ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ
ԻՐԱԶԵԿՄԱՆ ԹԵՐԹԻԿ
17 մարտի 2021 թվականի N 169
ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԱԱՀ ՎՃԱՐՈՂ ՀԱՄԱՐՎԵԼՈՒ, ԱԱՀ ՀԱՇՎԱՐԿԵԼՈՒ ԵՎ ՎՃԱՐԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Հարց
«Ա» ՊՈԱԿ-ը վերանվանվել է և դարձել է «Բ» ՊՈԱԿ, որի արդյունքում «բժշկական օգնություն և սպասարկում» ծառայությունը դադարեցվել է ՀՀ առողջապահության նախարարի հրամանով: Տվյալ դեպքում «Բ» ՊՈԱԿ-ը աշխատելու է ԱԱՀ-ով, թե՞ ազատված է ԱԱՀ-ից:
Պատասխան
ՀՀ հարկային օրենսգրքի`
i
- 59-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված են ոչ առևտրային կազմակերպությունների ԱԱՀ վճարող համարվելու դեպքերը և ժամկետները: Մասնավորապես, ոչ առևտրային կազմակերպությունները ԱԱՀ վճարող են համարվում`
i
1) տվյալ հարկային տարվա հունվարի 1-ից մինչև տվյալ հարկային տարվա ավարտը, եթե կազմակերպության օրենսգրքի 254-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով հաշվարկվող` նախորդ հարկային տարվա ընթացքում գործունեության բոլոր տեսակների մասով իրացման շրջանառությունը գերազանցել է 115 միլիոն դրամը,
2) հարկային տարվա այն պահից մինչև տվյալ հարկային տարվա ավարտը, որ պահին կազմակերպության օրենսգրքի 254-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով հաշվարկվող` գործունեության բոլոր տեսակների մասով իրացման շրջանառությունը գերազանցում է 115 միլիոն դրամը: Ընդ որում, հարկային տարվա ընթացքում գործունեության բոլոր տեսակների մասով իրացման շրջանառության 115 միլիոն դրամի շեմը գերազանցելու հիմքով ԱԱՀ վճարող համարվելու դեպքում ԱԱՀ-ն հաշվարկվում և վճարվում է ԱԱՀ-ի շեմը գերազանցող մասով: Գործունեության բոլոր տեսակների մասով իրացման շրջանառության 115 միլիոն դրամը գերազանցելու օրվանից մինչև այդ օրվան հաջորդող 20-րդ օրը ներառյալ հարկ վճարողը հարկային մարմին է ներկայացնում հայտարարություն` նշելով ԱԱՀ-ի շեմը գերազանցելու օրը,
3) հայտարարությունում նշված օրվանից (բայց հայտարարությունը ներկայացնելու օրվան նախորդող 20-րդ օրվանից ոչ շուտ) մինչև հայտարարությունում նշված հարկային տարվա ավարտը, եթե կազմակերպությունը հարկային մարմին է ներկայացրել հայտարարություն` նշում կատարելով ԱԱՀ վճարող համարվելու և որպես ԱԱՀ վճարող հաշվառվելու մասին,
i
- 59-րդ հոդվածի 5-րդ մասի երկրորդ պարբերության համաձայն` ոչ առևտրային կազմակերպությունները մինչև օրենսգրքի 254-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով հաշվարկվող` գործունեության բոլոր տեսակների մասով իրացման շրջանառության 115 միլիոն դրամը գերազանցելը օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով սահմանված` հարկման օբյեկտ համարվող գործարքներ իրականացնելու դեպքում, այդ գործարքներից օրենսգրքով սահմանված կարգով, չափով և ժամկետներում ԱԱՀ հաշվարկելու և պետական բյուջե վճարելու պարտավորություն չեն կրում,
i
- 60-րդ հոդվածով սահմանված են ԱԱՀ-ով հարկման օբյեկտ համարվող գործարքները, մասնավորապես, ԱԱՀ-ով հարկման օբյեկտ է համարվում ապրանքի մատակարարումը, եթե ապրանքի մատակարարման վայրը, օրենսգրքի 37-րդ հոդվածի համաձայն, համարվում է Հայաստանի Հանրապետությունը, աշխատանքի կատարումը և (կամ) ծառայության մատուցումը,
i
- 61-րդ հոդվածով սահմանված է ԱԱՀ-ով հարկման բազայի որոշման կարգը: Մասնավորապես, նույն հոդվածի 1-ին կետի համաձայն` ապրանքի մատակարարման, աշխատանքի կատարման կամ ծառայության մատուցման գործարքների դեպքում, եթե օրենսգրքի 62-րդ հոդվածով այլ բան սահմանված չէ, ապա ԱԱՀ-ով հարկման բազա է համարվում դրանց արժեքը` դրամական արտահայտությամբ` առանց ԱԱՀ-ի: Օրենսգրքի 62-րդ հոդվածով սահմանված են ԱԱՀ-ով հարկման բազայի որոշման առանձնահատկությունները:
Հաշվի առնելով վերոգրյալը` հայտնում ենք, որ.
