Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 75-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԿԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 75-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

    Հայաստանի Հանրապետության               ՍԴ/0081/01/20

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

Գործ թիվ ՍԴ/0081/01/20

Նախագահող դատավոր` Ս. Համբարձումյան

    Դատավորներ`        Ն. Հովակիմյան

                       Ա. Նիկողոսյան

 

ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ նաև`

Վճռաբեկ դատարան),

 

                   նախագահությամբ`            Հ. Ասատրյանի

                   մասնակցությամբ դատավորներ` Ս. Ավետիսյանի

                                              Ե. Դանիելյանի

                                              Լ. Թադևոսյանի

                                              Ա. Պողոսյանի

                                              Ս. Օհանյանի

 

    2021 թվականի նոյեմբերի 2-ին                      ք. Երևանում

գրավոր ընթացակարգով քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2021 թվականի հունվարի 26-ի որոշման դեմ ամբաստանյալ Սամվել Ֆելիքսի Արզումանյանի պաշտպան Լ.Գրիգորյանի վճռաբեկ բողոքը,

 

ՊԱՐԶԵՑ

 

Գործի դատավարական նախապատմությունը.

i

1. 2019 թվականի ապրիլի 25-ին ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է թիվ 41101319 քրեական գործը` ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:

Նախաքննության մարմնի` 2019 թվականի ապրիլի 25-ի որոշմամբ Սամվել Ֆելիքսի Արզումանյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել` չհեռանալու մասին ստորագրությունը:

i

Նախաքննության մարմնի` 2019 թվականի ապրիլի 26-ի որոշմամբ Սամվել Արզումանյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով և 244-րդ հոդվածով:

2020 թվականի հուլիսի 3-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան:

i

2. Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան)` 2020 թվականի հուլիսի 21-ի դատավճռով Ս.Արզումանյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով, 244-րդ հոդվածով, և նրա նկատմամբ պատիժ է նշանակվել` ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով` ազատազրկում` 2 (երկու) տարի ժամկետով` տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկելով` 2 (երկու) տարի ժամկետով, 244-րդ հոդվածով` ազատազրկում` 6 (վեց) ամիս ժամկետով` տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկելով` 1 (մեկ) տարի ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի կանոնների կիրառմամբ, հանցանքների համակցությամբ, նշանակված պատիժները լրիվ գումարելու միջոցով, Ս.Արզումանյանի նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում` 2 (երկու) տարի 6 (վեց) ամիս ժամկետով` տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկելով` 3 (երեք) տարի ժամկետով: Ս.Արզումանյանի նկատմամբ ընտրված ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը թողնվել է անփոփոխ մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը:

3. Ամբաստանյալ Ս.Արզումանյանի պաշտպան Լ.Գրիգորյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ` նաև Վերաքննիչ դատարան) 2021 թվականի հունվարի 26-ի որոշմամբ բողոքը մերժել է` օրինական ուժի մեջ թողնելով Առաջին ատյանի դատարանի` 2020 թվականի հուլիսի 21-ի դատավճիռը:

i

4. Վճռաբեկ դատարանի` 2021 թվականի հունիսի 28-ի որոշմամբ Վերաքննիչ դատարանի` 2021 թվականի հունվարի 26-ի որոշման դեմ ամբաստանյալ Ս.Արզումանյանի պաշտպան Լ.Գրիգորյանի վճռաբեկ բողոքը` ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով վարույթ ընդունելը մերժվել է, իսկ ՀՀ քրեական օրենսգրքի 244-րդ հոդվածի մասով` ընդունվել վարույթ: Վճռաբեկ դատարանի` 2021 թվականի սեպտեմբերի 28-ի որոշմամբ սահմանվել է վճռաբեկ բողոքի քննության գրավոր ընթացակարգ:

Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.

