Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՂԱԶԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊ ...

 

 

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ` ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ, ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ԿԱՆԽՄԱՆ ԵՎ ՎԵՐԱՑՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության Կառավարությունը և Ղազախստանի Հանրապետության Կառավարությունը, այսուհետ` Կողմեր,

ձգտելով ամրապնդել իրենց պետությունների ժողովուրդների միջև ավանդական բարեկամական հարաբերությունները,

ընդունելով, որ իրենց պետությունների միջև քաղաքացիական պաշտպանության, արտակարգ իրավիճակների կանխման և վերացման բնագավառում համագործակցության զարգացումը նպաստում է իրենց բնակչության բարօրությանը և ազգային անվտանգությանը,

գիտակցելով, թե ինչ վտանգ են ներկայացնում Կողմերի պետությունների համար արտակարգ իրավիճակները,

հաշվի առնելով Կողմերի պետությունների համար քաղաքացիական պաշտպանության, արտակարգ իրավիճակների կանխման և վերացման բնագավառում գիտատեխնիկական տեղեկատվության փոխանակման օգուտը,

համաձայնեցին ներքոնշյալի մասին.

 

ՀՈԴՎԱԾ 1 ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ԱՌԱՐԿԱՆ

 

Սույն Համաձայնագիրը սահմանում է Կողմերի փոխգործակցությունը քաղաքացիական պաշտպանության, բնական և տեխնածին ռիսկերի կանխման, արտակարգ իրավիճակների վերացման, արտակարգ իրավիճակների առաջացման հանգեցնող արդյունաբերական վթարների, աղետների և տարերային աղետների դեպքում կամավոր և փոխադարձ օգնության տրամադրման համար քաղաքացիական պաշտպանության մասնագետների ուսուցման բնագավառում:

 

ՀՈԴՎԱԾ 2 ՍՈՒՅՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԿԻՐԱՌՎՈՂ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Սույն Համաձայնագրում կիրառվող հասկացություններն ունեն հետևյալ նշանակությունը.

1) հարցում կատարող Կողմ` Կողմ, որը դիմում է մյուս Կողմին` օգնության ցուցաբերման խմբեր, գույք և փրկարարական սարքավորումներ ուղարկելու հարցմամբ,

2) տրամադրող Կողմ` Կողմ, որը բավարարում է մյուս Կողմի` օգնության ցուցաբերման խմբեր, գույք և փրկարարական սարքավորումներ ուղարկելու հարցումը,

3) իրավասու մարմին` պետական մարմին, որը նշանակվում է Կողմերից յուրաքանչյուրի կողմից` սույն Համաձայնագիրն իրականացնելու համար,

4) օգնության ցուցաբերման խմբեր` օգնության ցուցաբերման համար նախատեսված և անհրաժեշտ գույքով ապահովված` օգնության ցուցաբերման մասնագետների խմբեր, այդ թվում` զինվորական անձնակազմ, որոնք ժամանել են աղետի վայր հարցում կատարող Կողմի հարցմամբ,

5) արտակարգ իրավիճակ` իրավիճակ որոշակի տարածքում, որն առաջացել է վթարի, աղետի կամ տարերային աղետի հետևանքով, որոնք հանգեցրել են կամ կարող են հանգեցնել մարդկային զոհերի, մարդկանց առողջությանը, շրջակա միջավայրին և տնտեսության վարման օբյեկտներին վնասների, նշանակալի նյութական կորուստների և բնակչության կենսագործունեության պայմանների խախտման,

6) արտակարգ իրավիճակների կանխում` միջոցառումների համալիր, որն անցկացվում է նախապես և ուղղված է արտակարգ իրավիճակների առաջացման վտանգի առավելագույնս հնարավոր նվազեցմանը, մարդկանց կյանքի և առողջության պահպանմանը, շրջակա բնական միջավայրի վնասի և նյութական կորուստների չափերի նվազեցմանը այդ իրավիճակների առաջացման դեպքում,

