Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՕԲՅԵԿՏԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստ.-վավ.-գրանց. ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՕԲՅԵԿՏԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՎԿԱՅԱԳՐԻ ...

 

 

326.0040.230299

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ
ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ ՀՐԱՄԱՆ

 

2 փետրվարի 1999 թվականի թիվ 40

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՕԲՅԵԿՏԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՎԿԱՅԱԳՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 1998թ. նոյեմբերի 11-ի «Հայաստանի Հանրապետության արդյունաբերական օբյեկտի անվտանգության վկայագրի կանոնադրությունը հաստատելու մասին» թիվ 702 որոշման 3-րդ կետի`

1. Հաստատել «Հայաստանի Հանրապետության արդյունաբերական օբյեկտի անվտանգության վկայագրի մշակման կարգը» (կցվում է):

2. Կարգը ներկայացնել ՀՀ արդարադատության նախարարություն` պետական գրանցման:

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ

ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ

«2» ՓԵՏՐՎԱՐԻ 1999Թ.

ԹԻՎ 40 ՀՐԱՄԱՆՈՎ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՕԲՅԵԿՏԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՎԿԱՅԱԳՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԿԱՐԳ

 

ՀԱՄԱՁԱՅՆԵՑՄԱՆ ԹԵՐԹԻԿ

 

       ՀԱՄԱՁԱՅՆԵՑՎԱԾ Է                        ՀԱՄԱՁԱՅՆԵՑՎԱԾ Է

  ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ            ՀՀ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

               Հ. ՆԻԿՈՂՈՍՅԱՆ                          Գ. ՎԱՐԴԱՆՅԱՆ

  «19» 01 1999Թ.                      «20» 01 1999Թ.

 

ՄՇԱԿՎԱԾ Է Ի ԿԱՏԱՐՈՒՄՆ

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ

ՆՈՅԵՄԲԵՐԻ 11-Ի ԹԻՎ 702 ՈՐՈՇՄԱՆ

 

I. ՏԵՐՄԻՆՆԵՐ ԵՎ ՍԱՀՄԱՆՈՒՄՆԵՐ

 

1.1. ՎԹԱՐ - վտանգավոր տեխնածին պատահար, որը արդյունաբերական օբյեկտում կամ որոշակի տարածքում սպառնալիք է ստեղծում մարդկանց կյանքին ու առողջությանը և հանգեցնում է շենքերի, կառույցների, սարքավորումների, տրանսպորտային միջոցների և մեխանիզմների ավերմանը, արտադրական նորմալ գործընթացի խախտմանը, ինչպես նաև վնաս է հասցնում շրջակա բնական միջավայրին:

1.2. ՎՏԱՆԳԻ (ՌԻՍԿԻ) ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ - վտանգի հայտնաբերման և գնահատման գործընթաց:

1.3. ՀԻԴՐՈԴԻՆԱՄԻԿԱԿԱՆ ՎԹԱՐ - վթար, որը տեղի է ունենում հիդրոտեխնիկական կառույցում և կապված է ջրի տարածման մեծ արագության հետ ու ստեղծում է տեխնածին արտակարգ իրավիճակի առաջացման սպառնալիք:

1.4. ՊՈՏԵՆՑԻԱԼ ՎՏԱՆԳԱՎՈՐ ՆՅՈՒԹ - նյութ, որն իր ֆիզիկական, քիմիական, կենսաբանական կամ թունաբանական հատկությունների հետևանքով վտանգ է ներկայացնում մարդկանց կյանքին, առողջությանը և շրջակա միջավայրին:

1.5. ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ԱՂԵՏ (ԿԱՏԱՍՏՐՈՖԻԱ) - խոշոր արդյունաբերական վթար, որը հանգեցնում է մարդկային զոհերի և վնասում մարդկանց առողջությունը, պատճառ է հանդիսանում օբյեկտների և այլ նյութական արժեքների զգալի ավերումների և ոչնչացման, ինչպես նաև էական վնաս է հասցնում շրջակա բնական միջավայրին:

1.6. ՎԿԱՅԱԳՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՕԲՅԵԿՏ - ձեռնարկատիրական գործունեության սուբյեկտ, որն իր կազմում ունի վտանգավոր մեկ կամ մի քանի արտադրություններ և տեղադրված է մեկ միասնական տարածքում:

1.7. ՎՏԱՆԳԱՎՈՐ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆ - տեղամաս, տեղակայանք, արտադրամաս, պահեստարան, պահեստ, կայարան, որտեղ օգտագործում, արտադրում, վտանգավոր քիմիական նյութեր այնպիսի քանակներով, որոնք կարող են վտանգ հանդիսանալ բնակչության և շրջակա միջավայրի համար:

1.8. ՏԵԽՆԱԾԻՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿ - վիճակ, որի ժամանակ օբյեկտում, որոշակի տարածքի վրա խախտվում է մարդկանց կյանքի և գործունեության նորմալ պայմանները, վտանգ է սպառնում մարդկանց կյանքին ու առողջությանը, վնաս հասցվում բնակչության գույքին, տնտեսությանը և շրջակա բնական միջավայրին:

 

II. ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՎԿԱՅԱԳՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԸ

 

2.1. Անվտանգության պարտադիր վկայագրման են ենթարկվում նախագծվող և գործող`

ա) արդյունաբերական օբյեկտները, որոնք իրենց կազմում ունեն վտանգավոր արտադրություններ.

բ) հիդրոտեխնիկական կառույցները, պոչամբարները, 1, 2, 3 դասերի շլամակուտակիչները:

2.2. Վտանգավոր օբյեկտի նույնականացումը (իդենտիֆիկացիան) կատարվում է`

ա) նախագծով նախատեսված պոտենցիալ վտանգավոր նյութերի առկայության և քանակների հիման վրա.

բ) իրավասու մարմնի կողմից առաջարկված «Տեղանքի վտանգավոր նյութերով վարակվածության հաշվարկի մեթոդիկայի» հիման վրա:

2.3. Պոտենցիալ վտանգավոր նյութերի կատեգորիաները` համապատասխան բնութագրումներով սահմանվում են թիվ 1 հավելվածում:

 

III. ՎՏԱՆԳԱՎՈՐ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՄԱՆ (ԻԴԵՆՏԻՖԻԿԱՑԻԱՅԻ) ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ

 

3.1. Կազմակերպության ղեկավարն ապահովում է արդյունաբերական օբյեկտի կազմի մեջ մտնող վտանգավոր արտադրությունների նույնականացումը (իդենտիֆիկացիան):

3.2. Վկայագրման ենթակա արդյունաբերական օբյեկտի ղեկավարը պարտավոր է արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության պետական իրավասու մարմնի տարածքային և տեղական ստորաբաժանումներին և ՀՀ լեռտեխհսկողության մարմնի տարածքային և տեղական ստորաբաժանումներին և ՀՀ լեռտեխհսկողության տեղական տեսչությանը օբյեկտի մասին տեղեկություններ ներկայացնել ըստ սույն կարգի թիվ 2 հավելվածում տրված ձևի:

3.3. Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության համապատասխան տարածքային ստորաբաժանումները և լեռտեխհսկողության վարչության համապատասխան տեսչությունները պարտավոր են ամեն տարի իրենց կենտրոնական ղեկավար մարմիններին ամփոփ տեղեկություններ ներկայացնել անվտանգության վկայագրման ենթակա արդյունաբերական օբյեկտների ցանկում լրացումներ, փոփոխություններ կատարելու մասին:

3.4. ՀՀ կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչությունը հաշվի առնելով արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության տարածքային ստորաբաժանումներից ստացված տեղեկությունները, ձևավորում և ամեն տարի հաստատում է անվտանգության վկայագրման ենթակա արդյունաբերական օբյեկտների ցանկը:

 

IY. ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՎԿԱՅԱԳՐԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ

 

4.1. Անվտանգության վկայագիրը ներառում է հետևյալ կառուցվածքային տարրերը`

ա) տիտղոսաթերթ,

բ) համառոտ բնութագրում (անոտացիա),

գ) գլխացանկ,

բաժինները,

դ) «Ընդհանուր տեղեկություններ»

ե) «Արդյունաբերական օբյեկտի անվտանգության վերլուծություն»

զ) «Արտակարգ իրավիճակների տեղափակմանը և վերացմանը արդյունաբերական օբյեկտի պատրաստակամության ապահովումը»

է) «Հասարակության տեղեկացում»

հավելվածները`

ը) «Օբյեկտի իրավիճակային հատակագիծ»

թ) «Տեղեկատվական թերթիկ»

ժ) «Տեղեկություններ վտանգավոր արտադրությունը շահագործումից դուրս բերելու մասին»

4.2. Անվտանգության վկայագրի կառուցվածքային տարրերին ներկայացվող պահանջները տրված են թիվ 3 հավելվածում:

4.3. Նախագծվող արդյունաբերական օբյեկտի անվտանգության վկայագրին ներկայացվող հատուկ պահանջները բերված են թիվ 4 հավելվածում:

4.4. Հիդրոտեխնիկական կառուցվածքների, պոչամբարների և 1, 2, 3 դասերի շլամակուտակիչների անվտանգության վկայագրին ներկայացվող հատուկ պահանջները բերված են թիվ 5 հավելվածում:

4.5. Տիտղոսաթերթի ձևը տրված է թիվ 6 հավելվածում:

4.6. Վտանգավոր նյութի բնութագրի ձևը տրված է թիվ 7 հավելվածում:

4.7. Հիմնական տեխնոլոգիական սարքավորումների ցանկի ձևը տրված է թիվ 8 հավելվածում:

4.8. Վտանգավոր արտադրությունում վտանգավոր նյութի բաշխման տեխնոլոգիական տվյալների ձևը տրված է թիվ 9 հավելվածում:

 

ՀԱՎԵԼՎԱԾ 1

 

ՊՈՏԵՆՑԻԱԼ ՎՏԱՆԳԱՎՈՐ ՆՅՈՒԹԵՐԻ ԿԱՏԵԳՈՐԻԱՆԵՐԸ

 

1. Բոցավառվող գազեր, հեղուկացված նավթային գազերը ներառյալ 1

2. Հեշտ բոցավառվող հեղուկներ 2

3. Բոցավառվող հեղուկներ, որոնք օգտագործվում են ճնշման և ջերմաստիճանի հատուկ պայմաններում 3

4. Չափազանց թունավոր նյութեր 4

5. Թունավոր նյութեր 5

6. Օքսիդացնող նյութեր 6

7. Պայթուցիկ նյութեր 7

_________________________________________________________________________

1. Նյութեր, որոնք գազային վիճակում, նորմալ ճնշման պայմաններում օդի հետ խառնվելու դեպքում դառնում են բոցավառվող և որոնց եռման ջերմաստիճանը, նորմալ ճնշման դեպքում, հավասար է 20 օ C կամ նրանից ցածր է:

2. Նյութեր, որոնք ունեն 20 օ C-ից ցածր բռնկման ջերմաստիճան և որոնց եռման ջերմաստիճանը նորմալ ճնշման դեպքում բարձր է 20 օ C-ԻՑ:

3. Նյութեր, որոնք ունեն 55 օ C-ից ցածր բռնկման ջերմաստիճան, ճնշման տակ հեղուկ են մնում այն դեպքում, եթե վերամշակման կոնկրետ պայմանները, այդ թվում բարձր ճնշումը և բարձր ջերմաստիճանը, կարող են վտանգ ստեղծել արդյունաբերական վթարի դեպքում:

4. 1-ին դասի վտանգավորության նյութեր ԳՈՍՏ 12.1.007.76-ի համաձայն:

5. 2-րդ դասի վտանգավորության նյութեր ԳՈՍՏ 12.1.007-76-ի համաձայն:

6. Նյութեր, որոնք այլ նյութերի, մասնավորապես բոցավառվող նյութերի հետ փոխազդեցության դեպքում, առաջացնում են բուռն էկզոթերմիկ ռեակցիա (5-րդ դասի օքսիդացնող նյութեր ԳՈՍՏ 19433-88-ի համաձայն):

7. Նյութեր, որոնք որոշակի արտաքին ներգործության տակ ընդունակ են շատ արագ քիմիապես ինքնատարածմամբ փոխարկվել` ջերմության անջատմամբ և գազերի առաջացմամբ (1-ին դասի պայթուցիկ նյութեր ԳՈՍՏ 19433-88-ի համաձայն):

 

ՀԱՎԵԼՎԱԾ 2

 

ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՎԿԱՅԱԳՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՕԲՅԵԿՏԻ ՄԱՍԻՆ

 

._________________________________________________________________________.

| Կազմակերպության| Կազմակերպության  | Վերադաս           |  Անվտանգության  |

| լրիվ անվանումը | լրիվ փոստային    | կազմակերպությունը |  վկայագրման     |

|                | հասցեն, հեռախոսը,| (նախարարությունը, |  տարին          |

|                | ֆաքսը            | գերատեսչությունը) |                 |

|________________|__________________|___________________|_________________|

._________________________________________________________________________.

 

ՀԱՎԵԼՎԱԾ 3

 

ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՎԿԱՅԱԳՐԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ՏԱՐՐԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

1. Տիտղոսաթերթ

_______________

1.1. Տիտղոսաթերթը հանդիսանում է անվտանգության վկայագրի առաջին էջը:

Տիտղոսաթերթի վրա գրվում են հետևյալ տվյալները`

ա) անվտանգության վկայագրի գրանցման թիվը.

բ) անվտանգության վկայագրի հաստատման գրիֆը.

գ) անվտանգության վկայագրի անվանումը.

դ) անվտանգության վկայագրի կազմման տեղն ու տարեթիվը.

1.2. Անվտանգության վկայագրի տիտղոսաթերթի ձևը տրված է թիվ 6 հավելվածում:

 

2. Համառոտ բնութագրում (անոտացիա)

_____________________________________

2.1. Բնութագրումը պարունակում է`

ա) տվյալներ անվտանգության վկայագիրը մշակողների մասին.

բ) անվտանգության վկայագրի հիմնական բաժինների շարադրանքը` բնորոշ վտանգների պարտադիր նշումով:

 

3. Գլխացանկ

______________

Գլխացանկը պետք է պարունակի բոլոր բաժինների և հավելվածների անվանումները և էջերը:

 

4. «Ընդհանուր տեղեկություններ» բաժինը պետք է պարունակի`

ա) արդյունաբերական օբյեկտի մասին ընդհանուր տվյալներ.

բ) անվտանգության ընդհանուր միջոցները:

4.1. Արդյունաբերական օբյեկտի մասին ընդհանուր տվյալները պետք է պարունակեն`

ա) արդյունաբերական օբյեկտի մասին համառոտ տվյալներ.

բ) վտանգավոր այն արտադրությունների նույնականացման (իդենտիֆիկացման) հիմնավորումը, որոնք մտնում են վկայագրման ենթակա օբյեկտի կազմի մեջ.

գ) արդյունաբերական օբյեկտի գտնվելու վայրի նկարագրությունը.

դ) արդյունաբերական օբյեկտի անձնակազմի և նրա մերձակայքում ապրող բնակչության մասին տվյալներ.

ե) ապահովագրական տվյալներ:

4.1.1. Արդյունաբերական օբյեկտի մասին համառոտ տվյալները պետք է պարունակեն`

ա) կազմակերպության լրիվ և կրճատ անվանումները.

բ) վերադաս մարմնի` նախարարության կամ գերատեսչության անվանումը (առկայության դեպքում).

գ) կազմակերպության ղեկավարի պաշտոնը, անունը և ազգանունը.

դ) կազմակերպության փոստային լրիվ հասցեն, հեռախոսը, ֆաքսը և հեռատիպը:

4.1.2. Առավել վտանգավոր արտադրությունների նույնականացման հիմնավորումը պետք է պարունակի`

ա) տեղեկություններ այն օբյեկտի մասին, որը նույնականացվել է համաձայն թիվ 2 հավելվածի, նշելով պոտենցիալ վտանգավոր նյութերը և նրանց քանակները յուրաքանչյուր արտադրության համար.

բ) տվյալներ այն մասին, որ օբյեկտը մտնում է ՀՀ վտանգավոր օբյեկտների ցանկը, որոնք ենթակա են վկայագրման:

4.1.3. Արդյունաբերական օբյեկտի գտնվելու վայրի նկարագրությունը պետք է պարունակի`

ա) արդյունաբերական օբյեկտի տարածքի սահմանները և չափերը.

բ) արգելված և սանիտարապաշտպանական գոտիների առկայությունը և սահմանները.

գ) տվյալներ արդյունաբերական օբյեկտի տեղադրման շրջանի մասին.

դ) տվյալներ արդյունաբերական օբյեկտի տեղադրման շրջանի բնակլիմայական պայմանների մասին:

4.1.4. Արդյունաբերական օբյեկտի անձնակազմի և նրա մերձակայքում ապրող բնակչության մասին տվյալները պետք է պարունակեն`

ա) տեղեկություններ արդյունաբերական օբյեկտի անձնակազմի թվաքանակի և նրա տեղաբաշխման մասին.

բ) տեղեկություններ անվտանգության վկայագրման ենթակա արդյունաբերական օբյեկտին մոտ գտնվող այն օբյեկտների և (կամ) կազմակերպությունների անձնակազմի թվաքանակի մասին, որոնք խոշոր արդյունաբերական աղետի (հիդրոդինամիկական աղետի) դեպքում կարող են հայտնվել ախտահանման գործոնների ազդեցության գոտում.

գ) տեղեկություններ արդյունաբերական օբյեկտին կից տարածքում բնակչության տեղաբաշխման մասին, որը արդյունաբերական աղետի (հիդրոդինամիկական աղետի) դեպքում կարող է հայտնվել ախտահարող վնասակար գործոնների ներգործության տակ.

դ) մարդկանց զանգվածային կուտակման տեղերի (հիվանդանոցների, նախադպրոցական հաստատությունների, դպրոցների, բնակելի շենքերի, մարզադաշտերի, կինոթատրոնների, կայարանների, օդանավակայանների) առկայությունը և տարողությունը, որոնք գտնվում են հնարավոր ախտահարող գործոնների ազդեցության գոտում:

4.1.5. Ապահովագրական տվյալները պետք է պարունակեն`

ա) այն կազմակերպության անվանումը և հասցեն, որտեղ արդյունաբերական օբյեկտն ապահովագրվել է.

բ) ապահովագրության տեսակը

գ) արդյունաբերական աղետի հետևանքով ֆիզիկական և իրավաբանական անձերին հասցրած վնասի համար ապահովագրության պատասխանատվության առավելագույն չափը.

դ) աղետի հետևանքով հասցված վնասի փոխհատուցման կարգը:

4.2. Անվտանգության ընդհանուր միջոցառումները պետք է պարունակեն`

ա) անհրաժեշտ և (կամ) գործող լիցենզիաների ցանկը, որոնք թույլ են տալիս արդյունաբերական օբյեկտում իրականացնելու տարբեր տեսակի գործողություններ, կապված բարձր վտանգի հետ.

բ) արդյունաբերական օբյեկտում անվտանգության վերահսկման համակարգի բնութագիրը, տեխնիկական հսկողության ծառայությունների և անվտանգության տեխնիկայի հակավթարային ուժերի և վթարափրկարարական ծառայության կազմակերպման մասին տվյալներ.

գ) արդյունաբարական օբյեկտում դժբախտ դեպքերի, վթարայնության, ինչպես նաև դրանց հիմնական պատճառների վերլուծության մասին տեղեկատվության հավաքման համակարգի բնութագիրը.

դ) անձնակազմի մասնագիտական և հակավթարային պատրաստվածության բնութագիրը` նշելով անձնակազմի ինքնուրույն աշխատանքի թույլ տալու և անվտանգության նորմերի ու կանոնների մասին նրա գիտելիքների ստուգման կարգը.

ե) վթարների ժամանակ անձնակազմին պաշտպանելու և գործելու եղանակներին ուսուցանելու միջոցառումները.

զ) արդյունաբերական անվտանգության բարձրացման համար ծրագրավորվող միջոցառումների ցանկը.

է) աշխատանքների անվտանգ կատարման պահանջները:

5. «Արդյունաբերական օբյեկտի անվտանգության վերլուծություն» բաժինը պետք է պարունակի`

ա) տեխնոլոգիայի և սարքավորումների ձևավորման մասին տվյալներ.

բ) վտանգների և ռիսկի վերլուծությունը.

գ) անվտանգության և հակավթարային կայունության ապահովման միջոցները:

5.1. Տեխնոլոգիայի և սարքավորումների ձևավորման մասին տվյալներում պետք է ընդգրկվեն`

ա) վտանգավոր նյութի բնութագիրը.

բ) տեխնոլոգիայի նկարագրությունը.

գ) անվտանգության ապահովմանն ուղղված տեխնիկական որոշումների նկարագրությունը.

դ) կառավարման կետերի բնութագիրը.

ե) արտադրության գոտու սանիտարահիգիենիկ բնութագիրը:

5.1.1. Վտանգավոր նյութի բնութագիրը պետք է պարունակի` նյութի անվանումը, քիմիական բանաձևը, բաղադրությունը, հրդեհապայթյունավտանգավորության, թունավորության մասին տվյալները, վտանգավոր նյութի որակական հատկությունների բնութագիրը, պաշտպանության և առաջին օգնության միջոցները:

Տվյալները ձևակերպվում են ըստ թիվ 8 հավելվածի` յուրաքանչյուր վտանգավոր նյութի համար:

5.1.2. Տեխնոլոգիայի նկարագրումը պետք է ընդգրկի`

ա) սկզբունքային տեխնոլոգիական սխեման, որում նշվում են նրա հիմնական տեխնոլոգիական սարքավորումները և տեխնոլոգիական գործընթացի համառոտ նկարագիրը.

բ) հիմնական տեխնոլոգիական սարքավորումները, որոնցում վտանգավոր նյութը գտնվում է շրջանառության մեջ, տեղադրման պլանը.

գ) սարքավորումների անվանացանկը, որոնցում շրջանառություն է կատարում վտանգավոր նյութը: Այդ տեղեկությունները ձևակերպվում են թիվ 9 հավելվածում բերված աղյուսակի համաձայն.

դ) տվյալներ թունավոր նյութերի բաշխման վերաբերյալ: Տեղեկությունները ձևակերպվում են աղյուսակի ձևով` թիվ 9 հավելվածի համաձայն:

5.1.3. Անվտանգության ապահովմանն ուղղված տեխնիկական լուծումների նկարագրությունը պետք է պարունակի`

ա) սարքավորումների ապահերմետիկացումը բացառող և վտանգավոր նյութերի վթարային արտանետումները կանխարգելող լուծումներ.

բ) արդյունաբերական վթարների զարգացումը զգուշացնող և վտանգավոր նյութերի արտանետումը տեղափակող լուծումներ.

գ) հրդեհապայթյունաանվտանգության ապահովման լուծումներ.

դ) ավտոմատ կարգավորման, բլոկավորման (փոխապահովման) և ազդանշանման համակարգի նկարագրությունը:

5.1.4. Գործընթացի կառավարման կետերի բնութագիրը պետք է պարունակի`

ա) տեղեկություններ կառավարման կետի սարքավորման տեղակայման մասին.

բ) կառավարման կետի հակավթարային կայունության բնութագիրը` ելնելով վթարի ժամանակ այնտեղ գտնվող անձնակազմի անվտանգության ապահովումից և գործընթացը կառավարելու հնարավորությունից:

5.2. Վտանգների և ռիսկի վերլուծությունը պետք է պարունակի`

ա) տեղեկություններ տեղի ունեցած վթարների մասին.

բ) վթարների առաջացման և զարգացման պայմանների վերլուծությունը.

գ) վթարի ռիսկի և արտակարգ իրավիճակների գնահատումը.

դ) վթարների առաջացման և զարգացման հավանական սցենարների վերլուծության բլոկ-սխեման.

ե) եզրակացություններ:

5.2.1. Տեղի ունեցած վթարների մասին տեղեկությունները պետք է պարունակեն`

ա) վտանգավոր արտադրության մեջ տեղի ունեցած վթարների և նկատված անսարքությունների մասին տվյալներ.

բ) տվյալներ այնպիսի վթարների մասին, որոնք տեղի են ունեցել համանման այլ օբյեկտներում կամ կապված են օգտագործվող պոտենցիալ վտանգավոր նյութերի հետ:

5.2.2. Վտանգների առաջացման և զարգացման պայմանների վերլուծությունը պետք է պարունակի`

ա) վթարային իրադրության առաջացման և զարգացման հնարավոր պատճառների բացահայտումը` հաշվի առնելով սարքավորումների անսարքությունը և խափանումը, անձնակազմի հնարավոր սխալ գործողությունները, բնական և տեխնածին բնույթի արտաքին ազդեցությունները.

բ) հնարավոր վթարների սցենարները.

գ) վթարի մասնակցող վտանգավոր նյութերի քանակական գնահատականը.

դ) վտանգի գնահատման համար կիրառված ֆիզիկամաթեմատիկական մոդելների և հաշվարկման մեթոդների հիմնավորումը:

5.2.3. Վթարի ռիսկի և արտակարգ իրավիճակների գնահատումը պետք է պարունակի`

ա) վթարների և արտակարգ իրավիճակների հնարավոր հետևանքների սահմանումը` հաշվի առնելով դրանց հավանականությունը.

բ) վթարի տարբեր սցենարների դեպքում հիմնական վնասող գործոնների ազդեցության գոտու սահմանումը.

գ) անձնակազմի և բնակչության մեջ տուժածների կամ մահացու վնասվածքներ ստացողների թվի գնահատումը.

դ) վթարի դեպքում ֆիզիկական և իրավաբանական անձանց հասցվելիք հնարավոր վնասի չափի գնահատումը:

5.2.4. Առաջացած և տարածվող վթարների հնարավոր սցենարների հետազոտման բլոկ-սխեման ընդգրկում է վթարների նկարագրումն ըստ փուլերի տարբեր մակարդակներում` կախված հետևանքների մասշտաբներից և նրանց ծանրությունից:

5.2.5. Եզրակացությունները պետք է պարունակեն`

ա) վտանգի և ռիսկի վերլուծության հիմնական արդյունքները.

բ) վթարի ռիսկի նվազեցմանն ուղղված մշակված միջոցառումների ցանկը:

6. «Արտակարգ իրավիճակների տեղայնացմանն ու վերացմանը արդյունաբերական օբյեկտի պատրաստականության ապահովումը» բաժինը պետք է պարունակի`

ա) արտակարգ իրավիճակների մասին ազդարարման համակարգի նկարագրությունը`

բ) մարդկանց պաշտպանության միջոցների և միջոցառումների նկարագրությունը`

գ) բժշկական ապահովության կազմակերպման կարգը:

6.1. Արտակարգ իրավիճակների մասին ազդարարման համակարգի նկարագրումը պետք է պարունակի`

ա) տեղեկություններ արտակարգ իրավիճակների առաջացման դեպքում արդյունաբերական օբյեկտի անձնակազմի և բնակչության ազդարարման լոկալ համակարգի ստեղծման և պատրաստ վիճակում պահելու մասին.

բ) արտակարգ իրավիճակների մասին ազդարարման սխեման ու կարգը.

գ) պահանջներ, որոնք ներկայացվում են ազդարարման ժամանակ հաղորդվող տեղեկություններին:

6.2. Մարդկանց պաշտպանության միջոցների և միջոցառումների նկարագրումը պետք է պարունակի`

ա) այն միջոցառումների բնութագրերը, որոնք ուղղված են արդյունաբերական օբյեկտում արտակարգ իրավիճակները նախազգուշացման և վերացման համար ուժերի և միջոցների ստեղծմանը, պատրաստմանը և պատրաստ վիճակում պահպանմանը.

բ) արտակարգ իրավիճակներում արդյունաբերական օբյեկտի անձնակազմի պաշտպանության և գործողությունների եղանակների ուսուցման միջոցառումների բնութագիրը.

գ) արտակարգ իրավիճակներ առաջանալու դեպքում արդյունաբերական օբյեկտի անձնակազմի պաշտպանության միջոցառումների բնութագիրը.

դ) արտակարգ իրավիճակները կանխատեսելու և վերացնելու ուժերի ու միջոցների գործողությունների կարգը.

ե) արտակարգ իրավիճակների հետևանքները վերացնելու համար անհրաժեշտ նյութական և ֆինանսական պահուստների ծավալների և անվանացուցակի մասին տեղեկություններ:

6.3. Արտակարգ իրավիճակներում բժշկական ապահովության կազմակերպման կարգը պետք է պարունակի`

ա) տեղեկություններ արդյունաբերական օբյեկտում առկա բժշկական ապահովման ուժերի մասին.

բ) տուժածներին առաջին օգնություն ցույց տալու կարգը:

7. «Հասարակայնության տեղեկացում» բաժինը պետք է պարունակի`

ա) բնակչությանը, տարածքային և տեղական ինքնակառավարման մարմիններին կանխատեսվող և ծագած արտակարգ իրավիճակների մասին տեղեկացման կարգը.

բ) վկայագրում ընդգրկված տեղեկատվության ներկայացման կարգը:

8. «Իրավիճակների հատակագիծ» հավելվածը պետք է պարունակի`

ա) արդյունաբերական օբյեկտի արտադրական հրապարակը` նշելով շահագործվող շենքերի և կառուցվածքների բացատրությունը` հաշվի առնելով աշխատողների թվաքանակը.

բ) հնարավոր վթարի դեպքում ախտահարող (վնասող) գործոնների ազդեցության գոտում գտնվող կազմակերպությունները, բնակավայրերը, մարդկանց զանգվածային հավաքավայրերը (հիվանդանոցները, մանկապարտեզները և մանկամսուրները, դպրոցները, բնակելի տները, մարզադաշտերը, կինոթատրոնները, կացարանները և այլն).

գ) «Արդյունաբերական օբյեկտի անվտանգության վերլուծություն» բաժնում սահմանված ախտահարման գոտիները` ցույց տալով այդ գոտիներում մարդկանց թվաքանակը և ախտահարող գործոնների նրանց հասնելու ժամանակը:

9. «Տեղեկատվական թերթիկ» հավելվածը կարելի է ներկայացնել անվտանգության վկայագրից առանձին, ելնելով քաղաքացիների և հասարակական կազմակերպությունների հարցումներից:

Այն պետք է պարունակի`

ա) կազմկերպության անվանումը, որի գործունեությունը կապված է արտադրության վտանգավորության հետ.

բ) տեղեկություններ այն անձի մասին, որը պատասխանատու է հասարակայնությանը իրազեկելու և նրա հետ փոխգործողության համար.

գ) արտադրական գործունեության համառոտ նկարագրությունը.

դ) վտանգավոր նյութերի հիմնական բնութագրերը և ցանկը.

ե) հնարավոր վտանգի, արտակարգ իրավիճակների և դրանց հետևանքների մասին համառոտ տեղեկություններ.

զ) տեղեկություններ վթարների ժամանակ բնակչությանը տեղեկացնելու եղանակների և արդյունաբերական աղետի դեպքում բնակչությանն անհրաժեշտ գործողությունների մասին.

է) տեղեկություններ լրացուցիչ տեղեկությունների ստացման աղբյուրների մասին:

 

ՀԱՎԵԼՎԱԾ 4

 

ՆԱԽԱԳԾՎՈՂ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՕԲՅԵԿՏԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՎԿԱՅԱԳՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԱՏՈՒԿ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

1. «Ընդհանուր տեղեկություններ» բաժնում.

1.1. Արդյունաբերական օբյեկտների մասին ընդհանուր տեղեկությունները նկարագրելիս`

ա) չեն նշվում այն կազմակերպության հասցեն և անվանումը, որտեղ ապահովագրված է օբյեկտը, ինչպես նաև ապահովագրման տեսակը և վնասի փոխհատուցման կարգը.

բ) լրացուցիչ նշվում են տեղեկություններ շինհրապարակի տեղանքի սեյսմիկության, գրունտի, բնակլիմայական և այլ արտաքին ներգործությունների հետազոտությունների բնութագրերի վերաբերյալ հաշվետվությունները նախագծում օգտագործված լինելու մասին:

1.2. Անվտանգության ընդհանուր միջոցների նկարագրության ժամանակ լրացուցիչ նշվում է արտադրական անձնակազմի թվաքանակի, տեխնիկական հսկողության անձնակազմի, հակավթարային ուժերի և վթարափրկարարական ծառայությունների հիմնավորումը` հաշվի առնելով վթարի հետևանքները վերացնելու հնարավորությունները:

2. «Արդյունաբերական օբյեկտների անվտանգության վերլուծություն» բաժնում`

2.1. Տեխնոլոգիաների և սարքավորումների ձևավորմանը վերաբերող տվյալների մեջ լրացուցիչ նշվում են`

ա) շինությունների և սարքավորումների նպատակահարմար տեղաբաշխման հիմնավորումը, հաշվի առնելով` բաժանմունքների, արտադրությունների հրդեհապայթյունավտանգ և քիմիական վտանգավոր նյութերի պահպանման տեղերի միջև հեռավորության պահպանումը, վարչական, արտադրական և օժանդակ տարածքների, տեխնոլոգիական ղեկավարման կետերի ճիշտ տեղաբաշխումը, նորոգման և վթարային աշխատանքների, սպասարկող անձնակազմի տարահանման ապահովումը.

բ) շինարարական կոնստրուկցիաների ընտրության հիմնավորումը` հաշվի առնելով դիմացկունությունը վնասակար գործոնների նկատմամբ, որոնք կարող են առաջանալ տեխնածին արտակարգ իրավիճակների ժամանակ, ինչպես նաև տեխնոլոգիական գործընթացների կառավարման կետերի, շինությունների դիմացկունության ապահովումը.

գ) տեխնոլոգիական համակարգերի և տեխնիկական լուծումների ճիշտ ընտրության հիմնավորումը, հաշվի առնելով` գործընթացի մեջ օգտագործվող նյութերի պայթյունավտանգության իջեցումը, ներդնելով պայթյունավտանգ միջավայրի առաջացումը կանխող լրացուցիչ գործընթացներ կամ փուլեր.

դ) արդյունաբերական անվտանգության տեսակետից գործընթացի գնահատումը` այդ գործընթացի ու նրա ընթացքի վրա ազդող գործոնների նկարագրությունը, ներգործող բաղադրիչների ընտրության նպատակահարմարությունը` ելնելով հրդեհապայթյունավտանգ խառնուրդների առաջացման կանխարգելման և պայթյունավտանգ գործընթացի մակարդակի իջեցման պայմաններից: Տվյալներ ռեակցիաների ջերմային էֆեկտների մասին, այդ թվում` հաշվի առնելով մասշտաբային գործոնները լաբորատոր և փորձնական սարքավորումներից արդյունաբերականի անցման ժամանակ, նստվածքների, խեժերի, վտանգավոր խառնուրդների առաջացման կանխման նպատակով հանձնարարվող մեթոդների ու միջոցների արդյունավետությունը` հաշվի առնելով դրանց հեռացման եղանակները:

2.2. Անվտանգության ապահովմանն ուղղված տեխնիկական լուծումների նկարագրման ժամանակ լրացուցիչ նշվում են`

ա) քայքայումից և կոռոզիայից սարքավորումները պաշտպանելու, պայթյունավտանգ և քիմիական վտանգավոր նյութերի մթնոլորտ արտանետումը սահմանափակելու վերաբերյալ նախագծում ընդունված լուծումները.

բ) տեխնոլոգիական գործընթացների անխափան ջրամատակարարման, էլեկտրամատակարարման վերաբերյալ նախագծում ընդունված լուծումների հիմնավորումը.

գ) հումքի, պատրաստի արտադրանքի տեղափոխման ժամանակ անվտանգության և դրանց անվտանգ պահպանման վերաբերյալ նախագծում ընդունված լուծումների հիմնավորումը:

2.3. Վտանգի և ռիսկի վերլուծության ժամանակ չեն նշվում տվյալ վտանգավոր արտադրության մեջ տեղ գտած վթարների և անսարքությունների վերաբերյալ տեղեկությունները:

3. Անվտանգության վկայագրի հավելվածների կազմում «Տեղեկատվության թերթիկը» չի նշվում:

 

ՀԱՎԵԼՎԱԾ 5

 

ՀԻԴՐՈՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ, ՊՈՉԱՄԲԱՐՆԵՐԻ ԵՎ 1, 2, 3 ԴԱՍԵՐԻ ՇԼԱՄԱԿՈՒՏԱԿԻՉՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՎԿԱՅԱԳՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԱՏՈՒԿ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

1. «Ընդհանուր տեղեկություններ» բաժնում`

1.1. Օբյեկտի տեղադրության նկարագրության ժամանակ լրացուցիչ նշվում են`

ա) հիդրոտեխնիկական կառուցվածքների, պոչամբարների կամ շլամակուտակիչների դիրքի, տարածքի հիդրոլոգիական, հիդրոերկրաբանական և ինժեներաերկրաբանական պայմանները.

բ) Հիդրոդինամիկական վթարի դեպքում ջրածածկվող գոտու սահմանները:

1.2. Անվտանգության ապահովման ընդհանուր միջոցների կազմում անվտանգության վկայագիրը կազմելու պահին լրացուցիչ մտցվում են տեղեկություններ կառուցվածքների պարամետրերը նախագծային պահանջներին համապատասխանելու մասին:

2. «Արդյունաբերական օբյեկտի անվտանգության վերլուծություն» բաժնում մտցվում են`

ա) պահեստավորվող թափոնների և հեղուկների փաստացի ծավալների և բաղադրության` նախագծային պահանջներին համապատասխանության մասին տվյալներ.

բ) տեղանքի երկրաբանական և հիդրոերկրաբանական առանձնահատկությունների նկարագրությունը.

գ) կառուցվածքի ուղղահատածքի սեյսմոլոգիական բնութագիրը.

դ) կառուցվածքի վիճակը վերահսկող պարամետրերի ցուցակը և դրանց փաստացի ցուցանիշները սահմանային թույլատրելի պարամետրերի նկատմամբ.

ե) կառուցվածքի վիճակի վերաբերյալ ստուգիչ և բնական դիտարկումների համառոտ արդյունքները.

զ) տեղեկություններ շահագործման ժամանակ տեղի ունեցած վթարների և տեխնոլոգիական կանոնակարգի շեղումների մասին.

է) հիդրոդինամիկական վթարների առաջացման և ծավալման պայմանների վերլուծությունը.

ը) հիդրոդինամիկական վթարների և արտակարգ իրավիճակների ռիսկի գնահատումը.

թ) հիդրոդինամիկական վթարների առաջացման և ծավալման հնարավոր սցենարների վերլուծման բլոկ-սխեման.

ժ) կառուցվածքի կայունության ապահովմանն ուղղված տեխնիկական որոշումների նկարագրությունը.

ի) տեղեկություններ կառուցվածքի վիճակի փորձագիտական գնահատման արդյունքների միջոցառումների կատարման մասին:

3. Անվտանգության վկայագրին որպես հավելվածներ կցվում են`

ա) կառույցների տեղաբաշխման և հարող այն տարածքների հատակագիծը, որը արտակարգ իրավիճակների պայմաններում ընկնում է ջրածածկման գոտու տակ.

բ) պարսպող պատնեշներին բնորոշ լայնակի կտրվածքները:

 

ՀԱՎԵԼՎԱԾ 6

 

ՏԻՏՂՈՍԱԹԵՐԹԻ ՁԵՎԸ

 

ՀԱՍՏԱՏՈՒՄ ԵՄ

ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐ

_________________________

                                         «   »        199   թ.

                                         (կնիքը)

 

(ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՕԲՅԵԿՏԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ) ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՎԿԱՅԱԳԻՐ ԹԻՎ

 

Փորձաքննության թիվը ........

օրը, ամիսը, տարեթիվը

 

(Բնակավայրի անվանումը, տարեթիվը)

 

ՀԱՎԵԼՎԱԾ 7

 

ՎՏԱՆԳԱՎՈՐ ՆՅՈՒԹԻ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ

 

._________________________________________________________________________.

|N      Պարամետրերի անվանումը        Պարամետր         Տեղեկության         |

|հ/հ                                                  աղբյուրը            |

|_________________________________________________________________________|

|1                2                     3                   4             |

|_________________________________________________________________________|

|1      Նյութի անվանումը                                                  |

|ա)     Միմիական                                                          |

|բ)     Առևտրային                                                         |

|_________________________________________________________________________|

|2      Բանաձևը   (ֆորմուլա)                                              |

|ա)     Էմպիրիկ                                                           |

|բ)     Կառուցվածքային                                                    |

|_________________________________________________________________________|

|3      Բաղադրությունը, օ/օ                                               |

|ա)     Հիմնական նյութը                                                   |

|բ)     Խառնուրդները                                                      |

|_________________________________________________________________________|

|4      Ընդհանուր տվյալներ                                                |

|ա)     Մոլեկուլային կշիռը                                                |

|բ)     Եռման ջերմաստիճանը օC (101 ՄՊա ճնշման տակ)                        |

|գ)     Խտությունը 20 օC տակ, կգ մ խոր. (101 ՄՊա ճնշման տակ)              |

|_________________________________________________________________________|

|5      Հրդեհապայթունավտանգության տվյալներ                                |

|ա)     Բռնկման ջերմաստիճանը                                              |

|բ)     Ինքնաբոցավառման ջերմաստիճանը                                      |

|գ)     Պայթման սահմանները                                                |

|_________________________________________________________________________|

|6      Թունավորության վտանգի մասին տվյալներ                              |

|ա)     Աշխատատեղի օդում սահմանային թույլատրելի քանակները - ՍԹՔ(մգ/մ խոր) |

|բ)     Բնակավայրի մթնոլորտային օդում - ՍԹՔ (մգ/մ խոր)                    |

|գ)     Մահացու թունադոզան LD 50 (մլ/կգ)                                  |

|դ)     Շեմային թունադոզան  PD 50 (մլ/կգ)                                 |

|_________________________________________________________________________|

|7      Ռեակցիոն ընդունակությունը                                         |

|_________________________________________________________________________|

|8      Հոտը                                                              |

|_________________________________________________________________________|

|9      Կոռոզիոն ազդեցությունը                                            |

|_________________________________________________________________________|

|10     Նախազգուշական միջոցները                                           |

|_________________________________________________________________________|

|11     Տեղեկություններ մարդկանց վրա ներգործության մասին                  |

|_________________________________________________________________________|

|12     Պաշտպանության միջոցները                                           |

|_________________________________________________________________________|

|13     Նյութերի անվտանգ վիճակի փոխարկման մեթոդները                       |

|_________________________________________________________________________|

|14     Նյութի ներգործությունից տուժվողներին առաջին օգնության միջոցները   |

._________________________________________________________________________.

 

ՀԱՎԵԼՎԱԾ 8

 

ՀԻՄՆԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ

 

._________________________________________________________________________.

|Թիվ   սխեմայի    Սարքավորումների    Միավորների    Նշանակու-   Տեխնիկական |

|      վրա        անվանումը,         քանակը        թյունը      բնութագիրը |

|                 նյութը             (հատ)                                |

|_________________________________________________________________________|

._________________________________________________________________________.

 

ՀԱՎԵԼՎԱԾ 9

 

ՎՏԱՆԳԱՎՈՐ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՎՏԱՆԳԱՎՈՐ ՆՅՈՒԹԻ ԲԱՇԽՄԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԸ

 

______________________

Վտանգավոր նյութի

անվանումը

 

._________________________________________________________________________.

| Տեխնոլոգիական              Վտանգավոր նյութերի      Վտանգավոր նյութերի   |

| բլոկ,                      քանակը (տոննա)          պահպանման ֆիզիկական  |

| սարքավորումներ                                     պայմանները           |

|_________________________________________________________________________|

| Տեխնոլո-   սարքա-   սարքա-  միավոր   բլոկի   ագրեգա-  ճնշումը,  ջերմաս- |

| գիական     վորման   վորման  սարքա-   մեջ     տային    ՄՊա       տիճան,  |

| բլոկի      անվա-    քանակը  վորման           վիճակը             օC      |

| անվանումը  նումը    (հատ)   մեջ                                         |

|            սխեմայի                                                      |

|            վրա                                                          |

|_________________________________________________________________________|

._________________________________________________________________________.

 

Վտանգավոր նյութի նախագծային ընդհանուր

քանակը օբյեկտում``                     ___________________ տոննա

Այդ թվում`

անոթներում (ապարատներում)              ___________________ տոննա

Խողովակաշարում                         ___________________ տոննա

պահեստում`                             ___________________ տոննա

 

ԳՐԱՆՑՎԱԾ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ «23» 02 1999Թ. ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 32699030

 

 

pin
Արտակարգ իրավիճակների վարչություն
02.02.1999
N 40
Հրաման