Սեղմել Esc փակելու համար:
ԱՐԴՅՈ՞Ք ԱՄԲԱՍՏԱՆՅԱԼԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՔՐԵԱԿԱՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՐԴՅՈ՞Ք ԱՄԲԱՍՏԱՆՅԱԼԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՔՐԵԱԿԱՆ ՀԵՏԱՊՆԴՈՒՄԸ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

    Հայաստանի Հանրապետության                   ՇԴ/0065/01/17

Վերաքննիչ քրեական դատարանի որոշում

Գործ թիվ ՇԴ/0065/01/17

Նախագահող դատավոր` Ա. Մնացականյան

    Դատավորներ`        Ռ. Մխիթարյան

                       Ս. Մարաբյան

 

ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` նաև Վճռաբեկ

դատարան),

 

                   նախագահությամբ`            Հ. Ասատրյանի

                   մասնակցությամբ դատավորներ` Ս. Ավետիսյանի

                                              Ե. Դանիելյանի

                                              Լ. Թադևոսյանի

                                              Ա. Պողոսյանի

                                              Ս. Օհանյանի

 

    2021 թվականի հուլիսի 9-ին                  ք. Երևանում

գրավոր ընթացակարգով քննության առնելով ամբաստանյալ Հովհաննես Գագիկի Գյադուկյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2020 թվականի մայիսի 11-ի որոշման դեմ պաշտպան Է.Թումասյանի վճռաբեկ բողոքը,

 

ՊԱՐԶԵՑ

 

Գործի դատավարական նախապատմությունը.

i

1. 2016 թվականի փետրվարի 25-ին ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 10-րդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել և վարույթ է ընդունվել թիվ 90356016 քրեական գործը:

i

Նախաքննության մարմնի` 2016 թվականի մարտի 8-ի որոշմամբ Հովհաննես Գյադուկյանը ներգրավվել է որպես մեղադրյալ և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին մասով:

2017 թվականի նոյեմբերի 20-ին ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 10-րդ կայազորային քննչական բաժնի քննիչ Վ.Մարգարյանի կողմից Հ.Գյադուկյանի վերաբերյալ կազմվել է մեղադրական եզրակացություն:

2017 թվականի նոյեմբերի 24-ին Շիրակի կայազորի զինվորական դատախազի տեղակալ Հ.Ավետիսյանի որոշմամբ, կազմված մեղադրական եզրակացությունը չի հաստատվել, և քրեական գործը վերադարձվել է քննիչին` լրացուցիչ քննություն կատարելու համար:

2017 թվականի նոյեմբերի 28-ին ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 10-րդ կայազորային քննչական բաժնի քննիչ Վ.Մարգարյանի կողմից առարկություն է ներկայացվել քրեական գործով կազմված մեղադրական եզրակացությունը չհաստատելու մասին Շիրակի կայազորի զինվորական դատախազի տեղակալ Հ.Ավետիսյանի` 2017 թվականի նոյեմբերի 24-ի որոշման դեմ:

2017 թվականի դեկտեմբերի 4-ին ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ, ՀՀ զինվորական դատախազ Վ.Հարությունյանի որոշմամբ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 10-րդ կայազորային քննչական բաժնի քննիչ Վ.Մարգարյանի առարկությունը ճանաչվել է հիմնավորված և վերացվել է քրեական գործով կազմված մեղադրական եզրակացությունը չհաստատելու մասին` Շիրակի կայազորի զինվորական դատախազի տեղակալ Հ.Ավետիսյանի` 2017 թվականի նոյեմբերի 24-ի որոշումը:

2017 թվականի դեկտեմբերի 22-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան):

i

2. Առաջին ատյանի դատարանի` 2019 թվականի հոկտեմբերի 25-ի դատավճռով Հովհաննես Գյադուկյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին մասով և նրա նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում` 1 (մեկ) տարի ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել և սահմանվել է փորձաշրջան` 2 (երկու) տարի ժամկետով: Հ.Գյադուկյանի նկատմամբ սահմանվել է լրացուցիչ պարտականություն` չփոխելու մշտական բնակության վայրը: Հ.Գյադուկյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը` չհեռանալու մասին ստորագրությունը, թողնվել է անփոփոխ` մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը:

