ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀՀ վերաքննիչ վարչական Վարչական գործ
դատարանի որոշում թիվ ՎԴ/6202/05/18
Վարչական գործ թիվ ՎԴ/6202/05/18 2020 թ.
Նախագահող դատավոր` Ա. Առաքելյան
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական
պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`
նախագահող Ռ. Հակոբյան
զեկուցող Ա. Բարսեղյան
Ս. Անտոնյան
Վ. Ավանեսյան
Մ. Դրմեյան
Գ. Հակոբյան
Ս. Միքայելյան
Տ. Պետրոսյան
Է. Սեդրակյան
Ն. Տավարացյան
2020 թվականի դեկտեմբերի 11-ին
գրավոր ընթացակարգով քննելով ըստ հայցի Գուրգեն Ազատյանի և Ելիզավետա Մանասյանի ընդդեմ Երևանի քաղաքապետարանի (այսուհետ` Քաղաքապետարան), երրորդ անձ Ղևոնդ Ղալումյանի` Երևանի քաղաքապետի (այսուհետ` Քաղաքապետ) 14.11.2017 թվականի թիվ 01/18-Ղ-2023-1121 շինարարության թույլտվությունն անվավեր ճանաչելու պահանջի մասին, վարչական գործով ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 19.03.2019 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշման դեմ Գուրգեն Ազատյանի և Ելիզավետա Մանասյանի ներկայացուցիչ Արմեն Անտոնյանի վճռաբեկ բողոքը,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան` Գուրգեն Ազատյանը և Ելիզավետա Մանասյանը պահանջել են անվավեր ճանաչել Քաղաքապետի 14.11.2017 թվականի թիվ 01/18-Ղ-2023-1121 շինարարության թույլտվությունը:
ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Գ. Սոսյան) (այսուհետ` Դատարան) 06.06.2018 թվականի որոշմամբ հայցադիմումը վերադարձվել է:
Դատարանի 29.06.2018 թվականի որոշմամբ հայցադիմումն ընդունվել է վարույթ:
Դատարանի 10.10.2018 թվականի որոշմամբ Ղևոնդ Ղալումյանը դատավարության մեջ ներգրավվել է որպես երրորդ անձ:
Դատարանի 14.01.2019 թվականի որոշմամբ բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ Գուրգեն Ազատյանի և Ելիզավետա Մանասյանի միջնորդությունը մերժվել է:
ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 19.03.2019 թվականի որոշմամբ Գուրգեն Ազատյանի և Ելիզավետա Մանասյանի ներկայացուցչի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 14.01.2019 թվականի «Բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու մասին» որոշումը թողնվել է անփոփոխ:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Գուրգեն Ազատյանի և Ելիզավետա Մանասյանի ներկայացուցիչը:
Վճռաբեկ բողոքի պատասխաններ են ներկայացվել Ղևոնդ Ղալումյանի և Քաղաքապետարանի կողմից:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 54-րդ հոդվածի 2-րդ մասը:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ գրավոր վարչական ակտը ենթակա է հրապարակման, եթե վարչական մարմնին հայտնի չեն այդ ակտով ուղղակիորեն շոշափվող անձանց վերաբերյալ տեղեկությունները, ինչպես նաև գրավոր վարչական ակտը կարող է հրապարակվել վարչական մարմնի նախաձեռնությամբ, եթե ակտի հրապարակումը համարում է առավել նպատակահարմար պետության և հանրության շահերի, ինչպես նաև անձանց իրավունքների արդյունավետ պահպանման անհրաժեշտությունից ելնելով: Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ ներկայացված հայցով վիճարկվում է քաղաքաշինական` կառուցապատման բնույթի իրավահարաբերություններ առաջացնող այնպիսի կարևորագույն փաստաթուղթ, ինչպիսին է շինարարության թույլտվության տրամադրման վերաբերյալ որոշումը, իսկ վիճարկվող ակտի հասցեատերը հայցվորները չեն, այսինքն` ակտն օրենքով հայցվորներին առաքվող կամ տրամադրվող փաստաթուղթ չէ, մինչդեռ դրա բովանդակությունից և էությունից ակնհայտ է, որ դրանով տրամադրված իրավունքով շոշափվում է անորոշ թվով անձանց իրավունքների պաշտպանության խնդիր, հետևաբար վարչական մարմինը պարտավոր էր հրապարակել այն:
Բացի այդ, կառուցապատողը, մինչև շինարարությունը սկսելը` նախապատրաստական փուլում, հասարակությանն իրազեկելու նպատակով շինարարության համար հատկացված շինհրապարակի ցանկապատի առավել տեսանելի տեղամասում պետք է տեղադրի հատուկ վահանակ, որը պետք է պարունակի` պատվիրատու և կապալառու կազմակերպությունների տվյալների, ծրագրի անվանման ու նպատակային նշանակության, շինարարական աշխատանքների սկզբի և ավարտի ժամկետների և այլ տեղեկություններ, որը նույնպես չի կատարվել, ինչի արդյունքում հայցվորները չէին իմացել և չէին կարող իմանալ իրենց իրավունքները խախտող շինարարական թույլտվության առկայության մասին: Հայցվորներն այդ մասին իմացել են միայն 2018 թվականի ապրիլին` շինարարական աշխատանքները սկսելուց հետո, որից հետո գրություններով դիմել են Քաղաքապետարան և միայն Քաղաքապետարանի 20.04.2018 թվականի պատասխան գրությունից իմացել են շինարարության թույլտվության առկայության մասին, որից հետո դիմել են դատարան` միջնորդելով վերականգնել բաց թողնված դատավարական ժամկետը:
Վերաքննիչ դատարանը պատճառաբանել է, որ բողոք բերող անձի հիմնավորումները վերաբերում են ոչ թե ժամկետը հարգելի ճանաչելուն, այլ վարչական ակտի իրավաչափությանը, մինչդեռ հաշվի չի առել որ դրանք փոխկապակցված են, քանի որ վարչական ակտի իրավաչափությունը և հայցվորների կողմից ժամկետի բացթողումը կապված են համապատասխան սուբյեկտների կողմից իրենց պարտականությունները չկատարելու հետ, որն էլ պատճառ է հանդիսացել վիճարկման հայց ներկայացնելու ժամկետը բաց թողնելու համար: Սույն գործով հայցվորների կողմից որպես ապացույց ներկայացվել են Քաղաքապետարանից ստացված իրարամերժ գրություններ, որոնցից 22.03.2018 թվականի գրության մեջ նշված էր, որ կառուցապատողին տրվել էր նախագծման թույլտվություն և կառուցապատողի նախագիծը գտնվում է ուսումնասիրման փուլում, որից հետո միայն կտրամադրվի շինարարության թույլտվությունը, մինչդեռ 20.04.2018 թվականի գրության մեջ նշված էր, որ շինարարության թույլտվությունն արդեն տրվել է, իսկ 23.04.2018 թվականի գրությամբ հայտնել են, որ կառուցապատողից պահանջվել է տարածքում տեղադրել վահանակ վերջնական նախագծի վերաբերյալ:
Բողոք բերած անձանց ներկայացուցիչը գտնում է, որ նշվածը բավարար է ապացուցելու համար, որ հայցվորները չեն իմացել իրենց իրավունքների խախտման մասին, և առաջին կասկած առաջանալուց անմիջապես հետո ձեռնարկել են միջոցներ դրա հիմքը պարզելու համար:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է «բեկանել» Վերաքննիչ դատարանի 19.03.2019 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշումը և կայացնել նոր դատական ակտ:
2.1. Քաղաքապետարանի վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները
Վիճարկման հայցով հայցվորին իրավունք է տրված պահանջել ամբողջությամբ կամ մասնակիորեն վերացնելու միջամտող վարչական ակտը, որպիսի հայցը ներկայացնելու համար սահմանված է երկամսյա ժամկետ, որի հաշվարկը սկսվում է վարչական ակտի ուժի մեջ մտնելուց պահից: Հետևաբար նշված ժամկետը բաց թողնելով` անձն այլևս կորցնում է այդ ժամկետով պայմանավորված գործողություններ կատարելու, այն է` վիճարկման հայց ներկայացնելու իր իրավունքը: Անձի կողմից ժամկետի բացթողնման պատճառը կարող է համարվել հարգելի միայն այն դեպքում, երբ առկա է այնպիսի իրավիճակ, որի հետևանքով վերջինս օբյեկտիվորեն զրկված էր օրենքով սահմանված ժամկետում հայց ներկայացնելու իրական որևէ հնարավորությունից, որպիսի հանգամանքն էլ պետք է ապացուցի հենց այդ դատավարական ժամկետի վերականգնում հայցողը` ներկայացնելով համապատասխան ապացույցներ, որը տվյալ դեպքում չի կատարվել:
2.2. Ղևոնդ Ղալումյանի վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները
Վճռաբեկ բողոքում նշված այն պնդումը, որ վարչական ակտը պետք է հրապարակվեր, սակայն չի հրապարակվել, անհիմն է, քանի որ Քաղաքապետարանին հայտնի էին այդ ակտով ուղղակիորեն շոշափվող անձի, այսինքն` վարչական ակտի հասցեատիրոջ` Ղևոնդ Ղալումյանի վերաբերյալ տեղեկությունները, հետևաբար այն կարող էր չհրապարակվել:
Ինչ վերաբերում է բողոքաբերների այն պատճառաբանություններին, որ Քաղաքապետարան հարցումներ ուղարկելուց հետո են պարզել շինարարական թույլտվության առկայության մասին և դիմել են դատարան, ապա դրանք դեռևս հարգելի պատճառներ չեն վիճարկման հայց ներկայացնելու համար սահմանված դատավարական ժամկետի բացթողումը հարգելի համարելու համար, քանի որ շինարարական աշխատանքները սկսվել են 2017 թվականի նոյեմբեր ամսին, իսկ քաղաքացիների համար հասանելի և տեսանելի վայրում տեղադրվել է վահանակը, որում ոչ միայն պատկերված էր կառուցվող շենքը, այլ նաև կառուցապատողի և շինարարական թույլտվության ամբողջական տվյալները, հետևաբար հայցվորներն այդ մասին տեղեկացել են ավելի վաղ, սակայն ողջամիտ և բավարար միջոցներ չեն ձեռնարկել դատարան դիմելու համար:
3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում` նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այսինքն` Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 54-րդ հոդվածի խախտման հետևանքով թույլ է տրվել դատական սխալ, որը խաթարել է արդարադատության բուն էությունը:
ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:
ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները կամ նրան ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ և անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձ նույն օրենսգրքով սահմանված կարգով իրավունք ունի դիմելու վարչական դատարան, եթե համարում է, որ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կամ դրա պաշտոնատար անձի վարչական ակտով, գործողությամբ կամ անգործությամբ` խախտվել են կամ անմիջականորեն կարող են խախտվել նրա` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ (...), միջազգային պայմանագրերով, օրենքներով կամ այլ իրավական ակտերով ամրագրված իրավունքները և ազատությունները, ներառյալ, եթե խոչընդոտներ են հարուցվել այդ իրավունքների և ազատությունների իրականացման համար, չեն ապահովվել անհրաժեշտ պայմաններ այդ իրավունքների իրականացման համար, սակայն դրանք պետք է ապահովվեին Սահմանադրության, միջազգային պայմանագրի, օրենքի կամ այլ իրավական ակտի ուժով (...):
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 54-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատավարական ժամկետների ավարտից հետո դատավարության մասնակիցները կորցնում են այդ ժամկետներով պայմանավորված գործողություններ կատարելու իրավունքը: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` դատավարական ժամկետների ավարտից հետո ներկայացված հայցադիմումների ընդունումը մերժվում է նույն օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի հիմքով, եթե բաց թողնված դատավարական ժամկետները վարչական դատարանի որոշմամբ չեն վերականգնվում: Դատավարական ժամկետների ավարտից հետո ներկայացված այլ փաստաթղթերը վարչական դատարանի որոշմամբ վերադարձվում են դրանք ներկայացրած անձանց, եթե բացակայում է բաց թողնված դատավարական ժամկետներով պայմանավորված գործողություններ կատարելու իրավունքը վերականգնելու մասին միջնորդությունը: Նման միջնորդությունը բավարարվում է, եթե վարչական դատարանը համարում է, որ անձը ժամկետը բաց է թողել հարգելի պատճառով:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 65-րդ հոդվածի համաձայն` վարչական դատարանում գործը հարուցվում է հայցի հիման վրա:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վիճարկման հայցով հայցվորը կարող է պահանջել ամբողջությամբ կամ մասնակիորեն վերացնել միջամտող վարչական ակտը, ներառյալ` զուգորդվող վարչական ակտի միջամտող դրույթները:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` հայցը վարչական դատարան կարող է ներկայացվել վիճարկման հայցի դեպքում` երկամսյա ժամկետում` վարչական ակտի ուժի մեջ մտնելու պահից:
ՀՀ սահմանադրական դատարանը, մի շարք որոշումներով (10.12.2013 թվականի թիվ ՍԴՈ-1127, 10.02.2015 թվականի թիվ ՍԴՈ-1190, 03.03.2015 թվականի թիվ ՍԴՈ-1192, 16.06.2015 թվականի թիվ ՍԴՈ-1220, 26.06.2015 թվականի թիվ ՍԴՈ-1222, 10.03.2016 թվականի թիվ ՍԴՈ-1257 և այլն) անդրադառնալով արդարադատության մատչելիության, արդար և արդյունավետ դատաքննության իրավունքների երաշխավորման սահմանադրական իրավաչափության խնդիրներին, արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ դատավարական որևէ առանձնահատկություն կամ ընթացակարգ չի կարող խոչընդոտել կամ կանխել դատարան դիմելու իրավունքի արդյունավետ իրացման հնարավորությունը, իմաստազրկել ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված դատական պաշտպանության իրավունքը կամ դրա իրացման արգելք հանդիսանալ, ընթացակարգային որևէ առանձնահատկություն չի կարող մեկնաբանվել որպես ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակման հիմնավորում, դատարանի (արդարադատության) մատչելիությունը կարող է ունենալ որոշակի սահմանափակումներ, որոնք չպետք է խաթարեն այդ իրավունքի բուն էությունը:
Թեև դատարանի մատչելիության իրավունքն ուղղակիորեն ամրագրված չէ Կոնվենցիայի 6-րդ հոդվածում, սակայն Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (այսուհետ` Եվրոպական դատարան) այն ճանաչել է որպես արդար դատաքննության իրավունքի անբաժանելի տարր: Այսպես, Եվրոպական դատարանի կողմից դատարանի մատչելիության իրավունքի վերաբերյալ ձևավորված կայուն նախադեպային իրավունքի համաձայն` Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետը երաշխավորում է անձի իրավունքներին և պարտականություններին առնչվող հայցով դատարան դիմելու իրավունքը: Այդ դրույթը մարմնավորում է դատարան դիմելու, այն է` դատարանում հայց հարուցելու իրավունքը, որը հնարավորություն է տալիս օգտվելու Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետում նախատեսված մյուս երաշխիքներից: Դատական վարույթի արդար, հրապարակային և արագ բնութագրիչները, անշուշտ, արժեք չեն ունենա, եթե այդ գործընթացներին ընթացք չի տրվում: Դժվար է պատկերացնել իրավունքի գերակայություն արդարադատություն իրականացնելիս, եթե դատարան դիմելու իրավունքը չի ապահովվում (տե՛ս, Kreuz v. Poland (28249/95) գործով Եվրոպական դատարանի 19.06.2001 թվականի վճիռը, 52-րդ կետ): Մինչդեռ Եվրոպական դատարանի տեսանկյունից` դատարանի իրավունքը բացարձակ չէ և կարող է ենթարկվել սահմանափակումների: Այդ սահմանափակումները թույլատրվում են, քանի որ մատչելիության իրավունքն իր բնույթով պահանջում է պետության կողմից որոշակի կարգավորումներ, և այս առումով պետությունը որոշակի հայեցողական լիազորություն ունի: Սակայն դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը պետք է իրականացվի այնպես, որ չխախտի կամ զրկի անձին մատչելիության իրավունքից այնպես կամ այն աստիճան, որ խախտվի այդ իրավունքի բուն էությունը (տե՛ս, Tolstoy Miloslavsky v. The United Kingdom (18139/91) գործով Եվրոպական դատարանի 13.07.1995 թվականի վճիռը, 59-րդ կետ): Ըստ Եվրոպական դատարանի` դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը չի կարող համատեղելի լինել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի հետ, եթե այն չի հետապնդում իրավաչափ նպատակ, և եթե առկա չէ ողջամիտ հարաբերակցություն ձեռնարկվող միջոցների և հետապնդվող նպատակների միջև` համաչափության առումով (տե՛ս, Khalfaoui v. France (34791/97) գործով Եվրոպական դատարանի 14.12.1999 թվականի վճիռը, 36-րդ կետ): Մեկ այլ վճռով Եվրոպական դատարանը նշել է, որ դատարանի մատչելիությունն օրենսդրական կարգավորումների առարկա է, և դատարանները պարտավոր են կիրառել դատավարական համապատասխան կանոնները` խուսափելով ինչպես գործի արդարացի քննությանը խոչընդոտող ավելորդ ձևականություններից (ֆորմալիզմից), այնպես էլ չափազանց ճկուն մոտեցումից, որի դեպքում օրենքով սահմանված դատավարական պահանջները կկորցնեն իրենց նշանակությունը: Ըստ Եվրոպական դատարանի` դատարանի մատչելիության իրավունքը խաթարվում է այն դեպքում, երբ օրենսդրական նորմերը դադարում են ծառայել իրավական որոշակիության ու արդարադատության պատշաճ իրականացման նպատակներին և խոչընդոտում են անձին հասնել իրավասու դատարանի կողմից իր գործի ըստ էության քննությանը (տե՛ս, Dumitru Gheorghe v. Romania (33883/06) գործով Եվրոպական դատարանի 12.04.2016 թվականի վճիռը, 28-րդ կետ):
Անդրադառնալով դատարանի մատչելիության ժամկետային սահմանափակումներին` Եվրոպական դատարանն արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ ներպետական օրենսդրությամբ սահմանված այդպիսի սահմանափակումները հետապնդում են որոշակի կարևոր նպատակներ, մասնավորապես` իրավական որոշակիության երաշխավորումը, հավանական պատասխանողի պաշտպանությունը ժամկետանց հայցերից: Ըստ Եվրոպական դատարանի` նմանատիպ հայցերի դեպքում դժվար կլինի կանխել անարդարությունը, որը կարող է առաջանալ, եթե դատարաններից պահանջվի քննել հեռավոր անցյալում տեղի ունեցած իրադարձություններ այնպիսի ապացույցների հիման վրա, որոնք կարող են լինել ոչ արժանահավատ և ոչ ամբողջական` բավականաչափ ժամանակահատված անցած լինելու պատճառով: Եվրոպական դատարանը գտել է, որ ժամկետային սահմանափակումների առումով պետությունները նույնպես հայեցողական լիազորություն ունեն որոշելու, թե դատարանի մատչելիությունն ինչպես պետք է սահմանափակվի (տե՛ս, Stubbings and others v. The United Kingdom (22083/93, 22095/93) գործով Եվրոպական դատարանի 22.10.1996 թվականի վճիռը, 51-րդ և 55-րդ կետեր):
