Սեղմել Esc փակելու համար:
2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 8-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 8-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ «ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒ ...

 

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ

 

Քաղ. Երևան 15 հունիսի 2021 թ.

 

2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 8-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՍԻՆԳԱՊՈՒՐԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՐԿՆԱԿԻ ՀԱՐԿՈՒՄԸ ԲԱՑԱՌԵԼՈՒ ԵՎ ՀԱՐԿՈՒՄԻՑ ԽՈՒՍԱՓԵԼՆ ՈՒ ՇՐՋԱՆՑԵԼԸ ԿԱՆԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Սահմանադրական դատարանը` կազմով. Ա. Դիլանյանի (նախագահող), Վ. Գրիգորյանի, Հ. Թովմասյանի, Ա. Թունյանի, Ա. Խաչատրյանի, Ե. Խունդկարյանի, Է. Շաթիրյանի, Ա. Պետրոսյանի, Ա. Վաղարշյանի,

մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)`

Կառավարության ներկայացուցիչ` Ֆինանսների նախարարի տեղակալ Ա. Պողոսյանի,

համաձայն Սահմանադրության 168-րդ հոդվածի 3-րդ կետի, 169-րդ հոդվածի 3-րդ մասի, ինչպես նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 23, 40 և 74-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2019 թվականի հուլիսի 8-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության և Սինգապուրի Հանրապետության կառավարության միջև եկամուտների կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելն ու շրջանցելը կանխելու մասին» համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Կառավարությունն իր` 2021 թվականի մարտի 18-ի N 360-Ա որոշմամբ 2019 թվականի հուլիսի 8-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության և Սինգապուրի Հանրապետության կառավարության միջև եկամուտների կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելն ու շրջանցելը կանխելու մասին» համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու նպատակով դիմել է Սահմանադրական դատարան:

Գործի քննության առիթը Կառավարության` 2021 թվականի մարտի 23-ին Սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է:

Ուսումնասիրելով վերոնշյալ համաձայնագիրը, սույն գործով Կառավարության ներկայացուցչի գրավոր բացատրությունը և գործում առկա մյուս փաստաթղթերը` Սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

1. «Հայաստանի Հանրապետության կառավարության և Սինգապուրի Հանրապետության կառավարության միջև եկամուտների կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելն ու շրջանցելը կանխելու մասին» համաձայնագիրը (այսուհետ` Համաձայնագիր) ստորագրվել է 2019 թվականի հուլիսի 8-ին Սինգապուրում` պետություններից մեկում կամ երկուսում հարկման ենթակա անձանց ծավալած գործունեությունից ստացվող եկամուտներից գանձվող հարկերի առնչությամբ կրկնակի հարկումը բացառելու նպատակով` առանց հնարավորություններ ստեղծելու հարկերից խուսափելու կամ դրանք շրջանցելու միջոցով հարկման բացառման կամ նվազեցված հարկման համար:

Համաձայնագրով սահմանվում են պայմանավորվող պետությունների ռեզիդենտ հանդիսացող անձանց` հարկման ենթակա գույքը և եկամուտների տեսակները, որոնց կապակցությամբ էլ պայմանավորվող պետությունները ձեռք են բերում համապատասխան իրավունքներ և պարտականություններ, որոնք դրսևորվում են նրանով, որ մի պայմանավորվող կողմը, տվյալ պարագայում` Հայաստանի Հանրապետությունը, պարտավորություն է ստանձնում ձեռնպահ մնալ Սինգապուրի Հանրապետության ռեզիդենտ հանդիսացող անձանց ստացած այն եկամուտը կամ գույքը հարկելուց, որի հարկման իրավասությունը Համաձայնագրով վերապահված է մյուս պայմանավորվող կողմին և ընդհակառակը:

2. Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունը, մասնավորապես, ստանձնում է հետևյալ պարտավորությունները.

- Համաձայնագիրը կիրառել շահութահարկի և եկամտային հարկի նկատմամբ (Հոդված 2, կետ 3, ենթակետ «բ»),

- Համաձայնագիրը կիրառել նաև նմանատիպ կամ էապես համանման ցանկացած հարկի նկատմամբ, որը կսահմանվի Համաձայնագրի ստորագրման օրվանից հետո` ի լրումն գործող հարկերի կամ դրանց փոխարեն, ինչպես նաև ապահովել, որպեսզի Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինները Սինգապուրի Հանրապետության իրավասու մարմիններին ծանուցեն Հայաստանի Հանրապետության հարկային օրենքներում կատարված ցանկացած էական փոփոխության մասին (Հոդված 2, կետ 4),

- Սինգապուրի Հանրապետության ձեռնարկության ձեռնարկատիրական գործունեությունը Հայաստանի Հանրապետությունում գտնվող մշտական հաստատության միջոցով իրականացվելու դեպքում ապահովել, որ այդ ձեռնարկության շահույթը Հայաստանի Հանրապետությունում հարկվի միայն այն չափով, որքանով վերագրելի է այդ մշտական հաստատությանը (Հոդված 7, կետ 1),

- չհարկել Սինգապուրի Հանրապետության ռեզիդենտ ընկերության կողմից վճարված շահաբաժիններն այն դեպքում, երբ Սինգապուրի Հանրապետության ռեզիդենտ ընկերությունը շահույթ կամ եկամուտ է ստանում Հայաստանի Հանրապետությունից, բացառությամբ Համաձայնագրի 10-րդ հոդվածի 6-րդ կետով նախատեսված դեպքերի (Հոդված 10, կետ 6),

- չհարկել Սինգապուրի Հանրապետության ռեզիդենտ ընկերության չբաշխված շահույթն ընկերության չբաշխված շահույթից գանձվող հարկով, եթե անգամ վճարված շահաբաժինները կամ չբաշխված շահույթն ամբողջությամբ կամ մասամբ կազմված են Հայաստանի Հանրապետությունում առաջացող շահույթից կամ եկամտից (Հոդված 10, կետ 6),

- ապահովել, որ Համաձայնագրի 11-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված դեպքերում գանձված հարկերը չգերազանցեն տոկոսի համախառն գումարի 5 տոկոսը. չնայած վերոհիշյալին` ազատել հարկումից տոկոսները, որոնք առաջանում են Հայաստանի Հանրապետությունում և վճարվում Սինգապուրի Հանրապետության կառավարությանը, կամ ստացվում են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից երաշխավորված վարկերից (բացառությամբ Կենտրոնական բանկի կողմից երաշխավորված վարկերի), կամ վճարվում են բացառապես Հայաստանի Հանրապետության կառավարությանը պատկանող ցանկացած ֆինանսական կազմակերպության (Հոդված 11, կետեր 1, 2 և 3-րդ կետի պարբերություն 1),

- ապահովել, որ Համաձայնագրի 12-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված դեպքերում գանձվող հարկերը չգերազանցեն ռոյալթիների համախառն գումարի 5 տոկոսը (Հոդված 12, կետեր 1 և 2),

- Համաձայնագրի 13-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերում նշվածից տարբեր ցանկացած այլ գույքի օտարումից առաջացած արժեքի հավելաճը չհարկել, եթե գույքն օտարողը Սինգապուրի ռեզիդենտ է (Հոդված 13, կետ 4),

- հաշվի առնելով Համաձայնագրի 15-րդ, 17-րդ և 18-րդ հոդվածների դրույթները` Հայաստանի Հանրապետության ռեզիդենտի կողմից վարձու աշխատանքի դիմաց ստացված աշխատավարձը, աշխատանքի դիմաց վարձատրությունը և համանման ենթակա այլ վարձատրությունները, հարկել միայն Հայաստանի Հանրապետությունում, եթե այդպիսի աշխատանքը չի իրականացվում Սինգապուրի Հանրապետությունում (Հոդված 14, կետ 1),

- Համաձայնագրի 14-րդ հոդվածի 2-րդ կետով նախատեսված դեպքերում, չնայած նույն հոդվածի 1-ին կետի դրույթներին, Հայաստանի Հանրապետության ռեզիդենտի կողմից Սինգապուրի Հանրապետությունում իրականացվող վարձու աշխատանքի դիմաց ստացված վարձատրությունը հարկել միայն Հայաստանի Հանրապետությունում (Հոդված 14, կետ 2),

- Համաձայնագրի 16-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերի դրույթները չկիրառել այն եկամտի նկատմամբ, որը ստացվում է Սինգապուրի Հանրապետությունում արվեստի գործչի կամ մարզիկի իրականացրած գործունեությունից, այն դեպքում, երբ Սինգապուրի Հանրապետություն կատարած այցն ամբողջովին կամ հիմնականում ֆինանսավորվել է Պայմանավորվող պետություններից մեկի կամ երկուսի կամ վերջիններիս վարչատարածքային ստորաբաժանումների, իշխանության տեղական մարմինների կամ օրենքով սահմանված մարմինների պետական միջոցներից, կամ այդ գործունեությունը հաստատվել է երկու Պայմանավորվող պետությունների կողմից` նրանց միջև մշակութային կամ մարզական փոխանակման ծրագրերի շուրջ համաձայնության շրջանակներում. վերոհիշյալ դեպքում` եկամուտը Հայաստանի Հանրապետությունում ենթակա է հարկման արվեստի գործչի կամ մարզիկի Հայաստանի Հանրապետության ռեզիդենտության պարագայում (Հոդված 16, կետ 3),

- չհարկել Սինգապուրի Հանրապետության կամ նրա վարչատարածքային ստորաբաժանման, իշխանության տեղական մարմնի կամ օրենքով սահմանված մարմնի կողմից վճարված` այդ պետությանը կամ ստորաբաժանմանը կամ մարմնին մատուցված ծառայությունների դիմաց ֆիզիկական անձին վճարված աշխատավարձը, աշխատանքի դիմաց վարձատրությունը և համանման այլ վարձատրությունները (Հոդված 18, կետ 1, ենթակետ «ա»),

- չնայած Համաձայնագրի 18-րդ հոդվածի 1-ին կետի դրույթներին` չհարկել Սինգապուրի Հանրապետության կամ նրա վարչատարածքային ստորաբաժանման, իշխանության տեղական մարմնի կամ օրենքով սահմանված մարմնի կողմից կամ նրանց ստեղծած հիմնադրամներից այդ պետությանը կամ ստորաբաժանմանը կամ մարմնին մատուցված ծառայությունների դիմաց ֆիզիկական անձին վճարված կենսաթոշակները և համանման այլ վարձատրություններ, սակայն այդպիսի կենսաթոշակները և համանման այլ վարձատրություններ ենթակա են հարկման միայն Հայաստանի Հանրապետությունում, եթե ֆիզիկական անձն Հայաստանի Հանրապետության ռեզիդենտն ու քաղաքացին է (Հոդված 18, կետ 2),

- չհարկել ուսանողի կամ փորձնակի, որը հանդիսանում է կամ անմիջապես մինչև Հայաստանի Հանրապետություն ժամանելը հանդիսացել է Սինգապուրի Հանրապետության ռեզիդենտ, և որը գտնվում է Հայաստանի Հանրապետությունում բացառապես իր ուսման կամ մասնագիտացման նպատակով, Հայաստանի Հանրապետությունում իր ապրելու, ուսանելու կամ մասնագիտանալու համար ստացած վճարումներից` պայմանով, որ այդպիսի վճարումներն առաջացել են այդ Հայաստանի Հանրապետությունից դուրս գտնվող աղբյուրներից (Հոդված 19),

- ազատել հարկումից ֆիզիկական անձին, որը հանդիսանում է կամ անմիջապես մինչև Հայաստանի Հանրապետություն մեկնելը հանդիսացել է Սինգապուրի Հանրապետության ռեզիդենտ, և որը Հայաստանի Հանրապետության կառավարության կամ համալսարանի, քոլեջի, դպրոցի, թանգարանի կամ մշակութային այլ հաստատության հրավերով կամ մշակութային փոխանակման պաշտոնական ծրագրի շրջանակներում այդպիսի հաստատություններում դասավանդելու, դասախոսություններ կարդալու կամ հետազոտություններ կատարելու նպատակով գտնվում է Հայաստանի Հանրապետությունում իրար հաջորդող 2 տարին չգերազանցող ժամկետով` պայմանով, որ այդպիսի վարձատրությունն առաջացել է Հայաստանի Հանրապետությունից դուրս գտնվող աղբյուրից (Հոդված 20),

- եթե Հայաստանի Հանրապետության ռեզիդենտը եկամուտ է ստանում, որը, Համաձայնագրի դրույթներին համապատասխան, կարող է հարկվել Սինգապուրում, ապա թույլատրել այդ ռեզիդենտի եկամտից գանձվող հարկից հանել Սինգապուրում վճարված եկամտահարկին հավասար գումար, սակայն այդպիսի մասհանումը չպետք է գերազանցի մասհանումը տրամադրելուց առաջ հաշվարկված եկամտահարկի այն մասը, որը վերագրվում է այն եկամտին, որը կարող է հարկվել Սինգապուրում (Հոդված 22, կետ 2, ենթակետ «ա»),

- Սինգապուրի Հանրապետության քաղաքացիներին Հայաստանի Հանրապետությունում չենթարկել որևէ այլ կամ առավել ծանր հարկման կամ դրա հետ կապված որևէ պահանջի, քան այն հարկումն ու դրա հետ կապված պահանջներն են, որոնց միևնույն հանգամանքներում, մասնավորապես` կապված ռեզիդենտության հետ, ենթարկվում են կամ կարող են ենթարկվել Հայաստանի Հանրապետության քաղաքացիները (Հոդված 23, կետ 1),

- ապահովել, որ Սինգապուրի Հանրապետության ձեռնարկության Հայաստանի Հանրապետությունում ունեցած մշտական հաստատության հարկումը Հայաստանի Հանրապետությունում չլինի պակաս բարենպաստ, քան միևնույն գործունեությունն իրականացնող Հայաստանի Հանրապետության ձեռնարկության հարկումը (Հոդված 23, կետ 2),

- ձեռնարկության հարկվող շահույթի որոշման նպատակով մասհանել տոկոսները, ռոյալթիները և Հայաստանի Հանրապետության ձեռնարկության Սինգապուրի Հանրապետության ռեզիդենտին կատարած մյուս վճարումներն այն նույն պայմաններով, որոնցով դրանք կվճարվեին Հայաստանի Հանրապետության ռեզիդենտին վճարելիս, բացառությամբ այն դեպքերի, երբ կիրառվում են Համաձայնագրի 9-րդ հոդվածի 1-ին, 11-րդ հոդվածի 7-րդ կամ 12-րդ հոդվածի 6-րդ կետերի դրույթները. նույն կերպ մասհանել Հայաստանի Հանրապետության ձեռնարկության ցանկացած պարտք` Սինգապուրի Հանրապետության ռեզիդենտին, այդ ձեռնարկության հարկվող գույքը որոշելու նպատակով, այն նույն պայմաններով, որոնցով այն կմասհանվեր Հայաստանի Հանրապետության ռեզիդենտի դեպքում (Հոդված 23, կետ 3),

- Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունները, որոնց գույքն ամբողջությամբ կամ մասամբ պատկանում է կամ ուղղակի կամ անուղղակի կերպով վերահսկվում է Սինգապուրի Հանրապետության մեկ կամ մի քանի ռեզիդենտների կողմից, Հայաստանի Հանրապետությունում չենթարկել որևէ այլ կամ ավելի ծանր հարկման կամ դրա հետ կապված որևէ պահանջի, քան այն հարկումն ու դրա հետ կապված պահանջներն են, որոնց ենթարկվում են կամ կարող են ենթարկվել Հայաստանի Հանրապետության այլ նման ձեռնարկությունները (Հոդված 23, կետ 4),

- Համաձայնագրի 23-րդ հոդվածի դրույթները կիրառել Համաձայնագրի կարգավորման առարկա հանդիսացող հարկերի նկատմամբ (Հոդված 23, կետ 6),

- երաշխավորել, որ Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինները Սինգապուրի Հանրապետության իրավասու մարմինների հետ կփոխանակեն տեղեկություններ, որոնք պատշաճ կհամարվեն Հայաստանի Հանրապետության և Սինգապուրի Հանրապետության կամ նրանց վարչատարածքային ստորաբաժանումների կամ իշխանության տեղական մարմինների անունից կիրառվող ցանկացած տեսակի և բնույթի հարկերի առնչությամբ Համաձայնագրի դրույթների իրականացման կամ ներպետական օրենքների կիրառման կամ կատարման համար այնքանով, որքանով դրանց հիման վրա հարկումը չի հակասում Համաձայնագրին (Հոդված 25, կետ 1),

- երաշխավորել, որ Հայաստանի Հանրապետության կողմից Համաձայնագրի 25-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն ստացված ցանկացած տեղեկություն կդիտարկվի գաղտնի այնպես, ինչպես Հայաստանի Հանրապետության օրենքներին համապատասխան ստացված տեղեկությունը, և կհաղորդվի միայն այն անձանց կամ մարմիններին (ներառյալ դատարանները և վարչական մարմինները), որոնք առնչվում են Համաձայնագրի 25-րդ հոդվածի 1-ին կետում նշված հարկերի գնահատմանը կամ գանձմանը, հարկադիր բռնագանձմանը կամ դատական հետապնդմանը, դրանց կապակցությամբ բողոքարկումների քննմանը կամ վերոնշյալի վերահսկմանը, ինչպես նաև երաշխավորել, որ այդ անձինք կամ մարմինները տեղեկությունը կօգտագործեն միայն այդպիսի նպատակների համար (Հոդված 25, կետ 2):

 

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Սահմանադրության 168-րդ հոդվածի 3-րդ կետով, 170-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 63, 64 և 74-րդ հոդվածներով` Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

1. 2019 թվականի հուլիսի 8-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության և Սինգապուրի Հանրապետության կառավարության միջև եկամուտների կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելն ու շրջանցելը կանխելու մասին» համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Սահմանադրությանը:

2. Սահմանադրության 170-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

    ՆԱԽԱԳԱՀՈՂ                              Ա. ԴԻԼԱՆՅԱՆ

 

15 հունիսի 2021 թվականի

ՍԴՈ-1599

 

ՀԱՏՈՒԿ ԿԱՐԾԻՔ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԿՈՂՄԻՑ «2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 8-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՍԻՆԳԱՊՈՒՐԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՐԿՆԱԿԻ ՀԱՐԿՈՒՄԸ ԲԱՑԱՌԵԼՈՒ ԵՎ ՀԱՐԿՈՒՄԻՑ ԽՈՒՍԱՓԵԼՆ ՈՒ ՇՐՋԱՆՑԵԼԸ ԿԱՆԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾՈՎ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 15-ԻՆ ԿԱՅԱՑՎԱԾ ՍԴՈ-1599 ՈՐՈՇՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Սահմանադրական դատարանը, դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննելով «2019 թվականի հուլիսի 8-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության և Սինգապուրի Հանրապետության կառավարության միջև եկամուտների կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելն ու շրջանցելը կանխելու մասին» համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը, 2021 թվականի հունիսի 15-ի ՍԴՈ-1599 որոշմամբ որոշել է, որ 2019 թվականի հուլիսի 8-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության և Սինգապուրի Հանրապետության կառավարության միջև եկամուտների կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելն ու շրջանցելը կանխելու մասին» համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Սահմանադրությանը:

 

Համաձայն չլինելով Սահմանադրական դատարանի 2021 թվականի հունիսի 15-ի ՍԴՈ-1599 որոշմանը` Սահմանադրական դատարանի դատավոր Ե. Խունդկարյանս շարադրում եմ դրա վերաբերյալ իմ հատուկ կարծիքը:

 

Նախ` հարկ եմ համարում նշել, որ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի` «Միջազգային պայմանագրում ամրագրված պարտավորությունների` Սահմանադրությանը համապատասխանության որոշումը» վերտառությամբ 74-րդ հոդվածի 6-րդ մասում նշված որոշումներից որևէ մեկն ընդունելու համար անհրաժեշտ է օրենքով սահմանված կարգով Սահմանադրական դատարան ներկայացված դիմում: Հակառակ դեպքում, եթե առկա չէ թույլատրելի եղանակով ներկայացված դիմում կամ այն չի համապատասխանում օրենքով սահմանված պահանջներին, ապա Սահմանադրական դատարանն իրավասու չէ ըստ էության որոշում ընդունել միջազգային պայմանագրում ամրագրված պարտավորությունների` Սահմանադրությանը համապատասխանության հարցի վերաբերյալ:

Ինչպես վերը նշվեց, Սահմանադրական դատարանն իր ՍԴՈ-1599 որոշմամբ 2019 թվականի հուլիսի 8-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության և Սինգապուրի Հանրապետության կառավարության միջև եկամուտների կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելն ու շրջանցելը կանխելու մասին» համաձայնագրում ամրագրված պարտավորությունները ճանաչել է Սահմանադրությանը համապատասխանող: Հարկ եմ համարում ընդգծել, որ սույն հատուկ կարծիքի շրջանակներում նշված որոշմանը բովանդակային առումով անդրադառնալը հնարավոր և անհրաժեշտ չեմ համարում, քանի որ այդ որոշմանն իմ անհամաձայնության հիմքում ընկած է թույլատրելի եղանակով ներկայացված, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքով դիմումին ներկայացվող պահանջներին բավարարող դիմումի բացակայությունը, որպիսի պայմաններում կարծում եմ, որ Սահմանադրական դատարանն իրավասու չէր սույն գործով ըստ էության որոշում ընդունել` անկախ այդ որոշման բովանդակությունից:

Այսպես` «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Սահմանադրական դատարանը գործը քննում է միայն համապատասխան դիմումի առկայության դեպքում:

Միաժամանակ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքը սահմանում է դիմումին ներկայացվող պահանջները և Սահմանադրական դատարան դիմումի ներկայացման եղանակը:

Վերոգրյալ իրավական նորմերից հետևում է, որ Սահմանադրական դատարանում գործերի քննության միակ հնարավոր առիթը դիմումն է, որը պետք է ներկայացվի իրավասու անձի կողմից, համապատասխանի «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքով դիմումին ներկայացվող պահանջներին և ներկայացված լինի թույլատրելի եղանակով:

Սահմանադրության 168-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն` Սահմանադրական դատարանը Սահմանադրական դատարանի մասին օրենքով սահմանված կարգով մինչև միջազգային պայմանագրի վավերացումը որոշում է դրանում ամրագրված պարտավորությունների համապատասխանությունը Սահմանադրությանը, իսկ Սահմանադրության 169-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` Սահմանադրության 168-րդ հոդվածի 3-րդ կետով սահմանված դեպքում Սահմանադրական դատարան դիմում է Կառավարությունը(1):

 

___________________________________

1) Համանման իրավական կարգավորում է սահմանում նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 74-րդ հոդվածի 1-ին մասը:

 

«Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 46-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` որպես կողմի ի պաշտոնե ներկայացուցիչ` կարող են հանդես գալ Սահմանադրական դատարան դիմած մարմնի ղեկավարը, վիճարկվող ակտն ընդունած մարմնի ղեկավարը, ինչպես նաև «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքով սահմանված կարգով նշանակված անձը:

«Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դիմումը Սահմանադրական դատարան է ներկայացվում գրավոր` իրավասու անձի կողմից ստորագրված: Դիմումը ներկայացվում է թղթային կամ էլեկտրոնային եղանակով: Ընդ որում, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 88-րդ հոդվածի 6-րդ մասը սահմանում է, որ նույն օրենքի 24-րդ հոդվածով նախատեսված էլեկտրոնային եղանակով դիմումները Սահմանադրական դատարան կարող են ներկայացվել Սահմանադրական դատարանում համապատասխան տեխնիկական հնարավորությունների առկայության դեպքում:

Վերը նշված իրավակարգավորումները թույլ են տալիս կատարել հետևյալ դատողությունները.

- մինչև Ազգային ժողովի կողմից միջազգային պայմանագրի վավերացումը դրանում ամրագրված պարտավորությունների` Սահմանադրությանը համապատասխանության հարցով Սահմանադրական դատարան դիմելու իրավասությունը վերապահված է Կառավարությանը.

- այդ հարցով Սահմանադրական դատարան ներկայացվող դիմումը պետք է լինի իրավասու անձի կողմից ստորագրված.

- այդ հարցով դիմումը կարող է թղթային եղանակով ներկայացվել Սահմանադրական դատարան առանց նախապայմանների.

- այդ հարցով դիմումը կարող է էլեկտրոնային եղանակով ներկայացվել Սահմանադրական դատարան միայն այն դեպքում, երբ Սահմանադրական դատարանում առկա են համապատասխան տեխնիկական հնարավորություններ:

Կարծում եմ, որ գործող իրավակարգավորումների պայմաններում Սահմանադրական դատարանում համապատասխան տեխնիկական հնարավորությունների առկայությունը և դրանով պայմանավորված` էլեկտրոնային եղանակով դիմումներ ընդունելու, դրանց հիման վրա գործեր քննելու Սահմանադրական դատարանի իրավասությունը պետք է հավաստվեն Սահմանադրական դատարանի համապատասխան իրավական ակտով: Այսինքն` Սահմանադրական դատարան դիմող հնարավոր սուբյեկտները (դրա իրավունքն ունեցող անձինք) Սահմանադրական դատարանի համապատասխան իրավական ակտից պետք է իրազեկվեն, որ Սահմանադրական դատարանում առկա են էլեկտրոնային եղանակով դիմումներ ընդունելու համապատասխան տեխնիկական հնարավորություններ, ինչպես նաև տեղեկանան էլեկտրոնային այն հարթակի մասին, որով Սահմանադրական դատարանն ընդունելու է էլեկտրոնային եղանակով ներկայացվող դիմումները, և միայն այդ պայմաններում անձինք կարող են էլեկտրոնային եղանակով դիմումներ ներկայացնել Սահմանադրական դատարան:

Ասվածի հիմքում ընկած է այն հանգամանքը, որ առանց համապատասխան իրավական հիմքի հնարավոր չէ միանշանակ եզրահանգում կատարել այն մասին, թե Սահմանադրական դատարանում առկա են արդյոք էլեկտրոնային եղանակով դիմումներ ընդունելու համապատասխան տեխնիկական հնարավորություններ, և թե Սահմանադրական դատարանն էլեկտրոնային որ հարթակով է դիմումներ ընդունում. նման եզրահանգման հիմքում պետք է ընկած լինի Սահմանադրական դատարանի համապատասխան իրավական ակտը:

Ավելին, Սահմանադրական դատարանի կայքում նշված է Սահմանադրական դատարանի էլեկտրոնային փոստի հասցեն, նշված են նաև Սահմանադրական դատարանի դատավորների էլեկտրոնային փոստի հասցեները: Եթե կարելի է էլեկտրոնային եղանակով դիմումներ ներկայացնել Սահմանադրական դատարան, և վերջինս իրավասու է նման դիմումների հիման վրա գործեր քննել նաև Սահմանադրական դատարանի համապատասխան իրավական ակտի բացակայության պայմաններում, ապա ինչպե՞ս է Սահմանադրական դատարան դիմող անձի համար պարզ լինելու, թե արդյոք նա կարող է դիմումը նաև ներկայացնել` այն ուղարկելով Սահմանադրական դատարանի կամ Սահմանադրական դատարանի դատավորի էլեկտրոնային փոստի հասցեով, և նման դիմումներն արդյոք Սահմանադրական դատարանը համարելու է գործի քննության առիթ:

Վերոգրյալը ևս վկայում է Սահմանադրական դատարան էլեկտրոնային եղանակով դիմումներ ներկայացնելու հնարավորության վերաբերյալ համապատասխան իրավական ակտի անհրաժեշտության մասին, որում նշված կլինի նաև էլեկտրոնային այն հարթակը, որի միջոցով դիմումների ներկայացումը Սահմանադրական դատարանը համարելու է ընդունելի, ինչպես նաև տեղեկատվական տեխնոլոգիաների տեխնիկական միջոցների այն գործիքակազմը, որի միջոցով Սահմանադրական դատարանում իրականացվելու է էլեկտրոնային փաստաթղթում առկա էլեկտրոնային ստորագրության իսկության ստուգումը: Դրա միջոցով Սահմանադրական դատարան դիմող անձանց համար հստակ և կանխատեսելի կլինի ոչ միայն այն, թե Սահմանադրական դատարանի կողմից որ հարթակի միջոցով են ընդունվում էլեկտրոնային եղանակով ներկայացվող դիմումները, այլև այն, թե տեղեկատվական տեխնոլոգիաների տեխնիկական միջոցների ինչ գործիքակազմով է Սահմանադրական դատարանում պարզվում ստացված դիմումի` իրավասու անձի կողմից ստորագրված լինելու հանգամանքը: Այսինքն` Սահմանադրական դատարան դիմող անձանց համար պետք է պարզ լինի նաև, թե ինչ միջոցների կիրառմամբ է Սահմանադրական դատարանում հաստատվում կամ հերքվում ներկայացված էլեկտրոնային փաստաթղթի` իրավասու անձի կողմից ստորագրված լինելու հանգամանքը, ինչը հնարավորություն կտա Սահմանադրական դատարան դիմող անձանց նախքան էլեկտրոնային եղանակով էլեկտրոնային փաստաթղթի ձևով դիմում ներկայացնելը կանխատեսել, թե ինչ գնահատական է տրվելու դրանում առկա էլեկտրոնային ստորագրությանը:

Ավելին, կարծում եմ, որ անձանց համար պետք է գործնականում ապահովվեն Սահմանադրական դատարան դիմելու համանման պայմաններ, և պետք է բացառվի Սահմանադրական դատարան դիմող անձանց նկատմամբ անհավասար վերաբերմունքը` Սահմանադրական դատարան դիմում ներկայացնելու եղանակների ընտրության հարցում: Մասնավորապես` էլեկտրոնային եղանակով Սահմանադրական դատարան դիմումներ ներկայացնելու հնարավորության ապահովումը կոչված է խթանելու սահմանադրական արդարադատության փաստացի մատչելիությունը` խնայելով Սահմանադրական դատարան դիմումներ ներկայացնելու համար ծախսվող նյութական և ժամանակային ռեսուրսները: Սահմանադրական դատարան դիմումների ներկայացման էլեկտրոնային հարթակի գործարկումը կարող է ապահովել դրանց ներկայացման առավել պարզ և արագ ընթացակարգ: Հետևաբար Սահմանադրական դատարանում համապատասխան տեխնիկական հնարավորությունների առկայության դեպքում էլեկտրոնային եղանակով դիմումներ ներկայացնելու հնարավորությունը պետք է ապահովվի Սահմանադրական դատարան դիմելու իրավունք ունեցող բոլոր անձանց համար:

Ըստ այդմ, եթե Սահմանադրական դատարանն ընդունելի է համարում էլեկտրոնային եղանակով դիմումների ներկայացումը (որն անվերապահորեն ընդունելի է նաև իմ կողմից), ապա այդ հնարավորությունը պետք է հավասարապես վերագրելի լինի Սահմանադրական դատարան դիմելու իրավունք ունեցող բոլոր անձանց, այսինքն` կա՛մ Սահմանադրական դատարանում առկա չեն համապատասխան տեխնիկական հնարավորություններ, և որևէ անձ չի կարող դիմումը ներկայացնել էլեկտրոնային եղանակով, կա՛մ նման տեխնիկական հնարավորություններ առկա են, և Սահմանադրական դատարան դիմելու իրավունք ունեցող բոլոր անձինք կարող են դիմում ներկայացնել նաև էլեկտրոնային եղանակով` Սահմանադրական դատարանի համապատասխան իրավական ակտում նշված` էլեկտրոնային մեկ կամ մի քանի հարթակների միջոցով:

Տվյալ դեպքում սույն գործի նյութերում առկա է թղթային տարբերակով դիմում, որի վրա առկա չէ դիմողի ստորագրություն: Միաժամանակ պարզվել է, որ Սահմանադրական դատարանի կողմից գործի քննության առիթ համարված դիմումը ներկայացվել է «Mulberry» էլեկտրոնային փաստաթղթաշարժի համակարգով այն դեպքում, երբ առկա չէ Սահմանադրական դատարանում համապատասխան տեխնիկական հնարավորությունների առկայության մասին Սահմանադրական դատարանի համապատասխան իրավական ակտ, որում նշված կլինի նաև, որ Սահմանադրական դատարանն ընդունելի է համարում «Mulberry» էլեկտրոնային փաստաթղթաշարժի համակարգի միջոցով դիմումների ներկայացումը: Ընդ որում, այդ դեպքում էլեկտրոնային որևէ հարթակի միջոցով Սահմանադրական դատարան դիմում ներկայացնելու հնարավորությունը պետք է ապահովվեր Սահմանադրական դատարան դիմելու իրավունք ունեցող բոլոր, այդ թվում` ֆիզիկական և իրավաբանական անձանց համար:

Միաժամանակ հաշվի առնելով, որ սույն գործի նյութերում առկա դիմումի թղթային օրինակում բացակայում է որևէ ստորագրություն և Սահմանադրական դատարանի կողմից գործի քննության առիթ համարված դիմումի վրա առկա է էլեկտրոնային ստորագրությամբ հաստատված լինելու մասին նշում, հարկ եմ համարում անդրադառնալ Սահմանադրական դատարան էլեկտրոնային փաստաթղթի ձևով դիմում ներկայացնելու հարցին:

Այսպես` էլեկտրոնային փաստաթղթերի և էլեկտրոնային թվային ստորագրությունների կիրառման ընթացքում ծագող իրավահարաբերությունները կարգավորվում են «Էլեկտրոնային փաստաթղթի և էլեկտրոնային թվային ստորագրության մասին» օրենքով:

Նշված օրենքի 2-րդ հոդվածով սահմանված են այդ իրավական ակտում օգտագործվող, ի թիվս այլնի, հետևյալ հիմնական հասկացությունները.

Էլեկտրոնային փաստաթուղթ` տեղեկություն գրանցված նյութական կրիչի վրա էլեկտրոնային եղանակով, վավերացված էլեկտրոնային թվային ստորագրությամբ: Էլեկտրոնային փաստաթուղթը ստեղծվում, մշակվում և պահպանվում է տեղեկատվական համակարգերի և տեղեկատվական տեխնոլոգիաների տեխնիկական միջոցների օգտագործմամբ.

էլեկտրոնային թվային ստորագրություն` էլեկտրոնային թվային ստորագրության ստեղծման տվյալների և տվյալ էլեկտրոնային փաստաթղթի տեղեկատվության կրիպտոգրաֆիկական փոխակերպությունների միջոցով ստացված և էլեկտրոնային թվային ձևով ներկայացված պայմանանշանների եզակի հաջորդականություն, որը կցված կամ տրամաբանորեն կապված է էլեկտրոնային փաստաթղթի հետ և օգտագործվում է ստորագրող անձին նույնականացնելու, ինչպես նաև էլեկտրոնային փաստաթուղթը կեղծիքներից ու աղավաղումներից պաշտպանելու համար.

էլեկտրոնային փաստաթուղթը ստորագրող անձ (այսուհետ` ստորագրող անձ)` ֆիզիկական անձ, որի (կամ այն անձի, որին նա ներկայացնում է) անունով տրամադրվել է էլեկտրոնային թվային ստորագրության հավաստագիրը.

էլեկտրոնային թվային ստորագրության ստուգման տվյալներ (այսուհետ` ստուգման տվյալներ)` պայմանանշանների ուրույն հաջորդականություն, որն օգտագործվում է յուրաքանչյուր էլեկտրոնային թվային ստորագրության իսկությունը հաստատելու համար.

էլեկտրոնային թվային ստորագրության ստուգման միջոցներ` ապարատային և/կամ ծրագրային միջոցներ, որոնք հնարավորություն են տալիս ստուգել էլեկտրոնային թվային ստորագրության իսկությունը` օգտագործելով էլեկտրոնային թվային ստորագրության ստուգման տվյալները.

էլեկտրոնային թվային ստորագրության իսկություն` էլեկտրոնային թվային ստորագրության ստուգման տվյալների և միջոցների կիրառման դրական արդյունք, որը նույնականացնում է ստորագրող անձին.

Նույն օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ պարբերության համաձայն` էլեկտրոնային թվային ստորագրությամբ պաշտպանված էլեկտրոնային փաստաթուղթն ունի նույն իրավական նշանակությունը, ինչ որ անձի ձեռագիր ստորագրությամբ ամրագրված փաստաթուղթը, եթե հաստատվել է էլեկտրոնային թվային ստորագրության իսկությունը և չկան բավարար ապացույցներ այն մասին, որ փաստաթուղթը փոփոխվել կամ կեղծվել է այն պահից, երբ այն հաղորդվել և (կամ) տրվել է պահպանության, բացառությամբ այն դարձունակ փոփոխությունների, որոնք անհրաժեշտ և անխուսափելի են այդ էլեկտրոնային փաստաթղթի հաղորդման և (կամ) պահպանման համար, իսկ նույն հոդվածի 3-րդ պարբերության համաձայն` պետական, տեղական ինքնակառավարման մարմինները, ֆիզիկական և իրավաբանական անձինք, կազմակերպությունները պարտավոր չեն ընդունել էլեկտրոնային թվային ստորագրությամբ պաշտպանված էլեկտրոնային փաստաթղթեր, եթե նրանք չունեն համապատասխան տեխնիկական միջոցներ:

«Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի և «Էլեկտրոնային փաստաթղթի և էլեկտրոնային թվային ստորագրության մասին» օրենքի վկայակոչված իրավական նորմերի վերլուծության արդյունքում կարելի է արձանագրել, որ էլեկտրոնային թվային ստորագրությամբ պաշտպանված, էլեկտրոնային փաստաթուղթ համարվող դիմումն ունի նույն իրավական նշանակությունը, ինչն ունի իրավասու անձի կողմից ձեռագիր ստորագրված դիմումը հետևյալ պայմանների միաժամանակյա առկայության դեպքում.

- հաստատվել է էլեկտրոնային թվային ստորագրության իսկությունը, այսինքն` առկա է էլեկտրոնային թվային ստորագրության ստուգման տվյալների և միջոցների կիրառման հնարավորություն և կիրառման դրական արդյունք, որը նույնականացնում է ստորագրող անձին.

- չկան բավարար ապացույցներ այն մասին, որ փաստաթուղթը փոփոխվել կամ կեղծվել է այն պահից, երբ այն հաղորդվել և (կամ) տրվել է պահպանության, բացառությամբ այն դարձունակ փոփոխությունների, որոնք անհրաժեշտ և անխուսափելի են այդ էլեկտրոնային փաստաթղթի հաղորդման և (կամ) պահպանման համար:

Վերոգրյալի հաշվառմամբ կարծում եմ, որ «Mulberry» էլեկտրոնային փաստաթղթաշարժի համակարգի միջոցով դիմումների ներկայացումն ընդունելի համարելու պայմաններում անգամ սույն դեպքում գործի քննության առիթ համարված դիմումին կարող էր տրվել դիմողի (նրա անունից հանդես եկող իրավասու անձի) ձեռագիր ստորագրությամբ ամրագրված փաստաթղթի նշանակություն միայն վերը նշված պայմանների միաժամանակյա առկայության դեպքում, քանի որ միայն այդ դեպքում հնարավոր կլիներ արձանագրել, որ դիմումն իսկապես ստորագրվել է դիմողի (նրա անունից հանդես եկող իրավասու անձի) կողմից: Մինչդեռ Սահմանադրական դատարանում էլեկտրոնային թվային ստորագրության իսկությունը ստուգելու տեխնիկական հնարավորությունների առկայության մասին իրավական ակտի բացակայության պայմաններում կարծում եմ, որ ներկայացված դիմումը պետք է համարվեր իրավասու անձի կողմից չստորագրված, ուստի պետք է վրա հասնեին «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 26-րդ հոդվածով նախատեսված հետևանքները, այն է` դիմողը պետք է եռօրյա ժամկետում Սահմանադրական դատարանի աշխատակազմի կողմից տեղեկացվեր դիմումի` «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 24-րդ հոդվածին անհամապատասխանության մասին, ինչի արդյունքում դիմողը նաև կկարողանար օգտվել դիմումը «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի պահանջներին համապատասխանեցնելու օրենսդրական հնարավորությունից:

Միաժամանակ, եթե Սահմանադրական դատարանը համարել է, որ սույն դեպքում առկա է էլեկտրոնային թվային ստորագրությամբ պաշտպանված էլեկտրոնային փաստաթուղթ, որն ունի նույն իրավական նշանակությունը, ինչն ունի անձի ձեռագիր ստորագրությամբ ամրագրված փաստաթուղթը, ապա կարծում եմ, որ նման եզրահանգում կատարելու համար սույն գործում առնվազն պետք է առկա լիներ Սահմանադրական դատարանի աշխատակազմի կողմից կազմված փաստաթուղթ այն մասին, որ տվյալ դեպքում իսկապես առկա է էլեկտրոնային թվային ստորագրությամբ պաշտպանված էլեկտրոնային փաստաթուղթ, և Սահմանադրական դատարանի աշխատակազմը ստուգել է ստորագրության իսկությունը` պարզելով, որ այդ փաստաթուղթը ստորագրվել է դիմողի (նրա անունից հանդես եկող իրավասու անձի) կողմից: Մինչդեռ սույն գործում նման փաստաթղթի բացակայության պայմաններում անհասկանալի է, թե ինչպես է սույն գործի քննության առիթ համարված դիմումին տրվել դիմողի (նրա անունից հանդես եկող իրավասու անձի) ձեռագիր ստորագրությամբ ամրագրված փաստաթղթի նշանակություն, այլ կերպ` ներկայացված փաստաթուղթն ինչ հիմքով է համարվել իրավասու անձի կողմից ստորագրված:

 

Ամփոփելով վերոգրյալը` կարծում եմ, որ սույն գործով առկա չէ թույլատրելի եղանակով ներկայացված, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքով դիմումին ներկայացվող պահանջներին բավարարող դիմում, որպիսի պայմաններում Սահմանադրական դատարանն իրավասու չէր սույն գործով ընդունել ըստ էության որոշում: Միաժամանակ հարկ եմ համարում ընդգծել, որ տվյալ դեպքում նաև առկա չէին ինչպես գործի քննությունը մերժելու, այնպես էլ գործի վարույթը կարճելու հիմքեր: Կարծում եմ, որ տվյալ դեպքում սահմանադրական դատավարության կողմը չի կարող զրկվել սահմանադրական արդարադատություն ստանալու իրավունքից, քանի որ Սահմանադրական դատարանի աշխատակազմի կողմից նրան պետք է տրամադրվեր օրենքով սահմանված ժամկետը` առկա թերությունները շտկելու և դիմումը «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի պահանջներին համապատասխանեցնելու համար:

 

    ԴԱՏԱՎՈՐ                                Ե. ԽՈՒՆԴԿԱՐՅԱՆ

 

15 հունիսի 2021թ.

 

Հրապարակվել է ՍԴ պաշտոնական կայքէջում (concourt.am)` 16 հունիսի 2021 թվական:

 

 

pin
ՀՀ Սահմանադրական դատարան
15.06.2021
N ՍԴՈ-1599
Որոշում