Սեղմել Esc փակելու համար:
ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ՍՏԱՑՎՈՂ ԵԿԱՄՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ՍՏԱՑՎՈՂ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՀԱՐԿՄԱ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ
ԻՐԱԶԵԿՄԱՆ ԹԵՐԹԻԿ

 

24 մարտի 2021 թվականի N 173

 

ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ՍՏԱՑՎՈՂ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՀԱՐԿՄԱՆ ԵՎ ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Հարց

i

ՀՀ-ում գրանցված ռեզիդենտ ընկերությունը օգտվում է «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» ՀՀ օրենքի համաձայն հավաստագրված անձանց տրամադրվող հարկային արտոնություններից: Ընկերության եկամուտները գոյանում են միայն տեղեկատվական տեխնոլոգիաների իրացումից, որոնք հարկային առումով համարվում են եկամուտ չհամարվող տարր: Ընկերության կողմից կատարված ծախսերի մեջ ներառված են նաև իր աշխատակիցների համար սոցիալ-մշակութային միջոցառումների կազմակերպման ծախսեր: Տվյալ դեպքում արդյո՞ք նկարագրված իրավիճակում աշխատողներին հատկացված եկամուտներից (սոցիալ-մշակութային միջոցառումների կազմակերպման ծախսեր) կարող է կատարվել ՀՀ Հարկային օրենսգրքի 147 հոդվածի` վերը նշված կետով սահմանված և նույն կետով որոշվող չափերի սահմաններում նվազեցումը` չնայած այն հանգամանքին, որ շահութահարկի հաշվարկման տեսանկյունից ընկերության բոլոր եկամուտները համարվում են եկամուտ չհամարվող տարրեր, իսկ ծախսերը` ծախս չհամարվող տարրեր: Եթե այո, ապա տվյալ դեպքում, ո՞ր չափն է կիրառելի կազմակերպության համար` հարկային տարվա համախառն եկամտի 0.25 տոկոսի, թե՞ այդ հարկային տարվա ընթացքում հաշվեգրված աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների հանրագումարի մեկ տոկոսի գերազանցող մասը:

 

Պատասխան

ՀՀ հարկային օրենսգրքի`

i

- 143-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան` ֆիզիկական անձանց համար եկամտային հարկով հարկման բազա է համարվում հարկվող եկամուտը, որը որոշվում է որպես օրենսգրքի 141-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված համախառն եկամտի և օրենսգրքի 147-րդ հոդվածով սահմանված նվազեցվող եկամուտների դրական տարբերություն,

i

- 147-րդ հոդվածի 1-ին մասի 33-րդ կետի համաձայն` եկամտային հարկով հարկման բազան որոշելու նպատակով նվազեցվող եկամուտներ են համարվում օրենսգրքի 120-րդ հոդվածով սահմանված` Օրենսգրքի 116-րդ հոդվածով սահմանված ներկայացուցչական ծախսերի և Օրենսգրքի 120-րդ հոդվածով սահմանված` ֆիզիկական անձանց օգնության, սննդի կազմակերպման, նրանց համար սոցիալ-մշակութային միջոցառումների կազմակերպման և համանման այլ ծախսերի հաշվին ֆիզիկական անձանց կողմից ստացվող դրամական և բնամթերային (ոչ դրամական) ձևով եկամուտները` Օրենսգրքի համապատասխանաբար 116-րդ և 120-րդ հոդվածներով սահմանված չափերի սահմաններում,

i

- 120-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն` ռեզիդենտ շահութահարկ վճարողի և մշտական հաստատության միջոցով ՀՀ-ում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողի հարկման բազան որոշելիս համախառն եկամտից չեն նվազեցվում ֆիզիկական անձանց օգնության, սննդի կազմակերպման, նրանց համար սոցիալ-մշակութային միջոցառումների կազմակերպման և համանման այլ ծախսերի այն մասը, որը գերազանցում է հարկային տարվա համախառն եկամտի 0.25 տոկոսը, իսկ հարկային տարվա ընթացքում համախառն եկամտի բացակայության դեպքում` այդ հարկային տարվա ընթացքում հաշվեգրված աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների հանրագումարի մեկ տոկոսը,

