Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶՈՒՄ ԼԵՌՆԱՅԻՆ ՀԱՆԳՍՏ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶՈՒՄ ԼԵՌՆԱՅԻՆ ՀԱՆԳՍՏԱՎԱՅՐԻ ԿԱՌՈՒՑ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

29 հուլիսի 2021 թվականի N 1246-Ա

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶՈՒՄ ԼԵՌՆԱՅԻՆ ՀԱՆԳՍՏԱՎԱՅՐԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ «ՄԱՅԼԵՌ» ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածի 4-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հավանության տալ «Մայլեռ Մաունթայն Ռեզորթ» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ` ընկերություն) կողմից ներկայացված` Արագածոտնի մարզի Ապարան համայնքի տարածքում 2080 հեկտար ընդհանուր մակերեսով հողամասում իրականացվելիք ներդրումային ծրագրին (այսուհետ` ծրագիր)` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատարին, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնակատարին, Արագածոտնի մարզպետին, Քաղաքաշինության կոմիտեի նախագահին և Կադաստրի կոմիտեի ղեկավարին` հիմք ընդունելով ծրագրի փուլայնությունը` համատեղ`

1) ապահովել ծրագրով նախատեսված հողատարածքների նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու գործընթացը.

2) օժանդակել ծրագրով նախատեսված հողատարածքների նպատակային նշանակության փոփոխման օրենսդրությամբ սահմանված գործընթացին` համագործակցելով տվյալ համայնքի ավագանու հետ` հաշվի առնելով, որ նպատակային նշանակության փոփոխությունն իրականացվելու է ավագանու որոշման հիման վրա:

3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում ընկերության հետ կնքել և Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել ծրագրի իրականացման փուլերի ժամանակացույցի մասին պայմանագիր` ներառելով մասնավոր հատվածի կողմից իրականացվելիք միջոցառումները և դրանք չկատարելու դեպքում համապատասխան հետևանքները:

4. Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարի պաշտոնակատարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում ներկայացնել ծրագրում նշված` հետաքրքրություն ներկայացնող հատվածներում անտառային հողերի օգտագործման, մասնավորապես` անտառահատման իրականացման (փոխարենը մի քանի անգամ ավելի ծավալով անտառատնկման և անտառվերականգնման իրականացում) կառուցակարգ և ընկերության հետ կնքել համապատասխան պայմանագիր:

5. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում մշակել և Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել ծրագրով նախատեսված, խաղատան լիցենզիաների տրամադրման գործընթացն ապահովելու նպատակով, համապատասխան օրենսդրական փաթեթ:

6. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատարին և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնակատարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում մշակել և Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել ծրագրով նախատեսված` պետության կողմից անհրաժեշտ ենթակառուցվածքների կառուցման ծրագիր` ներառելով անհրաժեշտ ֆինանսական գնահատականները և ֆինանսավորման աղբյուրները:

7. Ընկերությանը` առաջարկել ծրագրով նախատեսված ներդրումային ծրագիրն իրականացնելու ընթացքում հողատարածքում պատմամշակութային հուշարձանների հայտնաբերման դեպքում այդ մասին օրենսդրությամբ սահմանված կարգով տեղեկացնել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետի պաշտոնակատար       Ն. Փաշինյան

 

2021 թ. հուլիսի

Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության

2021 թվականի հուլիսի 29-ի

N 1246-Ա որոշման

 

ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶՈՒՄ «ՄԱՅԼԵՌ» ԼԵՌՆԱՅԻՆ ՀԱՆԳՍՏԱՎԱՅՐԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ

 

Սույն ներդրումային ծրագիրը (այսուհետ` ծրագիր) միտված է Հայաստանի Հանրապետությունում զբոսաշրջության բազմազանության ու զարգացման ապահովմանը, ինչպես նաև բնակչության մեջ առողջ ապրելակերպի հաստատմանը և համահունչ է ՀՀ կառավարության կողմից որդեգրած տնտեսական զարգացման ռազմավարությանը:

 

Գծապատկեր 1. Տեղանքի քարտեզ

 

Հարկ է փաստել, որ ՀՀ-ն, որպես լեռնային զբոսաշրջության ուղղություն, տարածաշրջանում գտնվում է ամենաթույլ դիրքերում. որպես առաջատար հանդես է գալիս Վրաստանի Հանրապետությունը, որից հետո` Ադրբեջանի Հանրապետությունը:

Լեռնային զբոսաշրջությունը, որպես առանձին ուղղություն, համաշխարհային մակարդակով ներառում է շուրջ 420 միլիոն զբոսաշրջիկ և դեռևս շարունակում է աճ գրանցել:

ՀՀ-ում ներկայումս կա գործող երկու հանգստյան գոտի (Ջերմուկ և Ծաղկաձոր համայնքներում), որոնք առաջարկում են լեռնային, մասնավորապես` լեռնադահուկային ժամանց:

Ըստ տարբեր տվյալների, օրինակ` Ծաղկաձորի զբոսաշրջիկների թիվը տարեկան կտրվածքով կազմում է շուրջ 250 հազար այցելու: Համեմատության համար հարկ է նշել, որ Վրաստանի միայն Գուդաուրի լեռնադահուկային համալիրի այցելուների թիվը միայն ձմեռային շրջանում անցնում է 650 հազարը, իսկ նմանատիպ հանգստյան գոտիները Վրաստանում հինգն են, որոնց հիմնական այցելուները ՌԴ-ից և ԵՄ-ից են:

Այսօր Ծաղկաձորում գործող հանգստյան տների և հյուրանոցների տարողունակությունը կազմում է շուրջ 3200 մահճակալ (օր): Զբոսաշրջիկների մեծ մասը նույնպես ՌԴ քաղաքացիներ են, երկրորդ տեղում են ԻԻՀ-ից ժամանող այցելուները: Հարկ է նշել, որ այս առումով Հայաստանը գտնվում է շահեկան դիրքում, քանի որ ռուս զբոսաշրջիկները կարող են ժամանել ՀՀ ներքին անձնագրերով: Բացի այդ, ՀՀ կարող են ժամանել նաև ՌԴ ուժային կառույցների ներկայացուցիչները, որոնք աշխատանքային պարտավորություններով պայմանավորված` չեն կարող ճանապարհորդել ԵԱՏՄ սահմաններից դուրս:

Ինչ վերաբերում է գնային քաղաքականությանը, հարկ է նշել, որ Ծաղկաձորում ճոպանուղու օրական տոմսն արժե 12,000 դրամ (շուրջ 25 ԱՄՆ դոլար), իսկ Վրաստանում 40 լարի (շուրջ 15 ԱՄՆ դոլար): Այսպիսով` Վրաստանը այցելուների քանակով անհամեմատ շահեկան դիրքում է, սակայն տուժում է ռուսական շուկայի ներուժը թերի օգտագործվելու առումով:

Լեռնային համալիրների զարգացման պատմության մեջ շատ քիչ են այնպիսի հանգստավայրեր, որոնք նախագծվել և կառուցվել են այդ նպատակով. որպես կանոն` դրանք կառուցվել են արդեն գոյություն ունեցող բնակավայրերի հիման վրա և ունեն զարգացման ուրույն կառուցակարգ:

Լեռնային համալիրների հիմնական ընդհանուր գիծն այն է, որ ճոպանուղիների ճնշող մեծամասնությունը պետական կամ համայնքային սեփականություն է, իսկ հյուրանոցները, հանգստյան և ժամանցի կենտրոնները` մասնավոր սեփականություն (Վրաստանի և Ադրբեջանի օրինակով): Հայաստանի միջազգային վարկանիշի պարբերական բարձրացումը նպաստում է ցանկացած զբոսաշրջային ծրագրի ներուժի բացահայտմանը և արդյունքում երկրի տնտեսական զարգացմանը: Այս համատեքստում հատկանշական է պետության դերը ենթակառուցվածքների ձևավորման և զարգացման հարցում:

 

ԾՐԱԳՐԻ ԱՄՓՈՓ ՆԿԱՐԱԳԻՐ

 

Սույն նախաձեռնությունն աննախադեպ է, քանի որ մասնավոր կազմակերպությունն իր վրա է վերցնում ենթակառուցվածքային այնպիսի ներդրումներ, ինչպիսիք են` ճոպանուղու, սահուղիների կառուցում, արհեստական ձնագոյացման համակարգի ձեռքբերում և տեղադրում, որոնք առհասարակ իրականացվում են պետության կամ համայնքի կողմից` փոխարենը ակնկալելով պետական աջակցություն կոնկրետ ուղղություններով: Ծրագրի շրջանակներում նախատեսված ենթակառուցվածքներն իրենց շուրջ են կենտրոնացնելու հյուրանոցային և ժամանցային ոլորտներում այլ ներդրողների, որոնք ներդրումներ կատարելով` նպաստելու են ոլորտի շարունակական զարգացմանը` ապահովելով լրացուցիչ աշխատատեղեր տվյալ համայնքի բնակիչների և ՀՀ այլ քաղաքացիների համար: Այդպիսի ենթակառուցվածքներից ամենակարևորը ճոպանուղին է, որը բազմիցս ապացուցել է իր «սոցիալական մագնիսի» ազդեցությունը երկրի, այդ թվում` տվյալ մարզի տնտեսության վրա, և պետության կողմից համապատասխան աջակցությունը միանշանակ կնպաստի ծրագրի բարեհաջող իրականացմանը:

Ճոպանուղիները լինելու են եվրոպական ամենաարդիական տեխնոլոգիաներով հագեցած` փակ հոնդոլային տիպի, արագընթաց, ինչպիսիք տեղադրված են աշխարհահռչակ լեռնադահուկային կենտրոններում (Իշգլ, Սանտ Անտոն, Ինսբրուկ և այլն):

 

Գծապատկեր 2. Ծրագրով նախատեսված ճոպանուղու նախանշված տեսքը

 

Ծրագրի իրականացումը բացառիկ է նրանով, որ նմանօրինակ ենթակառուցվածքային ներդրումներ մասնավոր հատվածի կողմից Հայաստանում երբևէ չեն իրականացվել, և նման համագործակցության հաջողված օրինակը կարող է հզոր խթան հանդիսանալ պետություն-մասնավոր համագործակցության հետագա զարգացման համար:

ՀՀ կառավարության կողմից բազմիցս արձանագրվել է, որ զբոսաշրջությունը պետության համար առաջնահերթ ուղղություններից մեկն է և համարվում է արտահանման ձև: Բացի այդ` զբոսաշրջության զարգացման ուղղությամբ պետության կողմից իրականացված ծախսերի հետգնումն առավել արդյունավետ է, իսկ ծրագիրն առանձնահատուկ է նրանով, որ չի ակնկալում պետության կողմից հավելյալ ծախսեր:

 

ԾՐԱԳՐԻ ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Լեռնային համալիրի կառուցման ընթացքում ներգրավված կլինեն շինարարության ոլորտի շուրջ 250 աշխատողներ, իսկ ծրագիրն իրականացնելուց հետո կստեղծվի շուրջ 1500 հիմնական աշխատատեղ` միջինը 180,000 դրամ աշխատավարձով: Ծրագրի հիմնական շահառուն է զբոսաշրջային սպառողը, ինչը ենթադրում է տնտեսության համար հավելյալ արժեքի ստեղծում և արտարժութային դրամական միջոցների հոսք դեպի ՀՀ:

Կառուցվող համալիրը հնարավորություն է ունենալու սպասարկելու օրական 6000 հաճախորդի (տարեկան` 2,160 հազ. մարդ/օր): Նմանատիպ հանգստյան վայրերում 1 հաճախորդի միջին անցկացնելիք ժամանակը գնահատվում է 4 օր, հետևաբար համալիրը հնարավորություն կունենա սպասարկելու տարեկան միջինը շուրջ 500 հազ. հաճախորդի: Սակայն ըստ կանխատեսումների` հաշվի առնելով նաև համալիրի սեզոնային բնույթը` ծրագրի իրականացման համար տարեկան միջին ծանրաբեռնվածությունը գնահատվում է 40 տոկոս (շուրջ 200 հազ. հաճախորդ):

Հարկ է նշել, որ հաճախորդները կլինեն և՛ ներգնա, և՛ ներքին զբոսաշրջիկներ, և ելնելով դրանից` կանխատեսվում է, որ 1 հաճախորդի կողմից ծախսը միջինը կկազմի 100 հազ. դրամ, ինչը նշանակում է, որ համալիրի կառուցման արդյունքում կունենանք տարեկան լրացուցիչ շուրջ 20 մլրդ դրամի ծառայությունների ծավալի ավելացում: Հիմք ընդունելով հանրապետությունում ծառայությունների ոլորտի կողմից ստեղծվող ավելացված արժեքի միջին տեսակարար կշիռն իր ծավալի նկատմամբ` գնահատվում է, որ համալիրի շահագործմամբ կստեղծվի տարեկան 12.6 մլրդ դրամ լրացուցիչ ավելացված արժեք, որն այլ հավասար պայմաններում կնպաստի ՀՆԱ-ի աճին մոտ 0.2 տոկոսային կետով: Արդյունքում պետական բյուջե կվճարվեն ավելի քան 1.2 մլրդ դրամ հարկեր:

