Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 10.06.1999 ԹՎԱԿԱՆԻ Թ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 10.06.1999 ԹՎԱԿԱՆԻ ԹԻՎ 432 ՈՐՈՇՄԱ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

    ՀՀ վերաքննիչ վարչական                 Վարչական գործ թիվ ՎԴ/3141/05/16

    դատարանի որոշում                      2021 թ.

Վարչական գործ թիվ ՎԴ/3141/05/16

Նախագահող դատավոր` Ա. Թովմասյան

    Դատավորներ`        Ա. Առաքելյան

                       Ա. Բաբայան

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

նախագահող Ռ. Հակոբյան

զեկուցող Ա. Բարսեղյան

Ս. Անտոնյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Ա. Մկրտչյան

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

Ն. Տավարացյան

 

2021 թվականի մայիսի 20-ին

գրավոր ընթացակարգով քննելով ՀՀ քաղաքաշինության կոմիտեի (այսուհետ` Կոմիտե) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 13.11.2018 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Շիրակ Հարությունյանի ընդդեմ ՀՀ քաղաքաշինության նախարարության (իրավահաջորդ` Կոմիտե), երրորդ անձինք Միսակ Հարությունյանի, ՀՀ աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով պետական աջակցությամբ իրականացվող բնակարանային շինարարության ծրագրերի շրջանակներում կառուցված բնակարանների (բնակելի տների) հատկացման հարցերով հանձնաժողովի (այսուհետ` Հանձնաժողով)` Հանձնաժողովի կողմից 21.08.2014 թվականին կայացված միջամտող վարչական ակտը վերացնելու և Հանձնաժողովին` բնակարանային շինարարության ծրագրի շրջանակներում կառուցված բնակարանները (բնակելի տները) ստանալու հավակնող անձանց ցուցակում ընդգրկելու մասին հրամանի նախագիծ կազմելուն և ՀՀ քաղաքաշինության նախարարի հաստատմանը ներկայացնելուն պարտավորեցնելու պահանջների մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Շիրակ Հարությունյանը պահանջել է վերացնել Հանձնաժողովի կողմից 21.08.2014 թվականին կայացված միջամտող վարչական ակտը և պարտավորեցնել Հանձնաժողովին կազմել բնակարանային շինարարության ծրագրի շրջանակներում կառուցված բնակարանները (բնակելի տները) ստանալու հավակնող անձանց ցուցակում ընդգրկելու մասին հրամանի նախագիծը և ներկայացնել ՀՀ քաղաքաշինության նախարարի հաստատմանը:

ՀՀ նախագահի 08.10.2016 թվականի թիվ ՆՀ-1091-Ն հրամանագրով ՀՀ քաղաքաշինության նախարարությունը վերակազմավորման ձևով վերակազմակերպվել է Կոմիտեի:

ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Ա. Ավագյան) (այսուհետ` Դատարան) 18.04.2017 թվականի վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 13.11.2018 թվականի որոշմամբ Կոմիտեի վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակիորեն` Դատարանի 18.04.2017 թվականի վճիռը մասնակիորեն` Հանձնաժողովին` բնակարանային շինարարության ծրագրի շրջանակներում կառուցված բնակարանները (բնակելի տները) ստանալու հավակնող անձանց ցուցակում ընդգրկելու մասին հրամանի նախագիծ կազմելուն և ՀՀ քաղաքաշինության նախարարի հաստատմանը ներկայացնելուն պարտավորեցնելու պահանջների մասով, բեկանվել և այդ մասով գործն ուղարկվել է ՀՀ վարչական դատարան` նոր քննության, իսկ մնացած մասով վճիռը թողնվել է անփոփոխ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Կոմիտեն (ներկայացուցիչ` Արմեն Ղուլարյան):

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

i

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ կառավարության 10.06.1999 թվականի թիվ 432 որոշմամբ հաստատված աղետի գոտու բնակավայրերում բնակարանների արտահերթ հատկացման կարգի 2-րդ կետը, 11-րդ կետը, 12-րդ կետի «ա» ենթակետը, 13-րդ կետը, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 25-րդ, 114-րդ, 144-րդ, 146-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

i

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ բնակարանային պայմանների բարելավման փաստն անձի կողմից բնակարանի ձեռքբերման ամսաթվով որոշելն անհիմն է, քանի որ քաղաքացու ընտանիքի բնակարանային պայմանների բարելավումը կարող է որոշվել բացառապես նրան պատկանող և բնակության համար պիտանի տան առկայությամբ կամ բացակայությամբ: Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ քաղաքացիներին ծրագրի շահառու ճանաչելու համար պարտադիր նախապայմաններից է նրանց անօթևան լինելու հանգամանքը: Մինչդեռ Հանձնաժողովը պարզել է, որ Շիրակ Հարությունյանի մոր` Սուսաննա Նիկողոսյանի անվամբ 02.06.1999 թվականին գրանցվել է սեփականության իրավունք Գյումրի քաղաքի Իսահակյան փողոցի 7-րդ շենքի թիվ 22-23-24 բնակարանի նկատմամբ: Նշված բնակարանը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 201-րդ հոդվածի ուժով հայցվորի ծնողների` Սուսաննա Նիկողոսյանի և Գագիկ Հարությունյանի համատեղ սեփականությունն է, որից հետևում է, որ Շիրակ և Միսակ Հարությունյանները նույնպես հանդիսանում են միևնույն ընտանիքի անդամներ, ուստի վերը նշված անշարժ գույքի ձեռքբերմամբ նրանց ընտանիքը բարելավել է իր բնակարանային պայմանները:

Նման պայմաններում Հանձնաժողովն իրավաչափորեն եկել է այն եզրահանգման, որ Հարությունյանների ընտանիքը չի կարող համարվել անօթևան, քանի որ երկրաշարժի օրվա դրությամբ ընտանիքի անդամների բնակարանային պայմանները բարելավվել են, հետևաբար նրանք այլևս չեն կարող համարվել բնակարանային շինարարության ծրագրերի շահառու և պետք է հանվեն հաշվառումից: Ընդ որում, էական չէ, թե անշարժ գույքը ձեռք է բերվել նախքան հերթացուցակում ընդգրկվելը, թե` դրանից հետո:

Բացի այդ, Վերաքննիչ դատարանը պետք է հաշվի առներ, որ վերոնշյալ ծրագրի շահառու ճանաչվելուն հավակնող անձանց հաշվառումը համայնքի ղեկավարն իրականացնում է վերջիններիս դիմումների և դրանց կից փաստաթղթերի հիման վրա, իսկ հարցի ըստ էության լուծման համար մյուս անհրաժեշտ և ամբողջական տեղեկատվությունը ձեռք բերելու, այդ ուղղությամբ հարցումներ իրականացնելու և հերթացուցակում ընդգրկվելու համապատասխանության մասին վերջնական որոշում կայացնելու իրավասությունը վերապահված է Հանձնաժողովին: Փաստորեն պետք է արձանագրել, որ սույն վարչական գործով դատարանները չեն պարզել գործի լուծման համար էական նշանակություն ունեցող բոլոր փաստերը, անտեսել են մի շարք իրավակարգավորումներ, ինչպես նաև չեն իրականացրել ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննություն, որի հետևանքով կայացրել են չհիմնավորված դատական ակտեր:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 13.11.2018 թվականի որոշումը և գործն ուղարկել նոր քննության:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1) Երկրաշարժի հետևանքով քանդված Գյումրի քաղաքի Երևանյան խճուղի թիվ 7 շենքի 33-րդ բնակարանի դիմաց երկսենյականոց բնակարան ստանալու համար Գագիկ Հարությունյանը` ընտանիքի 3 անձով (ինքը և երկու երեխաները` Շիրակ և Միսակ Հարությունյանները) հաշվառված են եղել Գյումրու քաղաքապետի կողմից 01.11.2008 թվականի դրությամբ հաստատված` երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած, բնակարան արտահերթ ստանալու իրավունք ունեցող քաղաքացիների հերթացուցակում (հատոր 1-ին, գ.թ. 9-16).

i

2) 22.11.2011 թվականին Հանձնաժողովի կողմից կայացված նիստում կազմվել է արձանագրություն, որի համաձայն` ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 201-րդ հոդվածի 1-ին կետով, ինչպես նաև ՀՀ կառավարության 26.11.2009 թվականի թիվ 1402-Ն որոշման 1-ին կետով հաստատված կանոնակարգի 11-րդ կետով և ՀՀ կառավարության 10.06.1999 թվականի թիվ 432 որոշման 1-ին կետով հաստատված կարգի 12-րդ ու 13-րդ կետերով` որոշվել է Գագիկ Հարությունյանի ընտանիքը չընդգրկել Գյումրի քաղաքում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած, սահմանված կարգով հաշվառված ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով պետական աջակցությամբ իրականացվող բնակապահովման ծրագրի շրջանակներում բնակարանային պայմանները բարելավելու իրավունք ունեցողների ցուցակում (հատոր 1-ին, գ.թ. 9-16).

3) ՀՀ վարչական դատարանի թիվ ՎԴ/2946/05/12 վարչական գործով 30.01.2013 թվականի վճռի համաձայն` Գագիկ Հարությունյանի հայցն ընդդեմ Հանձնաժողովի, ՀՀ քաղաքաշինության նախարարության` Հանձնաժողովի 22.11.2011 թվականի որոշումն անվավեր ճանաչելու և Գագիկ Հարությունյանի ընտանիքին պետական աջակցությամբ իրականացվող բնակարանային շինարարության ծրագրերի շրջանակներում բնակապահովման ծրագրում ընդգրկելուն և համապատասխան բնակարան հատկացնելուն պարտավորեցնելու պահանջների մասին, բավարարվել է մասնակիորեն` անվավեր է ճանաչվել Հանձնաժողովի 22.11.2011 թվականի որոշումը, իսկ Գագիկ Հարությունյանի հայցը` պատասխանողին իր ընտանիքին պետական աջակցությամբ իրականացվող բնակարանային շինարարության ծրագրերի շրջանակներում բնակապահովման ծրագրում ընդգրկելուն և համապատասխան բնակարան հատկացնելուն պարտավորեցնելու պահանջի մասով, կարճվել է: ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 13.06.2013 թվականի թիվ ՎԴ/2946/05/12 վարչական գործով կայացված որոշմամբ վերաքննիչ բողոքը մերժվել է, և ՀՀ վարչական դատարանի 30.01.2013 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ: ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 31.07.2013 թվականի որոշմամբ թիվ ՎԴ/2946/05/12 վարչական գործով բերված վճռաբեկ բողոքը վերադարձվել է (հատոր 1-ին, գ.թ. 9-28).

4) Գագիկ Հարությունյանի և Սուսաննա Նիկողոսյանի ամուսնությունը գրանցվել է ՔԿԱԳ մարմնում 29.10.1986 թվականին (հատոր 1-ին, գ.թ. 12).

5) Գագիկ Հարությունյանի և նրա կնոջ` Սուսաննա Նիկողոսյանի միջև 02.03.2012 թվականին կնքված և նոտարական կարգով վավերացված պայմանագրով կողմերը փոփոխել են ամուսինների համատեղ սեփականության շրջանակը և պայմանավորվել, որ սկսած ամուսնության պետական գրանցման պահից` 29.10.1986 թվականից, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 201-րդ հոդվածի համաձայն` ամուսնության ընթացքում ամուսինների համատեղ միջոցներով ձեռք բերված և համատեղ սեփականության իրավունքով նրանց պատկանող անշարժ և շարժական գույքը, որտեղ էլ որ այն գտնվի, ինչումն էլ որ այն արտահայտվի, անձնական սեփականության իրավունքով պատկանի ամուսիններից նրան, ում անունով տրված է սեփականության փաստաթուղթը կամ ով կնքել և ստորագրել է այդ գույքի ձեռք բերման գործարքը և այդ գույքի նկատմամբ գրանցվի նրա անձնական սեփականության իրավունքը, իսկ եթե գործարքը կնքել և ստորագրել են երկու ամուսիններն էլ և սեփականության փաստաթուղթը տրված է երկու ամուսինների անունով, ապա գույքը հանդիսանա ամուսինների համատեղ սեփականությունը (հատոր 1-ին, գ.թ. 9-16).

6) 02.06.1999 թվականին կնքված և նոտարական կարգով վավերացված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրով Գագիկ Հարությունյանի կինը` Սուսաննա Նիկողոսյանը ձեռք է բերել Գյումրի քաղաքի Իսահակյան փողոցի 7-րդ շենքի թիվ 22-23-24` 138,41 քմ ընդհանուր մակերեսով բնակարանը: Նշված պայմանագրից ծագած իրավունքներն օրենքով սահմանված կարգով ստացել են պետական գրանցում անշարժ գույքի պետական գրանցման միասնական 4-6 մատյանի 000149 համարի տակ և տրվել է անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման թիվ 051996 վկայականը (հատոր 1-ին, գ.թ. 96-98).

7) Հանձնաժողովի 21.08.2014 թվականի թիվ 3 արձանագրության քաղվածքի համաձայն` Հանձնաժողովը գտել է, որ 02.06.1999 թվականին Գյումրի քաղաքի Իսահակյան փողոցի 7-րդ շենքի թիվ 22-23-24` 138,41 քմ ընդհանուր մակերեսով բնակարանի նկատմամբ հայցվորի մոր` Սուսաննա Նիկողոսյանի սեփականության իրավունքի գրանցման պահից Գագիկ Հարությունյանի ընտանիքը բարելավել է իր բնակարանային պայմանները, ինչի պարագայում վերացել են ընտանիքի` բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող համարվելու հիմքերը և որոշվել է Գյումրի քաղաքում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով պետական աջակցությամբ իրականացվող բնակապահովման ծրագրի շահառու չճանաչել Գագիկ Հարությունյանի ընտանիքը` ղեկավարվելով ՀՀ կառավարության 10.06.1999 թվականի թիվ 432 որոշման 1-ին կետով սահմանված կարգի 13-րդ կետի, 2009 թվականի թիվ 1402-Ն որոշման 1-ին կետով հաստատված կանոնակարգի 6-րդ կետի 1-ին ենթակետի, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 23-րդ և 201-րդ հոդվածների, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 62-րդ հոդվածի դրույթներով (հատոր 1-ին, գ.թ. 29-32).

8) Շիրակ Հարությունյանը ՀՀ քաղաքաշինության նախարարին ուղղված 02.05.2016 թվականի գրությամբ խնդրել է տեղեկություններ հայտնել այն մասին, թե Հանձնաժողովի 22.11.2011 թվականի որոշումն անվավեր ճանաչվել է, թե` ոչ: Միաժամանակ խնդրել է հստակեցնել իր կարգավիճակը և տեղեկություններ հայտնել այն մասին, թե բնակարանային շինարարության ծրագրերի շրջանակներում կառուցված բնակարանները (բնակելի տների) ստացող անձանց ցուցակում ինքը և իր ընտանիքը ընդգրկված են, թե` ոչ (հատոր 1-ին, գ.թ. 33-34).

9) ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ Ա. Ղուլարյանը 26.05.2016 թվականի Շիրակ Հարությունյանին ուղղված թիվ 03/13.1/2790-16 գրությամբ հայտնել է, որ Հանձնաժողովի 21.08.2014 թվականի քննարկման արդյունքներով, ղեկավարվելով ՀՀ կառավարության 10.06.1999 թվականի թիվ 432 որոշման 1-ին կետով սահմանված կարգի 13-րդ կետի, 2009 թվականի թիվ 1402-Ն որոշման 1-ին կետով հաստատված կանոնակարգի 6-րդ կետի 1-ին ենթակետի, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 23-րդ և 201-րդ հոդվածների, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 62-րդ հոդվածի դրույթներով, Գագիկ Հարությունյանի ընտանիքը չի ճանաչվել աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով պետական աջակցությամբ իրականացվող բնակապահովման ծրագրի շահառու (հատոր 1-ին, գ.թ. 36-37):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.

