Սեղմել Esc փակելու համար:
2019 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 25-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

2019 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 25-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` «ԲԱՐՁՐԱԳՈ ...

 

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ

 

Քաղ. Երևան 13 ապրիլի 2021 թ.

 

2019 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 25-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` «ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՓՈԽՃԱՆԱՉՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՅՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Սահմանադրական դատարանը` կազմով. Ա. Դիլանյանի (նախագահող), Վ. Գրիգորյանի, Հ. Թովմասյանի, Ա. Թունյանի, Ա. Խաչատրյանի, Ե. Խունդկարյանի, Է. Շաթիրյանի, Ա. Պետրոսյանի, Ա. Վաղարշյանի,

մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)`

Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ա. Մարտիրոսյանի,

համաձայն Սահմանադրության 168-րդ հոդվածի 3-րդ կետի, 169-րդ հոդվածի 3-րդ մասի, ինչպես նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 23, 40 և 74-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2019 թվականի նոյեմբերի 25-ին ստորագրված «Բարձրագույն կրթության որակավորումների փոխճանաչման մասին» համաշխարհային կոնվենցիայում ամրագրված պարտավորությունների` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Հայաստանի Հանրապետության կառավարությունն իր` 2021 թվականի հունվարի 27-ի N 88-Ա որոշմամբ 2019 թվականի նոյեմբերի 25-ին ստորագրված «Բարձրագույն կրթության որակավորումների փոխճանաչման մասին» համաշխարհային կոնվենցիայում ամրագրված պարտավորությունների` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու նպատակով դիմել է Սահմանադրական դատարան: Հիշյալ որոշումը Հայաստանի Հանրապետության վարչապետը Սահմանադրական դատարան է ներկայացրել 2021 թվականի փետրվարի 2-ին:

Գործի քննության առիթը Հայաստանի Հանրապետության կառավարության` 2021 թվականի փետրվարի 2-ին Սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է:

Ուսումնասիրելով սույն գործով Կառավարության ներկայացուցչի գրավոր բացատրությունը, հետազոտելով վերոնշյալ կոնվենցիան և գործում առկա մյուս փաստաթղթերը` Սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

1. «Բարձրագույն կրթության որակավորումների փոխճանաչման մասին» համաշխարհային կոնվենցիան (այսուհետ` Կոնվենցիա) ստորագրվել է 2019 թվականի նոյեմբերի 25-ին Փարիզում` բարձրագույն կրթության ոլորտում միջազգային համագործակցությունը խթանելու և ամրապնդելու, ինչպես նաև բարձրագույն կրթության որակավորման ճանաչման համար արդար, թափանցիկ և համապարփակ միջոցներ ապահովելու նպատակով:

2. Հայաստանի Հանրապետությունը, փոխադարձության հիման վրա, Կոնվենցիայով ստանձնում է մի շարք պարտավորություններ, մասնավորապես.

- բարձրագույն կրթության համակարգի մատչելիության ապահովման նպատակներով ճանաչել մյուս Կողմ պետություններում ձեռքբերված որակավորումները և փաստաթղթով կամ վկայականով հաստատված նախորդ ուսուցումը, որոնք համապատասխանում են Հայաստանի Հանրապետությունում բարձրագույն կրթության մատչելիության ընդհանուր պահանջներին, եթե չի հաստատվում էական տարբերություններ մյուս Կողմ պետություններում մատչելիության ընդհանուր պահանջների և Հայաստանի Հանրապետությունում ընդհանուր պահանջների միջև: Հակառակ դեպքում մեկ այլ Կողմի պետությունում ձեռքբերված որակավորում ունեցողին ընձեռել այդ որակավորման գնահատում ստանալու հնարավորություն (Հոդված IV, մաս 1),

- եթե որակավորմամբ ապահովվում է այն Կողմ պետության բարձրագույն ուսումնական հաստատությունների կամ բարձրագույն կրթության ծրագրերի միայն կոնկրետ տեսակների մատչելիություն, որտեղ ձեռք է բերվել որակավորումը, ապա այդպիսի որակավորում ունեցողների համար ապահովել ՀՀ բարձրագույն կրթության համակարգի մաս կազմող հաստատությունների կամ ծրագրերի համանման կոնկրետ տեսակների մատչելիություն` առկայության դեպքում, եթե չի հաստատվում էական տարբերություններ (Հոդված IV, մաս 3),

- ճանաչել մեկ այլ Կողմ պետությունում տրված բարձրագույն կրթության որակավորումը, եթե չի հաստատվում այդ որակավորման և Հայաստանի Հանրապետության համապատասխան որակավորման միջև էական տարբերություններ: Հակառակ դեպքում մեկ այլ Կողմ պետությունում տրված բարձրագույն կրթության որակավորում ունեցողին նրա հարցման հիման վրա ընձեռել այդ որակավորման գնահատում ստանալու հնարավորություն (Հոդված V, մաս 1),

- ՀՀ կրթական համակարգի շրջանակներում և ՀՀ սահմանադրական, օրենսդրական և կարգավորող դրույթներին համապատասխան` ձեռնարկել անհրաժեշտ և իրագործելի քայլեր փախստականների և տեղահանված անձանց` բարձրագույն կրթության մատչելիության, բարձրագույն կրթության ծրագրերով կրթությունը շարունակելու կամ աշխատանքի տեղավորման հնարավորություններ փնտրելու համապատասխան պահանջները բավարարելու հանգամանքի արդարացի և արդյունավետ գնահատման ողջամիտ ընթացակարգեր մշակելու համար, այդ թվում` այն դեպքերում, երբ մեկ այլ երկրում անցած մասնակի ուսումնառությունը, ստացած նախորդ ուսուցումը կամ որակավորումները չեն կարող ապացուցվել փաստաթղթային եղանակով (Հոդված VII),

- Հայաստանի Հանրապետության տարածքում ձեռքբերված որակավորումների և ուսուցման արդյունքների ամբողջական նկարագրության համար ստեղծել թափանցիկ համակարգեր (Հոդված VIII, մաս 1),

- ՀՀ բարձրագույն կրթության համակարգի նկատմամբ հավատն ու վստահությունը խթանելու նպատակով ՀՀ սահմանադրական, օրենսդրական և նորմատիվ կարգավիճակի և կառուցվածքի հիման վրա հնարավոր իրագործելի սահմաններում գործարկել ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների հաստատման, ճանաչման և որակի ապահովման օբյեկտիվ և հուսալի համակարգ (Հոդված VIII, մաս 2),

- ՀՀ բարձրագույն կրթության համակարգի վերաբերյալ համապատասխան, ճշգրիտ և թարմացված տեղեկությունների հասանելիությունն ապահովելու համար ստեղծել ազգային տեղեկատվական կենտրոն կամ համանման սուբյեկտներ և աջակցել դրանց (Հոդված VIII, մաս 3),

- տեղեկությունների հեշտ հասանելիությունն ապահովելու համար խրախուսել տեխնոլոգիաների կիրառումը (Հոդված VIII, մաս 4),

- անհրաժեշտության դեպքում ապահովել ՀՀ բարձրագույն կրթության համակարգերի, որակավորումների, որակի ապահովման և որակավորման շրջանակների վերաբերյալ պաշտոնական և ճշգրիտ տեղեկությունների հասանելիությունը, դյուրացնել այլ Կողմ պետությունների բարձրագույն կրթության համակարգերի, որակավորումների և բարձրագույն կրթության մատչելիությունն ապահովող որակավորումների վերաբերյալ ճշգրիտ տեղեկությունների տարածումը և հասանելիության ապահովումը, անհրաժեշտության դեպքում տրամադրել խորհրդատվություն և տեղեկություններ ճանաչման հետ կապված հարցերի, այդ թվում` որակավորումների գնահատման չափորոշիչների և ընթացակարգերի վերաբերյալ, ինչպես նաև ՀՀ օրենքներին, կարգավորումներին և քաղաքականություններին համապատասխան` ճանաչման ոլորտում առկա լավագույն գործելակերպերին առնչվող նյութերի մշակման վերաբերյալ, ապահովել ՀՀ բարձրագույն կրթության համակարգի մաս կազմող ցանկացած հաստատության և այդպիսի հաստատություններում իրականացվող ցանկացած ծրագրի վերաբերյալ պատշաճ տեղեկությունների ողջամիտ ժամկետում տրամադրումը (Հոդված VIII, մաս 5),

- ապահովել, որ ՀՀ կրթական համակարգի մաս կազմող հաստատությունները հնարավորության սահմաններում, հարցման հիման վրա, ողջամիտ ժամկետներում և անվճար հիմունքներով համապատասխան տեղեկություններ տրամադրեն որակավորում ունեցողին կամ այն Կողմ պետության հաստատությանը կամ ճանաչման հարցերով իրավասու մարմիններին, որտեղ հայցվում է ճանաչումը (Հոդված IX, մաս 2),

- ապահովել, որ ճանաչման նպատակով գնահատում իրականացնող մարմինը ներկայացնի դիմումի` պահանջներին անհամապատասխանության պատճառները և էական տարբերությունները (Հոդված IX, մաս 3),

- Կոնվենցիայի ավանդապահին ներկայացնել Հայաստանի Հանրապետության տարածքում ճանաչման հետ կապված հարցերի վերաբերյալ որոշումներ կայացնող իրավասու մարմինների վերաբերյալ պաշտոնական ծանուցումը (Հոդված X, մաս 1),

- Հայաստանի Հանրապետությունում ճանաչման հարցերով կենտրոնական իրավասու մարմինների առկայության դեպքում երաշխավորել նրանց համար Կոնվենցիայի դրույթների անմիջականորեն պարտադիր լինելը, ՀՀ իրավազորության սահմաններում Կոնվենցիայի դրույթների կիրարկումն ապահովելու համար նրանց կողմից անհրաժեշտ միջոցառումներ ձեռնարկելը (Հոդված X, մաս 2),

- ճանաչման հետ կապված հարցերի վերաբերյալ որոշումներ կայացնելու իրավասությունն առանձին բարձրագույն ուսումնական հաստատություններին կամ այլ սուբյեկտներին վերապահված լինելու դեպքում Կոնվենցիայի տեքստը փոխանցել այդ հաստատություններին կամ սուբյեկտներին և ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցառումները` դրա դրույթների արդյունավետ դիտարկումը և կիրառումը խրախուսելու համար (Հոդված X, մաս 4),

- ՀՀ բարձրագույն ուսումնական տվյալ հաստատություն կամ այդ հաստատության կոնկրետ ծրագրով ընդունելության ընթացակարգերը մշակել այնպես, որ օտարերկրյա որակավորումների գնահատումն ապահովվի Կոնվենցիայի 3-րդ հոդվածում ներկայացված թափանցիկության, արդարացիության և խտրականության բացառման սկզբունքների համաձայն (Հոդված XI, մաս 4),

- Կողմ պետությունների միջկառավարական խորհրդաժողովի քարտուղարությանը ծանուցել կիրարկումն ապահովող ՀՀ կառույցների կամ այդ առնչությամբ տեղի ունեցած ցանկացած փոփոխության մասին, ինչպես նաև երաշխավորել, որ այդ կառույցները ստեղծեն ցանցեր և ակտիվ մասնակցություն ունենան դրանցում (Հոդված XIII, մասեր 2 և 3),

- խթանել Կոնվենցիայի և միջազգային պայմանագրերի, մասնավորապես` ճանաչման վերաբերյալ տարածաշրջանային կոնվենցիաների, որոնց Կողմ է Հայաստանի Հանրապետությունը, միջև փոխօգնությունը (Հոդված XIX, մաս 2),

- ճանաչման վերաբերյալ տարածաշրջանային կոնվենցիաները, որոնց Կողմ է Հայաստանի Հանրապետությունը, մեկնաբանելիս և կիրառելիս, ինչպես նաև այլ միջազգային պարտավորություններ ստանձնելիս հաշվի առնել Կոնվենցիայի համապատասխան դրույթները (Հոդված XIX, մաս 2):

3. Կոնվենցիայով սահմանվում են նաև դրա կիրարկումն ապահովող ազգային կառույցների ցանցերի և միջկառավարական խորհրդաժողովի ստեղծման կարգը և գործառույթները:

4. Կոնվենցիան ուժի մեջ է մտնում վավերացման, ընդունման, հաստատման կամ միանալու մասին քսաներորդ փաստաթուղթն ի պահ հանձնելու օրվանից երեք ամիս հետո, բայց միայն այն Կողմ պետությունների համար, որոնք վավերացման, ընդունման, հաստատման կամ միանալու մասին փաստաթուղթն ի պահ են հանձնել այդ օրը կամ մինչև այդ օրը (Հոդված XVIII, մաս 1):

 

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Սահմանադրության 168-րդ հոդվածի 3-րդ կետով, 170-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 63, 64 և 74-րդ հոդվածներով` Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

1. 2019 թվականի նոյեմբերի 25-ին ստորագրված «Բարձրագույն կրթության որակավորումների փոխճանաչման մասին» համաշխարհային կոնվենցիայում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Սահմանադրությանը:

2. Սահմանադրության 170-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

    Նախագահող                              Ա. ԴԻԼԱՆՅԱՆ

 

13 ապրիլի 2021 թվականի

ՍԴՈ-1589

 

ՀԱՏՈՒԿ ԿԱՐԾԻՔ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԿՈՂՄԻՑ «2019 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 25-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ «ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՓՈԽՃԱՆԱՉՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՅՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾՈՎ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 13-ԻՆ ԿԱՅԱՑՎԱԾ ՍԴՈ-1589 ՈՐՈՇՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Սահմանադրական դատարանը, դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննելով «2019 թվականի նոյեմբերի 25-ին ստորագրված «Բարձրագույն կրթության որակավորումների փոխճանաչման մասին» համաշխարհային կոնվենցիայում ամրագրված պարտավորությունների` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը, 2021 թվականի ապրիլի 13-ի ՍԴՈ-1589 որոշմամբ (հրապարակվել է 16.04.2021 թվականին) որոշել է.

«1. 2019 թվականի նոյեմբերի 25-ին ստորագրված «Բարձրագույն կրթության որակավորումների փոխճանաչման մասին» համաշխարհային կոնվենցիայում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Սահմանադրությանը: (...)»:

Համաձայն չլինելով Սահմանադրական դատարանի 2021 թվականի ապրիլի 13-ի ՍԴՈ-1589 որոշմանը` Սահմանադրական դատարանի դատավոր Ե. Խունդկարյանս շարադրում եմ դրա վերաբերյալ իմ հատուկ կարծիքը:

Նախ` հարկ եմ համարում նշել, որ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի` «Միջազգային պայմանագրում ամրագրված պարտավորությունների` Սահմանադրությանը համապատասխանության որոշումը» վերտառությամբ 74-րդ հոդվածի 6-րդ մասում նշված որոշումներից որևէ մեկն ընդունելու համար անհրաժեշտ է օրենքով սահմանված կարգով Սահմանադրական դատարան ներկայացված դիմում: Հակառակ դեպքում, եթե առկա չէ թույլատրելի եղանակով ներկայացված դիմում կամ այն չի համապատասխանում օրենքով սահմանված պահանջներին, ապա Սահմանադրական դատարանն իրավասու չէ ըստ էության որոշում ընդունել միջազգային պայմանագրում ամրագրված պարտավորությունների` Սահմանադրությանը համապատասխանության հարցի վերաբերյալ:

Ինչպես վերը նշվեց, Սահմանադրական դատարանն իր ՍԴՈ-1589 որոշմամբ 2019 թվականի նոյեմբերի 25-ին ստորագրված «Բարձրագույն կրթության որակավորումների փոխճանաչման մասին» համաշխարհային կոնվենցիայում ամրագրված պարտավորությունները ճանաչել է Սահմանադրությանը համապատասխանող: Հարկ եմ համարում ընդգծել, որ սույն հատուկ կարծիքի շրջանակներում նշված որոշմանը բովանդակային առումով անդրադառնալը հնարավոր և անհրաժեշտ չեմ համարում, քանի որ այդ որոշմանն իմ անհամաձայնության հիմքում ընկած է թույլատրելի եղանակով ներկայացված, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքով դիմումին ներկայացվող պահանջներին բավարարող դիմումի բացակայությունը, որպիսի պայմաններում կարծում եմ, որ Սահմանադրական դատարանն իրավասու չէր սույն գործով ըստ էության որոշում ընդունել` անկախ այդ որոշման բովանդակությունից:

Այսպես` «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Սահմանադրական դատարանը գործը քննում է միայն համապատասխան դիմումի առկայության դեպքում:

Միաժամանակ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքը սահմանում է դիմումին ներկայացվող պահանջները և Սահմանադրական դատարան դիմումի ներկայացման եղանակը:

Վերոգրյալ իրավական նորմերից հետևում է, որ Սահմանադրական դատարանում գործերի քննության միակ հնարավոր առիթը դիմումն է, որը պետք է ներկայացվի իրավասու անձի կողմից, համապատասխանի «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքով դիմումին ներկայացվող պահանջներին և ներկայացված լինի թույլատրելի եղանակով:

Սահմանադրության 168-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն Սահմանադրական դատարանը Սահմանադրական դատարանի մասին օրենքով սահմանված կարգով մինչև միջազգային պայմանագրի վավերացումը որոշում է դրանում ամրագրված պարտավորությունների համապատասխանությունը Սահմանադրությանը, իսկ Սահմանադրության 169-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` Սահմանադրության 168-րդ հոդվածի 3-րդ կետով սահմանված դեպքում Սահմանադրական դատարան դիմում է Կառավարությունը(1):

 

_____________________________________

1) Համանման իրավական կարգավորում է սահմանում նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 74-րդ հոդվածի 1-ին մասը:

 

«Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 46-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` որպես կողմի ի պաշտոնե ներկայացուցիչ` կարող են հանդես գալ Սահմանադրական դատարան դիմած մարմնի ղեկավարը, վիճարկվող ակտն ընդունած մարմնի ղեկավարը, ինչպես նաև «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքով սահմանված կարգով նշանակված անձը:

«Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դիմումը Սահմանադրական դատարան է ներկայացվում գրավոր` իրավասու անձի կողմից ստորագրված: Դիմումը ներկայացվում է թղթային կամ էլեկտրոնային եղանակով: Ընդ որում, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 88-րդ հոդվածի 6-րդ մասը սահմանում է, որ նույն օրենքի 24-րդ հոդվածով նախատեսված էլեկտրոնային եղանակով դիմումները Սահմանադրական դատարան կարող են ներկայացվել Սահմանադրական դատարանում համապատասխան տեխնիկական հնարավորությունների առկայության դեպքում:

Վերը նշված իրավակարգավորումները թույլ են տալիս կատարել հետևյալ դատողությունները.

- մինչև Ազգային ժողովի կողմից միջազգային պայմանագրի վավերացումը դրանում ամրագրված պարտավորությունների` Սահմանադրությանը համապատասխանության հարցով Սահմանադրական դատարան դիմելու իրավասությունը վերապահված է Կառավարությանը.

- այդ հարցով Սահմանադրական դատարան ներկայացվող դիմումը պետք է լինի իրավասու անձի կողմից ստորագրված.

- այդ հարցով դիմումը կարող է թղթային եղանակով ներկայացվել Սահմանադրական դատարան առանց նախապայմանների.

- այդ հարցով դիմումը կարող է էլեկտրոնային եղանակով ներկայացվել Սահմանադրական դատարան միայն այն դեպքում, երբ Սահմանադրական դատարանում առկա են համապատասխան տեխնիկական հնարավորություններ:

Կարծում եմ, որ գործող իրավակարգավորումների պայմաններում Սահմանադրական դատարանում համապատասխան տեխնիկական հնարավորությունների առկայությունը և դրանով պայմանավորված` էլեկտրոնային եղանակով դիմումներ ընդունելու, դրանց հիման վրա գործեր քննելու Սահմանադրական դատարանի իրավասությունը պետք է հավաստվեն Սահմանադրական դատարանի համապատասխան իրավական ակտով: Այսինքն` Սահմանադրական դատարան դիմող հնարավոր սուբյեկտները (դրա իրավունքն ունեցող անձինք) Սահմանադրական դատարանի համապատասխան իրավական ակտից պետք է իրազեկվեն, որ Սահմանադրական դատարանում առկա են էլեկտրոնային եղանակով դիմումներ ընդունելու համապատասխան տեխնիկական հնարավորություններ, ինչպես նաև տեղեկանան էլեկտրոնային այն հարթակի մասին, որով Սահմանադրական դատարանն ընդունելու է էլեկտրոնային եղանակով ներկայացվող դիմումները, և միայն այդ պայմաններում անձինք կարող են էլեկտրոնային եղանակով դիմումներ ներկայացնել Սահմանադրական դատարան:

Ասվածի հիմքում ընկած է այն հանգամանքը, որ առանց համապատասխան իրավական հիմքի հնարավոր չէ միանշանակ եզրահանգում կատարել այն մասին, թե Սահմանադրական դատարանում առկա են արդյոք էլեկտրոնային եղանակով դիմումներ ընդունելու համապատասխան տեխնիկական հնարավորություններ, և թե Սահմանադրական դատարանն էլեկտրոնային որ հարթակով է դիմումներ ընդունում, նման եզրահանգման հիմքում պետք է ընկած լինի Սահմանադրական դատարանի համապատասխան իրավական ակտը:

Ավելին, Սահմանադրական դատարանի կայքում նշված է Սահմանադրական դատարանի էլեկտրոնային փոստի հասցեն, նշված են նաև Սահմանադրական դատարանի դատավորների էլեկտրոնային փոստի հասցեները: Եթե կարելի է էլեկտրոնային եղանակով դիմումներ ներկայացնել Սահմանադրական դատարան, և վերջինս իրավասու է նման դիմումների հիման վրա գործեր քննել նաև Սահմանադրական դատարանի համապատասխան իրավական ակտի բացակայության պայմաններում, ապա ինչպե՞ս է Սահմանադրական դատարան դիմող անձի համար պարզ լինելու, թե արդյոք նա կարող է դիմումը նաև ներկայացնել` այն ուղարկելով Սահմանադրական դատարանի կամ Սահմանադրական դատարանի դատավորի էլեկտրոնային փոստի հասցեով, և նման դիմումներն արդյոք Սահմանադրական դատարանը համարելու է գործի քննության առիթ:

Վերոգրյալը ևս վկայում է Սահմանադրական դատարան էլեկտրոնային եղանակով դիմումներ ներկայացնելու հնարավորության վերաբերյալ համապատասխան իրավական ակտի անհրաժեշտության մասին, որում նշված կլինի նաև էլեկտրոնային այն հարթակը, որի միջոցով դիմումների ներկայացումը Սահմանադրական դատարանը համարելու է ընդունելի, ինչպես նաև տեղեկատվական տեխնոլոգիաների տեխնիկական միջոցների այն գործիքակազմը, որի միջոցով Սահմանադրական դատարանում իրականացվելու է էլեկտրոնային փաստաթղթում առկա էլեկտրոնային ստորագրության իսկության ստուգումը: Դրա միջոցով Սահմանադրական դատարան դիմող անձանց համար հստակ և կանխատեսելի կլինի ոչ միայն այն, թե Սահմանադրական դատարանի կողմից որ հարթակի միջոցով են ընդունվում էլեկտրոնային եղանակով «ներկայացվող դիմումները, այլև այն, թե տեղեկատվական տեխնոլոգիաների տեխնիկական միջոցների ինչ գործիքակազմով է Սահմանադրական դատարանում պարզվում ստացված դիմումի` իրավասու անձի կողմից ստորագրված լինելու հանգամանքը: Այսինքն` Սահմանադրական դատարան դիմող անձանց համար պետք է պարզ լինի նաև, թե ինչ միջոցների կիրառմամբ է Սահմանադրական դատարանում հաստատվում կամ հերքվում ներկայացված էլեկտրոնային փաստաթղթի` իրավասու անձի կողմից ստորագրված լինելու հանգամանքը, ինչը հնարավորություն կտա Սահմանադրական դատարան դիմող անձանց նախքան էլեկտրոնային եղանակով էլեկտրոնային փաստաթղթի ձևով դիմում ներկայացնելը կանխատեսել, թե ինչ գնահատական է տրվելու դրանում առկա էլեկտրոնային ստորագրությանը:

Ավելին, կարծում եմ, որ անձանց համար պետք է գործնականում ապահովվեն Սահմանադրական դատարան դիմելու համանման պայմաններ, և պետք է բացառվի Սահմանադրական դատարան դիմող անձանց նկատմամբ անհավասար վերաբերմունքը Սահմանադրական դատարան դիմում ներկայացնելու եղանակների ընտրության հարցում: Մասնավորապես` էլեկտրոնային եղանակով Սահմանադրական դատարան դիմումներ ներկայացնելու հնարավորության ապահովումը կոչված է խթանելու սահմանադրական արդարադատության փաստացի մատչելիությունը` խնայելով Սահմանադրական դատարան դիմումներ ներկայացնելու համար ծախսվող նյութական և ժամանակային ռեսուրսները: Սահմանադրական դատարան դիմումների ներկայացման էլեկտրոնային հարթակի գործարկումը կարող է ապահովել դրանց ներկայացման առավել պարզ և արագ ընթացակարգ: Հետևաբար Սահմանադրական դատարանում համապատասխան տեխնիկական հնարավորությունների առկայության դեպքում էլեկտրոնային եղանակով դիմումներ ներկայացնելու հնարավորությունը պետք է ապահովվի Սահմանադրական դատարան դիմելու իրավունք ունեցող բոլոր անձանց համար:

Ըստ այդմ, եթե Սահմանադրական դատարանն ընդունելի է համարում էլեկտրոնային եղանակով դիմումների ներկայացումը (որն անվերապահորեն ընդունելի է նաև իմ կողմից), ապա այդ հնարավորությունը պետք է հավասարապես վերագրելի լինի Սահմանադրական դատարան դիմելու իրավունք ունեցող բոլոր անձանց, այսինքն` կա՛մ Սահմանադրական դատարանում առկա չեն համապատասխան տեխնիկական հնարավորություններ, և որևէ անձ չի կարող դիմումը ներկայացնել էլեկտրոնային եղանակով, կա՛մ նման տեխնիկական հնարավորություններ առկա են, և Սահմանադրական դատարան դիմելու իրավունք ունեցող բոլոր անձինք կարող են դիմում ներկայացնել նաև էլեկտրոնային եղանակով` Սահմանադրական դատարանի համապատասխան իրավական ակտում նշված` էլեկտրոնային մեկ կամ մի քանի հարթակների միջոցով:

Տվյալ դեպքում սույն գործի նյութերում առկա է թղթային տարբերակով դիմում, որի վրա առկա չէ դիմողի ստորագրություն: Միաժամանակ պարզվել է, որ Սահմանադրական դատարանի կողմից գործի քննության առիթ համարված դիմումը ներկայացվել է «Mulberry» էլեկտրոնային փաստաթղթաշարժի համակարգով այն դեպքում, երբ առկա չէ Սահմանադրական դատարանում համապատասխան տեխնիկական հնարավորությունների առկայության մասին Սահմանադրական դատարանի համապատասխան իրավական ակտ, որում նշված կլինի նաև, որ Սահմանադրական դատարանն ընդունելի է համարում «Mulberry» էլեկտրոնային փաստաթղթաշարժի համակարգի միջոցով դիմումների ներկայացումը: Ընդ որում, այդ դեպքում էլեկտրոնային որևէ հարթակի միջոցով Սահմանադրական դատարան դիմում ներկայացնելու հնարավորությունը պետք է ապահովվեր Սահմանադրական դատարան դիմելու իրավունք ունեցող բոլոր, այդ թվում` ֆիզիկական և իրավաբանական անձանց համար:

Միաժամանակ հաշվի առնելով, որ սույն գործի նյութերում առկա դիմումի թղթային օրինակում բացակայում է որևէ ստորագրություն և Սահմանադրական դատարանի կողմից գործի քննության առիթ համարված դիմումի վրա առկա է էլեկտրոնային ստորագրությամբ հաստատված լինելու մասին նշում, հարկ եմ համարում անդրադառնալ Սահմանադրական դատարան էլեկտրոնային փաստաթղթի ձևով դիմում ներկայացնելու հարցին:

Այսպես` էլեկտրոնային փաստաթղթերի և էլեկտրոնային թվային ստորագրությունների կիրառման ընթացքում ծագող իրավահարաբերությունները կարգավորվում են «էլեկտրոնային փաստաթղթի և էլեկտրոնային թվային ստորագրության մասին» օրենքով:

Նշված օրենքի 2-րդ հոդվածով սահմանված Են այդ իրավական ակտում օգտագործվող, ի թիվս այլնի, հետևյալ հիմնական հասկացությունները.

էլեկտրոնային փաստաթուղթ` տեղեկություն գրանցված նյութական կրիչի վրա էլեկտրոնային եղանակով, վավերացված էլեկտրոնային թվային ստորագրությամբ: Էլեկտրոնային փաստաթուղթը ստեղծվում, մշակվում և պահպանվում է տեղեկատվական համակարգերի և տեղեկատվական տեխնոլոգիաների տեխնիկական միջոցների օգտագործմամբ.

էլեկտրոնային թվային ստորագրություն` էլեկտրոնային թվային ստորագրության ստեղծման տվյալների և տվյալ էլեկտրոնային փաստաթղթի տեղեկատվության կրիպտոգրաֆիկական փոխակերպությունների միջոցով ստացված և էլեկտրոնային թվային ձևով ներկայացված պայմանանշանների եզակի հաջորդականություն, որը կցված կամ տրամաբանորեն կապված է էլեկտրոնային փաստաթղթի հետ և օգտագործվում է ստորագրող անձին նույնականացնելու, ինչպես նաև էլեկտրոնային փաստաթուղթը կեղծիքներից ու աղավաղումներից պաշտպանելու համար.

էլեկտրոնային փաստաթուղթը ստորագրող անձ (այսուհետ` ստորագրող անձ)` ֆիզիկական անձ, որի (կամ այն անձի, որին նա ներկայացնում է) անունով տրամադրվել է էլեկտրոնային թվային ստորագրության հավաստագիրը.

էլեկտրոնային թվային ստորագրության ստուգման տվյալներ (այսուհետ` ստուգման տվյալներ)` պայմանանշանների ուրույն հաջորդականություն, որն օգտագործվում է յուրաքանչյուր էլեկտրոնային թվային ստորագրության իսկությունը հաստատելու համար.

էլեկտրոնային թվային ստորագրության ստուգման միջոցներ` ապարատային և/կամ ծրագրային միջոցներ, որոնք հնարավորություն են տալիս ստուգել էլեկտրոնային թվային ստորագրության իսկությունը` օգտագործելով էլեկտրոնային թվային ստորագրության ստուգման տվյալները.

էլեկտրոնային թվային ստորագրության իսկություն` էլեկտրոնային թվային ստորագրության ստուգման տվյալների և միջոցների կիրառման դրական արդյունք, որը նույնականացնում է ստորագրող անձին.

Նույն օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ պարբերության համաձայն` էլեկտրոնային թվային ստորագրությամբ պաշտպանված էլեկտրոնային փաստաթուղթն ունի նույն իրավական նշանակությունը, ինչ որ անձի ձեռագիր ստորագրությամբ ամրագրված փաստաթուղթը, եթե հաստատվել է էլեկտրոնային թվային ստորագրության իսկությունը և չկան բավարար ապացույցներ այն մասին, որ փաստաթուղթը փոփոխվել կամ կեղծվել է այն պահից, երբ այն հաղորդվել և (կամ) տրվել է պահպանության, բացառությամբ այն դարձունակ փոփոխությունների, որոնք անհրաժեշտ և անխուսափելի են այդ էլեկտրոնային փաստաթղթի հաղորդման և (կամ) պահպանման համար, իսկ նույն հոդվածի 3-րդ պարբերության համաձայն` պետական, տեղական ինքնակառավարման մարմինները, ֆիզիկական և իրավաբանական անձինք, կազմակերպությունները պարտավոր չեն ընդունել էլեկտրոնային թվային ստորագրությամբ պաշտպանված էլեկտրոնային փաստաթղթեր, եթե նրանք չունեն համապատասխան տեխնիկական միջոցներ:

«Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի և «էլեկտրոնային փաստաթղթի և էլեկտրոնային թվային ստորագրության մասին» օրենքի վկայակոչված իրավական նորմերի վերլուծության արդյունքում կարելի է արձանագրել, որ էլեկտրոնային թվային ստորագրությամբ պաշտպանված, էլեկտրոնային փաստաթուղթ համարվող դիմումն ունի նույն իրավական նշանակությունը, ինչն ունի իրավասու անձի կողմից ձեռագիր ստորագրված դիմումը հետևյալ պայմանների միաժամանակյա առկայության դեպքում.

- հաստատվել է էլեկտրոնային թվային ստորագրության իսկությունը, այսինքն` առկա է էլեկտրոնային թվային ստորագրության ստուգման տվյալների և միջոցների կիրառման հնարավորություն և կիրառման դրական արդյունք, որը նույնականացնում է ստորագրող անձին.

- չկան բավարար ապացույցներ այն մասին, որ փաստաթուղթը փոփոխվել կամ կեղծվել է այն պահից, երբ այն հաղորդվել և (կամ) տրվել է պահպանության, բացառությամբ այն դարձունակ փոփոխությունների, որոնք անհրաժեշտ և անխուսափելի են այդ էլեկտրոնային փաստաթղթի հաղորդման և (կամ) պահպանման համար:

Վերոգրյալի հաշվառմամբ կարծում եմ, որ «Mulberry» էլեկտրոնային փաստաթղթաշարժի համակարգի միջոցով դիմումների ներկայացումն ընդունելի համարելու պայմաններում անգամ սույն դեպքում գործի քննության առիթ համարված դիմումին կարող էր տրվել դիմողի (նրա անունից հանդես եկող իրավասու անձի) ձեռագիր ստորագրությամբ ամրագրված փաստաթղթի նշանակություն միայն վերը նշված պայմանների միաժամանակյա առկայության դեպքում, քանի որ միայն այդ դեպքում հնարավոր կլիներ արձանագրել, որ դիմումն իսկապես ստորագրվել է դիմողի (նրա անունից հանդես եկող իրավասու անձի) կողմից: Մինչդեռ Սահմանադրական դատարանում էլեկտրոնային թվային ստորագրության իսկությունը ստուգելու տեխնիկական հնարավորությունների առկայության մասին իրավական ակտի բացակայության պայմաններում կարծում եմ, որ ներկայացված դիմումը պետք է համարվեր իրավասու անձի կողմից չստորագրված, ուստի պետք է վրա հասնեին «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 26-րդ հոդվածով նախատեսված հետևանքները, այն է` դիմողը պետք է եռօրյա ժամկետում Սահմանադրական դատարանի աշխատակազմի կողմից տեղեկացվեր դիմումի` «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 24-րդ հոդվածին անհամապատասխանության մասին, ինչի արդյունքում դիմողը նաև կկարողանար օգտվել դիմումը «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի պահանջներին համապատասխանեցնելու օրենսդրական հնարավորությունից:

Միաժամանակ, եթե Սահմանադրական դատարանը համարել է, որ սույն դեպքում առկա է էլեկտրոնային թվային ստորագրությամբ պաշտպանված էլեկտրոնային փաստաթուղթ, որն ունի նույն իրավական նշանակությունը, ինչն ունի անձի ձեռագիր ստորագրությամբ ամրագրված փաստաթուղթը, ապա կարծում եմ, որ նման եզրահանգում կատարելու համար սույն գործում առնվազն պետք է առկա լիներ Սահմանադրական դատարանի աշխատակազմի կողմից կազմված փաստաթուղթ այն մասին, որ տվյալ դեպքում իսկապես առկա է էլեկտրոնային թվային ստորագրությամբ պաշտպանված էլեկտրոնային փաստաթուղթ, և Սահմանադրական դատարանի աշխատակազմը ստուգել է ստորագրության իսկությունը` պարզելով, որ այդ փաստաթուղթը ստորագրվել է դիմողի (նրա անունից հանդես եկող իրավասու անձի) կողմից: Մինչդեռ սույն գործում նման փաստաթղթի բացակայության պայմաններում անհասկանալի է, թե ինչպես է սույն գործի քննության առիթ համարված դիմումին տրվել դիմողի (նրա անունից հանդես եկող իրավասու անձի) ձեռագիր ստորագրությամբ ամրագրված փաստաթղթի նշանակություն, այլ կերպ` ներկայացված փաստաթուղթն ինչ հիմքով է համարվել իրավասու անձի կողմից ստորագրված:

Ամփոփելով վերոգրյալը` կարծում եմ, որ սույն գործով առկա չէ թույլատրելի եղանակով ներկայացված, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքով դիմումին ներկայացվող պահանջներին բավարարող դիմում, որպիսի պայմաններում Սահմանադրական դատարանն իրավասու չէր սույն գործով ընդունել ըստ էության որոշում: Միաժամանակ հարկ եմ համարում ընդգծել, որ տվյալ դեպքում նաև առկա չէին ինչպես գործի քննությունը մերժելու, այնպես էլ գործի վարույթը կարճելու հիմքեր: Կարծում եմ, որ տվյալ դեպքում սահմանադրական դատավարության կողմը չի կարող զրկվել սահմանադրական արդարադատություն ստանալու իրավունքից, քանի որ Սահմանադրական դատարանի աշխատակազմի կողմից նրան պետք է տրամադրվեր օրենքով սահմանված ժամկետը` առկա թերությունները շտկելու և դիմումը «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի պահանջներին համապատասխանեցնելու համար:

 

    Դատավոր`                              Ե. ԽՈՒՆԴԿԱՐՅԱՆ

 

Հրապարակվել է ՍԴ պաշտոնական կայքէջում (concourt.am)` 16 ապրիլի 2021 թվական:

 

 

pin
ՀՀ Սահմանադրական դատարան
13.04.2021
N ՍԴՈ-1589
Որոշում