Հաշվի առնելով, որ ծրագրի իրականացման հետագա փուլերում նախատեսվում է ընդլայնել համալիրը` ներառելով այլ ծառայություններ ևս, վերը նշված ցուցանիշները մի քանի անգամ կաճեն:

 

ՆԱԽԱՏԵՍՎՈՂ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԸ

 

Ծրագիրն իրականացնող կազմակերպությունը պատրաստվում է շուրջ 15 միլիարդ ՀՀ դրամ ներդնել միայն ճոպանուղու և սահուղիների կառուցման համար, ինչը կդառնա իր շուրջ զբոսաշրջային նոր քաղաքի ստեղծման առաջին և ամենակարևոր գրավականը:

Կազմակերպությունը կատարելու է ներդրում ճոպանուղու, սահուղիների, արհեստական ձնագոյացման համակարգի, գլխավոր հատակագծի և ժամանցային կենտրոնների (տոբոգան, տյուբինգ, «կախարդական կարպետ», զիփլայն, ջրային ատրակցիոններ) կառուցման համար: Միաժամանակ, պետական աջակցությամբ, կազմակերպությունը ներդրողի համար ավելի գրավիչ է դարձնելու ոչ միայն սույն շրջանը, այլ նաև ողջ հանրապետությունը, ինչպես նաև ապահովելու է ևս 15 միլիարդ դրամի ներդրումներ հյուրանոցային հատվածում տարբեր ներդրողների կողմից (ծրագրի հիմնական տնտեսական ցուցանիշները և առաջին փուլով կատարվելիք աշխատանքների ժամանակացույցը ներկայացված են, համապատասխանաբար, NN 1 և 2 աղյուսակների միջոցով):

 

Աղյուսակ 1. Ծրագրի հիմնական տնտեսական ցուցանիշները

 

._____________________________________________________________________.

|Ցուցանիշ                              |Արժեք                         |

|______________________________________|______________________________|

|Ներդրումների ընդհանուր ծավալ (դրամ)   |30,000 մլն,                   |

|                                      |որից`                         |

|                                      |______________________________|

|                                      |15,000 մլն`   |15,000 մլն`    |

|                                      |ճոպանուղի և   |հյուրանոցային  |

|                                      |սահուղի       |հատված         |

|______________________________________|______________|_______________|

|Աշխատատեղերի քանակ (մարդ)             |250           |1500 (հիմնական)|

|                                      |(շինարարության|               |

|                                      |ոլորտում)     |               |

|______________________________________|______________________________|

|Միջին աշխատավարձի չափ (դրամ)          |180 հազ.                      |

|______________________________________|______________________________|

|Սպասարկվող հաճախորդների տարեկան քանակ |200 հազ.                      |

|(մարդ)                                |                              |

|______________________________________|______________________________|

|1 հաճախորդի կողմից կատարվելիք միջին   |100 հազ.                      |

|ծախսը համալիրում մնալու ընթացքում     |                              |

|(դրամ)                                |                              |

|______________________________________|______________________________|

|Ծառայությունների ծավալի ավելացում     |20,000 մլն                    |

|տարեկան (դրամ)                        |                              |

|______________________________________|______________________________|

|Լրացուցիչ ավելացված արժեքի ստեղծում,  |12,600 մլն                    |

|տարեկան (դրամ)                        |                              |

|______________________________________|______________________________|

|Նպաստում ՀՆԱ-ի տարեկան աճին (տոկոսային|=0.2                          |

|կետ)                                  |                              |

|______________________________________|______________________________|

|ՀՀ պետական բյուջե վճարվելիք հարկերի   |1,200 մլն-ից ավելի            |

|կանխատեսվող ծավալ (դրամ)              |                              |

._____________________________________________________________________.

 

Այսպիսով` 30 միլիարդ դրամի ծրագիրն իրականացնելու համար ՀՀ կառավարության կողմից ակնկալվում է աջակցություն հետևյալ հարցերում.

