Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԴԱՏԱՎՈՐԻ ԷԹԻԿԱՅԻ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԴԱՏԱՎՈՐԻ ԷԹԻԿԱՅԻ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

ԻՐՏԵԿ Սույն ակտի ուժի մեջ մտնելու ամսաթիվը անհնար է որոշել, քանի որ ակտը ընդունող մարմնի կողմից չի կատարվել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 7-րդ մասի` ընդունող մարմնի պաշտոնական կայքէջում իրավական ակտի հրապարակման օրը նշելու պահանջը:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎԻ

ՈՐՈՇՈՒՄ

 

N 05-Լ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՎՈՐԻ ԷԹԻԿԱՅԻ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Կարևորելով դատավորի էթիկայի կանոնների դերը դատավորի և դատական իշխանության հեղինակության բարձրացման և դրանով իսկ դատավորի արդարամտության, բարեկրթության և հավասարակշռվածության հասարակական ընկալման, արդարադատության նկատմամբ հասարակության հավատի ամրապնդման և հեղինակության բարձրացման հարցերում, պահպանելով ՀՀ Սահմանադրությունը, ՀՀ ներպետական և միջազգային օրենսդրությունը, «Դատավորի պրոֆեսիոնալ վարքագծի, մասնավորապես` էթիկայի նորմերի, դատավորի կարգավիճակի հետ անհամատեղելի վարքագծի և անաչառության սկզբունքների մասին» Եվրոպական դատավորների խորհրդատվական խորհրդի թիվ 3 եզրակացությունը (ընդունված 2002 թվականի նոյեմբերի 19-ին), Դատավորների վարքագծի բանգալորյան սկզբունքները (ընդունված 2002 թվականի նոյեմբերի 26-ին), Դատավորների միջազգային միության կողմից 1999 թվականին ընդունված դատավորի համընդհանուր կանոնադրությունը (2017 թ. հունվարի 6-ի փոփոխություններով), հիմք ընդունելով 2018 թվականի փետրվարի 7-ին ընդունված «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 68-րդ հոդվածի 1-ին մասով և 166-րդ հոդվածի 25-րդ մասով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության դատավորների ընդհանուր ժողովը

 

ՈՐՈՇՈՒՄ Է

 

1. Սահմանել Հայաստանի Հանրապետության դատավորի էթիկայի կանոնները` համաձայն հավելվածի:

i

2. Ուժը կորցրած ճանաչել ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի 2016 թվականի փետրվարի 19-ի «Հայաստանի Հանրապետության դատավորի վարքագծի կանոնները սահմանելու մասին» թիվ 01-Ն որոշումը:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

    ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ                         Ե. ԽՈՒՆԴԿԱՐՅԱՆ

 

2018 թ. դեկտեմբերի 21

Երևան

 

Հավելված

Հայաստանի Հանրապետության

դատավորների ընդհանուր ժողովի

2018 թ. դեկտեմբերի 21-ի

թիվ 05-Լ որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՎՈՐԻ ԷԹԻԿԱՅԻ ԿԱՆՈՆՆԵՐԸ

 

Կանոն 1 - Դատավորն արդարադատություն իրականացնելիս անկախ է և ղեկավարվում է ՀՀ Սահմանադրությամբ, ՀՀ ներպետական և միջազգային օրենսդրությամբ, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքով նախատեսված վարքագծի կանոններով և սույն էթիկայի կանոններով:

Կանոն 2 - Դատավորի էթիկայի սույն կանոններով անձնական և վարքագծի սահմանափակումները դատավորն ընդունում է գիտակցաբար և ինքնակամ` նպատակ ունենալով բարձր պահել դատավորի և դատական իշխանության հեղինակությունը, ապահովել իր արդարամտության, բարեկրթության և հավասարակշռվածության հասարակական ընկալումը:

էթիկայի կանոնների վերաբերյալ խորհրդատվություն ստանալու նպատակով դատավորը կարող է դիմել ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի կարգապահական հարցերի հանձնաժողովին:

Կանոն 3 - Դատավորը պարտավոր է զերծ մնալ օրենսդիր և գործադիր մարմինների, պաշտոնատար անձանց ու քաղաքացիների, մասնավոր շահերի, հասարակական կարծիքի և այլ կողմնակի ազդեցություններից, ճնշումներից, սպառնալիքներից և այլ միջամտությունից, ազատ լինել քննադատության մտավախությունից և անկախ մարդու համբավ ձեռք բերել անկողմնակալ դիտորդի մոտ:

 

ԴԱՏԱՎՈՐԻ ԷԹԻԿԱՅԻ ԿԱՆՈՆՆԵՐՆ Ի ՊԱՇՏՈՆԵ ԳՈՐԾԵԼԻՍ

 

Կանոն 4 - Դատավորը պարտավոր է բարեխղճորեն կատարել իր մասնագիտական պարտականությունները:

Կանոն 5 - Արդարադատություն իրականացնելիս դատավորը պարտավոր է ձեռնպահ մնալ փաստերի կամ օրենքների այնպիսի մեկնաբանությունից, որը կարող է գործի լուծման ակնհայտ կանխորոշվածության տպավորություն ստեղծել:

Դատավորն իրավունք չունի դատաքննությունից դուրս ինքնուրույն որոնելու ապացույցներ կամ հետախուզելու փաստեր` իր վարույթում գտնվող գործերով, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:

Կանոն 6 - Արդարադատություն իրականացնելիս դատավորը չպետք է դրսևորի խտրականություն կախված սեռից, ռասայից, մաշկի գույնից, էթնիկական կամ սոցիալական ծագումից, գենետիկական հատկանիշներից, լեզվից, դավանանքից, կրոնից, սեռական կողմնորոշումից, աշխարհայացքից, քաղաքական կամ այլ հայացքներից, ազգային պատկանելությունից, գույքային վիճակից, ծնունդից, ֆիզիկական արատներից, հաշմանդամությունից, տարիքից, անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներից:

Սույն կանոնը չի խոչընդոտում դատարանին անդրադառնալ ռասայի, սեռի, դավանանքի, ազգային պատկանելության, ֆիզիկական արատների, տարիքի, սոցիալական դրության, ինչպես նաև այլ նմանատիպ հատկանիշների, եթե վերջիններս հանդիսանում են դատական քննության առարկա:

Դատավորը չպետք է թույլ տա դատարանի աշխատակազմին կամ իր ազդեցության, ղեկավարության կամ վերահսկողության ներքո գտնվող անձանց դրսևորել տարբերակված մոտեցում դատական գործով որևէ անձի նկատմամբ` առաջնորդվելով գործին չվերաբերող որևէ հիմքով:

Կանոն 7 - Դատավորը պարտավոր է հարգել դատավարության հրապարակայնության սկզբունքը, չխոչընդոտել հասարակությանը և լրատվամիջոցներին` օրենքին համապատասխան ստանալ և տարածել տեղեկատվություն, եթե այդ իրավունքի իրականացումն ակնհայտորեն չի օգտագործվում դատարանի աշխատանքը խանգարելու կամ դատական որոշման կայացման վրա անօրինական ներգործություն ունենալու նպատակով:

Կանոն 8 - Դատավորը չպետք է թույլ տա դատարանի աշխատակիցներին կամ իր ազդեցության, իշխանության կամ ղեկավարության ներքո գտնվող այլ անձանց պահանջել կամ ընդունել որևէ նվեր, ժառանգություն, վարկ կամ ծառայություն ի հատուցումն այն բանի, որ արվել է, կարվի կամ չի արվել իր կողմից ծառայական պարտականությունները կամ գործառույթները կատարելիս:

Կանոն 9 - Դատարանի նախագահը և յուրաքանչյուր դատավոր պարտավոր են պատշաճ իրականացնել ՀՀ, օրենսդրությամբ իրենց վերապահված կազմակերպական լիազորությունները:

 

ԴԱՏԱՎՈՐԻ ԷԹԻԿԱՅԻ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՈՉ ԴԱՏԱԿԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ

 

