Սեղմել Esc փակելու համար:
ԱՐԴՅՈ՞Ք ԴԱՏԱՐԱՆԸ ԿԱՐՈՂ Է ՀԱՍՏԱՏԵԼ ԿՈՂ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՐԴՅՈ՞Ք ԴԱՏԱՐԱՆԸ ԿԱՐՈՂ Է ՀԱՍՏԱՏԵԼ ԿՈՂՄԵՐԻ ԳՈՒՅՔԱՅԻ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

    ՀՀ վերաքննիչ քաղաքացիական              Քաղաքացիական գործ

    դատարանի որոշում                       թիվ ԵԴ/7060/02/18

    Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/7060/02/18    2020 թ.

Նախագահող դատավոր` Լ. Գրիգորյան

    Դատավորներ`        Ա. Մկրտչյան

                       Հ. Ենոքյան

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

նախագահող և զեկուցող Ռ. Հակոբյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Մ. Դրմեյան

Ե. Խունդկարյան

Գ. Հակոբյան

Ս. Միքայելյան

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

Ն. Տավարացյան

 

2020 թվականի մայիսի 27-ին

գրավոր ընթացակարգով քննելով գործին մասնակից չդարձված անձ Վալտեր Մարությանի ներկայացուցիչ Վահագն Գասպարյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 15.03.2019 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Ալեքս Գասպարյանի օրինական ներկայացուցիչ Վարդուհի Մկրտչյանի ընդդեմ Անահիտ Մնացականյանի` ընդհանուր գույքից բաժնեմաս առանձնացնելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Ալեքս Գասպարյանի օրինական ներկայացուցիչ Վարդուհի Մկրտչյանը պահանջել է Ալեքս Գասպարյանին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքերից բնեղենով առանձնացնել վերջինիս բաժնեմասը:

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Գ. Խաչատրյան) (այսուհետ` Դատարան) 07.11.2018 թվականի վճռով հաստատվել է Ալեքս Գասպարյանի (ում անունից որպես օրինական ներկայացուցիչ հանդես է եկել Վարդուհի Մկրտչյանը) և Անահիտ Մնացականյանի միջև կնքված հաշտության համաձայնությունը:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 15.03.2019 թվականի որոշմամբ գործին մասնակից չդարձված անձ Վալտեր Մարությանի ներկայացուցչի վերաքննիչ բողոքը մերժվել է և Դատարանի 07.11.2018 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել գործին մասնակից չդարձված անձ Վալտեր Մարությանի ներկայացուցիչը:

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Անահիտ Մնացականյանի ներկայացուցիչը:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

i

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 61-րդ, 63-րդ հոդվածները, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 406-րդ հոդվածը, իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 33-րդ հոդվածը, չի կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 380-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը, որը պետք է կիրառեր:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Դատարանի կողմից հաստատված հաշտության համաձայնությունը խախտել է բողոքաբերի իրավունքները, այդ թվում` համապատասխան պարտապանից բավարարում ստանալու իրավունքը: Մասնավորապես, ըստ Դատարանի վճռի` կողմերը հաստատել են, որ ցանկացած տեսակի պահանջ, որը ներկայացվել կամ կարող է ներկայացվել երրորդ անձանց կողմից Ալեքս Գասպարյանի դեմ, որպես Մելիք Գասպարյանի իրավահաջորդի, նշված պահանջներից բխող նախկին և հետագա ռիսկերն ու պարտավորությունները կրում է Անահիտ Մնացականյանը` իր միանձնյա սեփական գույքի հաշվին:

Հաշտության համաձայնությունը հաստատելիս Դատարանի համար առկա են եղել առավել քան բավարար հիմքեր տեղեկանալու, որ պարտատերերի պահանջի իրավունքը պարտապանը փորձ է անում փոխանցել այլ անձի` առանց պարտատերերի համաձայնության: Տվյալ դեպքում առանց բողոքաբերի համաձայնության վերջինիս նկատմամբ պարտքը փոխանցվել է այլ` երրորդ անձի, որն անթույլատրելի է, հանդիսանում է էական և կոպիտ խախտում:

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ սույն գործով բողոքաբերը չի տեղեկացել դատական նիստերի և առհասարակ դատաքննության մասին, մասնակից չի դարձել և չի իրացրել մրցակցային դատավարության ընթացքում իր իրավունքները, ինչպես նաև կայացված դատական ակտով խաթարվել է արդարադատության բուն էությունը, կայացվել է օրինական ուժի մեջ մտած դատական ակտի կատարումը բացառող և դրան հակասող վճիռ:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 15.03.2019 թվականի որոշումը և գործն ուղարկել նոր քննության:

 

2.1 Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները.

Վալտեր Մարությանի նկատմամբ Անահիտ Մնացականյանի և Ալեքս Գասպարյանի` օրինական ուժ ստացած դատական ակտով կատարման ենթակա դրամավճարային պարտավորություններն ամբողջությամբ կատարված են և նշված վճռի հիմքով այլևս պարտավորություններ չկան, իսկ վճռաբեկ բողոքում բերված փաստարկն առ այն, որ պարտավորությունը մարված չէ, անհիմն է:

Դատարանի վճռով հաստատված հաշտության համաձայնությունը վերաբերում է Անահիտ Մնացականյանի և Ալեքս Գասպարյանի` որպես Մելիք Գասպարյանի ժառանգների` բացառապես միմյանց միջև իրավահարաբերությունների կարգավորմանը և չի վերաբերում պարտքը միմյանց փոխանցելուն:

Ավելին, սույն գործով հայցվորի և պատասխանողի դրամավճարային պարտավորությունը Վալտեր Մարությանի հանդեպ ամբողջությամբ կատարվել է, հետևաբար` բողոքարկվող դատական ակտը բողոքաբերի իրավունքներին և օրինական շահերին որևէ կերպ չի առնչվում, իսկ ներկայացված վճռաբեկ բողոքն անհիմն է:

Վերաքննիչ դատարանի որոշումը կայացվել է ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ գնահատման արդյունքում, և բողոքաբերը շահագրգիռ անձ չի հանդիսանում նշված դատական ակտը բողոքարկելու համար:

Վերոգրյալի հիման վրա բողոքի պատասխան բերած անձը խնդրել է Վերաքննիչ դատարանի 15.03.2019 թվականի որոշման դեմ բերված վճռաբեկ բողոքը մերժել ամբողջությամբ:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1) Թիվ ԵԿԴ/0815/02/14 քաղաքացիական գործով Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Է. Ավետիսյան) 21.12.2016 թվականի վճռով` Վալտեր Մարությանի հայցն ընդդեմ Անահիտ Մնացականյանի, Ալեքս Գասպարյանի, վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջ ներկայացնող երրորդ անձինք` Աննա Առաքելյանի (Մարությանի), Լեյլա Գեորկյան-Բաբայանի` գումարի բռնագանձման պահանջի մասին, բավարարվել է: Վճռվել է` պատասխանողներ Անահիտ Մնացականյանից և Ալեքս Գասպարյանից բռնագանձել 145.948.000 ՀՀ դրամ (հատոր 3-րդ, գ.թ. 38-57).

2) Հարկադիր կատարումն ապահովող ծառայության Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ բաժնի ավագ հարկադիր կատարող Կ. Մարգարյանի «Հարկադիր էլեկտրոնային աճուրդը չկայացած համարելու մասին» 08.02.2019 թվականի որոշման համաձայն` 01.12.2017 թվականին տրված թիվ ԵԿԴ/0815/02/14 կատարողական թերթերի համաձայն` Անահիտ Մնացականյանից և Ալեքս Գասպարյանից հօգուտ Վալտեր Մարությանի պետք է բռնագանձել 145.948.000 ՀՀ դրամ, ինչպես նաև նախապես վճարված 400.000 ՀՀ դրամի չափով պետական տուրքի գումարը: Նույն որոշմամբ որոշվել է` չկայացած համարել 04.02.2019 թվականի հարկադիր էլեկտրոնային աճուրդը (հատոր 3-րդ, գ.թ. 104).