7) արտակարգ իրավիճակների վերացում` որոնողափրկարարական, վթարավերականգնողական և այլ անհետաձգելի աշխատանքներ, որոնք կատարվում են արտակարգ իրավիճակների առաջացման դեպքում և ուղղված են մարդկանց կյանքի փրկությանն ու առողջության պահպանմանը, վնասի և նյութական կորուստների չափերի նվազեցմանը, ինչպես նաև արտակարգ իրավիճակների գոտիների տեղայնացմանը,

8) քաղաքացիական պաշտպանություն` կառավարման մարմինների պետական համակարգ և համապետական միջոցառումների ամբողջություն, որոնք անցկացվում են խաղաղ և պատերազմական ժամանակ` կործանման ժամանակակից միջոցների, բնական և տեխնածին բնույթի արտակարգ իրավիճակների կործանիչ (ոչնչացնող) գործոնների ազդեցությունից բնակչության, տնտեսության վարման օբյեկտների և պետության տարածքի պաշտպանության նպատակով,

9) արտակարգ իրավիճակի գոտի` տարածք, որտեղ առաջացել է արտակարգ իրավիճակ,

10) փրկարարական աշխատանքներ` արտակարգ իրավիճակի գոտում մարդկանց, նյութական և մշակութային արժեքների փրկությանը, շրջակա միջավայրի պաշտպանությանը, արտակարգ իրավիճակի տեղայնացմանը և ճնշմանը կամ դրան բնորոշ վտանգավոր գործոնների ազդեցությունը հնարավոր նվազագույն մակարդակի հասցնելուն ուղղված գործողություններ,

11) գույք` տեխնիկա, տեխնիկական և տրանսպորտային միջոցներ, օգնության խմբերի սարքավորումներ, ինչպես նաև օգնության ցուցաբերման խմբերի անդամների անձնական հանդերձանք,

12) փրկարարական սարքավորում` օգնության ցուցաբերման խմբերի կողմից օգտագործման համար նախատեսված լրացուցիչ միջոցներ և այլ առարկաներ,

13) տարանցիկ պետություն` Կողմի պետություն, որի տարածքով երրորդ պետություններ են փոխադրվում վթարափրկարարական կազմավորումներ, գույք և ապահովման նյութեր:

 

ՀՈԴՎԱԾ 3 ԻՐԱՎԱՍՈՒ ՄԱՐՄԻՆՆԵՐ

 

1. Կողմերը սույն Համաձայնագրի իրականացման նպատակով սահմանում են իրավասու մարմիններ.

հայկական կողմի համար` Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարություն,

ղազախական կողմի համար` Ղազախստանի Հանրապետության ներքին գործերի նախարարություն:

2. Կողմերը դիվանագիտական ուղիներով միմյանց անհապաղ ծանուցում են իրենց իրավասու մարմինների անվանումներում փոփոխությունների կամ դրանց գործառույթներն այլ մարմինների փոխանցելու մասին:

 

ՀՈԴՎԱԾ 4 ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՁԵՎԵՐԸ

 

1. Սույն Համաձայնագրին համապատասխան` ողջ գործունեությունն իրականացվում է Կողմերի պետությունների ազգային օրենսդրությունների համաձայն: Սույն Համաձայնագրի շրջանակներում համագործակցությունը կարող է իրականացվել հետևյալ ձևերով.

1) արտակարգ իրավիճակների կանխատեսման, կանխման և գնահատման վերաբերյալ տեղեկությունների փոխանակում,

2) շրջակա միջավայրի վիճակի վերաբերյալ մշտադիտարկման արդյունքներով տեղեկությունների փոխանակում,

3) արտակարգ իրավիճակներում բնակչությանը գործողությունների, այդ թվում նաև` առաջին բժշկական օգնության ցուցաբերման նախապատրաստելու կազմակերպման հարցերով փորձի փոխանակում,

4) արտակարգ իրավիճակների կանխման և վերացման հարցերով շահագրգիռ պետական կառույցների փոխգործակցության կազմակերպում,

5) արտակարգ իրավիճակների մասին միջպետական ծանուցման և իրազեկման կազմակերպում,

6) վթարների կամ տարերային աղետների հետևանքով հնարավոր աղտոտումների կապակցությամբ շրջակա միջավայրի և բնակչության համար ռիսկի գնահատում,

