Սեղմել Esc փակելու համար:
ՕՐԻՆԱԿԱՆ ԵՎ ՀԻՄՆԱՎՈՐՎԱ՞Ծ ԵՆ ԱՐԴՅՈՔ ՎԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՕՐԻՆԱԿԱՆ ԵՎ ՀԻՄՆԱՎՈՐՎԱ՞Ծ ԵՆ ԱՐԴՅՈՔ ՎԵՐԱՔՆՆԻՉ ԴԱՏԱՐ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՏԴ/0069/01/19

 

ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` նաև Վճռաբեկ

դատարան),

 

                   նախագահությամբ`            Հ. Ասատրյանի

                   մասնակցությամբ դատավորներ` Ս. Ավետիսյանի

                                              Ե. Դանիելյանի

                                              Լ. Թադևոսյանի

                                              Ա. Պողոսյանի

                                              Ս. Օհանյանի

 

    2021 թվականի հուլիսի 9-ին                  ք. Երևանում

գրավոր ընթացակարգով քննության առնելով ամբաստանյալ Անտոն Արարատի Օթարյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2020 թվականի հունվարի 8-ի և նույն թվականի հունիսի 1-ի որոշումների դեմ փաստաբան Ա.Զաքարյանի վճռաբեկ բողոքները,

 

ՊԱՐԶԵՑ

 

Գործի դատավարական նախապատմությունը.

i

1. ՀՀ Լոռու կայազորի զինվորական դատախազության դատախազ Վ.Եզեկյանի` 2019 թվականի մայիսի 16-ի որոշմամբ հարուցվել է թիվ 90405519 քրեական գործը` ՀՀ քրեական օրենսգրքի 360-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:

Նախաքննության մարմնի` 2019 թվականի հունիսի 25-ի որոշմամբ Անտոն Օթարյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 360-րդ հոդվածի 2-րդ մասով:

2019 թվականի հունիսի 28-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան):

2. Առաջին ատյանի դատարանի` 2019 թվականի նոյեմբերի 11-ի դատավճռով Ա.Օթարյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 360-րդ հոդվածի 2-րդ մասով և նրա նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում` 3 (երեք) ամիս ժամկետով:

3. Վերոնշյալ դատավճռի դեմ փաստաբան Ա.Զաքարյանը բերել է վերաքննիչ բողոք, որը ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ` նաև Վերաքննիչ դատարան)` 2020 թվականի հունվարի 8-ի որոշմամբ թողնվել է առանց քննության` վերաքննիչ բողոք բերելու իրավունք չունեցող անձի կողմից ներկայացված լինելու պատճառաբանությամբ:

4. 2020 թվականի ապրիլի 13-ին փոստային ծառայությանը հանձնելու միջոցով նույն դատավճռի դեմ վերաքննիչ բողոք է բերել նաև ամբաստանյալ Ա.Օթարյանը` միաժամանակ միջնորդելով հարգելի ճանաչել վերաքննիչ բողոք բերելու բաց թողնված ժամկետը` կից ներկայացնելով Առաջին ատյանի դատարան ներկայացված` վերաքննիչ բողոք բերելու ժամկետը հարգելի համարելու և այն վերականգնելու մասին միջնորդության օրինակը: Վերաքննիչ դատարանի` 2020 թվականի հունիսի 1-ի որոշմամբ Ա.Օթարյանի միջնորդությունը մերժվել է, իսկ վերաքննիչ բողոքը` թողնվել առանց քննության` ժամկետանց լինելու պատճառաբանությամբ:

5. Վերաքննիչ դատարանի` 2020 թվականի հունվարի 8-ի և նույն թվականի հունիսի 1-ի որոշումների դեմ փաստաբան Ա.Զաքարյանը բերել է վճռաբեկ բողոքներ, որոնք Վճռաբեկ դատարանի` համապատասխանաբար 2020 թվականի մայիսի 18-ի և նույն թվականի հոկտեմբերի 5-ի որոշումներով վարույթ են ընդունվել: Միևնույն ժամանակ նկատի ունենալով, որ այդ երկու գործերը վերաբերում են նույն անձին և նույն հանգամանքներին, դատական գործերը 2021 թվականի հունիսի 21-ին միացվել են մեկ վարույթում` թիվ ՏԴ/0069/01/19 համարի տակ:

Վճռաբեկ դատարանի` 2021 թվականի հունիսի 28-ի որոշմամբ սահմանվել է վճռաբեկ բողոքների քննության գրավոր ընթացակարգ:

Վճռաբեկ բողոքների կապակցությամբ դատավարության մասնակիցների կողմից պատասխաններ չեն ներկայացվել:

 

Վճռաբեկ բողոքների քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

6. Առաջին ատյանի դատարանի` 2019 թվականի նոյեմբերի 11-ի դատավճռի դեմ փաստաբան Ա.Զաքարյանի վերաքննիչ բողոքը Վերաքննիչ դատարանի` 2020 թվականի հունվարի 8-ի որոշմամբ թողնվել է առանց քննության` արձանագրելով հետևյալը. «(...) Քրեական գործի նյութերի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ Առաջին ատյանի դատարանում ամբաստանյալ Անտոն Արարատի Օթարյանը չի ունեցել պաշտպան:

Սույն քրեական գործով Դատավճռի դեմ վերաքննիչ բողոք է բերել Արա Զաքարյանը` որպես ամբաստանյալ Անտոն Արարատի Օթարյանի պաշտպան, մինչդեռ քրեական գործի նյութերում, ինչպես նաև վերաքննիչ բողոքին կից առկա չեն Արա Զաքարյանի` որպես ամբաստանյալ Անտոն Արարատի Օթարյանի պաշտպանի իրավավիճակը հաստատող փաստաթղթեր, այդ թվում` որպես պաշտպան հանդես գալու` ամբաստանյալ Անտոն Արարատի Օթարյանի ստորագրությամբ վավերացված փաստաթղթային հաստատումը:

Վերոգրյալի հիման վրա Վերաքննիչ դատարանը գալիս է այն եզրահանգման, որ Արա Զաքարյանն իրավունք չի ունեցել վերաքննիչ բողոք բերել Դատավճռի դեմ, որպիսի պայմաններում նրա կողմից բերված վերաքննիչ բողոքը պետք է թողնել առանց քննության: (...)»1:

_________________________

1) Տե՛ս քրեական գործ, հատոր 2-րդ, թերթեր 109-111:

 

7. Ամբաստանյալ Ա.Օթարյանի կողմից Առաջին ատյանի դատարանի` 2019 թվականի նոյեմբերի 11-ի դատավճռի դեմ վերաքննիչ բողոք բերելու բաց թողնված ժամկետը հարգելի համարելու վերաբերյալ միջնորդությունը նույն դատարանի` 2020 թվականի ապրիլի 23-ի որոշմամբ բավարարվել է(2):

_________________________

2) Տե՛ս քրեական գործ, հատոր 4-րդ, թերթեր 60-63:

 

8. Առաջին ատյանի դատարանի` 2019 թվականի նոյեմբերի 11-ի դատավճռի դեմ ամբաստանյալ Ա.Օթարյանի վերաքննիչ բողոքն առանց քննության թողնելու մասին Վերաքննիչ դատարանի` 2020 թվականի հունիսի 1-ի որոշման համաձայն` «(...) Այն դեպքում, երբ բողոքաբերի կողմից հստակ փաստարկված ու հիմնավորված է, որ դատական ակտն օրենքով սահմանված ժամկետում իրեն հասանելի չի դարձել դատարանի թերացման արդյունքում, ապա դատական ակտը հասանելի դառնալուն հաջորդող օրվանից մինչև այդ դատական ակտի բողոքարկման համար օրենքով սահմանված ժամկետի ավարտը ներառող ժամանակահատվածում բողոքարկման բաց թողնված ժամկետն իրավունքի ուժով (ex jսre) պետք է համարվի հարգելի` առանց միջնորդության ձևական պահանջի ու դրա հայեցողական քննարկման: Իսկ այն դեպքում, երբ բաց թողնված ժամկետը գերազանցում է դատական ակտն իրավասու սուբյեկտին հասանելի դառնալուց հետո այդ դատական ակտի բողոքարկման համար օրենքով սահմանված առավելագույն ժամկետը, ապա տվյալ դատական ակտը վերաքննության կարգով բողոքարկելու համար օրենքով սահմանված ժամկետը վերաքննիչ դատարանը կարող է վերականգնել միայն այն կայացրած ստորադաս դատարանի` բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին իրավասու սուբյեկտի միջնորդությունը մերժելու որոշման դեմ բերված բողոքի քննության արդյունքում:

i

Տվյալ դեպքում, ամբաստանյալ Անտոն Օթարյանի վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի` 2019 թվականի նոյեմբերի 11-ի թիվ ՏԴ/0069/01/19 դատավճիռը գործն ըստ էության լուծող դատական ակտ է, որը վերաքննության կարգով բողոքարկելու համար օրենքով սահմանված է մեկամսյա ժամկետ: Նշված դատական ակտը հրապարակվել է 2019 թվականի նոյեմբերի 11-ին, այն ամբաստանյալ Անտոն Արարատի Օթարյանի հասանելի է դարձել 2019 թվականի նոյեմբերի 21-ին, մինչդեռ վերաքննիչ բողոքը բերվել է (բողոքը փոստային ծառայությանն է հանձնվել) 2020 թվականի ապրիլի 14-ին: Ընդ որում, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 173-րդ հոդվածի դրույթներով սահմանված կարգով համապատասխան հաշվարկի սկիզբը դատական ակտը բողոքաբերին հասանելի դառնալուն հաջորդող օրվանից կատարելու պարագայում ևս օրենքով սահմանված մեկամսյա ժամկետը ամբաստանյալի համար դեռևս 2019 թվականի դեկտեմբերի 22-ի դրությամբ եղել է ավարտված, ուստի վերաքննիչ բողոքը բերվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված ժամկետի խախտմամբ:

i

Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ ամբաստանյալ Անտոն Արարատի Օթարյանի վերաքննիչ բողոք բերելու ժամկետը հարգելի համարելու և այն վերականգնելու մասին միջնորդությունը ստորագրված չէ, ինչը թեև ֆորմալ առումով հանդիսանում է վերաքննիչ բողոքը վերադարձնելու հիմք, սակայն այդ ձևական սխալի շտկումը ևս առարկայազուրկ է, քանի որ սույն որոշման 4-րդ կետում արձանագրված պատճառաբանությունն ինքնին հիմք չի հանդիսանում դատական ակտի բողոքարկման բաց թողնված ժամկետն իրավունքի ուժով (ex jure) վերականգնելու համար: Միևնույն ժամանակ, գործի նյութերի ուսումնասիրությունից հետևում է, որ բողոքի հեղինակը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 380-րդ հոդվածով նախատեսված միջնորդությամբ չի դիմել դատական ակտը կայացրած դատարան` բողոքարկման բաց թողնված ժամկետը վերականգնելու համար, և առկա չէ բողոքարկման բաց թողնված ժամկետը վերականգնելու կամ վերականգնումը մերժելու մասին որոշում, որի վերաքննության կարգով բողոքարկումը կարող էր հանգեցնել բաց թողնված ժամկետը վերականգնելուն: (...)»(3):

_________________________

3) Տե՛ս դատական գործ, հատոր 3-րդ, թերթեր 18-22:

 

Վճռաբեկ բողոքների հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքները քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.

i

9. Վճռաբեկ բողոքների հեղինակի պնդմամբ Վերաքննիչ դատարանի որոշումները հակասում են «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` նաև Եվրոպական կոնվենցիա) 6-րդ, ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածների պահանջներին:

i

Ի հիմնավորումն իր վերոշարադրյալ պնդումների` բողոքաբերը վկայակոչել է ՀՀ Սահմանադրական դատարանի` 2007 թվականի ապրիլի 9-ի թիվ ՍԴՈ-690, 2011 թվականի փետրվարի 8-ի թիվ ՍԴՈ-936, 2015 թվականի մարտի 3-ի թիվ ՍԴՈ-1192 և 2016 թվականի մարտի 10-ի թիվ ՍԴՈ-1257, ինչպես նաև Վճռաբեկ դատարանի` Էդգար Գրիգորյանի գործով 2018 թվականի հունվարի 12-ի թիվ ԵԿԴ/0026/01/17 որոշումները և եզրահանգել, որ Վերաքննիչ դատարանը, կայացնելով բողոքն առանց քննության թողնելու մասին որոշում, խախտել է իր և ամբաստանյալ Ա.Օթարյանի` դատարանի մատչելիության իրավունքը:

Բողոքներ բերած անձը փաստել է, որ ամբաստանյալ Ա.Օթարյանի պաշտպանը հանդիսանալու վերաբերյալ օրենքով նախատեսված փաստաթղթերը չներկայացնելու հիմքով բողոքն առանց քննության թողնելով, ստորադաս դատարանը թույլ է տվել դատավարական իրավունքի խախտում, քանզի դրանով անհամաչափորեն զրկել է Ա.Օթարյանին իր ընտրած պաշտպանի միջոցով իր վերաբերյալ դատավճիռը վերադաս դատական ատյանի կողմից վերանայելու իրավունքից, ինչն իր հերթին հանգեցրել է վերջինիս` արդար դատաքննության իրավունքի խախտման, ուստի, Վերաքննիչ դատարանի կողմից գործադրված միջոցի և հետապնդված նպատակի միջև համաչափության ողջամիտ հարաբերակցություն, սույն դեպքում, առկա չէ:

Բողոքների հեղինակը նշել է նաև, որ ստորադաս դատարանը ժամկետանց լինելու հիմքով ամբաստանյալի վերաքննիչ բողոքն առանց քննության թողնելով` իր տրամադրության տակ չունենալով Առաջին ատյանի դատարանում Ա.Օթարյանի կողմից նույն դատարանի` 2019 թվականի նոյեմբերի 11-ի դատավճռի դեմ վերաքննիչ բողոք բերելու բաց թողնված ժամկետը հարգելի համարելու վերաբերյալ միջնորդության կապակցությամբ նախապատրաստված նյութերը, այդ կերպ թույլ է տվել դատավարական իրավունքի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը:

Բացի այդ, բողոքաբերն ընդգծել է, որ ՀՀ օրենսդրությունը չի նախատեսում որևէ նորմ, որը դատավարության մասնակցին, Առաջին ատյանի դատարանին պարտավորեցնի ժամկետի բացթողումը հարգելի համարելու և այն վերականգնելու միջնորդության վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի կայացված որոշումը Վերաքննիչ դատարանին ուղարկելու պարտավորություն, ինչպես նաև առկա չէ որևէ նորմ, որն ուղղակիորեն պարտավորեցնի վերաքննիչ դատարանին Առաջին ատյանի դատարանից պահանջելու համապատասխան որոշում ու նյութեր, ուստի տվյալ հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի հայտնած իրավական դիրքորոշումը կնպաստի իրավունքի զարգացմանը:

10. Վերոգրյալի հիման վրա, բողոքներ բերած անձը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի` 2020 թվականի հունվարի 8-ի և նույն թվականի հունիսի 1-ի որոշումները` գործն ուղարկելով նույն դատարան` նոր քննության:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

 

11. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. օրինական և հիմնավորվա՞ծ են արդյոք Վերաքննիչ դատարանի` փաստաբան Ա.Զաքարյանի վերաքննիչ բողոքն առանց քննության թողնելու վերաբերյալ` 2020 թվականի հունվարի 8-ի և ամբաստանյալ Ա.Օթարյանի վերաքննիչ բողոքն առանց քննության թողնելու վերաբերյալ նույն թվականի հունիսի 1-ի որոշումները:

i

12. ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք»:

i

ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք»:

i

ՀՀ Սահմանադրության 69-րդ հոդվածի համաձայն` «Հանցանք կատարելու համար դատապարտված յուրաքանչյուր ոք ունի իր նկատմամբ կայացված դատավճռի` օրենքով սահմանված հիմքերով և կարգով վերադաս դատական ատյանի կողմից վերանայման իրավունք»:

i

ՀՀ Սահմանադրության 78-րդ հոդվածի համաձայն` «Հիմնական իրավունքների և ազատությունների սահմանափակման համար ընտրված միջոցները պետք է պիտանի և անհրաժեշտ լինեն Սահմանադրությամբ սահմանված նպատակին հասնելու համար: Սահմանափակման համար ընտրված միջոցները պետք է համարժեք լինեն սահմանափակվող հիմնական իրավունքի և ազատության նշանակությանը»:

i

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 17-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Յուրաքանչյուր ոք ունի արդարության բոլոր պահանջների պահպանմամբ, անկախ և անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում իր շահերին առնչվող քրեական գործի քննության իրավունք»:

i

Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 8-րդ հոդվածի համաձայն` «Յուրաքանչյուր ոք իրավունք ունի սահմանադրությամբ կամ օրենքով իրեն տրված հիմնական իրավունքները ոտնահարելու դեպքում իրավասու ազգային դատարանների միջոցով արդյունավետ վերականգնելու այդ իրավունքները»:

i

Եվրոպական կոնվենցիայի 13-րդ հոդվածի համաձայն` «Յուրաքանչյուր ոք, ում` սույն Կոնվենցիայով ամրագրված իրավունքներն ու ազատությունները խախտվում են, ունի պետական մարմինների առջև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունք, նույնիսկ եթե խախտումը կատարել են ի պաշտոնե գործող անձինք»:

i

Նույն կոնվենցիային կից թիվ 7 արձանագրության 2-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Քրեական հանցագործություն կատարելու համար դատարանի կողմից դատապարտված յուրաքանչյուր ոք իրավունք ունի, որ իր դատապարտումը կամ դատավճիռը վերանայվի վերադաս դատական ատյանի կողմից (...)»:

13. Մարդու իրավունքների եվրոպական դատարանն անձի արդար դատաքննության հիմնարար իրավունքի բաղադրատարր հանդիսացող դատարանի մատչելիության իրավունքի կապակցությամբ արտահայտել է հետևյալ իրավական դիրքորոշումները`

- «Դատարանի իրավունքը» և մատչելիության իրավունքը բացարձակ չեն: Դրանք կարող են ենթարկվել սահմանափակումների, սակայն դրանով չպետք է սահմանափակվի կամ նվազեցվի անհատին տրամադրված մատչելիության իրավունքն այնպես կամ այն չափով, որ խախտվի այդ իրավունքի բուն էությունը(4),

_________________________

4) Տե՛ս, mutatis mutandis, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` Philis v. Greece գործով 1991 թվականի օգոստոսի 27-ի վճիռը, գանգատներ թիվ 12750/87, 13780/88, 14003/88, կետ 59, De Geouffre de la Pradelle v. France գործով 1992 թվականի դեկտեմբերի 16-ի վճիռը, գանգատ թիվ 12964/87, կետ 28, Stanev v. Bulgaria գործով 2012 թվականի հունվարի 17-ի վճիռը, գանգատ թիվ 36760/06, կետ 229:

 

i

- դատարան դիմելու իրավունքը բացարձակ չէ և կարող է որոշակի սահմանափակումների ենթարկվել. դրանք թույլատրված են այն կանխադրույթի հիման վրա, որ դատարան դիմելու իրավունքն իր բնույթով պահանջում է պետության կողմից սահմանված կարգավորման առկայություն: Այս առումով պետություններն ունեն հայեցողության որոշակի սահման, թեև Կոնվենցիայի պահանջների պահպանման կապակցությամբ վերջնական որոշումը կայացնում է Եվրոպական դատարանը: Անհրաժեշտ է հիմնավորել, որ կիրառված սահմանափակումները դատարան դիմելու` անձի իրավունքն այն աստիճան չեն սահմանափակում կամ նվազեցնում, որ դրա արդյունքում խաթարվի իրավունքի բուն էությունը: Բացի դրանից, սահմանափակումը չի համապատասխանի Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասին, եթե այն օրինական նպատակ չհետապնդի, և առկա չլինի համաչափության ողջամիտ հարաբերակցություն գործադրված միջոցի և հետապնդված նպատակի միջև(5):

_________________________

5) Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` Hirschhorn v. Romania գործով 2007 թվականի հուլիսի 26-ի վճիռը, գանգատ թիվ 29294/02, կետ 50:

 

- կիրառվող սահմանափակումները չպետք է սահմանափակեն կամ նվազեցնեն անհատին տրամադրված մատչելիության իրավունքն այնպես կամ այն չափով, որ խախտվի այդ իրավունքի բուն էությունը: Ավելին, որևէ սահմանափակում համատեղելի չի լինի 6-րդ հոդվածի 1-ին կետի հետ, եթե այն չի հետապնդում «իրավաչափ նպատակ», և եթե «գործադրվող միջոցների ու հետապնդվող նպատակի միջև չկա համաչափության ողջամիտ հարաբերակցություն»(6),

_________________________

6) Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` Ashindane v. the United Kingdom գործով 1985 թվականի մայիսի 28-ի վճիռը, գանգատ թիվ 8225/78, կետ 57, Fayed v. the United Kingdom գործով 1990 թվականի սեպտեմբերի 21-ի վճիռը, գանգատ թիվ 17101/90, կետ 65, Markovic and Others v. Italy գործով 2006 թվականի դեկտեմբերի 14-ի վճիռը, գանգատ թիվ 1398/03, կետ 99:

 

14. Դատական պաշտպանության արդյունավետ միջոցների և դատարանի մատչելիության սահմանադրական իրավունքի վերաբերյալ ՀՀ Սահմանադրական դատարանը ձևավորել է հետևյալ իրավական դիրքորոշումները`

- դատարան դիմելիս անձը չպետք է ծանրաբեռնվի ավելորդ ձևական պահանջներով,

- անձի հիմնական իրավունքներն ու ազատությունները` որպես բարձրագույն արժեք, դատարանների կողմից ենթակա են անվերապահ պաշտպանության` կոնկրետ գործի ինչպես ըստ էության քննության, այնպես էլ հնարավոր հետագա վերաքննության շրջանակներում,

- դատական բողոքարկումը` որպես դատական պաշտպանության եղանակ, պետք է արդյունավետ միջոց ծառայի` վերականգնելու անձի խախտված իրավունքներն ու ազատությունները` պահպանելով արդարադատության իրականացման սահմանադրական սկզբունքները,

- դատական բողոքարկման ինստիտուտը, առանց բացառության, պետք է միջոց հանդիսանա հավասարության պայմաններում, օբյեկտիվ, բազմակողմանի, արդար և հրապարակային դատաքննության արդյունքում, ողջամիտ ժամկետներում բացահայտելու և շտկելու դատական բոլոր այն սխալները, որոնք թույլ են տրվել ինչպես նյութական, այնպես էլ դատավարական իրավունքի նորմերի խախտման արդյունքում, հետևաբար հանգեցրել են դատական գործի սխալ լուծմանը,

- դատավարական որևէ առանձնահատկություն կամ ընթացակարգ չի կարող խոչընդոտել կամ կանխել դատարան դիմելու իրավունքի արդյունավետ իրացման հնարավորությունը, իմաստազրկել ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված դատական պաշտպանության իրավունքը կամ դրա իրացման արգելք հանդիսանալ,

- ընթացակարգային որևէ առանձնահատկություն չի կարող մեկնաբանվել որպես ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված` դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակման հիմնավորում,

- դատարանի (արդարադատության) մատչելիությունը կարող է ունենալ որոշակի սահմանափակումներ, որոնք չպետք է խաթարեն այդ իրավունքի բուն էությունը,

- նախապայմանների խստացումը չպետք է տեղի ունենա անհամաչափ` անձանց համար ստեղծելով իրավունքների պաշտպանության խոչընդոտներ: Բացի դրանից, վերաքննիչ կամ վճռաբեկ բողոքները վարույթ ընդունելու հարցում դատարանները պետք է ունենան ոչ թե հայեցողական անսահմանափակ ազատություն, այլ` օրենսդրորեն նախատեսված, հստակ, և անձանց համար միակերպ ընկալելի հիմքերով, բողոքը վարույթ ընդունելու կամ մերժելու իրավունք և պարտականություն(7):

_________________________

7) Տե՛ս, mutatis mutandis, ՀՀ Սահմանադրական դատարանի` 2007 թվականի ապրիլի 9-ի թիվ ՍԴՈ-690, 2011 թվականի փետրվարի 8-ի թիվ ՍԴՈ-936, 2015 թվականի մարտի 3-ի թիվ ՍԴՈ-1192 և 2016 թվականի մարտի 10-ի թիվ ՍԴՈ-1257 որոշումները:

 

15. Վերոգրյալի համատեքստում Վճռաբեկ դատարանն արձանագրել է.

- դատարանի մատչելիության իրավունքը պետք է լինի իրական և ոչ թե պատրանքային, ինչը ենթադրում է, որ անձն իր իրավունքների ու ազատությունների խախտման յուրաքանչյուր դեպքում` ողջամիտ սահմանափակումների պայմաններում, պետք է դատարան դիմելու, իր խախտված իրավունքները և ազատությունները վերականգնելու իրական հնարավորություն ունենա: Դատական պաշտպանության իրավունքի իրացման հնարավոր սահմանափակումները չպետք է ձևական բնույթ կրեն, որպեսզի շահագրգիռ անձը հավասար պայմաններում, արդարության բոլոր պահանջների պահպանմամբ, անկախ և անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում իր գործի հրապարակային քննության իրավունքի իրացման հնարավորություն ունենա: Հակառակ դեպքում կխախտվեն անձի` դատարանի մատչելիության և արդար դատաքննության իրավունքները(8),

