Սեղմել Esc փակելու համար:
«ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-Ի ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ Վ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-Ի ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀՀ ՔԱՂԱՔԱ ...

 

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ

 

«ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-Ի ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 339-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 5-ՐԴ ՄԱՍԻ, ԴՐԱ ՀԵՏ ՀԱՄԱԿԱՐԳԱՅԻՆ ԱՌՈՒՄՈՎ ՓՈԽԿԱՊԱԿՑՎԱԾ «ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՀԱՇՏԱՐԱՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 16-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ` ԴՐԱՆՑ ԻՐԱՎԱԿԻՐԱՌ ՊՐԱԿՏԻԿԱՅՈՒՄ ՏՐՎԱԾ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅԱՄԲ, ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Քաղ. Երևան 8 դեկտեմբերի 2020 թ.

 

Սահմանադրական դատարանը` կազմով. Ա. Դիլանյանի (նախագահող), Ա. Թունյանի, Ա. Խաչատրյանի, Ե. Խունդկարյանի, Է. Շաթիրյանի, Ա. Վաղարշյանի,

մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)`

դիմողի` «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» բաց բաժնետիրական ընկերության,

գործով որպես պատասխանող կողմ ներգրավված` Ազգային ժողովի պաշտոնական ներկայացուցիչ` Ազգային ժողովի աշխատակազմի իրավական ապահովման և սպասարկման բաժնի պետ Կ. Մովսիսյանի,

համաձայն Սահմանադրության 168-րդ հոդվածի 1-ին կետի, 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի, ինչպես նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 22, 40, 41 և 69-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ի դիմումի հիման վրա` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 339-րդ հոդվածի 5-րդ մասի, դրա հետ համակարգային առումով փոխկապակցված «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի` դրանց իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությամբ, Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Քաղաքացիական դատավարության օրենսգիրքը (այսուհետ` Օրենսգիրք) Ազգային ժողովի կողմից ընդունվել է 2018 թվականի փետրվարի 9-ին, Հանրապետության նախագահի կողմից ստորագրվել` 2018 թվականի փետրվարի 27-ին և ուժի մեջ է մտել 2018 թվականի ապրիլի 9-ից:

Օրենսգրքի` «Դիմումի քննությունը» վերտառությամբ 339-րդ հոդվածի վիճարկվող 5-րդ մասը սահմանում է.

«5. Դատարանը դիմումի քննության ժամանակ պարզում է ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու` «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված հիմքերի առկայությունը կամ բացակայությունը»:

Օրենսգրքի վերոհիշյալ հոդվածը լրացումների և փոփոխությունների չի ենթարկվել:

«Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքը (այսուհետ` Օրենք) Ազգային ժողովի կողմից ընդունվել է 2008 թվականի հունիսի 17-ին, Հանրապետության նախագահի կողմից ստորագրվել` 2008 թվականի հուլիսի 12-ին և ուժի մեջ է մտել 2008 թվականի օգոստոսի 2-ից:

Օրենքի` «Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշման վիճարկումը» վերտառությամբ 16-րդ հոդվածի վիճարկվող 1-ին մասը սահմանում է.

«1. Ֆինանսական համակարգի հաշտարարի` կողմերի համար պարտադիր դարձած որոշումը կողմերը կարող են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով վիճարկել իրավասու դատարան ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու վերաբերյալ դիմում ներկայացնելու միջոցով»:

Օրենքի վերոհիշյալ հոդվածը լրացվել է 2018 թվականի փետրվարի 9-ի ՀՕ-117-Ն ՀՀ օրենքով, մասնավորապես` Օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասը «կարող են» բառերից հետո լրացվել է «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով» բառերով:

Մինչ այդ, Օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասը գործում էր հետևյալ խմբագրությամբ. «1. Ֆինանսական համակարգի հաշտարարի` կողմերի համար պարտադիր դարձած որոշումը կողմերը կարող են վիճարկել իրավասու դատարան ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու վերաբերյալ դիմում ներկայացնելու միջոցով»:

Գործի քննության առիթը «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ի` 2020 թվականի մայիսի 14-ին Սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է:

Ուսումնասիրելով դիմումը, պատասխանող կողմի գրավոր բացատրությունը, ինչպես նաև վերլուծելով Օրենսգրքի և Օրենքի համապատասխան նորմերը, վերջիններիս հետ փոխկապակցված այլ նորմերը և գործում առկա մյուս փաստաթղթերը` Սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

1. Դիմողի դիրքորոշումները

Դիմողը նշում է, որ մինչև Սահմանադրական դատարանի 2012 թվականի հոկտեմբերի 9-ի ՍԴՈ-1051 որոշման կայացումը` Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումները ֆինանսական կազմակերպությունները բողոքարկում էին սահմանափակ հիմքերով, որոնք նախատեսված էին «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածով: Հիշյալ որոշումից հետո ՀՀ դատարանները քննում էին Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումներն ըստ էության, ամբողջ ծավալով, մինչև վիճարկվող դրույթներն ուժի մեջ մտնելը:

Վիճարկվող դրույթներն ուժի մեջ մտնելուց հետո ՀՀ դատարանները տալիս են հետևյալ մեկնաբանությունը. «ՀՀ Սահմանադրական դատարանի 09.10.2012 թվականի թիվ ՍԴՈ-1051 որոշումը կայացնելուց հետո օրենսդիրը կանոնակարգել է ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու վերաբերյալ դիմումներով գործերի վարույթը և նախանշել հստակ սահմաններ, ուստի քննարկվող դիմումներով վարույթը ենթակա է իրականացման ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով նախատեսված կանոնների համաձայն, որպիսի պայմաններում ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը ըստ էության վիճարկման ենթակա չէ»:

Դիմողը գտնում է, որ օրենսդիրը, Օրենսգրքի վիճարկվող դրույթն ընդունելով, ինչպես նաև փոփոխելով Օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասը, ըստ էության շրջանցել է Սահմանադրական դատարանի ՍԴՈ-1051 որոշման մեջ հստակ նշված այն մեկնաբանությունը, ըստ որի` եթե իրավաբանական անձն իր կամահայտնությամբ չի հրաժարվել Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումները դատական կարգով բողոքարկելու իրավունքից, ապա ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումների սահմանափակ բողոքարկման իրավունքը խախտում է անձի արդյունավետ դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքները:

Ելնելով վերոգրյալից, դիմողը խնդրում է Օրենսգրքի 339-րդ հոդվածի 5-րդ մասը, դրա հետ համակարգային առումով փոխկապակցված Օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասը` դրանց իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությամբ, ճանաչել Սահմանադրությանը հակասող և անվավեր:

 

2. Պատասխանողի դիրքորոշումները

Պատասխանողը, վկայակոչելով Սահմանադրական դատարանի, ինչպես նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի մի շարք դիրքորոշումներ, նշում է, որ դատարանի մատչելիության իրավունքը բացարձակ իրավունք չէ: Պատասխանողն անդրադառնում է Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի թիվ R(86)12 հանձնարարականին, որի 3-րդ պարագրաֆում անդամ պետություններին խորհուրդ է տրվում դատարանների ծանրաբեռնվածությունը նվազեցնելու համար ստեղծել համապատասխան մարմիններ, որոնք ներառված չեն դատական համակարգում և որոնց կողմերը կարող են դիմել ոչ մեծ գումարի հայցապահանջներով, ինչպես նաև իրավունքի կոնկրետ ոլորտների խնդիրներով վեճերի լուծման համար:

Ըստ պատասխանողի` գործող օրենսդրության համաձայն` Հաշտարարը հանդիսանում է անձանց իրավունքների պաշտպանության ապահովման այլընտրանքային ինքնուրույն ձև` օժտված վեճերի լուծման համար ինքնուրույնության բավարար աստիճանով: Պատասխանողը նշում է, որ Հաշտարարի կողմից կայացված և կողմերի համար դեռևս պարտադիր չդարձած որոշումը կարող է դատական կարգով վիճարկվել ըստ էության, եթե կողմերի միջև առկա չէ Հաշտարարի որոշումները վիճարկելու իրավունքից կամովի հրաժարվելու վերաբերյալ գրավոր համաձայնագիր: Սակայն, վիճարկվող դրույթը վերաբերում է կողմերի համար արդեն պարտադիր դարձած որոշմանը, որի չեղյալ ճանաչելու վերաբերյալ դիմումի քննության ժամանակ դատարանը պարզաբանում է պահանջի` Հաշտարարին ենթակա չլինելու, Հաշտարարի կայացրած որոշման ընթացակարգային կանոնների պահանջների խախտման, Հաշտարարի անաչառությունը բացառող հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը:

Եզրափակելով, պատասխանողը գտնում է, որ Օրենսգրքի 339-րդ հոդվածի 5-րդ մասը, դրա հետ համակարգային առումով փոխկապակցված Օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասը համապատասխանում են Սահմանադրությանը:

 

3. Գործի շրջանակներում պարզելու ենթակա հանգամանքները

- արդյո՞ք Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումները վիճարկելու իրավունքից հրաժարվելու վերաբերյալ ֆինանսական կազմակերպության գրավոր համաձայնության բացակայության դեպքում Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումները դատական կարգով ըստ էության վիճարկելու հնարավորության սահմանափակումը հանգեցնում է արդյունավետ դատական պաշտպանության և արդար դատաքննության սահմանադրական իրավունքների խախտմանը:

- արդյո՞ք իրավակիրառ պրակտիկայում վիճարկվող նորմերին տրված մեկնաբանությունը համահունչ է Սահմանադրական դատարանի 2012 թվականի հոկտեմբերի 9-ի ՍԴՈ-1051 որոշմամբ արտահայտած իրավական դիրքորոշումներին:

 

4. Սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշումները

4.1. ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «1. Յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք»:

ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «1. Յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք»:

ՀՀ Սահմանադրության 74-րդ հոդվածի համաձայն` «Հիմնական իրավունքները և ազատությունները տարածվում են նաև իրավաբանական անձանց վրա այնքանով, որքանով այդ իրավունքները և ազատություններն իրենց էությամբ կիրառելի են դրանց նկատմամբ»:

Իրավունքների և ազատությունների արդյունավետ պաշտպանությունը երաշխավորող վերոհիշյալ սահմանադրական դրույթների բովանդակությունը բխում է մարդու իրավունքների պաշտպանության միջազգային հանրահայտ փաստաթղթերի պահանջներից, ինչպիսիք են` Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը, Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիան և այլն:

Իրավունքների պաշտպանության միջոցների շարքում դատական պաշտպանությունն առանձնահատուկ տեղ է գրավում, քանի որ իրականացվում է իշխանության տարանջատման համակարգում ինքնուրույն և անկախ կարգավիճակ ունեցող մարմնի կողմից: Դատական պաշտպանության իրավունքը բնութագրվում է որպես անձի հիմնական անօտարելի իրավունքներից մեկը և միաժամանակ որպես այլ իրավունքների ու ազատությունների ապահովման միջոց և երաշխիք:

Պետությունը պետք է ստեղծի անհրաժեշտ երաշխիքներ մարդու իրավունքների և ազատությունների արդյունավետ իրացման համար: Պետությունը պարտավորվում է ոչ միայն ճանաչել, պահպանել և պաշտպանել իրավունքները և ազատությունները, այլև ստեղծել պետական-իրավական այնպիսի կառուցակարգեր, որոնք արդյունավետ ձևով կարող են կանխել, վերացնել դրանց ցանկացած խախտումներ, վերականգնել խախտված իրավունքներն ու ազատությունները:

Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի համաձայն ևս արդարադատության մատչելիության իրավունքը հանդիսանում է արդար դատաքննության իրավունքի բաղկացուցիչ տարր. «...Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետը երաշխավորում է անձի քաղաքացիական իրավունքներին և պարտականություններին առնչվող հայցով դատարան դիմելու իրավունքը: Այդ դրույթը մարմնավորում է դատարան դիմելու, այն է` քաղաքացիական գործով դատարանում հայց հարուցելու իրավունքը: Այդուհանդերձ, դա է, որ հնարավորություն է տալիս օգտվելու Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի հիմքում ընկած մնացած երաշխիքներից: Դատական վարույթի արդար, հրապարակային և արագ բնութագրիչները, անշուշտ, արժեք չեն ունենա, եթե այդ գործընթացներին ընթացք չի տրվում: Դժվար է պատկերացնել իրավունքի գերակայություն քաղաքացիական գործերով արդարադատություն իրականացնելիս, եթե դատարան դիմելու իրավունքը չի ապահովվում» (Case of KREUZ v. POLAND, application no. 28249/95, 19/06/2001):

Սահմանադրական դատարանն իր մի շարք որոշումներով հանգամանորեն անդրադարձել է արդարադատության մատչելիության, արդար և արդյունավետ դատական քննության իրավունքների երաշխավորման սահմանադրական իրավաչափության խնդիրներին` կարևորելով դրանք որպես դատական պաշտպանության իրավունքի անհրաժեշտ բաղադրատարրեր` հավասարապես ընդգծելով դրանց կարևորությունը դատաընթացակարգային բնագավառներում (քրեական, քաղաքացիական և վարչական):

Մասնավորապես` Սահմանադրական դատարանն իր` 28.11.2007թ. ՍԴՈ-719 որոշման մեջ արտահայտել է հետևյալ իրավական դիրքորոշումը. «...հայցը կամ դիմումը դատարան` իրավական պաշտպանության այն միջոցներն են, որոնցով հիմնական իրավունքների, այդ թվում` դատական պաշտպանության իրավունքի կրող հանդիսացող ֆիզիկական կամ իրավաբանական անձը պաշտպանվում է իր իրավունքների տարաբնույթ խախտումներից, որոնք կարող են կատարվել ինչպես հանրային իշխանության, այնպես էլ մասնավոր անձանց կողմից: Իշխանության ոտնձգություններից անձի պաշտպանվելու ամենաարդյունավետ միջոցը դատարան դիմելու նրա իրավունքն է, որը Հայաստանի Հանրապետությունում, ինչպես և բոլոր այլ իրավական պետություններում, ունի սահմանադրական (հիմնարար) իրավունքի բնույթ...»:

Սահմանադրության 61 և 63-րդ հոդվածների իրավակարգավորման հիմքում դրված են անձի իրավունքների ու ազատությունների դատական պաշտպանության իրավունքի երաշխավորման սահմանադրաիրավական այն սկզբունքները, որոնց համատեքստում Սահմանադրական դատարանն իր վերոհիշյալ որոշումներում արտահայտել է իրավական դիրքորոշումներ: Այդ դիրքորոշումներն արտացոլում են նաև միջազգային իրավական փորձի համալիր ուսումնասիրության արդյունքները:

Միաժամանակ, դատարանի մատչելիության սահմանափակումների վերաբերյալ ՄԻԵԴ-ի արտահայտած իրավական դիրքորոշումն առ այն, որ պետությունը դատարան դիմելու իրավունքից օգտվելու համար կարող է սահմանել որոշակի պայմաններ, «...պարզապես պետության կողմից կիրառված սահմանափակումները չպետք է այն կերպ կամ այն աստիճանի սահմանափակեն անձի դատարանի մատչելիության իրավունքը, որ վնաս հասցվի այդ իրավունքի բուն էությանը: Բացի այդ, սահմանափակումը 6-րդ հոդվածի 1-ին մասին չի համապատասխանի, եթե այն իրավաչափ նպատակ չի հետապնդում, և եթե կիրառված միջոցների և հետապնդվող նպատակի միջև չկա համաչափության ողջամիտ հարաբերակցություն» (Case of Khalfaoui v. France, application no. 34791/97, 14/03/2000):

Սահմանադրական դատարանն իր մի շարք որոշումներում ևս անդրադարձել է դատարանի մատչելիության սահմանափակումների հարցին: Մասնավորապես, իր` 24.09.2019թ. ՍԴՈ-1477 որոշման մեջ Սահմանադրական դատարանն ամրագրել է հետևյալը.

«- ընթացակարգային որևէ առանձնահատկություն չի կարող մեկնաբանվել որպես Սահմանադրության 63-րդ հոդվածով երաշխավորված դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակման հիմնավորում,

- դատարանի (արդարադատության) մատչելիությունը կարող է ունենալ որոշակի սահմանափակումներ, որոնք չպետք է խաթարեն այդ իրավունքի բուն էությունը»:

 

4.2. Օրենսգրքի 339-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն.

«5. Դատարանը դիմումի քննության ժամանակ պարզում է ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու` «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված հիմքերի առկայությունը կամ բացակայությունը»:

Օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն.

«1. Ֆինանսական համակարգի հաշտարարի` կողմերի համար պարտադիր դարձած որոշումը կողմերը կարող են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով վիճարկել իրավասու դատարան ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու վերաբերյալ դիմում ներկայացնելու միջոցով»:

Օրենքի 17-րդ հոդվածի համաձայն.

«1. Իրավասու դատարանը չեղյալ է ճանաչում Ֆինանսական համակարգի հաշտարարի` կողմերի համար պարտադիր դարձած որոշումը, եթե`

1) պահանջը ենթակա չէ քննության Ֆինանսական համակարգի հաշտարարի կողմից.

2) Ֆինանսական համակարգի հաշտարարը որոշում է կայացրել սույն օրենքով սահմանված ընթացակարգային կանոնների պահանջների խախտմամբ.

3) բացահայտվել են Ֆինանսական համակարգի հաշտարարի անաչառությունը բացառող հանգամանքներ»:

Սահմանադրական դատարանն իր` 09.10.2012թ. ՍԴՈ-1051 որոշման մեջ մանրամասն վերլուծության է ենթարկել Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումների բողոքարկման ինստիտուտը.

«Սպառողների վեճերի արտադատական լուծման համար պատասխանատու մարմինների վրա տարածվող սկզբունքների մասին» Եվրոպական հանձնաժողովի 1998 թվականի մարտի 30-ի թիվ 98/257/EC հանձնարարականով սահմանված վեճերի լուծման արտադատական մարմինների, այդ թվում` օմբուդսմենների (հաշտարարների) գործունեության սկզբունքներից ազատության սկզբունքի բովանդակությունը հանգում է հետևյալին` որոշումը կողմերի համար կարող է դառնալ պարտադիր միայն այն դեպքում, երբ կողմերը նախապես տեղյակ են եղել որոշման պարտադիր բնույթի մասին և հատուկ ընդունել են այն:

Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ վերոհիշյալ հարցով «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքի իրավակարգավորումներն ուղղակի նախատեսում են Հաճախորդի ազատ կամահայտնությունը: Օրենքում առկա չէ որևէ դրույթ, որն ուղղակիորեն կվերաբերի Հաշտարարի որոշումը Կազմակերպության կողմից «հատուկ ընդունելուն», սակայն օրենքը նախատեսում է դրույթ, համաձայն որի` Կազմակերպությունը կարող է Հաշտարարի գրասենյակի հետ կնքել գրավոր համաձայնագիր Հաշտարարի որոշումները վիճարկելու իրավունքից հրաժարվելու վերաբերյալ (մասնավորապես` հոդվածներ 7 և 16): Վերջինս, հանդիսանալով Կազմակերպության ազատ կամահայտնության արդյունք, ըստ էության հավասարազոր է Հաճախորդի կողմից անվերապահորեն և գրավոր ձևով Հաշտարարի որոշումներին համաձայնելուն, այսինքն` այդ դեպքում կողմերը կամավոր սահմանափակում են ՀՀ Սահմանադրության 18 և 19-րդ հոդվածներով սահմանված իրենց իրավունքների լիարժեք իրացման հնարավորությունը:

Ելնելով վերոգրյալից` սահմանադրական դատարանը գտնում է, որ այն դեպքում, երբ Կազմակերպությունը Հաշտարարի գրասենյակի հետ կնքված գրավոր համաձայնագրով, այսինքն` իր ազատ կամահայտնությամբ, հրաժարվում է Հաշտարարի որոշումները վիճարկելու իրավունքից, օրենքով սահմանված հիմքերով Հաշտարարի` կողմերի համար պարտադիր դարձած որոշումը վիճարկելու սահմանափակ հնարավորություն նախատեսելն իրավաչափ է և սահմանադրականության խնդիր չի հարուցում: Իսկ այն դեպքում, երբ առկա չէ հիշյալ գրավոր համաձայնագիրը, Հաշտարարի որոշումներն իրավասու դատարան վիճարկելու հիմքերի սահմանափակումը` այնքանով, որքանով չի նախատեսում այդ որոշումները դատական կարգով ըստ էության վիճարկելու հնարավորություն, իրավաչափ չէ և հանգեցնում է ՀՀ Սահմանադրության 18 և 19-րդ հոդվածներով սահմանված իրավունքների իրացման արգելափակմանը: Իսկ մարդու և քաղաքացու հիշյալ իրավունքներն ու ազատությունները, ինչպես և սահմանված է ՀՀ Սահմանադրության 42.1-րդ հոդվածով, տարածվում են իրավաբանական անձանց վրա` այնքանով, որքանով այդ իրավունքներն ու ազատություններն իրենց էությամբ կիրառելի են դրանց նկատմամբ: Սույն գործի շրջանակներում սահմանադրական դատարանը կարևոր է համարում շեշտել, որ այդ իրավունքների ու ազատությունների` իրավաբանական անձանց նկատմամբ կիրառելի լինելու իրավակարգավորիչ դերը երաշխավորում է ոչ միայն իրավաբանական անձանց, այլև դրանցում միավորված ֆիզիկական անձանց իրավունքների և ազատությունների արդյունավետ պաշտպանության իրավական հնարավորություն»:

Հետևապես, Սահմանադրական դատարանն արձանագրել է, որ Օրենքի 17-րդ հոդվածի դրույթով Կազմակերպության` դատարան դիմելու իրավունքի սահմանափակումները համապատասխանում են Սահմանադրությանը միայն այն իրավակարգավորման շրջանակներում, երբ Կազմակերպությունը ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումները վիճարկելու իրավունքից կամովի հրաժարվելու վերաբերյալ օրենքով սահմանված կարգով համաձայնագիր է կնքել վերջինիս գրասենյակի հետ:

Սահմանադրական դատարանը շեշտում է նաև, որ իր որոշումները պետք է ընկալվեն իրենց կառուցվածքային ամբողջության մեջ (նախաբան, նկարագրական-պատճառաբանական և եզրափակիչ մասեր)` ապահովելու այդ որոշումներով առաջադրված իրավակարգավորման բովանդակության, սկզբունքների ու առանձնահատկությունների, ինչպես նաև դրանցից բխող օբյեկտիվ և սուբյեկտիվ վարքագծի կանոնների իրացման հստակությունը: Այդ խնդրի իրագործմանն են միտված հատկապես Սահմանադրական դատարանի որոշումների նկարագրական-պատճառաբանական մասում արտահայտված իրավական դիրքորոշումները, որոնցում, որպես կանոն, բովանդակվում են Սահմանադրական դատարանին հասցեագրված դիմումների առարկայի (բարձրացված հարցերի, սահմանադրաիրավական վեճերի) իրավավերլուծության արդյունքում դատարանի կողմից արված և որոշման եզրափակիչ մասի հիմքում դրված եզրահանգումները, որոնց էության և բովանդակության անտեսման դեպքում չի կարող երաշխավորվել դատարանի որոշման կատարումը:

 

4.3. Վճռաբեկ դատարանի թիվ ԵԿԴ/5370/02/14 քաղաքացիական գործով 02.12.2016թ. որոշմամբ տրվել է հետևյալ մեկնաբանությունը. «...Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ Հաշտարարի որոշումը հաճախորդի կողմից ընդունելու պարագայում դառնում է պարտադիր և Կազմակերպությունն այդ որոշումը կարող է ըստ էության վիճարկել դատական կարգով, եթե նա Հաշտարարի գրասենյակի հետ կնքած գրավոր համաձայնագրով չի հրաժարվել Հաշտարարի որոշումները վիճարկելու իրավունքից, իսկ այն դեպքում, երբ առկա չէ նման գրավոր համաձայնություն, ապա կազմակերպությունը Հաշտարարի որոշումը կարող է վիճարկել ոչ թե ըստ էության, այլ միայն «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածով նախատեսված սահմանափակ հիմքերով»:

Սահմանադրական դատարանի 09.10.2012թ. ՍԴՈ-1051 որոշումից հետո Օրենսդիրը 09.02.2018թ. ՀՕ-117-Ն ՀՀ օրենքով փոփոխություն է կատարել Օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասում, ըստ որի` նշված մասը «կարող են» բառերից հետո լրացվել է «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով» բառերով, որն ուժի մեջ է մտել 09.04.2018թ.:

Վերոնշյալ փոփոխությունից հետո Օրենսգրքի 339-րդ հոդվածի 5-րդ մասի, ինչպես նաև վերջինիս հետ փոխկապակցված «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի և 17-րդ հոդվածի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի կողմից իրավական մեկնաբանություն չի տրվել, իսկ վերաքննիչ քաղաքացիական դատարանում տրվել է հետևյալ մեկնաբանությունը. «... ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 337-340-րդ հոդվածներով սահմանված են ֆինանսական համակարգի հաշտարարի` կողմերի համար պարտադիր դարձած որոշումը չեղյալ ճանաչելու ընթացակարգին վերաբերող հատուկ նորմեր: Մասնավորապես ֆինանսական համակարգի հաշտարարի համապատասխան որոշման չեղյալ ճանաչման մասին դիմումը քննող դատարանը սահմանափակվում է միայն պարզելով «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքով նախատեսված հիմքերի առկայությունը կամ բացակայությունը: Հետևաբար օրենքով նախատեսված չեղյալ ճանաչելու հիմքերի առկայության դեպքում է միայն դատարանը որոշում կայացնում ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու մասին: (...)

(...) Վերաքննիչ դատարանը եզրահանգում է, որ ՀՀ Սահմանադրական դատարանի 09.10.2012 թվականի թիվ ՍԴՈ-1051 որոշումը կայացնելուց հետո օրենսդիրը կանոնակարգել է ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու վերաբերյալ դիմումներով գործերի վարույթը և նախանշել հստակ սահմաններ, ուստի քննարկվող դիմումներով վարույթը ենթակա է իրականացման գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով նախատեսված կանոնների համաձայն, որպիսի պայմաններում ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը ըստ էության վիճարկման ենթակա չէ: Վերաքննիչ դատարանը հարկ է համարում նշել նաև, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 337-րդ հոդվածի 2-րդ մասը նախատեսում է կազմակերպության կողմից ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը դատական կարգով վիճարկելու հնարավորության սահմանափակում այն դեպքում, երբ ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի հետ կնքված համաձայնագրով կազմակերպությունը հրաժարվել է ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումները վիճարկելու իրավունքից, որպիսի կարգավորումը համահունչ է ՀՀ Սահմանադրական դատարանի թիվ ՍԴՈ-1051 որոշմանը:

Միաժամանակ, սակայն, ՀՀ քաղաքացիական դատավարության նոր օրենսգրքի ու դրան համապատասխան փոփոխված «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքի հիմքով վերոնշյալ համաձայնագրի բացակայության դեպքում ֆինանսական համակարգի հաշտարարի` կողմերի համար պարտադիր դարձած որոշումը կարող է չեղյալ ճանաչվել միայն «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված հիմքերով, և ոչ թե ֆինանսական համակարգի հաշտարարի որոշման իրավաչափության ըստ էության քննության արդյունքում» (09.10.2019 թիվ ԵԿԴ/2336/02/17 քաղաքացիական գործ):

