Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 331-ՐԴ, 332...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 331-ՐԴ, 332-ՐԴ, 335-ՐԴ, ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

    ՀՀ վերաքննիչ քաղաքացիական                 Քաղաքացիական գործ

    դատարանի որոշում                          թիվ ԵԱՔԴ/2855/02/15

    Քաղաքացիական գործ թիվ ԵԱՔԴ/2855/02/15     2020 թ.

Նախագահող դատավոր` Ն. Մարգարյան

    Դատավորներ`        Ա. Մխիթարյան

                       Ա. Սմբատյան

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

նախագահող Ռ. Հակոբյան

զեկուցող Է. Սեդրակյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Ս. Միքայելյան

Տ. Պետրոսյան

Ն. Տավարացյան

 

2020 թվականի սեպտեմբերի 24-ին

գրավոր ընթացակարգով քննելով Նունե Իսկոյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 07.11.2018 թվականի որոշման դեմ` ըստ ՀՀ գլխավոր դատախազության (այսուհետ` Դատախազություն) հայցի ընդդեմ Նունե Իսկոյանի` պետությանը պատճառված վնասի հատուցման պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Դատախազությունը պահանջել է Նունե Իսկոյանից բռնագանձել 2.828.671 ՀՀ դրամ:

Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ա. Ստեփանյան) 01.07.2016 թվականի վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (նախագահող դատավոր` Ս. Թորոսյան, դատավորներ` Ա. Խառատյան, Ն. Բարսեղյան) 25.11.2016 թվականի որոշմամբ Նունե Իսկոյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է` Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 01.07.2016 թվականի վճիռը բեկանվել է, և գործն ուղարկվել է նոր քննության:

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ռ. Բունիաթյան) (այսուհետ` Դատարան) 02.07.2018 թվականի վճռով հայցը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 07.11.2018 թվականի որոշմամբ Դատախազության վերաքննիչ բողոքը բավարարվել է` Դատարանի 02.07.2018 թվականի վճիռը բեկանվել և փոփոխվել է` հայցը բավարարվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Նունե Իսկոյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Դատախազությունը:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

i

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 331-րդ, 332-րդ, 335-րդ, 337-րդ հոդվածները, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6-9-րդ հոդվածները, 66-րդ հոդվածի 1-ին մասը, 74-րդ հոդվածի 1-ին մասը, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածը, 272-րդ հոդվածը, 277-րդ հոդվածի 1-ի մասը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ պետությանը պատճառված վնասի հատուցումը պայմանավորված չէ օրինական ուժի մեջ մտած մեղադրական դատավճռի առկայությամբ:

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ դատախազությունը` ի դեմս դատախազի, քրեական գործով մեղադրական եզրակացությունը հաստատելու և գործը դատարան ուղարկելու գործառույթն իրականացնելիս չէր կարող չիմանալ, որ առկա է պետությանը պատճառված վնաս, որը ենթակա է բավարարման: Հետևաբար սույն գործով հայցվոր կողմի` պետությանը պատճառված վնասի հատուցման պահանջի իրավունքը ծագել է առնվազն 10.05.2012 թվականին` գործը մեղադրական եզրակացությամբ դատարան ուղարկելու պահից, մինչդեռ հայցը հարուցվել է միայն 18.06.2015 թվականին` հայցային վաղեմության ժամկետի ավարտից հետո:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 07.11.2018 թվականի որոշումը` օրինական ուժ տալով Դատարանի 02.07.2018 թվականի վճռին:

 

2.1. Դատախազության վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները.

Սույն գործով բողոքարկվող դատական ակտով սահմանված բռնագանձման ենթակա գումարը ոչ թե հարկային պարտավորություն է, ինչպես նշում է բողոքաբերը, այլ հանցագործության հետևանքով պետությանը պատճառած վնաս: Այդ իսկ պատճառով Վերաքննիչ դատարանը նշել է, որ հայցային վաղեմության ժամկետի հաշվարկման սկիզբը պետք է իրականացվի ոչ թե քրեական գործը մեղադրական եզրակացությամբ դատարան ուղարկելու, այլ մեղադրական դատավճռի օրինական ուժի մեջ մտնելու հաջորդ օրվանից:

Վերաքննիչ դատարանի նման դիրքորոշումը հիմնավոր է և պայմանավորված է անմեղության կանխավարկածի սկզբունքի պահպանման անհրաժեշտությամբ, նկատի ունենալով, որ սույն գործով Դատախազությունը հայց է հարուցել դատարան` հանցագործության հետևանքով պետությանը պատճառված վնասը հատուցելու պահանջով, իսկ հանրորեն վտանգավոր արարքը կարող է համարվել հանցագործություն, և այն կատարած անձի վրա կարող է դրվել հանցագործությամբ պատճառված վնասի հատուցման պարտականություն միայն վերոհիշյալ հանգամանքներն օրինական ուժի մեջ մտած դատավճռով հաստատվելուց հետո: Քննարկվող դեպքում Դատախազությունը հանցագործությամբ պետության իրավունքի խախտման փաստի, ինչպես նաև հանցագործություն կատարած անձի մասին իմացել է միայն Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 03.07.2012 թվականի մեղադրական դատավճռից, որն օրինական ուժ է ստացել 03.08.2012 թվականին, իսկ հայցը հարուցվել է 18.06.2015 թվականին` իրավունքի պաշտպանության համար սահմանված եռամյա ժամկետի սահմաններում:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) 10.05.2012 թվականին Նունե Իսկոյանի վերաբերյալ թիվ 83150912 քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան: Նունե Իսկոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 194-րդ հոդվածով` այն արարքի համար, որ նա, հանդիսանալով ՀՀ պետական եկամուտների կոմիտեի Մյասնիկյանի հարկային տեսչությունում հաշվառված «Նելի Կարոլինա» ՍՊԸ-ի միակ մասնակիցն ու տնօրենը, 2008-2009 թվականների ընթացքում իրականացրել է ձեռնարկատիրական գործունեություն, սակայն հարկային տեսչություն ներկայացված հաստատագրված վճարի, եկամտահարկի, պետական տուրքի և պարտադիր սոցիալական ապահովագրության հաշվետվություններով հաշվարկված հարկերի և վճարների գումարներն օրենսդրությամբ սահմանված ժամկետներում չվճարելով, սնանկության հատկանիշների բացակայության պայմաններում, պարտքերի չվճարման նպատակով ստեղծել է կեղծ սնանկության հատկանիշներ` 26.11.2010 թվականին սեփական սնանկության ճանաչման մասին դիմում է ներկայացրել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, որի կողմից այն ճանաչվել է, և դրա հետևանքով պետությանը պատճառվել է խոշոր չափի` 2.828.671 ՀՀ դրամի վնաս (հատոր 1-ին, գ.թ. 7-10):

2) Նունե Իսկոյանի կողմից պետությանը պատճառված 2.828.671 ՀՀ դրամ գումարի չափով վնասը հատուցելու պահանջի վերաբերյալ Դատախազության հայցը դատարան է ներկայացվել 18.06.2015 թվականին (հատոր 1-ին, գ.թ. 3-6):

3) Նունե Իսկոյանը 12.04.2018 թվականին Դատարան է ներկայացրել հայցային վաղեմություն կիրառելու վերաբերյալ միջնորդություն (հատոր 2-րդ, գ.թ. 96-97):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.

 

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ` նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է` առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 337-րդ հոդվածի 1-ին կետի խախտման արդյունքում թույլ է տրվել դատական սխալ, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցադրմանը. ո՞ր պահից է ծագում դատախազության` պետությանը պատճառված վնասի հատուցման պահանջով հայց հարուցելու իրավունքը և նման հայցի հարուցման համար պարտադի՞ր պայման է արդյոք վնաս պատճառած անձի` հանցագործության կատարման մեջ մեղավոր ճանաչված լինելու հանգամանքը:

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 14-րդ հոդվածի 10-րդ կետի համաձայն` քաղաքացիական իրավունքների պաշտպանությունն իրականացվում է վնասներ հատուցելով:

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` անձը, ում իրավունքը խախտվել է, կարող է պահանջել իրեն պատճառված վնասների լրիվ հատուցում, եթե վնասների հատուցման ավելի պակաս չափ նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով:

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1058-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` քաղաքացու անձին կամ գույքին, ինչպես նաև իրավաբանական անձի գույքին պատճառված վնասը լրիվ ծավալով ենթակա է հատուցման այն պատճառած անձի կողմից:

Իրավահարաբերության ծագման պահին գործող` 22.02.2007 թվականին ընդունված, 01.05.2007 թվականին ուժի մեջ մտած և 09.04.2018 թվականին ուժը կորցրած «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատախազի կողմից պետական շահերի պաշտպանության հայց հարուցելն ընդգրկում է`

1) քաղաքացիական դատավարության կարգով պետության գույքային շահերի պաշտպանության հայցի հարուցումը.

2) վարչական դատավարության կարգով պետության գույքային և ոչ գույքային շահերի պաշտպանության հայցի հարուցումը.

3) քրեական դատավարության կարգով հանցագործությամբ ուղղակիորեն պետությանը պատճառված գույքային վնասի հատուցման հայցի հարուցումը:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` դատախազը պետական շահերի պաշտպանության հայց հարուցում է միայն, եթե`

1) իր լիազորություններն իրականացնելիս հայտնաբերում է, որ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինը, որին վերապահված է պետական շահերի պաշտպանությանն առնչվող տվյալ հարցերով հայց ներկայացնելը, իրազեկ լինելով պետական շահերի խախտման փաստի մասին, ողջամիտ ժամկետում հայց չի ներկայացրել կամ հայց չի ներկայացնում դատախազի կողմից հայց ներկայացնելու առաջարկություն ստանալուց հետո, կամ

2) պետական շահերի խախտում է տեղի ունեցել այն հարցերով, որոնցով հայց ներկայացնելն օրենսդրությամբ վերապահված չէ որևէ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի, կամ

3) դատախազին հայց հարուցելու միջնորդությամբ է դիմել իրավասու պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինը, կամ

4) հանցագործությամբ ուղղակիորեն պետությանը պատճառված է գույքային վնաս, կամ

5) պետական շահերի պաշտպանության հայցը հարուցվում է այլ երկրների դատարաններում կամ Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս տեղի ունեցող արբիտրաժներում, բացառությամբ այն դեպքերի, երբ Հայաստանի Հանրապետության կառավարությունը (այսուհետ` կառավարություն) լիազորում է այլ մարմնի կամ կազմակերպության:

ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած որոշմամբ անդրադառնալով իրավահարաբերության ծագման պահին գործող` 22.02.2007 թվականին ընդունված, 01.05.2007 թվականին ուժի մեջ մտած և 09.04.2018 թվականին ուժը կորցրած «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի իրավական վերլուծությանը, նշել է, որ դատախազությունն իրավասու է, որպես պետությանը պատճառված վնասի հատուցում, հարկային հաշվետվություններ ներկայացնելու լիազորություն ունեցող անձից չվճարված կամ պակաս վճարված գումարները գանձելու հայց ներկայացնել քաղաքացիական դատավարության կարգով (տե՛ս, օրինակ, ՀՀ գլխավոր դատախազությունն ընդդեմ Վալենտինա Մկրտչյանի թիվ ԵԿԴ/3058/02/11 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 05.04.2013 թվականի որոշումը):

Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ չվճարված հարկերը կամ տուրքերը, որպես պետությանը պատճառված վնաս գանձելու համար կարող է առկա լինել ինչպես հանցագործություն կատարելու փաստը և վնաս պատճառելը (22.02.2007 թվականին ընդունված, 01.05.2007 թվականին ուժի մեջ մտած և 09.04.2018 թվականին ուժը կորցրած «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետ), այնպես էլ առանց հանցագործության փաստը հիմնավորող թույլատրելի ապացույցի առկայության վնաս պատճառելը (...): Ընդ որում, նշված դեպքում որպես պատասխանող հանդես է գալիս այն անձը, ում լիազորությունների շրջանակում է եղել հարկային հաշվետվությունների ներկայացումը, որոնք օրենսդրությամբ սահմանված կարգով չկատարելու արդյունքում պետությունը կրել է գույքային կորուստ:

Միաժամանակ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ հարկային հաշվետվություններ ներկայացնելու լիազորություն ունեցող անձից չվճարված կամ պակաս վճարված գումարները գանձելու հայցը դատախազությունը կարող է ներկայացնել քրեական գործի դատավարության ընթացքում քաղաքացիական հայցի ձևով կամ քաղաքացիական դատավարության կարգով: Ընդ որում, ՀՀ վճռաբեկ դատարանն ընդգծել է, որ այն դեպքերում, երբ պետությանը պատճառված վնասի հատուցման հայցը ներկայացվել է տնտեսվարող սուբյեկտի պաշտոնատար անձի դեմ, ում լիազորությունն է հարկային հաշվետվությունների ներկայացումը, անհրաժեշտ է ապացուցել տվյալ անձի կողմից ոչ իրավաչափ գործողությունների կամ անգործության կատարած լինելու փաստի առկայությունը, որպիսին հիմնավորվում է օրենքով սահմանված ապացույցներով (տե՛ս ՀՀ գլխավոր դատախազությունն ընդդեմ Վարդան Հարությունյանի, երրորդ անձ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի թիվ ԵԱՆԴ/0789/02/11 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 05.04.2013 թվականի որոշումը):

Վերոնշյալ եզրահանգումների համար ՀՀ վճռաբեկ դատարանը հիմք է ընդունել նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքը: Մասնավորապես, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը նշել է, որ չնայած քաղաքացիական պատասխանատվության ծագման պայմանները հանգամանքների բերումով կարող են որոշ դեպքերում համընկնել քրեական պատասխանատվության առաջացման պայմանների հետ, այդուհանդերձ քաղաքացիաիրավական հայցը պետք է լուծվի քաղաքացիական պարտավորական իրավունքի սկզբունքների հիման վրա: Քրեական գործով իրականացված դատավարության արդյունքը որոշիչ չէ վնասի հատուցման վերաբերյալ գործով: Տուժողն իրավունք ունի պահանջել վնասների հատուցում անկախ այն հանգամանքից պատասխանողը դատապարտվել է, թե` արդարացվել, և փոխհատուցման հարցը պետք է դառնա իրավական ինքնուրույն գնահատման առարկա, որի պարագայում ապացուցման չափորոշիչները էականորեն տարբերվում են քրեական պատասխանատվության ենթարկելու դեպքերից: Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կարծիքով` այն, որ միևնույն արարքը կարող է առաջացնել քրեական գործի հետ նույնական (ընդհանուր) հանգամանքներից (փաստերից) բխող վնասը հատուցելու քաղաքացիաիրավական պարտականություն, բավարար հիմքեր չի ստեղծում անձի նկատմամբ կիրառված քաղաքացիաիրավական պատասխանատվությունը դիտել նաև «քրեական պատիժ» (տե՛ս Ռինգվոլդն ընդդեմ Նորվեգիայի գործով Եվրոպական դատարանի 11.02.2003 թվականի վճիռը, պարբ. 38): Այսինքն` ՀՀ վճռաբեկ դատարանի նախկինում արտահայտած դիրքորոշումներից հետևում է, որ անկախ այն հանգամանքից, որ 22.02.2007 թվականին ընդունված, 01.05.2007 թվականին ուժի մեջ մտած և 09.04.2018 թվականին ուժը կորցրած «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածով ամրագրված է, որ դատախազը պետական շահերի պաշտպանության հայց հարուցում է միայն եթե հանցագործությամբ ուղղակիորեն պետությանը պատճառվել է գույքային վնաս, այդուհանդերձ, վնասի առկայությունը կախվածության մեջ չպետք է դրվի վնաս պատճառած անձի` հանցագործության կատարման մեջ մեղավոր ճանաչված լինելու հանգամանքից, քանի որ, թեև քաղաքացիական պատասխանատվության ծագման պայմանները հանգամանքների բերումով կարող են որոշ դեպքերում համընկնել քրեական պատասխանատվության առաջացման պայմաններին, այնուամենայնիվ, պետությանը վնաս պատճառած անձի արարքում հանցակազմի բացակայությունը չի բացառում ինքնուրույն ոչ օրինաչափ վարքագծի առկայությունը, որն առաջացնում է քաղաքացիաիրավական պատասխանատվություն:

Վերահաստատելով նշված դիրքորոշումը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ պետությանը պատճառված վնասի հատուցման իրավահարաբերության նկատմամբ, որպես քաղաքացիաիրավական հարաբերության, կիրառելի են քաղաքացիական իրավունքի ընդհանուր ինստիտուտները, այդ թվում նաև` հայցային վաղեմության ինստիտուտը:

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 331-րդ հոդվածի համաձայն` հայցային վաղեմություն է համարվում իրավունքը խախտված անձի հայցով իրավունքի պաշտպանության ժամանակահատվածը:

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 332-րդ հոդվածի համաձայն` հայցային վաղեմության ընդհանուր ժամկետը երեք տարի է:

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` իրավունքի պաշտպանության մասին պահանջը դատարանը քննության է ընդունում հայցային վաղեմության ժամկետը լրանալուց անկախ: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` դատարանը հայցային վաղեմությունը կիրառում է միայն վիճող կողմի դիմումով, որը պետք է տրվի մինչև դատարանի կողմից վճիռ կայացնելը: Հայցային վաղեմության ժամկետի լրանալը, որի կիրառման մասին դիմել է վիճող կողմը, հիմք է դատարանի կողմից հայցը մերժելու մասին վճիռ կայացնելու համար:

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 337-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` հայցային վաղեմության ժամկետի ընթացքն սկսվում է այն օրվանից, երբ անձն իմացել է կամ պետք է իմացած լիներ իր իրավունքի խախտման մասին: Այդ կանոնից բացառությունները սահմանվում են նույն օրենսգրքով և այլ օրենքներով:

ՀՀ վճռաբեկ դատարանը, անդրադառնալով վերը նշված հոդվածների վերլուծությանը, արձանագրել է, որ օրենսդիրը, ամրագրելով հայցային վաղեմության ընդհանուր երեք տարվա ժամկետը, միաժամանակ սահմանել է նաև այդ ժամկետի հաշվարկման կարգը, այն է` հայցային վաղեմության ժամկետի ընթացքն սկսվում է այն օրվանից, երբ անձն իմացել է կամ պետք է իմացած լիներ իր իրավունքի խախտման մասին (տե՛ս Ռազմիկ Դարբինյանն ընդդեմ Դանիել Ղասաբողլյանի թիվ ԵԷԴ/0723/02/09 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 02.04.2010 թվականի որոշումը):

Վերահաստատելով և զարգացնելով նախկինում արտահայտած իր իրավական դիրքորոշումները` ՀՀ վճռաբեկ դատարանը մեկ այլ որոշմամբ հարկ է համարել արձանագրել հետևյալը. ինչպես բխում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 337-րդ հոդվածի 1-ին կետի վերլուծությունից` օրենսդիրը հայցային վաղեմության ժամկետի ընթացքի սկիզբը կապել է ոչ թե իրավունքի խախտման պահի, այլ այն օրվա հետ, երբ անձն իմացել է կամ պետք է իմացած լիներ իր իրավունքի խախտման մասին: Օրենսդրի այս կարգավորումը բխում է այն տրամաբանությունից, ըստ որի` եթե անձն իր իրավունքի խախտման մասին չիմանա, ապա չի էլ կարող ձեռնամուխ լինել որևէ եղանակով` այդ թվում և հայց հարուցելու միջոցով իր խախտված իրավունքի պաշտպանությանը: Ընդ որում, հայցային վաղեմության ժամկետի ընթացքի մեկնարկի երկու նախապայմանների դեպքում էլ օրենսդիրը գործածել է «իմացել է» և «պետք է իմացած լիներ» արտահայտությունները, որոնց տառացի մեկնաբանությունը հանգեցնում է այն հետևության, որ հայցային վաղեմության ժամկետի ընթացքն սկսվելու համար անհրաժեշտ է, որ հայցվորը հաստատապես իմանա կամ իմացած լինի իր իրավունքի խախտման մասին:

Վերոգրյալից բխում է, որ հայցային վաղեմության ժամկետի ընթացքը չի կարող սկսվել, եթե հայցվորին հասանելի տեղեկությունները նրան թույլ տան եզրակացնել միայն իր իրավունքի ենթադրյալ խախտման մասին: Իրավակիրառ պրակտիկայում շահագրգիռ անձը դատական պաշտպանության իր իրավունքն իրացնում է այն դեպքում, երբ համոզված է իր իրավունքի հաստատապես խախտման հարցում: Այլ կերպ ասած` շահագրգիռ անձը պետք է համոզված լինի իր իրավունքի խախտման հարցում` անկախ նրանից, թե իրականում իրավունքի խախտում տեղի ունեցել է, թե ոչ, ինչը դատարանի գնահատման առարկա է:

ՀՀ վճռաբեկ դատարանի դիտարկմամբ շահագրգիռ անձի կողմից իր իրավունքի խախտման մասին հաստատապես իմանալու համար վերջինս պետք է տիրապետի խախտման վերաբերյալ բավարար տեղեկությունների, իսկ եթե այդ տեղեկությունները բավարար չեն, այսինքն` եթե հայցվորը կարող է միայն ենթադրություններ անել իր իրավունքի հնարավոր խախտման մասին, ապա նա չի էլ կարող հստակ պահանջ ներկայացնել իր իրավունքի խախտման վերացման վերաբերյալ: Այսպիսով, օրենսդիրը հայցային վաղեմության ժամկետի ընթացքն սկսվելու իրավական հետևանքը պայմանավորել է հայցվորի կողմից ոչ թե իր իրավունքի խախտման մասին ենթադրելու հնարավորությամբ, այլ այդ խախտման մասին հավաստի կերպով իմանալու կամ իմացած լինելու փաստերով:

ՀՀ վճռաբեկ դատարանն ընդգծել է, որ հայցային վաղեմության ժամկետը կմեկնարկի այն օրվանից, երբ շահագրգիռ անձը տիրապետի անհրաժեշտ և բավարար տեղեկությունների` պատշաճ հայցադիմում դատարան ներկայացնելու համար (տե՛ս «Ալյանս պլյուս» ՍՊԸ-ն ընդդեմ «ԱրմենՏել» ՓԲԸ-ի թիվ ԵԱՔԴ/4524/02/15 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 04.06.2019 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանը մեկ այլ որոշմամբ փաստել է, որ յուրաքանչյուր դեպքում հայցային վաղեմության ժամկետի սկիզբը ճիշտ որոշելու համար անհրաժեշտ է հաշվի առնել գործի փաստական հանգամանքները, վիճելի իրավահարաբերության բնույթը և սուբյեկտային կազմը:

Միաժամանակ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ հայցային վաղեմության ժամկետի սկիզբը ճիշտ որոշելու համար առավել կարևորվում է իրավազոր անձի կարգավիճակը: Քաղաքացիական իրավահարաբերություններում, քաղաքացիներից և իրավաբանական անձանցից զատ, որպես իրավազոր անձ կարող է հանդես գալ նաև պետությունը: Վերջինս քաղաքացիական իրավահարաբերություններին մասնակցում է այդ նպատակի համար լիազորված պետական մարմինների միջոցով: Հետևաբար բոլոր այն դեպքերում, երբ որպես իրավազոր անձ քաղաքացիական դատավարության կարգով դատարան է դիմում պետությունը` ի դեմս պետական մարմնի, հայցային վաղեմության ժամկետի սկիզբը ճիշտ որոշելու համար անհրաժեշտ է նախ և առաջ պարզել` արդյոք տվյալ պետական մարմինն իրավասու է վիճելի իրավահարաբերության շրջանակներում ներկայացնելու պետության շահերը և երկրորդ` երբ է վերջինս բացահայտել կամ պետք է բացահայտած լիներ պետական շահի խախտման փաստը: Ընդ որում, թե՛ առաջին և թե՛ երկրորդ հարցադրումների շրջանակներում պետք է ուսումնասիրել տվյալ պետական մարմնի` օրենսդրությամբ ամրագրված լիազորությունների շրջանակը (տե՛ս ՀՀ գլխավոր դատախազությունն ընդդեմ Հենրիկ Սարգսյանի թիվ ԵՄԴ/1149/02/12 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.04.2016 թվականի որոշումը):

i

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն` դատախազը մինչդատական վարույթի ընթացքում լիազորված է` հետաքննության և նախաքննության նկատմամբ իրականացնել դատավարական ղեկավարում:

i

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետի համաձայն` նախաքննության և հետաքննության նկատմամբ դատավարական ղեկավարում իրականացնելով` դատախազի բացառիկ լիազորությունն է` հաստատել մեղադրական եզրակացությունը (...), իսկ 15-րդ կետի համաձայն` գործն ուղարկել դատարան` ըստ էության քննելու համար:

i

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 272-րդ հոդվածի համաձայն` ստորագրելով մեղադրական եզրակացությունը` քննիչը նույն օրը քրեական գործն ուղարկում է նախաքննության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:

i

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 273-րդ հոդվածի համաձայն` դատախազն ուսումնասիրում է մեղադրական եզրակացությամբ ստացված գործը, որպեսզի ստուգի` 1) ապացուցված է արդյոք մեղադրյալին մեղսագրվող արարքը և այն պարունակում է արդյոք հանցակազմ, 2) հիմնավորված է արդյոք մեղադրյալի մեղավորությունը, (...) 10) կատարված է արդյոք գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտություն, (...):

i

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 274-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` դատախազը մեղադրական եզրակացությամբ գործն ստանալուց հետո` 5 օրվա ընթացքում, պարտավոր է ընդունել հետևյալ որոշումներից մեկը` հաստատել մեղադրական եզրակացությունը, իր որոշմամբ մեղադրանքի ձևակերպումից հանել առանձին կետեր, որակել հանցագործությունն այն օրենքին համապատասխան, որն, ի տարբերություն մեղադրական եզրակացությամբ կատարված որակումից, նախատեսում է նվազ ծանր պատասխանատվություն, և այդ փոփոխություններով հաստատել մեղադրական եզրակացությունը, իր ցուցումներով գործը վերադարձնել քննիչին` լրացուցիչ քննություն կատարելու կամ մեղադրական եզրակացությունը վերակազմելու համար, կասեցնել քրեական գործով վարույթը, կարճել քրեական գործի վարույթը կամ դադարեցնել քրեական հետապնդումը:

i

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 277-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` հաստատելով մեղադրական եզրակացությունը` դատախազը գործն ուղարկում է այն դատարան, որին գործն ընդդատյա է (...):

Վերոգրյալ իրավական նորմերի վերլուծությունից հետևում է, որ դատախազությունը` որպես քրեական գործով մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող իրավասու պետական մարմին, օրենսդրորեն օժտված է նաև քննիչի կողմից կազմած մեղադրական եզրակացությունը հաստատելու լիազորությամբ: Այսպես` քննիչը, ստորագրելով մեղադրական եզրակացությունը, նույն օրը քրեական գործն ուղարկում է համապատասխան դատախազին, իսկ վերջինս այն ստանալուց հետո` 5 օրվա ընթացքում, մեղադրական եզրակացությունը հաստատելու դեպքում գործն ուղարկում է այն դատարան, որին այն ընդդատյա է:

i

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 107-րդ հոդվածի համաձայն` միայն ապացույցների հիման վրա են հաստատվում` 1) դեպքը և հանգամանքները (կատարման ժամանակը, տեղը, եղանակը և այլն), 2) կասկածյալի և մեղադրյալի առնչությունը դեպքին, 3) հանցագործության` քրեական օրենքով նախատեսված հատկանիշները, 4) անձի մեղավորությունը քրեական օրենքով չթույլատրված արարքը կատարելու մեջ, 5) քրեական օրենքով նախատեսված պատասխանատվությունը մեղմացնող կամ խստացնող հանգամանքները, 6) այն հանգամանքները, որոնցով դատավարության մասնակիցը կամ քրեական դատավարությանը մասնակցող այլ անձը հիմնավորում է իր պահանջները, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով, 7) այն հանգամանքները, որոնք հիմնավորում են, որ գույքը ստացվել է հանցագործության կատարման արդյունքում կամ այդ գույքի օգտագործումից կամ օգտագործվել է կամ նախատեսվել է օգտագործել որպես հանցագործության գործիք կամ միջոց կամ ուղղվել է ահաբեկչության ֆինանսավորմանը կամ հանդիսանում է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 215.1-ին հոդվածի 7-րդ մասով նախատեսված մաքսանենգության առարկա:

Վերոհիշյալ նորմի մեկնաբանությունից բխում է, որ դատախազը մեղադրական եզրակացությունը հաստատելու և գործը դատարան ուղարկելու պարագայում ապացուցված է համարում ինչպես անձի մեղավորությունը քրեական օրենքով չթույլատրված արարքը կատարելու մեջ, այնպես էլ այն հանգամանքները, որոնցով դատավարության մասնակիցը, մասնավորապես` պետության գույքային շահերին վնաս պատճառվելու դեպքում` դատախազությունը, հիմնավորում է իր պահանջները, իսկ պետության գույքային շահերի խախտում հայտնաբերելու դեպքում` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 156-րդ հոդվածին համապատասխան դատախազը հարուցում և պաշտպանում է հարուցված քաղաքացիական հայցը:

i

Օրենսդիրը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանել է, որ քրեական դատավարությունում քաղաքացիական հայց չհարուցելու դեպքում անձն իրավունք ունի քաղաքացիական հայց հարուցել քաղաքացիական դատավարության կարգով, սակայն քաղաքացիական դատավարության կարգով հայց հարուցելիս արդեն ոչ թե գործում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 154-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված այն կանոնակարգումը, համաձայն որի` քրեական դատավարությունում քաղաքացիական հայցի վրա չեն տարածվում քաղաքացիական օրենսդրությամբ սահմանված հայցային վաղեմության ժամկետները, այլ գործում են քաղաքացիական և քաղաքացիական դատավարության օրենսդրությամբ սահմանված` հայցային վաղեմության վերաբերյալ կանոնակարգումները, իսկ դատախազությունն էլ, իբրև Հայաստանի Հանրապետության լիազոր մարմին, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 128-րդ հոդվածի 1-ին կետի ուժով` քաղաքացիական օրենսդրությամբ ու այլ իրավական ակտերով կարգավորվող հարաբերություններում հանդես է գալիս այդ հարաբերությունների մյուս մասնակիցների` քաղաքացիների և իրավաբանական անձանց հետ հավասար հիմունքներով: Դա իր հերթին նշանակում է, որ դատախազի կողմից մեղադրական եզրակացությամբ քրեական գործը դատարան ուղարկելուց հետո, անկախ քրեական գործի հետագա ընթացքից, դատախազության կողմից քաղաքացիական դատավարության կարգով հայց հարուցելու պարագայում լիովին կիրառելի են հայցային վաղեմության վերաբերյալ ՀՀ վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները, մասնավորապես` հայցային վաղեմության ժամկետի հոսքը սկսվում է այն պահից, երբ դատախազությունն իմացել է կամ պետք է իմացած լիներ պետության գույքային շահերին վնաս պատճառված լինելու մասին: Քրեական գործի հետագա ընթացքն այս դեպքում որևէ ազդեցություն չի կարող ունենալ հայցային վաղեմության ժամկետի հոսքի վրա, քանի որ դրա հետ կապված ՀՀ քաղաքացիական օրենսգիրքը չի նախատեսել հայցային վաղեմության ժամկետի ընթացքի ընդհատում կամ կասեցում: Ավելին, ինչպես քրեական դատավարությունում, քաղաքացիական դատավարությունում ևս արգելված չէ քաղաքացիական հայցի հարուցումը հայցն առանց քննության թողնելու պարագայում, սակայն այս դեպքում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 341-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` մինչև հայցի հարուցումն սկսված հայցային վաղեմության ժամկետի ընթացքը շարունակվում է ընդհանուր կարգով:

Ամփոփելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ պետությանը պատճառված վնասի հատուցման պահանջով դատախազության` հայց հարուցելու իրավունքի ծագման պահը ճիշտ որոշելու համար առանցքային նշանակություն ունի այն հարցի պատասխանը, թե որ պահից սկսած է վերջինս տիրապետում պետության գույքային շահի խախտման վերաբերյալ բավարար տեղեկությունների, ինչպես նաև իր տնօրինության ներքո ունենում այդ խախտման փաստը հիմնավորող ապացույցների բավարար համակցություն, ինչպիսի հանգամանքներով էլ պայմանավորված հնարավոր կլինի փաստել, որ դատախազության մոտ հենց այդ պահից սկսած հաստատապես ձևավորվում է համոզմունք առ այն, որ պետությանը պատճառվել է գույքային վնաս և վերջինս այդ պահից սկսած հնարավորություն է ստանում պատշաճ հայց ներկայացնելու միջոցով դիմելու դատական պաշտպանության: Ընդ որում, Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ դատախազության` պետությանը պատճառված գույքային վնասի հատուցման պահանջով հայց հարուցելու իրավունքը ծագում է անկախ այն հանգամանքից, թե արդյոք վնաս պատճառած անձը պետությանը վնաս է պատճառել հանցագործության կատարման հետևանքով, թե այլ հակաիրավական վարքագծի արդյունքում, ինչպես նաև անկախ այն հանգամանքից, թե վնաս պատճառած անձն արդյոք մեղավոր է ճանաչվել այդ արարքի կատարման մեջ, թե ոչ:

Վերը նշված իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով պատասխանող Նունե Իսկոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 194-րդ հոդվածով` այն արարքի համար, որ նա, հանդիսանալով ՀՀ պետական եկամուտների կոմիտեի Մյասնիկյանի հարկային տեսչությունում հաշվառված «Նելի Կարոլինա» ՍՊԸ-ի միակ մասնակիցն ու տնօրենը, 2008-2009 թվականների ընթացքում իրականացրել է ձեռնարկատիրական գործունեություն, սակայն հարկային տեսչություն ներկայացված հաստատագրված վճարի, եկամտահարկի, պետական տուրքի և պարտադիր սոցիալական ապահովագրության հաշվետվություններով հաշվարկված հարկերի և վճարների գումարները օրենսդրությամբ սահմանված ժամկետներում չվճարելով, սնանկության հատկանիշների բացակայության պայմաններում, պարտքերի չվճարման նպատակով ստեղծել է կեղծ սնանկության հատկանիշներ: Մասնավորապես, Նունե Իսկոյանը 26.11.2010 թվականին սեփական սնանկության ճանաչման մասին դիմում է ներկայացրել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, որի կողմից ճանաչվել է սնանկ: Դրա հետևանքով պետությանը պատճառվել է խոշոր չափի` 2.828.671 ՀՀ դրամի վնաս:

10.05.2012 թվականին Նունե Իսկոյանի վերաբերյալ թիվ 83150912 քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան:

Դատախազությունը պետությանը պատճառված 2.828.671 ՀՀ դրամ գումարի չափով վնասը հատուցելու պահանջի վերաբերյալ հայցը դատարան է ներկայացրել 18.06.2015 թվականին:

12.04.2018 թվականին Նունե Իսկոյանը Դատարան է ներկայացրել միջնորդություն` հայցային վաղեմություն կիրառելու վերաբերյալ:

Դատարանը հայցը մերժել է` պատճառաբանելով, որ 10.05.2012 թվականին թիվ 83150912 քրեական գործը մեղադրական եզրակացությամբ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան ուղարկելիս Դատախազությունն իմացել է (պետք է իմացած լիներ) պետությանը պատճառված վնասի առկայության, և որ նույնն է` իր իրավունքների խախտման մասին, հետևաբար հայցային վաղեմության ժամկետները սկսել են հոսել 10.05.2012 թվականից: Մինչդեռ հայցվորն իր ենթադրյալ խախտված իրավունքների պաշտպանության նպատակով Դատարան է դիմել 18.06.2015 թվականին, որպիսի պայմաններում բաց է թողել իրավունքը խախտված անձի հայցով իրավունքի պաշտպանության ժամանակահատվածը:

Վերաքննիչ դատարանը, բավարարելով Դատախազության վերաքննիչ բողոքը և դատական ակտը բեկանելով ու այն փոփոխելով` հայցը բավարարելով, պատճառաբանել է, որ հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղքն ապացուցված չէ օրենքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով, իսկ պետությանը պատճառված վնասի հատուցումը հնարավոր է միայն հանցագործության մեջ մեղադրվող անձի նկատմամբ օրինական ուժի մեջ մտած դատավճռի առկայության դեպքում: Հետևաբար Դատարանը հայցային վաղեմության հաշվարկի սկիզբը ոչ թե պետք է հաշվարկեր քրեական գործը մեղադրական եզրակացությամբ դատարան ուղարկելու հաջորդ օրվանից, այլ պետք է որպես իրավախախտման փաստը հավաստող ապացույց դիտեր Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 03.07.2012 թվականի օրինական ուժի մեջ մտած դատական ակտը, և հայցային վաղեմության ժամկետի սկիզբը պետք է համարվեր դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելու հաջորդ օրը:

Մինչդեռ Վճռաբեկ դատարանը, վերոգրյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո անդրադառնալով Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունների հիմնավորվածությանը, արձանագրում է, որ սույն գործով պետությունը` ի դեմս Դատախազության, տնտեսվարող սուբյեկտի տնօրենի կողմից պետության գույքային շահերի խախտման ենթադրյալ փաստի մասին իմացել է դատախազի կողմից մեղադրական եզրակացությունը հաստատելու պահից: Այլ կերպ ասած` պետությանը պատճառված վնասի հատուցման պահանջով հայց հարուցելու իրավունքը ծագել է դատախազի կողմից մեղադրական եզրակացությունը հաստատելու պահից: Վճռաբեկ դատարանի վերոհիշյալ հետևությունը բխում է այն հանգամանքից, որ դատախազի կողմից մեղադրական եզրակացությունը հաստատելու պահին արդեն իսկ առկա է եղել բավարար ապացույցների համակցություն առ այն, որ մեղադրյալի ոչ իրավաչափ գործողությունների արդյունքում պետությանը պատճառվել է վնաս: Ընդ որում, անկախ այն հանգամանքից, թե մեղադրյալն իր կողմից կատարված ոչ իրավաչափ գործողությունների համար ենթակա էր արդյոք քրեական պատասխանատվության, թե` ոչ, այնուամենայնիվ, դատախազի կողմից մեղադրական եզրակացությունը հաստատելու պահից ծագել է մեղադրյալին քաղաքացիաիրավական պատասխանատվության ենթարկելու հնարավորությունը: ՈՒստի դատախազի կողմից մեղադրական եզրակացությունը հաստատելու պահից սկսել է հոսել պետության` խախտված իրավունքի պաշտպանության կամ որ նույնն է` հայցային վաղեմության ժամանակահատվածը:

Ինչ վերաբերում է սույն գործով Դատախազության ներկայացրած այն փաստարկին, թե հանցագործությամբ պատճառված վնասի հատուցման համար հնարավոր է հայց ներկայացնել միայն այն դեպքում, երբ հանրորեն վտանգավոր արարքը հանցագործություն է համարվել օրինական ուժի մեջ մտած դատավճռով, ապա այն անհիմն է հետևյալ պատճառաբանությամբ.

i

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 158-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` քրեական դատավարությունում քաղաքացիական հայց կարող է հարուցվել յուրաքանչյուր պահի` սկսած քրեական գործի հարուցումից մինչև դատավճիռ կայացնելու համար դատարանի հեռանալը խորհրդակցական սենյակ:

Նշված նորմի մեկնաբանությունից բխում է, որ քաղաքացիական հայցը կարող է հարուցվել ինչպես ավելի վաղ, քան մեղադրական եզրակացությունը հաստատելու և գործը դատարան ուղարկելու փուլը, այնպես էլ քրեական գործի դատական քննության ցանկացած փուլում` մինչև դատավճիռ կայացնելու համար դատարանի խորհրդակցական սենյակ հեռանալը` կախված այն հանգամանքից, թե երբ են ի հայտ եկել հայց հարուցելու նախադրյալները: Միևնույն տրամաբանությունն է գործում նաև քաղաքացիական դատավարությունում` հայց կարող է հարուցվել ցանկացած պահի, երբ առկա են հայց հարուցելու նախադրյալները: Մասնավորապես` հանցագործությամբ պետության գույքային շահերին պատճառված վնասի հատուցման վերաբերյալ Դատախազությունը կարող է հայց հարուցել ցանկացած պահի, երբ իր տիրապետության ներքո առկա կլինեն քրեական օրենսգրքով չթույլատրված արարքի կատարման հետևանքով պետության գույքային շահերին վնաս պատճառելու վերաբերյալ բավարար փաստեր: Հակառակ մեկնաբանությունը կնշանակի, որ, բացի օրինական ուժի մեջ մտած դատավճռով դատապարտվելու դեպքերից, ոչ մի այլ դեպքում (օրինակ` քրեական հետապնդումը ոչ արդարացնող հիմքով դադարեցնելու, քրեական գործի վարույթը կարճելու և այլն) անձի նկատմամբ հնարավոր չի լինի քրեական օրենսգրքով չթույլատրված արարքի կատարման հետևանքով պատճառված վնասի հատուցման հայց հարուցել:

Հատկանշական է, որ իրավահարաբերության ծագման պահին գործող «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 3-րդ կետերը սահմանազատել են քրեական և քաղաքացիական դատավարություններում Դատախազության` հայց հարուցելու լիազորությունները, և ըստ այդ իրավակարգավորման` հանցագործությամբ ուղղակիորեն պետությանը պատճառված գույքային վնասի հատուցման հայցի հարուցումն առանձնացված է քաղաքացիական դատավարության կարգով պետության գույքային շահերի պաշտպանության հայցի հարուցումից: Նշված նորմերի տառացի մեկնաբանությունից բխում է, որ Դատախազությունը քաղաքացիական դատավարության կարգով հայց հարուցում է ցանկացած պահի, երբ օրենքով սահմանված իր լիազորություններն իրականացնելիս հայտնաբերում է պետության գույքային շահերին վնաս պատճառելու վերաբերյալ փաստ` անկախ քրեական գործի հարուցման, օրինական ուժի մեջ մտած դատավճռով վնաս պատճառած անձի դատապարտված լինելու հանգամանքներից:

Վերը նշվածը հաշվի առնելով` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով հայցային վաղեմության ժամանակահատվածը սկսել է հոսել թիվ 83150912 քրեական գործով դատախազի կողմից Նունե Իսկոյանի մեղադրական եզրակացությունը հաստատելու պահից:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ սույն գործում առկա չէ որևէ ապացույց այն մասին, թե երբ է Դատախազությունը հաստատել Նունե Իսկոյանի մեղադրական եզրակացությունը: Գործում առկա է միայն ապացույց այն մասին, որ 10.05.2012 թվականին Դատախազությունը Նունե Իսկոյանի վերաբերյալ թիվ 83150912 քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկել է ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան: Վճռաբեկ դատարանը, նկատի ունենալով այն հանգամանքը, որ գործը դատարան ուղարկելը հաջորդում է մեղադրական եզրակացությունը հաստատելուն, գտնում է, որ Նունե Իսկոյանի մեղադրական եզրակացությունն ակնհայտորեն հաստատվել է ոչ ուշ, քան 10.05.2012 թվականին: Ընդ որում, թիվ 83150912 քրեական գործը մեղադրական եզրակացությամբ դատարան ուղարկելու (10.05.2012 թվական) պահից սկսած մինչև սույն գործով Դատախազության կողմից հայցադիմումը դատարան մուտքագրելու (18.06.2015 թվական) պահն ընկած ժամանակահատվածն արդեն իսկ երեք տարուց ավելի է:

Հետևաբար Վճռաբեկ դատարանը հանգում է այն հետևության, որ սույն գործով լրացել է հայցային վաղեմության ժամկետը, ինչն անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից:

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն անհիմն է համարում Վերաքննիչ դատարանի դիրքորոշումն առ այն, որ Դատարանը որպես իրավախախտման փաստը հավաստող ապացույց պետք է դիտեր Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 03.07.2012 թվականի օրինական ուժի մեջ մտած դատական ակտը և հայցային վաղեմության ժամկետի սկիզբը դիտեր օրինական ուժի մեջ մտած դատական ակտի հաջորդ օրը:

Ամփոփելով վերոհիշյալ վերլուծությունները` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ հայցը ենթակա էր մերժման հայցային վաղեմության ժամկետը բաց թողնված լինելու հիմքով, որպիսի իրավաչափ եզրահանգման էլ եկել էր Դատարանը:

Վճռաբեկ բողոքի պատասխանում բերված փաստարկները հերքվում են վերը նշված պատճառաբանություններով:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով սահմանված` առաջին ատյանի դատարանի դատական ակտին օրինական ուժ տալու` Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիայի) 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտին օրինական ուժ տալը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:

Դատարանի 02.07.2018 թվականի վճռին օրինական ուժ տալիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` հայցագնի մեջ մտնում են նաև պահանջվող տուժանքի (տուգանքի, տույժի) և տոկոսների գումարները` հայցադիմումը ներկայացնելու օրվա դրությամբ:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ գլխի կանոններին համապատասխան: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` բողոքարկված դատական ակտը բեկանելու և փոփոխելու դեպքում վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարանը եզրափակիչ դատական ակտով գործին մասնակցող անձանց միջև վերաբաշխում է դատական ծախսերը` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ գլխի կանոնների համաձայն:

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի «ժ» կետի համաձայն` դատարաններում պետական տուրքի վճարումից ազատվում են դատախազության մարմինները` պետական շահերի պաշտպանության վերաբերյալ հայցերով:

Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում արձանագրել, որ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի «ժ» կետի իրավակարգավորումը վերաբերում է միայն պետության հանդեպ պետական տուրքի գծով պարտավորությունների բացակայությանը և չի կարող մեկնաբանվել որպես մյուս կողմի կրած դատական ծախսերի փոխհատուցման պարտականության բացակայություն: Վճռաբեկ դատարանի գնահատմամբ` պետական տուրքի վճարումից ազատված սուբյեկտը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի հիմքով պետք է կրի մյուս կողմի կրած դատական ծախսերը փոխհատուցելու պարտականություն: Նման մոտեցումը բխում է կողմերի իրավահավասարության սկզբունքից և կոչված է կանխելու պետական տուրքի վճարումից ազատված սուբյեկտի կողմից իր դատավարական իրավունքների անբարեխիղճ իրականացման արդյունքում մյուս կողմին հնարավոր պատճառվելիք վնասները: Հետևաբար, եթե հայցը հարուցվում է պետական տուրքի վճարումից ազատված հայցվորի կողմից և հետագայում այն մերժվում է անհիմն լինելու հիմքով, հայցվորը պետք է կրի այլ անձանց կրած` իրենց իրավունքների պաշտպանության համար անհրաժեշտ դատական ծախսերի փոխհատուցման պարտականությունը:

Սույն գործով բողոք բերած անձը վճռաբեկ բողոք ներկայացնելիս վճարել է վճռաբեկ բողոք բերելու համար նախատեսված պետական տուրքի գումարը: Նկատի ունենալով, որ սույն գործով վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման, իսկ Դատախազության հայցը` մերժման, որպիսի պայմաններում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի հիմքով վճռաբեկ բողոքի համար նախապես վճարված պետական տուրքի գումարը փոխհատուցելու պարտականությունը պետք է կրի հայցվոր կողմը, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Դատախազությունից հօգուտ Նունե Իսկոյանի ենթակա է բռնագանձման 85.000 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար նախապես վճարված պետական տուրքի գումար:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ և 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 07.11.2018 թվականի որոշումը` օրինական ուժ տալով Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 02.07.2018 թվականի վճռին:

2. ՀՀ գլխավոր դատախազությունից հօգուտ Նունե Իսկոյանի բռնագանձել 85.000 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար նախապես վճարված պետական տուրքի գումար:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող Ռ. Հակոբյան

Զեկուցող Է. Սեդրակյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Ս. Միքայելյան

Տ. Պետրոսյան

Ն. Տավարացյան

 

ՀԱՏՈՒԿ ԿԱՐԾԻՔ

 

24.09.2020 թ.

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի կողմից թիվ ԵԱՔԴ/2855/02/15 քաղաքացիական գործով 24.09.2020 թվականին կայացված որոշման վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան), 24.09.2020 թվականին քննելով ըստ ՀՀ գլխավոր դատախազության (այսուհետ` Դատախազություն) հայցի ընդդեմ Նունե Իսկոյանի` պետությանը պատճառված վնասի հատուցման պահանջի մասին, քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 07.11.2018 թվականի որոշման դեմ Նունե Իսկոյանի վճռաբեկ բողոքը, նույն պալատի դատավորների ընդհանուր թվի մեծամասնությամբ որոշել է վճռաբեկ բողոքը բավարարել, բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 07.11.2018 թվականի որոշումը` օրինական ուժ տալով Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 02.07.2018 թվականի վճռին:

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի դատավորներ Ռուզաննա Հակոբյանս, Գոռ Հակոբյանս և Նախշուն Տավարացյանս, համաձայն չլինելով վերը նշված որոշմամբ Վճռաբեկ դատարանի դատավորների մեծամասնության արտահայտած կարծիքի հետ, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 9-10-րդ մասերով, շարադրում ենք մեր հատուկ կարծիքը նշված որոշման վերաբերյալ:

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Դատախազությունը պահանջել է Նունե Իսկոյանից բռնագանձել 2.828.671 ՀՀ դրամ:

Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ա. Ստեփանյան) 01.07.2016 թվականի վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (նախագահող դատավոր` Ս. Թորոսյան, դատավորներ` Ա. Խառատյան, Ն. Բարսեղյան) 25.11.2016 թվականի որոշմամբ Նունե Իսկոյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է` Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 01.07.2016 թվականի վճիռը բեկանվել է, և գործն ուղարկվել է նոր քննության:

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ռ. Բունիաթյան) (այսուհետ` Դատարան) 02.07.2018 թվականի վճռով հայցը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 07.11.2018 թվականի որոշմամբ Դատախազության վերաքննիչ բողոքը բավարարվել է` Դատարանի 02.07.2018 թվականի վճիռը բեկանվել և փոփոխվել է` հայցը բավարարվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Նունե Իսկոյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Դատախազությունը:

 

2. Վճռաբեկ դատարանը բողոքը քննել է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 331-րդ, 332-րդ, 335-րդ, 337-րդ հոդվածները, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6-9-րդ հոդվածները, 66-րդ հոդվածի 1-ին մասը, 74-րդ հոդվածի 1-ին մասը, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածը, 272-րդ հոդվածը, 277-րդ հոդվածի 1-ի մասը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ պետությանը պատճառված վնասի հատուցումը պայմանավորված չէ օրինական ուժի մեջ մտած մեղադրական դատավճռի առկայությամբ:

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ դատախազությունը` ի դեմս դատախազի, քրեական գործով մեղադրական եզրակացությունը հաստատելու և գործը դատարան ուղարկելու գործառույթն իրականացնելիս չէր կարող չիմանալ, որ առկա է պետությանը պատճառված վնաս, որը ենթակա է բավարարման: Հետևաբար սույն գործով հայցվոր կողմի` պետությանը պատճառված վնասի հատուցման պահանջի իրավունքը ծագել է առնվազն 10.05.2012 թվականին` գործը մեղադրական եզրակացությամբ դատարան ուղարկելու պահից, մինչդեռ հայցը հարուցվել է միայն 18.06.2015 թվականին` հայցային վաղեմության ժամկետի ավարտից հետո:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 07.11.2018 թվականի որոշումը` օրինական ուժ տալով Դատարանի 02.07.2018 թվականի վճռին:

 

2.1. Դատախազության վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները.

Սույն գործով բողոքարկվող դատական ակտով սահմանված բռնագանձման ենթակա գումարը ոչ թե հարկային պարտավորություն է, ինչպես նշում է բողոքաբերը, այլ հանցագործության հետևանքով պետությանը պատճառած վնաս: Այդ իսկ պատճառով Վերաքննիչ դատարանը նշել է, որ հայցային վաղեմության ժամկետի հաշվարկման սկիզբը պետք է իրականացվի ոչ թե քրեական գործը մեղադրական եզրակացությամբ դատարան ուղարկելու, այլ մեղադրական դատավճռի օրինական ուժի մեջ մտնելու հաջորդ օրվանից:

Վերաքննիչ դատարանի նման դիրքորոշումը հիմնավոր է և պայմանավորված է անմեղության կանխավարկածի սկզբունքի պահպանման անհրաժեշտությամբ, նկատի ունենալով, որ սույն գործով Դատախազությունը հայց է հարուցել դատարան` հանցագործության հետևանքով պետությանը պատճառված վնասը հատուցելու պահանջով, իսկ հանրորեն վտանգավոր արարքը կարող է համարվել հանցագործություն, և այն կատարած անձի վրա կարող է դրվել հանցագործությամբ պատճառված վնասի հատուցման պարտականություն միայն վերոհիշյալ հանգամանքներն օրինական ուժի մեջ մտած դատավճռով հաստատվելուց հետո: Քննարկվող դեպքում Դատախազությունը հանցագործությամբ պետության իրավունքի խախտման փաստի, ինչպես նաև հանցագործություն կատարած անձի մասին իմացել է միայն Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 03.07.2012 թվականի մեղադրական դատավճռից, որն օրինական ուժ է ստացել 03.08.2012 թվականին, իսկ հայցը հարուցվել է 18.06.2015 թվականին` իրավունքի պաշտպանության համար սահմանված եռամյա ժամկետի սահմաններում:

3. Որպես վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստեր Վճռաբեկ դատարանն արձանագրել է հետևյալը.

1) 10.05.2012 թվականին Նունե Իսկոյանի վերաբերյալ թիվ 83150912 քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան: Նունե Իսկոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 194-րդ հոդվածով` այն արարքի համար, որ նա, հանդիսանալով ՀՀ պետական եկամուտների կոմիտեի Մյասնիկյանի հարկային տեսչությունում հաշվառված «Նելի Կարոլինա» ՍՊԸ-ի միակ մասնակիցն ու տնօրենը, 2008-2009 թվականների ընթացքում իրականացրել է ձեռնարկատիրական գործունեություն, սակայն հարկային տեսչություն ներկայացված հաստատագրված վճարի, եկամտահարկի, պետական տուրքի և պարտադիր սոցիալական ապահովագրության հաշվետվություններով հաշվարկված հարկերի և վճարների գումարներն օրենսդրությամբ սահմանված ժամկետներում չվճարելով, սնանկության հատկանիշների բացակայության պայմաններում, պարտքերի չվճարման նպատակով ստեղծել է կեղծ սնանկության հատկանիշներ` 26.11.2010 թվականին սեփական սնանկության ճանաչման մասին դիմում է ներկայացրել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, որի կողմից այն ճանաչվել է, և դրա հետևանքով պետությանը պատճառվել է խոշոր չափի` 2.828.671 ՀՀ դրամի վնաս (հատոր 1-ին, գ.թ. 7-10):

2) Նունե Իսկոյանի կողմից պետությանը պատճառված 2.828.671 ՀՀ դրամ գումարի չափով վնասը հատուցելու պահանջի վերաբերյալ Դատախազության հայցը դատարան է ներկայացվել 18.06.2015 թվականին (հատոր 1-ին, գ.թ. 3-6):

3) Նունե Իսկոյանը 12.04.2018 թվականին Դատարան է ներկայացրել հայցային վաղեմություն կիրառելու վերաբերյալ միջնորդություն (հատոր 2-րդ, գ.թ. 96-97):

 

3. Հատուկ կարծիքի հիմնավորումները.

Սույն գործը հարուցվել է Դատախազության կողմից ներկայացված հայցի հիման վրա, որով վերջինս պահանջել է Նունե Իսկոյանից բռնագանձել 2.828.671 ՀՀ դրամ` որպես պետությանը պատճառված վնաս:

12.04.2018 թվականին Նունե Իսկոյանը Դատարան է ներկայացրել միջնորդություն` հայցային վաղեմություն կիրառելու վերաբերյալ:

Դատարանը հայցը մերժել է` պատճառաբանելով, որ 10.05.2012 թվականին թիվ 83150912 քրեական գործը մեղադրական եզրակացությամբ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան ուղարկելիս Դատախազությունն իմացել է (պետք է իմացած լիներ) պետությանը պատճառված վնասի առկայության, և որ նույնն է` իր իրավունքների խախտման մասին, հետևաբար հայցային վաղեմության ժամկետները սկսել են հոսել 10.05.2012 թվականից: Մինչդեռ հայցվորն իր ենթադրյալ խախտված իրավունքների պաշտպանության նպատակով Դատարան է դիմել 18.06.2015 թվականին, որպիսի պայմաններում բաց է թողել իրավունքը խախտված անձի հայցով իրավունքի պաշտպանության ժամանակահատվածը:

Վերաքննիչ դատարանը, բավարարելով Դատախազության վերաքննիչ բողոքը և դատական ակտը բեկանելով ու այն փոփոխելով` հայցը բավարարելով, պատճառաբանել է, որ հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղքն ապացուցված չէ օրենքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով, իսկ պետությանը պատճառված վնասի հատուցումը հնարավոր է միայն հանցագործության մեջ մեղադրվող անձի նկատմամբ օրինական ուժի մեջ մտած դատավճռի առկայության դեպքում: Հետևաբար Դատարանը հայցային վաղեմության հաշվարկի սկիզբը ոչ թե պետք է հաշվարկեր քրեական գործը մեղադրական եզրակացությամբ դատարան ուղարկելու հաջորդ օրվանից, այլ պետք է որպես իրավախախտման փաստը հավաստող ապացույց դիտեր Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 03.07.2012 թվականի օրինական ուժի մեջ մտած դատական ակտը, և հայցային վաղեմության ժամկետի սկիզբը պետք է համարվեր դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելու հաջորդ օրը:

 

Վճռաբեկ դատարանը, անդրադառնալով այն իրավական հարցադրմանը, թե ո՞ր պահից է ծագում դատախազության` պետությանը պատճառված վնասի հատուցման պահանջով հայց հարուցելու իրավունքը և նման հայցի հարուցման համար պարտադի՞ր պայման է արդյոք վնաս պատճառած անձի` հանցագործության կատարման մեջ մեղավոր ճանաչված լինելու հանգամանքը, վկայակոչելով և վերլուծության ենթարկելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 14-րդ հոդվածի 10-րդ կետը, 17-րդ հոդվածի 1-ին կետը, 1058-րդ հոդվածի 1-ին կետը, իրավահարաբերության ծագման պահին գործող` 22.02.2007 թվականին ընդունված, 01.05.2007 թվականին ուժի մեջ մտած և 09.04.2018 թվականին ուժը կորցրած «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասը և այդ իրավանորմի վերաբերյալ ՀՀ վճռաբեկ դատարանի նախկինում կայացրած որոշումներով արտահայտած իրավական դիրքորոշումները, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 331-րդ, 332-րդ հոդվածները, 335-րդ հոդվածի 1-ին, 2-րդ կետերը, 337-րդ հոդվածի 1-ին կետը և վերահաստատելով պետությանը պատճառված վնասի հատուցման իրավահարաբերության, որպես քաղաքացիաիրավական հարաբերության, նկատմամբ քաղաքացիական իրավունքի ընդհանուր ինստիտուտները, այդ թվում նաև` հայցային վաղեմության ինստիտուտը կիրառելի լինելու վերաբերյալ ՀՀ վճռաբեկ դատարանի նախկինում կայացրած որոշումներով և Ռինգվոլդն ընդդեմ Նորվեգիայի գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ` Եվրոպական դատարան) 11.02.2003 թվականի վճռով արտահայտած իրավական դիրքորոշումները (տե՛ս, Վճռաբեկ դատարանի որոշման 4-7-րդ էջերը), որոշել է վճռաբեկ բողոքը բավարարել, բեկանել Վերաքննիչ դատարանի 07.11.2018 թվականի որոշումը` օրինական ուժ տալով Դատարանի 02.07.2018 թվականի վճռին:

Վճռաբեկ դատարանը վերլուծության է ենթարկել նաև ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետը, 2-րդ մասի 14-րդ, 15-րդ կետերը, 107-րդ հոդվածը, 154-րդ հոդվածի 4-րդ մասը, 155-րդ հոդվածի 2-րդ մասը, 272-րդ, 273-րդ հոդվածները, 274-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը, 277-րդ հոդվածի 1-ին մասը` արձանագրելով հետևյալը.

«(...) դատախազությունը` որպես քրեական գործով մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող իրավասու պետական մարմին, օրենսդրորեն օժտված է նաև քննիչի կողմից կազմած մեղադրական եզրակացությունը հաստատելու լիազորությամբ: Այսպես` քննիչը, ստորագրելով մեղադրական եզրակացությունը, նույն օրը քրեական գործն ուղարկում է համապատասխան դատախազին, իսկ վերջինս այն ստանալուց հետո` 5 օրվա ընթացքում, մեղադրական եզրակացությունը հաստատելու դեպքում գործն ուղարկում է այն դատարան, որին այն ընդդատյա է:

(...) դատախազը մեղադրական եզրակացությունը հաստատելու և գործը դատարան ուղարկելու պարագայում ապացուցված է համարում ինչպես անձի մեղավորությունը քրեական օրենքով չթույլատրված արարքը կատարելու մեջ, այնպես էլ այն հանգամանքները, որոնցով դատավարության մասնակիցը, մասնավորապես` պետության գույքային շահերին վնաս պատճառվելու դեպքում` դատախազությունը, հիմնավորում է իր պահանջները, իսկ պետության գույքային շահերի խախտում հայտնաբերելու դեպքում` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 156-րդ հոդվածին համապատասխան դատախազը հարուցում և պաշտպանում է հարուցված քաղաքացիական հայցը:

Օրենսդիրը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանել է, որ քրեական դատավարությունում քաղաքացիական հայց չհարուցելու դեպքում անձն իրավունք ունի քաղաքացիական հայց հարուցել քաղաքացիական դատավարության կարգով, սակայն քաղաքացիական դատավարության կարգով հայց հարուցելիս արդեն ոչ թե գործում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 154-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված այն կանոնակարգումը, համաձայն որի` քրեական դատավարությունում քաղաքացիական հայցի վրա չեն տարածվում քաղաքացիական օրենսդրությամբ սահմանված հայցային վաղեմության ժամկետները, այլ գործում են քաղաքացիական և քաղաքացիական դատավարության օրենսդրությամբ սահմանված` հայցային վաղեմության վերաբերյալ կանոնակարգումները, իսկ դատախազությունն էլ, իբրև Հայաստանի Հանրապետության լիազոր մարմին, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 128-րդ հոդվածի 1-ին կետի ուժով` քաղաքացիական օրենսդրությամբ ու այլ իրավական ակտերով կարգավորվող հարաբերություններում հանդես է գալիս այդ հարաբերությունների մյուս մասնակիցների` քաղաքացիների և իրավաբանական անձանց հետ հավասար հիմունքներով: Դա իր հերթին նշանակում է, որ դատախազի կողմից մեղադրական եզրակացությամբ քրեական գործը դատարան ուղարկելուց հետո, անկախ քրեական գործի հետագա ընթացքից, դատախազության կողմից քաղաքացիական դատավարության կարգով հայց հարուցելու պարագայում լիովին կիրառելի են հայցային վաղեմության վերաբերյալ ՀՀ վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները, մասնավորապես` հայցային վաղեմության ժամկետի հոսքը սկսվում է այն պահից, երբ դատախազությունն իմացել է կամ պետք է իմացած լիներ պետության գույքային շահերին վնաս պատճառված լինելու մասին: Քրեական գործի հետագա ընթացքն այս դեպքում որևէ ազդեցություն չի կարող ունենալ հայցային վաղեմության ժամկետի հոսքի վրա, քանի որ դրա հետ կապված ՀՀ քաղաքացիական օրենսգիրքը չի նախատեսել հայցային վաղեմության ժամկետի ընթացքի ընդհատում կամ կասեցում: Ավելին, ինչպես քրեական դատավարությունում, քաղաքացիական դատավարությունում ևս արգելված չէ քաղաքացիական հայցի հարուցումը հայցն առանց քննության թողնելու պարագայում, սակայն այս դեպքում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 341-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` մինչև հայցի հարուցումն սկսված հայցային վաղեմության ժամկետի ընթացքը շարունակվում է ընդհանուր կարգով» (տե՛ս, Վճռաբեկ դատարանի որոշման 8-10-րդ էջերը):

Վերոգրյալ իրավական դիրքորոշումները կիրառելով սույն գործի փաստերի նկատմամբ` Վճռաբեկ դատարանը եզրահանգել է, որ «(...) պետությունը` ի դեմս Դատախազության, տնտեսվարող սուբյեկտի տնօրենի կողմից պետության գույքային շահերի խախտման ենթադրյալ փաստի մասին իմացել է դատախազի կողմից մեղադրական եզրակացությունը հաստատելու պահից: Այլ կերպ ասած` պետությանը պատճառված վնասի հատուցման պահանջով հայց հարուցելու իրավունքը ծագել է դատախազի կողմից մեղադրական եզրակացությունը հաստատելու պահից: Վճռաբեկ դատարանի վերոհիշյալ հետևությունը բխում է այն հանգամանքից, որ դատախազի կողմից մեղադրական եզրակացությունը հաստատելու պահին արդեն իսկ առկա է եղել բավարար ապացույցների համակցություն առ այն, որ մեղադրյալի ոչ իրավաչափ գործողությունների արդյունքում պետությանը պատճառվել է վնաս: Ընդ որում, անկախ այն հանգամանքից, թե մեղադրյալն իր կողմից կատարված ոչ իրավաչափ գործողությունների համար ենթակա էր արդյոք քրեական պատասխանատվության, թե` ոչ, այնուամենայնիվ, դատախազի կողմից մեղադրական եզրակացությունը հաստատելու պահից ծագել է մեղադրյալին քաղաքացիաիրավական պատասխանատվության ենթարկելու հնարավորությունը: ՈՒստի դատախազի կողմից մեղադրական եզրակացությունը հաստատելու պահից սկսել է հոսել պետության` խախտված իրավունքի պաշտպանության կամ որ նույնն է` հայցային վաղեմության ժամանակահատվածը:

Ինչ վերաբերում է սույն գործով Դատախազության ներկայացրած այն փաստարկին, թե հանցագործությամբ պատճառված վնասի հատուցման համար հնարավոր է հայց ներկայացնել միայն այն դեպքում, երբ հանրորեն վտանգավոր արարքը հանցագործություն է համարվել օրինական ուժի մեջ մտած դատավճռով, ապա այն անհիմն է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 158-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` քրեական դատավարությունում քաղաքացիական հայց կարող է հարուցվել յուրաքանչյուր պահի` սկսած քրեական գործի հարուցումից մինչև դատավճիռ կայացնելու համար դատարանի հեռանալը խորհրդակցական սենյակ:

Նշված նորմի մեկնաբանությունից բխում է, որ քաղաքացիական հայցը կարող է հարուցվել ինչպես ավելի վաղ, քան մեղադրական եզրակացությունը հաստատելու և գործը դատարան ուղարկելու փուլը, այնպես էլ քրեական գործի դատական քննության ցանկացած փուլում` մինչև դատավճիռ կայացնելու համար դատարանի խորհրդակցական սենյակ հեռանալը` կախված այն հանգամանքից, թե երբ են ի հայտ եկել հայց հարուցելու նախադրյալները: Միևնույն տրամաբանությունն է գործում նաև քաղաքացիական դատավարությունում` հայց կարող է հարուցվել ցանկացած պահի, երբ առկա են հայց հարուցելու նախադրյալները: Մասնավորապես` հանցագործությամբ պետության գույքային շահերին պատճառված վնասի հատուցման վերաբերյալ Դատախազությունը կարող է հայց հարուցել ցանկացած պահի, երբ իր տիրապետության ներքո առկա կլինեն քրեական օրենսգրքով չթույլատրված արարքի կատարման հետևանքով պետության գույքային շահերին վնաս պատճառելու վերաբերյալ բավարար փաստեր: Հակառակ մեկնաբանությունը կնշանակի, որ, բացի օրինական ուժի մեջ մտած դատավճռով դատապարտվելու դեպքերից, ոչ մի այլ դեպքում (օրինակ` քրեական հետապնդումը ոչ արդարացնող հիմքով դադարեցնելու, քրեական գործի վարույթը կարճելու և այլն) անձի նկատմամբ հնարավոր չի լինի քրեական օրենսգրքով չթույլատրված արարքի կատարման հետևանքով պատճառված վնասի հատուցման հայց հարուցել:

Հատկանշական է, որ իրավահարաբերության ծագման պահին գործող «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 3-րդ կետերը սահմանազատել են քրեական և քաղաքացիական դատավարություններում Դատախազության` հայց հարուցելու լիազորությունները, և ըստ այդ իրավակարգավորման` հանցագործությամբ ուղղակիորեն պետությանը պատճառված գույքային վնասի հատուցման հայցի հարուցումն առանձնացված է քաղաքացիական դատավարության կարգով պետության գույքային շահերի պաշտպանության հայցի հարուցումից: Նշված նորմերի տառացի մեկնաբանությունից բխում է, որ Դատախազությունը քաղաքացիական դատավարության կարգով հայց հարուցում է ցանկացած պահի, երբ օրենքով սահմանված իր լիազորություններն իրականացնելիս հայտնաբերում է պետության գույքային շահերին վնաս պատճառելու վերաբերյալ փաստ` անկախ քրեական գործի հարուցման, օրինական ուժի մեջ մտած դատավճռով վնաս պատճառած անձի դատապարտված լինելու հանգամանքներից:

Վերը նշվածը հաշվի առնելով` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով հայցային վաղեմության ժամանակահատվածը սկսել է հոսել թիվ 83150912 քրեական գործով դատախազի կողմից Նունե Իսկոյանի մեղադրական եզրակացությունը հաստատելու պահից:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ սույն գործում առկա չէ որևէ ապացույց այն մասին, թե երբ է Դատախազությունը հաստատել Նունե Իսկոյանի մեղադրական եզրակացությունը: Գործում առկա է միայն ապացույց այն մասին, որ 10.05.2012 թվականին Դատախազությունը Նունե Իսկոյանի վերաբերյալ թիվ 83150912 քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկել է ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան: Վճռաբեկ դատարանը, նկատի ունենալով այն հանգամանքը, որ գործը դատարան ուղարկելը հաջորդում է մեղադրական եզրակացությունը հաստատելուն, գտնում է, որ Նունե Իսկոյանի մեղադրական եզրակացությունն ակնհայտորեն հաստատվել է ոչ ուշ, քան 10.05.2012 թվականին: Ընդ որում, թիվ 83150912 քրեական գործը մեղադրական եզրակացությամբ դատարան ուղարկելու (10.05.2012 թվական) պահից սկսած մինչև սույն գործով Դատախազության կողմից հայցադիմումը դատարան մուտքագրելու (18.06.2015 թվական) պահն ընկած ժամանակահատվածն արդեն իսկ երեք տարուց ավելի է:

Հետևաբար Վճռաբեկ դատարանը հանգում է այն հետևության, որ սույն գործով լրացել է հայցային վաղեմության ժամկետը, ինչն անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից» (տե՛ս, Վճռաբեկ դատարանի որոշման 11-13 էջերը):

Վճռաբեկ դատարանի դատավորներ Ռուզաննա Հակոբյանս, Գոռ Հակոբյանս և Նախշուն Տավարացյանս, համաձայն չլինելով Վճռաբեկ դատարանի դատավորների մեծամասնության կողմից վերը նշված որոշմամբ արտահայտած կարծիքի հետ, շարադրում ենք մեր հատուկ կարծիքը այդ որոշման վերաբերյալ:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 331-րդ հոդվածի համաձայն` հայցային վաղեմություն է համարվում իրավունքը խախտված անձի հայցով իրավունքի պաշտպանության ժամանակահատվածը:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 332-րդ հոդվածի համաձայն` հայցային վաղեմության ընդհանուր ժամկետը երեք տարի է:

Հայցադիմումը ներկայացնելու պահի դրությամբ գործող խմբագրությամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` իրավունքի պաշտպանության մասին պահանջը դատարանը քննության է ընդունում հայցային վաղեմության ժամկետը լրանալուց անկախ: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` դատարանը հայցային վաղեմությունը կիրառում է միայն վիճող կողմի դիմումով, որը պետք է տրվի մինչև դատարանի կողմից վճիռ կայացնելը: Հայցային վաղեմության ժամկետի լրանալը, որի կիրառման մասին դիմել է վիճող կողմը, հիմք է դատարանի կողմից հայցը մերժելու մասին վճիռ կայացնելու համար:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 337-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` հայցային վաղեմության ժամկետի ընթացքն սկսվում է այն օրվանից, երբ անձն իմացել է կամ պետք է իմացած լիներ իր իրավունքի խախտման մասին: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` այն պարտավորությունների համար, որոնք կատարելու համար որոշված է որոշակի ժամկետ, հայցային վաղեմության ընթացքն սկսվում է այդ ժամկետի ավարտմամբ: Նույն հոդվածի 3-րդ կետի համաձայն` այն պարտավորությունների համար, որոնց կատարման ժամկետը որոշված չէ կամ որոշված է ցպահանջ, հայցային վաղեմության ընթացքն սկսվում է այն պահից, երբ պարտատիրոջ մոտ առաջանում է պարտավորության կատարում պահանջելու իրավունք, իսկ եթե պարտապանին արտոնյալ ժամկետ է տրամադրվել պահանջը կատարելու համար, հայցային վաղեմության հաշվարկն սկսվում է այդ ժամկետի ավարտից հետո:

ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկին որոշումներում անդրադառնալով վերոգրյալ նորմերի մեկնաբանությանը, արձանագրել է, որ օրենսդիրը, ամրագրելով հայցային վաղեմության ժամկետը, միաժամանակ սահմանել է նաև այդ ժամկետի հաշվարկման կարգը, որի համաձայն` հայցային վաղեմության ժամկետի ընթացքն սկսվում է այն օրվանից, երբ անձն իմացել է կամ պետք է իմացած լիներ իր իրավունքի խախտման մասին (տե՛ս Ռազմիկ Դարբինյանն ընդդեմ Դանիել Ղասաբողլյանի թիվ ԵԷԴ/0723/02/09 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 02.04.2010 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանը մեկ այլ որոշմամբ նշել է, որ հայցային վաղեմության ժամկետն այն ժամանակահատվածն է, որն անձին հնարավորություն է տալիս դիմելու դատարան իր իրավունքների պաշտպանության հայցով: Այն դեպքում, երբ վիճող կողմը դիմում է ներկայացրել հայցային վաղեմություն կիրառելու վերաբերյալ, դատարանների օրակարգային խնդիրն է դառնում պարզել այն իրական ժամանակահատվածը, երբ հայցվորը հետամուտ է եղել իր իրավունքների դատական կարգով պաշտպանությանը (տե՛ս Սերգեյ Սարգսյանն ընդդեմ Արա Սարգսյանի թիվ ԵԿԴ/0881/02/12 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 28.11.2014 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման համաձայն` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 337-րդ հոդվածի 1-ին կետի իրավակարգավորումից հետևում է, որ հայց հարուցելու իրավունքը ծագած է համարվում միայն այն պահին, երբ իրավազոր անձն իմացել է կամ պետք է իմացած լիներ իրավախախտման փաստի մասին: Հետևաբար հայցային վաղեմության ժամկետի սկիզբը որոշելու համար էական է իրավունքի խախտման առկայությունը և դրա մասին շահագրգիռ անձի իմանալու կամ այդպիսի հավանականության առկայության պահը:

ՀՀ վճռաբեկ դատարանի գնահատմամբ յուրաքանչյուր դեպքում հայցային վաղեմության ժամկետի սկիզբը ճիշտ որոշելու համար անհրաժեշտ է հաշվի առնել գործի փաստական հանգամանքները, վիճելի իրավահարաբերության բնույթը և սուբյեկտային կազմը:

Միաժամանակ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ հայցային վաղեմության ժամկետի սկիզբը ճիշտ որոշելու համար առավել կարևորվում է իրավազոր անձի կարգավիճակը: Քաղաքացիական իրավահարաբերություններում, քաղաքացիներից և իրավաբանական անձանցից զատ, որպես իրավազոր անձ կարող է հանդես գալ նաև պետությունը: Վերջինս քաղաքացիական իրավահարաբերություններին մասնակցում է այդ նպատակի համար լիազորված պետական մարմինների միջոցով: Հետևաբար բոլոր այն դեպքերում, երբ որպես իրավազոր անձ քաղաքացիական դատավարության կարգով դատարան է դիմում պետությունը` ի դեմս պետական մարմնի, հայցային վաղեմության ժամկետի սկիզբը ճիշտ որոշելու համար անհրաժեշտ է նախ և առաջ պարզել` արդյոք տվյալ պետական մարմինն իրավասու է վիճելի իրավահարաբերության շրջանակներում ներկայացնելու պետության շահերը և երկրորդ` երբ է վերջինս բացահայտել կամ պետք է բացահայտած լիներ պետական շահի խախտման փաստը: Ընդ որում, թե՛ առաջին և թե՛ երկրորդ հարցադրումների շրջանակներում պետք է ուսումնասիրել տվյալ պետական մարմնի` օրենսդրությամբ ամրագրված լիազորությունների շրջանակը:

Նույն որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը նաև արձանագրել է, որ հարկային հաշվետվություններ ներկայացնելու լիազորություն ունեցող անձից չվճարված կամ պակաս վճարված գումարները գանձելու պահանջի հիմքում ընկած իրավահարաբերությունը պետությանը պատճառված վնասի հատուցման իրավահարաբերություն է, իսկ այդ իրավահարաբերությունից բխող պահանջի իրավունքը պատկանում է դատախազությանը, որը վերջինս կարող է իրացնել քաղաքացիադատավարական կարգով հայց հարուցելով: Այսինքն` դատարանում վերը նշված իրավահարաբերությունից բխող պետական շահը ներկայացնելու իրավասու մարմինը դատախազությունն է, իսկ թե երբ է վերջինս բացահայտել կամ պետք է բացահայտած լիներ պետական շահի խախտման փաստը, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ յուրաքանչյուր դեպքում պետք է հաշվի առնել հայցի փաստական հանգամանքները և ի հիմնավորումն դրանց` դատարան ներկայացված ապացույցները (տե՛ս ՀՀ գլխավոր դատախազությունն ընդդեմ Հենրիկ Սարգսյանի թիվ ԵՄԴ/1149/02/12 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.04.2016 թվականի որոշումը):

Իրավահարաբերության ծագման պահին գործող` 22.02.2007 թվականին ընդունված, 01.05.2007 թվականին ուժի մեջ մտած և 09.04.2018 թվականին ուժը կորցրած «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատախազի կողմից պետական շահերի պաշտպանության հայց հարուցելն ընդգրկում է`

1) քաղաքացիական դատավարության կարգով պետության գույքային շահերի պաշտպանության հայցի հարուցումը.

2) վարչական դատավարության կարգով պետության գույքային և ոչ գույքային շահերի պաշտպանության հայցի հարուցումը.

3) քրեական դատավարության կարգով հանցագործությամբ ուղղակիորեն պետությանը պատճառված գույքային վնասի հատուցման հայցի հարուցումը:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` դատախազը պետական շահերի պաշտպանության հայց հարուցում է միայն, եթե`

1) իր լիազորություններն իրականացնելիս հայտնաբերում է, որ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինը, որին վերապահված է պետական շահերի պաշտպանությանն առնչվող տվյալ հարցերով հայց ներկայացնելը, իրազեկ լինելով պետական շահերի խախտման փաստի մասին, ողջամիտ ժամկետում հայց չի ներկայացրել կամ հայց չի ներկայացնում դատախազի կողմից հայց ներկայացնելու առաջարկություն ստանալուց հետո, կամ

2) պետական շահերի խախտում է տեղի ունեցել այն հարցերով, որոնցով հայց ներկայացնելն օրենսդրությամբ վերապահված չէ որևէ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի, կամ

3) դատախազին հայց հարուցելու միջնորդությամբ է դիմել իրավասու պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինը, կամ

4) հանցագործությամբ ուղղակիորեն պետությանը պատճառված է գույքային վնաս, կամ

5) պետական շահերի պաշտպանության հայցը հարուցվում է այլ երկրների դատարաններում կամ Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս տեղի ունեցող արբիտրաժներում, բացառությամբ այն դեպքերի, երբ Հայաստանի Հանրապետության կառավարությունը (այսուհետ` կառավարություն) լիազորում է այլ մարմնի կամ կազմակերպության:

ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած որոշմամբ անդրադառնալով իրավահարաբերության ծագման պահին գործող` 22.02.2007 թվականին ընդունված, 01.05.2007 թվականին ուժի մեջ մտած և 09.04.2018 թվականին ուժը կորցրած «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի իրավական վերլուծությանը, արձանագրել է հետևյալը.

«(...) պետական շահերի պաշտպանության իրականացումը կախված լիազորությունների բովանդակությունից, ունի իրականացման տարբեր մեխանիզմներ:

Այսպես.

«Դատախազության մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով նախատեսված դեպքերում դատախազությունն օգտվում է դատավարական այն իրավունքներից և կրում է այն պարտականությունները, որոնք ունենալու էր պետական այն մարմինը, ով հայց ներկայացնելու պարտականություն ուներ: Հետևաբար դատախազությունը զրկված չէ վարչական դատավարության կարգով տնտեսվարող սուբյեկտի դեմ հարկային պարտավորությունների կատարմանը պարտավորեցնելու հայց ներկայացնելու հնարավորությունից, եթե պետական իրավասու մարմինը ցուցաբերում է անգործություն կամ դիմել է դատախազությանը նման հայց ներկայացնելու միջնորդությամբ:

Վերը հիշատակված հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետում ամրագրված դատախազության լիազորությունը վերաբերում է բոլոր այն դեպքերին, երբ հայց հարուցելու լիազորությամբ օժտված չէ որևէ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմին: Նշված դրույթի օրենսդրական ձևակերպումից հետևում է, որ դատախազության` հայց հարուցելու դատավարական պարտականության իրացման նախապայման է պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի` հայց հարուցելու լիազորության բացակայությունը: Նշված կանոնակարգումը քննարկելով չվճարված հարկային պարտավորությունների արդյունքում պետությանը պատճառված վնասը բռնագանձելու հարցի համատեքստում, նախ անհրաժեշտ է որոշել, թե արդյոք կոնկրետ վիճելի իրավահարաբերության առկայության պարագայում բացակայում է որևէ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի` հայց հարուցելու լիազորությունը:

(...) տնտեսվարող սուբյեկտի պաշտոնատար անձի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի հիման վրա հարուցված քրեական գործի կարճման պարագայում, արարքի` որպես հանցագործության վերաբերյալ խոսք լինել չի կարող, մինչդեռ քաղաքացիաիրավական հարաբերությունը (վնաս պատճառելու հիմքով ծագող հարաբերությունը), որի ծագման պայմանները կարող են համընկնել քրեական պատասխանատվության ծագման պայմանների հետ, շարունակում է գոյություն ունենալ: Նման իրավիճակում տնտեսվարող սուբյեկտի ղեկավարի (կամ պատասխանատու պաշտոնատար անձի) կատարած գործողությունների (անգործության) հետևանքով հարկային պարտավորությունները չկատարելու արդյունքում պետությանը պատճառված վնասը տնտեսվարող սուբյեկտի ղեկավարից բռնագանձելու պահանջ ներկայացնելու լիազորությամբ որևէ պետական մարմին օժտված չէ:

Նույն հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետում ամրագրված է դատախազության լիազորությունը հանցագործությամբ ուղղակիորեն պետությանը պատճառված գույքային վնասը հատուցելու հայց ներկայացնելու մասին, որպիսի լիազորության իրականացումը պայմանավորված է երկու փաստերի առկայությամբ`

1) հանցանքի կատարում, որը կարող է հաստատվել միակ թույլատրելի ապացույցով, այն է` օրինական ուժի մեջ մտած դատավճռով և

2) հանցանքի արդյունքում պետությանը պատճառված գույքային վնաս:

(...) բոլոր այն դեպքերում, երբ հարկերի և (կամ) տուրքերի չվճարման կամ պակաս վճարման համար դատախազությունը գործում է «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով նախատեսված լիազորությունների շրջանակում, ապա հայցապահանջը պետք է վերաբերի կոնկրետ տնտեսվարող սուբյեկտին հարկային պարտավորությունները կատարելուն պարտավորեցնելուն: Մինչդեռ չվճարված հարկերը կամ տուրքերը, որպես պետությանը պատճառված վնաս գանձելու համար կարող է առկա լինել ինչպես հանցագործություն կատարելու փաստը և վնաս պատճառելը («Դատախազության մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետ), այնպես էլ առանց հանցագործության փաստը հիմնավորող թույլատրելի ապացույցի առկայության վնաս պատճառելը և համապատասխան լիազոր մարմնի բացակայությունը կամ այդպիսի մարմնի մոտ համապատասխան լիազորության բացակայությունը: (...)

Դատախազության կողմից ներկայացված հայցերում և բողոքներում հիշատակվում են «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված այն դրույթները, որոնցում ամրագրված են դատախազական մարմինների լիազորությունները պետական շահերի պաշտպանության հարցում: (...) Այս առումով լիազորություններն ամրագրող կոնկրետ դրույթների հիշատակումը հայցում կամ բողոքում չեն կարող դիտվել որպես հայցի հիմք (իրավական հիմք), քանի որ հայցի հիմքը նյութական իրավունքի այն նորմն է, որի վրա հիմնվում է ներկայացված պահանջը: (...) հիշատակված հոդվածի դրույթների գնահատումը կարող է տեղի ունենալ պատշաճ հայցվորի հարցը քննարկելու համատեքստում: Հետևաբար, դատարանը պարտավոր է ստուգել դատախազության` պետական շահերի պաշտպանության հայց ներկայացնելու իրավասության առկայությունը, անկախ նրանից նշվել է լիազորություններից մեկը, թե մյուսը կամ էլ որևէ մեկը չի նշվել» (տե՛ս, ՀՀ գլխավոր դատախազությունն ընդդեմ Վալենտինա Մկրտչյանի թիվ ԵԿԴ/3058/02/11 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 05.04.2013 թվականի որոշումը):

Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ չվճարված հարկերը կամ տուրքերը, որպես պետությանը պատճառված վնաս գանձելու համար կարող է առկա լինել ինչպես հանցագործություն կատարելու փաստը և վնաս պատճառելը (22.02.2007 թվականին ընդունված, 01.05.2007 թվականին ուժի մեջ մտած և 09.04.2018 թվականին ուժը կորցրած «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետ), այնպես էլ առանց հանցագործության փաստը հիմնավորող թույլատրելի ապացույցի առկայության վնաս պատճառելը (...):

Միաժամանակ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ հարկային հաշվետվություններ ներկայացնելու լիազորություն ունեցող անձից չվճարված կամ պակաս վճարված գումարները գանձելու հայցը դատախազությունը կարող է ներկայացնել քրեական գործի դատավարության ընթացքում քաղաքացիական հայցի ձևով կամ քաղաքացիական դատավարության կարգով: Ընդ որում, ՀՀ վճռաբեկ դատարանն ընդգծել է, որ այն դեպքերում, երբ պետությանը պատճառված վնասի հատուցման հայցը ներկայացվել է տնտեսվարող սուբյեկտի պաշտոնատար անձի դեմ, ում լիազորությունն է հարկային հաշվետվությունների ներկայացումը, անհրաժեշտ է ապացուցել տվյալ անձի կողմից ոչ իրավաչափ գործողությունների կամ անգործության կատարած լինելու փաստի առկայությունը, որպիսին հիմնավորվում է օրենքով սահմանված ապացույցներով (տե՛ս ՀՀ գլխավոր դատախազությունն ընդդեմ Վարդան Հարությունյանի, երրորդ անձ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի թիվ ԵԱՆԴ/0789/02/11 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 05.04.2013 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանի վերոգրյալ որոշումներում արտահայտված իրավական դիրքորոշումներից բխում է, որ իրավահարաբերության ծագման պահին գործող` 22.02.2007 թվականին ընդունված, 01.05.2007 թվականին ուժի մեջ մտած և 09.04.2018 թվականին ուժը կորցրած «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածում ամրագրված պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու իր լիազորությունը դատախազությունն իրավասու է եղել իրացնել կախված կոնկրետ լիազորության բովանդակությունից և դրա իրականացման մեխանիզմից:

Ըստ այդմ` 22.02.2007 թվականին ընդունված, 01.05.2007 թվականին ուժի մեջ մտած և 09.04.2018 թվականին ուժը կորցրած «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված դեպքերում դատախազությունն իրավասու է հայց ներկայացնել վարչադատավարական կամ քաղաքացիադատավարական կարգով, եթե պետական իրավասու մարմինը ցուցաբերում է անգործություն կամ դիմել է դատախազությանը նման հայց ներկայացնելու միջնորդությամբ կամ երբ հայց հարուցելու լիազորությամբ որևէ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմին օժտված չէ: Նման դեպքերում դատախազությունն օգտվում է ՀՀ վարչական դատավարության և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքերով հայցվորին վերապահված բոլոր իրավունքներից և կրում նրանց պարտականությունները:

Այսինքն` վերոգրյալ դեպքերում, անկախ այն հանգամանքից, թե վնասի առաջացման հիմքում ընկած անձի ոչ իրավաչափ արարքի հետևանքով վերջինս ենթակա է արդյոք քրեական պատասխանատվության, թե ոչ, առկա է արդյոք անձի մեղավորությունը հաստատող օրինական ուժի մեջ մտած դատավճիռ, թե ոչ, պետությանը վնաս պատճառելու փաստը հաստատող բավարար հիմքերի առկայության պարագայում դատախազությունն իրավասու է և նույնիսկ պարտավոր է վարչադատավարական կամ քաղաքացիադատավարական կարգով հայց հարուցելու համապատասխան դատարան` հարկերի և (կամ) տուրքերի չվճարման կամ պակաս վճարման համար կոնկրետ տնտեսվարող սուբյեկտին հարկային պարտավորությունները կատարելուն պարտավորեցնելու կամ վնասի հատուցման միջոցով պետության խախտված իրավունքը վերականգնելու նպատակով` պահպանելով նաև հայցային վաղեմության օրենքով սահմանված կամ դատավարական ժամկետները:

Մինչդեռ այլ է իրավիճակը 22.02.2007 թվականին ընդունված, 01.05.2007 թվականին ուժի մեջ մտած և 09.04.2018 թվականին ուժը կորցրած «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետում ամրագրված լիազորությունն իրականացնելու պարագայում: Նշված հիմքով հայց հարուցելու համար անհրաժեշտ նախապայման է հանցագործությամբ ուղղակիորեն պետությանը գույքային վնաս պատճառած լինելը:

ՀՀ Սահմանադրության 66-րդ հոդվածում ամրագրված է անմեղության կանխավարկածի հիմնարար սկզբունքը, համաձայն որի` հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղքն ապացուցված չէ օրենքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նույն սկզբունքն իր ամրագրումն է ստացել նաև ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 18-րդ հոդվածի 1-ին մասում, որի համաձայն` հանցագործության համար կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ սույն օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Այսինքն` խոսք կարող է լինել հանցագործությամբ ուղղակիորեն պետությանը գույքային վնաս պատճառած լինելու մասին միայն այն դեպքում, երբ անձի մեղքն ապացուցվել է օրենքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով, հետևաբար հանցանքի կատարումը հաստատող միակ թույլատրելի ապացույցն օրինական ուժի մեջ մտած դատավճիռն է:

Հարկ ենք համարում վերստին վկայակոչել ՀՀ գլխավոր դատախազությունն ընդդեմ Վալենտինա Մկրտչյանի թիվ ԵԿԴ/3058/02/11 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 05.04.2013 թվականի որոշմամբ արտահայտած այն իրավական դիրքորոշումը, ըստ որի` հանցագործությամբ ուղղակիորեն պետությանը պատճառված գույքային վնասը հատուցելու հայց ներկայացնելու «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով սահմանված լիազորության իրականացումը պայմանավորված է երկու փաստերի առկայությամբ`

1) հանցանքի կատարում, որը կարող է հաստատվել միակ թույլատրելի ապացույցով, այն է` օրինական ուժի մեջ մտած դատավճռով և,

2) հանցանքի արդյունքում պետությանը պատճառված գույքային վնաս:

Այսպիսով, գտնում ենք, որ հանցագործությամբ ուղղակիորեն պետությանը պատճառված գույքային վնասը հատուցելու պահանջ ներկայացնելու իր իրավունքը դատախազությունն իրավասու է իրացնել միայն այն դեպքում, երբ առկա է վնասի առաջացման հիմքում ընկած անձին մեղսագրվող հանցանքը հաստատող թույլատրելի ապացույցը` օրինական ուժի մեջ մտած դատավճիռը:

Ամփոփելով վերոգրյալը` հարկ ենք համարում ընդգծել, որ դատախազության կողմից պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու հայցային վաղեմության ժամկետի հոսքը պայմանավորված է այն հանգամանքով, թե վերջինս 22.02.2007 թվականին ընդունված, 01.05.2007 թվականին ուժի մեջ մտած և 09.04.2018 թվականին ուժը կորցրած «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի 2-րդ մասի կոնկրետ որ կետով նախատեսված իր լիազորության շրջանակում է դիմում դատարան:

Մասնավորապես, 22.02.2007 թվականին ընդունված, 01.05.2007 թվականին ուժի մեջ մտած և 09.04.2018 թվականին ուժը կորցրած «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված իր լիազորությունների շրջանակներում քաղաքացիադատավարական կարգով հայց հարուցելու համար դատավճռի առկայությունը պարտադիր չէ և պետության գույքային շահերին վնաս պատճառված լինելու մասին դատախազությունը կարող է իմանալ ինչպես իր լիազորություններն իրականացնելիս պետական մարմինների անգործությունը հայտնաբերելու, հայց հարուցելու լիազորությամբ որևէ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի օժտված չլինելու հանգամանքը պարզելու, պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կողմից հայց հարուցելու մասին դատախազությանը դիմում ներկայացնելու, այնպես էլ քրեական հետապնդումը ոչ արդարացնող հիմքով դադարեցնելու, քրեական գործի վարույթը կարճելու մասին որոշումներ կայացնելու արդյունքում: Ըստ այդմ` նշված իրավանորմերի հիմքով հայցը դատախազությունը կարող է հարուցել այն պահից սկսած երեք տարվա ընթացքում, երբ վերը նկարագրված դեպքերում իրեն հայտնի կդառնա պետության գույքային շահերին վնաս պատճառված լինելու մասին:

Մինչդեռ 22.02.2007 թվականին ընդունված, 01.05.2007 թվականին ուժի մեջ մտած և 09.04.2018 թվականին ուժը կորցրած «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետում ամրագրված` հանցագործությամբ ուղղակիորեն պետությանը պատճառված գույքային վնասը հատուցելու հայց ներկայացնելու իր լիազորությունը դատախազությունը կարող է իրականացնել միայն հետևյալ երկու փաստերի առկայությամբ`

1) հանցանքի կատարում, որը կարող է հաստատվել միակ թույլատրելի ապացույցով, այն է` օրինական ուժի մեջ մտած դատավճռով և

2) հանցանքի արդյունքում պետությանը պատճառված գույքային վնաս(1):

______________________

1) տե՛ս, ՀՀ գլխավոր դատախազությունն ընդդեմ Վալենտինա Մկրտչյանի թիվ ԵԿԴ/3058/02/11 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 05.04.2013 թվականի որոշումը

 

Վերոգրյալի համատեքստում պետք է փաստել, որ 22.02.2007 թվականին ընդունված, 01.05.2007 թվականին ուժի մեջ մտած և 09.04.2018 թվականին ուժը կորցրած «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետում ամրագրված հանցագործությամբ ուղղակիորեն պետությանը պատճառված գույքային վնասը հատուցելու հայցը դատախազությունը կարող է ներկայացնել հակաօրինական արարքի կատարման մեջ անձի մեղավորությունը հաստատող դատավճռի օրինական ուժի մեջ մտնելուց հետո երեք տարվա ընթացքում:

Սույն գործի փաստերի համաձայն` թիվ ԵԿԴ/0084/04/10 քաղաքացիական գործով Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 29.12.2010 թվականի վճռով բավարարվել է «Նելի Կարոլինա» ՍՊԸ-ի սեփական սնանկությունը ճանաչելու մասին դիմումը և «Նելի Կարոլինա» ՍՊ ընկերությունը ճանաչվել է սնանկ (հատոր 2-րդ, գ.թ. 64-66):

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 14.11.2011 թվականի վճռով «Նելի Կարոլինա» ՍՊԸ-ի սնանկության վերաբերյալ գործն ավարտվել է (հատոր 2-րդ, գ.թ. 61-63):

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հետաքննության վարչության 1-ին բաժնի հետաքննիչ Վ.Չարխիֆալակյանի 17.02.2011 թվականի որոշմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 193-րդ հոդվածով նախատեսված հանցագործության (Կանխամտածված սնանկությունը) հատկանիշներով հարուցվել է թիվ 83150912 քրեական գործը (հատոր 1-ին, գ.թ. 7):

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչության քննիչ Վ.Աբրահամյանի 26.04.2012 թվականի որոշմամբ նշված քրեական գործով Նունե Ժորայի Իսկոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 194-րդ հոդվածով (Կեղծ սնանկությունը)` այն արարքի համար, որ նա, հանդիսանալով ՀՀ պետական եկամուտների կոմիտեի Մյասնիկյանի հարկային տեսչությունում հաշվառված «Նելի Կարոլինա» ՍՊԸ-ի միակ մասնակիցն ու տնօրենը, 2008-2009 թվականների ընթացքում իրականացրել է ձեռնարկատիրական գործունեություն, սակայն հարկային տեսչություն ներկայացված հաստատագրված վճարի, եկամտահարկի, պետական տուրքի և պարտադիր սոցիալական ապահովագրության հաշվետվություններով հաշվարկված հարկերի և վճարների գումարները օրենսդրությամբ սահմանված ժամկետներում չվճարելով, սնանկության հատկանիշների բացակայության պայմաններում, պարտքերի չվճարման նպատակով ստեղծել է կեղծ սնանկության հատկանիշներ: Մասնավորապես, Նունե Իսկոյանը 26.11.2010 թվականին սեփական սնանկության ճանաչման մասին դիմում է ներկայացրել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, որի կողմից ճանաչվել է սնանկ: Դրա հետևանքով պետությանը պատճառվել է խոշոր չափի` 2.828.671 ՀՀ դրամի վնաս:

10.05.2012 թվականին Նունե Իսկոյանի վերաբերյալ թիվ 83150912 քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան:

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 03.07.2012 թվականի օրինական ուժի մեջ մտած դատավճռով Նունե Իսկոյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 194-րդ հոդվածով և պատիժ է նշանակվել ազատազրկում` 1 (մեկ) տարի 6 (վեց) ամիս ժամկետով` զրկելով որոշակի գործունեությամբ` ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու իրավունքից` 2 (երկու) տարի ժամկետով:

«Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» ՀՀ Ազգային ժողովի 26.05.2011 թվականի թիվ ԱԺՈ-277-Ն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետի կիրառմամբ Նունե Իսկոյանն ազատվել 1 (մեկ) տարի 6 (վեց) ամիս ժամկետով ազատազրկումը կրելուց:

Դատախազությունը պետությանը պատճառված 2.828.671 ՀՀ դրամ գումարի չափով վնասը հատուցելու պահանջի վերաբերյալ հայցը դատարան է ներկայացրել 18.06.2015 թվականին:

Սույն գործով վեճի լուծման համար առանցքային նշանակություն ունեցող հայցային վաղեմության ժամկետի հաշվարկման սկիզբը որոշելու համար անհրաժեշտ է պարզել, թե պատասխանողի կողմից իրականացված ոչ իրավաչափ ինչ գործողության կամ անգործության հետևանքով է պետությանը վնաս պատճառվել, երբ է իրավասու մարմինը, տվյալ դեպքում Դատախազությունը բացահայտել կամ պետք է բացահայտած լիներ պետական շահի խախտման փաստը:

Նախ և առաջ հարկ ենք համարում ընդգծել, որ տվյալ դեպքում դատարան ներկայացված հայցադիմումում Դատախազությունը վկայակոչել է իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը, համաձայն որի` դատախազի կողմից պետական շահերի պաշտպանության հայց հարուցելն ընդգրկում է քաղաքացիական դատավարության կարգով պետության գույքային շահերի պաշտպանության հայցի հարուցումը: Միևնույն ժամանակ, սակայն, դատախազությունը ներկայացված հայցում չի հիշատակել վերոգրյալ հոդվածի 2-րդ մասում թվարկված կոնկրետ այն լիազորությունը, որի հիման վրա հարուցել է պետական շահերի պաշտպանության հարց:

Թեև ՀՀ գլխավոր դատախազությունն ընդդեմ Վալենտինա Մկրտչյանի թիվ ԵԿԴ/3058/02/11 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանն իր 05.04.2013 թվականի որոշմամբ արձանագրել է, որ 22.02.2007 թվականին ընդունված, 01.05.2007 թվականին ուժի մեջ մտած և 09.04.2018 թվականին ուժը կորցրած «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի 2-րդ մասում ամրագրված կոնկրետ դրույթների հիշատակումը հայցում կամ բողոքում չեն կարող դիտվել որպես հայցի հիմք (իրավական հիմք) և, որ դատարանը պարտավոր է ստուգել դատախազության` պետական շահերի պաշտպանության հայց ներկայացնելու իրավասության առկայությունը, անկախ նրանից նշվել է լիազորություններից մեկը, թե մյուսը կամ էլ որևէ մեկը չի նշվել, այդուհանդերձ ստորադաս դատարանները սույն գործով չեն բացահայտել, թե Դատախազությունը իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի 2-րդ մասում նշված կոնկրետ որ լիազորության իրացմամբ է հայցադիմումը ներկայացրել դատարան:

Ընդ որում նշված հարցը բացահայտված չէ նաև սույն գործով Վճռաբեկ դատարանի որոշմամբ, որով Վճռաբեկ դատարանը անդրադարձ է կատարել միայն իրավահարաբերության ծագման պահին գործող «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 3-րդ կետերին և որևէ վերլուծություն չի կատարել նույն հոդվածի 1-ին մասի 2-րդ և 4-րդ կետերի վերաբերյալ: Մասնավորապես, հանցագործությամբ պատճառված վնասի հատուցման պահանջը միայն հանրորեն վտանգավոր արարքը հանցագործություն համարվելու վերաբերյալ օրինական ուժի մեջ մտած դատավճռի առկայության պարագայում ներկայացնելու հնարավորության մասին Դատախազության փաստարկի առնչությամբ վերլուծության ենթարկելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 158-րդ հոդվածի 1-ին կետը` Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ քաղաքացիական հայցը կարող է հարուցվել ինչպես ավելի վաղ, քան մեղադրական եզրակացությունը հաստատելու և գործը դատարան ուղարկելու փուլը, այնպես էլ քրեական գործի դատական քննության ցանկացած փուլում` մինչև դատավճիռ կայացնելու համար դատարանի խորհրդակցական սենյակ հեռանալը` կախված այն հանգամանքից, թե երբ են ի հայտ եկել հայց հարուցելու նախադրյալները: Միևնույն տրամաբանությունն է գործում նաև քաղաքացիական դատավարությունում` հայց կարող է հարուցվել ցանկացած պահի, երբ առկա են հայց հարուցելու նախադրյալները: Մասնավորապես` հանցագործությամբ պետության գույքային շահերին պատճառված վնասի հատուցման վերաբերյալ Դատախազությունը կարող է հայց հարուցել ցանկացած պահի, երբ իր տիրապետության ներքո առկա կլինեն քրեական օրենսգրքով չթույլատրված արարքի կատարման հետևանքով պետության գույքային շահերին վնաս պատճառելու վերաբերյալ բավարար փաստեր: Հակառակ մեկնաբանությունը կնշանակի, որ, բացի օրինական ուժի մեջ մտած դատավճռով դատապարտվելու դեպքերից, ոչ մի այլ դեպքում (օրինակ` քրեական հետապնդումը ոչ արդարացնող հիմքով դադարեցնելու, քրեական գործի վարույթը կարճելու և այլն) անձի նկատմամբ հնարավոր չի լինի քրեական օրենսգրքով չթույլատրված արարքի կատարման հետևանքով պատճառված վնասի հատուցման հայց հարուցել:

Վճռաբեկ դատարանը հատկանշական է համարել, որ իրավահարաբերության ծագման պահին գործող «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 3-րդ կետերը սահմանազատել են քրեական և քաղաքացիական դատավարություններում Դատախազության` հայց հարուցելու լիազորությունները, և ըստ այդ իրավակարգավորման` հանցագործությամբ ուղղակիորեն պետությանը պատճառված գույքային վնասի հատուցման հայցի հարուցումն առանձնացված է քաղաքացիական դատավարության կարգով պետության գույքային շահերի պաշտպանության հայցի հարուցումից: Նշված նորմերի տառացի մեկնաբանությունից բխում է, որ Դատախազությունը քաղաքացիական դատավարության կարգով հայց հարուցում է ցանկացած պահի, երբ օրենքով սահմանված իր լիազորություններն իրականացնելիս հայտնաբերում է պետության գույքային շահերին վնաս պատճառելու վերաբերյալ փաստ` անկախ քրեական գործի հարուցման, օրինական ուժի մեջ մտած դատավճռով վնաս պատճառած անձի դատապարտված լինելու հանգամանքներից:

Փաստորեն Վճռաբեկ դատարանն անտեսել է ՀՀ գլխավոր դատախազությունն ընդդեմ Վալենտինա Մկրտչյանի թիվ ԵԿԴ/3058/02/11 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի արտահայտած այն իրավական դիրքորոշումը, համաձայն որի` 22.02.2007 թվականին ընդունված, 01.05.2007 թվականին ուժի մեջ մտած և 09.04.2018 թվականին ուժը կորցրած «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված դեպքերում դատախազությունն իրավասու է հայց ներկայացնել վարչադատավարական կամ քաղաքացիադատավարական կարգով, եթե պետական իրավասու մարմինը ցուցաբերում է անգործություն կամ դիմել է դատախազությանը նման հայց ներկայացնելու միջնորդությամբ կամ երբ հայց հարուցելու լիազորությամբ որևէ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմին օժտված չէ, որպիսի պարագայում դատախազությունն օգտվում է ՀՀ վարչական դատավարության և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքերով հայցվորին վերապահված բոլոր իրավունքներից և կրում նրանց պարտականությունները, իսկ նույն հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետում նշված հիմքով հայց հարուցելու համար անհրաժեշտ նախապայման է հանցագործությամբ ուղղակիորեն պետությանը գույքային վնաս պատճառած լինելը:

Մինչդեռ, ՀՀ վճռաբեկ դատարանի վերը վկայակոչված որոշման համաձայն` հիշատակված հոդվածի դրույթների գնահատումը կարող է տեղի ունենալ պատշաճ հայցվորի հարցը քննարկելու համատեքստում: Այսինքն` իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի 2-րդ մասում նշված կոնկրետ լիազորության հիմքով է պայմանավորված ինչպես պատշաճ հայցվորի հարցի պարզումը, այնպես էլ վնասի առաջացման և հատուցման հիմքերը հաստատող ապացույցների գնահատումը, քանի որ պետական շահերի պաշտպանության իրականացումը կախված լիազորությունների բովանդակությունից, ունի իրականացման տարբեր մեխանիզմներ: Մասնավորապես, եթե իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված դեպքերում դատախազությունն իրավասու է հայց ներկայացնել վարչադատավարական կամ քաղաքացիադատավարական կարգով` անկախ հանրորեն վտանգավոր արարքի վերաբերյալ օրինական ուժի մեջ մտած դատավճռի առկայության, ապա նույն իրավանորմի 4-րդ կետով նախատեսված դեպքում դատավճռի առկայությունը, մեր գնահատմամբ, պարտադիր է:

Վերոգրյալի համատեքստում գտնում ենք, որ առանց բացահայտելու այն հարցը, թե սույն գործի հարուցման համար հիմք հանդիսացող հայցադիմումը Դատախազության կողմից իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված իր որ լիազորությունների շրջանակներում է ներկայացվել, հնարավոր չէ գնահատական տալ պետական շահերի պաշտպանության իրականացման համապատասխան լիազորության կիրառման հիմքերի թույլատրելի լինելու և դրա իրականացման մեխանիզմների վերաբերյալ: Մինչդեռ, ինչպես վերը նշվեց, այդ հարցը քննարկման առարկա չի դարձվել ինչպես ստորադաս դատարանների, այնպես էլ Վճռաբեկ դատարանի կողմից:

Սույն գործով Դատախազության կողմից ներկայացված հայցադիմումի բովանդակության և հայցապահանջի հիմքում ընկած փաստական հանգամանքների ու դրանք հիմնավորող ապացույցների համադրմամբ հանգում ենք այն եզրակացության, որ տվյալ դեպքում պետությանը պատճառված վնասի հատուցման պահանջը ներկայացվել է իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով սահմանված լիազորության շրջանակներում:

Այսպես. պետությանը պատճառված 2.828.671 ՀՀ դրամի վնասի առաջացման հիմքը Նունե Իսկոյանի կողմից կատարված ՀՀ քրեական օրենսգրքի 194-րդ հոդվածով նախատեսված հակաիրավական արարքն է: Մասնավորապես, Նունե Իսկոյանը, հանդիսանալով ՀՀ պետական եկամուտների կոմիտեի Մյասնիկյանի հարկային տեսչությունում հաշվառված «Նելի Կարոլինա» ՍՊ ընկերության միակ մասնակիցն ու տնօրենը, ստեղծել է կեղծ սնանկության հատկանիշներ ու սնանկության ճանաչման մասին դիմում ներկայացնելու արդյունքում նշված ընկերությունը ճանաչվել է սնանկ: Դրա հետևանքով պետությանը պատճառվել է խոշոր չափի` 2.828.671 ՀՀ դրամի վնաս:

Այսինքն` հաշվի առնելով սույն գործով հայցի փաստական հանգամանքները և ի հիմնավորումն դրանց` դատարան ներկայացված ապացույցները, գտնում ենք, որ պետությանը 2.828.671 ՀՀ դրամի վնասը հասցվել է հանցագործության, այն է` կեղծ սնանկության հետևանքով:

Գտնում ենք, որ սույն գործով Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 03.07.2012 թվականի դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո միայն Դատախազությունը կարող էր իմանալ հանցանքի կատարման և դրա հետևանքով ուղղակիորեն պետությանը գույքային վնաս պատճառելու, այսինքն` պետության իրավունքի խախտման մասին, հետևաբար հիմնավոր է վճռաբեկ բողոքի պատասխանում Դատախազության ներկայացրած այն փաստարկը, որ հանցագործությամբ պատճառված վնասի հատուցման համար հնարավոր է հայց ներկայացնել միայն այն դեպքում, երբ հանրորեն վտանգավոր արարքը հանցագործություն է համարվել օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նման պայմաններում անհիմն ենք համարում Դատարանի հետևությունն այն մասին, որ քրեական գործը մեղադրական եզրակացությամբ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան ուղարկելիս Դատախազությունն իմացել է (պետք է իմացած լիներ) պետությանը պատճառված վնասի առկայության, և որ նույնն է` իր իրավունքների խախտման մասին, հետևաբար հայցային վաղեմության ժամկետները սկսել են հոսել 10.05.2012 թվականից:

Անդրադառնալով սույն գործով կայացված որոշմամբ Վճռաբեկ դատարանի արտահայտած այն իրավական դիրքորոշմանը, ըստ որի` դատախազը մեղադրական եզրակացությունը հաստատելու և գործը դատարան ուղարկելու պարագայում ապացուցված է համարում անձի մեղավորությունը քրեական օրենքով չթույլատրված արարքը կատարելու մեջ, հարկ են համարում արձանագրել հետևյալը.

Թեև ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 273-րդ հոդվածի կանոնակարգումների համաձայն, դատախազն ուսումնասիրելով մեղադրական եզրակացությամբ ստացված գործը` ի թիվս այլնի ստուգում է նաև այն հարցը, թե ապացուցվա՞ծ է արդյոք մեղադրյալին մեղսագրվող արարքը և այն պարունակո՞ւմ է արդյոք հանցակազմ, հիմնավորվա՞ծ է արդյոք մեղադրյալի մեղավորությունը, այդուհանդերձ մեղադրական եզրակացության հաստատումը դեռևս բավարար չէ քրեական օրենքով չթույլատրված արարքը կատարելու մեջ անձի մեղավորությունը հաստատված համարելու համար, քանի որ իրավական պետությունում, ինչպիսին է Հայաստանի Հանրապետությունը, անձի մեղավորությունը հանցագործության մեջ, տվյալ դեպքում կեղծ սնանկությունը, կարող է հաստատվել բացառապես օրինական ուժի մեջ մտած դատավճռով և ոչ երբեք մեղադրական եզրակացությամբ:

Ինչ վերաբերում է Վճռաբեկ դատարանի որոշման մեջ Ռինգվոլդն ընդդեմ Նորվեգիայի գործով Եվրոպական դատարանի 11.02.2003 թվականի վճռի վկայակոչմանը, ապա հարկ ենք համարում ընդգծել, որ մեր համոզմամբ նշված վճռով արտահայտված իրավական դիրքորոշումը սույն գործով կիրառելի չէ հետևյալ պատճառաբանությամբ.

Ռինգվոլդն ընդդեմ Նորվեգիայի գործի փաստերի համաձայն` դիմումատու Իվար Ռինգվոլդիին ներկայացված է եղել մեղադրանք անչափահաս Գ-ի նկատմամբ 1986-ից մինչև 1990 թվականներն ընկած ժամանակահատվածում սեռական բնույթի բռնություն իրականացնելու համար: Քրեական գործը հարուցվել է Էյդսիվաթինգի Բարձր դատարանում, որը քննելով այն, որոշել է դիմումատուին արդարացնել` միևնույն ժամանակ մերժելով 110.000 նորվեգական կրոն` որպես ոչ դրամական վնաս հատուցելու անչափահաս Գ-ի պահանջը: Գերագույն դատարանը, քաղաքացիական դատավարության կանոնակարգումներին համապատասխան քննելով գործը, որոշել է պարտավորեցնել դիմումատուին Գ-ին վճարել 75.000 նորվեգական կրոն` որպես ոչ նյութական վնաս (non-pecuniary) (կետեր 11-12, 16):

Եվրոպական դատարան ներկայացված դիմումով դիմումատուն առաջարկել է իր գործը քննել Sekanina v. Austria (judgment of 15 August 1993, Series A no. 266-A)-ի գործի նմանությամբ, որտեղ դատարանը տվել է ծանրակշիռ նշանակություն քրեական գործի քննության և վնասների հատուցման գործի միջև առկա կապի աստիճանին` հայտնելով, որ վերջինիս նկատմամբ կիրառվել է Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 2-րդ կետը (կետ 30):

Ռինգվոլդն ընդդեմ Նորվեգիայի գործով անդրադառնալով այն հարցին, թե արդյո՞ք տվյալ գործով հատուցման գործի քննությունը հանգեցրել է դիմումատուին «քրեորեն մեղադրելուն», և այն դեպքում, երբ դա այդպես չէ, այսինքն` չի հանգեցրել դրան, արդյո՞ք հատուցման գործի քննությունը քրեական գործի քննության հետ այնպես էր կապված, որ հատուցման գործի քննությունը ևս ընկներ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 2-րդ կետի(2) գործողության դաշտ, Եվրոպական դատարանը եզրահանգել է, որ հատուցման վճարման վերաբերյալ քննարկվող պահանջը չի դիտարկվել որպես «քրեական մեղադրանք» իրենց ազգային օրենսդրության համաձայն (կետ 37):

__________________________

2) Յուրաքանչյուր ոք, ով մեղադրվում է քրեական հանցագործություն կատարելու մեջ, համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ օրենքին համապատասխան:

 

Միևնույն ժամանակ Եվրոպական դատարանն արձանագրել է հետևյալը. «(...) Դատարանը կրկին հարկ է համարում նշել, որ քրեական գործի ելքը որոշիչ չէր հատուցման գործի համար: Կոնկրետ այս գործով իրավիճակը հակառակ էր. չնայած դիմումատուի արդարացմանը` իրավաբանորեն հնարավոր էր տալ հատուցում: Անկախ դիմումատուի դեմ քրեական գործով կատարված եզրահանգումից` հատուցման գործը քրեական գործի ուղղակի սիքվելը (3) չէր: Այս կապակցությամբ սույն գործը միանշանակ տարբերվում է վերը վկայակոչված այն գործերից, որոնցում դատարանը գտել է, որ քննարկվող գործերը քրեական գործի հետևանքն էին կամ ուղեկցում էին դրան (...) (կետ 41)»:

__________________________

3) տվյալ դեպքում գործ, որը շարունակում կամ ընդլայնում է ավելի վաղ քննված գործը

 

Համեմատելով վերոգրյալ գործի և սույն գործի փաստական հանգամանքները, գտնում ենք, որ Եվրոպական դատարանի վերոգրյալ վճռով արտահայտած իրավական դիրքորոշումը չի կարող կիրառվել կեղծ սնանկության հետևանքով պետությանը պատճառված նյութական վնասի հատուցման պահանջի նկատմամբ, քանի որ տվյալ դեպքում կեղծ սնանկության հատկանիշներով հարուցված քրեական գործի ելքը որոշիչ է հատուցման գործի համար, մասնավորապես Դատախազության կողմից պահանջվող գումարը ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված հակաիրավական արարքի` կեղծ սնանկության ուղղակի հետևանքով առաջացած վնաս է, որպիսի պահանջ ներկայացնելու համար պարտադիր է այդ արարքի կատարման մեջ անձի մեղավորությունը հաստատող դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռի առկայությունը:

Ամփոփելով վերոգրյալը, գտնում ենք, որ սույն գործի հարուցման հիմք հանդիսացող հայցադիմումը դատարան է ներկայացվել հայցային վաղեմության ժամկետի պահպանմամբ, այն է` 18.06.2015 թվականին, այսինքն` Նունե Իսկոյանին ՀՀ քրեական օրենսգրքի 194-րդ հոդվածով մեղավոր ճանաչելու և նրան 1 (մեկ) տարի 6 (վեց) ամիս ժամկետով ազատազրկման դատապարտելու մասին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 03.07.2012 թվականի դատավճիռն ուժի մեջ մտնելուց հետո երեք տարվա ժամկետում, ուստի հայցային վաղեմության ժամկետը բաց թողնված լինելու հիմքով Դատախազության հայցը մերժման ենթակա լինելու վերաբերյալ Վճռաբեկ դատարանի եզրահանգման հետ համակարծիք չենք:

Վերը նշվածի հաշվառմամբ գտնում ենք, որ հայցադիմումը հայցային վաղեմության ժամկետի պահպանմամբ ներկայացված լինելու հիմքով Դատարանի վճիռը բեկանելով և Դատախազության հայցը բավարարելով` Վերաքննիչ դատարանը կայացրել է իրավաչափ դատական ակտ, ուստի համաձայն չենք Վերաքննիչ դատարանի 07.11.2018 թվականի որոշումը բեկանելու և Դատարանի 02.07.2018 թվականի վճռին օրինական ուժ տալու Վճռաբեկ դատարանի եզրահանգման հետ և գտնում ենք, որ տվյալ դեպքում կիրառման է ենթակա ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված վճռաբեկ բողոքը մերժելու և դատական ակտն օրինական ուժի մեջ թողնելու Վճռաբեկ դատարանի լիազորությունը:

 

    Դատավոր            Դատավոր          Դատավոր

    Ռ. Հակոբյան        Գ. Հակոբյան      Ն. Տավարացյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
24.09.2020
N ԵԱՔԴ/2855/02/15
Որոշում