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վերը նշված իրավական դիրքորոշումների համատեքստում պետք է մեկնաբանվեն և կիրառվեն նաև ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 54-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ օրենսդիրը, սահմանելով վարչական դատարանում գործի հարուցման հիմքը` համապատասխան հայցը, միաժամանակ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 72-րդ հոդվածում սահմանել է այն ժամկետները, որոնց ընթացքում հայցը կարող է ներկայացվել վարչական դատարան: Օրենսդիրը, սահմանելով վարչական դատարան հայց ներկայացնելու ժամկետները, միաժամանակ հատուկ սահմանել է բաց թողնված ժամկետների վերականգնելու իրավական հնարավորությունը համապատասխան միջնորդության և հարգելի պատճառների առկայության դեպքում, իսկ մնացած բոլոր դեպքերի համար ամրագրել, որ դատավարական ժամկետների ավարտից հետո ներկայացված հայցադիմումները և այլ փաստաթղթերը դատարանը չի քննարկում և վերադարձնում է դրանք ներկայացրած անձանց:
Այսպիսով, օրենքով սահմանված դատավարական ժամկետների ավարտից հետո ներկայացված հայցադիմումները և այլ փաստաթղթերը դատարանը չի քննարկում և վերադարձնում է դրանք ներկայացրած անձանց, եթե բացակայում է բաց թողնված դատավարական ժամկետներով պայմանավորված գործողություններ կատարելու իրավունքը վերականգնելու մասին միջնորդությունը: Նման միջնորդությունը կարող է բավարարվել, եթե դատարանը գտնի, որ անձը ժամկետը բաց է թողել հարգելի պատճառով:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 54-րդ հոդվածի 2-րդ մասի բովանդակությունից հետևում է, որ բաց թողնված ժամկետը հարգելի համարելու հիմքեր օրենսդիրը կոնկրետ չի նշել` այդ հիմքերի ողջամիտ և բավարար լինելու հանգամանքը թողնելով դատարանների գնահատմանը: ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ գտել է, որ բաց թողնված ժամկետը հարգելի համարելու հիմքերը պայմանականորեն կարելի է բաժանել երկու խմբի` օբյեկտիվ և սուբյեկտիվ:
Օբյեկտիվ հիմքերի մեջ կարելի է դասել ֆորսմաժորային դեպքերը` տարերային աղետները, ինչպես նաև արտակարգ իրավիճակը և նմանատիպ այլ` անձանց կամքից անկախ հիմքերով առաջացող պատճառները: Սուբյեկտիվ գործոնը պայմանավորված է անմիջականորեն տվյալ անձի հետ կապված և գործնականում ավելի երկար ժամանակ պահանջող ողջամիտ խնդիրների լուծմամբ, առանց որի անհնար է դատավարական գործողության կատարումը: Օրինակ` երբ ֆիզիկական անձը զրկված է դատական պրոցեսին մասնակցելու կամ ներկայացուցչի միջոցով մասնակցությունն ապահովելու հնարավորությունից` երկարատև հիվանդության պատճառով:
Վերոգրյալի հիման վրա ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ բոլոր դեպքերում էլ, բացի ֆորսմաժորային իրավիճակներից, բաց թողնված դատավարական ժամկետը հարգելի համարելու համար ընդհանուր կանոնն այն է, որ անձը պարտավոր է ապացուցել, որ օրենքով սահմանված ժամկետի ընթացքում ձեռնարկել է իրենից կախված ողջամիտ ու բավարար միջոցներ դատարան դիմելու, դատավարությանը մասնակցելու և այն հիմնավորող ապացույցները ներկայացնելու և այլ դատավարական գործողություններ իրականացնելու ուղղությամբ, սակայն իր կամքից անկախ պատճառներով բաց է թողել օրենքով սահմանված դատավարական ժամկետները (տե՛ս, Երևանի քաղաքապետարանն ընդդեմ Գայանե Մելքոնյանի թիվ ՎԴ/0059/05/14 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.07.2014 թվականի որոշումը):
Մեկ այլ որոշման շրջանակներում ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ անձինք իրենց դատական պաշտպանության իրավունքից կարող են օգտվել օրենքով սահմանված ժամկետներում, և որպեսզի վարչական դատարանն իրավասու լինի գործադրելու օրենքով սահմանված իր լիազորությունները կոնկրետ իրավական վեճն ըստ էության լուծելու համար, անհրաժեշտ է երկու պայմանների միաժամանակյա առկայություն, առաջին` համապատասխան հայցի առկայություն, երկրորդ` հայցի ներկայացում վարչական դատարան` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով սահմանված ժամկետներում: Դատավարական ժամկետները բաց թողնելու դեպքում երկրորդ պայմանն ապահովված կարող է համարվել միայն կոնկրետ վարչական գործում բաց թողնված դատավարական ժամկետների վերականգնման բավարարված միջնորդության առկայության դեպքում, իսկ մնացած դեպքերում անձը չի կարող օգտվել դատական պաշտպանության իրավունքից, իսկ ՀՀ վարչական դատարանն իրավասու չէ գործադրելու օրենքով վարչական դատարանի համար նախատեսված լիազորությունները (տե՛ս, Աշոտ Գագիկի Հովհաննիսյանի օրինական ներկայացուցիչ Գագիկ Հովհաննիսյանն ընդդեմ ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության թիվ ՎԴ/9439/05/12 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.10.2013 թվականի որոշումը, Երևանի քաղաքապետարանն ընդդեմ Արմենուհի Դալիբալթյանի թիվ ՎԴ/2499/05/14 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 10.12.2014 թվականի որոշումը, Հրաչյա Գրիգորյանն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի և մյուսների թիվ ՎԴ/1963/05/14 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 24.12.2014 թվականի որոշումը, «2ԷԴ» ՓԲԸ-ի տնօրեն Էդգար Հովհաննիսյանն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի թիվ ՎԴ/5086/05/14 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 15.07.2015 թվականի որոշումը, Եղեգնուտի գյուղապետարանն ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Արմավիրի մարզային ստորաբաժանման թիվ ՎԴ/0196/05/15 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.03.2016 թվականի որոշումը):
Սույն գործի փաստերի համաձայն` Գուրգեն Ազատյանը և Ելիզավետա Մանասյանը հայցադիմում են ներկայացրել Դատարան (հայցադիմումն առաջին անգամ ներկայացվել է 29.05.2018 թվականին)` պահանջելով անվավեր ճանաչել Քաղաքապետի 14.11.2017 թվականի թիվ 01/18-Ղ-2023-1121 շինարարության թույլտվությունը (հատոր 1-ին, գ.թ. 3-9, 28-34): Դատարանի 06.06.2018 թվականի որոշմամբ հայցադիմումը վերադարձվել է, իսկ 29.06.2018 թվականի որոշմամբ հայցադիմումն ընդունվել է վարույթ: Դատարանը հայցադիմումում ներառված դատավարական ժամկետի բացթողումը վերականգնելու միջնորդությանը հայցադիմումը վարույթ ընդունելու փուլում չի անդրադարձել` այդ փուլում համարելով առարկայազուրկ և նշելով, որ դրան կանդրադառնա գործի քննության ընթացքում (հատոր 1-ին, գ.թ. 48-49):
Դատարանի 10.10.2018 թվականի որոշմամբ Ղևոնդ Ղալումյանի կողմից ներկայացված` իրեն որպես երրորդ անձ ներգրավելու վերաբերյալ միջնորդությունը բավարարվել է, և վերջինս սույն գործով դատավարության մեջ ներգրավվել է որպես երրորդ անձ (հատոր 1-ին, գ.թ. 97-98):
19.12.2018 թվականի նախնական դատական նիստում կողմերի հետ քննարկվել է բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ հարցը, և վերոնշյալ միջնորդությունը ներկայացնելու համար հայցվորներին տրամադրվել է 10 օր (հատոր 1-ին, գ.թ. 125-129):
Հայցվորները 28.12.2018 թվականին ներկայացրել են բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու միջնորդություն այն հիմնավորումներով, որ վիճարկվող ակտով իրենք չեն հանդիսացել հասցեատերերը, հետևաբար տեղեկացված չեն եղել վիճարկվող ակտի գոյության վերաբերյալ, բացի այդ, «Շրջակա միջավայրի ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերի գնահատման և շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության ենթակա նախատեսվող գործունեության տեսակներն ըստ բնագավառների դասակարգվում են երեք կատեգորիայի` Ա, Բ, Գ` ըստ շրջակա միջավայրի վրա նվազող ազդեցության աստիճանի: Այսինքն` այս դեպքում ազդեցության կանոնակարգման և փորձաքննության հետ կապված խնդիրների կարգավորումը պարտադիր է, և հայցվորներն էլ իրենց հերթին պետք է ծանուցվեին այդ մասով հանրային քննարկումներին, բնականաբար, այդ ժամանակ էլ տեղեկացված կլինեին վիճարկվող վարչական ակտի գոյության մասին, ինչը չի կատարվել վարչական մարմնի կողմից: Բացի այդ, շինարարության թույլտվություն տրամադրելն ինքնին վարչարարություն է, ուստի հայցվորներն օրենքի ուժով տվյալ վարչական վարույթի մասնակիցներ են, մինչդեռ վերջիններս չեն ծանուցվել վարչական վարույթի վերաբերյալ և շինարարության թույլտվության վերաբերյալ տեղեկացել են միայն Քաղաքապետին ուղղված դիմումի պատասխան գրությունից` 20.04.2018 թվականին, որից հետո դիմել են դատարան և խնդրել վերականգնել բաց թողնված դատավարական ժամկետը:
Դատարանի 14.01.2019 թվականի որոշմամբ Գուրգեն Ազատյանի և Ելիզավետա Մանասյանի ներկայացրած` բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը մերժվել է այն պատճառաբանություններով, որ վիճարկման հայցի դատավարական ժամկետի բացթողնման պատճառը հարգելի կարող էր համարվել ոչ թե լիազոր մարմնին 16.04.2018 թվականին դիմելուց և նրա 20.04.2018 թվականի գրությունը ստանալուց հետո` երկամսյա ժամկետում հայց հարուցելու դեպքում, այլ երբ հայցվորներն իրենց իրավունքի ենթադրյալ խախտման մասին տեղեկանալուց (շինարարությունը սկսվելուց) հետո առնվազն նշված ժամկետում կատարեին դրա պաշտպանությանն ուղղված որոշակի գործողություններ, ինչը սույն գործով որևէ կերպ չի ապացուցվում: Դատարանն արձանագրել է նաև, որ սույն գործի նյութերում շինարարական աշխատանքները փաստացի 17.11.2017 թվականից սկսվելու և դրա պատվիրատուի կողմից մինչև շինարարությունն սկսելը հատուկ վահանակ տեղադրելու պահանջը կատարված լինելու փաստը հերքող որևէ ապացույց առկա չէ, ինչից հետևում է, որ այդ փաստերը պետք է համարվեն հաստատված, քանի որ վերոհիշյալ փաստերը հերքելու կամ էլ հակառակն ապացուցելու պարտականությունը բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու միջնորդության քննարկման փուլում դրված է հենց հայցվորների` որպես նման միջնորդություն ներկայացրած անձանց վրա, որոնք նրանք չեն կատարել (հատոր 1-ին, գ.թ. 145-155):
Վերաքննիչ դատարանը, մերժելով հայցվորների ներկայացուցչի վերաքննիչ բողոքը, հիմնավոր է համարել Դատարանի պատճառաբանությունները:
Մինչդեռ վկայակոչված իրավական դիրքորոշումների լույսի ներքո անդրադառնալով սույն վարչական գործի փաստերին և ստորադաս դատարանների պատճառաբանությունների հիմնավորվածությանը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.
Սույն գործի փաստերի համաձայն` Քաղաքապետի կողմից 14.11.2017 թվականին Ղևոնդ Ղալումյանին տրվել է թիվ 01/18-Ղ-2023-1121 շինարարության թույլտվությունը` Երևանի Կենտրոն վարչական շրջանի Թումանյան թիվ 30/1 հասցեում բնակելի-բազմաֆունկցիոնալ շենքի շինարարության համար (հատոր 1-ին, գ.թ. 36-37): Սույն գործով հայցվորներ Գուրգեն Ազատյանի և Ելիզավետա Մանասյանի կողմից ներկայացվել է Քաղաքապետարանի 20.04.2018 թվականի գրությունն այն մասին, որ ի պատասխան Քաղաքապետին հասցեագրված դիմումի` տրամադրվում է Կենտրոն վարչական շրջանի Թումանյան թիվ 30/1 հասցեում նախատեսվող բնակելի-բազմաֆունկցիոնալ շենքի կառուցման նպատակով կառուցապատող Ղևոնդ Ղալումյանին տրամադրված նախագծման թույլտվության, ստորգետնյա հարկերի կառուցման նպատակով տրված շինարարական թույլտվության և նախագծի փորձաքննության պատճենները (հատոր 1-ին, գ.թ. 38): Բացի այդ, սույն գործում առկա` վերաքննիչ բողոքին կից ներկայացված Քաղաքապետարանի 22.03.2018 թվականի թիվ 50/1-Կ-624 պատասխան գրությամբ հայտնել են, որ Ղևոնդ Ղալումյանին 10.02.2017 թվականին տրվել է նախագծման թույլտվություն, ըստ որի կառուցվող շենքը պետք է բաղկացած լինի ստորգետնյա ավտոկայանատեղիների և 8 վերգետնյա հարկերից, և ներկա պահին կառուցապատողի կողմից ներկայացված նախագիծը գտնվում է ուսումնասիրման և քննարկման փուլում, ինչի ավարտից հետո այն կհամաձայնեցվի և կտրամադրվի անհրաժեշտ շինարարության թույլտվություն (հատոր 2-րդ, գ.թ. 41):
Վճռաբեկ դատարանը, համադրելով սույն գործի փաստերը ստորադաս ատյանների պատճառաբանությունների հետ, արձանագրում է, որ այն պատճառաբանությունները, որ հայցվորներն իրենց իրավունքների ենթադրյալ խախտման, այսինքն` Ղևոնդ Ղալումյանին տրամադրված շինարարական թույլտվության առկայության մասին տեղեկացել են ոչ թե իրենց համապատասխան հարցումներին Քաղաքապետարանի կողմից ստացված պատասխան գրություններից, այլ ավելի վաղ` շինարարական աշխատանքները սկսելուց հետո, և չեն ձեռնարկել ողջամիտ և բավարար միջոցներ վիճարկելու վարչական ակտը` Ղևոնդ Ղալումյանին տրամադրված շինարարության թույլտվությունը, անհիմն են և չեն բխում սույն գործի փաստերից: Նախ` կառուցապատողի կողմից շինարարությունն սկսելը, դեռևս չի փաստում այն մասին, որ շահագրգիռ անձինք` տվյալ դեպքում` հայցվորները, պետք է անպայմանորեն եզրակացնեին, որ Քաղաքապետի կողմից Ղևոնդ Ղալումյանին 14.11.2017 թվականին տրամադրվել է թիվ 01/18-Ղ-2023-1121 շինարարության թույլտվությունը, որով վերջինիս տրվել է իրավունք Երևան քաղաքի Թումանյան թիվ 30/1 հասցեում ստորգետնյա և վերգետնյա 8 հարկեր կառուցելու նպատակով, որպեսզի հնարավորություն ունենային ՀՀ վարչական դատավարությամբ սահմանված վիճարկման հայց ներկայացնելու համար նախատեսված երկամսյա ժամկետում դիմելու ՀՀ վարչական դատարան, այն պայմաններում, որ սույն գործով բացակայում են ապացույցներ այն մասին, որ վերջիններս մասնակից են դարձվել վարչական վարույթին, կամ որևէ եղանակով իրազեկվել են շինարարության թույլտվության մասին:
Ավելին` Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Քաղաքապետարանի 22.03.2018 թվականի թիվ 50/1-Կ-624 պատասխան գրության բովանդակության ուսումնասիրությունից հետևում է, որ Ղևոնդ Ղալումյանին 10.02.2017 թվականին տրվել է նախագծման թույլտվություն, ըստ որի` կառուցվող շենքը պետք է բաղկացած լինի ստորգետնյա ավտոկայանատեղիների և 8 վերգետնյա հարկերից, և տվյալ պահին կառուցապատողի կողմից ներկայացված նախագիծը դեռևս գտնվում է ուսումնասիրման և քննարկման փուլում, ինչի ավարտից հետո այն կհամաձայնեցվի և դրանից հետո կտրամադրվի անհրաժեշտ շինարարության թույլտվությունը: Այսինքն` վերոնշյալ գրությունից հետևում է, որ Ղևոնդ Ղալումյանին դեռևս չի տրամադրվել համապատասխան շինարարության թույլտվությունը, քանի որ կառուցապատողի կողմից ներկայացված նախագիծը դեռևս գտնվում է ուսումնասիրման և քննարկման փուլում, որի հավանության արժանանալու փուլից հետո պետք է տրամադրվի շինարարության թույլտվությունը, և միայն Քաղաքապետարանի 20.04.2018 թվականի պատասխան գրությամբ է նշվել, որ 14.11.2017 թվականին արդեն իսկ ընդունվել է վեճի առարկա վարչական ակտը: Իսկ մինչև այդ պահը Ղևոնդ Ղալումյանին 14.11.2017 թվականին տրամադրված շինարարության թույլտվության մասին հայցվորների իմանալու վերաբերյալ ապացույցներ չեն ներկայացվել:
Ինչ վերաբերում է հասարակությանն իրազեկելու նպատակով հատուկ վահանակի բացակայությունը հայցվորների կողմից որևէ կերպ չհիմնավորվելու և չապացուցվելու վերաբերյալ ստորադաս դատարանների պատճառաբանությանը, Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.
ՀՀ քաղաքաշինության նախարարի «Շինարարական արտադրության կազմակերպման աշխատանքների կատարման կարգը հաստատելու մասին» 14.01.2008 թվականի թիվ 07-Ն որոշմամբ հաստատված «Շինարարական արտադրության կազմակերպման աշխատանքների կատարման» կարգի 1-ին կետի համաձայն` «Շինարարական արտադրության կազմակերպման աշխատանքների կատարման կարգ» նորմատիվատեխնիկական փաստաթղթի (այսուհետ Կարգի) կիրառումը տարածվում է ՀՀ կառավարության 2007 թվականի նոյեմբերի 23-ի «Շինարարության ոլորտում գնագոյացման նորմերի և նորմատիվների կիրառումն ապահովելու մասին» թիվ 1484-Ն որոշմամբ նախատեսված քաղաքաշինական գործունեության սուբյեկտների և/կամ մասնակիցների (այդ թվում` կառուցապատողների, քաղաքաշինական փաստաթղթեր մշակողների, շինարարություն իրականացնողների, քաղաքաշինական գործունեության վերահսկողություն իրականացնողների) վրա:
Կարգի 2-րդ կետի համաձայն` նույն Կարգը սահմանում է ՀՀ տարածքում իրականացվող նոր շինարարության, գոյություն ունեցող շենքերի և շինությունների հիմնանորոգման (վերակառուցման, վերականգնման, ուժեղացման), ընդլայնման, արդիականացման (հետագայում` Շինարարության) ընթացքում աշխատանքների կազմակերպման հիմնադրույթները և կարգավորում է շինարարության մասնակիցների փոխհարաբերությունները:
Կարգի 4-րդ կետի 3-րդ ենթակետի համաձայն` պատվիրատուն` նախապատրաստական փուլում` մինչև շինարարություն սկսելը` հասարակությանն իրազեկելու նպատակով շինարարության համար հատկացված շինհրապարակի ցանկապատի /այդ թվում` ճանապարհաշինական աշխատանքների ուղեգծի/ առավել տեսանելի տեղամասում տեղադրում է հատուկ վահանակ, որը պետք է պարունակի` պատվիրատու և կապալառու կազմակերպությունների տվյալների, ծրագրի անվանման ու նպատակային նշանակության, շինարարական աշխատանքների սկզբի և ավարտի ժամկետների (...) մասին տեղեկատվություն` պահպանելով վահանակը մինչև ավարտված շինարարության փաստագրումը:
Երևան քաղաքի ավագանու «Քաղաքաշինական նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերով սահմանված նորմերի Երևանում իրականացման լրացուցիչ պայմանների կարգը սահմանելու մասին» 16.03.2012 թվականի թիվ 405-Ն որոշմամբ հաստատված «Քաղաքաշինական նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերով սահմանված նորմերի Երևանում իրականացման լրացուցիչ պայմանների» կարգի 7-րդ կետի 5-րդ ենթակետի համաձայն` լրացուցիչ պայմանների կատարումն ապահովելու նպատակով կառուցապատվող օբյեկտի շինարարական հրապարակին կից` տեսանելի վայրում, Կառուցապատողը փակցնում է տվյալ օբյեկտի շինարարական աշխատանքներին վերաբերող ցուցատախտակ, որը պետք է պարունակի հետևյալ տեղեկատվությունը`
ա. կառուցապատման օբյեկտի վերջնական տեսքը նկարագրող գունավոր էսքիզային պատկեր.
բ. ճարտարապետահատակագծային առաջադրանքի տրամադրման համարը և ամսաթիվը.
գ. համաձայնեցված ճարտարապետաշինարարական նախագծի համարը և ամսաթիվը.
դ. շինարարության թույլտվության համարը և ամսաթիվը.
ե. շինարարական աշխատանքների սկիզբը և ավարտը (ամիս և տարեթիվ).
զ. կառուցապատման օբյեկտի մակերեսը, հարկայնությունը և նպատակային նշանակությունը.
է. Կառուցապատողի (կամ պատվիրատուի) տվյալները.
ը. կառուցապատման օբյեկտի նախագծի հեղինակի տվյալները.
թ. կառուցապատման օբյեկտի շինարարական աշխատանքներ իրականացնող կազմակերպության տվյալները.
