Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 109-ՐԴ, 17 ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

    ՀՀ վերաքննիչ քաղաքացիական                 Քաղաքացիական գործ

    դատարանի որոշում                          ԵԱՔԴ/3991/02/16

    Քաղաքացիական գործ թիվ ԵԱՔԴ/3991/02/16     2020 թ.

Նախագահող դատավոր` Ա. Սմբատյան

    Դատավորներ`        Ն. Մարգարյան

                       Ա. Պետրոսյան

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

նախագահող Ռ. Հակոբյան

զեկուցող Տ. Պետրոսյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Ս. Միքայելյան

Է. Սեդրակյան

Ն. Տավարացյան

 

2020 թվականի սեպտեմբերի 04-ին

գրավոր ընթացակարգով քննելով Գեղանուշ Ներսեսյանի ներկայացուցիչ Դիանա Շախրամանյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 02.08.2018 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Գեղանուշ Ներսեսյանի ընդդեմ Քնարիկ, Արմինե Թոփուզյանների, Տիգրան, Հակոբ և Մարգարիտա Համբարձումյանների (այսուհետ` Պատասխանողներ)` գումարի բռնագանձման պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

i

Դիմելով դատարան` Գեղանուշ Ներսեսյանը պահանջել է Պատասխանողներից բռնագանձել 4.500 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ և այդ գումարի նկատմամբ հաշվարկել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված տոկոսները` սկսած 06.11.2013 թվականից մինչև պարտավորության փաստացի կատարման օրը:

Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ս. Հովսեփյան) (այսուհետ` Դատարան) 18.12.2017 թվականի վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 02.08.2018 թվականի որոշմամբ Քնարիկ Թոփուզյանի ներկայացուցչի վերաքննիչ բողոքը բավարարվել է` Դատարանի 18.12.2017 թվականի վճիռը բեկանվել է և քաղաքացիական գործի վարույթն ամբողջությամբ կարճվել:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Գեղանուշ Ներսեսյանի ներկայացուցիչը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

i

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասը, 63-րդ հոդվածի 1-ին մասը, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 1-ին արձանագրության 1-ին հոդվածը, իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 2-րդ կետը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 170-րդ հոդվածը, 182-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը եզրահանգել է, որ Դատարանը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ չի հետազոտել գործում առկա ապացույցները, մասնավորապես` թիվ ԵԱՔԴ/0530/02/12 վճիռը, քրեական գործի վարույթը կարճելու և քրեական հետապնդում չիրականացնելու մասին Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնի 16.07.2014 թվականի որոշումը և Գեղանուշ Ներսեսյանի կողմից 18.12.2013 թվականին քննչական բաժնում տրված ցուցմունքը, որոնց համաձայն` Պատասխանողների կողմից 25.09.2013 թվականին ստորագրված հայտարարությունն առանձին պարտավորություն չէ և այն բխում է 09.03.2010 թվականին կնքված փոխառության պայմանագրից, որի վերաբերյալ առկա է օրինական ուժի մեջ մտած դատական ակտ:

Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ թիվ ԵԱՔԴ/0530/02/12 քաղաքացիական գործով և սույն գործով հայցվորը հանդիսանում է Գեղանուշ Ներսեսյանը, սակայն վերջինիս պահանջներն ուղղված են տարբեր մարդկանց դեմ` թիվ ԵԱՔԴ/0530/02/12 գործով պատասխանողներ են հանդիսացել Հակոբ, Արարատ, Մարգարիտ, Արտակ, Տիգրան, Վահագն, Արա, Վարդան, Հերմինե Համբարձումյանները և Փայլուն Եգորյանը, սույն գործով հայցն ուղղված է Քնարիկ, Արմինե Թոփուզյանների, Տիգրան, Հակոբ, Մարգարիտա Համբարձումյանների դեմ, այսինքն` երկու քաղաքացիական գործերը քննվել են տարբեր անձանց միջև, ինչն արդեն իսկ բացառում է գործի վարույթը կարճելը:

Բացի այդ, Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ թիվ ԵԱՔԴ/0530/02/12 գործով Գեղանուշ Ներսեսյանը պահանջել է բռնագանձել 8.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ և դրա վրա հաշվեգրվող տոկոսները` բռնագանձումը տարածելով գրավի առարկայի վրա: Սույն գործով հայցվորը 25.09.2013 թվականին ստորագրված հայտարարության հիման վրա պահանջել է Պատասխանողներից բռնագանձել 4.500 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ և դրա վրա հաշվեգրվող տոկոսները: Այսինքն` թեկուզև մասնակի` գումարի բռնագանձման պահանջի մասով, Պատասխանողներին ուղղված հայցապահանջը նույն տեսակի է, սակայն այն նույնը չէ, քանի որ երկու գործերով ներկայացվել է տարբեր չափի գումարի բռնագանձման պահանջ: Ավելին, սույն գործով, ի տարբերություն թիվ ԵԱՔԴ/0530/02/12 գործի, առկա չէ բռնագանձումը գրավի առարկայի վրա տարածելու պահանջ:

Ինչ վերաբերում է Վերաքննիչ դատարանի այն եզրահանգմանը, որ սույն գործով ներկայացված պահանջը նույն` նախկինում քննված գործով ներկայացված պահանջն է, դրա չկատարված մասը, այսինքն` պահանջը վերաբերում է նույն փոխառության հարաբերություններից ծագած պարտավորությանը, ապա այդ եզրահանգումն անհիմն է, քանի որ ստորագրելով «Հայտարարություն» վերտառությամբ փաստաթուղթը, Պատասխանողներն ըստ էության ընդունել են իրենց պարտքը Գեղանուշ Ներսեսյանի հանդեպ և էական նշանակություն չունի, թե այդ պարտքը նախկինում ինչից է ծագել: Ավելին, պարտքի ընդունումը կատարվել է այլ կազմով անձանց կողմից, մինչդեռ, Վերաքննիչ դատարանը, կարճելով գործի վարույթը, անհիմն ազատել է վերջիններիս իրենց ստանձնած պարտավորության կատարումից:

Բացի այդ, Վերաքննիչ դատարանի 02.08.2018 թվականի որոշման եզրահանգումները հակասում են թիվ ԱՎԴ3/0042/02/10, թիվ ԵԱԴԴ/0501/02/14 քաղաքացիական գործերով Վճռաբեկ դատարանի 04.03.2011 թվականի և 17.07.2015 թվականի որոշումներում արտահայտած դիրքորոշմանը, ուստի վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության համար:

Վերոգրյալի հիման վրա` բողոք բերած անձը պահանջել է ամբողջությամբ բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 02.08.2018 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 18.12.2017 թվականի վճռին կամ գործն ուղարկել ստորադաս դատարան` նոր քննության, սահմանելով նոր քննության ծավալը:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1. Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 09.11.2012 թվականի թիվ ԵԱՔԴ/0530/02/12 օրինական ուժի մեջ մտած վճռի համաձայն` համապարտության կարգով Փայլուն Եգորյանից, Հակոբ, Արարատ, Մարգարիտ, Արտակ, Տիգրան, Վահագն, Արա, Վարդան Համբարձումյաններից հօգուտ Գեղանուշ Ներսեսյանի բռնագանձվել է 8.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ` որպես պարտքի գումար: Բռնագանձման հիմք է հանդիսացել տվյալ գործով թվով 9 պատասխանողների և հայցվորի միջև 09.03.2010 թվականին կնքված փոխառության պայմանագիրը: Բռնագանձումը տարածվել է գրավի առարկա հանդիսացող` Երևանի Յ. Լեփսիուսի փողոցի 37 շենքի թիվ 36 բնակարանի վրա (հատոր 1-ին գ.թ 79-84):

2. 25.09.2013 թվականին տրված «Հայտարարության» համաձայն` «Ես` Քնարիկ Թոփուզյանս /AM 029554/ Գեղանուշ Ներսեսյանին տալիս եմ 1000 ԱՄՆ դոլար, որի համար ստորագրում եմ: Ներքոստորագրյալներս պարտք ենք մնում 4500 ԱՄՆ դոլար, որը պարտավորվում ենք տալ 05.11.2013 թվականին: Նշված գումարը տալուց հետո պարտք ու պահանջ չի ծագի, որովհետև ամբողջ գումարը կլինի վճարված: Հայտարարությունը գրելու ժամանակ ներկա են և ստորագրում են Քնարիկ Թոփուզյան, Արմինե Թոփուզյան, Տիգրան Համբարձումյան, Հակոբ Համբարձումյան, Մարգարիտա Համբարձումյան, Հակոբ Հակոբյան, Գեղանուշ Ներսեսյան» (հատոր 1-ին գ.թ 64):

3. Թիվ 09109913 քրեական գործի վարույթը կարճելու և քրեական հետապնդում չիրականացնելու վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեի Քանաքեռ-Զեյթունի քննչական բաժնի ՀԿԳ ավագ քննիչ Ա.Այվազյանի 16.07.2014 թվականի որոշման համաձայն` քաղաքացիական գործի դատաքննության ժամանակ Գեղանուշ Ներսեսյանի կողմից սուտ ցուցմունք տալու, ինչպես նաև խարդախություն կատարելու համար վերջինիս նկատմամբ քրեական հետապնդում չի իրականացվել հանցակազմի բացակայության հիմքով: Որոշմամբ արձանագրվել է, որ 11.03.2013 թվականին Կարինե Թոփուզյանը ոստիկանության Քանաքեռ-Զեյթուն բաժին հաղորդում է ներկայացրել այն մասին, որ Գեղանուշ Ներսեսյանից վերցրել է 18.000 ԱՄՆ դոլար մինչև 2011 թվականը վերադարձնելու պայմանով և գրավադրել է խնամուն պատկանող` Երևան քաղաքի Յ. Լեփսիուսի փողոցի 37 շենքի թիվ 36 բնակարանը: Մինչև 2016 թվականի դեկտեմբեր ամիսը մաս-մաս վճարել է 16.000 ԱՄՆ դոլար` պարտք մնալով 2000 ԱՄՆ դոլար, սակայն 04.04.2012 թվականին Գեղանուշ Ներսեսյանը, չարաշահելով Քնարիկ Թոփուզյանի վստահությունը, 3.521.880 ՀՀ դրամին համարժեք 9000 ԱՄՆ դոլարի բռնագանձման պահանջով դիմել է դատարան և պահանջը դատարանի կողմից բավարարվել է (հատոր 1-ին գ.թ 72-75):

4. Սույն գործով Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 18.12.2017 թվականի վճռի դեմ ներկայացուցչի միջոցով վերաքննիչ բողոք է ներկայացրել միայն Քնարիկ Թոփուզյանը` պահանջելով «վճիռն ամբողջությամբ բեկանել, այն է` հայցը մերժել կամ ամբողջությամբ բեկանել և գործն ուղարկել ստորադաս դատարան ամբողջ ծավալով նոր քննության» (հատոր 2-րդ գ.թ 9-19):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

 

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության համար, ինչպես նաև նույն օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` Վերաքննիչ դատարանի կողմից իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 2-րդ կետի խախտման արդյունքում առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում կրկին անդրադառնալ նույն անձանց միջև, նույն առարկայի մասին միևնույն հիմքերով դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռի առկայության պայմաններում քաղաքացիական գործի վարույթը կարճելու առանձնահատկություններին` վերահաստատելով և զարգացնելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները:

ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:

ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

Իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` դատարանը կարճում է գործի վարույթը եթե նույն անձանց միջև, նույն առարկայի մասին միևնույն հիմքերով վեճի վերաբերյալ առկա է դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճիռ, բացառությամբ նույն օրենսգրքի 110-րդ հոդվածի 3-րդ կետով նախատեսված դեպքի:

Համանման նորմ է սահմանվել նաև Վերաքննիչ դատարանում սույն գործի քննության ժամանակ գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, որի համաձայն` առաջին ատյանի դատարանը դատավարության ցանկացած փուլում կարճում է գործի վարույթը, եթե նույն անձանց միջև, նույն առարկայի մասին և միևնույն փաստական հիմքերով գործի վերաբերյալ առկա է դատարանի` օրինական ուժի մեջ մտած եզրափակիչ դատական ակտ, բացառությամբ հայցը (դիմումը) առանց քննության թողնելու մասին որոշման:

ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած որոշմամբ անդրադառնալով նույն անձանց միջև, նույն առարկայի մասին միևնույն հիմքերով վեճի վերաբերյալ դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռի առկայության հիմքով գործի վարույթը կարճելու հիմքին, արձանագրել է, որ գործի վարույթը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն, կարող է կարճվել միայն այն դեպքում, երբ նույնն են օրինական ուժի մեջ մտած վճռով լուծված և տվյալ քաղաքացիական գործերի

1. կողմերը, այսինքն` քաղաքացիական վարույթում հակադիր շահերով օժտված անձինք,

2. հայցի առարկան, այսինքն` հայցվորի կողմից պատասխանողին ուղղված նյութաիրավական պահանջը,

3. հայցի հիմքը, այսինքն` այն հանգամանքները, որոնց վրա հիմնվում են հայցապահանջները` բացառությամբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 110-րդ հոդվածի 3-րդ կետով նախատեսված դեպքի:

Հետևաբար վերը նշված պայմաններից որևէ մեկի բացակայության դեպքում քաղաքացիական գործի վարույթը կարճվել չի կարող (տե՛ս, ՀՀ Սյունիքի մարզի Ներքին Հանդ համայնքն ընդդեմ «Գ. Արշակյան» ՍՊԸ-ի թիվ ԵԿԴ/0407/02/11 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 25.12.2012 թվականի որոշումը):

Վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած մեկ այլ որոշմամբ արտահայտել է այն դիրքորոշումը, որ օրենսդրի կողմից նույն անձանց միջև, նույն առարկայի մասին միևնույն հիմքերով վեճի վերաբերյալ արդեն իսկ օրինական ուժի մեջ մտած վճռի առկայության պարագայում դատարան դիմելու իրավունքի սահմանափակումն ինքնանպատակ չէ, այլ նպատակաուղղված է դատավարական իրավունքների չարաշահման կանխարգելմանը, ողջամիտ ժամկետում գործի քննության իրավունքի, իրավական որոշակիության, դատական խնայողության սկզբունքների ապահովմանը: Շահագրգիռ անձը, դատարան դիմելով, իրացնում է դատական պաշտպանության, արդար դատաքննության իր իրավունքը, որը միաժամանակ ՀՀ Սահմանադրությամբ և միջազգային պայմանագրերով երաշխավորված իրավունք է նաև դատավարության մյուս կողմի համար: Հետևաբար չնայած հայցվորի տնօրինչական իրավունքն է հայց հարուցելը, սակայն այս իրավունքն ուղղակիորեն առնչվում է նաև պատասխանողի դատավարական իրավունքների հետ, ուստի օրենսդիրը նախատեսել է որոշակի երաշխիքներ նաև պատասխանողի համար` դատական պաշտպանության իր իրավունքն իրացնելու հարցում: Մասնավորապես` դատական պաշտպանության իրավունքը Վճռաբեկ դատարանի գնահատմամբ ենթադրում է նաև իրավականորեն որոշակի, կանխատեսելի դատական ակտի առկայություն: ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իրավական դիրքորոշումների համատեքստում անդրադարձել է իրավական որոշակիության սկզբունքին և այդ սկզբունքի շրջանակներում` օրինական ուժի մեջ մտած դատական ակտի պարտադիրության հատկանիշին: Մասնավորապես` արձանագրվել է, որ արդար դատաքննության իրավունքը պահպանված է այն դեպքում, երբ անձը հնարավորություն ունի ստանալու որոշակի, հաստատուն որոշում` կապված իր իրավունքների և պարտականությունների հետ, ու կարող է համոզված լինել, որ որոշ ժամանակ անց այդ որոշումը չի վերացվի: Իրավական որոշակիության սկզբունքի բովանդակության մեջ, ի թիվս այլնի, ներառվում է նաև դրույթն այն մասին, որ կողմերից ոչ մեկը չի կարող պահանջել վերջնական, այսինքն` օրինական ուժի մեջ մտած դատական ակտերի վերանայում` միայն կրկնակի քննության իրականացման և նոր ակտի կայացման նպատակով (տե՛ս, օրինակ, Գայանե Վարդանյանն ընդդեմ Վարդան ու Միշա Վարդանյանների և մյուսների թիվ ԱՐԴ/0062/02/09 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 13.02.2009 թվականի որոշումը): Հետևաբար նաև այս սկզբունքի հաշվառմամբ է, որ օրենսդիրն արգելում է նույն հայցով կրկին դատարան դիմելն օրինական ուժի մեջ մտած վճռի առկայության պայմաններում` օրենքով սահմանված որոշակի բացառություններով հանդերձ:

Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ նույն անձանց միջև, նույն առարկայի մասին միևնույն հիմքերով վեճի վերաբերյալ դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռի առկայության հիմքով քաղաքացիական գործի վարույթը կարճելու հարցը լուծելիս դատարանը չպետք է միայն հաշվի առնի հայցվորի և պատասխանողի կողմում հանդես եկող անձանց նույնական լինելու հանգամանքը, այլ գործին մասնակցող անձանց կազմը համընկնելու պարագայում, անկախ դատավարական կարգավիճակից, հաշվի առնելով նյութաիրավական հարաբերության բնույթը, պաշտպանության ենթակա օբյեկտը` պետք է պարզի, թե արդյոք նույնն են նախկինում քննված և տվյալ պահին քննվող գործերով հակադիր շահերով օժտված անձինք (տե՛ս, Արտակ Գալստյանն ընդդեմ Արթուր Անդրեասյանի, Դոնարա Նազարյանի, Ռուբեն Բաբակեխյանի թիվ ԵԱՔԴ/1107/02/16 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 08.01.2019 թվականի որոշումը):

Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում հավելել հետևյալը. Նախկինում քննված քաղաքացիական գործով օրինական ուժի մեջ մտած վճռի առկայության պայմաններում հայցի հիմքի, առարկայի և կողմերի նույնը լինելու հիմքով գործի վարույթը կարճելիս դատարանները պետք է նկատի ունենան, որ նշված երեք պայմաններից որևէ մեկի բացակայությունը բացառում է գործի վարույթը կարճելու իրավաչափ հնարավորությունը:

Այսպես, գործի վարույթը կարճվել չի կարող, եթե

1) նույնն են հայցի հիմքը և առարկան, սակայն տարբեր են կողմերը,

2) նույնն են կողմերը և հայցի հիմքը, սակայն տարբեր է հայցի առարկան (նյութաիրավական պահանջը),

3) նույնն են կողմերը և հայցի առարկան, սակայն տարբեր է հայցի փաստական հիմքը:

Գործի վարույթն իրավաչափ կերպով չի կարող կարճվել նաև այն դեպքերում, երբ նույնն են միայն գործերի 1) միայն կողմերը, 2) միայն հայցի առարկան, 3) միայն հայցի փաստական հիմքը:

 

Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Սույն գործի փաստերի համաձայն` Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 09.11.2012 թվականի թիվ ԵԱՔԴ 0530/02/12 օրինական ուժի մեջ մտած վճռի համաձայն` համապարտության կարգով Փայլուն Եգորյանից, Հակոբ, Արարատ, Մարգարիտ, Արտակ, Տիգրան, Վահագն, Արա, Վարդան Համբարձումյաններից հօգուտ Գեղանուշ Ներսեսյանի բռնագանձվել է 8.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ` որպես պարտքի գումար: Բռնագանձման հիմք է հանդիսացել տվյալ գործով թվով 9 պատասխանողների և հայցվորի միջև 09.03.2010 թվականին կնքված փոխառության պայմանագիրը: Բռնագանձումը տարածվել է գրավի առարկա հանդիսացող` Երևանի Յ. Լեփսիուսի փողոցի 37 շենքի թիվ 36 բնակարանի վրա:

25.09.2013 թվականին տրված «Հայտարարության» համաձայն` «Ես` Քնարիկ Թոփուզյանս /AM 029554/ Գեղանուշ Ներսեսյանին տալիս եմ 1000 ԱՄՆ դոլար, որի համար ստորագրում եմ: Ներքոստորագրյալներս պարտք ենք մնում 4500 ԱՄՆ դոլար, որը պարտավորվում ենք տալ 05.11.2013 թվականին: Նշված գումարը տալուց հետո պարտք ու պահանջ չի ծագի, որովհետև ամբողջ գումարը կլինի վճարված: Հայտարարությունը գրելու ժամանակ ներկա են և ստորագրում են` Քնարիկ Թոփուզյան, Արմինե Թոփուզյան, Տիգրան Համբարձումյան, Հակոբ Համբարձումյան, Մարգարիտա Համբարձումյան, Հակոբ Հակոբյան, Գեղանուշ Ներսեսյան»:

Թիվ 09109913 քրեական գործի վարույթը կարճելու և քրեական հետապնդում չիրականացնելու վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեի Քանաքեռ-Զեյթունի քննչական բաժնի ՀԿԳ ավագ քննիչ Ա.Այվազյանի 16.07.2014 թվականի որոշման համաձայն` քաղաքացիական գործի դատաքննության ժամանակ Գեղանուշ Ներսեսյանի կողմից սուտ ցուցմունք տալու, ինչպես նաև խարդախություն կատարելու համար վերջինիս նկատմամբ քրեական հետապնդում չի իրականացվել հանցակազմի բացակայության հիմքով: Որոշմամբ արձանագրվել է, որ 11.03.2013 թվականին Կարինե Թոփուզյանը ոստիկանության Քանաքեռ-Զեյթուն բաժին հաղորդում է ներկայացրել այն մասին, որ Գեղանուշ Ներսեսյանից վերցրել է 18.000 ԱՄՆ դոլար մինչև 2011 թվականը վերադարձնելու պայմանով և գրավադրել է խնամուն պատկանող` Երևան քաղաքի Յ. Լեփսիուսի փողոցի 37 շենքի թիվ 36 բնակարանը: Մինչև 2016 թվականի դեկտեմբեր ամիսը մաս-մաս վճարել է 16.000 ԱՄՆ դոլար` պարտք մնալով 2000 ԱՄՆ դոլար, սակայն 04.04.2012 թվականին Գեղանուշ Ներսեսյանը, չարաշահելով Քնարիկ Թոփուզյանի վստահությունը, 3.521.880 ՀՀ դրամին համարժեք 9000 ԱՄՆ դոլարի բռնագանձման պահանջով դիմել է դատարան և պահանջը դատարանի կողմից բավարարվել է:

Սույն գործով Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 18.12.2017 թվականի վճռի դեմ ներկայացուցչի միջոցով վերաքննիչ բողոք է ներկայացրել միայն Քնարիկ Թոփուզյանը` պահանջելով «վճիռն ամբողջությամբ բեկանել, այն է` հայցը մերժել կամ ամբողջությամբ բեկանել և գործն ուղարկել ստորադաս դատարան ամբողջ ծավալով նոր քննության»:

Դատարանը հայցի բավարարման հիմքում դրել է այն հանգամանքը, որ Պատասխանողների կողմից 25.09.2013 թվականին տրված «Հայտարարություն» վերտառությամբ փաստաթղթով ստանձնած 4500 ԱՄՆ դոլար մինչև 05.11.2013 թվականը վերադարձնելու պարտավորությունը հայցվորի նկատմամբ չի կատարվել, ինչը հիմք է պարտքի գումարը և կետանցի օրվանից ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված տոկոսները բռնագանձելու համար: Ինչ վերաբերում է գործի վարույթը կարճելու վերաբերյալ Պատասխանողների միջնորդությանը, Դատարանն այն համարել է անհիմն:

Վերաքննիչ դատարանը Դատարանի 18.12.2017 թվականի վճռի բեկանման հիմքում դրել է այն հանգամանքը, որ եթե Դատարանը գործում առկա գրավոր ապացույցները, մասնավորապես` թիվ ԵԱՔԴ/0530/02/12 վճիռը, Քանաքեռ-Զեյթուն քննչական բաժնի ՀԿԳ ավագ քննիչ, ոստիկանության կապիտան Ա.Այվազյանի քրեական գործի վարույթը կարճելու և քրեական հետապնդում չիրականացնելու մասին 16.07.2014 թվականի որոշումը և հայցվորի 18.12.2013 թվականին Երևանի Քանաքեռ-Զեյթուն քննչական բաժնում տրված ցուցմունքը գնահատեր ամբողջությամբ և համակցության մեջ, ապա կհամոզվեր, որ Պատասխանողների կողմից 25.09.2013 թվականին ստորագրված հայտարարությունն առանձին պարտավորություն չէ և այն բխում է 09.03.2010 թվականին կնքված փոխառության պայմանագրից, որի վերաբերյալ առկա է օրինական ուժի մեջ մտած դատական ակտ:

Վերոշարադրյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո գնահատելով Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությունը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը:

Թիվ ԵԱՔԴ/0530/02/12 գործով և սույն գործով հայցվորը հանդիսանում է Գեղանուշ Ներսեսյանը, սակայն վերջինիս պահանջներն ուղղված են տարբեր անձանց դեմ` թիվ ԵԱՔԴ/0530/02/12 գործով պատասխանողներ են հանդիսացել Հակոբ, Արարատ, Մարգարիտա, Արտակ, Տիգրան, Վահագն, Արա, Վարդան, Հերմինե Համբարձումյանները և Փայլուն Եգորյանը, իսկ պահանջը եղել է 09.03.2010 թվականին կնքված փոխառության պայմանագրի հիման վրա 8.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ գումարի բռնագանձումը և բռնագանձումը գրավի առարկա հանդիսացող գույքի վրա տարածելը: Սույն գործով հայցն ուղղված է Քնարիկ, Արմինե Թոփուզյանների, Տիգրան, Հակոբ, Մարգարիտա Համբարձումյանների, Հակոբ Հակոբյանի դեմ` 25.09.2013 թվականին տրված «Հայտարարության» հիման վրա 4.500 ԱՄՆ դոլար և ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված տոկոսների գումարը բռնագանձելու վերաբերյալ, այսինքն` երկու քաղաքացիական գործերով տարբեր են և՛ կողմերը, և՛ հայցի հիմքը, և՛ հայցի առարկան: Սույն գործի փաստերի ուսումնասիրությունը հանգեցնում է այն հետևության, որ նույնն են նախկինում քննված քաղաքացիական գործի և սույն գործի հայցվորը և պատասխանողների միայն մի մասը` Տիգրան, Հակոբ, Մարգարիտա Համբարձումյանները, որպիսի հանգամանքը բավարար հիմք չէր քաղաքացիական գործի վարույթը կարճելու համար, քանի որ սույն գործով որպես պատասխանողներ ներգրավված են նաև այլ անձինք, իսկ հայցի հիմքն ու առարկան բոլորովին տարբեր են նախկինում քննված քաղաքացիական գործի հայցի հիմքից և առարկայից:

Ինչ վերաբերում է Վերաքննիչ դատարանի այն պատճառաբանությանը, որ քաղաքացիական գործի վարույթը ենթակա էր կարճման, քանի որ 25.09.2013 թվականին ստորագրված պարտավորությունը բխում է 09.03.2010 թվականին կնքված փոխառության պայմանագրից, ապա այն ևս Վճռաբեկ դատարանի վերոհիշյալ իրավական դիրքորոշման համատեքստում չէր կարող գործի վարույթը կարճելու հիմք հանդիսանալ:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքերի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 3-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը, սույն գործով ապացույցների գնահատումը կատարելով բացառապես միևնույն գործը Դատարանի կողմից կրկնակի քննվելու տեսանկյունից, չի անդրադարձել ապացույցների սխալ գնահատման վերաբերյալ վերաքննիչ բողոք բերած անձի մյուս փաստարկներին, ինչպես նաև Դատարանի կողմից այլ դատավարական խախտումներ թույլ տալու վերաբերյալ վերաքննիչ բողոքի հիմքերին:

Սույն գործով վերաքննիչ բողոք ներկայացնելու պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 140-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ընդհանուր իրավասության դատարանի` գործն ըստ էության լուծող դատական ակտերն օրինական ուժի մեջ են մտնում հրապարակման պահից մեկ ամիս հետո, բացառությամբ նույն հոդվածի 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված դեպքերի:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 198-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վճիռն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից մեկ ամիս հետո, եթե այլ բան նախատեսված չէ սույն օրենսգրքով:

Վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ արձանագրել է, որ անձի կողմից այլ անձանց շահերի պաշտպանության համար բողոք ներկայացնելը այն պայմաններում, երբ այդ անձինք դատական ակտը չեն բողոքարկել (բացառությամբ օրենքով թույլատրված դեպքերի), կհակասի տնօրինչականության սկզբունքին: Դրան համապատասխան էլ վերաքննիչ դատարանը չի կարող քննել և լուծել ինչպես դատական ակտի` անձի համար բարենպաստ մասի դեմ բերված բողոքը, այնպես էլ անձի կողմից այլ անձանց իրավունքներին ու պարտականություններին առնչվող մասով բերված վերաքննիչ բողոքը: Եթե անձը, ի խախտումն տնօրինչականության սկզբունքի, ներկայացրել է վերաքննիչ բողոք, որով վիճարկում է դատական ակտի ոչ միայն իր, այլև այլ անձանց համար անբարենպաստ մասը, ապա վերաքննիչ դատարանն իրավասու է քննելու և լուծելու միայն բողոք բերած անձի իրավունքներին ու պարտականություններին վերաբերող մասով բերված բողոքը և ըստ այդմ էլ քննության ընթացքում համապատասխան հետևության գալով` իրավասու է բեկանել միայն դատական ակտի` բողոք բերած անձի համար անբարենպաստ մասը (տե՛ս, Արա Բաղդասարյանի ընդդեմ Նարինե Հակոբյանի, Հռիփսիմե, Տաթևիկ և Արմենուհի Թամրազյանների թիվ ԵԷԴ/0985/02/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 07.04.2017 թվականի որոշումը):

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վերաքննիչ բողոք չներկայացրած անձանց մասով Դատարանի վճիռը մտել է օրինական ուժի մեջ և տվյալ դեպքում Վերաքննիչ դատարանն իրավասու է դատական ակտը վերանայելու միայն վերաքննիչ բողոք ներկայացրած անձ Քնարիկ Թոփուզյանի մասով:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտն ամբողջությամբ բեկանելու և գործը Վերաքննիչ դատարան նոր քննության ուղարկելու լիազորությունը:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` գործին մասնակցող անձը, որի դեմ կայացվել է եզրափակիչ դատական ակտ, կրում է Հայաստանի Հանրապետության կողմից վկաներին, փորձագետներին, մասնագետներին և թարգմանիչներին վճարված գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նաև դատարանի և գործին մասնակցող անձանց կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունն այնքանով, որքանով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են «Դատական ծախսերը» վերտառությամբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ գլխի կանոններին համապատասխան:

Պետական տուրքի մասին ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի «թ» կետի համաձայն` դատարաններում պետական տուրքի վճարումից ազատվում են ոչ առևտրային կազմակերպությունները և ֆիզիկական անձինք` գործը կարճելու կամ հայցն առանց քննության թողնելու մասին դատարանի որոշումը բեկանելու, վճիռների կատարումը հետաձգելու կամ տարաժամկետելու, վճիռների կատարման եղանակը և կարգը փոփոխելու, հայցերի ապահովման կամ ապահովման մի տեսակը մեկ այլ տեսակով փոխարինելու վերաբերյալ հայցերով:

Տվյալ դեպքում վճռաբեկ բողոք ներկայացրած անձն ազատված է վճռաբեկ բողոքի համար պետական տուրքի վճարումից, ուստի այդ հարցը պետք է համարել լուծված: Միաժամանակ Գեղանուշ Ներսեսյանի ներկայացուցչի վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման, իսկ գործն ուղարկվելու նոր քննության, որպիսի պարագայում դատական ծախսերի հետագա բաշխման հարցին հնարավոր չէ անդրադառնալ գործի քննության ներկա փուլում, ուստի Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այդ հարցը ենթակա է լուծման գործի նոր քննության ընթացքում:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 401-րդ, 403-րդ, 405-րդ, 406-րդ, 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն` բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 02.08.2018 թվականի որոշումը և գործն ուղարկել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան` նոր քննության:

2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:

3. Վճռաբեկ բողոքի համար սահմանված պետական տուրքի հարցը համարել լուծված:

4. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող Ռ. Հակոբյան

Զեկուցող Տ. Պետրոսյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Ս. Միքայելյան

Է. Սեդրակյան

Ն. Տավարացյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
04.09.2020
N ԵԱՔԴ/3991/02/16
Որոշում