Սեղմել Esc փակելու համար:
{14.10.2020 - 02.11.2020} ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

{14.10.2020 - 02.11.2020} ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ, ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ ԵՎ ...

Ակտի տվյալ խմբագրությունը գործել է   14.10.2020  -ից մինչեւ   02.11.2020  -ը:     անցնել գործող խմբագրությանը
 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ,
ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ

 

31 օգոստոսի 2020 թվականի N 25-Ն

 

ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ, ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ ԵՎ ՀԱՏՈՒԿ ՊԵՏԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ 2020-2021 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՊԼԱՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(1-ին մաս)

 

Ղեկավարվելով «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջով`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հաստատել`

1) Հանրակրթական հիմնական ընդհանուր պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 2020-2021 ուսումնական տարվա օրինակելի ուսումնական պլանները` համաձայն Հավելված 1-ի:

2) Հանրակրթական հիմնական մասնագիտացված պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 2020-2021 ուսումնական տարվա օրինակելի ուսումնական պլանները` համաձայն Հավելված 2-ի:

3) Հանրակրթական հիմնական հատուկ պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 2020-2021 ուսումնական տարվա օրինակելի ուսումնական պլանները` համաձայն Հավելված 3-ի:

2. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ֆինանսաբյուջետային վարչությանը` հանրակրթական ուսումնական հաստատությունների ֆինանսավորումն իրականացնել` հիմք ընդունելով հաստատված օրինակելի ուսումնական պլանները:

3. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հանրակրթության վարչությանը` ապահովել ուսումնական հաստատությունների գործունեությունը` օրինակելի ուսումնական պլանների պահանջներին համապատասխան:

 

    Նախարար                                Ա. Հարությունյան

 

Հավելված 1

ՀՀ կրթության, գիտության,

մշակույթի և սպորտի նախարարի

2020 թվականի օգոստոսի 31-ի

N 25-Ն հրամանի

 

ՕՐԻՆԱԿԵԼԻ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՊԼԱՆՆԵՐ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԵՏԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ 2020-2021 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ

 

I. ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՊԼԱՆՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՐԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄՆԵՐ

 

1. Հանրակրթական հիմնական ընդհանուր պետական ծրագրեր իրականացնող հանրակրթական ուսումնական հաստատության (այսուհետ` Հաստատություն) 2020-2021 ուսումնական տարվա օրինակելի ուսումնական պլանները (այսուհետ` ՈՒսումնական պլան), բացառությամբ սույն հավելվածի 9-րդ աղյուսակի, ունեն երկու` պետական և դպրոցական բաղադրիչ: Պետական և դպրոցական բաղադրիչները պարտադիր են և պետական ուսումնական հաստատություններում ֆինանսավորվում են պետական բյուջեից: Հաստատությունը ՈՒսումնական պլանի հիման վրա դպրոցական բաղադրիչով սահմանված ժամաքանակի տնօրինմամբ հաստատում է տվյալ ուսումնական տարվա իր ուսումնական պլանը (ները):

2. Հաստատության ՈՒսումնական պլանը սահմանում է միջնակարգ կրթության բովանդակության կառուցվածքը, հանրակրթական ուսումնական առարկաներին հատկացվող շաբաթական ժամաքանակները` ըստ բաղադրիչների և հանրակրթական պետական ծրագրի նորմատիվային ծավալը (սովորողների շաբաթական ուսումնական բեռնվածության առավելագույն չափը)` ըստ դասարանների:

3. Պետական բաղադրիչով սահմանված ժամաքանակում փոփոխություն կարող է կատարվել միայն Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության (այսուհետ` Նախարարություն) համաձայնությամբ`

1) արտակարգ ընդունակություններ ունեցող սովորողների ուսուցումն առավել բարենպաստ պայմաններում կազմակերպելու համար,

2) բազմահամակազմ կամ թերբեռնված դասարանների առկայության դեպքում,

3) Նախարարության կողմից տվյալ Հաստատության համար երաշխավորված այլընտրանքային ծրագրերով ու մեթոդներով ուսուցում իրականացնելու դեպքում:

3. Ուսումնական պլանի դպրոցական բաղադրիչի ժամաքանակի տնօրինման կարգը սահմանված է`

1) «Հաստատության ուսումնական պլանների ընդհանրական պարզաբանումներ»-ում,

2) օտար լեզվի ընտրությունը` «Օտար լեզվի ընտրության կարգ»-ում:

i

4. Ուսումնական պարապմունքները Հաստատությունում սկսվում են 2020թ. սեպտեմբերի 14-ին, ավարտվում 2021թ. հունիսի 4-ին` 12-րդ դասարանների համար և հունիսի 18-ին 1-11-րդ դասարանների համար` ապահովելով առնվազն 30 ուսումնական շաբաթ` առաջին, 32` երկրորդ և 34` երրորդից տասներկուերորդ դասարանների համար: Բոլոր հանրակրթական ուսումնական հաստատություններում սահմանվում է 6-օրյա աշխատանքային շաբաթ:

(4-րդ կետը փոփ. 29.10.2020 թիվ 42-Ն հրաման)

5. Ուսումնական հաստատություններում կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթությունը կազմակերպվում է` սույն հրամանով հաստատված ուսումնական պլանների հիման վրա` յուրաքանչյուր սովորողի համար, ըստ անհրաժեշտության, կազմելով անհատական ուսուցման պլան (ԱՈՒՊ):

6. Ուսումնական պլանի պետական պարտադիր և դպրոցական բաղադրիչներն ուղղված են հանրակրթության պետական չափորոշչով, առարկայական չափորոշիչներով և ծրագրերով ամրագրված գիտելիքների, կարողությունների ու հմտությունների յուրացման ապահովմանը:

7. Հաստատությունում (2-12-րդ դասարաններ) գործում է սովորողների գնահատման 10 միավորային սանդղակ:

8. Գիտելիքների ստուգումների, հիմնական և միջնակարգ կրթության ավարտական և պետական ավարտական քննությունների ժամանակ կիրառվող գնահատման այլ սանդղակները բերվում են գնահատման 10 կամ 20 միավորային գրանցման:

9. Ուսումնական տարին բաժանվում է կիսամյակների: Սովորողների ընթացիկ գնահատականների հիման վրա ձևավորվում են կիսամյակային, իսկ կիսամյակային գնահատականների հիման վրա` տարեկան գնահատականները` բացառությամբ սույն հավելվածի 10-րդ կետով նախատեսված դեպքի:

10. Առաջին դասարանում սովորողներին ընթացիկ և ամփոփիչ գնահատականներ չեն նշանակվում. ընթացիկ գնահատումը կատարվում է բնութագրման միջոցով: Տարեկան ամփոփիչ գնահատման նպատակով կազմվում է յուրաքանչյուր սովորողի կրթական զարգացման բնութագիրը` համաձայն Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի` 2007 թվականի հոկտեմբերի 4-ի N 846-Ն հրամանով հաստատված կարգի:

11. Հաստատությունում խմբային ուսուցման կազմակերպման հիմնական ձևը դասն է: Դասի տևողությունը 45 րոպե է:

12. Տարրական դպրոցում յուրաքանչյուր դասաժամի միջնամասում որոշակի ժամանակ հատկացվում է լիցքաթափող և վերականգնող վարժություններին ու խաղերին` Նախարարության մեթոդական ցուցումների համաձայն:

i

13. Ուսումնական պարապմունքների ընթացքում 3-11-րդ դասարանների սովորողներին տրվում են արձակուրդներ` աշնանային` հոկտեմբերի 15-ից նոյեմբերի 12-ը ներառյալ, ձմեռային` 2020թ. դեկտեմբերի 28-ից 2021թ. հունվարի 10-ը ներառյալ, գարնանային արձակուրդ չի նախատեսվում:

(13-րդ կետը փոփ. 14.10.2020 թիվ 41-Ն, 29.10.2020 թիվ 42-Ն հրամաններ)

i

13.1 Ուսումնական պարապմունքների ընթացքում 12-րդ դասարանների սովորողներին տրվում են արձակուրդներ` աշնանային` 2020թ. հոկտեմբերի 15-ից հոկտեմբերի 28-ը ներառյալ, ձմեռային` 2020թ. դեկտեմբերի 28-ից 2021թ. հունվարի 10-ը ներառյալ, գարնանային արձակուրդ չի նախատեսվում:

(13.1-ին կետը լրաց. 29.10.2020 թիվ 42-Ն հրաման)

i

14. Առաջին դասարանցիների աշնանային արձակուրդները տրվում են 2020թ. հոկտեմբերի 15-ից նոյեմբերի 12-ը ներառյալ, ձմեռայինը` 2020թ. դեկտեմբերի 28-ից 2021թ. հունվարի 24-ը ներառյալ, գարնանայինը` 2021թ. մարտի 22-ից ապրիլի 4-ը ներառյալ:

(14-րդ կետը փոփ. 14.10.2020 թիվ 41-Ն, 29.10.2020 թիվ 42-Ն հրամաններ)

15. Երկրորդ դասարանցիների աշնանային արձակուրդները տրվում են 2020թ. հոկտեմբերի 15-ից նոյեմբերի 12-ը ներառյալ, ձմեռայինը` 2020թ. դեկտեմբերի 28-ից 2021թ. հունվարի 17-ը ներառյալ և գարնանայինը` 2021թ. մարտի 22-ից 28-ը ներառյալ:

(15-րդ կետը փոփ. 14.10.2020 թիվ 41-Ն, 29.10.2020 թիվ 42-Ն հրամաններ)

16. Նախարարության, տարածքային կառավարման լիազորված մարմնի (Երևանի քաղաքապետարանի, մարզպետարանների) (այսուհետ` Լիազոր մարմին) ենթակայության հաստատությունների համար սույն հրամանի սույն հավելվածի 13-րդ, 14-րդ և 15-րդ կետերով սահմանված արձակուրդների ժամկետներում Հաստատության առաջարկությամբ Լիազոր մարմնի կողմից կարող են կատարվել փոփոխություններ: Լիազոր մարմինը (մարզպետը, Երևանի քաղաքապետը) փոփոխությունները առնվազն 5 աշխատանքային օր առաջ համաձայնեցնում է Նախարարության հետ:

17. Հանրակրթական ուսումնական հաստատությունը անհաղթահարելի ուժի առաջացման դեպքում (եղանակային անբարենպաստ պայմաններ, սուր վարակիչ հիվանդությունների տարածում, տարերային աղետ և այլն), կրթության շարունակականությունը ապահովելու համար, կարող է հանրակրթական հիմնական կրթական ծրագրերը իրականացնել հեռավար ուսուցման ձևով` ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 20.05.2020թ. N 09-Ն հրամանի համաձայն:

18. Նախարարությունը անհաղթահարելի ուժի առաջացման դեպքում (եղանակային անբարենպաստ պայմաններ, սուր վարակիչ հիվանդությունների տարածում, տարերային աղետ և այլն) կարող է սահմանել լրացուցիչ արձակուրդ` բաց թողած ժամերը մինչև ուսումնական պարապմունքների ավարտը լրացնելու և ըստ Հաստատության ենթակայության` Լիազոր մարմնին տեղեկացնելու պայմանով: Անհաղթահարելի ուժի առաջացման դեպքում Հաստատության դիմումի հիման վրա Լիազոր մարմինը (մարզպետը, Երևանի քաղաքապետը) կարող է սահմանել լրացուցիչ արձակուրդ` այդ մասին 5 աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացնելով Նախարարությանը:

Նախարարության ենթակայության հաստատություններում սույն հավելվածի 13-րդ, 14-րդ և 15-րդ կետերով սահմանված արձակուրդների ժամկետների փոփոխությունները, ինչպես նաև Հաստատության կողմից լրացուցիչ արձակուրդի նախատեսումը կատարվում է Հաստատության նախաձեռնությամբ, Նախարարության համաձայնությամբ:

19. Ոչ պետական ուսումնական հաստատությունում արձակուրդների տևողությունը և ժամկետները, ինչպես նաև դրանցում կատարվող փոփոխությունները սահմանում է հիմնադիրը` այդ մասին 5 աշխատանքային օրվա ընթացքում տեղյակ պահելով Նախարարությանը:

20. Դպրոցական բաղադրիչի տնօրինման կարգ.

1) Դպրոցական բաղադրիչի ժամաքանակը հատկացվում է ՈՒսումնական պլանի պետական բաղադրիչով տվյալ դասարանի պետական պարտադիր առարկայացանկում նախատեսված և (կամ) Նախարարության կողմից երաշխավորված լրացուցիչ առարկայացանկում ընդգրկված առարկաներին, հոսքային կամ առանձին առարկաների խորացված ուսուցման ծրագրերի իրականացմանը և (կամ) սովորողների նախասիրություններին, ուսումնական հաստատության առանձնահատկություններին, համայնքի կարիքներին համապատասխան կրթություն կազմակերպելու նպատակով:

2) Դպրոցական բաղադրիչի ժամաքանակը պետական պարտադիր առարկաներին բաշխելու դեպքում ուսուցումն իրականացվում է սույն ՈՒսումնական պլանի միջնակարգ դպրոցի, ինչպես նաև ավագ դպրոցի հոսքերի ուսումնական պլանների հանրակրթական առարկաների համար նախատեսված ծրագրերով:

3) Նախարարության կողմից հաստատված ծրագրերով երաշխավորվում է «Կիրառական տնտեսագիտություն» (9-րդ դասարան), «Կյանքի հմտություններ» (2-8-րդ դասարաններ), «Բնապահպանություն» (7-8-րդ կամ 8-9-րդ դասարաններ), «Էկոլոգիա» (8-9-րդ դասարաններ), «Էներգիայի և ռեսուրսների օգտագործում» (7-րդ կամ 8-րդ դասարան), «Ֆերմերային գործ» (11-12-րդ դասարաններ), «Տրամաբանություն» (11-րդ դասարան), «Գրաբար» (7-րդ կամ 8-րդ և 11-րդ դասարաններ), «Հայոց եկեղեցու պատմություն» (2-4-րդ դասարաններ), «Հայկական հարցի պատմություն» (11-րդ դասարան), «Հոգեբանություն» (7-8-րդ դասարաններ), «Մշակույթի պատմություն» (7-9-րդ դասարաններ), «Տնտեսագիտության» (10-11-րդ դասարաններ), «Ձեռնարկատիրական կրթություն» (10-11-րդ դասարաններ) առարկաների ուսուցումը: Նշված առարկաների ուսուցումը այլ դասարաններում Հաստատության կողմից կարող է իրականացվել դրանց առարկայական ծրագրերը սահմանված կարգով Նախարարության կողմից հաստատվելուց հետո:

4) Հաստատությունը կարող է ներդնել նաև նոր առարկաներ (դասընթացներ)` դրանց ծրագրերը Նախարարության կողմից հաստատվելուց հետո:

5) Հաստատության ուսումնական պլանի դպրոցական բաղադրիչի ժամաքանակի բաշխումը կատարվում է մանկավարժական խորհրդի որոշմամբ` ելնելով Հաստատության, դասարանի պատրաստվածությունից, մանկավարժներով, ծրագրերով, դասագրքերով և երաշխավորված լրացուցիչ առարկայացանկի որևէ առարկայի լիարժեք ուսուցման կազմակերպման նպատակով ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից հանրակրթական ուսումնական հաստատությունների համար երաշխավորված այլ ուսումնական գրականությամբ ապահովվածությունից և ուսուցման կազմակերպման համար անհրաժեշտ այլ պայմաններից, ինչպես նաև Նախարարության հանձնարարականներից:

6) Դպրոցական բաղադրիչի ժամաքանակի բաշխումը պարտադիր է:

7) Դպրոցական բաղադրիչով սահմանված ժամաքանակի շրջանակում դասավանդվող առարկայացանկը ամրագրվում է Հաստատության ուսումնական պլանում և դասացուցակում:

21. ՈՒսումնական գործընթացի կազմակերպումը 12-րդ դասարանում.

1) 12-րդ դասարանի առաջին կիսամյակում ուսումնասիրվող հանրակրթական պետական ծրագրի ՈՒսումնական պլանի նորմատիվային ծավալը սահմանվում է շաբաթական 34 դասաժամ` ապահովելով 12-րդ դասարանի ուսումնական պլանով նախատեսված բոլոր առարկաների ուսումնասիրությունը:

2) Հաստատության 12-րդ դասարանի ուսումնական պլանով նախատեսված առարկաների ուսումնասիրությունն ավարտվում է 12-րդ դասարանի առաջին կիսամյակի վերջում` կիսամյակային (տարեկան) գնահատականով և (կամ) ամփոփիչ ատեստավորմամբ (պետական ավարտական քննությամբ), բացառությամբ «Նախնական զինվորական պատրաստություն» (ՆԶՊ) և սովորողի կողմից երկրորդ կիսամյակում ուսումնասիրության համար ընտրված առարկաների:

3) 12-րդ դասարանի երկրորդ կիսամյակում սովորողի շաբաթական ուսումնական բեռնվածությունը ձևավորվում է պարտադիր ուսումնասիրության «Նախնական զինվորական պատրաստություն» (ՆԶՊ) (1 ժամ) առարկայի և սովորողի ընտրությամբ առնվազն երեք առարկայի ուսումնառության համար հատկացված ժամաքանակից` ապահովելով առնվազն 31 դասաժամ:

4) Նորմատիվային 34 դասաժամի և սովորողի ուսումնական պարտադիր բեռնվածության 31 դասաժամի տարբերությունից մնացած 3 դասաժամը տնօրինում է սովորողը:

5) 12-րդ դասարանի երկրորդ կիսամյակում սովորողի կողմից ընտրված առարկաներին Հաստատության ուսումնական պլանով հատկացված ժամաքանակը տրվում է այդ առարկաների ուսումնական նյութի կրկնությանը: Ուսումնական նյութի կրկնությունը ինքնուրույն աշխատանքի միջոցով կարող է իրականացվել հեռավար կրթության տեխնոլոգիաների կիրառմամբ` Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 20 մայիսի 2020թ. N 09-Ն հրամանով սահմանված «Հանրակրթական ուսումնական հաստատություններում հեռավար (դիստանցիոն) կրթության կազմակերպման կարգի» համաձայն:

6) «Նախնական զինվորական պատրաստություն» (ՆԶՊ) և սովորողի կողմից ընտրված առարկաների ուսումնասիրությունը (կրկնությունը) ավարտվում է 12-րդ դասարանի երկրորդ կիսամյակի վերջում` կիսամյակային (տարեկան) գնահատականով և (կամ) պետական ավարտական քննությամբ:

7) 12-րդ դասարանի 2-րդ կիսամյակում ուսումնասիրության համար իրենց կողմից ընտրված ուսումնական առարկաների ցանկը Հաստատության սովորողները ընթացիկ ուսումնական տարվա առաջին կիսամյակում, մինչև դեկտեմբերի 1-ը գրավոր հայտնում են Հաստատության տնօրենին: Միասնական քննություններ հանձնող սովորողները ցանկում ներառում են նաև միասնական քննական առարկաները:

8) Եթե Հաստատության ուսումնական պլանով նախատեսված որևէ առարկա (ներ) դասարանի սովորողներից ոչ մեկը չի ընտրել, ապա այդ առարկային (ներին) ուսումնական պլանով հատկացված ժամաքանակը վերաբաշխվում է տվյալ դասարանի սովորողների կողմից ընտրված ուսումնական առարկաներին, և կազմվում է տվյալ դասարանի 2-րդ կիսամյակի ուսումնական պլանը:

9) Դասարանի ուսումնական պլանին համապատասխան` կազմվում է տվյալ դասարանի դասացուցակը:

10) Մեկից ավելի դասարանների առկայության դեպքում կարող են ձևավորվել միևնույն առարկան ուսումնասիրող զուգահեռ դասարանների սովորողներից կազմված ուսումնական խմբեր: Այդ դեպքում տվյալ ուսումնական առարկայից անհրաժեշտ գրանցումները կատարվում են առարկայական դասամատյանում: Կիսամյակային և տարեկան գնահատականներն այնուհետև փոխանցվում են դասարանի հիմնական դասամատյան:

11) 12-րդ դասարանի երկրորդ կիսամյակում սովորողի կողմից ընտրված առարկաների ուսումնական նյութի կրկնությունը սույն հավելվածի 20-րդ կետի 5-րդ ենթակետի պահանջներին համապատասխան կազմակերպվում է դասարանային (դասացուցակին համապատասխան) և արտադասարանային ինքնուրույն ուսումնական գործունեության տեսակներով:

12) Սովորողը մասնակցում է միայն իր ընտրած առարկաների դասարանային ուսումնական պարապմունքներին:

13) Եթե սովորողի կողմից ընտրած առարկաների դասարանային ուսուցման պարապմունքների ընդհանուր ժամաքանակը շաբաթվա ընթացքում պակաս է 31 դասաժամից, ապա պակաս ժամերի չափով նա մասնակցում է արտադասարանային ուսումնական պարապմունքներին:

14) Սովորողի արտադասարանային պարապմունքներին մասնակցության տևողությունը որոշվում է 31 ժամի և սովորողի դասացուցակային բեռնվածության տարբերությամբ:

15) Արտադասարանային պարապմունքներին սովորողի (ների) մասնակցությունը հաշվառվում է և գրանցվում համապատասխան մատյանում:

16) Արտադասարանային ինքնուրույն ուսումնական գործունեության տեսակներ են` ուսուցիչների կողմից տրված հանձնարարությունների կատարումը, լրացուցիչ ուսումնական գրականության և այլ աղբյուրների ուսումնասիրումը, գործնական և փորձնական աշխատանքների կատարումը, հիմնահարցերի հետազոտումը, ստեղծագործական աշխատանքը, տեխնիկական սարքերով և գործիքներով աշխատանքների կատարումը, գրավոր աշխատանքները, նոր տեխնոլոգիաների, համակարգչային ծրագրերի կիրառումը, անհատական և խմբային, ինքնուրույն և համագործակցային աշխատանքների կատարումը, ուսումնական էքսկուրսիաների անցկացումը և այլն:

17) Սովորողն իր տնօրինմանը հատկացված 3 ժամը կարող է օգտագործել կրթական այլ ծառայություններ ստանալու նպատակով` տվյալ Հաստատությունում կամ այլ հաստատություններում:

22. Օտար լեզվի ընտրության կարգ.

1) Հանրակրթական հիմնական ընդհանուր պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում դասավանդվում է երկու օտար լեզու, որոնցից առաջինը ռուսերենն է, երկրորդը` անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն կամ որևէ այլ լեզու:

2) Հաստատության ընտրությամբ երրորդ օտար լեզու (բացի ռուսերենից և մյուս օտար լեզվից) կարելի է դասավանդել դպրոցական բաղադրիչի ժամաքանակի հաշվին` 5-9-րդ դասարաններում (շաբաթական 1.5 կամ 2 ժամ) և 10-12-րդ դասարաններում (շաբաթական 2 ժամ)` Նախարարության կողմից հաստատված չափորոշիչների և ծրագրերի, ուսումնական գրականության հիման վրա, ուսուցման համար անհրաժեշտ պայմանների առկայության դեպքում:

3) Նախարարության կողմից` Հաստատության մանկավարժական խորհրդի և ըստ Հաստատության ենթակայության լիազոր մարմնի առաջարկությունների հիման վրա, կարող է փոխարինվել Հաստատությունում դասավանդվող երկրորդ օտար լեզուն (անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն և այլն) այլ օտար լեզվով, ինչպես նաև որոշվել նոր հիմնադրված Հաստատությունում դասավանդվող երկրորդ օտար լեզուն:

i

23. Հանրակրթական դպրոցի դասարանները կազմավորվում են ՀՀ կառավարության 30.08.2018թ. N 954-Ն որոշման համաձայն:

 

-----------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում

 

 

pin
Կրթության, գիտ, մշակ, սպորտ նախ.
31.08.2020
N 25-Ն
Հրաման