7) արտակարգ իրավիճակների առաջացման դեպքում ռիսկերի ապահովագրման գոյություն ունեցող համակարգերի կիրառման հեռանկարների ուսումնասիրության բնագավառում փորձի փոխանակում,

8) գիտահետազոտական նախագծերի համատեղ պլանավորում, մշակում և իրականացում, գիտատեխնիկական գրականության և հետազոտական աշխատանքների արդյունքների, գիտամեթոդական նյութերի փոխանակում, այդ թվում նաև` կադրային աշխատանքում,

9) տեղեկությունների, պարբերական հրատարակությունների, մեթոդական գրականության, տեսանյութերի և ֆոտոնյութերի փոխանակում,

10) համատեղ գիտաժողովների, սեմինարների, աշխատանքային խորհրդակցությունների, ուսումնական վարժանքների և մարզումների կազմակերպում,

11) համատեղ հրատարակությունների և զեկույցների պատրաստում,

12) քաղաքացիական պաշտպանության, արտակարգ իրավիճակների կանխման և վերացման բնագավառում մասնագետների պատրաստում, վերապատրաստում, որակավորման բարձրացում և ստաժավորում,

13) օգնության ցուցաբերման խմբերի կողմից կիրառվող տեխնիկայի և սարքավորումների գնահատում,

14) արտակարգ իրավիճակների վերացման ժամանակ փոխադարձ օգնության տրամադրում:

2. Սույն Համաձայնագրի շրջանակներում համագործակցությունը կարող է տարածվել արտակարգ իրավիճակների կանխման և վերացման բնագավառում երկու Կողմերի իրավասու մարմինների ընդհանուր համաձայնությամբ սահմանված ցանկացած այլ գործունեության վրա: Համագործակցության այդպիսի տարածումը գործունեության նոր տեսակների վրա հանդիսանում է սույն Համաձայնագրի լրացման առարկա:

 

ՀՈԴՎԱԾ 5 ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋԵՎ

 

Կողմերը աջակցում են քաղաքացիական պաշտպանության, արտակարգ իրավիճակների կանխման և վերացման բնագավառում գործունեություն իրականացնող Կողմերի պետությունների կազմակերպությունների և հաստատությունների միջև համագործակցությանը:

 

ՀՈԴՎԱԾ 6 ԿՈՂՄԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

1. Ուղարկող Կողմը սույն Համաձայնագրի 4-րդ հոդվածով սահմանված գործունեությանը մասնակցելիս, երբ այն անմիջականորեն կապված չէ արտակարգ իրավիճակների վերացման ժամանակ օգնության ցուցաբերման հետ, հոգում է իր ներկայացուցիչների` մինչև նշանակման կետը հասնելու ճանապարհածախսը, իր ներկայացուցիչների կեցության և սննդի ծախսերը, եթե Կողմերն այլ բան չեն պայմանավորվել:

2. Ընդունող Կողմը հոգում է համատեղ գիտաժողովների, սեմինարների, աշխատանքային խորհրդակցությունների, ուսումնական վարժանքների և մարզումների կազմակերպման, ինչպես նաև իր պետության տարածքում ուղարկող Կողմի ներկայացուցիչների տեղաշարժի հետ կապված ծախսերը, եթե Կողմերն այլ բան չեն պայմանավորվել:

 

ՀՈԴՎԱԾ 7 ՕԳՆՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՈՒՄ

 

Արտակարգ իրավիճակների վերացման ժամանակ Կողմերը փոխադարձ օգնություն են ցուցաբերում հետևյալ կարգով.

