Սեղմել Esc փակելու համար:
1970 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

1970 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ «ԱՐԱԳ ՓՉԱՑ ...

 

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ

 

Քաղ. Երևան 27 հուլիսի 2021 թ.

 

1970 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ «ԱՐԱԳ ՓՉԱՑՈՂ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԱՅԴՊԻՍԻ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՀԱՏՈՒԿ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ (ATP)» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Սահմանադրական դատարանը` կազմով. Ա. Դիլանյանի (նախագահող), Վ. Գրիգորյանի, Հ. Թովմասյանի, Ա. Թունյանի, Ա. Խաչատրյանի, Ե. Խունդկարյանի, Է. Շաթիրյանի, Ա. Պետրոսյանի, Ա. Վաղարշյանի,

մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)`

Կառավարության ներկայացուցիչ` Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վ. Սիմոնյանի,

համաձայն Սահմանադրության 168-րդ հոդվածի 3-րդ կետի, 169-րդ հոդվածի 3-րդ մասի, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 23, 40 և 74-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «1970 թվականի սեպտեմբերի 1-ին ստորագրված «Արագ փչացող սննդամթերքի միջազգային փոխադրումների և այդպիսի փոխադրումների համար օգտագործվող հատուկ տրանսպորտային սարքավորումների մասին (ATP)» համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Կառավարությունն իր` 2021 թվականի մայիսի 13-ի N 746-Ա որոշմամբ հավանություն է տվել 1970 թվականի սեպտեմբերի 1-ին ստորագրված «Արագ փչացող սննդամթերքի միջազգային փոխադրումների և այդպիսի փոխադրումների համար օգտագործվող հատուկ տրանսպորտային սարքավորումների մասին (ATP)» համաձայնագիրը վավերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությանը և որոշել է այդ համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու նպատակով դիմել Սահմանադրական դատարան:

Գործի քննության առիթը Կառավարության` 2021 թվականի մայիսի 18-ին Սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է:

Ուսումնասիրելով վերոնշյալ Համաձայնագիրը, սույն գործով Կառավարության ներկայացուցչի գրավոր բացատրությունը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

1. «Արագ փչացող սննդամթերքի միջազգային փոխադրումների և այդպիսի փոխադրումների համար օգտագործվող հատուկ տրանսպորտային սարքավորումների մասին (ATP)» համաձայնագիրը (այսուհետ` Համաձայնագիր) Միավորված ազգերի կազմակերպության Եվրոպայի հարցերով տնտեսական հանձնաժողովի շրջանակներում ստորագրվել է 1970 թվականի սեպտեմբերի 1-ին Ժնևում` պետությունների միջև ապրանքաշրջանառության բարձրացումը և այդ գործընթացում միջպետական համագործակցությունը խթանելու նպատակով: Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 1976 թվականի նոյեմբերի 21-ին:

 

2. Համաձայնագրով սահմանվում են արագ փչացող սննդամթերքով բեռների միջազգային փոխադրումների հիմնական պահանջները և փոխադրման պայմանները, ինչպես նաև դրանց փոխադրման համար նախատեսված տրանսպորտային սարքավորումներին ներկայացվող պահանջները:

Արագ փչացող սննդամթերքի միջազգային փոխադրումների նպատակով «ջերմամեկուսացվող», «սառեցվող», «մեխանիկորեն սառեցվող», «տաքացվող» կամ «մեխանիկորեն սառեցվող և տաքացվող» են համարվում այն հատուկ տրանսպորտային սարքավորումները, որոնք համապատասխանում են Համաձայնագրի 1-ին հավելվածում ներկայացված սահմանումներին և չափանիշներին:

Համաձայնագրի 16-րդ հոդվածի համաձայն` Համաձայնագիրն ստորագրելիս, վավերացնելիս կամ համաձայնագրին միանալիս ցանկացած Պայմանավորվող կողմ կարող է հայտարարել, որ իրեն պարտավորված չի համարում Համաձայնագրի 15-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ կետերով, որոնք վերաբերում են կողմերի միջև վեճերի կարգավորմանը:

Համաձայնագիրը և դրա հավելվածներն ուժի մեջ մտնելուց հետո պարբերաբար փոփոխվել և թարմացվել են Եվրոպայի հարցերով տնտեսական հանձնաժողովի Ներքին տրանսպորտի կոմիտեի` արագ փչացող սննդամթերքի փոխադրման հարցերով աշխատանքային խմբի կողմից:

 

3. Համաձայնագրի անբաժան մաս են կազմում 3 հավելվածները` Հավելված 1. «Արագ փչացող սննդամթերքի փոխադրման համար հատուկ տրանսպորտային սարքավորումների վերաբերյալ սահմանումները և չափանիշները», Հավելված 2. «Արագ (խորը) սառեցված և սառեցված սննդամթերք փոխադրելիս տրանսպորտային սարքավորման ընտրությունը և ջերմաստիճանային պայմանները», և Հավելված 3. «Պաղեցված սննդամթերք փոխադրելիս տրանսպորտային սարքավորման ընտրությունը և ջերմաստիճանային պայմանները» վերտառությամբ:

 

4. Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունը ստանձնում է մի շարք պարտավորություններ, մասնավորապես`

4.1. Համաձայնագրի 1-ին Հավելվածում նշված չափանիշներին համապատասխանելու նպատակով միջոցներ ձեռնարկել Համաձայնագրի 1-ին հոդվածում նկարագրված տրանսպորտային սարքավորումների պատշաճ ստուգման և փորձաստուգման համար` Համաձայնագրի 1-ին հավելվածի 1-ին, 2-րդ, 3-րդ և 4-րդ ենթահավելվածներում սահմանված դրույթներին համապատասխան, ինչպես նաև ճանաչել Համաձայնագրի 1-ին հավելվածի 1-ին ենթահավելվածի 3-րդ կետին համապատասխան այլ Պայմանավորվող կողմի իրավասու մարմնի կողմից տրամադրված համապատասխանության հավաստագրերի վավերականությունը (հոդվ. 2),

4.2. Համաձայնագրի 4-րդ հոդվածի դրույթները կիրառել բոլոր տեսակի փոխադրումների նկատմամբ ինչպես վարձատրության կամ հատուցման դիմաց, այնպես էլ սեփական միջոցներով, որոնք իրականացվում են բացառապես երկաթուղով, ավտոմոբիլային տրանսպորտով կամ այդ երկուսի համակցությամբ` Համաձայնագրի 3-րդ հոդվածի 2-րդ կետի դրույթներին համապատասխան, և փոխադրում են` արագ (խորը) սառեցված և սառեցված սննդամթերք, Համաձայնագրի 3-րդ հավելվածով սահմանված սննդամթերք, նույնիսկ եթե դրանք արագ (խորը) սառեցված կամ առհասարակ սառեցված չեն, ինչպես նաև եթե ապրանքի կամ այն պարունակող տրանսպորտային միջոցի` երկաթուղային կամ ավտոմոբիլային փոխադրամիջոցի բեռնման և երկաթուղային կամ ավտոմոբիլային փոխադրամիջոցից ապրանքի կամ այն պարունակող տրանսպորտային միջոցի բեռնաթափման վայրերը գտնվում են երկու տարբեր պետություններում, և ապրանքի բեռնաթափման վայրը գտնվում է Հայաստանի Հանրապետության տարածքում (հոդվ. 3, կետ 1, մաս 1),

4.3. եթե փոխադրումը ներառում է Համաձայնագրի 3-րդ հոդվածի 2-րդ կետում նկարագրված ծովային փոխադրումներից բացի մեկ կամ մի քանի ծովային փոխադրումներ, ապա յուրաքանչյուր ցամաքային փոխադրում դիտարկել առանձին (հոդվ. 3, կետ 1, մաս 2),

4.4. Համաձայնագրի 2-րդ և 3-րդ հավելվածներում սահմանված` արագ փչացող սննդամթերքի փոխադրման նպատակով օգտագործել Համաձայնագրի 1-ին հոդվածում նշված տրանսպորտային սարքավորումները` բացառությամբ այն դեպքերի, երբ հաշվի առնելով բեռնափոխադրման համար նախատեսված ջերմաստիճանային ռեժիմը` Համաձայնագրի 2-րդ և 3-րդ հավելվածներով սահմանված ջերմաստիճանի պահպանման համար սահմանված պահանջը չի դառնում ակնհայտ ավելորդ, և ապահովել, որ տրանսպորտային սարքավորումն ընտրվի և օգտագործվի այնպես, որ հնարավոր լինի ապահովել նշված հավելվածներում սահմանված ջերմաստիճանային ռեժիմը բեռնափոխադրման ամբողջ ընթացքում, և բացի այդ, ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները` կապված մասնավորապես սննդամթերքը բեռնելու պահին անհրաժեշտ ջերմաստիճանն ապահովելու կամ ցամաքային փոխադրման ընթացքում սառեցման և կրկնակի սառեցման կամ այլ գործողությունների հետ: Այնուամենայնիվ, վերոնշյալ կետի դրույթները կիրառել, եթե դրանք չեն հակասում Համաձայնագիրն ուժի մեջ մտնելու պահին գործող կոնվենցիաներից կամ դրանց փոխարինող այլ կոնվենցիաներից բխող Հայաստանի Հանրապետության միջազգային փոխադրումներին վերաբերող միջազգային պարտավորություններին (հոդվ. 4, կետ 1),

4.5. եթե Համաձայնագրով սահմանված բեռնափոխադրումների ժամանակ չեն պահպանվում Համաձայնագրի 4-րդ հոդվածի 1-ին կետի պահանջները, ապա արգելել բեռնափոխադրման ավարտից հետո սննդամթերքի օգտագործումը և տնօրինումը Հայաստանի Հանրապետության տարածքում, եթե Հայաստանի Հանրապետության իրավասու մարմիններն այն չեն համարում հանրային առողջության պահպանման հետ համատեղելի` նման օգտագործումն ու տնօրինումը թույլատրելու համար, և եթե չեն պահպանվել թույլտվություն ստանալու համար տվյալ մարմինների կողմից սահմանված անհրաժեշտ պայմանները (հոդվ. 4, կետ 2, ենթակետ «ա»),

