Սեղմել Esc փակելու համար:
2020 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 3-ԻՆ ՄՈՍԿՎԱ ՔԱՂ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

2020 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 3-ԻՆ ՄՈՍԿՎԱ ՔԱՂԱՔՈՒՄ ՍՏՈՐԱԳՐ ...

 

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ

 

2020 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 3-ԻՆ ՄՈՍԿՎԱ ՔԱՂԱՔՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ «ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՆՇԱՆՆԵՐԻ, ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՆՇԱՆՆԵՐԻ ԵՎ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԾԱԳՄԱՆ ՏԵՂԱՆՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Քաղ. Երևան 1 դեկտեմբերի 2020 թ.

 

Սահմանադրական դատարանը` կազմով. Ա. Դիլանյանի (նախագահող), Վ. Գրիգորյանի, Հ. Թովմասյանի, Ա. Թունյանի, Ա. Խաչատրյանի, Ե. Խունդկարյանի, Է. Շաթիրյանի, Ա. Պետրոսյանի, Ա. Վաղարշյանի,

համաձայն Սահմանադրության 168-րդ հոդվածի 3-րդ կետի, 169-րդ հոդվածի 3-րդ մասի, ինչպես նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 23, 40 և 74-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2020 թվականի փետրվարի 3-ին Մոսկվա քաղաքում ստորագրված «Եվրասիական տնտեսական միության ապրանքային նշանների, սպասարկման նշանների և ապրանքների ծագման տեղանունների մասին» պայմանագրում ամրագրված պարտավորությունների` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Կառավարությունն իր` 2020 թվականի օգոստոսի 27-ի N 1401-Ա որոշմամբ 2020 թվականի փետրվարի 3-ին Մոսկվա քաղաքում ստորագրված «Եվրասիական տնտեսական միության ապրանքային նշանների, սպասարկման նշանների և ապրանքների ծագման տեղանունների մասին» պայմանագրում ամրագրված պարտավորությունների` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու նպատակով դիմել է Սահմանադրական դատարան: Հիշյալ որոշումը Սահմանադրական դատարան է ներկայացվել 2020 թվականի սեպտեմբերի 4-ին:

Գործի քննության առիթը Կառավարության` 2020 թվական սեպտեմբերի 4-ին Սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է:

Ուսումնասիրելով վերոնշյալ պայմանագիրը, սույն գործով Կառավարության ներկայացուցչի գրավոր բացատրությունը և գործում առկա այլ փաստաթղթերը` Սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

1. Պայմանագիրը ստորագրվել է 2020 թվականի փետրվարի 3-ին Մոսկվա քաղաքում` Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների (այսուհետ` անդամ պետություններ) տարածքներում Եվրասիական տնտեսական միության ապրանքային նշանների, սպասարկման նշանների և ապրանքների ծագման տեղանունների իրավական պահպանությունն ապահովելու նպատակով:

2. Պայմանագրի կատարման համար պատասխանատու մարմինն է Էկոնոմիկայի նախարարությունը:

3. Պայմանագրով կարգավորվում են Եվրասիական տնտեսական միության (այսուհետ` Միություն) ապրանքային նշանների, սպասարկման նշանների և ապրանքների ծագման տեղանունների գրանցման, իրավական պահպանության և օգտագործման կապակցությամբ ծագող հարաբերությունները, և Պայմանագիրը չի կիրառվում հավաստագրային և երաշխիքային նշանների, ինչպես նաև այն նիշերի նկատմամբ, որոնք չեն կարող ներկայացվել գրաֆիկական տեսքով:

Միության ապրանքային նշանի, սպասարկման նշանի և ապրանքի ծագման տեղանվան գրանցումը յուրաքանչյուր անդամ պետությունում ունի ապրանքային նշանի, սպասարկման նշանի և ապրանքի ծագման տեղանվան ազգային գրանցման ուժ:

4. Միության ապրանքային նշանի նկատմամբ բացառիկ իրավունքը գործում է Միության ապրանքային նշանների միասնական գրանցամատյանում այն գրանցելու թվականից մինչև 10 տարին լրանալը, որը հաշվարկվում է Միության ապրանքային նշանի հայտը ներկայացնելու թվականից: Բացառիկ իրավունքի գործողության ժամկետը կարող է ներկայացման գերատեսչության կողմից 10 տարով երկարաձգվել` Հրահանգով սահմանված կարգով այդ իրավունքի գործողության վերջին տարվա ընթացքում իրավատիրոջ կողմից ներկայացված դիմումի համաձայն:

Միության ապրանքային նշանի նկատմամբ բացառիկ իրավունքի գործողության ժամկետը կարող է անսահմանափակ անգամ երկարաձգվել:

5. Պայմանագրով Հայաստանի Հանրապետությունը ստանձնում է, մասնավորապես, հետևյալ պարտավորությունները.

5.1. երաշխավորել իրավատիրոջ բացառիկ իրավունքը անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան օգտագործելու Միության ապրանքային նշանը և տնօրինելու այդ բացառիկ իրավունքը, ինչպես նաև իրավատիրոջ իրավունքն այլ անձանց արգելելու նույնատիպ ապրանքների համար Միության ապրանքային նշանի կամ դրան շփոթելու աստիճան նման նիշի օգտագործումը (հոդված 3, կետ 1, պարբերություն 1),

5.2. արգելել առանց իրավատիրոջ թույլտվության նույնատիպ ապրանքների համար օգտագործելու անդամ պետությունների տարածքներում պահպանվող Միության ապրանքային նշանը կամ դրան շփոթելու աստիճան նման նիշը (հոդված 3, կետ 1, պարբերություն 2),

5.3 իրավատիրոջ միջնորդությամբ Միության ապրանքային նշանի նկատմամբ բացառիկ իրավունքի գործողության ժամկետը լրանալուց հետո, նրան տալ 6 ամիս` Պայմանագրի 3-րդ հոդվածի 2-րդ կետի երկրորդ նախադասությունում նշված դիմումը ներկայացնելու համար` Հայաստանի Հանրապետության ներկայացման գերատեսչության` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված չափով լրացուցիչ տուրք վճարելու պայմանով (հոդված 3, կետ 3, պարբերություն 3),

5.4. Միության ապրանքային նշանի նկատմամբ բացառիկ իրավունքի խախտման համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսել նույնպիսի պատասխանատվություն, ինչպիսին նախատեսված է Հայաստանի Հանրապետությունում գրանցված ապրանքային նշանի նկատմամբ բացառիկ իրավունքի խախտման համար (հոդված 3, կետ 5),

5.5. ապահովել, որ Հայաստանի Հանրապետության ներկայացման գերատեսչությունը Միության ապրանքային նշանի հայտն ստանալու թվականից մեկ ամսվա ընթացքում ստուգի ներկայացված հայտի ձևակերպման և տուրքի վճարման ճշտությունը` Պայմանագրի 4-րդ հոդվածի և Հրահանգի պահանջներին համապատասխան, ինչպես նաև Միության ապրանքային նշանի հայտը ներկայացնելու թվականը սահմանելու համար անհրաժեշտ փաստաթղթերի և տեղեկությունների առկայությունը, այդ թվում` ապրանքների ցանկի կազմման ու դրանց դասակարգման ճշտությունը, ինչպես նաև ապահովել, որ հայտում Պայմանագրի 4-րդ հոդվածի 2-րդ կետում նշված տարրերից որևէ մեկի բացակայության դեպքում Հայաստանի Հանրապետության ներկայացման գերատեսչությունը որոշում ընդունի Միության ապրանքային նշանի հայտի` քննարկման համար ընդունումը մերժելու մասին (հոդված 6, կետեր 1 և 2),

5.6. ապահովել, որ Պայմանագրի 4-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ կետերում նշված` հայտի նյութերի սխալ ձևակերպման, կամ Պայմանագրի 4-րդ հոդվածի 4-րդ կետում նշված փաստաթղթի կամ Հրահանգով նախատեսված այլ փաստաթղթերի բացակայության կամ ոչ ճիշտ ձևակերպման դեպքում Հայաստանի Հանրապետության ներկայացման գերատեսչությունը հայտատուին հարցում ուղարկի` հարցումն ուղարկելու թվականից եռամսյա ժամկետում` պակասող փաստաթղթերը ներկայացնելու և (կամ) նշված թերությունները վերացնելու մասին (հոդված 6, կետ 3, պարբերություն 1),

5.7. ապահովել, որ հայտարկված նիշի փորձաքննությունն անցկացնելու համար տուրքերի վճարումը հաստատող փաստաթղթերն ստանալու թվականից 5 աշխատանքային օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության ներկայացման գերատեսչությունն այլ անդամ պետությունների ազգային արտոնագրային գերատեսչություններ ուղարկի Միության ապրանքային նշանի հրապարակված հայտը և հայտարկված նիշի փորձաքննությունն անցկացնելու համար տուրքերի վճարումը հաստատող փաստաթղթերը (հոդված 6, կետ 9),

5.8. երաշխավորել, որ Միության ապրանքային նշանի հրապարակված հայտը և հայտարկված նիշի փորձաքննությունն անցկացնելու համար տուրքերի վճարումը հաստատող փաստաթղթերը Հայաստանի Հանրապետության ներկայացման գերատեսչության կողմից ուղարկվելու թվականից 6 ամսվա ընթացքում Հայաստանի Հանրապետության արտոնագրային գերատեսչությունների, այդ թվում` Հայաստանի Հանրապետության ներկայացման գերատեսչության կողմից անցկացվի փորձաքննություն, որի ընթացքում կստուգվի Միության ապրանքային նշանի գրանցումը մերժելու համար Պայմանագրի 8-րդ հոդվածի 1-5-րդ կետերով նախատեսված հիմքերի առկայությունը (հոդված 9, կետ 1),

5.9. երաշխավորել, որ հայտատուի միջնորդությունը ներկայացնելու և քննարկելու, ինչպես նաև ապրանքային նշանի գրանցման ազգային հայտի փորձաքննություն անցկացնելու համար տուրք չգանձվի (հոդված 9, կետ 9, պարբերություն 5),

5.10. ապահովել, որ Միության ապրանքային նշանի գրանցման մասին որոշման հիման վրա Հայաստանի Հանրապետության ներկայացման գերատեսչությունը Միության ապրանքային նշանի գրանցման և Միության ապրանքային նշանի վկայագրի տրամադրման համար տուրքի վճարումը հաստատող փաստաթուղթը հայտատուի կողմից ներկայացվելու օրվանից 5 աշխատանքային օրվա ընթացքում Միության ապրանքային նշանների միասնական գրանցամատյանում գրանցի Միության ապրանքային նշանը և տրամադրի Միության ապրանքային նշանի վկայագիրը (հոդված 13, կետ 1, պարբերություն 1),

5.11. ճանաչել Պայմանագրի 13-րդ հոդվածի 5-րդ կետի 1-ին պարբերության համաձայն ձևակերպված քաղվածքի հավասար իրավաբանական ուժը Հայաստանի Հանրապետության տարածքում (հոդված 13, կետ 5, պարբերություն 2),

5.12. ապահովել, որ Հայաստանի Հանրապետության արտոնագրային գերատեսչությունը ապրանքային նշանների միասնական գրանցամատյանում նշում կատարի Միության ապրանքային նշանը Միության ապրանքային նշանների միասնական գրանցամատյանում գրանցելու և նախորդող ազգային գրանցումն այդ գրանցմամբ փոխարինելու մասին` առանց անդամ պետություններից յուրաքանչյուրում այդ նախորդող գրանցման ուժով ձեռքբերված իրավունքների ոտնահարման (հոդված 14, պարբերություն 3),

5.13. ապահովել, որ Միության ապրանքային նշանի իրավական պահպանությունը անվավեր չճանաչվի Պայմանագրի 15-րդ հոդվածին համապատասխան կամ չդադարեցվի Պայմանագրի 16-րդ հոդվածի 1-ին կետի 3-6-րդ ենթակետերով նախատեսված հիմքերով` առանց ապրանքային նշանի նկատմամբ բացառիկ իրավունքը պաշտպանելու համար իրավատիրոջը իր իրավունքներն այն անդամ պետության օրենսդրությամբ սահմանված ժամկետներում պաշտպանելու հնարավորություն տրամադրելու, որտեղ ներկայացվել է առարկությունը (բողոքը) կամ դիմումը (հոդված 16, կետ 4),

5.14. երաշխավորել Միության ապրանքային նշանի նկատմամբ բացառիկ իրավունքի իրավատիրոջ տնօրինման իրավունքը (հոդված 18, կետ 1),

5.15. չթույլատրել Միության ապրանքի ծագման տեղանվան օգտագործման իրավունքի վկայագիր չունեցող անձանց կողմից Միության ապրանքի ծագման գրանցված տեղանվան օգտագործումը, նույնիսկ եթե այդ դեպքում նշվում է ապրանքի ծագման իսկական վայրը, կամ անվանումն օգտագործվում է թարգմանաբար, գրադարձված և տառադարձված կամ այնպիսի բառերի զուգակցմամբ, ինչպիսիք են «տեսակ», «տիպ», «ոճով», «եղանակ», «նմանակում», «մեթոդ» և նմանատիպ բառերը, ինչպես նաև նման նիշի օգտագործումը ցանկացած ապրանքի համար, որն ապրանքի ծագման վայրի և առանձնահատուկ հատկանիշների վերաբերյալ կարող է սպառողին մոլորության մեջ գցել (հոդված 22, կետ 2),

5.16. անդամ պետությունների հետ իրականացնել մինչև Պայմանագիրն ուժի մեջ մտնելը գրանցված ապրանքի ծագման տեղանունների` համապատասխան հայկական գրանցամատյանների տեղեկությունները պարունակող ցանկերի փոխանակումը (հոդված 23, կետ 1),

5.17. Միության ապրանքային նշանի հայտերով և Միության ապրանքի ծագման տեղանվան հայտերով էլեկտրոնային գործավարության միասնական համակարգ ստեղծելու նպատակով ապահովել յուրաքանչյուր նման հայտի համար միասնական էլեկտրոնային գործ բացելու և արտոնագրային գերատեսչությունների տեղեկատվական փոխգործակցության համակարգ ստեղծելու համար անհրաժեշտ միջոցառումների կատարումը (հոդված 24, կետ 2),

5.18. սահմանել Պայմանագրին համապատասխան Միության ապրանքային նշանների և Միության ապրանքների ծագման տեղանունների գրանցման, իրավական պահպանության և օգտագործման դեպքում իրավաբանական նշանակություն ունեցող գործողությունների տեսակները, ինչպես նաև իրավաբանական նշանակություն ունեցող այդ գործողությունների կատարման ժամանակ վճարվող տուրքերի չափերը` ելնելով Միության ապրանքային նշանների և Միության ապրանքների ծագման տեղանունների գրանցման, իրավական պահպանության և օգտագործման դեպքում իրավաբանական նշանակություն ունեցող գործողությունների տեսակների ցանկից և իրավաբանական նշանակություն ունեցող այդ գործողությունների կատարման համար տուրքերի դրույքաչափերից, որոնք հաստատվում են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի կողմից (հոդված 25, կետ 1),

5.19. Միության ապրանքային նշանների և Միության ապրանքների ծագման տեղանունների գրանցման, իրավական պահպանության և օգտագործման դեպքում իրավաբանական նշանակություն ունեցող գործողությունների կատարման ժամանակ վճարվող տուրքերի չափերի առնչությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրության մեջ փոփոխությունների կատարումն իրականացնել տուրքերի դրույքաչափերի փոփոխությունների հիման վրա, որոնք հաստատվում են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի կողմից (հոդված 25, կետ 2),

5.20. դիվանագիտական ուղիներով Եվրասիական տնտեսական հանձնաժողովին տեղեկացնել Պայմանագրի կատարման համար պատասխանատու պետական մարմինների (կազմակերպությունների) մասին (հոդված 29, կետ 2, պարբերություն 2),

5.21. Եվրասիական տնտեսական հանձնաժողովին գրավոր ծանուցել Պայմանագրի 25-րդ հոդվածի 1-ին կետին համապատասխան իրավաբանական նշանակություն ունեցող գործողությունների տեսակները և տուրքերի չափերը Հայաստանի Հանրապետության օրենսդրության մեջ սահմանելու մասին (հոդված 29, կետ 3):

6. Սահմանադրական դատարանը գտնում է, որ Պայմանագրով Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունները համահունչ են Սահմանադրության 13-րդ հոդվածով ամրագրված` միջազգային իրավունքի հիման վրա պետությունների հետ բարիդրացիական, փոխշահավետ հարաբերությունների հաստատմանն ուղղված` արտաքին քաղաքականության իրականացման նպատակներին:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Սահմանադրության 168-րդ հոդվածի 3-րդ կետով, 170-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 63, 64 և 74-րդ հոդվածներով` Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

1. 2020 թվականի փետրվարի 3-ին Մոսկվա քաղաքում ստորագրված` «Եվրասիական տնտեսական միության ապրանքային նշանների, սպասարկման նշանների և ապրանքների ծագման տեղանունների մասին» պայմանագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Սահմանադրությանը:

2. Սահմանադրության 170-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

    ՆԱԽԱԳԱՀՈՂ                              Ա. ԴԻԼԱՆՅԱՆ

 

1 դեկտեմբերի 2020 թվականի

ՍԴՈ-1563

 

Հրապարակվել է պաշտոնական կայքէջում` 1 դեկտեմբերի 2020 թվական:

 

 

pin
ՀՀ Սահմանադրական դատարան
01.12.2020
N ՍԴՈ-1563
Որոշում