1. Արտակարգ իրավիճակների վերացման ժամանակ Կողմերի կողմից օգնությունը ցուցաբերվում է դիվանագիտական ուղիներով պաշտոնական հարցման հիման վրա: Անհետաձգելի դեպքերում նման հարցումը գրավոր հասցեագրվում է իրավասու մարմնին:

2. Հարցումը պետք է ներառի ամբողջական տեղեկություն արտակարգ իրավիճակի բնույթի, անհրաժեշտ օգնության տեսակների և ծավալների վերաբերյալ:

3. Հարցում ստացած Կողմն իրավունք ունի հրաժարվելու հարցման կատարումից: Ընդ որում` օգնության ցուցաբերումից հրաժարվելու որոշման իրավունքը կարող է պայմանավորված լինել տրամադրող Կողմի պետության տարածքում կանխատեսվող ռիսկերի, իրականացվող աշխատանքների և օգնության ցուցաբերման ազատ խմբերի առկայությամբ:

4. Հարցում ստացած Կողմն ամենասեղմ ժամկետներում դիտարկում է հարցումը և հարցում կատարող Կողմին տեղեկացնում է օգնության ցուցաբերման հնարավորության, ձևի, ծավալի, պայմանների մասին` նշելով օգնության ցուցաբերման խմբերի կազմը, փորձագետների մասնագիտությունները և ներկրվող գույքի ու փրկարարական սարքավորումների կազմը: Նշվում են նաև արտակարգ իրավիճակի գոտի հասնելու համար կիրառվող փոխադրամիջոցի տեսակը և պետական սահմանի հատման նախատեսվող կետը:

 

ՀՈԴՎԱԾ 8 ՕԳՆՈՒԹՅԱՆ ՑՈՒՑԱԲԵՐՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

1. Հարցում կատարող Կողմը հոգում է տրամադրող Կողմի օգնության ցուցաբերման խմբերի կեցության, ինչպես նաև սննդի ծախսերը` սույն Համաձայնագրի 9-րդ հոդվածի 2-րդ կետով նախատեսված կարգով:

2. Հարցում կատարող Կողմի պետությունն ապահովում է տրամադրող Կողմի օգնության ցուցաբերման խմբերի բժշկական սպասարկումը հարցում կատարող Կողմի պետության տարածքում գտնվելու ընթացքում:

3. Հարցում կատարող Կողմը ցանկացած պահի կարող է փոխել իրեն օգնություն ցուցաբերելու հարցումը: Այդ դեպքում հարցում կատարող Կողմը հատուցում է տրամադրող Կողմի կրած ծախսերը կատարված աշխատանքի արդյունքների վերաբերյալ հաշվետվության հիման վրա: Հարցում կատարող Կողմը պետք է փոխհատուցի ծախսերը օգնության ցուցաբերման հարցումը չեղարկելու պահից 34 օրացուցային օրվա ընթացքում:

4. Տրամադրող Կողմն ապահովում է օգնության ցուցաբերման խմբերի անդամների ապահովագրությունը: Ապահովագրության ձևակերպման ծախսերը ներառվում են օգնության ցուցաբերման ընդհանուր ծախսերի մեջ:

 

ՀՈԴՎԱԾ 9 ՕԳՆՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿՆԵՐԸ

 

1. Արտակարգ իրավիճակների վերացման ընթացքում օգնությունը ցուցաբերվում է օգնության ցուցաբերման խմբեր, բժշկական խմբեր, սարքավորումներ և փրկարարական միջոցներ, բժշկական դեղամիջոցներ ուղարկելու միջոցով` կախված արտակարգ իրավիճակի բնույթից և ծավալներից:

2. Օգնության ցուցաբերման խմբերի գույքով ապահովումը պետք է բավարար լինի արտակարգ իրավիճակի գոտում 3 օրվա ընթացքում ինքնուրույն գործողություններ իրականացնելու համար: Գույքի պաշարների վերջանալու դեպքում հարցում կատարող Կողմը օգնության ցուցաբերման խմբերին ապահովում է նրանց հետագա աշխատանքի համար անհրաժեշտ միջոցներով:

 

ՀՈԴՎԱԾ 10 ՏԱՐԱՆՑՈՒՄ

 

Տարանցման պետությունը, համաձայն իր ազգային մաքսային օրենսդրության, նպաստում է իր պետության տարածքով դեպի երրորդ պետություններ տրամադրող Կողմի վթարափրկարարական կազմավորումների, գույքի և նյութական ապահովման ապրանքների անարգել փոխադրմանը` այդ պետությունների հետ արտակարգ իրավիճակների կանխման և վերացման բնագավառում կնքված համագործակցության մասին համաձայնագրերի հիման վրա:

 

ՀՈԴՎԱԾ 11 ՕԳՆՈՒԹՅԱՆ ՑՈՒՑԱԲԵՐՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՈՒՄԸ

 

1. Օգնության ցուցաբերման աշխատանքների ղեկավարումն իրականացվում է հարցում կատարող Կողմի իրավասու մարմնի կողմից` տրամադրող Կողմի օգնության ցուցաբերման խմբերի ղեկավարների միջոցով, որը համակարգում է նշված խմբերի գործունեությունը:

2. Հարցում կատարող Կողմի սահմանած խնդիրը լուծելու համար տրամադրող Կողմի օգնության ցուցաբերման խմբերը մնում են բացառապես իրենց ղեկավարի ղեկավարության ներքո:

3. Հարցում կատարող Կողմի իրավասու մարմնի փոխգործակցությունը տրամադրող Կողմի օգնության ցուցաբերման խմբի հետ և համակարգումը իրականացվում է այդ խմբի ղեկավարի միջոցով:

4. Տրամադրող Կողմի օգնության ցուցաբերման խմբերի անդամները արտակարգ իրավիճակի գոտում աշխատանքների կատարման համար մուտք ունեն բոլոր այն վայրերը, որոնք նշվել են հարցում կատարող Կողմի կողմից:

5. Հարցում կատարող Կողմը տրամադրող Կողմի օգնության ցուցաբերման խմբի ղեկավարին տեղեկացնում է արտակարգ իրավիճակի գոտում և աշխատանքների կատարման կոնկրետ տեղամասերում ձևավորված իրադրության մասին:

6. Անհրաժեշտության դեպքում հարցում կատարած Կողմը տրամադրող Կողմի օգնության ցուցաբերման խմբերին տրամադրում է թարգմանիչներ և կապի միջոցներ, ինչպես նաև ապահովում է նրանց անվտանգությունը:

 

ՀՈԴՎԱԾ 12 ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ՀԱՏՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԵՎ ՀԱՐՑՈՒՄ ԿԱՏԱՐՈՂ ԿՈՂՄԻ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎԵԼՈՒ ՌԵԺԻՄԸ

 

1. Օգնության ցուցաբերման խմբերի հնարավորինս շուտ ժամանման նպատակով յուրաքանչյուր Կողմ պարզեցնում է պետական սահմանի հատման պայմանները:

2. Տրամադրող Կողմի օգնության ցուցաբերման խմբերի անդամները հատում են հարցում կատարող Կողմի պետության պետական սահմանը միջազգային հաղորդակցության համար բաց անցակետերով` իրենց անձը հաստատող փաստաթղթերով: Խմբերի ղեկավարը պետք է ունենա օգնության ցուցաբերման խմբերի անդամների ցուցակը և տրամադրող Կողմի իրավասու մարմնի կողմից տրված փաստաթուղթ, որը հաստատում է նրա լիազորությունները:

3. Կողմերի պայմանավորվածությամբ` իրենց խնդիրների լուծման շրջանակներում օգնության ցուցաբերման խմբի անդամներ կարող են գտնվել հարցում կատարող Կողմի պետության տարածքում առանց մուտքի արտոնագրի և կացության թույլտվության:

4. Օգնության ցուցաբերման խմբերի անդամները հարցում կատարող Կողմի պետության տարածքում գտնվելու ժամանակ պարտավոր են պահպանել այդ պետության օրենսդրությունը:

5. Հարցում կատարող Կողմի պետության տարածքում վթարափրկարարական աշխատանքներ կատարելիս տրամադրող Կողմի օգնության ցուցաբերման խմբերի անդամներն իրավունք ունեն կրելու իրենց համազգեստը:

6. Տրամադրող կողմի օգնության ցուցաբերման խմբի անդամները հարցում կատարած Կողմի պետության տարածք չեն կարող ներկրել զենք, զինամթերք և պայթուցիկ նյութեր:

 

ՀՈԴՎԱԾ 13 ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՆԵՐԿՐՈՒՄԸ ԵՎ ԱՐՏԱՀԱՆՈՒՄԸ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՎԵՐԱՑՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ

 

1. Արտակարգ իրավիճակների վերացման ժամանակ օգնության ցուցաբերման համար անհրաժեշտ գույքն ու փրկարարական սարքավորումները, որոնք ներկրվում են Կողմերի պետությունների տարածք կամ արտահանվում են այդ տարածքից, մաքսային ընթացակարգերն անցնում են առաջնահերթության կարգով` Կողմերի պետությունների ազգային օրենսդրությանը համապատասխան:

2. Տրամադրող Կողմի օգնության ցուցաբերման խմբի ղեկավարը պարտավոր է ունենալ ներկրվող սարքավորումների և փրկարարական միջոցների ցանկ` տրված տրամադրող Կողմի իրավասու մարմնի կողմից:

3. Տրամադրող Կողմի օգնության ցուցաբերման խմբերին արգելվում է հարցում կատարող Կողմի պետության տարածք ներկրել կամ հարցում կատարող Կողմի պետության տարածքից արտահանել որևէ ապրանք` բացի գույքից և փրկարարական սարքավորումներից:

4. Օգնության ցուցաբերման աշխատանքների ավարտից հետո ներկրված գույքը ենթակա է արտահանման հարցում կատարող Կողմի պետության տարածքից: Եթե հատուկ հանգամանքների առկայության դեպքում հնարավոր չէ արտահանել գույքը, ապա այն կարող է որպես օգնություն անհատույց փոխանցվել հարցում կատարող Կողմի իրավասու մարմնին` համաձայնեցված պայմաններով: Այդ դեպքում անհրաժեշտ է տրամադրող Կողմի իրավասու մարմնի կողմից հարցում կատարող Կողմի մաքսային մարմիններին տեղեկացնել այդ մասին` նշելով փոխանցվող գույքի տեսակները, քանակը և գտնվելու վայրը:

5. Բժշկական օգնության ցուցաբերման խմբերը ժամանում են իրենց հաստիքային սարքավորումներով: Տուժածներին շտապ բժշկական օգնության ցուցաբերման անհրաժեշտության դեպքում հարցում կատարող Կողմի պետության տարածք կարող են ներկրվել թմրամիջոցներ և հոգեմետ նյութեր պարունակող անհրաժեշտ քանակությամբ բժշկական դեղամիջոցներ` այդ նյութերի անվանացուցակը, քանակները և օգտագործման վայրը (այսուհետ` համաձայնեցված ցուցակ) պարտադիր կերպով համաձայնեցնելով Կողմերից յուրաքանչյուրի` թմրանյութերի նկատմամբ վերահսկողություն իրականացնող իրավասու մարմինների հետ: Օգնության ցուցաբերման խմբի ղեկավարը համաձայնեցված ցուցակը ներկայացնում է հարցում կատարող և օգնություն տրամադրող Կողմերի մաքսային մարմիններին:

6. Նշված բժշկական դեղամիջոցներն օգտագործվում են բացառապես որակավորված բժշկական անձնակազմի կողմից` Կողմերի պետությունների ազգային օրենսդրությանը համապատասխան, և ենթակա չեն փոխանցման հարցում կատարող Կողմին: Հարցում կատարող Կողմն իրավունք ունի իրականացնելու բժշկական դեղամիջոցների օգտագործման ստուգումներ դրանց կիրառման վայրերում:

7. Թմրանյութեր և հոգեմետ նյութեր պարունակող չօգտագործված բժշկական դեղամիջոցները ենթակա են արտահանման հարցում կատարող Կողմի մաքսային վերահսկողությամբ:

 

ՀՈԴՎԱԾ 14 ՕԴԱՆԱՎԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ

 

1. Տրամադրող Կողմի իրավասու մարմինը հարցում կատարող Կողմի իրավասու մարմնին հայտնում է օգնության ցուցաբերման նպատակով օդանավեր օգտագործելու մտադրության մասին: Օդանավեր օգտագործելու համար հարցում կատարող Կողմի համաձայնության դեպքում տրամադրող Կողմը պետք է նշի օդանավերի պատկանելությունը, օդանավերի օգտագործման նպատակը, ճշգրիտ տեսակը, տարբերիչ նշանները, երթուղիները, անձնակազմի անդամների քանակը, բեռի բնույթը, օդանավերի թռիչքի և վայրէջքի վայրերը և ժամանակը:

2. Հարցում կատարող Կողմը թույլատրում է օդանավերի թռիչքներ իր պետության տարածքի որոշակի կետում:

3. Օդային փոխադրման մասին Կողմերից յուրաքանչյուրի պետության ազգային օրենսդրությունը կիրառվում է, մասնավորապես, օդային հաղորդակցության համար պատասխանատու մարմիններին թռիչքների վերաբերյալ տեղեկություններ փոխանցելիս: Թռիչքներն իրականացվում են Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ՔԱՄԿ) և Կողմերի պետությունների կողմից սահմանված կանոններին համապատասխան:

 

ՀՈԴՎԱԾ 15 ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԱՎԱՐՏԸ

 

1. Օգնության ցուցաբերման աշխատանքների ավարտից հետո, երբ հարցում կատարող Կողմը տրամադրող Կողմին է վերադարձնում տրամադրված գույքը ու փրկարարական սարքավորումները, հարցում կատարող Կողմն այդ մասին տեղեկացնում է տրամադրող Կողմի` գույքի ու փրկարարական սարքավորումների համար պատասխանատու անձին և տրամադրող Կողմի իրավասու մարմիններին:

2. Տրամադրող Կողմը հարցում կատարող Կողմին գրավոր տեղեկացնում է գույքի ու փրկարարական սարքավորումների տրամադրման դադարեցման մասին: Իր հերթին, հարցում կատարող Կողմը ստացված տեղեկությունը հաղորդում է հարցում կատարող Կողմի` գույքի ու նյութական ապահովման համար պատասխանատու անձին:

3. Տրամադրող Կողմի` աշխատանքները դադարեցնելու մասին որոշումն անմիջապես մտնում է ուժի մեջ և ենթակա չէ վիճարկման:

4. Օգնության ցուցաբերման աշխատանքների ավարտին տրամադրող Կողմի իրավասու մարմինը հարցում կատարող Կողմի իրավասու մարմնին ուղարկում է գրավոր զեկույց կատարված աշխատանքների մասին:

5. Հարցում կատարող Կողմի իրավասու մարմինը տրամադրող Կողմի իրավասու մարմնին ուղարկում է եզրափակիչ զեկույց կատարվածի մասին, որը ներառում է արդյունաբերական վթարի, աղետի կամ տարերային աղետի բնույթի նկարագիրը, ստացված օգնության տեսակը և ծավալները, կատարված աշխատանքների արդյունքները:

 

ՀՈԴՎԱԾ 16 ԾԱԽՍԵՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄԸ

 

1. Հարցում կատարող Կողմը հատուցում է տրամադրող Կողմի` օգնության ցուցաբերման հետ կապված ծախսերը, եթե Կողմերն այլ բան չեն պայմանավորվել:

2. Տրամադրող Կողմն ազատվում է օդանավերի թռիչքի, վայրէջքի, օդանավակայանում կայանման և այնտեղից թռիչքի, ինչպես նաև թռիչքների կառավարման ծառայությունների համար վճարից:

3. Հարցում կատարող Կողմը փոխհատուցում է օդանավերի վառելիքի ծախսերը, եթե Կողմերն այլ բան չեն պայմանավորվել:

 

ՀՈԴՎԱԾ 17 ՎՆԱՍԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄԸ

 

1. Հարցում կատարող Կողմը տրամադրող Կողմին վճարում է փոխհատուցում մարդկանց զոհվելու կամ հաշմվելու, ինչպես նաև այդ Կողմի սարքավորումները կամ այլ սեփականությունը վնասելու կամ ոչնչացնելու դեպքերում, եթե այդ վնասը հասցվել է սույն Համաձայնագրի իրականացման հետ կապված խնդիրները լուծելիս: Փոխհատուցման չափերի մասին յուրաքանչյուր կոնկրետ դեպքում պայմանավորվածություն է ձեռք բերվում առանձին:

2. Եթե տրամադրող Կողմի օգնության ցուցաբերման խմբի անդամը հարցում կատարող Կողմի պետության տարածքում սույն Համաձայնագրի իրականացման հետ կապված խնդիրները լուծելիս վնաս հասցնի իրավաբանական կամ ֆիզիկական անձի, ապա վնասը փոխհատուցում է հարցում կատարող Կողմը` իր պետության ազգային օրենսդրությանը համապատասխան:

3. Օգնության ցուցաբերման խմբի անդամի կողմից դիտավորությամբ կամ կոպիտ անզգուշությամբ պատճառված վնասը ենթակա է հատուցման տրամադրող Կողմի կողմից` տրամադրող Կողմի պետության օրենսդրությանը համապատասխան, անկախ մեղավորության աստիճանից:

 

ՀՈԴՎԱԾ 18 ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ

 

Սույն Համաձայնագրի շրջանակներում համագործակցությունը և օգնության ցուցաբերումն իրականացվում են Կողմերի պետությունների ազգային օրենսդրություններով նախատեսված բյուջետային միջոցների սահմաններում:

 

ՀՈԴՎԱԾ 19 ՏԵՂԵԿՈՒԹՅԱՆ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ

 

Սույն Համաձայնագրի շրջանակներում իրականացված գործունեության արդյունքում ստացված տեղեկությունը, բացառությամբ այն տեղեկության, որը, Կողմերի պետությունների ազգային օրենսդրություններին համապատասխան, ենթակա չէ հրապարակման, հրապարակվում և օգտագործվում է Կողմերից յուրաքանչյուրի սովորական գործելակերպի և կարգավորումների հիման վրա:

 

ՀՈԴՎԱԾ 20 ԱՅԼ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐ

 

Սույն Համաձայնագիրը չի շոշափում Կողմերի` այլ միջազգային պայմանագրերից բխող իրավունքները և պարտավորությունները, որոնց մասնակից են իրենց պետությունները:

 

ՀՈԴՎԱԾ 21 ՎԵՃԵՐԻ ԼՈՒԾՈՒՄԸ

 

Սույն Համաձայնագրի դրույթների մեկնաբանման կամ կիրառման վերաբերյալ վեճերը և տարաձայնությունները լուծվում են Կողմերի միջև` բանակցությունների և խորհրդակցությունների միջոցով:

 

ՀՈԴՎԱԾ 22 ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում Կողմերի կողմից դրա ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի կատարման մասին վերջին գրավոր ծանուցումը դիվանագիտական ուղիներով ստանալու օրվանից:

2. Սույն Համաձայնագրում փոփոխությունները և լրացումները կատարվում են Կողմերի փոխադարձ համաձայնությամբ, համարվում են սույն Համաձայնագրի անբաժանելի մասերը և ձևակերպվում են առանձին արձանագրություններով, որոնք ուժի մեջ են մտնում սույն հոդվածի 1-ին կետով սահմանված կարգով:

3. Սույն Համաձայնագիրը շարունակում է ուժի մեջ մնալ Կողմերից մեկի կողմից մյուս Կողմի` սույն Համաձայնագրի գործողությունը դադարեցնելու մտադրության մասին գրավոր ծանուցումը դիվանագիտական ուղիներով ստանալու օրվանից 6 ամսվա ընթացքում:

4. Սույն Համաձայնագրի գործողության դադարեցումը չի շոշափի դրան համապատասխան իրականացվող գործունեությունը, որն սկսվել, բայց չի ավարտվել մինչ դրա գործողության դադարեցումը, եթե Կողմերն այլ բան չեն պայմանավորվել:

Կատարված է Ալմաթի քաղաքում 2018թ. սեպտեմբերի 12-ին, երկու բնօրինակով, յուրաքանչյուրը` հայերեն, ղազախերեն և ռուսերեն, ընդ որում` բոլոր տեքստերը հավասարազոր են: Սույն Համաձայնագրի դրույթների մեկնաբանման հետ կապված տարաձայնությունների դեպքում նախապատվությունը տրվում է ռուսերեն տեքստին:

 

Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 2021 թվականի ապրիլի 22-ին:

 

 

pin
18.09.2018
Համաձայնագիր