Սեղմել Esc փակելու համար:
ՎԱՀԱՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` Հ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՎԱՀԱՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱ ...

 

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ

 

Քաղ. Երևան 2 փետրվարի 2021 թ.

 

ՎԱՀԱՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 95-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ` «(...) ԿԱՄ ՀԱՍՑԵԱՏԻՐՈՋ ԾԱՆՈՒՑՄԱՆ (ՀԱՇՎԱՌՄԱՆ) ՀԱՍՑԵՈՒՄ ՆՐԱ ՀԵՏ ՀԱՄԱՏԵՂ ԲՆԱԿՎՈՂ ԿԱՄ ԱՅԴ ՀԱՍՑԵՈՒՄ ԱՇԽԱՏՈՂ ՉԱՓԱՀԱՍ ԱՆՁԻՆ» ԴՐՈՒՅԹԻ` ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Սահմանադրական դատարանը` կազմով. Ա. Դիլանյանի (նախագահող), Վ. Գրիգորյանի, Ա. Թունյանի, Ա. Խաչատրյանի, Ե. Խունդկարյանի, Է. Շաթիրյանի, Ա. Վաղարշյանի,

մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)`

դիմող Վահան Խաչատրյանի ներկայացուցիչ Կ. Թումանյանի,

գործով որպես պատասխանող կողմ ներգրավված` Ազգային ժողովի ներկայացուցիչ` Ազգային ժողովի աշխատակազմի իրավական ապահովման և սպասարկման բաժնի պետ Կ. Մովսիսյանի,

i

համաձայն Սահմանադրության 168-րդ հոդվածի 1-ին կետի, 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի, ինչպես նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 22 և 69-րդ հոդվածների,

i

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «Վահան Խաչատրյանի դիմումի հիման վրա` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 2-րդ մասում ամրագրված` «(...) կամ հասցեատիրոջ ծանուցման (հաշվառման) հասցեում նրա հետ համատեղ բնակվող կամ այդ հասցեում աշխատող չափահաս անձին» դրույթի` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգիրքն (այսուհետ նաև` Օրենսգիրք) Ազգային ժողովի կողմից ընդունվել է 2018 թվականի փետրվարի 9-ին, Հանրապետության նախագահի կողմից ստորագրվել` 2018 թվականի փետրվարի 27-ին և ուժի մեջ է մտել 2018 թվականի ապրիլի 9-ից:

Օրենսգրքի 95-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված է.

«2. Ֆիզիկական անձի դեպքում դատական ծանուցագիրը պետք է հանձնվի անձամբ հասցեատիրոջը կամ հասցեատիրոջ ծանուցման (հաշվառման) հասցեում նրա հետ համատեղ բնակվող կամ այդ հասցեում աշխատող չափահաս անձին, բացառությամբ այն դեպքերի, երբ նշված անձը գործի քննությանը մասնակցում է որպես հակադիր շահեր ունեցող կողմ»:

Ընդունումից ի վեր Օրենսգրքի 95-րդ հոդվածում փոփոխություններ և լրացումներ չեն կատարվել:

Գործի քննության առիթը Վահան Խաչատրյանի (ներկայացուցիչ` Կ. Թումանյան)` 2020 թվականի ապրիլի 27-ին Սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է:

Ուսումնասիրելով դիմումը և կից ներկայացված փաստաթղթերը, կողմերի գրավոր բացատրությունները, գործում առկա մյուս փաստաթղթերը` Սահմանադրական դատարանը պարզեց.

 

1. Դիմողի դիրքորոշումները

Դիմողը գտնում է, որ Օրենսգրքի 95-րդ հոդվածի 2-րդ մասում նշված «(...) կամ հասցեատիրոջ ծանուցման (հաշվառման) հասցեում նրա հետ համատեղ բնակվող կամ այդ հասցեում աշխատող չափահաս անձին» իրավական ձևակերպումը չի համապատասխանում Սահմանադրության 1-ին հոդվածում նշված իրավական պետության սկզբունքին և Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասում նշված` «Յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք» ապահովող սկզբունքին, ինչպես նաև Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասում նշված` «Յուրաքանչյուր ոք ունի (...) քննության իրավունք» սկզբունքին:

Դիմողը մատնանշում է, որ օրենսդիրը չի նախատեսել` ստուգման ենթակա՞ են արդյոք Օրենսգրքում նշված հանգամանքները (համատեղ բնակվելը, տվյալ հասցեում աշխատելը և չափահաս լինելը), ու՞մ կողմից պետք է ստուգվի նշված փաստերի իսկությունը, և հետագայում ո՞վ պետք է կրի այդ փաստերի ճշմարտացիության ապացուցման բեռը:

Դիմողը պնդում է, որ վիճարկվող իրավակարգավորումը, այն է` անձի մասնակցությունն իր վերաբերյալ գործի քննությանն ապահովելու դատավարական նորմը, ձևակերպված չէ այն աստիճանի հստակությամբ, որ դատավարության սուբյեկտների համար այն լինի բավարար կանխատեսելի դատավարական վարքագիծ կազմակերպելու համար, ինչպես նաև այդ նորմի կիրառողը կարողանա հիմնավորել նորմի կիրառման իրավաչափությունը:

Դիմողը գտնում է, որ «արդար դատաքննության իրավունքի» իրացումը կարող է սահմանափակվել բացառապես Սահմանադրությամբ նախատեսված նպատակներին հասնելու ձևով և միջոցներով: Այն չի կարող սահմանափակվել ձևական ընթացակարգերով: Արդար դատաքննության իրավունքը չի կարող սահմանափակվել դատավորների գործի քննությունը դյուրինացնելու համար: Դատավարական ընթացակարգային որևէ առանձնահատկություն չի կարող մեկնաբանվել որպես Սահմանադրությամբ երաշխավորված` դատարանից օգտվելու, նիստին մասնակցելու իրավունքի սահմանափակման հիմնավորում:

