ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ
ԻՐԱԶԵԿՄԱՆ ԹԵՐԹԻԿ
20 փետրվարի 2021 թվականի N 154
ՀԱՄԱԽԱՌՆ ԵԿԱՄՏԻՑ ԿԱՏԱՐՎՈՂ ՆՎԱԶԵՑՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Հարց
Կազմակերպությունը զբաղվում է սանտեխնիկայի մանրամեծածախ վաճառքով: Չինաստանից ՀՀ տարածք է ներմուծվել ապրանքներ և մաքսազերծվել ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով: Գույքագրում անելիս պարզվել է, որ ներմուծված ապրանքներից որոշակի քանակ չունի բավարար որակական հատկանիշներ այն վաճառելու համար, խնդիրը ներկայացվել է մատակարարող կազմակերպությանը, ով պատրաստակամություն է հայտնել հատուցել խոտան ապրանքի արժեքը գումարած մաքսազերծման ծախսերը և դրան զուգահեռ փաստաթուղթ է ուղարկել նշելով այդ ապրանքի չափաքանակը և հատուցման գումարը: Տվյալ դեպքում կարո՞ղ է նշված խոտան ապրանքը դուրս գրելուց հետո ծախս ճանաչվել և նվազեցվել համախառն եկամտից: Խոտան ապրանքի փոխհատուցումը հանդիսանու՞մ է եկամուտ և հարկվու՞մ է շահութահարկով, թե ոչ:
Պատասխան
ՀՀ հարկային օրենսգրքի`
i
- 104-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետին համապատասխան` ռեզիդենտ կազմակերպությունների համար շահութահարկով հարկման օբյեկտ է համարվում ՀՀ աղբյուրներից և (կամ) ՀՀ-ից դուրս գտնվող աղբյուրներից ստացվող կամ ստացման ենթակա համախառն եկամուտը,
i
- 105-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետին համապատասխան` ռեզիդենտ շահութահարկ վճարողների համար շահութահարկով հարկման բազա է համարվում հարկվող շահույթը, որը որոշվում է որպես օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված համախառն եկամտի և օրենսգրքի 110-րդ հոդվածով սահմանված նվազեցումների դրական տարբերություն,
i
- 109-րդ հոդվածի 4-րդ մասի 8-րդ կետին համապատասխան` շահութահարկով հարկման բազայի որոշման նպատակով շահութահարկ վճարողների համար եկամուտ են համարվում նաև պատճառված վնասի (կրած կորստի) հատուցումից ստացվող այլ եկամուտները,
i
- 110-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան` ռեզիդենտ շահութահարկ վճարողների հարկման բազան որոշելիս օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված համախառն եկամտից նվազեցվում են ձեռնարկատիրական ծախսերը, կորուստները և այլ նվազեցումները` օրենսգրքի 6-րդ բաժնով սահմանված կարգով և չափով:
Օրենսգրքի 122-րդ հոդվածի`
i
- 6-րդ մասին համապատասխան` գույքի` փաստաթղթերով հիմնավորված այլ կորուստը համախառն եկամտից նվազեցվում է այդ կորստի չափով` նույն հոդվածի 7-րդ մասով սահմանված կարգով: Նույն մասի կիրառության իմաստով` գույքի` փաստաթղթերով հիմնավորված այլ կորուստը սույն հոդվածի 2-5-րդ մասերում չնշված` գույքի փաստացի այլ կորուստն է,
i
- 7-րդ մասին համապատասխան` նույն հոդվածի 5-րդ մասում նշված` գույքի` փաստաթղթերով հիմնավորված տեխնոլոգիական կորստի որևէ նորմա սահմանված չլինելու կամ որևէ նորմա գերազանցվելու դեպքում, ինչպես նաև նույն հոդվածի 6-րդ մասում նշված` գույքի` փաստաթղթերով հիմնավորված այլ կորուստների առկայության դեպքում համապատասխան կորուստները համախառն եկամտից նվազեցվում են, մասնավորապես` վնաս պատճառողի կողմից կորուստն ամբողջությամբ կամ մաս-մաս կամովին հատուցելու դեպքում` կորստի ամբողջական կամ մաս-մաս հատուցման հարկային տարում (նույն մասի «ա»),
i
- 8-րդ մասին համապատասխան` նույն հոդվածի 3-6-րդ մասերով սահմանված` կորուստների փաստաթղթավորման կարգը սահմանում է Կառավարությունը:
i
«Հարկման բազայի որոշման նպատակով համախառն եկամտից նվազեցվող գույքի որակական, պատահական, տեխնոլոգիական և այլ կորուստների փաստաթղթավորման» կարգը սահմանված է ՀՀ Կառավարության 05.10.2017թ. N 1261-Ն որոշմամբ:
Հաշվի առնելով վերոգրյալը` հայտնում ենք, որ գրությամբ նկարագրված դեպքում կազմակերպության կրած կորուստները` որպես գույքի այլ կորուստներ, ՀՀ Կառավարության N 1261-Ն որոշմամբ սահմանված կարգով փաստաթղթավորված լինելու դեպքում ենթակա են նվազեցման համախառն եկամտից վնաս պատճառողի կողմից կորուստն ամբողջությամբ կամ մաս-մաս հատուցելու դեպքում` կորստի ամբողջական կամ մաս-մաս հատուցման հարկային տարում, այսինքն` փաստացի ստացված հատուցմանը համամասնորեն: Միաժամանակ, վնասի հատուցումը ներառվում է համախառն եկամտի մեջ և ենթակա է շահութահարկով հարկման:
ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