 

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության համար, և գտնում է, որ տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները` աղետի գոտու բնակավայրերում քաղաքացիներին բնակարանների արտահերթ հատկացման կարգի առանձնահատկությունների վերաբերյալ, կարևոր նշանակություն կունենան նմանատիպ գործերով միասնական և կանխատեսելի դատական պրակտիկա ձևավորելու համար:

 

Վերոգրյալով պայմանավորված` Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցադրմանը. կարո՞ղ է արդյոք Հանձնաժողովը կայացնել երկրաշարժի հետևանքով բնակարանային պայմանների բարելավման իրավունք ունեցող քաղաքացիների հերթացուցակում հաշվառված անձին բնակարանային շինարարության ծրագրում չընդգրկելու վերաբերյալ որոշում, եթե հաշվառման վերցված անձի ընտանիքի անդամի բնակարանային պայմանները բարելավվել են նախքան հաշվառման վերցնելը:

 

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Հայաստանի Հանրապետության իրավական համակարգում աղետի գոտու բնակավայրերում (բացառությամբ գյուղական բնակավայրերի) երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով պետական աջակցության միջոցով կառուցված պետական բնակարանային ֆոնդում բնակարան արտահերթ ստանալու իրավունք ունեցող քաղաքացիների հաշվառման, նրանց հաշվառումից հանելու, և այդ բնակարանները քաղաքացիների համաձայնությամբ նրանց անհատույց սեփականության իրավունքով հատկացնելու հետ կապված հարաբերությունները կարգավորվում են ՀՀ կառավարության 10.06.1999 թվականի թիվ 432 որոշմամբ, որի 1-ին կետով հաստատվել է աղետի գոտու բնակավայրերում բնակարանների արտահերթ հատկացման կարգը (այսուհետ` Կարգ):

Կարգի 2-րդ կետի համաձայն` բնակարան արտահերթ ստանալու իրավունք ունեն Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ունեցող այն քաղաքացիները և նրանց ընտանիքի անդամները, որոնց կացարանները (բազմաբնակարան շենքի բնակարանը) երկրաշարժի հետևանքով քանդվել կամ բնակվելու համար դարձել են ոչ պիտանի:

Կարգի 3-րդ կետի համաձայն` աղետի գոտու բնակավայրերում բնակարան արտահերթ ստանալու իրավունք ունեցող քաղաքացիների հաշվառումն իրականացնում է նրանց մշտական բնակավայրի համայնքի ղեկավարը:

Կարգի 4-րդ կետի համաձայն` բնակարան ստանալու համար քաղաքացիները դիմումները ներկայացնում են ըստ բնակության վայրի` համայնքի ղեկավարին (...):

Կարգի 7-րդ կետի համաձայն` քաղաքացիների դիմումներն անհրաժեշտ փաստաթղթերի հետ միասին մեկամսյա ժամկետում քննության են առնվում համայնքի ղեկավարի կողմից (անհրաժեշտության դեպքում` դիմողի ներկայությամբ) և դրա վերաբերյալ ընդունվում է որոշում` հաշվի առնելով բնակարանային հարցերի հանձնաժողովի կարծիքը: Հաշվառման վերցված քաղաքացիները, ինչպես նաև այն քաղաքացիները, որոնց մերժել են, մեկշաբաթյա ժամկետում այդ մասին գրավոր իրազեկվում են (...):

Կարգի 12-րդ կետի համաձայն` քաղաքացիները հաշվառումից հանվում են, եթե`

ա) հաշվառման վերցված անձանց բնակարանային պայմանները բարելավվել են, որի կապակցությամբ վերացել են հաշվառման մեջ գտնվելու հիմքերը.

բ) հաշվառման վերցված անձինք մշտական բնակության են փոխադրվել այլ բնակավայր.

գ) բնակարանային պայմանների բարելավման կարիք ունենալու մասին ներկայացվել են իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ:

Քաղաքացիներին հաշվառումից հանում է համապատասխան համայնքի ղեկավարը (...):

Կարգի 13-րդ կետի համաձայն` պետական աջակցության միջոցով կառուցված պետական բնակարանային ֆոնդի բնակարանները բաշխում և հատկացնում է Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարը իր կողմից ստեղծված հանձնաժողովի միջոցով համապատասխան համայնքների ղեկավարների կողմից հաստատված հերթացուցակների համաձայն` դրանցում ընդգրկված քաղաքացիների հերթացուցակում ընդգրկվելու չափանիշներին համապատասխանության արդյունքներով:

Կարգի 23-րդ կետի համաձայն` նույն կարգի համաձայն կազմված բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող քաղաքացիների ցուցակների պատճենները մինչև 2008 թվականի դեկտեմբերի 1-ը ուղարկվում են Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարություն:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով պետական աջակցությամբ իրականացվող բնակարանային շինարարության ծրագրերի շրջանակներում կառուցված բնակելի տների (բնակարանների) հատկացման հարցերով հանձնաժողովի կանոնակարգը (այսուհետ` Հանձնաժողովի կանոնակարգ) հաստատվել է ՀՀ կառավարության 26.11.2009 թվականի թիվ 1402-Ն որոշմամբ:

Հանձնաժողովի կանոնակարգի 5-րդ կետի համաձայն` Հանձնաժողովն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, այլ իրավական ակտերով և նույն կանոնակարգով:

Հանձնաժողովի կանոնակարգի 6-րդ կետի համաձայն` Հանձնաժողովի գործառույթներն են`

1) համապատասխան համայնքի ղեկավարի կողմից հաստատված` բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող` երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած քաղաքացիների ցուցակում (այսուհետ` հերթացուցակ) ընդգրկված անձանց հերթացուցակում ընդգրկվելու չափանիշներին համապատասխանության մասին որոշումը և հերթացուցակում ընդգրկված անձանց հետ հանդիպումները (...).

4) բնակարանային շինարարության ծրագրի շրջանակներում կառուցված բնակարանները (բնակելի տները) ստանալու հավակնող անձանց ցուցակի հաստատման մասին Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի հրամանի նախագծի նախապատրաստումը (...):

Հանձնաժողովի կանոնակարգի 8-րդ կետի համաձայն` Հանձնաժողովն իր աշխատանքները կազմակերպում է նիստերի (...) միջոցով:

Հանձնաժողովի կանոնակարգի 10-րդ կետի համաձայն` Հանձնաժողովի նիստերի որոշումները ձևակերպվում են արձանագրությամբ:

Հանձնաժողովի կանոնակարգի 11-րդ կետի համաձայն` Հանձնաժողովի կողմից հերթացուցակում ընդգրկված անձանց` փաստաթղթային փաթեթների քննարկման արդյունքներով բնակարանային շինարարության ծրագրում չընդգրկելու վերաբերյալ որոշումը կարող է ընդունվել Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի հունիսի 10-ի «Աղետի գոտու բնակավայրերում քաղաքացիներին բնակարանների արտահերթ հատկացման կարգը հաստատելու մասին» թիվ 432 որոշման 1-ին կետով հաստատված կարգի 12-րդ կետով (...) նախատեսված հիմքերով:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներից մեկում արձանագրել է, որ վերոգրյալ նորմերի համակարգային վերլուծությունից հետևում է, որ երկրաշարժից քանդվելու հետևանքով կացարաններ (բազմաբնակարան շենքի բնակարաններ) կորցրած ՀՀ քաղաքացիություն ունեցող անձանց և նրանց ընտանիքի անդամների` որպես աղետի գոտու բնակավայրերում բնակարան արտահերթ ստանալու իրավունք ունեցող սուբյեկտների, սկզբնական հաշվառումն իրականացնում է նրանց մշտական բնակավայրի համայնքի ղեկավարը` այդպիսի քաղաքացիներին ընդգրկելով համապատասխան հերթացուցակում: Հանձնաժողովն իր հերթին ուսումնասիրում և պարզում է այդ հերթացուցակում անձանց ընդգրկվելու չափանիշների համապատասխանությունը ՀՀ կառավարության 10.06.1999 թվականի թիվ 432 որոշմամբ նախատեսված պահանջներին և Կարգով նախատեսված հիմքերի առկայության դեպքում կայացնում է բնակարանային շինարարության ծրագրում այդ անձանց (նրանց ընտանիքներին) չընդգրկելու վերաբերյալ որոշում: Իսկ նշված հիմքերի բացակայության դեպքում Հանձնաժողովը ՀՀ քաղաքաշինության նախարարի հաստատմանն է ներկայացնում բնակարանային շինարարության ծրագրի շրջանակներում կառուցված բնակարանները (բնակելի տները) ստանալու հավակնող անձանց ցուցակի հաստատման մասին հրամանի նախագիծ:

ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ վերոնշյալ նորմատիվ իրավական ակտերի համատեքստում «հաշվառման վերցնել» եզրույթը նշանակում է երկրաշարժի հետևանքով կացարաններ (բազմաբնակարան շենքի բնակարաններ) կորցրած Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ունեցող անձանց և նրանց ընտանիքի անդամների ընդգրկում աղետի գոտու բնակավայրերում բնակարան արտահերթ ստանալու իրավունք ունեցող քաղաքացիների հերթացուցակում: Այդ գործառույթն իրականացնում է տվյալ քաղաքացու մշտական բնակության վայրի համայնքի ղեկավարը: Այսինքն` եթե քաղաքացին (նրա ընտանիքը) ընդգրկված է համայնքի ղեկավարի կողմից կազմված` աղետի գոտու բնակավայրերում բնակարան արտահերթ ստանալու իրավունք ունեցող քաղաքացիների հերթացուցակում, ապա տվյալ քաղաքացին (նրա ընտանիքը) հաշվառված է բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող քաղաքացիների ցուցակում: Ընդ որում, Հանձնաժողովը քննարկում է հենց հաշվառված (աղետի գոտու բնակավայրերում բնակարան արտահերթ ստանալու իրավունք ունեցող քաղաքացիների հերթացուցակում ընդգրկված) քաղաքացիների (նրանց ընտանիքի) փաստաթղթային փաթեթները` քննարկման արդյունքներով կայացնելով կամ բնակարանային շինարարության ծրագրում այդ քաղաքացիներին (նրանց ընտանիքներին) չընդգրկելու վերաբերյալ որոշում կամ այդ անձանց (նրանց ընտանիքներին) ընդգրկում է բնակարանային շինարարության ծրագրի շրջանակներում կառուցված բնակարանները (բնակելի տները) ստանալու հավակնող անձանց ցուցակում և ՀՀ քաղաքաշինության նախարարի հաստատմանն է ներկայացնում նշված ցուցակի հաստատման մասին հրամանի նախագիծ:

Փաստորեն, ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ աղետի գոտու բնակավայրերում պետական աջակցությամբ իրականացվող բնակարանային ապահովման ծրագրերի շրջանակներում կառուցված բնակելի տները հատկացնում է ՀՀ քաղաքաշինության նախարարն իր կողմից ստեղծված հանձնաժողովի միջոցով` համապատասխան համայնքների ղեկավարների կողմից հաստատված բնակարանային պայմանների բարելավման իրավունք ունեցող երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած քաղաքացիների հերթացուցակների հիման վրա: ՀՀ վճռաբեկ դատարանը փաստել է, որ աղետի գոտու բնակավայրերում պետական աջակցությամբ իրականացվող բնակարանային ապահովման ծրագրերի շրջանակներում կառուցված բնակելի տների հատկացման ընթացակարգն ընդհանուր առմամբ բաղկացած է հետևյալ գործողություններից.

- բնակարանային պայմանների բարելավման համար հաշվառվելու նպատակով քաղաքացին դիմում է ներկայացնում համապատասխան համայնքի ղեկավարին,

- համայնքի ղեկավարը սահմանված ժամկետում քննարկում է քաղաքացու դիմումը և ընդունում է քաղաքացուն հաշվառման վերցնելու կամ հաշվառման վերցնելը մերժելու մասին որոշում,

- համայնքի ղեկավարի կողմից ընդունված` հաշվառման վերցնելու մասին որոշումների հիման վրա կազմվում է բնակարանային ապահովման ծրագրերի շրջանակներում բնակարանային պայմանների բարելավման իրավունք ունեցող քաղաքացիների հերթացուցակ, որը հաստատվում է համայնքի ղեկավարի կողմից և ուղարկվում է ՀՀ քաղաքաշինության նախարարություն,

- ՀՀ քաղաքաշինության նախարարի կողմից ստեղծված Հանձնաժողովը որոշում է երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած և բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող քաղաքացիների` համայնքի ղեկավարի կողմից հաստատված հերթացուցակում ընդգրկված անձանց` այդ ցուցակում ընդգրկվելու չափանիշներին համապատասխանության հարցը,

- Հանձնաժողովը նախապատրաստում է բնակարանային շինարարության ծրագրի շրջանակներում կառուցված բնակարանները (բնակելի տները) ստանալու հավակնող անձանց ցուցակի հաստատման մասին ՀՀ քաղաքաշինության նախարարի հրամանի նախագիծ. այդ ցուցակում չեն ներառվում այն անձինք, ում փաստաթղթային փաթեթների քննարկման արդյունքներով Հանձնաժողովը կայացրել է բնակարանային շինարարության ծրագրում չընդգրկելու վերաբերյալ որոշում:

ՀՀ վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարել նշել, որ համապատասխան համայնքի ղեկավարի կողմից քաղաքացուն հաշվառման վերցնելը մերժելու և Հանձնաժողովի կողմից բնակարանային շինարարության ծրագրում չընդգրկելու վերաբերյալ որոշումները կարող են կայացվել միևնույն հիմքերով, որոնք սահմանված են ՀՀ կառավարության 10.06.1999 թվականի թիվ 432 որոշմամբ հաստատված Կարգի 12-րդ կետով: Այլ կերպ ասած` համայնքի ղեկավարը կարող է ընդունել քաղաքացուն հաշվառման վերցնելը մերժելու մասին որոշում, իսկ Հանձնաժողովը կարող է ընդունել քաղաքացուն բնակարանային շինարարության ծրագրում չընդգրկելու մասին որոշում ՀՀ կառավարության 10.06.1999 թվականի թիվ 432 որոշմամբ հաստատված Կարգի 12-րդ կետով նախատեսված սպառիչ հիմքերից որևէ մեկի առկայության դեպքում (տես, Մերուժան Սարգսյանն ընդդեմ ՀՀ աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով պետական աջակցությամբ իրականացվող բնակարանային շինարարության ծրագրերի շրջանակներում կառուցված բնակելի տների (բնակարանների) հատկացման հարցերով հանձնաժողովի թիվ ՎԴ/6379/05/15 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 01.08.2019 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանը Գայանե Սարգսյանն ընդդեմ ՀՀ քաղաքաշինության նախարարության, Հանձնաժողովի վարչական գործով կայացված որոշմամբ նաև փաստել է, որ ՀՀ կառավարության 10.06.1999 թվականի թիվ 432 որոշմամբ սահմանված «քաղաքացիները և նրանց ընտանիքի անդամները» հասկացությունը վերաբերում է երկրաշարժի օրվա դրությամբ տվյալ բնակարանում բնակվող անձանց (թիվ ՎԴ/3693/05/10 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 08.05.2014 թվականի որոշումը):

Վերահաստատելով և զարգացնելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած և բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող քաղաքացիների և նրանց ընտանիքի անդամներին հաշվառման վերցնելու հիմքը երկրաշարժի հետևանքով վերջիններիս պատկանող կացարանների (բազմաբնակարան շենքի բնակարանի) երկրաշարժի հետևանքով քանդված կամ բնակվելու համար ոչ պիտանի դառնալու փաստն է: Հետևաբար, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ աղետի գոտու բնակավայրերում պետական աջակցությամբ իրականացվող բնակարանային ապահովման ծրագրերի նպատակը երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած և բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող քաղաքացիներին և նրանց ընտանիքի անդամներին բնակության համար պիտանի կացարանով ապահովելն է: Միևնույն ժամանակ, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում հավելել, որ ՀՀ կառավարության 10.06.1999 թվականի թիվ 432 որոշմամբ հաստատված Կարգի 12-րդ կետի «ա» ենթակետի իրավակարգավորման առկայության պայմաններում, համայնքի ղեկավարի կողմից քաղաքացուն հաշվառման վերցնելը մերժելու կամ Հանձնաժողովի կողմից քաղաքացուն բնակարանային շինարարության ծրագրում չընդգրկելու մասին որոշում կայացնելու համար հիմք է քաղաքացու և նրա ընտանիքի անդամներից որևէ մեկին պատկանող պիտանի կացարանի առկայությունը կամ բացակայությունը: Ընդ որում, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բնակարանային պայմանների բարելավման հիմքով քաղաքացիներին հաշվառումից հանելու մասին որոշման կայացումը չի կարող պայմանավորված լինել այն հանգամանքով, թե քաղաքացու և նրա ընտանիքի անդամների բնակարանային պայմանները բարելավվել են հաշվառման վերցվելուց առաջ, թե` հետո:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործի քննությամբ հաստատված է, որ 22.11.2011 թվականին Հանձնաժողովի կողմից կայացված նիստի արձանագրությամբ որոշվել է Գագիկ Հարությունյանի ընտանիքը չընդգրկել Գյումրի քաղաքում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած, սահմանված կարգով հաշվառված ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով պետական աջակցությամբ իրականացվող բնակապահովման ծրագրի շրջանակներում բնակարանային պայմանները բարելավելու իրավունք ունեցողների ցուցակում: ՀՀ վարչական դատարանի թիվ ՎԴ/2946/05/12 վարչական գործով 30.01.2013 թվականի վճռով Գագիկ Հարությունյանի հայցն ընդդեմ Հանձնաժողովի, ՀՀ քաղաքաշինության նախարարության` Հանձնաժողովի 22.11.2011 թվականի որոշումն անվավեր ճանաչելու և Գագիկ Հարությունյանի ընտանիքին պետական աջակցությամբ իրականացվող բնակարանային շինարարության ծրագրերի շրջանակներում բնակապահովման ծրագրում ընդգրկելուն և համապատասխան բնակարան հատկացնելուն պարտավորեցնելու պահանջների մասին, բավարարվել է մասնակիորեն` անվավեր է ճանաչվել Հանձնաժողովի 22.11.2011 թվականի որոշումը, իսկ Գագիկ Հարությունյանի հայցը` պատասխանողին իր ընտանիքին պետական աջակցությամբ իրականացվող բնակարանային շինարարության ծրագրերի շրջանակներում բնակապահովման ծրագրում ընդգրկելուն և համապատասխան բնակարան հատկացնելուն պարտավորեցնելու պահանջների մասով, կարճվել է: ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 13.06.2013 թվականի որոշմամբ վերաքննիչ բողոքը մերժվել է, և ՀՀ վարչական դատարանի 30.01.2013 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ: ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 31.07.2013 թվականի որոշմամբ վճռաբեկ բողոքը վերադարձվել է:

02.06.1999 թվականին կնքված և նոտարական կարգով վավերացված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրով Գագիկ Հարությունյանի կինը` Սուսաննա Նիկողոսյանը ձեռք է բերել Գյումրի քաղաքի Իսահակյան փողոցի 7-րդ շենքի թիվ 22-23-24` 138,41 քմ ընդհանուր մակերեսով բնակարանը, որը ստացել է պետական գրանցում:

Հանձնաժողովի 21.08.2014 թվականի թիվ 3 արձանագրության քաղվածքի համաձայն` Հանձնաժողովը գտել է, որ 02.06.1999 թվականին Գյումրի քաղաքի Իսահակյան փողոցի թիվ 7 շենքի թիվ 22-23-24 138,41 քմ ընդհանուր մակերեսով բնակարանի նկատմամբ հայցվորի մոր` Սուսաննա Նիկողոսյանի սեփականության իրավունքի գրանցման պահից Գագիկ Հարությունյանի ընտանիքը բարելավել է իր բնակարանային պայմանները, ինչի պարագայում վերացել են ընտանիքի` բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող համարվելու հիմքերը և որոշվել է Գյումրի քաղաքում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով պետական աջակցությամբ իրականացվող բնակապահովման ծրագրի շահառու չճանաչել Գագիկ Հարությունյանի ընտանիքը: ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ Ա. Ղուլարյանը 26.05.2016 թվականի Շիրակ Հարությունյանին ուղղված թիվ 03/13.1/2790-16 գրությամբ հայտնել է, որ Գագիկ Հարությունյանի ընտանիքը չի ճանաչվել աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով պետական աջակցությամբ իրականացվող բնակապահովման ծրագրի շահառու:

Դատարանը բավարարել է Շիրակ Հարությունյանի հայցը` անվավեր ճանաչելով Հանձնաժողովի կողմից 21.08.2014 թվականին կայացված վարչական ակտը, և պարտավորեցնելով Հանձնաժողովին կազմել բնակարանային շինարարության ծրագրի շրջանակներում կառուցված բնակարանները (բնակելի տները) ստանալու հավակնող անձանց ցուցակում Գագիկ Հարությունյանի ընտանիքն ընդգրկելու մասին հրամանի նախագիծ և ներկայացնել Կոմիտեի նախագահի հաստատմանը: Դատարանը պատճառաբանել է, որ Հանձնաժողովն իրավասու չէր ՀՀ կառավարության 10.06.1999 թվականի թիվ 432 որոշման 1-ին կետով սահմանված կարգի 13-րդ կետի, 2009 թվականի թիվ 1402-Ն որոշման 1-ին կետով հաստատված կանոնակարգի 6-րդ կետի 1-ին ենթակետի հիմքերով շահառու չճանաչել Գագիկ Հարությունյանի ընտանիքին (այդ թվում նաև` հայցվոր Շիրակ Հարությունյանին), քանի որ Հանձնաժողովի իրավասությունները սահմանվել են Կանոնակարգով, իսկ դրանով բնակարանային շինարարության ծրագրում չընդգրկելու վերաբերյալ որոշումը կարող է ընդունվել բացառապես Կարգի 12-րդ կետով նախատեսված հիմքերով:

Վերաքննիչ դատարանը մասնակիորեն բավարարել է Կոմիտեի վերաքննիչ բողոքը և Դատարանի վճիռը մասնակիորեն` Հանձնաժողովին` բնակարանային շինարարության ծրագրի շրջանակներում կառուցված բնակարանները (բնակելի տները) ստանալու հավակնող անձանց ցուցակում ընդգրկելու մասին հրամանի նախագիծ կազմելուն և ՀՀ քաղաքաշինության նախարարի հաստատմանը ներկայացնելուն պարտավորեցնելու պահանջների մասով բեկանել և այդ մասով գործն ուղարկել է Դատարան` նոր քննության, իսկ մնացած` Հանձնաժողովի կողմից 21.08.2014 թվականին կայացված միջամտող վարչական ակտը վերացնելու պահանջի մասով, թողել է անփոփոխ: Վերաքննիչ դատարանը նշել է, որ ՀՀ կառավարության 10.06.1999 թվականի թիվ 432 որոշմամբ հաստատված Կարգի 12-րդ կետի «ա» ենթակետով սահմանված իրավական հիմքի առկայությունը կարող է հաստատված համարվել միայն այն դեպքերում, երբ անձանց բնակարանային պայմանները բարելավվել են հաշվառումից հետո, քանի որ քննարկվող նորմի բովանդակային մեկնաբանությունը վկայում է, որ տվյալ դեպքում էական է համարվում արդեն իսկ հաշվառման վերցված անձանց բնակարանային պայմանները բարելավվելու փաստի առկայությունը:

 

Վերը նշված իրավական դիրքորոշումների լույսի ներքո համադրելով սույն գործի փաստերը և գնահատելով ստորադաս դատարանների եզրահանգումների հիմնավորվածությունը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.

Նախ` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Կարգի 12-րդ կետի «ա» ենթակետում ամրագրված` քաղաքացիներին հաշվառումից հանելու հիմքի (այն է` հաշվառման վերցված անձանց բնակարանային պայմանները բարելավվել են, որի կապակցությամբ վերացել են հաշվառման մեջ գտնվելու հիմքերը) կիրառության համար առանցքային նշանակություն ունի այն հանգամանքը, որ երկրաշարժի հետևանքով կացարաններ (բազմաբնակարան շենքի բնակարաններ) կորցրած Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ունեցող անձի կամ նրա ընտանիքի անդամներից թեկուզև մեկի բնակարանային պայմանները բարելավվել են: Այսինքն` նշված իրավադրույթի իմաստով ընտանիքի անդամ ասածը վերաբերում է երկրաշարժի օրվա դրությամբ ընտանիքի կազմում ընդգրկված անդամին: Սույն գործի փաստերից հետևում է, որ երկրաշարժի օրվա դրությամբ Գագիկ Հարությունյանի ընտանիքի կազմում ընդգրկված էին ինքը, կինը` Սուսաննա Նիկողոսյանը, Շիրակ և Միսակ Հարությունյանները: Բացի այդ, հայցվոր Շիրակ Հարությունյանը և վերջինիս եղբայրը` Միսակ Հարությունյանը 1988 թվականին անչափահաս էին (Շիրակ Հարությունյանը ծնվել է 28.01.1987 թվականին):

Սույն գործի փաստերով հաստատվում է, որ հայցվորի մայրը` Սուսաննա Նիկողոսյանը, դեռևս 02.06.1999 թվականին Գյումրի քաղաքի Իսահակյան փողոցի թիվ 7 շենքի թիվ 22-23-24` 138,41 քմ ընդհանուր մակերեսով բնակարանի նկատմամբ ձեռք է բերել սեփականության իրավունք, որի պայմաններում, Կարգի իրավակարգավորումների լույսի ներքո վերլուծելիս, ստացվում է, որ հայցվորի ընտանիքի անդամներից մեկը բարելավել էր բնակարանային պայմանները: Այսինքն` թե՛ հայցվորը, թե՛ վերջինիս հայրը` Գագիկ Հարությունյանը, բնակարանային պայմանները բարելավելու նպատակով հաշվառման վերցվելու խնդրանքով Գյումրու քաղաքապետին դիմելու պահին` 2008 թվականին, չէին կարող հաշվառվել Գյումրի քաղաքի բնակարանային ապահովման ծրագրերի շրջանակներում բնակարանային պայմանների բարելավման իրավունք ունեցող քաղաքացիների հերթացուցակում, քանի որ արդեն իսկ բարելավվել էին բնակարանային պայմանները: Ասվածն էլ իր հերթին նշանակում է, որ այդ հերթացուցակում Շիրակ Հարությունյանին հաշվառման վերցնելը չի բխել ՀՀ կառավարության 10.06.1999 թվականի թիվ 432 որոշմամբ հաստատված Կարգի պահանջներից:

Վճռաբեկ դատարանը, վերոգրյալ իրավական դիրքորոշման ներքո անդրադառնալով այն հանգամանքին, որ Սուսաննա Նիկողոսյանի կողմից 02.06.1999 թվականին անշարժ գույք ձեռք բերելուց հետո է հայցվորի ընտանիքն ընդգրկվել պետական աջակցությամբ իրականացվող բնակարանային շինարարության ծրագրերի շրջանակներում բնակապահովման ծրագրում, հետևաբար հայցվորի ընտանիքի բնակարանային պայմանները հերթացուցակում ընդգրկվելուց հետո չեն բարելավվել, ապա այդ կապակցությամբ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ թեև երկրաշարժից քանդվելու հետևանքով բնակարաններ կորցրած քաղաքացիների և նրանց ընտանիքի անդամների` որպես աղետի գոտու բնակավայրերում բնակարան արտահերթ ստանալու իրավունք ունեցող սուբյեկտների, սկզբնական հաշվառումն իրականացնում է նրանց մշտական բնակավայրի համայնքի ղեկավարը` այդպիսի քաղաքացիներին ընդգրկելով համապատասխան հերթացուցակում, այնուամենայնիվ Հանձնաժողովն իր հերթին ուսումնասիրում և պարզում է այդ հերթացուցակում անձանց ընդգրկվելու չափանիշների համապատասխանությունը ՀՀ կառավարության 10.06.1999 թվականի թիվ 432 որոշմամբ նախատեսված պահանջներին և Կարգով նախատեսված հիմքերի առկայության դեպքում կայացնում է բնակարանային շինարարության ծրագրում այդ անձանց (նրանց ընտանիքներին) չընդգրկելու վերաբերյալ որոշում: Իսկ նշված հիմքերի բացակայության դեպքում Հանձնաժողովը ՀՀ քաղաքաշինության նախարարի (ներկայումս` Կոմիտեի նախագահի) հաստատմանն է ներկայացնում բնակարանային շինարարության ծրագրի շրջանակներում կառուցված բնակարանները (բնակելի տները) ստանալու հավակնող անձանց ցուցակի հաստատման մասին հրամանի նախագիծ:

Այսինքն` թեև հայցվորի ընտանիքը համայնքի ղեկավարի կողմից ընդգրկվել էր վերոնշյալ ծրագրի հերթացուցակում, սակայն Հանձնաժողովի կողմից ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ առկա է Կարգի 12-րդ կետի «ա» ենթակետով սահմանված հիմքը, ուստիև կայացվել է բնակարանային շինարարության ծրագրում Շիրակ Հարությունյանի ընտանիքին չընդգրկելու վերաբերյալ որոշում:

Այսպիսով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Կարգի 12-րդ կետի «ա» ենթակետի իրավակարգավորման լույսի ներքո` Հանձնաժողովն իրավասու էր իր 21.08.2014 թվականի նիստում որոշում կայացնել Շիրակ Հարությունյանին բնակարանային շինարարության ծրագրում չընդգրկելու վերաբերյալ, քանի որ Շիրակ Հարությունյանի ընտանիքի անդամը` մայրը, անշարժ գույք ձեռք բերելու միջոցով արդեն իսկ բարելավել էր ընտանիքի բնակարանային պայմանները: Ընդ որում, բնակարանային պայմանները բարելավելու ժամանակահատվածը սույն պարագայում որևէ նշանակություն ունենալ չի կարող գործի լուծման համար, քանի որ Կարգի վերոնշյալ իրավակարգավորման մեջ նշված փաստը պայմանավորված չէ որևէ ժամանակային սահմանափակմամբ և հավասարապես կարող է վերաբերել ինչպես հաշվառումից հետո, այնպես էլ` մինչ այդ ընկած ժամանակահատվածին, ինչն անտեսվել է ստորադաս ատյանների կողմից:

Վերոնշյալ դիրքորոշումների լույսի ներքո Վճռաբեկ դատարանը, սույն գործի շրջանակներում ձեռնամուխ լինելով վիճարկվող վարչական ակտի իրավաչափությունը գնահատելուն և ստուգելով դրանց համապատասխանությունն օրենսդրության պահանջներին, արձանագրում է, որ ստորադաս դատարանի` Հանձնաժողովի կողմից 21.08.2014 թվականին կայացված միջամտող վարչական ակտը վերացնելու պահանջի մասով, պատճառաբանությունները չէին կարող հիմք հանդիսանալ Կոմիտեի վերաքննիչ բողոքը մերժելու և Դատարանի 18.04.2017 թվականի վճիռն այդ մասով անփոփոխ թողնելու համար: Սույն գործով վիճարկվող վարչական ակտը վերացնելու համար անհրաժեշտ պայման է գործի քննությամբ հաստատված այն հանգամանքը, որ վարչական ակտն ընդունվել է օրենքի խախտմամբ ու դրանով խախտվել է հայցվորի` ՀՀ Սահմանադրությամբ, միջազգային պայմանագրերով, օրենքներով և այլ իրավական ակտերով ամրագրված իրավունքներն ու ազատությունները, որպիսի փաստերը վերը նշված դիրքորոշումների պարագայում Վճռաբեկ դատարանը հաստատված չհամարեց:

 

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը համարում է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 150-151-րդ և 163-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը մասնակիորեն բեկանելու և գործը` 21.08.2014 թվականին կայացված միջամտող վարչական ակտը վերացնելու պահանջի մասով, նոր քննության ուղարկելու համար:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ.

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` կողմը, որի դեմ կայացվել է վճիռ, կամ որի բողոքը մերժվել է, կրում է Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի` վկաներին և փորձագետներին վճարած գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նաև մյուս կողմի կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունն այն ծավալով, ինչ ծավալով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար: Դատական պաշտպանության այն միջոցի հետ կապված ծախսերը, որ իր նպատակին չի ծառայել, դրվում են այդ միջոցն օգտագործած կողմի վրա, անգամ եթե վճիռը կայացվել է այդ կողմի օգտին:

Վճռաբեկ դատարանը, նկատի ունենալով այն, որ վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման, իսկ գործը` 21.08.2014 թվականին կայացված միջամտող վարչական ակտը վերացնելու պահանջի մասով, ուղարկվում է նոր քննության, որպիսի պարագայում դատական ծախսերի բաշխման հարցին նշված պահանջի մասով հնարավոր չէ անդրադառնալ գործի քննության ներկա փուլում, գտնում է, որ այդ հարցը ենթակա է լուծման գործի նոր քննության ընթացքում:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-171-րդ հոդվածներով, 172-րդ հոդվածի 1-ին մասով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 13.11.2018 թվականի որոշման` ՀՀ վարչական դատարանի 18.04.2017 թվականի վճռի անփոփոխ թողնելու մասը, և այդ մասով գործն ուղարկել ՀՀ վարչական դատարան` նոր քննության:

2. 21.08.2014 թվականին կայացված միջամտող վարչական ակտը վերացնելու պահանջի մասով դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:

 

Նախագահող Ռ. Հակոբյան

Զեկուցող Ա. Բարսեղյան

Ս. Անտոնյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Ա. Մկրտչյան

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

Ն. Տավարացյան

 

ՀԱՏՈՒԿ ԿԱՐԾԻՔ

 

20.05.2021թ.

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատի կողմից թիվ ՎԴ/3141/05/16 վարչական գործով 20.05.2021 թվականին

կայացված որոշման վերաբերյալ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան), 20.05.2021 թվականին գրավոր ընթացակարգով քննելով ՀՀ քաղաքաշինության կոմիտեի (այսուհետ` Կոմիտե) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 13.11.2018 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Շիրակ Հարությունյանի ընդդեմ ՀՀ քաղաքաշինության նախարարության (իրավահաջորդ` Կոմիտե), երրորդ անձինք Միսակ Հարությունյանի, ՀՀ աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով պետական աջակցությամբ իրականացվող բնակարանային շինարարության ծրագրերի շրջանակներում կառուցված բնակարանների (բնակելի տների) հատկացման հարցերով հանձնաժողովի (այսուհետ` Հանձնաժողով)` Հանձնաժողովի կողմից 21.08.2014 թվականին կայացված միջամտող վարչական ակտը վերացնելու և Հանձնաժողովին` բնակարանային շինարարության ծրագրի շրջանակներում կառուցված բնակարանները (բնակելի տները) ստանալու հավակնող անձանց ցուցակում ընդգրկելու մասին հրամանի նախագիծ կազմելուն և ՀՀ քաղաքաշինության նախարարի հաստատմանը ներկայացնելուն պարտավորեցնելու պահանջների մասին, նույն պալատի դատավորների ընդհանուր թվի մեծամասնությամբ որոշել է վճռաբեկ բողոքը բավարարել, բեկանել ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 13.11.2018 թվականի որոշման` ՀՀ վարչական դատարանի 18.04.2017 թվականի վճռի անփոփոխ թողնելու մասը, և այդ մասով գործն ուղարկել ՀՀ վարչական դատարան` նոր քննության:

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի դատավորներ Ռուզաննա Հակոբյանս, Գոռ Հակոբյանս և Արսեն Մկրտչյանս, համաձայն չլինելով վերը նշված որոշմամբ Վճռաբեկ դատարանի դատավորների մեծամասնության արտահայտած կարծիքի հետ, ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի 6-րդ և 7-րդ մասերով, շարադրում ենք մեր հատուկ կարծիքը որոշման վերաբերյալ:

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Շիրակ Հարությունյանը պահանջել է վերացնել Հանձնաժողովի կողմից 21.08.2014 թվականին կայացված միջամտող վարչական ակտը և պարտավորեցնել Հանձնաժողովին կազմել բնակարանային շինարարության ծրագրի շրջանակներում կառուցված բնակարանները (բնակելի տները) ստանալու հավակնող անձանց ցուցակում ընդգրկելու մասին հրամանի նախագիծը և ներկայացնել ՀՀ քաղաքաշինության նախարարի հաստատմանը:

ՀՀ Նախագահի 08.10.2016 թվականի թիվ ՆՀ-1091-Ն հրամանագրով ՀՀ քաղաքաշինության նախարարությունը վերակազմավորման ձևով վերակազմակերպվել է Կոմիտեի:

ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Ա. Ավագյան) (այսուհետ` Դատարան) 18.04.2017 թվականի վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 13.11.2018 թվականի որոշմամբ Կոմիտեի վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակիորեն` Դատարանի 18.04.2017 թվականի վճիռը մասնակիորեն` Հանձնաժողովին` բնակարանային շինարարության ծրագրի շրջանակներում կառուցված բնակարանները (բնակելի տները) ստանալու հավակնող անձանց ցուցակում ընդգրկելու մասին հրամանի նախագիծ կազմելուն և ՀՀ քաղաքաշինության նախարարի հաստատմանը ներկայացնելուն պարտավորեցնելու պահանջների մասով, բեկանվել և այդ մասով գործն ուղարկվել է ՀՀ վարչական դատարան` նոր քննության, իսկ մնացած մասով վճիռը թողնվել է անփոփոխ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Կոմիտեն (ներկայացուցիչ` Արմեն Ղուլարյան):

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ դատարանը բողոքը քննել է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ կառավարության 10.06.1999 թվականի թիվ 432 որոշմամբ հաստատված աղետի գոտու բնակավայրերում բնակարանների արտահերթ հատկացման կարգի 2-րդ կետը, 11-րդ կետը, 12-րդ կետի «ա» ենթակետը, 13-րդ կետը, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 25-րդ, 114-րդ, 144-րդ, 146-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ բնակարանային պայմանների բարելավման փաստն անձի կողմից բնակարանի ձեռքբերման ամսաթվով որոշելն անհիմն է, քանի որ քաղաքացու ընտանիքի բնակարանային պայմանների բարելավումը կարող է որոշվել բացառապես նրան պատկանող և բնակության համար պիտանի տան առկայությամբ կամ բացակայությամբ: Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ քաղաքացիներին ծրագրի շահառու ճանաչելու համար պարտադիր նախապայմաններից է նրանց անօթևան լինելու հանգամանքը: Մինչդեռ Հանձնաժողովը պարզել է, որ Շիրակ Հարությունյանի մոր` Սուսաննա Նիկողոսյանի անվամբ 02.06.1999 թվականին գրանցվել է սեփականության իրավունք Գյումրի քաղաքի Իսահակյան փողոցի 7-րդ շենքի թիվ 22-23-24 բնակարանի նկատմամբ: Նշված բնակարանը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 201-րդ հոդվածի ուժով հայցվորի ծնողների` Սուսաննա Նիկողոսյանի և Գագիկ Հարությունյանի համատեղ սեփականությունն է, որից հետևում է, որ Շիրակ և Միսակ Հարությունյանները նույնպես հանդիսանում են միևնույն ընտանիքի անդամներ, ուստի վերը նշված անշարժ գույքի ձեռքբերմամբ նրանց ընտանիքը բարելավել է իր բնակարանային պայմանները:

Նման պայմաններում Հանձնաժողովն իրավաչափորեն եկել է այն եզրահանգման, որ Հարությունյանների ընտանիքը չի կարող համարվել անօթևան, քանի որ երկրաշարժի օրվա դրությամբ ընտանիքի անդամների բնակարանային պայմանները բարելավվել են, հետևաբար նրանք այլևս չեն կարող համարվել բնակարանային շինարարության ծրագրերի շահառու և պետք է հանվեն հաշվառումից: Ընդ որում, էական չէ, թե անշարժ գույքը ձեռք է բերվել նախքան հերթացուցակում ընդգրկվելը, թե` դրանից հետո:

Բացի այդ, Վերաքննիչ դատարանը պետք է հաշվի առներ, որ վերոնշյալ ծրագրի շահառու ճանաչվելուն հավակնող անձանց հաշվառումը համայնքի ղեկավարն իրականացնում է վերջիններիս դիմումների և դրանց կից փաստաթղթերի հիման վրա, իսկ հարցի ըստ էության լուծման համար մյուս անհրաժեշտ և ամբողջական տեղեկատվությունը ձեռք բերելու, այդ ուղղությամբ հարցումներ իրականացնելու և հերթացուցակում ընդգրկվելու համապատասխանության մասին վերջնական որոշում կայացնելու իրավասությունը վերապահված է Հանձնաժողովին: Փաստորեն պետք է արձանագրել, որ սույն վարչական գործով դատարանները չեն պարզել գործի լուծման համար էական նշանակություն ունեցող բոլոր փաստերը, անտեսել են մի շարք իրավակարգավորումներ, ինչպես նաև չեն իրականացրել ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննություն, որի հետևանքով կայացրել են չհիմնավորված դատական ակտեր:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 13.11.2018 թվականի որոշումը և գործն ուղարկել նոր քննության:

 

3. Որպես վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստեր Վճռաբեկ դատարանն արձանագրել է հետևյալը.

1) Երկրաշարժի հետևանքով քանդված Գյումրի քաղաքի Երևանյան խճուղի թիվ 7 շենքի 33-րդ բնակարանի դիմաց երկսենյականոց բնակարան ստանալու համար Գագիկ Հարությունյանը` ընտանիքի 3 անձով (ինքը և երկու երեխաները` Շիրակ և Միսակ Հարությունյանները) հաշվառված են եղել Գյումրու քաղաքապետի կողմից 01.11.2008 թվականի դրությամբ հաստատված` երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած, բնակարան արտահերթ ստանալու իրավունք ունեցող քաղաքացիների հերթացուցակում (հատոր 1-ին, գ.թ. 9-16).

2) 22.11.2011 թվականին Հանձնաժողովի կողմից կայացված նիստում կազմվել է արձանագրություն, որի համաձայն` ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 201-րդ հոդվածի 1-ին կետով, ինչպես նաև ՀՀ կառավարության 26.11.2009 թվականի թիվ 1402-Ն որոշման 1-ին կետով հաստատված կանոնակարգի 11-րդ կետով և ՀՀ կառավարության 10.06.1999 թվականի թիվ 432 որոշման 1-ին կետով հաստատված կարգի 12-րդ ու 13-րդ կետերով` որոշվել է Գագիկ Հարությունյանի ընտանիքը չընդգրկել Գյումրի քաղաքում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած, սահմանված կարգով հաշվառված ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով պետական աջակցությամբ իրականացվող բնակապահովման ծրագրի շրջանակներում բնակարանային պայմանները բարելավելու իրավունք ունեցողների ցուցակում (հատոր 1-ին, գ.թ. 9-16).

3) ՀՀ վարչական դատարանի թիվ ՎԴ/2946/05/12 վարչական գործով 30.01.2013 թվականի վճռի համաձայն` Գագիկ Հարությունյանի հայցն ընդդեմ Հանձնաժողովի, ՀՀ քաղաքաշինության նախարարության` Հանձնաժողովի 22.11.2011 թվականի որոշումն անվավեր ճանաչելու և Գագիկ Հարությունյանի ընտանիքին պետական աջակցությամբ իրականացվող բնակարանային շինարարության ծրագրերի շրջանակներում բնակապահովման ծրագրում ընդգրկելուն և համապատասխան բնակարան հատկացնելուն պարտավորեցնելու պահանջների մասին, բավարարվել է մասնակիորեն` անվավեր է ճանաչվել Հանձնաժողովի 22.11.2011 թվականի որոշումը, իսկ Գագիկ Հարությունյանի հայցը` պատասխանողին իր ընտանիքին պետական աջակցությամբ իրականացվող բնակարանային շինարարության ծրագրերի շրջանակներում բնակապահովման ծրագրում ընդգրկելուն և համապատասխան բնակարան հատկացնելուն պարտավորեցնելու պահանջի մասով, կարճվել է: ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 13.06.2013 թվականի թիվ ՎԴ/2946/05/12 վարչական գործով կայացված որոշմամբ վերաքննիչ բողոքը մերժվել է, և ՀՀ վարչական դատարանի 30.01.2013 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ: ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 31.07.2013 թվականի որոշմամբ թիվ ՎԴ/2946/05/12 վարչական գործով բերված վճռաբեկ բողոքը վերադարձվել է (հատոր 1-ին, գ.թ. 9-28).

4) Գագիկ Հարությունյանի և Սուսաննա Նիկողոսյանի ամուսնությունը գրանցվել է ՔԿԱԳ մարմնում 29.10.1986 թվականին (հատոր 1-ին, գ.թ. 12).

5) Գագիկ Հարությունյանի և նրա կնոջ` Սուսաննա Նիկողոսյանի միջև 02.03.2012 թվականին կնքված և նոտարական կարգով վավերացված պայմանագրով կողմերը փոփոխել են ամուսինների համատեղ սեփականության շրջանակը և պայմանավորվել, որ սկսած ամուսնության պետական գրանցման պահից` 29.10.1986 թվականից, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 201-րդ հոդվածի համաձայն` ամուսնության ընթացքում ամուսինների համատեղ միջոցներով ձեռք բերված և համատեղ սեփականության իրավունքով նրանց պատկանող անշարժ և շարժական գույքը, որտեղ էլ որ այն գտնվի, ինչումն էլ որ այն արտահայտվի, անձնական սեփականության իրավունքով պատկանի ամուսիններից նրան, ում անունով տրված է սեփականության փաստաթուղթը կամ ով կնքել և ստորագրել է այդ գույքի ձեռք բերման գործարքը և այդ գույքի նկատմամբ գրանցվի նրա անձնական սեփականության իրավունքը, իսկ եթե գործարքը կնքել և ստորագրել են երկու ամուսիններն էլ և սեփականության փաստաթուղթը տրված է երկու ամուսինների անունով, ապա գույքը հանդիսանա ամուսինների համատեղ սեփականությունը (հատոր 1-ին, գ.թ. 9-16).

6) 02.06.1999 թվականին կնքված և նոտարական կարգով վավերացված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրով Գագիկ Հարությունյանի կինը` Սուսաննա Նիկողոսյանը ձեռք է բերել Գյումրի քաղաքի Իսահակյան փողոցի 7-րդ շենքի թիվ 22-23-24` 138,41 քմ ընդհանուր մակերեսով բնակարանը: Նշված պայմանագրից ծագած իրավունքներն օրենքով սահմանված կարգով ստացել են պետական գրանցում անշարժ գույքի պետական գրանցման միասնական 4-6 մատյանի 000149 համարի տակ և տրվել է անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման թիվ 051996 վկայականը (հատոր 1-ին, գ.թ. 96-98).

7) Հանձնաժողովի 21.08.2014 թվականի թիվ 3 արձանագրության քաղվածքի համաձայն` Հանձնաժողովը գտել է, որ 02.06.1999 թվականին Գյումրի քաղաքի Իսահակյան փողոցի 7-րդ շենքի թիվ 22-23-24` 138,41 քմ ընդհանուր մակերեսով բնակարանի նկատմամբ հայցվորի մոր` Սուսաննա Նիկողոսյանի սեփականության իրավունքի գրանցման պահից Գագիկ Հարությունյանի ընտանիքը բարելավել է իր բնակարանային պայմանները, ինչի պարագայում վերացել են ընտանիքի` բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող համարվելու հիմքերը և որոշվել է Գյումրի քաղաքում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով պետական աջակցությամբ իրականացվող բնակապահովման ծրագրի շահառու չճանաչել Գագիկ Հարությունյանի ընտանիքը` ղեկավարվելով ՀՀ կառավարության 10.06.1999 թվականի թիվ 432 որոշման 1-ին կետով սահմանված կարգի 13-րդ կետի, 2009 թվականի թիվ 1402-Ն որոշման 1-ին կետով հաստատված կանոնակարգի 6-րդ կետի 1-ին ենթակետի, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 23-րդ և 201-րդ հոդվածների, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 62-րդ հոդվածի դրույթներով (հատոր 1-ին, գ.թ. 29-32).

8) Շիրակ Հարությունյանը ՀՀ քաղաքաշինության նախարարին ուղղված 02.05.2016 թվականի գրությամբ խնդրել է տեղեկություններ հայտնել այն մասին, թե Հանձնաժողովի 22.11.2011 թվականի որոշումն անվավեր ճանաչվել է, թե` ոչ: Միաժամանակ խնդրել է հստակեցնել իր կարգավիճակը և տեղեկություններ հայտնել այն մասին, թե բնակարանային շինարարության ծրագրերի շրջանակներում կառուցված բնակարանները (բնակելի տների) ստացող անձանց ցուցակում ինքը և իր ընտանիքը ընդգրկված են, թե` ոչ (հատոր 1-ին, գ.թ. 33-34).

9) ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ Ա. Ղուլարյանը 26.05.2016 թվականի` Շիրակ Հարությունյանին ուղղված թիվ 03/13.1/2790-16 գրությամբ հայտնել է, որ Հանձնաժողովի 21.08.2014 թվականի քննարկման արդյունքներով, ղեկավարվելով ՀՀ կառավարության 10.06.1999 թվականի թիվ 432 որոշման 1-ին կետով սահմանված կարգի 13-րդ կետի, 2009 թվականի թիվ 1402-Ն որոշման 1-ին կետով հաստատված կանոնակարգի 6-րդ կետի 1-ին ենթակետի, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 23-րդ և 201-րդ հոդվածների, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 62-րդ հոդվածի դրույթներով, Գագիկ Հարությունյանի ընտանիքը չի ճանաչվել աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով պետական աջակցությամբ իրականացվող բնակապահովման ծրագրի շահառու (հատոր 1-ին, գ.թ. 36-37):

 

4. Հատուկ կարծիքի հիմնավորումները.

Սույն գործը հարուցվել է Շիրակ Հարությունյանի կողմից ներկայացված հայցի հիման վրա, որով վերջինս պահանջել է վերացնել Հանձնաժողովի կողմից 21.08.2014 թվականին կայացված միջամտող վարչական ակտը և պարտավորեցնել Հանձնաժողովին կազմել բնակարանային շինարարության ծրագրի շրջանակներում կառուցված բնակարանները (բնակելի տները) ստանալու հավակնող անձանց ցուցակում ընդգրկելու մասին հրամանի նախագիծը և ներկայացնել ՀՀ քաղաքաշինության նախարարի հաստատմանը:

Դատարանը բավարարել է Շիրակ Հարությունյանի հայցը` անվավեր ճանաչելով Հանձնաժողովի կողմից 21.08.2014 թվականին կայացված վարչական ակտը

և պարտավորեցնելով Հանձնաժողովին կազմել բնակարանային շինարարության ծրագրի շրջանակներում կառուցված բնակարանները (բնակելի տները) ստանալու հավակնող անձանց ցուցակում Գագիկ Հարությունյանի ընտանիքն ընդգրկելու մասին հրամանի նախագիծ ու ներկայացնել Կոմիտեի նախագահի հաստատմանը: Դատարանը պատճառաբանել է, որ Հանձնաժողովն իրավասու չէր ՀՀ կառավարության 10.06.1999 թվականի թիվ 432 որոշման 1-ին կետով սահմանված կարգի 13-րդ կետի, 2009 թվականի թիվ 1402-Ն որոշման 1-ին կետով հաստատված կանոնակարգի 6-րդ կետի 1-ին ենթակետի հիմքերով շահառու չճանաչել Գագիկ Հարությունյանի ընտանիքին (այդ թվում նաև` հայցվոր Շիրակ Հարությունյանին), քանի որ Հանձնաժողովի իրավասությունները սահմանվել են Կանոնակարգով, իսկ դրանով բնակարանային շինարարության ծրագրում չընդգրկելու վերաբերյալ որոշումը կարող է ընդունվել բացառապես Կարգի 12-րդ կետով նախատեսված հիմքերով:

Վերաքննիչ դատարանը մասնակիորեն բավարարել է Կոմիտեի վերաքննիչ բողոքը և Դատարանի վճիռը մասնակիորեն` Հանձնաժողովին` բնակարանային շինարարության ծրագրի շրջանակներում կառուցված բնակարանները (բնակելի տները) ստանալու հավակնող անձանց ցուցակում ընդգրկելու մասին հրամանի նախագիծ կազմելուն և ՀՀ քաղաքաշինության նախարարի հաստատմանը ներկայացնելուն պարտավորեցնելու պահանջների մասով բեկանել և այդ մասով գործն ուղարկել է Դատարան` նոր քննության, իսկ մնացած` Հանձնաժողովի կողմից 21.08.2014 թվականին կայացված միջամտող վարչական ակտը վերացնելու պահանջի մասով, թողել է անփոփոխ: Վերաքննիչ դատարանը նշել է, որ ՀՀ կառավարության 10.06.1999 թվականի թիվ 432 որոշմամբ հաստատված Կարգի 12-րդ կետի «ա» ենթակետով սահմանված իրավական հիմքի առկայությունը կարող է հաստատված համարվել միայն այն դեպքերում, երբ անձանց բնակարանային պայմանները բարելավվել են հաշվառումից հետո, քանի որ քննարկվող նորմի բովանդակային մեկնաբանությունը վկայում է, որ տվյալ դեպքում էական է համարվում արդեն իսկ հաշվառման վերցված անձանց բնակարանային պայմանները բարելավվելու փաստի առկայությունը:

Վերաքննիչ դատարանը գտել է, որ Դատարանը, հայցն ամբողջությամբ բավարարելիս, չի անդրադարձել գործողության կատարման հայցի բավարարման հիմքերին և գործն ըստ էության լուծող դատական ակտի պատճառաբանական մասում պետք է դիրքորոշում արտահայտեր հայցվորի կողմից ներկայացված յուրաքանչյուր պահանջի հիմնավորվածության վերաբերյալ, իսկ եզրափակիչ մասում պետք է ներառեր հայցվորի պահանջների բավարարման կամ մերժման վերաբերյալ դատարանի վերջնական եզրակացությունը: Տվյալ դեպքում բողոքարկվող դատական ակտի պատճառաբանական մասում բացակայում է Հայցվորի կողմից ներկայացված` Հանձնաժողովին` բնակարանային շինարարության ծրագրի շրջանակներում կառուցված բնակարանները (բնակելի տները) ստանալու հավակնող անձանց ցուցակում ընդգրկելու մասին հրամանի նախագիծ կազմելուն և ՀՀ քաղաքաշինության նախարարի հաստատմանը ներկայացնելուն պարտավորեցնելու պահանջների հիմնավորվածության վերաբերյալ որևէ դիրքորոշում, մինչդեռ դատական ակտի եզրափակիչ մասում Դատարանը վճռել է պարտավորեցնել Հանձնաժողովին կազմել բնակարանային շինարարության ծրագրի շրջանակներում կառուցված բնակարանները (բնակելի տները) ստանալու հավակնող անձանց ցուցակում Գագիկ Հարությունյանի ընտանիքն ընդգրկելու մասին հրամանի նախագիծ և ներկայացնել Կոմիտեի նախագահի հաստատմանը:

Վճռաբեկ դատարանը որոշել է վճռաբեկ բողոքը բավարարել, բեկանել ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 13.11.2018 թվականի որոշման` ՀՀ վարչական դատարանի 18.04.2017 թվականի վճռի անփոփոխ թողնելու մասը, և այդ մասով գործն ուղարկել ՀՀ վարչական դատարան` նոր քննության:

Ի հիմնավորումն վերոգրյալ եզրահանգման` Վճռաբեկ դատարանը, վկայակոչելով ՀՀ կառավարության 10.06.1999 թվականի թիվ 432 որոշմամբ հաստատված «Աղետի գոտու բնակավայրերում բնակարանների արտահերթ հատկացման կարգի» (այսուհետ` Կարգ) 2-րդ, 3-րդ, 4-րդ, 7-րդ, 12-րդ, 13-րդ, 23-րդ կետերը, ՀՀ կառավարության 26.11.2009 թվականի թիվ 1402-Ն որոշմամբ հաստատված «Աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով պետական աջակցությամբ իրականացվող բնակարանային շինարարության ծրագրերի շրջանակներում կառուցված բնակելի տների (բնակարանների) հատկացման հարցերով հանձնաժողովի կանոնակարգի» (այսուհետ` Հանձնաժողովի կանոնակարգ) 5-րդ, 6-րդ, 8-րդ, 10-րդ, 11-րդ կետերը, ինչպես նաև վերահաստատելով և զարգացնելով Մերուժան Սարգսյանն ընդդեմ ՀՀ աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով պետական աջակցությամբ իրականացվող բնակարանային շինարարության ծրագրերի շրջանակներում կառուցված բնակելի տների (բնակարանների) հատկացման հարցերով հանձնաժողովի` թիվ ՎԴ/6379/05/15 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 01.08.2019 թվականի և Գայանե Սարգսյանն ընդդեմ ՀՀ քաղաքաշինության նախարարության, Հանձնաժողովի` թիվ ՎԴ/3693/05/10 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 08.05.2014 թվականի որոշումներով արտահայտած իրավական դիրքորոշումները, արձանագրել է հետևյալը.

«(...) երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած և բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող քաղաքացիների և նրանց ընտանիքի անդամներին հաշվառման վերցնելու հիմքը երկրաշարժի հետևանքով վերջիններիս պատկանող կացարանների (բազմաբնակարան շենքի բնակարանի) երկրաշարժի հետևանքով քանդված կամ բնակվելու համար ոչ պիտանի դառնալու փաստն է: (...) աղետի գոտու բնակավայրերում պետական աջակցությամբ իրականացվող բնակարանային ապահովման ծրագրերի նպատակը երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած և բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող քաղաքացիներին և նրանց ընտանիքի անդամներին բնակության համար պիտանի կացարանով ապահովելն է: Միևնույն ժամանակ, (...) ՀՀ կառավարության 10.06.1999 թվականի թիվ 432 որոշմամբ հաստատված Կարգի 12-րդ կետի «ա» ենթակետի իրավակարգավորման առկայության պայմաններում, համայնքի ղեկավարի կողմից քաղաքացուն հաշվառման վերցնելը մերժելու կամ Հանձնաժողովի կողմից քաղաքացուն բնակարանային շինարարության ծրագրում չընդգրկելու մասին որոշում կայացնելու համար հիմք է քաղաքացու և նրա ընտանիքի անդամներից որևէ մեկին պատկանող պիտանի կացարանի առկայությունը կամ բացակայությունը: Ընդ որում, (...) բնակարանային պայմանների բարելավման հիմքով քաղաքացիներին հաշվառումից հանելու մասին որոշման կայացումը չի կարող պայմանավորված լինել այն հանգամանքով, թե քաղաքացու և նրա ընտանիքի անդամների բնակարանային պայմանները բարելավվել են հաշվառման վերցվելուց առաջ, թե` հետո (տե՛ս Վճռաբեկ դատարանի որոշման 6-9-րդ էջեր):

(...)

Կարգի 12-րդ կետի «ա» ենթակետում ամրագրված` քաղաքացիներին հաշվառումից հանելու հիմքի (այն է` հաշվառման վերցված անձանց բնակարանային պայմանները բարելավվել են, որի կապակցությամբ վերացել են հաշվառման մեջ գտնվելու հիմքերը) կիրառության համար առանցքային նշանակություն ունի այն հանգամանքը, որ երկրաշարժի հետևանքով կացարաններ (բազմաբնակարան շենքի բնակարաններ) կորցրած Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ունեցող անձի կամ նրա ընտանիքի անդամներից թեկուզև մեկի բնակարանային պայմանները բարելավվել են: Այսինքն` նշված իրավադրույթի իմաստով ընտանիքի անդամ ասածը վերաբերում է երկրաշարժի օրվա դրությամբ ընտանիքի կազմում ընդգրկված անդամին: Սույն գործի փաստերից հետևում է, որ երկրաշարժի օրվա դրությամբ Գագիկ Հարությունյանի ընտանիքի կազմում ընդգրկված էին ինքը, կինը` Սուսաննա Նիկողոսյանը, Շիրակ և Միսակ Հարությունյանները: Բացի այդ, հայցվոր Շիրակ Հարությունյանը և վերջինիս եղբայրը` Միսակ Հարությունյանը 1988 թվականին անչափահաս էին (Շիրակ Հարությունյանը ծնվել է 28.01.1987 թվականին):

Սույն գործի փաստերով հաստատվում է, որ հայցվորի մայրը` Սուսաննա Նիկողոսյանը, դեռևս 02.06.1999 թվականին Գյումրի քաղաքի Իսահակյան փողոցի թիվ 7 շենքի թիվ 22-23-24` 138,41 քմ ընդհանուր մակերեսով բնակարանի նկատմամբ ձեռք է բերել սեփականության իրավունք, որի պայմաններում, Կարգի իրավակարգավորումների լույսի ներքո վերլուծելիս, ստացվում է, որ հայցվորի ընտանիքի անդամներից մեկը բարելավել էր բնակարանային պայմանները: Այսինքն` թե՛ հայցվորը, թե՛ վերջինիս հայրը` Գագիկ Հարությունյանը, բնակարանային պայմանները բարելավելու նպատակով հաշվառման վերցվելու խնդրանքով Գյումրու քաղաքապետին դիմելու պահին` 2008 թվականին, չէին կարող հաշվառվել Գյումրի քաղաքի բնակարանային ապահովման ծրագրերի շրջանակներում բնակարանային պայմանների բարելավման իրավունք ունեցող քաղաքացիների հերթացուցակում, քանի որ արդեն իսկ բարելավվել էին բնակարանային պայմանները: Ասվածն էլ իր հերթին նշանակում է, որ այդ հերթացուցակում Շիրակ Հարությունյանին հաշվառման վերցնելը չի բխել ՀՀ կառավարության 10.06.1999 թվականի թիվ 432 որոշմամբ հաստատված Կարգի պահանջներից:

(...) թեև երկրաշարժից քանդվելու հետևանքով բնակարաններ կորցրած քաղաքացիների և նրանց ընտանիքի անդամների` որպես աղետի գոտու բնակավայրերում բնակարան արտահերթ ստանալու իրավունք ունեցող սուբյեկտների, սկզբնական հաշվառումն իրականացնում է նրանց մշտական բնակավայրի համայնքի ղեկավարը` այդպիսի քաղաքացիներին ընդգրկելով համապատասխան հերթացուցակում, այնուամենայնիվ Հանձնաժողովն իր հերթին ուսումնասիրում և պարզում է այդ հերթացուցակում անձանց ընդգրկվելու չափանիշների համապատասխանությունը ՀՀ կառավարության 10.06.1999 թվականի թիվ 432 որոշմամբ նախատեսված պահանջներին և Կարգով նախատեսված հիմքերի առկայության դեպքում կայացնում է բնակարանային շինարարության ծրագրում այդ անձանց (նրանց ընտանիքներին) չընդգրկելու վերաբերյալ որոշում: Իսկ նշված հիմքերի բացակայության դեպքում Հանձնաժողովը ՀՀ քաղաքաշինության նախարարի (ներկայումս` Կոմիտեի նախագահի) հաստատմանն է ներկայացնում բնակարանային շինարարության ծրագրի շրջանակներում կառուցված բնակարանները (բնակելի տները) ստանալու հավակնող անձանց ցուցակի հաստատման մասին հրամանի նախագիծ:

Այսինքն` թեև հայցվորի ընտանիքը համայնքի ղեկավարի կողմից ընդգրկվել էր վերոնշյալ ծրագրի հերթացուցակում, սակայն Հանձնաժողովի կողմից ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ առկա է Կարգի 12-րդ կետի «ա» ենթակետով սահմանված հիմքը, ուստիև կայացվել է բնակարանային շինարարության ծրագրում Շիրակ Հարությունյանի ընտանիքին չընդգրկելու վերաբերյալ որոշում:

Այսպիսով, (...) Կարգի 12-րդ կետի «ա» ենթակետի իրավակարգավորման լույսի ներքո` Հանձնաժողովն իրավասու էր իր 21.08.2014 թվականի նիստում որոշում կայացնել Շիրակ Հարությունյանին բնակարանային շինարարության ծրագրում չընդգրկելու վերաբերյալ, քանի որ Շիրակ Հարությունյանի ընտանիքի անդամը` մայրը, անշարժ գույք ձեռք բերելու միջոցով արդեն իսկ բարելավել էր ընտանիքի բնակարանային պայմանները: Ընդ որում, բնակարանային պայմանները բարելավելու ժամանակահատվածը սույն պարագայում որևէ նշանակություն ունենալ չի կարող գործի լուծման համար, քանի որ Կարգի վերոնշյալ իրավակարգավորման մեջ նշված փաստը պայմանավորված չէ որևէ ժամանակային սահմանափակմամբ և հավասարապես կարող է վերաբերել ինչպես հաշվառումից հետո, այնպես էլ` մինչ այդ ընկած ժամանակահատվածին, ինչն անտեսվել է ստորադաս ատյանների կողմից:

(...) ստորադաս դատարանի` Հանձնաժողովի կողմից 21.08.2014 թվականին կայացված միջամտող վարչական ակտը վերացնելու պահանջի մասով, պատճառաբանությունները չէին կարող հիմք հանդիսանալ Կոմիտեի վերաքննիչ բողոքը մերժելու և Դատարանի 18.04.2017 թվականի վճիռն այդ մասով անփոփոխ թողնելու համար: Սույն գործով վիճարկվող վարչական ակտը վերացնելու համար անհրաժեշտ պայման է գործի քննությամբ հաստատված այն հանգամանքը, որ վարչական ակտն ընդունվել է օրենքի խախտմամբ ու դրանով խախտվել է հայցվորի` ՀՀ Սահմանադրությամբ, միջազգային պայմանագրերով, օրենքներով և այլ իրավական ակտերով ամրագրված իրավունքներն ու ազատությունները, որպիսի փաստերը վերը նշված դիրքորոշումների պարագայում Վճռաբեկ դատարանը հաստատված չհամարեց» (տե՛ս Վճռաբեկ դատարանի որոշման 6-9-րդ էջեր):

 

Վճռաբեկ դատարանի դատավորներ Ռուզաննա Հակոբյանս, Գոռ Հակոբյանս և Արսեն Մկրտչյանս, համաձայն չլինելով Վճռաբեկ դատարանի դատավորների մեծամասնության կողմից վերը նշված որոշմամբ արտահայտած կարծիքի հետ, շարադրում ենք մեր հատուկ կարծիքը որոշման վերաբերյալ:

 

ՀՀ Սահմանադրության 171-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Հայաստանի Հանրապետությունում բարձրագույն դատական ատյանը, բացառությամբ սահմանադրական արդարադատության ոլորտի, Վճռաբեկ դատարանն է:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` Վճռաբեկ դատարանը դատական ակտերն օրենքով սահմանված լիազորությունների շրջանակներում վերանայելու միջոցով`

1) ապահովում է օրենքների և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառությունը.

2) վերացնում է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտումները:

«Դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Վճռաբեկ դատարանը վերանայում է վերաքննիչ դատարանի, իսկ օրենքով նախատեսված դեպքերում` իր կայացրած դատական ակտերը:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` Վճռաբեկ դատարանը դատական ակտերն օրենքով սահմանված լիազորությունների շրջանակում վերանայելու միջոցով`

1) ապահովում է օրենքների և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառությունը.

2) վերացնում է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտումները:

Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` օրենքների և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառությունը Վճռաբեկ դատարանն ապահովում է, եթե առկա է իրավունքի զարգացման խնդիր, կամ տարբեր գործերով դատարանների կողմից նորմատիվ իրավական ակտը տարաբնույթ է կիրառվել կամ չի կիրառվել տարաբնույթ իրավաընկալման հետևանքով:

Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն` մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտումները վերացնելու նպատակով Վճռաբեկ դատարանը վերանայում է այն դատական ակտերը, որոնք խաթարում են արդարադատության բուն էությունը:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 168-րդ հոդվածի համաձայն` Վճռաբեկ դատարանը բողոքարկվող դատական ակտը վերանայում է վճռաբեկ բողոքում ներկայացված պահանջների սահմաններում:

Վերոգրյալ իրավանորմերի վերլուծությունից ուղղակիորեն բխում է, որ ՀՀ վճռաբեկ դատարանը դատական ակտերը վերանայող, այլ ոչ թե գործն ըստ էության քննող և լուծող դատական ատյան է, հետևաբար վարույթ ընդունված վճռաբեկ բողոքի քննությունը պետք է իրականացվի բողոքարկվող դատական ակտի վերանայման միջոցով` վճռաբեկ բողոքում ներկայացված պահանջների սահմաններում:

Տվյալ դեպքում ներկայացված վճռաբեկ բողոքով վկայակոչելով և վերլուծելով «Աղետի գոտու վերականգնման մասին», «Աղետի գոտու վերականգնման համալիր ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ օրենքները, Կարգի 2-րդ, 11-րդ կետերը, 12-րդ կետի «ա» ենթակետը, 13-րդ կետը, ՀՀ կառավարության 13.11.2008 թվականի թիվ 1337-Ն, 26.11.2009 թվականի թիվ 1402-Ն որոշումները` Հանձնաժողովը պնդել է, որ սույն գործով կայացված դատական ակտով վերոգրյալ իրավանորմերին տրված մեկնաբանությունները հակասում են թիվ ՎԴ/1526/05/14 և թիվ ՎԴ/6714/05/14 վարչական գործերով ՀՀ վերաքննիչ դատարանի որոշումներով տրված մեկնաբանություններին: Միևնույն ժամանակ վճռաբեկ բողոքով վկայակոչելով և վերլուծելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 25-րդ, 114-րդ, 144-րդ, 146-րդ հոդվածները` Հանձնաժողովը պնդել է, որ սույն գործով կայացված դատական ակտով վերոգրյալ իրավանորմերին տրված մեկնաբանությունները հակասում են թիվ ՎԴ/4056/05/09 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի որոշմամբ տրված մեկնաբանություններին:

Փաստորեն Հանձնաժողովը վճռաբեկ բողոքը ներկայացրել է այն վարույթ ընդունելու ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի և 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերի հիմքով(1), որով էլ Վճռաբեկ դատարանը, ըստ էության, պայմանավորել է վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը` գտնելով, որ տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները` աղետի գոտու բնակավայրերում քաղաքացիներին բնակարանների արտահերթ հատկացման կարգի առանձնահատկությունների վերաբերյալ, կարևոր նշանակություն կունենան նմանատիպ գործերով միասնական և կանխատեսելի դատական պրակտիկա ձևավորելու համար (տե՛ս Վճռաբեկ դատարանի որոշման 5-րդ էջ, բաժին 4-րդ):

___________________________

1) Հանձնաժողովի վճռաբեկ բողոքում վկայակոչվել է նաև ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը, սակայն հաշվի առնելով այն հանգամանքը, որ վճռաբեկ բողոքը չի պարունակում նշված կետի հիմնավորում, մասնավորապես` նշված չէ, թե դատարանի կիրառած նյութական կամ դատավարական իրավունքի կոնկրետ որ նորմի կապակցությամբ է առկա իրավունքի զարգացման խնդիր, գտնում ենք, որ այդ հիմքով վճռաբեկ բողոքը չի կարող քննվել, ուստի այդ մասով որևէ դիրքորոշում չենք հայտնում

 

Գտնում ենք, որ Վերաքննիչ դատարանի որոշումը պետք է վերանայվի բացառապես այն պահանջի սահմաններում, որը ներկայացրել է Հանձնաժողովն իր վճռաբեկ բողոքում: Այսինքն` տվյալ դեպքում դատական ակտի վերանայումը պետք է իրականացվի սույն գործով կայացված դատական ակտով «Աղետի գոտու վերականգնման մասին», «Աղետի գոտու վերականգնման համալիր ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ օրենքներին, Կարգի 2-րդ, 11-րդ կետերին, 12-րդ կետի «ա» ենթակետին, 13-րդ կետին, ՀՀ կառավարության 13.11.2008 թվականի թիվ 1337-Ն, 26.11.2009 թվականի թիվ 1402-Ն որոշումներին տրված մեկնաբանությունները թիվ ՎԴ/1526/05/14 և թիվ ՎԴ/6714/05/14 վարչական գործերով ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի որոշումներով, իսկ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 25-րդ, 114-րդ, 144-րդ, 146-րդ հոդվածներին տրված մեկնաբանությունները թիվ ՎԴ/4056/05/09 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի որոշմամբ տրված մեկնաբանություններին հակասելու համատեքստում:

Ըստ այդմ, անհրաժեշտ է բացահայտել այն իրավական նորմերը, որոնք թիվ ՎԴ/1526/05/14 և թիվ ՎԴ/6714/05/14 վարչական գործերով ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի որոշմամբ կիրառվել են սույն գործով դատական ակտում այդ նորմերին տրված մեկնաբանությանը հակասող մեկնաբանությամբ` մեջբերելով դրա հակասող մասերը` այդպիսիք առկա լինելու դեպքում և կատարելով համեմատական վերլուծություն` բողոքարկվող դատական ակտի և նույնանման փաստական հանգամանքներով մեկ այլ, տվյալ դեպքում թիվ ՎԴ/1526/05/14 և թիվ ՎԴ/6714/05/14 վարչական գործերով Վերաքննիչ դատարանի դատական ակտի միևնույն նորմի իրար հակասող մեկնաբանության վերաբերյալ:

Միևնույն ժամանակ անհրաժեշտ է բացահայտել նաև այն իրավական նորմերը, որոնց մեկնաբանությունը հակասում է թիվ ՎԴ/4056/05/09 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի որոշման մեջ տվյալ նորմին տրված մեկնաբանությանը` մեջբերելով դրա հակասող մասերը` այդպիսիք առկա լինելու դեպքում և կատարելով համեմատական վերլուծություն` բողոքարկվող դատական ակտի և նույնանման փաստական հանգամանքներ ունեցող գործով ՀՀ վճռաբեկ դատարանի դատական ակտի, տվյալ դեպքում թիվ ՎԴ/4056/05/09 վարչական գործով որոշման միջև առկա հակասության վերաբերյալ:

Այսպիսով, ինչպես վերն արդեն նշել ենք, ներկայացված վճռաբեկ բողոքով Հանձնաժողովը պնդել է, որ սույն գործով բողոքարկվող Վերաքննիչ դատարանի որոշմամբ «Աղետի գոտու վերականգնման մասին», «Աղետի գոտու վերականգնման համալիր ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ օրենքներին, Կարգի 2-րդ, 11-րդ կետերին, 12-րդ կետի «ա» ենթակետին, 13-րդ կետին, ՀՀ կառավարության 13.11.2008 թվականի թիվ 1337-Ն, 26.11.2009 թվականի թիվ 1402-Ն որոշումներին տրված մեկնաբանությունները հակասում են թիվ ՎԴ/1526/05/14 և թիվ ՎԴ/6714/05/14 վարչական գործերով ՀՀ վերաքննիչ դատարանի որոշումներով, իսկ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 25-րդ, 114-րդ, 144-րդ, 146-րդ հոդվածներին տրված մեկնաբանությունները թիվ ՎԴ/4056/05/09 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի որոշմամբ տրված մեկնաբանություններին:

Նախ` հարկ ենք համարում հատուկ ընդգծել, որ սույն գործով վիճարկվող` Հանձնաժողովի որոշման կայացման իրավական հիմք են հանդիսացել ՀՀ կառավարության 10.06.1999 թվականի թիվ 432 որոշման 1-ին կետով սահմանված կարգի 13-րդ կետը, 2009 թվականի թիվ 1402-Ն որոշման 1-ին կետով հաստատված կանոնակարգի 6-րդ կետի 1-ին ենթակետը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 23-րդ և 201-րդ հոդվածները, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 62-րդ հոդվածը, հետևաբար վճռաբեկ բողոքում վկայակոչված դատական ակտերով միևնույն նորմի իրար հակասող մեկնաբանության վերաբերյալ համեմատական վերլուծությունները կարող են կատարվել բացառապես սույն գործով կիրառման ենթակա նորմերի, այսինքն` ՀՀ կառավարության 10.06.1999 թվականի թիվ 432 որոշման 1-ին կետով սահմանված կարգի 13-րդ կետի, 2009 թվականի թիվ 1402-Ն որոշման 1-ին կետով հաստատված կանոնակարգի 6-րդ կետի 1-ին ենթակետի, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 23-րդ և 201-րդ հոդվածների, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 62-րդ հոդվածի առնչությամբ:

Սույն գործով անդրադառնալով վերոգրյալ իրավանորմերին և մեկնաբանելով դրանք` Վերաքննիչ դատարանն արձանագրել է հետևյալը. «(...) երկրաշարժից քանդվելու հետևանքով կացարաններ (բազմաբնակարան շենքի բնակարաններ) կորցրած Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ունեցող քաղաքացիների և նրանց ընտանիքի անդամների սկզբնական հաշվառումը, որպես աղետի գոտու բնակավայրերում բնակարան արտահերթ ստանալու իրավունք ունեցող քաղաքացիների, իրականացնում է նրանց մշտական բնակավայրի համայնքի ղեկավարը` այդպիսի քաղաքացիներին ընդգրկելով համապատասխան հերթացուցակում, իսկ Հանձնաժողովն ուսումնասիրում և պարզում է այդ հերթացուցակում անձանց ընդգրկվելու չափանիշների համապատասխանությունը ՀՀ կառավարության 1999 թվականի հունիսի 10-ի թիվ 432 և 2008 թվականի նոյեմբերի 13-ի թիվ 1337-Ն որոշմամբ նախատեսված պահանջներին, և նշված որոշումներով հաստատված կարգերով նախատեսված հիմքերի (թիվ 432 որոշմամբ հաստատված Կարգի 12-րդ կետ, թիվ 1337-Ն որոշմամբ հաստատված կարգի 11-րդ կետի առկայության դեպքում` կայացնում բնակարանային շինարարության ծրագրում այդ անձանց (նրանց ընտանիքներին) չընդգրկելու վերաբերյալ որոշում, իսկ նշված հիմքերի բացակայության դեպքում` ՀՀ քաղաքաշինության նախարարի հաստատմանն է ներկայացնում բնակարանային շինարարության ծրագրի շրջանակներում կառուցված բնակարանները (բնակելի տները) ստանալու հավակնող անձանց ցուցակի հաստատման մասին հրամանի նախագիծ: Եթե քաղաքացին (նրա ընտանիքը) ընդգրկված է համայնքի ղեկավարի կողմից կազմված աղետի գոտու բնակավայրերում բնակարան արտահերթ ստանալու իրավունք ունեցող քաղաքացիների հերթացուցակում, ապա սա նշանակում է, որ տվյալ քաղաքացին (նրա ընտանիքը) հաշվառված է: Ընդ որում, Հանձնաժողովը քննարկում է հենց հաշվառված (աղետի գոտու բնակավայրերում բնակարան արտահերթ ստանալու իրավունք ունեցող քաղաքացիների հերթացուցակում ընդգրկված) քաղաքացիների (նրանց ընտանիքի) փաստաթղթային փաթեթները` քննարկման արդյունքներով կայացնելով կամ բնակարանային շինարարության ծրագրում այդ քաղաքացիներին (նրանց ընտանիքներին) չընդգրկելու վերաբերյալ որոշում, կամ բնակարանային շինարարության ծրագրի շրջանակներում կառուցված բնակարանները (բնակելի տները) ստանալու հավակնող անձանց ցուցակում այդ անձանց (նրանց ընտանիքների) ընդգրկմամբ ՀՀ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահի հաստատմանը ներկայացնելով նշված ցուցակի հաստատման մասին հրամանի նախագիծ»:

Այնուհետև վկայակոչված իրավանորմերը` դրանց տրված մեկնաբանություններով, կիրառելի համարելով սույն գործի փաստական հանգամանքների նկատմամբ Վերաքննիչ դատարանը եզրահանգել է, որ «Կանոնակարգի 11-րդ կետի, ինչպես նաև «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 55-57-րդ հոդվածների ուժով Հանձնաժողովը պարտավոր էր 21.08.2014 թվականին կայացված որոշմամբ հստակ նշել, Հայաստանի Հանրապետության կառավարության 10.06.1999 թվականի «Աղետի գոտու բնակավայրերում քաղաքացիներին բնակարանների արտահերթ հատկացման կարգը հաստատելու մասին» թիվ 432 որոշման 1-ին կետով հաստատված կարգի 12-րդ կետով և 13.11.2008 թվականի «Աղետի գոտու գյուղական բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների հաշվառման, բնակարանային ապահովության առաջնահերթության կարգը հաստատելու մասին» թիվ 1337-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգի 11-րդ կետով նախատեսված այն հիմքերը, որոնք հիմք են ընդունվել Գագիկ Հարությունյանի ընտանիքը Գյումրի քաղաքում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով պետական աջակցությամբ իրականացվող բնակապահովման ծրագրի շահառու չճանաչելու համար, մինչդեռ վերջինիս կողմից վկայակոչվել են ՀՀ կառավարության 10.06.1999 թվականի թիվ 432 որոշման 1-ին կետով սահմանված կարգի 13-րդ կետի, 2009 թվականի թիվ 1402-Ն որոշման 1-ին կետով հաստատված կանոնակարգի 6-րդ կետի 1-ին ենթակետի, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 23-րդ և 201-րդ հոդվածների, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 62-րդ հոդվածի դրույթները:

Այնուամենայնիվ 21.08.2014 թվականի թիվ 3 արձանագրության քաղվածքի բովանդակությունից կարելի է եզրահանգել, որ (...) Գ.Հարությունյանի ընտանիքի նկատմամբ կիրառելի է համարվել Հայաստանի Հանրապետության կառավարության 10.06.1999 թվականի «Աղետի գոտու բնակավայրերում քաղաքացիներին բնակարանների արտահերթ հատկացման կարգը հաստատելու մասին» թիվ 432 որոշման 1-ին կետով հաստատված կարգի 12-րդ կետի «ա» ենթակետը:

Կարգի 12-րդ կետի «ա» ենթակետը հստակ ամրագրում է, որ քաղաքացիները հաշվառումից հանվում են, եթե հաշվառման վերցված անձանց բնակարանային պայմանները բարելավվել են, որի կապակցությամբ վերացել են հաշվառման մեջ գտնվելու հիմքերը:

Նշված իրավադրույթի բովանդակությունից անմիջականորեն բխում է, որ քաղաքացիներին հաշվառումից հանելու` Կարգի 12-րդ կետի «ա» ենթակետով սահմանված իրավական հիմքի առկայությունը կարող է հաստատված համարվել միայն այն դեպքերում, երբ անձանց բնակարանային պայմանները բարելավել են հաշվառումից հետո, քանի որ քննարկվող նորմի բովանդակային մեկնաբանությունը վկայում է, որ տվյալ դեպքում էական է համարվում արդեն իսկ հաշվառման վերցված անձանց բնակարանային պայմանները բարելավվելու փաստի առկայությունը»:

 

Այժմ անդրադառնում ենք Հանձնաժողովի կողմից վճռաբեկ բողոքում վկայակոչված ՀՀ վերաքննիչ վարչական և ՀՀ վճռաբեկ դատարանների դատական ակտերին առանձին-առանձին:

I. Court.am կայքի միջոցով ուսումնասիրելով թիվ ՎԴ/1526/05/14 վարչական գործով ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 26.01.2016 թվականի որոշումը և համեմատական վերլուծության ենթարկելով այդ որոշմամբ և սույն գործով բողոքարկված Վերաքննիչ դատարանի որոշմամբ կիրառված իրավական ակտերի ու նորմերի մեկնաբանությունները` գտնում ենք, որ տվյալ դեպքում խոսք չի կարող լինել թիվ ՎԴ/1526/05/14 վարչական գործով ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 26.01.2016 թվականի որոշմամբ միևնույն նորմը սույն գործով Վերաքննիչ դատարանի կողմից հակասող մեկնաբանությամբ կիրառելու մասին հետևյալ պատճառաբանությամբ.

Նախ` թիվ ՎԴ/1526/05/14 վարչական գործով կայացված որոշմամբ ՀՀ կառավարության 10.06.1999 թվականի թիվ 432 որոշման 1-ին կետով սահմանված կարգի 13-րդ կետին, 2009 թվականի թիվ 1402-Ն որոշման 1-ին կետով հաստատված կանոնակարգի 6-րդ կետի 1-ին ենթակետին չի տրվել այնպիսի մեկնաբանություն, որը հակասում է սույն գործով տվյալ իրավանորմերին տրված մեկնաբանություններին:

Երկրորդ` սույն գործով Վերաքննիչ դատարանը վերլուծել է ՀՀ կառավարության 10.06.1999 թվականի «Աղետի գոտու բնակավայրերում քաղաքացիներին բնակարանների արտահերթ հատկացման կարգը հաստատելու մասին» թիվ 432 որոշման 1-ին կետով հաստատված կարգի 12-րդ կետի «ա» ենթակետը, համաձայն որի` քաղաքացիները հաշվառումից հանվում են, եթե հաշվառման վերցված անձանց բնակարանային պայմանները բարելավվել են, որի կապակցությամբ վերացել են հաշվառման մեջ գտնվելու հիմքերը, գտնելով, որ հենց նշված իրավանորմն է կիրառելի Գ.Հարությունյանի ընտանիքի նկատմամբ:

Մինչդեռ թիվ ՎԴ/1526/05/14 վարչական գործի փաստերի համաձայն` հայցվորը չի ճանաչվել աղետի գոտու գյուղական բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով պետական աջակցությամբ իրականացվող բնակապահովման ծրագրի շահառու` հիմք ընդունելով ՀՀ կառավարության 13.11.2008 թվականի թիվ 1337-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգի 2-րդ կետը, քանի որ առկա չի եղել այն չափանիշը, որ Վանաձոր համայնքում նրա բնակելի տունը քանդվել է երկրաշարժի հետևանքով կամ 15.12.2008 թվականի դրությամբ Վանաձոր համայնքում գտնվող նրա բնակելի տան տեխնիկական վիճակի վերաբերյալ մասնագիտացված կազմակերպության կողմից տրված եզրակացության համաձայն, այն ենթակա է քանդման: Բացի այդ, հայցվորը Ամրակից համայնքում երկրաշարժի պահին անձնագրային հաշվառում չի ունեցել, հետևաբար նա անմիջականորեն նույնպես ենթակա չի եղել ընդգրկման այդ համայնքի հերթացուցակում:

Այսպիսով, գտնում ենք, որ Վերաքննիչ դատարանի որոշմամբ կիրառված իրավական ակտերի ու նորմերի մեկնաբանությունները չեն հակասում սույն գործի փաստական հանգամանքներից տարբերվող փաստական հանգամանքներ ունեցող թիվ ՎԴ/1526/05/14 վարչական գործով ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 26.01.2016 թվականի որոշմամբ միևնույն նորմին տրված մեկնաբանություններին, հետևաբար նշված մասով բողոք բերող անձի փաստարկները բավարար չեն Վերաքննիչ դատարանի դատական ակտը բեկանելու համար:

II. Court.am կայքի միջոցով ուսումնասիրելով թիվ ՎԴ/6714/05/14 վարչական գործով ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 11.11.2015 թվականի որոշումը և համեմատական վերլուծության ենթարկելով այդ որոշմամբ և սույն գործով բողոքարկված Վերաքննիչ դատարանի որոշմամբ կիրառված իրավական ակտերի ու նորմերի մեկնաբանությունները` հարկ ենք համարում արձանագրել հետևյալը.

ՀՀ կառավարության 10.06.1999 թվականի թիվ 432 որոշման 1-ին կետով հաստատված կարգի 12-րդ կետի «ա» ենթակետի վերաբերյալ որևէ մեկնաբանություն թիվ ՎԴ/6714/05/14 վարչական գործով ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 11.11.2015 թվականի որոշումը չի պարունակում: Մասնավորապես, նշված որոշմամբ ՀՀ վերաքննիչ վարչական դատարանը որևէ իրավական դիրքորոշում չի արտահայտել երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած, բնակարան արտահերթ ստանալու իրավունք ունեցող քաղաքացիների հերթացուցակում հաշվառված անձանց անօթևան համարվելու հիմքերը դադարած ճանաչելու և ՀՀ կառավարության 10.06.1999 թվականի թիվ 432 որոշման 1-ին կետով հաստատված կարգի 12-րդ կետի «ա» ենթակետի կիրառմամբ ծրագրի շահառու չճանաչելու համար վերջիններիս բնակարանային պայմանների բարելավվելու ժամանակահատվածի մասին: Այդուհանդերձ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ թիվ ՎԴ/6714/05/14 վարչական գործի փաստական հանգամանքները նույնական են սույն գործի փաստական հանգամանքների հետ, այն է` թիվ ՎԴ/6714/05/14 վարչական գործի փաստերի համաձայն հայցվորի և նրա ընտանիքի անդամների բնակարանային պայմանները նույնպես բարելավված են համարվել երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած, բնակարան արտահերթ ստանալու իրավունք ունեցող քաղաքացիների հերթացուցակում հաշվառվելուն նախորդող ժամանակահատվածում անշարժ գույքերի նկատմամբ սեփականության իրավունքի ձեռք բերած լինելու հիմքով, գտնում ենք, որ ՀՀ կառավարության 10.06.1999 թվականի թիվ 432 որոշման 1-ին կետով հաստատված կարգի 12-րդ կետի «ա» ենթակետը մեկնաբանելու անհրաժեշտություն կարող էր առկա լինել միայն այն պարագայում, եթե սույն գործով վիճարկվող վարչական ակտի հիմքում ևս նշված իրավանորմը դրված լիներ` որպես այն ընդունելու իրավական հիմք:

Մինչդեռ, ՀՀ կառավարության 10.06.1999 թվականի թիվ 432 որոշման 1-ին կետով հաստատված կարգի 12-րդ կետի «ա» ենթակետը սույն գործով վիճարկվող վարչական ակտի հիմքում դրված չէ: Ինչպես վերն արդեն նշվել է, սույն գործով վիճարկվող վարչական ակտի իրավական հիմք է հանդիսացել ՀՀ կառավարության 10.06.1999 թվականի թիվ 432 որոշման 1-ին կետով սահմանված կարգի 13-րդ կետը, 2009 թվականի թիվ 1402-Ն որոշման 1-ին կետով հաստատված կանոնակարգի 6-րդ կետի 1-ին ենթակետը, որոնց վերաբերյալ թիվ ՎԴ/6714/05/14 վարչական գործով կայացված որոշմամբ ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի կողմից չի տրվել այնպիսի մեկնաբանություն, որը հակասում է սույն գործով տվյալ իրավանորմերին տրված մեկնաբանություններին:

Բացի այդ, թիվ ՎԴ/6714/05/14 որոշմամբ անդրադառնալով սույն գործով Հանձնաժողովի կողմից վճռաբեկ բողոքում վկայակոչված «Աղետի գոտու վերականգման համալիր ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ օրենքին` ՀՀ վերաքննիչ վարչական դատարանն արձանագրել է, որ այն կիրառելի չէ այդ գործով իրավահարաբերության նկատմամբ, որովհետև դրանով չեն կարգավորվում աղետի գոտու բնակավայրերում պետական աջակցության միջոցով կառուցված պետական բնակարանային ֆոնդում բնակարան արտահերթ ստանալու իրավունք ունեցող քաղաքացիների հաշվառման, նրանց հաշվառումից հանելու և այդ բնակարանները քաղաքացիների համաձայնությամբ նրանց անհատույց սեփականության իրավունքով հատկացնելու հետ կապված հարաբերությունները:

III. Court.am կայքի միջոցով ուսումնասիրելով թիվ ՎԴ/4056/05/09 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 04.03.2011 թվականի որոշումը և համեմատական վերլուծության ենթարկելով այդ որոշմամբ և սույն գործով բողոքարկված Վերաքննիչ դատարանի որոշմամբ կիրառված իրավական ակտերի ու նորմերի մեկնաբանությունները` գտնում ենք, որ տվյալ դեպքում խոսք չի կարող լինել թիվ ՎԴ/4056/05/09 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 04.03.2011 թվականի որոշմամբ միևնույն նորմը հակասող մեկնաբանությամբ կիրառելու մասին հետևյալ պատճառաբանությամբ.

Թիվ ՎԴ/4056/05/09 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանը, իր 04.03.2011 թվականի որոշմամբ վերլուծելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 22-րդ, 24-րդ, 113-րդ հոդվածները, նշել է, որ դատարանը գործի լուծման համար էական նշանակություն ունեցող բոլոր փաստերը պարզում է ապացույցների հետազոտման և գնահատման միջոցով, գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստի հաստատված լինելու հարցը դատարանը պարզում է գործում եղած բոլոր վերաբերելի և թույլատրելի ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ: Միևնույն ժամանակ նույն որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը վերահաստատել է նախկինում իր կողմից արտահայտված այն իրավական դիրքորոշումը, որ յուրաքանչյուր դեպքում դատարանը պարտավոր է տալ վճռի իրավական հիմնավորումը, իսկ վճռի իրավական հիմնավորումը կայանում է հաստատված փաստերի և իրավահարաբերությունների նկատմամբ իրավունքի համապատասխան նորմի կամ նորմերի ընտրության և կիրառման մեջ, այն նորմի (նորմերի), որի հիման վրա դատարանը եզրակացություն է անում վիճելի իրավահարաբերության առկայության կամ բացակայության մասին: Վճռի մեջ ոչ միայն պետք է ցույց տալ նորմատիվ ակտի այս կամ այն հոդվածը, որում ամրագրված է կիրառման ենթակա նորմը, այլև պետք է պատճառաբանվի, թե հատկապես ինչու պետք է կիրառվի հենց այդ նորմը: Վճռի իրավական հիմնավորումը բնութագրում է ինչպես դատարանի, այնպես էլ նրա որոշման իրավակիրառ գործառույթը, ընդգծում դատական գործունեության և դատական որոշման օրինականությունը: Միաժամանակ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ դատարանը պետք է նշի ոչ միայն այն ապացույցները, որոնց վրա հիմնվել է վիճելի փաստերը հաստատելիս և արդյունքում որոշում կայացնելիս, այլև պետք է պատճառաբանի, թե ինչու է կողմի ներկայացրած այս կամ այն ապացույցը մերժվում: Միայն նման հիմնավորումը կարող է վկայել գործի բազմակողմանի հետազոտության մասին:

Հարկ ենք համարում ընդգծել, որ սույն գործով Վերաքննիչ դատարանի որոշմամբ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 22-րդ, 24-րդ, 113-րդ հոդվածների վերաբերյալ որևէ մեկնաբանություն չի արվել: Ավելին, բողոքաբերի պնդմամբ բողոքարկվող դատական ակտում ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 25-րդ, 114-րդ, 144-րդ, 146-րդ հոդվածներին արված մեկնաբանություններն հակասում են թիվ ՎԴ/4056/05/09 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի որոշման մեջ տվյալ նորմին տրված մեկնաբանությանը, մինչդեռ թիվ ՎԴ/4056/05/09 վարչական գործով կայացված որոշումը չի պարունակում ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 25-րդ, 114-րդ, 144-րդ, 146-րդ հոդվածների վերաբերյալ մեկնաբանություն, ուստի Վերաքննիչ դատարանի որոշմամբ որևէ նորմի մեկնաբանությունը վճռաբեկ դատարանի որոշման մեջ տվյալ նորմին տրված մեկնաբանությանը հակասելու վերաբերյալ բողոքաբերի փաստարկներն առարկայազուրկ են:

 

Այսպիսով, պետք է փաստել, որ սույն գործով բողոքարկվող Վերաքննիչ դատարանի որոշմամբ «Աղետի գոտու վերականգնման մասին», «Աղետի գոտու վերականգնման համալիր ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ օրենքներին, Կարգի 2-րդ, 11-րդ կետերին, 12-րդ կետի «ա» ենթակետին, 13-րդ կետին, ՀՀ կառավարության 13.11.2008 թվականի թիվ 1337-Ն, 26.11.2009 թվականի թիվ 1402-Ն որոշումներին տրված մեկնաբանությունները թիվ ՎԴ/1526/05/14 և թիվ ՎԴ/6714/05/14 վարչական գործերով ՀՀ վերաքննիչ դատարանի որոշումներով, իսկ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 25-րդ, 114-րդ, 144-րդ, 146-րդ հոդվածներին տրված մեկնաբանությունները թիվ ՎԴ/4056/05/09 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի որոշմամբ տրված մեկնաբանություններին հակասելու վերաբերյալ վճռաբեկ բողոքով Հանձնաժողովի կողմից ներկայացված փաստարկները հիմնավոր չեն:

Միևնույն ժամանակ, պետք է փաստել, որ վերոգրյալ փաստարկներին Վճռաբեկ դատարանի որոշմամբ ընդհանրապես որևէ անդրադարձ չի կատարվել:

Գտնում ենք, որ վճռաբեկ բողոքում նշված, մասնավորապես Վերաքննիչ դատարանի որոշմամբ «Աղետի գոտու վերականգնման մասին», «Աղետի գոտու վերականգնման համալիր ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ օրենքներին, Կարգի 2-րդ, 11-րդ կետերին, 12-րդ կետի «ա» ենթակետին, 13-րդ կետին, ՀՀ կառավարության 13.11.2008 թվականի թիվ 1337-Ն, 26.11.2009 թվականի թիվ 1402-Ն որոշումներին տրված մեկնաբանությունները թիվ ՎԴ/1526/05/14 և թիվ ՎԴ/6714/05/14 վարչական գործերով ՀՀ վերաքննիչ դատարանի որոշումներով, իսկ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 25-րդ, 114-րդ, 144-րդ, 146-րդ հոդվածներին տրված մեկնաբանությունները թիվ ՎԴ/4056/05/09 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի որոշմամբ տրված մեկնաբանություններին հակասելու վերաբերյալ փաստարկներին անդրադառնալու պարագայում Վճռաբեկ դատարանը ևս կհանգեր այն եզրակացության, որ տվյալ դեպքում բողոքով ներկայացված փաստարկները բավարար չեն Վերաքննիչ դատարանի դատական ակտը բեկանելու համար:

 

Այդուհանդերձ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Վճռաբեկ դատարանն իր որոշմամբ անդրադարձել է աղետի գոտու բնակավայրերում քաղաքացիներին բնակարանների արտահերթ հատկացման կարգի առանձնահատկություններին, հարկ ենք համարում իմ հատուկ կարծիքն արտահայտել նշված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի դատավորների մեծամասնության իրավական դիրքորոշումների և այդ դիրքորոշումները սույն գործի փաստական հանգամանքների նկատմամբ կիրառելու առնչությամբ:

Այսպես. անհրաժեշտ ենք համարում ևս մեկ անգամ հատուկ ընդգծել, որ սույն գործով վիճարկվող` Հանձնաժողովի որոշման կայացման իրավական հիմք են հանդիսացել ՀՀ կառավարության 10.06.1999 թվականի թիվ 432 որոշման 1-ին կետով սահմանված կարգի 13-րդ կետը, 2009 թվականի թիվ 1402-Ն որոշման 1-ին կետով հաստատված կանոնակարգի 6-րդ կետի 1-ին ենթակետը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 23-րդ և 201-րդ հոդվածները, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 62-րդ հոդվածը, հետևաբար անհասկանալի է, թե ինչի հիման վրա են Վերաքննիչ և Վճռաբեկ դատարանները սույն գործով վիճարկվող վարչական ակտի իրավաչափության գնահատումը պայմանավորել Կարգի 12-րդ կետի «ա» ենթակետի կիրառելի լինելու հանգամանքով և վիճարկվող վարչական ակտի իրավաչափության դատական վերահսկողությունն իրականացրել նշված իրավանորմի մեկնաբանությունների հիմքով: Անգամ եթե գործի փաստական հանգամանքները թույլ են տալիս ենթադրել, թե որ իրավանորմը կարող է կիրառելի համարվել կոնկրետ դեպքում, ապա միևնույն է` անթույլատրելի է վարչական մարմնի փոխարեն ընտրել կիրառման ենթակա որևէ իրավանորմ և վարչական ակտի իրավաչափությունը գնահատել չկիրառված, բայց ենթադրաբար կիրառման ենթակա իրավական ակտի պահանջների համատեքստում: Նման մոտեցումը ոչ միայն ուղղակի հակասության մեջ կմտնի իշխանությունների տարանջատման սահմանադրական հիմնարար սկզբունքի հետ, քանի որ դատարանները փաստացի «ուղղում» կկատարեն վարչական մարմնի ընդունած վարչական ակտում, այլ նաև կխախտի դատական վերահսկողության միջոցով այդ ակտերի իրավաչափությունն անկախ և անաչառ դատարանի կողմից ստուգելու անձանց արդար դատաքննության իրավունքը, քանի որ վիճարկվող վարչական ակտերի իրավաչափության գնահատման վերաբերյալ դատարանների իրավական դիրքորոշումները կվերաբերվեն ոչ թե այդ ակտի հիմքում դրված, այլ ենթադրաբար կիրառման ենթակա իրավական ակտին դրա համապատասխանությանը: Արդյունքում, դատարանները նախ համապատասխան «ուղղում» կկատարեն վարչական ակտում` նշելով կիրառման ենթակա ճիշտ իրավանորմը, այնուհետև` կգնահատեն այդ ակտի իրավաչափությունը:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ արձանագրել է, որ վիճարկման հայցով հայցվորն իրավունք ունի պահանջելու վերացնել իր իրավունքները և ազատությունները խախտող վարչական ակտը, որը վիճարկման հայցի հիման վրա հարուցված գործի քննության ընթացքում դառնում է դատական վերահսկողության առարկա: Վիճարկման հայցը` որպես ոչ իրավաչափ վարչական ակտերից անձանց իրավական պաշտպանության միջոց, օրենսդրի կողմից սահմանված հայցի տեսակ է, որն ուղղված է դատական կարգով վարչական ակտն ամբողջությամբ կամ մասնակիորեն վերացնելուն: Վիճարկման հայցի հիման վրա հարուցված վարչական գործի շրջանակներում դատարանը ձեռնամուխ է լինում վարչական ակտի իրավաչափության գնահատմանը` ստուգելով վիճարկվող վարչական ակտի համապատասխանությունն օրենսդրության պահանջներին: Օրենսդիրը հստակորեն կանխորոշել է վիճարկվող վարչական ակտի իրավաչափության դատական վերահսկողության սահմանները` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 124-րդ հոդվածի 2-րդ մասում ամրագրելով, որ վիճարկվող վարչական ակտի իրավաչափությունը որոշվում է այդ ակտի ընդունմանն ուղղված վարչական վարույթում ձեռք բերված ապացույցների շրջանակում: Դատարանի կողմից վարչական ակտի իրավաչափության գնահատումը պետք է կատարվի տվյալ վարչական ակտի ընդունման համար հիմք հանդիսացած փաստական հանգամանքների նկատմամբ կիրառելի իրավական նորմերով սահմանված պահանջների պահպանման հարցը պարզելու միջոցով (տե՛ս, Հասմիկ Մելքոնյանն ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի թիվ ՎԴ/8975/05/13 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 07.04.2017 թվականի որոշումը):

Մինչև 07.04.2018 թվականը գործող խմբագրությամբ «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` անհատական իրավական ակտն ընդունվում է միայն նորմատիվ իրավական ակտի համաձայն և դրա սահմանած շրջանակում:

Գտնում ենք, որ վիճարկվող վարչական ակտի իրավաչափությունը ստուգելիս պետք է իրավական գնահատական տրվի տվյալ վարչական ակտի ընդունման համար հիմք հանդիսացած նորմատիվ իրավական ակտերի կիրառելի լինելուն ընդհանրապես և կոնկրետ փաստական հանգամանքների նկատմամբ մասնավորապես, ինչպես նաև այդ ակտերի պահանջներին դրա համապատասխանությանը: Մինչդեռ, Վճռաբեկ դատարանն իր որոշմամբ իրավական դիրքորոշումներ է արտահայտել Կարգի 12-րդ կետի «ա» ենթակետի վերաբերյալ, այն պարագայում, երբ, ինչպես նշվեց, այդ իրավանորմը, որպես իրավական հիմք, դրված չէ Հանձնաժողովի կողմից 21.08.2014 թվականին կայացված միջամտող վարչական ակտի հիմքում:

Նման պայմաններում, թեև համակարծիք չենք Վճռաբեկ դատարանի արտահայտած այն իրավական դիրքորոշման հետ, ըստ որի` բնակարանային պայմանների բարելավման հիմքով քաղաքացիներին հաշվառումից հանելու մասին որոշման կայացումը չի կարող պայմանավորված լինել այն հանգամանքով, թե քաղաքացու և նրա ընտանիքի անդամների բնակարանային պայմանները բարելավվել են հաշվառման վերցվելուց առաջ, թե` հետո, Կարգի 12-րդ կետի «ա» ենթակետի իրավակարգավորման լույսի ներքո` Հանձնաժողովն իրավասու էր իր 21.08.2014 թվականի նիստում որոշում կայացնել Շիրակ Հարությունյանին բնակարանային շինարարության ծրագրում չընդգրկելու վերաբերյալ, քանի որ Շիրակ Հարությունյանի ընտանիքի անդամը` մայրը, անշարժ գույք ձեռք բերելու միջոցով արդեն իսկ բարելավել էր ընտանիքի բնակարանային պայմանները, իսկ բնակարանային պայմանները բարելավելու ժամանակահատվածը սույն պարագայում որևէ նշանակություն ունենալ չի կարող գործի լուծման համար, քանի որ Կարգի վերոնշյալ իրավակարգավորման մեջ նշված փաստը պայմանավորված չէ որևէ ժամանակային սահմանափակմամբ և հավասարապես կարող է վերաբերել ինչպես հաշվառումից հետո, այնպես էլ` մինչ այդ ընկած ժամանակահատվածին և գտնում ենք, որ Կարգի 12-րդ կետի «ա» ենթակետով սահմանված իրավական հիմքի առկայությունը կարող է հաստատված համարվել բացառապես այն դեպքում, երբ անձանց բնակարանային պայմանները բարելավել են հաշվառումից հետո, այդուհանդերձ ձեռնպահ ենք մնում Կարգի 12-րդ կետի «ա» ենթակետի վերաբերյալ առավել հանգամանալի վերլուծություն կատարելուց, քանի որ Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման հետ իմ անհամաձայնությունը հիմնավորելու անհրաժեշտությունն իմ կարծիքով տվյալ դեպքում բացակայում է` նշված իրավանորմը, որպես իրավական հիմք սույն գործով վիճարկվող վարչական ակտի հիմքում դրված չլինելու պատճառով:

Այլ կերպ ասած` գտնում ենք, որ թե՛ Վերաքննիչ և Վճռաբեկ դատարանների դատական ակտերում և թե՛ սույն հատուկ կարծիքում տեղ չեն կարող գտնել իրավական վերլուծություններ այնպիսի իրավական ակտի մասին, որը թեև դրված չէ սույն գործով վիճարկվող վարչական ակտի հիմքում, սակայն ենթադրաբար կարող էր կամ պետք է դրվեր:

Այսպիսով, գտնում ենք, որ առկա չէ որևէ հիմք Հանձնաժողովի բողոքը բավարարելու և Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար, ուստի նման պայմաններում Հանձնաժողովի բողոքը ենթակա է մերժման:

 

    Դատավոր       Դատավոր       Դատավոր   

Ռ. Հակոբյան   Գ. Հակոբյան   Ա. Մկրտչյան

 

Հրապարակվել է www.datalex.am կայքէջում` 20 մայիսի 2021 թվական:

 

 

pin
Վճռաբեկ դատարան
20.05.2021
N ՎԴ/3141/05/16
Որոշում