Դիմողը պնդում է, որ արդար դատաքննության իրավունքի համատեքստում «իր վերաբերյալ գործի քննությանը մասնակցելու» իրավունքը պետք է լինի իրական և ոչ թե պատրանքային: Իսկ դա ենթադրում է, որ գործի քննությունն իրականացնող դատարանները պետք է միջոցներ ձեռնարկեն դատավարության կողմ հանդիսացող անձին իր վերաբերյալ քննվող գործի մասին տեղեկացնելու: Տեղեկացնող դատարանը պետք է ողջամիտ համոզմունք ունենա, որ իր վարույթում քննվող գործին մասնակցող կողմն ունի տեղեկություն այն մասին, որ իր իրավունքների վերաբերյալ գործ է քննության առնվում:

Ըստ դիմողի` դատական պաշտպանության իրավունքի ապահովումը չպետք է կրի ձևական բնույթ, որպեսզի շահագրգիռ անձը հավասար պայմաններում, արդարության բոլոր պահանջների պահպանմամբ, անկախ և անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում իր գործի հրապարակային քննության իրավունքի իրացման հնարավորություն ունենա:

Ելնելով վերոնշյալից` դիմողը խնդրում է Սահմանադրական դատարանին Օրենսգրքի 95-րդ հոդվածի 2-րդ մասում նշված «(...) կամ հասցեատիրոջ ծանուցման (հաշվառման) հասցեում նրա հետ համատեղ բնակվող կամ այդ հասցեում աշխատող չափահաս անձին» ձևակերպումը ճանաչել Սահմանադրության 1-ին հոդվածին, 61-րդ հոդվածի 1-ին մասին և 63-րդ հոդվածի 1-ին մասին հակասող և անվավեր:

 

2. Պատասխանողի դիրքորոշումները

Ըստ պատասխանողի` Օրենսգրքի 95-րդ հոդվածի 2-րդ մասի բովանդակությունից երևում է, որ դատավարության մասնակցի նշած հասցեով (ծանուցման հասցե) ծանուցելը և ծանուցագիրը նրան անձամբ հանձնելն օրենսդիրը սահմանել է որպես ընդհանուր կանոն: Սակայն ծանուցումներից դիտավորյալ խուսափելը նվազագույնի հասցնելու, ինչպես նաև օբյեկտիվ պատճառներով ծանուցման հասցեատիրոջ` ծանուցման հասցեից ժամանակավոր բացակայելու դեպքում ծանուցումը հնարավոր դարձնելու, արդարադատության իրականացումը պատշաճ կազմակերպելու համար օրենսդիրը սահմանել է հնարավոր այն անձանց շրջանակը, որոնց կարող է հանձնվել ծանուցագիրը: Նրանք են` ծանուցման հասցեում ծանուցվողի հետ համատեղ բնակվող չափահաս անձինք:

Պատասխանողը նշում է, որ օրենսդիրը, առաջնորդվելով դատավարական խնայողության և գործի` ողջամիտ ժամկետում արդյունավետ քննության իրացման, ինչպես նաև քաղաքացիական դատավարության կանխատեսելիության սկզբունքներով, սահմանել է ծանուցման այնպիսի կառուցակարգ, որով բոլոր այն դեպքերում, երբ ինչ-ինչ պատճառներով անհնար է դատավարության մասնակցի նշած հասցեով (ծանուցման հասցե) անձամբ հասցեատիրոջը դատական ծանուցագիր հանձնելը, հնարավոր կդառնա հասցեատիրոջն այլ եղանակով այն «հասցնելը»:

Պատասխանողը գտնում է, որ օրենսդրի կողմից նման կարգավորման նախատեսումն ինքնանպատակ չէ, հետապնդում է դատավարության մասնակիցներին հնարավոր բոլոր միջոցներով իրազեկելու իրավաչափ նպատակ և բխում է ողջամիտ ժամկետում պատշաճ արդարադատության իրականացման, իրավական որոշակիության, քաղաքացիական դատավարության կանխատեսելիության և իրավական օրինականության սկզբունքներից:

Պատասխանողը, հղում կատարելով Վճռաբեկ դատարանի 05.04.2013թ. թիվ ԵԱՆԴ/0326/02/12 գործով որոշման մեջ արտահայտված իրավական դիրքորոշմանը, նշում է, որ ծանուցման անդորրագրի վրա առկա ստորագրությունն այլ անձի կողմից կատարված լինելու դեպքում բողոք ներկայացրած կողմն ինքն է կրում իր վկայակոչած փաստի ապացուցման բեռը: Նման դեպքերում գործում է հասցեատիրոջ կողմից ստորագրված լինելու կանխավարկածը, քանի դեռ հակառակն ապացուցված չէ: Ըստ պատասխանողի` նշված մոտեցումն ընդունելի է և կիրառվում է նաև եվրոպական մի շարք պետություններում:

Ելնելով վերոնշյալից` պատասխանողը գտնում է, որ Օրենսգրքի վիճարկվող դրույթը համապատասխանում է Սահմանադրությանը:

 

3. Գործի շրջանակներում պարզման ենթակա հանգամանքները

Սույն գործով վիճարկվող դրույթի սահմանադրականությունը որոշելիս Սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ, մասնավորապես, հետևյալ հարցադրումներին.

1) արդյոք Օրենսգրքի վիճարկվող դրույթը համապատասխանում է իրավական որոշակիության սկզբունքին այնքանով, որքանով բավարար չափով որոշակի է և հնարավորություն է տալիս իրավունքի սուբյեկտներին ընկալել օրենսդրի պահանջը, կանխատեսել դրա հետևանքները և իրենց վարքագիծը համապատասխանեցնել վիճարկվող դրույթով ամրագրված պահանջին.

