Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 29...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 293-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

    Հայաստանի Հանրապետության                 ԼԴ/0072/01/18

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

Գործ թիվ ԼԴ/0072/01/18

Նախագահող դատավոր` Մ. Արղամանյան

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան),

 

                   նախագահությամբ`            Լ. Թադևոսյանի

                   մասնակցությամբ դատավորներ` Հ. Ասատրյանի

                                              Ս. Ավետիսյանի

                                              Ա. Պողոսյանի

                                              Ս. Օհանյանի

 

    2020 թվականի նոյեմբերի 12-ին                     ք. Երևանում

գրավոր ընթացակարգով քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2019 թվականի փետրվարի 18-ի որոշման դեմ մեղադրյալ Հայկազ Վաչագանի Մարտիրոսյանի պաշտպան Ս.Ամիրխանյանի վճռաբեկ բողոքը,

 

ՊԱՐԶԵՑ

 

Գործի դատավարական նախապատմությունը.

1. 2018 թվականի հունվարի 1-ին ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով հարուցվել է թիվ 19100118 քրեական գործը:

Նախաքննության մարմնի` 2018 թվականի հունվարի 4-ի որոշմամբ Հայկազ Վաչագանի Մարտիրոսյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:

Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2018 թվականի հունվարի 5-ի որոշմամբ Հայկազ Մարտիրոսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը` 2 (երկու) ամիս ժամկետով, որը նույն դատարանի` 2018 թվականի փետրվարի 22-ի որոշմամբ երկարացվել է 2 (երկու) ամիս ժամկետով:

2018 թվականի փետրվարի 26-ին ՀՀ քրեական օրենսգրքի 214-րդ հոդվածի 2-րդ մասի և ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է թիվ 19101018 քրեական գործը:

2018 թվականի մարտի 16-ին ՀՀ քրեական օրենսգրքի 214-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է թիվ 19101318 քրեական գործը:

Նախաքննության մարմնի` 2018 թվականի մարտի 16-ի որոշմամբ թիվ 19100118 և 19101318 քրեական գործերը միացվել են մեկ վարույթում և նախաքննությունը շարունակվել է 19100118 համարով:

Առաջին ատյանի դատարանի` 2018 թվականի ապրիլի 27-ի, 2018 թվականի հունիսի 26-ի, 2018 թվականի օգոստոսի 23-ի, 2018 թվականի հոկտեմբերի 26-ի որոշումներով Հ.Մարտիրոսյանին կալանքի տակ պահելու ժամկետը յուրաքանչյուր անգամ երկարացվել է 2 (երկու) ամիս ժամկետով:

Նախաքննության մարմնի` 2018 թվականի նոյեմբերի 20-ի, 2018 թվականի նոյեմբերի 21-ի և 2018 թվականի դեկտեմբերի 12-ի որոշումներով Հ.Մարտիրոսյանին առաջադրված մեղադրանքը փոփոխվել և լրացվել է, ու նրան նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 214-րդ հոդվածի 1-ին մասով և 325-րդ հոդվածի 1-ին մասով:

2. 2018 թվականի դեկտեմբերի 18-ին քրեական գործն ըստ մեղադրանքի Հ.Մարտիրոսյանի` ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 214-րդ հոդվածի 1-ին մասով և 325-րդ հոդվածի 1-ին մասով ուղարկվել է Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան):

3. Առաջին ատյանի դատարանը, 2018 թվականի դեկտեմբերի 25-ին, քրեական գործը դատական քննության նախապատրաստելու փուլում, քննության առնելով Հ.Մարտիրոսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը վերացնելու կամ փոխելու, ինչպես նաև դրա հիմնավորվածության հարցը, այն թողել է անփոփոխ` միաժամանակ մերժելով կալանավորումը գրավով փոխարինելու մասին պաշտպանի միջնորդությունը:

4. Հ.Մարտիրոսյանի պաշտպան Ս.Ամիրխանյանի վերաքննիչ բողոքը ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ` նաև Վերաքննիչ դատարան) 2019 թվականի փետրվարի 18-ի որոշմամբ թողնվել է առանց քննության:

5. Վերաքննիչ դատարանի վերոհիշյալ որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել Հ.Մարտիրոսյանի պաշտպան Ս.Ամիրխանյանը: Վճռաբեկ դատարանի` 2019 թվականի հունիսի 21-ի որոշմամբ բողոքն ընդունվել է վարույթ:(1) Վճռաբեկ դատարանի` 2020 թվականի սեպտեմբերի 9-ի որոշմամբ սահմանվել է վճռաբեկ բողոքի քննության գրավոր ընթացակարգ:

 

_____________________

1. Ծանոթություն. Վերոնշյալ վճռաբեկ բողոքը քննության է նշանակվել սույն գործով կիրառման ենթակա քրեադատավարական նորմերի` ՀՀ սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ ՀՀ վճռաբեկ դատարանի` թիվ ԵԴ/0426/11/18 գործով 2019 թվականի սեպտեմբերի 18-ին ներկայացված դիմումի հիման վրա ՀՀ սահմանադրական դատարանի` 2020 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-66 որոշումը ստանալուց հետո:

 

Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

6. Առաջին ատյանի դատարանը 2018 թվականի դեկտեմբերի 25-ի որոշման եզրափակիչ մասում նշել է. «(...) Հայկազ Վաչագանի Մարտիրոսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը թողնել անփոփոխ (...)»:(2)

 

_______________________

2. Տե՛ս նյութեր, հավելված, թերթ 16:

 

7. Վերաքննիչ դատարանը, բողոքն առանց քննության թողնելու մասին որոշմամբ վկայակոչելով Անուշ Ղավալյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2008 թվականի նոյեմբերի 28-ի թիվ ԵՔՐԴ/0299/01/08 որոշումը, արձանագրել է. «(...) ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 376.1-րդ հոդվածի 4-րդ մասի տառացի մեկնաբանման արդյունքում ստացվում է, որ դատական կարգով բողոքարկման ենթակա են միայն կալանքը որպես խափանման միջոց ընտրելու, փոփոխելու կամ վերացնելու մասին որոշումները: Քրեադատավարական օրենքը որևէ նշում չի պարունակում որպես խափանման միջոց ընտրված կալանքն անփոփոխ թողնելու մասին որոշման` վերաքննության կարգով բողոքարկման հնարավորության մասին (...):

(...) Քրեադատավարական օրենքը որևէ դրույթ չի պարունակում որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը գործի քննության տվյալ փուլում անփոփոխ թողնելու մասին դատարանի որոշման` վերաքննության կարգով բողոքարկման հնարավորության մասին, մինչդեռ սույն գործով բողոքարկվել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի` Հայկազ Մարտիրոսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը անփոփոխ թողնելու մասին որոշումը, որը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 376.1-րդ հոդվածի 4-րդ մասի ուժով չի կարող բողոքարկվել ՀՀ Վերաքննիչ քրեական դատարան, այսինքն` տվյալ դեպքում բողոքարկվել է այնպիսի դատավարական ակտ, որն ենթակա չէ բողոքարկման, ինչը հիմք է պաշտպանի վերաքննիչ բողոքն առանց քննության թողնելու համար (...)»:(3)

 

_____________________

3. Տե՛ս նյութեր, հավելված, թերթեր 62-63:

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.

8. Բողոքաբերը նշել է, որ Առաջին ատյանի դատարանը, Հ.Մարտիրոսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումն անփոփոխ թողնելու մասին որոշում կայացնելով, դուրս է եկել քրեադատավարական օրենսգրքի 293-րդ հոդվածի 2-րդ մասում պարունակող բառերի և արտահայտությունների տառացի նշանակությունից և կայացրել է իրավական կարգավորումներից դուրս, ոչ օրինական և ոչ իրավաչափ որոշում:

Ըստ բողոքաբերի` գործի դատական քննության նախապատրաստական փուլում քրեադատավարական օրենսգրքով նախատեսված չեն կալանք խափանման միջոցի կիրառման առավելագույն ժամկետներ, ուստի իրավական կարգավորումներից դուրս կայացված ոչ օրինական որոշման արդյունքում Հ.Մարտիրոսյանը 2019 թվականի հունվարի 2-ից առանց ժամկետի սահմանափակման անօրինական է պահվում անազատության մեջ, որի կապակցությամբ Եվրոպական դատարանը կայացրել է հստակ դիրքորոշում:

Բողոքաբերը նշել է, որ ազատությունից զրկված յուրաքանչյուր ոք ունի իրեն ազատությունից զրկելու որոշումը բողոքարկելու իրավունք, մինչդեռ Վերաքննիչ դատարանը, ներկայացված վերաքննիչ բողոքը թողել է առանց քննության: Նման պայմաններում, բողոքաբերը հանգել է հետևության, որ առկա է Հ.Մարտիրոսյանի իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում:

Ըստ բողոքաբերի` Հ.Մարտիրոսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումն անփոփոխ թողնելու մասին Առաջին ատյանի դատարանի` 2018 թվականի դեկտեմբերի 25-ի` իրավական կարգավորումներից դուրս կայացրած որոշումը, և այդ որոշումն ըստ էության վերաքննության կարգով վիճարկելու հնարավորությունը սահմանափակող` պաշտպանի ներկայացրած բողոքն առանց քննության թողնելու մասին Վերաքննիչ դատարանի` 2019 թվականի փետրվարի 19-ի որոշումը չեն կարող իրավաչափ և օրինական համարվել:

9. Վերոշարադրյալի հիման վրա` բողոքի հեղինակը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի` 2019 թվականի փետրվարի 18-ի` որոշումը, կայացնել նոր դատական ակտ, և Հ.Մարտիրոսյանին անհապաղ ազատ արձակել:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

 

10. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. իրավաչա՞փ է արդյոք Վերաքննիչ դատարանի կողմից Հ.Մարտիրոսյանի պաշտպան Ս.Ամիրխանյանի վերաքննիչ բողոքն առանց քննության թողնելը` Առաջին ատյանի դատարանի որոշումը վերաքննության կարգով բողոքարկման ենթակա չլինելու պատճառաբանությամբ այն դեպքում, երբ բողոքարկվել է գործը դատական քննության նախապատրաստելու փուլում մեղադրյալի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումն անփոփոխ թողնելու մասին որոշումը:

11. ՀՀ սահմանադրական դատարանը, 2018 թվականի հունիսի 26-ի թիվ ՍԴՈ-1421 որոշմամբ անդրադառնալով գործը դատական քննության նախապատրաստելու փուլում դատարանի կողմից կալանքը որպես խափանման միջոց ընտրելու կամ չընտրելու և կալանքը որպես խափանման միջոց ընտրված լինելու դեպքում դրա հիմնավոր լինելու կամ չլինելու հարցի քննության արդյունքում կայացված որոշման բողոքարկման հնարավորությանը, արտահայտել է հետևյալ իրավական դիրքորոշումը. «(...) Գործը դատական քննության նախապատրաստելու փուլում վիճարկվող իրավակարգավորման ուժով մեղադրյալի նկատմամբ անձնական ազատության իրավունքի սահմանափակում նախատեսող խափանման միջոցի վերաբերյալ հարցի քննության արդյունքում ընդունվում է որոշում (Օրենսգրքի 293-րդ հոդվածի 2-րդ մաս), որն, ի թիվս այլնի, Օրենսգրքի 65-րդ հոդվածի 2-րդ մասի 20-րդ կետի, ինչպես նաև Օրենսգրքի 73-րդ հոդվածի 15-րդ կետի ուժով կարող է բողոքարկվել մեղադրյալի, նրա պաշտպանի կողմից (...): Ուստիև, Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն գործով վիճարկվող իրավակարգավորումը խնդրահարույց չէ ՀՀ Սահմանադրության 27-րդ հոդվածի 5-րդ մասի համատեքստում այն առումով, որ Օրենսգրքում, մասնավորապես, առկա են կալանքի` որպես խափանման միջոցի վերաբերյալ հարցի քննության արդյունքում ընդունված որոշման դատական բողոքարկման (ստուգման) օրենսդրական երաշխիքներ (...)»:(4)

 

__________________________

4. Տե՛ս ՀՀ սահմանադրական դատարանի` 2018 թվականի հունիսի 26-ի թիվ ՍԴՈ-1421 որոշման 4.2-րդ կետը:

 

12. ՀՀ սահմանադրական դատարանի` նախորդ կետում մեջբերված իրավական դիրքորոշումների հաշվառմամբ` Վճռաբեկ դատարանը վերանայելով Անուշ Ղավալյանի գործով արտահայտած իրավական դիրքորոշումները`(5) Գարիկ Սարգսյանի գործով փաստել է, որ գործը դատական քննության նախապատրաստելու փուլում մեղադրյալի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումն անփոփոխ թողնելու (այդ թվում նաև` կալանավորումը վերացնելու կամ այլ խափանման միջոցով փոխարինելու միջնորդությունը մերժելու) մասին որոշումը ենթակա է բողոքարկման վերաքննության կարգով:(6)

 

_______________________

5. Տե՛ս Վճռաբեկ դատարանի` Անուշ Ղավալյանի գործով 2008 թվականի նոյեմբերի 28-ի թիվ ԵՔՐԴ/0299/01/08 որոշման 21-րդ կետը:

6. Տե՛ս Վճռաբեկ դատարանի` Գարիկ Սարգսյանի գործով 2018 թվականի հուլիսի 20-ի թիվ ԵԿԴ/0294/01/17 որոշման 14-րդ կետը:

 