1) եթե ոչ առևտրային կազմակերպության` ՊՈԱԿ-ի, նախորդ հարկային տարվա ընթացքում գործունեության բոլոր տեսակների մասով իրացման շրջանառությունը չի գերազանցել ԱԱՀ-ի շեմը (115 մլն դրամ) և միաժամանակ, ոչ առևտրային կազմակերպության կողմից չի ներկայացվել ԱԱՀ վճարող համարվելու և որպես ԱԱՀ վճարող հաշվառվելու վերաբերյալ հայտարարություն, ապա ոչ առևտրային կազմակերպությունն ԱԱՀ վճարող չի համարվում: ԱԱՀ վճարող չհամարվող ոչ առևտրային կազմակերպությունը ԱԱՀ-ով հարկման օբյեկտ համարվող գործարքների մասով ԱԱՀ հաշվարկելու և վճարելու, ինչպես նաև ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկներ ներկայացնելու պարտավորություն չի կրում:
Միաժամանակ, ոչ առևտրային կազմակերպության` ՊՈԱԿ-ի, ընթացիկ հարկային տարվա ընթացքում գործունեության բոլոր տեսակների մասով իրացման շրջանառությունը ԱԱՀ-ի շեմը (115 մլն դրամը) գերազանցելու դեպքում` ոչ առևտրային կազմակերպությունը շեմը գերազանցելու պահից մինչև տվյալ հարկային տարվա ավարտը համարվում է ԱԱՀ վճարող և ԱԱՀ-ն հաշվարկում ու վճարում է ԱԱՀ-ի շեմը գերազանցող մասով` ՀՀ հարկային օրենսգրքի 4-րդ բաժնով սահմանված ընդհանուր կարգով,
2) եթե ոչ առևտրային կազմակերպության` ՊՈԱԿ-ի, նախորդ հարկային տարվա ընթացքում գործունեության բոլոր տեսակների մասով իրացման շրջանառությունը գերազանցել է ԱԱՀ-ի շեմը (115 մլն դրամ), ապա ընթացիկ հարկային տարվա հունվարի 1-ից մինչև տվյալ հարկային տարվա ավարտը ոչ առևտրային կազմակերպությունը համարվում է ԱԱՀ վճարող և ԱԱՀ հաշվարկում ու վճարում է ՀՀ հարկային օրենսգրքի 4-րդ բաժնով սահմանված ընդհանուր կարգով:
Լրացուցիչ հայտնում ենք, որ ԱԱՀ-ի շեմը (115 մլն դրամը) որոշելիս հաշվի է առնվում ապրանքների մատակարարման, աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման իրացման շրջանառությունը, այդ թվում` դրամաշնորհների կամ սուբսիդիաների ձևով հատուցմամբ իրականացված:
i
Միաժամանակ, հայտնում ենք, որ ՀՀ հարկային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի 11-րդ կետի համաձայն` ԱԱՀ-ից ազատվում է բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների, մասնավորապես հիվանդությունների կանխարգելման, ախտորոշման, բժշկական խորհրդատվության, բուժական, վերականգնողական, բժշկական փորձաքննության անցկացման ծառայությունների մատուցումը:
ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