ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ
ԻՐԱԶԵԿՄԱՆ ԹԵՐԹԻԿ
1 փետրվարի 2021 թվականի N 126
ՄԻԿՐՈՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՒԹՅԱՆ ՍՈՒԲՅԵԿՏ ՀԱՄԱՐՎՈՂ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՋ ԿՈՂՄԻՑ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՐԿԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Հարց
i
ՀՀ հարկային օրենսգրքի 13-րդ բաժնով սահմանված` հարկման հատուկ համակարգերում գործունեություն իրականացնող անհատ ձեռնարկատերերը և նոտարները գործունեության այդ տեսակների մասով շահութահարկը վճարում են ամսական հինգ հազար դրամի չափով (անկախ այն հանգամանքից, թե անհատ ձեռնարկատերը կամ նոտարը քանի հարկման հատուկ համակարգում է գործունեություն իրականացնում), որը նրանց համար գործունեության այդ տեսակների մասով համարվում է շահութահարկի գծով վերջնական հարկային պարտավորություն: Համաձայն Օրենսգրքի 269-րդ հոդվածի 1-ին կետի` միկրոձեռնարկատիրության սուբյեկտներն ազատվում են միկրոձեռնարկատիրության մասով առաջացող բոլոր պետական հարկերի հաշվարկման և պետական բյուջե վճարման պարտավորությունից (այդ թվում` որպես հարկային գործակալ` հարկը հաշվարկելու, պահելու և պետական բյուջե փոխանցելու պարտավորությունից, ինչպես նաև Օրենսգրքի 135-րդ հոդվածով սահմանված` շահութահարկի կանխավճարների կատարման պարտավորությունից), բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված դեպքերի:
Տվյալ դեպքում արդյո՞ք առաջանում է պետական հարկերի հաշվարկման և պետական բյուջե վճարման պարտավորություն հարկման հատուկ համակարգում` միկրոձեռնարկատիրության համակարգերի շրջանակներում, գործունեություն իրականացնող Ա/Ձ-ի նկատմամբ:
Պատասխան
ՀՀ հարկային օրենսգրքի`
i
- 125-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` օրենսգրքի 13-րդ բաժնով սահմանված` հարկման հատուկ համակարգերում գործունեություն իրականացնող անհատ ձեռնարկատերերը և նոտարները գործունեության այդ տեսակների մասով շահութահարկը վճարում են ամսական հինգ հազար դրամի չափով (անկախ այն հանգամանքից, թե անհատ ձեռնարկատերը կամ նոտարը քանի հարկման հատուկ համակարգում է գործունեություն իրականացնում), որը նրանց համար գործունեության այդ տեսակների մասով համարվում է շահութահարկի գծով վերջնական հարկային պարտավորություն,
i
- 269-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան` միկրոձեռնարկատիրության սուբյեկտներն ազատվում են միկրոձեռնարկատիրության մասով առաջացող բոլոր պետական հարկերի հաշվարկման և պետական բյուջե վճարման պարտավորությունից (այդ թվում` որպես հարկային գործակալ` հարկը հաշվարկելու, պահելու և պետական բյուջե փոխանցելու պարտավորությունից, ինչպես նաև օրենսգրքի 135-րդ հոդվածով սահմանված` շահութահարկի կանխավճարների կատարման պարտավորությունից), բացառությամբ նույն հոդվածի 2-րդ մասով սահմանված դեպքերի,
i
- 269-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` միկրոձեռնարկատիրության սուբյեկտները չեն ազատվում` Հայաստանի Հանրապետություն ներմուծվող (այդ թվում` ԵՏՄ անդամ պետություններից) ապրանքների մասով օրենսգրքով սահմանված կարգով հարկերի հաշվարկման և պետական բյուջե վճարման պարտավորությունից (1-ին կետ), միկրոձեռնարկատիրության մեջ ներգրավված վարձու աշխատողներին հարկային գործակալի կողմից վճարվող (հաշվարկվող) հարկվող եկամուտներից յուրաքանչյուր վարձու աշխատողի համար ամսական հինգ հազար դրամի չափով եկամտային հարկ հաշվարկելու և վճարելու պարտավորությունից (այդ թվում` ոչ ամբողջական ամսվա համար), որը այդ եկամուտների մասով համարվում է եկամտային հարկի գծով վերջնական հարկային պարտավորություն (2-րդ կետ), օրենսգրքով սահմանված կարգով ակցիզային հարկի, բնապահպանական հարկի և (կամ) ճանապարհային հարկի հաշվարկման և պետական բյուջե վճարման պարտավորությունից (3-րդ կետ):
Հաշվի առնելով վերոգրյալը` հայտնում ենք, որ միկրոձեռնարկատիրության սուբյեկտներն ազատվում են միկրոձեռնարկատիրության մասով առաջացող բոլոր պետական հարկերի հաշվարկման և պետական բյուջե վճարման պարտավորությունից, բացառությամբ օրենսգրքի 269-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված դեպքերից: Ընդ որում, օրենսգրքի 269-րդ հոդվածի 2-րդ մասով շահութահարկի գծով բացառություն սահմանված չէ, հետևաբար` միկրոձեռնարկատիրության սուբյեկտ հանդիսացող անհատ ձեռնարկատերերը ազատվում են նաև օրենսգրքի 125-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված շահութահարկ հաշվարկելու և պետական բյուջե վճարելու պարտավորությունից:
ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