Սեղմել Esc փակելու համար:
Ո՞Ր ՊԱՀԻՑ Է ԾԱԳՈՒՄ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ` ՊԵՏ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

Ո՞Ր ՊԱՀԻՑ Է ԾԱԳՈՒՄ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ` ՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՊԱՏՃԱ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

    ՀՀ վերաքննիչ քաղաքացիական              Քաղաքացիական գործ

    դատարանի որոշում                       թիվ ԱՐԴ/4009/02/17

Քաղաքացիական գործ թիվ ԱՐԴ/4009/02/17   2021 թ.

Նախագահող դատավոր` Գ. Խանդանյան

    Դատավորներ`        Լ. Գրիգորյան

                       Ա. Մկրտչյան

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան), հետևյալ կազմով`

 

նախագահող Ռ. Հակոբյան

զեկուցող Տ. Պետրոսյան

Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Ս. Միքայելյան

Է. Սեդրակյան

Ն. Տավարացյան

 

2021 թվականի հունիսի 04-ին

գրավոր ընթացակարգով քննելով Սամվել Պողոսյանի ներկայացուցիչ Ղևոնդ Պապոյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 26.10.2018 թվականի որոշման դեմ` ըստ հայցի ՀՀ գլխավոր դատախազության (այսուհետ` Դատախազություն) ընդդեմ Սեյրան Կարապետյանի, Հերիքնազ Ասատրյանի, Ալվարդ Պողոսյանի, Գոհարիկ Դավթյանի և Սամվել Պողոսյանի (այսուհետ` Համապատասխանողներ)` պետությանը պատճառված վնասը բռնագանձելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Դատախազությունը պահանջել է Համապատասխանողներից համապարտությամբ բռնագանձել 225.016.000 ՀՀ դրամ:

ՀՀ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Էդ. Հովհաննիսյան) (այսուհետ` Դատարան) 11.07.2018 թվականի վճռով հայցը` Սեյրան Կարապետյանից, Հերիքնազ Ասատրյանից և Գոհարիկ Դավթյանից գումար բռնագանձելու պահանջի մասով, բավարարվել է` բռնագանձվել է 225.016.000 ՀՀ դրամ` որպես պետությանը պատճառված վնասի հատուցում: Հայցը` Ալվարդ և Սամվել Պողոսյաններից գումար բռնագանձելու պահանջի մասով, մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 26.10.2018 թվականի որոշմամբ Դատախազության վերաքննիչ բողոքը բավարարվել է` մասնակիորեն` Դատարանի 11.07.2018 թվականի վճիռը բեկանել և փոփոխվել է` Սեյրան Կարապետյանից, Հերիքնազ Ասատրյանից, Գոհարիկ Դավթյանից, Սամվել Պողոսյանից և Ալվարդ Պողոսյանից բռնագանձվել է 225.016.000 ՀՀ դրամ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Սամվել Պողոսյանի ներկայացուցիչը:

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Դատախազությունը:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

i

Վերաքննիչ դատարանը խախտել է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածը, իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածը, չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 335-րդ հոդվածի 2-րդ կետը, 340-րդ հոդվածի 1-ին կետը, «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածը, որոնք պետք է կիրառեր, սխալ է մեկնաբանել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 337-րդ հոդվածի 1-ին կետը, 340-րդ հոդվածի 1-ին կետը, 364-րդ հոդվածը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, այն հանգամանքը, որ Դատախազությունը Սամվել Պողոսյանին մեղադրանք առաջադրելու մասին որոշման կայացման հաջորդ օրվանից` 01.07.2014 թվականից, ակնհայտորեն իմացել է վերջինիս գործողություններով պետությանը 450.016.000 ՀՀ դրամի չափով պատճառված վնասի, այսինքն` պետության իրավունքի խախտման մասին, հետևաբար Սամվել Պողոսյանի պարտավորության մասով հայցային վաղեմության ժամկետը սկսել է հոսել 01.07.2014 թվականից:

Ինչ վերաբերում է Վերաքննիչ դատարանի այն եզրահանգմանը, որ պետությանը պատճառված վնասի հատուցումը հնարավոր է միայն հանցագործության մեջ մեղադրվող անձի նկատմամբ օրինական ուժի մեջ մտած դատավճռի առկայության դեպքում, ապա այդ եզրահանգումն անհիմն է, քանի որ քաղաքացիական հայցի լուծումը չի կարող կախվածության մեջ դրվել օրինական ուժի մեջ մտած դատավճռի հետ, այլ այն կարող է լուծվել նաև դատավճռով, որը դեռ օրինական ուժի մեջ չի մտել:

Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ հայցային վաղեմության ժամկետն ընդհատված պետք է համարվի սույն գործով բոլոր Համապատասխանողների համար, քանի որ պարտքի ճանաչումը կատարվել է նրանցից մեկի կողմից, սակայն այդ եզրահանգումն անհիմն է, քանի որ սույն գործով ձեռք բերված ապացույցներով հիմնավորվում է, որ Համապատասխանողներից ոչ մեկի կողմից հայցային վաղեմության ժամկետի ընթացքում անձամբ կամ նրանց միջոցներից վճարումներ չեն կատարվել, գործում առկա չեն այդ փաստը հիմնավորող վերաբերելի, թույլատրելի, բավարար ապացույցներ:

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ գործում առկա 25.02.2014 թվականի թիվ 2286 վճարման հանձնարարականի համաձայն` Տիգրան Կարապետյանը, որպես Սեյրան Կարապետյանի կողմից հանցավոր արարքի հետևանքով պատճառված վնասի հատուցում Դատախազության դեպոզիտ հաշվին վճարել է 100.000.000 ՀՀ դրամ, 11.03.2014 թվականին նույն նպատակով Արթուր Կարապետյանը վճարել է 13.500.000 ՀՀ դրամ, 11.04.2014 թվականին Անի Կարապետյանը` 41.500.000 ՀՀ դրամ, իսկ 29.10.2014 թվականի թիվ 5090 վճարման հանձնարարականով` 25.000.000 ՀՀ դրամ, այսինքն` հանցագործությամբ պատճառված վնասների հատուցումները կատարվել են ոչ թե պատասխանողների, այլ որոշ անձանց կողմից:

Վերաքննիչ դատարանն անտեսել է նաև այն հանգամանքը, որ համապարտ պարտապաններից մեկի կողմից պարտքի ճանաչումը վկայող գործողության կատարումը չի կարող մեկնաբանվել միայն մեկ անձի նկատմամբ և հայցային վաղեմության ժամկետը մեկ պարտապանի նկատմամբ հաշվարկվել, իսկ մյուսի համար համարել ընդհատված: Եզրահանգելով, որ պատասխանողներից մեկի կողմից պարտքի ճանաչումը վկայող գործողությունների կատարումն ընդհատում է հայցային վաղեմության ժամկետը բոլոր պարտապանների համար, Վերաքննիչ դատարանն իր դատական ակտում չի նշել, թե որ նորմի հիման վրա է նման եզրակացության հանգել:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 26.10.2018 թվականի որոշումը` օրինական ուժ տալով Դատարանի 11.07.2018 թվականի վճռին կամ գործն ուղարկել նոր քննության:

 

2.1. Դատախազության վճռաբեկ բողոքի վերաբերյալ պատասխանի հիմնավորումները.

Տվյալ դեպքում Դատախազությունը հանցագործությամբ պետության իրավունքի խախտման փաստի, ինչպես նաև հանցագործություն կատարած անձանց մասին իմացել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 27.04.2017 թվականի դատավճռով և 28.08.2017 թվականին օրինական ուժ ստացած որոշմամբ, իսկ հայցը հարուցել է 05.10.2017 թվականին, այսինքն` իրավունքի պաշտպանության համար սահմանված ժամկետի սահմաններում:

Սույն գործով հայցային վաղեմության ժամկետի սկիզբը համընկնում է իրավունքի խախտման առկայությունը հիմնավորող տվյալների և իրավունքի խախտում իրականացրած անձի մասին Դատախազության իմանալու կամ իմացած լինելու պարտականության ի հայտ գալու հետ:

Բացի այդ, հանցագործությամբ պատճառված վնասի հատուցման համար հնարավոր է հայց ներկայացնել միայն այն դեպքում, երբ հանրորեն վտանգավոր արարքը հանցագործություն է համարվել օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Ինչ վերաբերում է բողոք բերած անձի պատճառաբանությանը Սեյրան Կարապետյանի կողմից վնասի մասնակի հատուցումը որպես պարտքի ճանաչումը վկայող գործողության կատարում դիտելուն և միայն մեկ անձի մասով հայցային վաղեմության ժամկետը ընդհատելու հիմք համարելուն, ապա այն անհիմն է, քանի որ Սեյրան Կարապետյանի կողմից քրեական գործի շրջանակներում վնասի մի մասը կամովին հատուցելը դիտվել է որպես վերջինիս անձը բնութագրող և մեղմացուցիչ հանգամանք, որի միակ մասնակիցը Սեյրան Կարապետյանն է, իսկ համապարտ պարտականության դեպքում պարտապանն իրավունք չունի պարտատիրոջ պահանջների դեմ անել այնպիսի առարկություններ, որոնք հիմնված են մյուս պարտապանների և պարտատիրոջ այն հարաբերությունների վրա, որոնց տվյալ պարտապանը չի մասնակցում, այսինքն` Սամվել Պողոսյանը նման առարկություն ներկայացնելու իրավունք չունի:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

i

1) 16.05.2011 թվականին Դատախազությունում ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի, 308-րդ հոդվածի 2-րդ մասի և 314-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է թիվ 61203311 քրեական գործը, 13.05.2013 թվականին Սեյրան Կարապետյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (հատոր 1-ին, գ.թ 102-104):

i

2) 30.06.2014 թվականին Սամվել Պողոսյանը հայտնաբերվել է, նույն օրը նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: 08.12.2014 թվականին թիվ 61203311 քրեական գործից մեղադրյալներ Ս. Կարապետյանի, Հ. Ասատրյանի, Ա. Պողոսյանի, Ս. Պողոսյանի և Գ. Դավթյանի վերաբերյալ գործի մասն անջատվել է` թիվ 69112414 համարի ներքո: 27.12.2014 թվականին թիվ 69112414 քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան:

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 27.04.2017 թվականի` օրինական ուժի մեջ մտած թիվ ԱՐԴ/0188/01/14 որոշմամբ ամբաստանյալներ Սեյրան Կարապետյանի, Վաղարշակ Գևորգյանի, Հերիքնազ Ասատրյանի, Գոհարիկ Դավթյանի վերաքննիչ բողոքները բավարարվել են մասնակի` ՀՀ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 18.03.2016 թվականի դատավճիռը` ամբաստանյալներ Սեյրան Կարապետյանի և Հերիքնազ Ասատրյանի նկատմամբ նշանակված պատժաչափերի, որպես հանցագործությամբ պատճառված վնասի հատուցում` ամբաստանյալներից համապարտության կարգով հօգուտ պետբյուջեի 225.016.000 ՀՀ դրամ բռնագանձելու և ամբաստանյալների գույքի վրա դրված արգելանքների մասով բեկանվել է և փոփոխվել, (...) հանցագործությամբ պատճառված գույքային վնասի հատուցման հարցը թողնվել է առանց քննության` քաղաքացիական հայց հարուցված չլինելու հիմքով: Դատավճիռը` մնացած մասով թողնվել է անփոփոխ (հատոր 1-ին, գ.թ 8-65):

3) Ըստ գործում առկա 25.02.2014 թվականի թիվ 2286 վճարման հանձնարարականի` Տիգրան Կարապետյանը, որպես Սեյրան Կարապետյանի կողմից հանցավոր արարքի հետևանքով պատճառված վնասի հատուցում, ՀՀ Գլխավոր դատախազության դեպոզիտ հաշվին վճարել է 100.000.000 ՀՀ դրամ, 11.03.2014 թվականի թիվ 1531 վճարման հանձնարարականի` Արթուր Կարապետյանը նույն նպատակով վճարել է 13.500.000 ՀՀ դրամ, 11.04.2014 թվականի թիվ 136 փոխանցման անդորրագրի համաձայն` Անի Կարապետյանը` 41.500.000 ՀՀ դրամ, իսկ 29.10.2014 թվականի թիվ 5090 վճարման հանձնարարականով` 25.000.000 ՀՀ դրամ: Ըստ գործում առկա 18.07.2014 թվականի թիվ 120135 վճարման հանձնարարագրի անդորրագրի` Մնացական Սամվելի Պողոսյանը, որպես Սամվել Պողոսյանի կողմից հանցավոր արարքի հետևանքով պատճառված վնասի հատուցում, ՀՀ Գլխավոր դատախազության դեպոզիտ հաշվին վճարել է 15.000.000 ՀՀ դրամ (հատոր 2-րդ, գ.թ. 98-103):

4) Դատախազությունը սույն գործով Համապատասխանողների դեմ գումարի բռնագանձման պահանջի վերաբերյալ հայցադիմումը դատարան է ներկայացրել 06.10.2017 թվականին (հատոր 1-ին, գ.թ. 3-7):

5) Սույն քաղաքացիական գործով Սամվել Պողոսյանի ներկայացուցիչը Դատարան է ներկայացրել հայցային վաղեմություն կիրառելու վերաբերյալ միջնորդություն (հատոր 2-րդ, գ.թ. 24):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.

 

i

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` բողոքում բարձրացված հարցերի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 337-րդ հոդվածի 1-ին կետի և 340-րդ հոդվածի 1-ին կետի միատեսակ կիրառության համար, ինչպես նաև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ` նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է` առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 337-րդ հոդվածի 1-ին կետի և 340-րդ հոդվածի 1-ին կետի խախտման արդյունքում թույլ է տրվել դատական սխալ, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանը վերահաստատելով և զարգացնելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները, անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցադրումներին.

