Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 38...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 381-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

    Հայաստանի Հանրապետության                   ԱՎԴ2/0017/06/20

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

Գործ թիվ ԱՎԴ2/0017/06/20

Նախագահող դատավոր` Ռ. Մխիթարյան

 

ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` նաև Վճռաբեկ

դատարան),

 

                   նախագահությամբ`            Հ. Ասատրյանի

                   մասնակցությամբ դատավորներ` Ս. Ավետիսյանի

                                              Լ. Թադևոսյանի

                                              Ա. Պողոսյանի

                                              Ս. Օհանյանի

 

    2021 թվականի հուլիսի 22-ին                 ք. Երևանում

գրավոր ընթացակարգով քննության առնելով մեղադրյալ Սարգիս Սերոժի Ստեփանյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2020 թվականի դեկտեմբերի 7-ի որոշման դեմ փաստաբան Ք.Ավագյանի վճռաբեկ բողոքը,

 

ՊԱՐԶԵՑ

 

Գործի դատավարական նախապատմությունը.

i

1. 2020 թվականի հուլիսի 15-ին ՀՀ ոստիկանության Արարատի բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է թիվ 26169020 քրեական գործը:

i

2020 թվականի հուլիսի 17-ին ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով հարուցվել է թիվ 26101720 քրեական գործը, որը նույն օրը միացվել է թիվ 26169020 քրեական գործին:

i

Նախաքննության մարմնի` 2020 թվականի հուլիսի 17-ի որոշմամբ Սարգիս Ստեփանյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով և երկու դրվագ` ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով: Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան) նույն օրվա որոշմամբ Ս.Ստեփանյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, որը հետագայում երկարացվել է:

2. Առաջին ատյանի դատարանի` 2020 թվականի նոյեմբերի 11-ի որոշմամբ մեղադրյալ Ս.Ստեփանյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացվել է ևս երկու ամսով:

3. Վերոնշյալ որոշման դեմ փաստաբան Ք.Ավագյանի վերաքննիչ բողոքը ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ` նաև Վերաքննիչ դատարան) 2020 թվականի դեկտեմբերի 7-ի որոշմամբ թողել է առանց քննության` վերաքննիչ բողոք բերելու իրավունք չունեցող անձի կողմից ներկայացված լինելու պատճառաբանությամբ:

4. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ փաստաբան Ք.Ավագյանը բերել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի` 2021 թվականի ապրիլի 2-ի որոշմամբ ընդունվել է վարույթ:

Վճռաբեկ դատարանի` 2021 թվականի հուլիսի 6-ի որոշմամբ սահմանվել է վճռաբեկ բողոքի քննության գրավոր ընթացակարգ:

Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

5. Վերաքննիչ դատարանը, առանց քննության թողնելով փաստաբան Ք.Ավագյանի վերաքննիչ բողոքը, դատական ակտը պատճառաբանել է հետևյալ կերպ. «(...) Փաստաբան Քրիստինե Ավագյանի կողմից մեղադրյալ Սարգիս Ստեփանյանի պաշտպանությունն օրենքով սահմանված կարգով ստանձնելու վերաբերյալ տեղեկություն գործի նյութերում չկա: Դրա հետ մեկտեղ, բողոքին կից չի ներկայացվել մեղադրյալի ստորագրությամբ վավերացված փաստաթղթային որևէ հաստատում` փաստաբան Քրիստինե Ավագյանի կողմից որպես պաշտպան հանդես գալու մեղադրյալի կամահայտնության մասին, կամ փաստաբան Քրիստինե Ավագյանին որպես Սարգիս Ստեփանյանի պաշտպան նշանակելու վերաբերյալ իրավասու մարմնի որոշում:

i

(...) Կալանքը որպես խափանման միջոց ընտրելու կամ չընտրելու, ինչպես նաև կալանքի տակ գտնվելու ժամկետը երկարացնելու կամ երկարացնելուց հրաժարվելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշումը վերաքննության կարգով բողոքարկելու հնարավորություն օրենսդիրը վերապահել է բացառապես ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 287-րդ հոդվածում թվարկված սուբյեկտներին` դատախազին, մեղադրյալին, վերջինիս պաշտպանին և (կամ) օրինական ներկայացուցչին, որպիսի դատավարական կարգավիճակներից որևէ մեկը, ըստ առկա նյութերի, սույն դեպքում բողոքաբերը չունի: Այլ կերպ` վերաքննիչ բողոքը ներկայացրել է այն անձը, ով դրա իրավունքը չուներ, իսկ համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 381-րդ հոդվածի 2.1-րդ մասի`

«Վերաքննիչ դատարանը վերաքննիչ բողոքը թողնում է առանց քննության, եթե`

(...)

3) վերաքննիչ բողոքը ներկայացրել է այն անձը, որը վերաքննիչ բողոք ներկայացնելու իրավունք չուներ.

(...)»(1):

________________________

1) Տե՛ս նյութեր, հատոր 2-րդ, թերթեր 80-82:

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.

6. Բողոքի հեղինակի կարծիքով` Վերաքննիչ դատարանը թույլ է տվել դատավարական իրավունքի այնպիսի էական խախտումներ, որոնք ազդել են գործի ելքի վրա:

Ի հիմնավորումն իր վերոնշյալ փաստարկի` բողոքաբերը, մեջբերելով արդար դատաքննության իրավունքի բաղկացուցիչ մասը կազմող` դատարանի մատչելիության իրավունքի վերաբերյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի, ՀՀ Սահմանադրական դատարանի և Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները, եզրահանգել է, որ մեղադրյալ Ս.Ստեփանյանի պաշտպանը հանդիսանալու վերաբերյալ օրենքով նախատեսված փաստաթղթերը չներկայացնելու հիմքով բողոքն առանց քննության թողնելու մասին որոշում կայացնելով` Վերաքննիչ դատարանն անհամաչափորեն սահմանափակել է իր պաշտպանյալի դատարան դիմելու և արդյունավետ իրավական պաշտպանություն հայցելու իրավունքը:

7. Վերոշարադրյալի հիման վրա, բողոք բերած անձը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի` 2020 թվականի դեկտեմբերի 7-ի որոշումը և կայացնել նոր դատական ակտ:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

 

8. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. հիմնավո՞ր է արդյոք փաստաբան Ք.Ավագյանի վերաքննիչ բողոքն առանց քննության թողնելու մասին Վերաքննիչ դատարանի հետևությունը:

i

9. ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք»:

i

ՀՀ Սահմանադրության 78-րդ հոդվածի համաձայն` «Հիմնական իրավունքների և ազատությունների սահմանափակման համար ընտրված միջոցները պետք է պիտանի և անհրաժեշտ լինեն Սահմանադրությամբ սահմանված նպատակին հասնելու համար: Սահմանափակման համար ընտրված միջոցները պետք է համարժեք լինեն սահմանափակվող հիմնական իրավունքի և ազատության նշանակությանը»:

i

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները կամ նրան ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք»:

10. Արդար դատաքննության իրավունքի բաղկացուցիչ մասը կազմող` դատարանի մատչելիության իրավունքի վերաբերյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանն արտահայտել է հետևյալ իրավական դիրքորոշումները.

- դատարանի մատչելիության իրավունքը բացարձակ չէ, և պետությունները կարող են այն իրացնելու հնարավորությունը պայմանավորել որոշակի պահանջներով և չափանիշներով(2),

________________________

2) Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` Luordo v. Italy գործով 2003 թվականի հոկտեմբերի 17-ի վճիռը, գանգատ թիվ 32190/96, 85-րդ կետ, Staroszczyk v. Poland գործով 2007 թվականի հուլիսի 9-ի վճիռը, գանգատ թիվ 59519/00, 124-րդ կետ, Stanev v. Bulgaria գործով 2012 թվականի հունվարի 17-ի վճիռը, գանգատ թիվ 36760/06, 230-րդ կետ:

 

- պետությունը դատարան դիմելու իրավունքից օգտվելու համար կարող է սահմանել որոշակի պայմաններ, պարզապես պետության կողմից կիրառված սահմանափակումները չպետք է այն կերպ կամ այն աստիճանի սահմանափակեն անձի` դատարանի մատչելիության իրավունքը, որ վնաս հասցվի այդ իրավունքի բուն էությանը(3),

 

i

- դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը 6-րդ հոդվածի 1-ին մասին չի համապատասխանի, եթե այն իրավաչափ նպատակ չի հետապնդում, և եթե կիրառված միջոցների և հետապնդվող նպատակի միջև չկա համաչափության ողջամիտ հարաբերակցություն(4),

________________________

3) Տե՛ս նույն տեղում:

 

- ներպետական դատական ատյանները դատավարական կանոնները կիրառելիս պետք է ձեռնպահ մնան դրանց չափազանցված ձևականացումից, որն իր ազդեցությունը կունենա դատավարության արդարացիության վրա(5): Դատարանի մատչելիության իրավունքը խախտվում է, երբ սահմանված կարգավորումները դադարում են ծառայել իրավական որոշակիության և արդարադատության պատշաճ կազմակերպման նպատակներին և վերածվում են իրավասու դատարանի կողմից գործն ըստ էության քննության առնելու խոչընդոտի(6):

________________________

4) Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` Khalfaoui v. France գործով 1999 թվականի դեկտեմբերի 14-ի վճիռը, գանգատ թիվ 34791/97, 36-րդ կետ, Hirschhorn v. Romania գործով 2007 թվականի հուլիսի 26-ի վճիռը, գանգատ թիվ 29294/02, 50-րդ կետ:

5) Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` Walchli v. France գործով 2007 թվականի հուլիսի 26-ի վճիռը, գանգատ թիվ 35787/03, 29-րդ կետ:

6) Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` Efstathiou and others v. Greece գործով 2006 թվականի հուլիսի 27-ի վճիռը, գանգատ թիվ 36998/02, 24-րդ կետ:

 

11. Արդար դատաքննության իրավունքի համատեքստում կարևորելով դատարանի մատչելիության իրավունքը` Վճռաբեկ դատարանը կայուն նախադեպային իրավունք է ձևավորել այն մասին, որ «Դատական մատչելիության իրավունքը պետք է լինի իրական և ոչ թե պատրանքային, ինչը ենթադրում է, որ անձն իր իրավունքների ու ազատությունների խախտման յուրաքանչյուր դեպքում` ողջամիտ սահմանափակումների պայմաններում, պետք է դատարան դիմելու, իր խախտված իրավունքները և ազատությունները վերականգնելու իրական հնարավորություն ունենա: Դատական պաշտպանության իրավունքի իրացման հնարավոր սահմանափակումները չպետք է ձևական բնույթ կրեն, որպեսզի շահագրգիռ անձը հավասար պայմաններում, արդարության բոլոր պահանջների պահպանմամբ, անկախ և անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում իր գործի հրապարակային քննության իրավունքի իրացման հնարավորություն ունենա: Հակառակ դեպքում կխախտվեն անձի` դատարանի մատչելիության և արդար դատաքննության իրավունքները»(7):

________________________

i

7) Տե՛ս Վճռաբեկ դատարանի` Արթուր Այվազյանի գործով 2013 թվականի սեպտեմբերի 13-ի թիվ ՇԴ2/0007/15/12 որոշումը, 16-րդ կետ, Լևոն Հարությունյանի գործով 2016 թվականի հունիսի 24-ի թիվ ԵԿԴ/0337/06/15 որոշումը, 13-րդ կետ:

 