3) Դատարանի 07.11.2018 թվականի վճռով հաստատվել է Ալեքս Գասպարյանի օրինական ներկայացուցիչ Վարդուհի Մկրտչյանի և Անահիտ Մնացականյանի միջև (այսուհետ` Կողմեր) կնքված հաշտության համաձայնությունը, որի 1-ին կետի համաձայն` Կողմերը համաձայնվել են Կողմերի ընդհանուր բաժնային սեփականությունը հանդիսացող անշարժ գույքերը բաժնային սեփականության մասնակից հանդիսացող Կողմերի միջև բաժանել 90/10 համամասնությամբ:

Հաշտության համաձայնության 3-րդ կետի համաձայն` նույն համաձայնության 1-ին կետում նշված անշարժ գույքերի առնչությամբ Կողմերի իրավանախորդ` կառուցապատող Մելիք Գասպարյանի հետ պայմանագրային հարաբերություն ունեցած երրորդ անձանց (գերակա հանրային շահ ճանաչված տարածքի իրացվողներ, նախնական գնորդներ, կապալառուներ, մատակարարներ կամ այլ սուբյեկտներ) հավակնություններից ու պահանջներից բխող նախկին և հետագա ռիսկերն ու պարտավորությունները (վճարումների վերադարձման, տարածքի տրամադրման իրավաչափ պարտավորության կատարման, տուժանքի վճարման, վնասի հատուցման, հարկային պարտավորությունների կամ որևէ այլ տեսակի վճարների կատարման պարտականությունը) կրում է պատասխանող Անահիտ Մնացականյանն իր միանձնյա սեփական գույքի հաշվին:

Հաշտության համաձայնության 4-րդ կետը շարադրվել է հետևյալ կերպ. «սույն հաշտության համաձայնության հիման վրա Կողմերը հաստատում են, ցանկացած տեսակի պահանջ, որը ներկայացվել կամ կարող է ներկայացվել երրորդ անձանց կողմից Ալեքս Գասպարյանի դեմ, որպես Մելիք Գասպարյանի իրավահաջորդի, նշված պահանջներից բխող նախկին և հետագա ռիսկերն ու պարտավորությունները կրում է Անահիտ Մնացականյանն իր միանձնյա սեփական գույքի հաշվին» (հատոր 2-րդ, գ.թ. 55-59).

3) Վալտեր Մարությանի ներկայացուցչի կողմից 20.12.2018 թվականին ներկայացված վերաքննիչ բողոքում Դատարանի վճիռը բողոքարկվել է, ի թիվս այլնի, հետևյալ հիմքի և հիմնավորումների սահմաններում.

- Դատարանի կողմից հաստատված հաշտության համաձայնությունը խախտել է Վալտեր Մարությանի իրավունքները, այդ թվում` Ալեքս Գասպարյանից բավարարում ստանալու իրավունքը: Մասնավորապես, ըստ Դատարանի վճռի` կողմերը հաստատել են, որ ցանկացած տեսակի պահանջ, որը ներկայացվել կամ կարող է ներկայացվել երրորդ անձանց կողմից Ալեքս Գասպարյանի դեմ, որպես Մելիք Գասպարյանի իրավահաջորդի, նշված պահանջներից բխող նախկին և հետագա ռիսկերն ու պարտավորությունները կրում է Անահիտ Մնացականյանն իր միանձնյա սեփական գույքի հաշվին:

Տվյալ դեպքում առանց բողոքաբերի համաձայնության վերջինիս նկատմամբ պարտքը փոխանցվել է այլ երրորդ անձի, որն անթույլատրելի է, հանդիսանում է էական և կոպիտ խախտում (հատոր 3-րդ, գ.թ. 34-36):

 

3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.