ժ. կառուցապատման օբյեկտի նկատմամբ տեխնիկական հսկողություն իրականացնող կազմակերպության տվյալները:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ հասարակությանն իրազեկելու նպատակով վերը նշված հատուկ վահանակը (ցուցատախտակը) սահմանված կարգով և ժամկետում տեղադրված լինելու վերաբերյալ առկա է միայն պատասխանողի և երրորդ անձի հայտարարությունը, որին չեն համաձայնում բողոք բերած անձինք` հայցվորները: Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ տվյալ դեպքում այդ վահանակը (ցուցատախտակը) սահմանված կարգով և ժամկետում տեղադրված լինելու փաստի բացակայությունն ապացուցելու պարտականությունը չի կարող դրվել հայցվորների վրա: Նման եզրահանգման հիմքում ընկած է այն իրողությունը, որ անձը կարող է չունենալ այդ փաստի բացակայությունն ապացուցելու ողջամիտ հնարավորություն: Ավելին նշված վահանակի տեղադրված լինելու ապացուցման պարտականությունը կրում է կառուցապատողը, որպիսի հանգամանքի ապացուցման ուղղությամբ որևէ ապացույց չի ներկայացվել:
Այսպիսով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Քաղաքապետարանի 20.04.2018 թվականի պատասխան գրությունից և դրան կից տրամադրված շինարարության թույլտվության և նախագծի փորձաքննության պատճենների ուսումնասիրությունից հետո Գուրգեն Ազատյանը և Ելիզավետա Մանասյանն իրազեկվել էին, որ Երևան քաղաքի Թումանյան թիվ 30/1 հասցեում շինարարություն իրականացնելու նպատակով Ղևոնդ Ղալումյանին 14.11.2017 թվականին տրամադրվել է թիվ 01/18-Ղ-2023-1121 շինարարության թույլտվությունը, որով խախտվում են կամ կարող են խախտվել հայցվորների իրավունքները: Այսինքն` հայցվորները մինչև 20.04.2018 թվականը տեղեկացված չէին վարչական ակտի գոյության մասին, հետևաբար վերջիններս, չհանդիսանալով վարչական ակտի հասցեատեր, վիճարկման հայց ներկայացնելու ժամկետը բաց են թողել հարգելի պատճառով և այդ մասին իրազեկվելուց հետո երկու ամսվա ընթացքում` 29.05.2018 թվականին, վիճարկման հայցով դիմել են վարչական դատարան, որպիսի պայմաններում դատավարական ժամկետների բացթողումը հարգելի համարելու և այն վերականգնելու մասին միջնորդությունը ենթակա էր բավարարման, ինչի կապակցությամբ Դատարանը կայացրել է ոչ իրավաչափ դատական ակտ, որպիսի հանգամանքն անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից:
Վճռաբեկ բողոքի պատասխաններում բերված փաստարկները հերքվում են վերը նշված պատճառաբանությամբ:
Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 150-րդ, 152-րդ և 163-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը վերացնելու համար:
Հաշվի առնելով վերը շարադրված հիմնավորումները և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 153-րդ, 169-րդ և 171-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Վերացնել ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 19.03.2019 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշումը և կայացնել նոր դատական ակտ, այն է` վերացնել ՀՀ վարչական դատարանի 14.01.2019 թվականի «Բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու մասին» որոշումը:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:
նախագահող Ռ. Հակոբյան
զեկուցող Ա. Բարսեղյան
Ս. Անտոնյան
Վ. Ավանեսյան
Մ. Դրմեյան
Գ. Հակոբյան
Ս. Միքայելյան
Տ. Պետրոսյան
Է. Սեդրակյան
Ն. Տավարացյան
ՀԱՏՈՒԿ ԿԱՐԾԻՔ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական
պալատի կողմից թիվ ՎԴ/6202/05/18 վարչական գործով 11.12.2020 թվականին
կայացված որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերի վերաբերյալ
11.12.2020 թվական
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան), 11.12.2020 թվականին գրավոր ընթացակարգով քննելով ըստ հայցի Գուրգեն Ազատյանի և Ելիզավետա Մանասյանի ընդդեմ Երևանի քաղաքապետարանի (այսուհետ` Քաղաքապետարան), երրորդ անձ Ղևոնդ Ղալումյանի` Երևանի քաղաքապետի (այսուհետ` Քաղաքապետ) 14.11.2017 թվականի թիվ 01/18-Ղ-2023-1121 շինարարության թույլտվությունն անվավեր ճանաչելու պահանջի մասին, վարչական գործով ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 19.03.2019 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշման դեմ Գուրգեն Ազատյանի և Ելիզավետա Մանասյանի ներկայացուցիչ Արմեն Անտոնյանի վճռաբեկ բողոքը, նույն պալատի դատավորների ընդհանուր թվի մեծամասնությամբ որոշել է վճռաբեկ բողոքը բավարարել, վերացնել ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 19.03.2019 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշումը և կայացնել նոր դատական ակտ, այն է` վերացնել ՀՀ վարչական դատարանի 14.01.2019 թվականի «Բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու մասին» որոշումը:
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի դատավոր Գոռ Հակոբյանս, համաձայն չլինելով վերը նշված որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի դատավորների մեծամասնության կարծիքի հետ, ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի 6-րդ և 7-րդ մասերով, շարադրում եմ իմ հատուկ կարծիքն այդ մասերի վերաբերյալ:
1. Վճռաբեկ դատարանը որպես գործի դատավարական նախապատմություն նշել է հետևյալը.
«Դիմելով դատարան` Գուրգեն Ազատյանը և Ելիզավետա Մանասյանը պահանջել են անվավեր ճանաչել Քաղաքապետի 14.11.2017 թվականի թիվ 01/18-Ղ-2023-1121 շինարարության թույլտվությունը:
ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Գ. Սոսյան) (այսուհետ` Դատարան) 06.06.2018 թվականի որոշմամբ հայցադիմումը վերադարձվել է:
Դատարանի 29.06.2018 թվականի որոշմամբ հայցադիմումն ընդունվել է վարույթ:
Դատարանի 10.10.2018 թվականի որոշմամբ Ղևոնդ Ղալումյանը դատավարության մեջ ներգրավվել է որպես երրորդ անձ:
Դատարանի 14.01.2019 թվականի որոշմամբ բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ Գուրգեն Ազատյանի և Ելիզավետա Մանասյանի միջնորդությունը մերժվել է:
ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 19.03.2019 թվականի որոշմամբ Գուրգեն Ազատյանի և Ելիզավետա Մանասյանի ներկայացուցչի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 14.01.2019 թվականի «Բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու մասին» որոշումը թողնվել է անփոփոխ:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Գուրգեն Ազատյանի և Ելիզավետա Մանասյանի ներկայացուցիչը:
Վճռաբեկ բողոքի պատասխաններ են ներկայացվել Ղևոնդ Ղալումյանի և Քաղաքապետարանի կողմից»:
2. Վճռաբեկ դատարանը որպես վճռաբեկ բողոքի հիմքեր, հիմնավորումներ և պահանջ նշել է հետևյալը.
«Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 54-րդ հոդվածի 2-րդ մասը:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ գրավոր վարչական ակտը ենթակա է հրապարակման, եթե վարչական մարմնին հայտնի չեն այդ ակտով ուղղակիորեն շոշափվող անձանց վերաբերյալ տեղեկությունները, ինչպես նաև գրավոր վարչական ակտը կարող է հրապարակվել վարչական մարմնի նախաձեռնությամբ, եթե ակտի հրապարակումը համարում է առավել նպատակահարմար պետության և հանրության շահերի, ինչպես նաև անձանց իրավունքների արդյունավետ պահպանման անհրաժեշտությունից ելնելով: Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ ներկայացված հայցով վիճարկվում է քաղաքաշինական` կառուցապատման բնույթի իրավահարաբերություններ առաջացնող այնպիսի կարևորագույն փաստաթուղթ, ինչպիսին է շինարարության թույլտվության տրամադրման վերաբերյալ որոշումը, իսկ վիճարկվող ակտի հասցեատերը հայցվորները չեն, այսինքն` ակտն օրենքով հայցվորներին առաքվող կամ տրամադրվող փաստաթուղթ չէ, մինչդեռ դրա բովանդակությունից և էությունից ակնհայտ է, որ դրանով տրամադրված իրավունքով շոշափվում է անորոշ թվով անձանց իրավունքների պաշտպանության խնդիր, հետևաբար վարչական մարմինը պարտավոր էր հրապարակել այն:
Բացի այդ, կառուցապատողը, մինչև շինարարությունը սկսելը` նախապատրաստական փուլում, հասարակությանն իրազեկելու նպատակով շինարարության համար հատկացված շինհրապարակի ցանկապատի առավել տեսանելի տեղամասում պետք է տեղադրի հատուկ վահանակ, որը պետք է պարունակի` պատվիրատու և կապալառու կազմակերպությունների տվյալների, ծրագրի անվանման ու նպատակային նշանակության, շինարարական աշխատանքների սկզբի և ավարտի ժամկետների և այլ տեղեկություններ, որը նույնպես չի կատարվել, ինչի արդյունքում հայցվորները չէին իմացել և չէին կարող իմանալ իրենց իրավունքները խախտող շինարարական թույլտվության առկայության մասին: Հայցվորներն այդ մասին իմացել են միայն 2018 թվականի ապրիլին` շինարարական աշխատանքները սկսելուց հետո, որից հետո գրություններով դիմել են Քաղաքապետարան և միայն Քաղաքապետարանի 20.04.2018 թվականի պատասխան գրությունից իմացել են շինարարության թույլտվության առկայության մասին, որից հետո դիմել են դատարան` միջնորդելով վերականգնել բաց թողնված դատավարական ժամկետը:
Վերաքննիչ դատարանը պատճառաբանել է, որ բողոք բերող անձի հիմնավորումները վերաբերում են ոչ թե ժամկետը հարգելի ճանաչելուն, այլ վարչական ակտի իրավաչափությանը, մինչդեռ հաշվի չի առել որ դրանք փոխկապակցված են, քանի որ վարչական ակտի իրավաչափությունը և հայցվորների կողմից ժամկետի բացթողումը կապված են համապատասխան սուբյեկտների կողմից իրենց պարտականությունները չկատարելու հետ, որն էլ պատճառ է հանդիսացել վիճարկման հայց ներկայացնելու ժամկետը բաց թողնելու համար: Սույն գործով հայցվորների կողմից որպես ապացույց ներկայացվել են Քաղաքապետարանից ստացված իրարամերժ գրություններ, որոնցից 22.03.2018 թվականի գրության մեջ նշված էր, որ կառուցապատողին տրվել էր նախագծման թույլտվություն և կառուցապատողի նախագիծը գտնվում է ուսումնասիրման փուլում, որից հետո միայն կտրամադրվի շինարարության թույլտվությունը, մինչդեռ 20.04.2018 թվականի գրության մեջ նշված էր, որ շինարարության թույլտվությունն արդեն տրվել է, իսկ 23.04.2018 թվականի գրությամբ հայտնել են, որ կառուցապատողից պահանջվել է տարածքում տեղադրել վահանակ վերջնական նախագծի վերաբերյալ:
Բողոք բերած անձանց ներկայացուցիչը գտնում է, որ նշվածը բավարար է ապացուցելու համար, որ հայցվորները չեն իմացել իրենց իրավունքների խախտման մասին, և առաջին կասկած առաջանալուց անմիջապես հետո ձեռնարկել են միջոցներ դրա հիմքը պարզելու համար:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է «բեկանել» Վերաքննիչ դատարանի 19.03.2019 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշումը և կայացնել նոր դատական ակտ»:
2.1. Վճռաբեկ դատարանը որպես Քաղաքապետարանի կողմից ներկայացված վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումներ նշել է հետևյալը.
«Վիճարկման հայցով հայցվորին իրավունք է տրված պահանջել ամբողջությամբ կամ մասնակիորեն վերացնելու միջամտող վարչական ակտը, որպիսի հայցը ներկայացնելու համար սահմանված է երկամսյա ժամկետ, որի հաշվարկը սկսվում է վարչական ակտի ուժի մեջ մտնելու պահից: Հետևաբար նշված ժամկետը բաց թողնելով` անձն այլևս կորցնում է այդ ժամկետով պայմանավորված գործողություններ կատարելու, այն է` վիճարկման հայց ներկայացնելու իր իրավունքը: Անձի կողմից ժամկետի բացթողնման պատճառը կարող է համարվել հարգելի միայն այն դեպքում, երբ առկա է այնպիսի իրավիճակ, որի հետևանքով վերջինս օբյեկտիվորեն զրկված էր օրենքով սահմանված ժամկետում հայց ներկայացնելու իրական որևէ հնարավորությունից, որպիսի հանգամանքն էլ պետք է ապացուցի հենց այդ դատավարական ժամկետի վերականգնում հայցողը` ներկայացնելով համապատասխան ապացույցներ, որը տվյալ դեպքում չի կատարվել»:
2.2. Վճռաբեկ դատարանը որպես Ղևոնդ Ղալումյանի կողմից ներկայացված վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումներ նշել է հետևյալը.
«Վճռաբեկ բողոքում նշված այն պնդումը, որ վարչական ակտը պետք է հրապարակվեր, սակայն չի հրապարակվել, անհիմն է, քանի որ Քաղաքապետարանին հայտնի էին այդ ակտով ուղղակիորեն շոշափվող անձի, այսինքն` վարչական ակտի հասցեատիրոջ` Ղևոնդ Ղալումյանի վերաբերյալ տեղեկությունները, հետևաբար այն կարող էր չհրապարակվել:
Ինչ վերաբերում է բողոքաբերների այն պատճառաբանություններին, որ Քաղաքապետարան հարցումներ ուղարկելուց հետո են պարզել շինարարական թույլտվության առկայության մասին և դիմել են դատարան, ապա դրանք դեռևս հարգելի պատճառներ չեն վիճարկման հայց ներկայացնելու համար սահմանված դատավարական ժամկետի բացթողումը հարգելի համարելու համար, քանի որ շինարարական աշխատանքները սկսվել են 2017 թվականի նոյեմբեր ամսին, իսկ քաղաքացիների համար հասանելի և տեսանելի վայրում տեղադրվել է վահանակը, որում ոչ միայն պատկերված էր կառուցվող շենքը, այլ նաև կառուցապատողի և շինարարական թույլտվության ամբողջական տվյալները, հետևաբար հայցվորներն այդ մասին տեղեկացել են ավելի վաղ, սակայն ողջամիտ և բավարար միջոցներ չեն ձեռնարկել դատարան դիմելու համար»:
3. Վճռաբեկ դատարանը որպես Վճռաբեկ դատարանի պատճառաբանություններ և եզրահանգումներ նշել է հետևյալը.
«Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում` նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այսինքն` Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 54-րդ հոդվածի խախտման հետևանքով թույլ է տրվել դատական սխալ, որը խաթարել է արդարադատության բուն էությունը:
ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:
ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները կամ նրան ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ և անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձ նույն օրենսգրքով սահմանված կարգով իրավունք ունի դիմելու վարչական դատարան, եթե համարում է, որ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կամ դրա պաշտոնատար անձի վարչական ակտով, գործողությամբ կամ անգործությամբ` խախտվել են կամ անմիջականորեն կարող են խախտվել նրա` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ (...), միջազգային պայմանագրերով, օրենքներով կամ այլ իրավական ակտերով ամրագրված իրավունքները և ազատությունները, ներառյալ, եթե խոչընդոտներ են հարուցվել այդ իրավունքների և ազատությունների իրականացման համար, չեն ապահովվել անհրաժեշտ պայմաններ այդ իրավունքների իրականացման համար, սակայն դրանք պետք է ապահովվեին Սահմանադրության, միջազգային պայմանագրի, օրենքի կամ այլ իրավական ակտի ուժով (...):
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 54-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատավարական ժամկետների ավարտից հետո դատավարության մասնակիցները կորցնում են այդ ժամկետներով պայմանավորված գործողություններ կատարելու իրավունքը: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` դատավարական ժամկետների ավարտից հետո ներկայացված հայցադիմումների ընդունումը մերժվում է նույն օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի հիմքով, եթե բաց թողնված դատավարական ժամկետները վարչական դատարանի որոշմամբ չեն վերականգնվում: Դատավարական ժամկետների ավարտից հետո ներկայացված այլ փաստաթղթերը վարչական դատարանի որոշմամբ վերադարձվում են դրանք ներկայացրած անձանց, եթե բացակայում է բաց թողնված դատավարական ժամկետներով պայմանավորված գործողություններ կատարելու իրավունքը վերականգնելու մասին միջնորդությունը: Նման միջնորդությունը բավարարվում է, եթե վարչական դատարանը համարում է, որ անձը ժամկետը բաց է թողել հարգելի պատճառով:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 65-րդ հոդվածի համաձայն` վարչական դատարանում գործը հարուցվում է հայցի հիման վրա:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վիճարկման հայցով հայցվորը կարող է պահանջել ամբողջությամբ կամ մասնակիորեն վերացնել միջամտող վարչական ակտը, ներառյալ` զուգորդվող վարչական ակտի միջամտող դրույթները:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` հայցը վարչական դատարան կարող է ներկայացվել վիճարկման հայցի դեպքում` երկամսյա ժամկետում` վարչական ակտի ուժի մեջ մտնելու պահից:
ՀՀ սահմանադրական դատարանը, մի շարք որոշումներով (10.12.2013 թվականի թիվ ՍԴՈ-1127, 10.02.2015 թվականի թիվ ՍԴՈ-1190, 03.03.2015 թվականի թիվ ՍԴՈ-1192, 16.06.2015 թվականի թիվ ՍԴՈ-1220, 26.06.2015 թվականի թիվ ՍԴՈ-1222, 10.03.2016 թվականի թիվ ՍԴՈ-1257 և այլն) անդրադառնալով արդարադատության մատչելիության, արդար և արդյունավետ դատաքննության իրավունքների երաշխավորման սահմանադրական իրավաչափության խնդիրներին, արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ դատավարական որևէ առանձնահատկություն կամ ընթացակարգ չի կարող խոչընդոտել կամ կանխել դատարան դիմելու իրավունքի արդյունավետ իրացման հնարավորությունը, իմաստազրկել ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված դատական պաշտպանության իրավունքը կամ դրա իրացման արգելք հանդիսանալ, ընթացակարգային որևէ առանձնահատկություն չի կարող մեկնաբանվել որպես ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակման հիմնավորում, դատարանի (արդարադատության) մատչելիությունը կարող է ունենալ որոշակի սահմանափակումներ, որոնք չպետք է խաթարեն այդ իրավունքի բուն էությունը:
Թեև դատարանի մատչելիության իրավունքն ուղղակիորեն ամրագրված չէ Կոնվենցիայի 6-րդ հոդվածում, սակայն Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (այսուհետ` Եվրոպական դատարան) այն ճանաչել է որպես արդար դատաքննության իրավունքի անբաժանելի տարր: Այսպես, Եվրոպական դատարանի կողմից դատարանի մատչելիության իրավունքի վերաբերյալ ձևավորված կայուն նախադեպային իրավունքի համաձայն` Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետը երաշխավորում է անձի իրավունքներին և պարտականություններին առնչվող հայցով դատարան դիմելու իրավունքը: Այդ դրույթը մարմնավորում է դատարան դիմելու, այն է` դատարանում հայց հարուցելու իրավունքը, որը հնարավորություն է տալիս օգտվելու Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետում նախատեսված մյուս երաշխիքներից: Դատական վարույթի արդար, հրապարակային և արագ բնութագրիչները, անշուշտ, արժեք չեն ունենա, եթե այդ գործընթացներին ընթացք չի տրվում: Դժվար է պատկերացնել իրավունքի գերակայություն արդարադատություն իրականացնելիս, եթե դատարան դիմելու իրավունքը չի ապահովվում (տե՛ս, Kreuz v. Poland (28249/95) գործով Եվրոպական դատարանի 19.06.2001 թվականի վճիռը, 52-րդ կետ): Մինչդեռ Եվրոպական դատարանի տեսանկյունից` դատարանի իրավունքը բացարձակ չէ և կարող է ենթարկվել սահմանափակումների: Այդ սահմանափակումները թույլատրվում են, քանի որ մատչելիության իրավունքն իր բնույթով պահանջում է պետության կողմից որոշակի կարգավորումներ, և այս առումով պետությունը որոշակի հայեցողական լիազորություն ունի: Սակայն դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը պետք է իրականացվի այնպես, որ չխախտի կամ զրկի անձին մատչելիության իրավունքից այնպես կամ այն աստիճան, որ խախտվի այդ իրավունքի բուն էությունը (տե՛ս, Tolstoy Miloslavsky v. The United Kingdom (18139/91) գործով Եվրոպական դատարանի 13.07.1995 թվականի վճիռը, 59-րդ կետ): Ըստ Եվրոպական դատարանի` դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը չի կարող համատեղելի լինել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի հետ, եթե այն չի հետապնդում իրավաչափ նպատակ, և եթե առկա չէ ողջամիտ հարաբերակցություն ձեռնարկվող միջոցների և հետապնդվող նպատակների միջև` համաչափության առումով (տե՛ս, Khalfaoui v. France (34791/97) գործով Եվրոպական դատարանի 14.12.1999 թվականի վճիռը, 36-րդ կետ): Մեկ այլ վճռով Եվրոպական դատարանը նշել է, որ դատարանի մատչելիությունն օրենսդրական կարգավորումների առարկա է, և դատարանները պարտավոր են կիրառել դատավարական համապատասխան կանոնները` խուսափելով ինչպես գործի արդարացի քննությանը խոչընդոտող ավելորդ ձևականություններից (ֆորմալիզմից), այնպես էլ չափազանց ճկուն մոտեցումից, որի դեպքում օրենքով սահմանված դատավարական պահանջները կկորցնեն իրենց նշանակությունը: Ըստ Եվրոպական դատարանի` դատարանի մատչելիության իրավունքը խաթարվում է այն դեպքում, երբ օրենսդրական նորմերը դադարում են ծառայել իրավական որոշակիության ու արդարադատության պատշաճ իրականացման նպատակներին և խոչընդոտում են անձին հասնել իրավասու դատարանի կողմից իր գործի ըստ էության քննությանը (տե՛ս, Dumitru Gheorghe v. Romania (33883/06) գործով Եվրոպական դատարանի 12.04.2016 թվականի վճիռը, 28-րդ կետ):
Անդրադառնալով դատարանի մատչելիության ժամկետային սահմանափակումներին` Եվրոպական դատարանն արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ ներպետական օրենսդրությամբ սահմանված այդպիսի սահմանափակումները հետապնդում են որոշակի կարևոր նպատակներ, մասնավորապես` իրավական որոշակիության երաշխավորումը, հավանական պատասխանողի պաշտպանությունը ժամկետանց հայցերից: Ըստ Եվրոպական դատարանի` նմանատիպ հայցերի դեպքում դժվար կլինի կանխել անարդարությունը, որը կարող է առաջանալ, եթե դատարաններից պահանջվի քննել հեռավոր անցյալում տեղի ունեցած իրադարձություններ այնպիսի ապացույցների հիման վրա, որոնք կարող են լինել ոչ արժանահավատ և ոչ ամբողջական` բավականաչափ ժամանակահատված անցած լինելու պատճառով: Եվրոպական դատարանը գտել է, որ ժամկետային սահմանափակումների առումով պետությունները նույնպես հայեցողական լիազորություն ունեն որոշելու, թե դատարանի մատչելիությունն ինչպես պետք է սահմանափակվի (տե՛ս, Stubbings and others v. The United Kingdom (22083/93, 22095/93) գործով Եվրոպական դատարանի 22.10.1996 թվականի վճիռը, 51-րդ և 55-րդ կետեր):
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վերը նշված իրավական դիրքորոշումների համատեքստում պետք է մեկնաբանվեն և կիրառվեն նաև ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 54-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ օրենսդիրը, սահմանելով վարչական դատարանում գործի հարուցման հիմքը` համապատասխան հայցը, միաժամանակ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 72-րդ հոդվածում սահմանել է այն ժամկետները, որոնց ընթացքում հայցը կարող է ներկայացվել վարչական դատարան: Օրենսդիրը, սահմանելով վարչական դատարան հայց ներկայացնելու ժամկետները, միաժամանակ հատուկ սահմանել է բաց թողնված ժամկետների վերականգնելու իրավական հնարավորությունը համապատասխան միջնորդության և հարգելի պատճառների առկայության դեպքում, իսկ մնացած բոլոր դեպքերի համար ամրագրել, որ դատավարական ժամկետների ավարտից հետո ներկայացված հայցադիմումները և այլ փաստաթղթերը դատարանը չի քննարկում և վերադարձնում է դրանք ներկայացրած անձանց:
Այսպիսով, օրենքով սահմանված դատավարական ժամկետների ավարտից հետո ներկայացված հայցադիմումները և այլ փաստաթղթերը դատարանը չի քննարկում և վերադարձնում է դրանք ներկայացրած անձանց, եթե բացակայում է բաց թողնված դատավարական ժամկետներով պայմանավորված գործողություններ կատարելու իրավունքը վերականգնելու մասին միջնորդությունը: Նման միջնորդությունը կարող է բավարարվել, եթե դատարանը գտնի, որ անձը ժամկետը բաց է թողել հարգելի պատճառով:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 54-րդ հոդվածի 2-րդ մասի բովանդակությունից հետևում է, որ բաց թողնված ժամկետը հարգելի համարելու հիմքեր օրենսդիրը կոնկրետ չի նշել` այդ հիմքերի ողջամիտ և բավարար լինելու հանգամանքը թողնելով դատարանների գնահատմանը: ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ գտել է, որ բաց թողնված ժամկետը հարգելի համարելու հիմքերը պայմանականորեն կարելի է բաժանել երկու խմբի` օբյեկտիվ և սուբյեկտիվ:
Օբյեկտիվ հիմքերի մեջ կարելի է դասել ֆորսմաժորային դեպքերը` տարերային աղետները, ինչպես նաև արտակարգ իրավիճակը և նմանատիպ այլ` անձանց կամքից անկախ հիմքերով առաջացող պատճառները: Սուբյեկտիվ գործոնը պայմանավորված է անմիջականորեն տվյալ անձի հետ կապված և գործնականում ավելի երկար ժամանակ պահանջող ողջամիտ խնդիրների լուծմամբ, առանց որի անհնար է դատավարական գործողության կատարումը: Օրինակ` երբ ֆիզիկական անձը զրկված է դատական պրոցեսին մասնակցելու կամ ներկայացուցչի միջոցով մասնակցությունն ապահովելու հնարավորությունից` երկարատև հիվանդության պատճառով:
Վերոգրյալի հիման վրա ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ բոլոր դեպքերում էլ, բացի ֆորսմաժորային իրավիճակներից, բաց թողնված դատավարական ժամկետը հարգելի համարելու համար ընդհանուր կանոնն այն է, որ անձը պարտավոր է ապացուցել, որ օրենքով սահմանված ժամկետի ընթացքում ձեռնարկել է իրենից կախված ողջամիտ ու բավարար միջոցներ դատարան դիմելու, դատավարությանը մասնակցելու և այն հիմնավորող ապացույցները ներկայացնելու և այլ դատավարական գործողություններ իրականացնելու ուղղությամբ, սակայն իր կամքից անկախ պատճառներով բաց է թողել օրենքով սահմանված դատավարական ժամկետները (տե՛ս, Երևանի քաղաքապետարանն ընդդեմ Գայանե Մելքոնյանի թիվ ՎԴ/0059/05/14 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.07.2014 թվականի որոշումը):
Մեկ այլ որոշման շրջանակներում ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ անձինք իրենց դատական պաշտպանության իրավունքից կարող են օգտվել օրենքով սահմանված ժամկետներում, և որպեսզի վարչական դատարանն իրավասու լինի գործադրելու օրենքով սահմանված իր լիազորությունները կոնկրետ իրավական վեճն ըստ էության լուծելու համար, անհրաժեշտ է երկու պայմանների միաժամանակյա առկայություն, առաջին` համապատասխան հայցի առկայություն, երկրորդ` հայցի ներկայացում վարչական դատարան` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով սահմանված ժամկետներում: Դատավարական ժամկետները բաց թողնելու դեպքում երկրորդ պայմանն ապահովված կարող է համարվել միայն կոնկրետ վարչական գործում բաց թողնված դատավարական ժամկետների վերականգնման բավարարված միջնորդության առկայության դեպքում, իսկ մնացած դեպքերում անձը չի կարող օգտվել դատական պաշտպանության իրավունքից, իսկ ՀՀ վարչական դատարանն իրավասու չէ գործադրելու օրենքով վարչական դատարանի համար նախատեսված լիազորությունները (տե՛ս, Աշոտ Գագիկի Հովհաննիսյանի օրինական ներկայացուցիչ Գագիկ Հովհաննիսյանն ընդդեմ ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության թիվ ՎԴ/9439/05/12 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.10.2013 թվականի որոշումը, Երևանի քաղաքապետարանն ընդդեմ Արմենուհի Դալիբալթյանի թիվ ՎԴ/2499/05/14 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 10.12.2014 թվականի որոշումը, Հրաչյա Գրիգորյանն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի և մյուսների թիվ ՎԴ/1963/05/14 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 24.12.2014 թվականի որոշումը, «2ԷԴ» ՓԲԸ-ի տնօրեն Էդգար Հովհաննիսյանն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի թիվ ՎԴ/5086/05/14 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 15.07.2015 թվականի որոշումը, Եղեգնուտի գյուղապետարանն ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Արմավիրի մարզային ստորաբաժանման թիվ ՎԴ/0196/05/15 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.03.2016 թվականի որոշումը):
Սույն գործի փաստերի համաձայն` Գուրգեն Ազատյանը և Ելիզավետա Մանասյանը հայցադիմում են ներկայացրել Դատարան (հայցադիմումն առաջին անգամ ներկայացվել է 29.05.2018 թվականին)` պահանջելով անվավեր ճանաչել Քաղաքապետի 14.11.2017 թվականի թիվ 01/18-Ղ-2023-1121 շինարարության թույլտվությունը (հատոր 1-ին, գ.թ. 3-9, 28-34): Դատարանի 06.06.2018 թվականի որոշմամբ հայցադիմումը վերադարձվել է, իսկ 29.06.2018 թվականի որոշմամբ հայցադիմումն ընդունվել է վարույթ: Դատարանը հայցադիմումում ներառված դատավարական ժամկետի բացթողումը վերականգնելու միջնորդությանը հայցադիմումը վարույթ ընդունելու փուլում չի անդրադարձել` այդ փուլում համարելով առարկայազուրկ և նշելով, որ դրան կանդրադառնա գործի քննության ընթացքում (հատոր 1-ին, գ.թ. 48-49):
Դատարանի 10.10.2018 թվականի որոշմամբ Ղևոնդ Ղալումյանի կողմից ներկայացված` իրեն որպես երրորդ անձ ներգրավելու վերաբերյալ միջնորդությունը բավարարվել է, և վերջինս սույն գործով դատավարության մեջ ներգրավվել է որպես երրորդ անձ (հատոր 1-ին, գ.թ. 97-98):
19.12.2019 թվականի նախնական դատական նիստում կողմերի հետ քննարկվել է բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ հարցը, և վերոնշյալ միջնորդությունը ներկայացնելու համար հայցվորներին տրամադրվել է 10 օր (հատոր 1-ին, գ.թ. 125-129):
Հայցվորները 28.12.2018 թվականին ներկայացրել են բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու միջնորդություն այն հիմնավորումներով, որ վիճարկվող ակտով իրենք չեն հանդիսացել հասցեատերերը, հետևաբար տեղեկացված չեն եղել վիճարկվող ակտի գոյության վերաբերյալ, բացի այդ, «Շրջակա միջավայրի ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերի գնահատման և շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության ենթակա նախատեսվող գործունեության տեսակներն ըստ բնագավառների դասակարգվում են երեք կատեգորիայի` Ա, Բ, Գ` ըստ շրջակա միջավայրի վրա նվազող ազդեցության աստիճանի: Այսինքն` այս դեպքում ազդեցության կանոնակարգման և փորձաքննության հետ կապված խնդիրների կարգավորումը պարտադիր է, և հայցվորներն էլ իրենց հերթին պետք է ծանուցվեին այդ մասով հանրային քննարկումներին, բնականաբար, այդ ժամանակ էլ տեղեկացված կլինեին վիճարկվող վարչական ակտի գոյության մասին, ինչը չի կատարվել վարչական մարմնի կողմից: Բացի այդ, շինարարության թույլտվություն տրամադրելն ինքնին վարչարարություն է, ուստի հայցվորներն օրենքի ուժով տվյալ վարչական վարույթի մասնակիցներ են, մինչդեռ վերջիններս չեն ծանուցվել վարչական վարույթի վերաբերյալ և շինարարության թույլտվության վերաբերյալ տեղեկացել են միայն Քաղաքապետին ուղղված դիմումի պատասխան գրությունից` 20.04.2018 թվականին, որից հետո դիմել են դատարան և խնդրել վերականգնել բաց թողնված դատավարական ժամկետը:
Դատարանի 14.01.2019 թվականի որոշմամբ Գուրգեն Ազատյանի և Ելիզավետա Մանասյանի ներկայացրած` բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը մերժվել է այն պատճառաբանություններով, որ վիճարկման հայցի դատավարական ժամկետի բացթողնման պատճառը հարգելի կարող էր համարվել ոչ թե լիազոր մարմնին 16.04.2018 թվականին դիմելուց և նրա 20.04.2018 թվականի գրությունը ստանալուց հետո` երկամսյա ժամկետում հայց հարուցելու դեպքում, այլ երբ հայցվորներն իրենց իրավունքի ենթադրյալ խախտման մասին տեղեկանալուց (շինարարությունը սկսվելուց) հետո առնվազն նշված ժամկետում կատարեին դրա պաշտպանությանն ուղղված որոշակի գործողություններ, ինչը սույն գործով որևէ կերպ չի ապացուցվում: Դատարանն արձանագրել է նաև, որ սույն գործի նյութերում շինարարական աշխատանքները փաստացի 17.11.2017 թվականից սկսվելու և դրա պատվիրատուի կողմից մինչև շինարարությունն սկսելը հատուկ վահանակ տեղադրելու պահանջը կատարված լինելու փաստը հերքող որևէ ապացույց առկա չէ, ինչից հետևում է, որ այդ փաստերը պետք է համարվեն հաստատված, քանի որ վերոհիշյալ փաստերը հերքելու կամ էլ հակառակն ապացուցելու պարտականությունը բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու միջնորդության քննարկման փուլում դրված է հենց հայցվորների` որպես նման միջնորդություն ներկայացրած անձանց վրա, որոնք նրանք չեն կատարել (հատոր 1-ին, գ.թ. 145-155):
Վերաքննիչ դատարանը, մերժելով հայցվորների ներկայացուցչի վերաքննիչ բողոքը, հիմնավոր է համարել Դատարանի պատճառաբանությունները:
Մինչդեռ վկայակոչված իրավական դիրքորոշումների լույսի ներքո անդրադառնալով սույն վարչական գործի փաստերին և ստորադաս դատարանների պատճառաբանությունների հիմնավորվածությանը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.
Սույն գործի փաստերի համաձայն` Քաղաքապետի կողմից 14.11.2017 թվականին Ղևոնդ Ղալումյանին տրվել է թիվ 01/18-Ղ-2023-1121 շինարարության թույլտվությունը` Երևանի Կենտրոն վարչական շրջանի Թումանյան թիվ 30/1 հասցեում բնակելի-բազմաֆունկցիոնալ շենքի շինարարության համար (հատոր 1-ին, գ.թ. 36-37): Սույն գործով հայցվորներ Գուրգեն Ազատյանի և Ելիզավետա Մանասյանի կողմից ներկայացվել է Քաղաքապետարանի 20.04.2018 թվականի գրությունն այն մասին, որ ի պատասխան Քաղաքապետին հասցեագրված դիմումի` տրամադրվում է Կենտրոն վարչական շրջանի Թումանյան թիվ 30/1 հասցեում նախատեսվող բնակելի-բազմաֆունկցիոնալ շենքի կառուցման նպատակով կառուցապատող Ղևոնդ Ղալումյանին տրամադրված նախագծման թույլտվության, ստորգետնյա հարկերի կառուցման նպատակով տրված շինարարական թույլտվության և նախագծի փորձաքննության պատճենները (հատոր 1-ին, գ.թ. 38): Բացի այդ, սույն գործում առկա` վերաքննիչ բողոքին կից ներկայացված Քաղաքապետարանի 22.03.2018 թվականի թիվ 50/1-Կ-624 պատասխան գրությամբ հայտնել են, որ Ղևոնդ Ղալումյանին 10.02.2017 թվականին տրվել է նախագծման թույլտվություն, ըստ որի կառուցվող շենքը պետք է բաղկացած լինի ստորգետնյա ավտոկայանատեղիների և 8 վերգետնյա հարկերից, և ներկա պահին կառուցապատողի կողմից ներկայացված նախագիծը գտնվում է ուսումնասիրման և քննարկման փուլում, ինչի ավարտից հետո այն կհամաձայնեցվի և կտրամադրվի անհրաժեշտ շինարարության թույլտվություն (հատոր 2-րդ, գ.թ. 41):
Վճռաբեկ դատարանը, համադրելով սույն գործի փաստերը ստորադաս ատյանների պատճառաբանությունների հետ, արձանագրում է, որ այն պատճառաբանությունները, որ հայցվորներն իրենց իրավունքների ենթադրյալ խախտման, այսինքն` Ղևոնդ Ղալումյանին տրամադրված շինարարական թույլտվության առկայության մասին տեղեկացել են ոչ թե իրենց համապատասխան հարցումներին Քաղաքապետարանի կողմից ստացված պատասխան գրություններից, այլ ավելի վաղ` շինարարական աշխատանքները սկսելուց հետո, և չեն ձեռնարկել ողջամիտ և բավարար միջոցներ վիճարկելու վարչական ակտը` Ղևոնդ Ղալումյանին տրամադրված շինարարության թույլտվությունը, անհիմն են և չեն բխում սույն գործի փաստերից: Նախ` կառուցապատողի կողմից շինարարությունն սկսելը, դեռևս չի փաստում այն մասին, որ շահագրգիռ անձինք` տվյալ դեպքում` հայցվորները, պետք է անպայմանորեն եզրակացնեին, որ Քաղաքապետի կողմից Ղևոնդ Ղալումյանին 14.11.2017 թվականին տրամադրվել է թիվ 01/18-Ղ-2023-1121 շինարարության թույլտվությունը, որով վերջինիս տրվել է իրավունք Երևան քաղաքի Թումանյան թիվ 30/1 հասցեում ստորգետնյա և վերգետնյա 8 հարկեր կառուցելու նպատակով, որպեսզի հնարավորություն ունենային ՀՀ վարչական դատավարությամբ սահմանված վիճարկման հայց ներկայացնելու համար նախատեսված երկամսյա ժամկետում դիմելու ՀՀ վարչական դատարան, այն պայմաններում, որ սույն գործով բացակայում են ապացույցներ այն մասին, որ վերջիններս մասնակից են դարձվել վարչական վարույթին, կամ որևէ եղանակով իրազեկվել են շինարարության թույլտվության մասին:
Ավելին` Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Քաղաքապետարանի 22.03.2018 թվականի թիվ 50/1-Կ-624 պատասխան գրության բովանդակության ուսումնասիրությունից հետևում է, որ Ղևոնդ Ղալումյանին 10.02.2017 թվականին տրվել է նախագծման թույլտվություն, ըստ որի` կառուցվող շենքը պետք է բաղկացած լինի ստորգետնյա ավտոկայանատեղիների և 8 վերգետնյա հարկերից, և տվյալ պահին կառուցապատողի կողմից ներկայացված նախագիծը դեռևս գտնվում է ուսումնասիրման և քննարկման փուլում, ինչի ավարտից հետո այն կհամաձայնեցվի և դրանից հետո կտրամադրվի անհրաժեշտ շինարարության թույլտվությունը: Այսինքն` վերոնշյալ գրությունից հետևում է, որ Ղևոնդ Ղալումյանին դեռևս չի տրամադրվել համապատասխան շինարարության թույլտվությունը, քանի որ կառուցապատողի կողմից ներկայացված նախագիծը դեռևս գտնվում է ուսումնասիրման և քննարկման փուլում, որի հավանության արժանանալու փուլից հետո պետք է տրամադրվի շինարարության թույլտվությունը, և միայն Քաղաքապետարանի 20.04.2018 թվականի պատասխան գրությամբ է նշվել, որ 14.11.2017 թվականին արդեն իսկ ընդունվել է վեճի առարկա վարչական ակտը: Իսկ մինչև այդ պահը Ղևոնդ Ղալումյանին 14.11.2017 թվականին տրամադրված շինարարության թույլտվության մասին հայցվորների իմանալու վերաբերյալ ապացույցներ չեն ներկայացվել:
Ինչ վերաբերում է հասարակությանն իրազեկելու նպատակով հատուկ վահանակի բացակայությունը հայցվորների կողմից որևէ կերպ չհիմնավորվելու և չապացուցվելու վերաբերյալ ստորադաս դատարանների պատճառաբանությանը, Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.
ՀՀ քաղաքաշինության նախարարի «Շինարարական արտադրության կազմակերպման աշխատանքների կատարման կարգը հաստատելու մասին» 14.01.2008 թվականի թիվ 07-Ն որոշմամբ հաստատված «Շինարարական արտադրության կազմակերպման աշխատանքների կատարման» կարգի 1-ին կետի համաձայն` «Շինարարական արտադրության կազմակերպման աշխատանքների կատարման կարգ» նորմատիվատեխնիկական փաստաթղթի (այսուհետ Կարգի) կիրառումը տարածվում է ՀՀ կառավարության 2007 թվականի նոյեմբերի 23-ի «Շինարարության ոլորտում գնագոյացման նորմերի և նորմատիվների կիրառումն ապահովելու մասին» թիվ 1484-Ն որոշմամբ նախատեսված քաղաքաշինական գործունեության սուբյեկտների և/կամ մասնակիցների (այդ թվում` կառուցապատողների, քաղաքաշինական փաստաթղթեր մշակողների, շինարարություն իրականացնողների, քաղաքաշինական գործունեության վերահսկողություն իրականացնողների) վրա:
Կարգի 2-րդ կետի համաձայն` նույն Կարգը սահմանում է ՀՀ տարածքում իրականացվող նոր շինարարության, գոյություն ունեցող շենքերի և շինությունների հիմնանորոգման (վերակառուցման, վերականգնման, ուժեղացման), ընդլայնման, արդիականացման (հետագայում` Շինարարության) ընթացքում աշխատանքների կազմակերպման հիմնադրույթները և կարգավորում է շինարարության մասնակիցների փոխհարաբերությունները:
Կարգի 4-րդ կետի 3-րդ ենթակետի համաձայն` պատվիրատուն` նախապատրաստական փուլում` մինչև շինարարություն սկսելը` հասարակությանն իրազեկելու նպատակով շինարարության համար հատկացված շինհրապարակի ցանկապատի /այդ թվում` ճանապարհաշինական աշխատանքների ուղեգծի/ առավել տեսանելի տեղամասում տեղադրում է հատուկ վահանակ, որը պետք է պարունակի` պատվիրատու և կապալառու կազմակերպությունների տվյալների, ծրագրի անվանման ու նպատակային նշանակության, շինարարական աշխատանքների սկզբի և ավարտի ժամկետների (...) մասին տեղեկատվություն` պահպանելով վահանակը մինչև ավարտված շինարարության փաստագրումը:
Երևան քաղաքի ավագանու «Քաղաքաշինական նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերով սահմանված նորմերի Երևանում իրականացման լրացուցիչ պայմանների կարգը սահմանելու մասին» 16.03.2012 թվականի թիվ 405-Ն որոշմամբ հաստատված «Քաղաքաշինական նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերով սահմանված նորմերի Երևանում իրականացման լրացուցիչ պայմանների» կարգի 7-րդ կետի 5-րդ ենթակետի համաձայն` լրացուցիչ պայմանների կատարումն ապահովելու նպատակով կառուցապատվող օբյեկտի շինարարական հրապարակին կից` տեսանելի վայրում, Կառուցապատողը փակցնում է տվյալ օբյեկտի շինարարական աշխատանքներին վերաբերող ցուցատախտակ, որը պետք է պարունակի հետևյալ տեղեկատվությունը`
ա. կառուցապատման օբյեկտի վերջնական տեսքը նկարագրող գունավոր էսքիզային պատկեր.
