ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
ԲԴԽ-2-Ն-1
2019թ.
ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԼՐԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԵՏ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԵՎ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ մասի 17-րդ կետով, 89-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետով, 94-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհուրդը
ՈՐՈՇՈՒՄ Է
1. Հաստատել «Զանգվածային լրատվության միջոցների հետ Բարձրագույն դատական խորհրդի և դատարանների փոխհարաբերության կանոնները»` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ
ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
2019 թ. հունվարի 11
ք. Երևան
Հավելված
Հայաստանի Հանրապետության
բարձրագույն դատական խորհրդի
2019 թ. հունվարի 11-ի թիվ
ԲԴԽ-2-Ն-1 որոշման
ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԼՐԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԵՏ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԵՎ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ
ԳԼՈՒԽ 1. |
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ |
1. Զանգվածային լրատվության միջոցների հետ Բարձրագույն դատական խորհրդի և դատարանների փոխհարաբերության կանոնները (այսուհետ` Կանոններ) կարգավորում են զանգվածային լրատվության միջոցներով Բարձրագույն դատական խորհրդի և դատարանների գործունեության լուսաբանմանը, Դատական իշխանության վերաբերյալ հանրության համակողմանի իրազեկվածությանն ու դատական իշխանության համակարգում զանգվածային լրատվության միջոցների գործունեությանն առնչվող հարաբերությունները:
2. Կանոնների նպատակն է Բարձրագույն դատական խորհրդի և դատարանների փոխհարաբերությունը կանոնակարգելու միջոցով նպաստել արդար դատաքննության իրավունքի համատեքստում հրապարակայնության և տեղեկություններ ստանալու իրավունքի արդի խնդիրներին համահունչ պատշաճ իրավական մշակույթի ձևավորմանը: Մամուլը պետք է ընկալվի, որպես արտաքին անաչառ դիտորդ, որն ունակ է բացահայտելու թերությունները և կառուցողական ներդրումներ ունենալու արդարադատության արդյունավետության բարձրացման գործում:
3. Զանգվածային լրատվության միջոցների հետ Բարձրագույն դատական խորհրդի և դատարանների փոխհարաբերությունը կարգավորվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության վավերացրած կամ հաստատած միջազգային պայմանագրերով, Հայաստանի Հանրապետության վավերացրած մարդու իրավունքների միջազգային պայմանագրերի հիման վրա գործող մարմինների պրակտիկայով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքով (այսուհետ` Օրենք), այլ օրենքներով և սույն Կանոններով:
4. Դատական վարույթի ընթացքում զանգվածային լրատվության միջոցների գործունեությանն առնչվող հարաբերությունները կարգավորվում են Կանոններով` այնքանով, որքանով դրանք անմիջականորեն առնչվում են Կանոնների 1-ին կետով սահմանված նպատակների իրագործման համատեքստում զանգվածային լրատվության միջոցների հետ Բարձրագույն դատական խորհրդի և դատարանների փոխհարաբերությանը` պահպանելով դատական վարույթի հրապարակայնության սկզբունքի սահմանադրական և օրենսդրական նորմերը:
5. Կոնկրետ գործերով դատական վարույթի ընթացքը լուսաբանող զանգվածային լրատվության միջոցների գործունեությանն առնչվող հարաբերություններում դատարանները ղեկավարվում են դատական վարույթի հրապարակայնության սկզբունքը կարգավորող Հայաստանի Հանրապետության Սահմանադրության և դատավարական օրենսգրքերի համապատասխան նորմերով:
6. Կանոնները տարածվում են Բարձրագույն դատական խորհրդի անդամների և դատավորների գործունեությանը վերաբերող նաև այն հարաբերությունների վրա, որոնք չեն առնչվում նրանց ի պաշտոնե գործելիս սահմանված պարտականությունների կատարման հետ` սույն Կանոններով սահմանված վերապահումներով:
ԳԼՈՒԽ 2. |
ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԼՐԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԵՏ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԵՎ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ |
7. Դատական իշխանության վերաբերյալ հանրությանը լիարժեք տեղեկատվության տրամադրումը զանգվածային լրատվության միջոցներով. Հանրությունը պետք է զանգվածային լրատվության միջոցներով հնարավորինս լիարժեք տեղեկատվություն ստանա դատական իշխանության մարմինների կազմավորման ու գործունեության վերաբերյալ: Լրագրողները պետք է գործնականում ի վիճակի լինեն ազատ լուսաբանելու և մեկնաբանելու արդարադատության գործառույթի իրականացումը, բացառությամբ` Սահմանադրությամբ և օրենքներով ամրագրված սահմանափակումների:
8. Անմեղության կանխավարկածը. Անմեղության կանխավարկածի սկզբունքի հարգումն արդար դատաքննության իրավունքի կարևոր բաղադրիչ է: Զանգվածային լրատվության միջոցներով տրամադրվող յուրաքանչյուր տեղեկատվություն կամ կարծիք չպետք է խաթարի կասկածյալի, մեղադրյալի կամ ամբաստանյալի անմեղության կանխավարկածի սկզբունքը: Վարչաիրավական և քաղաքացիաիրավական գործերով հրապարակվող տեղեկատվությունը կամ կարծիքը չպետք է խաթարի կողմերի բարեխղճության կանխավարկածը, քանի դեռ օրենքի խախտման փաստը չի հաստատվել օրինական ուժի մեջ մտած դատական ակտով:
9. Տեղեկատվության ճշգրտությունը. Բարձրագույն դատական խորհուրդը կամ դատարանները պարտավոր են զանգվածային լրատվության միջոցներին տրամադրել բացառապես պատշաճ կարգով ստուգված կամ առնվազն հիմնավորված եզրահանգումներով տեղեկատվություն:
10. Տեղեկատվության մատչելիությունը և տրամադրման հավասարությունը. Եթե դատական իշխանությանն առնչվող ցանկացած տեղեկատվություն օրինական կարգով տրամադրվել է որևէ լրագրողի, ապա հարկ է ապահովել, որպեսզի նույն այդ տեղեկատվությունը նույն պայմաններով հասանելի լինի այդ առնչությամբ հարցում ներկայացրած զանգվածային լրատվության մյուս միջոցների համար: Այդ նկատառումով լրագրողին կամ զանգվածային լրատվության միջոցին տրամադրված տեղեկատվությունը կարող է, հաշվի առնելով նյութի նկատմամբ հանրային հետաքրքրության աստիճանը, անհապաղ զետեղվել դատական իշխանության պաշտոնական կայքում' նշելով, որ այն արդեն իսկ տրամադրվել է կոնկրետ լրատվամիջոցի` վերջինիս հարցման արդյունքում:
11. Հանրային էական շահերին առնչվող գործերով դատաքննության վերաբերյալ տեղեկատվության պարբերականությունը. Հանրային շահերը շոշափող գործերով տեղեկատվություն տրամադրվում է` անկախ դրա առնչությամբ զանգվածային լրատվության միջոցների միջնորդությունների: Այդպիսի գործերով դատական քննությունը տևական լինելու դեպքում համարժեք տեղեկատվություն է տրվում դատաքննության շրջանակներում յուրաքանչյուր էական նշանակություն ունեցող դատավարական գործողության վերաբերյալ:
12. Տեղեկատվության ապօրինի օգտագործման արգելքը. Բարձրագույն դատական խորհրդի, դատարանների, ինչպես նաև Դատական դեպարտամենտի տնօրինության տակ գտնվող տեղեկատվությունը չի կարող օգտագործվել օրենսդրությամբ չնախատեսված նպատակներով:
13. Անձնական կյանքի և անձնական տվյալների պաշտպանությունը. Դատական իշխանության իրավասու մարմինների կողմից դատավարության մասնակիցների վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելիս անհրաժեշտ է հարգել Սահմանադրությամբ ամրագրված անձնական տվյալների պաշտպանության, մասնավոր և ընտանեկան կյանքի, պատվի ու բարի համբավի անձեռնմխելիության իրավունքը: Հատուկ ուշադրություն պետք է դարձվի անչափահասների, տուժողների, վկաների, ամբաստանյալների և նրանց ընտանիքների անդամների հիշյալ իրավունքի պաշտպանությանը: Տեղեկատվության տրամադրումը չպետք է հանգեցնի դատավարության մասնակիցների համար ոչ իրավաչափ և ոչ բարվոք հետևանքների, ինչպես նաև առանց իրավաչափ հիմքերի` չբացահայտի նրանց ինքնությունը:
14. Զանգվածային լրատվության միջոցներին հերքում կամ պատասխան ներկայացնելու իրավունքի հարգումը. Պետք է պատշաճ միջոցներ ձեռնարկվեն, որպեսզի անվերապահորեն հարգվի ու իրացվի յուրաքանչյուր անձի վերաբերյալ Բարձրագույն դատական խորհրդի և դատարանների կողմից տրամադրված, այդ թվում` մամլո հաղորդագրություններում արտացոլված տեղեկատվության իրավաչափության կամ իսկության առնչությամբ տվյալ անձի կողմից հերքում կամ պատասխան ներկայացնելու իրավունքը:
15. Արդարադատության շահն էապես վտանգող տեղեկատվություն տրամադրելու արգելքը. Բարձրագույն դատական խորհրդի և դատարանների կողմից տրամադրված, այդ թվում` մամլո հաղորդագրություններում արտացոլված տեղեկատվությունն իր բովանդակությամբ չպետք է էապես վտանգի կոնկրետ գործով արդարադատության շահը: Այդպիսի տեղեկատվության նկատմամբ հանրային մեծ հետաքրքրության առկայության դեպքում այն կարող է հրապարակվել ինչպես կոնկրետ գործով դատական քննության որոշակի փուլի, այնպես էլ ամբողջ դատավարության ավարտից և դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելուց հետո: Դատավարության ընթացքում նյութը հրապարակելու նպատակահարմարության վերաբերյալ գործը քննող դատավորի դիրքորոշումը վճռորոշ է:
16. Հրապարակայնության սկզբունքի ոչ պատշաճ կիրառմամբ պատճառված վնասի հատուցումը. Եթե դատավարության մասնակիցը գտնում է, որ Բարձրագույն դատական խորհրդի և դատարանների կողմից տրամադրված, այդ թվում` մամլո հաղորդագրություններում արտացոլված տեղեկատվության հրապարակմամբ խախտվել է իր արդար դատաքննության իրավունքը, ապա վերջինիս պետք է տրվի իր իրավունքների պաշտպանության վերաբերյալ համարժեք պարզաբանում:
17. Լրագրողների անարգել ներկայությունը դատական նիստերին և մուտքը դատարանի դահլիճ. Լրագրողները դռնբաց դատական նիստում, առանց որևէ խտրականության և առանց նախնական հավատարմագրման, կարող են անարգել ներկա գտնվել դատական նիստերին: Նրանք կարող են մնալ նիստերի դահլիճում այնքան ժամանակ, քանի դեռ նիստերի դահլիճում են գտնվում նիստին ներկա գտնված մյուս անձինք: Նիստերի դահլիճում, հնարավորության սահմաններում, անհրաժեշտ է լրագրողների գործունեության համար ապահովել պայմաններ և հատուկ այդ նպատակի համար նախատեսված տեղ:
18. Դատական նիստի ընթացքում դատարանի դահլիճից ուղիղ եթերով ձայնագրություններ և լուսա-տեսանկարահանումներ հեռարձակելը. Դատարանի դահլիճից ուղիղ եթերով ձայնագրություններ և լուսատեսանկարահանումներ հեռարձակելը կարող է իրականացվել բացառապես դատարանի թույլտվությամբ: Դատարանը թույլտվություն կարող է տալ` համապատասխան լրագրողի միջնորդության քննարկման արդյունքներով, ընդ որում` պետք է համարժեք հաշվի առնվի արդար դատաքննության իրավունքի լիարժեք պաշտպանության անհրաժեշտությունը: Դատարանի դահլիճից ուղիղ եթերով ձայնագրություններ և տեսանկարահանումներ կատարելու և ուղիղ եթերով հեռարձակելու վերաբերյալ թույլտվություն տալու կամ մերժելու որոշումները պետք է ուղեկցվեն անհրաժեշտ և բավարար հիմնավորումներով: Ընդ որում` դատարանը պարտավոր է օրենքին համապատասխան, համարժեք հաշվի առնել արդարադատության շահը: ՈՒղիղ եթերով ձայնագրություններ և լուսա-տեսանկարահանումներ հեռարձակելու թույլտվության հարցը քննարկվում և լուծվում է` նիստից անմիջապես առաջ նիստերի քարտուղարին ուղղված լրագրողի բանավոր դիմումի հիման վրա: Թույլտվությունը տրվում է տվյալ գործով դռնբաց դատական նիստերի ընթացքը ուղիղ եթերով ձայնագրություններ և լուսատեսանկարահանումներ հեռարձակելու համար և ընդհատվում է միայն օրենսդրությամբ նախատեսված հիմքերով դատարանի պատճառաբանված որոշման հիման վրա: Այս կարգը տարածվում է նաև դատական նիստի ընթացքում լուսատեսանկարահանումներ կատարելու համար թույլտվություն ստանալու գործընթացի վրա:
19. Զանգվածային լրատվության միջոցներին պարզեցված ընթացակարգով նյութեր տրամադրելը. Հրապարակման ենթակա տեղեկատվությունը, այդ թվում` հրապարակված դատական ակտերը Բարձրագույն դատական խորհրդի և դատարանների կողմից զանգվածային լրատվության միջոցներին և լրագրողներին պետք է տրվեն պարզեցված կարգով, այդ թվում` Դատական իշխանության պաշտոնական կայքում զետեղելու եղանակով և հնարավորինս սեղմ ժամկետում: Ընդ որում, լրագրողներն իրենց հասանելի դարձած փաստաթղթերի կամ դատական ակտերի պատճենները կարող են անարգել տարածել:
20. Վկաների և տուժողների պաշտպանությունը. Օրենսդրությանը համապատասխան` դատաքննության ընթացքում Բարձրագույն դատական խորհրդի և դատարանների կողմից չի կարող վկայի կամ տուժողի ինքնությունը բացահայտվել, քանի դեռ նրանք հստակ արտահայտված եղանակներով չեն տվել իրենց համաձայնությունը կամ նրանց անձն ունի հանրային նշանակություն կամ նրանք արդեն իսկ հրապարակայնորեն տվել են ցուցմունքներ: Վկայի կամ տուժողի ինքնությունը բոլոր դեպքերում չի կարող բացահայտվել, եթե նրանց կյանքին կամ առողջությանը վտանգ է սպառնում:
21. Դատական ակտերի կատարման վերաբերյալ զանգվածային լրատվության միջոցների թողարկումները. Զանգվածային լրատվության միջոցների հարցումներով` վերջիններիս դատական ակտերի կատարման վերաբերյալ տեղեկատվություն Բարձրագույն դատական խորհրդի և դատարանների կողմից տրվում է այն չափով, որ չափով այդ տեղեկատվությունը գտնվում է նրանց տնօրինության ներքո: Այլ մարմինների իրավասությանը վերապահված հարցերով զանգվածային լրատվության միջոցներին տրվում է համապատասխան պարզաբանում:
22. Դատավճիռների կատարումից հետո լրատվության միջոցների թողարկումները. Զանգվածային լրատվության միջոցների հարցումներով` վերջիններիս` հանրության մեջ դատապարտյալների արդյունավետ ինտեգրման, ինչպես նաև մասնավոր և ընտանեկան կյանքի, պատվի ու բարի համբավի անձեռնմխելիության երաշխավորման նպատակով, դատավճիռների կատարումից հետո պատիժը կրած անձանց ազատվելու վերաբերյալ տեղեկատվություն կարող է տրամադրվել, եթե այդ անձինք նախապես համաձայնություն են տվել, կամ եթե նրանք կամ նրանց կատարած հանցագործությունները շոշափում են հանրության շահերը: Բարձրագույն դատական խորհրդի կամ դատարանների տնօրինության ներքո գտնվող այդպիսի տեղեկատվությունը տրվում է անարգել: Այլ մարմինների իրավասությանը վերապահված հարցերով զանգվածային լրատվության միջոցներին տրվում է համապատասխան պարզաբանում:
23. Զանգվածային լրատվության միջոցներով Բարձրագույն դատական խորհրդի անդամների և դատավորների ելույթներում ապաքաղաքականացվածությունը. Բարձրագույն դատական խորհրդի անդամները և դատավորները զանգվածային լրատվության միջոցներով ելույթներում և ցանկացած այլ հրապարակային ելույթներում պարտավոր են դրսևորել քաղաքական զսպվածություն և չեզոքություն: Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ մասնագիտական քննարկումները կամ եզրակացությունները, դատական իշխանության գործունեության վերաբերյալ քննարկումներն ու հայտարարությունները, այդ թվում` հրապարակային, ապաքաղաքականացվածության սկզբունքի խախտում չեն համարվում:
ԳԼՈՒԽ 3. |
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԵՎ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼՈՒՍԱԲԱՆՈՒՄԸ ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԼՐԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ |
24. Բարձրագույն դատական խորհրդի և դատարանների գործունեության լուսաբանումը կազմակերպվում է Բարձրագույն դատական խորհրդի Մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայության (այսուհետ` Մամուլի ծառայություն) կողմից: Այդ նպատակով, Մամուլի ծառայությունը, պահպանելով օրենսդրությամբ և Կանոններով նախատեսված ընթացակարգը և լրատվություն հաղորդելու շրջանակները, հրապարակում է Բարձրագույն դատական խորհրդի և դատարանների գործունեության վերաբերյալ մամլո հաղորդագրություններ, աջակցում է Բարձրագույն դատական խորհրդին և դատարաններին` զանգվածային լրատվության միջոցների հետ փոխհարաբերությունում:
25. Բարձրագույն դատական խորհրդի դռնբաց նիստերին կարող են ներկա գտնվել զանգվածային լրատվության միջոցները, իսկ Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ` կարող են ամբողջությամբ կամ նիստի մի հատվածում կատարել լուսատեսանկարահանումներ, այդ թվում` անմիջապես ուղիղ եթեր հեռարձակելու իրավունքով:
26. Բարձրագույն դատական խորհրդի նիստերին զանգվածային լրատվության միջոցների մասնակցությունն ապահովվում է Կանոնների 4-րդ գլխի նորմերով սահմանված կարգով:
27. Լրագրողների բնականոն մասնակցությունն ապահովելու նպատակով, Մամուլի ծառայությունը նախապես` Բարձրագույն դատական խորհրդի հերթական դռնբաց նիստից առնվազն 24 ժամ առաջ, դատական իշխանության պաշտոնական «court.am» կայքում զետեղում է նիստին զանգվածային լրատվության միջոցների ներկա լինելու մասին հաղորդագրություն (այսուհետ` Հաղորդագրություն): Արտահերթ նիստի պարագայում հաղորդագրությունը զետեղվում է հնարավորինս սեղմ ժամկետում:
28. Հաղորդագրության մեջ նշվում են`
1) Բարձրագույն դատական խորհրդի նիստի վայրը և ժամանակը,
2) Բարձրագույն դատական խորհրդի նիստի օրակարգի այն հարցերը, որոնց քննարկումն ընթանալու է Բարձրագույն դատական խորհրդի նիստում` զանգվածային լրատվության միջոցների մասնակցությամբ,
3) Բարձրագույն դատական խորհրդի նիստի` լուսաբանման ենթակա այն հատվածը, երբ նիստը չի ընթանալու զանգվածային լրատվության միջոցների կողմից լուսա-տեսանկարահանմամբ, այդ թվում` անմիջապես ուղիղ եթեր հեռարձակմամբ,
4) Բարձրագույն դատական խորհրդի նիստի լուսաբանմանը մասնակցող լրագրողների առավելագույն քանակը: Առավելագույն քանակը որոշվում է` նիստի համար նախատեսված սրահի փաստացի պայմաններից ելնելով: Առավելագույն քանակի շրջանակում լրագրողների բնականոն գործունեությունն ապահովելու և մասնակցությունը կանխատեսելի դարձնելու նկատառումով ընտրության հիմքում դրվում է հայտերի գրանցման հերթական համարը:
29. Բարձրագույն դատական խորհրդի նիստին մասնակցում են Հաղորդագրությունից հետո` մինչև առավելագույն քանակը լրանալը, էլեկտրոնային կարգով հայտեր ներկայացրած լրատվության միջոցները: Առավելագույն քանակը լրանալուց հետո, Մամուլի ծառայությունը անհապաղ տեղեկատվություն է զետեղում դատական իշխանության պաշտոնական կայքում` նշելով հերթագրված զանգվածային լրատվության միջոցների ցանկը, որից հետո հերթագրման գործընթացը դադարեցվում է:
30. Բարձրագույն դատական խորհրդի կամ դատարանների գործունեության վերաբերյալ կոնկրետ հարցի առնչությամբ լուսաբանումները, այդ թվում` մամուլի հրապարակումներին արձագանքումները համակարգելու, ինչպես նաև անհարկի կրկնություններն ու տարաձայնությունները բացառելու նպատակով, Բարձրագույն դատական խորհրդի անդամները կամ դատավորները հաղորդագրությունները, հերքումները կամ պատասխանները տարածելու անհրաժեշտության դեպքում դիմում են Մամուլի ծառայություն, որն էլ համակարգում և կազմակերպում է հաղորդագրությունների, հերքումների կամ պատասխանների հրապարակումը: Բարձրագույն դատական խորհրդի կամ առանձին դատարանների անունից նյութերը հրապարակվում են անմիջականորեն Մամուլի ծառայության կողմից:
31. Բարձրագույն դատական խորհրդի աշխատանքային խորհրդակցություններում զանգվածային լրատվության միջոցների մասնակցության դեպքում` գործում են սույն գլխի նորմերը:
32. Բարձրագույն դատական խորհրդի և դատարանների գործունեության լուսաբանման համար հեռուստատեսությամբ և զանգվածային լրատվության այլ միջոցներով կարող են կազմակերպվել պարբերաբար հեռարձակվող հաղորդաշարեր, այլ բնույթի լուսաբանման եղանակներ, որոնց կազմակերպմանն ու մասնակցությանն առնչվող հարաբերությունները կարգավորվում են Բարձրագույն դատական խորհրդի աշխատակարգային որոշումներով:
ԳԼՈՒԽ 4. |
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴՈՒՄ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ |
33. Սույն գլխի իրավական նորմերով սահմանվում են Բարձրագույն դատական խորհրդում լրագրողների գործունեության կարգը և պայմանները:
34. Բարձրագույն դատական խորհրդի նիստերին լրատվության միջոցների մասնակցության առնչությամբ հաղորդագրությունը տրվում է 27-րդ կետով նախատեսված կարգով:
35. Լրագրողի մասնակցության հայտը գրանցելու նպատակով լրատվական գործունեություն իրականացնողն էլեկտրոնային եղանակով դիմում է Մամուլի ծառայություն, ներկայացնելով`
1) լրատվական գործունեություն իրականացնող իրավաբանական անձի լրիվ անվանումը, կազմակերպական-իրավական ձևը, գտնվելու վայրի հասցեն, իսկ ֆիզիկական անձի դեպքում` ազգանունը, անունը, հայրանունը (եթե հայրանունը նշված է անձը հաստատող փաստաթղթում), հանրային ծառայության համարանիշը և մշտական բնակության վայրի հասցեն, հեռախոսահամարը,
2) զանգվածային լրատվության միջոցի (միջոցների) անվանումը,
3) նիստին մասնակցող լրագրողի, օպերատորի կամ ֆոտոթղթակցի ազգանունը, անունը, հայրանունը (եթե հայրանունը նշված է անձնագրում),
4) նիստին մասնակցող լրագրողի, օպերատորի կամ ֆոտոթղթակցի անձը հաստատող փաստաթղթի պատճենը (անձնագիր կամ նույնականացման քարտ):
36. Անհատ լրագրողների պարագայում ներկայացվում են Կանոնների 35-րդ կետի 4-րդ ենթակետով նախատեսված փաստաթղթերը:
37. Բարձրագույն դատական խորհրդում գործունեություն իրականացնելու համար հայտը բավարարվելու դեպքում լրագրողը ներկայանում է լրատվամիջոցի/ գործատուի կողմից տրված իր վկայականով, աշխատակցի քարտով (բեյջով), իսկ անհատ լրագրողի դեպքում` իր կարգավիճակը հաստատող վկայականով:
38. Օտարերկրյա պետության օրենսդրության հիման վրա գործող լրատվական գործունեություն իրականացնողի ներկայացուցիչը գրանցման համար Կանոնների 35-րդ կետով նախատեսված հայտին կից պետք է ներկայացնի նաև Հայաստանի Հանրապետությունում լրագրողի հավատարմագրման` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության տված վկայականի պատճենը:
39. Խորհրդում կարող են գործունեություն իրականացնելու հայտ ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունում հաշվառված` 1000 և ավելի տպաքանակ ունեցող օրաթերթերի, ամսագրերի, շաբաթաթերթերի, առնվազն շաբաթը մեկ անգամ թարմացվող ինտերնետային լրատվության միջոցների, լրատվական գործակալությունների, ռադիոընկերությունների, հեռուստաընկերությունների, Երևան քաղաքում թղթակցական կետեր ունեցող օտարերկրյա հեռուստաընկերությունների և ռադիոընկերությունների լրագրողները, լուսանկարիչներն ու տեսաձայնագրման օպերատորները, անհատ լրագրողները, ֆոտոթղթակիցները (այսուհետ` լրագրող):
40. Կանոնների 35-րդ կետում նշված դիմումն ստանալուց հետո` Մամուլի ծառայությունը, ըստ ստացման ժամանակագրության, գրանցում է լրատվության միջոցին կամ անհատ լրագրողին:
41. Եթե ներկայացված դիմումը սահմանված կարգով չի պարունակում Կանոնների 35-րդ կետով նախատեսված տեղեկությունները, այսինքն` առկա է ձևական սխալ, ապա Մամուլի ծառայությունը վերադարձնում է դիմումը` նշելով թույլ տրված թերությունը:
42. Օրենքների կամ Կանոնների պահանջները խախտելու դեպքում Դատական դեպարտամենտը գրավոր նախազգուշացնում է լրատվական գործունեություն իրականացնող այն անձին, որի անունից գրանցվել է լրագրողը, իսկ խախտումը կրկնվելու դեպքում` դադարեցնում է նրա գործունեությունը:
43. Օտարերկրյա պետության օրենսդրության հիման վրա գործող լրատվական գործունեություն իրականացնողի ներկայացուցիչ-լրագրողի, օպերատորի, ֆոտոթղթակցի գրանցումը դադարեցնելու հիմք է Հայաստանի Հանրապետությունում նրա հավատարմագրման դադարեցումը կամ հավատարմագրումից զրկելու մասին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կայացրած որոշումը:
44. Բարձրագույն դատական խորհրդի վարչական շենքում լրագրողն իր աշխատանքը կազմակերպում է «Զանգվածային լրատվության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին, Կանոններին և Բարձրագույն դատական խորհրդի աշխատակարգին համապատասխան:
45. Գրանցված լրագրողն իրավունք ունի`
1) ստանալու զանգվածային լրատվամիջոցների համար նախատեսված հրապարակման ենթակա տեղեկատվություն,
2) նախապես ողջամիտ ժամկետում տեղեկացված լինելու Բարձրագույն դատական խորհրդի դռնբաց նիստերի, դռնբաց խորհրդակցությունների և այլ հրապարակային միջոցառումների անցկացման մասին և ներկա գտնվելու այդ միջոցառումներին,
3) գրանցված այլ լրագրողների հետ ազատորեն, առանց որևէ խտրականության օգտվելու լրագրողների համար ստեղծված պայմաններից,
4) օգտվելու լրագրողների համար օրենքով սահմանված այլ իրավունքներից:
46. Գրանցված լրագրողը պարտավոր է`
1) չխոչընդոտել Բարձրագույն դատական խորհրդի անդամների և Դատական դեպարտամենտի ծառայողների պարտականությունների կատարմանը,
2) Բարձրագույն դատական խորհրդի վարչական շենք մուտք գործելիս ներկայացնել գործատուի կողմից տրված վկայականը, աշխատակցի քարտը (բեյջը), Բարձրագույն դատական խորհրդի վարչական շենքում գտնվելու ընթացքում աշխատակցի քարտը (բեյջը) կրել հագուստի վրա այնպես, որ այն լինի տեսանելի,
3) պահպանել օրենքների և Կանոնների պահանջները,
4) պահպանել լրագրողների էթիկայի համընդհանուր կանոնները:
47. Բարձրագույն դատական խորհուրդը կամ Դատական դեպարտամենտը`
1) որևէ ձևով կամ եղանակով չեն կարող գրաքննություն իրականացնել լրագրողի մասնագիտական գործունեության նկատմամբ,
2) գրանցված բոլոր լրագրողների համար ապահովում են միասնական, ոչ խտրական պայմաններ,
3) չեն կարող խոչընդոտել լրագրողի օրինական գործունեությանը:
ԳԼՈՒԽ 5. |
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԵՎ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԼՐԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ ՀԱՆԴԵՍ ԳԱԼՈՒ ԿԱՐԳԸ |
48. Զանգվածային լրատվության միջոցներով Բարձրագույն դատական խորհրդի անդամները կարող են հանդես գալ իրենց հայեցողությամբ, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի արձանագրային որոշմամբ, իսկ դատավորները` Մամուլի ծառայության միջոցով:
49. Բարձրագույն դատական խորհրդի անդամները Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ հանդես են գալիս այն դեպքերում, երբ անհրաժեշտ է պարզաբանումներ ներկայացնել դատական իշխանության վերաբերյալ իրավական հիմքերի, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի ընդունած առանձին որոշումների առնչությամբ: Որպես կանոն` Բարձրագույն դատական խորհրդի ընդունած որոշումների մասին զանգվածային լրատվության միջոցներին պարզաբանումներ է տալիս տվյալ որոշման նախագիծը պատրաստած Բարձրագույն դատական խորհրդի անդամներից մեկը: Առավել հրատապ դեպքերում, Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ, Բարձրագույն դատական խորհրդի անդամն անմիջապես Բարձրագույն դատական խորհրդի նիստից հետո ելույթ է ունենում զանգվածային լրատվության միջոցներով:
50. Բարձրագույն դատական խորհրդի անդամներն ու դատավորները, իրենց հայեցողությամբ զանգվածային լրատվության միջոցներով հանդես գալու դեպքում, ընդգծում են, որ իրենք ներկայացնում են իրենց սեփական կարծիքը, եթե տվյալ դեպքում այն տարբերվում է համապատասխան հարցադրման առնչությամբ Բարձրագույն դատական խորհրդի` որոշակիորեն արձանագրված դիրքորոշումից:
51. Զանգվածային լրատվության միջոցներին տեղեկատվությունը կարող է տրամադրվել ինչպես անմիջականորեն, այնպես էլ Մամուլի ծառայության միջոցով:
52. Բարձրագույն դատական խորհրդի անդամներն ու դատավորները լրատվության միջոցներին որևէ եղանակով տեղեկատվություն տրամադրելու դեպքում այդ մասին հնարավորինս սեղմ ժամկետում իրազեկում են Մամուլի ծառայությանը:
53. Իրենց լիազորությունների առնչությամբ զանգվածային լրատվության միջոցներով ելույթներ ունենալու կամ որևէ այլ կերպ փոխհարաբերվելու հարցով նախաձեռնության պարագայում Բարձրագույն դատական խորհրդի անդամներին ու դատավորներին պատշաճ աջակցություն է ցուցաբերում Մամուլի ծառայությունը: Տեղեկատվություն տրամադրելու եղանակներն ու սահմանները որոշում են Բարձրագույն դատական խորհրդի անդամներն ու դատավորները` իրենց հայեցողությամբ: Ընդ որում` այդ հարցադրումների առնչությամբ, Մամուլի ծառայությունը պարտավոր է տալ համապատասխան խորհրդատվություն:
ԳԼՈՒԽ 6. |
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԵՎ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԼՐԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐԻՆ ԱՐՁԱԳԱՆՔԵԼՈՒ ԿԱՐԳԸ |
54. Մամուլի ծառայությունը յուրաքանչյուր աշխատանքային օր, մինչև առավոտյան ժամը 11.00-ն, իր կողմից անցկացված մշտադիտարկման արդյունքներով պատրաստում է դատական իշխանության գործունեությանն առնչվող զանգվածային լրատվության միջոցներով հրապարակված տեղեկատվության ամփոփագրեր և էլեկտրոնային եղանակով ուղարկում Բարձրագույն դատական խորհրդի անդամներին և դատարանների նախագահներին: Ամփոփագրերում հղումներ են արվում հրապարակումների աղբյուրների (այդ թվում էլեկտրոնային) վրա: Սույն գլխի իրավական նորմերը չեն տարածվում Կանոնների 7-8-րդ գլուխներով կարգավորվող հարաբերությունների վրա:
55. Բարձրագույն դատական խորհուրդը կամ դատարանները կարող են արձագանքել այն հրապարակումներին, որոնք իրենց դիտարկմամբ էական նշանակություն ունեն: Այդ դեպքում նրանք կարող են Մամուլի ծառայության աջակցությամբ պատրաստել հաղորդագրություններ, հանդես գալ հարցազրույցներով կամ անհրաժեշտ համարվող նյութը լուսաբանել այլ եղանակներով:
56. Դատական իշխանության գործունեությանն առնչվող զանգվածային լրատվության միջոցներով հրապարակված տեղեկատվությանը կարող են արձագանքել նաև Բարձրագույն դատական խորհրդի անդամները և դատավորները` Կանոնների 30-րդ կետով նախատեսված կարգով:
ԳԼՈՒԽ 7. |
ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ԽԱԽՏՄԱՆ ՄԱՍԻՆ ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԼՐԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐԻՆ ԱՐՁԱԳԱՆՔԵԼՈՒ ԿԱՐԳԸ |
57. Օրենքի 146-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետին համապատասխան` Բարձրագույն դատական խորհրդի անդամների կամ դատավորների կարգապահական խախտման մասին զանգվածային լրատվության միջոցների հրապարակումները ուսումնասիրում է Մամուլի ծառայությունը: ՈՒսումնասիրության արդյունքներով կազմվում են անհրաժեշտ քաղվածքներ ներառող ամփոփ տեղեկանքներ, որոնք ներկայացվում են Բարձրագույն դատական խորհրդի նախագահին:
58. Մամուլի ծառայության ամփոփ տեղեկանքներում արտացոլված և անմիջապես Բարձրագույն դատական խորհրդին հասցեագրված հրապարակումների վերաբերյալ ուղեկցական նամակների քննարկումն իրականացվում է Բարձրագույն դատական խորհրդի 2020 թվականի հոկտեմբերի 22-ի թիվ ԲԴԽ-68-Ն-15 որոշմամբ հաստատված Բարձրագույն դատական խորհրդի աշխատակարգի 89-րդ կետով նախատեսված կարգով: Քննարկման ընթացքի և արդյունքների մասին զանգվածային լրատվության միջոցներին իրազեկում է Մամուլի ծառայությունը` Օրենքով սահմանված հրապարակման ենթակա տեղեկատվության սահմաններում:
(58-րդ կետը փոփ. 05.04.2021 ԲԴԽ-20-Ն-8 որոշում)
59. Եթե Բարձրագույն դատական խորհրդի անդամների կամ դատավորների կողմից կարգապահական խախտումների վերաբերյալ զանգվածային լրատվության միջոցների հրապարակումներն ակնհայտ չեն համապատասխանում իրականությանը, ապա Բարձրագույն դատական խորհրդի նախագահի հանձնարարությամբ Մամուլի ծառայությունը հրապարակում է հերքող նյութ:
60. Այն դեպքում, երբ զանգվածային լրատվության միջոցների հրապարակումներն անմիջականորեն չեն բովանդակում Բարձրագույն դատական խորհրդի անդամների կամ դատավորների կողմից կարգապահական խախտումներ թույլ տալու վերաբերյալ տեղեկատվություն, սակայն դրանցում առկա են այդպիսի խախտումների փաստերի առկայությունը պարզելու վերաբերյալ կոնկրետ հարցումներ, ապա Բարձրագույն դատական խորհրդի նախագահի հանձնարարությամբ Մամուլի ծառայությունը հրապարակում է համապատասխան պատասխան կամ տրվում է պարզաբանում:
61. Սույն գլխով նախատեսված հրապարակումների առնչությամբ Մամուլի ծառայությանը` Բարձրագույն դատական խորհրդի նախագահի համապատասխան հանձնարարության շրջանակներում, Դատական դեպարտամենտի ղեկավարի ցուցումով անհրաժեշտ տեղեկատվություն է տրամադրում Դատական դեպարտամենտը:
62. Միաժամանակ, հերքման կամ պատասխանի նախագիծ պատրաստելիս, անհապաղ տեղյակ է պահվում Բարձրագույն դատական խորհրդի այն անդամը կամ դատավորը, որին վերաբերում է տվյալ հրապարակված նյութը: Բարձրագույն դատական խորհրդի անդամը կամ դատավորն իր հայեցողությամբ կարող է տրամադրել անհրաժեշտ նյութեր, ինչպես նաև պարզաբանումներ, որոնք պետք է համարժեք հաշվի առնվեն հերքման կամ պատասխանի տեքստում: Բարձրագույն դատական խորհրդի անդամի կամ դատավորի պարզաբանումները հերքման կամ պատասխանի տեքստում ներառելիս, հղում է արվում նրանց:
63. Բարձրագույն դատական խորհրդի անդամը կամ դատավորը, որի կողմից կարգապահական խախտման վերաբերյալ նյութեր են հրապարակվել զանգվածային լրատվության միջոցներում, կարող է դիմել Մամուլի ծառայությանը` համապատասխան ուսումնասիրություններ կատարելու և հերքում կամ պատասխան հրապարակելու միջնորդությամբ` տրամադրելով անհրաժեշտ նյութեր: Միաժամանակ Բարձրագույն դատական խորհրդի անդամը կամ դատավորը կարող են իրենց հայեցողությամբ անմիջականորեն հանդես գալ զանգվածային լրատվության միջոցներով և ներկայացնել իրենց սեփական դիտարկումներն ու տեսակետը` պահպանելով Կանոններով ամրագրված սկզբունքները:
ԳԼՈՒԽ 8. |
ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԼՐԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐԻՆ ԱՐՁԱԳԱՆՔԵԼՈՒ ԿԱՐԳԸ |
64. Բարձրագույն դատական խորհրդի անդամների կամ դատավորների կողմից հանցագործությունների մասին զանգվածային լրատվության միջոցների հրապարակումները քննարկվում են Բարձրագույն դատական խորհրդում` դրանցում առերևույթ հանցագործության հատկանիշների մասին տեղեկատվության առկայության տեսանկյունից, և ըստ այդմ էլ` բավարար հիմքերի առկայության պարագայում դրանք ուղարկվում են Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազին:
65. Եթե Բարձրագույն դատական խորհուրդը գտնում է, որ հանցագործության մասին հաղորդումները բովանդակային կտրվածքով, ըստ էության, հանդիսանում են կարգապահական խախտումների վերաբերյալ հաղորդումներ, ապա դրանք սահմանված կարգով փոխանցվում են Դատավորների ընդհանուր ժողովի Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողով:
(65-րդ կետը փոփ. 26.05.2020 ԲԴԽ-30-Ն-6 որոշում)
66. Եթե հանցագործության մասին հաղորդումները, ըստ էության, չեն բովանդակում որևէ առերևույթ իրավախախտման մասին տվյալներ կամ անանուն են կամ կեղծ անուններով են, ապա դրանց արձագանքելը թողնվում է` համապատասխանաբար Բարձրագույն դատական խորհրդի անդամների կամ դատավորների հայեցողությանը:
ԳԼՈՒԽ 9. |
ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ |
67. Կանոնների ուժի մեջ մտնելուց հետո մինչև Դատական իշխանության պաշտոնական court.am կայքում զանգվածային լրատվության միջոցների և անհատ լրագրողների հայտերի էլեկտրոնային եղանակով գրանցման համակարգի ներդրումը, գրանցումն իրականացվում է Մամուլի ծառայության էլեկտրոնային հասցեի ([email protected]) միջոցով: