Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 17-ՐԴ ՀՈԴՎ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

    ՀՀ վերաքննիչ քաղաքացիական              Քաղաքացիական գործ

    դատարանի որոշում                       թիվ ԼԴ2/1470/02/19

Քաղաքացիական գործ թիվ ԼԴ2/1470/02/19   2021 թ.

Նախագահող դատավոր` Տ. Նազարյան

    Դատավորներ`        Հ. Ենոքյան

                       Գ. Խանդանյան

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

նախագահող Ռ. Հակոբյան

զեկուցող Մ. Դրմեյան

Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

Հ. Բեդևյան

Գ. Հակոբյան

Ս. Միքայելյան

Ա. Մկրտչյան

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

Ն. Տավարացյան

 

2021 թվականի հոկտեմբերի 1-ին

գրավոր ընթացակարգով քննելով «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ-ի (այսուհետ` Բանկ) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 12.12.2019 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշման դեմ` ըստ Բանկի դիմումի` Ֆինանսական համակարգի հաշտարար Փիրուզ Սարգսյանի կողմից Երևան քաղաքում 13.08.2019 թվականին կայացված թիվ 15-4693/19 որոշումը չեղյալ ճանաչելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Բանկը պահանջել է, չեղյալ ճանաչել ֆինանսական համակարգի հաշտարար Փիրուզ Սարգսյանի կողմից 13.08.2019 թվականին Երևան քաղաքում կայացված թիվ 15-4693/19 որոշումը:

ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Գ. Զաքարյան) (այսուհետ` Դատարան) 05.11.2019 թվականի որոշմամբ Բանկի դիմումը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (նախագահող դատավոր` Տ. Նազարյան, դատավորներ` Հ.Ենոքյան, Գ.Խանդանյան) (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 12.12.2019 թվականի որոշմամբ Բանկի ներկայացուցչի կողմից ներկայացված վերաքննիչ բողոք բերելու ժամկետի բացթողման պատճառները հարգելի համարելու վերաբերյալ միջնորդությունը և վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվել են:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Բանկը (ներկայացուցիչ Վրեժ Ջհանգիրյանի):

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով:

i

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 61-րդ, 63-րդ հոդվածները, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 17-րդ հոդվածը, 119-րդ հոդվածի 4-րդ մասը, 372-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով:

Վերաքննիչ դատարանն իր կայացրած որոշմամբ մատնանշել է իրականությանը չհամապատասխանող փաստ` իբրև Դատարանը 05.11.2019 թվականին է ելքագրել դատական ակտը, այն դեպքում երբ դատական ակտը փոստային ծառայությանը փաստացի հանձնվել է 15.11.2019 թվականին, այսինքն միայն 10 օր անց, մինչդեռ ըստ ՀՀ վճռաբեկ դատարանի նախադեպային մի շարք որոշումների` Դատարանի կողմից դատական ակտը կողմին հանձնելու պարտականությունն իրականում չի կատարվել, հետևաբար այդ դատական ակտի բողոքարկման ժամկետի հոսքը սկսվել է 18.11.2019 թվականին և ավարտվել է 27.11.2019 թվականին, այլ ոչ թե սկսվել է 06.11.2019 թվականին և ավարտվել 15.11.2019 թվականին:

Բացի այդ, սույն գործի փաստերի համաձայն` Բանկը Դատարանի 05.11.2019 թվականի որոշումը ստացել է 18.11.2019 թվականին և որոշման դեմ 25.11.2019 թվականին ներկայացրել է վերաքննիչ բողոք` այն փոստին հանձնելով նույն օրը` 25.11.2019 թվականին, իսկ վերաքննիչ բողոքով էլ միջնորդել է բողոք բերելու բաց թողնված ժամկետը համարել հարգելի, քանի որ Դատարանի 05.11.2019թ. որոշումը ստանալուց հետո յոթնօրյա ժամկետը դեռ չի լրացել: Սակայն Վերաքննիչ դատարանը, մերժելով Բանկի բողոքը վարույթ ընդունելը, սահմանափակել է վերջինիս բողոքարկման իրավունքի իրականացման հնարավորությունը` արդյունքում զրկելով Բանկին վերադաս դատարանի մատչելիության իրավունքից:

