Սեղմել Esc փակելու համար:
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ...

 

 

 

ԻՐՏԵԿ     ՀՀ դատական օրենսգրքի 94-րդ հոդվածի 9-րդ մասի համաձայն դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու որոշումները ենթակա են հրապարակման` ԱՊԱՆՁՆԱՎՈՐԱԾ 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

    Ք. Երևան                                    ԲԴԽ-81-Ո-Կ-19

25 հունվարի 2021 թ.

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ ԷԴՈՒԱՐԴ ԱՄԱԼՅԱՆԻՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ` ՀԵՏԵՎՅԱԼ ԿԱԶՄՈՎ`

 

նախագահությամբ`

    Բարձրագույն դատական խորհրդի նախագահ         Ռ. Վարդազարյանի,

 

    մասնակցությամբ`                             Գ. Բեքմեզյանի,

    անդամներ                                    Ա. Հայկյանցի,

                                                Մ. Մակյանի,

                                                Լ. Մելիքջանյանի,

                                                Ս. Միքայելյանի,

                                                Ա. Մխիթարյանի,

                                                Ս. Չիչոյանի,

                                                Վ. Քոչարյանի,

 

    Արդարադատության նախարար`                     Ռ. Բադասյանի,

 

    Արդարադատության նախարարի ներկայացուցիչ`      Դ. Գասպարյանի,

 

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր

իրավասության դատարանի դատավորի

    ներկայացուցիչ`                               Ն. Ավագյանի,

 

    քարտուղարությամբ`                            Մ. Թելոյանի,

 

դռնբաց նիստում, քննության առնելով Արդարադատության նախարարի (այսուհետ` Նախարար)` «Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Էդուարդ Ամալյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդությամբ ՀՀ Բարձրագույն դատական խորհրդին դիմելու մասին» 2020 թվականի դեկտեմբերի 1-ի թիվ 116-Ա որոշումը և կից ներկայացված փաստաթղթերը,

 

ՊԱՐԶԵՑ.

 

1. Գործի նախապատմությունը.

Կարգապահական վարույթ հարուցելու առիթ է հանդիսացել քաղաքացի Ալեն Սիմոնյանի կողմից 05.08.2020թ.-ին Արդարադատության նախարարին (այսուհետ` Նախարար) ներկայացրած հաղորդումը (այսուհետ` Հաղորդում) թիվ ԵԴ/13722/02/20 քաղաքացիական գործով Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` Դատարան) դատավոր Էդուարդ Ամալյանի (այսուհետ` Դատավոր) նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու վերաբերյալ:

Նախարարի 01.10.2020թ. թիվ 100-Ա որոշմամբ Դատավորի նկատմամբ հարուցվել է կարգապահական վարույթ:

2020 թվականի դեկտեմբերի 1-ի 116-Ա որոշմամբ Նախարարը միջնորդություն է ներկայացրել Բարձրագույն դատական խորհուրդ Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ:

 

2. Վարույթ հարուցած մարմնի դիրքորոշումը.

Վարույթ հարուցած մարմինն իր դիրքորոշումը հիմնավորելու համար վկայակոչում է հետևյալ իրավական նորմերը.

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 21-րդ հոդվածի համաձայն` հայցը ներկայացվում է պատասխանողի հաշվառման (գտնվելու) վայրի, իսկ քաղաքացու` հաշվառման վայր չունենալու դեպքում` բնակության վերջին հայտնի վայրի առաջին ատյանի դատարան, եթե այլ բան սահմանված չէ սույն օրենսգրքով կամ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 21-րդ հոդվածի համատեքստում ընդհանուր տարածքային ընդդատության այլ (ընդդատություն հայցվորի ընտրությամբ, պայմանագրային և բացառիկ ընդդատություն) կանոններ են սահմանված ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 22-24-րդ հոդվածներում:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 22-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` առողջությանը, պատվին, արժանապատվությանը, գործարար համբավին կամ կերակրողի մահվամբ պատճառված վնասի հատուցման վերաբերյալ հայցը կարող է ներկայացվել հայցվորի հաշվառման (գտնվելու) վայրի առաջին ատյանի դատարան կամ վնասը պատճառելու վայրի դատարան:

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 19-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` անձի պատիվը, արժանապատվությունը, գործարար համբավը ենթակա են պաշտպանության այլ անձի կողմից հրապարակայնորեն արտահայտված վիրավորանքից և զրպարտությունից` սույն օրենսգրքով և այլ օրենքներով սահմանված դեպքերում ու կարգով:

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` անձը, որի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը արատավորել են վիրավորանքի կամ զրպարտության միջոցով, կարող է դիմել դատարան` վիրավորանք հասցրած կամ զրպարտություն կատարած անձի դեմ:

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն` վիրավորանքի դեպքում անձը կարող է դատական կարգով պահանջել հետևյալ միջոցներից մեկը կամ մի քանիսը`

1) հրապարակայնորեն ներողություն խնդրել: Ներողություն խնդրելու ձևը սահմանում է դատարանը.

2) եթե վիրավորանքը տեղ է գտել լրատվական գործունեություն իրականացնողի տարածած տեղեկատվության մեջ, ապա լրատվության այդ միջոցով լրիվ կամ մասնակի հրապարակել դատարանի վճիռը: Հրապարակման եղանակը և ծավալը սահմանում է դատարանը.

3) սահմանված նվազագույն աշխատավարձի մինչև 1000-ապատիկի չափով փոխհատուցում վճարել:

Դիմողը գտնում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը սահմանելով ընդհանուր տարածքային ընդդատություն, որի համաձայն` հայցը հարուցվում է պատասխանողի հաշվառման (գտնվելու) վայրի դատարան, միաժամանակ հնարավորություն է նախատեսել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով կամ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով այլ կանոններ նախատեսված լինելու դեպքում կիրառել այդ կանոնները: Առողջությանը, պատվին, արժանապատվությանը, գործարար համբավին կամ կերակրողի մահվամբ պատճառված վնասի հատուցման վերաբերյալ հայց հարուցելիս դատարան ընտրելու իրավունքը պատկանում է հայցվորին և հոդվածի իրավակարգավորման տիրույթում հայցվորի կամահայտնությունն ունի որոշիչ նշանակություն: Հետևաբար, այն դեպքում, երբ հայցվորի ընտրությամբ առողջությանը, պատվին, արժանապատվությանը, գործարար համբավին կամ կերակրողի մահվամբ պատճառված վնասի հատուցման վերաբերյալ հայցը ներկայացվել է հայցվորի հաշվառման վայրի դատարան, ապա հայցի քննությունը պետք է իրականացվի հենց հայցվորի հաշվառման վայրի առաջին ատյանի դատարանի կողմից:

i

Ըստ վարույթը հարուցած մարմնի` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի 7-րդ մասի վերլուծությունից հետևում է, որ օրենսդիրը սահմանել է վիրավորանքի դեպքում պատվին, արժանապատվությանը պատճառված վնասի վերականգնման մի քանի միջոցներ և անձին հնարավորություն է տվել դատական կարգով պատվին, արժանապատվությանը պատճառված վնասի հատուցման պահանջ ներկայացնել դրանցից մեկ կամ մի քանիսի կիրառմամբ:

Դիմողը պնդում է, որ հայցադիմումի փաստական և իրավական հիմքերի ուսումնասիրությունից հետևում է, որ հայցվորի կողմից ներկայացվել է վիրավորանքի հետևանքով պատվին և արժանապատվությունը պատճառված վնասի հատուցման վերաբերյալ հայցադիմում, որը ներառում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի 7-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով սահմանված հայցապահանջները, այն է` պարտավորեցնել Պատասխանողին հրապարակային ներողություն խնդրել հնչեցված վիրավորանք պարունակող արտահայտությունների համար և պատասխանողից հօգուտ հայցվորի բռնագանձել 1.000.000 ՀՀ դրամ գումար: Սույն գործի փաստերի համաձայն` հայցվորը հաշվառված է Երևան քաղաքում, վերջինս հաշվառման հասցեն է Երևան քաղաքի Աբովյան փողոցի 62-րդ շենքի 6-րդ բնակարանը:

Տվյալ դեպքում հայցը վերաբերում է պատվին և արժանապատվությանը պատճառված վնասը հատուցելու պահանջին և այդ փաստի ուժով կիրառելի է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 22-րդ հոդվածի 5-րդ կետով նախատեսված «ընդդատությունը հայցվորի ընտրությամբ» կանոնը, որը իրավունք է վերապահում հայցվորին հայցը ներկայացնել նաև իր հաշվառման վայրի` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան, որի իրացման արդյունքում ծագել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի` հայցադիմումը վարույթ ընդունելու հարցը լուծելու պարտականությունը և միաժամանակ բացառվել է հայցը տարածքային ընդդատության կանոնների խախտմամբ ներկայացված լինելու հիմքով վերադարձնելու հնարավորությունը: Ավելին, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 126-րդ հոդվածի 1-ին մասից, որով սահմանված են հայցադիմումի ընդունումը մերժելու հիմքերը և հայցադիմումի համադրված ուսումնասիրությունից հետևում է, որ բացակայում են նաև հայցադիմումի ընդունումը մերժելու հիմքերը, որպիսի հանգամանքը հաստատվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 09.09.2020թ. հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշմամբ:

Եզրահանգելով վարույթը հարուցած մարմինը նշում է, որ վերոգրյալ իրավական և փաստական վերլուծությունները թույլ են տալիս եզրակացնել, որ հայցվորի հայցադիմումը վերադարձնելու համար անհրաժեշտ փաստական և իրավական հիմքերը բացակայում են: Արդյունքում, Դատարանի կողմից հայցադիմումը վերադարձնելու մասին 20.05.2020թ. որոշման կայացմամբ թույլ է տրվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 22-րդ հոդվածի 5-րդ մասի, 127-րդ հոդվածի 1-ին մասի պահանջների խախտում, ինչն էլ, իր հերթին, հանգեցրել է օրենքով իր իրավասությանը վերապահված հարցը քննելու և լուծելու, ինչպես նաև ողջամիտ, անկողմնակալ դիտորդի մոտ կողմնակալության կամ խտրականության տպավորություն ստեղծելուց զերծ մնալու վերաբերյալ դատավորի վարքագծի կանոնների խախտման: Դատավորի կողմից թույլ տրված դատավարական իրավունքի նորմերի և դատավորի վարքագծի կանոնների խախտումները կատարվել են կոպիտ անփութությամբ:

 

3. Դատավորի դիրքորոշումը հարուցված կարգապահական վարույթի վերաբերյալ.

Սույն կարգապահական վարույթի շրջանակներում Դատավորը ներկայացրել է գրավոր բացատրություն Նախարարին (այսուհետ` Բացատրություն):

Բացատրությամբ նշվել է, որ քաղաքացի Ալեն Սիմոնյանի կողմից ներկայացված հայցը բաղկացած է եղել հիմնական և ածանցյալ պահանջներից: Մասնավորապես` հայցադիմումի նյութաիրավական պահանջի առաջին կետն ունեցել է հետևյալ բովանդակությունը. «Գարեգին Պետրոսյանին պարտավորեցնել հրապարակային ներողություն խնդրել հնչեցված վիրավորանք պարունակող արտահայտության համար»: Հայցադիմումով որպես ածանցյալ պահանջ հայցվորը դատարանից խնդրել է. «Գարեգին Պետրոսյանից հօգուտ Ալեն Սիմոնյանի բռնագանձել 1000000 ՀՀ դրամ գումար, որպես պատճառված վնասի հատուցում»:

i

Միմյանց հետ համադրելով Բացատրությամբ վկայակոչված ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 21-րդ հոդվածում, 22-րդ հոդվածի 5-րդ մասում, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 19-րդ հոդվածի 1-ին մասում, 1087.1-րդ հոդվածի 7-րդ մասում ամրագրված իրավանորմերը և հայցապահանջը` Դատավորը նշել է, որ օրենսդիրը հայցվորի ընտրությամբ ընդդատություն է սահմանել միայն առողջությանը, պատվին, արժանապատվությանը, գործարար համբավին կամ կերակրողի մահվամբ պատճառված վնասի հատուցման վերաբերյալ գործերով և այս տեսակետից հնչեցված վիրավորանք պարունակող արտահայտությունների համար պատասխանողին հայցվորից ներողություն խնդրել պարտավորեցնելը որևէ ձևով վնասի հատուցում չէ` դրա դրամաիրային իմաստով: Ըստ Դատավորի` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 22-րդ հոդվածի 5-րդ մասում խոսվում է հենց վնասի` դրամաիրային հարաբերության մասին, որի բովանդակությունը բացահայտված է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի 2-րդ մասում և այս տեսանկյունից ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 19-րդ հոդվածի 1-ին մասում դրամաիրային վնասի մասին նշված չլինելը տրամաբանական է, քանի որ պատվի և արժանապատվության գործերով հայց հարուցելիս հայցվորի հիմնական խնդիրը նախ և առաջ դատական կարգով իր պատվի ու արժանապատվության վերականգնումն է: Դատավորը այս տեսանկյունից է մոտեցել հարուցված հայցին` տարանջատելով հիմնական և ածանցյալ պահանջները և նկատի ունենալով, որ հիմնական պահանջի մասով օրենսդիրը հատուկ կարգավորում չի տվել` վերադարձրել է հայցը:

i

Սույն գործով Բարձրագույն դատական խորհրդում կայացած դատական նիստի ընթացքում Դատավորի ներկայացուցիչը դիրքորոշում արտահայտեց, ըստ որի` քննության առարկա կարգապահական վարույթը հարուցվել է ժամկետների խախտմամբ այն պատճառաբանությամբ, որ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 144-րդ հոդվածի ուսումնասիրությունից հնարավոր է եզրահանգել, որ վարույթ հարուցելու ժամկետներն իրենց բնույթով երկու տեսակի են լինում` ընդհանուր և բացառիկ: Առաջին դեպքում ընդհանուր ժամկետը հետևյալն է` երբ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու նպատակով վարույթ հարուցող մարմնի կողմից կարգապահական վարույթ կարող է հարուցվել կարգապահական խախտման հայտնաբերման պահից մեկ տարվա ժամկետում և տվյալ ժամկետի հաշվարկման հիմքը վերաբերում է բոլոր այն դեպքերին, երբ խախտումը հայտնաբերվել է եզրափակիչ դատական ակտի պայմաններում, իսկ նույն հոդվածի 2-րդ մասը նշում է, որ եթե խախտումը հայտնաբերվել է մինչև եզրափակիչ դատական ակտի ուժի մեջ մտնելը, ապա նշված մեկամյա ժամկետը հաշվարկվում է տվյալ դատական ակտի ուժի մեջ մտնելու պահից: Դատավորի ներկայացուցիչը նշեց, որ թեպետ վարույթ հարուցող մարմինը կարող է հայտնաբերել կարգապահական խախտումը մինչև եզրափակիչ դատական ակտի ուժի մեջ մտնելը, սակայն վարույթ հարուցելու իրավասությունը ծագում է եզրափակիչ դատական ակտի կայացման պահից, իսկ եթե դատավորի կողմից թույլ են տրվել դատավարական նորմերի այնպիսի խախտումներ, որոնք հանգեցնում են դատական պաշտպանության իրավունքի խախտման և արդարադատության խաթարման, ապա վարույթ կարող է հարուցվել նաև մինչև տվյալ եզրափակիչ դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը: Դատավորի ներկայացուցիչը նշեց, որ վարույթ հարուցող մարմինն իր միջնորդության մեջ չի հիմնավորել, որ Դատավորի կողմից թույլ տրված խախտումը հանգեցրել է արդարադատության խաթարման կամ անձի դատական պաշտպանության իրավունքի խախտման, հետևաբար չէր կարող կիրառվել «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 144-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված բացառությունը:

 

4. Հարուցված կարգապահական վարույթի համար էական նշանակություն ունեցող հանգամանքները.

