Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` Հ ...

 

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ

 

Քաղ. Երևան 9 մարտի 2021 թ.

 

ՀՀ ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 185-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 5-ՐԴ ՄԱՍԻ ԱՌԱՋԻՆ ՆԱԽԱԴԱՍՈՒԹՅԱՆ` ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Սահմանադրական դատարանը` կազմով. Ա. Դիլանյանի (նախագահող), Վ. Գրիգորյանի, Ա. Թունյանի, Ա. Խաչատրյանի, Ե. Խունդկարյանի, Է. Շաթիրյանի, Ա. Վաղարշյանի,

մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)`

դիմող` ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի,

գործով որպես պատասխանող կողմ ներգրավված Ազգային ժողովի ներկայացուցիչ` Ազգային ժողովի աշխատակազմի իրավական ապահովման և սպասարկման բաժնի պետ Կ. Մովսիսյանի,

i

համաձայն Սահմանադրության 168-րդ հոդվածի 1-ին կետի, 169-րդ հոդվածի 4-րդ մասի, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 22, 40 և 71-րդ հոդվածների,

i

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դիմումի հիման վրա` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 185-րդ հոդվածի 5-րդ մասի առաջին նախադասության` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը (այսուհետ` Օրենսգիրք) ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունվել է 1998 թվականի հուլիսի 1-ին, Հանրապետության նախագահի կողմից ստորագրվել` 1998 թվականի սեպտեմբերի 1-ին և ուժի մեջ է մտել 1999 թվականի հունվարի 12-ից:

Օրենսգրքի «Քրեական գործի հարուցումը մերժելը» վերտառությամբ 185-րդ հոդվածի 5-րդ մասը սահմանում է.

«5. Քրեական գործ հարուցելը մերժելու վերաբերյալ բողոքի հիման վրա դատարանը վերացնում է բողոքարկվող որոշումը կամ հաստատում այն: Բողոքարկվող որոշման վերացումը պարտադիր է դարձնում դատախազի կողմից գործի հարուցումը»:

Օրենսգրքի 185-րդ հոդվածի 5-րդ մասը փոփոխվել է 25.05.06 ՀՕ-91-Ն օրենքով` 5-րդ մասի առաջին նախադասությունից հանելով «վերաքննիչ» բառը:

Գործի քննության շրջանակը ներառում է Օրենսգրքի 185-րդ հոդվածի 5-րդ մասի առաջին նախադասությամբ ամրագրված` «Քրեական գործ հարուցելը մերժելու վերաբերյալ բողոքի հիման վրա դատարանը վերացնում է բողոքարկվող որոշումը կամ հաստատում այն» դրույթը:

Գործի քննության առիթը Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ` դիմող)` թիվ ՍԴ/0029/11/19 գործով 2020 թվականի հունվարի 20-ին կայացրած «ՀՀ սահմանադրական դատարան դիմելու և գործի վարույթը կասեցնելու մասին որոշման հիման վրա» 2020 թվականի հունվարի 22-ին Սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է:

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը Սահմանադրական դատարան ներկայացրած դիմումով վիճարկել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 185-րդ հոդվածի 5-րդ մասի սահմանադրականությունն ամբողջությամբ: Սահմանադրական դատարանը 2021 թվականի մարտի 9-ի ՍԴԱՈ-43 աշխատակարգային որոշմամբ սույն գործի վարույթը` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 185-րդ հոդվածի 5-րդ մասի երկրորդ նախադասության մասով, կարճել է:

Ուսումնասիրելով դիմումը, պատասխանողի գրավոր բացատրությունը, գործում առկա մյուս փաստաթղթերը և վերլուծելով վիճարկվող իրավադրույթն ու դրա հետ փոխկապակցված օրենսդրական այլ նորմեր` Սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Սույն գործով դատավարական նախապատմությունը հանգում է հետևյալին:

Վ. Ալեքսանյանը 26.06.2019թ. ՀՀ գլխավոր դատախազին հասցեագրված դիմումով հաղորդում է տվել հանցագործության մասին, որի քննարկման արդյունքում 06.07.2019թ. ՀՀ ոստիկանության Կապանի բաժանմունքի տեսուչը որոշում է կայացրել քրեական գործի հարուցումը մերժելու մասին` հանցագործության դեպքի բացակայության պատճառաբանությամբ: Այնուհետև` Վ. Ալեքսանյանը 18.07.2019 թ. բողոք է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին, որով խնդրել է վերացնել ՀՀ ոստիկանության Կապանի բաժանմունքի տեսուչի` քրեական գործի հարուցումը մերժելու մասին 06.07.2019 թ. որոշումը:

22.07.2019թ. ՀՀ Սյունիքի մարզի դատախազի պաշտոնակատարը որոշում է կայացրել քրեական գործ հարուցելու մասին որոշման օրինականությունը հաստատելու և դիմողի բողոքը մերժելու մասին:

29.08.2019թ. Վ. Ալեքսանյանը վերոնշյալ որոշումների դեմ բողոք է ներկայացրել ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան, որի քննության արդյունքում 10.09.2019թ. դատարանը որոշում է կայացրել բողոքը բավարարելու մասին և վերացրել է ՀՀ ոստիկանության Կապանի բաժանմունքի տեսուչի` քրեական գործի հարուցումը մերժելու մասին 06.07.2019թ. որոշումը: Նշված որոշման դեմ 18.09.2019թ. ՀՀ Սյունիքի մարզի դատախազի տեղակալը վերաքննիչ բողոք է ներկայացրել: Վերաքննիչ բողոքի վերաբերյալ գործը ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը ստացել է 25.09.2019թ.:

 

2. Դիմողի դիրքորոշումները

Վերաքննիչ դատարանի գնահատմամբ` քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշման դեմ բողոքի քննության արդյունքում այդ որոշումը վերացնելու կամ հաստատելու մասին Օրենսգրքի 185-րդ հոդվածի 5-րդ մասում սահմանված` դատարանի լիազորությունը և, որպես պարտադիր հետևանք, դատախազի կողմից քրեական գործ հարուցելու պարտականությունը, հակասում են Սահմանադրության 61, 63 և 176-րդ հոդվածներին, քանի որ մի դեպքում` դատարանի սահմանադրական կարգավիճակից և գործառույթներից չի բխում մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության շրջանակներում հետաքննության մարմնի, քննիչի կամ դատախազի (եթե դատախազն է կայացրել նման որոշում) որոշումը վերացնելու կամ հաստատելու օրենսդրական լիազորությունը, իսկ մյուս կողմից` դատարանի որոշման պարտադիր հետևանքը` դատախազի կողմից քրեական գործ հարուցելու պարտականությունը, չի բխում թե՛ դատախազի սահմանադրական կարգավիճակից բխող լիազորություններից և գործառույթներից, թե՛ դատախազական հսկողության և դատական վերահսկողության հարաբերությունից, թե՛ անձի իրավունքների և օրինական շահերի պաշտպանության սահմանադրական կառուցակարգերից:

Վերաքննիչ դատարանի գնահատմամբ` օրենսդիրն Օրենսգրքի 185-րդ հոդվածի 5-րդ մասում կատարել է «ՀՀ Սահմանադրության 61-րդ և 63-րդ հոդվածներում ամրագրված թեզիսի (անձի իրավունքների պաշտպանության) նենգափոխում (քրեական հետապնդման մարմինների կայացրած որոշման օրինականության և հիմնավորվածության ստուգման), որի արդյունքում դատական պաշտպանությունը փաստացի վերածել է դատախազական հսկողության, քանի որ, ի հակադրություն ՀՀ Սահմանադրության 61-րդ և 63-րդ հոդվածներում ամրագրված գաղափարախոսության, դատարանի ստուգման առարկան է դարձել ոչ թե անձի իրավունքների և ազատությունների խախտված լինելը կամ չլինելը հաստատելը և անձի խախտված իրավունքներն ու ազատությունները վերականգնելը, այլ հետաքննության մարմնի կամ քննիչի կայացրած որոշման օրինականությունը և հիմնավորվածությունը ստուգելը և որպես հետևանք` այն հաստատելը կամ վերացնելը: Մինչդեռ, ... հետաքննության մարմնի, քննիչի որոշումները վերացնելը դատախազական հսկողության էությունն է»:

Դիմողը նաև նշում է, որ քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշումն այն եզակի որոշումն է, որը դատարանը դատական վերահսկողության շրջանակներում վերացնում է, իսկ մնացած այլ որոշումների բողոքարկման դեպքում դատարանը պարզապես արձանագրում է անձի իրավունքի խախտումը և սահմանում իրավասու մարմինների կամ պաշտոնատար անձանց պարտականությունը` վերացնելու այդ խախտումները: Հենց այս համատեքստում էլ առաջանում է Օրենսգրքի 185-րդ հոդվածի 5-րդ մասի սահմանադրականության խնդիրը, քանի որ դատարանը մինչդատական վարույթում վերահսկողության անվան տակ փաստացի հսկողություն է իրականացնում:

 