 

i

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 406-րդ հոդվածի, 17.06.1998 թվականին ընդունված, 01.01.1999 թվականին ուժի մեջ մտած և 09.04.2018 թվականին ուժը կորցրած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 33-րդ հոդվածի խախտման հետևանքով առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

Սույն վճռաբեկ բողոքի քննության շրջանակում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ այն հարցին, թե արդյո՞ք դատարանը կարող է հաստատել կողմերի գույքային իրավունքների փոփոխություններ նախատեսող հաշտության համաձայնությունը` առանց հաշտության համաձայնության կողմի նկատմամբ պահանջի իրավունք ունեցող պարտատիրոջը գործին մասնակից դարձնելու:

Վճռաբեկ դատարանը, նկատի ունենալով, որ սույն գործով հաշտության համաձայնությունը Դատարանի կողմից հաստատվել է 17.06.1998 թվականին ընդունված, 01.01.1999 թվականին ուժի մեջ մտած և 09.04.2018 թվականին ուժը կորցրած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի (այսուհետ` Նախկին օրենսգիրք) վերաբերելի իրավակարգավորումների կիրառմամբ, հարկ է համարում բողոքում բարձրացված հարցադրմանն անդրադառնալ նշված կարգավորումների համատեքստում:

Այսպես` Նախկին օրենսգրքի 33-րդ հոդվածի համաձայն`

1. Կողմերը դատավարության ցանկացած փուլում կարող են գործն ավարտել հաշտության համաձայնությամբ:

2. Կողմերի միջև կայացված հաշտության համաձայնությունը ձևակերպվում է գրավոր:

3. Դատարանը, նախքան հաշտության համաձայնությունը հաստատելը, կողմերին պարզաբանում է դրա դատավարական հետևանքները:

4. Դատարանը չի հաստատում հաշտության համաձայնությունը, եթե այն հակասում է օրենքին և այլ իրավական ակտերին կամ խախտում է այլ անձանց իրավունքները և օրինական շահերը: Այդ դեպքերում դատարանը վեճը քննում է ըստ էության:

Վերլուծելով վերոգրյալ իրավանորմը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Նախկին օրենսգրքի գործողության ժամանակահատվածում կողմերը դատավարության ցանկացած փուլում կարող էին կնքել գրավոր ձևակերպված հաշտության համաձայնություն: Օրենսդիրն իմպերատիվ կերպով ամրագրել էր դատարանի պարտականությունն առ այն, որ ներկայացված հաշտության համաձայնությունը կարող էր հաստատվել միայն կողմերին` դրա դատավարական հետևանքները պարզաբանելուց հետո: Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դատարանը լիազորված էր չհաստատելու ներկայացված հաշտության համաձայնությունը, եթե`

1. այն հակասում էր օրենքին և այլ իրավական ակտերին,

2. խախտում էր այլ անձանց իրավունքները և օրինական շահերը:

Վճռաբեկ դատարանի գնահատմամբ` հաշտության համաձայնություն ներկայացվելու դեպքում` դատարանը նախ և առաջ պետք է ստուգեր դրա բովանդակությունը, դրանում առկա դրույթների համապատասխանությունն օրենքին և այլ իրավական ակտերին: Այնուհետև, պետք է պարզեր, թե որքանով են հաշտության համաձայնության մեջ տեղ գտած դրույթներն առնչվում այլ անձանց իրավունքներին և օրինական շահերին, և արդյոք հաշտության համաձայնությունը խախտում էր այլ անձանց իրավունքները և օրինական շահերը:

Վճռաբեկ դատարանը փաստում է, որ վերոգրյալ երկու դեպքերից թեկուզ և մեկի առկայության դեպքում դատարանը պետք է չհաստատեր ներկայացված հաշտության համաձայնությունը և վեճը քններ ըստ էության:

Վճռաբեկ դատարանը բողոքում բարձրացված հարցադրմանը պատասխանելու համար միաժամանակ հարկ է համարում անդրադառնալ պարտավորական իրավահարաբերություն- ներում պարտապանի անձի փոփոխության առանձնահատկություններին:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 406-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` պարտապանը կարող է իր պարտքն այլ անձի փոխանցել միայն պարտատիրոջ համաձայնությամբ, բացառությամբ «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, «Ապահովված հիփոթեքային պարտատոմսերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված դեպքերի:

i

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ արձանագրել է, որ պարտավորության մեջ անձերի փոփոխության դեպքում պարտավորությունը չի դադարում, այլ տեղի է ունենում սուբյեկտիվ իրավունքների և պարտականությունների փոխանցում մեկ անձից մյուսին: Այսպես, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 406-րդ հոդվածի հիմքով օրենսդիրը հնարավորություն է ընձեռել պարտապանին իր պարտքն այլ անձի փոխանցելով` դուրս գալ պարտավորություններից և իր փոխարեն ներգրավելու պարտավորության մեջ այլ անձի: Միաժամանակ, հաշվի առնելով այն փաստը, որ պարտատիրոջ համար էական և կարևոր է այն հանգամանքը, թե ով է ստանձնելու պարտավորությունը պատշաճ կատարելու պարտականությունը, պարտքի փոխանցումն այլ անձի կարող է իրականացվել միայն պարտատիրոջ համաձայնությամբ (տե՛ս, Կարեն Քալանթարյանն ընդդեմ Մուշեղ Շախկուլյանի, երրորդ անձ Մարգարիտ Մարտիրոսյանի թիվ ԱՎԴ/0412/02/13 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 28.11.2014 թվականի որոշումը):

Վերահաստատելով վերոգրյալ իրավական դիրքորոշումները` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ օրենսդրի կողմից պարտապանի համար պարտատիրոջ համաձայնությունն ստանալու պարտադիր պահանջ նախատեսելու հիմքում դրվել է այն հանգամանքը, որ պարտատիրոջ համար էական է, թե արդյոք նոր պարտապանն ունակ է լինելու կատարել իր` պարտատիրոջ հանդեպ ձեռք բերվող պարտավորությունը:

Այսպիսով` պարտավորության մեջ պարտքի փոխանցում կարող է տեղի ունենալ միայն պարտատիրոջ համաձայնության առկայության դեպքում, իսկ այդպիսի փոխանցում նախատեսող հաշտության համաձայնության հաստատումը` առանց պարտատիրոջը գործին մասնակից դարձնելու և նրանց համաձայնությունը ստանալու, հանգեցնում է պարտատիրոջ իրավունքների խախտման:

Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ թիվ ԵԿԴ/0815/02/14 քաղաքացիական գործով Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 21.12.2016 թվականի վճռով Վալտեր Մարությանի հայցն ընդդեմ Անահիտ Մնացականյանի, Ալեքս Գասպարյանի, վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջ ներկայացնող երրորդ անձինք Աննա Առաքելյանի (Մարությանի), Լեյլա Գեորկյան-Բաբայանի` գումարի բռնագանձման պահանջի մասին, բավարարվել է: Վճռվել է` պատասխանողներ Անահիտ Մնացականյանից և Ալեքս Գասպարյանից բռնագանձել 145.948.000 ՀՀ դրամ:

Հարկադիր կատարումն ապահովող ծառայության Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ բաժնի ավագ հարկադիր կատարող Կ. Մարգարյանի «Հարկադիր էլեկտրոնային աճուրդը չկայացած համարելու մասին» 08.02.2019 թվականի որոշման համաձայն` 01.12.2017 թվականին տրված թիվ ԵԿԴ/0815/02/14 կատարողական թերթերի համաձայն` Անահիտ Մնացականյանից և Ալեքս Գասպարյանից հօգուտ Վալտեր Մարությանի պետք է բռնագանձել 145.948.000 ՀՀ դրամ, ինչպես նաև նախապես վճարված 400.000 ՀՀ դրամի չափով պետական տուրքի գումարը: Նույն որոշմամբ որոշվել է` չկայացած համարել 04.02.2019 թվականի հարկադիր էլեկտրոնային աճուրդը:

Սույն գործով դատարան ներկայացված հայցադիմումով Ալեքս Գասպարյանի օրինական ներկայացուցիչ Վարդուհի Մկրտչյանը պահանջել է ընդհանուր գույքից առանձնացնել Ալեքս Գասպարյանի բաժնեմասը:

Դատարանը 07.11.2018 թվականի վճռով հաստատել է Կողմերի միջև կնքված հաշտության համաձայնությունը, որի 1-ին կետի համաձայն` Կողմերը համաձայնվել են Կողմերի ընդհանուր բաժնային սեփականությունը հանդիսացող անշարժ գույքերը բաժնային սեփականության մասնակից հանդիսացող Կողմերի միջև բաժանել 90/10 համամասնությամբ: Նշված հաշտության համաձայնության 3-րդ կետի համաձայն` նույն համաձայնության 1-ին կետում նշված անշարժ գույքերի առնչությամբ Կողմերի իրավանախորդ` կառուցապատող Մելիք Գասպարյանի հետ պայմանագրային հարաբերություն ունեցած երրորդ անձանց (գերակա հանրային շահ ճանաչված տարածքի իրացվողներ, նախնական գնորդներ, կապալառուներ, մատակարարներ կամ այլ սուբյեկտներ) հավակնություններից ու պահանջներից բխող նախկին և հետագա ռիսկերն ու պարտավորությունները (վճարումների վերադարձման, տարածքի տրամադրման իրավաչափ պարտավորության կատարման, տուժանքի վճարման, վնասի հատուցման, հարկային պարտավորությունների կամ որևէ այլ տեսակի վճարների կատարման պարտականությունը) կրում է պատասխանող Անահիտ Մնացականյանն իր միանձնյա սեփական գույքի հաշվին, իսկ 4-րդ կետի համաձայն` Կողմերը հաստատել են, որ ցանկացած տեսակի պահանջ, որը ներկայացվել կամ կարող է ներկայացվել երրորդ անձանց կողմից Ալեքս Գասպարյանի դեմ, որպես Մելիք Գասպարյանի իրավահաջորդ, նշված պահանջներից բխող նախկին և հետագա ռիսկերն ու պարտավորությունները կրում է Անահիտ Մնացականյանն իր միանձնյա սեփական գույքի հաշվին:

Վերաքննիչ դատարանը մերժել է գործին մասնակից չդարձված անձ Վալտեր Մարությանի վերաքննիչ բողոքը և Դատարանի 07.11.2018 թվականի վճիռը թողել է անփոփոխ` պատճառաբանելով, որ Դատարանի վճիռն առնչվում է բացառապես այդ գործով հայցվորի ու պատասխանողի իրավունքներին ու պարտականություններին, քանի որ վճռով հաստատված հաշտության համաձայնությամբ համատեղ սեփականատերերի միջև գույքը բաժանվել է նրանց միջև: Միևնույն ժամանակ Վերաքննիչ դատարանը նշել է, որ Պարտապանի նկատմամբ պահանջի առկայությունն ինքնին չի նշանակում, որ պարտապանը զրկվում է իր գույքը կառավարելու իրավունքից, հակառակ պարագայում պարտավորության առկայությունն ընդհանրապես կզրկի պարտապանին իր գույքի կառավարման որևէ իրավունքից, այսինքն` սույն գործով կայացված դատական ակտը չի առնչվում բողոքաբերի իրավունքներին և պարտականություններին: Ինչ վերաբերում է պարտքն առանց պահանջատիրոջ համաձայնության փոխանցելու` վերաքննիչ բողոքի փաստարկին, ապա (...) ինչպես ցանկացած գործարք, այնպես էլ հաշտության համաձայնագիրն իրավունքներ ու պարտականություններ է առաջացնում այն ստորագրած անձանց համար, հետևաբար` Վարդուհի Մկրտչյանի և Անահիտ Մնացականյանի միջև կնքված և դատական կարգով հաստատված հաշտության համաձայնությունն իրավունքներ ու պարտականություններ կարող է առաջացնել բացառապես նրանց համար:

Վերոգրյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո անդրադառնալով սույն գործի փաստերին և գնահատելով Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությունը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.

i

Վճռաբեկ դատարանի գնահատմամբ` Դատարանը, հաստատելով հաշտության համաձայնությունը, փաստացի թույլ է տվել պարտքի փոխանցում` առանց ստանալու պարտատիրոջ` Վալտեր Մարությանի համաձայնությունը, ինչը հաստատվում է հաշտության համաձայնության 3-րդ և 4-րդ կետերով: Ավելին, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Ալեքս Գասպարյանի պարտատեր Վալտեր Մարությանը սույն գործին մասնակից չի դարձվել, մինչդեռ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 406-րդ հոդվածով հստակ սահմանվել է, որ պարտապանը կարող է իր պարտքն այլ անձի փոխանցել միայն պարտատիրոջ համաձայնությամբ:

Վճռաբեկ դատարանն անհիմն է գնահատում Վերաքննիչ դատարանի այն եզրահանգումը, որ հաստատված հաշտության համաձայնությունը չի առնչվում Վալտեր Մարությանի իրավունքներին և օրինական շահերին: Նշված դատողության համար Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում թիվ ԵԿԴ/0815/02/14 քաղաքացիական գործով 21.12.2016 թվականին կայացված և օրինական ուժի մեջ մտած վճիռը, որով պահանջատեր Վալտեր Մարությանի օգտին 145.948.000 ՀՀ դրամի չափով պարտապաններ են հանդիսանում Անահիտ Մնացականյանը և Ալեքս Գասպարյանը, հետևաբար Ալեքս Գասպարյանի պարտքը չէր կարող փոխանցվել մյուս պարտապան Անահիտ Մնացականյանին` առանց պարտատիրոջ համաձայնության: Այնինչ, Դատարանը, թիվ ԵԿԴ/0815/02/14 քաղաքացիական գործով 21.12.2016 թվականին կայացված և օրինական ուժի մեջ մտած վճռով պահանջատեր Վալտեր Մարությանին մասնակից չդարձնելով սույն գործի քննությանը, Անահիտ Մնացականյանի և Ալեքս Գասպարյանի միջև հաստատել է հաշտության համաձայնություն, դրանով իսկ ազդելով Վալտեր Մարությանի իրավունքների և պարտականությունների վրա:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Դատարանի վճիռը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետի հիմքով, որը սահմանում է, որ դատական ակտը բոլոր դեպքերում ենթակա է բեկանման, եթե դատական ակտն ազդում է գործին մասնակից չդարձված անձանց իրավունքների և պարտականությունների վրա, (...), ենթակա էր բեկանման, ինչն անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից:

Վճռաբեկ բողոքի պատասխանում նշված փաստարկները հերքվում են վերոնշյալ պատճառաբանություններով:

i

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու և գործը Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության ուղարկելու համար:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ գլխի կանոններին համապատասխան:

Նկատի ունենալով, որ սույն գործն ուղարկվում է նոր քննության, որպիսի պարագայում դատական ծախսերի բաշխման հարցին հնարավոր չէ անդրադառնալ գործի քննության ներկա փուլում, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դատական ծախսերի բաշխման հարցը ենթակա է լուծման գործի նոր քննության ընթացքում:

i

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ և 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 15.03.2019 թվականի որոշումը և գործն ուղարկել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` նոր քննության:

2. Դատական ծախսերի հարցը լուծել նոր քննության արդյունքում կայացվելիք դատական ակտով:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող և զեկուցող Ռ. Հակոբյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Մ. Դրմեյան

Ե. Խունդկարյան

Գ. Հակոբյան

Ս. Միքայելյան

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

Ն. Տավարացյան

 

Հրապարակման օրը` 24 սեպտեմբերի 2020 թվական:

 

 

pin
Վճռաբեկ դատարան
27.05.2020
N ԵԴ/7060/02/18
Որոշում