1) Քաղաքացի Ալեն Սիմոնյանի (այսուհետ` Հայցվոր) կողմից 12.05.2020թ.-ին հայցադիմում է ներկայացվել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան ընդդեմ Գարեգին Պետրոսյանի (այսուհետ` Պատասխանող) պատիվն ու արժանապատվությունը վերականգնելու պահանջի վերաբերյալ, որը մակագրվել է Դատավորին (քաղաքացիական գործ թիվ ԵԴ/13722/02/20):

2) Հայցադիմումով պատասխանողին ուղղված նյութաիրավական պահանջներն են. Պատասխանողին պարտավորեցնել հրապարակային ներողություն խնդրել հնչեցված վիրավորանք պարունակող արտահայտությունների համար: Պատասխանողից հօգուտ Հայցվորի բռնագանձել 1.000.000 ՀՀ դրամ գումար, որպես պատճառված վնասի հատուցում: Դատական ծախսերին անդրադառնալիս անդրադառնալ Հայցվորի կողմից նախապես վճարված 24.000 ՀՀ դրամ պետական տուրքի գումարին և փաստաբանական ծառայությունների համար վճարվելիք 800.000 ՀՀ դրամին:

3) Հայցի փաստական հիմքում դրվել է այն հանգամանքը, որ Պատասխանողի կողմից հնչեցված (facebook սոցիալական ցանցի անձնական էջում հրապարակված) մի շարք վիրավորական արտահայտությունների և անհարգալից համեմատությունների հետևանքով արատավորվել է Հայցվորի պատիվը և արժանապատվությունը: Հայցի իրավական հիմքում մասնավորապես դրվել են ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 19-րդ հոդվածի 1-ին մասի, 1087.1-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 7-րդ և 9-րդ մասերը` դրանց բովանդակության վկայակոչմամբ:

4) Ըստ հայցադիմումի` Հայցվորի հաշվառման հասցեն է` Երևան քաղաքի Աբովյան փողոցի 62-րդ շենքի 6-րդ բնակարանը:

5) Դատավորը, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 127-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, որի համաձայն` առաջին ատյանի դատարանը վերադարձնում է հայցադիմումը, եթե գործն ընդդատյա չէ տվյալ առաջին ատյանի դատարանին, 20.05.2020թ. որոշմամբ վերադարձրել է հայցադիմումը (այսուհետ` Որոշում):

6) Որոշման դեմ Հայցվորի անունից բերվել է վերաքննիչ բողոք: ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը (դատավոր` Նաիրա Մարգարյան) 07.07.2020թ. որոշմամբ վերաքննիչ բողոքը բավարարել է` վերացնելով Որոշումը:

7) Վերաքննիչ դատարանը մասնավորապես պատճառաբանել է, որ Հայցվորի հայցադիմումը` պատիվն ու արժանապատվությունը վերականգնելու պահանջով, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան է ներկայացվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 22-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված կանոններին համահունչ, ինչն անտեսվել է Դատարանի կողմից հայցադիմումը վարույթ ընդունելու հարցը քննարկելիս:

8) Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արշակ Պետրոսյանի 09.09.2020թ. որոշմամբ հայցադիմումն ընդունվել է վարույթ, որով արձանագրվել է հայցադիմումի ընդունումը մերժելու հիմքերի բացակայությունը:

 

5. Բարձրագույն դատական խորհրդի պատճառաբանությունները և եզրահանգումները.

Քննարկելով Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ հարցը, լսելով Նախարարի ներկայացուցչի հաղորդումը, Դատավորի փաստաբանի բացատրությունը, ուսումնասիրելով կարգապահական վարույթի նյութերը և հետազոտելով ապացույցները` Բարձրագույն դատական խորհուրդը գտնում է, որ ներկայացված միջնորդությունը ենթակա է բավարարման` հետևյալ պատճառաբանությամբ.

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 142-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերն են` արդարադատություն կամ որպես դատարան` օրենքով նախատեսված այլ լիազորություններ իրականացնելիս նյութական կամ դատավարական իրավունքի նորմի խախտումը, որը կատարվել է դիտավորությամբ կամ կոպիտ անփութությամբ: Նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն` սույն գլխի իմաստով` արարքը համարվում է կոպիտ անփութությամբ կատարված, եթե դատավորը չի գիտակցել իր վարքագծի ոչ իրավաչափ բնույթը, թեև տվյալ իրադրությունում ակնհայտորեն կարող էր և պարտավոր էր դա անել:

i

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի համաձայն` ի պաշտոնե գործելիս դատավորը պարտավոր է քննել և լուծել օրենքով իր իրավասությանը վերապահված հարցերը, բացառությամբ այն դեպքերի, երբ առկա են ինքնաբացարկ հայտարարելու հիմքեր:

Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ հարցը լուծելու համար Բարձրագույն դատական խորհուրդն էական է համարում հետևյալ հարցադրումները.

1. արդյո՞ք թիվ ԵԴ/13722/02/20 քաղաքացիական գործով Դատավորը խախտել է դատավարական իրավունքի նորմ,

2. արդյո՞ք թիվ ԵԴ/13722/02/20 քաղաքացիական գործով Դատավորի կողմից թույլ տրված դատավարական իրավունքի նորմի խախտումը կատարվել է դիտավորությամբ կամ կոպիտ անփութությամբ,

3. արդյո՞ք թիվ ԵԴ/13722/02/20 քաղաքացիական գործով Դատավորի կողմից թույլ տրված դատավարական իրավունքի նորմի խախտումը հանգեցրել է դատավորի վարքագծի կանոնի/կանոնների խախտման, որը կատարվել է դիտավորությամբ կամ կոպիտ անփութությամբ:

Բարձրագույն դատական խորհուրդն արձանագրում է, որ ՀՀ Սահմանադրության 3-րդ հոդվածի համաձայն` 1. Հայաստանի Հանրապետությունում մարդը բարձրագույն արժեք է: Մարդու անօտարելի արժանապատվությունն իր իրավունքների և ազատությունների անքակտելի հիմքն է:

2. Մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների և ազատությունների հարգումն ու պաշտպանությունը հանրային իշխանության պարտականություններն են:

3. Հանրային իշխանությունը սահմանափակված է մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներով և ազատություններով` որպես անմիջականորեն գործող իրավունք:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 22-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` առողջությանը, պատվին, արժանապատվությանը, գործարար համբավին կամ կերակրողի մահվամբ պատճառված վնասի հատուցման վերաբերյալ հայցը կարող է ներկայացվել հայցվորի հաշվառման (գտնվելու) վայրի առաջին ատյանի դատարան կամ վնասը պատճառելու վայրի դատարան:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 124-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` հայցադիմումը ներկայացվելուց հետո` յոթնօրյա ժամկետում, առաջին ատյանի դատարանը կայացնում է որոշում`

1) հայցադիմումը վարույթ ընդունելու մասին.

2) հայցադիմումի ընդունումը մերժելու մասին.

3) հայցադիմումը վերադարձնելու մասին:

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` վնասներ են իրավունքը խախտված անձի ծախսերը, որ նա կատարել է կամ պետք է կատարի խախտված իրավունքը վերականգնելու համար, նրա գույքի կորուստը կամ վնասվածքը (իրական վնաս), չստացված եկամուտները, որոնք այդ անձը կստանար քաղաքացիական շրջանառության սովորական պայմաններում, եթե նրա իրավունքը չխախտվեր (բաց թողնված օգուտ), ինչպես նաև ոչ նյութական վնասը:

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի 7-րդ մասին համաձայն` վիրավորանքի դեպքում անձը կարող է դատական կարգով պահանջել հետևյալ միջոցներից մեկը կամ մի քանիսը`

1) հրապարակայնորեն ներողություն խնդրել: Ներողություն խնդրելու ձևը սահմանում է դատարանը.

2) եթե վիրավորանքը տեղ է գտել լրատվական գործունեություն իրականացնողի տարածած տեղեկատվության մեջ, ապա լրատվության այդ միջոցով լրիվ կամ մասնակի հրապարակել դատարանի վճիռը: Հրապարակման եղանակը և ծավալը սահմանում է դատարանը.

3) սահմանված նվազագույն աշխատավարձի մինչև 1000-ապատիկի չափով փոխհատուցում վճարել:

Բարձրագույն դատական խորհուրդն արձանագրում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 22-րդ հոդվածը նախատեսում է տարածքային ընդդատության ընդհանուր կանոնից բացառություններ, որոնց թվին է պատկանում նաև թիվ ԵԴ/13722/02/20 քաղաքացիական գործի շրջանակներում անձի պատվին և արժանապատվությանը պատճառված վնասի հատուցման դեպքը: Տվյալ հոդվածի շրջանակներում օրենսդիրը հնարավորություն է ընձեռել հայցվորին հայց ներկայացնել հայցվորի հաշվառման վայրի դատարան, ինչն ինքնանպատակ չէ, այլ միտված է հայցվորի համար առավել մատչելի արդարադատություն ապահովելուն` հաշվի առնելով անձին պատճառված վնասի բնույթը:

Այս առնչությամբ Բարձրագույն դատական խորհուրդն արձանագրում է, որ թիվ ԵԴ/13722/02/20 քաղաքացիական գործի շրջանակներում Հայցվորը հայցը ներկայացրել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան. Հայցվորի հաշվառման հասցեն է Երևան քաղաքի Աբովյան փողոցի 62-րդ շենքի 6-րդ բնակարանը: Ուստիև, Հայցվորն օգտվել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 22-րդ հոդվածի 5-րդ մասով իրեն վերապահված հնարավորությունից:

Բարձրագույն դատական խորհուրդն արձանագրում է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածը, վերնագրված լինելով «Պատվին, արժանապատվությանը կամ գործարար համբավին պատճառված վնասի հատուցման կարգը և պայմանները», 7-րդ մասում վիրավորանքի համար որպես պատվին, արժանապատվությանը կամ գործարար համբավին պատճառված վնասի հատուցման տեսակներ է դիտում հետևյալ միջոցներից մեկը կամ մի քանիսը`

1) հրապարակայնորեն ներողություն խնդրել: Ներողություն խնդրելու ձևը սահմանում է դատարանը.

2) եթե վիրավորանքը տեղ է գտել լրատվական գործունեություն իրականացնողի տարածած տեղեկատվության մեջ, ապա լրատվության այդ միջոցով լրիվ կամ մասնակի հրապարակել դատարանի վճիռը: Հրապարակման եղանակը և ծավալը սահմանում է դատարանը.

3) սահմանված նվազագույն աշխատավարձի մինչև 1000-ապատիկի չափով փոխհատուցում վճարել:

Ոչ նյութական վնասի հատուցման ձևերի և դրանց կիրառման չափանիշներին անդրադարձել է Սահմանադրական դատարանն իր 15.11.2011թ. ՍԴՈ-997 որոշմամբ, որում, ի թիվս այլնի, սահմանել է, որ արատավորող արտահայտությունների (գործողությունների) արդյունքում պատճառված վնասի դիմաց որպես առաջնահերթություն անհրաժեշտ է կիրառել ոչ նյութական փոխհատուցման ձևերը:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանն իր նախադեպային իրավունքում հաստատել է, որ անձին պատճառված ոչ նյութական վնասի հատուցման ձևեր են հանդիսանում, ի թիվս դրամային հատուցման, նաև ներողություն խնդրելը, պատվին և արժանապատվությանը վնաս պատճառելու փաստի հաստատումը դատարանի կողմից և դատական ակտի հրապարակումը: Հաշվի առնելով նշվածը` Բարձրագույն դատական խորհուրդն արձանագրում է, որ ոչ նյութական վնասի հատուցման մեխանիզմներն ունեն թե' դրամային, թե' ոչ դրամային բնույթ, այսինքն` ոչ նյութական բնույթ:

Բարձրագույն դատական խորհուրդն արձանագրում է, որ պատվին և արժանապատվությանը հասցված վնասի գործերով վնասի հատուցում է հանդիսանում ինչպես պատճառված նյութական, այնպես էլ ոչ նյութական վնասը: Ոչ նյութական վնասն էլ, իր հերթին, հատուցվում է թե' դրամային, թե' ոչ դրամային եղանակով, հետևաբար անձն իրավունք ունի օգտվելու ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 22-րդ հոդվածի 5-րդ մասով ամրագրված հնարավորությունից` պատվին և արժանապատվությանը պատճառված վնասի հատուցման նյութական և ոչ նյութական մեխանիզմներից օգտվելու պարագայում:

Հաշվի առնելով վերոգրյալը` Բարձրագույն դատական խորհուրդն արձանագրում է, որ Դատավորն անտեսել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 22-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջը, ինչի արդյունքում թույլ է տրվել դատավարական իրավունքի նորմի խախտում, որն էլ, իր հերթին, հանգեցրել է «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի խախտման, քանզի ի պաշտոնե գործելիս դատավորը պարտավոր է քննել և լուծել օրենքով իր իրավասությանը վերապահված հարցերը, բացառությամբ այն դեպքերի, երբ առկա են ինքնաբացարկ հայտարարելու հիմքեր, ինչը Դատավորի կողմից չի կատարվել: Թե՛ դատավարական իրավունքի նորմի խախտումը, թե՛ նշված վարքագծի կանոնի խախտումը Դատավորի կողմից կատարվել են կոպիտ անփութությամբ, քանի որ Դատավորը չի գիտակցել իր վարքագծի ոչ իրավաչափ բնույթը, թեև տվյալ իրադրությունում ակնհայտորեն կարող էր և պարտավոր էր դա անել:

Միևնույն ժամանակ Բարձրագույն դատական խորհուրդն արձանագրում է, որ Դատավորի կողմից դրսևորված վարքագիծը թերևս առերևույթ կարող է դիտարկվել որպես օրենքով իր իրավասությանը վերապահված հարցերը քննելու և լուծելու պարտականության խախտում, սակայն Բարձրագույն դատական խորհուրդն անհրաժեշտ է համարում այս համատեքստում ընդգծել, որ Դատավորը գործել է իրեն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 124-րդ հոդվածի 1-ին մասով վերապահված իրավասության շրջանակներում և ընտրել է նշված հոդվածով նախատեսված վարքագծի թույլատրելի տարբերակներից մեկը, ուստիև Նախարարի կողմից ներկայացված միջնորդության մեջ նշված «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ մասի 3-կետի խախտման մասով դիրքորոշումը Բարձրագույն դատական խորհուրդը համարում է անհիմն:

Բարձրագույն դատական խորհուրդն ընդգծում է նաև, որ դատավորի նկատմամբ կիրառվող կարգապահական տույժը պետք է համաչափ լինի կատարված խախտմանը:

Կարգապահական տույժ կիրառելիս Բարձրագույն դատական խորհուրդը հաշվի է առնում խախտման բնույթը, դատավորի անձը, առկա տույժերը, ինչպես նաև այն, որ դատավարական նորմի խախտման` վարքագծի կանոնի խախտում առաջացնող և կարգապահական պատասխանատվության հանգեցնող բնույթն առաջին անգամ է բացահայտվում սույն որոշմամբ և նախկինում չի եղել նման մեկնաբանություն, ուստի Բարձրագույն դատական խորհուրդը գտնում է, որ համաչափ է Դատավորի նկատմամբ կիրառել կարգապահական տույժի տեսակներից առավել մեղմը:

Բարձրագույն դատական խորհուրդն արձանագրում է, որ կարգապահական պատասխանատվության հարցի քննության պահին Դատավորը չի ունեցել կարգապահական տույժ:

Ինչ վերաբերում է Դատավորի ներկայացուցչի կողմից սույն վարույթի հարուցման ժամկետների վերաբերյալ արտահայտած դիրքորոշմանը, ապա Բարձրագույն դատական խորհուրդն ընդգծում է, որ սույն կարգապահական վարույթի հարուցման ժամկետների տեսանկյունից որևէ խախտում Բարձրագույն դատական խորհուրդը չի արձանագրել, քանի որ սույն դեպքում պահպանվել են «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 144-րդ հոդվածով սահմանված ժամկետները:

i

Վերոգրյալի հիման վրա և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 6-րդ մասով, 142-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով, 149-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 154-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով և 155-րդ հոդվածով` Բարձրագույն դատական խորհուրդը,

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Արդարադատության նախարարի միջնորդությունը` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Էդուարդ Ամալյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ` բավարարել: Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Էդուարդ Ամալյանին հայտարարել նախազգուշացում:

2. Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և վերջնական է:

 

Բարձրագույն դատական

    խորհրդի նախագահ                        Ռ. Վարդազարյան

    Անդամներ`                              Գ. Բեքմեզյան

                                           Ա. Հայկյանց

                                           Մ. Մակյան

                                           Լ. Մելիքջանյան

                                           Ս. Միքայելյան

                                           Ա. Մխիթարյան

                                           Ս. Չիչոյան

                                           Վ. Քոչարյան

 

Հրապարակվել է ԲԴԽ պաշտոնական կայքէջում` 1 փետրվարի 2021 թվական:

 

 

pin
Բարձրագույն դատական խորհուրդ
25.01.2021
N ԲԴԽ-81-Ո-Կ-19
Որոշում