բ. ճարտարապետահատակագծային առաջադրանքի տրամադրման համարը և ամսաթիվը.
գ. համաձայնեցված ճարտարապետաշինարարական նախագծի համարը և ամսաթիվը.
դ. շինարարության թույլտվության համարը և ամսաթիվը.
ե. շինարարական աշխատանքների սկիզբը և ավարտը (ամիս և տարեթիվ).
զ. կառուցապատման օբյեկտի մակերեսը, հարկայնությունը և նպատակային նշանակությունը.
է. Կառուցապատողի (կամ պատվիրատուի) տվյալները.
ը. կառուցապատման օբյեկտի նախագծի հեղինակի տվյալները.
թ. կառուցապատման օբյեկտի շինարարական աշխատանքներ իրականացնող կազմակերպության տվյալները.
ժ. կառուցապատման օբյեկտի նկատմամբ տեխնիկական հսկողություն իրականացնող կազմակերպության տվյալները:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ հասարակությանն իրազեկելու նպատակով վերը նշված հատուկ վահանակը (ցուցատախտակը) սահմանված կարգով և ժամկետում տեղադրված լինելու վերաբերյալ առկա է միայն պատասխանողի և երրորդ անձի հայտարարությունը, որին չեն համաձայնում բողոք բերած անձինք` հայցվորները: Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ տվյալ դեպքում այդ վահանակը (ցուցատախտակը) սահմանված կարգով և ժամկետում տեղադրված լինելու փաստի բացակայությունն ապացուցելու պարտականությունը չի կարող դրվել հայցվորների վրա: Նման եզրահանգման հիմքում ընկած է այն իրողությունը, որ անձը կարող է չունենալ այդ փաստի բացակայությունն ապացուցելու ողջամիտ հնարավորություն: Ավելին նշված վահանակի տեղադրված լինելու ապացուցման պարտականությունը կրում է կառուցապատողը, որպիսի հանգամանքի ապացուցման ուղղությամբ որևէ ապացույց չի ներկայացվել:
Այսպիսով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Քաղաքապետարանի 20.04.2018 թվականի պատասխան գրությունից և դրան կից տրամադրված շինարարության թույլտվության և նախագծի փորձաքննության պատճենների ուսումնասիրությունից հետո Գուրգեն Ազատյանը և Ելիզավետա Մանասյանն իրազեկվել էին, որ Երևան քաղաքի Թումանյան թիվ 30/1 հասցեում շինարարություն իրականացնելու նպատակով Ղևոնդ Ղալումյանին 14.11.2017 թվականին տրամադրվել է թիվ 01/18-Ղ-2023-1121 շինարարության թույլտվությունը, որով խախտվում են կամ կարող են խախտվել հայցվորների իրավունքները: Այսինքն` հայցվորները մինչև 20.04.2018 թվականը տեղեկացված չէին վարչական ակտի գոյության մասին, հետևաբար վերջիններս, չհանդիսանալով վարչական ակտի հասցեատեր, վիճարկման հայց ներկայացնելու ժամկետը բաց են թողել հարգելի պատճառով և այդ մասին իրազեկվելուց հետո երկու ամսվա ընթացքում` 29.05.2018 թվականին, վիճարկման հայցով դիմել են վարչական դատարան, որպիսի պայմաններում դատավարական ժամկետների բացթողումը հարգելի համարելու և այն վերականգնելու մասին միջնորդությունը ենթակա էր բավարարման, ինչի կապակցությամբ Դատարանը կայացրել է ոչ իրավաչափ դատական ակտ, որպիսի հանգամանքն անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից:
Վճռաբեկ բողոքի պատասխաններում բերված փաստարկները հերքվում են վերը նշված պատճառաբանությամբ:
Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 150-րդ, 152-րդ և 163-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը վերացնելու համար»:
Վճռաբեկ դատարանի դատավոր Գոռ Հակոբյանս, համաձայն չլինելով վերը նշված որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերում Վճռաբեկ դատարանի դատավորների մեծամասնության կողմից արտահայտված կարծիքի հետ, շարադրում եմ իմ հատուկ կարծիքը դրանց վերաբերյալ:
Այսպես`
Սույն գործի փաստերի համաձայն` Գուրգեն Ազատյանը և Ելիզավետա Մանասյանը 29.05.2018 թվականին հայցադիմում են ներկայացրել դատարան` պահանջելով անվավեր ճանաչել Քաղաքապետի 14.11.2017 թվականի թիվ 01/18-Ղ-2023-1121 շինարարության թույլտվությունը:
Դատարանը 06.06.2018 թվականին որոշում է կայացրել հայցադիմումը վերադարձնելու մասին` միաժամանակ նշելով, որ բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ հայցվորների միջնորդությանը կանդրադառնա հայցադիմումը վարույթ ընդունելու դեպքում:
Գուրգեն Ազատյանը և Ելիզավետա Մանասյանը 21.06.2018 թվականին կրկին հայցադիմում են ներկայացրել դատարան` պահանջելով անվավեր ճանաչել Քաղաքապետի 14.11.2017 թվականի թիվ 01/18-Ղ-2023-1121 շինարարության թույլտվությունը:
Դատարանը 29.06.2018 թվականին որոշում է կայացրել հայցադիմումը վարույթ ընդունելու մասին, և նշելով, որ «վերը նշված միջնորդությունը տվյալ փուլում առարկայազուրկ է (Դատարանը սույն գործով դատավարական ժամկետի պահպանված լինելու հարցին կանդրադառնա գործի քննության ընթացքում)», հայցվորների կողմից ներկայացված բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդությանը չի անդրադարձել:
Դատարանի 10.10.2018 թվականի որոշմամբ բավարարվել է Ղևոնդ Ղալումյանի միջնորդությունը և վերջինս դատավարության մեջ ներգրավվել է որպես երրորդ անձ:
Հրավիրված նախնական դատական նիստում կողմերի հետ քննարկելով բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ հարցը` Դատարանը վերը նշված միջնորդությունը ներկայացնելու համար հայցվորներին տրամադրել է ժամկետ:
Հայցվորները դատարան են ներկայացրել բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդություն, ըստ էության, այն հիմնավորումներով, որ`
1) վիճարկվող վարչական ակտով իրենք հասցեատերեր չեն հանդիսացել, որի պայմաններում այդ վարչական ակտն իրենց առաքման կամ տրամադրման ենթակա փաստաթուղթ չի հանդիսացել.
2) զանգվածային լրատվամիջոցներով, էլեկտրոնային փոստով կամ հայտարարություններով հանրային ծանուցում չի իրականացվել.
3) իրենք օրենքի ուժով հանդիսանում են վարչական վարույթի մասնակիցներ` երրորդ անձինք, մինչդեռ վարչական վարույթի մասին չեն ծանուցվել.
4) շինարարության թույլտվություն տրամադրված լինելու մասին տեղեկացել են իրենց ներկայացուցչի կողմից Երևանի քաղաքապետին ուղղված դիմումին ի պատասխան տրված գրությամբ` թվագրված 20.04.2018 թվականի ամսաթվով:
Դատարանը 14.01.2019 թվականին որոշում է կայացրել Գուրգեն Ազատյանի և Ելիզավետա Մանասյանի ներկայացրած` բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը մերժելու մասին:
Վերաքննիչ դատարանը, պատճառաբանելով նաև, որ «հայցվորների կողմից ներկայացված բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու միջնորդության հիմնավորումներն անհիմն են, քանի որ հայցվորները որևէ կերպ չեն հիմնավորել և չեն ապացուցել այն փաստը, որ տվյալ դեպքում առկա է եղել մի այնպիսի հանգամանք (այն է` օբյեկտիվ կամ էլ սուբյեկտիվ գործոն), որի հետևանքով նրանք ըստ էության զրկված են եղել օրենքով սահմանված ժամկետում հայց ներկայացնելու իրական որևէ հնարավորությունից», 19.03.2019 թվականին որոշում է կայացրել Գուրգեն Ազատյանի և Ելիզավետա Մանասյանի ներկայացուցչի վերաքննիչ բողոքը մերժելու ու Դատարանի 14.01.2019 թվականի «Բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու մասին» որոշումն անփոփոխ թողնելու մասին:
Այժմ Վճռաբեկ դատարանը, պատճառաբանելով, որ`
1) «կառուցապատողի կողմից շինարարությունն սկսելը դեռևս չի փաստում այն մասին, որ շահագրգիռ անձինք` տվյալ դեպքում` հայցվորները, պետք է անպայմանորեն եզրակացնեին, որ Քաղաքապետի կողմից Ղևոնդ Ղալումյանին 14.11.2017 թվականին տրամադրվել է թիվ 01/18-Ղ-2023-1121 շինարարության թույլտվությունը, որով վերջինիս տրվել է իրավունք Երևան քաղաքի Թումանյան թիվ 30/1 հասցեում ստորգետնյա և վերգետնյա 8 հարկեր կառուցելու նպատակով, որպեսզի հնարավորություն ունենային ՀՀ վարչական դատավարությամբ սահմանված վիճարկման հայց ներկայացնելու համար նախատեսված երկամսյա ժամկետում դիմելու ՀՀ վարչական դատարան, այն պայմաններում, որ սույն գործով բացակայում են ապացույցներ այն մասին, որ վերջիններս մասնակից են դարձվել վարչական վարույթին, կամ որևէ եղանակով իրազեկվել են շինարարության թույլտվության մասին»,
2) «Քաղաքապետարանի 22.03.2018 թվականի թիվ 50/1-Կ-624 պատասխան գրության բովանդակության ուսումնասիրությունից հետևում է, որ Ղևոնդ Ղալումյանին 10.02.2017 թվականին տրվել է նախագծման թույլտվություն, ըստ որի` կառուցվող շենքը պետք է բաղկացած լինի ստորգետնյա ավտոկայանատեղիների և 8 վերգետնյա հարկերից, և տվյալ պահին կառուցապատողի կողմից ներկայացված նախագիծը դեռևս գտնվում է ուսումնասիրման և քննարկման փուլում, ինչի ավարտից հետո այն կհամաձայնեցվի և դրանից հետո կտրամադրվի անհրաժեշտ շինարարության թույլտվությունը: Այսինքն` վերոնշյալ գրությունից հետևում է, որ Ղևոնդ Ղալումյանին դեռևս չի տրամադրվել համապատասխան շինարարության թույլտվությունը, քանի որ կառուցապատողի կողմից ներկայացված նախագիծը դեռևս գտնվում է ուսումնասիրման և քննարկման փուլում, որի հավանության արժանանալու փուլից հետո պետք է տրամադրվի շինարարության թույլտվությունը, և միայն Քաղաքապետարանի 20.04.2018 թվականի պատասխան գրությամբ է նշվել, որ 14.11.2017 թվականին արդեն իսկ ընդունվել է վեճի առարկա վարչական ակտը: Իսկ մինչև այդ պահը Ղևոնդ Ղալումյանին 14.11.2017 թվականին տրամադրված շինարարության թույլտվության մասին հայցվորների իմանալու վերաբերյալ ապացույցներ չեն ներկայացվել»,
3) «հասարակությանն իրազեկելու նպատակով հատուկ վահանակը (ցուցատախտակը) սահմանված կարգով և ժամկետում տեղադրված լինելու վերաբերյալ առկա է միայն պատասխանողի և երրորդ անձի հայտարարությունը, որին չեն համաձայնում բողոք բերած անձինք` հայցվորները: (...) տվյալ դեպքում այդ վահանակը (ցուցատախտակը) սահմանված կարգով և ժամկետում տեղադրված լինելու փաստի բացակայությունն ապացուցելու պարտականությունը չի կարող դրվել հայցվորների վրա: Նման եզրահանգման հիմքում ընկած է այն իրողությունը, որ անձը կարող է չունենալ այդ փաստի բացակայությունն ապացուցելու ողջամիտ հնարավորություն: Ավելին նշված վահանակի տեղադրված լինելու ապացուցման պարտականությունը կրում է կառուցապատողը, որպիսի հանգամանքի ապացուցման ուղղությամբ որևէ ապացույց չի ներկայացվել»,
4) «Քաղաքապետարանի 20.04.2018 թվականի պատասխան գրությունից և դրան կից տրամադրված շինարարության թույլտվության և նախագծի փորձաքննության պատճենների ուսումնասիրությունից հետո Գուրգեն Ազատյանը և Ելիզավետա Մանասյանն իրազեկվել էին, որ Երևան քաղաքի Թումանյան թիվ 30/1 հասցեում շինարարություն իրականացնելու նպատակով Ղևոնդ Ղալումյանին 14.11.2017 թվականին տրամադրվել է թիվ 01/18-Ղ-2023-1121 շինարարության թույլտվությունը, որով խախտվում են կամ կարող են խախտվել հայցվորների իրավունքները: Այսինքն` հայցվորները մինչև 20.04.2018 թվականը տեղեկացված չէին վարչական ակտի գոյության մասին, հետևաբար վերջիններս, չհանդիսանալով վարչական ակտի հասցեատեր, վիճարկման հայց ներկայացնելու ժամկետը բաց են թողել հարգելի պատճառով և այդ մասին իրազեկվելուց հետո երկու ամսվա ընթացքում` 29.05.2018 թվականին, վիճարկման հայցով դիմել են վարչական դատարան, որպիսի պայմաններում դատավարական ժամկետների բացթողումը հարգելի համարելու և այն վերականգնելու մասին միջնորդությունը ենթակա էր բավարարման, ինչի կապակցությամբ Դատարանը կայացրել է ոչ իրավաչափ դատական ակտ, որպիսի հանգամանքն անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից»,
եզրահանգել է, որ «այն պատճառաբանությունները, որ հայցվորներն իրենց իրավունքների ենթադրյալ խախտման, այսինքն` Ղևոնդ Ղալումյանին տրամադրված շինարարական թույլտվության առկայության մասին տեղեկացել են ոչ թե իրենց համապատասխան հարցումներին Քաղաքապետարանի կողմից ստացված պատասխան գրություններից, այլ ավելի վաղ` շինարարական աշխատանքները սկսելուց հետո, և չեն ձեռնարկել ողջամիտ և բավարար միջոցներ վիճարկելու վարչական ակտը` Ղևոնդ Ղալումյանին տրամադրված շինարարության թույլտվությունը` անհիմն են և չեն բխում սույն գործի փաստերից»:
Համաձայն ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 171-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի` վճռաբեկ դատարանի որոշման մեջ նշվում են դատական ակտը բեկանելիս այն շարժառիթները, որոնցով վճռաբեկ դատարանը չի համաձայնել այդ ակտը կայացրած դատարանի հիմնավորումներին կամ եզրահանգումներին:
Գտնում եմ, որ վերը նշված շարժառիթները տվյալ դեպքում չէին կարող հիմք հանդիսանալ Վերաքննիչ դատարանի դատական ակտը վերացնելու համար հետևյալ պատճառաբանությամբ:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վիճարկման հայցով հայցվորը կարող է պահանջել ամբողջությամբ կամ մասնակիորեն վերացնել միջամտող վարչական ակտը, ներառյալ` զուգորդվող վարչական ակտի միջամտող դրույթները:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` հայցը վարչական դատարան կարող է ներկայացվել վիճարկման հայցի դեպքում` երկամսյա ժամկետում` վարչական ակտի ուժի մեջ մտնելու պահից:
Նշված նորմերի վերլուծությունից բխում է, որ վիճարկման հայցը հայցվորը կարող է վարչական դատարան ներկայացնել վարչական ակտի ուժի մեջ մտնելու պահից երկամսյա ժամկետում:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 54-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատավարական ժամկետների ավարտից հետո դատավարության մասնակիցները կորցնում են այդ ժամկետներով պայմանավորված գործողություններ կատարելու իրավունքը:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` դատավարական ժամկետների ավարտից հետո ներկայացված հայցադիմումների ընդունումը մերժվում է նույն օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի հիմքով, եթե բաց թողնված դատավարական ժամկետները վարչական դատարանի որոշմամբ չեն վերականգնվում: Դատավարական ժամկետների ավարտից հետո ներկայացված այլ փաստաթղթերը վարչական դատարանի որոշմամբ վերադարձվում են դրանք ներկայացրած անձանց, եթե բացակայում է բաց թողնված դատավարական ժամկետներով պայմանավորված գործողություններ կատարելու իրավունքը վերականգնելու մասին միջնորդությունը: Նման միջնորդությունը բավարարվում է, եթե վարչական դատարանը համարում է, որ անձը ժամկետը բաց է թողել հարգելի պատճառով:
Նշված նորմերի վերլուծությունից բխում է նաև, որ դատավարության մասնակիցները զրկվում են դատավարական ժամկետների ավարտից հետո դատարան հայցադիմումներ ներկայացնելու իրավունքից, իսկ նման հայցադիմումներ ներկայացված լինելու դեպքում դրանց ընդունումը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի հիմքով ենթակա է մերժման, եթե բաց թողնված դատավարական ժամկետները վարչական դատարանի որոշմամբ չեն վերականգնվում: Ընդ որում, այդ ժամկետները վերականգնելու վերաբերյալ միջնորդությունը բավարարվում է, եթե վարչական դատարանը համարում է, որ անձը ժամկետը բաց է թողել հարգելի պատճառով:
Այսինքն` որպեսզի դատարանը հիմք ունենա քննարկելու հայցադիմումը դատարան ներկայացնելու ժամկետը բաց թողնելու պատճառը հարգելի համարելու վերաբերյալ միջնորդությունը և այն վերականգնի, նախ անհրաժեշտ է, որպեսզի հաստատված համարի հայցվորի կողմից այդ ժամկետը բաց թողնված լինելու փաստը: Հակառակ պարագայում նման միջնորդությունը ենթակա է առանց քննարկման թողնման:
Դրանից ելնելով` կարծում եմ, որ նախ անհրաժեշտ է պարզել` արդյո՞ք սույն գործով հայցվորները բաց են թողել սույն գործով ներկայացված հայցադիմումը դատարան ներկայացնելու օրենքով սահմանված դատավարական ժամկետը:
Ինչպես արդեն իսկ նշեցի վերը, վիճարկման հայցը հայցվորը կարող է վարչական դատարան ներկայացնել վարչական ակտի ուժի մեջ մտնելու պահից երկամսյա ժամկետում: Տվյալ դեպքում հայցվորների կողմից ներկայացվել է վիճարկման հայց, ուստի անհրաժեշտ է պարզել` արդյո՞ք սույն գործով հայցվորները հայցադիմումը դատարան են ներկայացրել օրենքով սահմանված ժամկետում, այն է` վարչական ակտի ուժի մեջ մտնելու պահից երկամսյա ժամկետում:
Դրանից ելնելով անհրաժեշտ եմ համարում պարզել, թե ե՞րբ է ուժի մեջ մտել սույն գործով վիճարկվող վարչական ակտը, և ե՞րբ է ներկայացվել սույն գործով հայցադիմումը:
Այսպես`
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` գրավոր վարչական ակտն ուժի մեջ է մտնում այդ ակտի ընդունման մասին` նույն օրենքի 59-րդ հոդվածով սահմանված կարգով իրազեկելուն հաջորդող օրվանից, եթե օրենքով կամ այդ ակտով այլ բան նախատեսված չէ:
Այսինքն` օրենսդիրը որպես կանոն գրավոր վարչական ակտի դեպքում դրա ուժի մեջ մտնելու պահը, եթե առկա չեն վերը նշված բացառությունները, պայմանավորել է այդ ակտի ընդունման մասին «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 59-րդ հոդվածով սահմանված կարգով վարչական վարույթի մասնակիցներին իրազեկելուն հաջորդող օրվա հետ:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 59-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վարչական մարմինը վարույթի մասնակիցներին վարչական ակտի ընդունման մասին իրազեկում է նույն հոդվածով նախատեսված հանձնման կամ հրապարակման եղանակով:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` գրավոր վարչական ակտը, ընդունումից հետո` եռօրյա ժամկետում, պետք է հանձնվի վարույթի մասնակիցներին: Դա կարող է իրականացվել պատվիրված փոստով, այդ թվում` ստանալու մասին ծանուցմամբ, հասցեատիրոջը ստորագրությամբ առձեռն հանձնելու, ինչպես նաև հանձնման այնպիսի եղանակներով, որոնք թույլ են տալիս հաստատել հասցեատիրոջ կողմից ակտը ստանալու կամ օրենքով սահմանված դեպքերում պատշաճ ծանուցված լինելու փաստը:
Որպես կանոն, գրավոր վարչական ակտի հանձնումը պետք է կատարվի ակտը վարույթի մասնակիցներին ստորագրությամբ առձեռն հանձնելու միջոցով:
Նույն մասով նախատեսված հանձնման մյուս միջոցները կիրառվում են այն դեպքում, երբ որևէ հիմնավոր պատճառով ստորագրությամբ առձեռն հանձնելու հնարավորություն չկա, այդ թվում, եթե հասցեատերն ինքը խնդրել է օգտագործել հանձնման այլ միջոցներ:
Նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն` վարչական ակտի հրապարակումը կատարվում է վարչական մարմնի տեղեկագրում կամ այլ պաշտոնական տեղեկագրում հրատարակելով կամ զանգվածային լրատվության այլ միջոցներով հրապարակելով:
Գրավոր վարչական ակտը ենթակա է պարտադիր հրապարակման, եթե վարչական մարմնին հայտնի չեն այդ ակտով ուղղակիորեն շոշափվող անձանց վերաբերյալ տեղեկությունները, ինչպես նաև օրենքով նախատեսված այլ դեպքերում:
(...)