«ՀԱՅՓՈՍՏ» ՓԲԸ-ի 13.01.2020 թվականի գրությունով հաստատվում է, որ Դատարանի կողմից ուղարկված պատվիրված նամակը` հասցեագրված Բանկին, ընդունվել է «ՀԱՅՓՈՍՏ» ՓԲԸ-ի Ստեփանավանի փոստային բաժանմունքում 15.11.2019 թվականին, որտեղից 16.11.2019 թվականին ուղարկվել է Երևանի փոստային բաժանմունք: Երևանի փոստային բաժանմունքում առաքանին ստացվել է 18.11.2019 թվականին, և նույն օրը կատարվել է առաքանու հասցեական առաքում:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է վերացնել Վերաքննիչ դատարանի 12.12.2019 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը:

 

3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.

 

i

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է` առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ Վերաքննիչ դատարանի կողմից որոշումը կայացնելիս թույլ է տրվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 372-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

i

ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:

i

ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

i

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքները և պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:

Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի 07.02.1995 թվականի թիվ R(95)5 հանձնարարականի 1-ին հոդվածի (a) կետով նախատեսված սկզբունքի համաձայն` պետք է առկա լինի վերադաս դատարանի (երկրորդ ատյանի դատարան) կողմից ստորադաս դատարանի (առաջին ատյանի դատարան) ցանկացած որոշման վերանայման հնարավորություն:

Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Հայաստանի Հանրապետությունում երաշխավորված են անձի դատական պաշտպանության և արդար դատաքննության հիմնական իրավունքները, որոնց կարևոր բաղադրիչներից մեկը բողոքարկման իրավունքն է: Բողոքարկման ինստիտուտն իրավական միջոց է, որը հնարավորություն է տալիս որոշակի ընթացակարգի միջոցով գործնականում ապահովելու դատական սխալների բացահայտումը և ուղղումը` դրանով իսկ նպաստելով արդարադատության նպատակների գործնականում իրականացմանը: Ուղղված լինելով դատական պաշտպանության և արդար դատաքննության հիմնական իրավունքների երաշխավորմանը, այդուհանդերձ, օրենսդրի կողմից սահմանված են բողոքարկման իրավունքի իրացման որոշակի պայմաններ, որոնցից են ժամկետային սահմանափակումները:

i

Վերոգրյալի համատեքստում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ` Եվրոպական դատարան) կողմից բողոքարկման իրավունքի և դրա իրացման պայմանների վերաբերյալ հայտնած դիրքորոշումներին: Այսպես` Եվրոպական դատարանն արձանագրել է, որ պետությունը դատարան դիմելու իրավունքից օգտվելու համար կարող է սահմանել որոշակի պայմաններ, «(...) պարզապես պետության կողմից կիրառված սահմանափակումները չպետք է այն կերպ կամ այն աստիճանի սահմանափակեն անձի դատարանի մատչելիության իրավունքը, որ վնաս հասցվի այդ իրավունքի բուն էությանը: Բացի այդ, սահմանափակումը չի համապատասխանի Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետին, եթե այն չհետապնդի իրավաչափ նպատակ, և եթե կիրառված միջոցների ու հետապնդվող նպատակի միջև չլինի համաչափության ողջամիտ հարաբերակցություն» (տե՛ս, Khalfaoui v. France գործով Եվրոպական դատարանի 14.03.2000 թվականի վճիռը, կետ 36):

Պետության կողմից սահմանված` բողոք բերելու ժամկետային սահմանափակումների վերաբերյալ կանոններն ուղղված են իրավական որոշակիության երաշխավորմանը: Դատավարության կողմերը պետք է գիտակցեն դատավարական նմանատիպ կանոնների կիրառումն իրենց նկատմամբ: Բայց և այնպես այդ կանոնները և դրանց կիրառումը չպետք է խոչընդոտեն դատավարության մասնակիցների կողմից պաշտպանության հասանելի միջոցներն օգտագործելուն (տե՛ս, Magomedov and others v. Russia գործով Եվրոպական դատարանի 28.06.2017 թվականի վճիռը, կետ 87):