3. Մեղադրող Է.Մանասյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ` նաև Վերաքննիչ դատարան), 2020 թվականի մայիսի 11-ի որոշմամբ բողոքը բավարարել է, Առաջին ատյանի դատարանի` 2019 թվականի հոկտեմբերի 25-ի դատավճիռը` Հ.Գյադուկյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու մասով բեկանել և փոփոխել է` վերացնելով նրա նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին մասով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելը` պատժի կրման սկիզբը հաշվելով արգելանքի վերցնելու պահից: Մնացած մասով դատավճիռը թողնվել է անփոփոխ:

4. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ պաշտպան Է.Թումասյանը վճռաբեկ բողոք է բերել, որը Վճռաբեկ դատարանի` 2020 թվականի սեպտեմբերի 15-ի որոշմամբ ընդունվել է վարույթ: Վճռաբեկ դատարանը 2021 թվականի հունիսի 29-ի որոշմամբ սահմանել է վճռաբեկ բողոքի քննության գրավոր ընթացակարգ:

Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.

5. Հովհաննես Գագիկի Գյադուկյանը ծնվել է 1991 թվականի հոկտեմբերի 8-ին(1):

_______________________

1) Տե՛ս քրեական գործ, հատոր 1-ին, թերթ 4:

 

i

6. Հ.Գյադուկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ. «(...) Նա, 2015 թվականի ձմեռային զորակոչին ներկայացել է Գյումրիի զինկոմիսարիատ և 2016 թվականի հունվարի 11-ի և 2016 թվականի հունվարի 25-ի ԿԲՀ-ի որոշումներով ճանաչվել է պիտանի զինծառայության սահմանափակումով, սակայն ծառայությունից ազատվելու ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով հիմքերի բացակայության դեպքում` խուսափել է ժամկետային զինվորական ծառայության 2015 թվականի ձմեռային զորակոչից:(...)»(2):

_______________________

2) Տե՛ս քրեական գործ, հատոր 1-ին, թերթեր 47-49:

 

i

7. 2021 թվականի մայիսի 26-ին Վճռաբեկ դատարանում ստացվել է պաշտպան Է.Թումասյանի դիմումը, որով վերջինս նշել է, որ «Ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայության հերթական զորակոչից խուսափած անձանց նկատմամբ համաներում հայտարարելու մասին» ՀՀ օրենքի դրույթների ուժով սույն քրեական գործով վարույթը ենթակա է կարճման, իսկ ամբաստանյալ Հ.Գյադուկյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին մասով իրականացվող քրեական հետապնդումը` դադարեցման: Հաշվի առնելով, որ լրացել են Հ.Գյադուկյանին քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետները և այդ հիմքով քրեական գործով վարույթը կարճելը և իր պաշտպանյալի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելը վերջինիս համար առավել բարենպաստ է, քան համաներման կիրառումը` խնդրել է քրեական գործով վարույթը կարճել և Հ.Գյադուկյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին մասով իրականացվող քրեական հետապնդումը դադարեցնել` քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով(3):

_______________________

3) Տե՛ս քրեական գործ, հատոր 3-րդ, թերթեր 194-195:

 

i

8. 2021 թվականի հունիսի 8-ին Վճռաբեկ դատարանում ստացվել է ամբաստանյալ Հ.Գյադուկյանի նույնաբովանդակ դիմումը, որով վերջինս նշել է, որ «Ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայության հերթական զորակոչից խուսափած անձանց նկատմամբ համաներում հայտարարելու մասին» ՀՀ օրենքի դրույթների ուժով սույն քրեական գործով վարույթը ենթակա է կարճման, իսկ իր նկատմամբ քրեական հետապնդումը` դադարեցման` միաժամանակ միջնորդելով, որ ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին մասով իր նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվի և քրեական գործով վարույթը կարճվի` քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցնելու հիմքով(4):

_______________________

4) Տե՛ս քրեական գործ, հատոր 3-րդ, թերթ 198:

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.

i

9. Ըստ բողոքաբերի` Վերաքննիչ դատարանը Հ.Գյադուկյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելը վերացնելով, թույլ է տվել ՀՀ քրեական օրենսգրքի 10-րդ, 48-րդ, 61-րդ, 70-րդ հոդվածների պահանջների խախտումներ:

Բողոքի հեղինակը պնդել է, որ ստորադաս դատարանը պատիժը պայմանականորեն չկիրառելը վերացնելու հիմքում դրել է բացառապես ամբաստանյալի կողմից կատարված հանցագործության հանրության համար վտանգավորության աստիճանը և բնույթը, ուշադրության չի արժանացրել վերջինիս առողջական խնդիրների առկայությունը:

Բողոք բերած անձը փաստարկել է, որ պատիժը պայմանականորեն չկիրառելու հետ կապված ՀՀ քրեական օրենսգիրքը ինչպես հանցագործությունների, այնպես էլ անձանց շրջանակի որևէ սահմանափակում չի նախատեսում, հետևաբար` միայն այն հանգամանքը, թե ինչ հանցագործության կատարման մեջ է մեղադրվում անձը, չի կարող հիմք հանդիսանալ ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի հիման վրա պատիժը պայմանականորեն չկիրառելը վերացնելու համար, ինչն էլ սույն դեպքում թույլ է տրվել ստորադաս դատարանի դատական ակտով:

Բացի այդ, բողոքաբերը նշել է, որ ամբաստանյալը Վերաքննիչ քրեական դատարանի որոշումից հետո հիվանդացել է հոգեկան հիվանդությամբ: Մասնավորապես, Հ.Գյադուկյանը 2020 թվականի մայիսի 14-ից հաշվառման մեջ է գտնվում «Գյումրու հոգեկան առողջության կենտրոն» ՓԲ ընկերությունում` «Շիզոաֆեկտիվ փսիխոզ, դեպրեսիվ տիպ, սուր փսիխոմոտոր գրգռվածություն, սուիցիդալ մտքեր» ախտորոշմամբ, ինչն էլ հավանական է դարձնում Հ.Գյադուկյանին իր գործողության (անգործության) փաստացի բնույթն ու նշանակությունը գիտակցելու կամ դա ղեկավարելու հնարավորությունից զրկված լինելը, ինչի վերաբերյալ էլ հաստատական եզրահանգման կարելի է գալ դատահոգեբուժական փորձաքննության անցկացմամբ, ուստի անհրաժեշտ է նշանակել դատահոգեբուժական փորձաքննություն` հիշյալ հանգամանքը և ամբաստանյալի մեղսունակության հարցը որոշելու համար, հետևաբար անհրաժեշտ է բեկանել ստորադաս դատարանների դատական ակտերը և գործն ուղարկել Առաջին ատյանի դատարան` նոր քննության, որի ընթացքում Առաջին ատյանի դատարանը պետք է նշանակի վերը նշված փորձաքննությունը` հիշյալ հարցերը պարզելու համար, որից հետո նոր միայն հնարավոր կլինի անդրադառնալ ամբաստանյալի նկատմամբ պատիժ նշանակելու և այն կրելու հարցերին:

10. Վերոգրյալի հիման վրա, բողոք բերած անձը խնդրել է Վերաքննիչ դատարանի` 2020 թվականի մայիսի 11-ի որոշումը բեկանել և օրինական ուժ տալ Առաջին ատյանի դատարանի` 2019 թվականի հոկտեմբերի 25-ի դատավճռին, կամ գործն ուղարկել Առաջին ատյանի դատարան` նոր քննության:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

 

11. Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով բողոքաբերի կողմից ըստ էության բարձրացվել է ամբաստանյալ Հ.Գյադուկյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի, կամ բժշկական բնույթի հարկադրանքի միջոցների կիրառելիության հարցը: Սակայն, հիմք ընդունելով ամբաստանյալի համաձայնությունն իր նկատմամբ վաղեմության ժամկետն անցնելու հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելու և քրեական գործի վարույթը կարճելու մասին, ինչպես նաև սույն քրեական գործի վարույթը և քրեական հետապնդումը բացառող` համաներման ընդունման հիմքի առերևույթ առկայության հանգամանքը, և դատական վերանայման սահմաններով կաշկանդված չլինելու հիմքերի վերաբերյալ Մխիթար Էլոյանի և այլոց վերաբերյալ գործով Վճռաբեկ դատարանի ձևավորած իրավական դիրքորոշումները(5)` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է դուրս գալ վճռաբեկ բողոքարկման սահմաններից:

_______________________

i

5) Տե՛ս Վճռաբեկ դատարանի` Մխիթար Էլոյանի և մյուսների վերաբերյալ գործով 2011 թվականի հուլիսի 13-ի թիվ ԵԿԴ/0211/01/10 որոշման 13-14-րդ կետերը:

 

11.1. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. արդյո՞ք ամբաստանյալ Հ.Գյադուկյանի նկատմամբ քրեական հետապնդումը ենթակա է դադարեցման` քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով:

i

12. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի համաձայն` «1. Քրեական գործ չի կարող հարուցվել և քրեական հետապնդում չի կարող իրականացվել, իսկ հարուցված քրեական գործի վարույթը ենթակա է կարճման, եթե`

(...)

6) անցել են վաղեմության ժամկետները, (...)

5. Դատարանը, հայտնաբերելով քրեական հետապնդումը բացառող հանգամանքներ, լուծում է ամբաստանյալի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու հարցը (...)»:

i

ՀՀ քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի համաձայն` «1. Անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե հանցանքն ավարտված համարելու օրվանից անցել են հետևյալ ժամկետները.

2) հինգ տարի` միջին ծանրության հանցանքն ավարտված համարելու օրվանից. (...)

(...) 2. Վաղեմության ժամկետը հաշվարկվում է հանցանքն ավարտված համարելու օրվանից մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելու պահը: Տևող հանցագործության դեպքում վաղեմության ժամկետը հաշվարկվում է արարքը դադարելու, իսկ շարունակվող հանցագործության դեպքում` վերջին արարքը կատարելու պահից:

2. Վաղեմության ժամկետը հաշվարկվում է հանցանքն ավարտված համարելու օրվանից մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելու պահը (...)»:

i

ՀՀ քրեական օրենսգրքի 19-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` «Միջին ծանրության հանցագործություններ են համարվում դիտավորությամբ կատարված այն արարքները, որոնց համար սույն օրենսգրքով նախատեսված առավելագույն պատիժը չի գերազանցում հինգ տարի ժամկետով ազատազրկումը, ինչպես նաև անզգուշությամբ կատարված այն արարքները, որոնց համար սույն օրենսգրքով նախատեսված առավելագույն պատիժը չի գերազանցում տասը տարի ժամկետով ազատազրկումը (...)»:

i

12. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածում թվարկված են օրենքով սահմանված այն հանգամանքները, որոնք բացառում են ինչպես քրեական հետապնդման հնարավորությունը, այնպես էլ քրեական գործի վարույթը: Այդ հանգամանքներից յուրաքանչյուրի բացահայտման դեպքում քրեական գործի վարույթը ենթակա է կարճման, իսկ քրեական հետապնդումը` դադարեցման:

i

13. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածով սահմանված հիմքերի կիրառմանը Վճռաբեկ դատարանն անդրադարձել է Արամ Սարգսյանի գործով որոշմամբ, արձանագրելով` «(...) Թեև ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածով սահմանված հիմքերն իրենց բովանդակությամբ, կիրառման իրավական հետևանքներով տարբեր են, այնուամենայնիվ, բոլորն էլ կրում են իմպերատիվ բնույթ և դրանցից գեթ մեկի առկայությունն արդեն իսկ բացառում է քրեական գործի վարույթը քրեական դատավարության ցանկացած փուլում: Այլ կերպ, եթե վարույթ իրականացնող մարմինը հայտնաբերում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասում ամրագրված հանգամանքներից որևէ մեկը, ապա գործի վարույթը ենթակա է կարճման»(6):

_______________________

i

6) Տե՛ս Վճռաբեկ դատարանի` Արամ Սարգսյանի գործով 2011 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ ԵԿԴ/0503/06/10 որոշման 20-րդ կետը:

 

14. Միևնույն ժամանակ, Վճռաբեկ դատարանը փաստել է, որ օրենսդիրը վաղեմության ժամկետն անցնելը դիտում է որպես քրեական գործի վարույթը և քրեական հետապնդումը բացառող հանգամանք` սահմանելով, որ քրեական գործ չի կարող հարուցվել և քրեական հետապնդում չի կարող իրականացվել, իսկ հարուցված քրեական գործի վարույթը ենթակա է կարճման, եթե անցել են վաղեմության ժամկետները:

Այն դեպքում, երբ անձին քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետը լրանում է գործի դատական քննության փուլում, այդ հիմքով նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու ընթացակարգի իրականացման պարտականությունը կրում է դատարանը: Ընդ որում, դատական քննությունը ենթադրում է վարույթն ինչպես առաջին ատյանի, այնպես էլ վերաքննիչ ու վճռաբեկ դատարաններում(7):

_______________________

i

7) ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի և 6-րդ մասի մանրամասն վերլուծությունը տե՛ս, mutatis mutandis, Վճռաբեկ դատարանի` Անահիտ Սաղաթելյանի գործով 2011 թվականի հոկտեմբերի 20-ի թիվ ԳԴ5/0022/01/10, Սիրաժ Ղամբարյանի և այլոց գործով 2014 թվականի մարտի 28-ի թիվ ԵՇԴ/0055/01/11, Հրանտ Մազմանյանի գործով 2015 թվականի մարտի 27-ի թիվ ԵԿԴ/0121/11/14 որոշումներում:

 

15. Վերոգրյալի հիման վրա, անդրադառնալով վաղեմության ժամկետն անցնելու հիմքով ամբաստանյալ Հ.Գյադուկյանին քրեական պատասխանատվությունից ազատելու հարցին, Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.

i

ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայության հերթական զորակոչից, վարժական հավաքից կամ զորահավաքային զորակոչից խուսափելը` այդ ծառայությունից ազատվելու` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հիմքերի բացակայության դեպքում` պատժվում է կալանքով` առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով»:

ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին մասում նկարագրված արարքը միջին ծանրության դիտավորյալ հանցագործություն է: Հետևաբար այն կատարած անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե հանցանքն ավարտված համարվելու օրվանից մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելու պահն անցել է հինգ տարի:

i

Միաժամանակ, Հայաստանի Հանրապետությունում զինապարտության վերաբերյալ հարաբերությունները կանոնակարգող` «Զինապարտության մասին» օրենքի 11-րդ հոդվածի համաձայն` «1. Պարտադիր զինվորական ծառայության են զորակոչվում 18-ից մինչև 27 տարեկան (բացառությամբ սույն օրենքի 14-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված դեպքի) արական սեռի զորակոչիկները և մինչև 35 տարեկան առաջին խմբի պահեստազորի սպաները, ովքեր առողջական վիճակի պատճառով ճանաչվել են զինծառայության համար պիտանի` խաղաղ պայմաններում: (...)»:

i

Նույն օրենքի 12-րդ հոդվածով սպառիչ ցանկով նախատեսված են այն օրենսդրական հիմքերը, որոնց ուժով անձն ազատվում է պարտադիր զինվորական ծառայությունից:

15.1 Վերը շարադրվածի հիման վրա Վճռաբեկ դատարանը փաստում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածով նախատեսված հանցագործությունը համարվում է տևող հանցագործություն և դրա կատարման տևականությունը պայմանավորվում է անձի` ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայության հերթական զորակոչից, վարժական հավաքից կամ զորահավաքային զորակոչից խուսափելով` քանի դեռ պիտանի է դրանց համար: Այսինքն` ՀՀ զինապարտության մասին օրենքի 12-րդ հոդվածի հիմքերի բացակայության դեպքում ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայության հերթական զորակոչից խուսափելու համար ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածով նախատեսված հանցագործության վաղեմության ժամկետները սկսվում են հաշվարկվել անձի 27 տարեկանը լրանալուց հետո, եթե առկա չեն ավելի վաղ ժամանակահատվածում թվարկված ծառայությունների համար ոչ պիտանի դառնալու օրենսդրական հիմքերը:

16. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ ամբաստանյալ Հ.Գյադուկյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով հիմքերի բացակայության դեպքում` խուսափել է ժամկետային զինվորական ծառայության 2015 թվականի ձմեռային զորակոչից(8), ինչն էլ հաստատված է համարվել ստորադաս դատարանների դատական ակտերում(9):

_______________________

8) Տե՛ս սույն որոշման 6-րդ կետը:

9) Տե՛ս սույն որոշման 2-րդ և 3-րդ կետերը:

 

Միևնույն ժամանակ, քրեական գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Հ.Գյադուկյանը ծնվել է 1991 թվականի հոկտեմբերի 8-ին(10), և մինչ վերջինիս 27 տարին լրանալը, նա ՀՀ օրենսդրությամբ նախատեսված որևէ հիմքով ոչ պիտանի չի համարվել ժամկետային զինվորական ծառայության անցնելու համար:

_______________________

10) Տե՛ս սույն որոշման 5-րդ կետը:

 

Այսինքն, հարկ է փաստել, որ մինչ 2018 թվականի ամառային զորակոչը ներառյալ վերջինս եղել է զինապարտ, ուստի ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածով նախատեսված հանցագործությունն ավարտվել, հետևաբար վաղեմության ժամկետի հոսքը սկսվել է 2018 թվականի ամառային զորակոչից հետո(11):

_______________________

i

11) «Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2018 թվականի ամառային զորակոչ հայտարարելու և զորացրում կատարելու մասին ՀՀ Կառավարության` 2018 թվականի մայիսի 3-ի` N 536-Ն որոշման 1-ին կետի համաձայն` հայտարարվել է 2018 թվականի մայիս-հուլիս ամիսներին շարքային կազմի պարտադիր զինվորական և այլընտրանքային ծառայությունների ամառային զորակոչը: (Տե՛ս https://www.arlis.am/documentview.aspx?docid=122436 էլեկտրոնային հասցեով):

 

i

17. Նախորդ կետում մեջբերված և վերլուծված հանգամանքները գնահատելով սույն որոշման 12-15.1-րդ կետերում շարադրված իրավական նորմերի և արտահայտված դիրքորոշումների վերլուծության լույսի ներքո` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Հ.Գյադուկյանին մեղսագրված` ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործությունն ավարտվել է 2018 թվականի հուլիսի 31-ին, երբ ավարտվել է վերջինիս մինչև 27 տարեկանը լրանալն անցկացված վերջին զորակոչը(12):

_______________________

12) Տե՛ս սույն որոշման 6-րդ կետը:

 

i

Հետևաբար, Հ.Գյադուկյանին ՀՀ քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի կանոններով քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետը կլրանա 2023 թվականի հուլիսի 31-ին, հաշվի առնելով, որ այն միջին ծանրության հանցագործություն է:

i

18. Նման պայմաններում, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Հովհաննես Գյադուկյանին ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին մասով քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետներն անցած չեն, ուստի վերջինիս և պաշտպանի միջնորդությունները` այդ հիմքով` ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին մասով ամբաստանյալի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու և քրեական գործով վարույթը կարճելու վերաբերյալ, հիմնավոր չեն:

19. Միևնույն ժամանակ հաշվի առնելով այն հանգամանքը, որ պաշտպանության կողմը պնդել է, որ ամբաստանյալի նկատմամբ կիրառելի են «Ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայության հերթական զորակոչից խուսափած անձանց նկատմամբ համաներում հայտարարելու մասին» օրենքի (այսուհետ` նաև Համաներման մասին օրենք) դրույթները, ուստի Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ տվյալ հիմքով սույն քրեական գործի վարույթը և քրեական հետապնդումը բացառող հանգամանքի առկայության հարցին:

i

20. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի համաձայն` «1. Քրեական գործ չի կարող հարուցվել և քրեական հետապնդում չի կարող իրականացվել, իսկ հարուցված քրեական գործի վարույթը ենթակա է կարճման, եթե`

(...)

13) ընդունվել է համաներման մասին օրենք:

(...)

5. Դատարանը, հայտնաբերելով քրեական հետապնդումը բացառող հանգամանքներ, լուծում է ամբաստանյալի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու հարցը:

6. Սույն հոդվածի առաջին մասի (...) 13-րդ կետում նշված հիմքով գործի վարույթի կարճում և քրեական հետապնդման դադարեցում չի թույլատրվում, եթե դրա դեմ առարկում է մեղադրյալը: Այս դեպքում գործի վարույթը շարունակվում է սովորական կարգով»:

Համաներման մասին օրենքի(13) 1-ին հոդվածի համաձայն` «1. Սույն օրենքը կարգավորում է սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ 27 տարին լրացած շարքային և 35 տարին լրացած պահեստազորի սպայական կազմերի պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից խուսափած և Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին կամ 3-րդ մասով սահմանված` ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայության հերթական զորակոչից խուսափելու հանցանք կատարելու մեջ կասկածվող, մեղադրվող կամ այդ հանցանքը կատարելու համար դատապարտված արական սեռի քաղաքացիների (այսուհետ` անձանց) նկատմամբ համաներում հայտարարելու հետ կապված հարաբերությունները (...):»:

_______________________

13) Ընդունվել է 2021 թվականի մայիսի 6-ին, մտել ուժի մեջ` 2021 թվականի մայիսի 19-ին:

 

Նույն օրենքի 2-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի համաձայն` «1. Համաներում հայտարարելով` քրեական գործի հարուցումը մերժել, հարուցված քրեական գործի վարույթը կարճել, ինչպես նաև չիրականացնել քրեական հետապնդում կամ դադարեցնել քրեական հետապնդումն այն անձանց նկատմամբ, որոնք կարող են մեղադրվել կամ մեղադրվում են Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին կամ 3-րդ մասով:

2. Սույն հոդվածի 1-ին մասը կիրառվում է Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 6-րդ մասի դրույթների պահպանմամբ:

(...)»:

Նույն օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետի համաձայն` «3) Սույն օրենքի կատարումը վերապահել`

(...)

3) Վճռաբեկ դատարանին` այն անձանց նկատմամբ, որոնց վերաբերյալ գործերով վճռաբեկ բողոքներն ընդունվել են Վճռաբեկ դատարանի վարույթ. (...)»:

21. Համաներման մասին օրենքի ընդունման` որպես քրեական հետապնդումը բացառող հանգամանքի վերաբերյալ Վճռաբեկ դատարանը Թադևոս Գևորգյանի գործով արտահայտել է հետևյալ իրավական դիրքորոշումը. «(...) Համաներման ակտի ընդունումը քրեական դատավարության ցանկացած փուլում բացառում է քրեական գործի վարույթը: Համաներման ակտի ընդունման հիմքով քրեական գործի վարույթը կարճելու` վարույթն իրականացնող մարմնի վերոնշյալ պարտականությունը, սակայն, որոշակի վերապահում ունի, մասնավորապես` համաներման ակտի ընդունման հիմքով քրեական գործի վարույթը ենթակա է կարճման այն դեպքում, երբ մեղադրյալը դրա դեմ չի առարկում:

Հիմք ընդունելով վերոշարադրյալը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, (...) որ համաներման ակտի ընդունման հիմքով քրեական գործ չհարուցելու, քրեական հետապնդում չիրականացնելու և հարուցված քրեական գործը կարճելու` վարույթն իրականացնող մարմնի լիազորության իրականացման համար անհրաժեշտ իմպերատիվ պահանջ է հանդիսանում անձի համաձայնությունը: Համաներման ակտի կիրառման հիմքով քրեական գործի վարույթը կարճելու դեպքում անձի համաձայնությունը հանդիսանում է վերջինիս իրավունքների և օրինական շահերի պաշտպանության լրացուցիչ երաշխիք և կապված է բացառապես իր նկատմամբ համաներման ակտ կիրառելու կամ չկիրառելու վերաբերյալ անձի ցանկության հետ: Հետևաբար, համաներման ակտի ընդունման հիմքով քրեական գործի վարույթը կարճելու` վարույթն իրականացնող մարմնի պարտականությունն ենթադրում է, որ վերջինս յուրաքանչյուր դեպքում պարտավոր է քննարկման առարկա դարձնել համաներման ակտի կիրառման հարցը, սակայն բոլոր այն դեպքերում, երբ ամբաստանյալը համաձայն չէ համաներման ակտի կիրառման հետ, պարտավոր է բացառել դրա կիրառումը:

Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ իր նկատմամբ համաներման ակտի կիրառման դեպքում անձի համաձայնությունը վերաբերում է բացառապես նշված ակտի կիրառմանը, և դրա բացակայության դեպքում գործի վարույթը շարունակվում է ընդհանուր կանոններով` հնարավորություն տալով անձին հասնելու ամբողջական «ռեաբիլիտացիայի»: Հետևաբար, Համաներման ակտի կիրառմամբ քրեական գործի վարույթի կարճման հնարավորության դեպքում որևէ այլ, այդ թվում` անձի կողմից հանցանք կատարելն ընդունելու կամ չընդունելու հիմքով համաներման ակտի չկիրառումը հանդիսանում է անձի իրավունքների խախտում (...)»(14):

_______________________

14) Տե՛ս Վճռաբեկ դատարանի` Թադևոս Գևորգյանի գործով 2012 թվականի օգոստոսի 24-ի թիվ ԼԴ/0203/01/11 որոշման 16-18-րդ կետերը:

 

21.1. Վերահաստատելով նախորդ կետում մեջբերված իրավական դիրքորոշումները` Վճռաբեկ դատարանը փաստել է, որ այն դեպքում, երբ համաներման մասին օրենքն ընդունվում է գործը դատական քննության փուլում գտնվելու ժամանակահատվածում, այդ հիմքով անձի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու հարցը լուծելու պարտականությունը կրում է դատարանը: Ընդ որում, դատական քննությունը ենթադրում է վարույթն ինչպես առաջին ատյանի, այնպես էլ վերաքննիչ ու վճռաբեկ դատարաններում: Մասնավորապես, այն դեպքում, երբ ամբաստանյալը համաձայն է, որ իր նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվի համաներման մասին օրենքի ընդունման հիմքով, և առկա են նաև այդ հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելու համար անհրաժեշտ օրենքով նախատեսված վավերապայմանները, ապա դատարանը, կաշկանդված չլինելով բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններով, պարտավոր է անձի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել(15):

_______________________

15) Տե՛ս Վճռաբեկ դատարանի` Արտակ Գևորգյանի գործով 2018 թվականի դեկտեմբերի 24-ի թիվ ԱՎԴ/0065/01/17 որոշման 12.1-րդ կետերը:

 

22. Սույն որոշման 16-րդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 20-21.1-րդ կետերում վկայակոչված իրավադրույթների և արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանը փաստում է, որ`

ա) Համաներման մասին օրենքն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ ամբաստանյալ Հ.Գյադուկյանի 27 տարին եղել է լրացած(16),

_______________________

16) Տե՛ս սույն որոշման 6-րդ կետը:

 

բ) ամբաստանյալ Հ.Գյադուկյանին մեղսագրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործություն(17),

_______________________

17) Տե՛ս սույն որոշման 7-րդ կետը:

 

գ) ամբաստանյալ Հ.Գյադուկյանն ու պաշտպան Է.Թումասյանը նշել են, որ ամբաստանյալի նկատմամբ կիրառելի է Համաներման մասին օրենքը(18),

_______________________

18) Տե՛ս սույն որոշման 5-րդ և 13-րդ կետերը:

 

դ) բացակայում են Համաներման մասին օրենքը Հ.Գյադուկյանի նկատմամբ կիրառելու սահմանափակումները:

Այսինքն` վերը նշված հանգամանքների համակցությունից հետևում է, որ Հ.Գյադուկյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործություն կատարելու մեջ, Համաներման մասին օրենքն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ ամբաստանյալ Հ.Գյադուկյանի 27 տարին եղել է լրացած, ինչպես նաև վերջինս նշել է, որ իր նկատմամբ կիրառելի են Համաներման մասին օրենքի դրույթները:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ առկա են ամբաստանյալ Հ.Գյադուկյանի նկատմամբ Համաներման մասին օրենքի կիրառման անհրաժեշտ վավերապայմանները: Վճռաբեկ դատարանն արձանագրում է նաև, որ քրեական գործի նյութերում բացակայում է Համաներման մասին օրենքն ամբաստանյալ Հ.Գյադուկյանի նկատմամբ կիրառելուն խոչընդոտող որևէ հանգամանք:

Հետևաբար Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ Համաներման մասին օրենքն ամբաստանյալ Հ.Գյադուկյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդումը բացառող հանգամանք է:

23. Ամփոփելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ամբաստանյալ Հ.Գյադուկյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդումը ենթակա է դադարեցման, իսկ գործի վարույթը` կարճման` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 13-րդ կետի հիման վրա, այն է` Համաներման մասին օրենքի ընդունման հիմքով:

24. Վերոշարադրյալը Վճռաբեկ դատարանին հիմք է տալիս ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի հիման վրա բեկանելու Առաջին ատյանի դատարանի` 2019 թվականի հոկտեմբերի 25-ի և Վերաքննիչ դատարանի` 2020 թվականի մայիսի 11-ի դատական ակտերը, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 13-րդ կետի ուժով ամբաստանյալ Հ.Գյադուկյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդումը դադարեցնելու և գործի վարույթը կարճելու:

Վճռաբեկ դատարանը գտնում է նաև, որ ամբաստանյալ Հ.Գյադուկյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված չհեռանալու մասին ստորագրությունը ենթակա է վերացման:

25. Նշված պայմաններում Վճռաբեկ դատարանը չի անդրադառնում բողոքաբերի` սույն որոշման 9-րդ կետում բարձրացված փաստարկներին:

i

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 35-րդ, 39-րդ, 43-րդ, 361.1-րդ, 403-406-րդ, 415.1-րդ, 418.1-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Ամբաստանյալ Հովհաննես Գագիկի Գյադուկյանի վերաբերյալ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի` 2019 թվականի հոկտեմբերի 25-ի դատավճիռը և ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2020 թվականի մայիսի 11-ի որոշումը բեկանել:

i

2. «Ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայության հերթական զորակոչից խուսափած անձանց նկատմամբ համաներում հայտարարելու մասին» 2021 թվականի մայիսի 6-ի ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի հիման վրա Հովհաննես Գագիկի Գյադուկյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդումը դադարեցնել և քրեական գործի վարույթը կարճել:

3. Հովհաննես Գագիկի Գյադուկյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված չհեռանալու մասին ստորագրությունը վերացնել:

4. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Հ. Ասատրյան

Դատավորներ` Ս. Ավետիսյան

Ե. Դանիելյան

Լ. Թադևոսյան

Ա. Պողոսյան

Ս. Օհանյան

 

Հրապարակվել է www.datalex.am կայքէջում` 9 հուլիսի 2021 թվական:

 

 

pin
Վճռաբեկ դատարան
09.07.2021
N ՇԴ/0065/01/17
Որոշում