Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 48-ՐԴ ԵՎ 5 ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

    ՀՀ վերաքննիչ քաղաքացիական               Քաղաքացիական գործ

    դատարանի որոշում                        թիվ ԵԱԴԴ/3723/02/15

Քաղաքացիական գործ թիվ ԵԱԴԴ/3723/02/15   2020 թ.

Նախագահող դատավոր` Գ. Խանդանյան

    Դատավորներ`        Հ. Ենոքյան

                       Լ. Գրիգորյան

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

նախագահող Ռ. Հակոբյան

զեկուցող Վ. Ավանեսյան

Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Ե. Խունդկարյան

Գ. Հակոբյան

Ս. Միքայելյան

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

Ն. Տավարացյան

 

2020 թվականի հունիսի 29-ին

գրավոր ընթացակարգով քննելով «Կոնվերս Բանկ» ՓԲԸ-ի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 03.05.2018 թվականի որոշման դեմ` ըստ հայցի «Կոնվերս Բանկ» ՓԲԸ-ի (այսուհետ` Բանկ) ընդդեմ Ռոզա Պետրոսյանի, Լևոն Սերգոյանի և Լաուրա Մելքոնյանի (այսուհետ` Համապատասխանողներ)` գումար բռնագանձելու և բռնագանձումը գրավի առարկայի վրա տարածելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Բանկը պահանջել է Ռոզա Պետրոսյանից և Լևոն Սերգոյանից համապարտության կարգով բռնագանձել 53.084 ԱՄՆ դոլար ու 20 ցենտ, ինչպես նաև սկսած 05.10.2015 թվականից մինչև վարկի մնացորդի գումարը` 43.904,97 ԱՄՆ դոլարը, վերադարձնելու օրը հաշվարկել և Ռոզա Պետրոսյանից ու Լևոն Սերգոյանից համապարտության կարգով բռնագանձել պայմանագրի 2.3.2-րդ կետով նախատեսված տարեկան 16 տոկոս տոկոսադրույքը` հաշվարկված վարկի մնացորդի նկատմամբ, պայմանագրի 2.4-րդ կետով նախատեսված տույժերի գումարը` ժամկետանց վարկի 0,1 տոկոսի չափով, և ժամկետանց տոկոսագումարի 0,3 տոկոսի չափով` կետանցի յուրաքանչյուր օրվա համար` բռնագանձումը տարածելով Համապատասխանողներին սեփականության իրավունքով պատկանող` Երևանի Բաշինջաղյան փողոցի 171-րդ շենքի 35-րդ հասցեում գտնվող անշարժ գույքի վրա:

Երևանի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ա. Փիլոսյան) (այսուհետ` Դատարան) 15.09.2017 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն` գումար բռնագանձելու պահանջի մասով, իսկ բռնագանձումը գրավի առարկայի վրա տարածելու պահանջի մասով հայցը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 03.05.2018 թվականի որոշմամբ Բանկի վերաքննիչ բողոքը մերժել է և Դատարանի 15.09.2017 թվականի վճիռը թողել անփոփոխ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Բանկը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

i

Վերաքննիչ դատարանը խախտել է իրավահարաբերության ծագման պահին գործող` 17.06.1998 թվականին ընդունված, 01.01.1999 թվականին ուժի մեջ մտած և 09.04.2018 թվականին ուժը կորցրած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ և 53-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը որոշման հիմքում դրել է այն հանգամանքը, որ կողմերի միջև կնքված գրավի պայմանագիրն առոչինչ է, մինչդեռ Բանկի կողմից հայցադիմումին կից ներկայացվել է Բանկի և Համապատասխանողների միջև կնքված անշարժ գույքի գրավի պայմանագիրը` վավերացված նոտարական կարգով, իսկ Լաուրա Մելքոնյանի և Լևոն Սերգոյանի կողմից հայցադիմումի վերաբերյալ պատասխան չի ներկայացվել, ավելին Ռոզա Պետրոսյանը հայցադիմումի պատասխանով ընդունել է ներկայացված հայցապահանջն ամբողջությամբ` հաստատելով, որ ստացել է վարկային միջոցներ, չի կատարել ստանձնած պարտավորությունները և հօգուտ Բանկի գրավադրել է սեփականության իրավունքով իրեն պատկանող` Երևանի Բաշինջաղյան 171-րդ շենքի 35-րդ բնակարան հասցեում գտնվող անշարժ գույքը:

Այսպիսով` Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Բանկը գրավի առարկայի վրա բռնագանձում տարածելու փաստն ապացուցելու պարտականություն չի ունեցել այն պատճառաբանությամբ, որ այդ փաստն անվիճելի է եղել և ընդունվել է Ռոզա Պետրոսյանի կողմից:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 03.05.2018 թվականի որոշումն ու գործն ուղարկել նոր քննության:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1. 30.11.2012 թվականին Բանկի և Ռոզա Պետրոսյանի միջև կնքվել է շարժական գույքի գրավով ապահովված վարկային քարտերի տրամադրման թիվ 369031 պայմանագիր, որով Բանկը տրամադրել է 55.971 ԱՄՆ դոլար վարկ` տարեկան 16 տոկոս տոկոսադրույքով, մինչև 15.11.2017 թվականը մարման ժամկետով (հատոր 1-ին, գ.թ. 15-18):

2. Ի ապահովումն 30.11.2012 թվականին Բանկի և Ռոզա Պետրոսյանի միջև կնքված թիվ 369031 պայմանագրով Ռոզա Պետրոսյանի ստանձնած վարկային պարտավորությունների կատարման` 30.11.2012 թվականին Բանկի (Գրավառու) և Ռոզա Պետրոսյանի, Լևոն Սերգոյանի ու Լաուրա Մելքոնյանի (Գրավատուներ) միջև կնքվել է անշարժ գույքի գրավի թիվ NIC279154 պայմանագիրը, որի 1.1-րդ կետի համաձայն` Բանկի հանդեպ Ռոզա Պետրոսյանի ստանձնած պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում Բանկն իրավունք ունի Ռոզա Պետրոսյանի նկատմամբ իր պահանջները բավարարել Պայմանագրի 1.2-րդ կետում նշված անշարժ գույքի հաշվին: Պայմանագրի 1.2-րդ կետի համաձայն` գրավի առարկա է Երևանի Բաշինջաղյան փողոցի 171-րդ շենքի 35-րդ բնակարան հասցեում գտնվող 75,7 քմ մակերեսով անշարժ գույքը: Պայմանագրի 1.3-րդ կետի համաձայն` գրավի առարկան սեփականության իրավունքով պատկանում է Գրավատուներին: Նշված պայմանագիրը վավերացվել է նոտարական կարգով (հատոր 1-ին, գ.թ. 19-22):