 

1. Ճանապարհ և ավտոկայանատեղի

Ճանապարհի և ավտոկայանատեղիի կառուցումը կվերացնի անհարմարությունները այն զբոսաշրջիկների համար, որոնք ուղևորվելու են Հայաստան իրենց ավտոմեքենաներով, բացի այդ` կբարձրանա շրջանի նկատմամբ գրավչությունը թե՛ զբոսաշրջիկների, թե՛ ներդրողների համար:

 

2. Կոմունիկացիաներ (ջուր, հոսանք, գազ)

Կոմունիկացիաների անցկացումը կազատի ընկերությանը տարբեր փաստաթղթային քաշքշուկներից: Ակնկալվող աջակցությունը պետական ֆինանսական ռեսուրս չի պահանջում, իսկ մատակարար կազմակերպությունները նոր սպառողներ են ձեռք բերում:

Կոմունիկացիաներին առնչվող տեղեկատվությունը ներկայացված է Գծապատկեր 3-ում:

 

3. Տարածքի նկատմամբ գերակա հանրային շահի ճանաչում (միայն գյուղատնտեսական նշանակության հողերի հատվածում)

Տարածքի նկատմամբ գերակա հանրային շահի ճանաչումը (միայն գյուղատնտեսական նշանակության հողերի հատվածում) հնարավոր կդարձնի ծրագրի իրագործումը, քանի որ բոլոր հողերը դեռ 90-ականներին անվճար հիմունքներով տրամադրվել են գյուղացիներին և ներկայումս չեն օգտագործվում: Հետևաբար, սույնով նաև կտնտեսվեն ներդրող կազմակերպության թե՛ ժամանակային, թե՛ ֆինանսական ռեսուրսները, որոնք հնարավոր կլինի ուղղել նախատեսվող գործընթացի առավել արագ և որակյալ իրականացմանը:

Ծրագրի իրականացման շրջանակներում նախատեսված տարածքի նկատմամբ հանրության գերակա շահի ճանաչման գործընթացում բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչվող տարածքների ձեռքբերող հանդիսանալու է ընկերությունը, ինչի արդյունքում պետության համար լրացուցիչ ֆինանսական պարտավորություններ չեն առաջանա:

 

4. Ազատ տնտեսական գոտի

Տարածքն ազատ տնտեսական գոտու (ԱՏԳ) կարգավիճակ ստանալով (20 տարի ժամկետով)` կդառնա Առաջանցիկ զարգացման գոտի (ՌԴ-ի` «Տէռիտօռիյա Օպեռեժայուշեգօ Ռազվիտիյա»-ի կամ Վրաստանի օրինակով): Այստեղ ներդրում իրականացնող յուրաքանչյուր սուբյեկտ հնարավորություն է ստանում օգտվել ԱՏԳ-ում տրամադրվող` օրենքով նախատեսված արտոնություններից: Այսօր այդ տարածքը որևէ հավելյալ արժեք չունի և չի կարող որևէ հարկման բազա ապահովել, իսկ այս դեպքում, տարիներ անց կստեղծվի ծաղկուն հանգստավայր, հավելյալ արժեք տնտեսությունում, կայացած եկամտաբեր ոլորտ, շնորհակալ քաղաքացիներ, գոհ ներդրողներ և տնտեսական գործունեություն ծավալող մի շարք կազմակերպություններ, որոնք հարկվելու են ՀՀ օրենսդրության համաձայն: Նմանօրինակ հարկային արտոնություն տրամադրվում է Վրաստանում, ՌԴ-ում և այլ երկրներում, որտեղ պետական աջակցությունը չի սահմանափակվում հարկային արտոնությունով, այլ նաև բուն ներդրումներ են իրականացվում ենթակառուցվածքներում:

Ծրագրի իրականացման վայրում այսօր իրականացվում են միայն գյուղատնտեսական աշխատանքներ (խոտհարքի տեսքով), որոնք նույնպես չեն հարկվում:

ԱՏԳ-ի կարգավիճակի տրամադրումը կիրականացվի բացառապես առկա օրենսդրության շրջանակում, մասնավորապես` Եվրասիական տնտեսական միության իրավունքի մաս կազմող` «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» 2017 թվականի ապրիլի 11-ի պայմանագրի դրույթների, «Ազատ տնտեսական գոտիների մասին» ՀՀ օրենքով սահմանված մի շարք պահանջների և պայմանների, ինչպես նաև ազատ տնտեսական գոտիների վերաբերյալ այլ իրավական ակտերով սահմանված դրույթների պահպանման դեպքում:

 

5. Զբոսաշրջային կենտրոն սահմանել և ներառել պետական ֆինանսավորմամբ ծրագրերում և գովազդներում

Պետության կողմից գովազդվող և խրախուսվող ցանկացած ոլորտ և ուղղություն, այդ թվում` լեռնային (լեռնադահուկային), ևս պետք է գովազդվի և խրախուսվի:

 

6. Խաղատան լիցենզիայի տրամադրում (Ջերմուկի համար սահմանված սակագնով)

Խաղատան լիցենզիայի տրամադրումը կարող է դառնալ այլընտրանքային ժամանցի տեսակ զբոսաշրջիկների համար և հավելյալ մուտքեր կապահովի պետական բյուջե:

 

7. 580 հա տարածքի տրամադրում` հողատարածքի նպատակային նշանակության փոփոխությունն անհրաժեշտության դեպքում ըստ հատվածների իրականացմամբ: Մասնավորապես, օրինակ` եթե գյուղատնտեսական նշանակության հողատարածքում իրականացվելու է հյուրանոցի կառուցում, համապատասխան փոփոխությունը կատարել միայն այդ հատվածում, և այսպես շարունակ: Ընկերությունը նախատեսում է համապատասխան վճարումներն իրականացնել ծրագրով նշված հողատարածքի կամ դրա հատվածների օտարման դեպքում: Հողերի նպատակային նշանակության գործընթացն ապահովելու նպատակով` ընկերությունն օրենսդրությամբ սահմանված ընթացակարգերի համաձայն կներկայացնի դիմում` թույլտվություն ստանալու ակնկալիքով:

Ծրագրի շրջանակում հետաքրքրություն ներկայացնող հատվածներում (մասնավորապես` սահուղու և ճոպանուղու համար) անտառահատում, փոխարենը` նոր անտառների մի քանի անգամ ավելի վերականգնման պայմանով (առաջին փուլով նախատեսված 10 հա մակերեսով անտառահատման տեղանքի քարտեզը ներկայացված է գծապատկեր 4-ի միջոցով):

Անտառահատումները, որքան էլ անցանկալի, անխուսափելի են լեռնային հանգստավայրերի ստեղծման գործում: Քանի որ ծրագիրն ունի շարունակական բնույթ, հնարավոր չէ նախօրոք հաշվարկել անտառահատումների ծավալը: Այնուամենայնիվ, կազմակերպությունը պարտավորվում է ապահովել անտառահատման ծավալից մի քանի անգամ ավելի ծավալով անտառի տնկման ֆինանսավորում` անկախ վերջինիս ծավալից:

 

8. 7-րդ կետով նշված 580 հա-ին կից 1500 հա տարածքի վարձակալություն (ցանկացած պահի և ցանկացած հատված գնելու իրավունքով)

Քանի որ ծրագիրն ունի նաև բիզնես ուղղվածություն` այս դրույթը ևս ծրագրի իրականացման անբաժանելի մաս է: Նշված 1500 հա տարածքից այն հատվածները, որոնք կհանդիսանան ճոպանուղիների ենթակառուցվածքների և շինությունների տեղակայման հողամասեր, ընկերությունը դրանք ձեռք կբերի, իսկ մնացած հատվածները կօգտագործի վարձակալական հիմունքներով:

 

9. Ծրագիրն իրականացնողի մասնակցությունը քաղաքաշինական փաստաթղթերի հաստատմանը (Դիլիջանի զարգացման հիմնադրամի օրինակով)

Ծրագիրն իրականացնող կազմակերպության մասնակցությունը քաղաքաշինական փաստաթղթերի հաստատմանը հնարավորություն է ընձեռում ձևավորել միասնական տեսլական, ինչպես նաև գլխավոր հատակագծի և մեկ գաղափարախոսության շուրջ իրականացվող քաղաքաշինական նախագծերի պարագայում` քաղաքի առավել ամբողջական տեսքը:

Ծրագրի իրականացման տեղանքի քարտեզները ներկայացված են Գծապատկեր 5-ի միջոցով:

Ամփոփելով վերոգրյալը` ընկերությունը պատրաստակամություն է հայտնում մասնակցելու հանրային գերակա շահ ճանաչվող հատվածի հողերի փոխանակության (հավելումով) գործընթացին կամ ցանկացած այլ ձևաչափի քննարկմանը (ընդհուպ մինչև ԲԲԸ-ի ձևաչափով փայատիրական գործունեության համատեքստում):

 

Աղյուսակ 2. Առաջին փուլում կատարվելիք աշխատանքները`

ըստ ժամանակացույցի

 

._____________________________________________________________________.

|Կատարվելիք աշխատանքը                   |Ժամանակահատվածը* |Արժեքը     |

|                                       |                 |(ԱՄՆ դոլար)|

|_______________________________________|_________________|___________|

|Ճոպանուղու ձեռքբերում, տեղափոխում ՀՀ,  |18 ամիս          |27.000.000 |

|տեղադրում, մոնտաժ (2 հատ հոնդոլային, 1 |                 |           |

|հատ 6 տեղանոց աթոռային)                |                 |           |

|_______________________________________|_________________|___________|

|Հյուրանոց (120 համար)                  |18 ամիս          |3.000.000  |

|_______________________________________|_________________|___________|

|Հյուրանոց, որում առկա է խաղատուն (150  |24 ամիս          |7.000.000  |

|համար)                                 |                 |           |

|_______________________________________|_________________|___________|

|Լեռնային ճանապարհների ստեղծում,        |6 ամիս           |1.000.000  |

|սահուղիների կառուցում, քարամաքրման     |                 |           |

|աշխատանքներ, ճմապատում և  այլն         |                 |           |

|_______________________________________|_________________|___________|

|Սնոուտյուբինգի ձեռքբերում, տեղափոխում  |12 ամիս          |500.000    |

|ՀՀ, մոնտաժ                             |                 |           |

|_______________________________________|_________________|___________|

|«Magic Carpet»-ի ձեռքբերում, տեղափոխում|12 ամիս          |500.000    |

|ՀՀ, մոնտաժ                             |                 |           |

|_______________________________________|_________________|___________|

|«Snow Goomer»-ի ձեռքբերում, տեղափոխում |6 ամիս           |1.500.000  |

|ՀՀ                                     |                 |           |

|_______________________________________|_________________|___________|

|Վարձակալության սրահներ (բազմապիսի      |12 ամիս          |500.000    |

|գույքի համար)                          |                 |           |

|_______________________________________|_________________|___________|

|Սարի գագաթի ռեստորանի կառուցում        |18 ամիս          |1.000.000  |

|_______________________________________|_________________|___________|

|«Topogun»-ի ձեռքբերում, տեղափոխում ՀՀ, |12-րդ ամսից սկսած|1.000.000  |

|մոնտաժ                                 |18 ամսում        |           |

|_______________________________________|_________________|___________|

|Հյուրանոց (120 համար)                  |12-րդ ամսից սկսած|3.000.000  |

|                                       |18 ամսում        |           |

|_______________________________________|_________________|___________|

|Ավտոկայանատեղի                         |12 ամիս          |1.000.000  |

|_______________________________________|_________________|___________|

|Հակալավինային համակարգի տեղադրում      |12 ամիս          |2.000.000  |

|_______________________________________|_________________|___________|

|Մանկական սահադաշտի կառուցում, մանկական |12-րդ ամսից սկսած|3.000.000  |

|զբաղմունքի կենտրոն, բաց լողավազան      |24 ամսում        |           |

|_______________________________________|_________________|___________|

|Արհեստական ձնագոյացում. Սարքերի        |12 ամիս          |8.000.000  |

|ձեռքբերում, տեղափոխում ՀՀ, մոնտաժ      |                 |           |

._____________________________________________________________________.

 

* 12 ամսից ավելի նշված բոլոր ժամկետները հաշվարկված են այն տեսակետից, որ ներառում են 2 ամառ:

 

Գծապատկեր 3. Կոմունիկացիաների նախանշված երկարությունները

 

Գծապատկեր 4. Անտառահատման իրականացման տեղանքի քարտեզ

 

Գծապատկեր 5. Ծրագրի իրականացման տեղանքի քարտեզներ:

 

 

pin
ՀՀ կառավարություն
29.07.2021
N 1246-Ա
Որոշում