Եվրոպական դատարանը անդրադառնալով արդար դատաքննության իրավունքին, նշել է, որ 6-րդ հոդվածի 1-ին կետով երաշխավորված` արդար դատաքննության իրավունքը պետք է մեկնաբանվի օրենքի գերակայության լույսի ներքո, որով պահանջվում է, որ դատավարության մասնակիցներն ունենան դատական պաշտպանության արդյունավետ միջոցներ, որոնք նրանց թույլ կտան պաշտպանել իրենց քաղաքացիական իրավունքները (տե՛ս, Beles and others v. Czech Republic, գործով Եվրոպական դատարանի 12.11.2002 թվականի վճիռը, կետ 49):

Հայցադիմում կամ բողոք ներկայացնելու իրավունքը պետք է իրացվի այն պահից սկսած, երբ համապատասխան անձը ձեռք է բերել իրական հնարավորություն ծանոթանալու դատարանի որոշման հետ, որը շոշափում է նրա իրավունքները կամ օրինական շահերը, կամ նրա համար առաջացնում է որոշակի հետևանքներ: Հակառակ դեպքում, դատարանները կստանային հնարավորություն դատական ակտերի կայացման մասին անձանց ուշացմամբ ծանուցելով էապես սահմանափակել անձանց կողմից բողոք բերելու իրավունքը, անգամ` բացառել այդ հնարավորությունը: Դատական ծանուցումները համարվում են միջոց դատարանի և դատավարության մասնակիցների միջև փոխազդեցություն ստեղծելու համար և ուղղված են դատավարության մասնակիցներին կայացված ակտերի մասին տեղեկացնելուն, ինչպես նաև նրանց` այդ ակտերը բողոքարկելու հնարավորություն տալուն: Կոնվենցիայի 6-րդ հոդվածը չի սահմանում դատական ակտերի հանձնման կոնկրետ եղանակ, ինչպես, օրինակ, պատվիրված նամակով ուղարկելն է: Սակայն միաժամանակ դատարանի որոշումն անձին պետք է հանձնված լինի այնպիսի եղանակով, որը հնարավորություն կտա ստուգել ինչպես դատական ակտը փոխանցված լինելու հանգամանքը, այնպես էլ այն հանձնելու ստույգ օրը (տե՛ս, Ivanova and Ivashova v. Russia գործով Եվրոպական դատարանի 26.04.2017 թվականի վճիռը, կետեր 41, 45-46):

Դատարանի մատչելիության իրավունքի դրսևորումներից է համարվում կայացված որոշումների մասին պատշաճ ծանուցում ստանալու իրավունքը, մասնավորապես այն դեպքերում, երբ բողոք բերելու իրավունքը սահմանափակված է որոշակի ժամկետներով

(տե՛ս, Zavodnik v. Slovenie գործով Եվրոպական դատարանի 21.08.2015 թվականի վճիռը, կետ 71):

Կողմերը պետք է ունենան հայց կամ բողոք բերելու հնարավորություն այն պահից սկսած, երբ նրանք արդյունավետ կերպով տեղեկացվել են դատական ակտի մասին, որը նրանց համար առաջացնում է հետևանքներ կամ շոշափում է նրանց իրավունքները կամ օրինական շահերը: Որպես դատարանի և դատավարության կողմի միջև կապի միջոց` ծանուցումները կողմին հաղորդակից են դարձնում դատական ակտին և նրա հիմքերին` դրանով անձին ընձեռելով հնարավորություն ներկայացնելու բողոք, եթե նա անհրաժեշտ կհամարի (տե՛ս, Miragall Escolano and others v. Spain գործով Եվրոպական դատարանի 25.01.2000 թվականի վճիռը, կետ 37):