3. Փոստային առաքմամբ 02.02.2016 թվականին Դատարան ներկայացված հայցադիմումի պատասխանով Ռոզա Պետրոսյանը հայտնել է. «30.11.2012 թվականին իր և «Կոնվերս Բանկ» ՓԲ ընկերության միջև կնքվել է թիվ 360931 շարժական գույքի գրավով ապահովված վարկային քարտերի տրամադրման պայմանագիրը, համաձայն որի` Բանկն իրեն տրամադրել է 55.971 ԱՄՆ դոլար գումար վարկ, 16 տոկոս տոկոսադրույքով, մարման վերջնաժամկետ սահմանելով 15.11.2011 թվականը: Ժամկետանց վարկի նկատմամբ մինչև դրա ամբողջական մարումը սահմանվել է օրական 0,1 տոկոս տոկոսադրույք, իսկ ժամկետանց տոկոսագումարների համար` 0,3 տոկոսի չափով տույժ: Որպես վարկային պարտավորության կատարման ապահովման միջոց կնքվել են թիվ NIC279159 շարժական գույքի գրավի պայմանագիրը, համաձայն որի` հօգուտ Բանկի գրավադրել է պատասխանողներին սեփականության իրավունքով պատկանող BYD-F3-GX-1 մակնիշի թվով 4 ավտոմեքենաներ, թիվ NIC279154 անշարժ գույքի գրավի պայմանագիրը, համաձայն որի` հօգուտ Բանկի գրավադրել է սեփականության իրավունքով պատասխանողներին պատկանող` ՀՀ, Երևան քաղաքի, Աջափնյակ, Բաշինջաղյան 171-րդ շենքի թիվ 35 բնակարանը, թիվ N 338798 սեփականության իրավունքով պատկանող գույքով և դրամական միջոցներով երաշխավորության մասին պայմանագիրը, համաձայն որի` պարտավորվել է բանկային հաշիվներին առկա դրամական միջոցներով, ինչպես նաև սեփականության իրավունքով իրեն պատկանող ամբողջ գույքով համապարտ պատասխանատվություն կրել Բանկի առջև»: Ռոզա Պետրոսյանը Դատարանից խնդրել է Բանկի հայցը բավարարելու դեպքում տրամադրել ժամկետ` վարկային պարտավորությունները կատարելու և Բանկի հետ բանակցություններ վարելու համար (հատոր 1-ին, գ.թ. 42-44):

4. Բանկի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքին կից ներկայացվել է 05.12.2012 թվականին տրված անշարժ գույքի նկատմամբ գրավի իրավունքի պետական գրանցման վկայականը, համաձայն որի` Երևանի Բաշինջաղյան փողոցի թիվ 171 շենքի 35-րդ բնակարանի նկատմամբ գրանցվել է Բանկի գրավի իրավունքը (հատոր 2-րդ, գ.թ. 44):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

 

i

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում այն հիմնավորմամբ, որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ և 53-րդ հոդվածների խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը:

Վերոգրյալով պայմանավորված` Վճռաբեկ դատարանը սույն որոշմամբ անհրաժեշտ է համարում կրկին անդրադառնալ գործին մասնակցող անձի կողմից այն փաստերն ապացուցելու պարտականությանը, որոնք գործին մասնակցող մյուս անձինք ընդունում են դատարան ներկայացված դատավարական փաստաթղթերով:

Իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գործին մասնակցող յուրաքանչյուր անձ պետք է ապացուցի իր վկայակոչած փաստերը:

Իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 52-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` հանրահայտ հանգամանքներն ապացուցման կարիք չունեն: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` նախկինում քննված` քաղաքացիական գործով օրինական ուժի մեջ մտած դատարանի վճռով հաստատված հանգամանքները նույն անձանց միջև դատարանում այլ գործ քննելիս կրկին չեն ապացուցվում, իսկ նույն հոդվածի 3-րդ կետի համաձայն` քրեական գործով օրինական ուժի մեջ մտած դատավճիռը պարտադիր է դատարանի համար միայն այն փաստերով, ըստ որոնց հաստատված են որոշակի գործողություններ և դրանք կատարած անձինք:

Իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` դատարանի համար որևէ ապացույց նախապես հաստատվածի ուժ չունի, բացառությամբ նույն օրենսգրքի 52-րդ հոդվածով նախատեսված դեպքերի:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկին ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսդրության կարգավորման պայմաններում կայացրած որոշմամբ փաստել է, որ քաղաքացիական գործի քննության արդյունավետությունը մեծապես կախված է այն բանից, թե որքանով է պարզ և հստակ ապացուցման գործընթացը: Այդ գործընթացը հնարավորինս պարզեցնելու, գործին մասնակցող անձանց և դատարանին անհարկի չծանրաբեռնելու նպատակով օրենսդիրը սահմանել է դեպքեր, երբ գործի քննության ընթացքում որոշակի փաստեր որոշակի հանգամանքներում անհրաժեշտ չէ ապացուցել: Դատական պրակտիկայի վերլուծությունը ցույց է տալիս, որ թեև օրենսդրի կողմից իբրև ապացուցելուց ազատվելու հիմքեր սահմանված են հանրահայտ, դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռով և դատավճռով հաստատված փաստերը, սակայն դատարաններն իրավացիորեն ապացուցման կարիք չունեցող փաստերի շարքին են դասում նաև այսպես կոչված «անվիճելի փաստերը»: Դրանք գործին մասնակցող անձանց կողմից վկայակոչված, գործի լուծման համար նշանակություն ունեցող այն փաստերն են, որոնք գործին մասնակցող մյուս անձինք ընդունում են դատարան ներկայացված դատավարական փաստաթղթերով, դատական նիստի ընթացքում արված հայտարարությամբ, դիրքորոշում հայտնելու կամ ցուցմունք տալու ընթացքում: Գործին մասնակցող անձանց կողմից գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերի ընդունումը կրճատում է ապացուցման ենթակա փաստերի շրջանակը և դատարանին հնարավորություն է տալիս կենտրոնանալու վիճելի փաստերի ապացուցման գործընթացի վրա:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված են որոշակի կանոններ, որոնց պահպանմամբ միայն դատարանները կարող են անվիճելի փաստերը համարել հաստատված և գործին մասնակցող անձանց ազատել ապացուցման պարտականությունից: Մասնավորապես` իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` գործին մասնակցող անձի կողմից այն փաստն ընդունելը, որի միջոցով մյուս անձը հիմնավորում է իր պահանջները կամ առարկությունները, պարտադիր չէ դատարանի համար: Դատարանը կարող է ընդունված փաստը համարել հաստատված, եթե կասկածներ չկան, որ դա համապատասխանում է գործի հանգամանքներին, և կողմն այն չի ընդունել խաբեության, բռնության, սպառնալիքի, մոլորության ազդեցության տակ, մեկ կողմի ներկայացուցչի հետ մյուս կողմի չարամիտ համաձայնության հետևանքով կամ ճշմարտությունը թաքցնելու նպատակով: ՀՀ վճռաբեկ դատարանի գնահատմամբ գործին մասնակցող անձինք չեն կարող ազատվել անվիճելի փաստերն ապացուցելու պարտականությունից նաև այն դեպքերում, երբ այդ փաստերը կարող են հաստատվել միայն ապացույցի որոշակի տեսակներով և նման ապացույցներ գործում առկա չեն, ինչպես նաև այն դեպքերում, երբ այդ փաստերի հաստատումը, բացի անվիճելի փաստերը վկայակոչած և դրանք ընդունած գործին մասնակցող անձանցից, կարող է ազդել նաև այլ անձանց իրավունքների և պարտականությունների վրա: Հարկ է նշել, որ բոլոր դեպքերում գործի փաստերն անվիճելիների շարքին դասելու, դրանք ապացուցման առարկայից հանելու և ի վերջո` հաստատված համարելու և գնահատելու գործառույթները բացառապես վերապահված են դատարանին, որը դրանք պետք է իրականացնի սահմանված դատավարական իրավակարգավորումներին համապատասխան: Այսպիսով, ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ վերոշարադրյալ դատավարական կանոնների պահպանմամբ դատարանը գործին մասնակցող անձանց կարող է ազատել գործին մասնակցող մյուս անձանց կողմից չվիճարկվող փաստերն ապացուցելու պարտականությունից և այդ փաստերը համարել ապացուցված (տե՛ս, Արա Բաղդասարյանն ընդդեմ Նարինե Հակոբյանի և մյուսների թիվ ԵԷԴ/0985/02/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 07.04.2017 թվականի որոշումը):