Մամուլում, զանգվածային լրատվության այլ միջոցներում կամ տեղեկատվության տարածման այլ միջոցներում հրապարակվում է գրավոր վարչական ակտի եզրափակիչ մասը: Նման եղանակով հրապարակման մեջ պետք է նշվի, թե որտեղ կարելի է ամբողջությամբ ծանոթանալ վարչական ակտին, այդ թվում` դրա հիմնավորմանը:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վարչական վարույթի մասնակիցներն են (այսուհետ` վարույթի մասնակիցներ)`
ա) վարչական ակտի հասցեատերը` այն անձը, ով դիմել է վարչական ակտ ընդունելու համար (դիմող), կամ այն անձը, ում նկատմամբ վարչական մարմինն իր նախաձեռնությամբ ընդունելու է վարչական ակտ.
բ) երրորդ անձինք` այն անձինք, որոնց իրավունքները կամ օրինական շահերը կարող են շոշափվել վարույթի արդյունքում ընդունվելիք վարչական ակտով:
Նշված նորմերի վերլուծությունից բխում է, որ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 59-րդ հոդվածով սահմանված են վարչական ակտի ընդունման մասին վարչական վարույթի մասնակիցներին` վարչական ակտի հասցեատիրոջը և երրորդ անձանց, իրազեկելու որոշակի եղանակներ: Այդպիսի եղանակներ են այդ ակտի հանձնումը և հրապարակումը: Ընդ որում, գրավոր վարչական ակտի դեպքում դրա մասին իրազեկումը կատարվում է այն ընդունվելուց հետո` եռօրյա ժամկետում վարույթի մասնակիցներին հանձնելու միջոցով, որը կարող է իրականացվել պատվիրված փոստով, այդ թվում` ստանալու մասին ծանուցմամբ, հասցեատիրոջը ստորագրությամբ առձեռն հանձնելու, ինչպես նաև հանձնման այնպիսի եղանակներով, որոնք թույլ են տալիս հաստատել հասցեատիրոջ կողմից ակտը ստանալու կամ օրենքով սահմանված դեպքերում պատշաճ ծանուցված լինելու փաստը: Միևնույն ժամանակ, ինչպես արդեն իսկ նշվեց վերը, օրենսդիրը որպես վարչական ակտի ընդունման մասին վարչական վարույթի մասնակիցներին իրազեկելու եղանակ նախատեսել է նաև վարչական ակտի հրապարակումը վարչական մարմնի տեղեկագրում կամ այլ պաշտոնական տեղեկագրում այն հրատարակելու կամ զանգվածային լրատվության այլ միջոցներով այն հրապարակելու միջոցով: Ընդ որում, օրենսդիրը վարույթն իրականացնող մարմնի համար վարչական ակտը պարտադիր հրապարակելու պարտականություն է նախատեսել նաև այն դեպքում, երբ վարչական մարմնին հայտնի չեն այդ ակտով ուղղակիորեն շոշափվող անձանց վերաբերյալ տեղեկությունները:
Նկատի ունենալով, որ սույն գործով հայցվորները «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի իմաստով հանդիսանում են երրորդ անձ` վարչական վարույթի մասնակիցներ, քանի որ ըստ իրենց` այդ վարչական ակտով շոշափվում են նաև իրենց իրավունքները և օրինական շահերը, իսկ ես իմ հերթին կարծում եմ, որ վիճարկվող վարչական ակտով, ելնելով դրա բովանդակությունից և էությունից, կարող էին, բացի վարչական ակտի հասցեատիրոջից, ուղղակիորեն շոշափվել նաև այլ անձանց վերաբերյալ տեղեկություններ, ուստի այս դեպքում վերը նշված դիրքորոշման համաձայն` վարույթն իրականացնող մարմինը պարտավոր էր վիճարկվող վարչական ակտը պարտադիր հրապարակել` նպատակ ունենալով այդ եղանակով վարչական ակտի ընդունման մասին իրազեկելու նաև վարույթի մասնակից հնարավոր երրորդ անձանց, քանի որ հանձնման եղանակով այդ անձանց իրազեկելը տվյալ դեպքում գործնականում կարող էր անհնար լինել` նկատի ունենալով, որ վարչական մարմինը չի տիրապետել բավարար տեղեկատվության այն անձանց սպառիչ շրջանակի մասին, ում իրավունքներն ուղղակիորեն կարող էին շոշափվել վիճարկվող վարչական ակտով, և նման դեպքերի համար է, որ օրենսդիրը սահմանել է վարչական ակտի իրազեկման այլ եղանակ` «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 59-րդ հոդվածի 5-րդ մասում ամրագրելով վարչական ակտի հրապարակման պարտադիր կանոնը:
Քանի որ ինչպես դատարանը, այնպես էլ Վերաքննիչ դատարանը հայցադիմումը դատարան ներկայացնելու ժամկետը բաց թողնելու պատճառը հարգելի համարելու վերաբերյալ միջնորդությունը մերժել են իմ դիրքորոշումից տարբերվող լրիվ այլ պատճառաբանություններով` առանց քննարկելու և պարզելու, թե արդյո՞ք վարչական վարույթի մասնակից երրորդ անձանց վարչական ակտի ընդունման մասին իրազեկելու նպատակով վիճարկվող վարչական ակտը «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 59-րդ հոդվածով սահմանված կարգով հրապարակվել է, թե ոչ, որից ելնելով և պարզեին, թե երբ է ուժի մեջ մտել այդ վարչական ակտը, ու արդյոք հայցադիմումը դատարան է ներկայացվել երկամսյա ժամկետի պահպանմամբ, այսինքն` ստորադաս դատարանների կողմից ոչ հաստատվել, և ոչ էլ հերքվել են վերը նշված փաստական հանգամանքները, ուստի այս պայմաններում անհնար եմ համարում կարծիք հայտնելը հայցադիմումը դատարան ներկայացնելու դատավարական ժամկետը հայցվորների կողմից բաց թողնված լինելու վերաբերյալ:
Նույն պատճառաբանությամբ, կարծում եմ, որ Վերաքննիչ դատարանին չի կարող վերագրվել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 54-րդ հոդվածի խախտման հետևանքով արդարադատության բուն էությունը խաթարող դատական սխալ թույլ տալը` առանց Վճռաբեկ դատարանի կողմից վերը նշված հանգամանքների առկայությունը հաստատված համարելու:
Դատավոր Գ. Հակոբյան
ՀԱՏՈՒԿ ԿԱՐԾԻՔ
11.12.2020թ.
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական
պալատի կողմից թիվ ՎԴ/6202/05/18 վարչական գործով 11.12.2020 թվականին
կայացված որոշման պատճառաբանական մասի վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան), 11.12.2020 թվականին գրավոր ընթացակարգով քննելով ըստ հայցի Գուրգեն Ազատյանի և Ելիզավետա Մանասյանի ընդդեմ Երևանի քաղաքապետարանի (այսուհետ` Քաղաքապետարան), երրորդ անձ Ղևոնդ Ղալումյանի` Երևանի քաղաքապետի (այսուհետ` Քաղաքապետ) 14.11.2017 թվականի թիվ 01/18-Ղ-2023-1121 շինարարության թույլտվությունն անվավեր ճանաչելու պահանջի մասին, վարչական գործով ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 19.03.2019 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշման դեմ Գուրգեն Ազատյանի և Ելիզավետա Մանասյանի ներկայացուցիչ Արմեն Անտոնյանի վճռաբեկ բողոքը, նույն պալատի դատավորների ընդհանուր թվի մեծամասնությամբ որոշել է վճռաբեկ բողոքը բավարարել, վերացնել ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 19.03.2019 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշումը և կայացնել նոր դատական ակտ, այն է` վերացնել ՀՀ վարչական դատարանի 14.01.2019 թվականի «Բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու մասին» որոշումը:
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի դատավորներ Ռուզաննա Հակոբյանս և Ստեփան Միքայելյանս, համաձայն չլինելով վերը նշված որոշմամբ Վճռաբեկ դատարանի դատավորների մեծամասնության արտահայտած կարծիքի հետ, ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի 6-րդ և 7-րդ մասերով, շարադրում ենք մեր հատուկ կարծիքը նշված որոշման պատճառաբանական մասի վերաբերյալ:
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան` Գուրգեն Ազատյանը և Ելիզավետա Մանասյանը պահանջել են անվավեր ճանաչել Քաղաքապետի 14.11.2017 թվականի թիվ 01/18-Ղ-2023-1121 շինարարության թույլտվությունը:
ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Գ. Սոսյան) (այսուհետ` Դատարան) 06.06.2018 թվականի որոշմամբ հայցադիմումը վերադարձվել է:
Դատարանի 29.06.2018 թվականի որոշմամբ հայցադիմումն ընդունվել է վարույթ:
Դատարանի 10.10.2018 թվականի որոշմամբ Ղևոնդ Ղալումյանը դատավարության մեջ ներգրավվել է որպես երրորդ անձ:
Դատարանի 14.01.2019 թվականի որոշմամբ բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ Գուրգեն Ազատյանի և Ելիզավետա Մանասյանի միջնորդությունը մերժվել է:
ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 19.03.2019 թվականի որոշմամբ Գուրգեն Ազատյանի և Ելիզավետա Մանասյանի ներկայացուցչի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 14.01.2019 թվականի «Բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու մասին» որոշումը թողնվել է անփոփոխ:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Գուրգեն Ազատյանի և Ելիզավետա Մանասյանի ներկայացուցիչը:
Վճռաբեկ բողոքի պատասխաններ են ներկայացվել Ղևոնդ Ղալումյանի և Քաղաքապետարանի կողմից:
2. Վճռաբեկ դատարանը բողոքը քննել է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 54-րդ հոդվածի 2-րդ մասը:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ գրավոր վարչական ակտը ենթակա է հրապարակման, եթե վարչական մարմնին հայտնի չեն այդ ակտով ուղղակիորեն շոշափվող անձանց վերաբերյալ տեղեկությունները, ինչպես նաև գրավոր վարչական ակտը կարող է հրապարակվել վարչական մարմնի նախաձեռնությամբ, եթե ակտի հրապարակումը համարում է առավել նպատակահարմար պետության և հանրության շահերի, ինչպես նաև անձանց իրավունքների արդյունավետ պահպանման անհրաժեշտությունից ելնելով: Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ ներկայացված հայցով վիճարկվում է քաղաքաշինական` կառուցապատման բնույթի իրավահարաբերություններ առաջացնող այնպիսի կարևորագույն փաստաթուղթ, ինչպիսին է շինարարության թույլտվության տրամադրման վերաբերյալ որոշումը, իսկ վիճարկվող ակտի հասցեատերը հայցվորները չեն, այսինքն` ակտն օրենքով հայցվորներին առաքվող կամ տրամադրվող փաստաթուղթ չէ, մինչդեռ դրա բովանդակությունից և էությունից ակնհայտ է, որ դրանով տրամադրված իրավունքով շոշափվում է անորոշ թվով անձանց իրավունքների պաշտպանության խնդիր, հետևաբար վարչական մարմինը պարտավոր էր հրապարակել այն:
Բացի այդ, կառուցապատողը, մինչև շինարարությունը սկսելը` նախապատրաստական փուլում, հասարակությանն իրազեկելու նպատակով շինարարության համար հատկացված շինհրապարակի ցանկապատի առավել տեսանելի տեղամասում պետք է տեղադրի հատուկ վահանակ, որը պետք է պարունակի` պատվիրատու և կապալառու կազմակերպությունների տվյալների, ծրագրի անվանման ու նպատակային նշանակության, շինարարական աշխատանքների սկզբի և ավարտի ժամկետների և այլ տեղեկություններ, որը նույնպես չի կատարվել, ինչի արդյունքում հայցվորները չէին իմացել և չէին կարող իմանալ իրենց իրավունքները խախտող շինարարական թույլտվության առկայության մասին: Հայցվորներն այդ մասին իմացել են միայն 2018 թվականի ապրիլին` շինարարական աշխատանքները սկսելուց հետո, որից հետո գրություններով դիմել են Քաղաքապետարան և միայն Քաղաքապետարանի 20.04.2018 թվականի պատասխան գրությունից իմացել են շինարարության թույլտվության առկայության մասին, որից հետո դիմել են դատարան` միջնորդելով վերականգնել բաց թողնված դատավարական ժամկետը:
Վերաքննիչ դատարանը պատճառաբանել է, որ բողոք բերող անձի հիմնավորումները վերաբերում են ոչ թե ժամկետը հարգելի ճանաչելուն, այլ վարչական ակտի իրավաչափությանը, մինչդեռ հաշվի չի առել որ դրանք փոխկապակցված են, քանի որ վարչական ակտի իրավաչափությունը և հայցվորների կողմից ժամկետի բացթողումը կապված են համապատասխան սուբյեկտների կողմից իրենց պարտականությունները չկատարելու հետ, որն էլ պատճառ է հանդիսացել վիճարկման հայց ներկայացնելու ժամկետը բաց թողնելու համար: Սույն գործով հայցվորների կողմից որպես ապացույց ներկայացվել են Քաղաքապետարանից ստացված իրարամերժ գրություններ, որոնցից 22.03.2018 թվականի գրության մեջ նշված էր, որ կառուցապատողին տրվել էր նախագծման թույլտվություն և կառուցապատողի նախագիծը գտնվում է ուսումնասիրման փուլում, որից հետո միայն կտրամադրվի շինարարության թույլտվությունը, մինչդեռ 20.04.2018 թվականի գրության մեջ նշված էր, որ շինարարության թույլտվությունն արդեն տրվել է, իսկ 23.04.2018 թվականի գրությամբ հայտնել են, որ կառուցապատողից պահանջվել է տարածքում տեղադրել վահանակ վերջնական նախագծի վերաբերյալ:
Բողոք բերած անձանց ներկայացուցիչը գտնում է, որ նշվածը բավարար է ապացուցելու համար, որ հայցվորները չեն իմացել իրենց իրավունքների խախտման մասին, և առաջին կասկածն առաջանալուց անմիջապես հետո ձեռնարկել են միջոցներ դրա հիմքը պարզելու համար:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է «բեկանել» Վերաքննիչ դատարանի 19.03.2019 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշումը և կայացնել նոր դատական ակտ:
2.1. Քաղաքապետարանի վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները.
Վիճարկման հայցով հայցվորին իրավունք է տրված պահանջել ամբողջությամբ կամ մասնակիորեն վերացնելու միջամտող վարչական ակտը, որպիսի հայցը ներկայացնելու համար սահմանված է երկամսյա ժամկետ, որի հաշվարկը սկսվում է վարչական ակտի ուժի մեջ մտնելու պահից: Հետևաբար նշված ժամկետը բաց թողնելով` անձն այլևս կորցնում է այդ ժամկետով պայմանավորված գործողություններ կատարելու, այն է` վիճարկման հայց ներկայացնելու իր իրավունքը: Անձի կողմից ժամկետի բացթողնման պատճառը կարող է համարվել հարգելի միայն այն դեպքում, երբ առկա է այնպիսի իրավիճակ, որի հետևանքով վերջինս օբյեկտիվորեն զրկված էր օրենքով սահմանված ժամկետում հայց ներկայացնելու իրական որևէ հնարավորությունից, որպիսի հանգամանքն էլ պետք է ապացուցի հենց այդ դատավարական ժամկետի վերականգնում հայցողը` ներկայացնելով համապատասխան ապացույցներ, որը տվյալ դեպքում չի կատարվել:
2.2. Ղևոնդ Ղալումյանի վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները.
Վճռաբեկ բողոքում նշված այն պնդումը, որ վարչական ակտը պետք է հրապարակվեր, սակայն չի հրապարակվել, անհիմն է, քանի որ Քաղաքապետարանին հայտնի էին այդ ակտով ուղղակիորեն շոշափվող անձի, այսինքն` վարչական ակտի հասցեատիրոջ` Ղևոնդ Ղալումյանի վերաբերյալ տեղեկությունները, հետևաբար այն կարող էր չհրապարակվել:
Ինչ վերաբերում է բողոքաբերների այն պատճառաբանություններին, որ Քաղաքապետարան հարցումներ ուղարկելուց հետո են պարզել շինարարական թույլտվության առկայության մասին և դիմել են դատարան, ապա դրանք դեռևս հարգելի պատճառներ չեն վիճարկման հայց ներկայացնելու համար սահմանված դատավարական ժամկետի բացթողումը հարգելի համարելու համար, քանի որ շինարարական աշխատանքները սկսվել են 2017 թվականի նոյեմբեր ամսին, իսկ քաղաքացիների համար հասանելի և տեսանելի վայրում տեղադրվել է վահանակը, որում ոչ միայն պատկերված էր կառուցվող շենքը, այլ նաև կառուցապատողի և շինարարական թույլտվության ամբողջական տվյալները, հետևաբար հայցվորներն այդ մասին տեղեկացել են ավելի վաղ, սակայն ողջամիտ և բավարար միջոցներ չեն ձեռնարկել դատարան դիմելու համար:
3. Հատուկ կարծիքի հիմնավորումները.
