիս Մարգարյանը զրկվել է իր վերաբերյալ ընթացող դատական նիստին մասնակցելուց, դիրքորոշումներ, առարկություններ և հայտարարություններ ներկայացնելու իրավունքից:

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ Դատարանը, չուղարկելով դատական ակտը, Սարգիս Մարգարյանին զրկել է դրա բովանդակությանը ծանոթանալու, ինչպես նաև այն սահմանված կարգով և ժամկետներում բողոքարկելու հնարավորությունից:

Վերաքննիչ դատարանն անտեսել է նաև, որ սույն գործով որոշման իր օրինակը Սարգիս Մարգարյանն ստացել է միայն 10.05.2019 թվականին` իր կողմից 06.05.2019 թվականին Դատարան դիմում ներկայացնելուց հետո, որով խնդրել է իրեն տրամադրել սույն գործով որոշման բնօրինակը: Նշված հանգամանքը հաստատվել է վերաքննիչ բողոքին կից ներկայացված փաստաթղթերով:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է վերացնել Վերաքննիչ դատարանի 25.06.2019 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը:

 

3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.

 

i

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` Վերաքննիչ դատարանի կողմից որոշումը կայացնելիս թույլ է տրվել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 360-րդ հոդվածի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ հետևյալ հարցերին`

1) ի՞նչ ժամկետում և կարգով է ենթակա բողոքարկման սույն գործով Դատարանի կողմից մինչև 09.04.2018 թվականը կայացված գործն ըստ էության լուծող դատական ակտը,

2) արդյո՞ք դատարանի լիազորությունը` դատական ակտը գործին մասնակցող անձին ուղարկելու վերաբերյալ, համարվում է պատշաճ կատարված այն պարագայում, երբ դատարանը դատական ակտը հրապարակել է սահմանված ժամկետում, սակայն գործում բացակայում են դատարանի կողմից դատական ակտի օրինակը որոշումը կայացնելու օրվանից եռօրյա ժամկետում գործին մասնակցող անձին ուղարկելու կամ մինչ այդ այն առձեռն նրան հանձնված լինելու ապացույցները` նաև վերահաստատելով նախկինում արտահայտած դիրքորոշումները:

i

1) «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` նորմատիվ իրավական ակտի գործողությունը տարածվում է դրա ուժի մեջ մտնելուց հետո գործող հարաբերությունների վրա, եթե այլ բան նախատեսված չէ Սահմանադրությամբ, օրենքով կամ տվյալ նորմատիվ իրավական ակտով:

Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն` ուժը կորցրած նորմատիվ իրավական ակտի կամ դրա մասի գործողությունը տարածվում է մինչև դրա ուժը կորցնելու օրը գործող հարաբերությունների վրա, եթե օրենքով կամ ակտն ուժը կորցրած ճանաչելու մասին նորմատիվ իրավական ակտով այլ բան նախատեսված չէ:

ՀՀ ազգային ժողովի կողմից 09.02.2018 թվականին ընդունված ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի (այսուհետ` նաև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրք) 439-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` նույն օրենսգիրքն ուժի մեջ է մտնում նորընտիր Հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման օրը:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` նույն օրենսգիրքն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության 1998 թվականի հունիսի 17-ի օրենսգիրքը:

Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` մինչև նույն օրենսգրքի ուժի մեջ մտնելը ներկայացված հայցադիմումների, դիմումների և բողոքների վարույթ ընդունելու հարցը լուծելիս կիրառվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության 1998 թվականի հունիսի 17-ի օրենսգրքի նորմերը:

Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն` նույն օրենսգրքի ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ առաջին ատյանի դատարանի վարույթում գտնվող գործերը առաջին ատյանի դատարանում քննվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության 1998 թվականի հունիսի 17-ի օրենսգրքի նորմերով:

Վերը նշված նորմերի վերլուծությունից հետևում է, որ օրենսդիրը որպես ընդհանուր կանոն սահմանել է, որ նորմատիվ իրավական ակտի գործողությունը տարածվում է դրա ուժի մեջ մտնելուց հետո գործող հարաբերությունների վրա: Միևնույն ժամանակ օրենսդիրը բացառություն է նախատեսել ընդհանուր կանոնից այն դեպքերի համար, երբ Սահմանադրությամբ, օրենքով կամ տվյալ նորմատիվ իրավական ակտով նախատեսվել է այլ կանոն: Ինչ վերաբերում է ուժը կորցրած նորմատիվ իրավական ակտի կամ դրա մասի գործողությանը, ապա այդ մասով օրենսդիրը ևս սահմանել է որոշակի կանոն, որի համաձայն` ուժը կորցրած նորմատիվ իրավական ակտի կամ դրա մասի գործողությունը հնարավոր է համարել տարածել մինչև դրա ուժը կորցնելու օրը գործող հարաբերությունների վրա` պայմանով, որ այլ բան նախատեսված չլինի օրենքով կամ ակտն ուժը կորցրած ճանաչելու մասին նորմատիվ իրավական ակտով:

Տվյալ դեպքում ՀՀ ազգային ժողովի կողմից 09.02.2018 թվականին ընդունված ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքն ուժի մեջ է մտել 09.04.2018 թվականին` Հայաստանի Հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնն ստանձնելու օրը: Նշված ամսաթվից և ուժը կորցրած է ճանաչվել Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության 1998 թվականի հունիսի 17-ի օրենսգիրքը (այսուհետ` նաև Նախկին օրենսգիրք): Հիմք ընդունելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի կարգավորումները` նույն օրենսգրքի գործողությունը բացառապես տարածվում է դրա ուժի մեջ մտնելուց հետո գործող հարաբերությունների վրա, իսկ Նախկին օրենսգրքի գործողությունը տարածվում է մինչև դրա ուժը կորցնելու օրը գործող հարաբերությունների վրա: Միևնույն ժամանակ օրենսդիրը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով նախատեսել է, որ 09.04.2018 թվականի դրությամբ առաջին ատյանի դատարանի վարույթում գտնվող գործերն առաջին ատյանի դատարանում քննվում են Նախկին օրենսգրքի նորմերով, իսկ մինչև 09.04.2018 թվականը ներկայացված հայցադիմումների, դիմումների և բողոքների վարույթ ընդունելու հարցը լուծելիս կիրառվում են Նախկին օրենսգրքի նորմերը, որպիսի կարգավորումից բխում է նաև, որ 09.04.2018 թվականից հետո ներկայացված` տվյալ դեպքում վերաքննիչ բողոքների մասով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը կիրառելի է բացառապես բողոքը վարույթ ընդունելու հարցը լուծելու առումով:

Բացի այդ, ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ անդրադառնալով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 439-րդ հոդվածի իրավական վերլուծությանը` նշել է, որ (...) ուժը կորցրած նորմատիվ իրավական ակտը չի կարող իրավական ազդեցություն ունենալ դրա` ուժը կորցնելուց հետո ծագած իրավահարաբերությունների նկատմամբ: Նման իրավակարգավորումը նպատակ ունի պաշտպանել հասարակական հարաբերությունների այն մասնակիցներին, ովքեր արդեն իսկ մտել են որոշակի իրավահարաբերությունների մեջ մինչև նոր իրավական ակտի ընդունումը` հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերջիններս իրենց վարքագիծն արդեն իսկ համապատասխանեցրել են ուժը կորցրած նորմատիվ իրավական ակտի կամ դրա մի մասի իմպերատիվ պահանջներին:

ՀՀ վճռաբեկ դատարանը նաև արձանագրել է, որ օրենսդիրը որդեգրել է այն սկզբունքը, համաձայն որի` իրավական ակտերը կարգավորում են հասարակական հարաբերություններն այնքան ժամանակ, քանի դեռ չեն կորցրել իրենց իրավաբանական ուժը: Իրավաբանական ուժի մեջ գտնվելու հանգամանքով է պայմանավորված իրավական ակտի` հասարակական հարաբերությունների վրա ներազդելու հնարավորությունը: Այն ժամանակ, երբ նման ակտը կորցնում է իր իրավաբանական ուժը, դադարում է կարգավորել հասարակական հարաբերություններ, և այդ հարաբերությունների հնարավոր մասնակիցները դադարում են ունենալ իմպերատիվ պարտականություն` իրենց վարքագիծը համապատասխանեցնելու արդեն իսկ ուժը կորցրած իրավական ակտի պահանջներին (...):

Միաժամանակ ՀՀ վճռաբեկ դատարանը, համադրելով նորմատիվ ակտերի ժամանակի մեջ գործողության կանոնները 09.02.2018 թվականին ընդունված և 09.04.2018 թվականին ուժի մտած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի վերը նշված դրույթների հետ, արձանագրել է, որ 09.04.2018 թվականի դրությամբ առաջին ատյանի դատարանում քննվող գործերի նկատմամբ ենթակա են կիրառման 17.06.1998 թվականին ընդունված և 01.01.1999 թվականին ուժի մեջ մտած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի նորմերը, սակայն այդ գործերով 09.04.2018 թվականից հետո վերաքննիչ բողոքարկում իրականացված լինելու պայմաններում պետք է կիրառվեն արդեն 09.02.2018 թվականին ընդունված և 09.04.2018 թվականին ուժի մտած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի նորմերը: Միաժամանակ` նկատի ունենալով այն հանգամանքը, որ բողոքարկված դատական ակտը կայացվել է 17.06.1998 թվականին ընդունված, 01.01.1999 թվականին ուժի մեջ մտած և 09.04.2018 թվականին ուժը կորցրած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի նորմերի շրջանակներում, ենթադրյալ դատական սխալի առկայությունը պետք է գնահատվի տվյալ դատական ակտի կայացման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի նորմերի լույսի ներքո` հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի 4-րդ մասի կարգավորումը (տե՛ս, ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի ընդդեմ «Ամիգո Արմեն» ՍՊԸ-ի թիվ ՍԴ2/0037/04/16 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 19.02.2019 թվականի որոշումը):

Հիմք ընդունելով վերը նշվածը, ինչպես նաև Նախկին օրենսգրքի 1-ին հոդվածի 3-րդ կետը, որի համաձայն` քաղաքացիական գործերով դատավարությունն իրականացվում է գործի քննության ժամանակ գործող օրենքներով, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով Դատարանի կողմից մինչև 09.04.2018 թվականը, այն է` 26.09.2017 թվականին կայացված դատական ակտի բողոքարկման ժամկետը ենթակա է հաշվարկման Նախկին օրենսգրքով սահմանված կարգով թեկուզև վերաքննիչ բողոքը ներկայացվել է 09.04.2018 թվականից հետո, երբ ուժի մեջ է մտել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը:

Այդ առումով սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ արբիտրաժի վճռի ճանաչման և (կամ) հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալու վերաբերյալ դիմումի քննության արդյունքում կայացված դատարանի որոշման` Նախկին օրենսգրքի գործողության ժամանակահատվածում բողոքարկման իրավական հնարավորության հարցին և այդ հնարավորության իրացման կարգին` վերահաստատելով այդ մասին ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից նախկինում արտահայտված իրավական դիրքորոշումը: Այսպես`

ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած որոշմամբ Նախկին օրենսգրքի գործողության ժամանակահատվածում անդրադառնալով արբիտրաժային վճիռը ճանաչելու և հարկադիր կատարման թույլատրելու վերաբերյալ դիմումի քննության արդյունքում կայացված դատարանի որոշման բողոքարկման առանձնահատկություններին, արձանագրել է, որ «Առևտրային արբիտրաժի մասին» ՀՀ օրենքը սահմանափակվել է միայն արբիտրաժի վճռի ճանաչումը և (կամ) հարկադիր կատարումը մերժելու հիմքերի ամրագրմամբ` որևէ կանոնակարգում չնախատեսելով արբիտրաժի վճռի ճանաչման և (կամ) հարկադիր կատարման մասին միջնորդությունների քննության կարգի վերաբերյալ, որով, ըստ էության, նշված հարցի լուծումը թողել է քաղաքացիադատավարական օրենսդրության կարգավորմանը: Դրանից ելնելով` ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ այդպիսի միջնորդությունը ենթակա է քննության և լուծման ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված ընդհանուր դրույթներին համապատասխան` նկատի ունենալով նաև այն, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը որևէ հատուկ կարգավորում չի բովանդակում արբիտրաժի վճռի ճանաչման և (կամ) հարկադիր կատարման մասին միջնորդությունների քննության կարգի, այդ թվում նաև` այդ միջնորդությունների քննության արդյունքում կայացված որոշումների բողոքարկման հարցի վերաբերյալ: Արդյունքում ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ արբիտրաժի վճռի ճանաչման և (կամ) հարկադիր կատարման թույլատրելու գործընթացը ոչ միայն ենթադրում է ՀՀ իրավասու դատարանի կողմից այդ դատական ակտի ճանաչմանը կամ հարկադիր կատարմանը խոչընդոտող` օրենքով ամրագրված հիմքերի առկայության ստուգում, այլև` նշված հանգամանքների պարզման ուղղությամբ իրավասու դատարանի գործողությունների օրինականությունը և հիմնավորվածությունը բողոքարկելու իրավական հնարավորություն: Ընդ որում, արբիտրաժի վճռի ճանաչման և (կամ) հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալու վերաբերյալ դիմումի քննության արդյունքում կայացված դատարանի որոշումը (ինչպես բավարարման, այնպես էլ` մերժման վերաբերյալ) բողոքարկելիության տեսանկյունից առավել համահունչ է գործն ըստ էության լուծող դատական ակտերին բնորոշ իրավակարգավորումներին, ինչը հատկապես դրսևորվում է վրա հասնող իրավական հետևանքների հարցում: Մասնավորապես, նշված որոշմամբ, ըստ էության, եզրափակում է արբիտրաժային վարույթի նկատմամբ հարուցված դատական վերահսկողության սույն վարույթը` բացառելով դրա հետագա վերսկսումը (տե՛ս, «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ-ի դիմումը` արբիտրաժային տրիբունալի 09.10.2015 թվականի թիվ 01-01/07/15 վճիռը պարտադիր ճանաչելու և դրա հիման վրա կատարողական թերթ տրամադրելու պահանջի մասին, թիվ ԵԿԴ/1636/17/15 գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.07.2016 թվականի որոշումը):

Հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի կողմից արտահայտված վերը նշված դիրքորոշումը, այդ թվում նաև արբիտրաժի վճռի ճանաչման և (կամ) հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալու վերաբերյալ դիմումի քննության արդյունքում կայացված դատարանի որոշումը բողոքարկելիության տեսանկյունից գործն ըստ էության լուծող դատական ակտ համարելու մասին` Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ Նախկին օրենսգրքով գործն ըստ էության լուծող դատական ակտերի համար բողոք բերելու ժամկետներին: Այսպես`

i

Նախկին օրենսգրքի 207-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գործն ըստ էության լուծող դատական ակտի դեմ վերաքննիչ բողոք կարող է բերվել մինչև այդ ակտի օրինական ուժի մեջ մտնելու համար սահմանված ժամկետը:

i

Նախկին օրենսգրքի 140-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` ընդհանուր իրավասության դատարանի` գործն ըստ էության լուծող դատական ակտերն օրինական ուժի մեջ են մտնում հրապարակման պահից մեկ ամիս հետո (...):

Սույն գործի փաստերի համաձայն` Դատարանը գործն ըստ էության լուծող դատական ակտը կայացրել է 26.09.2017 թվականին (գ.թ. 25-29):

Սարգիս Մարգարյանը վերաքննիչ բողոքն առձեռն ներկայացրել է 10.06.2019 թվականին` միաժամանակ միջնորդելով վերաքննիչ բողոք ներկայացնելու համար սահմանված ժամկետի բացթողումը հարգելի համարել և այն վերականգնել, այն պատճառաբանությամբ, որ դատական ակտը ստացել է ուշացումով: Բացի այդ, վերաքննիչ բողոք բերած անձը միջնորդել է սահմանել պետական տուրքի վճարման արտոնություն, այն է` ազատել իրեն պետական տուրքի վճարումից կամ հետաձգել դրա վճարումը (գ.թ. 56-66):

Վերաքննիչ դատարանը, պատճառաբանելով նաև, որ «սույն գործով բողոքարկված որոշումը բողոք բերած անձն ստացել է 10.05.2019 թվականին, հետևաբար Դատարանի 26.09.2017 թվականի որոշման բողոքարկման ժամկետի հոսքը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 362-րդ հոդվածի 4-րդ մասի ուժով սկսվել է 13.05.2019 թվականից (11.05.2019 թվականը և 12.05.2019 թվականը եղել են ոչ աշխատանքային օրեր) և ավարտվել է 03.06.2019 թվականին: Մինչդեռ բողոք բերած անձը վերաքննիչ բողոքը Վերաքննիչ դատարանի գրասենյակ է հանձնել 10.06.2019 թվականին, իսկ բողոքարկման բաց թողնված ժամկետը վերականգնելու վերաբերյալ բողոքում առկա միջնորդությունը չի պարունակում այդ ժամկետի` 03.06.2019 թվականից մինչև 10.06.2019 թվականն ընկած հատվածի բացթողման որևէ հարգելի պատճառի մասին վկայող դատողություններ», 25.06.2019 թվականին որոշում է կայացրել բաց թողնված ժամկետը վերականգնելու վերաբերյալ բողոք բերած անձի միջնորդությունը և վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին: Միաժամանակ Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ «վերաքննիչ բողոքի ընդունումը մերժման ենթակա լինելու պայմաններում պետական տուրքի գծով արտոնություն կիրառելու վերաբերյալ բողոք բերած անձի միջնորդությանն անդրադառնալու դատավարական անհրաժեշտությունը բացակայում է» (գ.թ. 74):

Վերը նշված դիրքորոշումների համատեքստում գնահատելով Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունների հիմնավորվածությունը` կապված Դատարանի 26.09.2017 թվականի դատական ակտի դեմ վերաքննիչ բողոք բերելու ժամկետը հաշվարկելու հետ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դրանք անհիմն են, և չեն բխում «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ-ի դիմումի հիման վրա թիվ ԵԿԴ/1636/17/15 գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.07.2016 թվականի որոշմամբ արտահայտված դիրքորոշումից, քանի որ վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու հարցը լուծելիս Վերաքննիչ դատարանը սխալ է կիրառել դատավարական իրավունքի նորմը` վերը նշված դիրքորոշումներին հակառակ կիրառելի համարելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 362-րդ հոդվածի 4-րդ մասը, որը հանգեցրել է գործի սխալ լուծման այն առումով, որ գործն ըստ էության լուծող դատական ակտը համարել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի իմաստով միջանկյալ դատական ակտ, որի դեմ վերաքննիչ բողոք ներկայացնելու ժամկետը վերը նշված դիրքորոշումների հիմքով դատական ակտը կայացնելու պահից մեկամսյա ժամկետը հիմք ընդունելու փոխարեն, որի դեպքում այն լրանում էր 27.10.2017 թվականին, հիմք է ընդունել յոթնօրյա ժամկետը:

2) Երկրորդ հարցադրման կապակցությամբ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ վերաքննիչ բողոք ներկայացնելու համար բաց թողնված ժամկետը հարգելի համարելու վերաբերյալ ներկայացված միջնորդությունը հարգելի չհամարելու մասին Վերաքննիչ դատարանի պատճառաբանության հիմնավորվածությանը:

ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:

ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքները և պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:

Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի 07.02.1995 թվականի թիվ R(95)5 հանձնարարականի 1-ին հոդվածի (a) կետով նախատեսված սկզբունքի համաձայն` պետք է առկա լինի վերադաս դատարանի (երկրորդ ատյանի դատարան) կողմից ստորադաս դատարանի (առաջին ատյանի դատարան) ցանկացած որոշման վերանայման հնարավորություն:

Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Հայաստանի Հանրապետությունում երաշխավորված են անձի դատական պաշտպանության և արդար դատաքննության հիմնական իրավունքները, որոնց կարևոր բաղադրիչներից մեկը բողոքարկման իրավունքն է: Բողոքարկման ինստիտուտն իրավական միջոց է, որը հնարավորություն է տալիս որոշակի ընթացակարգի միջոցով գործնականում ապահովելու դատական սխալների բացահայտումը և ուղղումը` դրանով իսկ նպաստելով արդարադատության նպատակների գործնականում իրականացմանը: Ուղղված լինելով դատական պաշտպանության և արդար դատաքննության հիմնական իրավունքների երաշխավորմանը` այդուհանդերձ, օրենսդրի կողմից սահմանված են բողոքարկման իրավունքի իրացման որոշակի պայմաններ, որոնցից են ժամկետային սահմանափակումները:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (այսուհետ` Եվրոպական դատարան), անդրադառնալով բողոքարկման իրավունքի և դրա իրացման պայմաններին, արձանագրել է, որ պետությունը դատարան դիմելու իրավունքից օգտվելու համար կարող է սահմանել որոշակի պայմաններ, «(...) պարզապես պետության կողմից կիրառված սահմանափակումները չպետք է այն կերպ կամ այն աստիճանի սահմանափակեն անձի դատարանի մատչելիության իրավունքը, որ վնաս հասցվի այդ իրավունքի բուն էությանը: Բացի այդ, սահմանափակումը չի համապատասխանի Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետին, եթե այն չհետապնդի իրավաչափ նպատակ, և եթե կիրառված միջոցների ու հետապնդվող նպատակի միջև չլինի համաչափության ողջամիտ հարաբերակցություն» (տե՛ս, Khalfaoui v. France գործով Եվրոպական դատարանի 14.03.2000 թվականի վճիռը, կետ 36):

Եվրոպական դատարանը մեկ այլ գործով արձանագրել է, որ պետության կողմից սահմանված` բողոք բերելու ժամկետային սահմանափակումների վերաբերյալ կանոններն ուղղված են իրավական որոշակիության երաշխավորմանը: Դատավարության կողմերը պետք է գիտակցեն դատավարական նմանատիպ կանոնների կիրառումն իրենց նկատմամբ: Բայց և այնպես այդ կանոններն ու դրանց կիրառումը չպետք է խոչընդոտեն դատավարության մասնակիցների կողմից պաշտպանության հասանելի միջոցներն օգտագործելուն (տե՛ս, Magomedov and others v. Russia գործով Եվրոպական դատարանի 28.06.2017 թվականի վճիռը, կետ 87):

Բացի այդ, Եվրոպական դատարանը նշել է, որ նաև բողոք ներկայացնելու իրավունքը պետք է իրացվի այն պահից սկսած, երբ համապատասխան անձը ձեռք է բերել իրական հնարավորություն ծանոթանալու դատարանի որոշման հետ, որը շոշափում է նրա իրավունքները կամ օրինական շահերը, կամ նրա համար առաջացնում է որոշակի հետևանքներ: Հակառակ դեպքում, դատարանները կստանային հնարավորություն դատական ակտերի կայացման մասին անձանց ուշացմամբ ծանուցելով էապես սահմանափակել անձանց կողմից բողոք բերելու իրավունքը, անգամ` բացառել այդ հնարավորությունը: Դատական ծանուցումները համարվում են միջոց դատարանի և դատավարության մասնակիցների միջև փոխազդեցություն ստեղծելու համար և ուղղված են դատավարության մասնակիցներին կայացված ակտերի մասին տեղեկացնելուն, ինչպես նաև նրանց` այդ ակտերը բողոքարկելու հնարավորություն տալուն: Կոնվենցիայի 6-րդ հոդվածը չի սահմանում դատական ակտերի հանձնման կոնկրետ եղանակ, ինչպես, օրինակ, պատվիրված նամակով ուղարկելն է: Սակայն միաժամանակ դատարանի որոշումն անձին պետք է հանձնված լինի այնպիսի եղանակով, որը հնարավորություն կտա ստուգել ինչպես դատական ակտը փոխանցված լինելու հանգամանքը, այնպես էլ այն հանձնելու ստույգ օրը (տե՛ս, Ivanova and Ivashova v. Russia գործով Եվրոպական դատարանի 26.04.2017 թվականի վճիռը, կետեր 41, 45-46):

