Սեղմել Esc փակելու համար:
ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՋ ՀԱՄԱՐ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՋ ՀԱՄԱՐ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՎՃԱՐԻ, ՇԱՀՈՒԹ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ
ԻՐԱԶԵԿՄԱՆ ԹԵՐԹԻԿ

 

19 փետրվարի 2021 թվականի N 151

 

ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՋ ՀԱՄԱՐ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՎՃԱՐԻ, ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ, ԴՐՈՇՄԱՆԻՇԱՅԻՆ ՎՃԱՐԻ ԳԾՈՎ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՌԱՋԱՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Անհատ ձեռնարկատիրոջ 2020թ.-ի իրացման շրջանառությունը եղել է զրո: 2020 թ.-ի տարեսկզբին վճարել է դրոշմանիշային վճարը, իսկ դեկտեմբերին ներկայացրել է հայտարարություն հարկ վճարողի գործունեության անորոշ ժամկետով դադարեցման վերաբերյալ: Տվյալ դեպքում հարկ վճարողի մոտ կառաջանա՞ շահութահարկի և սոցիալական վճարի վճարման պարտավորություն 2020 թվականի համար:

 

Պատասխան

ՀՀ հարկային օրենսգրքի`

i

- 125-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` օրենսգրքի 13-րդ բաժնով սահմանված` հարկման հատուկ համակարգերում գործունեություն իրականացնող անհատ ձեռնարկատերերը և նոտարները գործունեության այդ տեսակների մասով շահութահարկը վճարում են ամսական հինգ հազար դրամի չափով (անկախ այն հանգամանքից, թե անհատ ձեռնարկատերը կամ նոտարը քանի հարկման հատուկ համակարգում է գործունեություն իրականացնում), որը նրանց համար գործունեության այդ տեսակների մասով համարվում է շահութահարկի գծով վերջնական հարկային պարտավորություն:

i

Նույն մասի կիրառության իմաստով` նույն մասի 1-ին կետի համաձայն` այն հարկ վճարողը, որը հարկային մարմին է ներկայացրել հարկային մարմնի հաստատած ձևով հայտարարություն.

1) որևէ օրվանից սկսած` անորոշ ժամկետով գործունեությունը դադարեցնելու մասին, ապա հայտարարության մեջ նշված` գործունեությունը դադարեցնելու օրվանից (բայց ոչ շուտ, քան գործունեությունը դադարեցնելու մասին հայտարարություն ներկայացնելու օրը) մինչև գործունեությունը վերսկսելու մասին հարկային մարմնի հաստատած ձևով ներկայացվող հայտարարության մեջ նշված` գործունեությունը վերսկսելու օրը (բայց ոչ շուտ, քան գործունեությունը վերսկսելու մասին հայտարարություն ներկայացնելու օրը) ընկած ժամանակահատվածում ներառվող ամբողջական ամիսների համար նույն մասով սահմանված չափով շահութահարկ չի հաշվարկում և չի վճարում,

2) որևէ օրվանից սկսած` որոշակի ժամկետով գործունեությունը դադարեցնելու մասին, ապա հայտարարության մեջ նշված` գործունեությունը դադարեցնելու օրվանից (բայց ոչ շուտ, քան գործունեությունը դադարեցնելու մասին հայտարարություն ներկայացնելու օրը) մինչև հայտարարության մեջ նշված` գործունեությունը վերսկսելու օրն ընկած ժամանակահատվածում ներառվող ամբողջական ամիսների համար նույն մասով սահմանված չափով շահութահարկ չի հաշվարկում և չի վճարում,

i

- 134-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան` ռեզիդենտ շահութահարկ վճարողները, ՀՀ-ում հաշվառված, կանոնները գրանցած պայմանագրային ներդրումային ֆոնդերը (բացառությամբ կենսաթոշակային ֆոնդերի և երաշխիքային ֆոնդերի), ինչպես նաև մշտական հաստատության միջոցով ՀՀ-ում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողները մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող հարկային տարվա ապրիլի 20-ը ներառյալ օրենսգրքի 53-րդ հոդվածով սահմանված կարգով հարկային մարմին են ներկայացնում շահութահարկի հաշվարկ,

i

- 136-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` հարկման հատուկ համակարգերում գործունեություն իրականացնող անհատ ձեռնարկատերերը և նոտարները գործունեության այդ տեսակների մասով յուրաքանչյուր ամսվա համար օրենսգրքի 125-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված շահութահարկը վճարում են մինչև տվյալ հարկային տարվան հաջորդող հարկային տարվա ապրիլի 20-ը ներառյալ:

«Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի`

i

- 6-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերին համապատասխան` ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված` շրջանառության հարկի համակարգում հարկվող գործունեության տեսակների մասով անհատ ձեռնարկատերերը սոցիալական վճարը կատարում են ամսական 5000 դրամի չափով,

i

- 7-րդ հոդվածի 4-րդ մասին համապատասխան` նոտարները և անհատ ձեռնարկատերերն ստացման ենթակա եկամուտներից ինքնուրույն հաշվարկում և փոխանցում են սոցիալական վճարները տարեկան կտրվածքով` ՀՀ հարկային օրենսգրքով շահութահարկի վճարման համար սահմանված ժամկետներում:

i

Նույն հոդվածի 5-րդ մասին համապատասխան` նոտարները, անհատ ձեռնարկատերերը և ինքնազբաղված անձինք ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված ժամկետում էլեկտրոնային եղանակով հարկային մարմին են ներկայացնում տարեկան անձնավորված հաշվարկ:

«Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» ՀՀ օրենքի (մինչև 31.12.2020թ. գործող խմբագրությամբ)`

i

- 9-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետին համապատասխան` անհատ ձեռնարկատերերի համար դրոշմանիշային վճարի հաշվետու ժամանակաշրջան է համարվում օրացուցային տարին,

i

- 11-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետին համապատասխան` տվյալ հաշվետու ժամանակաշրջանի համար դրոշմանիշային վճար չեն վճարում նույն հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում նշված անձինք, եթե բացակայում են նույն օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված հանգամանքները,

i

- 12-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան` յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանի համար անհատ ձեռնարկատերերը դրոշմանիշային վճարը վճարում են 12000 դրամ գումարի չափով,

i

- 15-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան` շրջանառության հարկի համակարգում գործող անհատ ձեռնարկատերերը դրոշմանիշային վճարը կատարելու համար հիմք են ընդունում շահութահարկի հաշվարկում գործունեության այդ տեսակների մասով շահութահարկ հաշվարկված լինելու հանգամանքը:

Հաշվի առնելով վերոգրյալը, հայտնում ենք, որ շրջանառության հարկի հարկման համակարգում գործունեություն իրականացնող անհատ ձեռնարկատերը ամսական 5000-ական դրամի չափով շահութահարկ և սոցիալական վճար չի վճարում` հարկային մարմին գործունեությունը դադարեցնելու վերաբերյալ հայտարարություն ներկայացնելու դեպքում` գործունեությունը դադարեցնելու օրվանից (բայց ոչ շուտ, քան գործունեությունը դադարեցնելու մասին հայտարարություն ներկայացնելու օրը) մինչև գործունեությունը վերսկսելու օրն ընկած ժամանակահատվածում ներառվող ամբողջական ամիսների համար: Տվյալ դեպքում, հիմք ընդունելով հարկային մարմնի տեղեկատվական համակարգում առկա տեղեկատվությունը, համաձայն որի` Ձեր կողմից հարկային մարմին գործունեությունն անորոշ ժամկետով դադարեցնելու վերաբերյալ հայտարարությունը ներկայացվել է 18.12.2020թ., հայտնում ենք, որ 2020թ. հաշվետու տարվա բոլոր ամիսների համար անհատ ձեռնարկատիրոջ համար առաջանում է շահութահարկի և սոցիալական վճարի պարտավորություն` ամսական 5000-ական դրամի չափով, ինչպես նաև դրոշմանիշային վճարի պարտավորություն` տարեկան 12000 դրամի չափով, որոնք ենթակա են վճարման պետական բյուջե` մինչև հաշվետու տարվան հաջորդող տարվա ապրիլի 20-ը ներառյալ:

Միաժամանակ, տեղեկացնում ենք, որ վերոնշյալ կարգավորումներին համապատասխան` անհատ ձեռնարկատերը մինչև հաշվետու տարվան հաջորդող տարվա ապրիլի 20-ը ներառյալ պետք է հարկային մարմին ներկայացնի շահութահարկի և սոցիալական վճարի հաշվարկներ (հաշվարկի ձևերը հաստատված են ՀՀ, ՊԵԿ նախագահի 12.12.2018թ. N 749-Ն հրամանի N 1 և N 3 հավելվածներով):

 

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ

 

 

pin
Պետական եկամուտների կոմիտե
19.02.2021
N 151
Իրազեկման թերթիկ