i

Ընդ որում, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ 09.02.2018 թվականին ընդունված և 09.04.2018 թվականին ուժի մեջ մտած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 61-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանվել է, որ գործին մասնակցող անձն ազատվում է գործի լուծման համար նշանակություն ունեցող այն փաստերն ապացուցելու պարտականությունից, որոնք գործին մասնակցող մյուս անձինք ընդունում են առաջին ատյանի դատարան ներկայացված դատավարական փաստաթղթով, դատական նիստի ընթացքում արված հայտարարությամբ, դիրքորոշում հայտնելու կամ ցուցմունք տալու ընթացքում (անվիճելի փաստեր), բացառությամբ այն դեպքի, երբ դատարանը գտնում է, որ`

1) առկա են ողջամիտ կասկածներ, որ փաստն ընդունվում է խաբեության, բռնության, սպառնալիքի, մոլորության ազդեցության տակ, մեկ կողմի ներկայացուցչի հետ մյուս կողմի չարամիտ համաձայնության հետևանքով, ճշմարտությունը թաքցնելու կամ ոչ իրավաչափ գործողություններ քողարկելու նպատակով.

2) այդ փաստը կարող է հաստատվել միայն օրենքով կամ այլ իրավական ակտով սահմանված որոշակի ապացույցով.

3) այդ փաստի հաստատումն անխուսափելիորեն ազդում է գործին չմասնակցող անձի` գործին մասնակցող անձանցից որևէ մեկի նկատմամբ ունեցած իրավունքների կամ պարտականությունների վրա:

Սույն գործի փաստերի համաձայն` ի ապահովումն 30.11.2012 թվականին Բանկի և Ռոզա Պետրոսյանի միջև կնքված վարկային պայմանագրով Ռոզա Պետրոսյանի ստանձնած պարտավորությունների կատարման` 30.11.2012 թվականին գրավառու Բանկի և գրավատուներ Ռոզա Պետրոսյանի, Լևոն Սերգոյանի ու Լաուրա Մելքոնյանի միջև կնքվել է անշարժ գույքի գրավի պայմանագիր, որով Բանկի հանդեպ Ռոզա Պետրոսյանի ստանձնած պարտավորությունների կատարման ապահովման համար գրավադրվել է Երևանի Բաշինջաղյան փողոցի 171-րդ շենքի 35-րդ բնակարանը: Նշված պայմանագիրը վավերացվել է նոտարական կարգով: Դատարանում գործի քննության ընթացքում չի ներկայացվել ապացույց առ այն, որ գրավի պայմանագրից ծագող իրավունքները ստացել են պետական գրանցում, սակայն Ռոզա Պետրոսյանը Դատարան ներկայացված հայցադիմումի պատասխանով ընդունել է հայցը, ինչպես նաև վերոնշյալ անշարժ գույքը գրավադրված լինելու փաստը:

Դատարանը, մերժելով Բանկի պահանջը` բռնագանձումը գրավի առարկայի վրա տարածելու պահանջի մասին, պատճառաբանել է, որ Բանկն ապացույց չի ներկայացրել գրավի պայմանագրից ծագող իրավունքների պետական գրանցման վերաբերյալ, ուստի գրավի պայմանագիրն առոչինչ է և չի կարող որևէ իրավական հետևանքներ առաջացնել:

Վերաքննիչ դատարանը, Դատարանի վճիռը թողնելով անփոփոխ, գտել է, որ Դատարանը հանգել է հիմնավոր եզրահանգման, քանի որ Բանկն ապացույց չի ներկայացրել գրավի պայմանագրից ծագող իրավունքների պետական գրանցման վերաբերյալ, հետևաբար գրավի պայմանագիրը չի կարող համարվել վավեր գործարք: Ինչ վերաբերում է վերաքննիչ բողոքին կից ներկայացված Բանկի գրավի իրավունքի պետական գրանցման վկայականի պատճենին, ապա Բանկը չի հիմնավորել այն Դատարանում ներկայացնելու անհնարինությունը:

Սույն որոշմամբ արտահայտած իրավական դիրքորոշումների լույսի ներքո անդրադառնալով Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությանը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ անհիմն է Վերաքննիչ դատարանի այն հետևությունը, որ գրավի պայմանագրից ծագող իրավունքները պետական գրանցում ստացած լինելու փաստը հայցվորի կողմից չապացուցվելու պայմաններում գրավի պայմանագիրն առոչինչ է, քանի որ սույն գործով նախ և առաջ անհրաժեշտ է պարզել, թե արդյոք պայմանագրից ծագող իրավունքների պետական գրանցում ստանալու փաստը վիճելի է, թե` ոչ:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ որպես կանոն պետական գրանցում ստանալու փաստը կարող է հաստատվել օրենքով սահմանված թույլատրելի ապացույցով` իրավունքի պետական գրանցման վկայականով` նկատի ունենալով, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 301-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` անշարժ գույքի հետ կատարվող գործարքներից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման: Վճռաբեկ դատարանի գնահատմամբ նման իրավունքների գրանցման կապակցությամբ վեճ առաջանալու դեպքում կիրառելի է ապացույցների թույլատրելիության կանոնն այն մասին, որ գործի հանգամանքները, որոնք օրենքի կամ այլ իրավական ակտերի համաձայն պետք է հաստատվեն միայն որոշակի ապացույցներով, չեն կարող հաստատվել այլ ապացույցներով:

Այդուհանդերձ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով վեճ առկա չէ անշարժ գույքի գրավի պայմանագրից ծագող իրավունքի պետական գրանցման հանգամանքի վերաբերյալ, քանի որ Ռոզա Պետրոսյանը չի վիճարկել այն, և ավելին` Դատարան ներկայացված հայցադիմումի պատասխանով վերջինս ընդունել է ոչ միայն հայցը, այլ նաև անշարժ գույքի գրավադրված լինելու փաստը: Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը փաստում է, որ սույն գործով չկա վեճ 30.11.2012 թվականի անշարժ գույքի գրավի թիվ NIC279154 պայմանագրից ծագող իրավունքի պետական գրանցման հանգամանքի վերաբերյալ:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Բանկը խնդրել է գործը քննել իր բացակայությամբ: Դատարանը բավարարել է Բանկի միջնորդությունը` գործն իր բացակայությամբ քննելու մասին, և հետազոտել է գործում առկա ապացույցները, գործի քննությունը համարել է ավարտված և վճռի հրապարակման օր է նշանակել 15.09.2017 թվականը: Դատարանը 15.09.2017 թվականի վճռով մերժել է Բանկի պահանջը` բռնագանձումը գրավի առարկայի վրա տարածելու մասով, պատճառաբանելով, որ Բանկն ապացույց չի ներկայացրել գրավի պայմանագրից ծագող իրավունքների պետական գրանցման վերաբերյալ, ուստի գրավի պայմանագիրն առոչինչ է և չի կարող որևէ իրավական հետևանքներ առաջացնել:

Մինչդեռ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով 22.09.2016 թվականին դատական նիստի ժամանակ որոշվել են ապացուցման ենթակա փաստերը, ինչպես նաև կատարվել է ապացուցման բեռի բաշխում, մինչդեռ Բանկը հնարավորություն չի ունեցել ծանոթանալու, թե ինչ ապացուցման բեռ է դրվել իր վրա, ներառյալ` Բանկի և Ռոզա Պետրոսյանի, Լևոն Սերգոյանի ու Լաուրա Մելքոնյանի միջև կնքված անշարժ գույքի գրավի պայմանագրից բխող իրավունքի պետական գրանցման փաստն ապացուցելու պարտականության մասին:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը փաստում է, որ սույն գործով հիմնավոր է Բանկի այն փաստարկը, որ 05.12.2012 թվականին տրված անշարժ գույքի նկատմամբ գրավի իրավունքի պետական գրանցման վկայականը, համաձայն որի` Երևանի Բաշինջաղյան փողոցի թիվ 171 շենքի 35-րդ բնակարանի նկատմամբ գրանցվել է Բանկի գրավի իրավունքը, առաջին ատյանի դատարանում գործի քննության ժամանակ չի ներկայացվել իր կամքից անկախ:

i

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 3-րդ մասի հիմքով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու և գործը նոր քննության ուղարկելու համար:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ գլխի կանոններին համապատասխան: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` բողոքարկված դատական ակտը բեկանելու և փոփոխելու դեպքում վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարանը եզրափակիչ դատական ակտով գործին մասնակցող անձանց միջև վերաբաշխում է դատական ծախսերը` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ գլխի կանոնների համաձայն:

Նկատի ունենալով, որ սույն գործն ուղարկվում է նոր քննության, որպիսի պարագայում դատական ծախսերի բաշխման հարցին հնարավոր չէ անդրադառնալ գործի քննության ներկա փուլում, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դատական ծախսերի բաշխման հարցը ենթակա է լուծման գործի նոր քննության ընթացքում:

i

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ և 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 03.05.2018 թվականի որոշումը և գործն ուղարկել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության:

2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող Ռ. Հակոբյան

Զեկուցող Վ. Ավանեսյան

Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Ե. Խունդկարյան

Գ. Հակոբյան

Ս. Միքայելյան

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

Ն. Տավարացյան

 

Հատուկ կարծիք

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատի կողմից թիվ ԵԱԴԴ/3723/02/15 քաղաքացիական գործով 29.06.2020

թվականին կայացված որոշման պատճառաբանական մասի վերաբերյալ

 

29.06.2020 թվական

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան), 29.06.2020 թվականին գրավոր ընթացակարգով քննելով «Կոնվերս Բանկ» ՓԲԸ-ի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 03.05.2018 թվականի որոշման դեմ` ըստ հայցի «Կոնվերս Բանկ» ՓԲԸ-ի (այսուհետ` Բանկ) ընդդեմ Ռոզա Պետրոսյանի, Լևոն Սերգոյանի և Լաուրա Մելքոնյանի (այսուհետ` Համապատասխանողներ)` գումար բռնագանձելու և բռնագանձումը գրավի առարկայի վրա տարածելու պահանջի մասին, Վճռաբեկ դատարանի դատավորների ընդհանուր թվի մեծամասնությամբ որոշել է վճռաբեկ բողոքը բավարարել, բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 03.05.2018 թվականի որոշումը և գործն ուղարկել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության:

i

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի դատավոր Ռուզաննա Հակոբյանս, համաձայն չլինելով վերը նշված որոշման պատճառաբանական մասի հետ, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 9-10-րդ մասերով, շարադրում եմ իմ հատուկ կարծիքը նշված որոշման պատճառաբանական մասի վերաբերյալ:

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Բանկը պահանջել է Ռոզա Պետրոսյանից և Լևոն Սերգոյանից համապարտության կարգով բռնագանձել 53.084 ԱՄՆ դոլար ու 20 ցենտ, ինչպես նաև սկսած 05.10.2015 թվականից մինչև վարկի մնացորդի գումարը` 43.904,97 ԱՄՆ դոլարը, վերադարձնելու օրը հաշվարկել և Ռոզա Պետրոսյանից ու Լևոն Սերգոյանից համապարտության կարգով բռնագանձել պայմանագրի 2.3.2-րդ կետով նախատեսված տարեկան 16 տոկոս տոկոսադրույքը` հաշվարկված վարկի մնացորդի նկատմամբ, պայմանագրի 2.4-րդ կետով նախատեսված տույժերի գումարը` ժամկետանց վարկի 0,1 տոկոսի չափով, և ժամկետանց տոկոսագումարի 0,3 տոկոսի չափով` կետանցի յուրաքանչյուր օրվա համար` բռնագանձումը տարածելով Համապատասխանողներին սեփականության իրավունքով պատկանող` Երևանի Բաշինջաղյան փողոցի 171-րդ շենքի 35-րդ հասցեում գտնվող անշարժ գույքի վրա:

Երևանի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ա. Փիլոսյան) (այսուհետ` Դատարան) 15.09.2017 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն` գումար բռնագանձելու պահանջի մասով, իսկ բռնագանձումը գրավի առարկայի վրա տարածելու պահանջի մասով հայցը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 03.05.2018 թվականի որոշմամբ Բանկի վերաքննիչ բողոքը մերժել է և Դատարանի 15.09.2017 թվականի վճիռը թողել անփոփոխ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Բանկը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ դատարանը բողոքը քննել է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

i

Վերաքննիչ դատարանը խախտել է իրավահարաբերության ծագման պահին գործող` 17.06.1998 թվականին ընդունված, 01.01.1999 թվականին ուժի մեջ մտած և 09.04.2018 թվականին ուժը կորցրած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ և 53-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը որոշման հիմքում դրել է այն հանգամանքը, որ կողմերի միջև կնքված գրավի պայմանագիրն առոչինչ է, մինչդեռ Բանկի կողմից հայցադիմումին կից ներկայացվել է Բանկի և Համապատասխանողների միջև կնքված անշարժ գույքի գրավի պայմանագիրը` վավերացված նոտարական կարգով, իսկ Լաուրա Մելքոնյանի և Լևոն Սերգոյանի կողմից հայցադիմումի վերաբերյալ պատասխան չի ներկայացվել, ավելին Ռոզա Պետրոսյանը հայցադիմումի պատասխանով ընդունել է ներկայացված հայցապահանջն ամբողջությամբ` հաստատելով, որ ստացել է վարկային միջոցներ, չի կատարել ստանձնած պարտավորությունները և հօգուտ Բանկի գրավադրել է սեփականության իրավունքով իրեն պատկանող` Երևանի Բաշինջաղյան 171-րդ շենքի 35-րդ բնակարան հասցեում գտնվող անշարժ գույքը:

Այսպիսով` Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Բանկը գրավի առարկայի վրա բռնագանձում տարածելու փաստն ապացուցելու պարտականություն չի ունեցել այն պատճառաբանությամբ, որ այդ փաստն անվիճելի է եղել և ընդունվել է Ռոզա Պետրոսյանի կողմից:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 03.05.2018 թվականի որոշումն ու գործն ուղարկել նոր քննության:

 

3. Որպես վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստեր Վճռաբեկ դատարանն արձանագրել է հետևյալը.

1. 30.11.2012 թվականին Բանկի և Ռոզա Պետրոսյանի միջև կնքվել է շարժական գույքի գրավով ապահովված վարկային քարտերի տրամադրման թիվ 369031 պայմանագիր, որով Բանկը տրամադրել է 55.971 ԱՄՆ դոլար վարկ` տարեկան 16 տոկոս տոկոսադրույքով, մինչև 15.11.2017 թվականը մարման ժամկետով (հատոր 1-ին, գ.թ. 15-18):

2. Ի ապահովումն 30.11.2012 թվականին Բանկի և Ռոզա Պետրոսյանի միջև կնքված թիվ 369031 պայմանագրով Ռոզա Պետրոսյանի ստանձնած վարկային պարտավորությունների կատարման` 30.11.2012 թվականին Բանկի (Գրավառու) և Ռոզա Պետրոսյանի, Լևոն Սերգոյանի ու Լաուրա Մելքոնյանի (Գրավատուներ) միջև կնքվել է անշարժ գույքի գրավի թիվ NIC279154 պայմանագիր, որի 1.1-րդ կետի համաձայն` Բանկի հանդեպ Ռոզա Պետրոսյանի ստանձնած պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում Բանկն իրավունք ունի Ռոզա Պետրոսյանի նկատմամբ իր պահանջները բավարարել Պայմանագրի 1.2-րդ կետում նշված անշարժ գույքի հաշվին: Պայմանագրի 1.2-րդ կետի համաձայն` գրավի առարկա է Երևանի Բաշինջաղյան փողոցի 171-րդ շենքի 35-րդ բնակարան հասցեում գտնվող 75,7 քմ մակերեսով անշարժ գույքը: Պայմանագրի 1.3-րդ կետի համաձայն` գրավի առարկան սեփականության իրավունքով պատկանում է Գրավատուներին: Նշված պայմանագիրը վավերացվել է նոտարական կարգով (հատոր 1-ին, գ.թ. 19-22):

3. Փոստային առաքմամբ 02.02.2016 թվականին Դատարան ներկայացված հայցադիմումի պատասխանով Ռոզա Պետրոսյանը հայտնել է. «30.11.2012 թվականին իր և «Կոնվերս Բանկ» ՓԲ ընկերության միջև կնքվել է թիվ 360931 շարժական գույքի գրավով ապահովված վարկային քարտերի տրամադրման պայմանագիրը, համաձայն որի` Բանկը իրեն տրամադրել է 55.971 ԱՄՆ դոլար գումար վարկ, 16 տոկոս տոկոսադրույքով, մարման վերջնաժամկետ սահմանելով 15.11.2011 թվականը: Ժամկետանց վարկի նկատմամբ մինչև դրա ամբողջական մարումը սահմանվել է օրական 0,1 տոկոս տոկոսադրույք, իսկ ժամկետանց տոկոսագումարների համար` 0,3 տոկոսի չափով տույժ: Որպես վարկային պարտավորության կատարման ապահովման միջոց կնքվել են թիվ NIC279159 շարժական գույքի գրավի պայմանագիրը, համաձայն որի` հօգուտ Բանկի գրավադրել է պատասխանողներին սեփականության իրավունքով պատկանող BYD-F3-GX-1 մակնիշի թվով 4 ավտոմեքենաներ, թիվ NIC279154 անշարժ գույքի գրավի պայմանագիրը, համաձայն որի` հօգուտ Բանկի գրավադրել է սեփականության իրավունքով պատասխանողներին պատկանող` ՀՀ, Երևան քաղաքի, Աջափնյակ, Բաշինջաղյան 171-րդ շենքի թիվ 35 բնակարանը, թիվ N 338798 սեփականության իրավունքով պատկանող գույքով և դրամական միջոցներով երաշխավորության մասին պայմանագիրը, համաձայն որի` պարտավորվել է բանկային հաշիվներին առկա դրամական միջոցներով, ինչպես նաև սեփականության իրավունքով իրեն պատկանող ամբողջ գույքով համապարտ պատասխանատվություն կրել բանկի առջև»: Ռոզա Պետրոսյանը Դատարանից խնդրել է Բանկի հայցը բավարարելու դեպքում տրամադրել ժամկետ` վարկային պարտավորությունները կատարելու և Բանկի հետ բանակցություններ վարելու համար (հատոր 1-ին, գ.թ. 42-44):

4. Բանկի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքին կից ներկայացվել է 05.12.2012 թվականին տրված անշարժ գույքի նկատմամբ գրավի իրավունքի պետական գրանցման վկայականը, համաձայն որի` Երևանի Բաշինջաղյան փողոցի թիվ 171 շենքի 35-րդ բնակարանի նկատմամբ գրանցվել է Բանկի գրավի իրավունքը (հատոր 2-րդ, գ.թ. 44):

 

4. Հատուկ կարծիքի հիմնավորումները.

Սույն գործի փաստերի համաձայն` ի ապահովումն 30.11.2012 թվականին Բանկի և Ռոզա Պետրոսյանի միջև կնքված վարկային պայմանագրով Ռոզա Պետրոսյանի ստանձնած պարտավորությունների կատարման` 30.11.2012 թվականին գրավառու Բանկի և գրավատուներ Ռոզա Պետրոսյանի, Լևոն Սերգոյանի ու Լաուրա Մելքոնյանի միջև կնքվել է անշարժ գույքի գրավի պայմանագիրը, որով Բանկի հանդեպ Ռոզա Պետրոսյանի ստանձնած պարտավորությունների կատարման ապահովման համար գրավադրվել է Երևանի Բաշինջաղյան փողոցի 171-րդ շենքի 35-րդ բնակարանը: Նշված պայմանագիրը վավերացվել է նոտարական կարգով: Բանկն ընդդեմ Ռոզա Պետրոսյանի, Լևոն Սերգոյանի և Լաուրա Մելքոնյանի` գումարի բռնագանձման և բռնագանձումը գրավի առարկայի վրա տարածելու վերաբերյալ հայց է ներկայացրել դատարան: Դատարանում գործի քննության ընթացքում չի ներկայացվել ապացույց առ այն, որ գրավի պայմանագրից ծագող իրավունքները ստացել են պետական գրանցում: Դատարան ներկայացված հայցադիմումի պատասխանով պատասխանող Ռոզա Պետրոսյանն ընդունել է հայցը, ինչպես նաև վերոնշյալ անշարժ գույքը գրավադրված լինելու փաստը:

Դատարանը, մերժելով բռնագանձումը գրավի առարկայի վրա տարածելու մասին Բանկի պահանջը, պատճառաբանել է, որ Բանկն ապացույց չի ներկայացրել գրավի պայմանագրից ծագող իրավունքների պետական գրանցման վերաբերյալ, ուստի գրավի պայմանագիրն առոչինչ է և չի կարող որևէ իրավական հետևանք առաջացնել:

Վերաքննիչ դատարանը, Դատարանի վճիռը թողնելով անփոփոխ, գտել է, որ Դատարանը հանգել է հիմնավոր եզրահանգման, քանի որ Բանկն ապացույց չի ներկայացրել գրավի պայմանագրից ծագող իրավունքների պետական գրանցման վերաբերյալ, հետևաբար գրավի պայմանագիրը չի կարող համարվել վավեր գործարք: Ինչ վերաբերում է վերաքննիչ բողոքին կից ներկայացված Բանկի գրավի իրավունքի պետական գրանցման վկայականի պատճենին, ապա Բանկը չի հիմնավորել այն Դատարանում ներկայացնելու անհնարինությունը:

i

Վճռաբեկ դատարանը, անդրադառնալով գործին մասնակցող անձի կողմից այն փաստերն ապացուցելու պարտականությանը, որոնք գործին մասնակցող մյուս անձինք ընդունում են դատարան ներկայացված դատավարական փաստաթղթերով, Վերաքննիչ դատարանին վերագրել է 17.06.1998 թվականին ընդունված, 01.01.1999 թվականին ուժի մեջ մտած և 09.04.2018 թվականին ուժը կորցրած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի (այսուհետ` Նախկին օրենսգիրք) 48-րդ և 53-րդ հոդվածների խախտում և վկայակոչելով նշված իրավանորմերի մեկնաբանմամբ ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից նախկինում կայացված որոշումները, ինչպես նաև 09.02.2018 թվականին ընդունված և 09.04.2018 թվականին ուժի մեջ մտած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 61-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված իրավակարգավորումը, հանգել է հետևյալ եզրակացության. «Վճռաբեկ դատարանը գտնում է, որ որպես կանոն պետական գրանցում ստանալու փաստը կարող է հաստատվել օրենքով սահմանված թույլատրելի ապացույցով` իրավունքի պետական գրանցման վկայականով` նկատի ունենալով, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 301-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` անշարժ գույքի հետ կատարվող գործարքներից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման: Վճռաբեկ դատարանի գնահատմամբ նման իրավունքների գրանցման կապակցությամբ վեճ առաջանալու դեպքում կիրառելի է ապացույցների թույլատրելիության կանոնն այն մասին, որ գործի հանգամանքները, որոնք օրենքի կամ այլ իրավական ակտերի համաձայն պետք է հաստատվեն միայն որոշակի ապացույցներով, չեն կարող հաստատվել այլ ապացույցներով:

Այդուհանդերձ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով վեճ առկա չէ անշարժ գույքի գրավի պայմանագրից ծագող իրավունքի պետական գրանցման հանգամանքի վերաբերյալ, քանի որ Ռոզա Պետրոսյանը չի վիճարկել այն, և ավելին` Դատարան ներկայացված հայցադիմումի պատասխանով վերջինս ընդունել է ոչ միայն հայցը, այլ նաև անշարժ գույքի գրավադրված լինելու փաստը: Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը փաստում է, որ սույն գործով չկա վեճ 30.11.2012 թվականի անշարժ գույքի գրավի թիվ NIC279154 պայմանագրից ծագող իրավունքի պետական գրանցման հանգամանքի վերաբերյալ:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Բանկը խնդրել է գործը քննել իր բացակայությամբ: Դատարանը բավարարել է Բանկի միջնորդությունը` գործն իր բացակայությամբ քննելու մասին և հետազոտել է գործում առկա ապացույցները, գործի քննությունը համարել է ավարտված և վճռի հրապարակման օր է նշանակել 15.09.2017 թվականը: Դատարանը 15.09.2017 թվականի վճռով մերժել է Բանկի պահանջը` բռնագանձումը գրավի առարկայի վրա տարածելու մասով, պատճառաբանելով, որ Բանկն ապացույց չի ներկայացրել գրավի պայմանագրից ծագող իրավունքների պետական գրանցման վերաբերյալ, ուստի գրավի պայմանագիրն առոչինչ է և չի կարող որևէ իրավական հետևանքներ առաջացնել:

Մինչդեռ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով 22.09.2016 թվականին դատական նիստի ժամանակ որոշվել են ապացուցման ենթակա փաստերը, ինչպես նաև կատարվել է ապացուցման բեռի բաշխում, մինչդեռ Բանկը հնարավորություն չի ունեցել ծանոթանալու, թե ինչ ապացուցման բեռ է դրվել իր վրա, ներառյալ` Բանկի և Ռոզա Պետրոսյանի, Լևոն Սերգոյանի ու Լաուրա Մելքոնյանի միջև կնքված անշարժ գույքի գրավի պայմանագրից բխող իրավունքի պետական գրանցման փաստն ապացուցելու պարտականության մասին:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը փաստում է, որ սույն գործով հիմնավոր է Բանկի այն փաստարկը, որ 05.12.2012 թվականին տրված անշարժ գույքի նկատմամբ գրավի իրավունքի պետական գրանցման վկայականը, համաձայն որի` Երևանի Բաշինջաղյան փողոցի թիվ 171 շենքի 35-րդ բնակարանի նկատմամբ գրանցվել է Բանկի գրավի իրավունքը, առաջին ատյանի դատարանում գործի քննության ժամանակ չի ներկայացվել իր կամքից անկախ» (տե՛ս, Վճռաբեկ դատարանի որոշման 6-7-րդ էջերը):

Վճռաբեկ դատարանի դատավոր Ռուզաննա Հակոբյանս, համաձայն չլինելով Վճռաբեկ դատարանի դատավորների մեծամասնության կողմից վերը նշված որոշման պատճառաբանական մասում արտահայտած կարծիքի հետ, շարադրում եմ իմ հատուկ կարծիքը նշված մասի վերաբերյալ:

Վճռաբեկ դատարանի որոշմամբ անդրադարձ է կատարվել գործին մասնակցող անձի կողմից այն փաստերն ապացուցելու պարտականությանը, որոնք գործին մասնակցող մյուս անձինք ընդունում են դատարան ներկայացված դատավարական փաստաթղթերով, մինչդեռ սույն գործով ապացուցման ենթակա փաստը չի կարող հաստատված համարվել գործին մասնակցող անձի կողմից այն ընդունելու, այսինքն` անվիճելի լինելու հիմքով, հետևաբար որոշմամբ առաջադրված հարցադրումը չի վերաբերում սույն բողոքի քննությանը:

Այսպես. տվյալ դեպքում, որպես վիճելի փաստ, քննարկման առարկա է 30.11.2012 թվականի անշարժ գույքի գրավի թիվ NIC279154 պայմանագրից ծագող իրավունքի պետական գրանցման ենթարկված լինելը, հետևաբար որոշիչ նշանակություն է ստանում այն հարցի պարզումը, թե նշված փաստը թույլատրելի ի՞նչ ապացույցով կարող է հաստատվել:

i

Վճռաբեկ դատարանը, վկայակոչելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 301-րդ հոդվածի 1-ին կետի իրավակարգավորումը, ըստ որի` անշարժ գույքի հետ կատարվող գործարքներից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման, իրավացիորեն արձանագրել է, որ որպես կանոն պետական գրանցում ստանալու փաստը կարող է հաստատվել օրենքով սահմանված թույլատրելի ապացույցով` իրավունքի պետական գրանցման վկայականով, հետևաբար նման իրավունքների գրանցման կապակցությամբ վեճ առաջանալու դեպքում կիրառելի է ապացույցների թույլատրելիության կանոնն այն մասին, որ գործի հանգամանքները, որոնք օրենքի կամ այլ իրավական ակտերի համաձայն պետք է հաստատվեն միայն որոշակի ապացույցներով, չեն կարող հաստատվել այլ ապացույցներով:

Միևնույն ժամանակ, սակայն, Վճռաբեկ դատարանը գտել է, որ սույն գործով վեճ առկա չէ անշարժ գույքի գրավի պայմանագրից ծագող իրավունքի պետական գրանցման հանգամանքի վերաբերյալ, քանի որ Ռոզա Պետրոսյանը չի վիճարկել այն, և ավելին` Դատարան ներկայացված հայցադիմումի պատասխանով վերջինս ընդունել է ոչ միայն հայցը, այլ նաև անշարժ գույքի գրավադրված լինելու փաստը: Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը փաստել է, որ սույն գործով չկա վեճ 30.11.2012 թվականի անշարժ գույքի գրավի թիվ NIC279154 պայմանագրից ծագող իրավունքի պետական գրանցման հանգամանքի վերաբերյալ:

Գտնում եմ, որ վերոգրյալ դատողությունները հակասում են իրար: Այսպես. մի կողմից Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ «որպես կանոն պետական գրանցում ստանալու փաստը կարող է հաստատվել օրենքով սահմանված թույլատրելի ապացույցով` իրավունքի պետական գրանցման վկայականով», մյուս կողմից, ըստ էության, հաստատված է համարում 30.11.2012 թվականի անշարժ գույքի գրավի թիվ NIC279154 պայմանագրից ծագող իրավունքի պետական գրանցման փաստը` դրա առնչությամբ վեճ առկա չլինելու, այսինքն` փաստն անվիճելի լինելու պատճառաբանությամբ:

Դատարանի կողմից գործը քննելու պահին գործող Նախկին օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գործին մասնակցող յուրաքանչյուր անձ պետք է ապացուցի իր վկայակոչած փաստերը:

Նույն հոդվածի 6-րդ մասի համաձայն` եթե բոլոր ապացույցների հետազոտումից հետո վիճելի է մնում փաստի առկայությունը կամ բացակայությունը, ապա դրա բացասական հետևանքները կրում է այդ փաստի ապացուցման պարտականությունը կրող կողմը:

Նախկին օրենսգրքի 51-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գործի հանգամանքները, որոնք, օրենքի կամ այլ իրավական ակտերի համաձայն, պետք է հաստատվեն միայն որոշակի ապացույցներով, չեն կարող հաստատվել այլ ապացույցներով:

Նախկին օրենսգրքի 52-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` հանրահայտ հանգամանքներն ապացուցման կարիք չունեն: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` նախկինում քննված` քաղաքացիական գործով օրինական ուժի մեջ մտած դատարանի վճռով հաստատված հանգամանքները նույն անձանց միջև դատարանում այլ գործ քննելիս կրկին չեն ապացուցվում, իսկ նույն հոդվածի 3-րդ կետի համաձայն` քրեական գործով օրինական ուժի մեջ մտած դատավճիռը պարտադիր է դատարանի համար միայն այն փաստերով, ըստ որոնց հաստատված են որոշակի գործողություններ և դրանք կատարած անձինք:

Նախկին օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` դատարանի համար որևէ ապացույց նախապես հաստատվածի ուժ չունի, բացառությամբ նույն օրենսգրքի 52-րդ հոդվածով նախատեսված դեպքերի:

Վերոգրյալ իրավանորմերի վերլուծությունից հետևում է, որ գործին մասնակցող յուրաքանչյուր անձ պետք է ապացուցի իր վկայակոչած փաստերը` ներկայացնելով դրանք հիմնավորող թույլատրելի և վերաբերելի ապացույցներ, հետևաբար ամբողջությամբ կիսում եմ Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտած այն կարծիքը, որ անշարժ գույքի հետ կատարվող գործարքներից ծագող իրավունքների պետական գրանցում ստանալու փաստը հաստատող օրենքով սահմանված թույլատրելի ապացույցը, որպես կանոն, իրավունքի պետական գրանցման վկայականն է: Գտնում եմ, որ նշված փաստը, բացի իրավունքի պետական գրանցման վկայականի կամ իրավունքի գրանցում իրականացնող պետական մարմնի կողմից տրված իրավահաստատող այլ փաստաթղթի, որևէ այլ ապացույցով չի կարող հաստատվել: Ընդ որում, նշված փաստի հաստատված լինելը ոչ մի դեպքում չի կարող պայմանավորվել գործին մասնակցող անձի կողմից չվիճարկելու և դատարան ներկայացված դատավարական փաստաթղթերով ընդունելու հանգամանքով, քանի որ ապացուցման այդ միջոցը նշված փաստի հաստատման համար անթույլատրելի է:

Այսպիսով, եզրահանգում եմ, որ սույն գործով որպես 30.11.2012 թվականի անշարժ գույքի գրավի թիվ NIC279154 պայմանագրից ծագող իրավունքի պետական գրանցման փաստը հաստատող թույլատրելի ապացույց կարող է լինել իրավունքի պետական գրանցման վկայականը կամ իրավունքի գրանցում իրականացնող պետական մարմնի կողմից տրված իրավահաստատող այլ փաստաթուղթը, հետևաբար տեղին չէ անշարժ գույքի գրավի պայմանագրից ծագող իրավունքի պետական գրանցման հանգամանքի վերաբերյալ վեճ առկա չլինելու, Դատարան ներկայացված հայցադիմումի պատասխանով նշված փաստը Ռոզա Պետրոսյանի կողմից ընդունելու առնչությամբ Վճռաբեկ դատարանի որոշմամբ կատարված դատողությունը: Ավելին, եթե վիճելի փաստը հաստատելու համար բավարար է դիտվում այդ փաստը Ռոզա Պետրոսյանի կողմից ընդունելու հանգամանքը, ապա իմաստազուրկ է դառնում նաև Վերաքննիչ դատարանի 03.05.2018 թվականի որոշումը բեկանելու հետևանքով գործը Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության ուղարկելը: Ընդ որում, հարկ եմ համարում արձանագրել, որ նշված դատողությունը կատարելիս Վճռաբեկ դատարանը հաշվի չի առել, որ բացի Ռոզա Պետրոսյանից, սույն գործով որպես պատասխանող, հանդես են գալիս նաև Լևոն Սերգոյանն ու Լաուրա Մելքոնյանը, որոնց կողմից 30.11.2012 թվականի անշարժ գույքի գրավի թիվ NIC279154 պայմանագրից ծագող իրավունքի պետական գրանցման փաստն ընդունելու վերաբերյալ որևէ տվյալ գործում առկա չէ:

Հաջորդիվ հարկ եմ համարում անդրադառնալ այն հարցին, թե արդյո՞ք հիմնավոր է սույն գործով Դատարանի կողմից Նախկին օրենսգրքի 48-րդ և 53-րդ հոդվածների խախտում թույլ տրված չլինելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի եզրահանգումը:

Նախկին օրենսգրքի 149.8-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` գործը դատաքննության նախապատրաստելիս դատավորը պատասխանողի կողմից հայցադիմումի պատասխան ստանալուց հետո, իսկ այդպիսին չստանալու դեպքում պատասխան ուղարկելու համար նախատեսված ժամկետի ավարտից հետո դատական քննությունը արդյունավետ իրականացնելու համար կարող է հրավիրել նախնական դատական նիստ:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն, ի թիվս այլնի, դատարանն իրականացնում է գործի արդյունավետ քննությանն ուղղված այլ գործողություններ:

Վերոգրյալ իրավանորմի վերլուծությունից հետևում է, որ գործի քննության արդյունավետ իրականացումն ապահովելու պարտականությունն օրենսդիրը դրել է դատարանի վրա, այդ նպատակի իրագործման համար նրան օժտելով նշված իրավանորմում թվարկվածներից բացի նաև այլ գործողություններ իրականացնելու լիազորությամբ:

i

Գտնում եմ, որ գործին մասնակցող անձանց բացակայությամբ իրականացված նախնական դատական նիստի ընթացքում որևէ փաստ որպես ապացուցման ենթակա սահմանելու և այդ փաստն ապացուցելու պարտականությունը գործին մասնակցող անձանցից որևէ մեկի վրա դնելու պարագայում Նախկին օրենսգրքի 149.8-րդ հոդվածով սահմանված գործի քննության արդյունավետ իրականացման ապահովմանն ուղղված դատարանի գործողությունը պետք է միտված լինի տվյալ փաստի ապացուցման պարտականությունը կրող անձին այդ մասին իրազեկելուն: Միայն նշված դեպքում հնարավոր և ողջամիտ կլինի ապացուցման պարտականությունը չկատարելու օրենքով նախատեսված բացասական հետևանքի կիրառումը, քանի որ որևէ պարտականության չկատարման համար անձը կարող է պատասխանատու լինել միայն այն դեպքում, երբ տեղյակ է նման պարտականություն ունենալու մասին և չի կատարում այն:

Սույն գործի փաստերի համաձայն` գումարի բռնագանձման և բռնագանձումը գրավի առարկայի վրա տարածելու վերաբերյալ դատարան ներկայացրած հայցադիմումով Բանկը միաժամանակ միջնորդել է գործը քննել իրենց բացակայությամբ` ներկայացված փաստաթղթերի և նյութերի հիման վրա:

22.09.2016 թվականին իրականացրած նախնական դատական նիստի ընթացքում Դատարանը, որպես ապացուցման ենթակա փաստ, ի թիվս այլնի, նշել է նաև 30.11.2012 թվականի անշարժ գույքի գրավի թիվ NIC279154 պայմանագրից ծագող Բանկի իրավունքի պետական գրանցման ենթարկված լինելը, որի ապացուցման պարտականությունը դրել է Բանկի վրա: Նշված դատական նիստին պատշաճ ծանուցված կողմերը չեն ներկայացել և նիստն անց է կացվել վերջիններիս բացակայությամբ: Նույն օրվա որոշմամբ գործը նշանակվել է դատաքննության: Գործը դատաքննության նշանակելու մասին որոշումը, ինչպես նաև դատաքննության նիստի վայրի և ժամանակի մասին Բանկին ուղարկված ծանուցագրերը որևէ տեղեկություն չեն պարունակում ապացուցման ենթակա փաստի և այդ փաստի ապացուցման պարտականությունը Բանկի վրա դնելու Դատարանի որոշման մասին:

Դատարանը, մերժելով բռնագանձումը գրավի առարկայի վրա տարածելու մասին Բանկի պահանջը, պատճառաբանել է, որ Բանկն ապացույց չի ներկայացրել գրավի պայմանագրից ծագող իրավունքների պետական գրանցման վերաբերյալ, ուստի գրավի պայմանագիրն առոչինչ է և չի կարող որևէ իրավական հետևանք առաջացնել: Այսինքն` գործում առկա բոլոր ապացույցների հետազոտումից հետո վիճելի է մնացել 30.11.2012 թվականի անշարժ գույքի գրավի թիվ NIC279154 պայմանագրից ծագող Բանկի իրավունքի պետական գրանցման ենթարկված լինելու փաստը, որի բացասական հետևանքը Դատարանը դրել է Բանկի վրա` անտեսելով այն հանգամանքը, որ վերջինս որևէ ձևով տեղեկացված չի եղել կոնկրետ փաստի ապացուցման պարտականությունն իր վրա դրված լինելու մասին: Մասնավորապես, ոչ գործը դատաքննության նշանակելու մասին որոշումը և ոչ էլ Բանկին ուղարկված ծանուցագրերը չեն պարունակում տեղեկություն ապացուցման ենթակա վերոգրյալ փաստի և դրա ապացուցման պարտականությունը Բանկի վրա դնելու Դատարանի որոշման մասին, ինչի հետևանքով Բանկն իր կամքից անկախ պատճառներով զրկվել է վիճելի փաստն ապացուցելու իր պարտականությունը կատարելու և 30.11.2012 թվականի անշարժ գույքի գրավի թիվ NIC279154 պայմանագրից ծագող Բանկի իրավունքի պետական գրանցման ենթարկված լինելու փաստը հաստատող թույլատրելի ապացույց ներկայացնելու հնարավորությունից: Նման պայմաններում Դատարանի կողմից Նախկին օրենսգրքի 48-րդ և 53-րդ հոդվածների խախտում թույլ տված լինելու վերաբերյալ վերաքննիչ բողոքի հիմքը եղել է հիմնավոր, որը պատշաճ գնահատման չի արժանացել Վերաքննիչ դատարանի կողմից:

i

Անդրադառնալով Վճռաբեկ դատարանի որոշման մեջ 09.02.2018 թվականին ընդունված և 09.04.2018 թվականին ուժի մեջ մտած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 61-րդ հոդվածի 5-րդ մասի վկայակոչմանը` հարկ եմ համարում արձանագրել հետևյալը.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 406-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն, բողոքի քննության արդյունքներով կայացված Վճռաբեկ դատարանի որոշման մեջ, ի թիվս այլնի, նշվում են նաև օրենքները, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերը և այլ իրավական ակտերը, որոնցով ղեկավարվել է Վճռաբեկ դատարանը որոշում կայացնելիս:

Տվյալ դեպքում, սույն գործով որոշում կայացնելիս Վճռաբեկ դատարանը չի ղեկավարվել և չէր կարող ղեկավարվել 09.02.2018 թվականին ընդունված և 09.04.2018 թվականին ուժի մեջ մտած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 61-րդ հոդվածի 5-րդ մասով, քանի որ սույն գործի քննությունն իրականացվել է Նախկին օրենսգրքի կանոնակարգումներով, իսկ Վճռաբեկ դատարանը ներկայացված բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում վերանայում է Վերաքննիչ դատարանի այն դատական ակտը, որով գնահատական է տրվել Դատարանի կողմից Նախկին օրենսգրքի 48-րդ և 53-րդ հոդվածների խախտում թույլ տալու մասին վերաքննիչ բողոքի հիմքին: Ընդ որում, Վճռաբեկ դատարանի որոշմամբ պատճառաբանված և հիմնավորված չէ սույն գործի նկատմամբ կիրառման ոչ ենթակա 09.02.2018 թվականին ընդունված և 09.04.2018 թվականին ուժի մեջ մտած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 61-րդ հոդվածի 5-րդ մասի վկայակոչումը:

Ամփոփելով վերոգրյալը` հարկ եմ համարում ընդգծել, որ համաձայն եմ Վճռաբեկ դատարանի որոշման եզրափակիչ մասի հետ և գտնում եմ, որ Նախկին օրենսգրքի 48-րդ և 53-րդ հոդվածների սխալ կիրառման մասին վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը բավարար է Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու և սույն հատուկ կարծիքում նշված պատճառաբանություններով գործը նոր քննության ուղարկելու համար: Միևնույն ժամանակ համաձայն եմ նաև դատական ծախսերի բաշխման հարցի լուծման վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշման եզրահանգման հետ:

 

    Դատավոր                                Ռ. Հակոբյան

 

 

 

pin
Վճռաբեկ դատարան
29.06.2020
N ԵԱԴԴ/3723/02/15
Որոշում