11.1. Վերոգրյալի հաշվառմամբ Վճռաբեկ դատարանը կրկնում է, որ վերաքննիչ բողոքարկմանը ներկայացվող պահանջների պահպանումը չպետք է այնպես մեկնաբանվի և այն աստիճան ձևականացվի (excessive formalism), որ անձի դատական պաշտպանության, այդ թվում` արդարադատության մատչելիության իրավունքը ոչ իրավաչափորեն սահմանափակվի: Բողոքն առանց քննության թողնելու մասին որոշումը պետք է հիմնված լինի վերաքննիչ բողոքարկմանը ներկայացվող պահանջների պահպանված չլինելու մասին փաստերի բովանդակային գնահատման վրա: Այլ կերպ` վերաքննիչ բողոքարկման դատավարական կանոնները պետք է մեկնաբանվեն դատարանի մատչելիության իրավունքի իրական ապահովման համատեքստում(8):

________________________

i

8) Տե՛ս Վճռաբեկ դատարանի` Հարություն Հարությունյանի գործով 2020 թվականի դեկտեմբերի 18-ի թիվ ԱՐԱԴ/0033/15/19 որոշման 12-րդ կետը:

 

12. Սահմանադրական դատարանը` 2018 թվականի հունիսի 19-ի թիվ ՍԴՈ-1420 որոշմամբ փաստել է. «(...) Վերաքննիչ բողոքում հայտնաբերված թերությունների կամ սխալների նկատմամբ պետք է դրսևորվի տարբերակված մոտեցում, ինչի հետևանքով անհրաժեշտ կլինի նաև սահմանազատել դրանցից հետևող հնարավոր իրավական հետևանքները: Եթե ձևական պահանջների խախտման դեպքում չափազանց խիստ հետևանքներ նախատեսելը կսահմանափակի անձի հիմնական իրավունքի իրացման հնարավորությունը, ապա բովանդակային պահանջների խախտման հանդեպ անհամաչափ մեղմ գնահատականը կարող է այդ իրավունքի չարաշահման նախադրյալներ ստեղծել:

(...)

i

Այսպիսով, եթե վերաքննիչ բողոք ներկայացրել է այն անձը, ով չուներ այդ իրավունքը, կամ բողոքը ժամկետանց է (բացակայում է այն վերականգնելու հիմնավոր որևէ պատճառ), կամ այն բերվել է այնպիսի դատական ակտի դեմ, որը ենթակա չէ վերաքննիչ բողոքարկման և նման այլ այնպիսի հիմքերի առկայությամբ, երբ անձը վերաքննիչ դատարանի գնահատմամբ փաստի ուժով, իրավական տեսանկյունից օբյեկտիվորեն անկարող է իրացնել դատական բողոքարկման իր իրավունքը, ապա վերջինիս իրացման արգելքը, ինչը նախատեսված է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 381-րդ հոդվածի 2-րդ մասում, իրավական պատշաճ գործընթացի արդյունքում կարող է գնահատվել իրավաչափ: Մինչդեռ, վերաքննիչ բողոքի բովանդակությանը ներկայացվող բնույթով ձևական որևէ նախապայմանի խախտման հիմքով, երբ առկա է այն շտկելու իրավական ողջամիտ հնարավորություն, անձին Սահմանադրությամբ երաշխավորված դատական բողոքարկման իր իրավունքի իրացումից զրկելը, սահմանափակելը, Սահմանադրական դատարանի գնահատմամբ չի կարող բխել մարդու իրավունքների ու ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունքի երաշխավորման և իրացման սահմանադրորեն ամրագրված սկզբունքներից, ինչպես նաև այդ բնագավառում հանրային իշխանությանն առաջադրված սահմանադրաիրավական նպատակներից: Հետևաբար, Սահմանադրական դատարանը գտնում է, որ, վեճի առարկա իրավակարգավորմամբ նախատեսված ձևական պահանջների չպահպանման հիմքով սահմանափակելով անձի հիմնական իրավունքների և ազատությունների դատական պաշտպանության, այդ թվում` արդարադատության մատչելիության իրավունքը, խախտվել է Սահմանադրության 78-րդ հոդվածում ամրագրված համաչափության սկզբունքը: Սահմանադրության 75-րդ հոդվածի սահմանադրաիրավական բովանդակության տեսանկյունից այդ իրավակարգավորումը չի համապատասխանում իրավունքների ու ազատությունների արդյունավետ իրականացման ընթացակարգի չափանիշներին (...)»(9):

________________________

i

9) Տե՛ս ՀՀ Սահմանադրական դատարանի` 2018 թվականի հունիսի 19-ի թիվ ՍԴՈ-1420 որոշման 4.3-4.5-րդ կետերը:

 

13. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Վերաքննիչ դատարանը` 2020 թվականի դեկտեմբերի 7-ի որոշմամբ Առաջին ատյանի դատարանի` 2020 թվականի նոյեմբերի 11-ի որոշման դեմ փաստաբան Ք.Ավագյանի բողոքը թողել է առանց քննության` նշելով, որ վերաքննիչ բողոքը ներկայացրել է այն անձը, ով չուներ այդ իրավունքը, քանի որ քրեական գործում, ինչպես նաև վերաքննիչ բողոքին կից նյութերում առկա չեն Ք.Ավագյանի` որպես մեղադրյալ Ս.Ստեփանյանի պաշտպանի կարգավիճակը հաստատող փաստաթղթեր, այդ թվում` որպես պաշտպան հանդես գալու` մեղադրյալ Ս.Ստեփանյանի ստորագրությամբ վավերացված փաստաթղթային որևէ հաստատում կամ փաստաբան Ք.Ավագյանին Ս.Ստեփանյանի պաշտպան նշանակելու վերաբերյալ իրավասու մարմնի որոշում(10):

________________________

10) Տե՛ս սույն որոշման 5-րդ կետը:

 

14. Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքը գնահատելով սույն որոշման 9-12-րդ կետերում վկայակոչված իրավադրույթների և արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ եթե կոնկրետ դեպքում առկա է եղել վերաքննիչ բողոքի` բնույթով ձևական նախապայմանի խախտում, ապա այն շտկելու ողջամիտ հնարավորության առկայության պայմաններում Վերաքննիչ դատարանի կողմից այն առանց քննության թողնելը հիմնավոր համարվել չի կարող: Այլ խոսքով` Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Վերաքննիչ դատարանը, փաստաբան Ք.Ավագյանի վերաքննիչ բողոքն առանց քննության թողնելով և վերջինիս` իր կարգավիճակը հաստատող պատշաճ փաստաթղթերը ներկայացնելու հնարավորություն չտալով, ոչ իրավաչափորեն սահմանափակել է մեղադրյալի` դատարան դիմելու իրավունքը, որի արդյունքում խախտվել են անձի` դատական պաշտպանության և դատարանի մատչելիության իրավունքները:

15. Հետևաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ փաստաբան Ք.Ավագյանի վերաքննիչ բողոքն առանց քննության թողնելու մասին Վերաքննիչ դատարանի հետևությունը հիմնավոր չէ:

Վերոշարադրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի` 2020 թվականի դեկտեմբերի 7-ի որոշումը պետք է բեկանել և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության` սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների հաշվառմամբ համապատասխան որոշում կայացնելու համար:

i

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 361.1-րդ, 403-406-րդ, 415.1-րդ, 418.1-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Մեղադրյալ Սարգիս Սերոժի Ստեփանյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2020 թվականի դեկտեմբերի 7-ի որոշումը բեկանել և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Հ. Ասատրյան

Դատավորներ` Ս. Ավետիսյան

Լ. Թադևոսյան

Ա. Պողոսյան

Ս. Օհանյան

 

__________________________________

ԻՐՏԵԿ - սույն որոշումը բացակայում է www.datalex.am կայքէջում, ուստի չենք կարող նշել հրապարակման օրը, իսկ Միասնական կայքում այն հրապարակվել է 2021 թվականի հոկտեմբերի 4-ին:

 

 

pin
Վճռաբեկ դատարան
22.07.2021
N ԱՎԴ2/0017/06/20
Որոշում