Սեղմել Esc փակելու համար:
«ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ՎԱՐՉԱԿ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ Մ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

    ՀՀ վարչական վերաքննիչ                  Վարչական գործ

    դատարանի որոշում                       թիվ ՎԴ/3194/05/16

    Վարչական գործ թիվ ՎԴ/3194/05/16        2020 թ.

Նախագահող դատավոր` Ք. Մկոյան

    Դատավորներ`        Ա. Առաքելյան

                       Գ. Ղարիբյան

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

նախագահող և զեկուցող Ռ. Հակոբյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Ե. Խունդկարյան

Գ. Հակոբյան

Է. Սեդրակյան

Ն. Տավարացյան

 

2020 թվականի հուլիսի 21-ին

գրավոր ընթացակարգով քննելով Մհեր Մնացականյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 06.06.2017 թվականի որոշման դեմ, ըստ Մհեր Մնացականյանի հայցի ընդդեմ Երևանի քաղաքապետարանի (այսուհետ` Քաղաքապետարան)` Քաղաքապետարանի 06.05.2015 թվականի թիվ Վ-0012459 որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Մհեր Մնացականյանը պահանջել է անվավեր ճանաչել Քաղաքապետարանի 06.05.2015 թվականի թիվ Վ-0012459 որոշումը:

ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Ա. Հարությունյան) (այսուհետ` Դատարան) 03.10.2016 թվականի վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 06.06.2017 թվականի որոշմամբ Քաղաքապետարանի վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակիորեն` Դատարանի 03.10.2016 թվականի վճիռը բեկանվել է, և վարչական գործի վարույթը կարճվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Մհեր Մնացականյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

i

Վերաքննիչ դատարանը չի կիրառել «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 71-րդ հոդվածը, որը պետք է կիրառեր, խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 54-րդ և 72-րդ հոդվածները.

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ Մհեր Մնացականյանի կողմից 29.02.2016 թվականին ներկայացված միջնորդությունը` վարչական բողոք ներկայացնելու համար սահմանված ժամկետը վերականգնելու մասին, ենթակա էր քննարկման և բավարարման, քանի որ այդ միջնորդությամբ հայտնած փաստարկներն առ այն, որ վիճարկվող որոշումն առձեռն չի ստացվել, հավաստի են, որևէ կերպ չեն հերքվել Քաղաքապետարանի կողմից և հիմնավոր են: Ընդ որում, այդ միջնորդության ներկայացման պահին պատասխանողն իր տիրապետության տակ եղած տեղեկատվության համաձայն` պետք է հաստատված համարեր Մհեր Մնացականյանի կողմից վիճարկվող որոշումը չստանալու հանգամանքը: Հետևաբար` Քաղաքապետարանի 06.05.2015 թվականի թիվ Վ-0012459 որոշման` դատական կարգով բողոքարկման համար սահմանված ժամկետի հաշվարկը պետք է կատարվեր Քաղաքապետարանի աշխատակազմի իրավաբանական վարչության պետի 11.03.2016 թվականի թիվ 07/Մ-1397 գրությունը Մհեր Մնացականյանի կողմից ստանալու պահից:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 06.06.2017 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 03.10.2016 թվականի վճռին:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) Քաղաքապետարանի 06.05.2015 թվականի թիվ Վ-0012459 որոշման համաձայն` Մհեր Մնացականյանը 05 OL 909 պետհամարանիշով BMW 528 I մակնիշի տրանսպորտային միջոցը 24.03.2015 թվականին ժամը 10:44-ից մինչև 24.03.2015 թվականը ժամը 11:19-ը, 15 րոպեից ավելի ժամանակահատվածով, առանց տրանսպորտային միջոցների կայանատեղերի համար սահմանված տեղական տուրքը վճարելու կայանել է Երևանի Տիգրան Մեծ պողոտայում գտնվող համայնքային վճարովի ավտոկայանատեղում և Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124.7-րդ հոդվածով ենթարկվել է վարչական պատասխանատվության` 5.000 ՀՀ դրամ վարչական տույժի (գ.թ. 5).

2) Քաղաքապետարանի աշխատակազմի իրավաբանական վարչության պետի 16.12.2015 թվականի թիվ 07/Մ-8844 գրության համաձայն` ի պատասխան Մհեր Մնացականյանի կողմից Երևանի քաղաքապետին 04.12.2015 թվականին ուղղված դիմումի, Մհեր Մնացականյանին հայտնվել է, որ տեխնիկական խոտանի պատճառով հայցվող տեսագրությունները չեն պահպանվել: Միաժամանակ նշվել է, որ Մհեր Մնացականյանը կորցրել է նշված որոշումներն օրենքով սահմանված կարգով ու ժամկետներում բողոքարկելու իրավունքը (գ.թ. 21).

3) 29.02.2016 թվականին Երևանի քաղաքապետին ուղղված դիմումով Մհեր Մնացականյանը խնդրել է վերականգնել բաց թողնված ժամկետը, այն համարել հարգելի, բեկանել թվով 7, այդ թվում` 06.05.2015 թվականի թիվ Վ-0012459 որոշումները և վարույթները կարճել (գ.թ. 68).

4) «Հայփոստ» ՓԲԸ-ի գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնակատար Հ. Ավագյանի 24.08.2016 թվականի թիվ 2/3-2443 գրության համաձայն` ի պատասխան Քաղաքապետարանի աշխատակազմի իրավաբանական վարչության պետի 20.07.2016 թվականի գրության` հայտնվել է, որ «Մհեր Մնացականյանին հասցեագրված, ՀՀ Շիրակի մարզ, գյուղ Մարմարաշեն, 37-րդ փողոց, տուն 31 հասցեով «Հայփոստ» ՓԲԸ-ի Մարմարաշենի թիվ 2618 փոստային բաժանմունքում ստացվել են թվով 11 պատվիրված նամակներ, որոնք հետ են վերադարձվել հասցեատիրոջ տեղափոխված լինելու պատճառով» (գ.թ. 41).

5) Մհեր Մնացականյանը 13.06.2016 թվականին հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան` պահանջելով անվավեր ճանաչել Քաղաքապետարանի 06.05.2015 թվականի թիվ Վ-0012459 որոշումը (գ.թ. 3-10).

6) Դատարանի 17.06.2016 թվականի որոշմամբ Մհեր Մնացականյանի հայցադիմումը վերադարձվել է` Քաղաքապետարանի 06.05.2015 թվականի թիվ Վ-0012459 որոշման իրազեկման պահից երկամսյա ժամկետի պահպանմամբ դատարան դիմելու վերաբերյալ որևէ ապացույց կամ նման ժամկետների խախտման դեպքում` բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդություն չներկայացնելու հիմքով (գ.թ. 11).

7) Մհեր Մնացականյանը 07.07.2016 թվականին կրկին հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան` պահանջելով անվավեր ճանաչել Քաղաքապետարանի 06.05.2015 թվականի թիվ Վ-0012459 որոշումը, միաժամանակ ներկայացնելով միջնորդություն` «հայցադիմում ներկայացնելու բաց թողնված ժամկետը հարգելի համարելու և վերականգնելու մասին» (գ.թ. 15-25).

i

8) Մհեր Մնացականյանի կողմից «հայցադիմում ներկայացնելու բաց թողնված ժամկետը հարգելի համարելու և վերականգնելու մասին» միջնորդությամբ նշվել է. «... Քանի որ վարչական ակտը մինչ օրս չեմ ստացել, իսկ դրա գոյության մասին իմացել եմ պատահաբար` ինտերնետի միջոցով, որից հետո իրավունքներիս պաշտպանության համար դիմել եմ համապատասխան գործողությունների, ղեկավարվելով վարչական դատավարության օրենսգրքի 54-րդ հոդվածով, միջնորդում եմ հայցադիմում ներկայացնելու բաց թողնված ժամկետը համարել հարգելի և վերականգնել» (գ.թ. 16).

9) Դատարանի 13.07.2016 թվականի որոշմամբ Մհեր Մնացականյանի հայցադիմումն ընդունվել է վարույթ, իսկ բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու մասին Մհեր Մնացականյանի միջնորդությանը Դատարանը չի անդրադարձել` գտնելով, որ ըստ հայցվորի ներկայացրած փաստարկների` դատավարական ժամկետ բաց չի թողնվել (գ.թ. 26):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

 

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է բողոքը ներկայացնելու և այն վարույթ ընդունելու պահին գործող խմբագրությամբ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար և գտնում է, որ տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումը` Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 96-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիմքով գործի վարույթը կարճելու վերաբերյալ, կարևոր նշանակություն կունենա նմանատիպ գործերով միասնական և կանխատեսելի դատական պրակտիկա ձևավորելու համար:

Վերոգրյալով պայմանավորված` Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցադրմանը. արդյո՞ք վիճարկման հայցը դատավարական ժամկետի խախտմամբ ներկայացված լինելու պատճառաբանությամբ Վերաքննիչ դատարանը կարող է կարճել գործի վարույթը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 96-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիմքով, եթե ստորադաս դատարանում չի ապահովվել վիճարկման հայց ներկայացնելու դատավարական ժամկետի բացթողնումը հարգելի համարելու և այն վերականգնելու միջնորդություն ներկայացնելու հնարավորություն կամ ներկայացված միջնորդությունը քննարկման առարկա չի դարձվել ու դրա վերաբերյալ որևէ որոշում չի կայացվել:

i

ՀՀ Սահմանադրության 3-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` Մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների և ազատությունների հարգումն ու պաշտպանությունը հանրային իշխանության պարտականություններն են:

i

ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:

i

ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները կամ նրան ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ և անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:

i

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 65-րդ հոդվածի համաձայն` վարչական դատարանում գործը հարուցվում է հայցի հիման վրա:

i

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վիճարկման հայցով հայցվորը կարող է պահանջել ամբողջությամբ կամ մասնակիորեն վերացնել միջամտող վարչական ակտը, ներառյալ` զուգորդվող վարչական ակտի միջամտող դրույթները:

i

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` հայցը վարչական դատարան կարող է ներկայացվել վիճարկման հայցի դեպքում` երկամսյա ժամկետում` վարչական ակտի ուժի մեջ մտնելու պահից:

i

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` այն դեպքերում, երբ վարչական մարմնի ընդունած ակտը կամ ակտը չընդունելը կամ գործողություն կատարելը կամ չկատարելը բողոքարկվել է վարչական կարգով, նույն հոդվածով սահմանված ժամկետները հաշվարկվում են բողոքի վերաբերյալ որոշումն ուժի մեջ մտնելուց կամ բողոքի քննության համար սահմանված ժամկետն ավարտվելուց հետո:

i

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 79-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն` դատավորը վերադարձնում է հայցադիմումը, եթե լրացել է հայցադիմում ներկայացնելու համար նույն օրենսգրքով սահմանված ժամկետը, և չի ներկայացվել միջնորդություն այն վերականգնելու մասին:

i

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 96-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն` դատարանը գործի քննության ցանկացած փուլում կարճում է գործի վարույթը, եթե լրացել է հայց ներկայացնելու համար օրենքով նախատեսված ժամկետը:

Փաստորեն, վիճարկման հայց ներկայացնելու ժամկետների հարցի լուծումն ուղղակիորեն պայմանավորված է վիճարկվող վարչական ակտի, այդ թվում նաև վարչական բողոքի վերաբերյալ ընդունված վարչական ակտի ուժի մեջ մտնելու կամ բողոքի քննության համար սահմանված ժամկետն ավարտվելու հանգամանքով:

Վիճարկման հայցադիմումը դատարան ներկայացնելու դատավարական ժամկետ սահմանելով` օրենսդիրը թեև նախատեսել է դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակման հիմք, այդուհանդերձ այդ ժամկետները բաց թողնված լինելու կամ չլինելու հարցի գնահատումը թողել է դատարանի հայեցողությանը:

i

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 54-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատավարական ժամկետների ավարտից հետո դատավարության մասնակիցները կորցնում են այդ ժամկետներով պայմանավորված գործողություններ կատարելու իրավունքը:

Վարչական դատարան հայց ներկայացնելու ժամկետները սահմանելու հետ միաժամանակ օրենսդիրը սահմանել է ինչպես դատավարական ժամկետները բաց թողնելու իրավական հետևանքները, այնպես էլ այդ ժամկետները վերականգնելու ինստիտուտը:

i

Այսպես. ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 54-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` դատավարական ժամկետների ավարտից հետո ներկայացված հայցադիմումների ընդունումը մերժվում է նույն օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի հիմքով, եթե բաց թողնված դատավարական ժամկետները վարչական դատարանի որոշմամբ չեն վերականգնվում: Դատավարական ժամկետների ավարտից հետո ներկայացված այլ փաստաթղթերը վարչական դատարանի որոշմամբ վերադարձվում են դրանք ներկայացրած անձանց, եթե բացակայում է բաց թողնված դատավարական ժամկետներով պայմանավորված գործողություններ կատարելու իրավունքը վերականգնելու մասին միջնորդությունը: Նման միջնորդությունը բավարարվում է, եթե վարչական դատարանը համարում է, որ անձը ժամկետը բաց է թողել հարգելի պատճառով:

ՀՀ սահմանադրական դատարանը, մի շարք որոշումներով (10.12.2013 թվականի թիվ ՍԴՈ-1127, 10.02.2015 թվականի թիվ ՍԴՈ-1190, 03.03.2015 թվականի թիվ ՍԴՈ-1192, 16.06.2015 թվականի թիվ ՍԴՈ-1220, 26.06.2015 թվականի թիվ ՍԴՈ-1222, 10.03.2016 թվականի թիվ ՍԴՈ-1257 և այլն) անդրադառնալով արդարադատության մատչելիության, արդար և արդյունավետ դատաքննության իրավունքների երաշխավորման սահմանադրական իրավաչափության խնդիրներին, արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ դատավարական որևէ առանձնահատկություն կամ ընթացակարգ չի կարող խոչընդոտել կամ կանխել դատարան դիմելու իրավունքի արդյունավետ իրացման հնարավորությունը, իմաստազրկել ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված դատական պաշտպանության իրավունքը կամ դրա իրացման արգելք հանդիսանալ, ընթացակարգային որևէ առանձնահատկություն չի կարող մեկնաբանվել որպես ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակման հիմնավորում, դատարանի (արդարադատության) մատչելիությունը կարող է ունենալ որոշակի սահմանափակումներ, որոնք չպետք է խաթարեն այդ իրավունքի բուն էությունը:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ` ՄԻԵԴ) տեսանկյունից` դատարանի իրավունքը բացարձակ չէ և կարող է ենթարկվել սահմանափակումների: Այդ սահմանափակումները թույլատրվում են, քանի որ մատչելիության իրավունքն իր բնույթով պահանջում է պետության կողմից որոշակի կարգավորումներ, և այս առումով պետությունը որոշակի հայեցողական լիազորություն ունի: Սակայն դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը պետք է իրականացվի այնպես, որ չխախտի կամ զրկի անձին մատչելիության իրավունքից այնպես կամ այն աստիճան, որ խախտվի այդ իրավունքի բուն էությունը (տե՛ս, Tolstoy Miloslavsky v. The United Kingdom (18139/91) գործով ՄԻԵԴ-ի 13.07.1995 թվականի վճիռը, 59-րդ կետ):

Ըստ ՄԻԵԴ-ի` դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը չի կարող համատեղելի լինել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի հետ, եթե այն չի հետապնդում իրավաչափ նպատակ, և եթե առկա չէ ողջամիտ հարաբերակցություն ձեռնարկվող միջոցների և հետապնդվող նպատակների միջև` համաչափության առումով (տե՛ս, Khalfaoui v. France (34791/97) գործով ՄԻԵԴ-ի 14.12.1999 թվականի վճիռը, 36-րդ կետ):

Մեկ այլ վճռով ՄԻԵԴ-ը նշել է, որ դատարանի մատչելիությունն օրենսդրական կարգավորումների առարկա է, և դատարանները պարտավոր են կիրառել դատավարական համապատասխան կանոնները` խուսափելով ինչպես գործի արդարացի քննությանը խոչընդոտող ավելորդ ձևականություններից (ֆորմալիզմից), այնպես էլ չափազանց ճկուն մոտեցումից, որի դեպքում օրենքով սահմանված դատավարական պահանջները կկորցնեն իրենց նշանակությունը:

Ըստ ՄԻԵԴ-ի` դատարանի մատչելիության իրավունքը խաթարվում է այն դեպքում, երբ օրենսդրական նորմերը դադարում են ծառայել իրավական որոշակիության ու արդարադատության պատշաճ իրականացման նպատակներին և խոչընդոտում են անձին հասնել իրավասու դատարանի կողմից իր գործի ըստ էության քննությանը (տե՛ս, Dumitru Gheorghe v. Romania (33883/06) գործով ՄԻԵԴ-ի 12.04.2016 թվականի վճիռը, 28-րդ կետ):

Անդրադառնալով դատարանի մատչելիության ժամկետային սահմանափակումներին` ՄԻԵԴ-ն արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ ներպետական օրենսդրությամբ սահմանված այդպիսի սահմանափակումները հետապնդում են որոշակի կարևոր նպատակներ, մասնավորապես` իրավական որոշակիության երաշխավորումը, հավանական պատասխանողի պաշտպանությունը ժամկետանց հայցերից: Ըստ Եվրոպական դատարանի` նմանատիպ հայցերի դեպքում դժվար կլինի կանխել անարդարությունը, որը կարող է առաջանալ, եթե դատարաններից պահանջվի քննել հեռավոր անցյալում տեղի ունեցած իրադարձություններ այնպիսի ապացույցների հիման վրա, որոնք կարող են լինել ոչ արժանահավատ և ոչ ամբողջական` բավականաչափ ժամանակահատված անցած լինելու պատճառով: ՄԻԵԴ-ը գտել է, որ ժամկետային սահմանափակումների առումով պետությունները նույնպես հայեցողական լիազորություն ունեն որոշելու, թե դատարանի մատչելիությունն ինչպես պետք է սահմանափակվի (տե՛ս, Stubbings and others v. The United Kingdom (22083/93, 22095/93) գործով ՄԻԵԴ-ի 22.10.1996 թվականի վճիռը, 51-րդ և 55-րդ կետեր):

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վերը նշված իրավական դիրքորոշումների համատեքստում պետք է մեկնաբանվեն և կիրառվեն նաև ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 54-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ օրենսդիրը, սահմանելով վարչական դատարանում գործի հարուցման հիմքը` համապատասխան հայցը, միաժամանակ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 72-րդ հոդվածում սահմանել է այն ժամկետները, որոնց ընթացքում հայցը կարող է ներկայացվել վարչական դատարան: Օրենսդիրը, սահմանելով վարչական դատարան հայց ներկայացնելու ժամկետները, միաժամանակ հատուկ սահմանել է բաց թողնված ժամկետների վերականգնելու իրավական հնարավորությունը համապատասխան միջնորդության և հարգելի պատճառների առկայության դեպքում:

i

Այսպիսով, Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ շահագրգիռ անձն իրավունք ունի դատական կարգով վիճարկելու իր իրավունքներին միջամտող վարչական ակտը` պահպանելով վիճարկման հայց ներկայացնելու համար ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված երկամսյա ժամկետը, իսկ այդ դատավարական ժամկետը բաց թողնված լինելու դեպքում` այն վերականգնելու ընդհանուր կառուցակարգը:

Նշված կառուցակարգն առաջին հերթին ենթադրում է, որ վիճարկման հայց ներկայացնելու համար ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված երկամսյա ժամկետը բաց թողած անձը պարտավոր է ներկայացնել բաց թողնված դատավարական ժամկետներով պայմանավորված գործողություններ կատարելու իրավունքը վերականգնելու մասին միջնորդություն: Նման միջնորդության ներկայացումն օբյեկտիվ իրավական անհրաժեշտություն է և հետապնդում է վիճարկման հայց ներկայացնելու երկամսյա ժամկետը բաց թողնելու պատճառը հարգելի համարելու հարցը քննարկելու և լուծելու միջոցով անձի դատական պաշտպանության իրավունքի իրացումն ապահովելու իրավաչափ նպատակ:

Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում ընդգծել, որ դատավարական ժամկետները բաց թողնված լինելու հանգամանքը կարող է հաստատված համարվել միայն վիճարկվող վարչական ակտի, այդ թվում նաև վարչական բողոքի վերաբերյալ ընդունված վարչական ակտի ուժի մեջ մտնելու օրվա վերաբերյալ անհերքելի ապացույցների առկայության պարագայում: Իսկ նշված հանգամանքի վիճելի լինելու դեպքում հայցվորը պետք է հնարավորություն ունենա ներկայացնելու միջնորդություն` բաց թողնված դատավարական ժամկետներով պայմանավորված գործողություններ կատարելու իրավունքը վերականգնելու մասին:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած իր որոշումներում արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ այն դեպքում, երբ դատավարական ժամկետները բաց թողնված լինելու հանգամանքը վիճելի է, այսինքն` առկա է դատական պաշտպանության դիմած անձի կողմից դատավարական ժամկետները բաց թողնված չլինելու վերաբերյալ ողջամիտ կասկած, անձը գործնականում պետք է հնարավորություն ունենա ներկայացնելու, իսկ դատարանն էլ պարտավոր է քննարկման առարկա դարձնել և գնահատել դատավարական ժամկետները բաց թողնված չլինելու վերաբերյալ անձի ներկայացրած հիմնավորումները, որովհետև այդ փաստը վիճելի մնալու դեպքում անձին դատական պաշտպանության տրամադրման մերժումը կհանդիսանա դատարանի մատչելիության իրավունքի ոչ իրավաչափ սահմանափակում, ինչի հետևանքով կխախտվի այդ իրավունքի բուն էությունը, քանի որ անձն այլևս կզրկվի իր իրավունքների ենթադրյալ խախտումները վերացնելու հնարավորությունից:

Միևնույն ժամանակ ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում ամրագրված իրավակարգավորումները լրացուցիչ երաշխիք են հանդիսանում դատարանի մատչելիության իրավունքը չսահմանափակելու իրավաչափ նպատակի իրագործման համար, քանի որ դատավարական նորմերի ճիշտ մեկնաբանման ու կիրառման պարագայում գործնականում ապահովվում է դատավարական ժամկետները բաց չթողնելու վերաբերյալ անձի ներկայացրած հիմնավորումները քննարկելու և համապատասխան եզրահանգում կատարելու օբյեկտիվ հնարավորություն:

Արդյունքում ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 54-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը, ինչպես նաև 72-րդ հոդվածը պետք է մեկնաբանվեն և կիրառվեն ՀՀ Սահմանադրությամբ ու Կոնվենցիայով երաշխավորված` հիմնարար իրավունքների և ՄԻԵԴ-ի արտահայտած իրավական դիրքորոշումների լույսի ներքո (տե՛ս, Հովհաննես Չամսարյանն ընդդեմ ՀՀ ոստիկանության ««Ճանապարհային ոստիկանություն»» ծառայության թիվ ՎԴ/7268/05/14 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 15.07.2015 թվականի որոշումը):

i

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 5-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` գործի փաստական հանգամանքները դատարանը պարզում է ի պաշտոնե («ex officio»): Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` դատարանը մատնանշում է հայցադիմումներում առկա ձևական սխալները, առաջարկում է ճշտել ոչ հստակ հայցային պահանջները, ոչ ճիշտ հայցատեսակները փոխարինել պատշաճ հայցատեսակներով, տարբերակել հիմնական և ածանցյալ պահանջները, համալրել ոչ բավարար փաստական տվյալները, ինչպես նաև պահանջում է, որ ներկայացվեն գործի փաստական հանգամանքները պարզելու և գնահատելու համար անհրաժեշտ բոլոր ապացույցները:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 54-րդ հոդվածի վկայակոչված իրավադրույթների համալիր վերլուծությունից բխում է, որ դատավարական ժամկետները բաց թողնելու և վերականգնելու մասին իրավակարգավորումները վերաբերում են ոչ միայն հայցադիմումի ընդունելիության, այլև վարչական դատավարության մյուս փուլերին: Ըստ այդմ, վարչական դատավարության բոլոր փուլերում վարչական դատարանը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 5-րդ հոդվածի իրավակարգավորմանը համապատասխան պարտավոր է կատարել մատնանշման իր պարտականությունը, այդ թվում նաև` մատնանշելով կողմերին դատավարական ժամկետների բացթողման դեպքում դրանք վերականգնելու նպատակով միջնորդություն ներկայացնելու անհրաժեշտության վերաբերյալ: Այնուամենայնիվ, եթե դատավարության որոշակի փուլում վարչական դատարանը մատնանշման իր պարտականությունը չի կատարել, ապա նա զրկված չէ իր այդ պարտականությունը կատարելու հնարավորությունից դատավարության հետագա փուլերում` գործին մասնակցող անձանց միջնորդությունների և ներկայացրած նոր ապացույցների հիման վրա, իսկ այդ պարտականության կատարման պարագայում դատավարության մասնակցի կողմից բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդություն չներկայացնելու դեպքում կիրառվում է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով սահմանված դատավարական հետևանքը, այն է` դատավարության մասնակիցները կորցնում են այդ ժամկետներով պայմանավորված գործողություններ կատարելու իրավունքը (տե՛ս, Աշոտ Ուլիխանյանն ընդդեմ Երևան համայնքի, երրորդ անձինք Լուսիկ Պետրոսյանի, «Բաբայան ԼԱՏ նախագիծ» ՍՊԸ-ի, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի թիվ ՎԴ/2731/05/13 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.12.2017 թվականի որոշումը):

Այսպիսով, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դատարանի մատչելիության ժամկետային սահմանափակումներ կիրառելուց առաջ դատարանները պարտավոր են ապահովել բաց թողնված դատավարական ժամկետներով պայմանավորված գործողություններ կատարելու իրավունքը վերականգնելու մասին միջնորդություն ներկայացնելու իրական (ռեալ) հնարավորություն: Միևնույն ժամանակ դատարանները պարտավոր են քննարկման առարկա դարձնել վիճարկման հայց ներկայացնելու երկամսյա ժամկետը բաց թողնելու պատճառը հարգելի համարելու միջնորդությունը և դրա վերաբերյալ կայացնել համապատասխան դատական ակտ: Հակառակ պարագայում, այսինքն` բաց թողնված դատավարական ժամկետներով պայմանավորված գործողություններ կատարելու իրավունքը վերականգնելու մասին միջնորդություն ներկայացնելու հնարավորություն չընձեռելով հանդերձ դատարանի մատչելիության ժամկետային սահմանափակումներ կիրառելով` կարող է խաթարվել արդարադատության բուն էությունը:

i

Ամփոփելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ վիճարկման հայց ներկայացնելու դատավարական ժամկետի բացթողնումը հարգելի համարելու և այն վերականգնելու վերաբերյալ միջնորդություն ներկայացնելու հայցվորի իրավունքի իրացումը դատարանի կողմից ապահովված չլինելու կամ միջնորդությունը Դատարանի կողմից քննարկված չլինելու ու դրա վերաբերյալ որոշում կայացված չլինելու պարագայում Վերաքննիչ դատարանն իրավասու չէ վիճարկման հայցը դատավարական ժամկետի խախտմամբ ներկայացված լինելու պատճառաբանությամբ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 96-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիմքով կարճել գործի վարույթը, քանի որ դրա հետևանքով ոչ իրավաչափորեն կսահմանափակվի անձի` դատարանի մատչելիության իրավունքը:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով հայցվորը 13.06.2016 թվականին ՀՀ վարչական դատարան է ներկայացրել վիճարկման հայց` պահանջելով անվավեր ճանաչել վարչական տույժ նշանակելու մասին Քաղաքապետարանի 06.05.2015 թվականի թիվ Վ-0012459 որոշումը: Միևնույն ժամանակ հայցվորը միջնորդել է հարգելի համարել վիճարկման հայց ներկայացնելու համար օրենքով սահմանված երկամսյա ժամկետի բացթողնումը և այն վերականգնել, որպես հիմնավորում հայտնելով, որ 2015 թվականի նոյեմբեր ամսվա վերջերին կամ դեկտեմբեր ամսվա սկզբներին պատահաբար մուտք է գործել Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայք` yerevan.am և տեղեկացել, որ իր նկատմամբ առկա են տուգանքներ ավտոկայանատեղիի տուրքը չվճարելու համար:

Դատարանը չի քննարկել բաց թողնված դատավարական ժամկետը հարգելի համարելու և վերականգնելու մասին հայցվորի միջնորդությունը` գտնելով, որ ըստ հայցվորի ներկայացրած փաստարկների` դատավարական ժամկետ բաց չի թողնվել:

Դատարանի 03.10.2016 թվականի վճռով հայցը բավարարվել է այն հիմնավորմամբ, որ գործում առկա վարչական ակտի կայացմանն ուղղված վարչական վարույթի նյութերով չի հիմնավորվում վարչական իրավախախտման դեպքը:

Վերաքննիչ դատարանը, մասնակիորեն բավարարելով Քաղաքապետարանի վերաքննիչ բողոքը և ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 96-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիմքով կարճելով վարչական գործի վարույթը, պատճառաբանել է, որ «վիճարկվող վարչական ակտն ընդունվել է 06.05.2015 թվականին, որպիսի ակտի գոյության մասին հայցվորն առնվազն տեղեկացել է 04.12.2015 թվականից: Նշված ժամկետում էլ վարչական ակտի հասցեատերն օգտվել է իր իրավունքների պաշտպանությունը վարչական կարգով իրացնելու հնարավորությունից և վարչական ակտն ընդունած մարմնից պահանջել է վերացնել իր իրավունքների վրա միջամտող ազդեցություն ունեցող վարչական ակտը: Նշված իրավունքի իրացման արդյունքում վերջինս վարչական մարմնից ստացել է մերժում, որն արտահայտված է եղել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի իրավաբանական վարչության պետի 16.12.2015 թվականի թիվ 07/Մ-8844 գրության մեջ, ըստ որի` Մհեր Մնացականյանին հայտնվել է, որ տեխնիկական խոտանի պատճառով հայցվող տեսագրությունները չեն պահպանվել, բացի այդ նշվել է, որ Մհեր Մնացականյանը կորցրել է նշված որոշումները օրենքով սահմանված կարգով ու ժամկետներում բողոքարկելու իրավունքը»: Միաժամանակ Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ «17.12.2015 թվականից հայցվոր Մհեր Մնացականյանը իրավունք է ունեցել խնդրո առարկա վարչական ակտի իրավաչափության հարցով իր իրավունքների պաշտպանության դատական ձևը իրացնել երկու ամսվա ընթացքում, այն է` մինչև 17.02.2016 թվականը: Մինչդեռ, Վերաքննիչ դատարանը փաստում է, որ իրավունքի պաշտպանությանն ուղղված քայլեր հայցվորի կողմից ձեռնարկվել են միայն 13.06.2016 թվականին, այսինքն` գրեթե 4 ամիս անց այն բանից հետո, երբ հայցվորի մոտ օրենքի ուժով դադարել է գործել դատական պաշտպանության իրավունքը, ինչը նշանակում է, որ վերջինս այլևս չի հանդիսացել խնդրո առարկա հայցի շրջանակներում Դատարան դիմելու իրավասություն ունեցող անձ»: Վերաքննիչ դատարանն արձանագրել է նաև, որ «հայցվորի կողմից Դատարան չի ներկայացվել ապացույց առ այն, որ օրենքով սահմանված ժամկետի ընթացքում ձեռնարկվել են իրենից կախված ողջամիտ ու բավարար միջոցներ դատարան դիմելու ուղղությամբ, սակայն իր կամքից անկախ պատճառներով նշված ժամկետը չի բավականացրել համապատասխան դատավարական գործողությունները կատարելու համար»:

Վերը նշված իրավական դիրքորոշումների լույսի ներքո համադրելով սույն գործի փաստերը և գնահատելով Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությունը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.

Տվյալ դեպքում սույն վարչական գործի հարուցման համար հիմք հանդիսացած հայցադիմումը, հայցադիմումին կից ներկայացված միջնորդությունը և կից փաստաթղթերը բավարար տեղեկություններ չեն պարունակում, որպեսզի հնարավոր լինի եզրահանգում անել վիճարկման հայցադիմումը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված երկամսյա ժամկետում ներկայացված լինելու կամ չլինելու վերաբերյալ: Այդուհանդերձ, հաստատված համարելով այն փաստը, որ հայցվորը բաց է թողել վիճարկման հայց ներկայացնելու ժամկետը, Վերաքննիչ դատարանը կարճել է գործի վարույթը` անտեսելով այն հանգամանքը, որ հայցվորի կողմից ներկայացված դատավարական ժամկետը հարգելի ճանաչելու վերաբերյալ միջնորդությունն ըստ էության մնացել է առանց քննարկման:

Վճռաբեկ դատարանի գնահատմամբ հայց ներկայացնելու համար օրենքով սահմանված ժամկետը բաց թողնված լինելու հիմքով սույն գործի վարույթը կարճելու հետևանքով ոչ իրավաչափորեն սահմանափակվել է դատարանի մատչելիության հայցվորի իրավունքը, քանի որ վերջինս զրկվել է բաց թողնված դատավարական ժամկետը հարգելի համարելու և վերականգնելու մասին նոր միջնորդություն ներկայացնելու կամ ներկայացված միջնորդության քննարկման արդյունքում դատական ակտ ակնկալելու ու ստանալու իրավունքից:

Ամփոփելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ տվյալ դեպքում վիճարկման հայց ներկայացնելու դատավարական ժամկետի բացթողնումը հարգելի համարելու և այն վերականգնելու վերաբերյալ ներկայացված միջնորդությունը Դատարանի կողմից քննարկված չլինելու ու այն բավարարելու կամ մերժելու վերաբերյալ որոշում կայացված չլինելու պարագայում Վերաքննիչ դատարանը չէր կարող վիճարկման հայցը դատավարական ժամկետի խախտմամբ ներկայացված լինելու պատճառաբանությամբ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 96-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիմքով կարճել սույն գործի վարույթը` ոչ իրավաչափորեն սահմանափակելով անձի դատական պաշտպանության, մասնավորապես դատարանի մատչելիության իրավունքը:

i

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը համարում է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 150-րդ, 152-րդ և 163-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու և գործը նոր քննության ուղարկելու համար:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` կողմը, որի դեմ կայացվել է վճիռ, կամ որի բողոքը մերժվել է, կրում է Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի` վկաներին և փորձագետներին վճարած գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նաև մյուս կողմի կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունը այն ծավալով, ինչ ծավալով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար: Դատական պաշտպանության այն միջոցի հետ կապված ծախսերը, որ իր նպատակին չի ծառայել, դրվում են այդ միջոցն օգտագործած կողմի վրա, անգամ եթե վճիռը կայացվել է այդ կողմի օգտին:

Վճռաբեկ դատարանը, նկատի ունենալով այն, որ վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման, իսկ գործն ուղարկվում է նոր քննության, որպիսի պարագայում դատական ծախսերի բաշխման հարցին հնարավոր չէ անդրադառնալ գործի քննության ներկա փուլում, գտնում է, որ այդ հարցը ենթակա է լուծման գործի նոր քննության ընթացքում:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-171-րդ հոդվածներով, 172-րդ հոդվածի 1-ին մասով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 06.06.2017 թվականի որոշումը և գործն ուղարկել ՀՀ վարչական դատարան` նոր քննության:

2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:

 

նախագահող և զեկուցող Ռ. Հակոբյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Ե. Խունդկարյան

Գ. Հակոբյան

Է. Սեդրակյան

Ն. Տավարացյան

 

Հրապարակման օրը` 13 հոկտեմբերի 2020 թվական:

 

 

pin
Վճռաբեկ դատարան
21.07.2020
N ՎԴ/3194/05/16
Որոշում