Սույն գործի փաստերի համաձայն` Գուրգեն Ազատյանը և Ելիզավետա Մանասյանը հայցադիմում են ներկայացրել Դատարան (հայցադիմումն առաջին անգամ ներկայացվել է 29.05.2018 թվականին)` պահանջելով անվավեր ճանաչել Քաղաքապետի 14.11.2017 թվականի թիվ 01/18-Ղ-2023-1121 շինարարության թույլտվությունը (հատոր 1-ին, գ.թ. 3-9, 28-34): Դատարանի 06.06.2018 թվականի որոշմամբ հայցադիմումը վերադարձվել է, իսկ 29.06.2018 թվականի որոշմամբ հայցադիմումն ընդունվել է վարույթ: Դատարանը հայցադիմումում ներառված դատավարական ժամկետի բացթողումը վերականգնելու միջնորդությանը հայցադիմումը վարույթ ընդունելու փուլում չի անդրադարձել` այդ փուլում համարելով առարկայազուրկ և նշելով, որ դրան կանդրադառնա գործի քննության ընթացքում (հատոր 1-ին, գ.թ. 46-49):
Դատարանի 10.10.2018 թվականի որոշմամբ Ղևոնդ Ղալումյանի կողմից ներկայացված` իրեն որպես երրորդ անձ ներգրավելու վերաբերյալ միջնորդությունը բավարարվել է, և վերջինս սույն գործով դատավարության մեջ ներգրավվել է որպես երրորդ անձ (հատոր 1-ին, գ.թ. 97-98):
19.12.2018 թվականի նախնական դատական նիստում կողմերի հետ քննարկվել է բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ հարցը, և վերոնշյալ միջնորդությունը ներկայացնելու համար հայցվորներին տրամադրվել է 10 օր (հատոր 1-ին, գ.թ. 125-129):
Հայցվորները 28.12.2018 թվականին ներկայացրել են բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու միջնորդություն այն հիմնավորումներով, որ վիճարկվող ակտով իրենք չեն հանդիսացել հասցեատերերը, հետևաբար տեղեկացված չեն եղել վիճարկվող ակտի գոյության վերաբերյալ, բացի այդ, «Շրջակա միջավայրի ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերի գնահատման և շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության ենթակա նախատեսվող գործունեության տեսակներն ըստ բնագավառների դասակարգվում են երեք կատեգորիայի` Ա, Բ, Գ` ըստ շրջակա միջավայրի վրա նվազող ազդեցության աստիճանի: Այսինքն` այս դեպքում ազդեցության կանոնակարգման և փորձաքննության հետ կապված խնդիրների կարգավորումը պարտադիր է, և հայցվորներն էլ իրենց հերթին պետք է ծանուցվեին այդ մասով հանրային քննարկումներին, բնականաբար, այդ ժամանակ էլ տեղեկացված կլինեին վիճարկվող վարչական ակտի գոյության մասին, ինչը չի կատարվել վարչական մարմնի կողմից: Բացի այդ, շինարարության թույլտվություն տրամադրելն ինքնին վարչարարություն է, ուստի հայցվորներն օրենքի ուժով տվյալ վարչական վարույթի մասնակիցներ են, մինչդեռ վերջիններս չեն ծանուցվել վարչական վարույթի վերաբերյալ և շինարարության թույլտվության վերաբերյալ տեղեկացել են միայն Քաղաքապետին ուղղված դիմումի պատասխան գրությունից` 20.04.2018 թվականին, որից հետո դիմել են դատարան և խնդրել վերականգնել բաց թողնված դատավարական ժամկետը:
Դատարանի 14.01.2019 թվականի որոշմամբ Գուրգեն Ազատյանի և Ելիզավետա Մանասյանի ներկայացրած` բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը մերժվել է այն պատճառաբանություններով, որ վիճարկման հայցի դատավարական ժամկետի բաց թողնման պատճառը հարգելի կարող էր համարվել ոչ թե լիազոր մարմնին 16.04.2018 թվականին դիմելուց և նրա 20.04.2018 թվականի գրությունը ստանալուց հետո` երկամսյա ժամկետում հայց հարուցելու դեպքում, այլ երբ հայցվորներն իրենց իրավունքի ենթադրյալ խախտման մասին տեղեկանալուց (շինարարությունը սկսվելուց) հետո առնվազն նշված ժամկետում կատարեին դրա պաշտպանությանն ուղղված որոշակի գործողություններ, ինչը սույն գործով որևէ կերպ չի ապացուցվում: Դատարանն արձանագրել է նաև, որ սույն գործի նյութերում շինարարական աշխատանքները փաստացի 17.11.2017 թվականից սկսվելու և դրա պատվիրատուի կողմից մինչև շինարարությունն սկսելը հատուկ վահանակ տեղադրելու պահանջը կատարված լինելու փաստը հերքող որևէ ապացույց առկա չէ, ինչից հետևում է, որ այդ փաստերը պետք է համարվեն հաստատված, քանի որ վերոհիշյալ փաստերը հերքելու կամ էլ հակառակն ապացուցելու պարտականությունը բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու միջնորդության քննարկման փուլում դրված է հենց հայցվորների` որպես նման միջնորդություն ներկայացրած անձանց վրա, որոնք նրանք չեն կատարել (հատոր 1-ին, գ.թ. 145-155):
Վերաքննիչ դատարանը, մերժելով հայցվորների ներկայացուցչի վերաքննիչ բողոքը, հիմնավոր է համարել Դատարանի պատճառաբանությունները:
Վճռաբեկ դատարանը որոշել է վճռաբեկ բողոքը բավարարել, վերացնել Վերաքննիչ դատարանի 19.03.2019 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշումը և կայացնել նոր դատական ակտ, այն է` վերացնել Դատարանի 14.01.2019 թվականի «Բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու մասին» որոշումը:
Ի հիմնավորումն վերոգրյալ եզրահանգման` Վճռաբեկ դատարանը վկայակոչել է ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասը, 63-րդ հոդվածի 1-ին մասը, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետը, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը, 54-րդ հոդվածի 1-ին մասը, 65-րդ հոդվածը, 66-րդ հոդվածի 1-ին մասը, 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը, արդարադատության մատչելիության, արդար և արդյունավետ դատաքննության իրավունքների երաշխավորման մասին ՀՀ սահմանադրական դատարանի 10.12.2013 թվականի թիվ ՍԴՈ-1127, 10.02.2015 թվականի թիվ ՍԴՈ-1190, 03.03.2015 թվականի թիվ ՍԴՈ-1192, 16.06.2015 թվականի թիվ ՍԴՈ-1220, 26.06.2015 թվականի թիվ ՍԴՈ-1222, 10.03.2016 թվականի թիվ ՍԴՈ-1257 որոշումներով արտահայտած իրավական դիրքորոշումները, ինչպես նաև դատարանի մատչելիության իրավունքի և այդ իրավունքի ժամկետային սահմանափակումների մասին Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ` Եվրոպական դատարան) Kreuz v. Poland (28249/95) գործով 19.06.2001 թվականի վճռով` 52-րդ կետ, Tolstoy Miloslavsky v. The United Kingdom (18139/91) գործով 13.07.1995 թվականի վճռով` 59-րդ կետ, Khalfaoui v. France (34791/97) գործով 14.12.1999 թվականի վճռով` 36-րդ կետ, Dumitru Gheorghe v. Romania (33883/06) գործով 12.04.2016 թվականի վճռով` 28-րդ կետ, Stubbings and others v. The United Kingdom (22083/93; 22095/93) գործով Եվրոպական դատարանի 22.10.1996 թվականի վճռով` 51-րդ և 55-րդ կետեր, արտահայտած իրավական դիրքորոշումները` եզրահանգելով, որ վերը նշված իրավական դիրքորոշումների համատեքստում պետք է մեկնաբանվեն և կիրառվեն նաև ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 54-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը:
Ըստ այդմ` Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ օրենսդիրը, սահմանելով վարչական դատարանում գործի հարուցման հիմքը` համապատասխան հայցը, միաժամանակ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 72-րդ հոդվածում սահմանել է այն ժամկետները, որոնց ընթացքում հայցը կարող է ներկայացվել վարչական դատարան: Օրենսդիրը, սահմանելով վարչական դատարան հայց ներկայացնելու ժամկետները, միաժամանակ հատուկ սահմանել է բաց թողնված ժամկետները վերականգնելու իրավական հնարավորությունը համապատասխան միջնորդության և հարգելի պատճառների առկայության դեպքում, իսկ մնացած բոլոր դեպքերի համար ամրագրել, որ դատավարական ժամկետների ավարտից հետո ներկայացված հայցադիմումները և այլ փաստաթղթերը դատարանը չի քննարկում և վերադարձնում է դրանք ներկայացրած անձանց:
Այսպիսով, օրենքով սահմանված դատավարական ժամկետների ավարտից հետո ներկայացված հայցադիմումները և այլ փաստաթղթերը դատարանը չի քննարկում և վերադարձնում է դրանք ներկայացրած անձանց, եթե բացակայում է բաց թողնված դատավարական ժամկետներով պայմանավորված գործողություններ կատարելու իրավունքը վերականգնելու մասին միջնորդությունը: Նման միջնորդությունը կարող է բավարարվել, եթե դատարանը գտնի, որ անձը ժամկետը բաց է թողել հարգելի պատճառով:
Միևնույն ժամանակ, անդրադառնալով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 54-րդ հոդվածի 2-րդ մասի բովանդակությանը և գտնելով, որ բաց թողնված ժամկետը հարգելի համարելու հիմքեր օրենսդիրը կոնկրետ չի նշել` այդ հիմքերի ողջամիտ և բավարար լինելու հանգամանքը թողնելով դատարանների գնահատմանը, Վճռաբեկ դատարանը վկայակոչել է բաց թողնված ժամկետը հարգելի համարելու օբյեկտիվ և սուբյեկտիվ հիմքերի, ինչպես նաև անձանց կողմից իրենց դատական պաշտպանության իրավունքն օրենքով սահմանված ժամկետներում իրացնելու վերաբերյալ Երևանի քաղաքապետարանն ընդդեմ Գայանե Մելքոնյանի թիվ ՎԴ/0059/05/14 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.07.2014 թվականի, Աշոտ Գագիկի Հովհաննիսյանի օրինական ներկայացուցիչ Գագիկ Հովհաննիսյանն ընդդեմ ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության թիվ ՎԴ/9439/05/12 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.10.2013 թվականի, Երևանի քաղաքապետարանն ընդդեմ Արմենուհի Դալիբալթյանի թիվ ՎԴ/2499/05/14 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 10.12.2014 թվականի, Հրաչյա Գրիգորյանն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի և մյուսների թիվ ՎԴ/1963/05/14 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 24.12.2014 թվականի, «2ԷԴ» ՓԲԸ-ի տնօրեն Էդգար Հովհաննիսյանն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի թիվ ՎԴ/5086/05/14 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 15.07.2015 թվականի, Եղեգնուտի գյուղապետարանն ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Արմավիրի մարզային ստորաբաժանման թիվ ՎԴ/0196/05/15 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.03.2016 թվականի որոշումներում արտահայտած իրավական դիրքորոշումները և արձանագրել հետևյալը. «(...) Քաղաքապետի կողմից 14.11.2017 թվականին Ղևոնդ Ղալումյանին տրվել է թիվ 01/18-Ղ-2023-1121 շինարարության թույլտվությունը` Երևանի Կենտրոն վարչական շրջանի Թումանյան թիվ 30/1 հասցեում բնակելի-բազմաֆունկցիոնալ շենքի շինարարության համար (հատոր 1-ին, գ.թ. 36-37): Սույն գործով հայցվորներ Գուրգեն Ազատյանի և Ելիզավետա Մանասյանի կողմից ներկայացվել է Քաղաքապետարանի 20.04.2018 թվականի գրությունն այն մասին, որ ի պատասխան Քաղաքապետին հասցեագրված դիմումի` տրամադրվում է Կենտրոն վարչական շրջանի Թումանյան թիվ 30/1 հասցեում նախատեսվող բնակելի-բազմաֆունկցիոնալ շենքի կառուցման նպատակով կառուցապատող Ղևոնդ Ղալումյանին տրամադրված նախագծման թույլտվության, ստորգետնյա հարկերի կառուցման նպատակով տրված շինարարական թույլտվության և նախագծի փորձաքննության պատճենները (հատոր 1-ին, գ.թ. 38): Բացի այդ, սույն գործում առկա` վերաքննիչ բողոքին կից ներկայացված Քաղաքապետարանի 22.03.2018 թվականի թիվ 50/1-Կ-624 պատասխան գրությամբ հայտնել են, որ Ղևոնդ Ղալումյանին 10.02.2017 թվականին տրվել է նախագծման թույլտվություն, ըստ որի կառուցվող շենքը պետք է բաղկացած լինի ստորգետնյա ավտոկայանատեղիների և 8 վերգետնյա հարկերից, և ներկա պահին կառուցապատողի կողմից ներկայացված նախագիծը գտնվում է ուսումնասիրման և քննարկման փուլում, ինչի ավարտից հետո այն կհամաձայնեցվի և կտրամադրվի անհրաժեշտ շինարարության թույլտվություն (հատոր 2-րդ, գ.թ. 41):
(...) այն պատճառաբանությունները, որ հայցվորներն իրենց իրավունքների ենթադրյալ խախտման, այսինքն` Ղևոնդ Ղալումյանին տրամադրված շինարարական թույլտվության առկայության մասին տեղեկացել են ոչ թե իրենց համապատասխան հարցումներին Քաղաքապետարանի կողմից ստացված պատասխան գրություններից, այլ ավելի վաղ` շինարարական աշխատանքները սկսելուց հետո, և չեն ձեռնարկել ողջամիտ և բավարար միջոցներ վիճարկելու վարչական ակտը` Ղևոնդ Ղալումյանին տրամադրված շինարարության թույլտվությունը, անհիմն են և չեն բխում սույն գործի փաստերից: Նախ` կառուցապատողի կողմից շինարարությունն սկսելը, դեռևս չի փաստում այն մասին, որ շահագրգիռ անձինք` տվյալ դեպքում` հայցվորները, պետք է անպայմանորեն եզրակացնեին, որ Քաղաքապետի կողմից Ղևոնդ Ղալումյանին 14.11.2017 թվականին տրամադրվել է թիվ 01/18-Ղ-2023-1121 շինարարության թույլտվությունը, որով վերջինիս տրվել է իրավունք Երևան քաղաքի Թումանյան թիվ 30/1 հասցեում ստորգետնյա և վերգետնյա 8 հարկեր կառուցելու նպատակով, որպեսզի հնարավորություն ունենային ՀՀ վարչական դատավարությամբ սահմանված վիճարկման հայց ներկայացնելու համար նախատեսված երկամսյա ժամկետում դիմելու ՀՀ վարչական դատարան, այն պայմաններում, որ սույն գործով բացակայում են ապացույցներ այն մասին, որ վերջիններս մասնակից են դարձվել վարչական վարույթին, կամ որևէ եղանակով իրազեկվել են շինարարության թույլտվության մասին:
Ավելին` Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Քաղաքապետարանի 22.03.2018 թվականի թիվ 50/1-Կ-624 պատասխան գրության բովանդակության ուսումնասիրությունից հետևում է, որ Ղևոնդ Ղալումյանին 10.02.2017 թվականին տրվել է նախագծման թույլտվություն, ըստ որի` կառուցվող շենքը պետք է բաղկացած լինի ստորգետնյա ավտոկայանատեղիների և 8 վերգետնյա հարկերից, և տվյալ պահին կառուցապատողի կողմից ներկայացված նախագիծը դեռևս գտնվում է ուսումնասիրման և քննարկման փուլում, ինչի ավարտից հետո այն կհամաձայնեցվի և դրանից հետո կտրամադրվի անհրաժեշտ շինարարության թույլտվությունը: Այսինքն` վերոնշյալ գրությունից հետևում է, որ Ղևոնդ Ղալումյանին դեռևս չի տրամադրվել համապատասխան շինարարության թույլտվությունը, քանի որ կառուցապատողի կողմից ներկայացված նախագիծը դեռևս գտնվում է ուսումնասիրման և քննարկման փուլում, որի հավանության արժանանալու փուլից հետո պետք է տրամադրվի շինարարության թույլտվությունը, և միայն Քաղաքապետարանի 20.04.2018 թվականի պատասխան գրությամբ է նշվել, որ 14.11.2017 թվականին արդեն իսկ ընդունվել է վեճի առարկա վարչական ակտը: Իսկ մինչև այդ պահը Ղևոնդ Ղալումյանին 14.11.2017 թվականին տրամադրված շինարարության թույլտվության մասին հայցվորների իմանալու վերաբերյալ ապացույցներ չեն ներկայացվել: (տե՛ս, Վճռաբեկ դատարանի որոշման 9-10 էջերը):
Միևնույն ժամանակ անդրադառնալով հասարակությանն իրազեկելու նպատակով հատուկ վահանակի բացակայությունը հայցվորների կողմից որևէ կերպ չհիմնավորվելու և չապացուցվելու վերաբերյալ ստորադաս դատարանների պատճառաբանությանը և վկայակոչելով ՀՀ քաղաքաշինության նախարարի «Շինարարական արտադրության կազմակերպման աշխատանքների կատարման կարգը հաստատելու մասին» 14.01.2008 թվականի թիվ 07-Ն որոշմամբ հաստատված «Շինարարական արտադրության կազմակերպման աշխատանքների կատարման» կարգի 1-ին կետը, «Շինարարական արտադրության կազմակերպման աշխատանքների կատարման կարգ»-ի (այսուհետ` Կարգի) 2-րդ կետը, 4-րդ կետի 3-րդ ենթակետը, Երևան քաղաքի ավագանու «Քաղաքաշինական նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերով սահմանված նորմերի Երևանում իրականացման լրացուցիչ պայմանների կարգը սահմանելու մասին» 16.03.2012 թվականի թիվ 405-Ն որոշմամբ հաստատված «Քաղաքաշինական նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերով սահմանված նորմերի Երևանում իրականացման լրացուցիչ պայմանների» կարգի 7-րդ կետի 5-րդ ենթակետը Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ «(...) հասարակությանն իրազեկելու նպատակով վերը նշված հատուկ վահանակը (ցուցատախտակը) սահմանված կարգով և ժամկետում տեղադրված լինելու վերաբերյալ առկա է միայն պատասխանողի և երրորդ անձի հայտարարությունը, որին չեն համաձայնում բողոք բերած անձինք` հայցվորները: (...) տվյալ դեպքում այդ վահանակը (ցուցատախտակը) սահմանված կարգով և ժամկետում տեղադրված լինելու փաստի բացակայությունն ապացուցելու պարտականությունը չի կարող դրվել հայցվորների վրա: Նման եզրահանգման հիմքում ընկած է այն իրողությունը, որ անձը կարող է չունենալ այդ փաստի բացակայությունն ապացուցելու ողջամիտ հնարավորություն: Ավելին նշված վահանակի տեղադրված լինելու ապացուցման պարտականությունը կրում է կառուցապատողը, որպիսի հանգամանքի ապացուցման ուղղությամբ որևէ ապացույց չի ներկայացվել:
(...) Քաղաքապետարանի 20.04.2018 թվականի պատասխան գրությունից և դրան կից տրամադրված շինարարության թույլտվության և նախագծի փորձաքննության պատճենների ուսումնասիրությունից հետո Գուրգեն Ազատյանը և Ելիզավետա Մանասյանն իրազեկվել էին, որ Երևան քաղաքի Թումանյան թիվ 30/1 հասցեում շինարարություն իրականացնելու նպատակով Ղևոնդ Ղալումյանին 14.11.2017 թվականին տրամադրվել է թիվ 01/18-Ղ-2023-1121 շինարարության թույլտվությունը, որով խախտվում են կամ կարող են խախտվել հայցվորների իրավունքները: Այսինքն` հայցվորները մինչև 20.04.2018 թվականը տեղեկացված չէին վարչական ակտի գոյության մասին, հետևաբար վերջիններս, չհանդիսանալով վարչական ակտի հասցեատեր, վիճարկման հայց ներկայացնելու ժամկետը բաց են թողել հարգելի պատճառով և այդ մասին իրազեկվելուց հետո երկու ամսվա ընթացքում` 29.05.2018 թվականին, վիճարկման հայցով դիմել են վարչական դատարան, որպիսի պայմաններում դատավարական ժամկետների բացթողումը հարգելի համարելու և այն վերականգնելու մասին միջնորդությունը ենթակա էր բավարարման, ինչի կապակցությամբ Դատարանը կայացրել է ոչ իրավաչափ դատական ակտ, որպիսի հանգամանքն անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից»: (տե՛ս, Վճռաբեկ դատարանի որոշման 10-11 էջերը):
Վճռաբեկ դատարանի դատավորներ Ռուզաննա Հակոբյանս և Ստեփան Միքայելյանս, համաձայն չլինելով Վճռաբեկ դատարանի դատավորների մեծամասնության կողմից վերը նշված որոշման պատճառաբանական մասի հետ, շարադրում ենք մեր հատուկ կարծիքը որոշման նշված մասի վերաբերյալ:
Գտնում ենք, որ վիճարկման հայցը դատարան ներկայացնելու ժամկետի հաշվարկման և այն հարգելի ճանաչելու առանձնահատկությունների վերաբերյալ Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումը չի բխում «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 59-60-րդ հոդվածների, ինչպես նաև ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի պահանջներից հետևյալ պատճառաբանությամբ:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վիճարկման հայցով հայցվորը կարող է պահանջել ամբողջությամբ կամ մասնակիորեն վերացնել միջամտող վարչական ակտը, ներառյալ` զուգորդվող վարչական ակտի միջամտող դրույթները:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` հայցը վարչական դատարան կարող է ներկայացվել վիճարկման հայցի դեպքում` երկամսյա ժամկետում` վարչական ակտի ուժի մեջ մտնելու պահից:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 54-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատավարական ժամկետների ավարտից հետո դատավարության մասնակիցները կորցնում են այդ ժամկետներով պայմանավորված գործողություններ կատարելու իրավունքը: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` դատավարական ժամկետների ավարտից հետո ներկայացված հայցադիմումների ընդունումը մերժվում է նույն օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի հիմքով, եթե բաց թողնված դատավարական ժամկետները վարչական դատարանի որոշմամբ չեն վերականգնվում: Դատավարական ժամկետների ավարտից հետո ներկայացված այլ փաստաթղթերը վարչական դատարանի որոշմամբ վերադարձվում են դրանք ներկայացրած անձանց, եթե բացակայում է բաց թողնված դատավարական ժամկետներով պայմանավորված գործողություններ կատարելու իրավունքը վերականգնելու մասին միջնորդությունը: Նման միջնորդությունը բավարարվում է, եթե վարչական դատարանը համարում է, որ անձը ժամկետը բաց է թողել հարգելի պատճառով:
Վերոգրյալ իրավանորմերի վերլուծությունից հետևում է, որ վիճարկման հայցադիմումն օրենքով սահմանված դատավարական ժամկետի պահպանմամբ ներկայացնելը հայցադիմումը վարույթ ընդունելու անհրաժեշտ նախապայմաններից մեկն է: Միևնույն ժամանակ օրենսդիրը սահմանել է բաց թողնված դատավարական ժամկետները վերականգնելու իրավական հնարավորություն` համապատասխան միջնորդության և հարգելի պատճառների առկայության դեպքում:
Այսպիսով, օրենքով սահմանված դատավարական ժամկետների ավարտից հետո ներկայացված հայցադիմումները և այլ փաստաթղթերը դատարանը չի քննարկում և վերադարձնում է դրանք ներկայացրած անձանց, եթե բացակայում է բաց թողնված դատավարական ժամկետներով պայմանավորված գործողություններ կատարելու իրավունքը վերականգնելու մասին միջնորդությունը: Նման միջնորդությունը կարող է բավարարվել, եթե դատարանը գտնի, որ անձը ժամկետը բաց է թողել հարգելի պատճառով:
Գտնում ենք, որ վիճարկման հայց ներկայացնելու ժամկետների հարցի լուծումն ուղղակիորեն պայմանավորված է վիճարկվող վարչական ակտի ուժի մեջ մտնելու հանգամանքով, իսկ վարչական ակտի ուժի մեջ մտնելու հարցը կարգավորված է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 59-60-րդ հոդվածներով:
Այսպես. «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` գրավոր վարչական ակտն ուժի մեջ է մտնում այդ ակտի ընդունման մասին` նույն օրենքի 59-րդ հոդվածով սահմանված կարգով իրազեկելուն հաջորդող օրվանից, եթե օրենքով կամ այդ ակտով այլ բան նախատեսված չէ:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 59-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վարչական մարմինը վարույթի մասնակիցներին վարչական ակտի ընդունման մասին իրազեկում է սույն հոդվածով նախատեսված հանձնման կամ հրապարակման եղանակով:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` գրավոր վարչական ակտը, ընդունումից հետո` եռօրյա ժամկետում, պետք է հանձնվի վարույթի մասնակիցներին: Դա կարող է իրականացվել պատվիրված փոստով, այդ թվում` ստանալու մասին ծանուցմամբ, հասցեատիրոջը ստորագրությամբ առձեռն հանձնելու, ինչպես նաև հանձնման այնպիսի եղանակներով, որոնք թույլ են տալիս հաստատել հասցեատիրոջ կողմից ակտը ստանալու կամ օրենքով սահմանված դեպքերում պատշաճ ծանուցված լինելու փաստը:
Որպես կանոն, գրավոր վարչական ակտի հանձնումը պետք է կատարվի ակտը վարույթի մասնակիցներին ստորագրությամբ առձեռն հանձնելու միջոցով:
Նույն մասով նախատեսված հանձնման մյուս միջոցները կիրառվում են այն դեպքում, երբ որևէ հիմնավոր պատճառով ստորագրությամբ առձեռն հանձնելու հնարավորություն չկա, այդ թվում, եթե հասցեատերն ինքը խնդրել է օգտագործել հանձնման այլ միջոցներ:
Նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն` վարչական ակտի հրապարակումը կատարվում է վարչական մարմնի տեղեկագրում կամ այլ պաշտոնական տեղեկագրում հրատարակելով կամ զանգվածային լրատվության այլ միջոցներով հրապարակելով:
Գրավոր վարչական ակտը ենթակա է պարտադիր հրապարակման, եթե վարչական մարմնին հայտնի չեն այդ ակտով ուղղակիորեն շոշափվող անձանց վերաբերյալ տեղեկությունները, ինչպես նաև օրենքով նախատեսված այլ դեպքերում:
Մամուլում, զանգվածային լրատվության այլ միջոցներում կամ տեղեկատվության տարածման այլ միջոցներում հրապարակվում է գրավոր վարչական ակտի եզրափակիչ մասը: Նման եղանակով հրապարակման մեջ պետք է նշվի, թե որտեղ կարելի է ամբողջությամբ ծանոթանալ վարչական ակտին, այդ թվում` դրա հիմնավորմանը:
Վերոգրյալ իրավանորմերի վերլուծությունից ակնհայտ է, որ վարչական ակտն ուժի մեջ մտնելու պահն օրենսդիրը պայմանավորել է այդ ակտի մասին վարչական վարույթի մասնակիցների օրենքով սահմանված եղանակներից որևէ մեկով իրազեկելու հանգամանքով, ինչը նշանակում է, որ վերջիններիս համար վարչական ակտը կարող է ուժի մեջ մտնել իրազեկվելու հաջորդող օրվանից, եթե օրենքով կամ այդ ակտով այլ բան նախատեսված չէ:
Ինչպես վերը նշվեց, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 59-րդ հոդվածով սահմանված է, թե ում և ինչպես պետք է վարչական մարմինն իրազեկի վարչական ակտի ընդունման մասին: Ըստ այդմ, վարչական մարմինը պարտավոր է իրազեկել վարչական վարույթի մասնակիցներին` իրազեկումն իրականացնելով հանձնման կամ հրապարակման եղանակով:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վարչական վարույթի մասնակիցներն են (այսուհետ` վարույթի մասնակիցներ)`
ա) վարչական ակտի հասցեատերը` այն անձը, ով դիմել է վարչական ակտ ընդունելու համար (դիմող), կամ այն անձը, ում նկատմամբ վարչական մարմինն իր նախաձեռնությամբ ընդունելու է վարչական ակտ.
բ) երրորդ անձինք` այն անձինք, որոնց իրավունքները կամ օրինական շահերը կարող են շոշափվել վարույթի արդյունքում ընդունվելիք վարչական ակտով:
Այսպիսով, գտնում ենք, որ վարչական վարույթի մասնակիցների` վարչական ակտի հասցեատիրոջ և երրորդ անձանց համար վարչական ակտը կարող է ուժի մեջ մտնել այդ վարչական ակտի ընդունման մասին «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 59-րդ հոդվածով սահմանված եղանակներից որևէ մեկով իրազեկելու հաջորդ օրվանից: Գտնում ենք նաև, որ վարչական վարույթի մասնակիցների թիվը մեկից ավելի լինելու դեպքում վարչական ակտի ուժի մեջ մտնելու հանգամանքը պայմանավորված է նրանցից յուրաքանչյուրի իրազեկմամբ:
Հարկ ենք համարում ընդգծել, որ օրենքով նախատեսված հանձնման եղանակով վարչական ակտի ընդունման մասին վարչական վարույթի մասնակիցներին իրազեկելն առանձնակի բարդություն չի ներկայացնում այն դեպքերում, երբ վարչական վարույթի մասնակիցների կազմը հայտնի է: Այլ է իրավիճակը, սակայն, երբ վարչական մարմնին հայտնի չեն այդ ակտով ուղղակիորեն շոշափվող անձանց վերաբերյալ տեղեկությունները: Այլ կերպ ասած, վարչական վարույթում երրորդ անձի հնարավոր կարգավիճակ ունեցող անձանց հանձնման եղանակով վարչական ակտի ընդունման մասին իրազեկելը գործնականում անհնար է, եթե վարչական մարմինը չի տիրապետում բավարար տեղեկատվության այն անձանց մասին, ում իրավունքներն ուղղակիորեն կարող են շոշափվել վարչական ակտով: Նման դեպքերի համար օրենսդիրը սահմանել է վարչական ակտի իրազեկման այլ եղանակ` «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 59-րդ հոդվածի 5-րդ մասում ամրագրելով վարչական ակտի հրապարակման պարտադիր կանոն:
Հարկ ենք համարում ընդգծել նաև, որ բարենպաստ վարչական ակտի ուժի մեջ մտնելը կարևորվում է այդ ակտի կատարման ենթակա լինելու առումով միայն, մինչդեռ միջամտող վարչական ակտի պարագայում դրա ուժի մեջ մտնելը կարևորվում է այն վիճարկելու ժամկետների հաշվարկման առումով, հետևաբար որևէ նշանակություն չի կարող ունենալ ակտի հասցեատիրոջ համար բարենպաստ հանդիսացող վարչական ակտի մասին վերջինիս իրազեկվելու, այսինքն` վարչական ակտի ուժի մեջ մտնելու հանգամանքն այն պարագայում, երբ վարչական ակտը վիճարկվում է երրորդ անձի կողմից` իր իրավունքներին միջամտելու հիմքով: Վիճարկման հայց ներկայացնելու դատավարական ժամկետների հաշվարկման համար էական նշանակություն ունի միայն այն հարցը, թե երբ է վարչական ակտն ուժի մեջ մտել ակտը վիճարկողի, այսինքն` հայցվորի համար: Հետևաբար անկախ այն հանգամանքից, վարչական ակտը վիճարկվում է դրա հասցեատիրոջ, թե վարչական վարույթում երրորդ անձի հնարավոր կարգավիճակ ունեցող անձի կողմից, հայցվորը պետք է հայցադիմումը դատարան ներկայացնի երկամսյա ժամկետում` սկսած այն օրվան հաջորդող օրվանից, երբ ինքն է իրազեկվել վարչական ակտի ընդունման մասին:
Այսպիսով, գտնում ենք, որ վիճարկման հայցադիմումը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված ժամկետում ներկայացված լինելու հանգամանքն ուղղակիորեն պայմանավորված է այդ ակտի ընդունման մասին հայցվորի (և ոչ թե որևէ այլ անձի) իրազեկման հանգամանքով, ուստի վիճարկման հայցը կարող է ներկայացվել այդ ակտի ընդունման մասին հենց հայցվորի իրազեկվելուն հաջորդող օրվանից սկսած երկամսյա ժամկետում, իսկ այդ ժամկետը բաց թողնելու դեպքում նաև հայցվորը պարտավոր է ներկայացնել բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու միջնորդություն: Ընդ որում, հայցվորի վրա չի կարող դրվել դատավարական ժամկետը վերականգնելու միջնորդություն ներկայացնելու պարտականություն` վիճարկման հայցի ժամկետի հաշվարկը պայմանավորելով վարչական ակտի ընդունման մասին վարչական վարույթի մնացած մասնակիցների (այդ թվում ակտի հասցեատիրոջ կամ հասցեատերերի, երրորդ անձանց) իրազեկման հանգամանքով, քանի որ նրանցից յուրաքանչյուրը կարող է կրել միայն իր համար սահմանված դատավարական ժամկետները բաց թողնելու բոլոր իրավական հետևանքները:
Ամփոփելով վերոգրյալը` գտնում ենք, որ վիճարկման հայցադիմումը կարող է համարվել դատավարական ժամկետների խախտմամբ ներկայացված, եթե այն ներկայացվել է վիճարկվող վարչական ակտի ընդունման մասին հայցվորի իրազեկման հաջորդող օրվանից սկսած երկամսյա ժամկետի ավարտից հետո: Նշված դեպքում հայցվորը պարտավոր է ներկայացնել նաև դատավարական ժամկետը վերականգնելու միջնորդություն: Հայցվորը պարտավոր չէ սակայն ներկայացնել բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու միջնորդություն այն դեպքում, երբ հայցադիմումը դատարան է ներկայացրել վիճարկվող վարչական ակտի ընդունման մասին իր իրազեկվելու հաջորդող օրվանից սկսած երկամսյա ժամկետում, սակայն վարչական վարույթի մյուս մասնակիցների իրազեկվելու հաջորդող օրվանից հաշված երկամսյա ժամկետի ավարտից հետո:
Սույն գործով գտնելով, որ հայցվորները մինչև 20.04.2018 թվականը տեղեկացված չէին վարչական ակտի գոյության մասին, հետևաբար վերջիններս, չհանդիսանալով վարչական ակտի հասցեատեր, վիճարկման հայց ներկայացնելու ժամկետը բաց են թողել հարգելի պատճառով և այդ մասին իրազեկվելուց հետո երկու ամսվա ընթացքում` 29.05.2018 թվականին, վիճարկման հայցով դիմել են վարչական դատարան, Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ դատավարական ժամկետների բացթողումը հարգելի համարելու և այն վերականգնելու մասին միջնորդությունը ենթակա էր բավարարման, ինչի կապակցությամբ Դատարանը կայացրել է ոչ իրավաչափ դատական ակտ, որպիսի հանգամանքն անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից:
Հարկ ենք համարում ընդգծել, որ եզրահանգում անելով այն մասին, որ հայցվորները վիճարկման հայց ներկայացնելու ժամկետը բաց են թողել հարգելի պատճառով, Վճռաբեկ դատարանն իր որոշմամբ, սակայն, չի նշել, թե որ պահն է դիտել որպես վիճարկվող վարչական ակտի ուժի մեջ մտնելու օր, որից սկսած էլ, հիմք ընդունելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 72-րդ հոդվածի 1-ին մասի կանոնակարգումը, հաշվարկել է երկամսյա ժամկետը: Ընդ որում ստորադաս դատարաններն էլ իրենց հերթին չեն բացահայտել վիճարկվող վարչական ակտի ուժի մտնելու օրը, սակայն եզրահանգել են, որ հայցվորները բաց են թողել վիճարկման հայց ներկայացնելու երկամսյա ժամկետը:
Գտնում ենք, որ բաց թողնված ժամկետը վերականգնելու հիմքերին անդրադառնալուց առաջ նախ անհրաժեշտ է անդրադառնալ հայցվորի կողմից դատավարական ժամկետը բաց թողնելու հանգամանքին, որից հետո միայն` այդ ժամկետը բաց թողնելու պատճառը հարգելի համարելու միջնորդությամբ ներկայացված փաստարկներին: Այլ կերպ ասած, քանի դեռ չի հաստատվել, որ հայցվորը բաց է թողել վիճարկման հայց ներկայացնելու դատավարական ժամկետը, խոսք չի կարող լինել «դատավարական ժամկետների բացթողումը հարգելի համարելու և այն վերականգնելու մասին»:
Սույն գործի փաստերի համաձայն` Քաղաքապետի 14.11.2017 թվականի թիվ 01/18-Ղ-2023-1121 շինարարության թույլտվությունն անվավեր ճանաչելու մասին հայցադիմումն Գուրգեն Ազատյանի և Ելիզավետա Մանասյանի կողմից առաջին անգամ ՀՀ վարչական դատարան է ներկայացվել է 29.05.2018 թվականին (հատոր 1-ին, գ.թ. 3-9): Դատարանի 06.06.2018 թվականի որոշմամբ հայցադիմումը վերադարձվել է, իսկ 29.06.2018 թվականի որոշմամբ հայցադիմումն ընդունվել է վարույթ: Դատարանը հայցադիմումում ներառված դատավարական ժամկետի բացթողումը վերականգնելու միջնորդությանը հայցադիմումը վարույթ ընդունելու փուլում չի անդրադարձել` այդ փուլում համարելով առարկայազուրկ և նշելով, որ դրան կանդրադառնա գործի քննության ընթացքում (հատոր 1-ին, գ.թ. 48-49):
19.12.2019 թվականի նախնական դատական նիստում կողմերի հետ քննարկվել է բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ հարցը, և վերոնշյալ միջնորդությունը ներկայացնելու համար հայցվորներին տրամադրվել է 10 օր (հատոր 1-ին, գ.թ. 125-129):
Հայցվորները 28.12.2018 թվականին ներկայացրել են բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու միջնորդություն այն հիմնավորումներով, որ վիճարկվող ակտով իրենք չեն հանդիսացել հասցեատերերը, հետևաբար տեղեկացված չեն եղել վիճարկվող ակտի գոյության վերաբերյալ, շինարարության թույլտվություն տրամադրելն ինքնին վարչարարություն է, ուստի հայցվորներն օրենքի ուժով տվյալ վարչական վարույթի մասնակիցներ են, մինչդեռ վերջիններս չեն ծանուցվել վարչական վարույթի վերաբերյալ և շինարարության թույլտվության վերաբերյալ տեղեկացել են միայն Քաղաքապետին ուղղված դիմումի պատասխան գրությունից` 20.04.2018 թվականին, որից հետո դիմել են դատարան և խնդրել վերականգնել բաց թողնված դատավարական ժամկետը:
Ինչպես վերն արդեն իսկ նշվել է, վիճարկման հայց ներկայացնելու ժամկետների հարցի լուծումն օրենսդիրն ուղղակիորեն պայմանավորել է վիճարկվող վարչական ակտի ուժի մեջ մտնելու հանգամանքով:
Տվյալ դեպքում ինչպես ստորադաս դատարանների, այնպես էլ Վճռաբեկ դատարանի կողմից չի բացահայտվել Քաղաքապետի 14.11.2017 թվականի թիվ 01/18-Ղ-2023-1121 շինարարության թույլտվության ուժի մեջ մտնելու օրը: Մասնավորապես Քաղաքապետի 14.11.2017 թվականի թիվ 01/18-Ղ-2023-1121 շինարարության թույլտվության մասին հայցվորների «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 59-րդ հոդվածով սահմանված կարգով իրազեկված լինելու փաստը հաստատող որևէ ապացույց սույն գործում առկա չէ:
Մինչդեռ Վճռաբեկ դատարանը, որպես սույն գործով վիճարկվող շինարարության թույլտվության մասին հայցվորների իրազեկման օր, դիտարկել է 20.04.2018 թվականը(1), գտնելով, որ վերջիններս մինչև նշված օրը տեղեկացված չէին վարչական ակտի գոյության մասին: Փաստորեն, եթե մինչև 20.04.2018 թվականը հայցվորները տեղեկացված չեն եղել սույն գործով վիճարկվող շինարարության թույլտվության մասին, ապա նրանք չէին կարող բաց թողնել որևէ ժամկետ: Իսկ եթե, որպես սույն գործով վիճարկվող շինարարության թույլտվության մասին հայցվորների իրազեկման օր հիմք է ընդունվում 20.04.2018 թվականը, ապա այդ դեպքում, ինչպես իրավացիորեն արձանագրել է Վճռաբեկ դատարանը, իրազեկվելուց հետո երկու ամսվա ընթացքում` 29.05.2018 թվականին, հայցվորները վիճարկման հայցով դիմել են վարչական դատարան:
___________________________
1) Քաղաքապետարանի գրության ամսաթիվը-հատոր 1-ին, գ.թ. 38
Այսպիսով, գտնում ենք, որ սույն գործով չի հիմնավորվում վիճարկման հայցադիմումը դատավարական ժամկետի խախտմամբ, մասնավորապես վիճարկվող վարչական ակտի ընդունման մասին հայցվորների իրազեկման հաջորդող օրվանից սկսած երկամսյա ժամկետի ավարտից հետո ներկայացված լինելու հանգամանքը, ուստի վերջիններիս վրա չի կարող դրվել բացթողնված դատավարական ժամկետը վերականգնելու միջնորդություն ներկայացնելու պարտականություն:
Գտնում ենք, որ դատավարական ժամկետը հայցվորների կողմից բաց թողնելու փաստն արձանագրելու համար Վճռաբեկ դատարանը նախ պետք է հստակ ամրագրեր վիճարկվող շինարարության թույլտվության ուժի մեջ մտնելու օրը, որից հետո միայն եզրահանգում կատարեր այդ ժամկետի բաց թողնված լինելու մասին:
Մինչդեռ տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանն իր որոշման մեջ առանց ամրագրելու Քաղաքապետի 14.11.2017 թվականի թիվ 01/18-Ղ-2023-1121 շինարարության թույլտվության ուժի մեջ մտնելու օրը` այդուհանդերձ գտել է, որ հայցվորները բաց են թողել վիճարկման հայց ներկայացնելու համար ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված երկամսյա ժամկետը: Միևնույն ժամանակ, հարգելի համարելով վիճարկման հայց ներկայացնելու ժամկետը բաց թողնելու պատճառը, Վճռաբեկ դատարանը եզրահանգել է, որ դատավարական ժամկետների բացթողումը հարգելի համարելու և այն վերականգնելու մասին միջնորդությունը ենթակա էր բավարարման:
Փաստորեն, Վճռաբեկ դատարանը, որպես սույն գործով վիճարկվող շինարարության թույլտվության մասին հայցվորների իրազեկման օր դիտարկել է 20.04.2018 թվականը, որի պարագայում, սակայն, պետք է հանգեր այն եզրակացության, որ հայցադիմումը 29.05.2018 թվականին դատարան ներկայացնելով հայցվորները պահպանել են ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված դատավարական ժամկետը, ուստի դատավարական ժամկետը վերականգնելու մասին միջնորդություն ներկայացնելու և այն քննարկելու անհրաժեշտությունը բացակայում է: Մինչդեռ, Վճռաբեկ դատարանը վերոգրյալը հաշվի չառնելով` անդրադարձել է դատավարական ժամկետը վերականգնելու մասին հայցվոր կողմի, ըստ էության, առարկայազուրկ միջնորդությանը և եզրահանգել, որ դատավարական ժամկետների բացթողումը հարգելի համարելու և այն վերականգնելու մասին միջնորդությունը ենթակա էր բավարարման:
Սույն հատուկ կարծիքում շարադրված իրավական դիրքորոշումների հաշվառմամբ գտնում ենք, որ որպես վիճարկվող շինարարության թույլտվության մասին հայցվորների իրազեկման օր 20.04.2018 թվականը դիտարկելու (հայցվորների ավելի վաղ իրազեկված լինելու փաստ գործում առկա չէ) պարագայում 29.05.2018 թվականին ներկայացված հայցադիմումը չի կարող համարվել վիճարկման հայց ներկայացնելու օրենքով սահմանված երկամսյա ժամկետի խախտմամբ ներկայացված, ուստի դատավարական ժամկետը վերականգնելու մասին միջնորդություն ներկայացնելու և այն քննարկելու անհրաժեշտությունը տվյալ դեպքում բացակայում է: Նկարագրված իրավիճակում հայցվորների վրա դատավարական ժամկետը վերականգնելու մասին միջնորդություն ներկայացնելու պարտականություն դնելով վերջիններս ոչ միայն ծանրաբեռնվում են անհամաչափ պարտականությամբ, այլ նաև նրանց դատական պաշտպանության իրավունքի իրացումը կախվածության մեջ է դրվում փաստացի բաց չթողնված դատավարական ժամկետը վերականգնելու հիմքերը գնահատելու դատարանի հայեցողությունից:
Այսպիսով, գտնում ենք, որ տվյալ դեպքում դատավարական ժամկետը վերականգնելու մասին հայցվորների միջնորդությունը, որպես առարկայազուրկ, ենթակա չի եղել քննարկման:
Ամփոփելով վերոգրյալ իրավական և փաստական վերլուծությունները` գտնում ենք, որ Դատարանի 14.01.2019 թվականի «Բաց թողնված դատավարական ժամկետը մերժելու մասին» որոշումը ենթակա է եղել վերացման` առարկայազուրկ միջնորդության քննարկման արդյունքում ընդունված լինելու պատճառաբանությամբ, ինչն անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից: Գտնում ենք նաև, որ տվյալ դեպքում հայցվորներին պետք է տրամադրվի դատական պաշտպանություն` վերջիններիս վրա չդնելով դատավարական ժամկետը վերականգնելու միջնորդություն ներկայացնելու պարտականություն, քանի որ սույն գործով հայցադիմումը հայցվորների կողմից ՀՀ վարչական դատարան է ներկայացվել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված ժամկետի պահպանմամբ:
Այսպիսով, գտնում ենք, որ Վերաքննիչ դատարանի որոշումը ենթակա է վերացման սույն հատուկ կարծիքում նշված պատճառաբանություններով:
Դատավոր Ռ. Հակոբյան
Դատավոր Ս. Միքայելյան
Հրապարակվել է պաշտոնական կայքէջում (datalex.am) 11 դեկտեմբերի 2020 թվական: