ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ
2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-ԻՆ ՍԱՆԿՏ ՊԵՏԵՐԲՈՒՐԳՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` «ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾԽԱԽՈՏԱՅԻՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԱԿՑԻԶՆԵՐԻ ՄԱՍՈՎ ՀԱՐԿԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
| Քաղ. Երևան |
8 դեկտեմբերի 2020 թ. |
Սահմանադրական դատարանը` կազմով. Ա. Դիլանյանի (նախագահող), Ա. Թունյանի, Ա. Խաչատրյանի, Ե. Խունդկարյանի, Է. Շաթիրյանի, Ա. Վաղարշյանի,
մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)`
Կառավարության ներկայացուցիչ` ֆինանսների նախարարի տեղակալ Ա. Պողոսյանի,
համաձայն Սահմանադրության 168-րդ հոդվածի 3-րդ կետի, 169-րդ հոդվածի 3-րդ մասի, ինչպես նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 23, 40 և 74-րդ հոդվածների,
դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2019 թվականի դեկտեմբերի 19-ին Սանկտ Պետերբուրգում ստորագրված` «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների ծխախոտային արտադրանքի ակցիզների մասով հարկային քաղաքականության իրականացման սկզբունքների մասին» համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
Կառավարությունն իր` 2020 թվականի հունիսի 18-ի N 995-Ա որոշմամբ «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների ծխախոտային արտադրանքի ակցիզների մասով հարկային քաղաքականության իրականացման սկզբունքների մասին» համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու նպատակով դիմել է Սահմանադրական դատարան: Հիշյալ որոշումը վարչապետը Սահմանադրական դատարան է ներկայացրել 2020 թվականի հունիսի 25-ին:
Գործի քննության առիթը Կառավարության` 2020 թվականի հունիսի 25-ին Սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է:
Ուսումնասիրելով սույն գործով վերոնշյալ համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը` Սահմանադրական դատարանը պարզեց.
1. «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների ծխախոտային արտադրանքի ակցիզների մասով հարկային քաղաքականության իրականացման սկզբունքների մասին» համաձայնագիրը (այսուհետ` Համաձայնագիր) ստորագրվել է 2019 թվականի դեկտեմբերի 19-ին Սանկտ Պետերբուրգում` Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ծխախոտային արտադրանքի շուկայի գործունեության և ծխախոտային արտադրանքի շրջանառության ոլորտում մրցակցային միջավայրի զարգացման համար պայմաններ ստեղծելու նպատակով:
2. Հայաստանի Հանրապետությունը, փոխադարձության հիման վրա, Համաձայնագրով ստանձնում է, մասնավորապես, հետևյալ պարտավորությունները.
- ծխախոտային արտադրանքի համար ակցիզների դրույքաչափերի ներդաշնակեցումը (մոտարկումը) իրականացնել Համաձայնագրի 2-րդ հոդվածում սահմանված սկզբունքներին համապատասխան (Հոդված 2),
- ծխախոտային արտադրանքի համար ակցիզների դրույքաչափերի ներդաշնակեցումը (մոտարկումը) իրականացնելու նպատակով սահմանել ակցիզների միասնական ինդիկատիվ դրույքաչափ (այսուհետ` ինդիկատիվ դրույքաչափ), ինդիկատիվ դրույքաչափի մակարդակին հասնելու 5-ամյա ժամանակահատված, ինդիկատիվ դրույքաչափից ակցիզների փաստացի դրույքաչափերի շեղման տարեկան տիրույթներ (Հոդված 3, կետ 1),
- ոչ ուշ, քան Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (այսուհետ` Հանձնաժողով) կոլեգիային առընթեր հարկային քաղաքականության ու վարչարարության հարցերով խորհրդատվական մարմնի աշխատանքների շրջանակներում ինդիկատիվ դրույքաչափի կիրառման ժամանակահատվածի ավարտից երկու տարի առաջ մշակել առաջարկություններ` ինդիկատիվ դրույքաչափի կիրառման հաջորդ ժամկետի համար ծխախոտային արտադրանքի համար ակցիզների դրույքաչափերի ներդաշնակեցման (մոտարկման) միջոցների վերաբերյալ (Հոդված 3, կետ 4),
- ապահովել, որ 2024 թվականին սիգարետների համար կիրառվեն ազգային արժույթով ինդիկատիվ դրույքաչափ` 1000 հատի համար 35 եվրոյին համարժեք չափով (Հոդված 4, կետ 1),
- յուրաքանչյուր տարի` մինչև օգոստոսի 1-ը, Հանձնաժողով ներկայացնել ՀՀ օրենսդրությանը համապատասխան սահմանման համար պլանավորվող` հերթական օրացուցային (բյուջետային) տարվա համար ծխախոտային արտադրանքի համար ակցիզների դրույքաչափերի մասին տեղեկատվությունը, ինչպես նաև միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում ակցիզների պլանավորվող դրույքաչափերի մասին տեղեկատվությունը (առկայության դեպքում) (Հոդված 5, կետ 2),
- Միության մաքսային տարածքում առանց ակցիզների և այլ անուղղակի հարկերի վճարման ծխախոտային արտադրանքի իրացումը կանխելու նպատակով սահմանել ՀՀ և մյուս անդամ պետությունների լիազոր մարմինների միջև վարչական համագործակցության կարգը (այդ թվում` Միության շրջանակներում համապատասխան միջազգային համաձայնագրեր կնքելու միջոցով) (Հոդված 7):
3. Սահմանադրական դատարանը գտնում է, որ Համաձայնագրով Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունները համահունչ են Սահմանադրության 13-րդ հոդվածով ամրագրված` միջազգային իրավունքի հիման վրա պետությունների հետ բարիդրացիական, փոխշահավետ հարաբերությունների հաստատմանն ուղղված` արտաքին քաղաքականության իրականացման նպատակներին:
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Սահմանադրության 168-րդ հոդվածի 3-րդ կետով, 170-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 63, 64 և 74-րդ հոդվածներով` Սահմանադրական դատարանը որոշեց.
1. 2019 թվականի դեկտեմբերի 19-ին Սանկտ Պետերբուրգում ստորագրված` «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների ծխախոտային արտադրանքի ակցիզների մասով հարկային քաղաքականության իրականացման սկզբունքների մասին» համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Սահմանադրությանը:
2. Սահմանադրության 170-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
Նախագահող Ա. Դիլանյան
8 դեկտեմբերի 2020 թվականի
ՍԴՈ-1569
Հրապարակվել է պաշտոնական կայքէջում` 9 դեկտեմբերի 2020 թվական: