Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 112-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ Կ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 112-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

    Հայաստանի Հանրապետության                   ԿԴ2/0026/01/19

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

Գործ թիվ ԿԴ2/0026/01/19

Նախագահող դատավոր` Ն. Հովակիմյան

    Դատավորներ`        Ա. Նիկողոսյան

                       Ս. Համբարձումյան

 

ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ նաև` Վճռաբեկ

դատարան),

 

                   նախագահությամբ`            Հ. Ասատրյանի

                   մասնակցությամբ դատավորներ` Ս. Ավետիսյանի

                                              Լ. Թադևոսյանի

                                              Ա. Պողոսյանի

                                              Ս. Օհանյանի

 

    2021 թվականի հուլիսի 20-ին                 ք. Երևանում

գրավոր ընթացակարգով քննության առնելով ամբաստանյալ Անդրանիկ Ֆելիքսի Ալավերդյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2020 թվականի մարտի 3-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա.Հարությունյանի վճռաբեկ բողոքը,

 

ՊԱՐԶԵՑ

 

Գործի դատավարական նախապատմությունը.

i

1. 2019 թվականի օգոստոսի 19-ին ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Չարենցավանի քննչական բաժնում հարուցվել է թիվ 66102119 քրեական գործը ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Նախաքննության մարմնի` 2019 թվականի օգոստոսի 19-ի որոշմամբ Անդրանիկ Ալավերդյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Նախաքննության մարմնի` 2019 թվականի օգոստոսի 26-ի որոշմամբ Ա.Ալավերդյանը ներգրավվել է որպես մեղադրյալ և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով:

Նախաքննության մարմնի` 2019 թվականի սեպտեմբերի 27-ի որոշմամբ Ա.Ալավերդյանին առաջադրված մեղադրանքը փոփոխվել և նրան նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով:

2019 թվականի հոկտեմբերի 4-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան):

2. Առաջին ատյանի դատարանը, կիրառելով դատական քննության արագացված կարգ, 2019 թվականի դեկտեմբերի 20-ի դատավճռով Ա.Ալավերդյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով, և նրա նկատմամբ պատիժ է նշանակել ազատազրկում` 3 (երեք) տարի ժամկետով:

i

3. Ամբաստանյալ Ա.Ալավերդյանի և պաշտպան Ա.Ասլանյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ` նաև Վերաքննիչ դատարան) 2020 թվականի մարտի 3-ի որոշմամբ բողոքը բավարարել է` մասնակիորեն բեկանելով և փոփոխելով Առաջին ատյանի դատարանի` 2019 թվականի դեկտեմբերի 20-ի դատավճիռը: Ա.Ալավերդյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով` 3 (երեք) տարի ժամկետով ազատազրկման ձևով նշանակված պատիժը ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի հիման վրա պայմանականորեն չի կիրառվել: Վերջինիս նկատմամբ սահմանվել է փորձաշրջան` 3 (երեք) տարի ժամկետով, իսկ նրա վարքի նկատմամբ վերահսկողությունը հանձնվել է ՀՀ արդարադատության նախարարության պրոբացիայի պետական ծառայության համապատասխան տարածքային ստորաբաժանմանը:

Դատավճիռը մնացած մասով թողնվել է անփոփոխ:

Վերաքննիչ դատարանի դատավոր Ս.Համբարձումյանը հատուկ կարծիք է ներկայացրել` գտնելով, որ բերված վերաքննիչ բողոքը բավարարելու, դատավճիռը բեկանելու և ամբաստանյալ Ա.Ալավերդյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառմամբ պայմանականորեն չկիրառելու հիմքեր առկա չէին:

4. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա.Հարությունյանը ներկայացրել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի` 2020 թվականի հուլիսի 30-ի որոշմամբ ընդունվել է վարույթ: Վճռաբեկ դատարանի` 2021 թվականի հուլիսի 7-ի որոշմամբ սահմանվել է վճռաբեկ բողոքի քննության գրավոր ընթացակարգ:

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել ամբաստանյալ Ա.Ալավերդյանի պաշտպան Ա.Ասլանյանը` խնդրելով մերժել ներկայացված վճռաբեկ բողոքը` ուժի մեջ թողնելով Վերաքննիչ դատարանի` 2020 թվականի մարտի 3-ի որոշումը:

Դատավարության մյուս մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

5. Անդրանիկ Ալավերդյանին ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ. «(...) Նա 2019 թվականի օգոստոսի 17-ին` ժամը 20:30-ի սահմաններում, Չարենցավան քաղաքի երկաթգծի կայարանի մոտ գտնվող տաքսի ծառայության դիմաց, անձնական հարցերի շուրջ վիճաբանել է Կոտայքի մարզի Ֆանտան գյուղի 4-րդ փողոցի 20-րդ տան բնակիչ Կարեն Տարոնի Եփրեմյանի հետ, որի ընթացքում մեկական անգամ ապտակել են միմյանց: Հաջորդ օրը` 2019 թվականի օգոստոսի 18-ին, ժամը 11:35-ին, Անդրանիկ Ալավերդյանն անձնական նախաձեռնությամբ զանգահարել է Կարեն Եփրեմյանին և պայմանավորվել են նախորդ օրը կատարվածի շուրջ զրուցելու նպատակով հանդիպել: Նույն օրը` 2019 թվականի օգոստոսի 18-ին, ժամը 19:30-ի սահմաններում, նախնական պայմանավորվածության համաձայն, Անդրանիկ Ալավերդյանը և Կարեն Եփրեմյանը հանդիպել են «Կարեն Եփրեմյան» անհատական ձեռնարկությունում, որտեղ վերջիններիս միջև, նախորդ օրվա վիճաբանության հետ կապված` Կարեն Եփրեմյանի հասցեին հայհոյանք տալու համար խոսակցություն է տեղի ունեցել, որը վերաճել է վիճաբանության: Վիճաբանության ընթացքում Կարեն Եփրեմյանը մեկ անգամ ապտակել է Անդրանիկ Ալավերդյանի դեմքին: Վերջինս պատասխան հարված է հասցրել Կարեն Եփրեմյանի դեմքին և քանի որ այդտեղ ներկա է գտնվել Կարեն Եփրեմյանի եղբայրը` Աշոտ Տարոնի Եփրեմյանը, ինչպես նաև նրանց համագյուղացիները, Անդրանիկ Ալավերդյանը վախեցել է` կարծելով, որ կարող են իրեն ծեծի ենթարկել, որի համար տաբատի աջ գրպանից հանել է իր մոտ գտնվող ծալովի դանակը, բացել է շեղբը, փորձել է վախեցնել ու դիմել է փախուստի: Այդ պահին տեսնելով իրեն մոտեցող Մանուկ Վահանի Ոպանյանին` ենթադրել և վախեցել է, որ վերջինս ցանկանում է իրեն բռնել, դիտավորությամբ դանակով մեկ անգամ հարվածել է Մանուկ Ոպանյանի կրծքավանդակին և պատճառել կրծքավանդակի աջ կեսի կտրած-ծակած թափանցող վերքի ձևով մարմնական վնասվածք, որն ուղեկցվել է ներքին կրծքային զարկերակի, աջ թոքի վնասումով, հիդրոպնևմոթորաքսով և աջից 4-րդ կողի մասնիկի վնասումով, նրա առողջությանը պատճառել ծանր վնաս, որպես կյանքին վտանգ սպառնացող:

Դրանից անմիջապես հետո Անդրանիկ Ալավերդյանը դիմել է փախուստի»(1):

_________________________

1) Տե՛ս քրեական գործ, հատոր 2, թերթեր 199-200:

 

6. Առաջին ատյանի դատարանի դատավճռի համաձայն` «(...) Որպես ամբաստանյալ Անդրանիկ Ալավերդյանի անձը բնութագրող հանգամանքներ` Դատարանը հաշվի է առնում այն, որ նա բնութագրվում է դրականորեն, աշխատում է «Յունիք» ՍՊ ընկերությունում և ըստ ՀՀ ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնի օպերատիվ տեղեկատու քարտադարանի ձև 8 տեղեկանքի` համարվում է դատվածություն չունեցող:

i

Դատարանը, ՀՀ քրեական օրենսգրքի 62-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի համաձայն, որպես ամբաստանյալ Անդրանիկ Ալավերդյանի պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանք է դիտում մեղայականով ներկայանալը:

i

Դատարանը, ՀՀ քրեական օրենսգրքի 62-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն, որպես ամբաստանյալ Անդրանիկ Ալավերդյանի պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանք է դիտում մեղքն ընդունելը, կատարած հանցանքի համար զղջալը, խոստովանական ցուցմունքներ տալը, ինչպես նաև խնամքին հղի կնոջ առկայությունը:

i

ՀՀ քրեական օրենսգրքի 63-րդ հոդվածով նախատեսված` պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանք քրեական գործում առկա չէ:

(...) Անդրադառնալով ամբաստանյալ Անդրանիկ Ալավերդյանին մեղսագրվող հանցագործության հանրության համար վտանգավորության աստիճանին ու բնույթին` Դատարանն արձանագրում է հետևյալը.

i

ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասը պատասխանատվություն է նախատեսում դիտավորությամբ կատարված այնպիսի գործողության համար, որը ոտնձգում է կյանքի և առողջության պաշտպանությանն ուղղված հասարակական հարաբերությունների դեմ, որպիսի պատճառաբանությամբ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքն ինքնին օժտված է բարձր հանրային վտանգավորությամբ:

Ամբաստանյալ Անդրանիկ Ալավերդյանին մեղսագրվող արարքի հանրային վտանգավորությունը գնահատելիս` Դատարանը հարկ է համարում արձանագրել հետևյալը.

ա) Անդրանիկ Ալավերդյանն իր հետ նախապես վերցված դանակով մեկ անգամ հարվածել է տուժողի կրծքավանդակի շրջանում` վերջինիս առողջությանը պատճառելով կյանքի համար վտանգավոր ծանր վնաս:

բ) Անդրանիկ Ալավերդյանը գործել է ուղղակի դիտավորությամբ` գիտակցել է իր արարքի հանրային վտանգավորությունը, նախատեսել տուժողի առողջությանը վնաս պատճառելու անխուսափելիությունը և ցանկացել դրա վնաս հասնելը, ինչի մասին է վկայում նախորդ կետում վկայակոչված հանգամանքը:

գ) Տուժող Մ.Ոպանյանի առողջությանը պատճառելով ծանր վնաս` Անդրանիկ Ալավերդյանը չի փորձել օգնություն ցուցաբերել նրան, այլ դիմել է փախուստի` դրանով իսկ դրսևորելով հետհանցավոր բացասական վարքագիծ:

Ամփոփելով վերոգրյալը` Դատարանն արձանագրում է, որ ամբաստանյալ Անդրանիկ Ալավերդյանի անձը և նրան մեղսագրվող արարքն օժտված են հանրային բարձր վտանգավորության աստիճանով:

Դատարանը, ղեկավարվելով ՀՀ քրեական օրենսգրքի 10-րդ, 48-րդ և 61-րդ հոդվածների պահանջներով, ինչպես նաև ՀՀ Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումներով, և հաշվի առնելով ամբաստանյալ Անդրանիկ Ալավերդյանի կատարած արարքի` հանրության համար վտանգավորության աստիճանը և բնույթը, այդ թվում` նրա գործողությունների վտանգավորության աստիճանը, նրա անձը բնութագրող տվյալները, պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանքները, պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանքների բացակայությունը, ինչպես նաև այն, որ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության համար պատիժ է սահմանված բացառապես ազատազրկման ձևով, գալիս է հետևության, որ ամբաստանյալի նկատմամբ պետք է պատիժ նշանակել ազատազրկում 3 (երեք) տարի ժամկետով, որով կարող է ապահովվել պատժի նպատակների իրացվելիությունը:

Անդրադառնալով (...) ամբաստանյալ Անդրանիկ Ալավերդյանի նկատմամբ նշանակվող պատիժը պայմանականորեն չկիրառելու հարցին և հաշվի առնելով նրա կատարած արարքի` հանրային բարձր վտանգավորության աստիճանը և բնույթը, հանցագործության կատարման հանգամանքները, եղանակն ու գործիքը, Դատարանն արձանագրում է, որ պատժի նպատակների իրագործման տեսանկյունից հնարավոր չէ փաստել, որ ամբաստանյալ Անդրանիկ Ալավերդյանի նկատմամբ նշանակվող պատիժը փաստացի կրելու անհրաժեշտությունը բացակայում է և ամբաստանյալի ուղղվելը հնարավոր է առանց պատիժն իրական կրելու: Այլ կերպ ասած` Դատարանը գտնում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի հիման վրա Անդրանիկ Ալավերդյանի նկատմամբ պատիժը պայմանականորեն չկիրառելու պայմաններում հնարավոր չէ հասնել ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածով սահմանված պատժի նպատակներին` սոցիալական արդարության վերականգնմանը, պատժի ենթարկված անձի ուղղմանը և հանցագործությունների կանխմանը, հետևաբար` պատժի նպատակների իրացվելիությունն ապահովելու նպատակով Անդրանիկ Ալավերդյանը պետք է կրի իր նկատմամբ նշանակված պատիժը:

Դատարանը գտնում է նաև, որ ամբաստանյալի նկատմամբ նշանակվող պատժատեսակը և պատժաչափը համաչափ են նրա կատարած արարքին, իսկ ամբաստանյալի հիմնական իրավունքների և ազատությունների սահմանափակման համար ընտրված միջոցները համարժեք են սահմանափակվող հիմնական իրավունքի և ազատության նշանակությանը, այսինքն` պահպանված են ՀՀ Սահմանադրության 71-րդ և 78-րդ հոդվածների դրույթները: Այլ խոսքով, Դատարանը գտնում է, որ ամբաստանյալի նկատմամբ նշանակվող պատիժը խիստ չէ և ավել սահմանափակումներ չի պարունակում, ավելին` Դատարանի գնահատմամբ` միայն այդ կերպ է հնարավոր հասնել ինչպես Սահմանադրությամբ ամրագրված նպատակներին, այնպես էլ ՀՀ քրեական օրենսգրքով ամրագրված պատժի նպատակներին (...)»(2):

_________________________

2) Տե՛ս քրեական գործ, հատոր 3, թերթեր 53-62:

 

7. Վերաքննիչ դատարանը, մասնակիորեն բեկանելով և փոփոխելով Առաջին ատյանի դատարանի դատավճիռը, արձանագրել է հետևյալը. «(...) Անդրադառնալով նշանակված պատիժը ամբաստանյալի կողմից ռեալ կրելու հարցին, Վերաքննիչ դատարանը նախ արձանագրում է, որ ամբաստանյալի կատարած հանցավոր արարքի վտանգավորությունը գնահատելիս պետք է ուշադրություն դարձնել գործով ձեռք բերված այն փաստական տվյալին, որ թեև ամբաստանյալը Կոտայքի մարզի Ֆանտան գյուղում, այդ գյուղի բնակիչ Կարեն Եփրեմյանի հետ տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ հաջորդ օրը հանդիպման է գնացել զրուցելու` գրպանում դանակ ունենալով, սակայն դեպքի օրը կրկին Կարեն Եփրեմյանի հետ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ դանակ չի գործածել վերջինիս նկատմամբ, դանակը գրպանից հանել է վախեցնելու համար, միայն այն ժամանակ, երբ հավաքվել են Կարեն Եփրեմյանի համագյուղացիները, իսկ ամբաստանյալը փորձելով խույս տալ իր համար բացասական հնարավոր զարգացումներից, դիմել է փախուստի, սակայն տեսնելով իրեն մոտեցող Մանուկ Ոպանյանին, մեկ անգամ դանակով դիտավորությամբ հարվածել է նրան, վախենալով, թե նա իրեն կբռնի: Վերը նշվածը արձանագրված է Անդրանիկ Ալավերդյանին առաջադրված մեղադրանքի նկարագրական մասում:

Անդրադառնալով ամբաստանյալ Անդրանիկ Ալավերդյանի անձը բնութագրող, նրա պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանքներին, Դատարանը որպես ամբաստանյալ Անդրանիկ Ալավերդյանի անձը բնութագրող, պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանք է դիտել այն, որ վերջինս բնութագրվում է դրականորեն, աշխատում է «Յունիք» ՍՊ ընկերությունում, դատվածություն չունեցող է, մեղայականով ներկայացել է, ընդունել է մեղքը, կատարած հանցանքի համար զղջացել է, տվել է խոստովանական ցուցմունքներ, խնամքին է հղի կինը: Նաև փաստել է, որ Անդրանիկ Ալավերդյանի պատասխանատվությունը ծանրացնող հանգամանքներ չկան:

Վերաքննիչ դատարանի գնահատմամբ ամբաստանյալ Անդրանիկ Ալավերդյանի անձը բնութագրող տվյալները, նրա պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքները, ծանրացնող հանգամանքների բացակայությունը, հետհանցավոր դրական վարքագիծը` մասնավորապես մեղայականով ներկայանալը, խոստովանական ցուցմունքներ տալը, դեպքից հետո ազատության մեջ գտնվելու պարագայում այլևս որևէ հակաիրավական արարք չկատարելը իրենց համակցությամբ էականորեն նվազեցնում են ամբաստանյալի անձի և կատարած հանցանքի` հանրության համար վտանգավորության աստիճանը, և թույլ են տալիս Վերաքննիչ դատարանին գալու այն եզրահանգման, որ ամբաստանյալի ուղղվելը հնարավոր է առանց նրան հասարակությունից մեկուսացնելու:

Վերաքննիչ դատարանը ամբաստանյալի նկատմամբ նշանակված պատիժը ռեալ կրելու նպատակահարմարության հարցը քննարկելիս հարկ է համարում անդրադառնալ նաև վերջինիս ընտանիքի կազմին և քննարկման առարկա դարձնել այն հարցը, թե ամբաստանյալի կողմից նշանակված պատիժը ռեալ կրելը հնարավոր ինչ բացասական հետևանքներ կարող է առաջացնել նրա ընտանիքի համար:

Այսպես` «Անդրանիկ» համատիրության կառավարչի կողմից տրված տեղեկանքի համաձայն` Անդրանիկ Ալավերդյանը բնակվում է Չարենցավան քաղաքի 8 թ/ղ 6 շենքի 36 բնակարանում և նրա հետ համատեղ բնակվում են հայրը Ֆելիքս Ալավերդյանը (ծնված` 1963թ.), մայրը` Գյուլիզար Ալավերդյանը (ծնված` 1967թ.) և կինը` Լիանա Անտոնյանը (ծնված` 2001թ.):

Համաձայն ներկայացված բժշկասոցիալական փորձաքննական N 1342911 որոշման` Անդրանիկ Ալավերդյանի հայրը` Ֆելիքս Ալավերդյանը հանդիսանում է երկրորդ կարգի հաշմանդամ:

Ներկայացվել է նաև «Սուրբ Աստվածամայր» ԲԿ վերակենդանացման բաժանմունքի վարիչ Ա.Չոբանյանի կողմից ներկայացված մահվան վկայականը, համաձայն որի` ամբաստանյալ Ա.Ալավերդյանի առաջնեկը 13.10.2019թ. մահացել է (ծնվել է անհաս տղա):

Ներկայացված N 44 տեղեկանքի համաձայն` Լիանա Անտոնյանը 24.02.2020թ. դիմել է բժշկին կոնսուլտացիայի համար և տրվել է դիագնոզ` հղիություն 10 շաբաթական, Հղիության անեմիա: Հղիության 1-ին կեսի տոկսիկոզ:

Նշվածից հետևում է, որ փաստացի ամբաստանյալը ընտանիքի միակ կերակրողն է:

Սույն գործի դատաքննության ընթացքում ծնվել է ամբաստանյալի առաջնեկը, ով մահացել է: Այժմ ամբաստանյալի կինը կրկին հղի է: Ու ամբաստանյալի կողմից նշանակված պատիժը ռեալ կրելը թե բարոյահոգեբանական, թե նյութական առումով կարող է ծանր հետևանքներ առաջացնել ամբաստանյալի ծնողների, կնոջ ու ապագա երեխայի համար:

Հարկ է նաև նշել, որ թե նախաքննության, թե դատաքննության ընթացքում տուժողը մշտապես հայտարարել է, որ ամբաստանյալի նկատմամբ բողոք, պահանջ չունի, չի ուզում, որ նրա ապագա երեխան անհայր մեծանա:

Այսպիսով` հաշվի առնելով ինչպես ամբաստանյալի կողմից կատարած հանցագործության բնույթն ու հանրության համար վտանգավորության աստիճանը, նրա անձը, ընտանեկան դրությունը, պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքները, պատիժն ու պատասխանատվությունը ծանրացնող հանգամանքների բացակայությունը, հանցագործության կատարումից հետո հանցավորի դրսևորած դրական վարքագիծը, տուժողի դիրքորոշումը, Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ վերաքննիչ բողոքում նշված փաստարկները` ամբաստանյալի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու հիմքերի առկայության մասին, հիմնավորված են: Անդրանիկ Ալավերդյանի կողմից առանց սույն գործով նշանակված պատիժը ռեալ կրելու հնարավոր է հասնել արդարության վերականգնմանը, պատժի ենթարկված անձի ուղղմանը և հանցագործությունների կանխմանը:

(...)

Դատարանը, Անդրանիկ Ալավերդյանի նկատմամբ չկիրառելով ՀՀ քրեական օրենսգրքի 70 հոդվածը, թույլ է տվել ՀՀ քրեական օրենսգրքի 10, 48, 61 հոդվածների պահանջների խախտումներ, ինչը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 397 հոդվածի իմաստով քրեական օրենքի ոչ ճիշտ կիրառում է, որը և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 395 հոդվածի համաձայն վիճարկվող դատական ակտը պատժի կրման մասով բեկանելու և փոփոխելու հիմք է: (...)»(3):

_________________________

3) Տե՛ս քրեական գործ, հատոր 4, թերթեր 55-65:

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.

8. Բողոքաբերի պնդմամբ` Վերաքննիչ դատարանը թույլ է տվել դատական սխալ, որի արդյունքում կայացվել է անհիմն և անօրինական դատական ակտ:

Մասնավորապես, բողոքի հեղինակը փաստարկել է, որ Վերաքննիչ դատարանը, ամբաստանյալ Ա.Ալավերդյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելով, պատշաճ գնահատականի չի արժանացրել կատարված հանցանքի բնույթն ու վտանգավորության աստիճանը:

Այսպես` պատշաճ գնահատականի չի արժանացվել Ա.Ալավերդյանի կողմից իր հետ նախապես վերցված դանակի գործադրմամբ տուժողի կրծքավանդակի շրջանում մեկ անգամ հարված հասցնելու, վերջինիս առողջությանը ծանր վնաս պատճառելու հանգամանքները, որոնք բերում են այն համոզման, որ հանցավորի ուղղվելն առանց նշանակված պատիժն իրական կրելու հնարավոր չէ, իսկ նրա պատիժն ու պատասխանատվությունը, ինչպես նաև ընտանեկան հանգամանքների առանձնահատկություններն արդեն իսկ հաշվի են առնվել նրա նկատմամբ նվազագույն պատժաչափ սահմանելիս:

i

8.1. Բողոք բերած անձը, վկայակոչելով ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ, ՀՀ քրեակատարողական օրենսգրքի 128-րդ, 130-րդ և 132-րդ, «Պրոբացիայի մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածները, ինչպես նաև Վճռաբեկ դատարանի` Գագիկ Ազատյանի գործով 2007 թվականի օգոստոսի 15-ի թիվ ՎԲ-195/07 որոշման իրավական դիրքորոշումները` նշել է, որ Ա.Ալավերդյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել, սակայն, Վերաքննիչ դատարանի կողմից վերջինիս ուղղման նպատակով նրա նկատմամբ որևէ լրացուցիչ պարտականություն չի դրվել, որպիսի պայմաններում ստացվել է մի իրավիճակ, երբ պրոբացիոն ծառայությունը զրկված է լինելու նրա վարքի և ուղղման նկատմամբ որևէ վերահսկողություն սահմանելու հնարավորությունից:

i

Բացի այդ, ըստ բողոքաբերի` Վերաքննիչ դատարանն Ա.Ալավերդյանի նկատմամբ չսահմանելով լրացուցիչ պարտականություն` թույլ է տվել դատական սխալ` ՀՀ քրեական օրենսգրքի 7-րդ, 10-րդ, 48-րդ, 61-րդ, 70-րդ հոդվածների և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 7-րդ հոդվածի պահանջների խախտումներ, որոնք հանգեցրել են իրավունքի հիմնարար խախտման:

9. Հիմք ընդունելով վերոշարադրյալը` բողոքաբերը խնդրել է պատիժը պայմանականորեն չկիրառելու և որոշակի պարտականություն չսահմանելու մասով բեկանել ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2020 թվականի մարտի 3-ի որոշումը և գործն ուղարկել ստորադաս դատարան` նոր քննության:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

 

10. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. հիմնավորվա՞ծ են արդյոք ամբաստանյալ Ա.Ալավերդյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի հետևությունները:

i

11. ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնասվածք պատճառելը կամ առողջությանն այլ ծանր վնաս պատճառելը, որը վտանգավոր է կյանքի համար կամ առաջացրել է տեսողության, խոսքի, լսողության կամ որևէ օրգանի կամ օրգանի ֆունկցիայի կորուստ կամ արտահայտվել է դեմքի անջնջելի այլանդակմամբ, ինչպես նաև կյանքի համար վտանգավոր այլ վնաս է պատճառել առողջությանը կամ առաջացրել է դրա քայքայում` զուգորդված ընդհանուր աշխատունակության ոչ պակաս, քան մեկ երրորդի կայուն կորստով կամ հանցավորի համար ակնհայտ մասնագիտական աշխատունակության լրիվ կորստով կամ առաջացրել է հղիության ընդհատում, հոգեկան հիվանդություն, թմրամոլությամբ կամ թունամոլությամբ հիվանդացում` պատժվում է ազատազրկմամբ` երեքից յոթ տարի ժամկետով»:

Վճռաբեկ դատարանն առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու դեպքում պատիժ նշանակելու հարցերին անդրադարձել է Արմեն Շահբազյանի վերաբերյալ որոշման շրջանակներում` արտահայտելով հետևյալ իրավական դիրքորոշումը. «(...) ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածը պատասխանատվություն է նախատեսում մարդու առողջության դեմ ուղղված հանցագործություններից ամենավտանգավորի` դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու համար: Քննարկվող հանցագործության հանրային առավել բարձր վտանգավորությունը պայմանավորված է ոչ միայն նրանով, որ համապատասխան հակաիրավական արարքի արդյունքում մարդուն պատճառվում է վնաս, որը խիստ բացասական է անդրադառնում նրա առողջական վիճակի վրա, այլև նրանով, որ կարող է առաջ բերել ավելի ծանր հետևանքներ` ընդհուպ մինչև տուժողի մահ: Այս հանցագործության սուբյեկտիվ կողմը բնութագրվում է դիտավորությամբ, որը կարող է լինել ինչպես ուղղակի, այնպես էլ անուղղակի (...):

(...) ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածով նախատեսված հանրորեն վտանգավոր արարքը կարող է կատարվել տարբեր եղանակներով: Մասնավորապես, հանցավորը տուժողի առողջությանը ծանր վնաս կարող է պատճառել` իր ֆիզիկական հնարավորությունները գործադրելով (ձեռքով կամ ոտքով հարվածելով, հրել-վայր գցելով, մարմնի որևէ մաս ջարդելով և այլն), տարբեր գործիքներ, իրեր կամ առարկաներ (դանակ, կացին, մուրճ, մետաղյա ձող, քար և այլն) օգտագործելով, զանազան մեխանիզմներ, միջոցներ կամ նյութեր (հրազեն, թույն, թմրանյութ և այլն) կիրառելով, տարերային աղետի իրադրությունը կամ առավել վտանգի աղբյուրն օգտագործելով և այլն: Քննարկվող հանցագործության կատարման նշված եղանակները, ելնելով գործի փաստական հանգամանքների առանձնահատկություններից, տարբեր կերպ են բնորոշում հանցավորի անձնավորության և կատարված հանցագործության վտանգավորության աստիճանը: Այսպես` տուժողի կենսական կարևոր օրգանների շրջանում դանակով հարված հասցնելիս հանցավորը ոչ միայն նախատեսում է հանրորեն վտանգավոր հետևանքների առաջացման անխուսափելիությունը, այլև գիտակցում է կամ առնվազն պարտավոր է գիտակցել, որ իր գործողություններով տուժողին պատճառում է առողջության ծանր վնաս, որը վտանգավոր է կյանքի համար և անգամ կարող է հանգեցնել մահվան: Այլ խոսքով` հանցավորը գործում է ուղղակի դիտավորությամբ և հստակ նախատեսում է իր արարքի և վտանգավոր հետևանքների միջև առկա միանշանակ պատճառական կապը և դրա զարգացումը, այդ թվում` գիտակցում է կամ պարտավոր է գիտակցել, որ տուժողին կարող է պատճառել մահ, սակայն ինքնավստահությամբ կամ անփութությամբ հույս է ունենում, որ նշված ծանր հետևանքը չի առաջանա: Վերոգրյալն ինքնին վկայում է հանցավորի անձնավորության և կատարված հանցագործության վտանգավորության առավել բարձր աստիճանի մասին, ուստի օբյեկտիվորեն պետք է գնահատվի և հաշվի առնվի դատարանների կողմից պատիժ նշանակելիս:

(...) ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածով նախատեսված հանցագործությունների վերաբերյալ գործերով հանցագործության հանրային վտանգավորության աստիճանը ճիշտ գնահատելու և որպես արդյունք հանցավորի նկատմամբ քրեաիրավական ներգործության համաչափ միջոց կիրառելու համար դատարանները հատուկ ուշադրություն պետք է դարձնեն արարքի կատարման եղանակին, օգտագործված գործիքներին, միջոցներին, մարմնական վնասվածքների քանակին, բնույթին ու տեղակայմանը: Համապատասխան գնահատականի պետք է արժանացվի նաև կատարված հանրորեն վտանգավոր արարքի և դրա հետևանքների նկատմամբ հանցավորի դրսևորած հոգեբանական վերաբերմունքը: (...)»(4):

_________________________

i

4) Տե՛ս Վճռաբեկ դատարանի` Արմեն Շահբազյանի գործով 2014 թվականի օգոստոսի 15-ի թիվ ԵՇԴ/0143/01/13 որոշման 15-17-րդ կետերը:

 

12. Վերահաստատելով վերոնշյալ իրավական դիրքորոշումները` Վճռաբեկ դատարանը նշել է, որ քննարկվող հոդվածով նախատեսված հանցանք կատարելու դեպքում պատիժ նշանակելիս և այն կրելու նպատակահարմարության հարցը լուծելիս ստորադաս դատարանները պետք է հաշվի առնեն ինչպես խախտվող հասարակական հարաբերության բնույթն ու կարևորությունը, այնպես էլ արարքի հանրային վտանգավորության աստիճանի վրա ազդող այնպիսի հանգամանքներ, ինչպիսիք են անձի հոգեբանական վերաբերմունքն իր կատարած արարքի և դրա հետևանքների նկատմամբ, հանցագործության հանգամանքները, եղանակը, գործիքներն ու միջոցները, մարմնական վնասվածքների քանակը, տեղակայումը, բնույթը և այլն(5):