3. Պատասխանողի դիրքորոշումը

Պատասխանողը, վկայակոչելով Վճռաբեկ դատարանի մի շարք իրավական դիրքորոշումներ, նկատում է, որ մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության նպատակն անձի իրավունքների և ազատությունների անօրինական և չհիմնավորված սահմանափակումների կանխումը և խախտված իրավունքների ու ազատությունների վերականգնումն է: Եթե հարուցված վարույթի շրջանակներում դատարանն անձի խախտված իրավունքների և ազատությունների վերականգնումն ապահովում է թույլ տրված խախտումը վերացնելու և անձի խախտված իրավունքներն ու ազատությունները վերականգնելու վերաբերյալ իրավասու մարմնի պարտականությունը սահմանելով, ապա այլ է իրավիճակը քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշման առկայության պայմաններում: Անձի խախտված իրավունքների և ազատությունների վերականգնումը գերակշռող դեպքերում հնարավոր է միայն հարուցված վարույթի շրջանակներում, որպիսի հանգամանքը հաշվի առնելով` օրենսդրի կողմից ամրագրվել է Օրենսգրքի 185-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված կարգավորումը:

Ըստ պատասխանողի` վերը նշվածը պայմանավորված է նրանով, որ քրեական գործի հարուցմամբ իրավասու մարմինն իրավունք է ստանում ձեռնարկել օրենքով նախատեսված բոլոր միջոցառումներն ամբողջ ծավալով անձի խախտված իրավունքների և ազատությունների վերականգնման ուղղությամբ: Եթե մինչդատական վարույթի ընթացքում դատարանը պարզապես արձանագրում է վերջիններիս խախտման փաստը և պարտավորեցնում իրավասու մարմնին (պաշտոնատար անձին) վերացնել թույլ տրված խախտումը, ապա քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշման դեմ բողոքը քննության առնելիս միայն խախտումն արձանագրելը ոչ միշտ է, որ կարող է բավարար լինել անձի իրավունքների և ազատությունների խախտումը վերացնելու համար: Հետևաբար, դատարանի վերահսկողական գործունեության հիմնական նպատակը` իրավապաշտպան գործառույթի իրականացումը, կկրի ձևական բնույթ:

Պատասխանողը շեշտում է, որ դատական վերահսկողության առարկան քրեական գործ հարուցելու առիթի օրինականության, ինչպես նաև հիմքերի բավարարության պարզումն է, ուստի դրանից բացի դատարաններն այլ հարցեր չեն քննարկում: Քրեադատավարական օրենսդրության պահանջների, ինչպես նաև անձի իրավունքների և օրինական շահերի խախտման փաստ հայտնաբերելիս դատարանն իրավասու չէ վերացնել բողոքարկվող որոշումն այն դեպքում, երբ քրեական վարույթը բացառող հանգամանքն անվիճելի է, քանի որ այդպիսի հանգամանքի առկայության դեպքում քրեական գործ չի կարող հարուցվել: Միևնույն ժամանակ դատարանը պարտավոր է արձանագրել քրեադատավարական օրենսդրության պահանջների, անձի իրավունքների և օրինական շահերի խախտման փաստերը:

 

4. Գործի շրջանակներում պարզման ենթակա հանգամանքները

Հաշվի առնելով դիմումում բարձրացված հարցերը` Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն գործով պարզման ենթակա է այն հարցը, թե Սահմանադրության 61 և 63-րդ հոդվածներով երաշխավորված իրավունքների լույսի ներքո իրավաչափ է արդյո՞ք դատարանի կողմից քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշման վերացման մասով հատուկ իրավակարգավորում սահմանելը:

 

5. Սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշումները

5.1. Սահմանադրական դատարանի գնահատմամբ` իրավական պետության գաղափարից բխում է այն մոտեցումը, որ որևէ իրավական ակտ, այդ թվում` նորմատիվ (բացառությամբ Սահմանադրության) չի կարող դուրս մնալ դատական վերահսկողությունից, որի նպատակն անձի խախտված իրավունքների պաշտպանությունն է, ներառյալ` արդյունավետ դատական պաշտպանությունը, որն ապահովվում է անկախ և անաչառ դատարանի կողմից գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննությամբ:

Ընդ որում, քրեական դատավարության բնագավառում Սահմանադրությամբ երաշխավորված «արդյունավետ դատական պաշտպանության իրավունքի» հասցեատեր են ոչ միայն գործով մեղադրվող անձինք (կասկածյալ, մեղադրյալ, ամբաստանյալ), այլ նաև ենթադրյալ հանցավոր արարքից տուժածները, որոնք հետագայում ձեռք են բերում տուժողի կարգավիճակ: Հետևաբար, քրեական վարույթի օրենսդրական կարգավորումը նպատակ է հետապնդում, բացի պաշտպանության կողմում հանդես եկող անձանցից, ապահովել նաև մեղադրանքի կողմում հանդես եկող անձանց, իսկ մինչև քրեական հետապնդում հարուցելը` ենթադրյալ հանցավոր արարքից տուժածների իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունը: Այդ հավասարակշռված մոտեցումն է ընկած քննարկվող հոդվածի կարգավորման հիմքում, այն առումով, որ քրեական գործ հարուցելը մերժելու վերաբերյալ բողոքի հիման վրա դատարանն իրավասու է ոչ միայն վերացնել, այլ նաև հաստատել բողոքարկվող որոշումը:

Վերը նշված տրամաբանության համատեքստում Սահմանադրության 176-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերը սահմանում են, որ դատախազությունը, ի թիվս այլնի, օրենքով սահմանված դեպքերում և կարգով հարուցում է քրեական հետապնդում, հսկողություն է իրականացնում մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ:

i

Ի իրացումն սահմանադրական վերոնշյալ նորմերի` Օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը սահմանում է, որ դատախազը մինչդատական վարույթի ընթացքում, ի թիվս այլնի, լիազորված է վերացնել հետաքննության մարմնի և քննիչի որոշումը քրեական գործի հարուցումը մերժելու մասին և հարուցել քրեական գործ:

Վերը նշված նորմից բխում է, որ քննիչի որոշումը վերացնելը և քրեական գործ հարուցելը միաժամանակյա պայմաններ են: Այսինքն` օրենսդիրը ելել է այն տրամաբանությունից, որ քրեական գործի հարուցումը մերժելու մասին քննիչի որոշումը դատախազի կողմից վերացնելը բավարար չէ հանցագործությունների կանխման և բացահայտման բնագավառներում պետության գործառույթների լիարժեք իրականացման համար, քանի որ քննչի դիտարկող որոշման վերացումը դեռևս չի հանգեցնում քրեական գործի հարուցման:

Ինքնանպատակ չէ նաև այն հանգամանքը, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը հետաքննության և նախաքննության օրինականության նկատմամբ դատախազական հսկողության վերաբերյալ դրույթներից զատ ամրագրում է նաև հետաքննության և նախաքննության մարմինների գործունեության նկատմամբ դատական վերահսկողության վերաբերյալ դրույթներ: Տվյալ դեպքում օրենսդիրը քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշման առնչությամբ դատախազական հսկողության վերաբերյալ դրույթների տրամաբանությամբ նախատեսել է նաև դրույթներ դատախազական հսկողության գործառույթի օրինականության նկատմամբ դատական վերահսկողության վերաբերյալ: Այսինքն, եթե դատախազը քննիչի որոշումը վերացնելու հետ միաժամանակ հարուցում է քրեական գործ, ապա նույն տրամաբանությամբ դիտարկվող դեպքում դատարանը վերացնում է քննիչի որոշումը չվերացնելու կապակցությամբ դատախազի կայացրած որոշումը, որին հետևում է քրեական գործ հարուցելու մասին որոշում ընդունելու` դատախազի պարտականությունը: Այսինքն` դատական վերահսկողության դեպքում ևս օրենսդիրը ելել է այն տրամաբանությունից, որ դատական վերահսկողության շրջանակներում միայն դատախազի որոշման վերացումը կարող է բավարար չլինել հանցագործությունների կանխման և բացահայտման բնագավառներում պետության գործառույթների լիարժեք իրականացման համար:

Սահմանադրական դատարանը գտնում է, որ մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության ինստիտուտը կոչված է ոչ միայն դատարանների կողմից խախտման արձանագրմանը, այլ նաև անհրաժեշտ միջոցների ձեռնարկմանը` այդ խախտումները վերացնելու համար, քանզի այն անձի սահմանադրական իրավունքների և ազատությունների պաշտպանության կարևորագույն երաշխիքներից է և կոչված է ապահովելու դատական պաշտպանության համընդհանուր իրավունքի արդյունավետ իրացումը քրեական դատավարության սկզբնական փուլում: Դատարանի խնդիրն է ոչ միայն իրավունքի խախտման արձանագրումը, այլև դրա վերացումը, որը բխում է դատական իշխանության սահմանադրաիրավական առաքելությունից և դրան համապատասխան` Օրենսգրքով նախատեսված` դատարանի լիազորություններից:

Քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշման դեմ բողոքի քննության արդյունքում այդ որոշումը վերացնելու լիազորությունը չի կարող դիտվել որպես դատարանին դատախազական հսկողության լիազորության վերագրում: Ընդ որում, դատական վերահսկողության առարկան չի սահմանափակվում միայն օրինախախտման արձանագրմամբ և չպետք է դիտվի որպես դատարանի կողմից դատախազական հսկողության լիազորության կատարում, քանզի հետաքննության մարմնի, քննիչի, օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմնի, ինչպես նաև դատախազի որոշումների վերացումը դատախազական հսկողության բացառիկ լիազորություն չէ:

Հիմք ընդունելով վերոգրյալը` Սահմանադրական դատարանը հիմնավոր չի համարում դիմողի դիրքորոշումները, որ դատախազի կողմից կայացվող մյուս որոշումների դեպքում դատարանը ոչ թե վերացնում է այդ որոշումները, այլ սահմանում է իրավունքների խախտումը վերացնելու` նախաքննության մարմնի պարտականությունը, կամ որ տվյալ դեպքում դատական վերահսկողությունը վերածվում է դատախազական հսկողության, կամ որ դատարանի սահմանադրական կարգավիճակից և գործառույթներից չի բխում մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության շրջանակներում հետաքննության մարմնի, քննիչի կամ դատախազի (եթե դատախազն է կայացրել նման որոշում) որոշումը վերացնելու կամ հաստատելու օրենսդրական լիազորությունը:

Սահմանադրական դատարանը գտնում է, որ քննարկվող դեպքում դատական վերահսկողության շրջանակներում որոշման վերացումը բխում է դատական վերահսկողության էությունից և անձի իրավունքների և օրինական շահերի պաշտպանության սահմանադրական կառուցակարգերից. լայն առումով առկա չէ որևէ տարբերություն` դատարանը որոշում է կայացնում անձի իրավունքների և ազատությունների խախտումը վերացնելու` վարույթն իրականացնող մարմնի պարտականության մասին (Օրենսգրքի 290-րդ հոդվածի 5-րդ մաս), թե՞ որոշում է կայացնում անձի իրավունքների և ազատությունների խախտող որոշումը վերացնելու մասին:

5.2. Սահմանադրական դատարանը, անդրադառնալով Սահմանադրության 61 և 63-րդ հոդվածներով երաշխավորված իրավունքների իրացմանը, նշել է, որ դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքները սահմանադրական այն հիմնարար իրավունքներից են, որոնց իրացմամբ երաշխավորվում են սահմանադրական մի շարք այլ իրավունքների հարգումն ու պաշտպանությունը, ուստի «... Անձի դատական պաշտպանության սահմանադրական իրավունքից ածանցվում է պետության պոզիտիվ պարտականությունը` ապահովել այն թե՛ նորմաստեղծ, թե՛ իրավակիրառման գործունեություն իրականացնելիս: Դա ենթադրում է, մի դեպքում, օրենսդրի պարտականությունը` լիարժեք դատական պաշտպանության հնարավորություն և մեխանիզմներ ամրագրել օրենքներում, մյուս կողմից, իրավակիրառողի պարտականությունը` առանց բացառությունների քննարկման ընդունել անձանց` օրինական կարգով իրենց ուղղված դիմումները, որոնցով նրանք հայցում են իրավական պաշտպանություն իրենց իրավունքների ենթադրյալ խախտումներից» (ՍԴՈ-1249):

Մեկ այլ որոշմամբ Սահմանադրական դատարանը նշել է, որ ինչպես դատական պաշտպանության, այնպես էլ մյուս հիմնարար իրավունքների պատշաճ իրացման նկատառումներից ելնելով, Սահմանադրությամբ նախատեսվել է նաև հիմնական իրավունքների և ազատությունների իրականացման կազմակերպական կառուցակարգերի և ընթացակարգերի ամրագրման պահանջ նախատեսող դրույթ, համաձայն որի` հիմնական իրավունքները և ազատությունները կարգավորելիս օրենքները սահմանում են այդ իրավունքների և ազատությունների արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ կազմակերպական կառուցակարգեր և ընթացակարգեր: Հիմնական իրավունքի կենսագործումն առավել իրական և արդյունավետ է դառնում բոլոր այն դեպքերում, երբ օրենսդրությամբ առկա են այդ իրավունքի իրացման համապատասխան կառուցակարգեր և ընթացակարգեր, դրանք հստակ են և որոշակի (ՍԴՈ-1439):