i

5. Սամվել Արզումանյանին ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով և 244-րդ հոդվածով մեղադրանք է առաջադրվել հետևյալ արարքի համար. «Նա 2019 թվականի ապրիլի 24-ին` ժամը 21:21-ի սահմաններում, ալկոհոլ օգտագործած վիճակում վարելով «Մերսեդես Բենց Ց240» մակնիշի 97 OQ 997 հաշվառման համարանիշի ավտոմեքենան դեպի Գորիս քաղաքի ուղղությամբ, Մեղրի-Երևան Մ-2 միջպետական ավտոճանապարհի 76-րդ կմ հատվածում` Ա/Ձ «Գարիկ Հայրումյան» արագ սննդի սպասարկման կետի դիմաց, խախտելով ՃԵԱԱՄՕ-ի 23-րդ հոդվածի 3-րդ մասի, այն է` «Ճանապարհային երթևեկության մասնակիցը պարտավոր է պահպանել ՀՀ կառավարության կողմից հաստատված ճանապարհային երթևեկության կանոնները և իր գործողություններով չստեղծել վթարային իրադրություն», ՃԵԿ-ի կետ 65-ի, այն է` «Վարորդը տրանսպորտային միջոցը պետք է վարի սահմանված արագությունը չգերազանցող արագությամբ» և ՃԵԿ-ի կետ 66-ի, այն է` «Վարորդը պետք է ընտրի այնպիսի արագություն, որը հնարավորություն է տալիս նրան կանոնների պահանջներին համապատասխան ապահովելու տրանսպորտային միջոցի լիարժեք կառավարումը» կանոնները, դուրս է եկել իր երթևեկելի գոտուց և բախվել վերը նշված արագ սննդի կետի դիմաց կայանված «Տոյոտա Իպսում» մակնիշի 10 AQ 099 հաշվառման համարանիշի և «Վոլկսվագեն վենտո» մակնիշի 20 UO 314 հաշվառման համարանիշի ավտոմեքենաներին` միաժամանակ վրաերթի ենթարկել Վարդանիկ Արտեմի Հակոբյանին` անզգուշությամբ առաջացնելով վերջինիս մահ: Դեպքից հետո Սամվել Արզումանյանը դեռևս չպարզված տրանսպորտային միջոցով հեռացել է դեպքի վայրից, գնացել տուն` այդպիսով թողնելով ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը»(1):

 

___________________________________

1) Տե՛ս քրեական գործ, հատոր 1-ին, թերթեր 102-104:

 

6. Առաջին ատյանի դատարանը դատավճռով արձանագրել է. «(...) Ամբաստանյալի նկատմամբ պատիժ սահմանելիս, դատարանը ՀՀ քրեական օրենսգրքի վերը նշված հոդվածների համապատասխան հաշվի է առնում նրա կատարած հանցանքների հանրության համար վտանգավորության աստիճանը, բնույթը, նրա ինքնությունը և գործի ողջ հանգամանքները:

(...):

Ամբաստանյալի պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանքներ չկան:

Ամբաստանյալի պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանքներ են. պատիժ նշանակելու պահին խնամքի տակ մինչև 14 տարեկան երեք երեխայի` Ալեն Սամվելի Արզումանյան` ծնված 24.12.2013 թվականին, Դիանա Սամվելի Արզումանյան` ծնված 06.01.2017 թվականին և Մհեր Սամվելի Արզումանյան` ծնված 14.04.2020 թվականին առկայությունը և կատարած հանցանքի համար իրեն լիովին մեղավոր ճանաչելը:

Ամբաստանյալը բնութագրվում է դրականորեն, նախկինում դատապարտված և արատավորված չի եղել: Տուժողի իրավահաջորդը միջնորդել է ամբաստանյալի նկատմամբ խիստ վերաբերվել:

i

ՀՀ քրեական օրենսգրքի 244-րդ հոդվածի սանկցիայով նախատեսված պատժատեսակները` տուգանքը և կալանքը, ամբաստանյալի նկատմամբ չեն կարող նշանակվել, նկատի ունենալով, որ տուգանքը չի կարող ապահովել պատժի նպատակների իրականացումը, (...) ուստի Սամվել Արզումանյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 244-րդ հոդվածի սանկցիայով պետք է նշանակել առավել խիստ պատժատեսակը` ազատազրկումը:

i

Դատարանը, հաշվի առնելով ամբաստանյալի կողմից թույլ տրված ճանապարհային երթևեկության կանոնների խախտման բնույթը և առաջացած հետևանքները, նպատակահարմար է համարում կիրառել ՀՀ քրեական օրենսգրքի 244-րդ հոդվածի սանկցիայով նախատեսված ոչ պարտադիր լրացուցիչ պատժատեսակը` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելը:

(...):

Ազատազրկման ձևով նշանակված պատիժն ամբաստանյալի կողմից կրելու հարցը քննարկելիս` ելնելով քրեական օրենսդրության սկզբունքներից, պատժի նպատակների իրականացման անհրաժեշտությունից, ինչպես նաև հաշվի առնելով արարքների բնույթն ու հասարակական վտանգավորության աստիճանը, քրեական օրենսդրությամբ պահպանվող կոնկրետ հասարակական հարաբերության սոցիալական նշանակությունը, դատարանը գտնում է, որ նա պետք է կրի նշանակված պատիժը (...)»(2):

 

___________________________________

2) Տե՛ս քրեական գործ, հատոր 2-րդ, թերթեր 75-84:

 

i

7. Վերաքննիչ դատարանն իր որոշմամբ արձանագրել է հետևյալը. «(...) Վերաքննիչ դատարանը, (...) քննարկելով ամբաստանյալ Ս.Արզումանյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 244-րդ հոդվածով նշանակված պատիժը մեղմացնելու և տուգանքի ձևով պատիժ նշանակելու հարցը, հաշվի առնելով կատարված հանցագործության բնույթն ու վտանգավորության աստիճանը, հանցավորի անձը բնութագրող տվյալները, վերջինիս պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող վերոնշյալ հանգամանքները, պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանքների բացակայությունը, նույնպես հանգում է այն հետևության, որ ամբաստանյալի նկատմամբ տվյալ հոդվածով նախատեսված պատժի նվազ խիստ տեսակը նշանակելու հիմքերը բացակայում են, և նրա նկատմամբ իրեն վերագրվող հանցագործության համար ազատազրկման ձևով նվազագույն պատժաչափ նշանակելու միջոցով կարելի է հասնել ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածով սահմանված պատժի նպատակներին` (...)

i

Այսպիսով, Վերաքննիչ դատարանը (...) հանգում է այն հետևության, որ բերված վերաքննիչ բողոքը բավարարելու, դատավճիռը բեկանելու և փոփոխելու, ամբաստանյալ Ս.Արզումանյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 244-րդ հոդվածով նշանակված պատիժը մեղմացնելու և տուգանքի ձևով պատիժ նշանակելու հիմքեր չկան, նկատի ունենալով, որ դատարանը դատավճիռ կայացնելիս` թույլ չի տվել նյութական և դատավարական իրավունքի խախտումներ (...)»(3):

 

___________________________________

3) Տե՛ս քրեական գործ, հատոր 3-րդ, թերթեր 76-84:

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.

i

8. Բողոքի հեղինակը նշել է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 244-րդ հոդվածով նախատեսված պատժի նվազ խիստ տեսակը` տուգանքը, կարող է ապահովել պատժի նպատակները և տվյալ դեպքում հիմնավոր ու բավարար է` պատժի նշանակման և դրա արդարացիության օրենսդրական նպատակներն ու պահանջներն իրագործելու և ապահովելու համար:

i

8.1. Բացի այդ, ըստ բողոքաբերի, իր պաշտպանյալի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 244-րդ հոդվածով քրեական հետապնդումը ենթակա է դադարեցման` քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով:

i

9. Վերոգրյալի հիման վրա, բողոքի հեղինակը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի` 2021 թվականի հունվարի 26-ի որոշումը և գործն ուղարկել համապատասխան ստորադաս դատարան` նոր քննության` սահմանելով նոր քննության ծավալը, ՀՀ քրեական օրենսգրքի 244-րդ մասով քրեական հետապնդումը դադարեցնել քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցնելու պատճառաբանությամբ:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

 

i

10. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. արդյո՞ք ամբաստանյալ Ս.Արզումանյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 244-րդ հոդվածով քրեական հետապնդումը ենթակա է դադարեցման` քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով:

i

11. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի համաձայն` «1. Քրեական գործ չի կարող հարուցվել և քրեական հետապնդում չի կարող իրականացվել, իսկ հարուցված քրեական գործի վարույթը ենթակա է կարճման, եթե`

(...)

6) անցել են վաղեմության ժամկետները (...)»:

i

Նույն օրենսգրքի 35-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` «Դատարանը, հայտնաբերելով քրեական հետապնդումը բացառող հանգամանքներ, լուծում է ամբաստանյալի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու հարցը»:

i

ՀՀ քրեական օրենսգրքի 19-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` «Ոչ մեծ ծանրության հանցագործություններ են համարվում դիտավորությամբ կատարված այն արարքները, որոնց համար սույն օրենսգրքով նախատեսված առավելագույն պատիժը չի գերազանցում երկու տարի ժամկետով ազատազրկումը (...)»:

i

ՀՀ քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի համաձայն` «1. Անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե հանցանքն ավարտված համարելու օրվանից անցել են հետևյալ ժամկետները.

1) երկու տարի` ոչ մեծ ծանրության հանցանքն ավարտված համարելու օրվանից.