_________________________

i

8) Տե՛ս Վճռաբեկ դատարանի` Արթուր Այվազյանի գործով 2013 թվականի սեպտեմբերի 13-ի թիվ ՇԴ2/0007/15/12 որոշման 16-րդ կետը:

 

- անձի` դատարանի մատչելիության և դատական պաշտպանության կարևորագույն իրավունքների սահմանափակման համար ընտրված միջոցը պետք է իրավաչափ նպատակ հետապնդի և չպետք է անհամարժեք լինի նշված իրավունքի բուն էությանն ու նշանակությանը: Այլ կերպ` դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակման յուրաքանչյուր դեպքում պետք է պահպանել կիրառվող միջոցի և հետապնդվող նպատակի միջև արդարացի հավասարակշռություն` բացառելով անհամաչափ խիստ միջոցներով հետապնդվող նպատակին հասնելու հնարավորությունը(9):

_________________________

i

9) Տե՛ս Վճռաբեկ դատարանի` Էդգար Գրիգորյանի գործով 2018 թվականի հունվարի 12-ի թիվ ԵԿԴ/0026/01/17 որոշման 16-րդ կետը:

 

16. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ

i

- Առաջին ատյանի դատարանի` 2019 թվականի նոյեմբերի 11-ի դատավճռով Ա.Օթարյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 360-րդ հոդվածի 2-րդ մասով և նրա նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում` 3 (երեք) ամիս ժամկետով(10):

_________________________

10) Տե՛ս սույն որոշման 2-րդ կետը:

 

- Վերաքննիչ դատարանը 2020 թվականի հունվարի 8-ի որոշմամբ փաստաբան Ա.Զաքարյանի վերաքննիչ բողոքը թողել է առանց քննության` նշելով, որ բողոք է բերել այն անձը, ով չուներ այդ իրավունքը, քանի որ քրեական գործում, ինչպես նաև վերաքննիչ բողոքին կից նյութերում առկա չեն Արա Զաքարյանի` որպես ամբաստանյալ Անտոն Օթարյանի պաշտպանի կարգավիճակը հաստատող փաստաթղթեր, այդ թվում` որպես պաշտպան հանդես գալու` ամբաստանյալ Ա.Օթարյանի ստորագրությամբ վավերացված փաստաթղթային հաստատումը(11):

_________________________

11) Տե՛ս սույն որոշման 6-րդ կետը:

 

- Առաջին ատյանի դատարանը ապրիլի 23-ի որոշմամբ բավարարել է ամբաստանյալ Ա.Օթարյանի կողմից նույն դատարանի` 2019 թվականի նոյեմբերի 11-ի դատավճռի դեմ վերաքննիչ բողոք բերելու բաց թողնված ժամկետը հարգելի համարելու վերաբերյալ միջնորդությունը(12):

_________________________

12) Տե՛ս սույն որոշման 7-րդ կետը:

 

- Առաջին ատյանի դատարանի` 2019 թվականի նոյեմբերի 11-ի դատավճռի դեմ ամբաստանյալ Ա.Օթարյանի վերաքննիչ բողոքն առանց քննության թողնելու մասին Վերաքննիչ դատարանի` 2020 թվականի հունիսի 1-ի որոշմամբ արձանագրվել է, որ ամբաստանյալ Ա.Օթարյանի վերաքննիչ բողոք բերելու ժամկետը հարգելի համարելու և այն վերականգնելու մասին միջնորդությունը ստորագրված չէ, իսկ այն վերադարձնելու և ձևական սխալը շտկելու դեպքում անգամ հիմք չի կարող հանդիսանալ դատական ակտի բողոքարկման բաց թողնված ժամկետն իրավունքի ուժով վերականգնելու համար, բացի այդ` բողոքի հեղինակը միջնորդությամբ չի դիմել դատական ակտը կայացրած դատարան` բողոքարկման բաց թողնված ժամկետը վերականգնելու համար, և առկա չէ բողոքարկման բաց թողնված ժամկետը վերականգնելու կամ վերականգնումը մերժելու մասին որոշում, որի վերաքննության կարգով բողոքարկումը կարող էր հանգեցնել բաց թողնված ժամկետը վերականգնելուն(13):

_________________________

13) Տե՛ս սույն որոշման 8-րդ կետը:

 

17. Վերոշարադրյալ փաստական տվյալները գնահատելով սույն որոշման 12-15-րդ կետերում շարադրված իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ փաստաբան Ա.Զաքարյանի վերաքննիչ բողոքը` բողոքարկման սուբյեկտ չհանդիսանալու հիմքով առանց քննության թողնելով ստորադաս դատարանը վերջինիս զրկել է ամբաստանյալի իրավունքների և ազատությունների ենթադրյալ խախտումները վիճարկելու հնարավորությունից, դատական պաշտպանության իրավունքի իրացման սահմանափակումները ձևական բնույթ են կրել, ինչի արդյունքում ստորադաս դատարանում բողոք բերած անձի իրավունքների սահմանափակման և հետապնդվող նպատակի միջև արդարացի հավասարակշռությունը չի ապահովվել:

Այսպես` Վերաքննիչ դատարանը, փաստաբան Ա.Զաքարյանի վերաքննիչ բողոքը 2020 թվականի հունվարի 8-ի որոշմամբ առանց քննության թողնելով, առանց հնարավորություն ընձեռելու վերջինիս ներկայացնելու իր կարգավիճակը հաստատող պատշաճ փաստաթղթերը և բողոքն առանց քննության թողնելու մասին որոշում կայացնելով, անհամաչափորեն սահմանափակել է ամբաստանյալի` դատարանի մատչելիության իրավունքը:

18. Հաշվի առնելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ փաստաբան Ա.Զաքարյանի վերաքննիչ բողոքն առանց քննության թողնելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի որոշումն օրինական և հիմնավորված չէ, այսինքն` ստորադաս դատարանը թույլ է տվել դատական սխալ` քրեադատավարական օրենքի էական խախտում, ինչը, համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի, հիմք է ստորադաս դատարանի` 2020 թվականի հունվարի 8-ի դատական ակտը բեկանելու համար:

i

Այսպիսով, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով Վերաքննիչ դատարանի կողմից փաստաբան Ա.Զաքարյանի վերաքննիչ բողոքն առանց քննության թողնելով թույլ են տրվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 17-րդ հոդվածի 1-ին մասի պահանջների խախտումներ, որոնք իրենց բնույթով էական են, քանի որ ազդել են գործով ճիշտ որոշում կայացնելու վրա:

18.1. Միևնույն ժամանակ, անդրադառնալով ժամկետանց լինելու հիմքով` ամբաստանյալ Ա.Օթարյանի վերաքննիչ բողոքն առանց քննության թողնելու մասին Վերաքննիչ դատարանի` 2020 թվականի հունիսի 1-ի որոշման իրավաչափությանը, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ թեև ստորադաս դատարանը կայացրել է գործն ըստ էության ճիշտ լուծող դատական ակտ, սակայն հաշվի առնելով այն փաստը, որ ամբաստանյալ Ա.Օթարյանի կողմից Առաջին ատյանի դատարանի` 2019 թվականի նոյեմբերի 11-ի դատավճռի դեմ վերաքննիչ բողոք բերելու բաց թողնված ժամկետը հարգելի համարելու վերաբերյալ միջնորդությունը նույն դատարանի` 2020 թվականի ապրիլի 23-ի որոշմամբ բավարարվել է(14), ուստի իրավական անորոշությունից խուսափելու նպատակով Վերաքննիչ դատարանի` 2020 թվականի հունիսի 1-ի որոշումը նույնպես պետք է բեկանել:

_________________________

14) Տե՛ս սույն որոշման 7-րդ կետը:

 

Հիմք ընդունելով վերը նշվածը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի դատական ակտերը պետք է բեկանել և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործի նոր քննության ընթացքում Վերաքննիչ դատարանը պետք է քննարկման առարկա դարձնի վերաքննիչ բողոքների հիմքերն ու հիմնավորումները:

i

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 361.1-րդ, 403-406-րդ, 415.1-րդ, 418.1-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքները բավարարել: Ամբաստանյալ Անտոն Արարատի Օթարյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2020 թվականի հունվարի 8-ի և նույն թվականի հունիսի 1-ի որոշումները բեկանել ու գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Հ. Ասատրյան

Դատավորներ` Ս. Ավետիսյան

Ե. Դանիելյան

Լ. Թադևոսյան

Ա. Պողոսյան

Ս. Օհանյան

 

Հրապարակվել է www.datalex.am կայքէջում` 9 հուլիսի 2021 թվական:

 

 

pin
Վճռաբեկ դատարան
09.07.2021
N ՏԴ/0069/01/19
Որոշում