Սահմանադրական դատարանն իր` 2009 թվականի դեկտեմբերի 7-ի ՍԴՈ-844 որոշմամբ անդրադառնալով մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողությանը և դատախազական հսկողությանը` արձանագրել է հետևյալը. «Այսպիսով, քրեական գործերով մինչդատական վարույթի նկատմամբ դատախազական հսկողության և դատական վերահսկողության հետ կապված իրավահարաբերությունները կարգավորող, այդ թվում` սույն գործով վիճարկվող, իրավանորմերի համալիր վերլուծությունը միանշանակ վկայում է այդ գործառույթների ընդհանուր նպատակի (որպես իրավապահ գործունեություն), սակայն տարբեր առանձնահատկությունների մասին, հետևաբար, պատասխանող կողմի փաստարկն այն մասին, թե «...և դատախազական հսկողությունը, և դատական հսկողությունը միմյանց լրացնող ինստիտուտներ են», չի բխում սույն գործով վեճի առարկայից և այդ գործառույթների սահմանադրաիրավական բովանդակությունից: Սահմանադրական դատարանը գտնում է, որ քրեական գործերով մինչդատական վարույթի շրջանակներում քրեական վարույթ իրականացնող մարմինների ու պաշտոնատար անձանց որոշումների, գործողությունների ու անգործության դատական բողոքարկման ինստիտուտի կիրառման պրակտիկայում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի` այդ բնագավառը կարգավորող նորմերի դրույթները պետք է ընկալվեն նաև որպես համակարգային ամբողջություն, որը պայմանավորված է մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության սահմանադրաիրավական բովանդակությամբ և երաշխիք է ՀՀ Սահմանադրության 18 հոդվածով(1) նախատեսված անձանց իրավունքների արդյունավետ իրացումն ապահովելու համար»:

_____________________

1) Խոսքը 2005թ. փոփոխություններով Սահմանադրության 18-րդ հոդվածում ամրագրված դատական և այլ մարմինների առջև արդյունավետ պաշտպանության միջոցների իրավունքի մասին է:

 

Իր հերթին, Վճռաբեկ դատարանը 10.04.2009թ. որոշմամբ մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության միջոցով իրացվող դատական պաշտպանության իրավունքի նշանակության և արժեքի վերաբերյալ արտահայտել է հետևյալ դիրքորոշումը. «Սահմանադրությամբ ամրագրված մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության արդյունավետ միջոցների շարքում առաջնային տեղ է գրավում դատական պաշտպանության իրավունքը, իսկ քրեական գործի մինչդատական վարույթի ընթացքում դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման երաշխիքներից է դատական վերահսկողությունը մինչդատական վարույթի նկատմամբ:

Մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության խնդիրներն են`

- դատավարության մասնակիցների և այլ անձանց իրավունքների և ազատությունների, օրինական շահերի պահպանության ապահովումը,

- դատավարության մասնակիցների և այլ անձանց խախտված իրավունքների և ազատությունների վերականգնումը մինչդատական վարույթում:

Մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողությունը դատավարական օրենքով նախատեսված միջոցների համակարգ է, որն ուղղված է դատական իշխանության սահմանադրական գործառույթների իրականացմանը գործի մինչդատական վարույթում` նպատակ ունենալով թույլ չտալ անձի իրավունքների և ազատությունների անօրեն և չհիմնավորված սահմանափակումներ, ինչպես նաև վերականգնել խախտված իրավունքներն ու ազատությունները»:

5.3. Սահմանադրական դատարանը հարկ է համարում ընդգծել, որ միջազգային իրավական փաստաթղթերը ևս ելնում են վերոնշյալ դիրքորոշումից: Այսպես, Եվրոպական դատավորների խորհրդատվական խորհուրդը և Եվրոպական դատախազների խորհրդատվական խորհուրդը Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեին ներկայացրած «Ժողովրդավարական հասարակությունում դատավորների և դատախազների փոխհարաբերության մասին» միասնական կարծիքում (ներառում է Բորդոյի հռչակագիրը և Բացատրական պարզաբանումները (2)), հայտարարում են, որ`

_____________________

2) Council of Europe 2009 English edition: Opinion No 12 (2009) of the Consultative Council of European Judges (CCJE) and Opinion No 4 (2009) of the Consultative Council of European Prosecutors (CCPE)// httpsrm.coe.intno12-in-armenian-12-2009-16808e64ee

 

«1. Հասարակության շահերից է բխում, որ իրավունքի գերակայությունը երաշխավորվի արդարադատության արդար, անաչառ և արդյունավետ իրագործմամբ: Դատախազները և դատավորները պետք է ապահովեն, որ վարույթի բոլոր փուլերում երաշխավորվեն անձնական իրավունքներն ու ազատությունները և պաշտպանվի հանրային կարգը: Սա ներառում է պաշտպանության կողմի և տուժողների իրավունքների լիարժեք պահպանումը:

Քրեական հետապնդում իրականացնելուց հրաժարվելու մասին դատախազի որոշումը պետք է ենթակա լինի դատական վերանայման: Տուժողը պետք է ունենա անմիջականորեն դատարան դիմելու հնարավորություն»:

2. Արդարադատության արդար իրականացման համար անհրաժեշտ է, որ մեղադրանքի և պաշտպանության կողմերը լինեն իրավահավասար:

(...)

9. ... Քրեական հետապնդում իրականացնելու կամ չիրականացնելու մասին հանրային դատախազի որոշման օրենքով սահմանված կարգով ցանկացած վերանայում պետք է կատարվի` պահպանելով անաչառությունը և օբյեկտիվությունը: Ցանկացած դեպքում պատշաճ կերպով պետք է հաշվի առնվեն տուժողի շահերը»:

Նույն փաստաթղթի Պարզաբանումների 32-րդ կետում ասվում է, որ «Քրեական հետապնդում իրականացնելու կամ չիրականացնելու մասին ցանկացած որոշում պետք է իրավաբանորեն հիմնավորվի: Դատախազի այդպիսի որոշման` օրենքով սահմանված կարգով կատարված ցանկացած վերանայում պետք է իրականացվի անաչառ և օբյեկտիվ կերպով, անկախ այն հանգամանքից, թե դա իրականացվում է հենց դատախազության կողմից, թե անկախ դատական մարմնի կողմից: Տուժողի շահերը, ինչպես նաև ցանկացած այլ անձի օրինական շահերը պետք է մշտապես պատշաճ կերպով հաշվի առնվեն»:

Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի «Տուժողի վիճակը քրեական իրավունքի և դատավարության ոլորտում» Rec (85) 11 հանձնարարականը, որ ընդունվել է 1985 թվականի հունիսի 28-ին, հստակ ընդգծում է այն հանգամանքը, որ «Տուժողը պետք է ունենա իրավունք իրավասու մարմնից հայցելու վերանայել քրեական գործի հարուցումից հրաժարվելու որոշումը կամ հարուցել մասնավոր քննություն»(3):

_____________________

3) http://www.legislationline.org/ru/documents/action/popup/id/14469

 

5.4. Ինչ վերաբերում է քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշման մասով հատուկ իրավակարգավորում սահմանված լինելու իրավաչափությանը, Սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում վկայակոչել Վճռաբեկ դատարանի 13.07.2011թ. ԵԿԴ/0004/11/11 որոշմամբ արտահայտած դիրքորոշումը.

i

«17... ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 278-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` «Դատարանը, սույն օրենսգրքով սահմանված դեպքերում և կարգով, քննում է հետաքննության մարմինների, քննիչի, դատախազի և օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների որոշումների և գործողությունների օրինականության վերաբերյալ բողոքները»:

i

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` «Բողոքը ճանաչելով հիմնավորված` դատավորը որոշում է կայացնում անձի իրավունքների և ազատությունների խախտումը վերացնելու` վարույթն իրականացնող մարմնի պարտականության մասին: Գտնելով, որ բողոքարկված գործողությունները կատարված են օրենքին համապատասխան, և անձի իրավունքները և ազատությունները խախտված չեն, դատարանը որոշում է կայացնում բողոքը մերժելու մասին (...)»:

18. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 278-րդ հոդվածի 2-րդ մասի վերլուծությունից երևում է, որ այն նպատակ է հետապնդում սահմանել քրեական դատավարության համակարգում անձի սահմանադրական իրավունքների և ազատությունների պաշտպանության կարևորագույն երաշխիքներից մեկը` մինչդատական վարույթի նկատմամբ հետագա դատական վերահսկողության իրավական կառուցակարգը: Ընդ որում, այդ իրավանորմն ընդհանրական է. այն չի սահմանում վերահսկողության կոնկրետ օբյեկտները:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի 5-րդ մասը նույնպես ամրագրում է ընդհանուր նորմ: Այն սահմանում է մինչդատական վարույթի նկատմամբ հետագա դատական վերահսկողության կարգով բերված բողոքների քննության արդյունքում կայացվող որոշումների շրջանակը: Մասնավորապես, եթե բողոքը ճանաչվում է հիմնավորված, ապա դատավորը որոշում է կայացնում անձի իրավունքների և ազատությունների խախտումը վերացնելու` վարույթն իրականացնող մարմնի պարտականության մասին: Իսկ եթե դատարանը գտնում է, որ բողոքարկված գործողությունները և որոշումները հիմնավորված են և օրինական, հետևաբար` անձի իրավունքները կամ ազատությունները խախտված չեն, ապա որոշում է կայացնում բողոքը մերժելու մասին:

19. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 185-րդ հոդվածը բովանդակում է հատուկ նորմ, որը հստակ կարգավորում է քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշման բողոքարկման կարգը, դրա արդյունքում ընդունվող որոշումների շրջանակը, ինչպես նաև ընդունված որոշումների հետևանքները: Մասնավորապես, հիշատակված իրավանորմը սահմանում է, որ քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշման դեմ բերված բողոքի հիման վրա դատարանը վերացնում է բողոքարկվող որոշումը կամ հաստատում այն: Ընդ որում, բողոքարկվող որոշման վերացումը պարտադիր է դարձնում դատախազի կողմից քրեական գործի հարուցումը: Այսինքն` քննարկվող իրավանորմը սահմանում է քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշման բողոքարկման ինքնավար ընթացակարգ:

20. Սույն որոշման 18-19-րդ կետերում շարադրված հիմնավորումները թույլ են տալիս եզրակացնել, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 185-րդ հոդվածը բովանդակում է հատուկ իրավանորմեր, որոնք հստակ կարգավորում են մինչդատական վարույթի շրջանակներում ընդունվող դատավարական ակտերից մեկի` քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշման բողոքարկման կարգը, դրա արդյունքում ընդունվող որոշումների շրջանակը և այդ որոշումների հետևանքով որոշակի իրավահարաբերությունների փոփոխությունները: Հակառակ դրան` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 278-րդ և 290-րդ հոդվածներն ամրագրում են առավելապես ընդհանրական բնույթի նորմեր, որոնք մինչդատական վարույթի նկատմամբ հետագա դատական վերահսկողության սահմանները և քրեական դատավարության այդ փուլում դատարանի լիազորությունները կարգավորում են ընդհանրական ձևով:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ քրեադատավարական օրենքում նույն իրավահարաբերությունը կարգավորող ընդհանուր և հատուկ նորմերի առկայությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ օրենսդիրը կոնկրետ իրավահարաբերությունը կարգավորող ընդհանուր նորմերից, տվյալ դեպքում` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 278-րդ և 290-րդ հոդվածներից առանձնացրել է այդ նույն իրավահարաբերությունը կարգավորող հատուկ նորմ` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 185-րդ հոդվածը` արդյունքում հստակեցնելով քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշման բողոքարկման դատական կարգն ու դրա արդյունքում դատարանի կողմից կայացվող որոշումը:

21. Սույն որոշման նախորդ կետում շարադրված վերլուծության հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ նույն իրավահարաբերությունը կարգավորող ընդհանուր և հատուկ նորմերի առկայության դեպքում իրավակիրառողը պետք է կիրառի հատուկ նորմերը և չկիրառի ընդհանուր նորմերը»:

Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ քրեական դատավարությունում դատական վերահսկողության ընդհանուր իրավակարգավորումներից առանձնացված հատուկ իրավակարգավորման նախատեսումն ունի օբյեկտիվ իրավական հիմքեր և պայմանավորված է քրեադատավարական հարաբերություններում քրեական գործի հարուցման մասին որոշման նշանակությունից: Այդ որոշմամբ ընթացք է առնում քրեական մինչդատական վարույթը: Նման որոշման բացակայության պայմաններում սահմանափակվում է անձի` իր խախտված իրավունքների արդյունավետ պաշտպանության հնարավորությունը, միաժամանակ չլուծված կմնան քրեական դատավարության օրենսդրության խնդիրները:

Վերոգրյալի հիման վրա Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ Օրենսդիրը, ընդհանուր կանոնից բացառություն կատարելով, քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշման առնչությամբ դատարանին վերապահել է հատուկ լիազորություն` մինչդատական վարույթի նշված փուլում ոչ միայն արձանագրելու խախտումը, այլև վերացնելու այն, որպիսի լիազորությունն առավել քան բխում է Սահմանադրության 61 և 63-րդ հոդվածներով երաշխավորված` դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքների արդյունավետ իրականացումից:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Սահմանադրության 168-րդ հոդվածի 1-ին կետով, 169-րդ հոդվածի 4-րդ մասով, 170-րդ հոդվածով, ինչպես նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 63, 64 և 71-րդ հոդվածներով` Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

1. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 185-րդ հոդվածի 5-րդ մասի առաջին նախադասությամբ ամրագրված դրույթը համապատասխանում է Սահմանադրությանը:

i

2. Սահմանադրության 170-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

    Նախագահող                              Ա. ԴԻԼԱՆՅԱՆ

 

9 մարտի 2021 թվականի

ՍԴՈ-1584

 

Հրապարակվել է ՍԴ պաշտոնական կայքէջում (concourt.am)` 12 մարտի 2021 թվական:

 

 

pin
ՀՀ Սահմանադրական դատարան
09.03.2021
N ՍԴՈ-1584
Որոշում