Վերոնշյալի հիման վրա Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ օրենսդրի կողմից կատարված փոփոխության արդյունքում ներկայիս գործող կարգավորումը, դրան իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը համահունչ չեն Սահմանադրական դատարանի 09.10.2012թ. ՍԴՈ-1051 որոշման մեջ Սահմանադրական դատարանի արտահայտած դիրքորոշմանը, քանի որ Սահմանադրական դատարանը հստակորեն արձանագրել էր, որ Հաշտարարի որոշումներն իրավասու դատարան վիճարկելու հիմքերի սահմանափակումն այնքանով, որքանով չի նախատեսում այդ որոշումները դատական կարգով ըստ էության վիճարկելու հնարավորություն, իրավաչափ չէ և հանգեցնում է Սահմանադրության 61-րդ հոդվածով սահմանված իրավունքի իրացման արգելափակմանը, որի արդյունքում և Օրենսդիրը պետք է կարգավորումը ձևակերպեր այնպես, որ Կազմակերպությանն ընձեռեր Հաշտարարի որոշումն ըստ էության վիճարկելու հնարավորություն, քանի որ ՍԴՈ-1051 որոշման ամբողջ էությունը հանդիսացել է տվյալ պահին գործող կարգավորմամբ առկա ոչ իրավաչափ սահմանափակման վերացումը:

Միևնույն ժամանակ, վերոգրյալով չի բացառվում վեճերի լուծման այլընտրանքային միջոցների կիրառմամբ դատարանների ծանրաբեռնվածության թեթևացման և/կամ այլ իրավաչափ նպատակ հետապնդող նկատառումներից ելնելով տարբեր արտադատական ինստիտուտների և ընթացակարգերի ներդրումը վեճերի լուծման ներպետական համակարգում: Այդուհանդերձ, դա պետք է իրականացվի դատարանի մատչելիության և արդար դատաքննության վերաբերյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի և Սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշումների լույսի ներքո: Մասնավորապես, պետության պոզիտիվ պարտականությունն է ապահովել, որ կիրառված սահմանափակումներն այն աստիճանի չսահմանափակեն անձի` դատարանի մատչելիության իրավունքը, որ վնաս հասցվի այդ իրավունքի բուն էությանը: Իսկ դրա համար անհրաժեշտ է ապահովել սահմանափակման նպատակի իրավաչափությունը, կիրառված միջոցների և հետապնդվող նպատակի միջև համաչափության ողջամիտ հարաբերակցությունը:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Սահմանադրության 168-րդ հոդվածի 1-ին կետով, 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով, 170-րդ հոդվածով, ինչպես նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 63, 64 և 69-րդ հոդվածներով` Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

1. Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 339-րդ հոդվածի 5-րդ մասը համապատասխանում է Սահմանադրությանն այն մեկնաբանությամբ, համաձայն որի` նշված դրույթը չի սահմանափակում Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումները վիճարկելու իրավունքից հրաժարվելու վերաբերյալ Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի հետ գրավոր համաձայնագիր չկնքած Կազմակերպության` կողմերի համար պարտադիր դարձած որոշումը դատական կարգով ըստ էության վիճարկելու իրավունքը:

2. «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասը համապատասխանում է Սահմանադրությանը:

3. «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 10-րդ մասի համաձայն` դիմողի նկատմամբ կայացված վերջնական դատական ակտը նոր հանգամանքի ի հայտ գալու հիմքով ենթակա է վերանայման օրենքով սահմանված կարգով, քանի որ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 339-րդ հոդվածի 5-րդ մասը դիմողի նկատմամբ կիրառվել է սույն որոշման առաջին կետում տրված մեկնաբանությունից տարբերվող մեկնաբանությամբ:

4. Սահմանադրության 170-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

    Նախագահող                              Ա. ԴԻԼԱՆՅԱՆ

 

8 դեկտեմբերի 2020 թվականի

ՍԴՈ-1571

 

Հրապարակվել է պաշտոնական կայքէջում` 11 դեկտեմբերի 2020 թվական:

 

 

pin
ՀՀ Սահմանադրական դատարան
08.12.2020
N ՍԴՈ-1571
Որոշում