4.6. ապահովել, որ Համաձայնագրի 4-րդ հոդվածի 1-ին պարբերության պահանջները կատարվեն վարձատրության կամ հատուցման դիմաց բեռնափոխադրումներ իրականացնող կազմակերպությունների կողմից միայն այն դեպքում, երբ նրանք պարտավորվել են նշված դրույթներին համապատասխանությունն ապահովելու նպատակով ձեռք բերել կամ տրամադրել ծառայություններ, և եթե համապատասխանության ապահովումը կախված է այդ ծառայություններից, և եթե այլ ֆիզիկական կամ իրավաբանական անձինք պարտավորվել են ձեռք բերել կամ տրամադրել ծառայություններ, որոնք անհրաժեշտ են Համաձայնագրի դրույթների պահպանման համար, ապա ապահովել, որպեսզի նրանք այդ համապատասխանությունն ապահովեն այնքանով, որքանով դա կախված է ծառայությունների մատուցումից, որոնք նրանք պարտավորվել են ձեռք բերել կամ տրամադրել (հոդվ. 4, կետ 3),

4.7. այն բեռնափոխադրումների ժամանակ, որոնց վրա տարածվում է Համաձայնագրի գործողությունը, և որոնց բեռնման վայրը գտնվում է Հայաստանի Հանրապետության տարածքում, ապահովել, որ Համաձայնագրի 4-րդ հոդվածի 1-ին կետի պահանջների կատարման պարտավորությունը` հաշվի առնելով նույն հոդվածի 3-րդ կետի դրույթները, կրի վարձատրության կամ հատուցման դիմաց բեռնափոխադրում իրականացնելու դեպքում` այն անձը (ֆիզիկական կամ իրավաբանական), որը` ըստ տրանսպորտային միջոցն ուղեկցող փաստաթղթերի, բեռնառաքողն է, իսկ ուղեկցող փաստաթղթերի բացակայության դեպքում` այն անձը (ֆիզիկական կամ իրավաբանական), որը բեռնափոխադրումներ իրականացնող կազմակերպության հետ կնքել է բեռնափոխադրման պայմանագիր, իսկ այլ դեպքերում` այն անձը (ֆիզիկական կամ իրավաբանական), որն իրականացնում է բեռնափոխադրումը (հոդվ. 4, կետ 4),

4.8. Համաձայնագրի դրույթները չկիրառել այն ցամաքային բեռնափոխադրումների նկատմամբ, որոնք իրականացվում են բեռնարկղերով, որոնք, ըստ ջերմային բնութագրերի, դասակարգվում են որպես ծովային և չեն ենթադրում փոխաբեռնում` պայմանով, որ այդպիսի ցամաքային բեռնափոխադրումներին նախորդի կամ հաջորդի Համաձայնագրի 3-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված բեռնափոխադրումներից բացի այլ ծովային փոխադրում (հոդվ. 5),

4.9. ապահովել, որ Համաձայնագրի 1-ին հավելվածի 1-ին ենթահավելվածով սահմանված չափանիշներին տրանսպորտային սարքավորումների համապատասխանությունը ստուգվի հետևյալ կարգով` նախքան դրանք օգտագործելը, պարբերաբար` առնվազն վեց տարին մեկ անգամ իրավասու մարմնի պահանջով (Հավելված 1, ենթահավելված 1, կետ 1),

4.10. ապահովել, որ Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինը ձեռնարկի միջոցառումներ` ապահովելու համար արտադրանքի այլ միավորների համապատասխանությունը թույլատրված տեսակին (Հավելված 1, ենթահավելված 1, կետ 6(բ)),

4.11. ապահովել, որ փորձաստուգման ենթարկվող սարքավորմանը համապատասխանող փորձաստուգման վերաբերյալ արձանագրությունը կազմվի յուրաքանչյուր փորձաստուգման համար Համաձայնագրի 1-ին հավելվածի, 2-րդ ենթահավելվածից հետո ներկայացված 1-13 օրինակելի ձևերին համապատասխան (Հավելված 1, ենթահավելված 2, կետ 8),

4.12. ապահովել, որ հեղուկացված գազի օգտագործմամբ միավորների փորձաստուգման ընթացակարգը լինի այնպիսին, ինչպիսին սահմանված է Համաձայնագրի 1-ին հավելվածի 2-րդ ենթահավելվածի 4-րդ բաժնում` հաշվի առնելով Համաձայնագրի 1-ին հավելվածի, 2-րդ ենթահավելվածի, 9.2.1 կետում շարադրված առանձնահատկությունները (Հավելված 1, ենթահավելված 2, կետ 9.2.1):

 

5. Սահմանադրական դատարանը արձանագրում է, որ Համաձայնագրով Հայաստանի Հանրապետության կողմից ստանձնված պարտավորությունները համահունչ են Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 13-րդ հոդվածով ամրագրված` միջազգային իրավունքի հիման վրա բոլոր պետությունների հետ բարիդրացիական, փոխշահավետ հարաբերությունների հաստատմանն ուղղված Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության իրականացման նպատակներին:

 

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Սահմանադրության 168-րդ հոդվածի 3-րդ կետով, 170-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 63, 64 և 74-րդ հոդվածներով` Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

1. 1970 թվականի սեպտեմբերի 1-ին ստորագրված` «Արագ փչացող սննդամթերքի միջազգային փոխադրումների և այդպիսի փոխադրումների համար օգտագործվող հատուկ տրանսպորտային սարքավորումների մասին (ATP)» համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Սահմանադրությանը:

2. Սահմանադրության 170-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

    ՆԱԽԱԳԱՀՈՂ                              Ա. ԴԻԼԱՆՅԱՆ

 

27 հուլիսի 2021 թվականի

ՍԴՈ-1607

 

ՀԱՏՈՒԿ ԿԱՐԾԻՔ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԿՈՂՄԻՑ «1970 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ «ԱՐԱԳ ՓՉԱՑՈՂ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԱՅԴՊԻՍԻ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՀԱՏՈՒԿ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ (ATP)» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾՈՎ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 27-ԻՆ ԿԱՅԱՑՎԱԾ ՍԴՈ-1607 ՈՐՈՇՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Սահմանադրական դատարանը, դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննելով «1970 թվականի սեպտեմբերի 1-ին ստորագրված «Արագ փչացող սննդամթերքի միջազգային փոխադրումների և այդպիսի փոխադրումների համար օգտագործվող հատուկ տրանսպորտային սարքավորումների մասին (ATP)» համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը, 2021 թվականի հուլիսի 27-ի ՍԴՈ-1607 որոշմամբ որոշել է, որ 1970 թվականի սեպտեմբերի 1-ին ստորագրված «Արագ փչացող սննդամթերքի միջազգային փոխադրումների և այդպիսի փոխադրումների համար օգտագործվող հատուկ տրանսպորտային սարքավորումների մասին (ATP)» համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Սահմանադրությանը:

 

Համաձայն չլինելով Սահմանադրական դատարանի 2021 թվականի հուլիսի 27-ի ՍԴՈ-1607 որոշմանը` Սահմանադրական դատարանի դատավոր Ե. Խունդկարյանս շարադրում եմ դրա վերաբերյալ իմ հատուկ կարծիքը:

 

Նախ` հարկ եմ համարում նշել, որ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի` «Միջազգային պայմանագրում ամրագրված պարտավորությունների` Սահմանադրությանը համապատասխանության որոշումը» վերտառությամբ 74-րդ հոդվածի 6-րդ մասում նշված որոշումներից որևէ մեկն ընդունելու համար անհրաժեշտ է օրենքով սահմանված կարգով Սահմանադրական դատարան ներկայացված դիմում: Հակառակ դեպքում, եթե առկա չէ թույլատրելի եղանակով ներկայացված դիմում կամ այն չի համապատասխանում օրենքով սահմանված պահանջներին, ապա Սահմանադրական դատարանն իրավասու չէ ըստ էության որոշում ընդունել միջազգային պայմանագրում ամրագրված պարտավորությունների` Սահմանադրությանը համապատասխանության հարցի վերաբերյալ:

Ինչպես վերը նշվեց, Սահմանադրական դատարանն իր ՍԴՈ-1607 որոշմամբ 1970 թվականի սեպտեմբերի 1-ին ստորագրված «Արագ փչացող սննդամթերքի միջազգային փոխադրումների և այդպիսի փոխադրումների համար օգտագործվող հատուկ տրանսպորտային սարքավորումների մասին (ATP)» համաձայնագրում ամրագրված պարտավորությունները ճանաչել է Սահմանադրությանը համապատասխանող: Հարկ եմ համարում ընդգծել, որ սույն հատուկ կարծիքի շրջանակներում նշված որոշմանը բովանդակային առումով անդրադառնալը հնարավոր և անհրաժեշտ չեմ համարում, քանի որ այդ որոշմանն իմ անհամաձայնության հիմքում ընկած է թույլատրելի եղանակով ներկայացված, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքով դիմումին ներկայացվող պահանջներին բավարարող դիմումի բացակայությունը, որպիսի պայմաններում կարծում եմ, որ Սահմանադրական դատարանն իրավասու չէր սույն գործով ըստ էության որոշում ընդունել` անկախ այդ որոշման բովանդակությունից:

Այսպես` «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Սահմանադրական դատարանը գործը քննում է միայն համապատասխան դիմումի առկայության դեպքում:

Միաժամանակ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքը սահմանում է դիմումին ներկայացվող պահանջները և Սահմանադրական դատարան դիմումի ներկայացման եղանակը:

Վերոգրյալ իրավական նորմերից հետևում է, որ Սահմանադրական դատարանում գործերի քննության միակ հնարավոր առիթը դիմումն է, որը պետք է ներկայացվի իրավասու անձի կողմից, համապատասխանի «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքով դիմումին ներկայացվող պահանջներին և ներկայացված լինի թույլատրելի եղանակով:

Սահմանադրության 168-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն` Սահմանադրական դատարանը Սահմանադրական դատարանի մասին օրենքով սահմանված կարգով մինչև միջազգային պայմանագրի վավերացումը որոշում է դրանում ամրագրված պարտավորությունների համապատասխանությունը Սահմանադրությանը, իսկ Սահմանադրության 169-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` Սահմանադրության 168-րդ հոդվածի 3-րդ կետով սահմանված դեպքում Սահմանադրական դատարան դիմում է Կառավարությունը(1):

 

___________________________________

1) Համանման իրավական կարգավորում է սահմանում նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 74-րդ հոդվածի 1-ին մասը:

 

«Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 46-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` որպես կողմի ի պաշտոնե ներկայացուցիչ` կարող են հանդես գալ Սահմանադրական դատարան դիմած մարմնի ղեկավարը, վիճարկվող ակտն ընդունած մարմնի ղեկավարը, ինչպես նաև «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքով սահմանված կարգով նշանակված անձը:

«Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դիմումը Սահմանադրական դատարան է ներկայացվում գրավոր` իրավասու անձի կողմից ստորագրված: Դիմումը ներկայացվում է թղթային կամ էլեկտրոնային եղանակով: Ընդ որում, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 88-րդ հոդվածի 6-րդ մասը սահմանում է, որ նույն օրենքի 24-րդ հոդվածով նախատեսված էլեկտրոնային եղանակով դիմումները Սահմանադրական դատարան կարող են ներկայացվել Սահմանադրական դատարանում համապատասխան տեխնիկական հնարավորությունների առկայության դեպքում:

Վերը նշված իրավակարգավորումները թույլ են տալիս կատարել հետևյալ դատողությունները.

- մինչև Ազգային ժողովի կողմից միջազգային պայմանագրի վավերացումը դրանում ամրագրված պարտավորությունների` Սահմանադրությանը համապատասխանության հարցով Սահմանադրական դատարան դիմելու իրավասությունը վերապահված է Կառավարությանը.

- այդ հարցով Սահմանադրական դատարան ներկայացվող դիմումը պետք է լինի իրավասու անձի կողմից ստորագրված.

- այդ հարցով դիմումը կարող է թղթային եղանակով ներկայացվել Սահմանադրական դատարան առանց նախապայմանների.

- այդ հարցով դիմումը կարող է էլեկտրոնային եղանակով ներկայացվել Սահմանադրական դատարան միայն այն դեպքում, երբ Սահմանադրական դատարանում առկա են համապատասխան տեխնիկական հնարավորություններ:

Կարծում եմ, որ գործող իրավակարգավորումների պայմաններում Սահմանադրական դատարանում համապատասխան տեխնիկական հնարավորությունների առկայությունը և դրանով պայմանավորված` էլեկտրոնային եղանակով դիմումներ ընդունելու, դրանց հիման վրա գործեր քննելու Սահմանադրական դատարանի իրավասությունը պետք է հավաստվեն Սահմանադրական դատարանի համապատասխան իրավական ակտով: Այսինքն` Սահմանադրական դատարան դիմող հնարավոր սուբյեկտները (դրա իրավունքն ունեցող անձինք) Սահմանադրական դատարանի համապատասխան իրավական ակտից պետք է իրազեկվեն, որ Սահմանադրական դատարանում առկա են էլեկտրոնային եղանակով դիմումներ ընդունելու համապատասխան տեխնիկական հնարավորություններ, ինչպես նաև տեղեկանան էլեկտրոնային այն հարթակի մասին, որով Սահմանադրական դատարանն ընդունելու է էլեկտրոնային եղանակով ներկայացվող դիմումները, և միայն այդ պայմաններում անձինք կարող են էլեկտրոնային եղանակով դիմումներ ներկայացնել Սահմանադրական դատարան:

Ասվածի հիմքում ընկած է այն հանգամանքը, որ առանց համապատասխան իրավական հիմքի հնարավոր չէ միանշանակ եզրահանգում կատարել այն մասին, թե Սահմանադրական դատարանում առկա են արդյոք էլեկտրոնային եղանակով դիմումներ ընդունելու համապատասխան տեխնիկական հնարավորություններ, և թե Սահմանադրական դատարանն էլեկտրոնային որ հարթակով է դիմումներ ընդունում. նման եզրահանգման հիմքում պետք է ընկած լինի Սահմանադրական դատարանի համապատասխան իրավական ակտը:

Ավելին, Սահմանադրական դատարանի կայքում նշված է Սահմանադրական դատարանի էլեկտրոնային փոստի հասցեն, նշված են նաև Սահմանադրական դատարանի դատավորների էլեկտրոնային փոստի հասցեները: Եթե կարելի է էլեկտրոնային եղանակով դիմումներ ներկայացնել Սահմանադրական դատարան, և վերջինս իրավասու է նման դիմումների հիման վրա գործեր քննել նաև Սահմանադրական դատարանի համապատասխան իրավական ակտի բացակայության պայմաններում, ապա ինչպե՞ս է Սահմանադրական դատարան դիմող անձի համար պարզ լինելու, թե արդյոք նա կարող է դիմումը նաև ներկայացնել` այն ուղարկելով Սահմանադրական դատարանի կամ Սահմանադրական դատարանի դատավորի էլեկտրոնային փոստի հասցեով, և նման դիմումներն արդյոք Սահմանադրական դատարանը համարելու է գործի քննության առիթ:

Վերոգրյալը ևս վկայում է Սահմանադրական դատարան էլեկտրոնային եղանակով դիմումներ ներկայացնելու հնարավորության վերաբերյալ համապատասխան իրավական ակտի անհրաժեշտության մասին, որում նշված կլինի նաև էլեկտրոնային այն հարթակը, որի միջոցով դիմումների ներկայացումը Սահմանադրական դատարանը համարելու է ընդունելի, ինչպես նաև տեղեկատվական տեխնոլոգիաների տեխնիկական միջոցների այն գործիքակազմը, որի միջոցով Սահմանադրական դատարանում իրականացվելու է էլեկտրոնային փաստաթղթում առկա էլեկտրոնային ստորագրության իսկության ստուգումը: Դրա միջոցով Սահմանադրական դատարան դիմող անձանց համար հստակ և կանխատեսելի կլինի ոչ միայն այն, թե Սահմանադրական դատարանի կողմից որ հարթակի միջոցով են ընդունվում էլեկտրոնային եղանակով ներկայացվող դիմումները, այլև այն, թե տեղեկատվական տեխնոլոգիաների տեխնիկական միջոցների ինչ գործիքակազմով է Սահմանադրական դատարանում պարզվում ստացված դիմումի` իրավասու անձի կողմից ստորագրված լինելու հանգամանքը: Այսինքն` Սահմանադրական դատարան դիմող անձանց համար պետք է պարզ լինի նաև, թե ինչ միջոցների կիրառմամբ է Սահմանադրական դատարանում հաստատվում կամ հերքվում ներկայացված էլեկտրոնային փաստաթղթի` իրավասու անձի կողմից ստորագրված լինելու հանգամանքը, ինչը հնարավորություն կտա Սահմանադրական դատարան դիմող անձանց նախքան էլեկտրոնային եղանակով էլեկտրոնային փաստաթղթի ձևով դիմում ներկայացնելը կանխատեսել, թե ինչ գնահատական է տրվելու դրանում առկա էլեկտրոնային ստորագրությանը:

Ավելին, կարծում եմ, որ անձանց համար պետք է գործնականում ապահովվեն Սահմանադրական դատարան դիմելու համանման պայմաններ, և պետք է բացառվի Սահմանադրական դատարան դիմող անձանց նկատմամբ անհավասար վերաբերմունքը` Սահմանադրական դատարան դիմում ներկայացնելու եղանակների ընտրության հարցում: Մասնավորապես` էլեկտրոնային եղանակով Սահմանադրական դատարան դիմումներ ներկայացնելու հնարավորության ապահովումը կոչված է խթանելու սահմանադրական արդարադատության փաստացի մատչելիությունը` խնայելով Սահմանադրական դատարան դիմումներ ներկայացնելու համար ծախսվող նյութական և ժամանակային ռեսուրսները: Սահմանադրական դատարան դիմումների ներկայացման էլեկտրոնային հարթակի գործարկումը կարող է ապահովել դրանց ներկայացման առավել պարզ և արագ ընթացակարգ: Հետևաբար Սահմանադրական դատարանում համապատասխան տեխնիկական հնարավորությունների առկայության դեպքում էլեկտրոնային եղանակով դիմումներ ներկայացնելու հնարավորությունը պետք է ապահովվի Սահմանադրական դատարան դիմելու իրավունք ունեցող բոլոր անձանց համար:

Ըստ այդմ, եթե Սահմանադրական դատարանն ընդունելի է համարում էլեկտրոնային եղանակով դիմումների ներկայացումը (որն անվերապահորեն ընդունելի է նաև իմ կողմից), ապա այդ հնարավորությունը պետք է հավասարապես վերագրելի լինի Սահմանադրական դատարան դիմելու իրավունք ունեցող բոլոր անձանց, այսինքն` կա՛մ Սահմանադրական դատարանում առկա չեն համապատասխան տեխնիկական հնարավորություններ, և որևէ անձ չի կարող դիմումը ներկայացնել էլեկտրոնային եղանակով, կա՛մ նման տեխնիկական հնարավորություններ առկա են, և Սահմանադրական դատարան դիմելու իրավունք ունեցող բոլոր անձինք կարող են դիմում ներկայացնել նաև էլեկտրոնային եղանակով` Սահմանադրական դատարանի համապատասխան իրավական ակտում նշված` էլեկտրոնային մեկ կամ մի քանի հարթակների միջոցով:

Տվյալ դեպքում սույն գործի նյութերում առկա է թղթային տարբերակով դիմում, որի վրա առկա չէ դիմողի ստորագրություն: Միաժամանակ պարզվել է, որ Սահմանադրական դատարանի կողմից գործի քննության առիթ համարված դիմումը ներկայացվել է «Mulberry» էլեկտրոնային փաստաթղթաշարժի համակարգով այն դեպքում, երբ առկա չէ Սահմանադրական դատարանում համապատասխան տեխնիկական հնարավորությունների առկայության մասին Սահմանադրական դատարանի համապատասխան իրավական ակտ, որում նշված կլինի նաև, որ Սահմանադրական դատարանն ընդունելի է համարում «Mulberry» էլեկտրոնային փաստաթղթաշարժի համակարգի միջոցով դիմումների ներկայացումը: Ընդ որում, այդ դեպքում էլեկտրոնային որևէ հարթակի միջոցով Սահմանադրական դատարան դիմում ներկայացնելու հնարավորությունը պետք է ապահովվեր Սահմանադրական դատարան դիմելու իրավունք ունեցող բոլոր, այդ թվում` ֆիզիկական և իրավաբանական անձանց համար:

Միաժամանակ հաշվի առնելով, որ սույն գործի նյութերում առկա դիմումի թղթային օրինակում բացակայում է որևէ ստորագրություն և Սահմանադրական դատարանի կողմից գործի քննության առիթ համարված դիմումի վրա առկա է էլեկտրոնային ստորագրությամբ հաստատված լինելու մասին նշում, հարկ եմ համարում անդրադառնալ Սահմանադրական դատարան էլեկտրոնային փաստաթղթի ձևով դիմում ներկայացնելու հարցին:

Այսպես` էլեկտրոնային փաստաթղթերի և էլեկտրոնային թվային ստորագրությունների կիրառման ընթացքում ծագող իրավահարաբերությունները կարգավորվում են «Էլեկտրոնային փաստաթղթի և էլեկտրոնային թվային ստորագրության մասին» օրենքով:

Նշված օրենքի 2-րդ հոդվածով սահմանված են այդ իրավական ակտում օգտագործվող, ի թիվս այլնի, հետևյալ հիմնական հասկացությունները.

Էլեկտրոնային փաստաթուղթ` տեղեկություն գրանցված նյութական կրիչի վրա էլեկտրոնային եղանակով, վավերացված էլեկտրոնային թվային ստորագրությամբ: Էլեկտրոնային փաստաթուղթը ստեղծվում, մշակվում և պահպանվում է տեղեկատվական համակարգերի և տեղեկատվական տեխնոլոգիաների տեխնիկական միջոցների օգտագործմամբ.

էլեկտրոնային թվային ստորագրություն` էլեկտրոնային թվային ստորագրության ստեղծման տվյալների և տվյալ էլեկտրոնային փաստաթղթի տեղեկատվության կրիպտոգրաֆիկական փոխակերպությունների միջոցով ստացված և էլեկտրոնային թվային ձևով ներկայացված պայմանանշանների եզակի հաջորդականություն, որը կցված կամ տրամաբանորեն կապված է էլեկտրոնային փաստաթղթի հետ և օգտագործվում է ստորագրող անձին նույնականացնելու, ինչպես նաև էլեկտրոնային փաստաթուղթը կեղծիքներից ու աղավաղումներից պաշտպանելու համար.

էլեկտրոնային փաստաթուղթը ստորագրող անձ (այսուհետ` ստորագրող անձ)` ֆիզիկական անձ, որի (կամ այն անձի, որին նա ներկայացնում է) անունով տրամադրվել է էլեկտրոնային թվային ստորագրության հավաստագիրը.

էլեկտրոնային թվային ստորագրության ստուգման տվյալներ (այսուհետ` ստուգման տվյալներ)` պայմանանշանների ուրույն հաջորդականություն, որն օգտագործվում է յուրաքանչյուր էլեկտրոնային թվային ստորագրության իսկությունը հաստատելու համար.

էլեկտրոնային թվային ստորագրության ստուգման միջոցներ` ապարատային և/կամ ծրագրային միջոցներ, որոնք հնարավորություն են տալիս ստուգել էլեկտրոնային թվային ստորագրության իսկությունը` օգտագործելով էլեկտրոնային թվային ստորագրության ստուգման տվյալները.

էլեկտրոնային թվային ստորագրության իսկություն` էլեկտրոնային թվային ստորագրության ստուգման տվյալների և միջոցների կիրառման դրական արդյունք, որը նույնականացնում է ստորագրող անձին.

Նույն օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ պարբերության համաձայն` էլեկտրոնային թվային ստորագրությամբ պաշտպանված էլեկտրոնային փաստաթուղթն ունի նույն իրավական նշանակությունը, ինչ որ անձի ձեռագիր ստորագրությամբ ամրագրված փաստաթուղթը, եթե հաստատվել է էլեկտրոնային թվային ստորագրության իսկությունը և չկան բավարար ապացույցներ այն մասին, որ փաստաթուղթը փոփոխվել կամ կեղծվել է այն պահից, երբ այն հաղորդվել և (կամ) տրվել է պահպանության, բացառությամբ այն դարձունակ փոփոխությունների, որոնք անհրաժեշտ և անխուսափելի են այդ էլեկտրոնային փաստաթղթի հաղորդման և (կամ) պահպանման համար, իսկ նույն հոդվածի 3-րդ պարբերության համաձայն` պետական, տեղական ինքնակառավարման մարմինները, ֆիզիկական և իրավաբանական անձինք, կազմակերպությունները պարտավոր չեն ընդունել էլեկտրոնային թվային ստորագրությամբ պաշտպանված էլեկտրոնային փաստաթղթեր, եթե նրանք չունեն համապատասխան տեխնիկական միջոցներ:

«Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի և «Էլեկտրոնային փաստաթղթի և էլեկտրոնային թվային ստորագրության մասին» օրենքի վկայակոչված իրավական նորմերի վերլուծության արդյունքում կարելի է արձանագրել, որ էլեկտրոնային թվային ստորագրությամբ պաշտպանված, էլեկտրոնային փաստաթուղթ համարվող դիմումն ունի նույն իրավական նշանակությունը, ինչն ունի իրավասու անձի կողմից ձեռագիր ստորագրված դիմումը հետևյալ պայմանների միաժամանակյա առկայության դեպքում.

- հաստատվել է էլեկտրոնային թվային ստորագրության իսկությունը, այսինքն` առկա է էլեկտրոնային թվային ստորագրության ստուգման տվյալների և միջոցների կիրառման հնարավորություն և կիրառման դրական արդյունք, որը նույնականացնում է ստորագրող անձին.

