Սեղմել Esc փակելու համար:
«ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ՎԱՐՉԱԿ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ Մ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

    ՀՀ վարչական վերաքննիչ                  Վարչական գործ                  

    դատարանի որոշում                       թիվ ՎԴ/1473/05/17

    Վարչական գործ թիվ ՎԴ/1473/05/17        2020 թ.

Նախագահող դատավոր` Կ. Բաղդասարյան

    Դատավորներ`        Կ. Մաթևոսյան

                       Կ. Ավետիսյան

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

նախագահող Ռ. Հակոբյան

զեկուցող Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Ե. Խունդկարյան

Գ. Հակոբյան

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

Ն. Տավարացյան

 

2020 թվականի հուլիսի 03-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Հայկ Մուրադյանի ներկայացուցիչ Սևակ Մարաբյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 26.12.2018 թվականի որոշման դեմ, ըստ հայցի ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ` Կոմիտե) ընդդեմ Հայկ Մուրադյանի` պատասխանողից 10.583.343 ՀՀ դրամ բռնագանձելու պահանջի մասին, և ըստ հակընդդեմ հայցի Հայկ Մուրադյանի ընդդեմ Կոմիտեի` 03.10.2016 թվականի թիվ 750/8 որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Կոմիտեն պահանջել է Հայկ Մուրադյանից բռնագանձել 10.583.343 ՀՀ դրամ:

Հակընդդեմ հայցով դիմելով դատարան Հայկ Մուրադյանը պահանջել է անվավեր ճանաչել Կոմիտեի 03.10.2016 թվականի հարկ վճարողից ժամանակին չվճարված հարկային պարտավորությունների գծով վճարման ենթակա գումարը բռնագանձելու մասին թիվ 750/8 որոշումը:

ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Մ. Համբարձումյան) (այսուհետ` Դատարան) 14.02.2018 թվականի որոշմամբ թիվ ՎԴ/1473/05/17 վարչական գործի վարույթն ըստ հայցի Կոմիտեի ընդդեմ Հայկ Մուրադյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին և ըստ հակընդդեմ հայցի Հայկ Մուրադյանի ընդդեմ Կոմիտեի` 03.10.2016 թվականի թիվ 750/8 որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին, կարճվել է:

ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 26.12.2018 թվականի որոշմամբ Կոմիտեի վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակիորեն` Դատարանի 14.02.2018 թվականի որոշումը բեկանվել է, և գործն ուղարկվել է նույն դատարան` ամբողջ ծավալով նոր քննության:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Հայկ Մուրադյանի ներկայացուցիչը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 59-րդ և 60-րդ հոդվածները, «Փաստաթղթերի հատուկ առաքման մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 5-րդ, 6-րդ և 7-րդ մասերը, խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 61-րդ հոդվածը, 142-րդ հոդվածի 2-րդ մասը.

Իրավահարաբերության ծագման պահին գործող «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 29.1-ին հոդվածի 1-ին պարբերության և 29.2-րդ հոդվածի 1-ին պարբերության վերլուծությունից ուղղակիորեն հետևում է, որ հարկային մարմնի կողմից կայացված` հարկ վճարողից ժամանակին չվճարված գումարը գանձելու վերաբերյալ որոշման մասին պատշաճ ծանուցում է համարվում «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 59-րդ հոդվածով սահմանված կարգով` վարչական ակտի ընդունման մասին իրազեկելը:

Տվյալ դեպքում գործում առկա չէ որևէ ապացույց, որով կհաստատվի որոշումը «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով վարչական մարմնի կողմից Հայկ Մուրադյանին հանձնված լինելու հանգամանքը: Իսկ ինչ վերաբերում է որոշումը «Հայփոստ» ՓԲԸ-ի միջոցով Հայկ Մուրադյանի բնակության հասցեով` Կոտայքի մարզ, գյուղ Գետամեջ, 2-րդ փողոց, տուն 3 հասցեով ուղարկելուն, որը «մերժված» նշագրումով հետ է վերադարձվել, ապա այդ կապակցությամբ պետք է փաստել, որ դա չի կարող համարվել «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 59-րդ հոդվածով սահմանված կարգով իրազեկում և դրա հաջորդ օրվանից վարչական ակտը չի կարող համարվել ուժի մեջ մտած:

Վերաքննիչ դատարանը, վերլուծության ենթարկելով «Փաստաթղթերի հատուկ առաքման մասին» ՀՀ օրենքի 1-ին, 3-րդ, 4-րդ և 7-րդ հոդվածները և դրանք համադրելով սույն գործի փաստական հանգամանքների հետ, անհիմն հաստատված է համարել, որ որոշումը Հայկ Մուրադյանին է ուղարկվել նշված օրենքով սահմանված կարգով, ինչից էլ եզրակացրել է, որ Հայկ Մուրադյանն օրենքով սահմանված կարգով որոշման մասին իրազեկվել է, քանի որ վարչական ակտը ստանալուց հասցեատիրոջ հրաժարվելը հավասարեցվում է դրա մասին իրազեկվելու հետ և որոշումը, որի ստանալուց հրաժարվել է հասցեատերը, ուժի մեջ է մտել մերժման /իրազեկման/ հաջորդ օրվանից: Բացի այդ, Վերաքննիչ դատարանի կողմից փաստվել է, որ հասցեատիրոջ կողմից փոստով առաքված փաթեթը ստանալը և դա ստորագրությամբ հավաստելն օրենքի ուժով հանդիսանում է նրա պարտականությունը: Եթե հասցեատերը հրաժարվում է նշված օրինական պարտականության կատարումից, ապա պետք է համարել, որ վերջինս տեղեկացված է իր նկատմամբ ընդունված վարչական ակտի մասին և կանխատեսում է դրա` ուժի մեջ մտնելու և իրավական հետևանքներ առաջացնելու հնարավորությունը: Վերաքննիչ դատարանի վերը նշված դիրքորոշումը և կատարած եզրահանգումներն ամբողջությամբ անհիմն են և չեն բխում գործող օրենսդրության պահանջներից և էությունից: Սույն գործում բացակայում է որևէ ապացույց այն մասին, որ Կոմիտեն որոշումը դրա հասցեատիրոջը` Հայկ Մուրադյանին է ուղարկել «Փաստաթղթերի հատուկ առաքման մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով: Անգամ այդ օրենքով սահմանված կարգով ուղարկված լինելու պարագայում, պետք է նշել, որ որոշումը հասցեատիրոջն ուղարկվել է «Փաստաթղթերի հատուկ առաքման մասին» ՀՀ օրենքով սահմանված պահանջների և պայմանների խախտմամբ:

Բացի այդ, ինչպես նշվել է, Հայկ Մուրադյանը պատշաճ ծանուցված չի եղել 13.12.2018 թվականին տեղի ունեցած դատական քննության վերաբերյալ, քանի որ Հայկ Մուրադյանի ներկայացուցչի կողմից ստացված վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին 16.04.2018 թվականի որոշմամբ և կից ծանուցմամբ որպես գործի քննության օր նշված է եղել 2019 թվականի դեկտեմբերի 13-ը, այլ ոչ թե 2018 թվականի դեկտեմբերի 13-ը, ինչով էլ պայմանավորված է եղել 13.12.2018 թվականին տեղի ունեցած դատական նիստին Հայկ Մուրադյանի և նրա ներկայացուցչի բացակայությունը: ՈՒստի վերոգրյալից ակնհայտ է, որ Վերաքննիչ դատարանի կողմից խախտվել են ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 61-րդ հոդվածով, 142-րդ հոդվածի 2-րդ մասով ամրագրված նորմերը, ինչի արդյունքում Հայկ Մուրադյանը զրկվել է բողոքի քննությանը ներկա գտնվելու օրենքով ամրագրված հնարավորությունից, ինչի արդյունքում խախտվել է վերջինիս դատական պաշտպանության սահմանադրորեն երաշխավորված իրավունքը:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 26.12.2018 թվականի որոշումը:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1. Վերաքննիչ դատարանի 16.04.2018 թվականի որոշմամբ Կոմիտեի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքն ընդունվել է վարույթ և գործի քննությունը նշանակվել է 13.12.2019 թվականին ժամը 11:55-ին (հատոր 2-րդ գ.թ. 15-16).

2. Վերաքննիչ դատարանի 16.04.2018 թվականի որոշումը Հայկ Մուրադյանը ստացել է 20.05.2018 թվականին, իսկ վերջինիս ներկայացուցիչ Պարգև Սարոյանը` 16.05.2018 թվականին (հատոր 2-րդ գ.թ. 20, 22).

3. Դատական նիստի ձայնային արձանագրության համառոտագրության համաձայն` 13.12.2018 թվականի դատական նիստին դատավարության մասնակիցները չեն ներկայացել: Վերաքննիչ դատարանը, հիմք ընդունելով այն հանգամանքը, որ դատավարության մասնակիցները ծանուցվել են դատական նիստի ժամանակի և վայրի մասին, սակայն չեն ներկայացել, որոշել է նիստը շարունակել նրանց բացակայությամբ: Վերաքննիչ դատարանը 13.12.2018 թվականի դատական նիստով գործի քննությունը համարել է ավարտված և դատական ակտի հրապարակման օր է հայտարարել 26.12.2018 թվականին ժամը 12:58-ին (հատոր 2-րդ, գ.թ. 31-33):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

 

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում` նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այսինքն` Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 61-րդ հոդվածի կետի խախտման արդյունքում թույլ է տրվել դատական սխալ, որը խաթարել է արդարադատության բուն էությունը.

Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանը նմանատիպ գործերով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումների համատեքստում անհրաժեշտ է համարում անդրադառնալ դատական նիստի ժամանակի և վայրի մասին գործին մասնակցող անձանց պատշաճ ծանուցման հարցին:

ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:

ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքները և պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք (...):

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի համաձայն` դատարանը պարտավոր է ապահովել, որ կողմերն ունենան հավասար հնարավորություններ գործի քննության ամբողջ ընթացքում, ներառյալ` յուրաքանչյուր կողմին ընձեռել քննվող գործի վերաբերյալ իր դիրքորոշումը ներկայացնելու լիարժեք հնարավորություն:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 61-րդ հոդվածի համաձայն` ծանուցագրով դատական նիստի կամ առանձին դատավարական գործողություններ կատարելու ժամանակի և վայրի մասին տեղեկացվում են դատավարության մասնակիցները, վկաները, փորձագետները և թարգմանիչները:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` գործն ըստ էության լուծող դատական ակտի դեմ բերված վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշումն ուղարկելու հետ միաժամանակ բողոք բերող անձը և դատավարության մասնակիցները տեղեկացվում են գործի դատաքննության ժամանակի ու վայրի մասին:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 152-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի համաձայն` դատական ակտը բոլոր դեպքերում ենթակա է բեկանման, եթե` դատարանը գործը քննել է դատավարության մասնակիցներից որևէ մեկի բացակայությամբ, որը պատշաճ չի ծանուցվել նիստի ժամանակի և վայրի մասին:

Սույն գործի փաստերից հետևում է, որ Վերաքննիչ դատարանը 16.04.2018 թվականի «Վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին» որոշմամբ Կոմիտեի վերաքննիչ բողոքը ընդունել է վարույթ, և միաժամանակ նույն որոշմամբ բողոք բերող անձը և դատավարության մասնակիցը ծանուցվել են, որ գործի դատաքննությունը կիրականացվի 13.12.2019 թվականին ժամը 11:55-ին: Նշված որոշումը պատշաճ կարգով ուղարկվել է Կոմիտեին, Հայկ Մուրադյանին և վերջինիս ներկայացուցիչ Պարգև Սարոյանին:

Հետադարձ ծանուցման անդորրագրերի համաձայն` Վերաքննիչ դատարանի «Վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին» որոշումը, որով կողմերը տեղեկացվել են նաև նշանակված դատական նիստի ժամանակի և վայրի մասին, Հայկ Մուրադյանը ստացել է 20.05.2018 թվականին, իսկ վերջինիս ներկայացուցիչ Պարգև Սարոյանը` 16.05.2018 թվականին:

Սույն գործով Վերաքննիչ դատարանը դատական նիստը նշանակել է 13.12.2019 թվականին` ժամը 11:55-ին, որի վերաբերյալ դատավարության մասնակիցները պատշաճ կարգով ծանուցվել են: Սակայն Վերաքննիչ դատարանի դատական նիստը կայացել է 13.12.2018 թվականին, այնինչ սույն գործում առկա չէ որևէ ապացույց այն մասին, որ Վերաքննիչ դատարանը կողմերին պատշաճ ձևով տեղեկացրել է 13.12.2018 թվականին տեղի ունենալիք դատական նիստի ժամանակի և վայրի մասին, որի արդյունքում դատավարության մասնակցին զրկել է Վերաքննիչ դատարանում հանդես գալու և իր իրավունքները պաշտպանելու հնարավորությունից: Ընդ որում, դատական նիստը նշանակված օրը չանցկացնելն իմաստազուրկ է դարձնում տվյալ նիստի վերաբերյալ ծանուցման ուղղությամբ դատարանի կատարած գործողությունները:

Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված` դատական նիստի ժամի և վայրի մասին վարչական դատավարության մասնակիցների տեղեկանալու իրավունքը և դատարանի տեղեկացնելու պարտականությունն ուղղակիորեն կապված են ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված օրենքի առջև բոլորի հավասարության համընդհանուր սկզբունքի և դրանից բխող ու ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով սահմանված` գործի քննության ընթացքում կողմերին քննվող գործի վերաբերյալ իրենց դիրքորոշումը ներկայացնելու հավասար հնարավորությունների ընձեռման անհրաժեշտության սկզբունքի հետ:

Նշված սկզբունքն ամբողջ ծավալով կարող է իրականացվել միայն այն դեպքում, երբ վարչական դատավարության մասնակիցներից յուրաքանչյուրի համար ապահովված է դատական նիստին ներկա գտնվելու հնարավորություն: Այդ իսկ պատճառով դատական նիստի օրվա, ժամի և վայրի մասին վարչական դատավարության մասնակիցների իրազեկումը դատարանի պարտականությունն է, որի չպահպանումը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 152-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի իմաստով դատավարական իրավունքի նորմի էական խախտում է:

Բողոք բերած անձի` դատավարական իրավունքի նման եղանակով խախտման պայմաններում Վճռաբեկ դատարանը վճռաբեկ բողոքի մյուս հիմքին հնարավոր չի համարում անդրադառնալ:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 150-րդ, 152-րդ, 163-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու և գործը նոր քննության ուղարկելու համար:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` կողմը, որի դեմ կայացվել է վճիռ, կամ որի բողոքը մերժվել է, կրում է Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի` վկաներին և փորձագետներին վճարած գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նաև մյուս կողմի կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունը այն ծավալով, ինչ ծավալով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար: Դատական պաշտպանության այն միջոցի հետ կապված ծախսերը, որ իր նպատակին չի ծառայել, դրվում են այդ միջոցն օգտագործած կողմի վրա, անգամ եթե վճիռը կայացվել է այդ կողմի օգտին:

Վճռաբեկ դատարանը, նկատի ունենալով այն, որ վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման, իսկ գործն ուղարկվում է նոր քննության, որպիսի պարագայում դատական ծախսերի բաշխման հարցին հնարավոր չէ անդրադառնալ գործի քննության ներկա փուլում, գտնում է, որ այդ հարցը ենթակա է լուծման գործի նոր քննության ընթացքում:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-171-րդ հոդվածներով, 172-րդ հոդվածի 1-ին մասով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 26.12.2018 թվականի որոշումը և գործն ուղարկել ՀՀ վերաքննիչ վարչական դատարան` նոր քննության:

2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:

 

Նախագահող Ռ. Հակոբյան

Զեկուցող Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Ե. Խունդկարյան

Գ. Հակոբյան

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

Ն. Տավարացյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
03.07.2020
N ՎԴ/1473/05/17
Որոշում