(...):

2. Վաղեմության ժամկետը հաշվարկվում է հանցանքն ավարտված համարելու օրվանից մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելու պահը: (...)»:

i

ՀՀ քրեական օրենսգրքի 244-րդ հոդվածի համաձայն` «1. Ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը թողնելը ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտած վարորդի կողմից սույն օրենսգրքի 242-րդ հոդվածով նախատեսված հետևանքների առաջացման դեպքում`

պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երկուհարյուրհիսնապատիկի չափով, կամ կալանքով` առավելագույնը երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա»:

i

ՀՀ քրեական օրենսգրքի 244-րդ հոդվածով նկարագրված արարքը դիտավորյալ հանցագործություն է, իսկ դրա համար նախատեսված ազատազրկման ձևով պատժի ժամկետը չի գերազանցում երկու տարին, ուստի այն դասվում է ոչ մեծ ծանրության հանցագործությունների շարքին: Հետևաբար, ՀՀ քրեական օրենսգրքի 244-րդ հոդվածով սահմանված հանցավոր արարքը կատարած անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե հանցանքն ավարտված համարելու օրվանից մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելու պահն անցել է երկու տարի:

12. Մեջբերված նորմերի վերլուծությունից հետևում է, որ օրենսդիրը վաղեմության ժամկետն անցնելը դիտում է որպես քրեական գործի վարույթը և քրեական հետապնդումը բացառող հանգամանք` սահմանելով, որ քրեական գործ չի կարող հարուցվել և քրեական հետապնդում չի կարող իրականացվել, իսկ հարուցված քրեական գործի վարույթը ենթակա է կարճման, եթե անցել են վաղեմության ժամկետները:

i

13. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Ս.Արզումանյանին ՀՀ քրեական օրենսգրքի 244-րդ հոդվածով մեղսագրվող արարքն ավարտվել է 2019 թվականի ապրիլի 24-ին(4): Առաջին ատյանի դատարանի մեղադրական դատավճիռը կայացվել է 2020 թվականի հուլիսի 21-ին, որը բողոքարկվել է Վերաքննիչ դատարան, իսկ Վերաքննիչ դատարանը բողոքի քննության արդյունքում որոշում է կայացրել 2021 թվականի հունվարի 26-ին(5):

 

___________________________________

4) Տե՛ս սույն որոշման 5-րդ կետը:

5) Տե՛ս սույն որոշման 2-3-րդ կետերը:

 

i

14. Նախորդ կետում մեջբերված և վերլուծված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 10-12-րդ կետերում շարադրված իրավական վերլուծության լույսի ներքո` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Սամվել Արզումանյանին ՀՀ քրեական օրենսգրքի 244-րդ հոդվածով մեղսագրված արարքի` որպես ոչ մեծ ծանրության հանցանքի համար ՀՀ քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված քրեական պատասխանատվության ենթարկելու երկամյա ժամկետը լրանալու օրվա` 2021 թվականի ապրիլի 24-ի դրությամբ վերջինիս նկատմամբ կայացված մեղադրական դատավճիռն օրինական ուժի մեջ մտած չի եղել, ուստի վերջինիս նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 244-րդ հոդվածով քրեական հետապնդումը պետք է դադարեցնել, և քրեական գործի վարույթն այդ մասով կարճել` քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով:

i

Վճռաբեկ դատարանը, միաժամանակ, քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով Ս.Արզումանյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 244-րդ հոդվածով քրեական հետապնդումը դադարեցնելու պայմաններում, վերջինիս նկատմամբ բողոքաբերի` 8-րդ կետում նշված փաստարկին անդրադառնալն առարկայազուրկ է համարում(6):

 

___________________________________

6) Տե՛ս սույն որոշման 8-րդ կետը:

 

i

Ամբաստանյալ Սամվել Արզումանյանին պետք է թողնել կրելու` ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով նշանակված 2 (երկու) տարի ժամկետով ազատազրկումը և տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից 2 (երկու) տարի ժամկետով զրկումը:

i

15. Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 35-րդ, 39-րդ, 43-րդ, 361.1-րդ, 403-406-րդ, 415.1-րդ, 418.1-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

i

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Ամբաստանյալ Սամվել Ֆելիքսի Արզումանյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 244-րդ հոդվածով Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի` 2020 թվականի հուլիսի 21-ի դատավճիռը և այն օրինական ուժի մեջ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2021 թվականի հունվարի 26-ի որոշումը բեկանել ու փոփոխել:

i

2. Սամվել Ֆելիքսի Արզումանյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 244-րդ հոդվածով քրեական հետապնդումը դադարեցնել և քրեական գործի վարույթն այդ մասով կարճել` քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով:

i

3. Ամբաստանյալ Սամվել Ֆելիքսի Արզումանյանին թողնել կրելու` ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով նշանակված 2 (երկու) տարի ժամկետով ազատազրկումը և տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից 2 (երկու) տարի ժամկետով զրկումը:

4. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Հ. Ասատրյան

Դատավորներ` Ս. Ավետիսյան

Ե. Դանիելյան

Լ. Թադևոսյան

Ա. Պողոսյան

Ս. Օհանյան

 

Հրապարակվել է www.datalex.am կայքէջում` 2 նոյեմբերի 2021 թվական:

 

 

pin
Վճռաբեկ դատարան
02.11.2021
N ՍԴ/0081/01/20
Որոշում