1) ո՞ր պահից է ծագում դատախազության` պետությանը պատճառված վնասի հատուցման պահանջով հայց հարուցելու իրավունքը և նման հայցի հարուցման համար պարտադիր պայմա՞ն է արդյոք վնաս պատճառած անձի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով հանցագործության կատարման մեջ մեղավոր ճանաչված լինելու հանգամանքը:

2) Մի քանի անձանց համապարտ պարտավորության առկայության դեպքում պարտապաններից մեկի կողմից պարտքի ճանաչումը վկայող գործողության կատարումը արդյո՞ք ընդհատում է հայցային վաղեմության ժամկետը նաև մյուս պարտապանների համար:

 

1. Անդրադառնալով սույն որոշմամբ առաջադրված առաջին հարցին` Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 14-րդ հոդվածի 10-րդ կետի համաձայն` քաղաքացիական իրավունքների պաշտպանությունն իրականացվում է վնասներ հատուցելով:

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` անձը, ում իրավունքը խախտվել է, կարող է պահանջել իրեն պատճառված վնասների լրիվ հատուցում, եթե վնասների հատուցման ավելի պակաս չափ նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով:

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1058-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` քաղաքացու անձին կամ գույքին, ինչպես նաև իրավաբանական անձի գույքին պատճառված վնասը լրիվ ծավալով ենթակա է հատուցման այն պատճառած անձի կողմից:

i

Իրավահարաբերության ծագման պահին գործող` 22.02.2007 թվականին ընդունված, 01.05.2007 թվականին ուժի մեջ մտած և 09.04.2018 թվականին ուժը կորցրած «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատախազի կողմից պետական շահերի պաշտպանության հայց հարուցելն ընդգրկում է`

1) քաղաքացիական դատավարության կարգով պետության գույքային շահերի պաշտպանության հայցի հարուցումը.

2) վարչական դատավարության կարգով պետության գույքային և ոչ գույքային շահերի պաշտպանության հայցի հարուցումը.

3) քրեական դատավարության կարգով հանցագործությամբ ուղղակիորեն պետությանը պատճառված գույքային վնասի հատուցման հայցի հարուցումը:

i

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` դատախազը պետական շահերի պաշտպանության հայց հարուցում է միայն, եթե`

1) իր լիազորություններն իրականացնելիս հայտնաբերում է, որ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինը, որին վերապահված է պետական շահերի պաշտպանությանն առնչվող տվյալ հարցերով հայց ներկայացնելը, իրազեկ լինելով պետական շահերի խախտման փաստի մասին, ողջամիտ ժամկետում հայց չի ներկայացրել կամ հայց չի ներկայացնում դատախազի կողմից հայց ներկայացնելու առաջարկություն ստանալուց հետո, կամ

2) պետական շահերի խախտում է տեղի ունեցել այն հարցերով, որոնցով հայց ներկայացնելն օրենսդրությամբ վերապահված չէ որևէ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի, կամ

3) դատախազին հայց հարուցելու միջնորդությամբ է դիմել իրավասու պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինը, կամ

4) հանցագործությամբ ուղղակիորեն պետությանը պատճառված է գույքային վնաս, կամ

5) պետական շահերի պաշտպանության հայցը հարուցվում է այլ երկրների դատարաններում կամ Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս տեղի ունեցող արբիտրաժներում, բացառությամբ այն դեպքերի, երբ Հայաստանի Հանրապետության կառավարությունը (այսուհետ` կառավարություն) լիազորում է այլ մարմնի կամ կազմակերպության:

i

ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած որոշմամբ անդրադառնալով իրավահարաբերության ծագման պահին գործող` 22.02.2007 թվականին ընդունված, 01.05.2007 թվականին ուժի մեջ մտած և 09.04.2018 թվականին ուժը կորցրած «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի իրավական վերլուծությանը, նշել է, որ դատախազությունն իրավասու է, որպես պետությանը պատճառված վնասի հատուցում, հարկային հաշվետվություններ ներկայացնելու լիազորություն ունեցող անձից չվճարված կամ պակաս վճարված գումարները գանձելու հայց ներկայացնել քաղաքացիական դատավարության կարգով (տե՛ս, օրինակ, ՀՀ գլխավոր դատախազությունն ընդդեմ Վալենտինա Մկրտչյանի թիվ ԵԿԴ/3058/02/11 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 05.04.2013 թվականի որոշումը):

i

Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ չվճարված հարկերը կամ տուրքերը, որպես պետությանը պատճառված վնաս գանձելու համար կարող է առկա լինել ինչպես հանցագործություն կատարելու փաստը և վնաս պատճառելը (22.02.2007 թվականին ընդունված, 01.05.2007 թվականին ուժի մեջ մտած և 09.04.2018 թվականին ուժը կորցրած «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետ), այնպես էլ առանց հանցագործության փաստը հիմնավորող թույլատրելի ապացույցի առկայության վնաս պատճառելը (...): Ընդ որում, նշված դեպքում որպես պատասխանող հանդես է գալիս այն անձը, ում լիազորությունների շրջանակում է եղել հարկային հաշվետվությունների ներկայացումը, որոնք օրենսդրությամբ սահմանված կարգով չկատարելու արդյունքում պետությունը կրել է գույքային կորուստ:

Միաժամանակ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ հարկային հաշվետվություններ ներկայացնելու լիազորություն ունեցող անձից չվճարված կամ պակաս վճարված գումարները գանձելու հայցը դատախազությունը կարող է ներկայացնել քրեական գործի դատավարության ընթացքում քաղաքացիական հայցի ձևով կամ քաղաքացիական դատավարության կարգով: Ընդ որում, ՀՀ վճռաբեկ դատարանն ընդգծել է, որ այն դեպքերում, երբ պետությանը պատճառված վնասի հատուցման հայցը ներկայացվել է տնտեսվարող սուբյեկտի պաշտոնատար անձի դեմ, ում լիազորությունն է հարկային հաշվետվությունների ներկայացումը, անհրաժեշտ է ապացուցել տվյալ անձի կողմից ոչ իրավաչափ գործողությունների կամ անգործության կատարած լինելու փաստի առկայությունը, որպիսին հիմնավորվում է օրենքով սահմանված ապացույցներով (տե՛ս ՀՀ գլխավոր դատախազությունն ընդդեմ Վարդան Հարությունյանի, երրորդ անձ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի թիվ ԵԱՆԴ/0789/02/11 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 05.04.2013 թվականի որոշումը):

Վերոնշյալ եզրահանգումների համար ՀՀ վճռաբեկ դատարանը հիմք է ընդունել նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքը: Մասնավորապես, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը նշել է, որ չնայած քաղաքացիական պատասխանատվության ծագման պայմանները հանգամանքների բերումով կարող են որոշ դեպքերում համընկնել քրեական պատասխանատվության առաջացման պայմանների հետ, այդուհանդերձ քաղաքացիաիրավական հայցը պետք է լուծվի քաղաքացիական պարտավորական իրավունքի սկզբունքների հիման վրա: Քրեական գործով իրականացված դատավարության արդյունքը որոշիչ չէ վնասի հատուցման վերաբերյալ գործով: Տուժողն իրավունք ունի պահանջել վնասների հատուցում անկախ այն հանգամանքից պատասխանողը դատապարտվել է, թե` արդարացվել, և փոխհատուցման հարցը պետք է դառնա իրավական ինքնուրույն գնահատման առարկա, որի պարագայում ապացուցման չափորոշիչները էականորեն տարբերվում են քրեական պատասխանատվության ենթարկելու դեպքերից: Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կարծիքով` այն, որ միևնույն արարքը կարող է առաջացնել քրեական գործի հետ նույնական (ընդհանուր) հանգամանքներից (փաստերից) բխող վնասը հատուցելու քաղաքացիաիրավական պարտականություն, բավարար հիմքեր չի ստեղծում անձի նկատմամբ կիրառված քաղաքացիաիրավական պատասխանատվությունը դիտել նաև «քրեական պատիժ» (տե՛ս Ռինգվոլդն ընդդեմ Նորվեգիայի գործով Եվրոպական դատարանի 11.02.2003 թվականի վճիռը, պարբ. 38):

i

Այսինքն` ՀՀ վճռաբեկ դատարանի նախկինում արտահայտած դիրքորոշումներից հետևում է, որ անկախ այն հանգամանքից, որ 22.02.2007 թվականին ընդունված, 01.05.2007 թվականին ուժի մեջ մտած և 09.04.2018 թվականին ուժը կորցրած «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածով ամրագրված է, որ դատախազը պետական շահերի պաշտպանության հայց հարուցում է միայն, եթե հանցագործությամբ ուղղակիորեն պետությանը պատճառվել է գույքային վնաս, այդուհանդերձ, վնասի առկայությունը կախվածության մեջ չպետք է դրվի վնաս պատճառած անձի` հանցագործության կատարման մեջ մեղավոր ճանաչված լինելու հանգամանքից, քանի որ, թեև քաղաքացիական պատասխանատվության ծագման պայմանները հանգամանքների բերումով կարող են որոշ դեպքերում համընկնել քրեական պատասխանատվության առաջացման պայմաններին, այնուամենայնիվ, պետությանը վնաս պատճառած անձի արարքում հանցակազմի բացակայությունը չի բացառում ինքնուրույն ոչ օրինաչափ վարքագծի առկայությունը, որն առաջացնում է քաղաքացիաիրավական պատասխանատվություն:

Վերահաստատելով նշված դիրքորոշումը` ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ պետությանը պատճառված վնասի հատուցման իրավահարաբերության նկատմամբ, որպես քաղաքացիաիրավական հարաբերության, կիրառելի են քաղաքացիական իրավունքի ընդհանուր ինստիտուտները, այդ թվում նաև` հայցային վաղեմության ինստիտուտը:

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 331-րդ հոդվածի համաձայն` հայցային վաղեմություն է համարվում իրավունքը խախտված անձի հայցով իրավունքի պաշտպանության ժամանակահատվածը:

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 332-րդ հոդվածի համաձայն` հայցային վաղեմության ընդհանուր ժամկետը երեք տարի է:

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` իրավունքի պաշտպանության մասին պահանջը դատարանը քննության է ընդունում հայցային վաղեմության ժամկետը լրանալուց անկախ: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` դատարանը հայցային վաղեմությունը կիրառում է միայն վիճող կողմի դիմումով, որը պետք է տրվի մինչև դատարանի կողմից վճիռ կայացնելը: Հայցային վաղեմության ժամկետի լրանալը, որի կիրառման մասին դիմել է վիճող կողմը, հիմք է դատարանի կողմից հայցը մերժելու մասին վճիռ կայացնելու համար:

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 337-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` հայցային վաղեմության ժամկետի ընթացքն սկսվում է այն օրվանից, երբ անձն իմացել է կամ պետք է իմացած լիներ իր իրավունքի խախտման մասին: Այդ կանոնից բացառությունները սահմանվում են նույն օրենսգրքով և այլ օրենքներով:

ՀՀ վճռաբեկ դատարանը, անդրադառնալով վերը նշված հոդվածների վերլուծությանը, արձանագրել է, որ օրենսդիրը, ամրագրելով հայցային վաղեմության ընդհանուր երեք տարվա ժամկետը, միաժամանակ սահմանել է նաև այդ ժամկետի հաշվարկման կարգը, այն է` հայցային վաղեմության ժամկետի ընթացքն սկսվում է այն օրվանից, երբ անձն իմացել է կամ պետք է իմացած լիներ իր իրավունքի խախտման մասին (տե՛ս Ռազմիկ Դարբինյանն ընդդեմ Դանիել Ղասաբողլյանի թիվ ԵԷԴ/0723/02/09 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 02.04.2010 թվականի որոշումը):

i

Վերահաստատելով և զարգացնելով նախկինում արտահայտած իր իրավական դիրքորոշումները` ՀՀ վճռաբեկ դատարանը մեկ այլ որոշմամբ հարկ է համարել արձանագրել հետևյալը. ինչպես բխում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 337-րդ հոդվածի 1-ին կետի վերլուծությունից` օրենսդիրը հայցային վաղեմության ժամկետի ընթացքի սկիզբը կապել է ոչ թե իրավունքի խախտման պահի, այլ այն օրվա հետ, երբ անձն իմացել է կամ պետք է իմացած լիներ իր իրավունքի խախտման մասին: Օրենսդրի այս կարգավորումը բխում է այն տրամաբանությունից, ըստ որի` եթե անձն իր իրավունքի խախտման մասին չիմանա, ապա չի էլ կարող ձեռնամուխ լինել որևէ եղանակով` այդ թվում և հայց հարուցելու միջոցով իր խախտված իրավունքի պաշտպանությանը: Ընդ որում, հայցային վաղեմության ժամկետի ընթացքի մեկնարկի երկու նախապայմանների դեպքում էլ օրենսդիրը գործածել է «իմացել է» և «պետք է իմացած լիներ» արտահայտությունները, որոնց տառացի մեկնաբանությունը հանգեցնում է այն հետևության, որ հայցային վաղեմության ժամկետի ընթացքն սկսվելու համար անհրաժեշտ է, որ հայցվորը հաստատապես իմանա կամ իմացած լինի իր իրավունքի խախտման մասին:

Վերոգրյալից բխում է, որ հայցային վաղեմության ժամկետի ընթացքը չի կարող սկսվել, եթե հայցվորին հասանելի տեղեկությունները նրան թույլ տան եզրակացնել միայն իր իրավունքի ենթադրյալ խախտման մասին: Իրավակիրառ պրակտիկայում շահագրգիռ անձը դատական պաշտպանության իր իրավունքն իրացնում է այն դեպքում, երբ համոզված է իր իրավունքի հաստատապես խախտման հարցում: Այլ կերպ ասած` շահագրգիռ անձը պետք է համոզված լինի իր իրավունքի խախտման հարցում` անկախ նրանից, թե իրականում իրավունքի խախտում տեղի ունեցել է, թե ոչ, ինչը դատարանի գնահատման առարկա է:

ՀՀ վճռաբեկ դատարանի դիտարկմամբ շահագրգիռ անձի կողմից իր իրավունքի խախտման մասին հաստատապես իմանալու համար վերջինս պետք է տիրապետի խախտման վերաբերյալ բավարար տեղեկությունների, իսկ եթե այդ տեղեկությունները բավարար չեն, այսինքն` եթե հայցվորը կարող է միայն ենթադրություններ անել իր իրավունքի հնարավոր խախտման մասին, ապա նա չի էլ կարող հստակ պահանջ ներկայացնել իր իրավունքի խախտման վերացման վերաբերյալ: Այսպիսով, օրենսդիրը հայցային վաղեմության ժամկետի ընթացքն սկսվելու իրավական հետևանքը պայմանավորել է հայցվորի կողմից ոչ թե իր իրավունքի խախտման մասին ենթադրելու հնարավորությամբ, այլ այդ խախտման մասին հավաստի կերպով իմանալու կամ իմացած լինելու փաստերով:

ՀՀ վճռաբեկ դատարանն ընդգծել է, որ հայցային վաղեմության ժամկետը կմեկնարկի այն օրվանից, երբ շահագրգիռ անձը տիրապետի անհրաժեշտ և բավարար տեղեկությունների` պատշաճ հայցադիմում դատարան ներկայացնելու համար (տե՛ս «Ալյանս պլյուս» ՍՊԸ-ն ընդդեմ «ԱրմենՏել» ՓԲԸ-ի թիվ ԵԱՔԴ/4524/02/15 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 04.06.2019 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանը մեկ այլ որոշմամբ փաստել է, որ յուրաքանչյուր դեպքում հայցային վաղեմության ժամկետի սկիզբը ճիշտ որոշելու համար անհրաժեշտ է հաշվի առնել գործի փաստական հանգամանքները, վիճելի իրավահարաբերության բնույթը և սուբյեկտային կազմը:

Միաժամանակ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ հայցային վաղեմության ժամկետի սկիզբը ճիշտ որոշելու համար առավել կարևորվում է իրավազոր անձի կարգավիճակը: Քաղաքացիական իրավահարաբերություններում, քաղաքացիներից և իրավաբանական անձանցից զատ, որպես իրավազոր անձ կարող է հանդես գալ նաև պետությունը: Վերջինս քաղաքացիական իրավահարաբերություններին մասնակցում է այդ նպատակի համար լիազորված պետական մարմինների միջոցով: Հետևաբար բոլոր այն դեպքերում, երբ որպես իրավազոր անձ քաղաքացիական դատավարության կարգով դատարան է դիմում պետությունը` ի դեմս պետական մարմնի, հայցային վաղեմության ժամկետի սկիզբը ճիշտ որոշելու համար անհրաժեշտ է նախևառաջ պարզել` արդյոք տվյալ պետական մարմինն իրավասու է վիճելի իրավահարաբերության շրջանակներում ներկայացնելու պետության շահերը և երկրորդ` երբ է վերջինս բացահայտել կամ պետք է բացահայտած լիներ պետական շահի խախտման փաստը: Ընդ որում, թե՛ առաջին և թե՛ երկրորդ հարցադրումների շրջանակներում պետք է ուսումնասիրել տվյալ պետական մարմնի` օրենսդրությամբ ամրագրված լիազորությունների շրջանակը (տե՛ս ՀՀ գլխավոր դատախազությունն ընդդեմ Հենրիկ Սարգսյանի թիվ ԵՄԴ/1149/02/12 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.04.2016 թվականի որոշումը):

i

Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է հետևյալը: Օրենսդիրը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանել է, որ քրեական դատավարությունում քաղաքացիական հայց չհարուցելու դեպքում անձն իրավունք ունի քաղաքացիական հայց հարուցել քաղաքացիական դատավարության կարգով, սակայն քաղաքացիական դատավարության կարգով հայց հարուցելիս արդեն ոչ թե գործում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 154-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված այն կանոնակարգումը, համաձայն որի` քրեական դատավարությունում քաղաքացիական հայցի վրա չեն տարածվում քաղաքացիական օրենսդրությամբ սահմանված հայցային վաղեմության ժամկետները, այլ գործում են քաղաքացիական և քաղաքացիական դատավարության օրենսդրությամբ սահմանված` հայցային վաղեմության վերաբերյալ կանոնակարգումները, իսկ դատախազությունն էլ, իբրև Հայաստանի Հանրապետության լիազոր մարմին, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 128-րդ հոդվածի 1-ին կետի ուժով` քաղաքացիական օրենսդրությամբ ու այլ իրավական ակտերով կարգավորվող հարաբերություններում հանդես է գալիս այդ հարաբերությունների մյուս մասնակիցների` քաղաքացիների և իրավաբանական անձանց հետ հավասար հիմունքներով: Դա իր հերթին նշանակում է, որ դատախազի կողմից մեղադրական եզրակացությամբ քրեական գործը դատարան ուղարկելուց հետո, անկախ քրեական գործի հետագա ընթացքից, դատախազության կողմից քաղաքացիական դատավարության կարգով հայց հարուցելու պարագայում լիովին կիրառելի են հայցային վաղեմության վերաբերյալ ՀՀ վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները, մասնավորապես` հայցային վաղեմության ժամկետի հոսքը սկսվում է այն պահից, երբ դատախազությունն իմացել է կամ պետք է իմացած լիներ պետության գույքային շահերին վնաս պատճառված լինելու մասին: Քրեական գործի հետագա ընթացքն այս դեպքում որևէ ազդեցություն չի կարող ունենալ հայցային վաղեմության ժամկետի հոսքի վրա, քանի որ դրա հետ կապված ՀՀ քաղաքացիական օրենսգիրքը չի նախատեսել հայցային վաղեմության ժամկետի ընթացքի ընդհատում կամ կասեցում: Ավելին, ինչպես քրեական դատավարությունում, քաղաքացիական դատավարությունում ևս արգելված չէ քաղաքացիական հայցի հարուցումը հայցն առանց քննության թողնելու պարագայում, սակայն այս դեպքում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 341-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` մինչև հայցի հարուցումն սկսված հայցային վաղեմության ժամկետի ընթացքը շարունակվում է ընդհանուր կարգով:

Ամփոփելով վերոգրյալը` ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ պետությանը պատճառված վնասի հատուցման պահանջով դատախազության` հայց հարուցելու իրավունքի ծագման պահը ճիշտ որոշելու համար առանցքային նշանակություն ունի այն հարցի պատասխանը, թե որ պահից սկսած է վերջինս տիրապետում պետության գույքային շահի խախտման վերաբերյալ բավարար տեղեկությունների, ինչպես նաև իր տնօրինության ներքո ունենում այդ խախտման փաստը հիմնավորող ապացույցների բավարար համակցություն, ինչպիսի հանգամանքներով էլ պայմանավորված հնարավոր կլինի փաստել, որ դատախազության մոտ հենց այդ պահից սկսած հաստատապես ձևավորվում է համոզմունք առ այն, որ պետությանը պատճառվել է գույքային վնաս և վերջինս այդ պահից սկսած հնարավորություն է ստանում պատշաճ հայց ներկայացնելու միջոցով դիմելու դատական պաշտպանության: Ընդ որում, Վճռաբեկ դատարանն ընդգծել է, որ դատախազության` պետությանը պատճառված գույքային վնասի հատուցման պահանջով հայց հարուցելու իրավունքը ծագում է անկախ այն հանգամանքից, թե արդյոք վնաս պատճառած անձը պետությանը վնաս է պատճառել հանցագործության կատարման հետևանքով, թե այլ հակաիրավական վարքագծի արդյունքում, ինչպես նաև անկախ այն հանգամանքից, թե վնաս պատճառած անձն արդյոք մեղավոր է ճանաչվել այդ արարքի կատարման մեջ, թե ոչ (տե՛ս ՀՀ գլխավոր դատախազությունն ընդդեմ Նունե Իսկոյանի թիվ ԵԱՔԴ/2855/02/15 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 24.09.2020 թվականի որոշումը):

Վերահաստատելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները, Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում հավելել հետևյալը:

i

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 202-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` անձին որպես մեղադրյալ ներգրավելու հիմքը նրա կողմից հանցանքի կատարումը վկայող բավարար ապացույցների համակցությունն է: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` նույն հոդվածի առաջին մասում նախատեսված հիմքերի առկայության դեպքում քննիչը, դատախազը պատճառաբանված որոշում են կայացնում անձին որպես մեղադրյալ ներգրավելու մասին: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` որոշման նկարագրական-պատճառաբանական մասում նշվում են մեղադրյալի անունը, ազգանունը և նրա անձի մասին այլ տվյալներ, մեղադրանքի ձևակերպումը` նշելով հանցագործության տեղը, ժամանակը, եղանակը և մյուս հանգամանքները, որքանով դրանք պարզված են գործի նյութերով: Եզրափակիչ մասում շարադրվում է անձին գործով որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշումը և քրեական օրենսգրքի հոդվածը, հոդվածի մասը կամ կետը, որով նախատեսված է կատարված հանցանքի համար պատասխանատվությունը: Նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն` որոշման պատճենը 24 ժամվա ընթացքում ուղարկվում է դատախազին:

i

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 107-րդ հոդվածի համաձայն` միայն ապացույցների հիման վրա են հաստատվում`

1) դեպքը և հանգամանքները (կատարման ժամանակը, տեղը, եղանակը և այլն).

2) կասկածյալի և մեղադրյալի առնչությունը դեպքին.

3) հանցագործության` քրեական օրենքով նախատեսված հատկանիշները.

4) անձի մեղավորությունը քրեական օրենքով չթույլատրված արարքը կատարելու մեջ.

5) քրեական օրենքով նախատեսված պատասխանատվությունը մեղմացնող կամ խստացնող հանգամանքները.

6) այն հանգամանքները, որոնցով դատավարության մասնակիցը կամ քրեական դատավարությանը մասնակցող այլ անձը հիմնավորում է իր պահանջները, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով:

Նշված նորմերի վերլուծությունից բխում է, որ հափշտակության, մասնավորապես խարդախության միջոցով պետական գույքի հափշտակության դեպքում անձի նկատմամբ հնարավոր է որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշում կայացնել, երբ առկա է բավարար ապացույցների համակցություն նրա կողմից ՀՀ քրեական օրենսգրքով չթույլատրված արարքի կատարման փաստի, և մասնավորապես, պատճառված գույքային վնասի չափի վերաբերյալ, իսկ անձին որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշման պատճենը 24 ժամվա ընթացքում ուղարկվում է դատախազին: Դա նշանակում է, որ որոշումը ստանալու պահից դատախազությունը տիրապետում է բավարար տեղեկությունների` ՀՀ քրեական օրենսգրքով չթույլատրված արարքի հետևանքով պետության գույքային շահերին կոնկրետ չափով վնաս պատճառված լինելու վերաբերյալ, ինչպես նաև որոշումը ստանալու պահից տիրապետում է պետության գույքային շահերի խախտման փաստը հիմնավորող բավարար ապացույցների համակցության, ուստի այդ պահից էլ Դատախազությունը հնարավորություն է ստանում հակաօրինական արարք թույլ տված անձի դեմ պատշաճ հայց ներկայացնելու միջոցով պաշտպանելու պետության գույքային շահերը:

i

Նկատի ունենալով վերոհիշյալ հանգամանքը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ անձին որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշումը ստանալու պահից էլ Դատախազության համար սկսվում է հայցային վաղեմության ժամկետի ընթացքը, որը կարող է ընդհատվել պատշաճ հայց հարուցելով: Եթե քրեական դատավարության կարգով պատշաճ հայց չի հարուցվել, ինչը հարուցելու դեպքում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 154-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` քրեական դատավարությունում չեն տարածվի քաղաքացիական օրենսդրությամբ սահմանված հայցային վաղեմության ժամկետները, ապա քաղաքացիական դատավարության կարգով վնասի հատուցման պահանջով հայցը կարող է ներկայացվել անձին որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշումը ստանալու պահից երեք տարվա ընթացքում: Ընդ որում, նման հայցի հարուցման համար պարտավոր անձի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով հանցագործության կատարման մեջ մեղավոր ճանաչված լինելու հանգամանքը պարտադիր չէ, քանի որ անձի` քրեական պատասխանատվության ենթարկված լինելը չէ, որ կանխորոշում է նրանից վնասի հատուցում պահանջելու հնարավորությունը, այլ այդ անձի ոչ իրավաչափ վարքագծի արդյունքում վնաս պատճառված լինելու փաստի պարզված լինելը հայց հարուցելու իրավունք ունեցող անձի համար:

2) Անդրադառնալով սույն որոշմամբ առաջադրված երկրորդ հարցին` Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում արձանագրել հետևյալը:

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 340-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` հայցային վաղեմության ժամկետի ընթացքն ընդհատվում է սահմանված կարգով հայցը հարուցելով, ինչպես նաև պարտավոր անձի կողմից պարտքի ճանաչումը վկայող գործողությունները կատարելով:

Շարադրված նորմի վերլուծությունից բխում է, որ հայցային վաղեմության ժամկետի ընթացքն սկսվելու համար անհրաժեշտ է, որ սահմանված կարգով հայցը հարուցվի: Ի թիվս այլ բաղկացուցիչների «սահմանված կարգով հայցը հարուցելու» պայմանն ընդգրկում է նաև հայցը տվյալ հայցով պատշաճ պատասխանողի դեմ ներկայացնելու պահանջը, քանի որ եթե հայցը ներկայացվի այլ անձի դեմ, ապա տվյալ հայցով պատշաճ պատասխանողն ընդհանրապես հնարավորություն չի ունենա հայցային վաղեմության կիրառման մասին դիմումով հանդես գալու, և հայցային վաղեմության վերաբերյալ իրավակարգավորումները կդառնան ինքնանպատակ: Նույն տրամաբանությունն է գործում նաև հայցային վաղեմության ընդհատման մյուս հիմքի առկայությունը գնահատելիս, ընդ որում, օրենսդիրն այս հիմքը շարադրելիս առավել հստակ է սահմանել, որ պարտքի ճանաչումը վկայող գործողությունները պետք է կատարվեն հատկապես պարտավոր անձի կողմից: Այլ անձի, այդ թվում և այլ պարտավոր անձի, կողմից մեկ այլ պարտավոր անձի պարտքի ճանաչումը չի կարող որևէ իրավական հետևանք առաջացնել տվյալ պարտավոր անձի համար, հակառակ պարագայում կստացվի, որ անձի գործունակությունը` իր գործողություններով իրավունքներ ձեռք բերելու և պարտականություններ ստանձնելու ունակությունը, կարող է առանց տվյալ անձի համաձայնության փոխանցվել այլ անձի:

i

Վճռաբեկ դատարանի նշված հետևությունը հիմնավորում է նաև նրանով, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 335-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան, դատարանը հայցային վաղեմությունը կիրառում է միայն վիճող կողմի դիմումով: Դա նշանակում է, որ պարտավոր անձն ինքն է որոշում հայցային վաղեմության կիրառման դիմումով հանդես գալու կամ չգալու իր վարքագիծը կամ, այլ խոսքով` հայցային վաղեմություն կիրառելու մասին դիմում տալը սուբյեկտիվ իրավունք է, որն անխզելիորեն կապված է պարտավոր անձի հետ: Համապատասխանաբար վիճող կողմում մի քանի անձանց առկայության դեպքում մեկ անձի կողմից հայցային վաղեմության կիրառման մասին դիմում տալը հայցային վաղեմության կիրառման կամ չկիրառման առումով կարող է իրավական հետևանքներ առաջացնել միայն դիմում տված անձի համար և չի կարող նման հետևանքներ առաջացնել դիմում չտված մյուս անձանց համար: Նմանապես պարտքի ճանաչումը վկայող գործողությունը պարտապաններից մեկի կողմից կատարվելու դեպքում հայցային վաղեմության ժամկետի ընդհատման իրավական հետևանքը կարող է առաջանալ միայն տվյալ պարտապանի համար, քանի որ նման գործողության կատարմամբ միայն նա է ճանաչում իր պարտքը, իսկ մյուս պարտապանները, որոնք նման գործողություն չեն կատարել, չեն կարող կրել այլ պարտապանի սուբյեկտիվ գործողության բացասական հետևանքները և պարտքը չընդունելու պայմաններում համարվել պարտքն ընդունած պարտապաններ:

i

Պարտավորության համապարտ լինելու հանգամանքը չի կարող անձին զրկել իր իրավունքների պաշտպանության եղանակն ընտրելու հնարավորությունից, քանի որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 3-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան յուրաքանչյուր անձ իր իրավունքներն իրականացնում է իր կամքով և ի շահ իրեն: Հակառակ տրամաբանության պարագայում օրենսդիրը պետք է սահմանափակած լիներ համապարտ պարտապանների կողմից իրենց իրավունքները տարբեր կերպ իրականացնելու, մասնավորապես` հայցային վաղեմություն կիրառելու մասին դիմում ներկայացնելու կամ չներկայացնելու, իրենց պարտքը ճանաչելու կամ չճանաչելու վարքագիծն ընտրելու հնարավորությունը, որպիսի օրենսդրական սահմանափակում, բնականաբար գոյություն չունի: Պարտապանների կողմից պարտատիրոջ պահանջների դեմ որոշակի առարկություններ ներկայացնելու օրենսդրական սահմանափակումը վերաբերում է պահանջների դեմ ըստ էության առարկություններ ներկայացնելու իրավունքին և որևէ առնչություն չունի հայցային վաղեմություն կիրառելու միջնորդության հետ:

Հայցային վաղեմության կիրառման համար էական նշանակություն չի կարող ունենալ նաև այն հանգամանքը, թե պարտքի ճանաչումը վկայող ինչպիսի գործողություն է կատարել կոնկրետ պարտապանը` այդ գործողությունը պարտապանների ընդհանուր պարտքը նվազեցրել է, թե ոչ: Պարտավորության մեջ մի քանի պարտապանների առկայության, մասնավորապես համապարտ պարտավորության առկայության դեպքում պարտապաններից մեկի` պարտքը նվազեցնող գործողության կատարումը կարող է ազդել միայն պարտավորության ընդհանուր չափի վրա, սակայն դա որևէ կերպ չի կարող կապվել հայցային վաղեմության կիրառման դիմում ներկայացնելու և պարտքը ճանաչելու կամ չճանաչելու անձի իրավունքի հետ: Հակառակ տրամաբանության պարագայում կստացվի, որ պարտքի ճանաչման տարբեր գործողությունները կարող են առաջացնել հայցային վաղեմության կիրառման տարբեր իրավական ռեժիմներ: Այսպես, եթե համապարտ պարտապաններից մեկը կատարի պարտքի ընդհանուր չափը չնվազեցնող գործողություն (օրինակ` պարզապես գրավոր կերպով ընդունի իր պարտքը), հայցային վաղեմության ժամկետը կարող է ընդհատվել մյուս պարտապանների համար, իսկ եթե կատարի պարտքի ընդհանուր չափը նվազեցնող գործողություն (օրինակ` փակի պարտքի մի մասը), հայցային վաղեմության ժամկետը մյուս պարտապանների համար կարող է ընդհատվել միայն այն պատճառով, որ պարտքի ընդհանուր չափը նվազել է: Նման իրավիճակը չի կարող իրավաչափ լինել, քանի որ կասկածի տակ է դնում անձի` իր իրավունքներից սեփական հայեցողությամբ օգտվելու հնարավորությունը, ինչպես նաև անձի` որպես քաղաքացիական իրավահարաբերությունների ինքնուրույն սուբյեկտի գործունակությունն ընդհանրապես:

Այն հանգամանքը, որ պարտավորությանը մասնակցող անձանց նկատմամբ հայցային վաղեմության կիրառումը կապված է յուրաքանչյուր պարտապանի անձնական, սուբյեկտիվ վարքագծի հետ, հիմնավորվում է նաև ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 346-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված այն իրավակարգավորմամբ, համաձայն որի` պարտապանի կողմում պարտավորությանը մասնակցող անձանցից մեկի նկատմամբ պարտատիրոջ պահանջների անվավերությանը, ինչպես նաև այդ անձի նկատմամբ պահանջի հայցային վաղեմության ժամկետի ավարտվելն ինքնին չեն շոշափում մնացած անձանց ուղղված նրա պահանջները: Իրավանորմի նման շարադրանքից բխում է, որ հայցային վաղեմության ժամկետի լրանալը, ինչպես նաև հայցային վաղեմության կիրառումը մեկ պարտապանի նկատմամբ` համապարտ պարտապանների առկայության դեպքում, օրենսդիրը կապել է յուրաքանչյուր պարտապանի անձի հետ առանձին-առանձին, սահմանելով, որ կախված տարբեր իրավիճակներից, հնարավոր են միևնույն պարտավորությանը մասնակցող անձանց պատասխանատվություն կրելու տարբեր իրավիճակներ: Այսինքն` այն պարտապանը, որը հայցային վաղեմության ժամկետն ընդհատելու գործողություն է կատարել, պետք է կրի իր կատարած գործողության հետևանքը, իսկ այն պարտապանը, որը նման գործողություն չի կատարել, չի կարող կրել մյուս պարտապանի կատարած գործողության հետևանքը` վերջինիս ուղղված պահանջի մասով հայցային վաղեմությունն ինքնին չի ընդհատվում: Ըստ այդմ էլ, կախված հայցային վաղեմության ժամկետը լրանալուց, Դատարանի կողմից համապարտ պարտավորության մասնակիցների նկատմամբ միևնույն պահանջով կարող են տրվել տարբեր լուծումներ:

Ամփոփելով վերը շարադրվածը, Վճռաբեկ դատարանը, գտնում է, որ պարտավորության համապարտության դեպքում ևս, ինչպես և գործով մի քանի պատասխանողներ մասնակցելու այլ դեպքերում, պատասխանողներից յուրաքանչյուրն ազատ է հայցային վաղեմության կիրառման դիմում ներկայացնելու կամ չներկայացնելու, ինչպես նաև պարտքը ճանաչելու գործողություն կատարելու կամ չկատարելու հարցում, և մեկ պարտապանի կողմից հայցային վաղեմության ժամկետն ընդհատող գործողության կատարումը չի կարող ազդել մյուս պարտապաններին ուղղված պահանջների նկատմամբ հայցային վաղեմության ժամկետի ընդհատման և կիրառման վրա:

 

Վերը նշված իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

16.05.2011 թվականին Դատախազությունում ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի, 308-րդ հոդվածի 2-րդ մասի և 314-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է թիվ 61203311 քրեական գործը, 13.05.2013 թվականին Սեյրան Կարապետյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով:

30.06.2014 թվականին Սամվել Պողոսյանը հայտնաբերվել է, նույն օրը նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: 08.12.2014 թվականին թիվ 61203311 քրեական գործից մեղադրյալներ Ս. Կարապետյանի, Հ. Ասատրյանի, Ա. Պողոսյանի, Ս. Պողոսյանի և Գ. Դավթյանի վերաբերյալ գործի մասն անջատվել է` թիվ 69112414 համարի ներքո: 27.12.2014 թվականին թիվ 69112414 քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան:

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 27.04.2017 թվականի` օրինական ուժի մեջ մտած թիվ ԱՐԴ/0188/01/14 որոշմամբ ամբաստանյալներ Սեյրան Կարապետյանի, Վաղարշակ Գևորգյանի, Հերիքնազ Ասատրյանի, Գոհարիկ Դավթյանի վերաքննիչ բողոքները բավարարվել են մասնակի, ՀՀ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 18.03.2016 թվականի դատավճիռը` ամբաստանյալներ Սեյրան Կարապետյանի և Հերիքնազ Ասատրյանի նկատմամբ նշանակված պատժաչափերի, որպես հանցագործությամբ պատճառված վնասի հատուցում` ամբաստանյալներից համապարտության կարգով հօգուտ պետբյուջեի 225.016.000 ՀՀ դրամ բռնագանձելու և ամբաստանյալների գույքի վրա դրված արգելանքների մասով բեկանվել է և փոփոխվել, (...) հանցագործությամբ պատճառված գույքային վնասի հատուցման հարցը թողնվել է առանց քննության` քաղաքացիական հայց հարուցված չլինելու հիմքով: Դատավճիռը` մնացած մասով թողնվել է անփոփոխ:

Ըստ գործում առկա 25.02.2014 թվականի թիվ 2286 վճարման հանձնարարականի` Տիգրան Կարապետյանը, որպես Սեյրան Կարապետյանի կողմից հանցավոր արարքի հետևանքով պատճառված վնասի հատուցում, ՀՀ Գլխավոր դատախազության դեպոզիտ հաշվին վճարել է 100.000.000 ՀՀ դրամ, 11.03.2014 թվականի թիվ 1531 վճարման հանձնարարականի` Արթուր Կարապետյանը նույն նպատակով վճարել է 13.500.000 ՀՀ դրամ, 11.04.2014 թվականի թիվ 136 փոխանցման անդորրագրի համաձայն` Անի Կարապետյանը` 41.500.000 ՀՀ դրամ, իսկ 29.10.2014 թվականի թիվ 5090 վճարման հանձնարարականով` 25.000.000 ՀՀ դրամ: Ըստ գործում առկա 18.07.2014 թվականի թիվ 120135 վճարման հանձնարարագրի անդորրագրի` Մնացական Սամվելի Պողոսյանը, որպես Սամվել Պողոսյանի կողմից հանցավոր արարքի հետևանքով պատճառված վնասի հատուցում, ՀՀ Գլխավոր դատախազության դեպոզիտ հաշվին վճարել է 15.000.000 ՀՀ դրամ:

Դատախազությունը սույն գործով Համապատասխանողների դեմ գումարի բռնագանձման պահանջի վերաբերյալ հայցադիմումը դատարան է ներկայացրել 06.10.2017 թվականին:

Սույն քաղաքացիական գործով Սամվել Պողոսյանի ներկայացուցիչը Դատարան է ներկայացրել հայցային վաղեմություն կիրառելու վերաբերյալ միջնորդություն:

Դատարանը Սամվել Պողոսյանի և Ալվարդ Պողոսյանի մասով հայցը մերժելիս պատճառաբանել է, որ գործում առկա 18.07.2014 թվականի թիվ 120135 վճարման հանձնարարագրի համաձայն` Մնացական Պողոսյանը որպես Սամվել Պողոսյանի կողմից հանցավոր արարքի հետևանքով պատճառված վնասի հատուցում Դատախազության դեպոզիտ հաշվին վճարել է 15.000.000 ՀՀ դրամ: Այսինքն` Սամվել Պողոսյանը կատարել է պարտքի ճանաչումը վկայող գործողություն, ինչի հետևանքով հայցային վաղեմության ժամկետի ընթացքը 18.07.2014 թվականին ընդհատվել է և սկսվել է նորից` երեք տարով` մինչև 18.07.2017 թվականը: Մինչդեռ Դատախազությունը Սամվել Պողոսյանից պետությանը պատճառված վնասը բռնագանձելու վերաբերյալ հայցը հարուցել է միայն 06.10.2017 թվականին` բաց թողնելով օրենքով նախատեսված եռամյա ժամկետը: Հետևաբար տվյալ դեպքում Սամվել Պողոսյանի պարտավորության մասով հայցային վաղեմության ժամկետը լրացել է: Միաժամանակ Դատարանը հայցը բավարարել է Սեյրան Կարապետյանի մասով` նկատի ունենալով, որ վերջինիս կողմից իր պարտքը ճանաչող վերջին գործողությունը կատարելու օրվանից` 29.10.2014 թվականից մինչև հայցի ներկայացումը` 06.10.2017 թվականը, հայցային վաղեմության եռամյա ժամկետը չի լրացել:

Վերաքննիչ դատարանը, բավարարելով Դատախազության վերաքննիչ բողոքը և դատական ակտը բեկանելով ու այն փոփոխելով, պատճառաբանել է, որ համապարտ պատասխանողներից մեկի կողմից պարտքի ճանաչումը վկայող գործողությունները պետք է գնահատվեն համապարտության առանձնահատկությունների հաշվառմամբ: Տվյալ դեպքում համապարտ պարտավորության էությունից հետևում է, որ համապարտ պարտապաններից ցանկացած մեկի կողմից կատարված վճարումները նվազեցնում է բոլոր համապարտ պարտապանների պարտավորության չափը, հետևաբար հայցային վաղեմության ժամկետն ընդհատված պետք է համարել բոլոր համապարտ պարտապանների համար, քանի որ համապարտ պարտավորությունը (պարտքի ճանաչումը) կատարվել է և նվազել է բոլոր համապարտ պարտապանների պարտավորության չափը: Միաժամանակ արձանագրելով, որ Դատախազության իրազեկման պահից է կախվածության մեջ գտնվում հայցային վաղեմության ժամկետի հոսքի օրենքով սահմանված հաշվարկը, Վերաքննիչ դատարանը գտել է, որ Դատախազության իրավունքը պաշտպանություն է ստացել առաջին ատյանի դատարանի դատավճռով և միայն ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի կողմից է քաղաքացիական հայցի հարցը թողնվել առանց քննության: Ուստի, Դատարանը հայցային վաղեմության հաշվարկի սկիզբը պետք է իրականացներ ոչ թե մեղադրանք առաջադրելու հաջորդ օրվանից, այլ որպես իրավախախտման փաստը հավաստող ապացույց դիտեր ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 27.04.2017 թվականին օրինական ուժի մեջ մտած դատական ակտը և հայցային վաղեմության ժամկետի սկիզբ դիտեր օրինական ուժի մեջ մտած դատական ակտի հաջորդ օրը:

Մինչդեռ, վերոգրյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո գնահատելով Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունները, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դրանք անհիմն են հետևյալ պատճառներով.

Հայցային վաղեմության կիրառման վերաբերյալ դիմում ներկայացնելը, պարտքը ճանաչելը, պարտքի ճանաչումը վկայող գործողություններ կատարելը, ինչպես նաև նման գործողություններ կատարելու եղանակն ընտրելը յուրաքանչյուր պարտապան-անձի սուբյեկտիվ իրավունքներն են, դրանք նա իրականացնում է սեփական հայեցողությամբ և կրում դրանք իրականացնելու իրավական հետևանքները: Պարտավորության համապարտ բնույթը չի կարող սահմանափակել անձի` վերը նշված իրավունքներից օգտվելու հնարավորությունը. Մասնավորապես, համապարտ պարտավորության դեպքում պարտապաններից մեկի պարտքը ճանաչելու գործողությունն ինքնին չի կարող հանգեցնել մյուս պարտապանների պարտքի ճանաչմանը, եթե այդ պարտապանները նման կամք չեն դրսևորել` իրենց պարտքը չեն ճանաչել: Համապարտ պարտավորության պարտապաններից մեկի կողմից պարտքի ճանաչումը կարող է ազդել միայն տվյալ պարտապանի նկատմամբ հայցային վաղեմության ժամկետի ընդհատման վրա և չի կարող նշանակություն ունենալ մյուս պարտապանների նկատմամբ հայցային վաղեմության կիրառման համար: Պարտապաններից մեկի կողմից պարտքի ճանաչումը վկայող գործողության կատարումը չի կարող հայցային վաղեմության ժամկետն ընդհատել բոլոր համապարտ պարտապանների համար, այն կարող է հայցային վաղեմության ժամկետն ընդհատել միայն այդպիսի գործողություն կատարած անձի համար: Հետևաբար, տվյալ դեպքում համապարտ պարտապան Սամվել Պողոսյանի համար հայցային վաղեմության ժամկետը չի կարող ընդհատված համարվել մյուս պարտապան Սեյրան Կարապետյանի կողմից 29.10.2014 թվականին կատարված վճարմամբ` պարտքի ճանաչումը վկայող գործողությամբ: Նկատի ունենալով, որ սույն գործի փաստերի համաձայն` Սամվել Պողոսյանի կողմից իր պարտքի ճանաչումը վկայող գործողություն` պարտքի մասնակի վճարում վերջին անգամ կատարվել է 18.07.2014 թվականին, ուստի նրա համար հայցային վաղեմության եռամյա ժամկետն ընդհատվել և նորից է սկսվել այդ ժամանակվանից, մինչդեռ Դատախազությունը նրանից վնաս բռնագանձելու հայցը հարուցել է միայն 06.10.2017 թվականին, այսինքն` հայցային վաղեմության ժամկետը լրանալուց հետո:

Անհիմն է նաև Վերաքննիչ դատարանի հետևությունը հայցային վաղեմության հաշվարկի սկիզբը անձի` հանցագործության կատարման մեջ մեղավոր ճանաչելու մասին դատավճռի օրինական ուժի մեջ մտնելու հաջորդ օրվանից կատարելու անհրաժեշտության վերաբերյալ, քանի որ վերն արտահայտված իրավական դիրքորոշմանը համապատասխան` քաղաքացիական դատավարության կարգով հայց հարուցելիս Դատախազության համար հայցային վաղեմության ժամկետի ընթացքն սկսվում է այն օրվանից, երբ վերջինս տիրապետում է պետության գույքային շահերի խախտման վերաբերյալ բավարար տեղեկությունների: Նկատի ունենալով, որ տվյալ դեպքում Դատախազությունը ոչ միայն այդպիսի տեղեկությունների, այլև պետության գույքային շահերին վնաս պատճառելու վերաբերյալ բավարար ապացույցների համակցության տիրապետել է անձին որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշման պատճենը դրա կայացման օրվանից 24 ժամվա ընթացքում ստանալու պահից, սույն գործով` 01.07.2014 թվականից, դրանից հետո Սամվել Պողոսյանի կողմից պարտքի ճանաչումը վկայող գործողություն է կատարվել և հայցային վաղեմության ժամկետն ընդհատվել և նորից է սկսվել 18.07.2014 թվականից, իսկ հայցը դատարան է ներկայացրել 06.10.2017 թվականին, ուստի հայցային վաղեմության եռամյա ժամկետը բաց է թողնվել, ինչն էլ հիմք է հանդիսացել Դատարանի կողմից համապատասխան միջնորդության առկայության պայմաններում Սամվել Պողոսյանի դեմ ներկայացված պահանջի մասով հայցը մերժելու:

Միաժամանակ անհիմն է նաև Վերաքննիչ դատարանի այն պատճառաբանությունը, թե «ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի կողմից է քաղաքացիական հայցի հարցը թողնվել առանց քննության», քանի որ սույն գործի փաստերով հաստատված է, որ Վերաքննիչ քրեական դատարանի 27.04.2017 թվականի որոշմամբ առանց քննության է թողնվել հանցագործությամբ պատճառված գույքային վնասի հատուցման հարցը` քաղաքացիական հայց հարուցված չլինելու հիմքով: Այսինքն` մինչև սույն քաղաքացիական գործով հայցի հարուցումը Դատախազությունն անգամ քրեական գործով պարտապանների դեմ քաղաքացիական հայց չի հարուցել:

Այսպիսով Դատարանի կողմից հայցային վաղեմության կիրառման հարցը ճիշտ է լուծվել, ինչն անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից:

 

Վճռաբեկ բողոքի պատասխանում բերված փաստարկները հերքվում են վերը նշված պատճառաբանություններով:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքերի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով սահմանված` առաջին ատյանի դատարանի դատական ակտին օրինական ուժ տալու` Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիայի) 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտին օրինական ուժ տալը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:

Դատարանի 11.07.2018 թվականի վճռին օրինական ուժ տալիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` հայցագնի մեջ մտնում են նաև պահանջվող տուժանքի (տուգանքի, տույժի) և տոկոսների գումարները` հայցադիմումը ներկայացնելու օրվա դրությամբ:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են [ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ] գլխի կանոններին համապատասխան: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` բողոքարկված դատական ակտը բեկանելու և փոփոխելու դեպքում վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարանը եզրափակիչ դատական ակտով գործին մասնակցող անձանց միջև վերաբաշխում է դատական ծախսերը` [ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ] գլխի կանոնների համաձայն:

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի «ժ» կետի համաձայն` դատարաններում պետական տուրքի վճարումից ազատվում են դատախազության մարմինները` պետական շահերի պաշտպանության վերաբերյալ հայցերով:

Սույն գործով բողոք բերած անձը վճռաբեկ բողոք ներկայացնելիս չի վճարել վճռաբեկ բողոք բերելու համար նախատեսված պետական տուրքի գումարը: Նկատի ունենալով, որ սույն գործով վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման, իսկ Դատախազության հայցը` մերժման, ուստի 27.03.2019 թվականի որոշմամբ հետաձգված պետական տուրքի հարցը պետք է համարել լուծված:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ և 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 26.10.2018 թվականի որոշումը` օրինական ուժ տալով ՀՀ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 11.07.2018 թվականի վճռին:

2. Պետական տուրքի հարցը համարել լուծված:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

նախագահող Ռ. Հակոբյան

զեկուցող Տ. Պետրոսյան

Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Ս. Միքայելյան

Է. Սեդրակյան

Ն. Տավարացյան

 

ՀԱՏՈՒԿ ԿԱՐԾԻՔ

 

04.06.2021 թ.

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատի կողմից թիվ ԱՐԴ/4009/02/17 քաղաքացիական գործով 04.06.2021

թվականին կայացված որոշման վերաբերյալ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան), 04.06.2021 թվականին գրավոր ընթացակարգով քննելով Սամվել Պողոսյանի ներկայացուցիչ Ղևոնդ Պապոյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 26.10.2018 թվականի որոշման դեմ` ըստ հայցի ՀՀ գլխավոր դատախազության (այսուհետ` Դատախազություն) ընդդեմ Սեյրան Կարապետյանի, Հերիքնազ Ասատրյանի, Ալվարդ Պողոսյանի, Գոհարիկ Դավթյանի և Սամվել Պողոսյանի (այսուհետ` Համապատասխանողներ)` պետությանը պատճառված վնասը բռնագանձելու պահանջի մասին, նույն պալատի դատավորների ընդհանուր թվի մեծամասնությամբ որոշել է վճռաբեկ բողոքը բավարարել, բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 26.10.2018 թվականի որոշումը` օրինական ուժ տալով ՀՀ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` Դատարան) 11.07.2018 թվականի վճռին:

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի դատավոր Ռուզաննա Հակոբյանս, Մամիկոն Դրմեյանս և Գոռ Հակոբյանս, համաձայն չլինելով վերը նշված որոշմամբ Վճռաբեկ դատարանի դատավորների մեծամասնության արտահայտած կարծիքի հետ, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 9-10-րդ մասերով, շարադրում ենք մեր հատուկ կարծիքը նշված որոշման վերաբերյալ:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 331-րդ հոդվածի համաձայն` հայցային վաղեմություն է համարվում իրավունքը խախտված անձի հայցով իրավունքի պաշտպանության ժամանակահատվածը:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 332-րդ հոդվածի համաձայն` հայցային վաղեմության ընդհանուր ժամկետը երեք տարի է:

Հայցադիմումը ներկայացնելու պահի դրությամբ գործող խմբագրությամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` իրավունքի պաշտպանության մասին պահանջը դատարանը քննության է ընդունում հայցային վաղեմության ժամկետը լրանալուց անկախ: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` դատարանը հայցային վաղեմությունը կիրառում է միայն վիճող կողմի դիմումով, որը պետք է տրվի մինչև դատարանի կողմից վճիռ կայացնելը: Հայցային վաղեմության ժամկետի լրանալը, որի կիրառման մասին դիմել է վիճող կողմը, հիմք է դատարանի կողմից հայցը մերժելու մասին վճիռ կայացնելու համար:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 337-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` հայցային վաղեմության ժամկետի ընթացքն սկսվում է այն օրվանից, երբ անձն իմացել է կամ պետք է իմացած լիներ իր իրավունքի խախտման մասին: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` այն պարտավորությունների համար, որոնք կատարելու համար որոշված է որոշակի ժամկետ, հայցային վաղեմության ընթացքն սկսվում է այդ ժամկետի ավարտմամբ: Նույն հոդվածի 3-րդ կետի համաձայն` այն պարտավորությունների համար, որոնց կատարման ժամկետը որոշված չէ կամ որոշված է ցպահանջ, հայցային վաղեմության ընթացքն սկսվում է այն պահից, երբ պարտատիրոջ մոտ առաջանում է պարտավորության կատարում պահանջելու իրավունք, իսկ եթե պարտապանին արտոնյալ ժամկետ է տրամադրվել պահանջը կատարելու համար, հայցային վաղեմության հաշվարկն սկսվում է այդ ժամկետի ավարտից հետո:

ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկին որոշումներում անդրադառնալով վերոգրյալ նորմերի մեկնաբանությանը, արձանագրել է, որ օրենսդիրը, ամրագրելով հայցային վաղեմության ժամկետը, միաժամանակ սահմանել է նաև այդ ժամկետի հաշվարկման կարգը, որի համաձայն` հայցային վաղեմության ժամկետի ընթացքն սկսվում է այն օրվանից, երբ անձն իմացել է կամ պետք է իմացած լիներ իր իրավունքի խախտման մասին (տե՛ս Ռազմիկ Դարբինյանն ընդդեմ Դանիել Ղասաբողլյանի թիվ ԵԷԴ/0723/02/09 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 02.04.2010 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանը մեկ այլ որոշմամբ նշել է, որ հայցային վաղեմության ժամկետն այն ժամանակահատվածն է, որն անձին հնարավորություն է տալիս դիմելու դատարան իր իրավունքների պաշտպանության հայցով: Այն դեպքում, երբ վիճող կողմը դիմում է ներկայացրել հայցային վաղեմություն կիրառելու վերաբերյալ, դատարանների օրակարգային խնդիրն է դառնում պարզել այն իրական ժամանակահատվածը, երբ հայցվորը հետամուտ է եղել իր իրավունքների դատական կարգով պաշտպանությանը (տե՛ս Սերգեյ Սարգսյանն ընդդեմ Արա Սարգսյանի թիվ ԵԿԴ/0881/02/12 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 28.11.2014 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման համաձայն` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 337-րդ հոդվածի 1-ին կետի իրավակարգավորումից հետևում է, որ հայց հարուցելու իրավունքը ծագած է համարվում միայն այն պահին, երբ իրավազոր անձն իմացել է կամ պետք է իմացած լիներ իրավախախտման փաստի մասին: Հետևաբար հայցային վաղեմության ժամկետի սկիզբը որոշելու համար էական է իրավունքի խախտման առկայությունը և դրա մասին շահագրգիռ անձի իմանալու կամ այդպիսի հավանականության առկայության պահը:

ՀՀ վճռաբեկ դատարանի գնահատմամբ յուրաքանչյուր դեպքում հայցային վաղեմության ժամկետի սկիզբը ճիշտ որոշելու համար անհրաժեշտ է հաշվի առնել գործի փաստական հանգամանքները, վիճելի իրավահարաբերության բնույթը և սուբյեկտային կազմը:

Միաժամանակ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ հայցային վաղեմության ժամկետի սկիզբը ճիշտ որոշելու համար առավել կարևորվում է իրավազոր անձի կարգավիճակը: Քաղաքացիական իրավահարաբերություններում, քաղաքացիներից և իրավաբանական անձանցից զատ, որպես իրավազոր անձ կարող է հանդես գալ նաև պետությունը: Վերջինս քաղաքացիական իրավահարաբերություններին մասնակցում է այդ նպատակի համար լիազորված պետական մարմինների միջոցով: Հետևաբար բոլոր այն դեպքերում, երբ որպես իրավազոր անձ քաղաքացիական դատավարության կարգով դատարան է դիմում պետությունը` ի դեմս պետական մարմնի, հայցային վաղեմության ժամկետի սկիզբը ճիշտ որոշելու համար անհրաժեշտ է նախևառաջ պարզել` արդյոք տվյալ պետական մարմինն իրավասու է վիճելի իրավահարաբերության շրջանակներում ներկայացնելու պետության շահերը և երկրորդ` երբ է վերջինս բացահայտել կամ պետք է բացահայտած լիներ պետական շահի խախտման փաստը: Ընդ որում, թե՛ առաջին և թե՛ երկրորդ հարցադրումների շրջանակներում պետք է ուսումնասիրել տվյալ պետական մարմնի` օրենսդրությամբ ամրագրված լիազորությունների շրջանակը:

Նույն որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը նաև արձանագրել է, որ հարկային հաշվետվություններ ներկայացնելու լիազորություն ունեցող անձից չվճարված կամ պակաս վճարված գումարները գանձելու պահանջի հիմքում ընկած իրավահարաբերությունը պետությանը պատճառված վնասի հատուցման իրավահարաբերություն է, իսկ այդ իրավահարաբերությունից բխող պահանջի իրավունքը պատկանում է դատախազությանը, որը վերջինս կարող է իրացնել քաղաքացիադատավարական կարգով հայց հարուցելով: Այսինքն` դատարանում վերը նշված իրավահարաբերությունից բխող պետական շահը ներկայացնելու իրավասու մարմինը դատախազությունն է, իսկ թե երբ է վերջինս բացահայտել կամ պետք է բացահայտած լիներ պետական շահի խախտման փաստը, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ յուրաքանչյուր դեպքում պետք է հաշվի առնել հայցի փաստական հանգամանքները և ի հիմնավորումն դրանց` դատարան ներկայացված ապացույցները (տե՛ս ՀՀ գլխավոր դատախազությունն ընդդեմ Հենրիկ Սարգսյանի թիվ ԵՄԴ/1149/02/12 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.04.2016 թվականի որոշումը):

Իրավահարաբերության ծագման պահին գործող` 22.02.2007 թվականին ընդունված, 01.05.2007 թվականին ուժի մեջ մտած և 09.04.2018 թվականին ուժը կորցրած «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատախազի կողմից պետական շահերի պաշտպանության հայց հարուցելն ընդգրկում է`

1) քաղաքացիական դատավարության կարգով պետության գույքային շահերի պաշտպանության հայցի հարուցումը.

2) վարչական դատավարության կարգով պետության գույքային և ոչ գույքային շահերի պաշտպանության հայցի հարուցումը.

3) քրեական դատավարության կարգով հանցագործությամբ ուղղակիորեն պետությանը պատճառված գույքային վնասի հատուցման հայցի հարուցումը:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` դատախազը պետական շահերի պաշտպանության հայց հարուցում է միայն, եթե`

1) իր լիազորություններն իրականացնելիս հայտնաբերում է, որ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինը, որին վերապահված է պետական շահերի պաշտպանությանն առնչվող տվյալ հարցերով հայց ներկայացնելը, իրազեկ լինելով պետական շահերի խախտման փաստի մասին, ողջամիտ ժամկետում հայց չի ներկայացրել կամ հայց չի ներկայացնում դատախազի կողմից հայց ներկայացնելու առաջարկություն ստանալուց հետո, կամ

2) պետական շահերի խախտում է տեղի ունեցել այն հարցերով, որոնցով հայց ներկայացնելն օրենսդրությամբ վերապահված չէ որևէ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի, կամ

3) դատախազին հայց հարուցելու միջնորդությամբ է դիմել իրավասու պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինը, կամ

4) հանցագործությամբ ուղղակիորեն պետությանը պատճառված է գույքային վնաս, կամ

5) պետական շահերի պաշտպանության հայցը հարուցվում է այլ երկրների դատարաններում կամ Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս տեղի ունեցող արբիտրաժներում, բացառությամբ այն դեպքերի, երբ Հայաստանի Հանրապետության կառավարությունը (այսուհետ` կառավարություն) լիազորում է այլ մարմնի կամ կազմակերպության:

ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած որոշմամբ անդրադառնալով իրավահարաբերության ծագման պահին գործող` 22.02.2007 թվականին ընդունված, 01.05.2007 թվականին ուժի մեջ մտած և 09.04.2018 թվականին ուժը կորցրած «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի իրավական վերլուծությանը, արձանագրել է հետևյալը.

«(...) պետական շահերի պաշտպանության իրականացումը կախված լիազորությունների բովանդակությունից, ունի իրականացման տարբեր մեխանիզմներ:

Այսպես.

«Դատախազության մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով նախատեսված դեպքերում դատախազությունն օգտվում է դատավարական այն իրավունքներից և կրում է այն պարտականությունները, որոնք ունենալու էր պետական այն մարմինը, ով հայց ներկայացնելու պարտականություն ուներ: Հետևաբար դատախազությունը զրկված չէ վարչական դատավարության կարգով տնտեսվարող սուբյեկտի դեմ հարկային պարտավորությունների կատարմանը պարտավորեցնելու հայց ներկայացնելու հնարավորությունից, եթե պետական իրավասու մարմինը ցուցաբերում է անգործություն կամ դիմել է դատախազությանը նման հայց ներկայացնելու միջնորդությամբ:

Վերը հիշատակված հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետում ամրագրված դատախազության լիազորությունը վերաբերում է բոլոր այն դեպքերին, երբ հայց հարուցելու լիազորությամբ օժտված չէ որևէ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմին: Նշված դրույթի օրենսդրական ձևակերպումից հետևում է, որ դատախազության` հայց հարուցելու դատավարական պարտականության իրացման նախապայման է պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի` հայց հարուցելու լիազորության բացակայությունը: Նշված կանոնակարգումը քննարկելով չվճարված հարկային պարտավորությունների արդյունքում պետությանը պատճառված վնասը բռնագանձելու հարցի համատեքստում, նախ անհրաժեշտ է որոշել, թե արդյոք կոնկրետ վիճելի իրավահարաբերության առկայության պարագայում բացակայում է որևէ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի` հայց հարուցելու լիազորությունը:

(...) տնտեսվարող սուբյեկտի պաշտոնատար անձի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի հիման վրա հարուցված քրեական գործի կարճման պարագայում, արարքի` որպես հանցագործության վերաբերյալ խոսք լինել չի կարող, մինչդեռ քաղաքացիաիրավական հարաբերությունը (վնաս պատճառելու հիմքով ծագող հարաբերությունը), որի ծագման պայմանները կարող են համընկնել քրեական պատասխանատվության ծագման պայմանների հետ, շարունակում է գոյություն ունենալ: Նման իրավիճակում տնտեսվարող սուբյեկտի ղեկավարի (կամ պատասխանատու պաշտոնատար անձի) կատարած գործողությունների (անգործության) հետևանքով հարկային պարտավորությունները չկատարելու արդյունքում պետությանը պատճառված վնասը տնտեսվարող սուբյեկտի ղեկավարից բռնագանձելու պահանջ ներկայացնելու լիազորությամբ որևէ պետական մարմին օժտված չէ:

Նույն հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետում ամրագրված է դատախազության լիազորությունը հանցագործությամբ ուղղակիորեն պետությանը պատճառված գույքային վնասը հատուցելու հայց ներկայացնելու մասին, որպիսի լիազորության իրականացումը պայմանավորված է երկու փաստերի առկայությամբ`

1) հանցանքի կատարում, որը կարող է հաստատվել միակ թույլատրելի ապացույցով, այն է` օրինական ուժի մեջ մտած դատավճռով և

2) հանցանքի արդյունքում պետությանը պատճառված գույքային վնաս:

(...) բոլոր այն դեպքերում, երբ հարկերի և (կամ) տուրքերի չվճարման կամ պակաս վճարման համար դատախազությունը գործում է «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով նախատեսված լիազորությունների շրջանակում, ապա հայցապահանջը պետք է վերաբերի կոնկրետ տնտեսվարող սուբյեկտին հարկային պարտավորությունները կատարելուն պարտավորեցնելուն: Մինչդեռ չվճարված հարկերը կամ տուրքերը, որպես պետությանը պատճառված վնաս գանձելու համար կարող է առկա լինել ինչպես հանցագործություն կատարելու փաստը և վնաս պատճառելը («Դատախազության մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետ), այնպես էլ առանց հանցագործության փաստը հիմնավորող թույլատրելի ապացույցի առկայության վնաս պատճառելը և համապատասխան լիազոր մարմնի բացակայությունը կամ այդպիսի մարմնի մոտ համապատասխան լիազորության բացակայությունը: (...)

Դատախազության կողմից ներկայացված հայցերում և բողոքներում հիշատակվում են «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված այն դրույթները, որոնցում ամրագրված են դատախազական մարմինների լիազորությունները պետական շահերի պաշտպանության հարցում: (...) Այս առումով լիազորություններն ամրագրող կոնկրետ դրույթների հիշատակումը հայցում կամ բողոքում չեն կարող դիտվել որպես հայցի հիմք (իրավական հիմք), քանի որ հայցի հիմքը նյութական իրավունքի այն նորմն է, որի վրա հիմնվում է ներկայացված պահանջը: (...) հիշատակված հոդվածի դրույթների գնահատումը կարող է տեղի ունենալ պատշաճ հայցվորի հարցը քննարկելու համատեքստում: Հետևաբար, դատարանը պարտավոր է ստուգել դատախազության` պետական շահերի պաշտպանության հայց ներկայացնելու իրավասության առկայությունը, անկախ նրանից նշվել է լիազորություններից մեկը, թե մյուսը կամ էլ որևէ մեկը չի նշվել» (տե՛ս, ՀՀ գլխավոր դատախազությունն ընդդեմ Վալենտինա Մկրտչյանի թիվ ԵԿԴ/3058/02/11 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 05.04.2013 թվականի որոշումը):

Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ չվճարված հարկերը կամ տուրքերը, որպես պետությանը պատճառված վնաս գանձելու համար կարող է առկա լինել ինչպես հանցագործություն կատարելու փաստը և վնաս պատճառելը (22.02.2007 թվականին ընդունված, 01.05.2007 թվականին ուժի մեջ մտած և 09.04.2018 թվականին ուժը կորցրած «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետ), այնպես էլ առանց հանցագործության փաստը հիմնավորող թույլատրելի ապացույցի առկայության վնաս պատճառելը (...):

Միաժամանակ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ հարկային հաշվետվություններ ներկայացնելու լիազորություն ունեցող անձից չվճարված կամ պակաս վճարված գումարները գանձելու հայցը դատախազությունը կարող է ներկայացնել քրեական գործի դատավարության ընթացքում քաղաքացիական հայցի ձևով կամ քաղաքացիական դատավարության կարգով: Ընդ որում, ՀՀ վճռաբեկ դատարանն ընդգծել է, որ այն դեպքերում, երբ պետությանը պատճառված վնասի հատուցման հայցը ներկայացվել է տնտեսվարող սուբյեկտի պաշտոնատար անձի դեմ, ում լիազորությունն է հարկային հաշվետվությունների ներկայացումը, անհրաժեշտ է ապացուցել տվյալ անձի կողմից ոչ իրավաչափ գործողությունների կամ անգործության կատարած լինելու փաստի առկայությունը, որպիսին հիմնավորվում է օրենքով սահմանված ապացույցներով (տե՛ս ՀՀ գլխավոր դատախազությունն ընդդեմ Վարդան Հարությունյանի, երրորդ անձ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի թիվ ԵԱՆԴ/0789/02/11 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 05.04.2013 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանի վերոգրյալ որոշումներում արտահայտված իրավական դիրքորոշումներից բխում է, որ իրավահարաբերության ծագման պահին գործող` 22.02.2007 թվականին ընդունված, 01.05.2007 թվականին ուժի մեջ մտած և 09.04.2018 թվականին ուժը կորցրած «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածում ամրագրված պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու իր լիազորությունը դատախազությունն իրավասու է եղել իրացնել կախված կոնկրետ լիազորության բովանդակությունից և դրա իրականացման մեխանիզմից:

Ըստ այդմ` 22.02.2007 թվականին ընդունված, 01.05.2007 թվականին ուժի մեջ մտած և 09.04.2018 թվականին ուժը կորցրած «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված դեպքերում դատախազությունն իրավասու է հայց ներկայացնել վարչադատավարական կամ քաղաքացիադատավարական կարգով, եթե պետական իրավասու մարմինը ցուցաբերում է անգործություն կամ դիմել է դատախազությանը նման հայց ներկայացնելու միջնորդությամբ կամ երբ հայց հարուցելու լիազորությամբ որևէ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմին օժտված չէ: Նման դեպքերում դատախազությունն օգտվում է ՀՀ վարչական դատավարության և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքերով հայցվորին վերապահված բոլոր իրավունքներից և կրում նրանց պարտականությունները:

Այսինքն` վերոգրյալ դեպքերում, անկախ այն հանգամանքից, թե վնասի առաջացման հիմքում ընկած անձի ոչ իրավաչափ արարքի հետևանքով վերջինս ենթակա է արդյոք քրեական պատասխանատվության, թե ոչ, առկա է արդյոք անձի մեղավորությունը հաստատող օրինական ուժի մեջ մտած դատավճիռ, թե ոչ, պետությանը վնաս պատճառելու փաստը հաստատող բավարար հիմքերի առկայության պարագայում դատախազությունն իրավասու է և նույնիսկ պարտավոր է վարչադատավարական կամ քաղաքացիադատավարական կարգով հայց հարուցելու համապատասխան դատարան` հարկերի և (կամ) տուրքերի չվճարման կամ պակաս վճարման համար կոնկրետ տնտեսվարող սուբյեկտին հարկային պարտավորությունները կատարելուն պարտավորեցնելու կամ վնասի հատուցման միջոցով պետության խախտված իրավունքը վերականգնելու նպատակով` պահպանելով նաև հայցային վաղեմության օրենքով սահմանված կամ դատավարական ժամկետները:

Մինչդեռ այլ է իրավիճակը 22.02.2007 թվականին ընդունված, 01.05.2007 թվականին ուժի մեջ մտած և 09.04.2018 թվականին ուժը կորցրած «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետում ամրագրված լիազորությունն իրականացնելու պարագայում: Նշված հիմքով հայց հարուցելու համար անհրաժեշտ նախապայման է հանցագործությամբ ուղղակիորեն պետությանը գույքային վնաս պատճառած լինելը:

ՀՀ Սահմանադրության 66-րդ հոդվածում ամրագրված է անմեղության կանխավարկածի հիմնարար սկզբունքը, համաձայն որի` հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղքն ապացուցված չէ օրենքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նույն սկզբունքն իր ամրագրումն է ստացել նաև ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 18-րդ հոդվածի 1-ին մասում, որի համաձայն` հանցագործության համար կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ սույն օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Այսինքն` խոսք կարող է լինել հանցագործությամբ ուղղակիորեն պետությանը գույքային վնաս պատճառած լինելու մասին միայն այն դեպքում, երբ անձի մեղքն ապացուցվել է օրենքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով, հետևաբար հանցանքի կատարումը հաստատող միակ թույլատրելի ապացույցն օրինական ուժի մեջ մտած դատավճիռն է:

Հարկ ենք համարում վերստին վկայակոչել ՀՀ գլխավոր դատախազությունն ընդդեմ Վալենտինա Մկրտչյանի թիվ ԵԿԴ/3058/02/11 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 05.04.2013 թվականի որոշմամբ արտահայտած այն իրավական դիրքորոշումը, ըստ որի` հանցագործությամբ ուղղակիորեն պետությանը պատճառված գույքային վնասը հատուցելու հայց ներկայացնելու «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով սահմանված լիազորության իրականացումը պայմանավորված է երկու փաստերի առկայությամբ`

1) հանցանքի կատարում, որը կարող է հաստատվել միակ թույլատրելի ապացույցով, այն է` օրինական ուժի մեջ մտած դատավճռով և,

2) հանցանքի արդյունքում պետությանը պատճառված գույքային վնաս:

Այսպիսով, գտնում ենք, որ հանցագործությամբ ուղղակիորեն պետությանը պատճառված գույքային վնասը հատուցելու պահանջ ներկայացնելու իր իրավունքը դատախազությունն իրավասու է իրացնել միայն այն դեպքում, երբ առկա է վնասի առաջացման հիմքում ընկած անձին մեղսագրվող հանցանքը հաստատող թույլատրելի ապացույցը` օրինական ուժի մեջ մտած դատավճիռը:

 

Ամփոփելով վերոգրյալը` հարկ ենք համարում ընդգծել, որ դատախազության կողմից պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու հայցային վաղեմության ժամկետի հոսքը պայմանավորված է այն հանգամանքով, թե վերջինս 22.02.2007 թվականին ընդունված, 01.05.2007 թվականին ուժի մեջ մտած և 09.04.2018 թվականին ուժը կորցրած «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի 2-րդ մասի կոնկրետ որ կետով նախատեսված իր լիազորության շրջանակում է դիմում դատարան:

Մասնավորապես, 22.02.2007 թվականին ընդունված, 01.05.2007 թվականին ուժի մեջ մտած և 09.04.2018 թվականին ուժը կորցրած «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված իր լիազորությունների շրջանակներում քաղաքացիադատավարական կարգով հայց հարուցելու համար դատավճռի առկայությունը պարտադիր չէ և պետության գույքային շահերին վնաս պատճառված լինելու մասին դատախազությունը կարող է իմանալ ինչպես իր լիազորություններն իրականացնելիս պետական մարմինների անգործությունը հայտնաբերելու, հայց հարուցելու լիազորությամբ որևէ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի օժտված չլինելու հանգամանքը պարզելու, պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կողմից հայց հարուցելու մասին դատախազությանը դիմում ներկայացնելու, այնպես էլ քրեական հետապնդումը ոչ արդարացնող հիմքով դադարեցնելու, քրեական գործի վարույթը կարճելու մասին որոշումներ կայացնելու արդյունքում: Ըստ այդմ` նշված իրավանորմերի հիմքով հայցը դատախազությունը կարող է հարուցել այն պահից սկսած երեք տարվա ընթացքում, երբ վերը նկարագրված դեպքերում իրեն հայտնի կդառնա պետության գույքային շահերին վնաս պատճառված լինելու մասին:

Մինչդեռ 22.02.2007 թվականին ընդունված, 01.05.2007 թվականին ուժի մեջ մտած և 09.04.2018 թվականին ուժը կորցրած «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետում ամրագրված` հանցագործությամբ ուղղակիորեն պետությանը պատճառված գույքային վնասը հատուցելու հայց ներկայացնելու իր լիազորությունը դատախազությունը կարող է իրականացնել միայն հետևյալ երկու փաստերի առկայությամբ`

1) հանցանքի կատարում, որը կարող է հաստատվել միակ թույլատրելի ապացույցով, այն է` օրինական ուժի մեջ մտած դատավճռով և

2) հանցանքի արդյունքում պետությանը պատճառված գույքային վնաս(1):

 

___________________________________

1) տե՛ս, ՀՀ գլխավոր դատախազությունն ընդդեմ Վալենտինա Մկրտչյանի թիվ ԵԿԴ/3058/02/11 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 05.04.2013 թվականի որոշումը

 

Վերոգրյալի համատեքստում պետք է փաստել, որ 22.02.2007 թվականին ընդունված, 01.05.2007 թվականին ուժի մեջ մտած և 09.04.2018 թվականին ուժը կորցրած «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետում ամրագրված հանցագործությամբ ուղղակիորեն պետությանը պատճառված գույքային վնասը հատուցելու հայցը դատախազությունը կարող է ներկայացնել հակաօրինական արարքի կատարման մեջ անձի մեղավորությունը հաստատող դատավճռի օրինական ուժի մեջ մտնելուց հետո երեք տարվա ընթացքում:

 

Սույն գործի փաստերի համաձայն` 16.05.2011 թվականին Դատախազությունում ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի, 308-րդ հոդվածի 2-րդ մասի և 314-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է թիվ 61203311 քրեական գործը, 13.05.2013 թվականին Սեյրան Կարապետյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով:

Սամվել Պողոսյանը հայտնաբերվել է 30.06.2014 թվականին, նույն օրը նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Թիվ 61203311 քրեական գործից մեղադրյալներ Ս. Կարապետյանի, Հ. Ասատրյանի, Ա. Պողոսյանի, Ս. Պողոսյանի և Գ. Դավթյանի վերաբերյալ գործի մասը 08.12.2014 թվականին անջատվել է` թիվ 69112414 համարի ներքո: 27.12.2014 թվականին թիվ 69112414 քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան:

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 27.04.2017 թվականի` օրինական ուժի մեջ մտած թիվ ԱՐԴ/0188/01/14 որոշմամբ ամբաստանյալ Սեյրան Կարապետյանի պաշտպան Վաղարշակ Գևորգյանի, ամբաստանյալ Հերիքնազ Ասատրյանի և ամբաստանյալ Գոհարիկ Դավթյանի պաշտպան Ղևոնդ Պապոյանի վերաքննիչ բողոքները բավարարվել են մասնակի, իսկ ամբաստանյալ Սամվել Պողոսյանի պաշտպան Գայանե Գալոյանի վերաքննիչ բողոքը մերժվել է: ՀՀ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 18.03.2016 թվականի դատավճիռը` ամբաստանյալներ Սեյրան Կարապետյանի և Հերիքնազ Ասատրյանի նկատմամբ նշանակված պատժաչափերի, որպես հանցագործությամբ պատճառված վնասի հատուցում` ամբաստանյալներից համապարտության կարգով հօգուտ պետական բյուջեի 225.016.000 ՀՀ դրամ բռնագանձելու և ամբաստանյալների գույքի վրա դրված արգելանքների մասով բեկանվել է և փոփոխվել, (...) հանցագործությամբ պատճառված գույքային վնասի հատուցման հարցը թողնվել է առանց քննության` քաղաքացիական հայց հարուցված չլինելու հիմքով: Դատավճիռը` մնացած մասով թողնվել է անփոփոխ:

Միաժամանակ վերոգրյալ որոշմամբ հաստատվել է, որ ամբաստանյալների կողմից, որպես վնասի հատուցում, վերականգնվել է 225.000.000 ՀՀ դրամ (հատոր 1-ին, գ.թ. 60-61):

Դատախազությունը սույն գործով Համապատասխանողների դեմ գումարի բռնագանձման պահանջի վերաբերյալ հայցադիմումը դատարան է ներկայացրել 06.10.2017 թվականին:

Սույն քաղաքացիական գործով Սամվել Պողոսյանի ներկայացուցիչը Դատարան է ներկայացրել հայցային վաղեմություն կիրառելու վերաբերյալ միջնորդություն:

Սույն գործը հարուցվել է Դատախազության կողմից ներկայացված հայցի հիման վրա, որով վերջինս պահանջել է Համապատասխանողներից համապարտությամբ բռնագանձել 225.016.000 ՀՀ դրամ:

Պատասխանողներից Սամվել Պողոսյանի ներկայացուցիչը Դատարան է ներկայացրել հայցային վաղեմություն կիրառելու վերաբերյալ միջնորդություն:

Դատարանը Սամվել Պողոսյանի և Ալվարդ Պողոսյանի մասով հայցը մերժելիս պատճառաբանել է, որ գործում առկա 18.07.2014 թվականի թիվ 120135 վճարման հանձնարարագրի համաձայն` Մնացական Պողոսյանը որպես Սամվել Պողոսյանի կողմից հանցավոր արարքի հետևանքով պատճառված վնասի հատուցում Դատախազության դեպոզիտ հաշվին վճարել է 15.000.000 ՀՀ դրամ: Այսինքն` Սամվել Պողոսյանը կատարել է պարտքի ճանաչումը վկայող գործողություն, ինչի հետևանքով հայցային վաղեմության ժամկետի ընթացքը 18.07.2014 թվականին ընդհատվել է և սկսվել է նորից` երեք տարով` մինչև 18.07.2017 թվականը: Մինչդեռ Դատախազությունը Սամվել Պողոսյանից պետությանը պատճառված վնասը բռնագանձելու վերաբերյալ հայցը հարուցել է միայն 06.10.2017 թվականին` բաց թողնելով օրենքով նախատեսված եռամյա ժամկետը: Հետևաբար տվյալ դեպքում Սամվել Պողոսյանի պարտավորության մասով հայցային վաղեմության ժամկետը լրացել է: Միաժամանակ Դատարանը հայցը բավարարել է Սեյրան Կարապետյանի մասով` նկատի ունենալով, որ վերջինիս կողմից իր պարտքը ճանաչող վերջին գործողությունը կատարելու օրվանից` 29.10.2014 թվականից մինչև հայցի ներկայացումը` 06.10.2017 թվականը, հայցային վաղեմության եռամյա ժամկետը չի լրացել:

Վերաքննիչ դատարանը, բավարարելով Դատախազության վերաքննիչ բողոքը և դատական ակտը բեկանելով ու այն փոփոխելով, պատճառաբանել է, որ համապարտ պատասխանողներից մեկի կողմից պարտքի ճանաչումը վկայող գործողությունները պետք է գնահատվեն համապարտության առանձնահատկությունների հաշվառմամբ: Տվյալ դեպքում համապարտ պարտավորության էությունից հետևում է, որ համապարտ պարտապաններից ցանկացած մեկի կողմից կատարված վճարումները նվազեցնում է բոլոր համապարտ պարտապանների պարտավորության չափը, հետևաբար հայցային վաղեմության ժամկետն ընդհատված պետք է համարել բոլոր համապարտ պարտապանների համար, քանի որ համապարտ պարտավորությունը (պարտքի ճանաչումը) կատարվել է և նվազել է բոլոր համապարտ պարտապանների պարտավորության չափը: Միաժամանակ արձանագրելով, որ Դատախազության իրազեկման պահից է կախվածության մեջ գտնվում հայցային վաղեմության ժամկետի հոսքի օրենքով սահմանված հաշվարկը, Վերաքննիչ դատարանը գտել է, որ Դատախազության իրավունքը պաշտպանություն է ստացել առաջին ատյանի դատարանի դատավճռով և միայն ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի կողմից է քաղաքացիական հայցի հարցը թողնվել առանց քննության: Ուստի, Դատարանը հայցային վաղեմության հաշվարկի սկիզբը պետք է իրականացներ ոչ թե մեղադրանք առաջադրելու հաջորդ օրվանից, այլ որպես իրավախախտման փաստը հավաստող ապացույց դիտեր ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 27.04.2017 թվականին օրինական ուժի մեջ մտած դատական ակտը և հայցային վաղեմության ժամկետի սկիզբ դիտեր օրինական ուժի մեջ մտած դատական ակտի հաջորդ օրը:

Վճռաբեկ դատարանը որոշել է վճռաբեկ բողոքը բավարարել, բեկանել Վերաքննիչ դատարանի 26.10.2018 թվականի որոշումը` օրինական ուժ տալով Դատարանի 11.07.2018 թվականի վճռին:

 

Գտնում ենք, որ սույն գործով վեճի լուծման համար առանցքային նշանակություն ունեցող հայցային վաղեմության ժամկետի հաշվարկման սկիզբը որոշելու համար անհրաժեշտ է պարզել, թե պատասխանողի կողմից իրականացված ոչ իրավաչափ ինչ գործողության կամ անգործության հետևանքով է պետությանը վնաս պատճառվել, երբ է իրավասու մարմինը, տվյալ դեպքում Դատախազությունը բացահայտել կամ պետք է բացահայտած լիներ պետական շահի խախտման փաստը:

Նախևառաջ հարկ ենք համարում ընդգծել, որ տվյալ դեպքում դատարան ներկայացված հայցադիմումում Դատախազությունը վկայակոչել է իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը, համաձայն որի` դատախազի կողմից պետական շահերի պաշտպանության հայց հարուցելն ընդգրկում է քաղաքացիական դատավարության կարգով պետության գույքային շահերի պաշտպանության հայցի հարուցումը, ինչպես նաև 2-րդ մասի 4-րդ կետը, համաձայն որի` դատախազը պետական շահերի պաշտպանության հայց հարուցում է միայն, եթե` հանցագործությամբ ուղղակիորեն պետությանը պատճառված է գույքային վնաս:

Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ սույն գործով հայցը Դատախազության կողմից հարուցվել է իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով սահմանված իր լիազորության շրջանակներում, որպիսի պարագայում որոշիչ է այդ հանցագործության կատարման մեջ անձին մեղսագրվող արարքը դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով հաստատված լինելը, քանի որ միայն այդ դեպքում կարող է խոսք լինեն հանցագործության և դրա հետևանքով պետությանը վնաս պատճառելու մասին:

Փաստորեն Վճռաբեկ դատարանն անտեսել է ՀՀ գլխավոր դատախազությունն ընդդեմ Վալենտինա Մկրտչյանի թիվ ԵԿԴ/3058/02/11 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի արտահայտած այն իրավական դիրքորոշումը, համաձայն որի` 22.02.2007 թվականին ընդունված, 01.05.2007 թվականին ուժի մեջ մտած և 09.04.2018 թվականին ուժը կորցրած «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված դեպքերում դատախազությունն իրավասու է հայց ներկայացնել վարչադատավարական կամ քաղաքացիադատավարական կարգով, եթե պետական իրավասու մարմինը ցուցաբերում է անգործություն կամ դիմել է դատախազությանը նման հայց ներկայացնելու միջնորդությամբ կամ երբ հայց հարուցելու լիազորությամբ որևէ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմին օժտված չէ, որպիսի պարագայում դատախազությունն օգտվում է ՀՀ վարչական դատավարության և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքերով հայցվորին վերապահված բոլոր իրավունքներից և կրում նրանց պարտականությունները, իսկ նույն հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետում նշված հիմքով հայց հարուցելու համար անհրաժեշտ նախապայման է հանցագործությամբ ուղղակիորեն պետությանը գույքային վնաս պատճառած լինելը:

Մինչդեռ ՀՀ վճռաբեկ դատարանի վերը վկայակոչված որոշման համաձայն` հիշատակված հոդվածի դրույթների գնահատումը կարող է տեղի ունենալ պատշաճ հայցվորի հարցը քննարկելու համատեքստում: Այսինքն` իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի 2-րդ մասում նշված կոնկրետ լիազորության հիմքով է պայմանավորված ինչպես պատշաճ հայցվորի հարցի պարզումը, այնպես էլ վնասի առաջացման և հատուցման հիմքերը հաստատող ապացույցների գնահատումը, քանի որ պետական շահերի պաշտպանության իրականացումը կախված լիազորությունների բովանդակությունից, ունի իրականացման տարբեր մեխանիզմներ: Մասնավորապես, եթե իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված դեպքերում դատախազությունն իրավասու է հայց ներկայացնել վարչադատավարական կամ քաղաքացիադատավարական կարգով` անկախ հանրորեն վտանգավոր արարքի վերաբերյալ օրինական ուժի մեջ մտած դատավճռի առկայության, ապա նույն իրավանորմի 4-րդ կետով նախատեսված դեպքում դատավճռի առկայությունը, մեր գնահատմամբ, պարտադիր է:

Այսպիսով, սույն գործով պետությանը պատճառված վնասի հատուցման պահանջը Դատախազության կողմից ներկայացվել է իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով սահմանված լիազորության շրջանակներում:

Այսպես. պետությանը պատճառված 225.016.000 ՀՀ դրամի վնասի առաջացման հիմքը Համապատասխանողների կողմից կատարված ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 308-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հակաիրավական արարքներն են: Մասնավորապես, Համապատասխանողներից Սամվել Պողոսյանը, 2002 թվականից աշխատելով «Հայփոստ» ՓԲԸ-ի Արմավիրի փոստային մասնաճյուղում որպես մասնաճյուղի տնօրեն, լինելով նյութական պատասխանատու անձ և իր անմիջական ենթակայության տակ գտնվող համապատասխան փոստային բաժանմունքների միջոցով իրականացնելով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության (...) Արմավիրի տարածքային բաժնի կողմից նախատեսված կենսաթոշակների, թաղման նպաստների, մահվան պատճառով չստացված կենսաթոշակի (...) գումարների և սոցիալական այլ ծրագրերի գումարների վճարման և նշված աշխատանքների վերահսկման գործառույթը` 2008-2010 թթ. ընթացքում, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության Արմավիրի բաժնի պետի տեղակալ Հերիքնազ Սերգեյի Ասատրյանի, նույն ծառայության գլխավոր մասնագետ (օպերատոր) Ալվարդ Ժորայի Պողոսյանի և իր անմիջական ենթակայության տակ գտնվող թիվ 01 փոստային բաժանմունքի պետ Գոհարիկ Գուրգենի Դավթյանի հետ նախնական համաձայնությամբ, խարդախության եղանակով պետությունից առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, ձեռք բերված պայմանավորվածության համաձայն 2008-2010 թվականների ընթացքում գլխավոր մասնագետ (օպերատոր) Ալվարդ Պողոսյանի և Արմավիրի ՍԱՏԲ-ի պետի տեղակալ Հերիքնազ Ասատրյանի կողմից նպաստառուներին հասանելիք թաղման նպաստների և ժառանգվող գումարների իրական չափը գերազանցող` հավելագրումներով ձևավորված ֆինանսավորման ամսական պահանջագրեր և վճարային ցուցակներ կազմելու արդյունքում «Հայփոստ» ՓԲԸ-ի Արմավիրի փոստային մասնաճյուղում ստացվել է խաբեության արդյունքում պետությունից ավել հատկացված, առանձնապես խոշոր չափերի` 450.016.000 ՀՀ դրամ գումարները, որոնք անհիմն ելքագրելու նպատակով իբրև թե վճարման համար հատկացրել է «Հայփոստ» ՓԲԸ-ի Արմավիրի փոստային մասնաճյուղի թիվ 01 փոստային բաժանմունքի պետ Գոհարիկ Դավթյանին, ու նշված գումարները վերջինիս կողմից անհիմն ելքագրելու և երկուստեք կազմված հաշվապահական հաշվառման փաստաթղթերում վճարված ցույց տալու արդյունքում Հերիքնազ Ասատրյանի, Ալվարդ Պողոսյանի և Գոհարիկ Դավթյանի հետ խարդախությամբ հափշտակել է: Այնուհետև կատարված հափշտակությունը քողարկելու նպատակով ոչնչացրել կամ հանձնարարել է ոչնչացնել վճարման հիմք հանդիսացող փաստաթղթերը` վճարային ցուցակները:

Այսինքն` հաշվի առնելով սույն գործով հայցի փաստական հանգամանքները և ի հիմնավորումն դրանց` դատարան ներկայացված ապացույցները, գտնում ենք, որ պետությանը վնասը հասցվել է հանցագործությունների, մասնավորապես` խարդախության հետևանքով:

Գտնում ենք, որ տվյալ դեպքում վերը նշված թիվ ԱՐԴ/0188/01/14 քրեական գործով դատական ակտը` ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 27.04.2017 թվականի որոշումն օրինական ուժի մեջ մտնելուց հետո միայն Դատախազության համար կարող էր հաստատված լինել հանցանքի կատարման և դրա հետևանքով ուղղակիորեն պետությանը գույքային վնաս պատճառելու, այսինքն` պետության իրավունքի խախտման փաստերը, հետևաբար հիմնավոր է վճռաբեկ բողոքի պատասխանում Դատախազության ներկայացրած այն փաստարկը, որ հանցագործությամբ պատճառված վնասի հատուցման համար հնարավոր է հայց ներկայացնել միայն այն դեպքում, երբ հանրորեն վտանգավոր արարքը հանցագործություն է համարվել օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Այսպիսով, համաձայն չենք Վճռաբեկ դատարանի այն դիրքորոշման հետ, որ Դատախազությունը Սամվել Պողոսյանին մեղադրանք առաջադրելու մասին որոշման կայացման հաջորդ օրվանից` 01.07.2014 թվականից, ակնհայտորեն իմացել է նաև վերջինիս գործողություններով պետությանը պատճառված վնասի, այսինքն` պետության իրավունքի խախտման մասին, հետևաբար Սամվել Պողոսյանի պարտավորության մասով հայցային վաղեմության ժամկետը սկսել է հոսել 01.07.2014 թվականից:

Նման պայմաններում գտնում ենք, որ սույն գործով որևէ էական նշանակություն չունի այն հարցը, թե Համապատասխանողներից մեկի կողմից պարտքի ճանաչումը վկայող գործողության կատարումն արդյոք կարող է հայցային վաղեմության ժամկետն ընդհատել բոլոր համապարտ պարտապանների համար, թե այն կարող է հայցային վաղեմության ժամկետն ընդհատել միայն այդպիսի գործողություն կատարած անձի համար, քանի որ նշվածի վերաբերյալ իրավական վերլուծություններն արվել են, որպես հայցային վաղեմության ժամկետի սկիզբ դիտարկելով ոչ թե ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 27.04.2017 թվականի որոշումն օրինական ուժի մեջ մտնելու օրը, այլ` Սամվել Պողոսյանին մեղադրանք առաջադրելու մասին որոշման կայացման հաջորդ օրը` 01.07.2014 թվականը: Մինչդեռ գտնում ենք, որ Սամվել Պողոսյանի պարտավորության մասով հայցային վաղեմության ժամկետի հոսքը ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 27.04.2017 թվականի որոշումն օրինական ուժի մեջ մտնելուց հետո հաշվարկելու պարագայում Դատախազության կողմից 06.10.2017 թվականին սույն հայցը հարուցվել է հայցային վաղեմության ժամկետում` անկախ նրանից, թե նախկինում երբ և ում կողմից է կատարվել պարտքի ճանաչումը վկայող գործողություն:

 

Ինչ վերաբերում է Վճռաբեկ դատարանի որոշման մեջ Ռինգվոլդն ընդդեմ Նորվեգիայի գործով Եվրոպական դատարանի 11.02.2003 թվականի վճռի վկայակոչմանը, ապա հարկ ենք համարում ընդգծել, որ մեր համոզմամբ նշված վճռով արտահայտված իրավական դիրքորոշումը սույն գործով կիրառելի չէ հետևյալ պատճառաբանությամբ.

Ռինգվոլդն ընդդեմ Նորվեգիայի գործի փաստերի համաձայն` դիմումատու Իվար Ռինգվոլդիին ներկայացված է եղել մեղադրանք անչափահաս Գ-ի նկատմամբ 1986-ից մինչև 1990 թվականներն ընկած ժամանակահատվածում սեռական բնույթի բռնություն իրականացնելու համար: Քրեական գործը հարուցվել է Էյդսիվաթինգի Բարձր դատարանում, որը քննելով այն, որոշել է դիմումատուին արդարացնել` միևնույն ժամանակ մերժելով 110.000 նորվեգական կրոն` որպես ոչ դրամական վնաս հատուցելու անչափահաս Գ-ի պահանջը: Գերագույն դատարանը, քաղաքացիական դատավարության կանոնակարգումներին համապատասխան քննելով գործը, որոշել է պարտավորեցնել դիմումատուին Գ-ին վճարել 75.000 նորվեգական կրոն` որպես ոչ նյութական վնաս (non-pecuniary) (կետեր 11-12, 16):

Եվրոպական դատարան ներկայացված դիմումով դիմումատուն առաջարկել է իր գործը քննել Sekanina v. Austria (judgment of 15 August 1993, Series A no. 266-A)-ի գործի նմանությամբ, որտեղ դատարանը տվել է ծանրակշիռ նշանակություն քրեական գործի քննության և վնասների հատուցման գործի միջև առկա կապի աստիճանին` հայտնելով, որ վերջինիս նկատմամբ կիրառվել է Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 2-րդ կետը (կետ 30):

Ռինգվոլդն ընդդեմ Նորվեգիայի գործով անդրադառնալով այն հարցին, թե արդյո՞ք տվյալ գործով հատուցման գործի քննությունը հանգեցրել է դիմումատուին «քրեորեն մեղադրելուն», և այն դեպքում, երբ դա այդպես չէ, այսինքն` չի հանգեցրել դրան, արդյո՞ք հատուցման գործի քննությունը քրեական գործի քննության հետ այնպես էր կապված, որ հատուցման գործի քննությունը ևս ընկներ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 2-րդ կետի(2) գործողության դաշտ, Եվրոպական դատարանը եզրահանգել է, որ հատուցման վճարման վերաբերյալ քննարկվող պահանջը չի դիտարկվել որպես «քրեական մեղադրանք» իրենց ազգային օրենսդրության համաձայն (կետ 37):

 

___________________________________

2) Յուրաքանչյուր ոք, ով մեղադրվում է քրեական հանցագործություն կատարելու մեջ, համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ օրենքին համապատասխան:

 

Միևնույն ժամանակ Եվրոպական դատարանն արձանագրել է հետևյալը. «(...) Դատարանը կրկին հարկ է համարում նշել, որ քրեական գործի ելքը որոշիչ չէր հատուցման գործի համար: Կոնկրետ այս գործով իրավիճակը հակառակ էր. չնայած դիմումատուի արդարացմանը` իրավաբանորեն հնարավոր էր տալ հատուցում: Անկախ դիմումատուի դեմ քրեական գործով կատարված եզրահանգումից` հատուցան գործը քրեական գործի ուղղակի սիքվելը(3) չէր: Այս կապակցությամբ սույն գործը միանշանակ տարբերվում է վերը վկայակոչված այն գործերից, որոնցում դատարանը գտել է, որ քննարկվող գործերը քրեական գործի հետևանքն էին կամ ուղեկցում էին դրան (...) (կետ 41)»:

 

___________________________________

3) տվյալ դեպքում գործ, որը շարունակում կամ ընդլայնում է ավելի վաղ քննված գործը

 

Համեմատելով վերոգրյալ գործի և սույն գործի փաստական հանգամանքները` գտնում ենք, որ Եվրոպական դատարանի վերոգրյալ վճռով արտահայտած իրավական դիրքորոշումը չի կարող կիրառվել խարդախության հետևանքով պետությանը պատճառված նյութական վնասի հատուցման պահանջի նկատմամբ, քանի որ տվյալ դեպքում նաև հափշտակության հատկանիշներով հարուցված քրեական գործի ելքը որոշիչ է հատուցման գործի համար, մասնավորապես Դատախազության կողմից պահանջվող գումարը ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված հակաիրավական արարքի` խարդախության ուղղակի հետևանքով առաջացած վնաս է, որպիսի պահանջ ներկայացնելու համար պարտադիր է այդ արարքի կատարման մեջ անձի մեղավորությունը հաստատող դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռի առկայությունը:

Ամփոփելով վերոգրյալը` գտնում ենք, որ սույն գործի հարուցման հիմք հանդիսացող հայցադիմումը դատարան է ներկայացվել հայցային վաղեմության ժամկետի պահպանմամբ, այն է` 06.10.2017 թվականին, այսինքն` Սամվել Պողոսյանին ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով մեղավոր ճանաչելու և նրան 5 /հինգ/ տարի 6 /վեց/ ամիս ժամկետով (առանց գույքի բռնագրավման) ազատազրկման դատապարտելու մասին Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 18.03.2016 թվականի դատավճիռն ուժի մեջ մտնելուց, այն է` ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի որոշումն օրինական ուժի մեջ մտնելուց հետո երեք տարվա ժամկետում, ուստի հայցային վաղեմության ժամկետը բաց թողնված լինելու հիմքով Դատախազության հայցը մերժման ենթակա լինելու վերաբերյալ Վճռաբեկ դատարանի եզրահանգման հետ համակարծիք չենք:

Վերը նշվածի հաշվառմամբ գտնում ենք, որ հայցադիմումը հայցային վաղեմության ժամկետի պահպանմամբ ներկայացված լինելու հիմքով Դատարանի վճիռը բեկանելով և Դատախազության հայցը բավարարելով` Վերաքննիչ դատարանը կայացրել է իրավաչափ դատական ակտ, ուստի համաձայն չենք Վերաքննիչ դատարանի 26.10.2018 թվականի որոշումը բեկանելու և Դատարանի 11.07.2018 թվականի վճռին օրինական ուժ տալու Վճռաբեկ դատարանի եզրահանգման հետ, ուստի գտնում ենք, որ տվյալ դեպքում կիրառման է ենթակա ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված վճռաբեկ բողոքը մերժելու և դատական ակտն օրինական ուժի մեջ թողնելու Վճռաբեկ դատարանի լիազորությունը:

 

    Դատավոր                 Դատավոր               Դատավոր

    Ռ. Հակոբյան             Մ. Դրմեյան            Գ. Հակոբյան

 

Հրապարակվել է www.datalex.am կայքէջում` 4 հունիսի 2021 թվական:

 

ո՞ր պահից է ծագում դատախազության` պետությանը պատճառված վնասի հատուցման պահանջով հայց հարուցելու իրավունքը և նման հայցի հարուցման համար պարտադիր պայմա՞ն է արդյոք վնաս պատճառած անձի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով հանցագործության կատարման մեջ մեղավոր ճանաչված լինելու հանգամանքը (3-րդ մաս)

 

pin
Վճռաբեկ դատարան
04.06.2021
N ԱՐԴ/4090/02/17
Որոշում