Կանոն 10 - Դատավորը չպետք է թույլ տա, որպեսզի իր ընտանեկան, հասարակական կամ այլ հարաբերություններն ազդեցություն ունենան իր` որպես դատավորի առաքելության վրա:

Դատավորը պարտավոր է ողջամտության սահմաններում տեղեկացված լինել իր ընտանիքի անդամների ֆինանսական գործունեության և շահերի մասին:

Կանոն 11 - Դատավորը պետք է խուսափի իր կոչմանն անհարիր կապերից, որոնք կարող են արատավորել նրա հեղինակությունը, պատիվն ու արժանապատվությունը:

Կանոն 12 - Որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի` դատավորն իրավունք ունի ինքնաարտահայտման, դավանանքի ազատության, արհմիություններում և այլ հասարակական կազմակերպություններում միավորման, սակայն այդ իրավունքներից նա պետք է օգտվի այնպես, որ բարձր պահի դատավորի կոչումը և կասկածներ չառաջացնի արդարադատության մարմինների անկախության և անաչառության նկատմամբ:

Կանոն 13- Դատավորը կարող է անդամակցել դատավորների միությանը կամ դատավորների շահերը ներկայացնող այլ տեղական ու միջազգային մասնագիտացված կազմակերպությունների` ազատորեն կատարելով դրանց կանոնադրությունից բխող գործողություններ:

Կանոն 14 - Մասնագիտական պարտականությունների պատշաճ կատարումից զատ դատավորը կարող է`

ա) հանդես գալ ելույթներով, զեկույցներով, գրել և կարդալ գրական ստեղծագործություններ, մասնակցել օրենքին, իրավական համակարգին, իրավունքի նորմերի կիրառմանը և նման այլ հարցերին վերաբերող միջոցառումներին,

բ) հանդես գալ պաշտոնական մարմինների բաց լսումներում, այդ մարմինների պաշտոնատար անձանց` նրանց խնդրանքով հրապարակայնորեն ապահովել իրավունքի, իրավական համակարգի, արդարադատության իրականացման հարցերին առնչվող խորհրդատվությամբ այն չափով, որքանով դա կընդունվի որպես դատավորի իրավաբանական գիտելիքների ու փորձի օգտագործում,

գ) լինել պաշտոնական մարմնի, պետական հաստատության կամ խորհրդատվական մարմնի անդամ, եթե դա չի հակասում դատավորի անկախության, անաչառության և քաղաքական չեզոքության սկզբունքներին,

դ) զբաղվել գործունեության այլ տեսակներով, եթե դա չի նսեմացնում դատական իշխանության կամ դատավորի արժանապատվությունը:

Կանոն 15 - Դատավորն իրավունք ունի զբաղվել գիտական, մանկավարժական, դասախոսական և այլ ստեղծագործական գործունեությամբ, այդ թվում` վճարովի (փոխհատուցվող) հիմունքներով: Դատավորի նման գործունեությունը, որքանով այն նպաստում է նրա մասնագիտական որակավորման բարձրացմանը և վնաս չի հասցնում մասնագիտական պարտականությունների կատարմանը, պետք է աջակցվի և խրախուսվի:

Կանոն 16 - Դատավորի ոչ դատական գործունեության իրականացումը չպետք է անկողմնակալ դիտորդի մոտ ողջամիտ կասկածներ առաջացնի որպես դատավոր անաչառ գործելու նրա ունակության վերաբերյալ, նսեմացնի դատավորի պաշտոնի հեղինակությունը կամ խոչընդոտի դատական պարտականությունների պատշաճ իրականացմանը:

Կանոն 17 - Սույն կանոնները պարտադիր են նաև դատավորի թեկնածուի հավակնորդների, դատավորների թեկնածուների, ներառյալ` առաջխաղացման ենթակա թեկնածուների ցուցակում ընդգրկված անձանց համար այնքանով, որքանով դրանք իրենց էությամբ կիրառելի են նրանց նկատմամբ:

 

 

pin
Դատավորների ընդհանուր ժողով
21.12.2018
N 05-Լ
Որոշում