Դատարանի մատչելիության իրավունքի դրսևորումներից է համարվում կայացված որոշումների մասին պատշաճ ծանուցում ստանալու իրավունքը, մասնավորապես այն դեպքերում, երբ բողոք բերելու իրավունքը սահմանափակված է որոշակի ժամկետներով

(տե՛ս, Zavodnik v. Slovռnie գործով Եվրոպական դատարանի 21.08.2015 թվականի վճիռը, կետ 71):

Վերոշարադրյալ դիրքորոշումների լույսի ներքո ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ արձանագրել է, որ անձի բողոքարկման իրավունքը, հանդիսանալով դատարանի մատչելիության իրավունքի բաղկացուցիչ տարր, կարող է իրացվել այն դեպքում, երբ անձն իրական հնարավորություն է ձեռք բերել ծանոթանալու դատարանի որոշման հետ: Ներպետական օրենսդրությամբ դատական ակտը հրապարակելու, գործին մասնակցող անձանց հանձնելու և նրանց ուղարկելու ընթացակարգեր սահմանելով` օրենսդիրը նպատակ է հետապնդում այդ միջոցներով ստեղծել բավարար հիմքեր և երաշխիքներ, որպեսզի անձինք կարողանան անխաթար կերպով օգտվել իրենց դատական պաշտպանության իրավունքից: ՈՒստի ելնելով այդ նպատակներից` դատավարական նորմերով սահմանված` դատական ակտը հրապարակելու և գործին մասնակցող անձանց հանձնելու կամ նրանց ուղարկելու ընթացակարգերը պետք է ուղղված լինեն պաշտպանության միջոցներն ավելի հասանելի դարձնելուն, այլ ոչ դրանք ոչ իրավաչափորեն սահմանափակելուն:

Նույն որոշմամբ ամփոփելով Եվրոպական դատարանի որոշումներում արտահայտված վերը նշված դիրքորոշումները` ՀՀ վճռաբեկ դատարանը եզրահանգել է, որ թեև Կոնվենցիայի 6-րդ հոդվածը հստակ չի սահմանում, թե դատարանի կայացրած ակտն ինչ կերպով պետք է հանձնվի անձին, սակայն միանշանակ է այն, որ դատական ակտը պետք է հանձնվի այնպիսի եղանակով, որը հնարավորություն կտա իրապես պարզելու ինչպես դատական ակտի` փոխանցված լինելու հանգամանքը, այնպես էլ այն հանձնելու ստույգ օրը: Դատական ակտի հանձնման կոնկրետ եղանակ չսահմանելով հանդերձ` Կոնվենցիան և դրա կիրառումը պահանջում են, որպեսզի անձի բողոքարկման իրավունքի իրացումը սերտորեն փոխկապակցված լինի դատարանի կայացրած ակտին ծանոթանալու իրական հնարավորության հետ: Այսինքն` դատավարական նորմերը պետք է սահմանվեն այնպես, որպեսզի գործին մասնակցող անձանց համար իրական հնարավորություն ապահովեն տիրապետելու դատական ակտի բովանդակությանը, և չարդարացված կերպով չսահմանափակվի նրանց բողոք բերելու իրավունքը: Դրա հիման վրա ՀՀ վճռաբեկ դատարանը փաստել է, որ հանդիսանալով դատական պաշտպանության և արդար դատաքննության հիմնական իրավունքների բաղադրատարրերից մեկը` բողոքարկման իրավունքը կարող է սահմանափակվել պետության կողմից, սակայն այդ սահմանափակումները` ներառյալ ժամկետայինները, չպետք է խաթարեն այդ իրավունքի բուն էությունը (տե՛ս, «Եղիցի Լույս-ԲՀ» ՍՊԸ-ն ընդդեմ «Արմինե» Ա/Կ-ի թիվ ԿԴ/0412/02/18 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.05.2019 թվականի որոշումը):

i

ՀՀ վճռաբեկ դատարանը, Նախկին օրենսգրքի 74-րդ և 77-րդ հոդվածների 1-ին կետերի, 124-րդ հոդվածի 4-րդ պարբերության, 140-րդ հոդվածի 1-ին կետի, 207-րդ հոդվածի 1-ին կետի, 213-րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ ենթակետի վկայակոչմամբ անդրադարձել է օրենքով սահմանված բաց թողնված ժամկետը վերականգնելու իրավական խնդրին: Մասնավորապես` ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ դատարանը բաց թողնված դատավարական ժամկետը կարող է վերականգնել միայն այն դեպքում, երբ այդ ժամկետը բաց թողած շահագրգիռ անձը գրավոր միջնորդության կամ դիմումի միջոցով հայցել է նման գործողության իրականացումը, այլ կերպ ասած` ներկայացրել է համապատասխան ժամկետի բացթողումը հարգելի համարելու և այն վերականգնելու վերաբերյալ գրավոր պահանջ (տե՛ս, Լիլիթ Ռաշոյանն ընդդեմ ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության և ՀՀ գլխավոր դատախազության թիվ ԵԿԴ/1881/02/11 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.06.2014 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանը մեկ այլ որոշմամբ արձանագրել է, որ Նախկին օրենսգրքի 77-րդ հոդվածի 1-ի կետի իրավակարգավորումից հետևում է, որ բաց թողնված ժամկետը հարգելի համարելու հիմքեր օրենսդիրը կոնկրետ չի նշել` այդ հիմքերի ողջամիտ և բավարար լինելու հանգամանքի գնահատողական ֆունկցիան թողնելով դատարանների հայեցողությանը: Այնուամենայնիվ, ժամկետը բաց թողնելու հիմքերը պայմանականորեն կարելի է բաժանել երկու խմբի` օբյեկտիվ և սուբյեկտիվ: Օբյեկտիվ հիմքերի մեջ կարելի է դասել ֆորսմաժորային դեպքերը` տարերային աղետները, ինչպես նաև արտակարգ իրավիճակը և նմանատիպ այլ` անձանց կամքից անկախ հիմքերով առաջացող պատճառները: Սուբյեկտիվ գործոնը պայմանավորված է անմիջականորեն տվյալ անձի հետ կապված և գործնականում ավելի երկար ժամանակ պահանջող ողջամիտ խնդիրների լուծմամբ, առանց որի անհնար է դատավարական գործողության կատարումը (տե՛ս, հայցի «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ի ընդդեմ «ՄԻԼԼԱՐ» ՍՊԸ-ի թիվ ԵԿԴ/2628/02/13 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 03.12.2014 թվականի որոշումը):

i

Սույն գործով Դատարանը գործն ըստ էության լուծող դատական ակտը կայացրել է 26.09.2017 թվականին: Սույն գործում առկա է միայն Դատարանի 27.09.2017 թվականի գրությունը` որոշումը Սարգիս Մարգարյանին ուղարկելու մասին (գ.թ. 34), սակայն առկա չէ այդ առաքանին փոստային ծառայությանը սահմանված ժամկետում հանձնված լինելու վերաբերյալ ապացույցը: Մինչդեռ Նախկին օրենսգրքի 145-րդ հոդվածի համաձայն` առանձին ակտի ձևով կայացված դատարանի որոշումը պատշաճ ձևով ուղարկվում է գործին մասնակցող անձանց` որոշումը կայացնելու օրվանից եռօրյա ժամկետում:

Դատարանի կողմից Սարգիս Մարգարյանի` ՀՀ Կոտայքի մարզ, քաղաք Աբովյան, Երիտասարդական փողոց, թիվ 18 շենք, 31-րդ հասցեով ուղարկված 26.09.2017 թվականի որոշումը փոստային առաքում իրականացնող կազմակերպության կողմից վերադարձվել է «չպահանջված է» նշումով: 06.05.2019 թվականին Սարգիս Մարգարյանը դիմում է ներկայացրել Դատարանին` խնդրելով իրեն տրամադրել Դատարանի 26.09.2017 թվականի որոշման բնօրինակը: Նշված որոշումը Սարգիս Մարգարյանն ստացել է 10.05.2019 թվականին, որի վերաբերյալ կատարել է համապատասխան գրառում (գ.թ. 35, 49):

Սարգիս Մարգարյանը Դատարանի 26.09.2017 թվականի որոշման դեմ սույն գործով վերաքննիչ բողոքն առձեռն ներկայացրել է 10.06.2019 թվականին` այսինքն` դատական ակտն ուշացումով ստանալու օրվանից մեկամսյա ժամկետում` միաժամանակ միջնորդելով հարգելի համարել վերաքննիչ բողոքի ներկայացման համար սահմանված ժամկետի բացթողումը և այն վերականգնել այն պատճառաբանությամբ, որ նշված դատական ակտն իրեն չի ուղարկվել, ինքն այն ստացել է իր դիմումի հիման վրա և ստանալուց հետո մեկամսյա ժամկետում բողոքարկել է այն (գ.թ. 56-66):

Վերաքննիչ դատարանը, պատճառաբանելով նաև, որ «սույն գործով բողոքարկված որոշումը բողոք բերած անձն ստացել է 10.05.2019 թվականին, հետևաբար Դատարանի 26.09.2017 թվականի որոշման բողոքարկման ժամկետի հոսքը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 362-րդ հոդվածի 4-րդ մասի ուժով սկսվել է 13.05.2019 թվականից (11.05.2019 թվականը և 12.05.2019 թվականը եղել են ոչ աշխատանքային օրեր) և ավարտվել է 03.06.2019 թվականին: Մինչդեռ բողոք բերած անձը վերաքննիչ բողոքը Վերաքննիչ դատարանի գրասենյակ է հանձնել 10.06.2019 թվականին, իսկ բողոքարկման բաց թողնված ժամկետը վերականգնելու վերաբերյալ բողոքում առկա միջնորդությունը չի պարունակում այդ ժամկետի` 03.06.2019 թվականից մինչև 10.06.2019 թվականն ընկած հատվածի բացթողման որևէ հարգելի պատճառի մասին վկայող դատողություններ», 25.06.2019 թվականին որոշում է կայացրել բաց թողնված ժամկետը վերականգնելու վերաբերյալ բողոք բերած անձի միջնորդությունը և վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին:

Մինչդեռ վերը նշված իրավական դիրքորոշումների համատեքստում անդրադառնալով Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությանը` Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ տվյալ դեպքում վերաքննիչ բողոք բերելու ժամկետի բացթողումը հարգելի համարելու վերաբերյալ միջնորդության քննության համար Նախկին օրենսգրքի կարգավորման պայմաններում էական են սույն քաղաքացիական գործով կայացված որոշումը Սարգիս Մարգարյանին ուղարկված և այն նրա կողմից ստացված լինելու փաստերը, քանի որ և՛ որոշման ուղարկումը, և՛ որոշումը նրա կողմից ստացված լինելը նպատակ են հետապնդում վերջինիս տեղեկացնելու դատարանի կողմից կայացված դատական ակտի մասին: Միայն նշված փաստերը պարզելուց հետո Վերաքննիչ դատարանը կարող էր որոշել` հարգելի է վերաքննիչ բողոք բերելու ժամկետը բաց թողնելու պատճառը, թե` ոչ:

Տվյալ դեպքում սույն գործում առկա չէ որևէ ապացույց այն մասին, որ Դատարանի որոշումը սահմանված ժամկետում ուղարկվել է վերաքննիչ բողոք ներկայացրած անձին: Ավելին, նշված որոշումը վերջինիս հնարավոր չի եղել հանձնել նաև պատվիրված նամակով:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ սույն գործում առկա` Սարգիս Մարգարյանի կողմից ներկայացված վերը նշված դիմումի և հանձնման ծանուցագրի ուսումնասիրությունից հետևում է, որ վերջինիս Դատարանի 26.09.2017 թվականի որոշումը տրամադրվել է միայն 10.05.2019 թվականին:

Հիմք ընդունելով վերոշարադրյալ իրավական դիրքորոշումները` Վճռաբեկ դատարանը փաստում է, որ տվյալ դեպքում բողոքաբերը չի կարող կրել Նախկին օրենսգրքի 145-րդ հոդվածի պահանջը Դատարանի կողմից չպահպանելու բացասական հետևանքը:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում առկա է բողոքաբերից անկախ պատճառներով դատական ակտը նրան ուշ հասու լինելու հանգամանքը, որի դեպքում բաց թողնված ժամկետը համապատասխան միջնորդության և վերը նշված ապացույցների ու փաստերի առկայության դեպքում ենթակա է վերականգնման իրավունքի ուժով (ex jure):

Հետևաբար Վերաքննիչ դատարանի կողմից թույլ են տրվել դատավարական իրավունքի նորմերի խախտումներ, որոնք խաթարել են արդարադատության բուն էությունը, քանի որ, ոչ իրավաչափորեն մերժելով Սարգիս Մարգարյանի` վերաքննիչ բողոք բերելու ժամկետի բացթողման պատճառները հարգելի համարելու վերաբերյալ միջնորդությունը և վերաքննիչ բողոքի ընդունումը, Վերաքննիչ դատարանը սահմանափակել է նրա` բողոքարկման իրավունքի իրականացման հնարավորությունը` արդյունքում նրան զրկելով վերադաս դատարանի մատչելիության իրավունքից:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքերի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 1-ին մասի և 390-րդ հոդվածի 3-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի 25.06.2019 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը վերացնելու համար:

i

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ և 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Վերացնել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 25.06.2019 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող Ռ. Հակոբյան

Զեկուցող Գ. Հակոբյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Ե. Խունդկարյան

Ս. Միքայելյան

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

Ն. Տավարացյան

 

 

 

 

pin
Վճռաբեկ դատարան
03.07.2020
N ԵԿԴ/1503/17/17
Որոշում