Վերոշարադրյալ դիրքորոշումների լույսի ներքո Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ անձի բողոքարկման իրավունքը, հանդիսանալով դատարանի մատչելիության իրավունքի բաղկացուցիչ տարր, կարող է իրացվել այն դեպքում, երբ անձն իրական հնարավորություն է ձեռք բերել ծանոթանալու դատարանի որոշման հետ: Ներպետական օրենսդրությամբ դատական ակտը հրապարակելու, գործին մասնակցող անձանց հանձնելու և նրանց ուղարկելու ընթացակարգեր սահմանելով` օրենսդիրը նպատակ է հետապնդում այդ միջոցներով ստեղծել բավարար հիմքեր և երաշխիքներ, որպեսզի անձինք կարողանան անխաթար կերպով օգտվելու իրենց դատական պաշտպանության իրավունքից: ՈՒստի ելնելով այդ նպատակներից` դատավարական նորմերով սահմանված` դատական ակտը հրապարակելու և գործին մասնակցող անձանց հանձնելու կամ նրանց ուղարկելու ընթացակարգերը պետք է ուղղված լինեն պաշտպանության միջոցներն ավելի հասանելի դարձնելուն, այլ ոչ դրանք ոչ իրավաչափորեն սահմանափակելուն: Վճռաբեկ դատարանը, ամփոփելով Եվրոպական դատարանի որոշումներում արտահայտված դիրքորոշումները, եզրահանգում է, որ թեև Կոնվենցիայի 6-րդ հոդվածը հստակ չի սահմանում, թե դատարանի կայացրած ակտն ինչ կերպով պետք է հանձնվի անձին, սակայն միանշանակ է այն, որ դատական ակտը պետք է հանձնվի այնպիսի եղանակով, որը հնարավորություն կտա իրապես պարզելու ինչպես դատական ակտի` փոխանցված լինելու հանգամանքը, այնպես էլ այն հանձնելու ստույգ օրը: Դատական ակտի հանձնման կոնկրետ եղանակ չսահմանելով հանդերձ` Կոնվենցիան և դրա կիրառումը պահանջում են, որպեսզի անձի բողոքարկման իրավունքի իրացումը սերտորեն փոխկապակցված լինի դատարանի կայացրած ակտին ծանոթանալու իրական հնարավորության հետ: Այսինքն` դատավարական նորմերը պետք է սահմանվեն այնպես, որպեսզի գործին մասնակցող անձանց համար իրական հնարավորություն ապահովեն տիրապետելու դատական ակտի բովանդակությանը, և չարդարացված կերպով չսահմանափակվի նրանց բողոք բերելու իրավունքը:

Ելնելով վերոշարադրյալից` Վճռաբեկ դատարանը փաստում է, որ հանդիսանալով դատական պաշտպանության և արդար դատաքննության հիմնական իրավունքների բաղադրատարրերից մեկը` բողոքարկման իրավունքը կարող է սահմանափակվել պետության կողմից, սակայն այդ սահմանափակումները` ներառյալ ժամկետայինները, չպետք է խաթարեն այդ իրավունքի բուն էությունը:

Անդրադառնալով ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու վերաբերյալ դիմումի քննության արդյունքով դատարանի կայացրած որոշման դեմ վերաքննիչ բողոք բերելու ժամկետին` Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 17-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն` դատարանի եզրափակիչ, իսկ նույն օրենսգրքով կամ Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ նախատեսված դեպքերում նաև այլ դատական ակտերը հրապարակվում են դատական իշխանության պաշտոնական կայքի միջոցով:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 114-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատավարական ժամկետները սահմանվում են նույն օրենսգրքով, այլ օրենքներով, իսկ օրենքով սահմանված չլինելու դեպքում` դատարանի կողմից:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 115-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատավարական ժամկետները հաշվարկվում են տարիներով, ամիսներով, շաբաթներով և օրերով: Օրերով հաշվարկվող ժամկետներում չեն ներառվում օրենսդրությամբ նախատեսված ոչ աշխատանքային օրերը:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 116-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` օրերով հաշվարկվող դատավարական ժամկետը լրանում է այդ ժամկետի վերջին օրը:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 116-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն` դատավարական ժամկետը համարվում է պահպանված, եթե հայցադիմումը, դիմումը, հայցադիմումի պատասխանը, բողոքը, այլ փաստաթղթերը կամ դրամական միջոցները համապատասխանաբար հանձնվել են փոստ, փոխանցվել կամ ներկայացվել են համապատասխան մարմին կամ դրանք ընդունելու լիազորություն ունեցող անձին մինչև դատավարական ժամկետի վերջին օրվա ժամը 24.00-ն:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` վճռի օրինակը ոչ ուշ, քան դրա հրապարակման հաջորդ օրն ուղարկվում է գործին մասնակցող անձանց, եթե մինչ այդ առձեռն նրանց չի հանձնվել:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 336-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու (...) վերաբերյալ դիմումներով վարույթներն իրականացվում են նույն օրենսգրքով նախատեսված գործի քննության ընդհանուր կանոնների համաձայն, այն հատուկ կանոնների պահպանմամբ, որոնք սահմանված են սույն [ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի վեցերորդ] ենթաբաժնի դրույթներով:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 340-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դիմումի քննության արդյունքով դատարանը կայացնում է որոշում` դիմումն ամբողջությամբ կամ մասնակիորեն բավարարելու և ֆինանսական համակարգի հաշտարարի` կողմերի համար պարտադիր դարձած որոշումն ամբողջությամբ կամ մասնակիորեն չեղյալ ճանաչելու կամ դիմումն ամբողջությամբ մերժելու մասին:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 340-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` դատարանի որոշումը հրապարակվում է վճռի հրապարակման համար նույն օրենսգրքով սահմանված կարգով և օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից յոթ օր հետո, եթե դրա դեմ վերաքննիչ բողոք չի բերվում:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 362-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` առաջին ատյանի դատարանի որոշման դեմ վերաքննիչ բողոք կարող է բերվել նույն օրենսգրքով նախատեսված դեպքերում այն ստանալուց հետո` յոթնօրյա ժամկետում (...):

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 371-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն` վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու հիմքերի բացակայության դեպքում վերաքննիչ բողոքը վերադարձվում է, եթե վերաքննիչ բողոքը բերվել է սահմանված ժամկետը լրանալուց հետո և միջնորդություն չի պարունակում բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 372-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն` վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվում է, եթե վերաքննիչ բողոքը բերվել է սահմանված ժամկետը լրանալուց հետո, և բաց թողած ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը մերժվել է:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներով արդեն իսկ արձանագրել է, որ ՀՀ Սահմանադրության և Կոնվենցիայի համապատասխան հոդվածներով ամրագրված` անձի դատական պաշտպանության իրավունքի կարևոր բաղադրիչներից մեկը դատական ակտերի բողոքարկման իրավունքն է: Բողոքարկման ինստիտուտն իրավական միջոց է, որը հնարավորություն է տալիս որոշակի ընթացակարգի միջոցով գործնականում ապահովել դատական սխալների բացահայտումը և ուղղումը` դրանով իսկ նպաստելով արդարադատության նպատակների գործնականում իրականացմանը (տե՛ս, ի թիվս այլնի, Սուսաննա Արարատի Միրզոյանն ընդդեմ Սուսաննա Միհրանի Միրզոյանի թիվ ԱՐԱԴ/0170/02/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.11.2015 թվականի որոշումը, «Ֆասթ Սփլայ» ՍՊԸ-ն ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի թիվ ՎԴ3/0347/05/13 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 04.03.2015 թվականի որոշումը, Վարդան Աբրահամյանն ընդդեմ «Արդշինբանկ» ՓԲԸ-ի թիվ ԵԴ/17609/02/18 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 19.04.2019 թվականի որոշումը):

Վերը նշված նորմերը վերլուծելով` ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ օրենսդիրը գործին մասնակցող անձանց վերապահել է առաջին ատյանի դատարանի դատական ակտերի վերաքննության կարգով վերանայման իրավունք` դատավարական օրենսգրքով նախատեսված դեպքերում և կարգով: Ըստ այդմ էլ` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը սահմանում է դատավարական ժամկետների սահմանման, հաշվարկման, ավարտի, ինչպես նաև դատավարական ժամկետների բաց թողնման և դրանք վերականգնելու կարգը:

Միաժամանակ օրենսդիրը, որպես կանոն, նախատեսել է, որ գործին մասնակցող անձինք զրկվում են դատավարական ժամկետներով պայմանավորված գործողություններ կատարելու իրավունքից այն դեպքում, երբ այդ գործողությունները կատարում են համապատասխան դատավարական ժամկետների ավարտից հետո: Բացառություն է կազմում այն դեպքը, երբ դատարանը բավարարում է բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը:

Դրանից ելնելով` ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ երբ համապատասխան դատավարական գործողությունը կատարվում է օրենքով սահմանված դատավարական ժամկետում, ապա տվյալ դեպքում խոսք չի կարող լինել գործին մասնակցող անձին համապատասխան գործողությունը կատարելու իրավունքից զրկելու մասին:

Ընդ որում, որպեսզի դատարանը որոշում կայացնի բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդությունը բավարարելու մասին, անհրաժեշտ է, որ հաստատված համարի հետևյալ պայմանների միաժամանակյա առկայությունը`

- գործին մասնակցող անձի կողմից բաց թողնված լինի համապատասխան դատավարական ժամկետը,

- դատավարական ժամկետը բաց թողնված լինի հարգելի պատճառով:

Այսինքն` այն դեպքում, երբ դատարանը հաստատված համարի, որ գործին մասնակցող անձը համապատասխան դատավարական գործողությունը կատարել է օրենքով սահմանված ժամկետում` բաց չթողնելով այն, նման միջնորդությունները պետք է թողնի առանց քննարկման` որպես առարկայազուրկ միջնորդություն (տե՛ս, «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ-ն ընդդեմ ֆինանսական համակարգի հաշտարարի թիվ ԼԴ2/0795/02/20 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 11.06.2021 թվականի որոշումը):

Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 340-րդ հոդվածի 3-րդ մասով հատուկ կանոն է նախատեսվել ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու վերաբերյալ դիմումի քննության արդյունքով դատարանի կայացրած որոշման օրինական ուժի մեջ մտնելու պահը որոշելու առումով, որի համաձայն` դատարանի որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից յոթ օր հետո, եթե դրա դեմ վերաքննիչ բողոք չի բերվում:

Միևնույն ժամանակ, ՀՀ վճռաբեկ դատարանը, իր նախկինում կայացրած որոշմամբ արձանագրել է, որ օրենսդիրը վերը նշված ենթաբաժնով հատուկ կանոն չի սահմանել այդ որոշումների դեմ վերաքննիչ բողոք բերելու ժամկետների առումով, որի պայմաններում վերը նշված դիրքորոշման համաձայն` պահպանման են ենթակա ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով նախատեսված գործի քննության ընդհանուր կանոնները (տե՛ս, «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ-ն ընդդեմ ֆինանսական համակարգի հաշտարարի թիվ ԼԴ2/0795/02/20 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 11.06.2021 թվականի որոշումը):

Այս պարագայում, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով նախատեսված գործի քննության ընդհանուր կանոնի համաձայն առաջին ատյանի դատարանի որոշման դեմ վերաքննիչ բողոք կարող է բերվել նույն օրենսգրքով նախատեսված դեպքերում այն ստանալուց հետո` յոթնօրյա ժամկետում: Այլ կերպ ասած, պայմանավորված տվյալ վարույթի առանձնահատկությամբ, օրենսդրորեն սահմանվել է վերաքննիչ բողոքարկման այնպիսի ընթացակարգ, որը հնարավորություն է տալիս գործին մասնակցող անձանց բողոքարկելու դատարանի որոշումն այն ստանալուց հետո` յոթնօրյա ժամկետում, անկախ այն հանգամանքից` թե տվյալ դատական ակտը մտել է օրինական ուժի մեջ, թե` ոչ: Հետևաբար, վերը նշված դատական ակտի դեմ վերաքննիչ բողոքը բերելու ժամկետը ենթակա է հաշվարկման այն պահից սկսած, երբ անձն ստացել է այդ որոշումը, նույնիսկ այն դեպքում, երբ այդ դատական ակտն արդեն իսկ մտել է օրինական ուժի մեջ:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բոլոր այն դեպքերում, երբ ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու վերաբերյալ դիմումների քննության արդյունքում կայացրած դատարանի որոշումն ստանալուց հետո անձը պահպանել է յոթնօրյա ժամկետը, ապա նրա կողմից չպետք է ներկայացվի դատավարական ժամկետը բաց թողնելու պատճառը հարգելի համարելու և դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդություն, քանի որ վերը նշված պատճառաբանությամբ այն արդեն իսկ դառնում է առարկայազուրկ:

 

Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Սույն գործի փաստերի համաձայն` Դատարանը 05.11.2019 թվականին որոշում է կայացրել ֆինանսական համակարգի հաշտարարի 13.08.2019 թվականին թիվ 15-4693/19 որոշումը չեղյալ ճանաչելու վերաբերյալ Բանկի դիմումը մերժելու մասին (գ.թ. 72-76): Գործում բացակայում է նշված դատական ակտի օրինակը հրապարակման կամ դրան հաջորդող օրը Բանկին ուղարկելու վերաբերյալ ապացույցը` փոստային ծառայությանը հանձնելու մասին անդորրագիրը:

Դատարանի թիվ Ե21674/9 ուղեկցական գրության համաձայն` Դատարանի 05.11.2019 թվականի որոշումը ելքագրվել է 05.11.2019 թվականին, և Բանկը Դատարանի վերը նշված որոշումը ըստ հետստացման փոստային անդորրագրի` ստացել է 18.11.2018 թվականին (գ.թ. 77, 78):

Վերաքննիչ դատարանի որոշմամբ Բանկի վերաքննիչ բողոք բերելու ժամկետի բացթողման պատճառները հարգելի համարելու վերաբերյալ միջնորդությունը և վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվել են այն պատճառաբանությամբ, որ բողոքարկված դատական ակտը դատական իշխանության պաշտոնական կայքի միջոցով հրապարակվել է 05.11.2019 թվականին, որն էլ դատական իշխանության պաշտոնական կայքում արտացոլվել է` գործին մասնակցող անձանց հասանելի է դարձել 06.11.2019 թվականին, (հրապարակված, այն է` կայքում տեղադրված դատական ակտը դատական իշխանության պաշտոնական կայքում արտացոլվում է դրա համար նախատեսված գործողությունների կատարման առնվազն հաջորդ օրը): Վերաքննիչ դատարանը հարկ է համարել նշել նաև, որ դատական ակտը դատական իշխանության պաշտոնական կայքում հրապարակելուն զուգահեռ Դատարանի կողմից կատարվել է նաև այն գործին մասնակցող անձանց ուղարկելու իր վրա դրված պարտականությունը` դատական ակտը հրապարակելու հենց նույն օրը` 05.11.2019թ. այն ելքագրվել է Դատարանի գրասենյակից` հասցեատերերին ուղարկելու համար: Հետևաբար` Դատարանի կողմից իր վրա դրված պարտականություններն օրենքով սահմանված կարգով իրականացվել են և բողոքարկման իրավունքի իրականացման համար ստեղծվել են լիարժեք նախադրյալներ, ուստի որոշման բողոքարկման ժամկետի հոսքն օրենքի ուժով սկսվել է 06.11.2019 թվականին և ավարտվել է 15.11.2019 թվականին, այսինքն` Դատարանի որոշման դեմ վերաքննիչ բողոք կարող էր բերվել մինչև 15.11.2019 թվականը: Մինչդեռ տվյալ դեպքում Բանկի կողմից վերաքննիչ բողոք է ներկայացվել (հանձնվել է փոստային ծառայությանը) 25.11.2019 թվականին, այսինքն` բողոքարկվող դատական ակտը դատական իշխանության պաշտոնական կայքի միջոցով հրապարակվելուց հետո սահմանված ժամկետի խախտմամբ:

i

Հիմք ընդունելով վերոշարադրյալ իրավական վերլուծությունները և ելնելով սույն գործի փաստական հանգամանքներից` Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Վերաքննիչ դատարանի եզրահանգումներն անհիմն են, և Վերաքննիչ դատարանը պատշաճ հետազոտման և համարժեք գնահատման չի արժանացրել բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու մասին հարուցված միջնորդությունը քննելիս անհրաժեշտ պայմանների առկայությունը, և առանց պարզելու, թե արդյոք վերաքննիչ բողոք ներկայացրած անձը համապատասխան գործողությունը կատարել է օրենքով սահմանված ժամկետում, թե` դրա ավարտից հետո` բաց թողնելով վերաքննիչ բողոք բերելու համար օրենքով սահմանված դատավարական ժամկետը, քննության է առել առարկայազուրկ միջնորդությունը, որը վերը նշված պատճառաբանությամբ Վճռաբեկ դատարանը գնահատում է որպես առանց քննարկման թողնելու ենթակա, և գործին մասնակցող անձ Բանկին անհիմն զրկել է համապատասխան դատավարական իրավունքից` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 372-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի վկայակոչմամբ կայացնելով վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին որոշում այն դեպքում, երբ նման որոշում կայացնելու համար անհրաժեշտ պայմաններից է վերաքննիչ բողոքը սահմանված ժամկետը լրանալուց հետո բերված լինելը, որպիսի պայմանը տվյալ դեպքում բացակայում է:

Այսպիսով, Վճռաբեկ դատարանը արժևորելով դատական իշխանության պաշտոնական կայքում դատական ակտի հրապարակումը` որպես դատական ակտը գործին մասնակցող անձանց հասանելի դարձնելու միջոց, անհրաժեշտ է համարում ընդգծել, որ բողոքարկման իրավունքի իրականացման լիարժեք նախադրյալներ ստեղծելու տեսանկյունից դատարանի վրա դրված է նաև դատական ակտը գործին մասնակցող անձանց առձեռն հանձնելու կամ ուղարկելու պարտականություն, որպիսի պայմաններում դատական ակտը գործին մասնակցող անձանց հասանելի դարձնելու պարտականության պատշաճ իրականացման մասին կարելի է եզրահանգումներ կատարել միայն այն դեպքում, երբ դատարանը պատշաճ իրագործել է վերոնշյալ պարտականությունները, այն է` դատական ակտի հրապարակելը դատական իշխանության պաշտոնական կայքում, և դատական ակտի օրինակը ոչ ուշ, քան դրա հրապարակման հաջորդ օրն ուղարկելը գործին մասնակցող անձանց, եթե մինչ այդ այն առձեռն չի հանձնվել նրանց:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործում առկա չէ ապացույց այն մասին, թե երբ է Դատարանը որոշումը ուղարկել Բանկին` փոստային ծառայությանը հանձնելու միջոցով: Տվյալ դեպքում առկա է միայն Դատարանի թիվ Ե21674/9 ուղեկցական գրությունը, համաձայն որի` Դատարանի 05.11.2019 թվականի որոշումը ելքագրվել է 05.11.2019 թվականին, և հետստացման անդորրագրի համաձայն` Բանկը դատական ակտի օրինակը ստացել է 18.11.2019 թվականին, իսկ վերաքննիչ բողոքը ներկայացրել է 25.11.2019 թվականին, որպիսի հանգամանքները Վերաքննիչ դատարանի կողմից պատշաճ հետազոտման և համարժեք գնահատման չեն արժանացել:

i

Վերոգրյալից ելնելով` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել ՀՀ Սահմանադրության 61-րդ և 63-րդ հոդվածների, Կոնվենցիայի 6-րդ հոդվածի, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 372-րդ հոդվածի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, քանի որ ոչ իրավաչափորեն մերժելով վերաքննիչ բողոքի ընդունումը` Վերաքննիչ դատարանը սահմանափակել է Բանկի` բողոքարկման իրավունքի իրականացման հնարավորությունը` արդյունքում նրան զրկելով վերադաս դատարանի մատչելիության իրավունքից:

i

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 1-ին մասի և 390-րդ հոդվածի 3-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի 12.12.2019 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը վերացնելու համար:

 

i

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ և 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Վերացնել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 12.12.2019 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող Ռ. Հակոբյան

Զեկուցող Մ. Դրմեյան

Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

Հ. Բեդևյան

Գ. Հակոբյան

Ս. Միքայելյան

Ա. Մկրտչյան

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

Ն. Տավարացյան

 

Հրապարակվել է www.datalex.am կայքէջում` 1 հոկտեմբերի 2021 թվական:

 

 

pin
Վճռաբեկ դատարան
01.10.2021
N ԼԴ2/1470/02/19
Որոշում