Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 70-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԿԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 70-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

    Հայաստանի Հանրապետության               ԵԴ/0065/01/20

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

Գործ թիվ ԵԴ/0065/01/20

Նախագահող դատավոր` Ա. Ազարյան

    Դատավորներ`        Ն. Հովակիմյան

                       Ա. Նիկողոսյան

 

ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան),

 

                   նախագահությամբ`            Հ. Ասատրյանի

                   մասնակցությամբ դատավորներ` Ս. Ավետիսյանի

                                              Ե. Դանիելյանի

                                              Լ. Թադևոսյանի

                                              Ա. Պողոսյանի

                                              Ս. Օհանյանի

 

    2021 թվականի հոկտեմբերի 22-ին                    ք. Երևանում

գրավոր ընթացակարգով քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2021 թվականի ապրիլի 20-ի որոշման դեմ ամբաստանյալ Գրաֆ Գեղամի Եղիազարյանի պաշտպան Հ.Թորոսյանի վճռաբեկ բողոքը,

 

ՊԱՐԶԵՑ

 

Գործի դատավարական նախապատմությունը.

i

1. 2018 թվականի սեպտեմբերի 29-ին ՀՀ պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչությունում հարուցվել է թիվ 84103518 քրեական գործը` ՀՀ քրեական օրենսգրքի 34-267.1-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

2018 թվականի սեպտեմբերի 29-ին Գրաֆ Գեղամի Եղիազարյանը ձերբակալվել է:

i

Նախաքննության մարմնի` 2018 թվականի հոկտեմբերի 1-ի որոշմամբ Գրաֆ Եղիազարյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 267.1-րդ հոդվածի 1-ին մասով և 34-267.1-րդ հոդվածի 1-ին մասով:

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը, 2018 թվականի հոկտեմբերի 1-ի որոշմամբ, Գ.Եղիազարյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրել կալանավորումը` 2 (երկու) ամիս ժամկետով` մերժելով վերջինիս նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը գրավով փոխարինելու մասին պաշտպանի միջնորդությունը:

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2018 թվականի հոկտեմբերի 31-ի որոշմամբ` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի` 2018 թվականի հոկտեմբերի 1-ի որոշումը մասնակիորեն բեկանվել է, Գ.Եղիազարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոխարինվել է գրավով և գրավի չափ է սահմանվել 500.000 (հինգ հարյուր հազար) ՀՀ դրամը:

i

Նախաքննության մարմնի` 2020 թվականի հունվարի 29-ի որոշմամբ Գ.Եղիազարյանին առաջադրված մեղադրանքը փոփոխվել, լրացվել է, և նրան նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-267.1-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 268-րդ հոդվածի 1-ին մասով:

2020 թվականի փետրվարի 3-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան (այսուհետ` Առաջին ատյանի դատարան):

i

2. Առաջին ատյանի դատարանի` 2020 թվականի հուլիսի 1-ի դատավճռով ճանաչվել և հռչակվել է Գ.Եղիազարյանի անմեղությունը ՀՀ քրեական օրենսգրքի 34-267.1-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործության կատարման մեջ` ապացույցների անբավարարության հիմքով: Գ.Եղիազարյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով և նրա նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում` 6 (վեց) ամիս ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 69-րդ հոդվածի կանոնների կիրառմամբ նշանակված պատժի մեջ հաշվակցվել է 2018 թվականի սեպտեմբերի 29-ից մինչև 2018 թվականի նոյեմբերի 3-ն արգելանքի տակ գտնվելու 1 (մեկ) ամիս 5 (հինգ) օր ժամկետը և վերջինիս նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում` 4 (չորս) ամիս 25 (քսանհինգ) օր ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի հիման վրա նշանակված ազատազրկման ձևով պատիժը պայմանականորեն չի կիրառվել` սահմանվելով փորձաշրջան 1 (մեկ) տարի ժամկետով` պարտավորեցնելով չփոխել բնակության վայրը:

Գ.Եղիազարյանի վարքագծի նկատմամբ հսկողությունը դրվել է ՀՀ արդարադատության նախարարության պրոբացիայի պետական ծառայության բնակության վայրի տարածքային բաժնի վրա:

Գ.Եղիազարյանի նկատմամբ ընտրված այլընտրանքային խափանման միջոց գրավը թողնվել է անփոփոխ` մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը:

3. Մեղադրող Ա.Գևորգյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ` նաև Վերաքննիչ դատարան), 2021 թվականի ապրիլի 20-ի որոշմամբ բողոքը բավարարել է մասնակիորեն` Առաջին ատյանի դատարանի` 2020 թվականի հուլիսի 1-ի դատավճիռը բեկանել է և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:

i

4. Վճռաբեկ դատարանի` 2021 թվականի սեպտեմբերի 23-ի որոշմամբ Վերաքննիչ դատարանի` 2021 թվականի ապրիլի 20-ի որոշման դեմ ամբաստանյալ Գ.Եղիազարյանի պաշտպան Հ.Թորոսյանի վճռաբեկ բողոքը` ՀՀ քրեական օրենսգրքի 34-267.1-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, վարույթ ընդունելը մերժվել է, իսկ ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով` ընդունվել վարույթ: Վճռաբեկ դատարանի` 2021 թվականի սեպտեմբերի 28-ի որոշմամբ սահմանվել է վճռաբեկ բողոքի քննության գրավոր ընթացակարգ:

Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.

i

5. Գրաֆ Եղիազարյանին ՀՀ քրեական օրենսգրքի 34-267.1-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 268-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ «Նա 2018 թվականի սեպտեմբերի 29-ին առանց իրացնելու նպատակի ապօրինի ձեռք է բերել և պահել իր մոտ հոգեմետ նյութ և թմրամիջոցներ, որոնք փորձել է մաքսանենգությամբ ՀՀ պետական սահմանով Հայաստանի Հանրապետությունից տեղափոխել Ռուսաստանի Դաշնություն:

Այսպես, Գրաֆ Գեղամի Եղիազարյանը գտնվելով Հայաստանի Հանրապետությունում, քննությամբ չպարզված հանգամանքներում ձեռք է բերել «տետրահիդրոկաննաբինոլ պարունակող բուսական խառնուրդ» և «բուպրենորֆին» տեսակի թմրամիջոցներ և «պրեգաբալին» տեսակի հոգեմետ նյութի բաղադրությամբ դեղապատիճներ և 2018 թվականի սեպտեմբերի 29-ին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում Երևան-Նովոսիբիրսկ թիվ 3326 չվերթի հաշվառումն անցնելուց հետո, ՌԴ մեկնելիս փորձել է հիշյալ «պրեգաբալին» տեսակի հոգեմետ նյութ պարունակող թվով 6 հատ դեղապատիճները, «տետրահիդրոկաննաբինոլ պարունակող բուսական խառնուրդ» և «բուպրենորֆին» տեսակի թմրամիջոցները մաքսանենգությամբ` թմրամիջոցների ու հոգեմետ նյութերի տեղափոխման համար սահմանված կանոնները, այդ թվում արգելքներն ու սահմանափակումները խախտելով, ապօրինի տեղափոխել ՀՀ պետական սահմանով` «Զվարթնոց» անցման կետով, սակայն իր կամքից անկախ հանգամանքներով հանցագործությունն ավարտին չի հասցրել, քանի որ 0,05 գրամ հաստատուն քաշով «տետրահիդրոկաննաբինոլ պարունակող բուսական խառնուրդ» և 0,000432 գրամ քաշով «բուպրենորֆին» տեսակի թմրամիջոցները ու զգալի չափերով ընդհանուր 1,8 գրամ քաշով «պրեգաբալին» տեսակի հոգեմետ նյութ պարունակող թվով 6 հատ դեղապատիճները նույն օրը` ժամը 12:50-ի սահմաններում, հայտնաբերվել են ՀՀ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության և ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության աշխատակիցների կողմից «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում վերջինիս նկատմամբ իրականացված մաքսային հսկողության արդյունքում»(1):

 

___________________________________

1) Տե՛ս քրեական գործ, հատոր 3-րդ, թերթեր 42-46:

 

i

6. Առաջին ատյանի դատարանը դատավճռով արձանագրել է. «(...) Ինչ վերաբերում է ամբաստանյալ Գ.Եղիազարյանի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանքի կատարմանը, ապա Դատարանի գնահատմամբ այս առումով առկա են թույլատրելի, վերաբերելի և հավաստի ապացույցների բավարար համակցություն, որը հնարավորություն է տալիս հաղթահարելու ամբաստանյալի անմեղության կանխավարկածը և կայացնելու մեղադրական դատավճիռ: Դատարանի համար նախ և առաջ հիմք են հանդիսանում մեղադրական եզրակացության հիմքում դրված ապացույցները, ամբաստանյալի ցուցմունքները, որոնք իրենց ամբողջության մեջ հնարավորություն են տալիս Դատարանին փաստելու, որ Գ.Եղիազարյանը կատարել է իրեն մեղսագրված ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցավոր արարքը, որի համար ենթակա է քրեական պատասխանատվության և պատժի (...)»(2):

 

___________________________________

2) Տե՛ս քրեական գործ, հատոր 4-րդ, թերթեր 98-111:

 

i

6.1. Գ.Եղիազարյանի պաշտպան Հ.Թորոսյանը Վերաքննիչ դատարանում, գործի քննության ժամանակ, միջնորդել է իր պաշտպանյալի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով քրեական հետապնդումը դադարեցնել(3):

 

___________________________________

3) Տե՛ս քրեական գործ, հատոր 5-րդ, դատական նիստի արձանագրություն, լազերային սկավառակ, թերթեր 61, 90:

 

i

7. Վերաքննիչ դատարանը, բեկանելով Գ.Եղիազարյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 34-267.1-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով Առաջին ատյանի դատարանի` 2020 թվականի հուլիսի 1-ի դատավճիռը և գործն ուղարկելով նույն դատարան նոր քննության, արձանագրել է հետևյալը. «(...) Վերաքննիչ դատարանն անհրաժեշտ չի համարում քննության առնել բողոքաբերի ներկայացված, վերաքննիչ բողոքում շարադրված` ամբաստանյալի նկատմամբ նշանակված պատիժը կրելու նպատակահարմարության վերաբերյալ հարցին: Դրան հնարավոր կլինի անդրադառնալ միայն սույն որոշման մեջ արձանագրված քրեադատավարական օրենքի էական խախտումը վերացնելուց հետո:

Այսպիսով, Վերաքննիչ դատարանը գտնում է, որ Գրաֆ Եղիազարյանի վերաբերյալ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2020թ. հուլիսի 1-ի դատավճիռը պետք է բեկանել և գործն ուղարկել նույն դատարան` այլ կազմով նոր քննության, մասնակիորեն բավարարելով մեղադրող Ա.Գևորգյանի վերաքննիչ բողոք (...)»(4):

 

___________________________________

4) Տե՛ս քրեական գործ, հատոր 5-րդ, թերթեր 65- 89:

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.

8. Բողոքի հեղինակը նշել է, որ Վերաքննիչ դատարանը թույլ է տվել օրենքի էական խախտումներ, որոնք խաթարել են արդարադատության բուն էությունը` հանգեցնելով օրենքի պահանջներին չհամապատասխանող դատական ակտի կայացման:

Բողոքաբերը, վկայակոչելով մի շարք իրավական նորմեր, ինչպես նաև Վճռաբեկ դատարանի` նախկինում ընդունած որոշումներում արտահայտված իրավական դիրքորոշումներ, նշել է, որ Վերաքննիչ դատարանը գործի քննության ժամանակ երկու մեղսագրվող արարքներից մեկի վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ որոշում կայացնելու մասին պաշտպանության կողմի միջնորդության պարագայում այդպիսի որոշում չի կայացրել, չի անդրադարձել դրան` չպատճառաբանելով միջնորդությունը մերժելու կամ դրան այդ փուլում անդրադառնալու անհնարինության հիմքերը:

i

Հետևաբար, բողոքաբերը հանգել է եզրակացության, որ իր պաշտպանյալի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդումը ենթակա է դադարեցման` քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով:

i

9. Վերոգրյալի հիման վրա, բողոքի հեղինակը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի` 2021 թվականի ապրիլի 20-ի որոշումը և ամբաստանյալ Գ.Եղիազարյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով դադարեցնել քրեական հետապնդումը` վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

 

i

10. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. արդյո՞ք ամբաստանյալ Գ.Եղիազարյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդումը ենթակա է դադարեցման` քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով:

i

11. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի համաձայն` «1. Քրեական գործ չի կարող հարուցվել և քրեական հետապնդում չի կարող իրականացվել, իսկ հարուցված քրեական գործի վարույթը ենթակա է կարճման, եթե`

(...)

6) անցել են վաղեմության ժամկետները (...)»:

i

Նույն օրենսգրքի 35-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` «Դատարանը, հայտնաբերելով քրեական հետապնդումը բացառող հանգամանքներ, լուծում է ամբաստանյալի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու հարցը»:

i

ՀՀ քրեական օրենսգրքի 19-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` «Ոչ մեծ ծանրության հանցագործություններ են համարվում դիտավորությամբ կատարված այն արարքները, որոնց համար սույն օրենսգրքով նախատեսված առավելագույն պատիժը չի գերազանցում երկու տարի ժամկետով ազատազրկումը (...)»:

i

ՀՀ քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի համաձայն` «1. Անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե հանցանքն ավարտված համարելու օրվանից անցել են հետևյալ ժամկետները.

1) երկու տարի` ոչ մեծ ծանրության հանցանքն ավարտված համարելու օրվանից.

(...):

2. Վաղեմության ժամկետը հաշվարկվում է հանցանքն ավարտված համարելու օրվանից մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելու պահը: (...)»:

i

ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Առանց իրացնելու նպատակի զգալի չափերով թմրամիջոցներ կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր ապօրինի պատրաստելը, վերամշակելը, ձեռք բերելը, պահելը, փոխադրելը կամ առաքելը`

պատժվում է կալանքով` առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը մեկ տարի ժամկետով»:

i

ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասում նկարագրված արարքը ոչ մեծ ծանրության դիտավորյալ հանցագործություն է, իսկ դրա համար նախատեսված ազատազրկման ձևով պատժի ժամկետը չի գերազանցում երկու տարին: Հետևաբար այն կատարած անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե հանցանքն ավարտված համարվելու օրվանից մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելու պահն անցել է երկու տարի:

12. Մեջբերված նորմերի վերլուծությունից հետևում է, որ օրենսդիրը վաղեմության ժամկետն անցնելը դիտում է որպես քրեական գործի վարույթը և քրեական հետապնդումը բացառող հանգամանք` սահմանելով, որ քրեական գործ չի կարող հարուցվել և քրեական հետապնդում չի կարող իրականացվել, իսկ հարուցված քրեական գործի վարույթը ենթակա է կարճման, եթե անցել են վաղեմության ժամկետները:

Այն դեպքում, երբ անձին քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետը լրանում է գործի դատական քննության փուլում, այդ հիմքով նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու ընթացակարգի իրականացման պարտականությունը կրում է դատարանը: Ընդ որում, դատական քննությունը ենթադրում է վարույթն ինչպես Առաջին ատյանի, այնպես էլ Վերաքննիչ ու Վճռաբեկ դատարաններում(5):

 

___________________________________

5) Տե՛ս, mutatis mutandis, Վճռաբեկ դատարանի` Անահիտ Սաղաթելյանի գործով 2011 թվականի հոկտեմբերի 20-ի թիվ ԳԴ5/0022/01/10, Սիրաժ Ղամբարյանի և այլոց գործով 2014 թվականի մարտի 28-ի թիվ ԵՇԴ/0055/01/11, Հրանտ Մազմանյանի գործով 2015 թվականի մարտի 27-ի թիվ ԵԿԴ/0121/11/14, Ֆարիդա Ավագիմյանի գործով 2017 թվականի ապրիլի 12-ի թիվ ԱՎԴ2/0016/01/14, Անդրանիկ Գրիգորյանի գործով 2017 թվականի օգոստոսի 30-ի թիվ ԵԿԴ/0180/01/15 որոշումները:

 

Մասնավորապես, դատարանը պետք է պարզի, թե արդյոք ամբաստանյալը համաձայն է, որ նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվի` քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով: Անձի համաձայնությունը ստանալու դեպքում դատարանը պարտավոր է դադարեցնել նրա նկատմամբ քրեական հետապնդումը, իսկ համաձայնության բացակայության դեպքում պետք է դատական քննությունը շարունակի ընդհանուր կարգով, սակայն դատավճիռ կայացնելիս` դադարեցնի անձի նկատմամբ քրեական հետապնդումը: Ընդ որում, երբ անձն արդեն հնարավորություն է ունեցել Առաջին ատյանի, Վերաքննիչ և Վճռաբեկ դատարաններում (վերջին դեպքում` վճռաբեկ բողոք բերելու միջոցով) վիճարկելու իրեն առաջադրված մեղադրանքը, ապա քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելիս նրա դիրքորոշումը լրացուցիչ ճշտելու անհրաժեշտությունը բացակայում է(6):

 

___________________________________

6) Տե՛ս Վճռաբեկ դատարանի` Սիրաժ Ղամբարյանի և այլոց գործով վերը հիշատակված որոշման 25-րդ կետը:

 

i

13. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Գ.Եղիազարյանին ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով մեղսագրվող արարքն ավարտվել է 2018 թվականի սեպտեմբերի 29-ին(7): Առաջին ատյանի դատարանի մեղադրական դատավճիռը կայացվել է 2020 թվականի հուլիսի 1-ին, որը բողոքարկվել է Վերաքննիչ դատարան, իսկ Վերաքննիչ դատարանը բողոքի քննության արդյունքում որոշում է կայացրել 2021 թվականի ապրիլի 20-ին(8): Նշված որոշման դեմ ներկայացված վճռաբեկ բողոքը 2021 թվականի սեպտեմբերի 23-ի որոշմամբ ընդունվել է վարույթ(9):

 

___________________________________

7) Տե՛ս սույն որոշման 5-րդ կետը:

8) Տե՛ս սույն որոշման 6-7-րդ կետերը:

9) Տե՛ս սույն որոշման 4-րդ կետը:

 

i

14. Նախորդ կետում մեջբերված և վերլուծված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 11-12-րդ կետերում վկայակոչված իրավանորմերի և շարադրված վերլուծության լույսի ներքո` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Գ.Եղիազարյանին ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով մեղսագրվող արարքի` ոչ մեծ ծանրության հանցանքի համար ՀՀ քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված քրեական պատասխանատվության ենթարկելու երկամյա ժամկետը լրանալու օրվա` 2020 թվականի սեպտեմբերի 29-ի դրությամբ նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճիռն օրինական ուժի մեջ մտած չի եղել: Հետևաբար, Գ.Եղիազարյանին քրեական պատասխանատվության ենթարկելու` ՀՀ քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված վաղեմության ժամկետը Վերաքննիչ դատարանի որոշումը կայացնելու օրվա դրությամբ արդեն իսկ անցած է եղել: Մինչդեռ Վերաքննիչ դատարանը, պատշաճ ուշադրության չարժանացնելով նշված հանգամանքը, 2021 թվականի ապրիլի 20-ի որոշմամբ չի քննարկել ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով մեղսագրվող արարքի համար վաղեմության ժամկետն անցնելու հիմքով Գ.Եղիազարյանին քրեական պատասխանատվությունից ազատելու հարցը:

i

15. Հիմք ընդունելով վերոնշյալը` Վճռաբեկ դատարանը փաստում է, որ վաղեմության ժամկետն անցնելու հիմքով Գ.Եղիազարյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդումը չդադարեցնելով` Վերաքննիչ դատարանը թույլ է տվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի խախտում, որն իր բնույթով էական է, քանի որ ազդել է գործով ճիշտ որոշում կայացնելու վրա:

i

Վերոգրյալի հիման վրա, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ամբաստանյալ Գ.Եղիազարյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդումը պետք է դադարեցնել, և քրեական գործի վարույթն այդ մասով կարճել` քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով:

i

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 35-րդ, 39-րդ, 43-րդ, 361.1-րդ, 403-406-րդ, 415.1-րդ, 418.1-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

i

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Ամբաստանյալ Գրաֆ Գեղամի Եղիազարյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի` 2020 թվականի հուլիսի 1-ի դատավճիռը և ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2021 թվականի ապրիլի 20-ի որոշումը բեկանել ու փոփոխել:

i

2. Գրաֆ Գեղամի Եղիազարյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդումը դադարեցնել, և քրեական գործի վարույթն այդ մասով կարճել` քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցնելու պատճառաբանությամբ:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Հ. Ասատրյան

Դատավորներ` Ս. Ավետիսյան

Ե. Դանիելյան

Լ. Թադևոսյան

Ա. Պողոսյան

Ս. Օհանյան

 

Հրապարակվել է www.datalex.am կայքէջում` 22 հոկտեմբերի 2021 թվական:

 

 

pin
Վճռաբեկ դատարան
22.10.2021
N ԵԴ/0065/01/20
Որոշում