i

- 150-րդ հոդվածի 13-րդ մասի երկրորդ պարբերությանը համապատասխան` օրենսգրքի 120-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված` օգնության, սննդի կազմակերպման, նրանց համար սոցիալ-մշակութային միջոցառումների կազմակերպման և համանման այլ ծախսերի հաշվին ֆիզիկական անձանց կողմից ստացվող դրամական և բնամթերային (ոչ դրամական) ձևով եկամուտների` օրենսգրքի 120-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված չափերը գերազանցող գումարների նկատմամբ եկամտային հարկը հաշվարկվում է նույն մասով սահմանված դրույքաչափով և ներառվում է հարկային տարվան հաջորդող տարվա ապրիլ ամսվա համար հարկային մարմին ներկայացվող եկամտային հարկի հաշվարկում, իսկ հարկային գործակալի լուծարման (հաշվառումից հանվելու կամ նոտարի պաշտոնից ազատվելու) դեպքում` լուծարման (հաշվառումից հանվելու կամ նոտարի պաշտոնից ազատվելու) օրը ներառող ամսվա համար հարկային մարմին ներկայացվող եկամտային հարկի հաշվարկում,

i

- 445-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համաձայն` Օրենսգիրքն ուժի մեջ մտնելու օրվանից ուժը կորցրած են ճանաչվում «Շահութահարկի մասին» ՀՀ 1997 թվականի սեպտեմբերի 30-ի ՀՕ-155 օրենքը, բացառությամբ այդ օրենքի 8-րդ և 11-րդ հոդվածների նախավերջին պարբերություններով «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով հավաստագրված ռեզիդենտներին վերաբերող դրույթների, որոնք գործում են հավաստագրի տրամադրման օրվանից մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ը:

«Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի (մինչև 01.01.2018թ. գործող խմբագրությամբ)`

i

- 8-րդ հոդվածի նախավերջին պարբերության համաձայն` նույն օրենքի իմաստով եկամուտ չեն «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով հավաստագրված ռեզիդենտների կողմից հավաստագրի գործողության ժամկետում տեղեկատվական տեխնոլոգիաների իրացումից ստացվող եկամուտները,

i

- 11-րդ հոդվածի «ը» պարբերության համաձայն` ծախս չեն համարվում «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով հավաստագրված ռեզիդենտների կողմից հավաստագրի գործողության ժամկետում տեղեկատվական տեխնոլոգիաների իրացումից ստացվող եկամուտների ստացման հետ կապված ծախսերը:

Հաշվի առնելով վերոնշյալը, հայտնում ենք, որ «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով հավաստագրված ռեզիդենտների կողմից հավաստագրի գործողության ժամկետում տեղեկատվական տեխնոլոգիաների իրացումից ստացվող եկամուտները շահութահարկի հաշվարկման նպատակով եկամուտ չեն, համապատասխանաբար` ծախս չեն համարվում այդ եկամուտների ստացման հետ կապված ծախսերը:

Հայտնում ենք նաև, որ «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով հավաստագրված ռեզիդենտների կողմից ֆիզիկական անձանց համար սոցիալ-մշակութային միջոցառումների կազմակերպման ծախսերի հաշվին ֆիզիկական անձանց ստացվող եկամուտների մասով կիրառելի են ՀՀ հարկային օրենսգրքի 147-րդ հոդվածի 1-ին մասի 33-րդ կետով սահմանված դրույթները: Ընդ որում` տվյալ դեպքում ֆիզիկական անձանց կողմից ստացվող վերոնշյալ եկամուտները համախառն եկամտից նվազեցվում են շահութահարկ վճարողի հարկային տարվա համախառն եկամտի 0.25 տոկոսի չափով, իսկ հարկային տարվա ընթացքում համախառն եկամտի բացակայության դեպքում` այդ հարկային տարվա ընթացքում հաշվեգրված աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների հանրագումարի մեկ տոկոսի չափով:

 

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ

 

 

pin
Պետական եկամուտների կոմիտե
24.03.2021
N 173
Իրազեկման թերթիկ