2) վիճարկվող դրույթը երաշխավորու՞մ է արդյոք ծանուցման, արդյունքում` դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքների իրականացման արդյունավետ կառուցակարգ:

 

4. Սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշումները

4.1. Օրենսգրքի վիճարկվող դրույթի և դրա հետ համակարգային փոխկապվածության մեջ գտնվող այլ վերաբերելի դրույթների համալիր վերլուծությունից, մասնավորապես, հետևում է, որ`

1) դատավարության մասնակիցները դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցվում են դատական ծանուցագրի միջոցով (եթե Օրենսգրքով ծանուցման այլ կարգ նախատեսված չէ).

2) օրենսդիրը նախատեսել է դատական ծանուցման երեք հիմնական եղանակ` ծանուցագիրը պատվիրված նամակով ուղարկելով` հանձնման մասին ծանուցմամբ, և/կամ այն առձեռն հանձնելով, և/կամ այն էլեկտրոնային հաղորդակցության միջոցով ուղարկելով` Օրենսգրքով սահմանված կարգով, որոնցից յուրաքանչյուրն ունի ինքնավար բովանդակություն, ինչպես նաև ծանուցման այլ եղանակներ.

3) դատական ծանուցման եղանակներից յուրաքանչյուրի վերաբերյալ օրենսդիրը սահմանել է կանոնակարգումներ Օրենսգրքի առանձին հոդվածների շրջանակում.

4) դատական ծանուցագիրը պատվիրված նամակով ուղարկվում է դատավարության մասնակցի նշած հասցեով (ծանուցման հասցե).

5) դատական ծանուցագիրը պատվիրված նամակով ուղարկելու եղանակով պատշաճ ծանուցման պարտադիր նախապայման է այդ առնչությամբ հետադարձ ծանուցումը (ծանուցման մասին անդորրագիրը), որը պետք է տեղեկություններ պարունակի այն անձի վերաբերյալ, որին ծանուցագիրը հանձնվել է.

6) դատական ծանուցագիրը պատվիրված նամակով ուղարկելիս ֆիզիկական անձի դեպքում այն պետք է հանձնվի անձամբ հասցեատիրոջը կամ հասցեատիրոջ ծանուցման (հաշվառման) հասցեում նրա հետ համատեղ բնակվող կամ այդ հասցեում աշխատող չափահաս անձին (բացառությամբ այն դեպքերի, երբ նշված անձը գործի քննությանը մասնակցում է որպես հակադիր շահեր ունեցող կողմ):

4.2. Սույն գործի քննության շրջանակներում համեմատական վերլուծության են ենթարկվել նաև համանման հարաբերություններ կարգավորող այլ իրավական ակտերի, մասնավորապես, Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի, «Սնանկության մասին» օրենքի, «Փաստաթղթերի հատուկ առաքման մասին» օրենքի համապատասխան դրույթները, որի արդյունքներով` ֆիզիկական անձին հասցեագրված դատական ծանուցագրի մասով, Սահմանադրական դատարանն արձանագրում է հետևյալը.

i

1) Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 285-րդ հոդվածի 2-րդ մասում արտացոլված է «պատշաճ ձևով ծանուցել» բառակապակցությունը` առանց դրա բովանդակության բացահայտման և որպես հասցեատեր ընդունելով հարաբերության մասնակցին, այլ ոչ թե նրա հետ համատեղ բնակվող անձին կամ համապատասխան հասցեում աշխատող անձին.

2) «Սնանկության մասին» օրենքում ևս արտացոլված է «պատշաճ ձևով» կամ «պատշաճ ծանուցում» բառակապակցությունը` առանց դրա բովանդակության բացահայտման և որպես հասցեատեր ընդունելով հարաբերության մասնակցին, այլ ոչ թե նրա հետ համատեղ բնակվող անձին կամ համապատասխան հասցեում աշխատող անձին.

3) Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում ծանուցագիր տեղադրելու ինստիտուտ նախատեսված է Օրենսգրքով և Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքով. Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով նման ինստիտուտ նախատեսված չէ, իսկ «Սնանկության մասին» օրենքով թեպետ նախատեսված է, սակայն չի վերաբերում դատական ծանուցագրին.

4) էլեկտրոնային փոստին ծանուցում ուղարկելու ինստիտուտ նախատեսված է Օրենսգրքով և Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքով. Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով նման ինստիտուտ նախատեսված չէ.

5) օրենքի ուժով ծանուցված համարելու ինստիտուտ նախատեսված է Օրենսգրքով և Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքով. Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով նման ինստիտուտ նախատեսված չէ, իսկ «Սնանկության մասին» օրենքով թեպետ նախատեսված է, սակայն չի վերաբերում դատական ծանուցագրին.

i

6) «Փաստաթղթերի հատուկ առաքման մասին» օրենքին հղում է կատարվում միայն Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում: Ընդ որում, հիշյալ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի ուժով ֆիզիկական անձին հասցեագրված առաքվող փաստաթղթերը հանձնվում են անմիջապես նրան կամ նրա լիազորած անձին: Նույն օրենքի 4-րդ հոդվածի 5-րդ մասի ուժով` նախքան փաթեթի հանձնումը փոստատարը հավաստիանում է, որ փաթեթն հանձնվում է «Փաստաթղթերի հատուկ առաքման մասին» օրենքի 3-րդ հոդվածով սահմանված անձին և այդ մասին նշում է կատարում ծանուցագրի վրա` նշելով իրեն ներկայացված` անձը հաստատող փաստաթղթի տվյալները:

i

Վերոգրյալի հիման վրա Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ ֆիզիկական անձին հասցեագրված դատական ծանուցագրի մասով օրենսդրական կարգավորումները հիմնականում հանգում են նրան, որ պատշաճ ծանուցում է համարվում ծանուցագիրն իրավահարաբերության մասնակցին կամ նրա լիազորած անձին առձեռն հանձնելը կամ նրա էլեկտրոնային փոստին համապատասխան տեղեկություն ուղարկելը: Եվ միայն այն դեպքում, երբ ծանուցագիրն իրավահարաբերության մասնակցին կամ նրա լիազորած անձին առձեռն հանձնելը հնարավոր չէ (հասցեատերը հրաժարվել է ստանալ ծանուցագիրը, հասցեն անհայտ է, հասցե նշված չէ, բնակչության պետական ռեգիստրում մշտական բնակության վայրը նշված չէ, պատասխանողը Հայաստանի Հանրապետությունում մշտական բնակության վայր չունի, առկա է հասցեն որոշելու անհնարինություն), կիրառվում է Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում ծանուցագիր տեղադրելու ինստիտուտը (Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 64-րդ հոդվածի 1-ին մասի ուժով ծանուցագիրն ստանալուց հրաժարվելը հավասարեցվում է այն հանձնված լինելուն):

4.3. Վճռաբեկ դատարանը մի շարք գործերով արձանագրել է, որ դատական ծանուցումը ենթադրում է դատավարության մասնակիցներին` դատական նիստի ժամանակի և վայրի մասին իրազեկելու կապակցությամբ ակտիվ գործողություններ, որոնք պետք է իրականացվեն օրենքով նախատեսված միջոցների և եղանակների օգտագործմամբ: Ծանուցումը պետք է լինի այնպիսին, որով հնարավոր է ապացուցել դատավարության մասնակցին դատական նիստի մասին տեղեկացնելու փաստը (Վճռաբեկ դատարանի թիվ 3-21(Ա) քաղաքացիական գործով 01.02.2008թ. որոշումը, թիվ ԵԿԴ/0964/02/10 քաղաքացիական գործով 29.07.2011թ. որոշումը): Դա վերաբերում է նաև դատական ծանուցագիրը պատվիրված նամակով ուղարկելու եղանակով ծանուցմանը: Օրենսդիրը սահմանել է հիշյալ եղանակով ծանուցումը պատշաճ համարելու պարտադիր նախապայման` հետադարձ ծանուցումը (ծանուցման մասին անդորրագիրը): Այդ առնչությամբ, համաձայն Վճռաբեկ դատարանի դիրքորոշման` «ծանուցված չլինելու փաստը մի դեպքում կարող է հաստատվել գործում համապատասխան անդորրագրի բացակայությամբ, իսկ մյուս դեպքում` անդորրագրի վրա առկա ստորագրությունն այլ անձի կողմից կատարված լինելով: Առաջին դեպքում փաստի հաստատման համար չի պահանջվում հատուկ գիտելիքների առկայություն, փաստը` ծանուցված չլինելը, հաստատվում է համապատասխան անդորրագրի բացակայությամբ: Այլ է իրավիճակը երկրորդ դեպքում, քանի որ ստորագրության պատկանելիության փաստը կարող է հաստատվել միայն փորձագիտական եզրակացության առկայությամբ, անկախ անզեն աչքով համեմատվող ստորագրությունների միջև տարբերությունների տեսանելի լինելուց: Ընդ որում, բողոք ներկայացրած կողմն ինքն է կրում իր վկայակոչած փաստի ապացուցման բեռը: (...) նման դեպքերում գործում է ծանուցման անդորրագրերի վրա առկա ստորագրությունները հասցեատիրոջ կողմից ստորագրված լինելու կանխավարկածը, քանի դեռ հակառակն ապացուցված չէ» (Վճռաբեկ դատարանի թիվ ԵԱՆԴ/0326/02/12 քաղաքացիական գործով 05.04.2013թ. որոշումը):

Վերոնշյալի համատեքստում անհրաժեշտ է նկատի ունենալ, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության նախկին օրենսգրքում (ընդունված 17.06.1998թ., ուժը կորցրած` 09.04.2018թ.) առկա չէր դրույթ ֆիզիկական անձի դեպքում դատական ծանուցագիրը վերջինիս հասցեատիրոջ ծանուցման (հաշվառման) հասցեում նրա հետ համատեղ բնակվող կամ այդ հասցեում աշխատող չափահաս անձին հանձնելու վերաբերյալ: Ավելին, հիշյալ Օրենսգրքի 78-րդ հոդվածի 5-րդ մասում

(10.06.2014թ. ՀՕ-49-Ն խմբ.) բովանդակվում էր դրույթ առ այն, որ դատական ծանուցագիրը պետք է հանձնվեր անձամբ հասցեատիրոջը: Ծանուցագիրը համարվում էր անձամբ հանձնված, եթե դրա ստացման մասին անդորրագիրը ստորագրված էր անձամբ հասցեատիրոջ կողմից, կամ հասցեատերը ծանուցումը ստանալու անդորրագրի վրա ստորագրել էր ծանուցագիրը ստանալուց հրաժարվելու մասին:

i

Հարկ է նկատի ունենալ, որ «Փոստային կապի օպերատորի գործունեության կանոնակարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 2012 թվականի փետրվարի 16-ի N 211-Ն որոշման հավելվածի 44-րդ կետի համաձայն` փոստային առաքանիները հանձնվում են դրանց վրա նշված հասցեին համապատասխան (...): Նույն հավելվածի 47-րդ կետի համաձայն` «Ցպահանջ» հասցեագրված հասարակ փոստային առաքանին և գրանցված փոստային առաքանին հանձնվում են ստացողին (օրինական ներկայացուցչին)` միայն անձը հաստատող փաստաթղթի առկայության դեպքում: Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի 2006 թվականի օգոստոսի 30-ի N 224-Ն հրամանի հավելվածի 8-րդ կետով սահմանված է, որ հասցեատերը, ստանալով նամակը, (...) համապատասխան վանդակում ստորագրում է և կատարում հատուկ նշումներ (ամիս, ամսաթիվ և այլն): Նշյալ դրույթներից հետևում է, որ առաքանին/նամակը հանձնվում է ստացողին (օրինական ներկայացուցչին)/հասցեատիրոջը: Նամակ ստանալը հավաստվում է ստորագրությամբ և հատուկ նշումներ կատարելով:

 

4.4. Օրենսգրքի վիճարկվող դրույթի` «հասցեատիրոջ (...) հետ համատեղ բնակվող կամ այդ հասցեում աշխատող չափահաս անձ» ձևակերպման սահմանադրաիրավական բովանդակությունը բացահայտելու հարցի համատեքստում կարևորվում է օրենսդրական նորմերի հստակության և որոշակիության ապահովման հանգամանքը: Այդ առնչությամբ Սահմանադրական դատարանն իր մի շարք որոշումներում անդրադարձել է իրավական որոշակիության սահմանադրական պահանջների բովանդակությանը` արձանագրելով, մասնավորապես, ներքոնշյալը.

ա) իրավական պետության կարևորագույն հատկանիշներից է իրավունքի գերակայությունը, որի ապահովման գլխավոր պահանջներից են իրավական որոշակիության սկզբունքը, իրավահարաբերությունների կարգավորումը բացառապես այնպիսի օրենքներով, որոնք համապատասխանում են որակական որոշակի հատկանիշների` հստակ են, կանխատեսելի, մատչելի (03.05.2016թ. ՍԴՈ-1270),

բ) օրենքը պետք է համապատասխանի նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի մի շարք վճիռներում արտահայտված այն իրավական դիրքորոշմանը, համաձայն որի` որևէ իրավական նորմ չի կարող համարվել «օրենք», եթե այն չի համապատասխանում իրավական որոշակիության (...) սկզբունքին, այսինքն` ձևակերպված չէ բավարար աստիճանի հստակությամբ, որը թույլ տա քաղաքացուն դրա հետ համատեղելու իր վարքագիծը (18.04.2006թ. ՍԴՈ-630),

գ) իրավական պետության սկզբունքը, ի թիվս այլոց, պահանջում է նաև իրավական օրենքի առկայություն: Վերջինս պետք է լինի բավականաչափ մատչելի` իրավունքի սուբյեկտները պետք է համապատասխան հանգամանքներում հնարավորություն ունենան կողմնորոշվելու` թե տվյալ դեպքում ինչ իրավական նորմեր են կիրառվում: Նորմը չի կարող համարվել «օրենք», եթե այն ձևակերպված չէ բավարար ճշգրտությամբ, որը թույլ կտա իրավաբանական և ֆիզիկական անձանց դրան համապատասխանեցնել իրենց վարքագիծը. նրանք պետք է հնարավորություն ունենան կանխատեսել այն հետևանքները, որոնք կարող է առաջացնել տվյալ գործողությունը

(13.05.2008թ. ՍԴՈ-753),

դ) իրավական որոշակիության ապահովման տեսանկյունից օրենսդրության մեջ օգտագործվող հասկացությունները պետք է լինեն հստակ, որոշակի և չհանգեցնեն տարաբնույթ մեկնաբանությունների կամ շփոթության (02.12.2014թ. ՍԴՈ-1176),

ե) իրավական որոշակիությունը նաև իրավական անվտանգության կարևոր բաղադրիչ է, որով, ի թիվս այլնի, ապահովվում է նաև վստահությունը հանրային իշխանության և դրա հաստատությունների նկատմամբ: Իրավական պետությունում բացառապես որոշակի` կանխատեսելի, հստակ և բոլորի համար մատչելի օրենսդրական կարգավորումների միջոցով պետք է երաշխավորվի առկա իրավակարգի հետագա գոյության նկատմամբ վստահության պաշտպանությունը (18.11.2019թ. ՍԴՈ-1488),

զ) իրավունքի գերակայության սկզբունքի որդեգրման շրջանակներում օրենքում ամրագրված իրավակարգավորումները պետք է անձի համար կանխատեսելի դարձնեն իր իրավաչափ ակնկալիքները: Բացի դրանից, իրավական որոշակիության սկզբունքը, լինելով իրավական պետության հիմնարար սկզբունքներից մեկը, ենթադրում է նաև, որ իրավահարաբերությունների բոլոր սուբյեկտների, այդ թվում` իշխանության կրողի գործողությունները պետք է լինեն կանխատեսելի ու իրավաչափ (02.04.2014թ. ՍԴՈ-1142, 09.06.2015թ. ՍԴՈ-1213),

է) իրավական որոշակիության սահմանադրաիրավական սկզբունքի գործողությունը տարածվում է բոլոր օրենքների վրա` անկախ այն հանգամանքից, թե վերջիններս ունեն հիմնական իրավունք սահմանափակող, թե հիմնական իրավունքի իրացումը կարգավորող բնույթ (14.03.2017թ. ՍԴՈ-1357),

ը) նույնիսկ իրավական նորմի առավելագույն հստակությամբ ձևակերպման դեպքում դատական մեկնաբանությունը չի բացառվում: Իրավադրույթների պարզաբանման և փոփոխվող հանգամանքներին` զարգացող հասարակական հարաբերություններին դրանց համապատասխանեցման անհրաժեշտությունը միշտ էլ առկա է: Հետևաբար` օրենսդրական կարգավորման որոշակիությունը և ճշգրտությունը չեն կարող բացարձականացվել` նույնիսկ ոչ բավարար հստակությունը կարող է լրացվել դատարանի մեկնաբանություններով (03.05.2016թ. ՍԴՈ-1270, 18.11.2019թ. ՍԴՈ-1488):

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (այսուհետ` Եվրոպական դատարան) բազմիցս դիրքորոշում է արտահայտել առ այն, որ` «չնայած այն բանին, որ սահմանումների որոշակիությունը խիստ ցանկալի է, միաժամանակ, անհրաժեշտ է խուսափել դրանց չափազանց կոշտ լինելուց. իրավունքը պետք է ունակ լինի հետևել փոփոխվող հանգամանքներին: Այդ իսկ պատճառով հաճախ օրենքներում առկա են եզրույթներ, որոնք քիչ թե շատ անորոշ են: Դրանց մեկնաբանումը և կիրառումը դատական պրակտիկայի խնդիր է» (The Sunday Times v. the United Kingdom, application no. 6538/74, 26/04/79, § 49; Busuioc v. Moldova, application no. 61513/00, 21/12/2004):

Սույն գործով վիճարկվող դրույթի` իրավական որոշակիության սկզբունքին համապատասխանության հարցի առնչությամբ, Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ օրենսդիրը չի մանրամասնել, թե ինչ պետք է հասկանալ համատեղ բնակության ներքո` վերջինս որոշելու հիմքում դրվող հայտանիշի/չափանիշի առումով` որոշակի ժամանակահատվա՞ծը, համապատասխան սուբյեկտների շրջանա՞կը, համատեղ տնտեսություն վարե՞լը, տվյալ հասցեում հաշվառված լինե՞լը և այլն: Այդ առումով, համատեղ բնակությունը որոշելու հիմքում դրվող հայտանիշը սահմանված է, օրինակ, «Հանրային ծառայության մասին» օրենքով` կապված հայտարարագրման պարտականության հետ (հոդված 34, մաս 10): Ըստ այդմ, «Սույն օրենքի իմաստով` համատեղ բնակվող է համարվում պաշտոնն ստանձնելու կամ դադարեցնելու օրվան նախորդող կամ հայտարարագրման տարվա ընթացքում 183 և ավելի օր հայտարարատուի հետ բնակվող անձը»: Այսինքն` տվյալ դեպքում շեշտադրումը կատարված է որոշակի ժամանակահատվածի վրա:

«(...) այդ հասցեում աշխատող չափահաս անձ» ձևակերպման առնչությամբ, անձի չափահաս լինելը հնարավոր է պարզել` նկատի ունենալով գործող իրավակարգավորումներին համապատասխան` անձը հաստատող փաստաթղթի առկայության պարտադիրության և ըստ այդմ` վերաբերելի տվյալի` ստուգելի լինելու հանգամանքը: Սակայն պարզ չէ` կոնկրետ իրավիճակում ինչպես պետք է պարզվի անձի` տվյալ հասցեում աշխատող լինելու/աշխատելու հանգամանքը:

Ելնելով վերոնշյալից` Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ Օրենսգրքի վիճարկվող դրույթի` «հասցեատիրոջ (...) հետ համատեղ բնակվող կամ այդ հասցեում աշխատող (...) անձ» ձևակերպումը բավարար չափով որոշակի չէ և հնարավորություն չի ընձեռում իրավունքի սուբյեկտներին ընկալել օրենսդրի պահանջը, կանխատեսել դրա հետևանքները և իրենց վարքագիծը համապատասխանեցնել վիճարկվող դրույթով ամրագրված պահանջին: Հետևաբար` Օրենսգրքի վիճարկվող դրույթի հիշյալ ձևակերպումը համահունչ չէ իրավական որոշակիության սկզբունքին:

i

4.5. Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:

i

Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

i

Սահմանադրության 75-րդ հոդվածի համաձայն` հիմնական իրավունքները և ազատությունները կարգավորելիս օրենքները սահմանում են այդ իրավունքների և ազատությունների արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ կազմակերպական կառուցակարգեր և ընթացակարգեր:

i

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքները և պարտականությունները (...), ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:

Համաձայն Եվրոպական դատարանի դիրքորոշման` դատավարությունում կողմերի իրավահավասարության սկզբունքը` կողմերի միջև «արդարացի հավասարակշռության» իմաստով, Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով երաշխավորված արդար դատաքննության հիմնական տարրերից մեկն է և պահանջում է, որպեսզի յուրաքանչյուր կողմին տրամադրվի ողջամիտ հնարավորություն` ներկայացնելու իր գործն այնպիսի պայմաններում, այդ թվում` ներկայացնելու ապացույցներ, որոնք նրան իր հակառակորդի նկատմամբ չեն դնի էականորեն նվազ բարենպաստ վիճակում (Case of Ankerl v. Switzerland, app. no. 17748/91, Jսdgmeոt 23 October 1996, p. 38):

Եվրոպական դատարանը գործերից մեկով արձանագրել է. «(...) անհրաժեշտ է հավասարակշռություն գտնել շահագրգիռ տարբեր շահերի միջև: Դատավարությունն անորոշ ժամկետով երկարաձգելը դատավարությանը ներգրավված անձանցից մեկի հասցեն գտնելու նպատակով կարող է անհամատեղելի լինել իրավական օրինականության և արդարադատության պատշաճ իրականացման սկզբունքների հետ: Հետևաբար` դատարան դիմելու իրավունքը պայմանավորվող կողմերին չի արգելում իրենց օրենսդրությամբ նախատեսելու նման իրավիճակներում կիրառվող ընթացակարգեր` երաշխավորելով այդ շահերի պատշաճ պաշտպանվածությունը» (Case of Nunes Dias v. Portugal, application no. 69829/01; 2672/03, 10/04/2003): Այդ առնչությամբ, Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ դատաքննության մասնակիցներից յուրաքանչյուրն ինքը պետք է շահագրգռված լինի իր իրավունքների պաշտպանությամբ և ողջամիտ ժամկետում գործի քննությունն ավարտվելու հարցում և չպետք է կատարի այնպիսի գործողություններ, որոնք կխոչընդոտեն գործի քննության բնականոն ընթացքը և կձգձգեն դատավարությունը: Հակառակ պարագայում կստացվի, որ կողմերից մեկը, ունենալով անսահմանափակ իրավունքներ, պաշտպանության գործող կառուցակարգը կօգտագործի ի վնաս մյուս կողմի` խախտելով վերջինիս իրավունքները և օրինական շահերը, ինչը կհակասի արդարադատության բուն էությանն ու դատավարության նպատակին, քանի որ դատավարությունը կոչված է վերականգնելու և պաշտպանելու մարդու իրավունքները և օրինական շահերը («ՀՀ Սյունիքի մարզի Ագարակի քաղաքապետարանն ընդդեմ Ստյոպա Հովհաննիսյանի» թիվ ՍԴ2/0196/02/13 քաղաքացիական գործով Վճռաբեկ դատարանի 30.04.2015թ. որոշումը):

Եվրոպական դատարանն իր նախադեպային իրավունքում արտահայտել է դիրքորոշում առ այն, որ Պայմանավորվող պետությունները ոչ միայն պետք է ամրագրեն իրավունքների դատական պաշտպանության իրավունքը, այլև կոնկրետ գործով պետք է ապահովեն անձի կողմից այդ իրավունքի իրականացման իրական հնարավորությունը (Case of Colozza v. Italy, app. no. 9024/80, Judgment 12 February 1985, p. 28): Համաձայն Եվրոպական դատարանի դիրքորոշման` իրավական պաշտպանության միջոցը պետք է լինի արդյունավետ ոչ միայն օրենսդրական մակարդակում, այլև պրակտիկայում: Ավելին, արդյունավետ միջոցը պետք է օժտված լինի մարդու իրավունքի ենթադրյալ խախտումը կամ դրա շարունակումը կանխելու կամ իրավունքի խախտման համար պատշաճ փոխհատուցում ապահովելու հատկանիշով (Case Kudla v. Poland, app. no. 30210/96, Jսdgmeոt 26 October 2000, §§ 157-158):

Սահմանադրական դատարանն իր` 2015 թվականի հունվարի 27-ի ՍԴՈ-1189 որոշման մեջ հարկ է համարել ընդգծել. «(...) շահագրգիռ սուբյեկտների կողմից (...) պատշաճ ծանուցված լինելը` վերջիններիս իրավունքների պաշտպանության coոditio siոe qսa non (պայման, առանց որի հնարավոր չէ) կարևոր պայման է, առանց որի հնարավոր չէ երաշխավորել նրանց իրավունքների արդյունավետ պաշտպանությունը: Ուստիև ծանուցման ինստիտուտի իրավական կանոնակարգումները պետք է կրեն ոչ թե ձևական բնույթ, այլ պետք է ուղղված լինեն (...) սուբյեկտի (...)` Սահմանադրությամբ և օրենքներով երաշխավորված իրավունքների պաշտպանությանը: Նշված նպատակն իրագործելու համար օրենսդիրը պետք է նախատեսի (...) արդյունավետ ծանուցման (...) ընթացակարգ, որը գործնականում կբացառի (...) շահագրգիռ անձանց օբյեկտիվորեն ոչ իրազեկված լինելու իրավիճակները»:

Վերահաստատելով և զարգացնելով իր վերոնշյալ իրավական դիրքորոշումը` սույն գործի շրջանակներում Սահմանադրական դատարանը գտնում է, որ դատական նիստի վայրի և ժամանակի մասին դատավարության մասնակցին ծանուցելը պետք է նպատակ հետապնդի ապահովելու նրան լսելու հնարավորությունը, ինչը հնարավորություն կտա վերջինիս լիարժեք իրացնել իր իրավունքները, իրականացնել դրանց պաշտպանությունը: Հետևաբար` ծանուցման ձևը պետք է լինի այնպիսին, որ անձին հնարավորություն ընձեռվի ապահովել վերոհիշյալ պահանջները: Դատական գործընթացում անձն իր իրավունքների իրացումը և պաշտպանությունն ամբողջ ծավալով կարող է կազմակերպել այն դեպքում, երբ նրան ընձեռված է դատական նիստին ներկա գտնվելու հնարավորություն (գործի բանավոր քննության դեպքում), քանի որ այդպիսի հնարավորությունն է կողմերի դատական պաշտպանության իրավունքի, իրավահավասարության և մրցակցության սկզբունքների ապահովման կարևոր պայմանը:

Վերոգրյալի հիման վրա Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ այլ անձի` ծանուցագրի հասցեատիրոջ հետ տվյալ հասցեում համատեղ բնակվելու կամ տվյալ հասցեում աշխատելու հանգամանքը փոստային ծառայության աշխատակցի կողմից ստուգելու օրենսդրական կառուցակարգը բացակայում է:

Թեպետ օրենսդիրը վիճարկվող դրույթով հետապնդում է դատավարության մասնակիցներին դատարանի կողմից հնարավոր բոլոր միջոցներով իրազեկելու իրավաչափ նպատակ, ինչը բխում է դատավարական խնայողության, դատավարության կանխատեսելիության, օրինականության, գործի ողջամիտ ժամկետում քննության սկզբունքներից, սակայն նման իրավակարգավորումը չի երաշխավորում ծանուցման, արդյունքում` դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքների իրականացման արդյունավետ կառուցակարգ:

Եվ դա այն դեպքում, երբ Օրենսգրքի 95-րդ հոդվածի մյուս դրույթներով նախատեսված են ծանուցման այլ եղանակներ կամ օրենքի ուժով ծանուցված համարելու ինստիտուտ: Մասնավորապես, Օրենսգրքի 95-րդ հոդվածի 5-րդ և 6-րդ մասերի համաձայն.

«5. Եթե դատավարության մասնակիցը հրաժարվել է ստանալ ծանուցագիրը, կամ նրա հայտնած հասցեով ուղարկված ծանուցագիրը վերադարձվել է դատարան, կամ ուղարկելու օրվանից երկշաբաթյա ժամկետում դատարանը չի ստացել հետադարձ ծանուցումը (ծանուցման մասին անդորրագիրը), կամ դատավարության մասնակցի հասցեն անհայտ է, ապա դատարանը դատական ծանուցագիրը ուղարկում է`

1) ֆիզիկական անձի դեպքում` այդ անձի հաշվառման, աշխատանքի վայրի հայտնի հասցեով և անձի վերջին հայտնի բնակության վայրի համապատասխան համայնքի կամ վարչական շրջանի ղեկավարին, իսկ գործի նյութերում ֆիզիկական անձի այլ հասցեների, այդ թվում` էլեկտրոնային փոստի վերաբերյալ տվյալների առկայության դեպքում` նաև այդ հասցեներով.

2) իրավաբանական անձի դեպքում` այդ անձի մշտապես գործող մարմնի գտնվելու վայրի հասցեով, իսկ գործի նյութերում իրավաբանական անձի այլ հասցեների, այդ թվում` էլեկտրոնային փոստի վերաբերյալ տվյալների առկայության դեպքում` նաև այդ հասցեներով:

6. Սույն հոդվածի 5-րդ մասով սահմանված գործողությունները կատարելու հետ միաժամանակ դատական ծանուցագիրը տեղադրվում է Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում: Սույն մասով նախատեսված գործողությունները կատարելուց հետո 15-րդ օրն անձը համարվում է ծանուցված»:

Այդ կապակցությամբ հարկ է վկայակոչել «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի (թեև Օրենսգրքի և նշված օրենքի կարգավորման առարկաները տարբեր են. Օրենսգրքի դեպքում խոսքը մասնավոր իրավահարաբերություններից ածանցվող վեճերի քննության և լուծման դատավարական կարգի մասին է, իսկ հիշյալ օրենքի դեպքում` ընդհանուր վարչական, այսինքն` սոսկ հանրային իրավահարաբերությունների մասին) 59-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ պարբերությունների դրույթները, որոնց համաձայն.

«Գրավոր վարչական ակտը, ընդունումից հետո` եռօրյա ժամկետում, պետք է հանձնվի վարույթի մասնակիցներին: Դա կարող է իրականացվել պատվիրված փոստով, այդ թվում` ստանալու մասին ծանուցմամբ, հասցեատիրոջը ստորագրությամբ առձեռն հանձնելու, ինչպես նաև հանձնման այնպիսի եղանակներով, որոնք թույլ են տալիս հաստատել հասցեատիրոջ կողմից ակտը ստանալու կամ օրենքով սահմանված դեպքերում պատշաճ ծանուցված լինելու փաստը:

Որպես կանոն, գրավոր վարչական ակտի հանձնումը պետք է կատարվի ակտը վարույթի մասնակիցներին ստորագրությամբ առձեռն հանձնելու միջոցով:

Սույն մասով նախատեսված հանձնման մյուս միջոցները կիրառվում են այն դեպքում, երբ որևէ հիմնավոր պատճառով ստորագրությամբ առձեռն հանձնելու հնարավորություն չկա, այդ թվում, եթե հասցեատերն ինքը խնդրել է օգտագործել հանձնման այլ միջոցներ»:

Հաշվի առնելով վերոնշյալը` Սահմանադրական դատարանը գտնում է, որ Օրենսգրքի վիճարկվող դրույթի` «հասցեատիրոջ (...) հետ համատեղ բնակվող կամ այդ հասցեում աշխատող (...) անձ» ձևակերպումը բավարար չափով որոշակի չէ և հնարավորություն չի ընձեռում իրավունքի սուբյեկտներին ընկալել օրենսդրի պահանջը: Բացի դրանից, այլ անձի` ծանուցագրի հասցեատիրոջ հետ տվյալ հասցեում համատեղ բնակվելու կամ տվյալ հասցեում աշխատելու հանգամանքը փոստային ծառայության աշխատակցի կողմից ստուգելու օրենսդրական կառուցակարգը բացակայում է: Նշված հանգամանքներով պայմանավորված Օրենսգրքի վիճարկվող դրույթի վերոնշյալ ձևակերպումը սահմանադրականության առումով խնդրահարույց է:

i

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Սահմանադրության 168-րդ հոդվածի 1-ին կետով, 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով, 170-րդ հոդվածով, ինչպես նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 63, 64 և 69-րդ հոդվածներով` Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 2-րդ մասում ամրագրված` «(...) կամ հասցեատիրոջ ծանուցման (հաշվառման) հասցեում նրա հետ համատեղ բնակվող կամ այդ հասցեում աշխատող չափահաս անձին» դրույթը, ճանաչել Սահմանադրության 61 և 63-րդ հոդվածների 1-ին մասերին, 75-րդ հոդվածին հակասող:

2. «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 10-րդ մասի համաձայն` դիմողի նկատմամբ կայացված վերջնական դատական ակտը նոր հանգամանքի ի հայտ գալու հիմքով ենթակա է վերանայման օրենքով սահմանված կարգով:

3. Հիմք ընդունելով Սահմանադրության 170-րդ հոդվածի 3-րդ մասը, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 68-րդ հոդվածի 9-րդ մասի 4-րդ կետը և 19-րդ մասը, ինչպես նաև հաշվի առնելով այն հանգամանքը, որ Սահմանադրական դատարանի որոշման հրապարակման պահին վիճարկվող դրույթը Սահմանադրությանը հակասող և անվավեր ճանաչելն անխուսափելիորեն կառաջացնի այնպիսի ծանր հետևանքներ հանրության համար, որոնք կխաթարեն այդ պահին տվյալ նորմատիվ իրավական ակտի դրույթի վերացմամբ հաստատվելիք իրավական անվտանգությունը, սույն որոշմամբ Սահմանադրությանը հակասող ճանաչված դրույթի ուժը կորցնելու վերջնաժամկետ սահմանել 2021 թվականի հունիսի 1-ը` հնարավորություն տալով Ազգային ժողովին Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի իրավակարգավորումները համապատասխանեցնելու սույն որոշման պահանջներին:

i

4. Սահմանադրության 170-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

    Նախագահող                              Ա. ԴԻԼԱՆՅԱՆ

 

2 փետրվարի 2021 թվականի

ՍԴՈ-1574

 

Հրապարակվել է պաշտոնական կայքէջում (concourt.am)` 5 փետրվարի 2021 թվական:

 

 

pin
ՀՀ Սահմանադրական դատարան
02.02.2021
N ՍԴՈ-1574
Որոշում