_________________________

i

5) Տե՛ս Վճռաբեկ դատարանի` Արմեն Գրիգորյանի գործով 2021 թվականի փետրվարի 10-ի թիվ ԵԴ/0335/01/19 որոշման 12-րդ կետը:

 

Ընդհանրացնելով վերոշարադրյալը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ կոնկրետ գործի փաստական հանգամանքների շրջանակներում վնաս պատճառելու համար օգտագործված տարատեսակ գործիքները կամ առարկաները (հրազեն, դանակ, կացին, մուրճ, մետաղյա ձող, քար և այլն), կյանքի համար վտանգ ներկայացնող վնասի պատճառումը, հանցավորի պատրաստվածությունը, մեղքի դիտավորյալ ձևը (հատկապես` ուղղակի դիտավորությունը) իրենց ամբողջության մեջ անկանխելի են դարձնում հանրորեն վտանգավոր հետևանքների առաջացումը, մեծացնում հանցագործությունը հաջողությամբ ավարտին հասցնելու կամ ավելի մեծ վնաս պատճառելու հավանականությունը: Հետևաբար, նման դեպքերում օբյեկտիվորեն բարձրանում է նաև արարքի հանրային վտանգավորության աստիճանը(6):

_________________________

i

6) Տե՛ս, mutatis mutandis, Վճռաբեկ դատարանի` Սարգիս Խաչատրյանի գործով 2015 թվականի մարտի 27-ի թիվ ՏԴ/0031/01/14, Նարեկ Խաչատրյանի գործով 2015 թվականի օգոստոսի 28-ի թիվ ԵԿԴ/0191/01/14, Արսեն Կարապետյանի և Ռուբեն Գուլգուլյանի գործով 2015 թվականի օգոստոսի 28-ի թիվ ԵԱԴԴ/0011/01/14, Սերգեյ Աբովյանի գործով 2016 թվականի հունիսի 24-ի թիվ ԵԱԴԴ/0038/01/15 որոշումները:

 

i

13. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Ա.Ալավերդյանին ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրանք է առաջադրվել այն արարքի համար, որ նա Կարեն Եփրեմյանի հետ վիճաբանության ընթացքում, որին ներկա են գտնվել նաև վերջինիս եղբայրը` Աշոտ Եփրեմյանը և նրանց համագյուղացիները, վախենալով և կարծելով, որ կարող են իրեն ծեծի ենթարկել, տաբատի աջ գրպանից հանել է իր մոտ գտնվող ծալովի դանակը, բացել է շեղբը, փորձել է վախեցնել ու դիմել է փախուստի, որի ընթացքում տեսնելով իրեն մոտեցող Մանուկ Ոպանյանին` ենթադրել և վախեցել է, որ վերջինս ցանկանում է իրեն բռնել, դիտավորությամբ դանակով մեկ անգամ հարվածել է նրա կրծքավանդակին և պատճառել կրծքավանդակի աջ կեսի կտրած-ծակած թափանցող վերքի ձևով մարմնական վնասվածք, որն ուղեկցվել է ներքին կրծքային զարկերակի, աջ թոքի վնասումով, հիդրոպնևմոթորաքսով և աջից 4-րդ կողի մասնիկի վնասումով, նրա առողջությանը պատճառել ծանր վնաս, որպես կյանքին վտանգ սպառնացող(7):

_________________________

7) Տե՛ս սույն որոշման 5-րդ կետը:

 

Առաջին ատյանի դատարանը, գնահատելով կատարված հանցագործության հանրության համար վտանգավորության աստիճանը և բնույթը, հանցագործության կատարման հանգամանքները, եղանակն ու գործիքը, ամբաստանյալ Ա.Ալավերդյանի անձը բնութագրող տվյալները` գտել է, որ նրա նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու միջոցով հնարավոր չէ հասնել ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածով սահմանված պատժի նպատակներին` սոցիալական արդարության վերականգնմանը, պատժի ենթարկված անձի ուղղմանը և հանցագործությունների կանխմանը, հետևաբար` պատժի նպատակների իրացվելիությունն ապահովելու նպատակով, Առաջին ատյանի դատարանը գտել է, որ Ա.Ալավերդյանը պետք է կրի իր նկատմամբ նշանակված պատիժը(8):

_________________________

8) Տե՛ս սույն որոշման 6-րդ կետը:

 

Մինչդեռ, Վերաքննիչ դատարանը, չհամաձայնելով Առաջին ատյանի դատարանի վերոնշյալ դիրքորոշման հետ և հաշվի առնելով Ա.Ալավերդյանի կողմից կատարած հանցագործության բնույթն ու հանրության համար վտանգավորության աստիճանը, նրա անձը, ընտանեկան դրությունը, պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքները, պատիժն ու պատասխանատվությունը ծանրացնող հանգամանքների բացակայությունը, հանցագործության կատարումից հետո դրսևորած դրական վարքագիծը, տուժողի դիրքորոշումը, արձանագրել է, որ վերաքննիչ բողոքում նշված փաստարկները` ամբաստանյալի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու հիմքերի առկայության մասին, հիմնավորված են, ուստի Ա.Ալավերդյանի կողմից առանց նշանակված պատիժը ռեալ կրելու հնարավոր է հասնել արդարության վերականգնմանը, պատժի ենթարկված անձի ուղղմանը և հանցագործությունների կանխմանը(9):

_________________________

9) Տե՛ս սույն որոշման 7-րդ կետը:

 

14. Նախորդ կետում շարադրված փաստական տվյալները գնահատելով սույն որոշման 11-12-րդ կետերում վկայակոչված և արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ամբաստանյալ Ա.Ալավերդյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելիս Վերաքննիչ դատարանը պատշաճ իրավական վերլուծության չի ենթարկել ամբաստանյալի կողմից կատարված հանցավոր արարքի բնույթի և հանրային վտանգավորության աստիճանի վրա ազդող մի շարք գործոններ:

Մասնավորապես, Վերաքննիչ դատարանը պատշաճ վերլուծության և գնահատման չի ենթարկել`

- հանցավորի հոգեբանական վերաբերմունքն իր արարքի և դրա հետևանքների նկատմամբ, մասնավորապես այն, որ ամբաստանյալը գործել է ուղղակի դիտավորությամբ, գիտակցել է, որ իր գործողություններով տուժողի առողջությանը պատճառում է ծանր վնաս, նախատեսել է իր արարքի և հետևանքների միջև առկա անմիջական պատճառական կապը,

- ամբաստանյալի մոտ (նախապես վերցված) սուր կտրող-ծակող գործիքի` դանակի առկայությունը և հանրորեն վտանգավոր արարքը դանակի գործադրմամբ կատարելը,

- հասցված մարմնական վնասվածքի բնույթն ու տեղակայումը, մասնավորապես այն, որ ամբաստանյալը հարված է հասցրել տուժողի կենսական կարևոր օրգանի շրջանում` կրծքավանդակի աջ հատվածին և առողջությանը պատճառել այնպիսի ծանր մարմնական վնասվածք, որն ուղեկցվել է ներքին կրծքային զարկերակի, աջ թոքի վնասումով, հիդրոպնևմոթորաքսով և աջից 4-րդ կողի մասնիկի վնասումով, որը վտանգավոր է կյանքի համար:

15. Ընդհանրացնելով սույն որոշման նախորդ կետում կատարված վերլուծությունը` Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Վերաքննիչ դատարանն ամբաստանյալ Ա.Ալավերդյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելիս պատշաճ ուշադրություն չի դարձրել խախտված հասարակական հարաբերության բնույթին ու կարևորությանը, կատարված հանրորեն վտանգավոր արարքի և դրա հետևանքների նկատմամբ հանցավորի դրսևորած հոգեբանական վերաբերմունքին, օգտագործված գործիքին, պատճառված մարմնական վնասի բնույթին և տեղակայմանը:

Նման պայմաններում, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ամբաստանյալ Ա.Ալավերդյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի հետևությունները հիմնավորված չեն:

16. Միևնույն ժամանակ, Առաջին ատյանի դատարանը, պատշաճ կերպով վերլուծելով և գնահատման ենթարկելով գործում առկա` ամբաստանյալ Ա.Ալավերդյանի անձը բնութագրող տվյալները, պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքները, ծանրացնող հանգամանքների բացակայությունը, մեղսագրվող արարքի բնույթն ու հանրային վտանգավորության աստիճանը, վերջինիս նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը կրելու նպատակահարմարության հարցում հանգել է ճիշտ հետևության` իրավաչափորեն արձանագրելով, որ վերջինիս նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու միջոցով հնարավոր չէ հասնել ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածի 2-րդ մասով ամրագրված պատժի նպատակներին:

17. Այսպիսով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը, ամբաստանյալ Ա.Ալավերդյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելով, թույլ է տվել ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի ոչ ճիշտ կիրառում: Այսինքն` թույլ է տվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 397-րդ հոդվածով նախատեսված նյութական իրավունքի խախտում:

Մինչդեռ, սույն գործով Առաջին ատյանի դատարանը կայացրել է գործն ըստ էության ճիշտ լուծող դատական ակտ, թույլ չի տվել գործի ելքի վրա ազդեցություն ունեցող դատական սխալ, ուստի անհրաժեշտ է բեկանել Վերաքննիչ դատարանի` 2020 թվականի մարտի 3-ի որոշումը և օրինական ուժ տալ Առաջին ատյանի դատարանի` 2019 թվականի դեկտեմբերի 20-ի դատավճռին` հիմք ընդունելով սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները:

18. Վճռաբեկ դատարանը, միաժամանակ արձանագրում է, որ Ա.Ալավերդյանի նկատմամբ պատիժը պայմանականորեն չկիրառելը վերացնելու պայմաններում, Վերաքննիչ դատարանի կողմից վերջինիս նկատմամբ լրացուցիչ պարտականություն չսահմանելու վերաբերյալ բողոքաբերի` սույն որոշման 8.1-րդ կետում բարձրացված փաստարկին անդրադառնալն առարկայազուրկ է:

i

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 361.1-րդ, 403-406-րդ, 415.1-րդ, 418.1-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Ամբաստանյալ Անդրանիկ Ֆելիքսի Ալավերդյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2020 թվականի մարտի 3-ի որոշումը բեկանել և օրինական ուժ տալ Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի` 2019 թվականի դեկտեմբերի 20-ի դատավճռին` հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Հ. Ասատրյան

Դատավորներ` Ս. Ավետիսյան

Լ. Թադևոսյան

Ա. Պողոսյան

Ս. Օհանյան

 

Հրապարակվել է www.datalex.am կայքէջում` 20 հուլիսի 2021 թվական:

 

 

pin
Վճռաբեկ դատարան
20.07.2021
N ԿԴ2/0026/01/19
Որոշում