13. ՀՀ սահմանադրական դատարանը, 2019 թվականի նոյեմբերի 6-ի թիվ ՍԴՈ-1487 որոշմամբ արտահայտել է հետևյալ իրավական դիրքորոշումը. «(...) Ելնելով մարդու հիմնական իրավունքների և ազատությունների անմիջական գործողության սահմանադրական պահանջից, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության վավերացրած` մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային պայմանագրերի հիման վրա գործող մարմինների պրակտիկան, մինչև Ազգային ժողովի կողմից համապատասխան իրավակարգավորումներ սահմանելը դատական պրակտիկան պետք է առաջնորդվի այն մոտեցմամբ, որ գործի դատական քննության փուլում որպես խափանման միջոց ընտրված կալանքը փոփոխելու կամ վերացնելու միջնորդությունները մերժելու մասին որոշումները ենթակա են վերաքննության կարգով անմիջական բողոքարկման` առաջին ատյանի դատարանների` կալանքը որպես խափանման միջոց ընտրելու, փոփոխելու կամ վերացնելու որոշումների բողոքարկման համար Օրենսգրքով սահմանված կարգով` առաջնորդվելով անձնական ազատությունից զրկելու իրավաչափությունը վիճարկելու, դատական պաշտպանության իրավունքների արդյունավետ իրացման ապահովման անհրաժեշտությամբ (...)»:(7)

 

_________________________

7. Տե՛ս ՀՀ սահմանադրական դատարանի` 2019 թվականի նոյեմբերի 6-ի թիվ ՍԴՈ-1487 որոշման 4.6.-րդ կետը:

 

14. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Առաջին ատյանի դատարանը գործը դատական քննության նախապատրաստելու փուլում, որոշում է կայացրել Հ.Մարտիրոսյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանավորումն անփոփոխ թողնելու մասին:(8) Նշված որոշման դեմ պաշտպան Ս.Ամիրխանյանի վերաքննիչ բողոքը Վերաքննիչ դատարանը թողել է առանց քննության` այն պատճառաբանությամբ, որ պաշտպանի կողմից վերաքննության կարգով բողոքարկվել է որոշում, որը ներառված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 376.1-րդ հոդվածով սահմանված` վերաքննության կարգով բողոքարկման ենթակա ակտերի ցանկում:(9)

 

_____________________

8. Տե՛ս սույն որոշման 5-րդ կետը:

9. Տե՛ս սույն որոշման 6-րդ կետը:

 

15. Նախորդ կետում մեջբերված փաստական տվյալները գնահատելով սույն որոշման 10-13-րդ կետերում վկայակոչված իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ իրավաչափ չէ Վերաքննիչ դատարանի կողմից Հ.Մարտիրոսյանի պաշտպան Ս.Ամիրխանյանի ներկայացրած վերաքննիչ բողոքն առանց քննության թողնելը` Առաջին ատյանի դատարանի որոշումը վերաքննության կարգով բողոքարկման ենթակա չլինելու պատճառաբանությամբ այն դեպքում, երբ բողոքարկվել է գործը դատական քննության նախապատրաստելու փուլում մեղադրյալի նկատմամբ կալանավորումն անփոփոխ թողնելու մասին որոշումը:

16. Ամփոփելով վերոշարադրյալը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը դատական ակտ կայացնելիս թույլ է տվել քրեադատավարական օրենքի պահանջի խախտում, որն իր բնույթով էական է, քանի որ ազդել է գործով ճիշտ որոշում կայացնելու վրա և, համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի, հիմք է ստորադաս դատարանի դատական ակտը բեկանելու և գործը նույն դատարան` նոր քննության ուղարկելու համար:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ նոր քննության ընթացքում Վերաքննիչ դատարանը պետք է ըստ էության քննության առնի Հ.Մարտիրոսյանի պաշտպան Ս.Ամիրխանյանի վերաքննիչ բողոքը:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ և 171-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 39-րդ, 43-րդ, 361.1-րդ, 403-406-րդ, 415.1-րդ, 418.1-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Մեղադրյալ Հայկազ Վաչագանի Մարտիրոսյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2019 թվականի փետրվարի 18-ի որոշումը բեկանել և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Լ. Թադևոսյան

Դատավորներ` Հ. Ասատրյան

Ս. Ավետիսյան

Ա. Պողոսյան

Ս. Օհանյան

 

_______________

ԻՐՏԵԿ - www.Arlis.am կայքը որպես պաշտոնական հրապարակման ամսաթիվ նշել է իր կայքում հրապարակման ամսաթիվը` 25 դեկտեմբերի 2020 թվական:

 

 

pin
Վճռաբեկ դատարան
12.11.2020
N ԼԴ/0072/01/18
Որոշում