- չկան բավարար ապացույցներ այն մասին, որ փաստաթուղթը փոփոխվել կամ կեղծվել է այն պահից, երբ այն հաղորդվել և (կամ) տրվել է պահպանության, բացառությամբ այն դարձունակ փոփոխությունների, որոնք անհրաժեշտ և անխուսափելի են այդ էլեկտրոնային փաստաթղթի հաղորդման և (կամ) պահպանման համար:

Վերոգրյալի հաշվառմամբ կարծում եմ, որ «Mulberry» էլեկտրոնային փաստաթղթաշարժի համակարգի միջոցով դիմումների ներկայացումն ընդունելի համարելու պայմաններում անգամ սույն դեպքում գործի քննության առիթ համարված դիմումին կարող էր տրվել դիմողի (նրա անունից հանդես եկող իրավասու անձի) ձեռագիր ստորագրությամբ ամրագրված փաստաթղթի նշանակություն միայն վերը նշված պայմանների միաժամանակյա առկայության դեպքում, քանի որ միայն այդ դեպքում հնարավոր կլիներ արձանագրել, որ դիմումն իսկապես ստորագրվել է դիմողի (նրա անունից հանդես եկող իրավասու անձի) կողմից: Մինչդեռ Սահմանադրական դատարանում էլեկտրոնային թվային ստորագրության իսկությունը ստուգելու տեխնիկական հնարավորությունների առկայության մասին իրավական ակտի բացակայության պայմաններում կարծում եմ, որ ներկայացված դիմումը պետք է համարվեր իրավասու անձի կողմից չստորագրված, ուստի պետք է վրա հասնեին «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 26-րդ հոդվածով նախատեսված հետևանքները, այն է` դիմողը պետք է եռօրյա ժամկետում Սահմանադրական դատարանի աշխատակազմի կողմից տեղեկացվեր դիմումի` «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 24-րդ հոդվածին անհամապատասխանության մասին, ինչի արդյունքում դիմողը նաև կկարողանար օգտվել դիմումը «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի պահանջներին համապատասխանեցնելու օրենսդրական հնարավորությունից:

Միաժամանակ, եթե Սահմանադրական դատարանը համարել է, որ սույն դեպքում առկա է էլեկտրոնային թվային ստորագրությամբ պաշտպանված էլեկտրոնային փաստաթուղթ, որն ունի նույն իրավական նշանակությունը, ինչն ունի անձի ձեռագիր ստորագրությամբ ամրագրված փաստաթուղթը, ապա կարծում եմ, որ նման եզրահանգում կատարելու համար սույն գործում առնվազն պետք է առկա լիներ Սահմանադրական դատարանի աշխատակազմի կողմից կազմված փաստաթուղթ այն մասին, որ տվյալ դեպքում իսկապես առկա է էլեկտրոնային թվային ստորագրությամբ պաշտպանված էլեկտրոնային փաստաթուղթ, և Սահմանադրական դատարանի աշխատակազմը ստուգել է ստորագրության իսկությունը` պարզելով, որ այդ փաստաթուղթը ստորագրվել է դիմողի (նրա անունից հանդես եկող իրավասու անձի) կողմից: Մինչդեռ սույն գործում նման փաստաթղթի բացակայության պայմաններում անհասկանալի է, թե ինչպես է սույն գործի քննության առիթ համարված դիմումին տրվել դիմողի (նրա անունից հանդես եկող իրավասու անձի) ձեռագիր ստորագրությամբ ամրագրված փաստաթղթի նշանակություն, այլ կերպ` ներկայացված փաստաթուղթն ինչ հիմքով է համարվել իրավասու անձի կողմից ստորագրված:

 

Ամփոփելով վերոգրյալը` կարծում եմ, որ սույն գործով առկա չէ թույլատրելի եղանակով ներկայացված, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքով դիմումին ներկայացվող պահանջներին բավարարող դիմում, որպիսի պայմաններում Սահմանադրական դատարանն իրավասու չէր սույն գործով ընդունել ըստ էության որոշում: Միաժամանակ հարկ եմ համարում ընդգծել, որ տվյալ դեպքում նաև առկա չէին ինչպես գործի քննությունը մերժելու, այնպես էլ գործի վարույթը կարճելու հիմքեր: Կարծում եմ, որ տվյալ դեպքում սահմանադրական դատավարության կողմը չի կարող զրկվել սահմանադրական արդարադատություն ստանալու իրավունքից, քանի որ Սահմանադրական դատարանի աշխատակազմի կողմից նրան պետք է տրամադրվեր օրենքով սահմանված ժամկետը` առկա թերությունները շտկելու և դիմումը «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի պահանջներին համապատասխանեցնելու համար:

 

    ԴԱՏԱՎՈՐ                                Ե. ԽՈՒՆԴԿԱՐՅԱՆ

 

27 հուլիսի 2021թ.

 

Հրապարակվել է ՍԴ պաշտոնական կայքէջում (concourt.am)` 27 հուլիսի 2021 թվական:

 

 

pin
ՀՀ Սահմանադրական դատարան
27.07.2021
N ՍԴՈ-1607
Որոշում